Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Մասն երրորդ
ՀՈՒՇԱԳՐԵՐ
ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
ԵՎ ՆԱՄԱԿՆԵՐ
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆՄայիս 9-ին այցելեցի Ալամ։
Ալամի հյուսիս արևմտյան աբսիդին քառակուսի մասի քիվը։
Հյուսիսային աբսիդին մեկ մասի քիվը։
Հարավային, նույնպես արևելյան աբսիդին քիվը։
Պատուհան և պատուհանի պսակի վրա ատամնաշար է։
Ներքին որմասյուներու խոյակ։
Թերևս առաջին օրինակն է արևմտյան քառակ․ երկար թևով բոլոր եկեղեցյաց մեջ և նմանում է 7-րդ դարուն։
Գմբեթն արտաքուստ ութանկյունի է, ներքուստ՝ բոլորակ։ Աբսիդներն արտաքուստ ութանկյունի, ներքուստ՝ բոլորակ։ Գմբեթի կազմությունը նախնականի դրոշմ ունի, փոխանակ voûte pendenifi-ի սկսված է անկյունները կտրելով, ինչպես ձևագրված է ստորև (նկ. 120)։
Գմբեթին աստիճանաբար բոլորշիացման կերպը, abed փոքր կամարներ շեղակի նետված։ Երևի 7-րդ դարուն ծանոթ չէր voûte pendenifi-ով գմբեթի բոլորշին կազմելը։
1909 մայիս 9-ին Անիեն ճանապարհվեցա դեպի Տեկոր, ճանապարհին հանդիպեցա Ալաման գյուղը և մի ժամու չափ ս. Անանիա եկեղեցին հետազոտելեն հետո, մեկնեցա ուղղակի Խծկոնք (Պեշ Քիլիսե), մի գիշեր այնտեղ անցնելով և հիշատակարանները տեսնելով անցա Տեկոր մայիսի 10ին առավոտյան, և ինձի բնակության համար տվին գյուղի ուսումնարանի սեյակներեն մին։ Արևմտյան մուտքի վրայի կամարակապ voûte d'arrêt-ը հետնագույն նորոգության արդյունք է։ Հետևաբար այդ եկեղեցին 12-րդ դարուն մեջ, անկասկած, նորոգություն կրեր է։
Այս եկեղեցին, որ կոչվում է ս․ Անանիա, Գրիգոր Եղյուստր անունով մեկուն շինածն է, ըստ արձանագրության 637 թվականին, Հերակլ կայսեր և Արշարունյաց տեր Ներսեհ Կամսարականի оրով։
Եկեղեցին 7-րդ դարու ոճի համաձայն արտաքուստ խաչաձև է, բայց ավելի նախնական քան անկյունավոր աբսիդներ ունեցողները։ Այստեղ աբսիդներն ուղղակի քառակուսի ձևով են դուրս շեշտված։
Արևելքեն արևմուտք ընթացող համանուն գետակին հարավակողման վրա լեռնացած երկարող բարձր բլուրներու լանջին շինված է այս հռչակավոր հնադարյան տաճարը, հարավային և արևմտյան կողմեն շենքը շրջապատող մոտակա լեռներն են, որոնց մեջեն հազիվ իմն նշմարելի է Յազլճա լեոան գագաթը, հյուսիսեն նմանապես, բայց քիչ ավելի բացագույն կերևին Ալաճա լեռան կցված և անոր շարունակությունը կազմող լեռնակներ, իսկ արևելքեն, որ ձորի ուղղությամբ հետզհետե ցածրացած են լեռներ, հիանալի կերպով կպարզվի Արագածի սպիտակափառ սրանկյուն գագաթը իր լայնատարած քղանցքներով։ Առայժմ բացի գյուղի մեջ ջուրի առատության պատճառով բացառաբար կանաչած վայրենի ու պտղատու ծառերու կանաչութենե, ուրիշ հաճելի տեսարան մը չկա։
Անտարակույս այլ պատկեր կներկայացներ այս ջրառատ ձորը և նույնպես ջրառատ լեռնալանջերը, երբ Կամսարականներու և Բագրատունիներու մեծ և վայելչասեր հովանավորությունը կվայելեր, մանավանդ տաճարի հարավակողման լեռնալանջը, որ Ագարակի միջով հոսած ջուրով շատ հավանականություն կվերցնի դրախտանման վայելչությամբ ծաղկած լինելը, ծառ ու ծառաստանով և պտղատու պարտեզներով և անշուշտ այս իսկ պատճառ տվեր է այն մեծ ջրի կռվին, որուն մինչև Բագրատունի Հովհաննես Սմբատ միջամտեր հաշտեցուցեր է տեկորցիները ագարակցիներու հետ և այդ անբռնաբարելի որոշումը արձանագրվեր է տաճարի հյուսիսակողմը արևմտյան անկյան կից։
Բազմադարյան անցքերու ու արհավիրքներու վկա այս տաճարը ուսումնասիրել շատ դժվար և երկար ժամանակի գործ է։ Թե ի՞նչ է եղեր սկիզբը և ի՞նչ զանազան փոփոխություններե անցնելով զառամած ու օրհասական հասեր է մեր օրին, չէ կարելի լիովին մանրամասն և ճշգրիտ բացատրել, սակայն ինչ որ ակներև է և քիչ թե շատ փաստացի կերպով և գիտականորեն հավանական, ես պիտի ջանամ զանոնք պարզել։
Իր ձևով և հատակագծով այս եկեղեցին հազվագյուտ оրինակներեն մեկը կներկայացնե, որուն համանման շինություններ հազիվ իմն նշմարելի են Հայաստանի զանազան կետերու վրա, մինչև այսօր նկատելի եղած են Ղըզըլ-Ղալայի տաճարը և Քասախի եկեղեցին, որոնք ևս սույն տաճարին նման ունին նախնական քրիստոնեական տաճարներու տիպը և ձևերով ալ շատ նմանություններ։
Ուղղանկյուն երկար քառակուսի կներկայացնե հատակագիծը, միայն արևելյան կողմեն մի քիչ դուրս ընկած է խորանի կիսաբոլորակի մասը։ Բացի արևելքեն, այժմ նկատելի են, որ երեք կողմեն՝ հյուսիս, հարավ և արևմուտք, շրջապատված է եղեր սյունազարդ սրահով մը, որուն սյուները աղեղներով թե՛ միմյանց կապված էին և թե՛ կամարներով բուն տաճարին, արևելյան կողմեն այս սյունասրահը ընդհատվեր են սեղանին կից երկար հյուսիսեն հարավ երկնցող քառակուսի սենյակներու պատճառով և նույն սյունազարդի ուղղությամբ սենյակներու պատերը շարունակվելով հասեր են մինչև արևելյան անկյունը, ուր այլևս այսօր ոչինչ չեն նշմարվեր, բացի իր ինն աստիճաններեն։
Փոփոխություններ և նորոգություններ խիստ շատ եղեր են այս տաճարին վրա, բայց բարեբախտաբար յուրաքանչյուր շրջաններու մեջ եղած փոփոխություններու և նորոգություններու բավականին բնորոշ հետքերը մնացեր են, թե՛ արտաքուստ ամեն կողմն և թե՛ ներքուստ։
Շատ պատճառներ կան համոզվելու, որ տաճարի արևելյան կողմը ի սկզբան չէ ունեցեր աբսիդի այժմյան դուրս ելած մասը, այլ եղեր է ուղիղ օրորոց հյուսիսեն հարավ և ունեցեր է նմանապես սյունազարդ սրահ մը ինչպես մյուս կողմերը։
Բացի այն նշանները, որոնք կապացուցանեն խորանին հետնագույն ժամանակ դուրս եղած ըլլալը, այժմ կա մի անհերքելի փաստ՝ արևելյան կողմեն ևս սյունասրահի մը գոյության։
Արևելյան ճակատի երկու անկյուններուն տակ, տակավին կմնան երկու որմնասյանց խարիսխներ, քանդակված միևնույն քարով, միևնույն ճաշակով և միևնույն բարձրաքանդակներով, ինչպես տաճարի մյուս կողմերը, սյունախարիսխները ևս չէին կարող կամ պատահաբար դրված ըլլալ և կամ իբր զարդ աննպատակ կերպով, առանց վրաները սյուներ կամ contre pilastre-ներ ունենալու, մանավանդ որ մի բան նկատելի է, որ ինչպես մյուս անկյունները, նույնպես ալ այս անկյունի մնացած խարիսխները իրենց մուլյուրներու վերջավորության ընդհատումը և քովերնին դեպի դուրս, արևելյան կողմի համար դրվելիք մի այլ սյունախարիսխի նշանները ցույց կուտան, որ այժմյանները կվերաբերին հյուսիսի և հարավի պատերու շարունակության վրա։ Հիրավի, թեև այս խարիսխներուն վրա կան բավական սյունանման մուլյուրներ բարձրացած մինչև պսակը, սակայն սա ըստ ինքյան իր բնորոշ հատկությամբ, նույնիսկ 7-րդ դարեն հետո ծնած մի ճաշակի արդյունք է, հետևաբար 7-րդ դարեն ալ հետո եղած նորոգության մը հետևանք, 10-րդ դարուն հաճախ կրկնված է այս ձևը, եկեղեցիներու բոլոր անկյուններուն վրա ավելի կանոնավորված և կատարելագործված ձևերով, իսկ 7-րդ դարեն սկսյալ դեպի հիները ոչ մեկուն վրա գոյություն չունին։
Թե երբ է դուրս հանված աբսիդը իսկական ժամանակ կամ թվական չէ կարելի որոշել, եթե նայելու և դատելու ըլլայինք ան որ ճակատը շարված քարերեն և մասնավորապես ցոկոլի և ցոկոլից վեր եղած պատուհանին տակ, բովանդակ աբսիդին երկարությամբ միայն և աբսիդին բեկումներով միասին բեկբեկված պսակներու ոճեն պետք էր հետևցնեինք, որ այդ փոփոխությունը եղած են նույնիսկ 13 կամ 14-րդ դարերուն մեջ։
Բայց որովհետև աբսիդեն դեպի արևելք բացվող լայն պատուհանը գոյություն ունի դեռ իր լայնարձակ բացվածքով, ինչպես տաճարի մյուս նախնական պատուհանները, նաև անոր մեջ կա, միաժամանակ, հավանորեն Բագրատունի շրջանին մեջ անցված դեղնագույն քարեր՝ (պետք է գիտնալ, որ հին շենքը շինված էր վարդագույնի մոտ քարով) պատուհանները նեղցնելու համար և վրան քանդակված Բագրատունի շրջանի մանվածո պսակով, այն ատեն կտեսնինք, որ այս աբսիդը դուրս հանելու գործողությունը կատարված է նախքան 9-10-րդ դարերը, ցածի մուլյուրները և այժմյան երեսին վրա գտնված քարերը թերևս շինված են 12-15-րդ դարերու շրջանին մեջ։ Պիլաստրի նման աբսիդի բեկուն անկյուններին հյուսիսային կողմեն վերեն վար սյունանման դուրս ցցվող մասերը, երբ հասեր են պատուհանի պսակին, պարտավորյալ կերպով քարը տաշված է պսակի լայնությամբ, տեղ տալու համար պսակի դեպի դուրս ցցված ավելի բարձր մասին։
Պատուհանի պսակի ձևը և քանդակները մեկ նայվածքով ցույց կուտան թե նման են դռների և այլ կողմերի մուլյուրների արվեստագործության, սակայն մանրակրկիտ քննությամբ կարելի է շուտով եզրակացնել, որ դա ավելի անհաջող նմանություն է, քան մի ժամանակ և միևնույն վարպետի հսկողության տակ շինված, տաշված քանդակներ։ Ոչ իրենց չափով կհամեմատեն դռներու եզերքը եղած նմանօրինակ քանդակներուն և ոչ ալ իրենց մանրամասնությանց մեջ ունին այն հաջող նրբությունները ներկայացնելու համար իսկական իր նախատիպերը երեք դռներու կամարներու վրա։ Ասկեց կհետևի, որ այս աբսիդի հավելվածի գործողությունը կատարված է այն ժամանակ, երբ դեռ 5-րդ դարու ոճը նոր էր մոտեցած իր անկման շրջանին և չէր ծնած դեռ 7-րդ դարի նոր վերածնված արվեստները։ Այդ պատճառով ալ, թե՛ նմանություն պահպանելու նպատակով և թե՛ ուրիշ նոր ոճերու բացակայության պատճառով համբակ վարպետը հազիվ կարողացած է մոտավոր նմանությունը իրագործել ուրիշ կողմի կամարներու վրա գտնված քանդակներուն։
Բացի այս քանդակեն, աբսիդին կողմնակի պատերուն հետ միացումը բոլորովին օտարոտի կերպով եղած է, այն հստակ ուղղությունը բնականորեն կորցուցեր է ինչ որ պիտի ունենար նոր շինված ատեն, նաև ավելի բարձր է հանված քան կողմնակի պատերը, և վրան դրած պսակը ևս անհաջող և անհամաչափ նմանություն է միայն մյուս կողմերու պսակներուն։ Ավելի անվրեպ նշան կգտնվի կտուրին վրա, երբ վերջացեր է աբսիդի elévetton-ը, կոնաձև ծածկով մը ծածկեր են վրան, որուն ծայրը հասեր է արդեն արևելյան ճակատի երկայնության վրա նախապես գոյություն ունեցող ֆրոնտոնի պսակին տակը, ուր այսօրվան փլուզումներեն հայտնի կտեսնվին, որ նախապես սրբատաշ քարերով շինված ճակատին է կպցված ամբողջ ծածկը։
Ինչպես կերևի ամենեն շատ խնամքը դարե ի դար տարված է այս [արևելյան] կողմին վրա, թե ամենեն ավելի ամուր դիրքով մնացած մասն է, և թե շատ բազմատեսակ նորոգությանց և գույնզգույն քարերու այլազանություն մը կներկայացնե այս կողմը։
Արևելյան ճակատին վրա բացի աբսիդին միջին պատուհանեն ուրիշ որևէ զարդ չկա. միայն կան չորս փոքրիկ պատահաններ կողմնակի սենյակներուն մեջեն, որոնք ի ներքուստ շինված են վրայե վրա երկու կողմեն ալ:
Հյուսիսային ճակատը կներկայանա ամենաճոխ կողմը։ Այս կողմեն ունի երկու անհավասար մեծությամբ դռներ պայտաձև կամարներով, որոնք զույգ սյուներու վրա են նստած և այս վերջիններս ալ նստած են բարձր աստիճանի վրա։
Հինգ հատ զարդաքանդակ սյուներ՝ հռոմեական կլոր սյաներու համաչափությամբ, բոլորովին ինքնուրույն ոճի խոյակներով և խարիսխներով կզարդարեն ճակատը, այս սյուներեն երկուսը կգտնվին երկու դռների մեջտեղ, և երկու սյուներուն մեջ կա մի լայն պատուհան, որը փակված է Բագրատունի շրջանի նորոգության ժամանակ, իսկ մյուս երեք սյուներեն երկուքը նույն ճակատի դեպի արևմտյան կողմը, իսկ մյուսը՝ արևելյան կողմի դռան սյուներուն մոտ։ Այս սյուներուն մոտ ալ կան ժամանակակից ոճով լայն պատուհաններ խցված միաժամանակ Բագրատունի նորոգությանց ժամանակ կամ մի քիչ ավելի շուտ։
Այս կողմեն լիովին նկատելի է շուրջը պատող սյունազարդ սրահին անվրեպ ապացույցները։ Արևելյան կողմի սենյակեն դուրս ելած մասը, որուն ճակատը արևմտյան կողմեն կամարակապ է և կձևացնե կիսաբոլորակ աբսիդ մը, որպես խորան ոչ միայն ունի յուր առանձին կամարներու հանգստյան խոյակները, այլ անկեց դուրս մի քիչ ցածր, ուղիղ հյուսիսային պատին անկյան վրա ունի մի խոյակ՝ կլոր սյան, որը հանգիստն էր սյունաշարի վերջին աղեղին։ Նույն ուղղությամբ հատակին վրա կմնա տակավին նույն սյունաշարերու հիմը, ոչ միայն այս կողմեն, այլև ամեն կողմեն, իսկ այս սյունասրահը ծածկող կամարին միակ ապացույց հետքը մնացած է միջին երկու սյուներու գլխուն վրա կորաքանդակ նույն երկու սյուներուն մեջտեղ գտնված պատուհանի պսակին երկու կողմին վրա, որոնք կամա թե ակամա չեն վերցված, և կարծես այն պատճառով, որ այդ քարերուն ծայրերը շատ խոր կերպով մտած էին սյաներու խոյակներու ետևը, որոնք հանել առանց խոյակներուն վնասելու շատ դժվար էր, ուստի հարմար էր սեպեր հետնագույն պսակը ընդհատել այն տեղերը ուր պատահեր է այս կամարամասը և ուրիշ խոյակներ։
Այս սյունասրահի գործածությունը կամ գոյությունը այստեղ շատ երկար չէ տևած, այսօրվան շինության վրա գտնված նշաններեն կերևի, որ դեռ նախքան Բագրատունի շրջանի մեծ նորոգությունը արդեն քանդվեր և վերցուցեր են բոլորովին, և կամարի հանգստին վրա սյունախոյակներու բարձրությամբ նորագույն կերպով դրեր են պսակ մը, որ կարծյոք նույնիսկ այնքան ալ հատուկ չէ նույն դարու ոճին, հետևցնելով ավելի հնագույններու ձևերեն և համաչափություններեն, որպիսիքն են դռների քանդակազարդ շրջանակները և արտաքին աբսիդը պսակող կամարի moulure-ները։ Բնականորեն նորից պահանջում է այս պսակին զետեղումը միջին մասին վրա հակառակ հայ ճարտարապետության մեջ ընդունված սովորության, որովհետև ի սկզբան պատերը անհամեմատ թանձր են շինված մինչև սյունասրահ կամարներու բարձրության հասնելը (17-20 սմ.)։
Արդ, երբ սյունասրահ կամարները քանդվեր են, բնականաբար վերևի մասի ավելի բարակ շինված պատի և ներքևի թանձր մասի տարբերությունը բաց պիտի մնար, ուստի հարկ էր մի կերպ ծածկել և հարմար միջոցներ մի ժամանակակից ոճի նմանությամբ պսակ մը քաշելը, այդպես ալ եղած է, ուր որ անարգել շարունակել կարելի եղած է, շարունակած են ուղիղ հորիզոնական ձևով և միայն ընդհատված սյանց խոյակներուն առջև, իսկ երբ հանդիպեր է անհամեմատ բարձր և լայն պատուհաններուն նույն տեղերը պարտավորվեր են նույն մուլյուրներով պսակել կամարաձև պատուհաններով կատարները, հետնագույն պսակներու քարերը կարճվել են, որոնք չեն մտած խոր պատին մեջ։ Ահա այս պատուհաններու պսակներուն վրա ալ բնորոշ կերպով կերևին շեշտված պայտաձև կամարներու աստիճանաբար մեղմացումը, մասնավորապես արևմտյան կողմի աբսիդին մոտ գտնվող պատուհանին պսակը բոլորովին կիսաբոլոր է, իսկ մյուսներուն վրա, համեմատելով հիներուն, շատ քիչ շեշտված է պայտաձևը և կմոտենա այնպիսի համաչափության մը, որ հետնագույն դարերու մեջ գործածված է։
Թեև չեմ ուզեր հաշտվել արևմտյան կողմի աբսիդին միաժամանակ (ոչ ետևի սենյակներուն) շինված ըլլալուն, սակայն շատ ուժեղ փաստ ալ չգտա հետնագույն շինություն ըլլալուն, բայց ինչ որ ալ ըլլա, եթե հավելված իսկ է, ավելի հին է քան սյունասրահներու վերացումը, որովհետև թե մնացած խորակները նույն արվեստագործության դրոշմը կկրեն ինչ որ են մյուս հին հարազատ խոյակները և թե այնպիսի համաչափ բարձրության մը վրա դրված են աբսիդին, [թե՛ խոյակները և թե՛ կամարը], որ սյունասրահին սյունաշարերու աղեղները կապելեն հետո դեպի պատը ձգվող կամարը համաչափորեն կբոլորվեր աբսիդի կամարին վրայեն և ըստ երևույթին աբսիդը պսակող մուլյուրն է միակը, որ մնացեր է ավելի հին օրինակը և ուղիղ նստած սյանց խոյակներուն վրա, մինչդեռ մեծ ճակատին վրա քաշածը դրվեր է ավելի ցած, որուն պատճառով, մտեր է մասամբ աբսիդի անկյունների խոյակներուն հավասարությամբ դրված մեծ ճակատի colonne engagée-ներու խցակած ետևը։
Իմ կարծիքով այս փոփոխությունը կամ նորոգությունները կկազմեն տաճարի գլխավոր նորոգությանց առաջին շրջանը, որուն մեջ կմտնե սյունասրահներու վերացումը և ներքին խորանի աբսիդի դուրս շեշտվելը։
Բնականաբար հայտնի չէ տեսքով թե ինչ ձև ունեին սյունասրահներու սյուները և խոյակները թեև քանակով հայտնի է, որ պիտի լինեին այնչափ, որչափ որմասյուներ։ Այս նախնական կամ սկզբնական շրջանին նորոգությունը պահված է մինչև պատուհաններու կիսաբոլորակ պսակները։
Երկրորդ շրջան, որ բավական մեծ փոփոխության և այլաձևության ենթարկվեր է, ամենահավանական ժամանակն է Բագրատունյաց շրջանը և սկսեր է պսակած պատուհաններեն վեր մինչև կատարները, գմբեթն ալ միասին, նմանապես ներսի կողմեն ալ բավականաչափ փոփոխություններ են եղել։ Սրա մասին ներքին նկարագրության ժամանակ կտեսնենք։
Այս երկրորդ նորոգությունն եղած է սպիտակի մոտեցող դեղնագույն քարով, և վրան դրած քանդակներ զուտ Բագրատունի շրջանի մանածոներ են, ինչպես կան ֆրոնտոններու մեջ եղած զույգ պատուհաններու վրա իբրև պսակ։
Այս նորոգության մեջ եղած գլխավոր փոփոխություններ են՝ կիսեն վեր ամբողջ շինության ճակատի քարերի վերստին նորոգվիլը առանց հինեն քար մը թողելու։ Նախապես գոյություն ունեցող լայն ու լուսավոր պատուհաններուն կարճացվելն ու նեղացվելը ֆրոնտոններու տակ, իսկ ստորին մասի պատուհաններուն բոլորովին փոխվելը։
Միևնույն ատեն փակված են նաև միջին ֆրոնտոններու կողմնակի ճակատներեն դեպի տաճարը նայող պատուհանները. ֆրոնտոններեն երկու կողմեն թեքված տանիքներու վրա ջրի հոսանքը ավելի ուժեղացնելու համար, նախկին ցածին վրայեն կրկներ են այլ տանիքներ ցածի եզերքներեն հինին հավասար սկսելով աստիճանաբար բարձրացուցեր են մինչև գրեթե ֆրոնտոնին կողմնակի պսակեն, հողեն 20 սմ ցած, որով թեև տանիքը ավելի թեքվեր է, սակայն նույն ֆրոնտոններու կողմնակի երեսներուն մեծ կամարներու վրայեն դեպի տաճար նայող պատուհանները փակվեր են ընդմիշտ։
Այս բ. նորոգության մեջ ալ քիվերու նոր ձև չեն ստեղծած, հիներու նմանությունը պահած են, սակայն համաչափության տեսակետով չեն կարողացած նույնը իրագործել, որմերը առհասարակ կամ ավելի նեղ և կամ ավելի լայն շինած են, միայն ֆրոնտոններու մեջ եղած զույգ պատուհանները պսակող մուլյուրներն են, որ մի քիչ հիներուն նմանվելու երևույթը ունեցեր են, իսկ մյուս մասերու տարբերությունները կշեշտվին ստորին մուլյուրներու անհամեմատ նեղությամբ և վրայինի անհամեմատ լայնությամբ։
Տեղին է ըսել, որ եկեղեցվույս այս ճակատի կտորն իբրև բերդ ծառայեր է մի ժամանակ, որովհետև պսակներու ամբողջ երկարության վրա միասին առնելով կողմնակի աբսիդեն դեպի հյուսիս դարձած մասն ալ բարձրացուցեր են չոր պատեր ետևը պաշտպանելու համար, բայց չգիտեմ թե երբ եղեր է այս բանը։
Այժմյան երևույթով արտաքին կողմնակի աբսիդին բարձրությունը չի հավասարեր ետևի երկու սենյակներուն և կամ արևելյան կողմեն տաճարին ունեցած բարձրության աբսիդին խորության չափով կամարեն վեր կտրված է բարձրությունը և փոքրիկ տարածությամբ մի տանիք մնալեն հետո վերստին շարունակված է երկրորդ հարկի սենյակի բարձրության պատը մինչև շենքի իսկական հավասարությանը։ Այս մասի նորոգության ժամանակի մասին ոչինչ չեմ կարող ըսել, որովհետև մինչև աբսիդին կամարի կատարը եղած քարերու շարքերը համապատասխան են նախաբագրատունյաց շրջանի նորոգության։
Իսկ անկեց վեր եղած մասը բոլորովին տարբեր է թե հինեն և թե Բագրատունյաց շրջանի նորոգության կերպեն, թե շինարարական ոճով և թե քարերու որակով։ Սույն նորոգությունը անցած է նաև արևելյան ճակատեն, կողմնակի երկու պատերի նույն բարձրության վրայեն մինչև կտուրը, առանց սակայն աբսիդին դիպչելու, բացի վերջինին կատարի երկու շարքեն. և սա կերևի ավելի ուշ շրջանի նորոգություն մը, քան Բագրատունի շրջանը։
Արևմտյան ճակատին վրա բարձրացած են վեց քառակուսի որմասյուներ և ամբողջ ճակատը միևնույն փոփոխություններուն և նորոգություններուն է ենթարկված, ինչպես հյուսիսային ճակատը։
Նախնական նորոգության կպատկանին մինչև պատուհաններու գլուխը բոլորվող պսակներու կատարը, իսկ անկեց վեր ամբողջապես Բագրատունյաց շրջանի նորոգություն է։ Այս ճակատի վրա պարզ նկատելի է, որ ստորին մասն ալ շինության ժամանակին հարազատ չէ մնացած, բոլոր սյուները հետնագույն կարկատաններու ենթարկված ըլլալեն զատ, պատին մեջ ալ մտցված են զանազան գույնով և չափով քարեր, որոնք տգեղ կերպով խանգարեր են սկզբնական շինության ժամանակի կանոնավոր շարքերու գծերը։ Հարազատ կերևին ներքևի աստիճանեն անմիջապես վեր երեք կարգ քարի շարքերը, մյուս մասերը մինչև հետնագույն սյունասրահի հանգստյան տեղի վրա շինված պսակը ենթարկվեր է անընդհատ փոփոխությանց, միայն այս կողմը, սույն հետնագույն պսակը սյունասրահի հանգստյան վրա գրված սյուներու խոյակներուն կանոնավոր հավասարությամբ է դրված։
Միայն մեկ դուռ կա մեջտեղը, բայց անհամեմատ լայն քան հյուսիսային դռները։ Դուռն ամբողջությամբ կներկայացնե նախնական տիպը առանց ոևէ փոփոխության։ Բոլոր զարդաքանդակներն իրենց ինքնուրույնությամբ կպատկանին 5-րդ դարու հայ ոճին։ Այստեղ պայտաձև կամարը աղեղի բոլորումով ուղղակի չէ վերջացած սյան խոյակին վրա, այլ բոլորակին հետ բեկուն կապված է, մաս մը ուղղահայաց կերպով իջած և հետո վերջացած սյան խոյակին վրա։
Ինչպես մյուս դռներուն, նույնպես այս դռան վերնասյամը իր ամբողջ երկարությամբ միակտուր քար է, որուն մոլյուրներուն առանց քանդակի եղած մասերուն վրա իրենց ունեցած լայնության համեմատ մեծ և փոքր տառերով արձանագրած է շինողին արձանագրությունը, վերի եզերքին վրա միջակ մեծությամբ գրված է երկու տող, իսկ քանդակներեն ցած, նեղ ժապավենի մը վրա ավելի փոքր փորագրված է մեկ տող, իսկ անոր ներքև, որ ավելի լայն է, անհամեմատ խոշոր տառերով գրված է՝ «Սահակ կամսարական շինեաց զայս վկայարան սրբոյ Սարգսի» (?), միայն թե այս ամբողջ խոսքը մի շարքի վրա նույն սկսված մեծությամբ տառերով չի՝ սեղմելուն համար վկայարան բառի տառերը փոքրացնելով վրան տեղ բացեր և գրեր են սրբոյ Սարգսի բառը։ Կամսարականի արձանագրությունը վերնասյամեն վեր կիսաբոլորակին վրայեն սկսած է։
Վերնասյամեն վեր եղած կիսաբոլորակ ճակատը շինված է երեք կարգ սովորական մեծությամբ քարերով, նույնպես են նաև մյուս դռներուն կիսաբոլորակ ճակատները։ Ինչպես կերևի, վերջնագույն ճարտարապետության մեջ, ընդունված և պահանջված սովորության համեմատ միակտուր քարով շինելու հոգ չեն տարած և կարևորություն չեն տված, երևի այս է պատճառը, որ Ալիշանի տեղեկատուն շփոթելով կամ չհասկանալով եղած քարերը ուրիշ տեղե բերած կարծեր է, ընդհակառակը, կամարին հետ միաժամանակ շինված է։ Ահա այս մասին վրա գրված է Գագիկի կնոջ Կատրանիդե թագուհիի արձանագրությունը։
Այս ճակատին վրա ևս, Բագրատունյաց շրջանի նորոգությանց մեջ նկատելի տարբեր բան չկա, միևնույն ընթացք, միևնույն կերպն է, ինչ որ հյուսիսային ճակատը, ցածի պատուհանները խցված, վերի ֆրոնտոնին միջի պատուհանները կարճացված ու նեղցած, միևնույն ոճով քանդակազարդված կիսաբոլոր կատարներու պսակները։ Միակ տարբերությունը որ կա, այն ալ ֆրոնտոնին տակ քաշված պսակն է և անոր վրա շինված խաչաձև թևերով պատուհանն է։ Սույն խաչաձևի վերի թևն ունի ավելի մեծ պայտաձև կիսաբոլորակ քան կողմնակի թևերու կիսաբոլորակները, իսկ ստորին մասը քառակուսի վերջավորություն ունեցած է։
Վերի կիսաբոլորակին երկու կողմերուն վրա քանդակած են երկու սիրամարգներ, բավական, ճաշակավոր կերպով, որոնք կիսաբոլորակի կատարին վրա տնկված տունկի մը վրայեն ինչ որ պտուղ կուտեն, հավանաբար խաղողի երևույթը տեսնել կկարծեմ, իսկ կողմնակի թևերուն ուղղությամբ քանդակված են երկու պատկերներ (buste), որոնց հարավային կողմինը հայտնի է որ կնոջ մը պատկերն է, իսկ մյուսը՝ անորոշ, թեև գլխու գդակի կամ ծածկոցի ձևով մոտավոր նմանություն կտեսնվի, սակայն գագաթը քիչ մը ավելի ձվաձև է քան մյուսը, և երեսը մեծ մասամբ փչացած է, որով անհնար եղավ լիովին որոշել, թե ի՞նչ սեռի կպատկանի։
Մտից մեծ դուռը կհիշեցնե Ղըզըլ Ղալայի մտից դուռը, որովհետև բացի պայտաձև կամարեն, ունեցեր է նաև ֆրոնտոն, որը թեև այժմ կբացակայի լիովին, սակայն պատին վրա հետքերը մնացեր են։ Կրաշաղախի գծեր որոշ կերպով ցույց կուտան անոր մուլյուրներու և կարկառումներու ուղղությունները, նաև վրան ալ կատարին բարձրությունը։ Բացի այս նշաններեն կա նաև մի ուրիշ անվրեպ հետք, երբ որ սյունասրահի բաց թողած տեղին վրա պսակը շարեր են, ֆրոնտոնին հանդիպած տեղին վրա տաշեր են և հետո տեղին հարմարեցուցեր են։ Այստեղ պետք է ըսել, որ նախքան սյունազարդ սրահ ունենալը, այս կամարները ֆրոնտոն չեն ունեցեր, այլ հավանականորեն մի շարք քար կամ միայն մուլյուր, որոնց հետքը հայտնի է, իսկ երկար սյունասրահը վերցված է, այն ատեն ստիպված են եղեր ծածկել ֆրոնտոնանման ծածկով անձրևեն և ձյունեն դռան պիտանի մասերը պահպանելու համար։
Դռան առջև վերջին ժամանակ շիներ են նաև փոքրիկ գավիթ, որուն բարձրությունը հասեր է մինչև դռան կատարին վրա և ունեցեր է û այս ձևով ծածկ, և այժմյան նշանները այդ ծածկին նշաններն են, թերևս և անոր նախկին ֆրոնտոնին լայնությունն ալ այնչափ եղած է որ դռան երկու կողմի ցած զույգ սյուները մեջը առնելով հազիվ 20-ական սանթիմ անցած է հյուսիս և հարավ։ Այժմ այդ գավթին ալ միայն հիմքերը կմնան։
Հարավային ճակատը համեմատաբար ավելի նման է արևմտյան ճակատին ճոխության տեսակետով, բայց ավելի համեստ, քան հյուսիսային ճակատը, այստեղ ալ բոլոր colonne engagée-ները քառակուսի են, բացի մտակողման անկյունի որմասյունը, որը բացառաբար կիսաբոլորակ ձևով ցցված է պատեն դուրս։ Նորոգություններու տեսակով նույնն է, ինչ որ մյուս երեսները։ Ստորին պատուհանները փակված, վերևինները՝ նեղցուցած։ Մի դուռ միայն ունի այս կողմին վրա, արևմուտքեն սկսյալ չորրորդ սյունամիջոցին մեջ շատ մոտիկ չորրորդ սյունին։ Հարավային ճակատը արևելյան կողմում չունի միևնույն արտաքին խորանաձև աբսիդը, ինչ որ կա հյուսիսային ճակատին կից, այլ միմիայն դուրս ցցված է սենյակին մասը նույն համեմատությամբ ինչ որ է հյուսիսային կողմինը և պակաս է խորության վրա աբսիդին մասը։
Գմբեթը բոլորովին բացառություն կկազմե ամբողջ հայ ճարտարապետության մեջ իր քառակուսի թմբուկով։ Չեմ կարող ենթադրել, որ բոլորակ կամ անկյունավոր շինելու անընդունակ լինելնին էր պատճառ այս ձևով ուղղանկյուն խորանարդ կազմելուն։ Որոշ չափով կամ ավելի ճիշտ պատշաճ չափով գմբեթը ուղղանկյուն ձևով բարձրանալեն հետո, քաշված է վրան պսակներ և անոր վրայեն անհավասար կողմերով ութանկյունիի վերածված է 40-50 սմ բարձրությամբ և նույն ձևով կրկին պսակելեն հետո, ծածկված է կոնաձև ծածկով։
Գմբեթին շինության այս ձևը բնականաբար ավելի հինն է, քան Բագրատունյաց նորոգության շրջանը, թեև անհամեմատ փոքր քարերով կազմված։ Ինչպես ցածը, նույնպես սկզբնական շինությանց ժամանակ գմբեթին պատուհաններն ալ նույնպես լայնարձակ և հավասար լայնությամբ շինված են ստորիններուն։ Բագրատունյաց նորոգության ժամանակ այս պատուհաններն ալ ենթարկվեր են նույն փոքրացման փոփոխության։
Գմբեթին ութ անկյունի պսակը իր մանվածո քանդակով շատ նման է Բագրատունյաց շրջանի մեջ սովորական դարձած պսակներուն, միայն մի տարբերություն կա, որ թեև ոչ բոլորը, մանվածոներեն գոյացած խորշերը քառակուսի են: Եթե երբեք նոր ենթադրենք այս ձևը, այն ատեն պետք է կասկածել Էջմիածնի, Զվարթնոցի պսակներուն ալ շինության ժամանաակից ըլլալուն վրա, իսկ եթե նա ժամանակակից է, այն ատեն մեծ սխալ չի լիներ եթե ըսեմ որ այս ալ երկրորդ նորոգության Ժամանակ շինված ձև է և ավելի կանուխ գործածության մեջ ընդհանրացած, քան 10-րդ դար: Վրայի ծածկը, որ ավելի հաճելի երևույթ ունի իր ձկան փուշի երևույթով, հաճախ գործածական եղած է 10-րդ դարուն, նույնն է բաղդատելով Խծկոնքի ս. Սարգիս եկեղեցիին, Մարմաշենի եկեղեցիին և ուրիշներու հետ, բայց այստեղ իր բեկբեկուն ելևէջներով ավելի սիրուն է քան մյուսները:
Այս կողմեն պարզ կերևա միջին ֆրոնտոններուն երկու կողման ներքին մեծ սյուներուն վրա հանգչող պատերուն վրա բացած պատուհանները, որոնք կնայեն տաճարին մեջ, անոնք փակվեր են վերև նկարագրածս երկրորդ ծածկի շինության ժամանակ, որը շինված է թեքությունը ավելացնելու համար։ (Պատերին մեջ դրված խոթելները իրենց կարգին ևս ցույց կուտուն շինարարական ամենահին ձև ըլլալը):
Տաճարը ներքին կողմեն բոլորովին այլափոխված է հաճախակի նորոգություններով, մանավանդ իմ կարծիքով Բագրատունյաց նորոգության շրջանին մեջ ամեն ինչ այլափոխած են հինին վրա, միջին մեծ սյուներուն վրա եղեր են հավելվածներ, հին կամարները բոլորովին քանդվեր և տեղը նորերն են շիներ, անշուշտ բնության մի պատահար կամարներուն վնասվելով ստիպել են ամբողջ կամարները ներքևից նորոգել՝ առանց գմբեթին և կողմնակից թաղերուն ձեռք տալու և այս կամարներուն նորոգությունը եղեր է գլխավոր պատճառ եկեղեցին վտանգելուն, եթե ոչ թերևս ավելի երկար դիմանար, եթե կարող մասնագետներու ձեռքով կատարվեր այս գործողությունը։
Հին կամարները քանդելեն հետո, տակի կամարներ չեն կարողացեր այնքան պնդությամբ շարել, թեև ապահովության համար բոլոր քարերը ատամնավոր շինելով իրարու մեջ անցուցեր են, սակայն ժամանակի ընթացքին մեջ հարկավոր խտությունը չունենալուն պատճառով, բոլոր քարերը թուլացեր և կախվեր են վար՝ ատամներեն միայն մեկզմեկ բռնած, այս թուլանալովը և կամարներուն կախվելեն առաջ եկեր է վրայի գմբեթին ճնշումը, որը հետզհետե ծանրանալով կամարներով թուլացած կատարներուն վրա, ինքն ալ իջեր է վար և ճնշումը ավելցուցեր է կամարներու վրա ավելի ևս վտանգը մոտեցնելով։
Ներսեն և դրսեն շատ պարզ հայտնի է, այս կատարած ճնշումը, առանց գմբեթին անկյունները ծռվելու և կամ դեպի վար նստելու միմիայն միջին մասերի բրգաձև քարերը միմյանցմե զատվելով նստեր են արդեն խարխլված կամարներուն վրա։
Գմբեթի կազմության մասին առանձին բացատրություն պիտի տամ, սակայն այստեղ ի դեպ է հիշել, որ կամարներու անկյունացած տեղերը, որտեղեն պիտի սկսեր կամաց կամաց բոլորակը կազմվիլ: Շեղակի դրած առաջին քարերուն վրա կնշմարվին դուրս ինկած քանդակներու նման բաներ, երկար քննելես հետո այս եզրակացության եկա, որ անոնք ավետարանի չորս խորհրդանշաններ են քանդակված։
Արևմտյան կողմը դեմ դիմաց դուրս ցցված են երկու կենդանյաց վզի նման բաներ՝ գլուխները կոտրած է այս երկուքին հյուսիսային կողմի անկյունին մեջ մնացած բեկորին վրա հայտնի է առյուծի բաշի նմանող քանդակներ, որմե մնացեր է միայն վզին տակը, իսկ մյուսը հավանաբար կովի գլուխ է, քանի որ նույնքան հաստ է, բայց բաշերու քանդակի նմանվող բան էլ ունի վրա։ Արևելյան կողմեն հյուսիսի անկյունին վրա կա նաև դուրս ցցված միևնույն պարանոցի նմանող մի բան, դարձյալ ծայրը կոտրած, սակայն սա այնքան բարակ է, որ ինձի ենթադրել տվավ արծվի վիզը, իսկ հանդիպակաց կողմինը արդեն որոշ նմանություն կբերե մարդու գլխու։
Գմբեթին դեպի արևելք նայող պատուհանի կատարեն վեր, երկու կարգ քար բարձր կա, որի քարերեն մեկուն վրա ներկով նկարած պատկեր մը կա, սպիտակ կարճ մորուքով մարդու մը նման, սուրբ թե այլ նկար, ես չեմ կարող հասկանալ։
Սեղանին գմբեթարդն ալ նկարազարդված է։ Նախապես նկարված է եկեղեցվո գմբեթի նմանող մի բոլորակ և անոր մեջ նկարված են զանազան նկարներ, հավանաբար հրեշտակներով շրջապատված Քրիստոս։ Իսկ բոլորակին միջին մասեն սկսած նկարած կերևի մի եկեղեցիի պատկեր, որուն վրա դեռ կերևին վեց հատ լայն և կիսաբոլոր վերջավորությամբ պատուհաններ և անոնց ներքև նույն քանակությամբ փոքր պատուհան¬ ներ, վրան գմբեթի նմանող մի երևույթ կա, սակայն դժվար է զանազանել ձևը, ցածի մասերն ալ նկարազարդված ըլլալու նշաններ կան, սակայն բոլորովին եղծված։
Սեղանի նորոգությունները խիստ շատ ենթադրություններու տեղի կուտա։ Ետևի մասերը բոլորովին փոխված ու հինը անճանաչելի դարձած է։ Միայն սկզբնական շրջանի կամ երկրորդ նորոգության կպատկանի առջևի աղեղը, որովհետև քարերը շինված են ատամնավոր և այս նորոգության նմուշը հազիվ մնացած է մեկ ու կես կամ առ առավելն երկու մետր խորությամբ, մնացածը բոլորն ալ փոխած և օտարացած են հին ձևերեն։
Կամարները ամենն ալ շեշտված պայտաձև են, հետևելով հին օրինակին, սակայն մեծ սյուներու խոյակներեն և կողմնակիներեն ոչ մեկուն խոյակները չեն մնացած, հիները ամենն ալ փոխված, նորոգված շատ պարզ ձևով, միայն սեղանին երկու կողմի որմասյուններեն են, որ իրենց նախկինը պահեր են թեև մի ժամանակ երեսը ծեփած, սակայն այժմ ծեփը թափվելով դրակոններուն նմանող քանդակներ երևան է եկած։
Սեղանին առջևի transept-ի կամարին վրա կան հետքեր, որ այդ մասն ալ ամբողջովին նկարազարդված է եղեր, կամարին մեջտեղի քարին վրա կերևա սղոցատամ մի ձև սև և կարմիր գույներով շինված։ Այս ձևին երկու կողմին վրա նկատելի են բոլորակներ։
Մի, նույն ձևն ունեցող ուրիշը սևին տեղ ճերմակ և ճերմակին տեղ սև գույներ ունի, մի ուրիշ տեղ ալ այս բոլորակներեն հեռու կա գեղեցիկ խաղողի ողկույզ մը տերևներով և մոտը ուրիշ ծաղիկներ։ Այստեղ ալ մկրտության ավազան չկա։
Հյուսիսային պատին միջին փակված պատուհանին վրա կա մի արձանագրություն ՆՂԸ (498-1049) թվականին, որը կարծեմ «Շիրակ»-ի մեջ չէ մտած։ Իսկ արևմտյան հարավային սյունին մեջ հյուսված է մի արձանագրություն Ռ. Մ. Խ. Ա. (1241-1792) թվականին, «Ես Կարապետ Դպիրս շինեցի զայս խախտեայ սիւնս»… մնացածը չի կարողացա կարդալ։
Տեկորի այսօրվան ներքին կամարները չէ կարելի հինին օրինակ համարել, քանի որ հինը կորած է, և դռներուն վրա իբր հիներուն փաստ կմնա զուտ պայտաձև կամարներ, զորեղ կերպով շեշտված։ Անշուշտ դրսի դռների կամարներուն օրինակով շինված էին ներսիններն ալ։
Ամենակարևոր վճռելի խնդիրներեն մեկն այն է թե ինչու արևմտյան և հարավային կողմերու պատուհաններեն ոմանք անցեր են որմասյուներու ետևը, որպես թե սյուները հետո տեղավորված ըլլային և ակամա միևնույն տեղերուն վրա։
Այսօրվան ֆրոնտոններուն կատարները պետք է որ բարձրացած համարվին հինին վրա առնվազն մեկ մետր, եթե ոչ ավելի։
Հյուսիսային ճակատի արևելյան դրան կամարին վրա Խոսրովանուշ թագուհիի արձանագրությունն է փորագրված։
Հյուսիսային ճակատի արևմտակողման դրան կամարին մեջ թերատ արձանագրություն «Ի Ն Լ Ը թուական «Ես Գրիգորիկս ետու» մնացյալը սև ներկով գրված և չի փորված, այժմ ալ եղծված։
Հյուսիսային ճակատի արևմտյան անկյունի սյան մոտ վերևը Ի Ն Կ Է թուական Թաթուլի արձանագր. անոր ներքև Ն Ղ Ա թուական, Գրիգոր Մագիստրոսի դստեր և Վեստ Սարգսի կնոջ արձանագր․ անոր ներքև Ն Ձ Ե թուական։ Ագարակի և Տեկորի միջև ջրի մատակարարության իրավարար վճռի արձանագրությունը։ Մոխրագույն քար ըստ ոմանց մոտակա ավերակեն բերված։ Քարի մը վրա կկարդանք «Այս է տապան Տէր Ղազարի որդի Ղուկաս․․․․․․․․
Փոքր դեղնագույն քար է, անճաշակ կերպով տաշված երեխայի մը գերեզմանին տպավորությունը կթողու։ Հյուսիսային ճակատին նկարներ, հարավային ճակատին արձանագրություն, վրան գավազան։
Սև որձաքար խաչ, տակավին կանգուն հարավային կողմը գերեզմանատան վերջավորության մոտ։ Կա և մի ուրիշը այս խաչեն դեպի հյուսիս արևելք գրեթե նույն բարձրության և վրան քանդակված խաչ, բայց առանց արձանագրության։
Հաճախ կրկնված են թամքած ձիու նմանությամբ քանդակված քարեր, սակայն խիստ կոշտ և անճաշակ։
Բացի զանազան ձևի տաշված քարերե, ինչպես оրորոցաձև սրագագաթ, տափակ և այլն, կան երկու օրինակ ևս նախնական կերպով տաշված տաճարի մանրանկարը։
Կողմնակի սենյակներեն հարավային սենյակին կտուրը գնացած միացած է տաճարի մասին և այդ միացման տեղը չնայելով տանիքի ծածկին և անոր կամարին ետևը բոլորովին սրբատաշ քարով շարված է, ինչպես որ պիտի ըլլար առանց հավելվածի և ատկից ցած ալ կգտնվին ստորին տանիքները. ասկեց կերևի որ հետնագույն կպցված է հավելված սենյակը։
Գմբեթի կազմության մեջ չորս կամարներու ճակատները միշտ ուղիղ են, մինչև որ անկյուններու կտրվածքներով աստիճանաբար կորանալով հասեր են այնպիսի չափի մը, որ այլևս չորս կողմի լայնությունները հավասարվել են. այնուհետև սկսեր է արդեն ամեն կողմի կոր ձևով շարվել քարերը, և հետզհետե առաջանալով կազմվել գմբեթ․ միայն պարզ է, որ երբ ամբողջական բոլորակի հասեր է, այն ատեն դրեր են կանոնավոր կաղապար և հյուսեր են քարերը։ Թեև ինձի մի քիչ կասկած ներշնչած է պատուհաններեն առնվազն մեկ մետր վերեն, ուր արդեն բոլորովին բոլորակ է և կարծեմ արտաքին քիվեն ալ բարձր, շինված ըլլա հետնագույն ժամանակ մը, որովհետև թե քարերուն շարվածքը տարբեր է և թե տեսակը չի համապատասխաներ ներքևնին։ Այստեղ նշանակելի է հին կամարին տեղը նորը շինելու ժամանակ մի փչացած քարի տաշածքը հետինը մեջն անցկացնելու համար։
Հին պատուհաններն ամենն ալ շինված են առանց դրսանց նեղ և ներսանց լայնանալու, այլ ճիշտ այնպես է ներսեն ալ, ինչ չափով որ է դրսեն։ Հետնագույն կարկատաններն են, որ դրսանց նեղցած, իսկ ներսեն լայն են թողված։
Ավանդատան ներքևի հարկի բարձրությունն է հատակեն մինչև կամարին կատարը 5,75։ Վերջին չափածո ֆրոնտոնին ճակատը, որուն կցված է արտաքուստ աբսիդը, արևելյան ուղիղ պատերեն ներս կմնա 1,57 սմ։
Բերդի հարավային և արևելյան կողմը ձորի լանջին վրա կան քարայրներ։ Նմանապես Տեկորի արևելյան կողմը կան հին ավերակներ, ուր կան մեկ երկու եկեղեցիներու հիմեր, քիչ հեռու, դեպի հարավ բավական մեծկակ քարայր մը կա։
Այսօր առավոտյան եկա ավերակ կաթողիկեն չափելու և լուսանկարելու։
Այս հոյակապ կաթողիկեն պեղեր է Խաչիկ վարդապետ Դատյանը …. թվականին, այս պեղումով նա կատարել է հոյակապ գործ, սակայն մնացեր է թաքուն մինչև 1913 թվականը, երբ այցելեցինք պր․ Ստրիժիգովսկիի հետ։ Իր ութ սյունանի ներքին կազմությունը բոլորովին հեռացնում է զինքը հնագույն ճանչված, այլ սակայն միայն 7-րդ դարու գործ եղող եկեղեցիներեն, որոնք միայն չորս սյուն ունին թեև բազիլիկ ձևով։ Որովհետև այս կաթողիկեն 6-րդ դարու շենք է և խորանի երկու կողմերու սենյակներուն աբսիդներ շինելը մոտ 10-րդ դարու սովորություն, հետևաբար իմ տեսությամբ միանգամայն տարակուսական պետք է լինի կողմնակի աբսիդներուն շինության ժամանակակից լինելը։
Բնորոշ հատկության է մեծ աբսիդին արևելյան կողմեն դուրս շեշտված լինելը, սա կլինի ապացույցներեն մեկը, որ մինչև 7-րդ դար աբսիդներ միշտ դուրսը շինված էին՝ ինչպես Ապարանինը՝ Մոլլա-Ղասումի եկեղեցին, Եղվարդի փոքր եկեղեցին, Տեկորի եկեղեցին և այլն։ Թեև մյուս կողմանե ուժեղ բացառություններ ալ կան, որոնց արևելյան աբսիդները պատեն ներս ամփոփված են. ինչպես Աշտարակի բազիլիկը, Երերուքի բազիլիկը։
Եկեղեցու պեղումներեն դուրս եկեր է երկու հատ շարժական ավազաններ, մեկուն մեկ կողմը երկու տող արձանագրություն գրված։ Այս ավազանները մոտավորապես Զվարթնոցի շարժական ավազանին ձևն ունին, թեև անոնցմե մի քիչ փոքր, մեկուն վրայի քանդակված խաչը հնագույն ոճ մը ցույց կուտա, որովհետև նույն ձևով խաչեր հաճախ մինչև 7-րդ դար կանգնված եկեղեցիներու քանդակներուն մեջ գերեզմանաքարերու վրա կան. 10-րդ դարեն սկսված շինված խաչքանդակները առհասարակ միշտ ստորին կողմեն երկար թև ունին, իսկ հիները միշտ հավասարաչափ թևերով են։
Ուշագրավ է եկեղեցվո հարավային արևելյան կողմը կիսաքանդակ մի շիրիմ, որ ինչպես կերևի, երկու մարդկոց համար շինած է, երեք աստիճաններով խարիսխի մը վրա, անոր վրան դրված է եղեր երկու պատվանդաններ և պատվանդաններու վրա կոթողներ անշուշտ քանդակազարդ, ինչպես տեսնված է ուրիշ տեղեր, այս կոթողներեն և պատվանդաններեն միայն մեկը մնացեր է տեղին վրա, որուն արևմտյան ճակատին վրա քանդակված է մի կանգնած մարդու պատկեր։
Մինչև 13-րդ, 14-րդ դարեր, թե եկեղեցին և թև շրջակայքը շեն լինելուն մեծ ապացույց են թե՛ եկեղեցվո շրջակայքը և թե՛ մեկ կամ մեկ ու կես վերստ հեռավորության վրա գտնված ընդարձակ գերեզմանատան մեջ գտնված կանգուն ու կիսականգուն բազմաթիվ խաչարձաններ, որոնց շինությանց ոճերը կհասնին մինչև 13-14-րդ դարերը։
Գերեզմանատան մեջ 7-րդ դարու կամ ավելի հին հատկանիշ կրող գերեզմանաքարեր կամ կոթողներ չկան, սակայն 10-11-րդ դարերու հատուկ ոճով քանդակված խաչարձաններ կան։ Նմանապես կաթողիկեի մոտը գտնված շիրիմը միակն է, մնացածները 10-14-րդ դարերու հատկանիշը ունին։
Եղվարդի փոքր եկեղեցին (բազիլիկ), որը դարձյալ Խաչիկ վարդապետի պեղումներով երևան եկած է, ամենայն հավանականությամբ 5-րդ դարու գործ է, շատ բնորոշ է իր լայնության համեմատ երկարությունը, նաև միջի որմասյանց խոյակ ու խարիսխներու moulure-ները, որոնք համանման են Տեկորի, Շիրվանճուքի, Մոլլա Ղասումի գերեզմանատան փոքր եկեղեցու մեջ եղած խոյակներուն։ Անտարակույս ապացույց կարող է համարվել Մոլլա Ղասումի գերեզմանատան միջի փոքր եկեղեցիին վկայարան լինելուն, քանի որ իսկապես գերեզմանատան մեջ կգտնվի։
Խաչաձև ավազանին ներքև դրված խորանարդ մեջը փորված քարը, որ կամ ավազան է դարձյալ, և կամ խաչի պատվանդան, վերևի եզերքը գրված է Զգնդատուրք զմեղաւոր յիշեցեք:
Արևելյան կողմը դուրս ընկած աբսիդին առջև ընկած է մի քար, որուն վրա կա չորս տող արձանագրություն, քարի տաշվածքի ձևը ցույց կուտա, որ անկյունավոր աբսիդի հարազատ քարն է և վրան հիշատակված է խորանին շինությունը հետևյալ կերպով.
«Ես Գրիգոր Սարտր… ետու շինել զխորանս ի սու…ոսի ի փրկութիւն հոգւոյ»․ տառերը մոտավորապես 12, 13-րդ դարերու ոճին նման են։
Կաթողիկեի հարավային կողմը արևելյան ծայրին, մոտ 3-4 մետր հեռավորության վրա, մնացեր է մեծագույն շինության մը պատը՝ անտաշ որձաքարե հիմերու վրա, ամենայն հավանականությամբ ժամանակակից է եկեղեցվո շինության և անշուշտ պիտի ծառայեր իբրև եպիսկոպոսանիստ կամ առաջնորդարան։ Այս պատին առջևը ընկած է մի սև քարե դուռ, որուն ծխնիները դեռ կմնան, բնական քարե հանված, դրան չափը 140 երկարութ. և 95 լայնություն բացի ծխնիներեն։
Փոքր եկեղեցին ըստ երևույթին շինված է հինգ աստիճանի վրա թեև արտաքուստ 3 աստիճանը հայտնի է, մնացած մասերու վրա հող լցված, սակայն ներսի կողմը շատ խորն է, մոտավորապես 2-3 աստիճանաչափ։ Արևմտյան դուռը փլված է, սակայն բեկորներուն մեջ կա մի հսկայական քար 3,10 մետր երկարությամբ, որ ամենայն հավանականությամբ դռան վերնասյամն է, որ չհաշվելով երկու կողմերեն մեկ մեկ մետր պատի վրա հանգչող մասերը, դուռը պետք է որ երկու մետրեն ավելի լայնության ունենա։ Դռան մեկ կողմի բարավորը մնացած է, իսկ մյուս կողմինը քանդված։
Այս մատուռին արևմտյան կողմը, դեպի հյուսիս, անկյունի մոտ կա երեք աստիճանով մի խաչարձանի խարիսխ, որուն վրայի և՛ պատվանդանը և՛ խաչարձանը անհետացած են, թերևս սույն խաչերեն մեկն էր ասոր վրա, որոնք դրված են այժմ եկեղեցվո ներսը, սեղանին առջև, Խաչիկ վարդապետի ձեռքով։
Այս եկեղեցվո արևելյան խորանը ամփոփված է արևելյան պատեն ներս։
Հյուսիսային պատին վրա դուրս ընկած մի խարսխանման քար կա և մի ուրիշը՝ արևմտյան հյուսիսային անկյունին վրա, մի երրորդը արևմտյան հարավային անկյունին վրա, որոնք ենթադրել կուտան, որ սա ևս ունեցեր է սյունասրահ (կաթողիկեի հյուս․ կողմին վրա ալ կա նման երևույթ!!!)։
5-րդեն 7-րդ դարերու ոճով modillon-ներով քանդակված քիվերու բեկորներ կան թե՛ այս փոքր եկեղեցվո մոտ ընկած և թե՛ կաթողիկեի արևելյան կողմը՝ ամենայն հավանականությամբ այս շենքերը պսակված էին այս ոճով կառնիզներով։
Այս փոքր եկեղեցվո մեջ կան տապանաքարեր հակառակ ընդհանուր արգելքի, հավանորեն շատ ուշ են և ամենուն վրա ինչ որ սիմվոլ միանման քանդակված են այս ձևով (նկ. 127)։ Կաթողիկեի մեջ մնացորդ կամարներու և աղեղներու վրա պայտաձևի հետքեր կամ նշաններ չեն երևնար, իսկ փոքր եկեղեցվո մեջ արդեն ոչինչ մաս մնացած չէ, աղեղի կամ կամարի, վերևի հարկը մոտավորապես նման է ստորին հարկին ներքևի հատակագծին, միայն խաչաձև է՝ ստորին հարկի քառակուսիին վրան (կամար) հարմարեցված։ Վերևի հարկը կիսաբոլոր խորան չունի, կիսաբոլորակի տեղ քառակուսի ձևով է պատարագի խորանը։
Արևմտյան դրան աջ կողմի որմասյան վերև խաչին ներքև գրված է ՅԻՇԵՑԵՔ ԶՄԻԱԲԱՆ ՍԲ ԱՌԱՔԵԼՈՑՆ…
Եղվարդեն դեպի հյուսիս 4-5 կիլոմետր հեռավորությամբ մի բարձունքի վրա կգտնվի հնագույն մի եկեղեցի ըստ տեղական ավանդության Ղառղա վանք անունով։
Այս եկեղեցին ներքուստ ութ կիսաբոլորակ աբսիդներով և դրսեն ութ կողմերով է համապատասխան ներքին աբսիդներուն։ Տակավին կանգուն են երեք կողմերեն հինգ աբսիդները, միայն հարավային կողմեն երեք աբսիդները փլած են, գմբեթին ծածկը բոլորովին չկա, իսկ թմբուկին ալ միայն հյուսիսային մասը և մասամբ արևելքեն ու արևմուտքեն մնացեր են։ Ներսի աբսիդները անջատող որմասյուներու խարիսխ ու խոյակները АВ ձևերը ունին մոտավորապես (նկ․ 127)։ Պայտաձևերու վրան, բոլորվող աղեղներ ու կամարներ թեթև պայտաձև են, պատուհանները խիստ լայն և խոշոր, ներքուստ լայն, իսկ արտաքուստ նեղ համեմատությամբ 7-րդ դարու եկեղեցիներու, պատի քարերու շարքերու կարերը անկյունով կոտրված են եզերքներուն վրա, ինչպես ուրիշ տեղեր 7-րդ դարու շենքերուն վրա։ Հաճախ քարերու վրա տառեր կամ նշաններ կան քարագործ վարպետներու հաշիվին հատուկ այս տառերը այստեղ Ա Ժ Թ։ Նշաններ՝ քիվերը շատ կհիշեցնեն Զվարթնոցի քիվերը իրենց առաջակարկառ դիրքով և ստորին մասին վրա ուղղագիծ մանվածո քանդակներով, միայն ճակատը այստեղ տարբեր է, և քանդակված է գմբեթի քիվի cimaise-ի վրա ոլորուն ոստեր խաղողի, ստորին քիվի cimaise-ի վրա երկժապավեն շղթայանման մանվածո է. մի ժամանակ եկեղեցին ծեփված և նկարազարդված է եղեր, այժմ միայն հետքերն են մնացեր. խորանին ձախ կողմը ծեփին վրա եղեր է ընդարձակ մի արձանագրություն, որն այժմ անընթեռնելի դարձած է։ Ղառղավանքի եկեղեցին շիներ է Գր. Մամիկոնյան 7-րդ դարուն, այս եկեղեցվո գմբեթի շինության համար դեռ պանդանտիվի գիտակցություն ամենևին չկա, ինչպես Հռիփսիմեի մեջ նախնական ձևով կա, այստեղ ուղղակի դրված է գմբեթը, ներքին աբսիդները իրարմե անջատող որմասյուներու խոյակները պսակող աղեղներուն վրա, որով ավելի լայնանիստ եղած է, փոխանակ ուրիշ տեղերու մեջ եղած տրոմպով կամ նախնական ձևով պանդանտիվներու միջոցով նեղցված լինելուն․ (սա ևս առաջին երևույթն է իմ տեսած եկեղեցիներուն գմբեթներու կազմության կերպին մեջ)։ Սեղանը (բեմը) միայն մեկ աստիճան բարձր է եղած գետնեն և աբսիդին երկու կողմերու սյանց խարիսխները դրված են բեմին վրա։
Երբեմն արևմտյան դռան աջ կողմի եռանկյունի խորշը մատուռի վերածեր են, որուն կամարի մասը մնացեր է, իսկ ձախ կողմը գավիթի նման շինվածի մը հիմերը կա այժմ։
Ուշադրության արժանի են որձաքարով շինված շենքերու մնացորդները, որ շատ ընդարձակ տեղ բռներ են, կան երբեմն մեծ շենքերու մնացորդները, ոմանք գաճ ու կրով են շինված, բայց շատը առանց կրաշաղախի։ Ինչպես սովորաբար ուրիշ տեղեր այս կարգի շինությանց մնացորդներ կգտնվին հրաբխային բլուրներու վրա։ Նույնպես այստեղ ալ հրաբխային քարքարոտ տեղ է, եկեղեցվո արևմտյան կողմը, քանի մը մետր հեռավորության վրա կա մի փոքրիկ ձոր, ձորի մյուս կողմը կերևի մի երկար պատի մնացորդ հյուսիսեն հարավ ձգված, այս մնացորդը կամ հին բնակավայրը շրջապատող պարիսպի մը մնացորդ է և կամ ջրի ճանապարհի համար թումբ շինված է, վերջապես քննության կարոտ է։
Եկեղեցվո հյուսիսային կողմը 150 քայլի վրա կա մի գերեզմանատուն, ուր ցաք ու ցրիվ են տապանաքարեր, պատվանդաններ և կոտրտված խաչքարերու փշրանքներ։ Այն տեղ շինված է նաև մի փոքր մատուռ (վկայարան) հավանորեն 13-14-րդ դարերու գործ, որուն արևմտյան պատը փլած է հարավային պատի մի մասին հետ։
Փոքր եկեղեցվո արևմտյան կողմը փլատակներեն ելած մի կապույտ որձաքար կա, որուն վրա քանդակված է ատամնաշարով միացյալ աղեղներ և միացման տեղին ներքև քանդակված է մի եզան գլուխ, ըստ երևույթին պատուհանի քար է եղած ատամնաշարերու հաջորդական հակառակ դիրքով Շարքը երկու կարգին վրա հետաքրքրական է սթալաքթիթի ծագման տեսակետով։
Հուլիսի 12-ին առավոտյան ճանապարհվեցա դեպի Երևան սայլով։
Երևանից մեկնեցի դեպի Արտաշատ գյուղը։ Չափագրեցի Խաչիկ վարդապետի պեղած Դվինի եկեղեցին։ Շրջեցա բերդի շրջապարիսպին մեջ եղող բարձր հողաբլուրը, այս տեղեն պարզ կերևի Դվինի ընդհանուր պարիսպին ընդարձակությունը և անոր մեջ եղած ստորաբաժինները․ հողաբլուրը առանձին պարիսպի մեջ է, իսկ եկեղեցին նմանապես առանձին պարիսպով շրջապատված է եղեր․ փայտածածկ լինելու մասին մեծ հավանականություն կա։
Առավոտյան ճանապարհվեցի Գառնի և իջևանեցա Վարդանին տունը։ Այս այն Վարդանն է, որ երկու անգամ այստեղ գալուս իջևաներ եմ տանը. նույնպես պր. Ն. Մառ իր պեղումներ կատարած տարիներուն մեջ օթևաներ է այս Վարդանին սենյակը, որ նաև տերն է այսօր Տրդատա հռչակավոր բերդին և Թախտին։
Գառնիի Տրդատա թախտին արտաքին սյուներուն ստորին տրամագիծն է 69 սմ., խոյակներու տակ՝ 60½, աբաքներու՝ 76-77, խարիսխներու տրամագիծը բունը դրված մակերևույթին վրա դուրս կարկառած մուլյուրով միասին 79-80, մինչև հատակի քառակուսի մասը յուրաքանչյուր կողմեն 8-10 սանտ. լայնացած կերևի գլխավոր ճակատին վրա, երկու կողմեն դուրս ցցված 70 սմ լայնությամբ թևերուն վրայի քառ. խոյակը 78X80 է կոր տեղերուն ամենեն կարճ միջոցին չափելով։ Պահվեր են դռան երկու կողմի ուղղահայաց սյամերը, որուն ձախ կողմինին վրա գրված է երկար մի արձանագրություն (հավանորեն 13-րդ դարուն)։ Այս սյամին բարձրությունն է 2,35 զուտ ներսի բերնեն, որուն վրա պետք է ավելանա քանդակազարդ շրջանակին լայնությունը որ է 41-42 սմ։
Սյունե սյուն նետված քանդակազարդ (երեք կողմեն) ճիֆթերուն ստորին ճակատի լայնությունն է 60-62 սմ, կռնակեն՝ 81-82 սմ, որ նաև արտաքուստ կծառայեր որպես արշիտրավ։ Այս ճիֆթերեն մեկը տաշված է այսպիսի ձևով՝ < | վրան ունի երկաթե ծակեր սուր կողմը հավանորեն երկու ուրիշ կողմեր մեկնող ճիֆթերու պատշաճ տեղավորվելու համար էր շինված մեկ աբաքեն մինչև մյուս աբաքը դատարկություն է 128 սմ, իսկ քարի ամբողջ երկարությունը մինչև սուր ծայրը 1,90 սմ է։
Մի ուրիշ ճիֆթ, որ մեկ կողմը դարձված անկյուն կներկայացնե դեպի մյուս ճակատ, աբաք է, աբաքի դատարկ տարածության երկարությունն է 1,40, իսկ ամբողջ երկարությունն է՝ 2,32 մտ, անկյունի կողմը աբաքի վրա նստած մասը 60-62 սմ է։
Ճիֆթերուն վյայեն իբրև առաստաղ սյունասրահի հորիզոնաբար տարածված քարերեն մնացածներու չափերն են 375-80×104-50 ամբողջ քարը, իսկ զուտ քանդակված մասը, որ պիտի երևար 247×71 այս քարը եզերքի քար է, 71 սանտիմետրեն ավելին պիտի մտնե պատի մեջ։
Մի ուրիշ քար, որի միայն քանդակված մասը 97×245 սմ է, երկարության յուրաքանչյուր կողմերուն վրա ունենալով 40-45 սանտիմեն ավելի ավելորդ մասեր պատերուն կամ ճիֆթերու վրա հանգչելու համար։
Կողմնակի սյունասրահներու ճիֆթերուն վրա ծածկված քանդակազարդ առաստաղ քարերու քանդակամասերու լայնությունն է 110-112, իսկ ամբողջ երկարությունը 180-190 է։ Այս ավելորդ մասերը մեծ մասամբ պիտի հանգչեին պատի և ճիֆթերու վրա։ Լայնության կողմերուն վրա ավելորդներ չունին, հաջորդաբար շարունակած են քանդակները։ Թախտին մեջ կան երկու քարեր դռան քարի նմանող թևը գլուխը կեռնիսպուրան (ելուստ) չունի, բայց չափերով շատ նման է մյուս կեռնիսպուրան վերնասյամ կտրված քարին։ Այս վերջին բարձրությունն ալ առանց կեռնիսպուրանի 230 սմ է, իսկ լայնությունը 83 սմ։ Նախորդ սյամին նման, թեև մեկ կողմեն (հավանաբար ներսի կողմեն) պետք էր ավելանար ուրիշ քար պատին թանձրությունը լեցնելու համար. արդեն մուլյուր չունեցող կողմերեն կերևի այս բանը, որ կիսատաշ է և սահմանված կողքեն ուրիշ քար հարմարցնելու թախտին դռան ներսի կողմեն մոտավորապես իրարմե 2 մետրեն ավելի հեռավորությամբ կան դռան նախկին ծխնիներու հատուկ գետնին վրա փորված ծակերը, քառակուսի ձևով մոտավորապես 15-18 սմ մեծությամբ և 2½-3 սմ խորությամբ, երկաթյա կամ փայտյա գերան մտցվելու համար. սա արդեն ապացույց է դռան բացվածքի լայնության ավելի քան 2 մետր լայն լինելուն։
Օգոստոսի 2-ին մեկնեցա դեպի Ավան։
Ըստ գյուղացի ծերերու տեղեկության ավանցիք գաղթեր են Պարսկաստանեն Պասկևիչի պատերազմի ժամանակ, եկած ժամանակնին, որ հազիվ 15—20 տուն են եղեր, եկեղեցին գտեր են ավերակ և որովհետև իսկական անունը հայտնի չէ եկեզեցվույն, ավանդաբար Ծիրանավոր անունը կուտան. ի հարկե այնչափ ալ ուղիղ չի կարող լինել, սակայն ո՞րտեղին է այդ ավանդությունը, հայտնի չէ։
Այսօր առավոտյան կանուխ այցելեցի Ավանի մոտակա երկու փոքր մատուռները, որոնք կիսավեր վիճակի մեջ են. երկուքն ալ հարավ արևմտյան կողմերը ծածկով միասին փլած են։ Մեկուն մոտ, որ ըստ արձանագրության ս. Հովհաննես անունը ունի, կա անաղարտ պահված մի խաչարձան պատվանդանի վրա, շրջանակով և վերևը ֆրոնտոնով, այս խաչարձանի մոտ կանգնած կա մի ուրիշ մահարձան, որ շատ նման է գերեզմանակոթողներու հնագույն ձևին։ Մեկ կողմը քանդակված է զանազան երկրաչափական ձևերով զարդարանքներ, երկրորդ և երրորդ կողմերուն վրա միայն մուլյուրներ, իսկ չորրորդ կողմը բոլորովին պարզ է։
Այսօր Ալեքսանդրապոլից ժամը առավոտյան 10.30-ին մեկնեցա դեպի Կարմիր վանք։ Ախուրյանի եզերքին վրա փոքր վանք է Կարմիր վանքը կարմիր քարերով շինված։ Ունի արևելյան ճակատին վրա ընդարձակ մի արձանագրություն (տես Շիրակ), իսկ հարավային պատի վրա կա հետևյալը.
Շնորհիւն այ ես Ամիր սպասալար Ջաքարյա ետո զկարմիր մարգին բ. դանկն ի սուրբ ուխտիս, մի ուրիշ կիսատ արձանագրություն․ ի թուին ՈԺԴ և մնացած մասերը քարերը թափած ու մաշված լինելուն համար անընթեռնելի, թեև ամենը երկու տողե եղած։ Ներքին մասը կբաղկանա մի մեծ խորանե և կողմնակի երկու փոքրիկ աբսիդավոր ավանդատուներե։ Գմբեթը ունի պանդանտիվ և հանգչած է երկու որմասյուներու և երկու սեղանի կից որմասյանց վրա, չորս պատուհան չորս կողմեն, իսկ գմրեթը ունի երկու պատուհան արևելքե և արևմուտքե։ Դուռը միայն արևմուտքեն, հարավային և արևմտյան կողմերը եղեր են ընդարձակ բնակություններ միաբանությանց համար, այժմ քարուքանդ, քանի մը պատեր են մնացած, հյուսիսային կողմը ժայռերուն մեջ եղեր են քարափոր բնակարաններ, որոնց մեկ մասը այժմ ալ մնացած են։
Այս վանքին շինությունը իր ոճեն և քանդակներու ոճեն պետք է որ 10−11-րդ դարերու շենք լինի և ոչ ուշ։
Ղոշավանքի (Կարմիր վանք) շինության արձանագրությունը գյուղացվոց ըսելով արտագրեր է Սահակ քահանա Սահրադյանը 1880-ական թվականների սկիզբը։ Այդ արտագրությումը ճշտիվ օրինակած է Տեր-Խոսրով քահանայի ճաշոցի սկզբի պարապ թղթի վրայեն Շիրակունի քահանայի ձեռքով և տպված է նույն քահանայի Անիի և այլ հիշատակարաններու մասին տպված մեկ գրքին մեջ։
Այսօր Կարմիր վանքից (Անիի մոտ Ախուրյանի եզերքին) եկա Հոռոմոսի վանքը։
Այս եկեղեցին ի ներքուստ ներկված և նկարազարդված է. խորանի կիսագմբեթի մեջ նկարված է մեծադիր Քրիստոսի պատկեր, ինչպես Անիի մեջ Լուսավորչի գմբեթը և Փրկչի ու Ապուղամրենց և ս. Գրիգորի խորաններուն կիսագմբեթները։ Նկարները նույն ճաշակը և տիպերը ունին գրեթե ինչպես Անիի եկեղեցիներու նկարները ստորին կիսաբոլորակին մեջ, պատուհանին աջ ու ձախ կողմերը նկարված են առաքելոց նկարները։ Սեղանի կից որմասյուներու ճակատը հյուսիսային պատին մոտ դեպի արևմուտք նայող ճակատին գրված է Անանիա եպիսկոպոսի արձանագրությունը բարձրաքանդակ խաչքանդակի աջ կողմը (հարավ), մյուս կողմը նույնպես ներկով գրված է մի ուրիշ արձանագրրություն։ Անանիայի արձանագրությունը կսկսվի այսպես ԱԾ է Ի ՍՄԱ, մյուս արձանագրության սկիզբը ավերված է և մեծ մասամբ դժվար ընթեռնելի։
Հարավային պատին ներսի երեսը դռան աջ կողմը նույնպես կա մի խոշոր տառերով արձանագրություն, մեծ մասամբ եղծված։ Այս արձանագրությունը կսկսի «Յանուն Այ» բառերով և շատ խոշոր գրված է Յ տառը։
Ավագ խորաններոմ շուրջանակի կիսաբոլորակեն մինչև կեսը նկարված ըլլալը ապացույց է, որ աոջևը ծածկած խաչկալներ չկային, այլ պարզ սեղաններ, որով հնարավոր էր տեսնել հասարակության։
Հարավային դռան կիսաբոլորակ ճակատին մեջ գրված է ոմն Մարտիրոսի նվիրատվությունը իր Գևորգ որդվույն համար։
Այս եկեղեցվո փլատակներու մեջ երևում են քիվի քարեր, որոնք միայն 7-րդ դարու հատուկ են և 10-11-րդ դարերուն գործածված են նույն ձևերը Անիի Առաքելոցի և Գագկաշեն ս. Գրիգորի հարյսվային դռներու վրա։
Բայց այստեղ բնավ չի նմաներ այս քիվի բեկորները՝ դռների ֆրոնտոններու քիվերուն։ Բեկորին մեկն ունի մի ձև, որ ամենայն հավանականությամբ ութանկյունի գմբեթ և կամ աբսիդի շրջապսակի հատուկ է, այդ քարը չէր կարող պատկանել ո՛չ սբ. Գևորգին և ո՛չ ալ ս. Մինասի գմբեթներուն, որովհետև նրանց գմբեթներով քիվերի մնացորդները կան տեղին վրա, անպայման այդ քարերն ավելի հին ժամանակեն կուգան քան Ժ դարը։
Արևելյան ճակատին վրա գրված է Գադիկի արձանագրությունը, իսկ արևմտյան ճակատին՝ Հովհաննես Սմբատի արձանագրությունը։ Ներքին կողմը սպիտակացված, սակայն նկարազարդված չէ: Հյուսիսային պատին վրա պատուհանին ձախ կողմը գրած է Անանիա եպիսկոպոսի արձանագրությունը ՆԿԲ թվականին:
Հարավային ֆրոնտոնի ներքև գրված է ի ՆԿԵ թվականի Հայոց` Չուգասի նվիրատվության արձանագրությունը:
Արևելյան կողմը յուրաքանչյուր խորաններու ճակատին գրված և ավերված անուններ կան:
Այսօր ժամը 7-ին ճանապարհվեցա դեպի Ադիաման: Ճանապարհին հանդիպեցա Սեոգյութլի գյուղը, ուր կա մի հնագույն եկեղեցու մնացորդ. ըստ երևույթին 5—6-րդ դարերու մնացորդ, որովհետև ներքին կողմին վրա ունեցեր է նեղ պիլիաստրներ, նման Տեկորի, Քասախի, Աշտարակի այլ եկեղեցիներու պիլիաստրերուն: Պատերը հազիվ մնացեք են 1-1½ մետր բարձրությամբ, խորանը գյուղացիք կարկատելով շինել են ուխտատեղի:
Այստեղ կա մի քառակող կոթող, որի Ա. երեսը նիզակաձև է, Բ. (դեպի աջ) պատվանդանի վրա նստած մարդ, քովը կանգնած է ձեռքը գլխուն դրած ուրիշ մի մեծ մարդ: Գ. երես (դեպի աջ) մեծ մարդը գլխին բռնած մի ուրիշ պատվանդանանման բան, որուն վրա երևում է մի ուրիշ մարդու ոտքերը: Դ. երես (դեպի աջ) ծաղկանկար վրան մի մարդ, որուն վերևի մասը կոտրած է: Քարտաշ վարպետներու նշաններ կան (նկ. 135)․
1. Հյուսիսային արևմտյան պատերուն վրա, նաև արևելյան պատին վրա արևմտյան կողմի փոքր սենյակի պատերուն վրա:
2. Արևմտյան պատին և աստիճաններուն վրա: Նաև № 9:
3. Հարավային պատին վրա, նաև № 10:
4. Արևելյան պատին վրա:
5. Արևելյան պատին վրա։
6. Արևելյան պատին վրա, նաև № 8-ը:
7. Հյուսիսային պսոտին վրա, նաև 11, 12:
Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ մոտավոր նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, նույնիսկ գմբեթի մեջ շուրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարգաձևներու շարքը, շուրջանակի, արտաքուստ ամեն կողմե ունի խորշեր բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ վրաները խոյակներով, խոյակներեն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելու հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները: Այս կիսաբոլորակ խորշեր մեկ հատ ալ շինված է արևելյան կողմը միջին ֆրոտոնին ներքև: Քիվեր և պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-7-րդ դարու հատկանիշներն ունին. հետաքրքրական են քիվին ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին, իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև, որ ստալակտիտի երևույթն ունի։
Հարավային և արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմասյուներու վրա պսակված աղեղներ ունին, զույգ սյուներու խոյակները և խարիսխները, նույն տիպն ունին ինչոր ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթն ալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որ հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն մեկզմեկի ազդված։ Արձանագրություններ չէր երևիր, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան ալ լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր, արևելյան ճակատին վրա կան քանի մը փակագիր արձանագրություններ։
Իսկ հարավային կողմը դռան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված և անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-13-րդ դարերու տառեր են։ Այստեղի այժմյան բնակչությունը նոր է և գյուղը հիմնարկված է Պասկևիչի պատերազմեն հետո, բնակիչներեն մեծ մասը եկեր է Սարդարապատեն։
Այս գյուղի հիմնարկության պատմությունը մասնավորապես գրի առեր է գյուղի բնակիչներեն պ. Սիրական Դավթյանը, որուն հավը կամ պապը եղեր է այս գյուղը հիմնողը, իր գրած գյուղի պատմության մեջ նա հիշատակած է համառոտակի ժամանակակից քաղաքական անցքեր, որոնք թերևս ուրիշ պատմագիրներու հայտնի չեն եղած, այս տեսակետով կարևոր է և ուսումնասիրելի հիշյալ պ. Սիրականի գրած հիշատակարանը։
Այս գյուղը ամենահին ժամանակներ թերևս ուրարտական շրջանեն ալ առաջ եղեր է բնակելի և կարևոր պատերազմական ամրություն։ Գյուղի արևելյան և հարավային կողմը կան բարձրաբերձ բլուրներ, որոնց վրա կան հսկայական որձաքարերով շինված բերդապարիսպներ, մասնավորապես ուշագրավ է հարավային կողմի բերդը, որուն տեղացիք անվանում են թուրքի Ղալայիչի (Ահակչի թուրք գյուղի մոտ լինելուն պատճառով)։ Արևելյան, հյուսիսային և արևմտյան կողմերեն, որ փոքր ինչ մերձենալի է բլրակին և շրջապատված է երեք կարգ հսկայական պատերով, իսկ հարավային կողմը անմատչելի ձոր է, այդ պատճառով միայն մեկ պարիսպ ունի։ Բերդի տարածությունը նեղ ու երկար է, հազիվ լայնություն ունի միջին մասը 25-30 մետր, իսկ երկարությունը թերևս ավելի քան 150 մետր։ Մեջը ունի բաժանումներու պատեր, նույնպես արևելյան կողմը երեք պարիսպներու միջանցքներուն մեջ կան դարձյալ բաժանումներ։ Ադիամանի բերդին դռան լայնությունը 319 սմ, պատերի թանձրությունը 480-500, իսկ երկու կողմերը 630 սմ։
Արևելյան կողմի բերդը նույնպես անվանում են Ղալայիչի, որի միջնաբերդը ավելի ընդարձակ է, քան թուրքի Ղալայիչիի ներքին մասը, բայց համեմատաբար մի քիչ ավելի մանր են քարերը։ Սա ևս հյուսիսային կողմեն երկու կարգ պարիսպ ունի, իսկ շրջապատը ունի քառակուսի բուրգեր, նույնպես խոշոր որձաքարերով անտաշ և անշաղախ շինված։ Այս երկու բերդերուն ալ լանջերուն վրա հաճախ գտնվում են ձեռագործ խորը քարայրներ ուսումնասիրության կարոտ։
Հեթանոսական գերեզմանակոթողի բնույթն ունի գյուղի միջի հին գերեզմանատան մեջ գտնված քանդակազարդ քարերը, որու լուսանկարները վերցրեր եմ ամեն կողմեն։
Գյուղի հարավ արևմտյան կողմը ձորեզերի բնական ժայռերուն վրա կա մի հեթանոսական քարափոր գերեզման, որպիսին կար Մոլլա-Ղասում գյուղի արևելյան բարձունքներու վրա։ Այժմյան եկեղեցվույն արևմտյան կողմը եղեր է նաև մի ուրիշ եկեղեցի, որուն հիմերը քանդեր են գյուղացիք իրենց բնակարանները շինելու համար։ Շինված է եղեր մեծամեծ քարերով, հավանորեն ավելի հնագույն քան այժմյան կանգուն եկեղեցին։ Այդ ավերակի քարերից տարեր են այժմյան եկեղեցին բարձրաքանդակ քարեր և կազմեր են բեմի ճակատը, որ այժմ կերևի։
Այսօր մեկնեցա Ադիամանից և նկարելով Մազարճուկի եկեղեցվո արևելյան պատի քարը շարունակեցի ճանապարհս դեպի Թալին։
Թալինի եկեղեցվո հյուսիսային կողմի գերեզմանատան մեջ կան ամենակարևոր հին գերեզմանաքարեր 5-7-րդ դարու, որոնց երկուքը վերնամասեր են, թեև կիսով կոտրած, իսկ երկուքը պատվանդաններ են մեկը կարմիր քարով, որուն մեկ ճակատը միայն փորագրված է մի խաչ ներքևը սովորական քանդակներով, իսկ մյուսը սև քարով, որ ամենեն հետաքրքրականն է։ Մեկ ճակատին փորագրված է Աստվածածին նստած՝ ունի Հիսուս գիրկը, երկու կողմը հրեշտակներ կանգնած և իրենց մեկ մեկ թևերով կհովանավորեն Աստվածածինը։ Ասոր հաջորդ մյուս երեսը մի մեծ մանվածո քանդակ է, քարի ծավալի մեծությամբ, մյուս հաջորդը պարզ քառակուսիներով կազմված քանդակ է, մեջ մեջի հետզհետե փոքրացող, վերջին չորրորդ երեսը խաչաքանդակ է, վրան ներքևի թևերով 72x76 լայնությամբ, 82 բարձրությամբ։
Թալինի գերեզմանատան մեջ նախապես արձանագրածս 5-7-րդ դարու գերեզմանաքարեն զատ տակավին շատ կան գերեզմանաքարեր, վրաները քանդակված։ Նշանավոր է մեկուն վրա քանդակված խոզի գլխով մի մարդ, ձեռքին գավազան, ծայրը խաչով, ուրիշ մը որ շատ երկար, թերևս ավելի քան երկու մետր բարձրության, նույնպես փորագրված է վրան զանազան սրբոց պատկերներ ամեն կողմեն։ Մի ուրիշը որ ի սկզբան շատ բարձր է եղած և կեսը կոտրեր է, այժմ կերևի, որ վերևի կողմը, որ նման է տակին պատկերներ ունի ամեն կողմեն։ Մի ուրիշին վրա կա նույնպես բացի ուրիշ պատկերներե նաև մի վեղարավոր վարդապետ։
Մի ուրիշին վրա դարձյալ ի միջի այլոց քանդակված է խոզագլուխ մի մարդ, որ ձեռքերը բարձրացուցած է վեր աղոթելու ձևով իրենմե վերը քանդակված մի սուրբի, թերևս Քս-ի, որովհետև այս վերջինը ձեռքը գիրք ունի բռնած։
Մի ուրիշին վրա ամբողջ քարի մեծությամբ, որ մեկ ու կես մետրի չափ կլինի քանդակված է բոլորովին մի մերկ մարդ։
Մի ուրիշը չորս անկյունը սյուներով է և շատ նման գլխի քանդակները, շատ կհիշեցնեն Անիի պալատի եկեղեցվո որմասյուներուն։
ա. Երես
Խոզագլուխ մարդ պրոֆիլ, ձեռքը բարձրացուցած գլխի վերև գտնված սուրբին պատկերին։
բ. Երես
Երեք նիզակաձև քանդակներ իրարու վրա։ գ. Երես Ստորին մասին վրա տերևներ, վրան մի մարդ թևերը կուրծքին կապած։
դ. Երես Սուր նիզակաձև քանդակված մեկ հատ ներքևը երեք դափնի տերև վրայե վրա։
ա․ Երես (պատվանդան). Հիսուս Մարիամի գիրկը, երկու կսղմեն երկու հրեշտակներ։ բ․ Երես
Մանվածո ամբողջ երեսին վրա։
գ. Երես
Մեջ մեջի քառակուսիներ։
դ.Երես
Խաչաքանդակ քովերը ագանթի ճյուղերով։
ա. Երես
Հիսուս Մարիւամի գիրկը, վերևը առանձին շրշանակի մեջ երկու ձեռքը կուրծքին կանգնած մի հրեշտակ: բ․ Երես
Ներքևը խոզի գլխով մի մարդ մեկ ձեռքը խաչ գավազան բռնած մյուս ձեռքը կուրծքին, վերևը մի տերևաքանդակ քառ. շրջանակի մեջ։
գ. Երես
Ներքև մի բարակ երկար խաչքանդակ, իսկ վրան մի տերևաքանդակ։
դ. Երես
Վարի մասը սրբատաշ, իսկ վերևը մի տերևաքանդակ
ա. Երես
Մի մարդ կանգնած սրտին վրա բռնած ունի մի գիրք ներքևը ագանթի տերևներով։
բ. Երես
Վեղարավոր մի վարդապետ նույնպես կանգնած ագանթի տերևի վրա։
գ. Երես
Լուսապսակ գլուխով մի մարդ կանգնած մեկ ձեռքը վեր բարձրացուցած, մյուս ձեռքը կուրծքին վրա, գլխի վերևի մասը կոտրած է մինչև կզակը։
դ. Երես
Մի տերևաքանդակ։
ա. Երես (տակը, վրան կոտրած)
Նստած մարդու, հավանորեն Քրիստոսի նկար ոտքի և գլխի կողմը կոտրած։
բ. Երես
Մի կանգնած հրեշտակ ոտքի և գլխու մասերը կոտրած։
գ. Երես
Կանգնած մի մարդ, քովը երևում է կոթով մի տախտակ։
դ. Երես
Կանգնած է մի հրեշտակ թևերը երկու կողմեն վար կախած, գլխին մասը կոտրած։
ա. Երես
Վերևը մի սուրբի պատկեր ներքևը մի խոզագլուխ մարդ պրոֆիլ կանգնած և մեկ ձեռքը դեպի վերև բարձրացուցած աղոթքի ձևով։
բ. Երես
Ամբողջովին մի խաչքանդակ, աստիճանավոր փոքր պատվանդանի վրա և պատվանդանի տակ դափնի տերեվներ երկու հատ քովքովի, մեկը վրան։
գ. Երես
Նմանապես ամբողջական խաչքանդակ։
գ. Երես
Ամենեն վերը վարդանման մի փորված, անկից ցած երկու նշաձև փորվածք իրարու վրա, ամենեն ներքևը դարձյալ տերևաքանդակի նման մի քանդակ։
ա․ Երես
Ստորին մասին վրա Քրիստոսի պատկեր գլխին վրա հոգին սուրբ աղավնակերպ, բերանը պսակ բրռնած։ Վերևի մասին վրա գլխի վայր մի հրեշտակ թևովը պսակ երկնցուցած դեպի Քս․։
բ․ Երես
Վերևը մի հրեշտակ կանգնած մեկ ձեռքը դեպի վեր բարձրացած, ներքևը մի սուրբի պատկեր, աջ ձեռքը մի խոզագլուխ գավազան բռնած։
գ. Երես
Վերևը ագաթնի տերևով զարդ, ներքևը քառակուսի ձևով ծաղկամանի պես մի բան։
դ. Երես
գ. Երեսի նման վերևը մի ծաղկաքանդակ, իսկ ներքևը կան քանդակված խոպոպ մազերով լուսապսակ մի սուրբ ձեռքին բռնած խաչագլուխ գավազան։
Մեծ եկեղեցու հյուսիսային կողմը կա մի բարձրավանդակ բլուր, զույգ գագաթանի, մին բարձր, քան զմյուսն․ այստեղ ևս եղեր է հեթանոսական շրջանի կիկլոպյան պատերով մի մեծ բերդ, որուն շուրջը այժմ ևս որոշակի երևում են հսկայական քարերով անտաշ և անշաղախ շինված պատերի երեք շարք։ Վերևը գագաթի պարիսպի շրջափակին մեջ այժմ կան բազմաթիվ բնակությանց ավերակներ, իսկ այժմ բարձրավանդակի հյուսիսային լանջին վրա պարիսպներու երրորդ շարքեն դուրս կան ահագին թվով հեթանոսական գերեզմաններ։
Հին հայեր և կամ նախահայեր, այստեղ ևս, ինչպես միշտ ուրիշ տեղեր, իրենց ապահով ապաստարան ընտրեր են հրաբխային լավայի քարքարոտ բարձունքները չորս կողմեն գրեթե անմերձենալի, ինչպես կերևի այդ հսկայական պարիսպները կանգնեցնելու համար օգտվեր են նույնիսկ բարձունքի մակերևույթի վրայի ժայթքած հրաբխային որձաքարերեն։
Սույն ձևի բերդերու լանջերուն վրա ուրիշ տեղեր անձամբ ականատես եղած եմ փորված խոր քարայրերու, այդտեղ թեև ես չնկատեցի, սակայն հավաստում են, որ մի հատ բացված էր մի քանի տարի առաջ հարավային լանջի ստորոտին վրա։
Հեթանոսական շրջանի մեջ, որ Թալին խիտ բնակչություն ունեցեր է, ապացույց է ոչ միայն այս բերդը, այլև հեթանոսական շրջանից փոխանցված կոթողաձև գերեզմանաքարերը, որոնք ամեն կողմե հավաքելով բերած են այժմյան բնակիչները և դրած իրենց մեռելներու գերեզմանին վրա։ Այստեղ գտնվածները ընդհանրապես քրիստոնեության շրջանին են պատկանում, սակայն կան հեթանոսության թվականներու շատ մոտիկ ժամանակի քարեր, ինչպես խոզի գլուխով մարդոց քանդակները, այս քանդակներու մեջ աշխարհիկ անձանց քանդակներու վրա վերին աստիճան ուշագրավ են տարազները, որոնց նմանները դեռ այժմ պահված են Հայաստանի հայ և քուրդ ցեղերու մեջ։
Մեծ եկեղեցվո հարավային կողմը մոտ 200 քայլ հեռավորության վրա կա մի ուրիշ փոքր եկեղեցի, որ շիներ է Ներսեհ Ապուհյուպատ պատրիկ Արշարունյաց Տեր։ Այս եկեղեցին ճարտարապետական տեսակետով թեև շատ ունի իր նմանները հաջորդ դարերուն մեջ ալ, սակայն ուշագրավ է այստեղ հյուսիսային կողմին վրա դրսեն շինված մի բացօթյա աբսիդը, որ ուղիղ 5-րդ դարու ավանդությունն է կրկնված այս եկեղեցվո շինության ժամանակ. գրեթե նույն ձևի կրկնությունն է Արթիկի փոքր եկեղեցին և ուրիշ նմաններ…:
Փոքր եկեղեցիի արևմտյան կողմը կա մի ուրիշ շենքի մնացորդ, սակայն այլանդակված գյուղացիներու ձեռքով և այսօր անհայտ ինչ լինելը։ Նույնպես այս եկեղեցվո արևելյան կողմը, ճանապարհին եզերքը, կա մի մնացորդ նույն քմահաճույքին ենթարկված։
Մեծ կաթողիկեի հարավային պատին մոտիկ ևս եղեր է մի ուրիշ եկեղեցի երկար ձևով, որ հավանորեն ավելի հին է քան կաթողիկեն, մասամբ փոքրությունից երևում է, որ դա կլիներ սովորականեն մի քիչ խոշոր վկայարան։ Այս շենքին փլատակներեն ընկած կան այսօր զանազան տեսակ մոդիլոնավոր քիվեր, զույգ որմասյուներ և ուրիշ հին ձևի պատուհանի շրջանակներ, որոնք կաթողիկեի զարդաքանդակներու և մուլուրներու հետ ոչ մի առնչություն չունին և ավելի հնագույն ոճերու կպատկանին։ Կաթողիկեն առանց նորոգության չի մնացեր, թեև ներսն ու դուրսը եղած նորոգությունները շատ հմտորեն են կատարված. այնուամենայնիվ չի կարելի ուշադրություն չդարձնել արևմտյան դռան վրա, որ 13-րդ դարու ոճով կազմած voūt-d’arrēt ունի: Այս կտորը լուրջ ուշադրության կկարոտի և մանրակրկիտ քննության, համենայն դեպս թեև 6-րդ−7-րդ դարերու գործ չեն, սակայն եթե 10-11-րդ դարերու լինելը ապացուցվի, այն ատեն voūt-d’arrēt հայոց մեջ սկզբնավորության մասին ունեցած կարծիքս կհեղաշրջվե անշուշտ։
Թալինի մեծ եկեղեցվո գմբեթին վրա կա տակավին մնացած կղմինդրի մնացորդները։ Ստորին մասերուն վրա չեն երևար, թեև քարե ծածկի ալ նշաններ չեն տեսնվեր։ Բայց գետինները թափված կտորներ շատ կան։
Թալինի մեծ եկեղեցվո հյուսիս արևելյան անկյունին վերջին պատուհանի պսակը վերին աստիճանի հետաքրքրական մի մուլյուր ունի մանվածո, հետաքրքրական է այստեղ գծված մուլյուրը, գավազանը քանդակված է այսպես կոչված էլմասթրաշ, իսկ վերև տափարակ լայն ժապավենի վրա կարգով քանդակված են բոլորակներ մեջը փոքրիկ վարդիկներով, իսկ յուրաքանչյուր բոլորակի մեջտեղ, որ արաբականի նախնական կամարի նման է։
Գյուղի վերջին բնակիչները գաղթած են Պասկևիչի
հետ Ալաշկերտից և Տարոնի կողմից։ Յանուն ԱՅ Ի ՆԲ թվականին։ Կամ եղև իմ Միսայելի և էտու զիմ Այգին սուրբ Քրիստափորի վասն իմ անցելոց հոգեաց և վասն Աշոտոյ Հայոց Թագաւորի և որդեացն արևշատության։ Յայսմ հետէ ոչ յիմ ազգէ և ոչ յարքունեաց չիշխէ ոք յայսմ հրամանացս ընդդիմանալ։
Վերոգրյալ արձանագրությունը գտնվում է Թային գյուղի հարավ արևմտյան կողմը երկու կիլոմետրի չափ հեռավորության վրա գտնված մի փոքր վանքի հարավային պատի վրա, այս պատի վրա կա երեք արձանագրություն, որոնցից մեկը 941 թվականին է, սակայն հողով ծածկած լինելուն պաաճառով, հնար չեղավ որոշ չափով կարդալ, կա նաև երկու հնագույն արձանագրություն՝ մինը արևմտյան ճակատի վրա հարավային անկյունի մոտ, մի ուրիշն ալ հարավային կողմեն դուրս ցցված թևի արևմտյան ճակատի վրա։
Արևմտյան դռան վրա ևս կա մի մաշված անընթեռնելի արձանագրություն։ Բացի այս, կան նաև թափթփված արձանագրությանց մեծ ու փոքր բեկորներ, որոնք հավաքելու և լուսանկարելու ամենևին հնարավորություն չունեցա, օրվան եղանակի աննպաստ լինելու պատճառով։
+ ԲՎ ՉԾՋ XXX շնորհիվ ողորմածին Այ այս իմ գիր է պարոն Աղպուզայիս թոռն մեծին չահան շահի որդի Իվանէի որ կամ եղև ինձ զթալնոյ գինոյ խայեն վասն արևշատութեան ամիր սպասալար շահանշահի եղթաւր իմոյ և ինչ աղպուլզայիս և Սիթի Խաթունիս և զաւակաց մերոց և վասն մեր պատրոն նախնեացն յիշատակութենէ է, թէ ոք այս գրին հակառակ կա յիմոց և յաւտարաց, մարդն այն դատի յԱյ և մեր նախնեաց մեղացն պարտական լիցին առաջի Քի ահեղ ատենին. կատարողքն արհնին յԱյ և յամենայն սրբոց. ամէն։
Այս արձանագրությունը գտնվում է ներքին Թալին գյուղի մեջտեղ, տակավին գրեթե կանգուն մի փոքր բերդի արևմտյան մուտքի վրա։ Մուտքի կից բուրգի ճակատին, հայերեն արձանագրության մոտիկ կա մի պարսկերեն արձանագրություն հետնագույն ժամանակի մտցված։ Այս բերդի հարավային կողմը կատարին մոտ քանդակված կա (բուրգի վրա) մի մարդու արձան, իսկ բուրգի անմիջապես կից դեպի արևմուտք ճակատին, արևելք նայող ուղղանկյուն պատին վրա քանդակված են երկու փոքր առյուծներ դեմ դիմաց։ Ընդհանրապես լավ է պահված ներքին բերդը, որ խաչաձև եկեղեցվո նման հատակագիծ ունի, կողմերու բուրգերեն երկուքը անկյունավոր են, իսկ մյուսները կիսաբոլորակ։ Արտաքուստ մի քանի մետր հեռվեն շրջապատված է եղեր ավելի ցած պարսպով, բայց այժմ հազիվ հետքերը մնացեր են տեղ տեղ։ Միջին բերդը այժմ այնտեղ բնակող խանի իբրև ցորենի շտեմարան կծառայե։
Զանազան արձանագրություններու մեջ հաճախ հիշատակած Թալինի այգիները, այսօր շատ պարզ կերևին Ներքին Թալինի շուրջը մի քանի կիլոմետր տարածության վրա, յուրաքանչյուր սեփականությունն առանձին որձաքար պատերով բաժանված, որոնք այսօր ծառայում են առանձին արտերու իբրև ցանկ կամ սահման։
Ինչպես երևում է, Ներքին Թալինի այժմյան դիրքեն հնում նույնպես եղեր է ուրարտական շրջանի բերդ։ Որովհետև ոչ միայն ուրիշ ուրարտական բերդերու նման հրաբխային քարքարուտ բարձունքի վրա է շինված, այլև տակավին կմնան հատ ու կտոր հսկայական որձաքարերով շինված պարիսպներու մասերը։ Քիստոնեության շրջանի Թալինի բնակիչները օգտվելով այս քարերու գոյութենեն իրենց այգեստանները շրջապատեր են այդ քարերով և ուրարտական բերդերու փլատակներեն գոյացած քարերով։
Վերին Թալինից մինչև Ներքին Թալին հազիվ լինի 6-7 կիլոմետր հեռավորություն այս միջոցին մեջտեղին վրա, ավելի մոտիկ Վերին Թալինի դաշտին մեջ, փլատակ վիճակի մեջ, կա մի հսկայական իջևան սև սրբատաշ քարերով շինված, երկայն ձև ունի արևելքեն արևմուտք. արտաքին որմերու անկյունները և մեջտեղերը ունեցեր է նաև փոքրիկ բուրգեր, որոնցմով ավելի մի ամրոցի տպավորություն է թողնում. վերին աստիճանի հետաքրքրական է ձևը. մուտքի կողմը ամենայն հավանականությամբ եղեր է հարավեն, որովհետև մյուս կողմերուն վրա հետք չերևիր մուտքի։ Միայն հարա¬ վային կողմն է, որ խիստ քայքայված, թեև սակայն մուտք ունենալուն հավանականություն է ներկայացնում։ Ըստ գյուղացվոց վկայության դուռը հարավային կողմն էր։
Այս իջևանը քանդեր է Շահրիարցի Օհան Սուլթան ըսված մի բռնակալ մարդ, որ շարունակ այս իջևանի քարերը քանդելով ուղտերու վրա բարձած ուղարկում էր յուր գյուղը՝ Շահրիար։
Քարտաշ վարպետներու նշաններ կան Թալինի եկեղեցիի վրա։
Եկեղեցիի արևմտյան դռան ձախ կողմը պատին վրա։
Կամաւ բարերարին այ. ես Կարայպետս եկի ի սբ. Ստեփանոսի դուռնս և տեսայ որ ջուր ոչ կայր ի սմայ և բնակչաց սորայ թախանձել զիս զինչ որ սմա ունէի տուի յայս (?) էրսի եւ բաբեխաւս կալայ ինձ զսբ. Ստեփանոս առ ած որ զիս յիշեն ի սբ. պատարագս…… առնէն ինձ ժամարարին Զ աւր։ Արդ, եթէ ոք հակառակ կայ այս բանիս և զիս մռռանայ մոռացեալ լիցի որդւոյն այ։
(Արթիկի մեծ եկելղեցիին արևելյան կողմը ֆրոնթոնի թեքության վրա (հյուսիսային կողմը գտնվող մասին) վերջին շարվածքներուն մեջ կա քարի մը կտոր, որուն վրա կա անճաշակ գրերով արձանագրության մի կտոր անընթեռնելի, իսկ նույն ճակատի հարավային նիշի, հարավային կողքի վրա կա մի քար, որուն վրա կա արձանագրության մը սկզբնավորոթյունը այսպես «Իշխանութե Շահնշահի ես»…)։
Լմպատա վանքի խորանին մեջ գմրեթարդին վրա նկարված է մեծադիր Քրիստոսի պատկեր, ոտներուն տակը կիսաբոլորակ ձևով նկարած է ծիրանե գոտի ոտներուն առջև ձախ կողմերը ծիրանի գոտիեն ցած նկարված է հրեղեն կառքերու անիվները, և անոնց քովերը վեց թևյան երկուքական հրեշտակներ, և յուրաքանչյուր երկու հրեշտակին մեջտեղ դարձյալ մեկ-մեկ անիվ հրեղեն կառքերու։
Խորանին երկու քովերու transept-ների ու անկյուններու տրոմպներու տակ նկարված են ձիավորներ, արևելյան կողմի պատերուն վրա, դեպի հյուսիսի կողման պատի ճակատին, որուն կռնակը արևելք է, գրված է երկար սև ներկով արձանագրություն. բայց ավելի կանուխ գրած քան նկարը, որովհետև գրերը նախ դեղով ծածկեր են և հետո վրան նկարեր։
Լմպատա վանքի արևելյան կողմի քարափոր դագաղներու նման դագաղներ բազմաթիվ գտնվելեն զատ Մահմուտճուկ գյուղին մեջ կան նաև բնական ապառաժի մեջ փորվածքներ, որոնք այսօր մեծ մասամբ մնացած են: Գյուղացվոց պատմելով բնական ժայռերու մեջ փորված դագաղներն ալ ունեցեր են շարժական կափարիչներ, որոնցմե կօգտվին գյուղացիք գուգներ շինելով, անասնոց ջուր տալու համար: Ուշադրության արժանի է այս եկեղեցվույն մեջ ամենեն առաջ բոլորովին շեշտված պայտաձև աղեղները, որուն միակ օրինակը մնացեր է խորանին վրա, մյուս որմասյուներուն վրայի աղեղները, որոնք անպայման նման էին խորանին պայտաձևերուն, քանդեր են որմասյուները և պատերը ներսեն մեկ կամ երկու մետր տեղ իրենց խոր հնության տիպը պահեր են, մնացածները հաճախ նորոգված են, և այդ նորոգությունները ունեն 7-10-րդ դարերու հատկանիշները։
Ինչպես կերևի, ի սկզբան պատուհան բնավ չէ ունեցեր․ 7-րդ դարու նորոգության ժամանակ հարավային պատին վրա սեղանին մոտ բացեր են մի պատուհան, շատ տարօրինակ ձևով վերևը նեղ և վարը լայն։ Այս պատուհանը հավանաբար 7-րդ (?) դարու նորոգության ժամանակ փակեր են դրսեն և ներսեն ազատ թողելով։
Որմասյուներու խարիսխները շատ նման են Տեկորի ներքին որմասյուներու համաչափությանց և անոնց զարդագծերու մի այլազանությունը կներկայացնեն։
Արձանագրության անընթեռնելի հետքեր կան թափված հարավային պատի վրայի պատուհանին մեջ դրված քարերեն մեկուն վրա, որոնց ձևը 10-րդ դարու տառերու ձևը ունին։
Անկասկած կարելի է ըսել թե հարավային պատի վրա արևմտյան անկյունին մոտ, մի նեղ փոքր պատուհան, նմանապես արևելյան կողմը խորանին վրա և արևմտյան կողմը զույգ պատուհաններ շինված են 10-րդ դարուն։
Արևմտյան ճակատի պատին վրա դեռ մնացեր է կամարի կլորության հետքերը, և ապացուցում է որ անպայման այս շենքը ծածկված էր կամարակապ։ Հյուսիսային պատի վրա բարձրը կա մի քար, որուն վրա տառեր կնշմարվին անընթեռնելի, և ըստ երևույթին նույնիսկ հայերեն չեն։
Առայժմ երկու աստիճան է որ կա, սակայն հիմերը շատ տարօրինակ կերպով լեցված են հսկայական որձաքարերով և ըստ երևույթին հեթանոսական շրջանի արվեստագործության շարունակությունն է։
Արևմտյան կողմը ֆրոնտոնին ներքև տակավին մնացած է 7-րդ դարու հատուկ մոդիլոնի ձևով զարդարուն քիվը որուն շատ հարազատ նմանությունը կներկայացնե Բագարանի կաթողիկեի քիվը և կամ ավելի ճիշտը Էջմիածնի քիվը (հինը)։
Հյուսիսային կողմը բնավ պատուհան չունի։ Պատի քարերը առհասարակ տաշված ու շարված են 5-րդ-7-րդ դարերու ոճով, գլխավորաբար ստորին մասերու վրա, որոնք թե առհասարակ երկար են և թե շարված են դեպի երկարությանը։
Այս է հանգիստը ՍՈՇԱՆ ի Ի Թ ՈԾԱ (651+551=1202)։ Այս քարը կգտնվի Մահմուտճուքի անանուն (արևմտյան կողմը գյուղին) մատուռին արևելյան կողմը արտին մեջ։
Այս Մակարավանքի մեջ ուշադրության արժանի նորություն է ներսի կողմի արևմտյան որմասյուներուն վրայի նիշերը։ Գմբեթը շինված է պանդանտիվի վրա։
Արևելյան պատին վրա եղեր է արձանագրություն մը, որուն տողերու վերջերը պարանակող քարը միայն մնացեր է. այդ մնացորդին մեջ կկարդացվի «Շինեցի վանք» բառերը։ Թեև տառերու ոճը ավելի 12 և 13-րդ դարերուն կվերաբերի, որ անշուշտ չի կարող նախնական շինության թվականը ըլլալ, հավանորեն 13-րդ դարուն մեջ վերանորոգած և վանքի վերածած է արձանագրողը։
Ուստի վանքի հյուսիս արևելյան կողմի քառակուսի աշտարակաձև շենքի մնացորդին համար կպատմեն գյուղացիք, որ եղեր է բարձր աշտարակ, քան եկեղեցին և ունեցեր է ներսեն սանդուխներ վեր բարձրանալու համար։
1913 օգոստոս 16-ին այցելեցի Մազարճուք գյուղը։
Ունի երկու եկեղեցի մին Ամենափրկիչ անունով և մյուսը սբ. Աստվածածին անունով։ Ամենափրկիչ անվանվածը փոքր եկեղեցի է, արևմտյան կողմեն դուռով ըստ ամենայնի հնության կներկայացնե, թերևս 7-րդ դարեն առաջ, ներսի կողմի ջլաղեղ կամարները և խորանին աղեղը շատ շեշտված պայտաձև են, անշուշտ 5-րդ և 7-րդ փոխանցման շրջանի կպատականի։ Այս փլատակ եկեղեցվո միջեն գտնվեցան հին 7-րդ դարու ձևով գերեզմանաքարերու բեկորներ։ Սույն եկեղեցվո հարավային կողմը կա գերեզմանատուն մը, որուն մեջ կա ձգված դարձյալ 7-րդ դարու ձևով մեծ գերեզմանաքար մը, կեսը կոտրած, հավանաբար ուրիշ տեղե բերված և այնտեղ նոր մեռելի վրա պառկեցուցեր են։
Իսկ սբ․ Աստվածածնին միայն արևելյան մասն է մնացեր, գեղացիք 1903 թվականին հին եկեղեցվո միայն արևելյան խորանին մասը պահելով մնացածը քանդել և կցեր են նոր շինությանը։ Հինը եղեր է ներսեն և դրսեն խաչաձև ինչպես 7-րդ դարու ընդհանրացած շատ մը եկեղեցիներ, քիվերը մաքուր 7-րդ դարու ոճով և նույն ժամանակ շինված են։ Արևելյան կողմի խորանին պատուհանը ժամանակի սովորության համաձայն շինված է խոշոր։ Այս պատուհանին ներքևը կա մի մեծ քար պատին մեջ, որուն վրա կերևա եղծված արձանագրության մը հետքերը, այս արձանագրությունը համենայն դեպս հայերեն չէ, կամ արաբերեն է, և կամ ասորերեն, որ ավելի հավանական է։
Ներսի կողմեն, հին խորանին երկու աղեղները պահված են երկու կողմի որմասյանց խոյակներով։ Խոյակներու ձևը շատ նման են Տեկորի, Շիրվանճուքի և այլ 5-րդ դարու պատկանող խոյակներուն, իսկ որմասյուները պսակող զույգ աղեղները 5-րդ դարու շեշտված, պայտաձև են։
Այս գյուղին մեջ ալ շատ են գտնված հեթանոսական գերեզմաններ, մեջը ոսկրալից և ուլունքներով կճուճներ, և այլն և այլն։
Այս գյուղին շատ մոտ է փոքր Պուզուտլու ըսված սարը, որուն գագաթը կըսեն գյուղացիք կարմիր մեծատաշ քարերով հին շինությանց հետքերը պահված են մինչև այսօր, գաճ ու կրով շինված։ Իսկ գագաթին շուրջը բոլորած է հին որձաքարով լայն պարիսպ։
Զարնճայի եկեղեցին փոքր խաչաձև, ունի պայտաձև ներքին չորս աղեղներ, սակայն ոչ are plein cintre, այլ թեթև կերպով are brisĕ, նաև որմասյանց խոյակ֊ները 7-րդ դարու հատկություն ունին, պատուհանները թեև փոքր, սակայն ոչ նույնչափ և նույն հատկությամբ, ինչպես 10—11-րդ դարերու։ Ավելի 7-րդ դարու հատկություն ցույց կուտան, ունի թեև պանգանտիվ, սաակայն ներքևի սուր ծայրին վրա, աղեղներու միացումին տեղը ունի փոքրիկ տրոմպ։
Ուշադրության արժանի է եկեղեցվո շրջապարիսպները ահագին ընդարձակությամբ, արևելյան կողմեն հասնում է մինչև Ախուրյան գետի դարևանդին գլուխը, իսկ հյուսիսային և հարավային կողմերեն մոտավորապես 30-40 մետր հեռավորության վրա շրջապատում է, իսկ արևելյան կողմեն հայտնի չէ թե ո՞ւր է հասնում սահմանը։ Այսուամենայնիվ հետաքրքրական է տեսնել քարերու անօրինակ խոշորությունները, մաքուր տաշվածքը և կանոնավոր շարվածքը։ Այս պարսպի ընդարձակության մեջ էին պարփակված այժմ երևցած երեք եկեղեցիները մեկ կարգի վրա, իսկ չորրորդ մը երեք եկեղեցիներու արևմտյան կողը, այս եկեղեցվո ձևը եղեր է բոլորակ։
Մարմաշենի կաթողիկեի արևելյան կողմը որ այժմ կգտնվի գյուղին աղբյուրը և ուրիշ քանի մը գյուղական խրճիթներ, այդ տեղի վրա եղեր է մի մեծ բոլորակ եկեղեցի։ Հավանորեն ավելի խոշոր քան Անիի Փրկիչ եկեղեցին, Զվարթնոցի մոտավոր չափով։ Այս եկեղեցվո ամենեն վերևի բոլորակ աստիճանը միայն մնացեր է աղբյուրի հարավ արևմտյան կողմի մի գյուղացու տան մեջ, թերևս մյուս ստորին աստիճաններն ալ կան հողին տակ, իսկ հողի վրայի մասին գյուղացիք մի ժամանակ փորելով հայտնագործեր են արևելյան կիսաբոլորակ խորանը, ես ինքս տեսա նաև զույգ որմասյուներ և արձանագրության բեկորներ նույն տեղեն հանված, որոնց մեկ մասը դեռ կմնա աղբյուրին շուրջը ցիրուցան թափված։ Այս բերդի քարերու վրայի վարպետներու նշաններից են՝ (ա)աղեղները մինչև գետին իջած չեն այլ քարե բռազոլի վրա նստած են․ այս բռազոլները արևելյան կողմի մասին մեջ են, ՛արևմուտքը փլած է և հայտնի չէ։
(բ) Պատերը մինչ ներքև իջած և սենյակներ անջատած են։
Բերդը երեք հարկանի է, փլատակեն վեր արտաքին պարսպին մուտքը հյուսիս արևելյան անկյունին մոտ է, ներքինը՝ հայտնի չէ
Ուչթեփեներն անցնելով արդեն կսկսվի տեսնվել վաղեմի կենդանության նշաններ ցույց տվող ասդին անդին ցրված բլուրներ, որոնք իրենց ծոցի մեջ կպահեն եկեղեցիի մը, կամ շինության մը փլատակը՝ բոլորովին ծածկված հողով, երբեմն հատ ու կտոր պատերու մնացորդներ, երբեմն կնշմարվի ամբողջ գյուղի մը տեղը՝ իսպառ քայքայված, և անհետացած, ավանդությամբ միայն ժողովուրդը կհիշե թե այն տեղեր ավերակներ են որովհետև վարուցանքի ժամանակ երևան են եկեր խաչքարեր, պատի կտորներ, երբեմն ընտանեկան խեցեղեն, կահկարասիներ և այլն և այլև։
Անցնելով Արազի գյուղի սահմանը դեպի հարավ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա, պարզ կնշմարվին հեռուեն Անիի հյուսիսային պարիսպները և անոնց առջև վիթխարի պահապան զինվորներու պես կանոնավոր շարքով բազմաթիվ աշտարակները, որոնք շրջապատած են Անին մինչև այսօր, կարծես կսպառնան ահ ու սարսափ։ Ահա այս հեռավորութենեն կսկսի գոնե առայժմ հողեն դուրս երևիլ Անիի երբեմնի ճոխ ու եռուն կյանքի առաջին վկան Անիի հյուսիսային կողմը մինչև Ուչթեփեները տարածվող դաշտին մեջտեղ՝ մի մահարձան բարբարոս ձեռքերե անխնա քանդված ու այլանդակված, հազիվ մնացած է վրան այս ու այն կողմ քանի մը սրբատաշ քարեր, մնացյալները ամբողջովին քանդված ու տարված են։ Բարեբախտաբար մնացած են խարիսխին ամեն մեկ անկյուններուն վրա մեկ-մեկ անկյունաքարեր, որոնցմե հնարավոր կլինի չափել անոր լայնությունն ու երկարությունը, նույնպես մնացած է բարձրության վրա խաչարձանը կրող խորանարդ ձևով միակտուր քարին կեսը։ Ամեն կողմից շրջապատված երեք աստիճաններու վրա բարձրացած էր պատվանդան մը կրով ու շաղախով շինված, վրան դրած էր ամբողջ տարածության չափով միակտուր քար մը սրբատաշ և գագաթին քառակուսի ձևով փորված խորշ, վրան կանգնված խաչին ստորին մասը ամրացնելու համար։ Խաչարձանը բոլորովին անհետացած է․ խաչին անմիջապես տակը գտնվող միակտուր քարին մեկ մասը որ կա ամեն կողմեն, սրբատաշ է, արևմտյան կողմեն շինված է քառակուսի շրջանակ մը բարձրաքանդակ մուլյուրով և մեջը արձանագրված է։
Ասոր շուրջը կան փոքր ու անբնակ բարձրություններ, որոնք կհայտնեն իրենց ծոցին մեջ գտնվող վաղեմի շինությանց փլատակներու գոյությունը, թեև հիմա բոլորովին հողով և կանաչ խոտերով ծածկված։ Այս շիրիմեն իբր 400 քայլ դեպի հարավ արևելք առաջանալով կհանդիպենք ուրիշ կիսականգուն տարօրինակ ձևով փոքրիկ շինության մը, որուն ժողովրդական ավանդությունը Հովվի եկեղեցի և կամ Նախրճու ժամը անունը կուտա։ Այս եկեղեցին որ դամբարան մե ավելի, ամենաչքնաղ նմույշ մե անեցիներու ճարտարապետական և գեղագիտական նրբին ճաշակին։ Այսօրվան տխուր ու այլանդակված վիճակին մեջ, յուր զարդեր են մերկացած, կողոպտված ու անդամալուծված իշխանուհի մ’ է կարծեք ճանապարհին վրա նստած հանդիմանելու համար մեծ ու փառավոր անցյալի մը ներկա զավակները, որոնք կերթան տեսնելու մայր թագուհի Անին և կդառնան առանց անգամ մը իսկ ուշադրություն դարձնելու այս վաղեմի գեղեցկության չնաշխարհիկ ավերակին վրա։
Երկար տարիներե ի վեր նա կողբա իր վիճակը, կխնդրե բարերար մը, որ ծածկե իր մերկությունը և պահպանե զինքը ժամանակի ավերիչ ճիրաններու մեջ իսպառ անհետանալու վտանգեն, բայց ո՞վ կլսե, մարդիկ ականջնին փակած են այս աղիողորմ հեծեծանքները չլսելու համար։ Արվեստի պատմության մեջ թերևս միակն է Հովվի եկեղեցին իր կազմությամբ։ Չորս կողմը սուրացող սաստկաշունչ քամին կքշե կտանի յուր բոլոր հեծեծանքներն ու հառաչանքները հեռո՜ւ հեռո՜ւ և կկորսնցնե տիեզերքի անհունության մեջ։ Շենք չէ սա, այլ իր շքեղ պարզության և աննման վայելչության մեջ, պարզապես գոհար մ’ է ոտքի տակ կոխկրտված։
Երկու բոլորակ աստիճաններով խարիսխի մը վրա հատակագիծը կներկայացնե վեց թևով աստղ մը, ներքուստ և արտաքուստ։[4] Ներսեն և դրսեն կամարները սրանկյուն են, խորշերու գմբեթարդները թեթև կորություններով միայն ձևացած են ոչ բոլորովին կենտրոնախույս բոլորակներով, գմբեթը ունի չորս պատուհան արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, միջին հարկը միայն մեկ պատուհան, արևելյան կողմեն։ Արևելքեն արևմոսոք, հյուսիսեն հարավ ձգված չորս կամարներու վրա դրված է փոքրիկ գմբեթը, որոնց ծայրերը միացած են բոլորակ պատին մեջ, պատեն դուրս ցցված փոքրիկ սրածայր դեպի վար կախված և պատին մեջ ամրացած քարերու վրա, որպես console ներքևի հարկը։
Գետնահարկին վրա է եղած գերեզմանը, իսկ միջին հարկին մեջ պատարագի սեղանը, ուր կա հակառակ սովորականի, փոխանակ ձախ կողմի, աջ (հարավ) կողմը խորհրդանոցը կամ սկիհի պահարանը։ Ներսեն ու դրսեն ներկված ըլլալու հետք չկա ամենևին, միայն միջին հարկը գմբեթով միասին ճերմակ կրով ու գաճով ծեփված է. զարդաքանդակներ չկան, բացի սյուներու խոյակներե, միայն ներքին մասին մեջ գետնահարկի պատուհանին խորշին մեկ կողմին վրա հպող եղած փոքր մաս մը կնշմարվի։ Առեղծված է վերնահարկ բարձրանալու սանդուխը, ոչ մի տեղ հետք ու նշան չկա սանդուխ եղած ըլլալուն։ Վերնահարկի մտից դուռն ալ բացված է հարավային կողմը ճիշտ գետնահարկին դռան ուղղությամբ, նշմարելի է առջևի մի փոքրիկ քառակուսի բլաթֆորմ և ուրիշ ոչինչ։ Փոքրիկ գմբեթին արևմտյան հյուսիսային մեկ մասը կանգուն է կոնաձև ծածկով, միջին հարկեն մնացած են սրբատաշ քարերը արևելյան կողմեն, իսկ վարի գետնահարկը հյուսիսային կողմեն ունի քանի մը կամարախորշեր կիսեղծ մնացած, ուրիշ ամեն տեղեր արտաքուստ մերկացած են սրբատաշ քարերեն, արևմտյան կողմը սկսյալ հարավի դռան մոտ սյունեն բոլորովին փլած է և շատ մոտալուտ է բոլորովին կործանման վտանգը։ Շուրջը շինության հետքեր չեն մնացած, ամեն բան անհայտացած է և եղած է վարուցանքի տեղ, արտեր ու կմշակվի այժմ ցորեն և գարի։
Հովվի եկեղեցիեն ուղիղ գծով դեպի հարավ 500 քայլի վրա ինկած կան կրաշաղախ բեկորներ, որոնք ցույց կուտան թե եկեղեցիի մը կամ մատուռի մը փլատակներ են, պատի սրբատաշ քարերու վրա տակավին մնացած կա արտաքին որմասյան մը մնացորդները։
Այս բեկորներեն դեպի արևմտուք ավագ դռան զույգ աշտարակներու ուղղակի դիմացը, կա մի մեծ փլատակ կարևոր շինություն մը, որուն հյուսիսային պատին մեկ մասը տակավին կանգուն կը մնա։ Ասիկա բաղնիք մե եղած պարիսպեն դուրս և բավական խոշոր, որ մեկ կարգի վրա ունեցեր է (հյուսիսային կողմեն) հինգ գմբեթավոր սենյակ արևմուտքեն արևելք երկնցած, արևելյան ծայրին վրա մի սենյակ կամարակապ. սենյակներուն երկուքը արևելյան կողմեն դեռ կանգուն են իրենց հյուսիսային որմակամարներով և գմբեթներու կիսովը․ մյուս մասերը փլած են բոլորովին։ Փլատակների մեծությունը և տեղին ընդարձակությունը ենթադրել կուտա, որ այս բաղնիքը ունեցեր է ավելի քան տասներկու սենյակ համաչափորեն դրված հարավային կողմն ալ հյուսիսային կողմի սենյակներուն։ Կանգուն մնացած արտաքին պատին վրա արձանագրության և քանդակներու հետքեր չկան, միայն հյուսիս արևմտյան կողմը ընկած բեկորներեն մեկուն մի քարին վրա 15 սմ. մեծությամբ փորագրված կա այս ձևով (չ) տառ մը։
Պեղումները գուցե տան մեզի շատ մանրամասնություններ այս շինության մասին։ Մի տարօրինակ երևույթ կա այս կողմերը, որ մինչև այսօր ոչ ոքի ուշադրությունը չէ գրաված, սկսված նախապես նկարագրածս շիրիմեն մինչև պարիսպները և երկու կողմին վրա դեպի արևելք մինչև խաչի ձորը, դեպի արևմտուք մինչև Անի գյուղը (ասկե անդին չեմ քննած), բացի զանազան մեծ ու փոքր ավերակներու փլատակներ պարունակող բլուրներեն կան մեծ քանակությամբ պատեր կամ պարիսպներ, ոմանք մինչև 7-8 հարյուր քայլ երկայնությամբ պարիսպներու մնացորդներ հողին տակ ծածկված, հակառակ երկար դարեր մաքրվելով վարուցանք անելուն դարձյալ զգալի կերպով մնացեր են հետքերը, երբեմն տեղեր, մասնավորապես պարիսպի մոտերը սկսյալ Հովվի եկեղեցիեն այնպես որոշ ձևեր ստացած են պարիսպներու ուղղությունները, զորս կարելի է կետ առ կետ չափել, զանազանել և որոշել յուրաքանչյուրին սահմանները։ Ասոնք ի հարկե ամրոցներ չէին, և ոչ ալ շինությանց պատեր։ Ապահովաբար ասոնք եղեր են այգեստաններու և պտղատու պարտեզներու շրջափակ պարիսպներ։ Անիի շեն ժամանակ որ առատ ջուր կար, և այդ ջուրին ճանապարհը կանցներ այդ տեղերով, անպատճառ պետք էր որ օգտվեին այդ ջուրի առատությունեն։ Արձանագրությանց մեջ բազմաթիվ են Գլիձորի մեջ և պարիսպներուն տակ խրամատները ջուրով լեցուն ըլլալուն վկայությունները, նույնիսկ պարտեզներ և ջրաղացներ կան հիշատակված Գլիձորին կողմերը, ուր այժմ բոլորովին չոր է, միայն գարնան մի քիչ խոնավություն կգտնվի։ Սակայն վերջերս Անիի Մայր եկեղեցվո մոտ գտնված արձանագրություն մը, որուն մեջ կհիշատակվի Պաճեզ մի կարուց դռան մոտ լիովին կապացուցանե իմ ենթադրություններս, որ քաղաքը շրջապատված է եղեր ընդարձակ տարածության վրա (հյուսիսեն) բազմաթիվ պարտեզներով։
Հետաքրքիր այցելուին համար շատ դյուրին է տեսնել այս մրգաստաններու կամ այգիներու սահմանները։
Պարիսպներեն դուրս նկարագրված բաղնիքին հյուսիսային պատին ուղղությամբ կտեսնվի գլխավոր պարիսպներեն մեկը, որը բաղնիքեն դեպի արևելք երկննալով ավելի քան 250 քայլ կդառնա ուղղանկյուն ձևով դեպի հարավ, իսկ բաղնիքեն դեպի արևմուտք ալ դարձյալ նույն պատը ուղիղ գծի վրա դեպի արևմուտք 300 քայլ երկարելեն հետո, կոր գծով մը կշեղվի դեպի հյուսիս-արևմուտք և կընդհատվի հյուսիսեն հարավ երկնցող ուրիշ պատի մը վրա։ Այս վերջինս մինչև 800 քայլ երբեմն ուղիղ դեպի հարավ և հետո զանազան բեկբեկումներով և շեղումներով դեպի հարավ արևելք կհասնի մինչև բաղնիքեն՝ 250 քայլ վարեն դեպի հարավ ուղղանկյուն գծով մեկնող պատին, այնպես որ բաղնիքը կգտնվի այս շրջափակին մեջ հյուսիսային պատով միայն հավասար այս պարիսպին, և կներկայացնե գոնե առայժմ ըստ երևույթին, մեկ այգի կամ պարտեզ։ Հիշված երկու ծայրերը իրար միանալեն հետո երկար շարքը վերստին կանցնի և կշարունակվի դեպի արևելք խիստ երկար գծով մը. այս երկար գծին զուգահեռական դեպի հարավ պարիսպին կողմին վրա 50-60 քայլ հեռավորութենե կձգվի մի ուրիշ երկար գիծ, որը մեկ ծայրով կհասնի Անիի ավագ դռան, հիմնական ճանապարհին եզերքը, իսկ մյուսը զանազան շեղումներով, կերթա դեպի արևելք՝ տեղ տեղ իր հետ միացնելով հակառակ կողմերե եկող պարիսպներու ծայրերը։
Ավագ դռնեն դեպի արևելք, պարիսպեն 300 քայլ դեպի հյուսիս, կա ի միջի այլոց մի կրաշաղախ բեկորներու կույտ, հավանականաբար մի եկեղեցիի, ասոր մոտ են դեպի հյուսիս և արևելք վերին աստիճանի պարզ են պարիսպներու բաժանումները․ այնպես որ գութանավորներ ստիպված են եղեր այդ գեղեցիկ քառակուսի շրջանակներեն առանց դուրս ելլելու մշակել միայն անոնց մեջը։ Շատ տեղեր պարզապես առանձին արտերու սահմաններ եղեր են այս փլատակները, ինչպես ի հնումն պարտեզներու։ Այս սահմանին վրա, այսինքն ավագ դռան ճանապարհեն դեպի արևելք, մինչև Դվինի դռան դիմացը, 15-են ավելի մեծ ու փոքր բլուրներ կան փլատակ շինություններ ծածկող, նաև մեծ ու փոքր տապանաքարեր տեղ տեղ։ Ինչպես կերևի բացի բնակութենե եղեր են նաև գերեզմանատներ այս կողմին վրա։ Դեպի ավագ դուռը տանող ճանապարհին արևմտյան կողմը նույնպես կներկայացնե հետաքրքրական տեսարաններ։
Այն խաչարձանը, որ նկարագրեցինք Հովվի եկեղեցիեն դեպի հյուսիս արևմուտք, այդ խաչարձանեն ալ մոտ հարյուր քայլ դեպի արևմուտք, կսկսի մեծ պարիսպի մը հետքը և ուղիղ դեպի հարավ շարունակվելով կուգա կհասնի մինչև այնտեղը, ուր նկարագրեցի բաղնիքին հյուսիսային պատին հավասարությամբ անցնող պատը, որը շարունակվելով դեպի արևմուտք և հետո քիչ շեղվելով դեպի հյուսիս կմիանար ուրիշ պատի մը, բաղնիքին պատի շեղումը քիչ մը ևս երկարելով կուգա կմիանա այս վերջինին, այս վերջին երկար պարիսպը հազիվ քանի մը քայլ անցած բաղնիքի ուղիղ արևմտյան գծեն 25-30 մետր երկարությամբ, կշեղվի դեպի արևելք և այնուհետև գրեթե ուղիղ գծով կերթա կհասնի մինչև Կարուց դռան անմիջապես, արևմուտքը գտնվող փոքր բուրգին առջև և այնտեղ կվերջանա հետքը։ Այս վերջին շեղումեն հետո այլևս խիստ որոշ է բավականին զորեղ շրջապարիսպ մը ըլլալը. տեղ տեղ հաստությունը նշմարելի է ավելի քան 1½ մետր, ուղիղ գծեն ունի թեթև կորացումներ, միայն մի տեղ պարիսպներեն 150 մետր հեռավորության վրա նկատելի է բեկում մը դեպի արևելք։ Պարիսպի մոտերքը եղել են բազմաթիվ ձիթհանքեր ալ, որոնց հետքերը կմնան մինչև այժմ։ Բաղնիքին ուղղությունեն դեպի հյուսիս և արևելք ուսումնասիրության կարոտ է, բայց անկից դեպի հարավ արևմուտք մինչև թրքաբնակ Անիի գերեզմանոցը և անկից ուղիղ հարավ Անի գյուղը և Ծաղկոցաձորն ու Իգաձորը բազմաթիվ նշաններ կան կրկին, այգեստաններու պարիսպներու։ Անի գյուղի սահմանը անցնելով դեպի հարավ կսկսի ընդարձակ հասարակաց գերեզմանատունը, ուր անհամար հասարակ ժողովրդին տապանաքարերեն զատ տակավին կանգուն, կիսականգուն կամ հիմնահատակ կմնան շքեղ դամբարաններ, որոնց բացի մեկ հատեն մյուսներուն ով և ինչ ըլլալը հայտնի չէ։ Կարուց դռան փոքր բուրգի ծայրեն սկսելով մասնավոր բեկբեկումներով քիչ մը դեպի հարավ արևմուտք, երբ կհասնի բաղնիքին ուղղությամբ անկյունաձև բեկում մը կուտա դեպի արևելք, դեռ քսան քայլ մնացած այս ուղղանկյան բեկումեն ուրիշ մեծ պարիսպ մը կսկսի դեպի արևմուտք և թեթև մը դեպի հյուսիս շեղելով ուղիղ կերթա կհասնի մինչև թուրքաց գյուղի սահմանը։ Եվ կանցնի Կիրակոս վարդապետի դամբարանի մոտով, թողելով այս վերջինը դեպի հարավ։
Կիրակոս վարդապետի դամբարանը հազիվ անցած կվերջանա այս պարիսպին հետքը և կսկսի մանր ու խոշոր գերեզմաններու տապանաքարերու հետքեր, խմբական գերեզմաններ, ուրկից առաջանալով կհասնինք Ծաղկոցաձորի վրա միացող փոքր ձորակի մը, որուն սկիզբն է Անի գյուղը։ Այս ձորակը միանալով Ծաղկոցաձորին, մինչև Իգաձոր հասնելը կձևացնե երեք կիսաբոլոր թերակղզի։
Անի գյուղի ձորին մոտիկ կա մեծ դամբարանի մնացորդ պատ մը, որուն երկայնությունն է 2,20 մ, գրեթե նույնքան ալ բարձրությունը. սա իսկական չափը չէ, երկու քովերեն քարերը փրցված տարած է, վրան մնացած քանի մը խոշոր քարերուն սրբատաշութենեն կերևի, որ շատ խնամքով շինած մեծ շիրիմ մը եղեր է ի հնումն։
Այս պատեն դեպի արևելք նույն թերակղզիին մեծ հողին միանալու կետին վրա, 60-70 քայլ դեպի արևելք, կա խիտ գերեզմանատուն մը որձաքար տապանաքարերով, մեջը կգտնվի կրաշաղախ մեծ բեկորներ՝ առանց հայտնի ըլլալու ուրկեց ինկած ըլլալը. անպատճառ նույնպես ուրիշ դամբարանե մը գիր և արձանագրություն գտնվին։ Դեպի հարավ արևելք փոքրիկ ձորակ մը անցնելուց կհասնինք երկրորդ թերակղզին, ցամաքին միացնող կետին վրա, ուր ձորի սկզբնավորութենե քանի մը քայլ անդին դեպի հարավ, կգտնվի Կիրակոս վարդապետի կիսավեր դամբարանը՝ դեղին, կարմիր և սևորակ քարերով։
Այս դամբարանը շինված է երկհարկանի, գետնահարկի ցոկոլը թաղված է հողին տակ և չէ կարելի ճշտել իսկական բարձրությունը։ Շինված է կամարակապ, հյուսիսեն հարավ ձգված, արևելքը և արևմուտքը կամրջի նման բաց է. այս հարկին մեջ հարավային պատի ներսի կողմին կամարի սկզբնավորության առաջին շարքի արևելքեն դեպի արևմուտք համարելով չորրորդ քարին վրա գրած է Կիրակոս վարդապետի հիշատակարանը։ Այս հիշատակարանին երկրորդ տողին կարգով հինգերորդ քարին վրա կա սկսած արձանագրություն մը Ե Ջ Ր Ա հանդիպակաց կողմը կա ուրիշ խզբզված արձանագրություն «ԹՎ ՉՀԹ գիր է Վարդնայ Ումեկի որդուս յիշեցէք… ԱՄ, որ ԱԾ ձեզ յիշէ»: Հազիվ ես կարողացա այսչափ կարդալ։
Կան ուրիշ եղծված խզբզածներ անընթեռնելի, և գուցե անկարևոր։ Վերնահարկը հատակեն մինչև կամարին հանգիստը 150 սմ բարձրություն ունի, և բաժանված է երկու մասի, մատուռ և գավիթ, մատուռը վերջացած է կիսաբոլորակ աբսիդով մը արևելյան կողմեն, մեջտեղը կա փոքրիկ պատուհան մը վրան քանդակված փոքրիկ խաչ մը, նույնպես երկու քովերը փոքր, երկու սիրուն գեղաքանդակ խաչեր։ Խաչերը կգտնվին կիսագմբեթի սկզբնավորության վրա, պատուհանին աջ վերնակողմի կիսաբոլորակը անցած է պատին վերջավորությունը պսակող պսակեն վեր։ Սեղանին երկու քովերը կան փոքրիկ երկու խորհրդանոցներ։ Վրան ալ ծածկված կամարակապով սեղանին վրան ալ կիսագմբեթ։
Նախգավիթը երկայն է ամբողջ լայնության հավասար, իսկ լայնությունը հազիվ հասնի մեկ մետրի։
Արտաքուստ արևմտյան կողմի հյուսիսային անկյան մոտ մնացած է երկու խաչքանդակներու մնացորդ, կարմիր քարի վրա։ Արևմտյան կողմին ճակատի վրայի կամարը և ամբողջ հարավային պատին կեսը քանդված է. չորս տեսակ քար է գործածված այս շինության արտաքին երեսներուն վրա, կարմիր, հողի գույն, դեղնորակ և սպիտակի մոտ դեղնագույն. ծածկը եղեր է սագաշեն։
Կամարները և ընդհանրապես ներքին երեսները շինված են սև և սևորակ քարերով։ Հանգուցյալին գերեզմանը թերևս տակն է, սակայն այժմ ոչինչ չի կարելի հասկանալ, որովհետև կիսով չափ հողով լեցված է։
Արտաքին պսակը նման է ներսի կամարներուն հանգիստը կազմող պսակներուն։ Շուրջը բոլորովին վարված, մշակված, արտ եղած է, միայն արևմտյան կողմը կա թումբ մը անբնական, ուր որ դարձյալ կկարծեմ շիրիմ մը ծածկված ըլլալ։
Կիրակոս վարդապետին դամբարանեն դեպի հարավ արևմուտք 60 քայլի վրա կմնա մեծ խաչարձանի մը կրաշաղախ պատվանդանին մնացորդները և այս վերջինես ուղիղ դեպի արևմուտք կա մի ուրիշ տոհմային դամբարանի ավերակ, որուն հարավային պատը միայն կանգուն է և հյուսիսային պատը մեկ մետր միայն։
Մասնավոր ուշադրության արժանի է այս դամբարանը, որ ավելի հնագույն կերևի, քան Կիրակոս վարդապետինը։ Խիստ շատ փլփլած ըլլալու համար անհնար է ճշտիվ չափել, միայն մոտավորապես չափելով առնվազն ինը և կես մետրեն ավելի է արևելյան կողմի ճակատը, հինգ և կեսեն ավելի է հարավի ճակատը, ըստ երևույթին այս ալ եղած է կրկնահարկ, վրան մատուռով, թեև քարազերծ բեկորներ շատ թափած․ մեջը անհասկանալի է առանց պեղումի, սակայն արևելյան պատին ներսի երեսի վրա մնացած կամարի մնացորդի տրամագիծը ցույց կուտա, որ երկու մասի բաժանված է այս դամբարանը (միջնորմին ծայրը կերևի արևմտյան կողմեն), տակը եղած է հանգստարաններ, արևելյան պատի ներսի երեսի վրա (հարավակողման մասի մեջ) դեռ կերևի պատին կից կիսաբոլոր կատարով խաչքարի տեղը, որտեղեն պոկեր են խաչքարը, անոր անմիջապես կից դեպի հյուսիս հազիվ մնացեր է մի երկրորդ խաչքարը շրջապատող քանդակազարդ մուլյուրով շրջանակի մը մնացորդը։
Չափական համեմատությամբ կերևի, որ եղեր է այս մասին մեջ երեք մեծ խաչքար, հայտնի չէ թե մյուս մասին մեջ քանի՞ և թե վրան քանի՞ մատուռ։
Արձանագրության ոչ մի հետք, ամեն բան տարված է, թերևս գտնվի եթե փորվի ու մաքրվի, թե՛ մեջը և թե՛ շուրջը։ 30 սմ մեծությամբ փչացած քարի մը կտորի վրա կան խոշոր տառերու մնացորդներ 5-6 հատ, բայց անվերծանելի։
Ասկե անդին դեպի արևմուտք և դեպի հարավ մինչև Ծաղկոցաձորի եզերքը, որուն խորության շուրջը շրջապատված է քարայրներով, պարզապես անհամար են այս թերակղզիի ընդարձակ տարածության վրա դամբարաններու կրաշաղախ այլանդակված բեկորներ, շիրիմներու, խաչերու ահեղ պատվանդաններու մնացորդներ, ջարդ ու փշուր եղած գեղաքանդակ ու զարդաքանդակ խաչքարեր և զանազան ձևերով տաշված տապանաքարեր։ Այստեղ է եղած անվրեպ անեցոց հասարակաց գերեզմանատունը։
Ոչ մի տեղ քար քարի վրա չեն թողած գերեզմանակրկիտները, ամեն ուշադրության արժանի գերեզման փորած և մեջը փնտրած են, քարերը կոտրտած ջարդած և մեծ ու կարևոր մասերը լիովին տարած։ Եվ մինչև այսօր ալ տակավին տանելու վրա են։ Դարձյալ Կիրակոս վարդապետի դամբարանեն հարավ արևելք, երրորդ թերակղզիին վրա, որ ամենեն փոքրն է և բլուրի մը երևույթը ունի, կա երկու դամբարան, մեկը որ ավելի դեպի արևմուտք կգտնվի բոլորովին անճանաչելի դարձած է, իսկ մյուսը, որ Ւգաձորի դռնեն դեպի արևմուտք երկնցռղ քարաժայռը այս մասերը բաժանող ձորակին գրեթե վրան կգտնվի, քիչ դեպի արևմուտք, որով կը գտնվի Կիրակոս վարդապետի դամբարանին հարավ արևելյան կողմը, վեց և կես մետր լայն հյուսիսեն հարավ (արևելյան և արևմտյան ճակատը) ութը և կես մետր երկայն արևելքեն արևմուտք (հյուս․ հարավ․ ճակատ.)։ Այս դամբարանն ալ շինված է սրբատաշ քարերով երկհարկանի, տակը հանգստարան և վրան մատուռ, բայց այժմ հազիվ հիմերը գետնեն վեր մեկ մետր բարձր են։
Ինչպես հիշեցի Իգաձորի հետ միացող ձորակը կգտնվի այս դամբարանին արևելյան կողմը հազիվ հարյուր քայլ հեռու։ Այս կողմեն այս է եղած հասարակաց գերեզմանատան սահմանը։
Բացի այս ձորեն, ձորին գլուխին կերևի պարիսպ մը, որ կերկննա մինչև Կիրակոս վարդապետի դամբարանին հյուսիսային կողմեն անցնող մեծ (նկարագրածս պարիսպը և ըստ երևույթին կմիանա անոր), ինչպես կերևի հասարակաց գերեզմանատունը այս իր արևելյան կողմեն պարսպափակ էր և իր պարիսպով կզատվեր Անիի պարիսպին հյուսիսակողմը ահագին տարածության վրա սփռեալ ընդարձակ մրգաստանեն և այգեստանեն։ Ավագ դռան և այժմյան դեպի Ղոշավանք կամ Տայլար տանող ճանապարհին[5] դեպի արևելյան կողմը ի միջի այլոց ուշադրության արժանի երևույթներ կան քննելի, որոնց հազիվ քանի մը բեկորներն են մնացած և մնացորդներեն կերևի որ եղած են պարիսպեն դուրս նշանավոր շինություններու հետքեր, և մատուռներ, տոհմային դամբարան կամ եկեղեցիներու բեկորներ, այս մասին վրա ալ թեև ոչ այնչափ խիտ, որպես պարիսպին մեջ կերևին բազմաթիվ բնակարաններու հետքեր հազիվ հիմունքները նշմարելի։ Ավագ դռնեն հազիվ 300 քայլ դեպի հյուսիս, ճանապարհին, արևելյան կողմին վրա, ուշադիր պարզ նայվածքով մը կտեսնվի մեծամեծ շինությանց հիմեր 80-90 սմ. թանձրությամբ, և այս տեղեն կսկսի դեպի հյուսիս և դեպի արևելք խիտ շինություններու խումբեր տեղ տեղ զգալի կերպով բլրացած, տեղ տեղ ալ սրբատաշ քարերով շինված պատերու փլատակները մնացած հողին երեսին. այս տեղը կարծեք առանձին մի թաղ է կազմած մրգաստաններու և պարտեզներու խիտ անտառին մեջ, թաղին երկարությունը ճանապարհեն դեպի արևելք ավելի է քան 300 քայլ, իսկ դեպի հյուսիս երկարությունը կանցնի 350 քայլեն եթե առանձին թաղ ալ չի համարվի, գոնե պետք է անվրեպ համարել իշխանական տոհմի առանձին մի սեփականություն՝ բնակության համար բազմաթիվ շինություններով, որոնց մեջ կան եկեղեցիի մնացորդ, գերեզմաններ, խաչքարի պատվանդան՝ 2 մետր բարձրությամբ տակավին կանգուն, թեև քարերը երեսեն պոկված։
Այս կետեն անդին դեպի արևելք և հյուսիս ձգված ամրակուռ պատերու ու պարիսպներու շարքերը, որոնք վերին աստիճան պարզ են իրենց թանձրություններով և զանազան ուղղություններով, նաև բազմաթիվ կրոնական և աշխարհական շինություններու մնացորդները մինչև Խաչի ձոր և անկեց անդին ալ մինչև Ղոշավանք, նկարագրել գրեթե անհնար է, խնամքով պատրաստված քարտեզի մը մեջ միայն կարելի է որոշակի նկարագրել՝ ցույց տալով ամենուն տեղը, դիրքը, միմյանցմե ունեցած հեռավորությունները։ Երբ կհաջողվի կազմել մանրամասն քարտեզ մը մեծ պարիսպներեն դուրս Անիի թուրք գյուղեն սկսյալ մինչև Ղոշավանք, առանց մոռացության տրվելու ամենամանր բնակությանց հետքերը, որոնք նաև հյուսիսեն ալ կհասնին գրեթե մինչև 4 կիլոմետր հեռավորության, այն ատեն պարզ կտեսնվի, թե ի՞նչ ահագին քաղաք մը կար այդ ընդարձակ տարածության վրա դրախտանման ծաղկած այգիներով և պարտեզներով, ոռոգված հորդառատ վտակներով, որոնք այդ ամբողջ տարածությունները ջրելե հետո կերթային քաղաքի մեծ պարիսպներուն շուրջը բացվող խրամները լեցնելու և Գլիձորի և այլ տեղերու մեջ շինված բազմաթիվ ջրաղացներուն ևս ջուր մատակարարելու։
Գլիձոր.— Որպեսզի լիովին գաղափար կազմվի Անիի բնական ամրության և անառիկության վրա, և գիտցվի, թե ինչ խոր հետազոտությամբ և ճարպիկ ընտրությամբ ընտրած են տեղը իբրև մայրաքաղաք, պետք է որ անպայման ձորերը ամբողջովին քննվի այցելուներու կողմանե։
Ախուրյանի ձորը քննելու համար հարմար է առաջին անգամ սկսել Լուսավորչի եկեղեցու ցածեն, ուր անմիջապես տակը Կեղան Կելմեզի մոտեն կսկսի մի ճանապարհ ցածանալ դեպի գետեզրը, թեև այս ճանապարհը հնում ալ դարձյալ մի ճանապարհ եղած ըլլալ կթվի, միայն մարդոց կամ գրաստներու համար, սակայն այժմ փլած քայքայված և եվրոպական կոշիկներու համար աննպաստ եղած է, եթե այցելուն չգիտե հետաքրքրության համար մի քիչ զոհողություն հանձն առնել, որովհետև թեև մի քիչ հոգնություն և կոշիկի կորուստ կունենա, սակայն հետո կմոռանա ամեն ինչ, երբ կտեսնե ձորին մեջ պարզվող բնական ամրությանց հիանալի տեսարանները և բարձրաբերձ քարակտուր ապառաժներու սեպացման ահավոր բարձրությունները ։
Գլիձորը կվերջանա Լուսավորչի հարավ արևելքով և կխառնվի Ախուրյանի հետ, այս տեղ ալ նաև կվերջանա Գլիձորի հյուսիսեն հարավ եկող պարիսպներուն շարքը։ Լուսավորչի մոտ միայն քիչ մը տեղ դեպի արևմուտք շեղվելով, ասկեց անդին դեպի կամուրջ և Ղըղ Ղալա ձորեզրի պարիսպները ընդհատ ընդհատ են շինված, ընդհանրապես այս տեղերը կառուցված կան հարկավոր լայնությամբ և բարձրությամբ պարսպամասեր, որ տեղերը որ մի քիչ հնարավոր էր համարված վեր դեպի քաղաքը բարձրանալ։
Դվնա դռան անմիջապես առջևեն կսկսի Գլիձորը մոտ 50 քայլ դեպի արևելք շարունակելեն հետո (սա արդեն շարունակությունն է պարիսպներու առջև փորված խրամին) կշեղվի դեպի հարավ արևելք զանազան մանր մունր չափով շեղումներով և բեկումներով և կհասնի մինչև Ախուրյանի ձորեզրը։
Դվնա դռան աոջևեն դեպի վար առաջանալով պինդ ապառաժներու մեջ երբեմն բնական և երբեմն ալ ձեռագործ բացած բավականին խոր ձորակեն, աջ թևի վրա կտեսնենք պարիսպներուն զանազան բեկումներով շեղվիլը դեպի հարավ արևելք և հարավ, իսկ ձախ թևին վրա՝ բնական ապառաժյա թումբերը կշեղվին դեպի արևելք, որով բավականին ընդարձակ երևույթ մը կստանա այստեղ ձորամեջը հանդեպ հյուսիսային պարիսպի անկյուն կազմող քառակուսի բուրգի և անկեց անդին վիշապապատ բուրգին այս ընդարձակության մեջ ալ, որ հազիվ հասնի 60-70 մետր լայնության, պակաս չեն շինությանց հիմերու հետքեր, բայց թե ի՞նչ շինություններ են անոնք,— բնակարան թե՞ ուրիշ պիտոյից հատուկ, ճշտել շատ դժվար է։
Առաջանալով հետզհետե, երբ կհասնենք վիշապապատ բուրգեն դեպի հարավ արևելք գտնվող գեղեցկաշեն կարմիր քարով հյուսված չորրորդ բուրգին առջև, ուր պարիսպը կսկսի դեպի ուղիղ հարավ շեղվել, և այդ բուրգին անմիջապես կից է հարավային կողմի գաղտ դռներեն մեկը, ձորին լայնությունը այստեղ յուր վերջին չափին հասած է և դիմացի կողմեն, հյուսիս արևելքեն եկող մի ուրիշ ձորե ևս կուգա կմիանա նախկինի հետ և դարձյալ վերածվելով մեկ ձորի՝ կշարունակվի մինչև գետը։
Երկու ձորերու միացման կետին ճակատը, մոտ 8-10 մետր բարձրությամբ, քարակտուր բարձրություն մը կձևանա ճակատը դեպի հարավ և հարավ արևմուտք, այս (կարմիր քարե) քարակտուր բարձրության տակ շարված են զանազան քարեր և քարափոր եկեղեցիներ միշտ ճակատնին դեպի հարավ։
Այս քարակտուրին դեպի արևմուտք երկնցող ընդարձակության վրա, մի փոքր տարածության վրա կան աղքատիկ գերեզմանոցներ, որոնց տապանաքարերը կամ հասարակ անտաշ խոշոր քարեր են և կամ օրորոցաձև տաշված պարզ քարեր։
Հյուսիս արևելքեն առաջացող ձորին բերանը դեռ Գլիձորին չի խառնված, ուշագրավ է տեսնել կարմիր քարի մեջ միակտուր փորված միջակ մեծությամբ եկեղեցի ներքին կողմեն 7 մետր երկայն, 4½ մետր լայն, արևելյան և արևմտյան կողմեն կիսաբոլորակ թևեր ունի խոր, մոտավորապես երկու մետր, իսկ հյուսիսային և հարավային կողմերի թևերն անկյունավոր են։ Արևելյան կողմի սեղանի աբսիդն ունի 2,10 մ․ լայնություն, անկյունները ունին զույգ սյուներ, 1,50 մետր բարձրությամբ վրան կիսաբոլորակ աբսիդի ուղղությամբ պսակով մը, ասոր վրա կբոլորվի երեք աստիճան կամար, նույն ձևով երկաստիճան կամար քանդակված են չորս թևերու բերաններուն եղող սյուներու վրա։ Արևելյան սեղանին կիսաբոլորակին վրա կարգով քանդակված են կիսաբոլորակ կատարով վեց հատ խորշեր 50 սմ. լայնքով, 120 սմ. բարձրությամբ յուրաքանչյուր խորշ իրարմե կանջատին զույգ մը կոկիկ փորված փոքր սյուներով իրենց գնդաձև խոյակներով և աբագներով։ Սեղանը մի աստիճան բարձր փորված է, քան եկեղեցիի հատակը։ Արևելյան և արևմտյան աբսիդները փորված են կիսագմբեթ, իսկ միջին մասը ուղիղ կամարաձև հյուսիսեն հարավ թեթև կորությամբ։ Այս ամենը քանդակված են խիստ նրբությամբ և ճարտարությամբ, հակառակ ժամանակի պատճառած ավերումներուն և քարին վատ տեսակին, տակավին կմնան բոլոր գծերու ճարպիկությունները և շինողներու ճաշակի զարգացումը։
Հարավային թևին վրա, կբացվի եկեղեցվո մուտքը՝ մեկ մետր լայնքով և 1,60 բարձրությամբ, մուտքը արտաքուստ ունի ըստ անեցվոց ճաշակին զույգ սյուներ երկու կողմին վրա և երեք աստիճան վրայե վրա կամար, գուցե կային քանդակներ ևս, սակայն լիովին մաշված է։ Դռան բացվածքի վրա կամարին վերևը կա բոլորակ լուսամուտ մը։ Եկեղեցիին կհաջորդե գավիթը եկեղեցիեն քիչ ավելի լայն, իսկ անկից կարճ, գավիթի մուտքը ևս եղած է հարավային ճակատեն, որ այժմ փլված ու բացված է ամբողջ ճակատը։ Դռնեն ներս բնական քարե փորված են երկու գեղեցիկ սյուներ, մինը հյուսիսային պատին կցված որմասյունե, իսկ մյուսը հարավային պատին ավելի մոտիկ անջատ սյուն է, բուները ունին 55-են 60 սմ․ տրամագիծ, երկու սյուները կապված են իրարու. այս բոլորակներու մեջ կնշմարվին խաչեր, վարդեր և բոլորակներ կամարով, անջատ սյունին հարավային կողմին կամարը կպած է ուղիղ պատին, հարավ արևմտյան անկյունը ունի մի լուսամուտ, իսկ հարավ արևելյան անկյունը կա մի փոքր դուռ, ուրկից կմտնվի մի փոքր սենյակի մեջ, թերևս քահանային կամ պահապան ժամկոչին հատուկ։ Այս եկեղեցու առջև ալ փոքրիկ տարածություն մը կա, տափարակ և անցք կամ ճանապարհ, անոր անմիջապես առջևն է ձորին խորությունը մոտ 8-10 մետր։ Այս հյուսիս արևելքեն եկող ձորին երկու կողմն ալ, մինչև բարձրանալով հարթ դաշտին հասնելը, կան զանազան քարայրեր մեծ և փոքր։ Գաղտ դուռնեն հարավ սև ու դեղին քարերով շինված մի հիանալի բուրգի առջև արդեն ձորը, սկսած է սրագագաթ խորանալ, այստեղ բարձրությունը ձորի հատակեն մինչև պարիսպի հիմը մոտ 18-20 մետր է, մեկ կողմեն Անիի բարձրավանդակը բարձրանալով և մյուս կողմեն ձորը դեպի խորը գնալով, Լուսավորչի մոտ գտնվող բաղնիքի ուղղությամբ, ձորին խորությունը կհասնի գրեթե 60 մետրի։ Ձորի հատակը նեղ է, իսկ վրան երկու կողմեն թեք լանջեր հակվելով այս և այն կողմը, գրեթե 100-120 մետր բացվածք ունի։ Այս ձորին երկու կողմին վրա ևս կան բազմաթիվ քարայրեր, տեղ տեղ երկու կարգ իրարու վրա, որոնց մեջ կան նաև ջրաղացներ և ձիթահանքեր, քարի մեջ փորված զույգ գերաններով (ուղիղ բաղնիքի տակը), այս ձորին ծայրը չի հասնիր մինչև Ախուրյանի եզերքը, այլ կվերջանա Լուսավորիչ եկեղեցվո մոտ, կամ անկից ալ քիչ մը վար. անկեց ցածը արդեն ահավոր բարձրությամբ քարակտուրներ են, որոնք իսկապես անառիկ դարձուցեր են Անին։ Այդ քարկտուրներր բոլորովին անմերձենալի կերպով կուգան կհասնին մինչև Կուսանաց վանքին ներքև, ուր գետափին կան ամենափոքրիկ երկու շինություններ, մին՝ մատուռ և մյուսը որպես բնակարան՝ մեկ բաժանումով։ Կուսանաց վանքի արևմտյան կողմեն միայն ճանապարհ շինված է եղեր ի հնումն քաղաք բարձրանալու՝ կամուրջեն անցնողներու համար։ Կուսանաց վանքեն դեպի արևմտուք կգտնվի կամուրջը, կամուրջեն քաղաք բարձրանալու համար բացի այս գլխավոր ճանապարհեն կան նաև ուրիշ ճանապարհներ տարբեր ուղղություններով, որոնցմե մեկը կբարձրանա միջնաբերդի ստորոտը, մյուսը կանցնի դեպի Աղջկաբերդ, հատ մը ևս կա դեպի Փրկիչի առջև դուրս եկող, որուն դռան բեկորները կան այժմ։ Ախուրյանի հյուսիսային եզերքին վրա մինչև Աղջկաբերդի ժայռը ծածկված է խիտ քարայրներով, որոնցմե շատերը հողով ծածկված կամ փլած են, իսկ հարավային եզերքը բոլորովին սև ապառաժ և քարայրեր փորելու անհարմար ըլլալուն պատճառով բնակությունները վերը քարափի հարթության վրա եղած է, ուր մինչև այժմ կտեսնվին թե՛ բնակությանց թողած հետքերը մինչև Աղջկաբերդի դիմաց և թե՛ ընդարձակ գերեզմանատուններ, որոնց մեջ կան արձանագրված և քանդակագործված տապանաքարեր։ Կամուրջին դիմացը գտնված գերեզմանի մի քարի վրա եղած արձանագրության մը ձևեն կը հասկացվի, որ այդտեղ մինչև 16-17 դարերը բնակություն եղած ըլլա։[6] Կամուրջին անմիջապես արևելյան կողմը անկեց 50, 60 քայլ հեռավորության վրա գետափին բարձրավանդակ հարմար տեղի մը վրա կառուցված է եղեր փոքր մատուռ և քահանայից բնակարան, որոնց հետքերը կնրմարվին։ 1908 թվականին հայր Միքայել երևան հանեց այս ավերակը և մեջը գտավ գերեզմանաքար, կարմիր քարե, օրորոցաձև քանդակված, արձանագրված կա վրան անթվական այս է հանգիստ ամիր Սարգսին:
Սկսած Աղջկաբերդի արևելյան ճակատեն շուրջանակի մինչև Ծաղկոցաձորի Ախուրյան խառնվելու բերանը անմերձենալի բարձրաբերձ քարաժայռեր են, հազիվ կան տեղ տեղ վեր բարձրանալու հարմար տեղեր, սակայն այն տեղերն ալ Անիի շինությունեն ավելի կանուխ, թերևս Կամսարականներու ժամանակեն պարսպափակ եղած են, այդ հին քառակուսի բուրգերով ամրացված պարիսպներուն կարևոր մնացորդները դեռ կմնան մինչև այսօր գետին կողմեն. Աղջկաբերդի բարձունքին վրա եղած դեղնագույն քարե պարիսպները ավելի հետնագույն ժամանակի, հավանաբար ԺԳ դարու գործեր են։
Ախուրյանի վրա, Ծաղկոցաձորի բերանեն սկսյալ մինչև միջնաբերդի տակ հասնելը, մարդս թե ինչ տեսակ սարսափելի բարձրությամբ սուր քարակտուր բարձրությունները և նեղ անցքեր ու կիրճեր կտեսնե, այդ միայն տեսնելով կարելի է գաղափար կազմել, այդ մասերը տեսնելուց միայն կարելի է հասկընալ թե ինչու Բագրատունիք Անին ընտրեցին իբրև մայրաքաղաք և անառիկ տեղ։
Պատմությունն ալ ցույց կուտա արդեն թե ոչ մեկ ատեն Անին պատերազմով չէ ընկած, թշնամին անզոր է մնացած միշտ այդ բնական և արվեստական հրաշակերտ ամրոցին առջև, եթե իրեն օգնության չհասնեին ներքին խառնակություններ, մատնություններ և դավաճանություններ։
Միջնաբերդեն սկսած Ծաղկոցաձորի կողմը թեև շատ խոր և թեք զառիվայր, սակայն հնարավոր կարելի էր համարել թշնամին մոտենալու, ուստի այս կողմեն ալ երկու կարգ պարիսպներով ամրացված է եղեր մինչև Բագրատունյաց կարծեցյալ պալատը (Իշխանական կամ Պարոնաց պալատ), ուր կվերջանա հյուսիսային պարիսպներու շարքը և Իգաձորի վրայի պարսպամասը։ Հազարներու կհասնին Ծաղկոցաձորի մեջ երկու կողմի վրա եղած մեծ ու փոքր քարայրներու թիվը, որոնց մեջ այնպիսի ընդարձակ բնակություններ եղեր են բազմաթիվ բաժանումներով, որ այսօր 5000-ե ավելի ոչխար կտեղավորվի անոնց մեջ, կան շքեղ տոհմային դամբարաններ, եկեղեցիներ, մատուռներ և գետնափոր անցքեր, որոնց մեջ քանի մը կարևորներուն վրա արժե ծանոթություններ տալ։
1. Մեծ քարայրը.
2․ Փոքր կաթողիկեով եկեղեցին.
3. Հոնենցի գերեզմանը.
4. Հոնենցեն դեպի հյուսիս բնակարան.
5․ Անիի կողմի գետնափոր ճանապարհը։
Բաղնիքին ուղղությամբ ձորին մեջ, ցածը կգտնվի քարափոր ձիթահանքը երկու ականի, ակերն ալ փորված են իսկական քարեն, ակերուն բոժերը մոտավորապես 7 × 7 կա, իսկ երկու կողմերը ունի սենյակներ, հարավեն երկու սենյակ, հյուսիսեն մեկ սենյակ, ասկե վեր դեպի հյուսիս և հարավ կան քարայրեր և պատերի մնացորդներ։
Լուսավորչի առջև Տիգրանա դռան ցածը Գլիձորի մեջ, գրեթե Լուսավորիչ եկեղեցիի ներքև, քանի մը մետր դեպի հարավ, Կետան Կելմազեն 20—30 քայլ դեպի արևմուտք, կա մի ընդարձակ քարայր, որ հետաքրքրական է իր երկհարկանի և եռահարկ կազմվածքներով և անոնց բաժանումներով, մեջ ընտանեկան գործածության համար փորված դարակներով, պահարաններով, որոնք բավականին ճաշակավոր կերպով դասավորված են և ճաշակավոր ձևերով ալ կերտված։
Խաոնվելու բարձր սահանքին մոտ կա մի փոքրիկ գերեզմանատուն Անիեն դեռ Գլիձորը անդիի կողմը չանցած, անշուշտ ինչպես վերևի քարայրերու վրա չի գերեզմանատունը, նույնպես ալ այս փոքր գերեզմանատունը ձորաբնակ փոքրիկ հասարակությանց կպատկաներ։
Ասկից պետք է հետևցնել, որ անցիք հասարակաց գերեզմանի մասին շատ հասկացողություն չունեին աողջապահական տեսակետով, ուր որ էին իրենք, այնտեղ իրենց մոտն ալ պետք էր գտնվեր գերեզմանատուննին։ Այս գերեզմանին մեջ ալ կանոնավոր տաշված քար չկա, որպես տապանաքար, բացի մի փոքրիկ օրորոցաձև քարե։
Գլիձորի վերջավորության վրա Լուսավորիչ եկեղեցին շրշապատող պարիսպեն մինչև քարափը կա մի միջակ տարածություն (փոքր գերեզմանեն դեպի արևմուտք, որը հավանաբար Լուսավորչի արձանագրության մեջ ակնարկված պահեզն էր։
Այս տարածությունը կվերջանա Կետան Կելմազի առջև պարիսպի վերջավորության մասով մը, որը ձգված է երկու բուրգով հյուսիսեն հարավ դեպի գետափի բերանի բարձրավանդակ քարաժայռի բերանը։ Հյուսիսային կողմը, պարիսպի արևելքեն արևմուտք բեկումի ներքևը կգտնվի Կետան Կելմազ ըսված գետնուղին, ճերմակ փխրուն քարի մեջ փորված, որի բերանը հարավ է և մեկ մետրեն քիչ ավելի է ծակին լայնությունը և բարձրությունը և այդ չափով ալ շարունակված է, ինչ որ ալ ըլլա ժողովրդական առասպելները այս մասին, պարզ է, որ աննպատակ շինած բան չէ։
Ախուրյանի ձորը.— Ոչ միայն Անիի տակով, այլ սկսած գրեթե Ղոշավանքեն, Ախուրյանի ձորը երկու կողմեն ևս լեոներով ամրացած է մինչև Մազաս բերդի սահմանները, բայց ավելի ամուր Անիի կողմն է, մանավանդ Անիի սահմանը Աղջկաբերդի ժայռով և միջնաբերդով շրջապատված, որ թերակղզի լեզվակի մը ձևն ունի Անիի միջնաբերդին կպած Աղջկաբերդը։
Լուսավորչի ներքևեն մի քիչ առաջանալով գրեթե 2—300 քայլ, անմիջապես կտեսնվի մի պարսպի մնացորդ, այստեղ հետաքրքրական է տեսնել սեպաձև ժայռի կրծքի վրա փորված ճանապարհ երկու հատ իրարու վրա, պարսպին մնացորդը շինված է դարձյալ մասնակի այնպիսի մի տեղի վրա, որ քաղաքեն եկած ջուրի հոսանքները մի տեղում մերձենալի անցք էին շինած, այդ ձորին անցքը փակելու համար է եղեր պարիսպը, որը երբ հասեր է մի անմերձենալի տեղի այնտեղ կտրած է և այնտեղեն կսկսի ժայռին կողքին վրա ձեռագործ ճանապարհը։
Այս ձեռագործ ճանապարհներեն մեկը՝ ցածինը ուղղակի իջեր է դեպի գետեզրը, իսկ մյուսը անցնելով վերևեն, գնացեր խառնվեր է Լուսավորչի շրջափակը և անոր ցածը եղող պարսպին մեջտեղը։
Առաջանալով քիչ մը ևս, երբ կհասնվի այնտեղ, ուր արևմտյան կողմեն կտեսնվի միջնաբերդի գագաթն իր ամբողջությամբ, այնտեղ բավական է մի անգամ նայել դեպի քաղաքի քարափները և տեսնել մերձենալի տեղերու համար շինած զանազան երկարությամբ պարիսպներ, և անոնց մեջտեղ գտնված ճանապարհներու բաժանումներ, այստեղ ալ կգտնվի քաղաքեն եկող ջուրերեն գոյացած մի ձորակ, որուն երկու կողմին վրա կերևան դեռ փակած պարիսպներու հետքերը և շարունակությունը դեպի Կուսանաց վանքի մոտերը։
Այս մասնակի ամրությունները կընդհատվին, երբ կհասնի Կուսանաց վանքեն դեպի արևելք, ուղիղ գետափին վրա շինված երկու փոքրիկ շինություններու, որոնցից մեկը մատուռ է, իսկ մյուսը մի խցիկ (?), այստեղ արդեն ժայռերու բարձրությունը ահավոր կերպարանք կստանան և կարիք ալ չէր մնար պարիսպ շինելու՝ մինչև Կուսանաց։ վանք։
Երկու փոքրիկ շինություններե մեկուն ինչ ըլլալը գուշակել շատ դժվար է, որովհետև որոշ ձևը այսպես է կարծես մի ապաստարան (մեթերիս) եղած ըլլա, իսկ երկրորդը, արևմտյան կողմինը (երկուքին միջոցը մոտ 20 մետր) փոքրիկ մատուռ է, որուն արևելյան կողմի անկյան քարին վրա գրված է (ես Յօվանէս ծառայ…. ներքևը կա՝ ՉԾԳ, դիմացը գրած ՉՀԷ)։
Փոքր մատուռեն անցած մոտ 100-150 քայլ արդեն կհասնի Կուսանաց վանքի տակ և աստիճանաբար այստեղ ժայռերը կսկսեն ցածնալ. Կուսանաց վանքը, որ շինված է սեպացած ժայռի մը գագաթը և քովերեն մերձենալի տեղերը վերին աստիճան ճարպկությամբ ժայռ քարի մեծամեծ կտորներով չոր պատ շարած և ամրացուցած են և այդ չոր ամրությանց վրա կրկին շինած են սրբատաշ քարերով պարիսպ, այս պարիսպը արևելքեն կշարունակվի բարձրեն մինչև կամուրջ և անկեց ալ թերևս մինչև Աղջկաբերդ, թեև տեղ տեղ անմերձենալի են, բայց տեղ տեղ ալ կամ նոր մերձենալի դարձած են և կամ այնտեղ եղած պարիոպներու հետքերը կորած են։
Կամուրջեն դեպի քաղաք բարձրանալու ճանապարհը ոլորապտույտ կբարձրանա (սկսելով կամուրջեն գալով դեպի արևելք) կհասնի մինչև Ծիլենց Սարգսի դուռը, որ կգտնվի Բեխենց վանքեն դեպի արևմուտք (Ծիլենցի և Կուսանացի մեջտեղ գտնված պարիսպը բավականին որոշ մնացած է իր բուրգերով և դռներով)։
Կամուրջեն դեպի քաղաք մեկնող ճանապարհներ.— Դուրս գալով կամուրջեն մի ճանապարհ ուղղակի գնացած է գետի եզերքով, այդ ճանապարհը հազիվ թե քաղաքի հետ մեծ հաղորդակցություն ունենար։ Գետեզերքի ճանապարհը հատուկ է եղած գետեզերքով մինչև Կարմիր վանք կամ Ղոշավանք գնալու։ Կամուրջեն դուրս գալով այս ճանապարհը մտնելու համար պետք էր անմիջապես ցած իջնել կամուրջին երկհարկանի ըլլալու պատճառով։ (Այս ճանապարհին հետ կխառնվի Լուսավորչի տակի վատ ճանապարհը)։
Իսկ երկրորդ ճանապարհը, որ բուն քաղաքին հետ հաղորդակցող մեծ ճանապարհն է, որով կարող էին ձի, սայլ-մարդ անարգել գնալ։ Հատկապես խնամքով շինված են զառիվայրի կողմերը որտեղ որձաքարով հյուսել են ամուր պատ, ճանապարհի լայնությունը առհասարակ 5 մետրեն պակաս չէ․ այս ճանապարհը կհասնի մինչև Բեխենց վանքի բարձրությանը, պետք է ըսել որ գետափի ճանապարհն ալ ոլորապտույտով կապված էր այս ճանապարհի հետ, որը սակայն սարսափելի կերպով այժմ քանդված է։
Այս ճանապարհին վրայեն կմեկնի նաև մի ուրիշ ճանապարհ նույնպես սարքված, մի քիչ դեպի արևելք ասոր հետ զուգահեռական գնալեն հետո, ավելի կարճ ճամփով կշեղվի դեպի վեր՝ քաղաք. թերևս կհասնի մի ուրիշ դռան, որուն հետքը այժմ կորած է։
Դեպի արևմուտք, բացի գետափեն անցնող ճանապարհեն, վրայի կողմեն կանցնի մի ճանապարհ, որ կտանի ուղղակի միջնաբերդի ներքևը․ այս տեղեն կբաժանվին դեպի քաղաք բարձրացող ուրիշ ճանապարհներ։
Կամուրջեն դեպի արևմուտք ժայռին տակ դուրս կուգա մի աննման աղբյուր բավական առատությամբ, կամուրջեն հազիվ 100-120 քայլ դեպի արևմուտք։ Այս աղբյուրին մոտ տեղի է ունեցեր քարափի մի ահագին փլվածք, որը բոլորովին խափաներ է անցքը, և ինչպես կերևի բավականին կանուխ ժամանակի բան է, որովհետև քարերեն մեծ մասը սկսեր են մամուռ կապել։ Փլվածքեն դեպի արևմուտք կիսովին անաղարտ է մնացած դարձյալ որձաքար պատերով շինված դեպի քաղաք բարձրանալու ոլորապտույտ ճանապարհը, որը բարձրանալով կխառնվի կամուրջին բերանեն սկսվող և գետեզրեն շարունակվող, բարձրաբերձ ժայռերուն վրայեն անցնող ճանապարհին, այս ճանապարհը իմ կարծիքով ավելի հնումն նախքան մեծ կամուրջին շինվելը գոյություն է ունեցել, երբ հունով կանցնվեր գետեն, որովհետև հունին և կղզիին անմիջապես դիմացեն կսկսի բարձրանալ, թեև հայտնի է որ կամուրջը շինվելեն հետո ալ գործածության մեջ էր այս ճանապարհը, իբր ամենակարճ ճանապարհ դեպի միջնաբերդի մասեր և Աշոտի պարսպին մեջի մասերը բարձրանալու, ուր կային արդեն դռներ։
Այս ճանապարհեն կսկսի դարձյալ բարձրագագաթ ժայռեր, բոլորովին դանակով կտրածի նման ուղղահայաց և այսպես կշարունակվի։
Այս վերջին ճանապարհին վերևը մյուս ճանապահին խառնվելու տեղին վրա կա մի բուրգի մնացորդ, հավանաբար դռան բուրգերու մասերն են։
Ձեռագործ ճանապարհեն քիչ անցնելով, կա մի նեղ ճանապարհ ևս, սակայն այդ երևի ոչ հասարակաց, այլ մի արահետ՝ խառնվող մեծ ճանապարհին։
Երր կհասնի միջնաբերդի վերջավորության ուղղության, ուր ջուրի եզերքով գնալ անհնար է դեպի գետը երկնցած ժայռի մը պատճառով, ուստի հարկ է այդ ժայռեն բարձրանալ վերև և կրկին իջնել մյուս կողմեն գետափը, այս տեղերը դժվար է կանանց համար քայլել երբ կբարձրացվի ժայռին վրա, այն ատեն կտեսնվի, որ միջնաբերդի ծայրի եկեղեցիին տակ գտնված պարիսպը հասած է մինչև գետի եզրը, մեր անցնելու համար բարձրացած ժայռին մոտ և կպաշտպաներ այս ժայռեն դեպի Աղջկաբերդը գտնված մերձենալի տեղերը, այս տեղ ալ կա մի ձեռագործ ճանապարհ, որն ընդհատված է այս պարիսպի շինությամբ (քննելի կարևոր մասեր կան այս կողմերը)։
Սույն ձեռագործ ճանապարհը Աղջկաբերդի դռան ճանապարհն է, որ ուղիղ Աղջկաբերդի դռան պարիսպեն սկսած կուգա և այդ հիշյալ պատով կընդհատվի, ինչպես կերևի այդ ճանապարհը դեռ պարիսպի այդ կտորները չշինված ուղիղ գետի ուղղությունով ժայռի բարձր եզերքեն կանցներ և կերթար կխառնվեր կամուրջին արևմտյան կողմեն բարձրացող ճանապարհին։ Այնուհետև երևի այդ պարիսպներով ընդհատվելեն հետո, ճանապարհի ուղղությունը փոխած են (քննելի)[7]:
Ախուրյանի կողմը քաղաքին պարիսպին և գետին մեջտեղ կա մի ընդարձակ տարածության լանջ, որն Ախուրյանի քարափին և քաղաքի հարավային (այժմ անհայտացած պարիսպին մեջտեղ կգտնվի, բավականին լայն է այս տարածությունը, թեք զառիվայրը և երկարությունը կշարունակվի մինչև Աղջկաբերդի առջևը)։ Սկիզբ կառնե այս տարածությունն ալ Լուսավորիչ եկեղեցիի հարավային կողմեն, որտեղ պարսպամասը կզատե Գլիձորի բաժինը այս բաժինեն, այս պարիսպին մյուս կողմը արևելքն էր, որ սկիզբ կառնե նախապես նկարագրածս ձորը իջնելու ճանապարհը։
Այս տարածությունը անհամեմատ ավելի շատ բան կպարունակե իր մեջ, քան Գլիձորը։ Այս մասին մեջ, ոչ միայն կան բազմաթիվ եկեղեցիներու և մատուռներու մնացորդներ, այլ և շինությանց շատ մը մնացորդներ, բացի այս, բազմաթիվ մեծ ու փոքր քարայրներով ծածկած է գրեթե ամբողջ լանջը։
Որոշակի հայտնի է, որ այս կողմն ալ եղած է երկու պարիսպ, մեկը ուղղակի գետի ընթացքով քարաժայռին եզերքեն է անցած, որուն շարքին մեջ կգտնվի Ծիլենցի դուռը, իսկ մյուսը, ըստ երևույթին Լուսավորիչը առանձնացնող սեփական շրջափակին հետ կապ ունենալով շարունակված է Փրկիչի, Մայր եկեղեցիի, Մզկիթի հարավակողմերով և անցած միջնաբերդի հարավակողմը (միջնաբերդի արևելահարավի մնացորդ բուրգը այս պարիսպին կպատկանի)։
Լուսավորչեն անցնելով անմիջապես արևմուտք, կսկսին քարայրները, քարայրներուն առջև կտեսնվին խոշոր տապանաքարեր, որոնք կապացուցանեն այս տեղերու ալ խիտ բազմամարդությունը, մինչդեռ մեկ հայացքով կկարծվի, թե այդ մասերը միշտ անբնակ եղած են, ընդհակառակը խոր քննությամբ կտեսնվի շատ բաներ այս անբնակ կարծված մասերուն մեջ։
Այս մասեն առաջանալով կտեսնենք, այն ձորին գլուխը և պարսպամասերը, որ առաջագույն նկարագրեցի, որուն տակը կգտնվի սարալանջին վրա գտնված ձեռագործ ճանապարհները թեև վերեն անտեսանելի։
Այստեղ ձորին վերի բերանը բավական լայն է, սակայն բերանը ամբողջ պարսպով փակված է։
Այս ձորին արևմտյան կողմը պարսպի շարունակության վրա (որ շարունակությունն է Լուսավորչի տակ եղած պարսպամասի դեպի արևմուտք դարձած շարքին) անկյունացած տեղի մը վրա կա կցված զանազան պատեր, իբր պարսպի մաս, բայց սենյակներու նման բաժանումներով, ահա այս պարիսպներեն ցած են լանջի քարափոր ձեռագործ ճանապարհները, բայց ասկեց ցած ալ կրկին կան պարիսպի մնացորդներ, կրկին ժայռի վրա, դեռ գետը չհասած։ Ասկեց կերևի, որ այս տեղերը ոչ թե երկու, այլ ըստ պահանջի մինչև 3-4 շարքեր եղեր են ամրություններու, միայն թե ի հարկե, ոչ միշտ շարունակված, այլ պետք չեղած տեղերը ընդհատված։ Այս շինության մասերեն դեպի արևմուտք, հազիվ թե գոյություն ունենար պարիսպ մինչև Կուսանաց վանքը, որովհետև այս մասին տակը կգտնվի այն ահավոր վերեն վար ուղիղ կտրած ժայռերը, որոնց բարձրությունը բոլորովին անմատչելի դարձած է։ Եթե կային ալ պատեր, այն ալ միայն վերեն մարդ կամ անասուն չգլորվելու ապահովության համար պետք էր դրված ըլլար։
Կուսանաց վանքի պատերը եկած միացած են այս բարձրաբերձ բնական ամրության և փակած են ձորակի նման ժայռի ճեղքվածք մը, որը կարող էր հնարավորություն տալ վերև բարձրանալու։
Ասկից անդին Կուսանաց վանքը և պարիսպները և անոր շարունակությամբ մինչև Ծիլենց հասնող պատերը կկազմեն ամրություններ քաղաքին և գետին մեջտեղ քաղաքին պարիսպներու մեջտեղ թողնելով ընդարձակ լանջը։ Կուսանոցեն սկսած մինչև միջնաբերդի արևմտյան անկյունը հասնելն է, որ խիստ բազմաբնակությունը զգալի է երկու պարիսպին մեջտեղ, մանավանդ քարայրներու շատությունը։
Կուսանոցի հյուսիսի կողմը կամարակապի դիմաց է բնական քարաձոր, որուն միջեն կբարձրանար ճանապարհը քաղաք Ծիլենցեն անցնելեն հետո այս ձորակին վերի բերանն ալ փակած է նույն պարիսպով, որ Կուսանոցը Ծիլենցին կկապե։
Կուսանոցեն դեպի հյուսիս մինչև քաղաքին պարիսպը հասնելը Փրկչի մոտերքը տարածություն անհամեմատ ընդարձակ է և լեցուն հին շինության հետքերով։
Կուսանոցի և Ծիլենցի միջև, ձորի բերնեն սկսած պարիսպի կից հjուսիսի կողմին վրա կա դարձյալ մի գերեզմանատուն, որ մինչև Ծիլենց դուռը կհասնի։
Ծիլենցեն դեպի արևմուտք ալ կշարունակվի գերեզմանը մինչև 30—45 քայլ պարիսպի հետ միասին, ասկեց անդին այլևս հաճախ կընդհատվին պարիսպին հետքերը մինչև կամուրջին արևմտյան կողմի վեր բարձրանալու ոլորապտույտ ճանապարհի գլուխը։
Կամուրջեն դեպի արևմուտք ծռվող ճանապարհը քաղաքի առաջին պարիսպեն ներս մտած է մզկիթի հետևին ձորին տակի բերանը (հարավային կողմը մզկիթին)։
Միջնաբերդի տակի դուռը չհասած, 50—60 քայլի վրա կա մի գերեզման ևս գետափին ժայռի եզերքին մոտ։
Կամուրջեն ուղիղ գետափով դեպի արևմուտք սկսվող ճանապարհը, որ կբարձրանա ոլորապտույտ դեպի վեր, դուրս կուգա առաջին պարիսպի շարքին վրա մզկիթի և միջնաբերդի մեջտեղի ուղղությամբ և կշեղվի հանդերից դեպի արևմուտք, ուր արդեն կբաժանվի ճանապարհը զանազան կողմերու վրա։ Այս դռնեն մնացած է միայն գետափի կողմի պատը, մյուս մասերը բոլորովին փլած են, հայտնի է, որ ունեցեր է բավականին զարդարուն մուլյուրներ դռան եզերքը, որովհետև մոտը թափված քարերուն մեջ կան քանդակազարդ քարեր, որոնք նման են բավական պրոֆ. Ն. Մառի միջնաբերդի մեջ բացած Ծաղկոցաձորի կողման դռան քարերու քանդակներուն։
Այս դուռն Աշոտի պարսպի սահմանին մեջ կգտնվի, թերևս Աշոտի ժամանակեն գոյություն ունեցած է։ Արձանագրության հետք ամենևին չգտա։ Եթե պեղված քարեր մաքրվեն, կարելի է որ դուրս գան արձանագրություններ և ուրիշ բաներ։ Դռնեն դեպի հյուսիս, լանջին վրա 50—60 քայլ բարձրանալով կհանդիպենք քարակույտ ավերակի մը, ուր կան շատ մը տաշած քարեր, այս նման է եկեղեցիի մը ավերակին, մոտերքը կան քանդակազարդ խաչքարեր, ի միջի այլոց կա մի սյուն 27 սմ. տրամագծով, կարմիր քարով, և նման է եկեղեցիի ներսի որմասյունի, նաև կամի ուրիշ մուլյուր և կա մի փոքր խաչքարի պատվանդան աստիճանավոր։ Այս կույտը կգտնվի Ամենափրկիչի ավերակի ուղղությամբ, թերևս անկից ալ գլորված քարեր կգտնվին այստեղ և այս մուլյուրները այդ եկեղեցիինը ըլլան։ Համենայն դեպս այս քարակույտին տակ ալ անպայման մի հին եկեղեցվո փլատակ կա պահված։
Այս, տաճարը 7-րդ դարու Կամսարականներու գործ է։ Շինված է ընդարձակ դաշտավայրի վրա, որուն չորս կողմը մեծ տարածության վրա ցրված են հին բնակչությանց և այգեստաններու հետքերը, այնքան ընդարձակ, որչափ Անին կամ անկից ավելի։
Ինչպես ուրիշ տաճարներու, նույնպես այս տաճարին ալ վիճակվեր է կարևոր փոփոխությանց ենթարկվել, որոնց գլխավորագույնն է իմ կարծիքով արևելյան աբսիդին դուրս շեշտվելը։
Արտաքուստ թեև պատերը հաճախակի նորոգության են ենթարկված, նաև արևմտյան երկու անկյունները 10−11-րդ դարերու ոճով սյունանման բոլորակ շինված են, սակայն այդ բոլոր փոփոխություններով հանդերձ, պահած է 7-րդ դարու տիպը, դռները լայն բացված, հարավեն երկու դուռ, որոնց մեկը կբացվի մեծ սյունին և սեղանին միջոցին վրա, մյուսը ճիշտ մեծ սյուներուն կենտրոնին. նմանապես հյուսիսային կողման դուռը, արևմտյան դուռն ալ կենտրոնին վրա է դրած։ Ներքին չորս մեծ սյուներուն խոյակները բոլորովին պարզ ձևով են, և հավանական կթվի թե հետնագույն նորոգության արդյունք են. կամարները դուռ թե պատուհան և կամ սյունակամարներ ամենն ալ are piein cintre-են ինչպես կտեսնվի Բագարանի տաճարին վրա։ Բարձրությունը մինչև մեծ սյուներու երկրորդ կամարին կատարը 17,25 մետր է։ Բացառաբար սեղանի կիսաբոլորակին մեջ փոխանակ ըստ սովորականի մեկ պատուհանի, շինված է երեք պատուհան[8] թեև հետո երեքն ալ անճաշակ կերպով փակված են։ Սեղանին երկու կողմերը կան երկու սենյակներ միահարկ (?) 13-րդ դարու ճաշակով voûte d'arêtes ծածկված։
Գմբեթին կազմվածքը նման է Բագարանի գմբեթին, նախ ութանկյունիի վերածված և հետո բոլորակ կազմած։
Հարավային պատին վրա ներսեն 22-25 խաչքար շարված կա. ամենն ալ 10-րդ դարեն հետո եղած ճաշակով փորագրված։
Արտաքուստ, իբրև զարդարանք, բացի պսակե և դոների վրայի քանդակներեն առանձին ոչինչ չերևնար, խորանին կամարը անհամեմատ ցած է չորս սյուները կապող կամարներեն և այդ տարբերության մասին վրա բացված կա մի մեծ պատուհան, այս պատուհանն ալ բացառություն է, գրեթե Բագարանեն հետո այս երկրորդն է այս ձևով։
Գմբեթին մեջ կա ութ հատ ցցուն ջիղեր, որոնք կբաժանվին կենտրոնական բոլորակե մը, և յուրաքանչյուրին վերջավորության վրա ալ կա նույնպես մեկ մեկ բոլորակ ձողերուն կրկին լայնությամբ տրամագծով։
Սեղանին տակը կամարակապ դատարկ է, թերևս եղեր է մասանց խորան։ Մուտքը հայտնի չէ քանդակվածքի պատճառով, հավանական է, որ ճակատեն էր։
Կամարը նետված է հյուսիսեն հարավ։ Արևմտյան դռան կիսաբոլորակի մեջ քանդակված են երկու թևավոր հրեշտակներ միմյանց քով կանգնած։ Անկից վար, դռան լայն բարավորին վրա քանդակված են վեց մարդ, որոնց մեջտեղերը հավանաբար Քրիստոս, երկու քովերը դարձյալ երկու սրբոց պատկերներ Քրիստոսի պես լուսապսակ, իսկ մյուսները երեքն ալ մահկանացուներ են. հարավային կողմեն առաջինը մի քիչ կնոջ նմանություն ունի, հագած ունի մի վերարկու ծալ-ծալ թավշյա (?), որուն թևերը չեփքենի նման կախ ինկած են առանց հագնելու, իսկ երկու ձեռքերը առաջ է պարզած։ Այնուհետև կհաջորդեն սրբոց պատկերները, հյուսիսային ծայրը նույնպես կանգնած է մի մարդ նույն տարազով ինչպես հարավայինը, դարձյալ ձեռքերը առաջ երկեցուցած։
Արևմտյան ճակատը դարձյալ լեցված է հետնագիր խաչքարերով մեծ ու փոքր չափերով։ Հյուսիսիային դռան լայն բարավորին վրա քանդակված են՝ արևելյան ծայրը մի թամքած ձի, անոր առջև մի մարդ մի քիչ ծունկ չոքելու պես ծռած, անոր առջև մի երեխա ձեռքին բռնած մի խաչ բարձր ձողի վրա, անոր կհաջորդե մի ուրիշ մարդ դարձյալ կիսածունկ, ձեռքին բուրվառ, այնուհետև կուգա մի ծառ երեք ճյուղ՝ մեկ կողմեն, երեք՝ մյուս կողմեն։
Արևելյան կողմին անկյունավոր աբսիդի պսակները ժամանակակից 7-րդ դարու ճաշակով են շինված։ Իսկ երեք պատուհանները պսակված են գեղեցիկ կարնիզով մը։ Կողմնակի երկու պատուհաններու վրա դրված են իբր պսակ պոչերով իրարու փաթաթվող վիշապներ։
Վերի գմբեթին ներքևի խաչաձև ֆրոնտոնները ծածկող պսակը ևս նույնն է վարինին հետ, գմբեթն ալ նմանապես, սակայն ստորին մասերը ճոխ քանդակազարդված։
Նախապես ծածկված է եղեր տանիքը կղմինդրով, հետո կրկին նորոգության մը ժամանակ վրայեն սալաքար են շինած։ Սակայն գմբեթն իր կղմինդրով անարատ պահված է։
Հարավային կողմն ալ, հետնադիր խաչերով ծածկված է, միջին դռան ճակատը, մինչև միջին պատուհանին տակ լիովին քանդված և վերստին շինված է, թե ինչու է այդ տարօրինակ փոփոխությունը, ոչ մի բան չի կարելի ենթադրել, այդ բանն արած կերևին հատկապես այդ մասին մեջեն մի բան վերցնելու և անհետացնելու դիտավորությամբ, որովհետև բավական ընդարձակ տարածություն է, որ բռնած է այդ փոփոխված ու նորոգված մասը։
Այդ նորոգված կամ փոխած մասին վրա եղած արձանագրությունները (թվով 6 հատ) ամենն ալ Չ թվականեն հետո են գրած։ Ուստի հավանական է, որ այդ թվականին եղեր է փոփոխությունները։ Աստիճանները կորած են հողին տակ։ Ներքին կամարները Մայր եկեղեցիի կամարներուն նման դատարկություններ ունեցեր են որպես պահարաններ, արևմտյան դռան ճակատն ալ մինչև վերևի պատուհանը ամբողջովին ներսեն և դրսեն պատռած քանդված և վերստին շինված է, այս այն մասերն են, ուր խաչքարեր են ամրացած։
Եթե կհաստատվի, որ Մրենի տաճարին արևմտյան անկյուններու սյունանման զարդերը միաժամանակ շինված են տաճարի շինության հետ, այն ատեն պետք է ընդունել, որ Տեկորի տաճարին արևմտյան անկյուններու նույնանման զարդերն ալ շինված են նույն ժամանակ և առաջին նորոգության շրջանն է Տեկորի 7-րդ դարը։ Նաև այդ ձևին ծագումը պիտի համարել 7-րդ դարը՝ դեռ նոր սկսած մուտ գործել հայ ճարտարապետության մեջ։
(Ներքին փոքր կողմնակի կամարներ ամենն ալ թեթև կերպով պայտաձև են)։
Ուրիշ պատմական պանծալի հիշատակարաններու նման այս տաճարին ալ վիճակված է անտերություն, քայքայում և կործանում։
Գմբեթը վաղուց ընկած է մեջը, պատերը թեև որոշ չափով հաստատուն, սակայն անոնք ալ հետզհետե փչանալու վրա են։
Թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ խաչաձև է եկեղեցին, ներքուստ կիսաբոլորակ թևերով, իսկ արտաքուստ՝ անկյունավոր, բացի արևելյան խորանեն, մյուս բոլոր թևերուն վրա ունի մտից դռներ, որոնց երկուքը մեծ են, իսկ հյուսիսային կողմինը խիստ փոքր է և մինչև այսօր դեռ վրան կմնա միակտուր քարե շինված փեղկը։ Պատերեն քիչ հեռավորությամբ զետեղված չորս մեծ մույթերը իրար միացնող բարձր և բեկյալ arc brise կամարներուն վրա նստած է գմբեթը, սույն չորս կամարներեն երեքը բոլորովին անվնաս պահված են։ Միայն հարավային կողմի կամարը կործանված է մինչև կիսաբոլորակ թևին կամարը։ Կիսաբոլորակ թևերուն կամարներով չորսն ալ հաստատուն և գրեթե անվնաս պահված են, ինչպես նաև շրջապատի բոլոր պատերը։ Մասամբ վնասված և խախտված են ներքին չորս մեծ սյուները, որոնք հաճախ ենթարկվեր են նորոգություններու և այդ նորոգությանց ժամանակ անարվեստ վարպետներու աշխատության։
Մեծ կամարները բացի arc brisē լինելեն նաև շատ թեթև կերպով ալ հանգիստները հակված են դեպի ներս և զգալի կերպով կցուցանեն պայտաձևի ոճը։ Կողմնակի փոքր կամարները, որոնք մեծ սյուներեն դեպի արտաքին պատերը ձգված են, անոնցմե ոմանց վրա ավելի զգալի կերպով շեշտված է պայտաձևությունը։
Հայ եկեղեցիներու ընդհանուր ձևեր են բացառություն կազմող հատկությունն է այս եկեղեցիին արևելյան կողմեն, սեղանի կողմնակի ուղիղ պատերուն վրա ունեցած փոքր դռները, նաև հարավային ճակատին նույն մասին վրա արևելյան անկյունին կից մի դուռ. այս վերջինը թեև մի քիչ սովորականի մոտ բացառություն կհամարվի, ինչպես Մրենը և Էջմիածինը (այս վերջինին մասին դիմել առանձին աշխատությանս), սակայն արևելյան կողմեն անկարելի էր, որ առանց պատճառի ունենային այդ դռները, ուստի մասնավորապես ուշադրություն դարձնելով առանձին խնամքով քննեցի շինության բոլոր մասերը և վերջապես մի քանի հայտնի նշաններե ալ հետևցնելով հասեր եմ հետևյալ եզրակացության։
Սկզբում այս եկեղեցին եղեր է պարզ խաչաձև, առանց մեծ սյուներու և թևերու խորության չափը հավանաբար եղեր է մինչև այսօրվան մեծ կամարներու հանգիստներուն պրոեկցիան, ուստի բնականաբար սյուներուն հետևի մասերը եղած էին չորս առանձին սենյակներ՝ ինչպես Աղջկաբերդը, Հռիփսիմեն և այլ նմանօրինակ եկեղեցիներ և այդ արևելյան դռներ եթե հետո չեն բացված, առաջվնե ալ կբացվեին այդ սենյակներուն վրա։ Շատ փնտրեցի հետքեր գտնելու համար, անոնց վերջեն բացված ըլլալուն, սակայն նշմարելի չէր, ինչպես նաև՝ մյուս կողմերու վրա ալ ի հնումն դուռ կենալուն նշաններ նույնպես չգտա, թեև այն տեղերուն վրա, ուր պետք է դռները գտնվեին անհամեմատ փոքրությամբ քարեր կան դրված։ Սակայն այս ալ բավական չէ հաստատելու։ Ինչևիցե։ Վերջապես կամ հնում այս օրվան վիճակով է եղած և կամ թե եղած փոփոխությունը այնքան խնամքով է կատարված, որ հայտնի հետք չէ մնացած։ Մեծ սյուներուն վրա եղած փոփոխությունները շատ պարզ են. անոնցմե դեպի պատերը ձգվող կամարները, որոնք պետք է հետնագույն շինության վերաբերին, առաջվան գոց պատերու և անանց տակ գտնված դռներու փոխարեն հավանաբար 9-10-րդ դարերու գործ կերևին իրենց ոճով և ճաշակով, ինչպես խոյակները և խարիսխները։ Իսկ այդ փոքր մասերուն վրայի ծածկերը, որոնք voûte d'arêtes-ով ծածկված են, անպայման 13-րդ դարեն առաջ չեն կարող ըլլալ։
Հին տաճարներեն գիտենք, որ արևելյան կողմը, գոնե երկու սենյակները անհրաժեշտ էին, մանավանդ այս եկեղեցիի նման մի մեծ եկեղեցի առանց այդ կողմնակի սենյակներուն չէր կարող մնալ, այս իսկ ցույց կուտա, որ այդ սյունամեջերը առանձին սենյակներ էին ներսեն և դրսեն տաճարին հետ հաղորդակցելու համար։ 10-րդ գարուն, երբ առհասարակ կողմնակի սենյակները խորանավոր մատուռներու փոխարկվելու ընդհանուր սովորությունը մտավ, այս սենյակները այնքան փոքր էին, որ չէր կարելի անոնց խորան ավելցնել, ուստի այս սենյակներուն առջև արևելյան կողմեն շիներ են երկու չափավոր մեծությամբ մատուռներ, որոնց դռներն այժմ արտաքին դուռ կարծվողներն են։
Գլխավոր կասկածը կմնա հիմա թե արդյոք այդ մատուռների շինելու ժամանա՞կ բացվեցան այդ դռները։
Մեծ սյուներուն խոյակներեն արևելյան կողմի երկուքը և անոնք արտաքին պատերուն կապող փոքր կամարներու հանգիստները 10-12-րդ դարերու ճաշակով շինված բաներ են, հավանաբար նախնական փոփոխության ժամանակ շինված, իսկ արևմտյան կողմի երկու սյուներուն խոյակները ամենայն հավանականությամբ 13-րդ դարու վերջին մի նորոգության գործ են և շատ անխնամ ու պարզ ձևով շինված։ Դռներու և պատուհաններու կամարները ամենն ալ առհասարակ are plein cintre են, միայն թե ոչ Տեկորի պես ներսեն և դրսեն հավասար չափով բացվածքով, այստեղ դռները խիստ քիչ լայն են ներսանց, սակայն պատուհանները անհամեմատ մեծ տարբերությամբ լայնացած և երկնցած են ներսեն։ Պատուհանները իրենց լայն բացվածքներով և զիրենք պսակող մուլյուրներով պարզապես ցույց կուտան, որ 7-րդ դարու գործ են, և այնպես ալ մնացած, առանց ոևէ փոփոխության, նույնպես սեղանը պահած էր իր 7-րդ դարու իսկական տիպը: Ոչ միայն երկու կողմեն բարձրանալու սանդուխներ ունի, այլև մեջտեղեն ալ ունի՝ ինչպես Զվարթնոցը, իբրև բացառություն վերջին դարերու եկեղեցիներեն (Մրենի սեղանը քայքայված է, հայտնի չէ, թե արդյոք նա ալ ունե՞ր մեջտեղեն վերելք)։
Տանիքը հաճախակի փոփոխությանց է ենթարկված, որոնց մեջ պարզ կտեսնվի, թե 7-րդ դարու եկեղեցիները ինչպես նաև Մրենը, Զվարթնոցը, կղմինդրով են ծածկված։ Վերջին ժամանակներ հայտնի չէ, թե երբ, կղմինդրներու վրայեն կրաշաղախ քաշած և ծեփած են։ Այժմ մեծ մասամբ կմնան ծեփին տակ:
Գմբեթը գրեթե բոլորովին փլած է, միայն արտաքուստ մնացած շրջապատեն կերևի, որ ավելի նման է եղեր Տեկորի գմբեթի արտաքինին, քան ուրիշներու, որովհետև տանիքներու ամենաբարձր կատարներեն վեր անգամ դեռ մեկ մետր բարձրությամբ ուղիղ քառակուսի պատեր կան փոխանակ անկյունավորի, ինչպես Մրենի եկեղեցին. սկսեց կեզրակացնեմ, որ թերևս Մրենի գմբեթին փոփոխությունն ալ հետնագույն է. և կամ գոնե եթե Տեկորի նման բոլորովին քառակուսի գմբեթով կազմված, գոնե բավականաչափ քառակուսի ձևով, իբրև գմբեթի պատվանդան, բարձրացվելեն հետո պատշաճ բարձրությամբ կազմված էր անկյունավոր գմբեթը:
Գմբեթը ներքուստ ալ պահած է իր նախնական տիպը, թեև քիչ մը ավելի մշակված ձևով, քան Տեկորի գմբեթին կազմությունը:
Նախապես ուղիղ քառակուսի բարձրանալեն հետո յուրաքանչյուր անկյուններեն շեղակի նետված են փոքր կամարներ, որոնցով ձևացեր է ներքուստ ութանկյունի մը: Եվ ձևացյալ ութանկյունին սուր մնացած անկյուներն ավելի ևս բթացնելու համար նախապես գոյացած ութանկյունիներուն վրա դարձյալ շեղակի ձգված են փոքրիկ կամարիկներ, որոնցմով արդեն ձևացեր են 16 հատ բութ անկյուններ և գրեթե բոլորակի ձև է ստացեր և անոր վրա հարմարցուցած է վեղարը։ Հավանականաբար վեղարն ալ պետք է, որ նման ըլլա Ալամանի եկեղեցիին, ավելի մշակված, քան Տեկորի գմբեթին վեղարի կազմը։
Գմբեթին վեղարը, ինչպես նաև կողմնակի չորս աբսիդներու ծածկերը եղած են կոնաձև։ Կաթողիկեին մասին խոսք չի կարող ըլլալ, սակայն աբսիդներուն ծածկերուն այժմյան մնացորդները թերևս ոմանց մեջ կասկած հարուցանեն անոնց սֆերիկ ըլլալուն։ Սակայն, այսօրվան մնացորդ սֆերիկ մասերը լոկ ներսանց կազմված գմբեթարդին մասերն են, և անոնց ոտքերը շատ հեռու կմնան արտաքին որմերեն. այդ սֆերները և մինչև արտաքին պատերուն մեջ եղած բաց միջոցը կարելի է միմիայն կոնաձև ծածկել, եթե սֆերիկ ծածկեին այն ատեն բարձրությունը շատ պիտի շատնար և ծածկեր անոնց կատարին վրա գտնված պատուհանները. բացի այդ պարագան, եթե սֆերիկ շինված ըլլար, այն ատեն հարկ չիկար, որ այդքան բաց տեղ թողելով փոքր գմբեթարդներ ցույց տրվեին արտաքուստ։
Եկեղեցիի շուրջը ամեն տեղերու պես գերեզմաններով ծածկված է, իսկ ուրիշ շինությանց մնացորդներ չկան, բացի հարավ արևմտյան կողմը 2-300 քայլ հեռու ուրիշ եկեղեցիի մը պատերեն, որը գյուղացիք հետզհետե քանդելով տանելու վրա են։
Մոտակա շրջակայքը կան շատ մը շինությանց հին հիմքեր, որոնք ցույց կուտան հին ժամանակ այդ տեղերու մեջ խիտ բնակչության գոյությունը, իսկ համեմատելով հիմերու անհամեմատ թանձրությունը և խիստ մեծամեծ քարերով շինված ըլլալը, հայտնի կդառնա, որ անոնք հասարակ բնակարաններ ըլլալու հիմեր չէին, մոտ երկու մետր լայնություն ունեցող հիմքեր կան կարծր որձաքարե և հսկա քարի կտորներով հյուսված, որոնց ամեն մեկը 10-20 մարդ հազիվ կարող է շարժել և թե երբեմն այդ պատերն այնքան երկար են շարունակված, որոնք չէին կարող հասարակ տուներ ըլլալ, եթե ոչ բերդի, գոնե ապարանքներու պատեր պետք էր որ ըլլային։ Այս հետքերը բազմաթիվ են եկեղեցիի հյուսիս-արևելյան կողմի բլրացած բարձրության վրա և անկեց վար դեպի գյուղը եկեղեցիեն անջատող ձորը։
Ես չպիտի վարանեմ այս ամրակուռ շինությանց հետքերը հեթանոսական շրջանի համարելու, որովհետև քրիստոնեական շրջանեն ոչ միայն սրբատաշ քարերով բերդեր և ապարանքներ կառուցանելու սովորությունը ընդհանուր էր, այլ և քննելով կտեսնենք, որ այդ վայրերը մի ժամանակ ծառայել են քրիստոնեից համար իբրև գերեզմանատուն, այդ գերեզմանները պատահեր են սենյակներու և սրահներու մեջ և անոնց պատերեն թափած մեծամեծ քարերը ծառայել են իբրև խաչարձան՝ առանց տեղերեն շարժվելու, պատեն ընկած կամ հիման մեջ նախապես դրած մեծ քարի մը առջև մեռելը թաղել են և նույն քարին վրա փորագրեր են խաչեր և հիշատակարաններ, ասոնց մեջ արձանագրություններ կան, որ մինչև 12-13-րդ դարերը կհասնին։
Գյուղացիներու պատմելով այս տեղերը հաճախ պատահած են հեթանոսական շրջանի հնություններ և գերեզմաններ։ Այժմ Միջին Գյուղ անվանված բարձրության վրա, նոր տներ շինելու համար հիմեր փորելու ժամանակ գտնվեր են հեթանոսական գերեզմաններ, քարե փոքրիկ կուռքերու արձաններ, սակայն դժբախտաբար փչացուցեր են։
Առաջին առթիվ մարդ երբ կմոտենա դաշտի եզերքին և դեպի Ախուրյանի ձորը կտեսնե Բագարանի ընդհանուր դիրքը, անմիջապես կըմբռնե, թե որչա՞փ զորավոր եղեր է մի ժամանակ թշնամու երկյուղը և այդ երկյուղի ազդեցության տակ մարդիկ ինչպիսի՞ տաժանելի կյանք անցնելու կպարտավորվին։
Դաշտավայրի եզերքին մոտենալով հանկարծ կպարզվի աչքի առջև մի ընդարձակ խոր փոս, որուն մեջ ոչ այլ ինչ կտեսնվի, բայց եթե ահագին ապառաժներու կույտեր, բարձրաբերձ ժայռեր, խորախոր փոսեր, նեղ ու ոլորուն կիրճեր, մինչև գետին եզերքը և այսպես կտևե հետիոտն ճանապարհորդի մը համար, գրեթե մի ժամ։ Երկյուղը և սարսափը պարզապես բերեր ահալի ժողովուրդը խցկեր է այս ապառաժուտ քարքարուտներուն մեջ գոյություն պահպանելու համար, և զարմանալին այն է, որ այդ գոյության պահպանության համար այդ քարերուն և ապաժաոներուն կյանք ու կենդանություն են տվեր։ Բացի գետին ջուրեն քարքարուտ լանջերուն մեջեն բխող առատ ջուրերը քաջալերություն և ուժ են ներշնչեր հալածական ժողովուրդին, մեկ կողմեն սկսեր են մաքրել այդ տեղերը ապառաժներեն և այգիներ ու պարտեզներ տնկել ընդարձակ տարածության վրա, այնպես որ Մրենեն հետո Բագարանն է, որ պիտի մրցի իբրև Անիի բազմամբոխ ժողովուրդին մրգեղեն մատակարարող։ Թեև այդ ջլապինդ ժողովուրդին անպարտելի ուժը չէ կարողացեր ձորը, կամ ավելի ճիշտ, այդ փոսն իր լեռնացած ապառաժի կույտերեն բոլորովին ազատել, դեռ ամենամեծ մասը կմնա, սակայն ինչ որ ալ ըրեր են, արդեն շատ մեծ փաստ է այդտեղ ապրող հին ժողովուրդին տոկուն ու չարքաշ կյանքին. երկրագործության և մշակության մեջ ունեցած հմտություններուն. ինչպես կըսեն ռամկորեն, քարեն հաց հանելու հատկություններուն։ Այսօր ներկա գյուղացիք հիներուն թողած պատրաստ հողերը միայն կմշակեն, այն ալ ամբողջովին մաքրել դեռ չեն կարողացած և շատ տեղեր կան ու կտեսնվին, որ ի հնումն այգիներու և պարտեզներու տեղեր են եղած։ Հայտնի են անոնց պատերն ու սահմանները, սակայն կմնան խոպան, որովհետև բնական ոևէ պատահարներով մեջը քարեր են թափեր, կամ ոևէ շինության քանդակը և բեկորները մեջը բլրացել են։
Բագարանի փոսը հյուսիսեն հարավ երկնցած է, իսկ արևելքեն արևմուտք մի քիչ նեղ չափ ունի։ Ստորոտեն կանցնի Ախուրյանը, սակայն առհասարակ ամեն տեղե դաշտավայրեն անտեսանելի է այս թագստարան փոսը մինչև եզերքին մոտենալը։ Հյուսիսային կողմը կգտնվի բերդը, իսկ հարավային ծայրը՝ բարձր տեղի մը վրա ս. Թեոդորոս եկեղեցին։
Բերդը ունեցած է ի հնումն մեծ տարածությամբ որձաքարե պարիսպ, որուն մեջ շրջափակված են երեք հատ զանազան բարձրությամբ բարձր քարաժայռեր, այս շրջափակին մեջ է եղած հին քաղաքը, որուն մեջ դեռ պարզ նշմարելի են բնակությանց անթիվ հիմունքներ պինդ որձաքարով չոր շարված, և խիստ հաստ պատերով մեծամեծ շինությանց մնացորդներ անթիվ են և այսօրվան քարքարուտներու մեծ մասը բոլորովին անբնակ կերպով այդ բազմաթիվ շինությանց փլատակներեն են առաջ եկած, այնպիսի խոշոր զանգվածներեն հյուսված պատերը, որ ներկա ժողովրդի համար դժվար է երևցած նույնիսկ անոր փլատակներեն գոյացած քարերն իսկ տեղեն շարժել։ Այս փլատակներն ալ հավանորեն հին հեթանոսական շրջանի մնացած հետքեր են. որովհետև անոնց վրա քրիստոնեական շրջանը իր որոշ դրոշմը դրած է իր սրբատաշ քարերով և կրաշաղախ շինված պատերով զանազան քանդակազարդերով։ Միջնաբերդ անվանվածը կգտնվի սույն մեծ քաղաքորմի կամ բերդի պարսպի հարավային արևմտյան կողմը երեք բարձր քարաժայռերու ամենաբարձրին գագաթը։
Փոքր տարածության վրա ամբողջովին շրջապատված է եղած կոփածո քարե կրաշաղախ պատերով, և տեղ տեղ բուրգերով, մի դուռ ունեցեր է հարավային ծայրին, հյուսիսեն հարավ նեղ ու երկայն դիրքով է բերդին ներսը ժայռին ձևին պատշաճելով. հյուսիսային ծայրին եղեր է շինած սբ․ Գևորգ եկեղեցին, թեև բացի արևելյան պարզ պատեն ոչինչ չէ մնացած, մնացյալ մասերը ամենն ալ նոր են շինած, եկեղեցիի վրա ուշագրավ են Մրենեն բերված գեղեցիկ մանվածահյուս քանդակով խաչքարերը, մանավանդ դռան ճակատը դրված ճերմակ քարի վրա փորված մի ընտիր խաչքար, որ միայն հիացում կպատճաոե ճարտար փորագրողին ճաշակին և հմտության վրա։
Միջնաբերդին մեջ մնացած են ապարանքի հիմերը զանազան բաժանումներով, իսկ պարիսպներեն մի կիսականգուն բուրգ, կիսաբոլոր ճակատը դեպի հարավ արևմուտք, այս բուրգին յուրաքանչյուր քարին վրա կնկատվին զանազան բարձրաքանդակներ, թեև ինձի հազիվ նշմարելի եղան անոնց քանդակները, թեև տեղ տեղ կան իսկական քանդակներ։
Տեղին անհարմարության պատճառով անկարելի եղավ մանրամասն զննել. մյուս երկու բլուրներեն ալ, որոնք հաջորդաբար շարված են կարծես արվեստական կերպով դեպի արևելք, անոնք ալ ունեցեր են թե իրենց առանձին շրջապարիսպները և թե մեջը եղեր են ապարանքներ, որոնց հոյակապ մնացորդներ դեռ կմնան, միջինին մեջ կան այժմ կամարակապ սենյակներու մնացորդներ։
Բերդի ուղիղ հարավային կողմը բավականին մեծկակ մի եկեղեցի, որն որ դատելով իր քանդակներու ոճեն 10-11-րդ դարուն գործ պետք է ըլլա։ Այս եկեղեցին շինված է ուղղակի քաղաքորմի պարիսպին կից և արևմտյան պատը գրեթե դրված է հին պարիսպի պատին վրա։
Բերդին հարավ արևելյան կողմը Ախուրյանի մյուս ափին վրա, կա մի այլ եկեղեցի բարձր բլուրի գագաթին, որը ինձի չհաջողվեցավ գնալ տեսնելու, այդ եկեղեցին ալ ունեցեր է, համեմատելով իր մեծության, չափավոր մեծությամբ շրջորմեր, շուրջը բրգաշար, որոնց մնացորդները դեռ կերևան հեռվեն, եկեղեցին ութանկյունի է, բոլորակ թմբկավոր կոնաձև գմբեթով և երևույթեն հայտնի է, որ այդ եկեղեցին ալ չպետք է որ անցնի 11-րդ դարը։
Ուսումնասիրության ահագին նյութ կմատակարարե Բագարանեն դեպի Մրեն գնալու ճանապարհին վրա անմատչելի քարաժայռերու վրա և ծերպերու նման փորված քարայրերը, որոնց մասին նույնիսկ առասպելներ կան ստեղծված ժողովուրդին բերնովը, մանավանդ մեկուն համար՝ տեսնողներ հիացումով կնկարագրեն անոր մեծությունը, ընդարձակությունը և դիրքին ահավորությունը։ Ցածեն հայտնի է միայն նույն քարայրին բերանը, և ձեռագործ փորված ճանապարհը ուղղահայաց կերպով կտրված ահավոր քարաժայռի կուրծքին վրա, բայց ինձ համար զանազան պատճառներով անհնար էր մոտենալ այնտեղ։
Մինչև Մրեն հասնելը և Մրենի քարափը բարձրանալը հաճախ կտեսնվին Ախուրյանի արևմտյան կողմի սարերուն լանջերուն և բլուրներու գագաթներուն վրա անառիկ բերդերու և պարիսպներու մնացորդներ, այնպես առանց հետաքրքրության մնացած և այնպիսի վիճակի մեջ են այսօր, որ պարզ հայտնի է, թե դարերե ի վեր այստեղերը մարդկային ոտք չէ կոխած. ոչ ճանապարհ կա, ոչ մոտենալու դյուրին միջոցներ։ Քարեր մագլցելով միայն կարելի էր մոտենալ այդ տեղերին. կցավիմ, որ ես չունեի երիտասարդական կորով և ուժ, որպեսզի առանց այցելության չթողնեի այ այդ ամենը։
1909 թ. հուլիսի 16-ին եկա Բագնայր։
ԺԱ-րդ դարու հայ ճարտարապետության բոլոր բնորոշ հատկությունները իր վրա կամփոփե բուն տաճարը ս․ Աստվածածին անունով։ Voûte pendentif-ներու վրա առնված գմբեթը դրսանց բոլորովին բոլորշի առանց սյունի, ներսեն՝ բոլորակ և կանոնավոր վեղարով, գմբեթը կրող չորս կամարները թե՛ կատարին վրա թեթև բեկում ունին, այսինքն աղեղները աջ ու ձախ տարբեր կենտրոնե առնված, և թե՛ ստորին մասը, ուր կվերջանա սյանց խոյակներուն վրա, զգալի պայտաձև թեքված են դեպի ներս։ Արևելյան և արևմտյան կողմերու որմասյանց խոյակները բոլորովին տարբեր են, արևելյան կողմի խոյակներ նախնական ձևի (հայոց մեջ) moulure-ներով կազմած է, իսկ արևմտակողմինները երկուքն ալ ստալակտիտի նմանող տաշվածք ունին, իմ կարծիքով այս վերջինները 13-րդ դարու մոտ նորոգության մը հետևանք են։ Այստեղ ոչ միայն մայր տաճարի մեջ, այլ ամբողջ տաճարներուն և գավիթներուն մեջ նկատելի է մի բան, հյուսիսային կողմերը պատուհան ամենևին չունին երեք եկեղեցիներն ալ, իսկ հարավային կողմերն ալ թեև ունին, սակայն դրսի կողմի բացվածքները չափազանց նեղ են (Աստվածածնի տաճարի գմբեթը միայն բացառություն է, դրսանց համեմատաբար լայն է). ասոր պատճառը թերևս ձմեռվան սաստկությունն է։ Արևմտյան մեծ գավիթին պատուհաններն ալ նույնպես 13-15 սմ. լայնություն ունին, թեև այստեղ հյուսիսային կողմն ալ պատուհան ունի երեք հատ՝ երեք որմակամարներու ներքև։
Տաճարի որմասյուները լիովին կհիշեցնեն Անիի Մայր եկեղեցվո որմասյուները գրեթե նույնչափ ալ մաքուր շինված։ Հատակի վրա սալերը դեռ մասամբ կմնան։ Արևելյան կողմը սեղանին երկու քովերը փոքր մատուռ պահարանները երկհարկանի են. արևելյան խորանը բոլորովին քանդված է և տեղացիներու ըսելով վերջին ռուս-թրքական պատերազմի ժամանակ (1878 թիվ) թնդանոթի ռումբով է քանդված մեջը թուրքեր ապաստանած ըլլալուն համար։
Տաճարին դրսի ճակատներու վրա ոչինչ չերևեր գրեթե, թեև շատ պարզ շինված է, սակայն եղածն ալ ծածկված է հետնագույն գավիթներու շինությամբ. արևելյան, հյուսիս և հարավային կողմերն ունին սովորական նիշեր, կտուրի պսակները անհայտ են, մեծ մասամբ շինություններով ծածկված ըլլալուն համար, բայց մնացած մասերն ալ քանդված են։
Արևմտյան մտից դուռը, որ նույն կողմի գավիթին վրա կբացվի, զարդաքանդակներ չունի, բացի երկու կողմին վրա կամարակիր զույգ սյուներե, արտաքուստ քառակուսի է եղած՝ մուլյուրավոր բարավորով, իսկ տաճարին մեջ՝ կիսաբոլորակ վերջավորությամբ։ Նմանապես հարավային դուռը։
Բագնայրի շինությանց այս կտորի մեջ ամենամեծ տեղը կբռնե Աստվածածին տաճարին արևմտյան գավիթը, թե՛ մեծությամբ և թե՛ ճոխությամբ։ Ձևը գրեթե քառակուսի է, չորս միջին մեծ սյուներու վրա կազմված է ստալակտիտ քանդակված գմբեթ մը, իսկ մյուս մասերը զանազան ձևով առաստաղներ են։ Աննման ճարտարությամբ շինված է գավիթի արևելյան կողմի տաճարին դռան առջևի մասի առաստաղը։ Մարդ պահ մը չուզե աչքերուն հավատալ, երբ կտեսնե թե զանազան գույնի քարերով, ինչպես կազմած են կամարիկներ և այդ քարերուն երբեմն լայնությունը 5-10 սմ. չանցներ. երկար շերտեր քաշված և իրարու միացուցած են կաղապարի վրա, բայց այնպիսի ճարպիկությամբ, որ դեռ մինչև այսօր քարերուն գույներն միայն կորոշին անոնց տարբեր կտորներե կազմած ըլլալը։
Այս առաստաղին երկու կողմն ալ, նույն ձևին մոտ, տարբեր գույնի քարերով կամարիկներեն կազմած, կենտրոնին վրա հարթ մակարդակ ստացած առաստաղներ են, որոնց չորս անկյունները ստալակտիտ քանդակած։ Միջին մասի հյուսիսային և հարավային պատերուն կցված առաստաղները բոլորովին հորիզոնական ձևով մոզայիկներե շինված են։ Նույն ձևով են նաև արևմտյան մտից դռան վրա եղած առաստաղները, բայց ասոր երկու քովերը եղած բաժինները voûte d'arêtes ծածկված են։
Այս գավիթը, բացի միջին գմբեթավոր մասեն, մնացյալ բոլոր մասերը եղեր են երկհարկանի։ Արևմտյան պատին մեջեն նկատելի է սանդուխը վեր բարձրանալու համար, սակայն մուտքը բոլորովին անհայտ է քանդվածքներու պատճառով։
Արևմտյան կողմը, բացի պատեն, ծածկը բոլորովին փլած է, սակայն մյուս մասերը մեծ մասամբ դեռ ապահով վիճակի մեջ են, թեև կան հարավային և հյուսիսային պատերու վրա ալ քանդվածքներ, սակայն նորոգությունը այնքան դժվար չէ։
Օրթաքիլիսա եկեղեցվո այժմյան անունը ս. Աստվածածին. ավանդական անունը՝ Տիրանավոր։ 125 տուն բնակիչ։ Գաղթականության ժամանակը՝ 1830 թ. եղել են 25 տուն։ Քեֆլի գյուղը բաժանված է այս գյուղեն 1862-ին՝ 20-ի չափ տուն։
Եկեղեցին հնում դուռ ունեցեր է թե՛ հարավեն և թե՛ արևմուտքեն։ Այժմյան դուռը նոր բացված է նորոգության ժամանակ գյուղացիներու ձեռքով։ Հրդեհը մեծ վնաս պատճառեր է այս եկեղեցիին անհայտ ժամանակի մեջ․ այժմ հետքերը կտեսնվին հարավային պատին վրա թե՛ ներսեն և թե դրսե՛ն։ Պատերուն վրա վարպետներու քարտաշի նշաններ կան Բ․ Գ․ այս ձևերով։
Կամերալնի 70 տուն, իսկ իսկականը՝ 110 տուն։ Սեփական եկեղեցի իրենց շինած։ Գաղթած են Պասկևիչի ժամանակ․ իսկական բնակիչ են եղեր այս գյուղացիք Կարսի մոտ Բերդիկ գյուղից, այժմ ալ գոյություն ունի այդ գյուղը։
Ղուլիջանի այժմյան գյուղն ըստ երևույթին, հին ուրարտական ամրոցի մը մեջ է․ գյուղի հարավային կողմեն կանցնի Մանթաշի ձորին ջուրը, այդ կողմե երևում են բարձր քարափներու հետ միաժամանակ հսկայական որձաքարե շինված պատերու մնացորդներ, այս պատերուն ներքևի քարափներեն մեկուն վրա է փորագրված բևեռագիրը՝ քարայրի մը բերանին։ Այստեղ գետի հոսանքին հետ կան ջրաղացներ, որոնց այժմյան առուները շինված կերևին նույն իսկ ուրարտական շրջանեն Ղուլիջանից դեպի հարավ Ղալաիչի բերդը Մանթաշի ջրի ափին, Ղասմ Ալի գյուղից քիչ վերև։
Ղուլիջանի հյուսիս արևմտյան կողմը կիյնա Ղուռու Դերե ըսված ձորը, որ ամենայն հավանականությամբ Հառիճի արձանագրության մեջ հիշված Ցամաք ձոր ըսվածն է։
Ղասըմ Ալի գյուղին կից, որ մոտավորապես մեկ և կես վերստ հեռու է Ղուլիջանեն, կա մի ջրաղաց, որուն ավանդական անունն է Դալի Դակիրման։ Այս ջրաղացը գոյություն ունեցեր է նախքան այժմյան գյուղացվոց աեղն հաստատվելը հին ջրաղացի ավերակին վրա շիներ են նորը։
Ղուլիջանի մեջ նշանավոր երևույթ է բացի բևեռադիր արձանագրութենեն բազմաթիվ քարայրերը, որոնք փորված են պինդ որձաքարի մեջ, համեմատելով Անիի քարայրերուն այս տեղինները շատ ալ ընդարձակ են, ոմանք անցքի նման երկար են, ոմանք ալ լայն ու ընդարձակ փորված։ Չափազանց շատ կան հեթանոսական գերեզմաններ, գյուղացիք միշտ վարուցանքի ժամանակ գտնում են գերեզմաններու հատուկ իրեղեններ, սակայն իրենց տգիտության պատճառով ոչնչացնում են շատ կարևոր հնություններ։ Մի ղուլիջանցի ինձ բրոնզյա գոտի տվեց։
Արխվալի գյուղը 1886 թվի կամերալնի հաշվով 113, այժմ 210-215 տուն, գյուղին մեջ կա հին ավերակ եկեղեցի և հին գերեզմանատուն, դեպի արևելք մոտակա բարձունքի մը վրա կգտնվի ուրարտական մի բերդի մնացորդ։
Այս գյուղի եկեղեցվո մեջ կա մի ձեռագիր ավետարան, որուն մեջ կան շատ մը կրոնական պատկերներ, ի միջի այլոց հետաքրքրական է մի պատկեր՝ Առաքելոց հոգեգալստյան ժողով, որուն մեջտեղը առանձին մի շրջանակի մեջ նկարված են երեք մարդ. մեկը խոզի գլուխով՝ զգեստավորված եբրայական հագուստով։
Արխվալիի և Հաճի Խալիլի մեջտեղի հայ գյուղը, ուրկեց լավ կերևի Արագածը, անուն է Գիոզալդերե։
Հունիս 20-ին երեկոյան գնացի Հաճի Խալիլ գյուղը, որն ունի հարյուր տուն, իսկ կամերալնի՝ 41 տուն, մեկ եկեղեցի, Լուսավորիչ անունով, ուսումնարան չունին։ Այս գյուղը նախապես կբնակվին եղեր թուրքեր, այդ պատճառով գյուղի անունը մնացեր է Հաճի Խալիլ թերևս մի բեկի կամ հիմնադրի անունով։
Առավոտյան ճանապարհվեցա դեպի Ապարան[9] և այցելեցի գյուղի արևելյան կողմի բարձր հրաբխային բլուրները, ուր կան բազմաթիվ ուրարտական պատերու մնացորդներ, նաև շատ քարայրներ և ստորերկրյա անցքեր։ Արևելյան կողմի ամենեն բարձր բլուրին վրա պատերը երեք կարգ շրջապատված են ինչպես Կարսի Քորողլու բերդի վրա, սակայն այնտեղ հազիվ հետքերը մնացեր են պատերուն։
Այսօր մեկնեցա դեպի Ղարանլուղ գյուղը, մեկ ժամեն հասա գյուղը և բարձրանալով մի կիլոմետրի չափ սարսափելի զառիվերը, հասա վանքին մոտ, խիստ սիրուն փոքրիկ մատուռ մը կա հյուսիս արևմտյան կողմը։ Ինքը շատ փոքր, սակայն անպայման կպատկանի 7-րդ դարուն, խիստ հետաքրքրական են քիվերը, գմբեթը ութանկյունի է, իսկ քիվը լայն վերևի ճակատի մը ներքև պարզ կիսագունդերու շարք մը ունի վերևի ճակատին զուգահեռական, իսկ ներքևի քիվերուն վրա փորագրած են բոլորակներ․ մատուռի անունն է Թուխ Մանուկ։ Այս մատուռի մասին տեղացիք կպատմեն առասպել մը։
Ղարանլուղի արևելյան կողմի ավերակ եկեղեցին կրաշաղախ պինդ մանր ու խոշոր որձաքարով է շինված։
Կամարները պայտաձև չեն, սակայն ճիշտ ձվաձև, մեջը հավանորեն ծեփված է եղեր․ խորանին սեղանի մասերը միայն սրբատաշ են, պատերու բարձրությունը 110-են մինչև 120 սմ։ Այս վանքի անունը Մըխեի վանք է, որովհետև մոտի արտի սեփականատերը Մըխե անունն ունեցեր է, իսկ հին անունը անծանոթ է։
Այսօր գնացի Մոլլաղասում գյուղը, ուր չափագրեցի գերեզմանատան միջի հնագույն մատուռի կամ վկայարանի և գյուղի եկեղեցվո հատակագծերը։
Որմախոյակներ կան երկու հատ գերեզմանատան մատուռի մոտերը, հավանաբար մատուռի արտաքին որմասյուներու խոյակներ են։
Գերեզմանատան մեջ կար հնագույն ձևի կոթողանման մի գերեզմանաքար, առանց քանդակի, միայն անկյունները կլորացված են, իսկ ավելի վերև կա նման մի ուրիշ գերեզմանաքար նույն ձևով տակավին կանգուն, իր խորանարդ պատվանդանին վրա ունի կերտվածքներ, սև հրաբխային քար է և վրան քանդակված է նուռի նմանող պտուղներ ոլորուն ցողունի վրա։ Կան ուրիշ պատվանդաններ ևս մոտակա արտերու մեջ, սակայն վրայի քարերը անհայտացած են։ Հետաքրքրական է այս գերեզմանի հարավ արևելյան կողմերը հսկայական ժայռի մը վրա փորված մի գերեզման բավական խորը. շուրջը շինված է նաև կափարիչին տեղը, սակայն կափարիչը անհայտացած է, անհայտ ժամանակ։
Այս գյուղացիք գաղթել են 1828 թվականին և հիմներ են այս գյուղը 1830 թվին։ Գլխավոր եկեղեցին, որ գյուղին մեջ է, նորոգված է մեծ մասամբ, հազիվ մնացեր են մի քանի մասեր նախնական շինութենեն, միայն հրաշքով մնացեր է հյուսիսային պատին վրա դուրս ցցված մի որմասյան մաս իր խոյակով, որ ցույց կուտա թե մի ժամանակ ունեցեր է արտաքին սյունասրահ, աստիճանները եթե ոչ նախնական, գեթ բավական հին են, նախնական շենքը համենայն դեպս 3-րդ դարու շինությանց պարզ հատկանիշները կկրե. այժմ գմբեթ չունի, փայտով ծածկված է, բայց ի հնումն գմբեթ ունեցեր է, պատուհաններեն ոչ մեկը իր նախնական վիճակին մեջ չէ, որով հնար լիներ նախնական ոճը որոշել։ Հյուսիսային կողմե բնավ պատուհան չէ ունեցեր. հարավային կողմիններեն ալ երաշխավորյալ չեն հարազատության կողմանե։
Սյունասրահի հաստ և երկար սյուները, որոնք թափված են եղեր գետին, ճեղքելով մանր քարի վերածեր և գործածեր են եկեղեցվո վերանորոգության մեջ։
Գյուղի հարավային կողմը կա նաև մի ուրիշ մատուռ, հին գերեզմանատան մեջ գտնվածին մոտավոր նմանությամբ, գրեթե միևնույն չափով ունի երկու դուռ հյուսիսեն և հարավեն. գյուղացիներեն մեկը շահագործում է այս ավերակը Թուխ Մանուկ անունով սրբատեղիի վերածելով։ Գերեզմանատուն փլատակ մատուռին մեջեն գտնվեր են կղմինդրներ, որոնցից մեկ օրինակին ձևն ու չափն է այս ուրվագիծը (նկ. 201). այս կղմինդրներեն երկու հատ այժմ կկգտնվեն գյուղի եկեղեցվո մեջ։
Գնթունյաց իշխանին արձակագրությունը եկեղեցվո մեջ հյուսիսային պատին արևելա-կողման դեպի սեղանին կողմի որմասյան վրա կգտնվի։
Ալեքսանդրոպոլեն մեկնեցա Մաջիթլու, որտեղ տեսա հնագույն շատ հետաքրքրական մի եկեղեցի արտաքուստ ուղղանկյուն խաչաձև։ Հյուսիսային պատին վրա կային զանազան արձանագրություններ, որոնցմե մեկը ուռուցիկ տառերով շատ գեղեցիկ քանդակված։
Այսօր առավոտյան Հառիճեն գնացի Արթիկ տեսնելու համար միայն։
Չափազանց հետաքրքրական են երկու եկեղեցիներն ալ միանգամայն, մեծ եկեղեցին ըստ ամենայնի 7-րդ դարուն հատկություններ ունի անվրեպ, իսկ փոքրը ավելի հնագույն։
Այս երկու եկեղեցիները, տեսնելես հետո գնացի նաև էմպատա վանք կամ սբ. Ստեփաննոս ըսված փոքր եկեղեցին, սա ևս անպայման 7-րդ դարուն կպատկանի. պանդանտիվ գոյություն չունի։
Տրոմպներով և մանրիկ աղեղներով կազմված է գմբեթին խարիսխը, բացի ուրիշ շատ մը ուշագրավ երևույթներե կա մի փոքր ավազան, խաչաձև փորված, միջի կողմեն շատ նման Զվարթնոցի շարժական ավազանին, այս փոքրը փոխանակ քառակուսիի՝ ութանկյունի է և հետնագույն ժամանակ հարմարեցված սեղանի ձախակողմին որմասյան մոտ։
Գավթի պատուհանները ներսեն 90 սմ. են և անհամեմատ բարձր, իսկ դրսանց՝ 13-15 սմ․ են, հավանաբար ցրտի սաստկութեան պատճառով։ Պատերու վրա բացի բազմաթիվ արձանագրություններե, ուրիշ տեսակ զարդ չկա, քարերու անհամեմատ մաքուր տաշվածքն ու շարվածքն է գլխավոր զարդը այս գավթին մեջ։
Արևմտյան մտից դռան վրա կա ներքուստ խաշաձև, իսկ արտաքուստ բոլորակ պատուհան մը։ Ընդհանուր առմամբ դատելով ոճը և ճաշակը ԺԲ և ԺԳ դարերու մեջ պետք է շինված ըլլա այս գավիթը, ոչ թե միաժամանակ տաճարին հետ։ Գավիթի ուշ շինված լինելը ապացույցի չի կարոտեր, որովհետև շատ պարզ է, թե ինչպես կպցուցեր են տաճարին պատին, սակայն որչափ հետո են շինած, այդ հայտնի չէ, այս տեսակ գավիթներու շինությունը հայոց մեջ ԺԳ դարուն կպատկանի։
Տաճարը (մեծ) մի ժամանակ ծեփած և նկարած է եղեր գմբեթով միասին, հյուսիսային պատին վրա դեռ մնացած կան նկարներու հետքեր։ Գավիթեն տաճար մտնելու դռան երկու քովը բարձրություն մը շինված է՝ ինչպես Հոռոմոսի վանքին մեջ։
Գավիթի հատակը երկու աստիճան ցած է տաճարեն։ Գավիթի մեջ տաճարի դռան առջև երկու գերեզման կա, որ այժմ եզդիներ ուխտատեղի շինած խունկ կծխեն։
Հարավային գավթի կամարները plein cintre են։ Երկու փոքր մատուռներու մեջ շինված փոքրիկ խորանին ճակատը ներկված է եղեր ճերմակ և կարմիր գույներով։ Հարավային կողմի մատուռին դռան վերնասյամը զարդարված է հունական երկար ատամնաշարով։
Քարերու նշաններ կիսակամարին մեջ։ Վրան մեծ քարերով սալահատակված է եղեր երկու կողմեն բարձր պարապետներ։
Գմբեթը իսկական եղեր է 8 անկյունի գոտիի մը վրա ներքևեն աղեղիկներով միացած մեծ աղեղները, բայց հետագայի նորոգության մը ժամանակ փոխեր են և պարզ պանտանտիվ շիներ են, սակայն մեջը հարավ արևմտյան անկյունը մնացեր է հին ձևով։
Շիրակավանի եկեղեցվո մանրանկարն է։ Մյուս ավանդատներն ունին խորան, արևմուտքեն դուռ ունի եղեր մի ժամանակ, որը խնամքով փակեր են, գլխավոր մուտքը հարավային կողմնէ, ավանդատները երկհարկանի են։ Հարավային դռան վրայի պատուհանի գլխին պսակեն վեր քանդակված է երկու առյուծ՝ առջևները մանր ձագերը կամ եղնիկի նմանող բաներ։ Հարավային դռան կամարին քարին վրա արևի ժամացույց։ Գմբեթի քիվին շուրջը նկարված կերևա բոլորակներ։
Թեև պանտանտիվ ունի, բայց հին ձևին նման, կեղծ կամարի ձևով շինված է իբրև զարդ։
«Ով հոչակաւոր դու և մեծանունդ ի վկայս սուրբ Գէորգիոս օգնեա բարեխօսութեամբ Գագկայ շահայնշահի շինողի զվկայարանս զայս քոյով անուանակոչութեամբ ի քոյդ յուսակնեալ բարեխօսութիւն»:
Սբ. Գևորգի մեջ Անանիա Արշարունյաց եպիսկոպոսի արձանագրությունը գրված է միևնույն ծեփին վրա, որ նաև պատկերներ նկարված են։ Հավանական է, որ այս լինի Բագարանի եկեղեցիին նման, ի սկզբան առանց պատկերներու։ Վերջապես քննելի է, թե Անանիայի օրով պատկերներ կայի՞ն սբ․ Գևորգի մեջ թե ոչ։
Արևմտյան պատին վրա, դեպի հյուսիսի անկյան մոտ կա մի արձանագրված քար, ուրիշ տեղե բերված դրված։ Գույնը դեղին։ Արձանագրված դեղնագույն քարի մը կտոր ևս արևմտյան կողմը կա, նորոգված մասին մեջ, ֆրոնտոնին վրա կենտրոնեն քիչ դեպի հարավ։
Հատկապես ուշադրության արժանի են հարավային դռան և երկու խորշերու քանդակները։
Տամճլուի եկեղեցին իր բոլոր հատկանիշներով չի կարող 13-րդ դարեն ավելի հին լինել. ներքին կողմը խորանին կից և ուրիշ որմասյանց խոյակներու քանդակներն են միայն, որ հին արվեստի հիշողությամբ շինված են։ Չորս անկյունի վրա չորս մատուռներ ունի, որոնց ոճը 13-րդ դարուն մեջ ընդհանրացած կերևի։ Հիներուն մեջ արևմտյան կողմերը խորաններ բնավ չկան, եթե անոնք խաչաձև քառակուսի եկեղեցիներ չեն։ Ուշագրավ նորություն էր ինձ համար գավիթի երկու զանգակատունները՝ եռհարկ, որոնք գավիթի հետ միասին շինված են, թերևս չորրորդ հարկ ալ ունեցեր են զանգակատունները, գեթ այսպես ցույց կուտա իր այժմյան մնացորդի բարձրության անհամաչափությունը։ Հյուսիս արևելյան կողմեն դեռ կանգուն են երեք հարկերը և վրան փլած։ Յուրաքանչյուր հարկին մեջ փոքրիկ խորաններ են շինված պատարագի համար։ Տասն և մեկ խորան ունեցեր է այս եկեղեցին, զանգակատան մեջ եղած վեց խորաններով միասին։ Զանգակատան վերջին հարկի մասին չէ կարելի եզրակացնել, թե ինչ ձև ունեցած էր. և զանգակը ինչ ձևով կախեր էին։ Ընդհանուր ձևը ընդհանրապես հետևողություն է բազիլիկի ձևով եկեղեցիներու. նույնպես մի նորություն չկա գավիթի շինության ձևին մեջ, նույն բանը կրկնված է այստեղ ինչ որ Շիրակի շրջանի մեջ շինված են։ Գավիթի չորս առանձին սյուները և ութը որմասյուները ունին ստալակտիտ քանդակված մեծամեծ խոյակներ և խարիսխներ, որոշ չափով իրարմե տարբեր մուլյուրներով։ Սակայն պետք է խոստովանել, որ բավականին հոյակապ եկեղեցի եղած է ի հնումն և մեծ ծախքերով իրագործված։
Բուն տաճարի դռան վրա բոլորված որմաղեղը թեթև պայտաձևություն ունի ստորին շրթունքեն, իսկ վերևի եզերքը arc surhaussé այս որմաղեղը կրող դռան երկու կողմի զույգ սյուները colonne torse շինված են միմյանց հակասող ուղղությամբ ոլորում տալով։
Գավիթի արտաքին դուռը մոտավորապես հիշեցնում է Անիի Առաքելոց եկեղեցվո դուռը ստալակտիտներով, որուն շուրջը բոլորված է մանվածաքանդակազարդ շրջանակ դարձյալ 13-րդ դարու հատուկ ոճով, որուն նմանները Անիի մեջ հաճախ գործածված են։ Գավիթի քիվերը նույնպես 13-րդ դարու ձևը և համաչափությունն ունին թեև նրա ձևին պարզ և նախնականը ավելի հին դարերու մեջ ծագում առած է։
Գավիթին առաստաղները առհասարակ voûte d'arêtes ծածկված են եղեր, թեև այսօր բոլորովին փլատակ է, իսկ մեջտեղը ստալակտիտ գմբեթ և վերևեն՝ լուսամուտ, ինչպես Հոռոմոսի վանքի և Անիի Առաքելոց գավիթները։ Կան նաև գեղեցիկ մուլյուրներու բեկորներ, սակայն հայտնի չէ, թե որ մասերուն կվերաբերին, շնորհիվ Խաչիկ վարդապետի աննպատակ կերպով քարուքանդ անելուն և քարերը ասդին անդին տեղափոխելուն։
Մուլյուրներեն ոմանք հավանորեն գավիթի առաստաղին մասերուն բոլորտիքը շրջապատված էին։ Հարավային պատի վրայի արձանագրությունը կսկսի այսպես.
Ի ԹՈՒԻՍ ՈԾԷ ԿԱՄԱՒ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՅ ԵՍ ՄԽԻԹԱՐ ՆՈՍՆԱՑՈՅ Ե (?) ԶԻՄ ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏՆ ԵՏՈԻ ՍՈՑԱ ԵՎ ՍՊԱՍԱՒՈՐՔ Ի ՏՕՆԻՆ ԵՂԻԱԿԱՆՆ ՇԱԲԱԹՆ ԱԻՐՆ. ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄԱՆԱՑ…
Հարավային պատի վրա արձանագրության կեսը ինկած է, նույնպես մի ուրիշ արձանագրության բեկոր կա դարձյալ ընկած հարավային պատեն խիստ շատ փչացած։ Թեև միևնույն դարուն շինված, այնուամենայնիվ եկեղեցին գավիթեն առաջ շինված է։
Այսօր ճանապարհվեցա դեպի Ալիքուչակ, բայց ճանապարհին ուղղությունս փոխելով գնացի Ղարաքիլիսա, այնտեղ տեսա մի հին գերեզմանատուն և մի փոքր փլատակ մատուռ։ Հին գերեզմանատան մեջ կա մի արձանագրված խաչքար։ Այնտեղեն ուղեվորվեցա դեպի Աստվածընկալ։
Աստվածընկալ գյուղը ունի քառասուն տուն բնակիչ, ասոնք գաղթեր են Ալաշկերտեն՝ հավանորեն Պասկևիչի ժամանակ եկած գաղթականության հետ։
Իրենց եկած Ժամանակ եկեղեցին գտեր են կիսավեր դրության, գմբեթը այնպես, ինչպես որ կա այժմ։ Այս եկեղեցվո շինության ժամանակը, որ որևէ արձանագրութենե և կամ այլ աղբյուրե ծանոթ չէ ինձ, այնուամենայնիվ շինության ոճով 13-րդ դարեն ավելի կանուխ չէ. եկեղեցին չափավոր մեծություն ունի, մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցվո ձևով և չափով, որմնասյուներու վրա հանգչած է եղեր գմբեթը, որը այժմ փլած է, գմբեթը կազմված է պանդատիվներով։
Ըստ սովորականի գավիթը շատ ավելի ընդարձակ է, չորս անջատ և ութ որմասյուներու վրա կազմված է տանիքը. չորս անջատ սյուները կկրեն մի ստալակտիտով շինված գմբեթ։ Հարավ արևելյան անջատ սյունին վրա կա մաշված արձանագրություն, նույնպես այդ սյունի վրա դրված դեպի արևմուտք ձգվող աղեղին վրա կա զՅոհանէս․․․․․ յիշեցէք․․․․ խոսքերը։
Մի երկար արձանագրություն կա նաև հյուսիս արևելյան կենտ սյունեն դեպի հարավ արևելյան կենտ սյունը ձգվող աղեղին վրա. որուն վերջին տողը հասեր է սյունի խոյակին, այս վերջին տողին վերջին բառերը թվականը թվականը կկազմեն, որ է ՉՕԲ (Ծ գրին վրայի գիծը մոռցված է փորել, որով պարզ 0 գրի տպավորություն կթողու)։ Գավիթին հատակը ամբողջ տապանաքարերով ծածկված է, միայն մի տապանաքար կերևի արձանագրված, այն ալ սաստիկ մաշված և անընթեռնելի դարձած, բայց մեծ մասամբ բոլոր տապանաքարերու վրա ուրվագծված են մարդկանց սիլուետներ։ Այս ձևն առհասարակ այս կողմերու բոլոր գերեզմանատուներու մեջ հաճախ կտեսվին, որ անշուշտ մի տեսակ խորհրդանշան էր։
Հարավ արևելյան կենտ սյունին հյուսիսային կողմը գրեթե խարիսխին կից կա մի նեղ ու երկար գերեզմանաքար վրան շատ նախնական կերպով ուրվագծված է մարդու նկարը։ (Համեմատաբար նկարածեծ քիչ ավելի երկարաձև է)։ Գավիթի սյուներու խոյակները (կենտ սյուները) խաչազարդ են, իսկ արևելյան կողմի երկու որմասյուներուն վրա միևնույն սյան կտորին հետ միակտուր քանդակած են, դուրս ցցված քանդակազարդ խաչեր, գավիթի և եկեղեցվո շուրջը ամբողջ հնագույն գերեզմանատներ են։ Արտաքուստ, թե՛ գավիթը, թե՛ եկեղեցին շատ պարզ են և ըստ սովորականի խաչաձևված տանիքով։
Անպայման հին, թերևս 5-րդեն 7-րդ դարու շինություն է եկեղեցվո հարավային պատին կից փոքր եկեղեցին կամ մատուռը (արդյոք այս չափերով և ձևերով շինած փոքր եկեղեցիները հնագույն վկայարաններ չե՞ն)․ որմասյուներ և անոնց խոյակ ու խարիսխներ ըստ ամենայնի կհիշեցնեն Տեկորի, Շիրվանճուկի և այլ հնագույն տիպի եկեղեցիներու մեջ գործածված moulure-ները, նույն ձևն ունեին նմանապես Մոլլաղասում գյուղի գերեզմանատան միջի փոքր մատուռի որմասյան խարիսխ ու խոյակները։
Այս փոքր մատուռը ունեցեր է երկու դուռ հյուսիս և հարավ կողմերեն, երկու արձանագրություն հարավային պատին վրա և մի արձանագրություն արևմտյան պատին վրա, այս արձանագրություններեն երկուքին հազիվ հետքերը մնացեր են, իսկ մեկը, որ լուսանկարված է, բավականին լավ պահված է, ուշ ժամանակի նորության կվերաբերի։
Այս փոքր եկեղեցուն հավելվածական ձևով կցած կա մի փոքրիկ խորան և մի սենյակ։ Փոքրիկ խորանը խորանակից է բուն եկեղեցիին, իսկ սենյակը՝ հարավ արևմտյան անկյունին կից է և դռնով կհաղորդակցի եկեղեցու հետ։ Հավանաբար հնագույն ձևի սպասուց պահարան էր այս փոքր եկեղեցվո համար։ Խորանների պատերեն դեպի հարավ եղած պատերը հետնագույն հավելվածքներ են։ Անեղծ մնացած արձանագրության վրա կա մի հետաքրքրական երևույթ փորագրելու ձևի նկատմամբ, ինչպես կերևի նախ կրաշաղախի բարակ շերտով մը ծեփեր են և վրայեն յուրաքանչյուր տողի և տողամիջի հատուկ չափով ուղիղ հորիզոնական գծեր քաշեր են ու անոնց մեջ փորել են։ Ըստ երևույթին արձանագրությունը պակաս է մնացած, որովհետև դատարկ մնացած է երկու տող և կվերջանա ԵԻ ՊՈՂ անիմաստ վանկերով։
Աստվածընկալ գյուղը կգտնվի ձորի մը մեջ Քասախ գետի ափին։ Շատ կհիշեցնե Գեղարդա վանքի դիրքը յուր սարալանջի ճանապարհով. մեկ կողմեն ապառաժոտ լանջեր և մյուս կողմեն ձորը, ձորի մեջ մի բարձր դիրքի վրա շինված է վանքը կամ եկեղեցին։
Ճանապարհվեցա Աստվածընկալեն դեպի Եղվարդ և հազար ու մեկ դժվարություններ կրելե հետո, հազիվ հազ հասանք Ղարապուլախ ըսված գյուղը։
Այս Ղարապուլախ գյուղի մեջ ալ մի հնագույն գերեզմանատուն կա, ուր կան կոտրտած գերեզմանախաչեր, քանդակազարդ տապանաքարեր, որոնք բավականին հնության կթվին (թերևս 13-14-րդ դ․ դ․ մնացած)։
Նախապես կուգամ հայտնել իմ խորին շնորհակալություններս այն դյուրության համար, որ ընծայեցիք ինձ, և ես ձեր երաշխավորության տակ, կատարեցի խիստ շահեկան ուղևորություն մը ճիշտ մեկ ամիս։ Թեև այս մեկ ամիսը շատ աննշան էր իմ նպատակի լիակատար իրագործման համար, սակայն գեթ կարողացա մի որոշ ծրագիր կազմել առաջիկա տարվան կատարելիք ուղևորություններուս համար։
Նկատելով, որ ձեզ համար այն կողմերը արդեն ծանոթ կլինեն, և գուցե այնքան ալ հետաքրքրական չեն լիներ իմ տված տեղեկություններս, այնուամենայնիվ երբեմն անցա այնպիսի տեղերե և պատահեցա այնպիսի նյութերու, որոնք իմ կարծիքով, հազիվ թե ավելորդ լինեն ձեզ տեղեկացնելս։ Ուստի անգամ մը ևս կխնդրեմ ձեր ներողամտությունը, եթե ավելորդ անգամ ձեզ ձանձրույթ կպատճառեմ։
Հուլիսի 20-րդ օրն էր, ճանապարհվեցա Հառիճ՝ Արագածի շրջանը այնտեղեն սկսելու համար։ Ճանապարհին Հառիճեն 7-8 վերստ մնալով մտա Մաջիթլու ըսված գյուղը, որտեղ կա մի հին եկեղեցի։ Այս եկեղեցին թեև բոլորովին նախնական վիճակի մեջ չէ մնացած, արևմտյան կողմն քանդվեր է և վրան հավելվածներ են արած, սակայն ըստ ինքյան մնացած մասերը ցույց կուտան, թե մինչև 7-րդ դար գոյություն ունեցող ոճին կպատկանի։ Թիվ 108 (էջ՝ 139) լուսանկարը Մաջիթլուի եկեղեցվո հյուսիս-արևելքը ցույց կուտա, ներքուստ և արտաքուստ խաչաձև է։ Հյուսիսային պատի վրա շատ արձանագրություններ կան, որոնց առանձին առանձին լուսանկարելը խիստ շահեկան կլիներ, սակայն ես հնար չունեի երկար մնալու, միայն առայժմ բավականացա լուսանկարելով։ Թիվ 205 պատկերը, որ կներկայացնե հյուսիսային պատի վրա գտնված արձանագրություններու խումբը։ Թիվ 206 պատկերն այդ արձանագրություններեն մեկն է, որ գեթ 10-11-րդ դարերուն անսովոր՝ ցից տառերով փորագրված է։ Կհուսամ, որ առաջիկա տարի բոլոր արձանագրությունները առանձին լուսանկարելով ձեզ ներկայացնելու հաճույքը կունենամ, եթե իհարկե պետք կտեսնեք՝ իմ այս փոքրիկ ծառայության։
Ճանապարհս շարունակելով հասա Հառիճ։ Այս վանքն ես առաջին անգամն է, որ կտեսնեի, բանակաբար ինձ նյութ կար քանի մը օր զբաղվելու, Բայց այստեղի իմ աշխատութենեն ավելորդ է, իսկ նյութեր ղրկել, որովհետև այնտեղ իմացա, որ դուք արդեն ղրկեր եք ձեր սեփական աշխատավորները։ Միայն չեմ կարծեր, որ ձեզ հասած լինեին այն հետաքրքրական գերեզմանաքարերի լուսանկարները, որն այս տարի գտնելով բերել են վանքի գավիթը։ Թիվ 207 լուսանկարը կներկայացնե այդ գերեզմանաքարի երկու կողմերը, ինձ համար շատ հետաքրքրական թվեցավ մորուսավոր մանուկ Հիսուսը Մարիամի գիրկը նստած։ Այս քարն իր պատվանդաններով միասին գտնված է վանքի արևելյան կողմը, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ արտերու մեջեն, ուր կան ավերակ մատուռներ, զանազան խաչքանդակներ և զարդաքանդակներ, ի միջի այլոց նաև 7-րդ դարու հատուկ չափազանց խոշոր տառերով, արձանագրության կտորներ։ Հաջորդ պատկերը[12] կներկայացնե Երեմիա երաժշտի գերեզմանախաչը, որուն մասին հ․ Ալիշանի տեղեկատուները սխալ թվական գրած են (Շիրակ, երես 163)։ Ոչ թե ԺԷ թվական, այլ ՉԷ (1258) թվական ունի շատ պարզ։ Թիվ 208 պատկերը ճգնավորի գերեզմանախաչն է դարձյալ հիշված Շիրակի երես 163-ի մեջ։ Ինչպես կերևի այստեղ ԻԱ թվականը սխալ չէ, որովհետև Ի տառն արդեն կերևի, իսկ առջևի Ա գիրը հազիվ ուրվագծված։
Թիվ 209 լուսանկարը նույնպես հ․ Ալիշանի հիջատակած երջանիկ ծերունի Գրիգոր Առաջնորդի գերեզմանաքարն է։ Տաճարի արևելյան պատի ֆրոնտոնի մի քիվն է թիվ 210 լուսանկարը, որուն մեջ բարձրաքանդակ տառերով արձանագրված է[13]: Թիվ 211 հյուսիսային ճակատի քիվն է, որի ստորին անկյունին քանդակված է մի աղավնի։ Այս լուսանկարները կղրկեմ, կարծելով որ դուք չունենաք թերևս այսքան խոշոր նկարված, ես այս երեքը թելեոպժեքթիվով լուսանկարեր եմ։
Այս տարվան համար Հառիճի աշխատանքս ընդհատելով, վերադարձա Արթիկ գյուղը, որ առավելն երեք կիլոմետր դեպի արևմուտք կգտնվի Հառիճի վանքեն։ Այստեղ գտածներս արդեն անսպասելի էին ինձ համար։ Երեք պատկառելի հնություններ՝ 7-րդ դարեն ոչ ուշ կանգնված և ըստ մեծի մասին իրենց նախնականությունը պահած։
Երեք եկեղեցիներեն երկուքը գյուղին մեջն են, իսկ մեկը՝ գյուղին հակառակ կողմը մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա է։
Գյուղին միջի մեծ եկեղեցին մի հոյակապ շենք է, ներքուստ և արտաքուստ խաչաձև, աբսիդներու որմնասյուները պսակող աղեղներու և պատուհաններու պսակներու վրա ունի նուռ և խաղողի քանդակներ։ Արևելյան կողմեն ունի երկու խորշ հետագա դարերու ոճերեն բավական տարբեր։ Արևմտյան ճակատին վրա կան քանի մը արձանագրություններ, որոնք հավանորեն 12-13-րդ դարերու կպատկանին է Արևելյան կողմն ալ կան մեկ երկու հատ ու կոտոր արձանագրություններ դարձյալ ուշ ժամանակի, թիվ 212 լուսանկարը մեծ եկեղեցին է հարավ արևելքեն, թիվ 213 լուսանկարը հարավային աբսիդի որմասյուներն ու զանոնք պսակող նուռ և խաղող քանդակված աղեղները կներկալացնեն, թիվ 214 լուսանկարը արևմտյան աբսիդի որմնաղեղներեն մեկն է, որուն տակ կա մի ընդարձակ արձանագրություն ՈՀԱ թվականի։ Այս արձանագրության տեղը շատ բարձր լինելով, թելեոբժեքթիվով լուսանկարեցի։
Գյուղի միջի փոքր եկեղեցին կգտնվի մեծ եկեղեցիեն 20-30 քայլ դեպի արևելք, թիվ 215, 216 լուսանկարները կներկայացնեն փոքր եկեղեցին հարավ արևմուտքեն և հարավ արևելքեն։ Այս եկեղեցին հետաքրքրական է արևելյան կողմեն իր երկու բացօթյա աբսիդներով, ինչպես Երերույք, Տեկոր և իր նմանները, իսկ ներքին կողմն ունի երեք աբսիդ մեջտեղը մեծ, իսկ կողմնակիները՝ քիչ փոքր։ Հյուսիսային փոքր աբսիդին գմբեթաթարթին մեջ կան նկարներու մնացորդներ։ Թիվ 217 լուսանկարը այս եկեղեցվո արևմտյան դռան վրայի արձանագրությունն է։ Թիվ 218, 219 լուսանկարներ Արթիկեն մեկ ու կես կիլոմետր դեպի հարավ գտնվող եկեղեցին է հարավ արևմուտքեն (218) և հարավ արևելքեն (219) լուսանկարված։ Իր ոճի բոլոր հատկություններով առանց ոևէ կասկածի կպատկանի հնագույն դարերուն, մինչև 7-րդ դար։ Դրսեն գմբեթի պատվանդանը բարձր է քան կտուրները։ Ներսեն գմբեթը հանգչած է տրոմպներու վրա. պատուհանները խոշոր են հակառակ իր փոքրության, իսկ զարդաքանդակները մինչև 7-րդ դար, ուրիշ հիշատակարաններու քանդակված ոճով, որոնց հնությունը փաստացի գիտենք։ Արևմտյան կողմը դռան մոտ, ավելցուցեր են մի փոքր մատուռ, որուն դռան վրա վերնասյամի փոխարեն դրեր են հնագույն ձևի կոթողանման մի գերեզմանաքար, ինչպես տեսանք Հառիճի մեջ. այս քարին ներքևի կողմը, որ ազատ է, կտեսնվին խաղողի և մարդու քանդակներ։ Հնումն այս վանքը ծանոթ է եղեր Լմպատա Ստեփաննոս անունով, ինչպես ցույց կուտան վրայի շատ մը արձանագրություններ։ Արձանագրություններեն մեկը քանդակված է արևմտյան դռնեն անմիջապես ներս, ձախ կողմի պատին վրա, երկուսը հարավ արևելյան անկյունի վրա։ Այս եկեղեցվո վրայի բոլոր արձանագրությունները, որոնք գրեթե անվնաս պահված են, կփափագեի ամբողջն ալ լուսանկարել, սակայն, հակառակ փափագիս անհնար եղավ, որովհետև տեղերը շատ բարձր էին, պետք էր թելեոպժեքթիվ գործածել, իսկ սաստիկ քամին և ամպամած երկինքը արգելք էին։ Հյուսիսային կողմի երկու մեծ արձանագրություններն ալ արեգակ չէին տեսներ տարվա եղանակին պատճառով, կհուսամ առաջիկա տարին ամբողջացնել թե՛ լուսանկարներ և թե՛ չափագրական պակասներ։
Արթիկի շուրջը գյուղացվոց պատմելով, շատ հաճախ կգտնվին հեթանոսական գերեզմաններ, որոնց մեջեն կգտնեն զանազան իրեղեններ, ինչպես ուլունքներ, դրամներ, կավե ամաններ և այլն և այլն. Արթիկի հին գերեզմաններեն գտնված հողե ամաններեն շատերը անվնաս մնացած են և գյուղացիք գործածում են իրենց տան մեջ։
Արթիկ գյուղեն դեպի հարավ, մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա կգտնվի Մահմուտջուկ գյուղը, այս գյուղն ալ հարուստ է իր բազմատեսակ հնություններով։ Մի հնագույն եկեղեցի կա գյուղի մեջ՝ անպայման մինչև 7-րդ դար կանգնված, մի եկեղեցի գյուղի հարավ արևելյան կողմը, իսկ մյուսը գյուղի հարավ արևմտյան կողմը երկու ու կես կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այս եկեղեցիները կան շատ հին հեթանոսական քարափոր գերեզմաններ, քրիստոնեական հին գերեզմաններ, ուրիշ մատուռներու և այլ տեսակ շինություններու մնացորդներ։ Թիվ 220 լուսանկարը Մահմուտջուկ գյուղի մեջի հնագույն եկեղեցին է հյուսիսային կողմեն լուսանկարված, արտաքուստ խաչաձև է այս եկեղեցին. տարօրինակ կերպով անսովոր է արտաքուստ կտուրներու և գմբեթի պատշաճությունը։ Գմբեթեն անմիջապես ներքև, գետնահարկեն վերև, արևելյան և արևմտյան կողմերան վրա, հատկապես շինված են չորս հատ սենյակներու նմանող կամարակապ մասեր՝ ինչպես կտեսնվի թիվ 221 լուսանկարի վրա, արևմտյան կողմեն առնված ասոնցմե մեկուն մեջ կա անցք մը դեպի ցած իջնող, բայց ի՞նչ բանի կծառայեին առհասարակ՝ հայտնի չէ, պետք է մանրամասն խուզարկություն լինի: Գմբեթը հանգչած է տրոմպներու վրա, գմբեթի թմբուկին վրա, ներսեն, որ ութը կողմեր ունի, չորսին վրա, պատուհաններ են, իսկ մյուս չորսին վրա շինված են հռովմեական ձևով գմբեթարդ վերջավորությամբ կիսաբոլոր խորշեր: Մտից դուռը արևմտյան կողմեն է, սակայն այժմ ծածկված է, որովհետև գյուղացիք այս եկեղեցիին անմիջապես կից շիներ են մի ուրիշ նոր եկեղեցի, որուն սեղանին ետևը մնացեր է այժմ թե՛ հին եկեղեցիին դուռը և թե՛ դռան վրայի մի գեղեցիկ քանդակագործ բարձրաքանդակ պատկերը (թիվ 109 լուսանկար). շատ դժվարությամբ կարողացա այսքանն ալ լուսանկարել, նախ տեղին նեղության պատճառով, հետո ամենևին լույս չկա, սեղանին երկու կողմերը դռներով ծածկված են, լամպերու լուսով եմ լուսանկարել։
Մահմուդջուկի հարավ-արևելյան կողմի վանքն ըստ արձանագրությանց հայտնի է Մակարավանք անունով։
Թիվ 107 լուսանկարը հարավ-արևելքեն լուսանկարված է։ Ինչպես կերևի այս եկեղեցին կանգնված է 10-րդ դարուն, ներսի կողմը սեղանին աջ որմասյան վրա կա մի շատ եղծված արձանագրություն ՆԾ թվականին, արձանագրությունը կվերաբերի կարծյոք մի նվիրաբերության, ինչ որ անբախտ Դավիթի կողմանե։ Թեև ջանացի լուսանկարել այս արձանագրությունը, սակայն տեղվույն խիստ անհարմարության պատճառով շատ անհաջող դուրս եկավ, թեև ասկեց ավելի հաջող լուսանկար ալ գուցե չի լինի, չափազանց եղծված լինելուն պատճառով։ Դրսի կողմեն արևելյան պատին վրա, կա մի կիսատ արձանագրություն, ինչպես կերևի շինության արձանագրությունն է, սակայն դժբախտաբար արձանագրության մեկ մասը անհայտացած է։ Թիվ 222 լուսանկարը արևմտյան դռան վրայի արձանագրությունն է անթվական։ Արևմտյան դռան կից ռւնեցեր է կամարակապ գավիթ հետնագույն հավելված, իսկ այժմ միայն հյուսիսային պատի մեկ մասն է մնացեր։
Մահմուտջուկ գյուղի հարավ արևմտյան կողմի վանքը որոշ անուն չունի և իր վրա հետաքրքրական ոչինչ չի ներկայացներ, բացի հյուսիսային պատին վրա եղած 13-րդ դարու եղծված արձանագրութենե մը։ Շենքն ալ ամենայն հավանականությամբ 12−13-րդ դարերու գործ է։ Այս եկեղեցվո մոտ հետաքրքրական է մի ուրիշ փլատակ, որ աշտարակի մը ձև ունի։ Գյուղացվոց պատմելով այդ աշտարակը տարիներ առաջ ավելի բարձր էր եղած, քան եկեղեցին և մեջը ունեցեր է բարձրանալու սանդուղ, իսկ այժմ ոչինչ չի կարելի տեսնել առանց մասնավոր պեղումի։
Այս եկեղեցվո արևմտյան կողմը, 200-300 քայլ հեռավորության վրա, գյուղացիք գտեր են մի հոյակապ գերեզման, վրան խոշոր արձանագրությամբ մը ՆԾԵ թվականին։ Գերեզմանը կպատկանի ինչ որ Ապլղարիպ իշխանի, թերևս Անիի մեջ ծանոթ Պահլավունի Ապլղարիպն է։ Գերեզմանը շինված է գաճ ու կրով խիստ հաստատուն (այժմ գյուղացիք քանդում են անխնա), տապանաքարին արևելյան կողմը, հսկա պատվանդանի վրա, կանգնված է եղեր մի խաչքար, որուն լայնությունը մեկ մետր 60 սմ․ է, իսկ բարձրության ըստ երևույթին կեսեն ավելին կոտրած ու անհայտացած է։
Մահմուտջուկ գյուղեն գնացի ըստ Ձեր հանձնարարության Շիրվանշուկ գյուղը, որ 3−4 կիլոմետր հեռավորության վրա է, սակայն մի քիչ դժվարին ճանապարհը, պարտավորված էի առանց կառքի գնալ։
Այս եկեղեցվո մեջ չափազանց հետաքրքրական են ամեն մի հարամասունք։ Հատակագծի ձևը բոլորովին տարօրինակ և միանգամայն հակառակ ուղղությամբ սովորաբար հայոց հին եկեղեցիներուն. բացի լայնության համեմատությամբ անհամեմատ երկարութենեն, մի պատուհան ունի արևելյան կողմեն խորանին վրա, երկու պատուհան, մի սյունով իրարմե բաժանված՝ արևմտյան կողմին վրա, հարավային կողմը, սեղանին մոտ մի պատուհան կա եղեր բացված շատ անճաշակ կերպով, հետո այդ պատուհանն ալ փակեր են։ Հարավային կողմը արևմտյան անկյունին մոտ, կա մի նեղ պատուհան ևս, սակայն այս ամենը շատ դժվար է հաշտեցնել շենքին ընդհանուր կազմության հետ։ Շենքը անպայման 5-րդ դարեն պետք է մնացած լինի, եթե ոչ ավելի հին, ներսը սեղանին կամարը միայն մնացեր է շատ սուր շեշտված պայտաձև, որմասյուներու խարիսխները և խոյակները կատարելապես նմանություններ են Տեկորի ներքին որմասյուներուն մոզյուրներուն. այստեղ ամեն ինչ հնություն է։ Ամենեն տարօրինակ թվեցավ ինձ հիմերուն մեկ մասը, որ անտաշ որձաքարով շինված է։ Արձանագրությանը անընթեռնելի է, դրսեն հարավային կողմի սեղանի մոտ պատուհանի մեջ շարված քարերուն վրա։ Հյուսիսային կողմը քանի մը հունարեն տառեր կնշմարվին։ Շենքը շրջապատող քիվը նման է բոլոր փաստացի կերպով 7-րդ դարուն պատկանող շենքերուն։ Արևելյան և արևմտյան կողմերեն տիմպան կազմված է ինչպես Տեկորի մեջ։ Վրան ամբողջովին քարե կամարով ծածկված է եղեր, այդ կամարածածկին պարզ հետքը մնացեր է ներսի կողմեն արևմտյան պատին վրա։
Վերադառնալով Շիրվանջուկեն կրկին Մահմուտջուկ, այն տեղեն ճանապարհս շարունակեցի դեպի Սոկյուտլու։ Դեռ Սոկյուտլու չհասած 5−6 կիլոմետր գյուղեն հեռու ձորին մեջ կա մի կիսավեր եկեղեցի. թիվ 112 լուսանկար, լուսանկարեցի հարավ արևմուտքեն։ Այս եկեղեցին անկասկած 10−11-րդ դարու շենք է և այնքան ալ ուշագրավ մի նորության չունի իր մեջ, բացի քանի մը արձանագրութենե, որոնք ալ մեծ մասամբ փչացած են։ Լուսանկարեցի այս եկեղեցվո հյուսիսային դռան վրայի արձանագրությունը, որը կկրե ՈԾԳ թվականը։ Թերևս ավելի հին արձանագրություններ են, թե՛ արևելյան ճակատին չափազանց մաշված մի արձանագրությունը կեսը թափված և թե՛ արևմտյան դռան կից կիսակատար մի ուրիշ արձանագրություն։ Ավագ խորանին երկու կողմերը ըստ սովորականին կան երկու փոքրիկ ավանդատներ, կամ խորաններ պատարագի հատուկ, ուշագրավ են ասոնց դուրսը պատին վրա գրված փոքրիկ արձանագրությունը։ Այս փոքրիկ խորաններեն մեկը հատկացված է եղեր պատերազմի մեջ մեռնող զինվորներու հոգվույն համար պատարագելու, իսկ մյուսը՝ անտեր ու անհիշատակ մեռնող մարդկանց հոգվույն համար պատարագելու։
Սոկյուտլու գյուղին մեջ ուշագրավ ոչինչ չտեսա, արդեն ժամանակս ալ չէր ներեր խուզարկություններ կատարելու, ուստի շարունակեցի ճանապարհս դեպի Ագիաման գյուղը, ուր կա հավանորեն 7-րդ դարու մի հոյակապ եկեղեցի։ Ներսի կողմեն բոլորովին նման է Էջմիածնի մոտիկ Հռիփսիմե եկեղեցուն, իսկ դրսեն գմբեթը Մաստարայի եկեղեցվո գմբեթին նման է, իսկ ստորին մասերը իրեն խորշերով ավելի նմանություն կբերեն Թալինի կաթողիկեին։ Թիվ 63 լուսանկարը հարավ արևելքեն, թիվ 224-ը արևմուտքեն լուսանկարված է։
Ագիամանի արևելյան կողմը լեոնալանջերու բարձունքներուն վրա կան հնագույն բերդերու մնացորդներ, որոնցմե մեկը միայն կարողացա տեսնել ժամանակիս կարճության պատճառով։ Այս բերդերը բոլորը շինված են անտաշ, առանց կրաշաղախի հսկայական որձաքարերով, իմ այցելած բերդն է թիվ 19 լուս. (Ա. ժողովածու) որ մոտավորապես Անիի միջնաբերդի չափ ընդարձակություն ունի։ Հսկայական որձաքարերով հյուսված են պատերը և շուրջը քառակուսի բուրգերով շրջապատված են։ Դուռ մը կերևի այժմ արևմտյան կողմեն, այստեղ հնարավոր էր ճիշտ չափել պատի հաստությունը, որ ավելի էր քան երկու ու կես մետր։
Ադիամանեն քանի մը վերստ դեպի հարավ, Մաստարայի մոտիկ, կա Մազարջուկ անունով մի գյուղ, փոքր Բուղուտլու սարին ստորոտը։ Այս տարվան ուղևորությանս վերջին կետը եղավ այս գյուղը, նյութական միջոցներս չէին թույլ ՛տար ասկեց ավելի առաջ գնալու. ամբողջ ուղևորությունս տևեց 25 օր։ Դժգոհ չմնացի վերջին անգամ այս գյուղը այցելելով, այստեղ գտա մի շատ հնագույն փոքրիկ եկեղեցի, որուն ծածկը և հարավային պատը փլած են. հյուսիսային պատին վրա տակավին կան որմասյուներ և շեշտված պայտաձև աղեղներ։ Գյուղացիք այս եկեղեցուն կից գերեզմանին միջեն հավաքեր են հետաքրքրական քանդակներու կտորներ, եկեղեցվո խորանին մեջ, որոնց մեջ, ի միջի այլոց, հետաքրքրական են Հառիճի մեջ լուսանկարածս կոթողանման գերեզմանաքարերու բեկորներ, վրան զանազանակերպ մարդկանց պատկերներ քանդակված, այդ զարդաքանդակներու մի փոքրիկ խմբանկարն է։
Այս գյուղի մեջ եղեր է մի ուրիշ հնագույն եկեղեցի, որ գյուղացիք պահելով արևելյան պատը, մնացածը վերստին նորոգեր են և շիներ են գյուղական եկեղեցի։ Այս եկեղեցին բացի իր հնագույն քիվի ոճեն, որ ժամանակագրական տեսակետով 7-րդ դարեն այս կողմը չի կարելի անցնել, նաև վերին աստիճան հետաքրքրական է արևելյան պատուհանի ներքև, մի մեծ քարի վրա ասորերեն մի ընդարձակ արձանագրություն, բայց ափսոս որ շատ մաշված է և վարժ ու լեզվին ծանոթ գիտնականներ միայն թերևս կարողանան բառեր կորզել այդ արձանագրութենեն։
Ցավոք սրտի ստիպված էի այստեղ ընդհատել հետաքրքրական և ինձ վերին աստիճան հաճելի ճանապարհորդությունս և առանց գիշեր մնալու վերադարձա ուղիղ Ալեքսանդրապոլ, թե՛ այս ճանապարհին վրա թերի թողածներս և թե՛ ավելի առաջ գնալով նորություններ հավաքելու քաղցր հույսս առաջիկա տարվան թողնելով։
Վերադառնալիս 8—10 օր հետո եկավ պ. Ստրչիգովսկին, անոր հետ միասին ալ 20 օրվան հապճեպ մի ճանապարհորդություն կատարեցի, առանց սակայն շոշափելի օգուտ մը տեսնելու իմ սեփական գործիս օգտին։ Վերջին օրերս քանի դեռ ձյունը չէր ծածկել երկիրը, մի երկու փոքրիկ այցելություններ կատարեցի մեր քաղաքի շրջակայքը։
Ալեքսանդրապոլ—Թիֆլիս երկաթուղու գծին հյուսիսային կողմը, քաղաքեն 10—12 կիլոմետր հեռավորության վրա, կա Դարբանդ անունով մի գյուղ․ լսելով որ այնտեղ հնություններ կան, գնացի տեսնելու։ Կանգուն կամ կիսականգուն շինություններ չկան այնտեղ. շատ կան հեթանոսական գերեզմաններ, որոնք բնականաբար զիս չպիաի հետաքրքրեին, որովհետև առանց պեղումի ոչինչ չի կարելի հասկանալ։ Ես գնացի հայոց գերեզմանատունը, որ ի հնումն ալ գերեզմանատուն է եղած։ Այդ գերեզմանատան մեջ գտա քանի մը հատ հին գերեզմանաքարեր, Հառիճի կոթողին նման, միայն թե չափազանց մաշված, տեղն տեղ փոխադրված, այնուամենայնիվ, փութացի եղած վիճակի մեջ լուսանկարել այդ քարերեն երեք զանազան օրինակներ, որոնց վրա թե մարդոց և թե ուրիշ զանազան քանդակներ կան։ Մինչև այժմ իմ տեսածս այս ձևի քարերը քանդակված էին միշտ քրիստոնեական խորհրդանշաններով և սրբոց պատկերներով։ Դարբանդի քարերը քրիստոնեական խորհրդանշաններ չկրելեն զատ, ավելի մոտ նմանություն ցույց կուտան կարծեք հեթանոսական քանդակներու։ Այս քարը ամբողջ չէ, ինչպես կերևի բավական բարձր է եղեր, թե՛ գլխեն կոտրած է և թե՛ ներքևեն։
Այս կարգի քարերով շատ հարուստ է Թալինի գերեզմանատունը. բազմաթիվ այս տեսակ քանդակներով քարերուն մեջ կան նաև խոզի գլուխով մարդիկ, որոնք զգեստավորված են կղերականի ձևով և գլուխնին շատ անգամ լուսասփյուռ ունին, իսկ Դարբանդի մարդու քանդակը թեև անասունի կամ գազանի գլուխ ունի, սակայն լուսասփյուռ չունի։ Ես կկարծեմ, որ Թալինի գերեզմանատան խոզի գլխով մարդիկ, թերևս կներկայացնեն Տրդատի ավանդական խոզությունը։ Քարերեն մեկուն վրա քանդակված խոզագլուխը բացի գլխի լուսասփյուռեն, ձեռքը բռնած է նաև խաչագլուխ գավազան։
Դարբանդեն հետո այցելեցի մոտակա Հոռոմ գյուղը, ուր գիտեի արդեն, թե կան մի ընդարձակ տարածության վրա հսկա որձաքար պատերով շինված ոչ միայն բերդերու և պարիսպներու մնացորդներ, այլ և անթիվ բնակությանց հիմեր, ինչպես կան մոտակա Ղափըլի գյուղի մեջ ու շրջակայքը։ Թեև Արագածը շատ հարուստ է այս ձևի մնացորդներով, սակայն կկարծեմ որ Հոռոմի նման այդքան պատերու և պարիսպներու հոծ բազմություն ոչ մեկ տեղ չկա։ Մոտավորապես երեք քառ. վերստի վրա տարածված են խիտ կերպով այս պատերը, որոնց մեջ նույնիսկ որոշ են ճանապարհներ. ամենայն հավանականությամբ սա եղած է հնագույն շրջանի մի քաղաք։
Քանի մը լեռնացած բլուրներ գրաված Է այս քաղաքատեղին, որոնց մեկուն վրա շատ որոշ է մի միջնաբերդ, որուն այժմ գյուղացիք Ղալաիչի անունն են տալիս՝ հավանորեն Ղալա-իչի տեղ։ Լուսանկարեցի միջնաբերդի, պատերը, ստորոտները և ուրիշ երկար պարիսպներ ու մասեր:
Միջնաբերդի գագաթին կա այժմ գաճ ու կրով շինված միակ շենքի մը մնացորդը և հավանորեն սա եղեր է մի եկեղեցի շատ հետաքրքրական ձևով. շուրջը երևում են կիսաբոլորակ բրգանման մնացորդներ։ Ապառաժների վրա կան անհասկանալի փորվածքներ, որոնց մեջ շատ կան քանդակված զանազան քարերու վրա Ս-ի կամ Ո-ի ձևով, երբեմն քանի մը հատ իրարու քով, երբեմն ալ զատ զատ։
Այս քաղաքատեղի ընդհանուր տարածության վրա փոքր ի շատե գաղափար տալու համար, ես լուսանկարվեցի թիվ 63 լուսանկարը (Ա․ ժողով, նկ. № № 13—18)։
Ալեյանդրապոլ,
1913 դեկտեմբեր 18
Հ. Պ. Կոմիտեից ստանձնածս պարտականության համաձայն, ներկա ապրիլի 8-ին, ընկերակցությյամբ Կոմիտեի անդամ ներկայացուցչի՝ հետս առնելով նաև Զվարթնոցի նախկին կառավարիչ Հ. Խաչիկին գնացինք Զվարթնոց:
Առաջին անգամ մտանք թանգարանը, որուն տպաավորությունը մեզ վրա վերին աստիճան աննպաստ եղավ: Գրեթե ուշագրավ ոչինչ չէ մնացած այնտեղ, ամեն ինչ անկարգ կերպով թափված, փշրված և փոշիներու մեջ կորած են: Գոնե մինչև այսօր մնացած կարևոր բեկորներ վերջնական կորուստից փրկելու համար, անհրաժեշտ է այժմյան թանգարան անվանված խարխուլ սենյակից տեղափոխել մի ուրիշ ապահով և պատսպարված տեղ: Որովհետև գարնանային անձրևային շրջանում, կարծում եմ, որ մի քանի շաբաթների հարց է վերահաս փլուզման վտանգը: Առաստաղը խխմած ու գոգավորած, արդեն թափվում են ծեփերն ու հողերը, պատուհանների ապակիները ջարդոտված, հյուսիսային պատի ցածի հարկի մեկ մասը փլած, որու հետևանքով վերևի պատերը ճեղքրտված ու բացված են: Նախասրահի տախտակամածի բոլոր գերանների ծայրերը միանգամայն փտած ու մոխրացած են, եթե այժմեն ուշադրություն չդարձվի և հարմարավոր տեղ չպատրաստվի, կարող է պատահել, որ մի նոր փլատակի տակ ծածկվին մնացած բեկորները։
Թանգարանի չափ աննախանձելի դրության մեջ են ընդհանուր ավերակի գեղարվեստապատմական մեծարժեք բեկորները. դեռ մի տարի առաջ անեղծ պահված քան քանդակագործ բեկորներ և արձանագրություններ այսօր միանգամայն այլանդակված դրության մեջ են, կոտրատել են Շինողի հունարեն արձանագրությունը, արտաքին որմաղեղների մեջ քանդակված նուռ ու խաղողի ամբողջական անվնաս հանված մի մասի վրայից քանդել ու թափել են խոշոր նուռերը։ Այսօրինակ ավերածություններ մի առ մի թվել ավելորդ եմ համարում, և ցավալին այն է, որ այս բոլոր վնասներին ոչ ոք ինքզինքը պատասխանատու չի համարում, որովհետև մինչև այսօր Զվարթնոցում ծառայողների պաշտոնը եղել է հսկել միմիայն հողերի տնտեսության և բերքի վրա։ Խաչիկ վարդապետին տրվել է պաշտոն հողերը մշակելու, իսկ մյուս երկու պահապանների վկայականները ցույց են տալիս որ մին եղել է ջրպետ, իսկ մյուսը հանդապահ, հետևաբար ավերակները միանգամայն թողված են ճակատագրին, որուն հետևանքն է այսօրվան տխուր պատկերը։ Խաչիկ վարդապետը և մյուս պահապաններն այս ավերածությունները վերագրում են որբերին, որոնք նախորդ տարին ապրում էին այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատճառով։ Որբերի տգիտությունն ու անփորձությունը կարող էին այս չարիքները առաջ բերել, սակայն եթե ձեռնահաս մեկը լիներ այնտեղ և խստիվ զգուշացներ որբերի մուտքը ավերակների մեջ, թերևս այս վնասները չլինեին։
Իրաց այս վիճակին մեջ ինձ համար դժվար պիտի լինի Զվարթնոցի ավերակների պահպանման հսկողությունը ստանձնել, եթե Հ. Պ. Կոմիտեն դրական միջոցներ ձեռք չառնե լրջորեն այդ գեղարվեստապատմական հուշարձանի բեկորները պահպանելու համար։ Այս մասին Կոմիտեից պիտի խնդրեմ հետևյալ նախնական և անհետաձգելի միջոցները.
1. Պաշտոնապես պահանջել Խաչիկ վարդապետից որ ցուցակով հանձնե ինձ թանգարանը՝ բացատրելով մանրամասն յուրաքանչյուր առարկայի գտնված տեղը, ինչ վիճակի կամ դրության մեջ գտնվիլը և գտնվելու ժամանակը։
2. Ձեռնարկել մի սրահի շինության, որուն մեջ հնարավոր լինի ապահով կերպով պահպանել այժմյան թանգարանի առարկաները և դուրսը մնացած կարևոր բեկորները, որոնց կորուստը անփոխարինելի կլինին։
3. Նշանակել երկու պահապան աշխատավորներ, որոնց պաշտոնը լինի բացի պահապանությունը, օժանդակել նաև թանգարանի և դրսի բեկորների դասավորման և հարմարավոր տեղեր զետեղելու աշխատության։
4. Պաշտոնապես կարգադրել Զվարթնոցի շրջապատի հողի վրա աշխատողներին, առանց թույլտվության և պահապանների ընկերակցության չմտնել ավերակների մեջ ժամանցի կամ զբոսանքի համար։
- Էջմիածին
- 1924 թ. 21 ապրիլի
- Տասնօրյա հետազոտական շրջագայության Աղնաղալա, Ղզնավուզ, Աղավնատուն, Ֆրանկանոց և այլ մոտակա գյուղերում 1924 թ. ապրիլ ամսի մեջ
Ապրիլ ամսի սկզբներին (1924 թ.) Վաղարշապատում լուր ստացա, որ Աղճաղալա գյուղում գյուղացիք ինքնակամ բացել են նախաքրիստոնեական գերեզմաններ և դուրս են բերել զանազան հնագիտական արժեք ունեցող իրեր։ Դուրս բերված իրերը գերեզմանակրկիտներ փոխանակ պատկանյալ իշխանության հանձնելու,- տարել են իրենց հետ և սեփականացրել։
Այս լուրն առիթ տվեց ինձ փութալ Աղճաղալա և հետամուտ լինել, թե՛ գտնված իրեղենները և թե՛ հետազոտել գյուղն իր շրջականերով՝ հնագիտական տեսակետով։ Հ. Ղևոնդ Ալիշան յուր «Այրարատ» աշխատության 202 էջին վրա, գրում է, որ նույն Աղճաղալա գյուղում կա մի հնագույն բերդ, որը տեսել է ֆրանսիացի Պուլեյ Լըկուզը 1647 թվականին և գծագրել է նույն բերդին պատկերը (տես «Այրարա՚տ», էջ 202)։ Որչափ որ հետաքրքրական էին, բացված գերեզմանները, նույն չափ կարևոր էր տեսնել այդ բերդը, որի մասին մեր օրերում բնավ չէր խոսվում և գոյությունն անծանոթ էր մեզ։ Ուստի կրկնակի կարևոր համարելով այցելել այս գյուղը, շտապեցի գնալ ապրիլ ամսի 9-ին։
Գյուղում և անմիջական շրջակայքում ո՛չ ֆրանսիացի Պուլեյ Լըկուզի ցույց տված բերդը գոյություն ուներ և ոչ այն նոր բացված գերեզմանները, որոնց մասին լսել էի։ Գյուղում ոմանք հայտնեցին, որ հին գերեզմաններ բացվել են ոչ թե Աղճաղալա գյուղում, այլ մոտակա սահմանակից Ղըզնաուզ (ըստ Ալիշանի Խնավուզ, կամ Ղըլավուզ) գյուղում. սակայն Աղճաղալայում ևս կան նույնպես հնագիտական նշանակություն ունեցող վայրեր և առաջնորդեցին ինձ այդ վայրերը։
Գյուղի հյուսիսային կողմը և գրեթե անմիջապես կից, բարձրավանդակ մի տեղի վրա գոյություն ունին նույնիսկ նախապատմական ժամանակների շինությանց մնացորդներ գրեթե հողին հավասարված և հետզհետե անհայտանալու մոտ։
Արտերը պարարտացնելու համար գյուղացիների՝ հին ավերակներ փորելու և հողը տանելու սովորությունը չափազանց մեծ վնասներ է տալիս հնագիտական ուսումնասիրության։ Տասնյակ տարիներ այս բարձրավանդակի վրա գոյություն ունեցող մի բոլորականման պատերի միջից, որ ավելի քան 75 մտ. տրամագիծ ունի, անդադար փորել և հողը կրել են արտերը, որով ոչ միայն նախապես մի մեծ բլուր կազմող հողը անհայտացել է, այլև անվերջ կորել են այդ փորումների ժամանակ գտնված իրեղենները։ Գյուղացոց պատմելով այդ ընդարձակ շրջապարիսպի մեջ գտնվել են մեծ ու փոքր խեցեղեն անոթներ, խոշոր կարասներ, ուլունքներ, բրոնզյա, երկաթյա սուրեր, զարդեղեններ, ի միջի այլոց հատ ու կտոր մարդոց ոսկորներ։ Այս ընդարձակ շրջափակը հյուսիսային կողմից գրեթե բոլորակի շրջանակ է 1,10 սանտիմետրից մինչև 2,20 սանտիմետր հաստությամբ հիմերով, իսկ հյուսիս արևելյան կողմից սկսում են ուղղաձիգ ներքին բաժանումներ ձևացնող պատեր և բռնում է ամբողջ հարավային մասը պատերի զանազան շեղումներով։ Բոլոր պատերը շինված են անշաղախ որձաքարով, և զանազան մասերի հետազոտությամբ երևում է, որ այս բոլորը միաժամանակ չեն շինված, եղեր են պարբերաբար հավելվածներ։ Այս մեծ մնացորդից դեպի հյուսիս արևմուտք 20-25 քայլի վրա կա մի այլ բոլորակ մոտավորապես 10 մետր տրամագծով գրեթե նույն ուղղությամբ, փոքր ինչ դեպի արևելք, կամ հարավ արևելք կա մի ուրիշ բոլորակ 21 մետր տրամագծով։ Այս երեք մեծ ու փոքր բոլորակներից դեպի արևելք կա մի ուրիշ կանոնավոր սրբատաշ քարերով կրաշաղախ շինված մի բոլորակ մոտավորապես 4,50 մ․ տրամագծով և 80 սմ․ պատերի հաստությունով։ Անպայման այս բոլորակը, որ այժմ ևս ժողովրդական ուխտատեղի է, կապ ունի նախաքրիստոնեական մի ավանդության հետ և իբրև սրբատեղի քրիստոնեական շրջանում վերանորոգել են։
Գյուղի արևմտյան կողմը, գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա կա մի մեծ քարքարուտ բյուր, որուն գագաթին վրա թեև չեն երևում շինարարական հետքեր, բայց բլուրի ստորին փեշերի մոտ երևում են շրջապատող պարսպի անհեթեթ հաստությամբ, զուգահեռական 3,60 մ. թանձր պատեր, որոնք ձգվում են դեպի հյուսիս արևմուտք։ Պարսպի ներսի կողմից բլուրի լանջերու վրա երևում են շինված շենքերի հիմեր, այս հիմերի և մեծ պարսպի միջից իբրև հասարակաց ճանապարհ բաց է թողված 2,10 մ, լայնությամբ մի անցք, ամբողջ պարիսպների երկարությամբ։
Բլուրի հարավային փեշի վրա մի ժամանակ եղեր է մի մեծ քարայր-դամբարան, որի մասին բնիկ Աղճաղալացի, 75-76 տարեկան Վասիլ Ավետիսյանը պատմում է, թե՝ «45-50 տարի առաջ, երբ քյուլ հանելու համար փորում էի, հանկարծ բահս դիպավ մի պատի՝ բացված պատի առջևից հողը լավ մաքրելուց հետո, երևան եկավ մի սենյակի նման տեղ, մասամբ քարափոր, պատերը ծեփված գաճով, կամ կրով։ Հետզհետե հողը մաքրելով և խորը գնալով գտա հողե ամանով լիքը վեգ և մի քրեղան։ Ուզում էի փորումներս շարունակել, սակայն գյուղացի թուրքեր արգելք եղան, առարկելով որ այդ տեղը կպատկանի իրենց, և նախնյաց դամբարան է համարվում թուրք հասարակության կողմից»։ Գյուղին կից դաշտի ճանապարհի աջ կողմն ընկած է մի մեծ բոլորակ քար 1,90 սմ․ տրամագծով։ Բոլորակի եզերքից, 20 սմ․ ներս, 20 սմ․ լայնությամբ և 20 սմ․ խորությամբ կանոնավոր կերպով փորված է շուրջանակի։ Ենթադրում եմ, որ այս քարն առանց խորհրդավոր նպատակի չի շինված, շատ կարելի է, որ մի պաշտաման հետ կապ ունի, քանի որ շուրջը լիքն են հեթանոսական շրջանի մնացորդներ։
Միանգամայն համոզված, որ Պուլեյ Լըկուզի նկարած բերդը կամ մի թյուրիմացության հետևանք է և կամ գոյություն ունի մի ուրիշ տեղում և տեղի անունն էլ սխալ է գրված, ստիպված եղա հեռանալ Աղճաղալայից, հետազոտությունս առայժմ բավական համարելով։
Որովհետև աղճաղալացիք հայտնել էին, որ վերջերս գտնված են հին գերեզմաններ մոտակա Ղզնավուզ գյուղում, ճանապարհվեցի դեպի Ղըզնավուզ գյուղը՝ Աղճաղալայի գյուղխորհրդի քարտուղարի ընկերակցությամբ։ Քարտուղարը առաջնորդեց ինձ դեպի բացված գերեզմանները, որոնք գյուղի հարավային կողմին կից մի մեծ բլուրի հարավ արևմտյան կողմի վրա էին՝ բլուրից մի քանի քայլ դեպի հարավ։ Գերեզմանները գտնվում էին դեպի հարավ գնացող ճանապարհի վրա, որուն հողը հետզհետե մաշվելով գերեզմանի միջի առարկաները սկսել էին երևնալ, որով գյուղացիներից մի երկուսը հետաքրքրվելով, սկսել են փորել գանձ գտնելու հույսով։ Նախապես իմ տեղեկությունը բացված երկու գերեզմանի մասին էր, որոնց միջից դուրս հանված էին 3 հատ խեցեղեն պուտուկներ։ Սակայն իրողությունն այն էր, որ ավելի քան 10 գերեզմաններ փորված էին այնտեղ և հողը վերստին տեղը լեցված, հետևաբար հայտնի չեղավ, թե ի՞նչ տիպի գերեզմաններ էին և ի՞նչ իրեր են երևացել մեջերը։ Դիմեցի գյուղխորհրդի նախագահին և պանհանջեցի գտնված խեցեղենները, նախագահը ինձ վստահացրեց, որ խեցեղենները ղրկված են Սամաղար շրջգործկոմի նախագահին մեզ ղրկվելու համար։ Եվ իրոք, ղրկված էին երկու միջակ մեծությամբ պուտուկներ, որոնք ինձ հասնելուց հետո ուղարկել եմ Կոմիտեին, սակայն երկու հատ միայն, փոխանակ երեքի, ինչպես հայտնեցին գյուղում։
Ղըզնավուզ գյուղում բացված գերեզմաններից անհամեմատ ավելի հետաքրքրական էր գտնված գերեզմանների մոտի բլուրին վրա մի հնագույն բերդի մնացորդ, որն անպայման շինված էր ուրարտական ժամանակ։ Բերդը գրեթե քայքայված է ամբողջությամբ, ներքին բաժանումներ որչափ որ մնացել էին որոշ, մանրամասն չափագրեցի տեղին վրա։ Հյուսիսային կողմը ամբողջովին քանդված է, նմանապես արևելյան կողմը, որուն հիմերը հազիվ հայտնի են, իսկ հարավային պատերից դեռ կանգուն կան 2½-ից մինչև 3 մետր բարձրությամբ։ Հարավային ծայրին անկյուններին վրա շինված են բրգանման քառակուսիներ, իսկ հարավային պատի վրա իբրև հենորմներ պատի հետ շինված են 3,80 մ․ լայնությամբ և 50 սմ․ դուրս ցցվածքներ, անշուշտ ամրության, հաստատության համար, այս վերջինս դեռ գոյություն ունի մոտ 3 մետր բարձրությամբ։ Այս շենքը հին ժամանակ եղել է անշուշտ մի ցեղապետական ամրոց, կամ դղյակ, անկախ ներքին ամուր կառուցվածքից դրսից ևս շրջապատված է եղել ամուր, շրջափակ պարիսպով, արևելյան կողմից 5 մետր հեռավորության և արևմտյան կողմից 21 մետր հեռավորության վրա։ Հյուսիսային և հարավային պարսպամասերի հետքերը կորած են։ Ամրոցի, կամ դղյակի վերևի մասի մուտքը եղել է հյուսիս արևմտյան կողմից, որովհետև շենքը կառուցված էր մեծ ապառաժուտ բլուրի վրա և մուտքը բարձր էր, ուստի գրեթե 3-4 մետր տարածության վրա գետնից աստիճանաբար վերև բարձրացող մի լայն ճանապարհ են շինել մինչև ամրոցի դռան առջև, ճանապարհի լայնությունը եղել է ուղիղ չորս մետր, այս լայնությունից անկախ երկու կողմից, բարձրացող ճանապարհի ամրության համար շինել են 210 սմ․ հաստությամբ որձաքար պատեր նույնպես շեղակի մինչև շենքն աստիճանաբար բարձրացող. այս ճանապարհով ցեղապետը, եթե ոչ կառքով, կարող էր բարձրանալ ձիով մինչև դղյակի դուռը։ Հետքեր կան, որ շենքը հյուսիսային կողմից ևս ունեցեր է բրգանման քառակուսի մասեր, երկու անկյունների վրա, և հյուսիսային կողմի հատակն ավելի ցածր է եղած, գրեթե այժմյան գետնին հավասար, ամենայն հավանականությամբ այս կողմին վրա ևս ունեցեր է մտից դուռ։ Ինձ թվում է, թե Պուլեյ Լըկուզ ֆրանսիացին 280 տարի առաջ այս բերդն է, որ կանգուն տեսել է, որը տարիներ հետո ավերվել է և ավերումն այնքան վաղ ժամանակ է եղած, որ ներկա գյուղացիների մեջ ամենից ծեր մարդիկն անգամ չեն հիշում բերդի կանգուն ժամանակը։ Պուլեյ Լըկուզի տեսածը բերդ լինելուն մի մեծ հավանականություն կա, այն է անկյունների բրգանման լինելը, ինչպես կերևի «Այրարատի» 202 էջի պատկերին մեջ, նույնը երևում է նաև, թե տեղին վրա և թե իմ հատակագծիս վրա։ Ամենայն հավանականությամբ Պուլեյ Լըկուզը բերդը գծագրել է հյուսիսային կողմից, ուր նաև տեղին վրա նշմարվում է մի դռան տեղ և անկյունի բուրգերի մեկ մասի հիմը։ Ամրոցի հյուսիս արևմտյան կողմի վրա մինչև այժմ, բացի գերեզմաններից նկատվում են կրոմլեխներ, որոնց երկուքը և խոշորագույնները ամրոցի կից և հավանորեն ամրոցը շրջապատող արտաքին պարսպից ներս էին գտնվում։ Մասնավոր հետազոտության արժանի են ինչպես Աղճաղալայի, նույնպես այս գյուղի հյուսիսային կողմի դռները։ Նաև մոտակա Աղավնատան սահմաններում խիստ շատ են նախաքրիստոնեական մնացորդներ և գերեզմաններ։
Ղըզնավուզին խիստ մոտ և սահմանակից է Աղավնատուն գյուղը, լսելով, որ Աղավնատան մեջ ևս գտնվում են պատմական հուշարձանների մնացորդներ, այցելեցի նաև այս գյուղը, որ բավականին շահեկան եղավ այցելությունս թե՛ նախաքրիստոնեական և թե՛ քրիստոնեական շրջանի հին հուշարձանների տեսակետով։ Այս գյուղում ևս, երբ դաշտը վերջանում է և սկսվում է լեռնալանջը, առաջին բարձրության լանջին վրա, գյուղին կից, կա մի հնագույն գերեզմանատուն, որը վերջին տարիներս օգտագործում էին գյուղացիք (այժմ գերեզմանատունը գյուղացիք տեղափոխած են ուրիշ տեղ)։ Խառնիխուռն կտեսնվին զանազան դարաշրջանների քրիստոնեական գերեզմաններ։ Գերեզմանատան վերևը փոքր ինչ հարթավայր տեղի վրա կառուցված է եղել նախաքրիստոնեական շրջանի մի բերդ մեծամեծ որձաքարի զանգվածներով, որոնք զետեղված են միմյանց վրա առանց շաղախի։ Բերդի տարածությունը փոքր է, հազիվ հասնի 22 մետի լայնության, նույնչափ ևս երկարության, սակայն ինչպես կերևի, այս կտորը եղել է միայն միջնաբերդ, հեռվից շրջապատված է եղել մի ուրիշ պարսպով, որին հետքերը տեղ տեղ հազիվ տեսանելի են։ Սակայն ինչպես երևում է քրիստոնեական շրջանում չեն լքած այս բերդը, այլ վերաշինել են և ամրացրել են կիսաբոլորակ բուրգերով, որոնցից մեկ քանին դեռ կիսականգուն գոյություն ունին, դժբախտաբար գյուղացիք հետզհետե քանդում են քարերից օգտվելու համար։ Բացի բուրգերի քանդումից, փորում են նաև գետնի անմշակ տեղերը և հողերը կրում իրենց արտերը պարարտացնելու համար։ Այս փորումների օգուտը չի սահմանափակվում գյուղացու համար միայն պարարտացման համար հող դուրս բերելու մեջ։ Իրենց պատմելով գտնում են ուրիշ շատ իրեղեններ, հնագույն տնային կարասիներ, գործիքներ, նույնիսկ դրամներ, այդ պատճառով գյուղացիք հրապուրված այդ փորումների բազմակողմանի օգուտներով չեն լսում պաշտոնական արգելքները և շարունակում են իրենց ավերիչ գործը և գիտությունը տուժում է միշտ տգետ գյուղացու այսօրինակ վարմունքից։
Միջնաբերդը կառուցված բլուրին ներքև կա մի մեծ քարայր, որն անշուշտ օգտագործել են հին ժամանակ բերդը կառուցողները, նաև քրիստոնեական շրջանում բերդին տիրացող ու նորոգողները։ Դուռը գտնվում է հյուսիսային կողմը՝ այժմ հողով լցված վերջին ժամանակներս։ Դուռը եղել է կապույտ որձաքարից, որուն կեսը կա այժմ տեղին վրա, իսկ մյուս կեսը գյուղացիք տարել են իբրև սալաքար գործածելու համար։ Վերջին թուրքական արշավանքների ժամանակ գյուղացիների կեսն ապաստանել է այս քարայրի մեջ և չորս օր մնացել են աննկատելի։ Բերդի շրջակայքում գյուղացիներից ինքնակամ պեղում անողները գտել են նաև նախաքրիստոնեական շրջանի հնություններ՝ բրոնզյա, երկաթյա զարդեր, գործիքներ և խեցեղեն ամաններ։
Հավանաբար քրիստոնեական շրջանում բերդին տիրողները շինել են բերդի հարավային պարսպին կից մի փոքր եկեղեցի՝ բավականին ճոխ քանդակազարդությամբ։ Եկեղեցիի շենքի շինելակերպը և գործադրված քանդակների ոճը ցույց են տալիս, որ շենքը շինված է 11-րդ դարուց ոչ ուշ։ Սակայն երկար ժամանակ կանգուն մնացել է եկեղեցին և քարերի վատ տեսակի պատճառով հարավային պատը վտանգվել, այդ պատճառով իսկ եկեղեցիի հարավային պատին կից, մոտավորապես 8 մետր տրամագծով շինել են կիսաբոլորակ մի բուրգ, իբրև շենքի հենարան, որուն շնորհիվ մինչև այսօր մնացել է կանգուն։ Պատերը կառուցված են կարմրագույն տուֆ քարով, թեև վերևի կամարածածկը փլված է, սակայն ամեն կողմից գրեթե երկու մետրից ավելի բարձրությամբ պատերը կանգուն են։ Խորանի գմբեթարդի մեջ հատկապես հյուսված է մի կարաս անշուշտ երգեցողության ժամանակ արձագանք տալու համար։
Գյուղացիք այս ավերակը վերածել են այժմ ուխտատեղիի։ Խորանի կիսաբոլորակի մեջ կանգնել են վեմ քարի նմանող մի քար, և վրան դրել են 11-րդ դարու արձանագրված քարի մի բեկոր, որուն վրա մոմեր կպցնելով ամբողջովին մրոտել են և անընթեռնելի դարձրել։ Տեղի վրա մնացած բեկորներից կա 11-րդ դարու ոճով մի խոյակ և 13-14 դարերու հատուկ ոճով քանդակված մի պատուհանի շրջանակ, սրանք ևս պաշտաման առարկա են եղել խորանի մեջ զետեղվելով․ եկեղեցիի հյուսիսային կողմը շենքին մոտիկ կա մի խաչի պատվանդան, որը 13-րդ դարու է։ Աղավնատան բերդի հարավային կողմը, բերդը շրջապատող մեծ պարսպից դուրս կա մի մեծ խաչարձան պատվանդանավոր, պատվանդանի առջև կան տապանաքարեր, որոնց մեկն ամբողջովին արձանագրված է, սակայն ժամանակի ընթացքում քարն այնքան է մամռոտած, որ գրերը գրեթե մամուռի ներքև անհայտանալու վրա են. նշմարվող տառերի ձևից կարելի է հետևցնել միայն, որ արձանագրությունն անպայման 14-րդ դարու գործ է։
Աղճաղալայից մինչև Աղավնատուն, գյուղերի սահմաններին անմիջապես կից եղող նախաքրիստոնեական անշաղախ որձաքարով կազմված ամրոցներու պատեր, կրոմլեխների մնացորդներ հաճախ տեսնելով միանգամայն համոզվեցի, որ այդ շրջանը եղել է նախաքրիստոնեական, նույնիսկ նախնադարյան շրջանի հոծ բնակչության մի միջավայր, ուստի հարցաքննելով այդ ուղղությամբ մոտս հավաքված գյուղացիներին, ստացած պատասխաններս խրախուսեցին ինձ գնալ և անձամբ տեսնել այն ամենն, ինչ որ գյուղացին, երբեմն չափազանցված, երբեմն այլափոխված ձևով և մեկնություններով նկարագրում էր։ Հարցումներս առհասարակ հին կրոմլեխների, նախապատմական դամբարանների և պաշտաման տեղերի շուրջն էր դառնում, և այս ամենին համար գրեթե հաստատական պատասխաններ էի ստանում։ Ուստի վճռեցի հետևյալ առավոտ շրջագայել շրջանները և մանրամասն հետազոտել։
Հետևյալ օրը վաղ առավոտյան Աղավնատուն գյուղի և Հարամլու գյուղի սահմանին, Աղավնատան հողի վրա տեսա մի կրոմլեխ, որը բավականին բնորոշ ձևով պահված էր, թեև շրջանակի քարերից պակասում էին, այնուամենայնիվ բոլորակի չափը, ձևը և քարերի տաշվածքն ու շարվածքը հասկանալու չափ, անաղարտ մնացել էին նաև երկու հսկայական անտաշ քարերից տապանաքարեր։ Այս կրոմլեխն այնքան ուշադրությունս գրավեց, որ չափագրեցի, գծագրեցի, մասամբ վերակազմելով նախնական վիճակը։
Երբեմն թուրքաբնակ, իսկ այժմ ամայի մոտակա Հարամլու գյուղը այցելելով տեսա մի շատ հնագույն ավերակ, որը բերդի նմանություն չուներ, այնուամենայնիվ նախաքրիստոնեական մի կարևոր շենքի տպավորություն թողեց իմ վրա։ Շենքը գտնվում է հին գյուղի դիմաց, մի բլուրի վրա, շինված է միջակ մեծությամբ կիսատաշ, սևագույն կարծր քարերով, ներքին բաժանումների հետքեր չեն մնացել, եթե եղել են քանդվելով և քարերը տարվելով անդադար անհայտացել են։ Արտաքին շարքերից ևս հազիվ մնացել է մի կարգ քար։ Բլուրի ստորոտն աստ անդ թափթփված են խաչքարի բեկորներ, շենքերից քանդված հրաբխային սրբատաշ քարեր, մի հատ անընթեռնելի արձանագրության բեկոր, որոնք ցույց են տալիս թե այստեղ, անկախ բլուրի գագաթի շենքից, եղել են կրոնական կամ աշխարհիկ շենքեր և միանգամայն անհետացել են, իրենց գոյության ապացույց հազիվ մի քանի քարեր և բեկորներ թողնելով։
Հարամլուի քննությունը վերջացնելու հետո ուղղվեցի դեպի արևմուտք և արևմտահյուսիս ամայի և անմշակ վայրերը քննելու, որոնց տեղական բնակիչները ղըռ էին անվանում։
Աղավնատան սահմանից դեպի Կոշ (հնումն Կուաշ) գյուղը հազիվ մի կիլոմետր հեռավորության վրա, սկսեցին երևալ կրոմլեխներ և նախապատմական գերեզմաններ։ Հետզհետե խտանում էին գերեզմանները դեպի Կոշ և դեպի Շամիրան գնալու ճանապարհին երկու կողմերը։ Չափազանց զարմացնում էր ինձ այդ գերեզմանների գրաված վայրերի ընդարձակությունը։ Մոտավորապես երեք քառակուսի վերստ տեղի վրա տարածված էին մի քանի տեսակ նախապատմական գերեզմաններ և կրոմլեխներ, որոնք ապացույց են մի ժամանակ այդ վայրերի բազմամարդության։ Գլխավորապես երեք տեսակ գերեզմաներ որոշ էին այդ ընդարձակ տարածության վրա. 1. Կրոմլեխներ, որոնք թեև Աղավնատան և Հարամլուի մեջտեղ եղածին չափ լավ պահված չէին, այնուամենայնիվ շրջապատող բոլորակ քարերի շարքերից մնացած էին որոշ չափով։ 2. Փոքր հողաթմբեր առհասարակ բոլորակ ձևով՝ վրանները որոշ չափով ծածկված մանր ու խոշոր քարերով։ 3. Ավելի հետաքրքրական և ավելի հնագույն երևցան ինձ մի կարգ գերեզմանատներ, որոնք հարմարավոր քարերով շինված են արկղաձև մոտավորապես 70-80 սանտիմետր հողի խորության մեջ և վրաները ծածկված են միակտուր անտաշ բնական սալերով։ Ընդհանրապես սալերու մեծությունը հավասար են ներքևի արկղաձև կազմված գերեզմաններին։ Այս տեսակ գերեզմաններ ընդհանրապես հատ հատ առանձին են մեկմեկուց 4-5 մետր հեռավորության վրա, սակայն կան այնպիսիները ևս, որ երեք կամ չորս արկղ միասին ձևացված են՝ անշուշտ յուրաքանչյուր արկղի մեջ մի մեռել թաղելու համար։ Բացի այս երեք տեսակի գերեզմաններից, կան նաև տեղ տեղ մեծամեծ քարակույտերով կազմված դամբարաններ, որոնք միջին հաշվով 8-10 մետր երկարություն և երեք մետրից ոչ նվազ բարձրություն ունին։ Քարակույտերի քարերն այնքան մեծ չեն, խառն են նույնիսկ մանր քարերով, իսկ մեծ քարերի ամենից խոշորները հազիվ թե անցնեն ներկայիս շինությանց մեջ գործածված սովորական սև պատերի քարերի մեծությանը։ (Այս քարակույտ դամբարաններից մոտավորապես 40 հատ համարեցի Փոքր Թալինի մոտ դաշտավայրի վրա, որոնց մեկ քանիսին երկարությունը կհասնի մինչև 15 մետրի, բայց այս մասին իր տեղում)։
Այս ընդարձակ գերեզմանատունը դիտելուց հետո մնում էր քննել հյուսիս արևմտյան կողմը մի բարձրության վրա կանգնված աշտարականման բոլորակ շինություն, որուն գյուղացիք Օյուղ անունն են տալիս, որպես թե դա լինի զինվորական դիտարաններ հին ժամանակ։ Ի հարկե ես չէի կարող բավարարվել գյուղացիների տված բացատրություններով, հարկ համարեցի անձամբ բարձրանալ բլուրի վրա և տեսնել մոտից։ Նախքան բլուրը բարձրանալս, բլուրի ստորոտին մոտ տեսա հին նախապատմական պատերի հիմեր ավելի քան մեկ ու կես մետր հաստությամբ, այս պատերը չէին նմանում ոևէ շենքի պատերի, անպայման կրոնական պաշտամունքի հատուկ մի հիմնարկություն էր եղած։ Պատերը թվով յոթը հատ 6-7 մ. միմյանցից հեռու զուգահեռաբար ձգված են արևելքից արևմուտք կանոնավոր կերպով. այս պատերի գլուխները կապված չէին միմյանց ո՛չ արևելյան կողմից և ո՛չ արևմտյան կողմից, հետևաբար արևելքից դեպի արևմուտք ձգվող այս պատերին ուղղահայաց հյուսիսից հարավ պատերի հետքեր չկան։ Հետևաբար պարզ է, որ ծածկութավոր շենքի պատեր չէին այս երկար զուգահեռական պատերը, որոնց երկարությունն առնվազն 40-50 մետրի կհասնի։
Սույն երկար հիմքերից մի քանի քայլ դեպի արևելք, բլուրի լանջի վրա կա մի քարակույտ, կրոմլեխի նման, հայտնի չէ թե որտեղից են բերած դրած այնտեղ մի խաչքարի կտոր և ուրիշ երկու կամ երեք հատ քանդակների բեկորներ և վերածել են ուխտատեղիի։ Շրջակա գյուղացիք, իմ առաջնորդի ասելով, գոնե տարին մեկ անգամ ուխտի են գալիս այստեղ։ Համենայն դեպս, հեթանոսական ժամանակից այդ տեղերը մի սրբավայրի համբավ են ունեցել և քրիստոնեության ժամանակ ևս շարունակում են հին ավանդության վրա հիմնված։
Աշտարակից թափված քարակույտերից մեծ դժվարությամբ անցնելով հաստաբուն բոլորակ շենքի մոտ, որը ո՛չ դիտարան է և ո՛չ վերջին դարաշրջանների գործ, այդ ամենահին, թերևս նախաուրարտական, մի խորհրդավոր կառուցվածք է։ Շենքի տարամագիծը 8,40 մետր է, բարձրությունը, մինչև շուրջը թափված քարակույտերի վրա, 4,80 մ. է, հավանականորեն մինչև հատակը կլինի 4 մետր ևս, որով այժմյան բարձրությունը կլինի ավելի, քան 8 մետր։ Բայց ի հարկե սա իր նախկին իսկական բարձրությունը չէ, իր շուրջը թափված քարակույտերը ցույց են տալիս, որ շատ բարձր է եղած, հետզհետե փլչելով այսքանն է մնացել։ Ինչպես դուրսն այնպես ալ ներսն են թափել մեծամեծ քարեր և խտացել են այնպես, որ հնար չեղավ ներքին տրամագիծը չափել։ Արևելյան կողմից մի դուռ, կամ պատուհան ունի մեկ մետր լայնությամբ և բարձրությամբ. ամբողջությամբ շինված է անտաշ, կարծր քարերով առանց շաղախի, սակայն քարերի ընտրություն եղած լինելուն կասկած չկա, որովհետև քարերը միշտ երկարավուն և կանոնավոր հաստություն ունին որով ավելի լավ կապված են շարքերը։ Այս շենքի պատերի շարվածքի մեջ նախապատմական շրջանի մի շարք պատերու մեջ դրված անհեթեթ մեծությամբ զանգվածներ չկան, միայն թե մեջն ինկած են մի քանի մեծ քարեր, որոնք հավանորեն աշտարակի գագաթի վրա ծածկույթի քարերը եղած են։ Ես կարծում եմ, որ այս շենքը նախապատմական ժամանակի մի սրբավայր, կամ ուխտատեղի եղած է և նույն ավանդության շարունակությունն է այս աշտարակին մոտի ուխտատեղին, որ նկարագրեցի քիչ առաջ։
Արդեն լրանում էր իմ տասնօրյա ճանապարհորդությանս ժամանակը, 9-րդ օրն Աղվանատան շրջանում անցնելուց հետո, անցա Ֆրանկանոց գյուղը։ Այս գյուղի հյուսիս արևելյան կողմը, արտերի մեջ, երևում են հնագույն երկար պատերի հիմքեր, որոնք ուսումնասիրության կարոտ են, տարակույս չկա, որ այդ հիմքերը նախաքրիստոնեական ժամանակի անշաղախ որձաքարե պատերի մնացորդներ են, սակայն լրջորեն հետազոտելու, ուսումնասիրելու համար հարկ էր տեղ տեղ փորումներ կատարել, որու մասին ես արտոնություն չունեի Կոմիտեից, ուստի առայժմ փաստն արձանագրելով, թողի այդ մասի մանրամասն ուսումնասիրությունը հարմար ժամանակին։
Ֆրանկանսցի հարավ արևելյան կողմի վրա կա մի կիսավեր եկեղեցի Սիմեոն կաթողիկոսի ժամանակ (1763-1780) շինած, այս եկեղեցին շինված է շատ հասարակ քարե պատերով, վաղուց անհետացեր է վրայի փայտածածկը, պատերը նույնպես քանդվելու և ավերակ դառնալու վրա են։ Այս եկեղեցիից դեպի հյուսիս արևմուտք կա մի գերեզմանատուն, որը շատ հին չէ, սակայն հետաքրքրական են այնտեղ գոյություն ունեցող մի շարք գերեզմանաքարեր, որոնք թե՛ կուլտուրական և թե՛ ազգագրական նշանակություն ունին այս կողմերի 16-17-րդ դարի ժողովրդական կյանքի վերաբերմամբ։ Այս նշանակալից գերեզմանաքարերը առհասարակ համեմատաբար բարակ, սովորականից քիչ բարձր և կիսաբոլոր վերջավորությամբ կանգնված միակտուր քարեր են, փոքր ինչ հիշեցնում են հին օրորոցաձև տապանաքարերը։ Այս ձևի ամեն մի տապանաքար քանդակված է իր ժամանակակից սովորության համեմատ։ Տապանաքարերեն մեկուն վրա բոլորովին նախնական գծերով քանդակված է մի մարդ երկար արխալուղ հագած, ձեռքերը մեջքին դրած պար խաղացողի ձևով։ Առջևը դրված է մի բաժակ, բաժակի կողքին մի գինու կուժ։ Մի երկրորդ գերեզմանաքարի վրա քանդակված է մի մարդ, դարձյալ երկար արխալուղով, մեկ ձեռքը դրած մեջքին, իսկ մյուս ձեռքով՝ բռնած գինու կուժը, կուժից քիչ հեռու գինու բաժակը։ Երրորդ տապանաքարի վրա քանդակված են դարձյալ միևնույն տարազով ելեք հոգի, որոնց երկուքը ձեռք ձեռքի բռնած, իսկ երրորդը՝ առանձին պարում են՝ մոտերնին դրված գինու կուժը։ Այս քարին վրա բացառաբար փորագրված է երկու բոլորակի շրջանակ, մեջը տրամագծորեն խաչաձև գծված։
Այս բոլոր քարերի վրա գիր, կամ թվական չկան, բացառությամբ մեկ հատի։ Այս մեկ հատին վրա փորագրված է երկու մարդ, իրենց աջ ու ձա՛խ ձեռքերով բռնած են գինու մեծ կուժ, ձախ կողմի մարդը ձեռքը մեջքին դրած, իսկ աջ կողմինը ձեռքին գինու թասն է բռնած. այս քարի վրա քանդակված է ՌՃԽԳ (1694) թվականը։ Գերեզմաններից մեծ մասը գրեթե այսօրինակ տապանաքարեր ունեն և որովհետև այս կողմերում ուրիշ գյուղերի գերեզմանատներում ևս տեսել եմ այս ձևի տապանաքարեր, սրանց մասին պիտի գրեմ իրենց կարգին, ինձ համար կարևոր թվեցավ տնտեսական և ազգագրական տեսակետով։ Ամեն մի տապանաքարի վրա գինիի կուժերի, կամ գավաթների քանդակումը, իմ կարծիքով ցույց կուտա խաղողի ու գինիի առատ արդյունաբերությունը, ուր այժմ ևս շարունակվում է խաղողի մշակությունը։ Իսկ խմելով պար խաղալու ձևերն ինձ հիշեցնում է գլխավորապես Թֆլիսի ժեջ եղած մի սովորություն։ Հուղարկավորության օրը հանգուցելույն ընկերներն ու բարեկամները գնում են գերեզմանատուն, զուռնայով և ուրիշ նվագարաններով, թաղման արարողությունը կատարելուց հետո մեծ կերուխում են անում և հանգուցելույն գերեզմանի շուրջ երկար ժամանակ երգում ու պար են խաղում։ Ինչպես երևում է ոևէ քաղաքական, կամ տնտեսական պատճառներով այս սովորությունն ունեցող ժողովուրդը գաղթեր հեռացեր է այս շրջանից և նույն ձևով տապանաքարեր շինելու սովորությունը վերջ է գտել։ Այս գերեզմանները քննել և արձանագրելուց հետո դարձա Վաղարշապատ։
է. ԷՋՄԻԱԾՆԻՑ ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԵՐԸ
Հայաստանի Հնությունների Պահպանության Կոմիտեի կազմած մի արշավախմբի կողմից։
Արշավախմբի նպատակն էր հուշարձանների ցուցակագրում և հետազոտական աշխատանքներ կատարել Արագածոտնում։
Արշավախումբը դուրս եկավ 1924 թվի օգոստոսի 3-ին։
Հաջի Ղարա (Այգեշատ) գյուղի և Օշականի մեջտեղ, ճանապարհի ձախ կողմին, մի բարձր բլուրի գագաթին վրա այցելեցինք Արդար Դավիթ անվանված աշտարականման բոլորակ մի շինության մնացորդի։ Այս բոլորակ շենքը շինված է մեծամեծ սև որձաքարերի զանգվածներով՝ առանց կրաշաղախի։ Թեև շատ ժողովրդական առասպելներ հյուսված են այս շենքի շուրջ, սակայն ամենայն հավանականությամբ նախաուրարտական մի շինություն է, նաև մի պաշտաման տեղի, նման Աղավնատան և Կոշի մեջտեղ գոյություն ունեցող բոլորովին նույնանման մի մնացորդի, որուն շրջակա գյուղացիք Օյուղ անունն են տալիս։ Արդար Դավթի աշտարականման շենքին մեջ դատարկ է, մի փոքր դուռ ունի հարավային կողմից, բարձրությունը նախնականը չէ, շատ է փլված երևի մասը և քարերը կուտակված են շուրջը։ Այս շենքի մասին մանրամասն նկարագրություն կրկնել հարկ չեմ համարում, որովհետև ըստ ամենայնի նման է Օյուղին, որի չափագրությունը և գծագրությունը կատարել եմ և ներկայացրել սույն աշխատությանս հետ՝ Հ․ Հ․ Պ․ Կոմիտեին։ Այսքան միայն կավելացնեմ, որ անպայման Օյուղը և Արդար Դավիթը կանգնած են միևնույն նպատակի համար և կապ ունին ոևէ կրոնական պաշատման հետ։
1. Մանկանոց.− Այսօր այցելեցինք Մանկանոց անվանված լքված հին եկեղեցին գյուղից դուրս այգիների մեջ։ Չափազանց հետաքրքրական է շենքը իր 7-րդ և 10-րդ դարերի ճարտարապետական ոճի խառնուրդով։ Լայն պատուհանները, տրոմպների վրա դրված գմբեթը և ուրիշ մանրամասնություններ, անվիճելի կերպով կպատկանին հայկական ճարտարապետության 7-րդ դարու ոճին, սակայն կան նաև հայոց 9-րդ և 10-րդ դարու ոճին պատկանող մասեր՝ ինչպես մտից դուռը, պատուհանների պսակման և քանդակման ձևերը։ Կամ այն է, որ 7-րդ դարու ավանդական ոճերու խառնուրդով 9-10-րդ դարուն կանգնված է այս շենքը, և կամ մի հմուտ ճարտարապետի ձեռքով 9-10-րդ դարուն կատարվել է մի նորոգություն հնագույն 7-րդ դարու մի շենքի վրա և վերին աստիճան ճարտարությամբ պատշաճեցուցեր է հին ոճը նորի հետ, որ մեկ հայացքով դժվար է զանազանել. այս պարագան լավ ստուգելու համար շատ երկար քննություն է հարկավոր, միայն թե համենայն դեպս այս շենքի կառուցումը 10-րդ դարուց այս կողմ չի կարող անցնել։ Թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ խաչաձև է եկեղեցին։ Մտից դուռն արևմուտքից է, ունի նաև խիստ նեղ և ցածր դուռ հարավային թևի արևմտյան ճակատին վրա։ Այս փոքր դռան սովորությունը շատ հին է․ դեռ 7-րդ դարուն, Բագարանի մեջ Բուտ Առավեղյանի շինած կաթողիկեն ունի հյուսիսային կողմին վրա։ Միևնույն ավանդության հիման վրա շինված է 10-րդ դարուն կառուցված Հոռոմոսի վանքի (ձորի ս․ Մինաս անվանված) եկեղեցվո արևմտյան կողմը։ Թե ի՞նչ պատճառներով էին շինվում այս փոքր դռները, ճշտիվ հայտնի չէ, միայն թե իմ լսելով, հին ժամանակի կղերներ այս դուռը միայն հատկացնելով ժողովուրդի մուտքին՝ ակամա խոնարհության և երկրպագության էին ստիպում տաճար մտնողներին։
2. Գերեզմաններ և քանդակազարդ խաչքարեր.− Օշականի թե՛ գյուղի մեջ և թե՛ գյուղից դուրս կան մեծ ու փոքր գերեզմանատներ, այս գերեզմանատների մեջ մասնավորապես ուշագրավ են այն փոքր գերեզմանները, որոնց մեջ կգտնվին գեղաքանդակ խաչքարեր։ Առհասարակ այս փոքր գերեզմանները լինում են փոքր մատուռների, կամ վանքերի շուրջ, բայց այս գերեզմանները, որոնց մոտ վանքի կամ մատուռի հետք չկա, իմ կարծիքով տոհմային գերեզմանատներ են։ Այս պարագան մասնավորապես նկատելի էր Անիի ավերակների մեջ. մեծ տների կողքին հաճախ գտնվում էր նույն տան ընտանիքին հատուկ տոհմային գերեզմանատունը։ Ինչպես երևում է նախկին Օշականում ևս եղել է այդ վաղեմի սովորությունը, որ գյուղի մեջ գտնվում են գերեզմանատներ առանց մոտակա մատուռի, կամ եկեղեցիի գոյության։ Չափազանց կարևոր է Օշականում մի հնագիտական թանգարան ունենալ, որովհետև այս գյուղում ոչ միայն գտնվում են բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր, սյան խոյակներ, և ուրիշ քանդակազարդ քարեր, որոնք տգետ մարդկանց ձեռքով ոչնչանում են առանց հայ գեղարվեստի պատմության էջերը զարգացելու, այլև գտնվում են նախաքրիստոնեական ամենահին շրջանի իրեղեններ։ Վերջերս գտնվել են քարյա դագաղներ և մի մեծ երկանաքար, այժմ սովորական եղող ձևերից բոլորովին տարբեր։
Սակայն այս գտնվածները բոլորն ըստ հաճույս գործադրել են գտնողներ։
3. Հին կամուրջի մնացորդ.− Քասախ գետի ձախ ափին, տակավին գոյություն ունի հնագույն կամուրջի մի ոտքի մնացորդը։ Այնքան ավերված և քարերը թափված են երեսից, որ դժվար է շինության ժամանակը որոշել, սակայն մի բան պարզ է, որ այդ կամուրջը շինված է առնվազն 6-700 տարի առաջ։ Ցանկալի է, որ առանձին հսկողությամբ պահպանվեն այդ մնացորդները մանրամասն ուսումնասիրության համար։ Այս մասին առանձնապես հանձնարարված է գյուղական պաշտոնեության, մասնավորապես Օշականի գյուղխորհրդի նախագահին։
4. Քարայր-մատուռ.− Օշականում, Քասախ գետի ափին, բարձրադիր ժայռերի վրա, գոյություն ունի մի քարայր։ Նշաններ կան հավանականության, որ ի հնումն, նախաքրիստոնեական շրջանին սույն քարայրը եղել է պաշտական հատուկ մի նվիրական տեղ։ Հետո քրիստոնեական ժամանակ հին ավանդության հիման վրա եղել է քրիստոնեական ուխտատեղի։ Ներսի պատարագի խորանը ուղիղ դեպի արևելք չէ, այլ մի կերպ հարմարեցված քրիստոնեական խորան կազմելու ժամանակ։ Քարայրին պատերի ներքին խորդուբորդությունը ծածկելու համար նաև շինել են սրբատաշ քարերով պատեր տեղ-տեղ։ Այս հետնագույն շարվածքները ևս ժամանակ առ ժամանակ քանդվեր են ու նորոգվեր, այս նորոգությունների մեջ երևում են զանազան դարաշրջանների ոճով աշխատանքներ։ Դռան ձախ կողմին վրա քանդակված է ցողունից կախված խաղողի ողզարդ քառակուսի գերեզմանի կոթողի կտոր, որուն երկու երեսներն են միայն երևում։ Կոթողի մեկ ճակտին վրա քանդակված է մի ցողունից կախված խաղողի ողկույզներ, վերևը խորացած բոլորակի մեջ քանդակված է հավասարաթև մի խաչ։ Մյուս երեսին վրա որմասյուների նմանությամբ moulure-ներ՝ պայտաձև կիսաբոլորակներով միմյանց միացած։ Սույն քարայր-մատուռին օշականցիք Մարիամ Աստվածածին անունն են տալիս։
5. Կիկլոպյան պատեր.— Մարիամ Աստվածածնի մատուռից բարձր, դեպի հյուսիս արևմուտք, գտնվում են անտաշ մեծամեծ որձաքարի զանգվածներով շինված պատեր, որին համար ավանդաբար ասում են, որ Վահան Ամատունիի ապարանքի մնացորդը լինի։ Թեև հավանական չէ, որ այս կիկլոպյան պատերը լինեն 6-րդ դարուն, այնուամենայիվ կարող է պատահել, որ ապարանքը շրջապատող մի պարսպի մնացորդը լինի։ Վահան Ամատունիի ժամանակ (5-րդ դար) հրաբխային ավազաքարի սրբատաշ քարերով շենքեր շինելու սովորությունը վաղուց ընդհանրացած էր, սակայն ամենայն դեպս այս ավանդունթյունն ալ բոլորովին անընդունելի չէ, որովհետև կան ապացույցներ ուրիշ վայրերի վրա, որ քրիստոնեական շրջանում երկար ժամանակ շարունակվեր է անշաղախ որձաքար պատերի շինությունը մեծ շրջապարիսպների և բերդապարիսպների շինությանց ժամանակ, ինչպես Տեկորում, Բագարանում, Եղվարդում։ Օշականը, որ նախաքրիստոնեական ամենահին ժամանակներու մեջ բազմամարդ մի կենտրոն եղած է, որուն անվիճելի ապացույց են բազմաթիվ հեթանոսական կրոմլեխներ, դոլմեններ և այլն, անհավանական չէ, որ շինարարական վաղեմի ձևերը շարունակված լինեն քրիստոնեական սկզբնական դարերում։
6. Դոլմեններ.− Հ. Հ. Պ. Կոմիտեում բանիցս արված զեկուցումների հիման վրա Կոմիտեն վաղուց ուշադրություն էր դարձրել Օշականի նախապատմական և նախաքրիստոնեական հնությունների վրա և որոշել էր հարմար դեպքում հետազոտության ենթարկել մանրամասնաբար։ Առիթը ներկայացել էր այս արշավանքի ժամանակ, ուստի խմբովին գնացինք այն վայրերը, ուր կգտնվեին նախաքրիստոնեական բազմաթիվ գերեզմաններ, կրոմլեխներ և մասնավորապես դոլմեններ։ Այս վերջինիս Օղուզի տներ անունը կուտան օշականցիք և շրջակա գյուղացիներ՝ անշուշտ մի հին ավանդության հիման վրա։
Դյուբուա և Շանտր— այս ավանդությունը կպատմեն հետևյալ կերպով, լսելով հյուսիսային Կովկասի և ուրիշ դոլմեններ շատ գտնված երկրների ժողովուրդից. իբր թե դոլմեններ տարածված երկրներում ապրում էր հսկաների մի ցեղ, որոնք այնքան ուժեղ էին, որ կարող էին հեշտությամբ վերցնել մեծազանգված քարեր որպես թեթևագույն մի առարկա։ Այս հսկաների մոտ ապրում էր միաժամանակ թզուկների մի ցեղ, որոնց ուժից վեր էր նույնիսկ մի փոքր քար տեղից շարժել։ Այս թզուկները իրենց ֆիզիկական տկարության պատճառով չէին կարող իրենց համար մի բնակարան իսկ շինել բնության պատահարներից պաշտպանվելու համար. տառապում էին ամռան տապի և ձմռան ձյունի ու բուքի ժամանակ բոլորովին բացօթյա։ Այդ հսկաները տեսնելով իրենց շուրջը այդ փոքրիկ մարդկանց տառապանքը և խղճալով անոնց վրա, շինեցին դոլմենները, որպես բնակարան թզուկների համար։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում ևս նույն ավանդությունը տարածված էր, որի հիման վրա Օշականում և այլ տեղերում գտնված դոլմեններին օղուզի (հսկա) տներ անունը տվեր են, որպես թե հսկաների ձեռքով շինված։
Օշականի հարավ-արևելյան կողմից Քասախ գետը անցնելով պատահում ենք նախապատմական մի մեծ անցյալի վկա բազմաթիվ գերեզմանների, կրոմլեխների և դոլմենների։ Դոլմեններ շատ կան այս տեղերը, սակայն մեծ մասամբ ավերված, տեղերը մաքրելով, այգիների վերածված։ Մի քանիսը միանգամայն կիսավեր դրության մեջ, որոնք ո՛չ չափ ու ձևի հարմարություն ունին և ո՛չ նկարելու։
Ա. դոլմենը արտաքուստ երկարություն անի 9,70 մետր և լայնություն՝ 6,40 մետր, ներքուստ դատարկության լայնությունն է 2,60 մտ, ներքին երկարությունը չափել հնարավոր չէր քարերի փլուզման և կուտակման պատճառով։ Այս դոլմենն ի հնումն շրջապատված է եղեր առանձին շրջափակով, որուն արևելյան և հյուսիսային կողմերի հիմքերը միայն երևում են։ Մյուս կողմիններն անհետացել են։ Արևելյան կողմից շրջապատի հիմը դրված է 12,80 մ. հեռավորության վրա, իսկ հյուսիսային կողմից 10,50 մ. հեռավորության վրա. այս շրջապատը ևս շինված է եղեր առանց շաղախի անտաշ որձաքարերի զանգվածներով։
Բ և Գ դոլմենները ևս Ա դոլմենի նման անհեթեթ մեծությամբ որձաքար զանգվածների կուտակումով ձևացված են։ Բ դոլմենն արտաքուստ 8 մետր երկարություն և 4,20 մ. լայնություն ունի։ Ինչպես երևում է այս դոլմենի երկարությունը մի քիչ ավելի եղած է, սակայն քարերը տարել են մեկ ծայրից։ Ներքուստ երկարությունը 7,50 մ. է, լայնությունը 3,10 մ. դոլմենին վրա իբրև ծածկ դրված քարերը 1,72-ից մինչև 1,00 մեծություն ունեն, որոնք զանազան ուղղությամբ զետեղվելով փակել են ներքևի դատարկությունը։
Գ դոլմենը համեմատաբար ավելի փոքր է, քան մյուսները և քարերի շարվածքն ավելի անվնաս մնացած. դրսից լայնությունը 4,70 մ. է, ներսից 1,10 մլ., այս դոլմենին ևս ծայրից քարեր կան տարված։
Առհասարակ դոլմենները թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ երկարավուն ձև ունին, լայնության կողմի ճակատները քարերի անկանոն կուտակումով փոքր ինչ բոլորշի ձև ստացած են։ Պատերի քարերը նույնպես անկանոն մեծազանգված լինելով, ուղղահայաց պատ կազմված չեն, միշտ վրայի քարը մի քիչ ներքևից առաջակարկառ դիմելով վերևն ավելի նեղցած է, քան ներքևի հատակը. շարվածքի այս ձևն է, որ մասամբ հնարավորություն տվել է միակտուր քարերով վրաները ծածկել։ Թերևս այս ձևի շարվածքն է, որ ապագայի մեջ սրբատաշ քարերով կամարածածկի գաղափարն է տվել։
Բացի դոլմեններից Օշականում գոյություն ունեցել են բոլորշի ձևով կրոմլեխներ ևս, որոնց վրա ծածկված է եղել միայն մի հսկայական բոլորշի ձևով քար։ Կրոմլեխների խիտ վայրերում հաճախ կհանդիպենք այս բոլորշի մեծ քարերուն, որոնք իբրև ծածկույթ ծառայել են։ Այս բոլորշի ծածկույթ քարերի մեծությունը, որ մինչև այժմ գոյություն ունի Օշականում 2,40 մ. տրամագիծ ունի և 40 սմ. հաստություն։ Բոլորշի կրոմլեխներից գրեթե անվնաս մնացած մի օրինակ կա այժմ Ղափլի գյուղում, որի մասին պիտի գրեմ իր տեղում։ Ինչպես երևում է, ի հնումն բոլորակը եղած է նաև մի սրբազան խորհրդավոր նշան, բացի կրոմլեխներից հողի ներքև թաղվողների գերեզմանները ևս շրջանակված են բոլորակ ձևով։ Մեռելները թաղելով՝ վրաները հսկայական տապանաքարեր դնելուց հետո, որոշ հեռավորության վրա շրջանակված են գերեզմանները, երբեմն փոքր ի շատե ձևակերպված և երբեմն ալ բոլորովին բնական վիճակի մեջ անտաշ որձաքարերի շարվածքով։
7. Մեծ կոնդ.— Օշականի գրեթե արևելյան կողմը կգտնվի մի սարի նման մեծ բլուր, որին գյուղին գյուղացիք Մեծ կոնդ, կամ Դիդի կոնդ անունն են տալիս։ Այս մեծ բլուրի ստորոտից սկսած մինչև գագաթը ցրված են, թե՛ քրիստոնեական, թե՛ նախաքրիստոնեական շրջանի հնություններ։ Կան հին և նոր գերեզմաններ, գեղաքանդակ խաչքարեր, քարայրներ, մատուռներ և գագաթին վրա նախաքրիստոնեական շրջանի մի ամրոցի մնացորդ՝ մեջը բնակության հատուկ բաժանումներով, որոնց այժմ հիմերը միայն մնացել են։
Քենությունը ցույց է տալիս, որ այս մեծ բլուրի գագաթը, շատ հին ժամանակ շրջապատված էր կիկլոպյան քարերով շինված պարիսպով, որուն հաստությունը երկու մետրից պակաս չէ։ Արևելյան կողմի վրա, շրջապատի պարսպից 25 մ. երկարությամբ մնացել են հիմքեր, հյուսիսային կողմի վրա կա ավելի քան 34 մ. շրջապարիսպի երկու մետր լայնությամբ հիմերի մնացորդ։ Արևմտյան կողմի վրա թեև կան հիմերի մնացորդներ, սակայն շատ քարեր տարված են այս կողմի հիմնաքարերից, որի շնորհիվ հիմքերը ընդհատ-ընդհատ են երևում։ Հարավ արևմտյան կողմին վրա խիստ որոշ կերպով մնացել է պարսպի արտաքին մի քառակուսի բուրգի հիմքերը 4,80 սմ. կողերով արտաքուստ, բայց բուրգի պատերն այնքան հաստ են, որ մեջը հազիվ մնացել է 2,60 մ. դատարկություն։ Ուստի բուրգի պատերի հաստությունը հասնում է 1,10 մ․-ի։ Ինչպես բլուրի զանազան կողմերում, գագաթին ևս կան արհեստական քարայրի մնացորդներ։ Շրջափակի հարավ-արևելյան անկյունի վրա ևս կա մի խոշոր բուրգ ավելի ընդարձակի քան հարավ արևմտյանը, բուրգի արտաքին երկարությունն է 7,25 մտ., ներքին դատարկության լայնությունն է 2,60 մտ., դռան լայնությունն է 90 սմ.։ Հարավ արևմտյան կողմին վրա երևում են բնակության հատուկ բաժանումների հիմքեր, սակայն ինչպես ամբողջ շրջապատը, նույնպես ներքին բաժանումները ճշտիվ չափագրելու համար, անհրաժեշտ է մի քանի տեղերի վրա մասնակի պեղումներ կատարել և մնացորդ պատերի ընդհանուրին հետ ունեցած կապակցությունները գտնել։ Ոչ միայն հնում, այլև ներկայի մեջ ժամանակակից օշականցիք իբրև քարհանք օգտագործել են այս բլուրը և շարունակ տարել են, թե՛ ուրարտական պատերի կիկլոպյան քարեր և թե՛ քրիստոնեական շրջանի մեջ շինված շենքերի սրբատաշ քարեր։ Այս ամբողջ սարը կազմված է հրաբխային կարմիր ավազաքարով, որ դուրս է գալիս խիճի նման և փխրուն, բոլորովին անընդունակ շենքի համար գործածելու իր փխրունության և խիճախառն լինելու պատճառով։
8. Թուխ Մանուկ.— Մեծ բլուրի գագաթի արևմտյան կողմը կա մի փոքր մատուռ Թուխ Մանուկ անունով, մատուռը բոլորովին նոր շինված է ներկա ժամանակի օշականցիների ձեռքով, պատերը շինված են մանր, անտաշ քարերով, հավանորեն հնում գոյություն ունեցող մի մատուռի հիմերի վրա, շենքը կգտնվի ամրոցի արևմտյան պատից ներս, շուրջը երևում են հետնագույն ժամանակի բնակությանց հատուկ շինության հիմեր։ Մատուռին մեջ իբր սրբություն դրված է 13-14-րդ դարերի հատուկ քանդակագործությամբ մի խաչքարի բեկոր։ Շենքի հարավային կողմը կան առանց արձանագրության պարզ տապանաքարեր, իսկ արևելյան կողմը երևում է մեծամեծ քարերով անշաղախ շինված պատի հիմի մնացորդ՝ հյուսիսից հարավ ձգված, որն անշուշտ կպատկանի հին ամրոցին։ Բլուրի արևմտյան լանջին, գագաթից մինչ ստորոտը երևում է մոտավորապես 1½ մ. լայնությամբ մի ուռուցիկ գիծ, որի մասին գյուղացիների ընդհանուրին կարծիքն է, թե մի ջրմուղ է ամրոցին մեջ ջուր բարձրացնելու համար։ Համենայն դեպս եթե ջրմուղ լինելը հավանական էլ չէ, այնուամենայնիվ երևույթը հետաքրքրական է, արժե, որ մի փորձնական պեղումով պարզվի իսկականը։ Հարավային լանջի վրա ցրված են գերեզմանաքարեր, ջարդված խաչքարեր, խաչքարի պատվանդաններ, ի միջի այլոց կա մի մեծ պատվանդան, որի վրա կանգնված է եղել զույգ խաչքարեր։ Խաչքարերի պատվանդանների մոտ կա մի մեծ քարայր, որ այժմ լցված է հողով ու քարով։ Կան ուրիշ քարայրեր այս կողմին վրա, որոնք այժմ գյուղացիների համար ծառայում են որպես պահեստ և դարմաննոց։
9. Փոքր մատուռ, կամ Փոքր Թուխ Մանուկ.− Մեծ Կոնդի հարավ արևմտյան լանջի վրա, գյուղից բարձր, շինված կա մի փոքր մատուռ Փոքր Թուխ Մանուկ անունով։ Այս մատուռը, որին շինությունը գրեթե անաղարտ պահված է, կառուցված կերևի 14-րդ դարի վերջերին, կամ 15-րդ դարի սկզբներին։ Ըստ վաղեմի հայկական սովորության շենքը շինված է գորշագույն և մութ դեղնագույն հրաբխային սրբատաշ քարերով։ Շենքի արտաքին երկարությունն է 5,10 մտ․, լայնությունը 3,60 մտ.։ Հյուսիսային կողմին կանգնված է ճոխ պատվանդանավոր խաչքար մատուռից մեկ և կես մետր, կամ քիչ ավելի հեռավորության վրա, պատվանդանից վերև միմիայն խաչքարը 1,74 մ. է, պատվանդանին բարձրությունը 1,07 մ. է։ Խաչքարն իր ամբողջության մեջ զարդարված է ակնահաճո երևույթով քանդակագործ moulure-երով. կատարին ունի ճոխ քանդակագործ պսակ, ամբողջ բարձրությունը պատվանդանից մինչ պսակի վրան 4,55 մ. է։
10. Գյուլլե Կոնդ.− Օշականի հարավ արևելյան կողմը, մեծ բլուրից ուղիղ հարավ կգտնվի Գյուլլե Կոնդ անվանված արվեստական մեծ բլուրը։ Այս բլուրը կազմվեր է շատ հին ժամանակ իբրև հսկայական հողադամբան։ Հանդիպակաց մեծ բլուրին լանջին վրա, այժմ ևս պարզ հայտնի է այն տեղը, որտեղից փորեր են հողը և կրելով այս նոր դամբարանի տեղը կազմել են այս արվեստական մեծ բլուրը։ Բլուրի ստորին մասը շրջապատել են երկու կարգ կիկլոպյան քարե պարիսպով, որոնց հիմերը դեռ կմնան տեղ տեղ։ Երվանդ Լալայան և Խաչիկ վարդապետ պեղել են այս բլուրը, բայց պեղման գիտական օրենքների բոլորովին հակառակ ձևով։ Գյուղացի ականատեսների պատմելով, պեղումն սկսել են գագաթից և հոր փորելու նման խորացրել են, թե ի՞նչ են գտել այդ հորի մեջ հայտնի չէ, միայն թե ականատեսների պատմելով գտնված իրերը շատ անգամ կոտրատելով են հանել հորի միջից. ի վերջո երբ տեսել են, որ այդ ձևով անկարելի է շարունակել և իրենք իզուր շատ ժամանակ են սպառել և նյութական միջոց ծախսել, հետևաբար թողել հեռացել են առանց նույնիսկ բացված հորը գոնե ժամանակավորապես ծածկելու։ Կըսվի, թե հազիվ թե հասել են իսկական դամբարանին, երբ թողել են աշխատանքը, սակայն նախքան դամբարանին հասնելը, ի՞նչ բաներ են գտած և ո՞ւր են տարված գտնված իրերը, ինձ հայտնի չէ։
11. Փոքր Մատուռ գետեզրի ձախ կողմին ժայռի կուրծքին կամ Սուրբ Սարգսի անվան մատուռ.− Օշականի նոր կամուրջից կես կիլոմետրի չափ ցած, ուղղաձիգ բարձրացող մի ժայռի կուրծքին շինված է մի փոքր մատուռ։ Ըստ տեղական ժողովրդի մատուռը ս. Սարգիս է կոչվում։ Շենքը հրաբխային կարմիր և դեղնագույն սրբատաշ քարերով է շինված, դուռը արևմտյան կողմից է, կիսաբոլորակ կատարով. դռան կատարի կիսաբոլորակը պսակված է մի լայն տափակ երիզով, որուն վրա դրված է շինության թվականը։ Ներսն այնքան փոքր է, որ հազիվ թե երեք չորս մարդ կարենա տեղավորվել։ Մատուռը այնքան անմատչելի տեղում շինված է, որ մեծ մարդկանց համար անկարելի է բարձրանալ առանց պատշաճավոր սանդուղի, փոքր երեխաներն են, որ զարմանալի ճարպիկությամբ բարձրանում են վերև մագլցելով. բարձրացող երեխաները հավաստում են, որ ներսը ևս կա արձանագրություն։
12. Ձեռագործ ճանապարհ.− Ս. Սարգսից մեկ վերստաչափ ցած, Քասախ գետի ձախ ափին, խոր ձորից դեպի վերևի դաշտը բարձրանալու համար, անհայտ ժամանակ շինված է մի ձեռագործ ճանապարհ 5-6 մետր լայնությամբ։ Բավական դժվարին աշխատանք տարված է այս ճանապարհի շինության համար, որովհետև երևում է, որ մեծամեծ ժայռեր փշրել են ճանապարհը հարթելու համար։ Հավանորեն այս ճանապարհը ծառայում էր երթևեկության նախքան նոր կամուրջին և Օշականը Վաղարշապատին միացնող խճուղին շինվելը, որով այդ հին ճանապարհը անգործածելի եղած է։
13. Կոթող Մորիկի, կամ Մորիկի մոր անունով կանգնված.− Օշականի մեջ և շրջակայքում գտնված հնագիտական մնացորդները հետազոտելու համար, բավական չեն մի քանի օրեր, ամեն քայլափոխի կարելի է նորություն տեսնել, սակայն քանի որ, ըստ մեր արշավախմբի ծրագրի ավելի ժամանակ չէինք կարող նվիրել Օշականին և կարճ ժամանակի մեջ շատ տեղեր ունեինք տեսնելու, հետևաբար ստիպված էինք հեռանալ, Օշականի մանրամասն հետազոտությունը ուրիշ հարմար առիթի թողելով։ Սակայն այս անգամ թեև հապճեպ, այնուամենայնիվ չէր կարելի առանց քննության թողել Օշական գյուղին մեջ կանգնված այն հետաքրքրական կոթողը, որն ավանդությունը վերագրում է Մորիկ կայսեր․ գյուղացիք ասում են Մորիկի, կամ Մորիկի մոր գերեզմանը։
Օշականի կոթողը լինի նա գերեզման, կամ այլ նպատակի համար կանգնված հուշարձան, իմ կարծիքով դժվար է Մորիկի անվան հետ կապել դատելով իր ճարտարապետական ոճեն, որովհետև կոթողի ճարտարապետական և քանդակագործական արվեստագործությունը, մի քիչ ավելի ուշ ժամանակի դրոշմն է ցույց տալիս, քան Մորիկի թագավորության և մահվան ժամանակը (582-602)։ Կոթողը բաղկացած է չորս մասից. 1. Ներքևը շուրջանակի երեք աստիճաններով բարձրացող մի հարթավայր. 2. Հարթավայրի մեջտեղը զետեղված է 1,10 մ. լայնությամբ և 92 սմ. բարձրությամբ միակտուր մի պատվանդան. 3. Պատվանդանին վրա բարձրանում է մի ութանկյունի սյուն՝ մինչև գագաթի խոյակը 3,72 մ. բարձրությամբ։ 4. Սյունին վրա դրված էր կողովաձև խոյակ՝ կողովին շուրջը հյուսկեն քանդակված, ճիշտ նման Զվարթնոցի եկեղեցու կողովաձև խոյակներին։ Զվարթնոցի շինությունը (642-652 հավանական ժամանակ) քառասունից մինչև հիսուն տարի հետո է, քան Մորիկ կայսեր մահը, հետևաբար 40-50 տարի հետո Զվարթնոցի մեջ եղած խոյակների ճիշտ նմանը չէր կարող ավելի Օշականի մեջ գոյություն ունենալ և օրինակ դառնալ Զվարթնոցի ճարտարապետին։ Թեև պատմական ավանդություն կա, որ Մորիկ կայսրը օշականցի հայ մը է (Կիրակոս Գանձակեցի), սակայն քննադատներ սխալ են համարում Մորիկի հայ և օշականցի լինելը։ Միայն թե իմ կարծիքով այս կոթողի կանգնումը պետք է որ լինի Զվարթնոցի շինությունից հետո, սակայն ոչ ուշ քան 7-րդ դարը։ Մի բան կա անվիճելի, որ սույն ձևով կոթողների կանգնումը բյուզանդական երկրների հատուկ է, այս կոթողը ևս կանգնողը անպայման Բյուզանդիայի հետ քաղաքական կապ ունեցող, կամ բյուզանդական կրթություն ստացած մարդու գործ է, թեև կոթողը իր մանրամասնության մեջ հայացած է, սակայն ընդհանուր ձևով բյուզանդական ոճին կպատկանի և իբրև հուշարձան-կոթող առայժմ միակն է Հայաստանի մեջ։
Օշականի հետ այգիներով գրեթե միացած է Ղըզըլ Թամիր գյուղը։ Այս գյուղը ևս շատ հարուստ է պատմական և նախապատմական հուշարձանների մնացորդներով։ Գյուղի մեջ մնացել է 7-րդ դարու մի եկեղեցիի արևելյան պատը իր երկու եռանկյունի խորշերով, մյուս պատերը գյուղացիք վերաշինելով վերածել են նոր եկեղեցիի։ Քանդակազարդ, կամ արձանագրված քարեր շատ կտեսվեն այս գյուղի մեջ, տների պատերի մեջ հյուսված կամ փողոցի անկյուններում անխնամ թողված: Գյուղից դուրս այգիների մեջ դեռ շատ կան հետաքրքրական հնությանց մնացորդներ, ինչպես կրաշաղախ պատեր, ջրի ճանապարհներ, եկեղեցիների և այլ շինությանց ավերակներ։ Այգիների մեջ ուշագրավ է մի փոքր եկեղեցիի ավերակ, որ շինված է եղել չափազանց խնամքով տաշված դեղնորակ քարերով։ Սակայն մինչև հիմը քանդվել է այս եկեղեցին, քարերը թափվել են մեջը և բոլորտիքը։ Հատ ու կտոր քանդակներ, սյունի խարիսխներ, և մասնավորապես հատակագծի ձևը ցույց կուտան, որ այս շենքը շինված է 7-րդ դարուն։ Գյուղացի ծեր մարդիկ վկայում էին, որ 15-20 տարի առաջ այս փոքր եկեղեցիի պատերը կանգուն էին, անտերությունից և անխնամ մնալուց հետզհետե քանդվեր և այսօրվան վիճակին հասել է։ Ինձ այս տեղեկությունը տվող ծերունիներից մին, ամենայն հանդարտությամբ պատմեց իր մոտակա այգու մեջ ցույց տալով մի մեծ պատի մնացորդ, թե առաջ որչափ մեծ էր այդ պատը և ինք մեծ դժվարություններով կարողացել է այդ պատը մաքրել, այնուամենայնիվ դեռ կմնար մեկ մասը։ Եկեղեցիի ավերակներից 50 քայլի չափ դեպի արևելք աստանդական թափված են գեղեցիկ սրբատաշ բեկորներ և քանդակազարդ խոյակներ, որմասյուներ՝ բավականին հետաքրքրական ձևերով։ Ըստ երեվույթին այդ տեղերում եղել է ի հնումն մի մեծ շինություն և շինության մեջ եղել է մի մեծ սրահ զարդարված այդ գեղեցիկ որմասյուներով և խոյակներով։ Որմասյուների ձևերը բոլորովին ինքնուրույն են և ուրիշ 7-րդ դարու շինությանց մեջ գոնե չի պատահած նույն ձևերը և կամ անոնց մոտ նմանությունը։
Ղըզըլ Թամիրի այգիների վերջավորության վրա, Քասախ գետի աջ ափին, բարձրաբերձ ժայռերի կատարին, ընդարձակ հարթ տարածության վրա շինված է ներկայիս Աղթամար անվանված կիկլոպյան քարերով շինված նախաքրիստոնեական մեծ ամրոցը։ Այս ամրոցը գետի կողմից պաշտպանված է ուղղաբերձ ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերն ըստ վաղեմի սովորության անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգավոր պարիսպներով։ Ամրոցն անկանոն քառակուսի ձև ունի. 135 մտ․ լայնությունն է, 155 մտ․ երկարությունը։ Ամրոցի դռան երկու կողմը հսկայական քառակուսի բուրգեր են շինված, որոնց վերևի մասերը փլած են, սակայն տեղ տեղ դեռ կմնան 4-5 մետր բարձրությամբ պատեր՝ թե բուրգերից և թե պարսպից։ Նշաններից երևում է, որ այս բերդը հնում և վերջերս էլ մինչև 17-րդ դարուն ժողովրդական բնակության հատկացված է եղել, թե՛ նախնական ձևով բնակարանների հիմեր կան և թե՛ ուշ ժամանակի շենքերի մնացորդներ։ Ամրոցի պարիսպներից ներս կան կրոմլեխներ, որոնք նախնական բնակիչների գերեզմաններ են, կան նաև 16-17-րդ դարերի հատուկ քրիստոնեական գերեզմաններ։ Քրիստոնեական գերեզմաններն առհասարակ օրորոցաձև են, որոնց վրա քանդակված են պար խաղացող, կամ սեղանի շուրջը բոլորված գինի խմող մարդիկ՝ ձեռքներին բռնած գինու կուժը, կամ բաժակը։ Այս ձևի գերեզմանաքարեր կան Ֆրանկանոց գյուղի մոտ, որոնց մասին գրել եմ իր կարգին, կան նաև Կարբի գյուղի հին գերեզմանատան մեջ։ Այս գերեզմանաքարերը խիստ բնորոշ են արվեստի և ազգագրական տեսակետով։ Ըստ իս հարկ է քանդակված սույն հետաքրքրական պատկերները վերցնել էստամբաժով և լուսանկարներով։ Ամրոցը շրջապատող մեծ պարսպից անկախ կան հավելված պարսպամասեր, հարավային կողմին կից և կազմում են մեծ ամրոցի հարակից մասեր։
Աղթամիրից դեպի Բաթրինճ գնալու ճանապարհի վրա, այգիների եզերքին Ղըռ անվանված մի խոպան տափարակում մնացել են հին կրոմլեխներ, թեև ոչ այնքան անաղարտ, ինչպես կան ուրիշ տեղերում։ Թեև շատ քարեր տարել են, սակայն դարձյալ պարզ հայտնի են անոնց բոլորակ, կամ ձվաձև շրջագծերը։
ե. ԲԱԹՐԻՆՃ
Բաթրինճ գյուղի բնակիչները գաղթած նորեկ հայեր են։ Այս նորեկները դեռ լավ ծանոթ չեն շրջակաների հետ և չկարողացան ոևէ ծանոթություն տալ հնությունների մասին։ Գյուղի մեջ այժմ քիչ ավերումներով կանգուն մի շենք կա, որուն ինչ բանի ծառայելու մասին որոշ բան ասել կարելի չեղավ։ Շենքը փոքր է և երկու հարկանի, ներքևի հարկը բաղկացած է միայն մի սրահից, դեմ առ դեմ երկու դռներով, իսկ վերև բարձրանալ մեզ չհաջողվեց, գիտնալու համար թե վերևը ինչ բաժանումներ ունի շենքը, որովհետև շենքը սանդուղ չունի և շուրջ գյուղական բնակարանների ավերակներ կուտակված են, ժամանակի կարոտ էր այդ փլատակները մաքրելով ճանապարհ բանալը։ Միայն թե այս շենքը ինչ նպատակի համար էլ որ շինված լինի, 14-րդ դարուց առաջ շինված չի կարող լինել, որովհետև պատերի քարերի շարվածքը 14-րդ դարում Անիում կառուցված ամրոցների, կամ բերդապարիսպների շինության ոճով է, սրբատաշ քարերը ուղղահայաց կերպով միմյանց վրա չեն դրված, յուրաքանչյուր քարի ճակատը դեպի ներս է թեքված այս ձևով։ Քարերի շարվածքի այս ձևը ընդհանրացած չէ Հայաստանի մեջ, սակայն առհասարակ պատահում է 14-րդ գարու շենքերի մեջ միայն։
Բաթրինճ գյուղից հետո, մեր ճանապարհի վրա է Ագարակ գյուղը։ Այս գյուղում կան մի քանի ավերակ շենքերի հետքեր, որոնց հիմերը միայն մնացել են, սակայն մի կիսավեր եկեղեցի կա գյուղի մեջ, որը կանգնված է 11-րդ դարուն։ Գավիթը, որ բոլորովին փլած է, հյուսիսային պատը միայն մնացել է, շինված է 13-րդ դարուն։ Բուն եկեղեցին, որուն պատերը կանգուն են, ծածկը ամբողջովին փլած է, գմբեթ չէ ունեցեր, միայն կամարածածկ է եղած, խորանի կիսաբոլորակի մեջ կա մի արձանագրություն Զաքարեի որդի Շահնշահի օրով գրված։ Շենքը շինված է կարմրագույն հրաբխային ավազաքարով, խորանի կամարը ուղիղ կիսաբոլորակ է, կամարակիր որմասյանց խոյակները շատ պարզ են։ Դուռն արևմտյան կողմից է և կառուցված է 11-րդ դարուն սովորական եղող ոճով, այսինքն վերնասյամը միակտուր մի քար է 1,84 մտ․ երկարությամբ, 90 սմ. բարձրությամբ և 60 սմ. հաստությամբ։ Դրսի կողմից այս քարի չափերը տարբեր են, երկարությունը՝ 2,50 մտ․ է, բարձրությունը՝ 93 սմ․։ Արևելյան պատը սովորական ձևերի մեջ բացառություն կկազմե երկու անկյունների վրա ունեցած 80—85 սմ․ առաջակարկառ մասերով։ Առաջակարկառ մասերի հյուսիսային կողմինը 1,75 մտ․ լայնությամբ ճակատ ունի, իսկ հարավային կողմինը՝ 2,30 մտ., թե ինչու համար տարբեր են այս ճակատների լայնությունը պարզել հնար չեղավ։ Սեփականատեր դարձող թուրք բեկը շուրջը խճողել է, այլ և այլ անկարգ շինություններով, որով անմերձենալի է դարձել եկեղեցին։ Մանրամասն հետազոտելու համար միանգամայն արգելք են այդ շինությունները։
Ագարակից դեպի Փարպի տանող ճանապարհի վրա, 2 կամ 2,5 կմ. Ագարակից հեռու, ճանապարհի աջ կողմին վրա, նկատելի են ուրարտական հաստ և երկար պատերի մնացորդներ։ Դաշտային տեղերի վրա այս տեսակ կիկլոպյան շինություններ աոաջին անգամն է, որ ինձ պատահում է, և երևում է, որ մեծ ու կարևոր շինությունների մնացորդ են այս պատերը։ Հակառակ երկար տարիների այս տեղի վրա կատարված երկրագործական աշխատանքների և քարերը մաքրելու համար եղած ջանքերի, ոչ միայն հետքերը չեն կորած, այլև տեղ-տեղ դեռ կմնան միմյանց վրա երկու շարք կիկլոպյան քարերով շինված երկար պատերի մնացորդներ։ Այս հնագույն պատերից մեծ մասը կազմում է ուղղանկյուն քառակուսի մեծ շրջափակ, որուն մոտը կա մի մեծ կրոմլեխ։ Ինչպես կերևի, այս կրոմլեխը հնում եղած է ուխտատեղի և անցել է քրիստոնեական շրջանին նույն կոչումով, որովհետև քրիստոնեության ժամանակ մեկ մասը վերաշինել են սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Գյուղացի անցորդներ հավաստիացրին, որ այժմ ևս ուխտատեղի է, մասնավորապես կանանց համար։ Ոչ միայն հայ կանայք տարվա որոշ օրերին խուռն բազմությամբ գալիս են այստեղ ուխտի, այլև թուրք կանայք։ Բայց գյուղացիներ մի անուն չկարողացան տալ այս ուխտատեղիին, միայն նրանց ասելով, ի մանկութենն իրենք տեսել են այդ տեղը իբրև ուխտատեղի առանց հատկանշական անունի։
Փարպին մի հնագիտական թանգարան է ճարտարապետության տեսակետով, գյուղի մեջ և շրջակայքում կան նախաքրիստոնեական ամենահին շրջաններից մինչև քրիստոնեական 14−15-րդ դարերի շինությանց մնացորդներ։ Ի բաց առյալ նախաքրիստոնեական բերդերն ու ամրոցները, կան նաև մի շարք հետաքրքրական քարայրեր։
1. Ամրոց-եկեղեցի.— Փարպի գյուղում չափազանց ուշագրավ հնություն է մի հնագույն եկեղեցի, որը հետագայում վերածված է ամրոցի։ Այս հնագույն եկեղեցին փարպեցիք Ծիրանավոր են անվանում։ Ծիրանավոր եկեղեցին անվրեպ 5-րդ դարու շենք է, առանց լքվելու մինչև 15-16 դարերը գործածական եղած է շենքն իբրև եկեղեցի։ Նախնական 5-րդ դարու հատկանիշներեն շատ բան պահված է այս շենքում՝ հակառակ պարբերական նորոգումների։ Պահվել են պատուհանների պայտաձև աղեղնակապերը, պատուհանների դրսից և ներսից հավասար լայնությունները և խոշորությունը, խորանի ճակատը կազմող աղեղի պայտաձևը, խորանի ճակատի մեծ աղեղին հանգստյան քարերին վրա քանդակված հավասարաթև խաչքանդակները՝ և նույն դարաշրջանի ոճով ձիթենիի տերևները։ Հատակագծի նեղ ու երկար ձևը կատարյալ համեմատական նմանություն է ներկայացնում Հովհաննավանքի (հին եկեղեցին), Եղվարդի, Դիրաքլարի և Շիրվանճուկի 5-րդ դարու եկեղեցիների հատակագծերին։ Այս ձևի եկեղեցիների շինությունը 5-րդ դարից այս կողմ բերել անհնար է։ 6-րդ դարուն իսկ այդ հին ավանդական ձևը երևում է մի քանի եկեղեցիների վրա, ինչպես Երերույքը, Դվինի կաթողիկեն և այլն, և այլն։
Հավանորեն հիմնական մեծ նորոգում եղել է 7-րդ դարուն։ Ծածկի կամարակապը փոխվել է ամբողջովին, նմանապես որմասյուների աղեղնակապերը, որոնք երկկենտրոն բեկյալ որմաղեղներ են։ Այս նորոգության ժամանակ արևմտյան դռան վրա ևս եղել են փոփոխություններ, սակայն պահվել են 5-րդ դարուն իբրև վերնասյամ դրված քարերը՝ որոնց վրա քանդակված են հավասարաթև խաչքանդակներ։ Կտուրի վրա, որ միանգամայն ավերված է, քանդակազարդ բեկորներ կան, որոնք 9-րդ և 10-րդ դարերը կհիշեցնեն, ամենայն հավանականությամբ 10-րդ դարուն այս եկեղեցիի վրա կարևոր նորոգություններ են կատարվել։ Սակայն ե՞րբ են որձաքարի զանգվածներով կրկնակի պատերով զրահավորել այս եկեղեցին և վերածել բերդի, այդ հայտնի չէ․ ըստ իմ կարծյաց, այդ ամրությունը պետք է շինված լինի 10-րդ դարուն, երբ արաբները զարհուրելի ավերումներ էին գործում այդ շրջանին մեջ։ Գուցե Բյուրականի վրա արաբների հարձակումը և շրջանում արած կոտորածները ստիպեցին փարպեցիներին եկեղեցին իբրև բերդ ամրացնել, որպես վերջին ապաստարան: Ուրարտական ամրոցների նման որձաքարերով ամուր ապաստարաններ շինելու օրինակներ ամենևին չեն երևում հետին դարերի մեջ, և թերևս այնպիսի տագնապալի օրեր ևս չեն եղել Արարատյան աշխարհի վրա, ինչպես արաբների ավերիչ արշավանքը այդ կողմերին վրա, որուն մասին երկար գրում է պատմագիր Հովհաննես կաթողիկոսը։
2. Ս. Թարգմանչաց եկեղեցի.− Հայոց 7-րդ դարու շինարարական արվեստին մեջ, առանձին մի տեղ գրավելու արժանի է Փարպիում ս. Թարգմանիչ, կամ Թարգմանչաց եկեղեցի անվանված կիսավեր շենքը։
Թեև շատ քայքայված, որոշ բարձրության վրա չորս պատերն են միայն մնում, սակայն այդ վիճակին մեջ իսկ, իր ճարտարապետական համաչափություններով և ներդաշնակ դասավորություններով չքնաղ մի երևույթ ունի։ Շուրջը թափված խոյակներ, պսակների կտորներ և այլ քանդակազարդ բեկորներ միանգամայն ինքնուրույն են 7-րդ դարու ճարտարապետական ոճի մեջ։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև է եկեղեցին, ներքին կողմը շատ հեշտ է վերակազմել իր բոլոր մասերով, սակայն դրսի կողմը խաչաձև թևերի անկյունասյուներն ինչպե՞ս էին վերջանում և ինչ մանրամասնություններ կային մինչև պսակ հասնելը, դժվար է երևակայել։ Հարկավոր է շուրջը պեղել, բոլոր կարևոր քարերը իմի հավաքել, որով թերևս ճշտվի արտաքին ճակատի մասերը ևս։
Բարձր մի բլուրի վրա կանգնած է այս շենքը և շուրջը խիտ գերեզմաններ են, անպայման մի շեն վանք է եղած այստեղ և միաբանների գերեզմաններ են եղածները՝ ինչպես ուրիշ վանքերում կան, այլապես այսքան մի շքեղ եկեղեցու շուրջ, որ բոլորովին առանձնացած է մի բարձր տեղում, չէր կարող թույլատրելի լինել հասարակաց գերեզմանատուն շինելու։
3. Ս. Գրիգոր.− Փարպի գյուղի և Թարգմանչաց եկեղեցիի մեջտեղ, ձորի մեջ շինված է մի փոքր եկեղեցի ս․ Գրիգոր անունով։
Այս եկեղեցիի շինության ժամանակը խիստ դժվար է որոշել, մնացել են միայն հյուսիսային և արևմտյան պարզ պատերը սրբատաշ քարերով, իսկ մնացած մասերը նորոգված են վերջին ժամանակներս անճաշակ մանր քարերով։
Ուշադրության արժանի են այս եկեղեցվո մոտ թափված բեկորները, որոնք պատկանում են 5-րդ դարու հայկական ոճին։ Բեկորները ցույց են տալիս, որ այդտեղ եղել է մի բազիլիկ ներքին որմասյուներով, որմնասյուների խոյակների վրա քանդակված են փշալից արջմագիլներ, ձիթենիի տերևներ, հավասարաթև խաչեր։ Արտաքին որմնասյուների բեկորները ցույց են տալիս, որ դրսում ևս եղել են որմնասյուներ, ինչպես Թալինի, Արթիկի և ուրիշ նման եկեղեցիներ։ Անշուշտ մոտակա փոքր ս․ Գրիգորը շինելիս օգտվել են այս բազիլիկի քարերից․ ներքին խորանի աջակողմյան անկյունի գլուխը դրված կա մի 5-րդ դարու խոյակ հավանորեն այս ավերակի քարերից վերցված։
4․ Գյավուր Ղալա.— Փարպիից հետո մեր ուղեգծին վրա էր Գյավուր Ղալա ըսված նախաուրարտական մեծ ամրոցը։ Փարպիից բարձրանալով Արագածի լանջերն ի վեր հասանք այս նշանավոր ամրոցի առջև։ Ներկայիս գործող ճանապարհ չուներ, տեղ-տեղ արահետներ երևում էին, որոնք գոյացել էին լանջերում արածող ոչխարների և նախիրների ոտքերուն տակ։ Մեր վերև բարձրանալու գիծը հին ճանապարհն էր, որն այժմ խիճերով և խոտերով ծածկված էր, սակայն վերին աստիճանի պարզ էր, որ մի ժամանակ 4-5 մետր լայնությամբ հարթված ու կանոնավորված մի ձեռագործ ճանապարհ էր թե՛ դեպի բերդը և թե՛ բերդի հարավ արևմտյան կողմը տարածվող ընդարձակ քաղաքը բարձրանալու համար։ Ձեռագործ ճանապարհը հասնում է ուղղակի բերդի հարավ արևելյան անկյունը, ուր կգտնվի բերդի գլխավոր դուռը՝ թեև ներկայիս քանդված և քարակույտերի վերածված։ Անցյալում, բերդ կոչվելե ավելի մի բերդաքաղաք է եղած այս տեղն, ընդարձակ տարածության վրա ամուր կիկլոպյան քարերի պարիսպով շրջապատված։ Հյուսիսային, արևմտյան կողմերը, նաև արևելյան կողմի մի մասը պարսպափակ է, իսկ մյուս կողմերը շրջապատված են անդնդախոր ձորերով։ Բացի պարիսպներեն դուրսի հյուսիս արևմտյան կողմը տարածվող ընդարձակ քաղաքատեղից, պարիսպի մեջ ևս հասարակաց բնակության հատկացված է եղել։ Դեռ կմնան առանձին բնակությանց հատուկ շենքերի հիմերը և պատերի որոշ մասերն իրենց դռներով․ հետաքրքրական են դռների կազմությունները, մեծամեծ քարերով բարավորներ կազմելուց հետո, միակտուր մի քարով շինված է վերնասյամը։ Ինչպես նմանօրինակ մի քանի ամրոցներ, նմանապես Գյավուր Ղալան կենդանի ամրոց է եղած քրիստոնեական շրջանում, մի քանի մնացորդներ ցույց են տալիս, որ քրիստոնեական նախնական շրջաններում միայն լքել են այս ամրոցը և քաղաքը։ Երկար ժամանակ բնակելի եղած լինելու պատճառն ինձ կթվի թե, տեղի բնական ամրության հետ միասին նաև ձեռագործ ամրությանը միանալն էր։ Երկու հսկայական քառակուսի բուրգերով ամրացված էր գլխավոր մուտքը, յոթ քառակուսի բուրգերով շրջապատված են հյուսիսային և հյուսիս-արևելյան պատերը։ Պարիսպի չորրորդ բուրգին կից կա մի փոքր դուռ (անշուշտ գաղտ դուռ), որը մինչև այսօր պահված է ամբողջությամբ. հյուսիսային կողմի բուրգերը, որ մի քիչ ավելի խիտ են և բուրգերը ավելի փոքր, երևակայության իսկ սարսափ ազդող մի կազմություն ունեն․ քառակուսի բուրգերի ամբողջ ճակատը և կողմերը միակտուր մի մի քարով են ծածկված, քարերի բարձրությունները իմ հասակիցս ավելի բարձր էին։ Թե ինչ ուժով և հնարով են կանգնեցրել այդ ահագին ծանր զանգվածները, առայժմ մեզ համար գաղտնիք է։
Պարիսպից դուրս եղած քաղաքատեղը մի կիլոմետրից ոչ նվազ տարածություն ունի, տներից շատերի ձևերը որոշ են և պատերը կիսով չափ կանգուն։ Պատերուն վրա տակավին կան մտից արտաքին դռները, որոնք մեզ զարմանք պատճառելու չափ նեղ են, այստեղ ևս վերնասյամերը միակտուր մեկ քարից են։
Ամրոցը շրջապատող ձորերին մեջ կան բազմաթիվ քարայրեր։
Գյավուր Ղալան հետազոտելուց հետո արշավախումբն իր ճանապարհը շարունակեց դեպի Բերսի գյուղը, վերահաս գիշերը այդ գյուղում անցնելու համար։ Երեկոյան մոտ դեռ գյուղը չհասած, ճանապարհի մոտ պատահեցին մեզ երկու խոշոր դոլմեններ, որոնցից մեկը խիստ ավերված էր և հնար չէր որևէ չափագրություն կատարել, իսկ երկրորդը՝ գրեթե արտաքուստ ամբողջական վիճակի մեջ էր, միայն ներքինը տեսնել անհնար էր՝ մուտքի առջևը թափված մեծամեծ քարերի պատճառով, որոնք մուտքը միանգամայն խափանել էին։ Դոլմենի կողքերն էլ հող ու քար լեցնելով բարձրացած էին։ Միայն հնար եղավ չափել վերևը ծածկված քարերը և արտաքուստ լայնությունն ու երկարությունը։
Երկրորդ դոլմենի արտաքուստ լայնությունը 2,20 մ․, երկարությունը՝ 6,25 մ., մուտքի լայնությանը ներսից 1,40 մ.։
Վերևը ծածկված էր չորս միակտուր մեծ քարերով, որոնց երկուքը խիստ մեծեր էին, այդ երկուքը չափեցի.
ա. քարի երկայնությունն էր՝ 1,61 մ․։
ա. քարի լայնությունը՝ 1,17 մ.։
բ. քարի երկարությանը՝ 1,61 մ.։
բ. քարի լայնությունը՝ 1,37 մ.։
Գյուղում ակնհայտնի մի հնություն չկար, հին տների մեջ միայն ուշագրավ առանձին քարեր կային։
Գյուղի հանդեպ 2-3 կիլոմետր հեռավորության վրա երևում է մի նախնադարյան բերդ՝ բարձր սարի վրա, սակայն մեզ հնար չեղավ տեսնել, հակառակ այդ բերդի մասին մեր առած զանազան հետաքրքրական տեղեկությունների։
Փարպի եղած ժամանակնիս տեղեկություն ստացել էինք, որ Ղոթուր գյուղի յայլայում մի մեծ քար կա Տիքմա Տաշ անունով, որի անհեթեթ մեծությունը և ձևը ժողովրդական առասպելական մեկնությունների առիթ էր տվել։ Մեր օրվա հետաքրքրական առարկան այդ հսկա մեծությամբ քարն էր, որը լուսանկարեցինք և մանրամասնորեն նկարագրեցինք տեղում։ Այս հետաքրքրական հսկայական քարը ևս ազատ չէր մնացել մոտակա տգետ գյուղացիների քմահաճույքից, որոնք ուզեցել են կոտրելով տանել գյուղը մեռելի տապանաքար շինելու համար, որովհետև առանց կոտրելու տեղիցը շարժել անկարելի էր, իսկ եթե մեջտեղից կոտրել կարողանային պիտի լիներ երկու գերեզմանաքար, փորձել են երկու հավասար կտորի վերածել, սակայն չեն հաջողեր, ինչպես կերևի ակամա կոտրեր են միայն մեկ գլուխը։ Կարծր որձաքարից է շինված այս կռթողը, բոլորովին նախնական ձևով տաշված, թեև քարն անընդունակ է ավելի նուրբ տաշվելու։ Քարը տաշված է երկու գլուխները նեղ, իսկ մեջտեղը՝ լայն։
Քարի ամբողջ բարձրությունը նախքան մեկ գլխից կոտրվելը ունեցեր է երկու մետր իննսունութ սանտիմ բարձրություն։ Իսկ այժմ կոտրված վիճակին մեջ մեծ կտորին բարձրությունն է 2,60 մ., ստորին գլխի լայնությունն է 45,5 սմ., վերևը կոտրված տեղի լայնությունն է 53 սմ. և նույնքան էլ հաստություն։ Մեջտեղի լայնությունն է 63 սմ․, գլխից կոտրված կտորի բարձրությունը 38 սմ. և 60 սմ. հաստությամբ։ Մեկ ճակատի վրա փորագրված են նախնական պաշտամունքի խորհրդանշաններ, իսկ մյուս կողմին գագաթեն քիչ ցածր տեղի վրա փորագրված են փոքր բոլորակ փոսիկներ նույնպես պաշտամունքի խորհրդանշան, ինչպես որ ուրիշ հեթանոսական պաշտամունք հատուկ տեղեր ու մեջ ժայռերի կամ առանձին քարերի վրա։
Ղոթուրի յայլան թողելով մեկնել էինք Արագածի բարձունքը և այնտեղ քրդական վրանի տակ գիշերելուց հետո ճանապարհվեցինք դեպի Անբերդ։ Հազիվ հեռացել էինք Ղարադաղի սալորուտին վրա գտնված մեր հյուրընկալ քրդական վրաններից, երբ ճանապարհից դուրս նկատեցինք մի անսովոր մեծությամբ քար, պառկած գետն ի վրա։ Քարին մոտ գնալով տեսանք, որ այս ևս երբեմն կանգուն մի մենաքար էր մոտավոր նմանությամբ Ղոթուրի մեջ եղող մենաքարին։ Սակայն միանգամայն պարզ էր, առանց քանդակի, նաև ստորին մասը լայն էր, միայն վերևի մասն էր նեղ, վերևի նեղ մասը կվերջանար բուրգի ձևով։ Քարի ամբողջ բարձրությունն էր ճիշտ երեք մետր քառասուն սմ., ստորին մասը՝ մեկ մետր, իսկ վերևը բրգաձև տաշվածքին անմիջապես տակը՝ 60 սմ․։ Այս քարի հաստությունը ներքևից մինչև վերև հավասար 50 սմ. է։
Այս քարը քննելուց և չափագրելուց հետո ճանապարհնիս շարունակեցինք դեպի Անբերդ։
Հայաստանի ավերակ բերդերի մեջ մի առանձին տեղ կգրավե Անբերդը և բերդ լինելե ավելի մի ընդարձակ բերդաքաղաք է, ինչպես Անին, թեև մի քիչ փոքր տարածությամբ քան Անին։ Այս բերդն ևս Անիի նման հեթանոսական ծագում ունի։ Երկու խոր ձորերից ձևացած մի եռանկյունաձև դիրք ունի, երկու ձորերի խառնուրդին կողմերը տակավին կմնան ոչ միայն ուրարտական, այլև նախաուրարտական անշաղախ որձաքար պարիսպների մնացորդներ՝ քառակուսի լայն բուրգերով։ Հետքեր կան նախնական շրջանի բնակարանների արևելա-հարավային ծայրի վրա։ Երևում է, որ այժմյան ամրոցը և նրա մոտ եկեղեցին շինվելե հետո բնակչությունը լքեր է այս հարավ արևելյան մասը և խտացեր է եկեղեցիի և ամրոցի շուրջը։
Բերդաքաղաքի մուտքը հյուսիսի կամ հյուսիս արևելյան կողմի վրա է։ Ճանապարհը ձորի լանջից բարձրանալով հատկապես ձեռագործ ճանապարհով (թեև այժմյան ճանապարհի մի մասն ասում են Խրիմյան կաթողիկոսն է նորոգել տված, սակայն հինը շատ պարզ և որոշ է), երբ կհասնի բերդի դռան առջև, այստեղ ճանապարհը կբաժանվի երկու մասի, մեկը կմտնե բերդաքաղաքի դռնից ներս, իսկ մյուսը աջ կողմից կծռվի և կբարձրանա դեպի ամրոցը, որ զրահավորված է խիտ և ամրակառույց բուրգերով։ Ամրոցը երկարած է գրեթե արևելքից արևմուտք, հյուսիսային կողմը ունի երեք ամրակառույց բուրգեր, որոնք շինված են նախազաքարյան շրջանի ոճով, ինչպես երևում է շատ լուրջ վերանորոգություն եղած է Բագրատունիների վերջին оրերուն։ Արևելյան և արևմտյան կողմերու վրա ևս եղեր են հաստատուն բուրգեր, սակայն այժմ փլած են և զանգվածները միայն կերևին դեպի ցած գլորված։ Այս արտաքուստ անմատչելի ամրոցի նմանությամբ շինված շենքը ներքուստ եղել է մի երկհարկանի մեծ դղյակ՝ բազմաթիվ սենյակներով։ Հարավային ճակատը, որ բերդաքաղաքի վրա կնայի, առանց բուրգերի սրբատաշ քարերով հաստատուն շինված պատերեն։ Ներքուստ արևելյան կողմի վրա երկու հարկի մեջ վեց սենյակի բաժանումներ են երևում, իսկ արևմտյան կողմի վրա եղած սենյակներն միանգամայն քանդված են։ Այս կողմից երևում են միայն երկու արտաքին դռներ, որոնց մեկը կբացվի քաղաքի վրա, իսկ մյուսը ձորի վրա։ Սենյակներն ունեցեր են լայն և բարձր պատուհաններ քաղաքի վրա նայող, ոմանք կիսաբոլորակ վերջավորությամբ։ Արևելյան ծայրին վրա բացի այն դուռը, որ առանց բերդաքաղաք մտնելու անկախ կերպով կիջներ ձորը, եղել է նաև մի դուռ քաղաքը մտնելու համար։ Այս դուռը թեև այժմ փլած վիճակի մեջ է, սակայն ճանապարհը խիստ որոշ է։ Շատ հետաքրքրական է բերդի արտաքին դռան շինարարական ոճը։ Բարավորների վրա ձգվող մեծ կամարաքարերը պարզ ձևով չեն շարված, այլ տաշվածքի վրա ցիցերով և կողքի քարերի մեջ ագուցվելու համար համապատասխան փոսիկներով ագուցված ու շարված են, որով կամարը եղած է միակտուր։ Այս ձևով շինված էր Տեկորի տաճարի ներքին կողմը, երբ մեծ կամարների տակ ավելացրել են կրկին կամարներ։ Այս կրկնակ оրինակներից երևում է, որ այս ոճը 10-11 դարու ոճ է, Հայաստանում իրագործված, որը 13-րդ դարում ավելի շատ իրագործված և կատարելության հասած է։ Եթե մասնավոր պեղումներով հետազոտություն կատարվի այս դղյակ-ամրոցին մեջ, վստահ եմ, որ խիստ հետաքրքրական մասեր պիտի երևան հին հայոց շինարարական արվեստի վերաբերյալ։ Նույն ձևով տաշվածք և շարվածք ունին Անիի ավագ դռան սմբատաշեն մասի կամարաքարերը։
Քաղաքի փողոցները հազիվ նկատելի են, չափազանց ավերված և քարակույտերի վերածված լինելուն պատճառով։ Նամանավանդ վերջին ժամանակներս շրջակա գյուղացիներ բերդաքաղաքի մեջ ցանքեր անելու և խոտ հնձելու համար եկել են ամառները բնակելու և փլատակ բնակարաններից քարեր աստ-անդ տեղափոխելով իրենց համար բնակարաններ են շիներ, այս գործողություններով կատարյալ քաոսի են վերածել եկեղեցիից դեպի ամրոց եղած քաղաքամասը։
Գրեթե անվնաս մնացել է հոյակապ եկեղեցին մի բարձրադիր տեղի վրա, ձորի եզերքին շինված։ Հավաստում էին, որ դեռ մի քանի տարի առաջ անվնաս էր եկեղեցիի հարավ արևմտյան կողմի ստորերկրյա ճանապարհը, որ կտաներ գետը, այդ ճանապարհով գետից ջուր էր բերում քաղաքի բնակչության մի մասը։ Մանավանդ բնականորեն պիտի օգտագործեին այս ստորերկրյա անցքը պատերազմի և պաշարումների ժամանակ։
Եկեղեցին վերին աստիճանի ուշագրավ է թե՛ շինարարական տեսակետով և թե՛ ավանդական հատակագծային տեսակետով։ Արտաքուստ ճարտարապետական տեսակետով մեծ նմանություն է բերում Վահրամ Պահլավունիի Մարմաշենի մեջ շինած եկեղեցիին ի բաց առյալ հետնագույն նորոգությունների ժամանակ փոփոխված մասերը։ Թեև նորոգություններն ալ այնքան զգալի տեղ չեն բռնում։ Իսկ ներքին հատակագիծը, բացի ավագ խորանից, չորս անկյունների վրա, ութ փոքր կրկնահարկ մատուռներով կամ խորաններով կազմված է, որուն այդ ձևը 10 և 11-րդ դարուն շինված լինելը անսպասելի էր ինձ համար։ Թեև նույն դարերին, արևելյան խորանին երկու քովերը միահարկ կամ կրկնահարկ մատուռներով շինված եկեղեցիներ շատ կան, սակայն արևմտյան կողմի երկու անկյունների վրա մատուռներ շինված լինելը 10-11-րդ դարերուն միանգամայն անսովոր էր ինձ համար, ես առաջին անգամն էր որ կտեսնեի։ Պահ մը կասկածեցի որ հետնագույն հավելվածներ լինին արևմտակողմի մատուռները, այս ուղղությամբ երկար քննեցի, սակայն ոչ մի ապացույց չգտա հետնագույն հավելվածի։ Տարակույս փարատող մի հանգամանք կար, այն է շինության արձանագրության գոյությունը եկեղեցիի մեջ։ Նախընթաց տարին, երբ Էջմիածնի գիտական ինստիտուտի կողմից գնացել էինք Անբերդի հովիտը ուսումնասիրելու, այն ժամանակ Գարեգին եպիսկոպոս և Երվանդ Տեր Մինասյան առաջին անգամ կարդացին եկեղեցիի ներսը հյուսիսային պատի վրայի արձանագրությունը, որ շինողի և շինության ժամանակին կվերաբերեր։ Ըստ արձանագրության այդ եկեղեցին շինողն էր Մարմաշենի եկեղեցին շինող Վահրամ Պահլավունին 11-րդ դարուն և շինողի ճաշակով բացատրվեց երկու եկեղեցիների նմանությունը, սակայն Մարմաշենի եկեղեցիին մեջ գոյություն չունին արևմտյան կողմի մատուռները։ Ընդհանրապես իմ համոզումս եղած է թե եկեղեցիների հատակագծային այդ ձևը սկիզբ առած էր 13-րդ դարուն։ Արդ, եթե ստուգվի որ Անբերդի եկեղեցիի հատակագծային ոճը սկսում է 11-րդ դարուն, այն ժամանակ պետք է որ փոխենք մեր համոզումը այդ ձևի ծագման մասին։ Եվ հիրավի, Ներսես Լամբրոնացին 12-րդ դարու կեսին բողոքում է, որ եկեղեցին հոգվո փրկության համար շահավաճառանոց դարձրին պատարագի համար բազմաթիվ մանր ծակեր շինելով, ուստի այս գանգատը ևս ապացույց է, որ 13-րդ դարուց առաջ գոյություն ունեցեր է այդ երևույթը, որով տեղի տվել է Լամբրոնացիի տրտունջին։ Համենայն դեպս, ես վերջնականապես համոզված պիտի լինիմ 11-րդ դարու սկզբներին հատակագծային այս ձևը ընդունված լինելու, եթե կհանդիպեմ մի ուրիշ եկեղեցիի, որ այս ձևով շինված լինի, և շինությունը փաստացի կերպով ապացուցված լինի 11-րդ և 12-րդ դարերի մեջ կանգնված լինելուն։
Հիացման արժանի են շենքի վրա աշխատող քարտաշների և որմնահյուսերի հմտությունն ու բարեխղճությունը, թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական ոչ մի գիծ գրեթե չի երևում քարերի միացման տեղի վրա, չափազանց խնամքով են շարված քարերը միմյանց մոտ։ Պատերի հաստությունն է 70-72 սանտիմետր, այս հաստության մեջ է ներքին և արտաքին երեսների մաքուր տաշված քարերի թանձրությունը։ Բայց զարմանալի է, որ երեսները շարված քարերը խիստ քիչ հաստություն ունին, կարծեք միայն ծեփի փոխարեն շարված լինին ներսի կրաշաղախ զանգվածի վրա։ Այս շինելակերպով մոտավորապես 1000 տարի դիմացել են պորտերն առանց ոևէ վնաս պատճառելու։ Վերջին դարերում է, որ անտերությունից սկսել են երեսը շարված քարերը ուռչել և թափվելու մոտալուտ վտանգ են սպառնում, եթե շուտով հարկ եղած միջոցներ ձեռք չառնվին։ Շենքի ճակատին վրա, թե՛ սկզբում և թե՛ վերջին նորոգության ժամանակ գործածել են մի տեսակ սևագույն կարծր քար, հավանորեն մի մոտակա քարհանքից հանված, սակայն ինչ համեմատություն հին շինող վարպետների և հետո նորոգող վարպետների հմտության մեջ։ Շենքը վերանորոգության ենթարկված է արտաքուստ ճակատի կեսից վերև մինչև պսակները, այս նորոգության ժամանակի քարերը թե՛ ծավալով փոքր են և թե՛ խնամքով չեն զետեղված միմյանց մոտ։ Նորոգությունը կատարված է շենքի կեսից վերև մինչև ստորին պսակը և կտուրին վրա. գմբեթը ամբողջովին հինն է և անփոփոխ։ Ստորին մասի նորոգության ժամանակ ամենայն հավանականությամբ հին պսակները նախնականին նման չեն շինված, այլ ավելի նեղ քան ինչ որ պահանջում էր 11-րդ դարու ոճը և ավելի պարզ։
Անբերդը շրջապատող ձորերի լանջերին վրա չափազանց հետաքրքրական է տեսնել գետերի ջրերը օգտագործելու համար միմյանցից բարձր առուները, որոնց միջոցով ջուրը բարձրանալով ուղղվում էր զանազան անջրդի վայրեր Արագածի լանջերին վրա։ Մինչև 13 առու համրեցի, որոնք ձորից բարձրանալուց հետո ճյուղավորվում են զանազան կողմեր։ Մի քանի հին առուներ դեռ այսօր ևս գործածական են և առատորեն ջուրը գնում է մոտ և հեռու զանազան գյուղերի հողերը և պարտեզները ոռոգելու համար։
Օգոստոսի 15-ի առավոտյան յուրաքանչյուր արշավախմբի անդամ սկսեց իր աշխատությունը Տեղերի հոյակապ հուշարձանի վրա։ Այս հուշարձանը կանգնված է 13-րդ դարու սկզբին (1232-ին)։ Շենքը բաղկանում է երկու մասից, տաճարից և մի մեծ գավիթից։ Տաճարը կամ եկեղեցին իր դարաշրջանի հատուկ հատակագծի ձև ունի, բացի ավագ մեծ խորանից, չորս անկյունների վրա չորս մատուռներ ունի կիսաբոլորակ խորաններով։ Հոյակապորեն գմբեթավորված է, սակայն գմբեթը այսօր այնքան է խարխլված, որ գոնե եղածը պահելու համար ոչ մի գործողություն չի կարելի կատարել. վճռականապես ճակատագրական է այդ գմբեթին մոտավոր փլուզումը։
Գավիթը լավ վիճակի մեջ է, կարելի է երկար տարիներ անոր գոյությունը ապահովել, չորս հատ հաստատուն սյուների վրա կանգնված է գավիթին գմբեթը, խիստ հաստատուն են արտաքին պատերը։ Արտաքին պատերի ներսի կողմից ունի որմասյուներ, որոնցից աղեղներ են ձգված կենտրոնի չորս հսկա միակտուր սյուների վրա, որով ձևացած է մի ընդարձակ գավիթ։ Այս գավիթին կտուրի վրա, արևմտյան կողմը շինել են երկու մատուռներ երկու անկյունների վրա, որոնք անվնաս մնացած են, միայն թե շարժական փայտե սանդուղով միայն կարելի է բարձրանալ վրան։
Նույն օրն անցանք Ավան գյուղը։ Այս գյուղում ևս այժմ հաստատված հն գաղթականներ։ Ինչպես երևաց քննություններից, այս գյուղը հարուստ հնագիտական վայր է, շրջականերում միշտ գտնվում են հնություններ, հաճախ պատահում են քանդակազարդ քարեր, գերեզմաններ և նույնիսկ նախաքրիստոնեական շրջանի իրեղեններ։ Շատ հին ժամանակներ իսկ բազմամարդ և շեն է եղած այս գյուղը։ Գյուղի մեջ եղած եկեղեցիի կիսավեր շենքը անվրեպ պատկանում է 5-րդ դարուն։ Միջակ մեծությամբ մի եկեղեցի է եղած, որուն արևելյան, հյուսիսային և արևմտյան պատերը գրեթե կանգուն են։ Միայն հարավային պատն է, որ փչած է, սակայն այդ պատից ևս դեռ մնացած է 80-100 սմ. բարձրությամբ պատի մնացորդ։ Դուռը արևմտյան կողմից է եղած, սակայն բարավորների փլած լինելու պատճառով ճիշտ չափը հայտնի չէ։ Շինության դարաշրջանին հատուկ է հատակագծի նեղ ու երկար ձևը։ Պատուհանների կիսաբոլորակ վերջավորված աղեղները պայտաձև են, նույնպես պայտաձև է ավագ խորանի վերևի կամար աղեղը, խորանի հատակագիծը ևս թեթև պայտաձև է։ Խորանին երկու կողմի որմնասյուները իրենց խոյակների վրա ունեին հավասարաթև փոքր խաչեր, որոնք բոլորակի մեջ ամփոփված են հնագույն քանդակով։ Հյուսիսային կողմի արտաքին երեսին վրա կա մի որմնասյուն, որ ապացույց է բացօթյա մի կամարակապի գոյության, ինչպես կան Ապարանի, Երերույքի, Եղվարդի և ուրիշ հնագույն եկեղեցիների վրա։ Արևելյան կողմին վրա թերևս ուներ բացօթյա խորաններ, ինչպես Տեկորը, Երերույքը և Արթիկի 6-րդ դարու եկեղեցին, սակայն այժմ հայտնի չէ, պետք է որ մի փոքր ստուգողական պեղում լինի արևելյան կողմին վրա։
Այս կիսավեր շենքին մեջ ամենից ուշագրավն է քարուկիր շենքի շինության համար գործածված շաղախը, որը փոխանակ սպիտակագույն լինելու, մութ գորշագույն է, ճիշտ այն գույնով, ինչ գույն որ ունի ներկայիս ցեմենտը։ Թեև ամբողջ շենքի մեջ տեղ տեղ երևում են սպիտակ շաղախի հետքեր, սակայն պարզ է, որ հետնագույն նորոգությունների հետևանք են։
Տեղին վրա թեև երկար քննեցի այս գորշագույն կրաշաղախը հասկանալու համար թե ինչ բաղադրության արդյունք է այդ գորշ ցեմենտանման գույնը, սակայն ինձ համար ոչինչ հասկանալի չեղավ։ Ուստի հետերնիս վերցրինք շաղախի կոշտեր տանելու համար Երևան և տարրալուծության ենթարկելու։
Մեր արշավանքի վերջին կետն էր պատմական Կուաշ կամ Կոշ անվանված գյուղը։ Պատմական անցքերով հարուստ այս գյուղում արժեր երկար մնալ և լուրջ ու մանրակրկիտ հետազոտության ենթարկել իր շրջականերով հանդերձ։ Գլխավորաբար մեր ժամանակն ի միջի այլոց չէր ներում երկար մնալ այս գյուղում, ուստի աշխատանք կատարեցինք այստեղ միայն մի օր։
Կոշի հյուսիս արևելյան կողմը երկարում է մի ձոր, որուն երկու կողմը ցրված են հնագիտական հուշարձանների ավեր և կիսավեր մնացորդները։ Սույն ձորի հյուսիս-արևելյան բարձունքի վրա կա մի միջակ մեծությամբ ներքուստ խաչաձև եկեղեցի՝ կանգնված 7-րդ դարուն գմբեթը և ծածկը փլած են, իսկ պատերը տակավին կանգուն են։ Չափազանց մաքուր շինարարական աշխատանք է տարված շենքի վրա, դեղնորակ, կարմրագույն և գորշագույն քարերով է շինված ամբողջ շենքը և կարելի է ասել որ խոշորագույն քարերով, սրբատաշ են շարված բոլոր պատերը։ Շենք զետեղված է արևելյան կողմից խորաձորի վրա, իսկ ամբողջությունը հիմնարկված է մի բարձրաբերձ ժայռի վրա։ Թեև այժմ եկեղեցիի շուրջը խորդուբորդ ապառաժներ միայն երևում են և դժվարամերձենալի, բացի հարավային կողմից, սակայն այս ապառաժուտ խորդուբորդության մեջ նշմարվում են վաղեմի շինությանց հիմեր և պատերի մնացորդներ, որոնք ապացույց են այս տեղը մի ժամանակ շեն և բնակելի լինելուն։ Այս տեղերը խիտ բնակչություն լինելուն ապացույց է ոչ միայն շինությունների հիմերի գոյությունը, այլև երևում է որ եղեր է նաև խիստ կարևոր մի վայր, ուր շինված կա մի մեծ ջրամբար եկեղեցիից կես կիլոմետր դեպի հարավ։ Ջրամբարը խիստ մաքուր սրբատաշ քարերով շինված է, պատերի թանձրությունը 1,45 սմ. է, բարձրությունը մինչև վրայի կամարածածկի հանգիստը երկու մետր 82 սմ․ է, ամբողջովին կամարածածկ է եղած ջրամբարը ներքուստ երեք ջլաղեղներով, արտաքուստ չափել այս հուշարձանը փլատակների պատճառով դժվար էր, իսկ ի ներքուստ չափն է 13,5 մ․ երկայնություն, իսկ 4,82 մ․ լայնություն։ Մի օրյա հետազոտությունով չպարզվեց, թե ո՞ր կողմից է գալիս այս ջրամբարի ջուրը, իսկ ջրերը արտաքսելու և ջրամբարը մաքրելու համար հիմքի մոտից շինված են երկու քառակուսի ծակեր, որոնք բացվելով ջրամբարի ջուրը կդատարկվեր մինչև հատակ։ այս ձևով մի քար տակավին տեղին վրա մնացեր է, որ կծառայեր ջրամբարի ծակը խցելու համար, անշուշտ երկու կողմեն ծակերը ծածկելու համար կային նախ նույնօրինակ ուրիշ շինված քարեր, սակայն այժմ կորած են։
Ջրամբարից դեպի ցած, նույնպես ձորի աջ կողմին, մի բարձունքի վրա, կա կարմիր քարով շինված մի մատուռի մնացորդ, որուն մոտ կան պատվանդանավոր խաչարձաններ։ Քիչ հեռու սույն մատուռից երևում է մի փոքր ավերակ, որուն ինչ լինելը որոշել դժվար էր, սակայն այս ավերակի արևելյան կողմին կանգնված են խաչքարեր, որոնց մեկը բավականին գեղաքանդակ և խոշոր, այս խաչքարի համար գյուղացիք ավանդաբար ասում են Տիրան պապի խաչքար։ Այս Տիրան պապը թերևս այն աչազուրկ Տիրան թագավորն է, որ մեռավ Կուաշի (Կոշի) մեջ, սակայն խաչքարը, որ ուշ ժամանակի է և երբեք չի կարելի համեմատել Տիրանի ժամանակի գեղարվեստական ճաշակի հետ, սակայն համենայն դեպս նույն կույր Տիրանի ավանդությունը շարունակում է գոյություն ունենալ տեղական ժողովրդի մեջ։
Այս բարձունքից իջնելով ցած, ձորի ձախ ափին մոտ, կա մի փոքր բազիլիկ ձևով եկեղեցի, որուն ծածկը քանդված է, իսկ պատերը կանգուն են, հարավային պատի արևելյան ծայրին կա մի վրացերեն խուցուրի տառերով արձանագրություն։ Եկեղեցիի հարավային կողմը կան պատվանդանավոր քանդակազարդ խաչքարեր, հայտնի է, որ եկեղեցու մոտ եղել է մի գերեզմանատուն փոքր տարածությամբ, բայց նայելով խաչքարերի որակին, հայտնի մարդկանց գերեզմանատուն է եղած։
Այս փոքր բազիլիկ եկեղեցիի հյուսիս-արևելյան կողմը կբարձրանա մի մեծ քարքարուտ բլուր, բլուրի գագաթին անառիկ դիրքով շինված է մի բերդ զանազան մասերից բաղկացած։ Այս ամրոցը կամ բերդը ընդհանուր նորոգության և փոփոխության է ենթարկված 13-րդ կամ 14-րդ դարուն։ Վերջին նորոգությունը եղած է գեղեցիկ կարմրագույն քարերով, սակայն տեղ տեղ դեռ երևում են պատեր և պատերի մասեր, որոնց գոյությունը շատ հին է եղած, ավելի հին, քան 10-րդ դարը, և այս հին մասերին քարերը ոչ միայն տարբեր գույնով են համեմատելով նորագույն նորոգության քարերին, այլև շարվածքն ու քարերի չափերը բոլորովին տարբեր են։ Հին շարվածքի քարերը մի քիչ սպիտակավուն են և առհասարակ դեպի բարձրությունը շարված քարերը չափազանց մաքուր և ճարտարորեն շարված են միմյանց մոտ, որ ներկա արհեստավորների նախանձը կարող է շարժել, բայց այս հիները մեծ մասամբ մաշված և քարերի անկյունները մասնավորապես փչացած են։ Ի շարս մի քանի հետաքրքրական ամրոցների ինչպես Տիգնիսի, Մազասբերդի և նմանների, արժե ունենալ չափագրված այս բերդի հատակագիծը, որը թերևս, ինչպես ասել եմ Անբերդի ամրոցի համար, լինելով բերդ կամ ամրոց, միաժամանակ եղել է նաև դղյակ։
Ինչպես Փարպիում, Թաքիայում, Բերսիում, Ախցի ձորերում, այստեղ ևս կան հետաքրքրական քարայրեր, որոնց մեկ քանիսին վրա տակավին գոյություն ունին միակտուր քարից դռների փեղկեր։ Առհասարակ քարայրերի մեջերը և մոտերը գոյություն ունին տաքարներ և հնձանի հետքեր։
Կոշից դեպի Աղվանատուն գնալու ճանապարհին, Կոշից քիչ հեռու կա մի գեղեցիկ պատվանդանավոր խաչքար, որը թեև ճանապարհից դուրս, այնուամենայնիվ չվրիպեցավ մեր ուշադրությունից։
- 1924 թ. սեպտեմբերի 4-ից դեպի Շիրակ և Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերում կատարած շրջագայությանս:
1924 սեպտեմբեր 4-ին Էջմիածնից մեկնեցի դեպի Կումայրի (Լենինական) հնագիտական տեղեկագիր և ցուցակագրություն կատարելու համար։ Պաշտոնական և այլ կարևոր գործերով մնացի Կումայրիում և սեպտեմբեր 9-ին ուղևորվեցի դեպի Մարմաշեն։ Դեռ չհասած Մարմաշեն, ճանապարհից շեղվելով, այցելեցի մոտերը գտնված բևեռագիր արձանագրության վայրը։ Բևեռագիրը անաղարտ պահված էր տեղին վրա, բայց շրջապատը անխնամ վիճակի մեջ էր։ Սկզբում բևեռագիրը, որ փորված է եղել մի բարձր մեծ ժայռի վրա, շրջապատված է եղել բնական և արվեստական շրջապատով, որով առանձնացած էր։ Միայն մի նեղ մուտքով հնարավոր է եղել մտնել շրջափակին մեջ։ Իբրև շրջափակ ծառայող բնական ժայռերը դեռ իրենց տեղում կմնան, իսկ արվեստական կերպով հարավ-արևելյան կողմին վրա շինված կիկլոպյան քարերով պատին միայն հետքն է մնացեր հողին երեսը։ Բևեռագիրը փորագրված ժայռեն դեպի հարավ շարունակության վրա, ինչպես նախաքրիստոնեական բնակչությանց ուրիշ վայրերի մեջ, փորագրված են նույն խորհրդավոր բոլորակ փոսիկները, որոնց ամենից մեծը 10 սմ. տրամագիծ ունի, իսկ մյուսները անհավասար մեծությամբ ավելի մանր են։
Բևեռագրից հետո գնացի, նախապես ուրարտական, իսկ հետո Վահրամ Պահլավունիի անվան վերագրված ամրոցի ավերակները տեսնելու։ Բևեռագրից գրեթե հարյուր հիսուն քայլ հեռավորության վրա կգտնվի այս բերդը և շրջապատսղ վայրերի վրա խիստ որոշ կերպով կտեսնվի նախաքրիստոնեական շրջանի մարդկային ձեռագործ աշխատանքի հետքեր, ինչպես մեծամեծ քարերով շինված փլատակ պատեր, խոռոչներ, գերեզմանների նմանող հողային կույտեր՝ քարերով խառնված։ Այսօրվան Մարմաշեն տանող ճանապարհը մոտիկ է անցնում այս բերդին և շատ որոշ է դեպի բերդը տանող ճանապարհը։ Բերդի հարավ արևելյան կողմը հատկապես հարթված է ի հնումն և թերևս այս կողմը եղել են ծառաստաններ և պարտեզներ։ Բերդի մուտքը գրեթե հարավային կողմի վրա կգտնվի, դռան երկու կողմը շինված է եղել հսկայական բուրգեր՝ կիսաբոլորակ ձևով, որոնց այժմ փլատակներն ու հիմերը կերևան։ Վահրամաշեն այս բերդի համար վերջերքում գործածվեր են հրաբխային կարմիր և դեղնորակ քարեր, սրբատաշ և չափավոր մեծությամբ։ Բերդը նեղ ու երկար ձև ունի՝ հարավից դեպի հյուսիս երկարած, մեջը ամբողջովին բնակության համար շենքեր են շինված, որոնց այժմ հիմերը միայն որոշակի մնացեր են, եթե մի փոքր մաքրվի փլատակներից և կուտակված հող ու ավազներից, հնարավոր է կազմել ամբողջ բերդի հատակագիծը մեջի շինություններով միասին։ Ուրիշ կողմերի վրա, բացի գլխավոր մեծ մուտքից, դուռ ունեցե՞ր է թե ոչ հայտնի չէ, քննություն եթե կատարվի թերևս հայտնի լինի։
Արևմտյան և հյուսիսային լանջերը գրեթե միանգամայն անմերձենալի են։ Բերդակիր մեծ բլուրի արևմտյան կողմը, որ հեղեղատի կամ փոքր ձորի նմանություն ունի, նախորդ այցելության ժամանակ տեսել էի այս հեղեղատի ծայրում մի արվեստական մուտքի բերան, կամ մի անցք, որ գնում էր ուղիղ դեպի բերդի տակը։ Դեռ այն ժամանակ ինձ հնար չեղավ այս անցքի խորքը մտնել, որովհետև թե՛ ներսի փլվածքներից և թե՛ դրսի հեղեղատներից լցվեր էին քարեր և հող, և մասամբ խափանել էին մուտքը, սակայն երևում էին մուտքի շինության համար երկու կողմի վրա կանգնված քարեր և կանգնված քարերի վրա ծածկված մեծամեծ սալաքարեր։ Բայց այժմ, ինչպես կերևի, հեղեղատի մշտապես հոսումից բոլորովին փակված է մուտքի բերանը և տեղը հազիվ թե հայտնի է։ Նախկին այցելության ժամանակ գյուղացի ծերեր հավաստում էին, որ այդ մուտքի հեղեղատի մուտերը ևս կա եղեր մի ավելի րնդարձակ բևեռագիր արձանագրություն, սակայն անհայտացել էր դեռ այն ժամանակ, և չգիտեին թե ուր մնաց և ի՞նչ եղավ։
Բերդը քննելուց հետո, սկսեցի իջնել զառիվայրը, շարունակելով ճանապարհս դեպի գյուղ, որուն կից են հռչակավոր Մարմաշենի շքեղ և գեղարվեստական հուշարձանները։
Զառիվայրի վերևից արդեն կերևա մոտակա գյուղի ծայրին հոյակապ հուշարձանների շարքը, որոնց մեջ բարձր և շքեղ գմբեթով գրեթե անարատ մնացած է Վահրամ Պահլավունիի կանգնած հոյակապ կաթողիկեն։ Բացի Վահրամաշեն կաթողիկեի անմիջապես մոտը կանգնված գեղեցիկ շենքերից, դեպի հյուսիս, կես կիլոմետրի վրա, կա մի 7-րդ դարու եկեղեցու ավերակ, որի հյուսիսային կողմն է միայն կանգուն մնացած (նկար 242)։
Մարմաշեն գյուղը, որ այժմ Ղանլիճա անունն ունի, ամբողջովին շինված է մի ընդարձակ հնագիտական վայրի վրա։ Տներ շինելու համար ամեն անգամ հողը փորելիս գտնվում են արձանագրությանց բեկորներ, գեղաքանդակ շենքի մասեր և բազմաթիվ հին շենքերի հիմքեր։ Սույն հուշարձանների գյուղից հարավ գրեթե մեկ կիլոմետրի վրա կա մի ուրիշ գյուղ, դարձյալ միևնույն Ղանլիճա անունով, որը ոչ միայն քրիստոնեական հին հուշարձանների մնացորդներ ունի իր մեջ և անմիջապես շրջակայքում, այլև շրջապատված է նախաքրիստոնեական շատ հին մնացորդներով։ Այս գյուղի վերևը, արևելյան կողմի բարձունքի վրա է, որ կգտնվի ժայռի վրա փորագրված ծանոթ բևեռագիր արձանագրությունը։ Գյուղացի ծերերի պատմելով այս գյուղից են տարեր Վահրամաշեն կաթողիկեն կանգնված գյուղը Վահրամի և իր կնոջ Սոփիայի տապանաքարերը։ Պատմական այս արժեքավոր տապանաքարերը մնում են Վահրամաշեն կաթողիկեի արևելյան կողմի հին գերեզմանատան մեջ, բոլորովին անխնամ, փչացման և կորստյան ենթակա վիճակի մեջ, և արդեն ինչպես կերևի լուսանկարներից, կոտրատվել և մաշվել են թե՛ բնության ազդեցության և թե՛ տգետ մարդկանց անհոգության պատճառով։ Վահրամի կանգնած կաթողիկեն թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ գրեթե անվնաս մնացած է, բացի հարավ արևելյան անկյունի ճեղքվածքից, որ առաջացել է պսակի մոտից։ Շինված է կարմրագույն քարերով գեղեցիկ և սրբատաշ, հարավային պատի վրա ունի շինության մեծ արձանագրություն. ըստ այդ արձանագրության հիմնարկված է 986 թվականին և վերջացած է 1029 թվականին, մոտավորապես 43 տարվան մեջ։ Ինչպես կերևի, շինությունը պարբերաբար ընդհատված է եղեր, որ այդքան ուշ վերջացել է, եթե ոչ այդքան երկար տևելու չափ մեծ չէ շենքը (նկար 243)։
Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմը գրեթե մեկ և կես մետր հեռավորության վրա կանգնված է եղեր մի ուրիշ գողտրիկ շենք ավելի հնագույն, քան Վահրամաշեն կաթողիկեն, որուն արևմտյան մասը և գմբեթը ամբողջովին փլած է (նկար 244)։ Սակայն իր գեղեցիկ ոճով և շինարարական ճարտարությամբ և մաքրությամբ գրեթե պակաս չէ քան Վահրամաշեն կաթողիկեն։
Վահրամաշեն կաթողիկեի հարավային կողմը 10−15 քայլի վրա, շինված է մի ուրիշ փոքր մատուռ, որը դատելով իր դռան և գմբեթի ոճից, պետք է որ շինված լինի 11-րդ դարու մեջ, նույնպես խնամոտ շինարարությամբ և գեղեցիկ սրբատաշ քարերով (նկար 245)։ Սույն փոքրիկ շենքը ստորին մասի արտաքին երեսի քարերը քանդված են եղել մի ժամանակ, բայց ալեքսանդրապոլցիք նորոգեր են մասամբ։
Վահրամաշեն կաթողիկեն արդեն վաղուց չափագրած էի, այս անգամ չափագրեցի և հատակագծերի փոքր մատուռը, որ վերածել եմ ժամանակավոր թանգարանի, թեև այնտեղ եղած գեղարվեստական բեկորների համար շատ փոքր է։ Հարմար կլիներ Վահրամաշեն մեծ կաթողիկեն վերածել թանգարանի, ուր այժմ ծիսական արարողություններ չեն կատարվում և վերին աստիճան անխնամ թողված է։ Իմ այցելության ժամանակ գյուղխորհրդի նախագահը բացակա էր, օգնականին խնդրեցի պահպանել թե՛ շենքերը և թե՛ նրանց շուրջ թափված պատմական արժեք ունեցող բեկորները։
Շատ երկար կլինի Մարմաշենի շրջանում եղած բոլոր հնությունները հիշատակել, միայն պիտի բավականանամ հիշատակելով մի շատ կարևոր մնացորդ, որ ըստ ամենայնի ուշադրության արժանի է։ Սկսած Բագրատունի շրջանից, թերևս ավելի հին ժամանակներից, Ախուրյան գետի վրա գոյություն ունեցեր են բազմաթիվ կամուրջներ, որոնք մեծավ մասամբ երկհարկանի են եղած ինչպես Անիի, Չրփըլուի, Ղեղաճի կամուրջները, նույն ձևով կա մի կամուրջի ավերակ ևս Մարմաշենի Վահրամաշեն կաթողիկեից դեպի հարավ (Վայրի Ղանլիճա գյուղի մոտ), այս կամուրջը ևս եղել է երկհարկանի, ինչպես կերևի ավերակի լուսանկարին մեջ. կամուրջի աջ ոտքը միայն մնացել է մասամբ, իսկ ձախ ոտքը հեղեղները սրբել են միանգամայն։
Այս կամուրջը հիշատակված է Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմի մեծ արձանագրության մեջ, եկեղեցիի նորոգության վերաբերյալ։ Այս արձանագրութենեն կհետևի, որ այս կամուրջը վաղուց գոյություն ուներ և թերևս Բագրատունիների օրով շինված էր, այժմ իսկ իր ավերակ վիճակին մեջ երևում է թե որչափ մեծ և հոյակապ է եղած այս կամուրջը։
Վահրամաշեն կաթողիկեն և անմիջապե մերձակա եկեղեցիները և վանական հաստատությունները շրջապատված են եղել ընդարձակ պարսպով, եկեղեցիների արևմտյան կողմը, գետեզերքի վրա, տակավին գոյություն ունի այդ ընդարձակ պարսպի արևմտյան մասը, մաքուր սրբատաշ քարերով շինված, շինվածակերպը ցույց է տալիս, որ այդ պարիսպը շինված է 11-րդ դարուց ոչ ուշ։ Պարիսպի միայն գետեզերքի մասն է մնացել, մնացած մասերը միանգամայն անհայտացել են զանազան նոր շինությունների պատճառով։ Նույնիսկ այս շրջափակին մեջ երևում են այլ և այլ հին շինվածների հիմքեր՝ նույնիսկ եկեղեցիի հատակագծերին նմանող մնացորդներ և մի մեծ բոլորակ շինության հիմքերը։
Գյուղից դեպի հարավ 3-4 կիլոմետր հեռավորության վրա, կա մի ամբողջական գյուղի մնացորդ, որի փլատակների մեջ երևում է մի գեղեցիկ քանդակազարդ մատուռի ավերակ, ձիթհանքեր և ուրիշ հետազոտության արժանի մնացորդներ։ Խիստ գեղեցիկ է եղած այս մատուռը՝ հետևցնելով մեջը թափված գեղաքանդակ քարերից։ Գյուղացիք պատմում էին, որ մի քանի տարի առաջ գրեթե կանգուն է եղած այս մատուռը, սակայն զինվորական ամառանոց (բալիկոն) շինելու ժամանակ քանդել են այս մատուռը զինվորականներ և քարերը տարեր են շինությանց մեջ գործածելու համար։ Այս գյուղին կից կա նաև մի գերեզմանատուն արձանագրված քարերով և հաստատուն ժայռերից ձևակերպված տապանաքարերով․ հաստատուն ժայռերի վրա փորագրված են խաչեր և արձանագրություններ։ Այս մնացորդները ցույց են տալիս, որ գետեզերքի վրա Մարմաշենի մոտիկ մի շեն գյուղ է եղեր այս տեղը և ամենայն հավանականությամբ Վահրամաշեն կաթողիկեի հյուսիսային կողմի արձանագրության մեջ հիշված Տիրաշեն գյուղը։ Գետի երկու եզերքին վրա դեռ մինչև այժմ երեում են հին ջաղացների և ձիթհանքերի մնացորդներ այս գյուղին հատուկ։
Կումայրիից սեպտեմբերի 10-ին մեկնեցի դեպի Ղափըլի գյուղը, որ գտնվում է Կումայրիի (Լենինական) շրջանում։ Երրորդ անգամն էր որ այցելում էի այս նախնադարյան և ուրարտական հնություններով հարուստ գյուղը։ Նախորդ այցելություններս փոքր ինչ սահմանափակ եղած էին, այս անգամ հնար եղածին չափ ավելի ընդարձակ սահմանի մեջ կատարեցի հետազոտություններս։
Գյուղի մեջ կա մի ավերակ բերդ, որուն գյուղացիք Ղուլա անունն են տալիս։ Այս բերդը շինված է սրբատաշ քարերով և նայելով շինելակերպին 12-13-րդ դարերու գործ է և ոչ ավելի հին, սակայն հայտնի է, որ հիմքից նոր չէ շինված այս բերդը:
Շատ հին ժամանակ, թերևս նախնադարյան շրջանում այդ միևնույն տեղին վրա եղել է բավականին ընդարձակ մի ամրոց՝ կիկլոպյան հսկա քարերով անշաղախ շարված հսկա պատերով։ Նույնիսկ ունեցել է քառակուսի բուրգեր արտաքուստ, սակայն ժամանակի ընթացքում ավերվել է։ Սակայն վերջին դարերում տեղին բարձրադիր ամրությունը և հարմարությունը բերդի համար, ստորին շարքերը թողելով նախնական վիճակին մեջ վրան շարել են հրաբխային սրբատաշ քարերով բարձր պատեր, նույնիսկ պահել են նախնական բուրգը՝ վրան սրբատաշ քարերով պատ շարելով։
Հետագայում նոր բերդը կանգներ են հին նախնադարյան ամրոցի մեկ մասին վրա․ և բերդին շուրջը թափված քարերը այնքան հսկայական մեծություն ունեցեր են, որ ոչ միայն վերջին բերդի շինության ժամանակ տեղնուտեղը թողել են առանց մաքրելու և տեղափոխելու, այլև մինչև այսօր իսկ մնում են հսկայական որձաքարի զանգվածներ՝ ոմանք հին պատերի տեղին միմյանց վրա դրված և ոմանք անկարգ կերպով գլորված զանազան կողմեր։
Գյուղի հարավ արևմտյան կողմը, գրեթե գյուղին կից, երևում են նախնադարյան ժամանակի մի քաղաքի կամ ընդարձակ գյուղի բնակարանների մնացորդներ բավականին խիտ, բայց սաստիկ ավերված ու քայքայված։ Հազիվ մի քանի տեղերում երևում են երկու կամ ավելի մետր բարձրությամբ պատերի մնացորդներ, որոնք ևս հետզհետե քայքայվելու և անհայտանալու վրա են։ Ինչպես երևում են հետքերից, վերջին 12-13 դարերին նորոգ շինված բերդի ժամանակ մարդկային բնակություն է եղել հնագույն քաղաքի կամ գյուղի մեջ, որոնք հավանորեն ընդհանրապես օգտվել են հնագույն պատերից՝ իրենց բնակարանների համար։ Այս տեղի վրա ժողովրդի վերջին բնակության ապացույց է ավերակների կենտրոնի վրա գտնված մի մատուռի մնացորդը, որ թեև մինչև հիմքը կործանված է, սակայն կան մեջը քանդակազարդ քարեր, որոնց ոճը բացարձակապես 13-րդ դարաշրջանին կպատկանի։ Ըստ գյուղացիների տեղեկության, այս ավերակների մոտերքը հաճախ գտնվում են երկու տեսակի գերեզմաններ. մեկ տեսակը քրիստոնեական սովորական գերեզմաններ են, իսկ մյուս տեսակը քարե սալերով արկղաձև շինվածներ, որոնց մեջ գտնվում են կմախքներ և կճուճներ։ Բացի մոխրալից կամ հողալից կճուճներից, զանազան տեսակ մեծ ու փոքր ուլունքներ, բրոնզյա ապարանջաններ և ուրիշ բրոնզյա իրեղեններ կգտնվին այդ գերեզմանների մեջ։ Սալաքարերով շինված գերեզմաններից ջոկ, կան միակտուր քարից փորված մարդաչափ մեծությամբ դագաղներ, որոնց վրաները դարձյալ ծածկված են սալաքարերով։ Դագաղին մեջ գտնվում են հաճախ ուլունքներ, բրոնզյա ապարանջաններ և մանր կճուճներ։ Այս գյուղի շրջանում գտնվում են մարդաչափ մեծությամբ կարասներ, որպես դագաղ գործածված։ Կարասները թաղված են նախապես մեծամեծ սալերով արկղաձև պատրաստված տեղի մեջ և վրան հողով ծածկված, կարասների մեջ միմիայն մարդկային ոսկորներ են գտնվում։ Նույնիսկ այս տարի գտնվել են տասից ավելի քարափոր դագաղներ և կարասներ, սակայն ինձ անձամբ չհաջողվեց տեսնել տեղին վրա նրանց դասավորությունը։ Քարե դագաղները տեղերից հանելով տարել են դրել գյուղացիք իրենց գոմերի դռանը՝ անասուններին ջուր խմեցնելու համար։ Իսկ գյուղացիների ասելով, կարասներն արդեն մինչև հողից հանելը փշրել են և կտորները ոչնչացրել։ Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ գյուղացիներից մեկը՝ նախորդ անգամ գնալուս, բերավ ագաթ քարի վրա փորագրված մի քառակուսի կնիք ինձ անհասկանալի նշանագրեր փորագրված վրան, բայց այնպիսի առասպելական գին ուզեց, որ ինձ համար անհնար եղավ նույն հետաքրքրական կնիքը գնել, այս անգամ թեև հետաքրքրվեցի, բայց այլևս այդ մարդը չգտա գյուղում և տեղ գիտցող չեղավ։
Հետզհետե ճանապարհս շարունակելով դեպի հարով արևմուտք, տեսա մի շատ հետաքրքրական աղբյուր, ջուրը դուրս է գալիս գետնի միջից երկու տարբեր տեղերով։ Ջուրը դուրս գալու տեղից սկսում է անտաշ սև քարերից երկու զուզահեռական շարքեր ուղիղ գծով դեպի նախնադարյան քաղաքի ավերակները, անշուշտ նախնական ձևով առանց խողովակի շինված է ջրի ճանապարհը և ջուրը բերված է նախնադարյան ավերակներից 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնված լեռներից։ Տարակույս չկա, որ ավերակ քաղաքի ջրերն ևս գալիս էին այս ճանապարհով։ Առաջանալով աղբյուրից դեպի հյուսիս արևելք կրկին երևում է հողի երեսին ամրոցանման պատերի հիմքերու մնացորդներ, ավելի քան երկու և կես մետր լայնությամբ։ Այս պարսպանման մնացորդներից դեպի արևելք գտնվում է Շահ-թափա (Արքայաբլուր) կոչված արվեստական մեծ բլուրը։ Այս բլուրը գտնվում է միանգամայն տափարակ դաշտի վրա, ունի նեղ ու երկար ձև։ Բլուրի բարձրությունը կհասնի գրեթե 8 մետրի։ Բլուրի վրան միանգամայն հնագույն մաքրված և արտի է վերածված ներկայիս։ Երկայնությունը ուղղված է արևելքից արևմուտք. վերևի կողմից շրջապատված է եղել հաստ պարիսպով մոտավորապես 2,70 մ. հաստությամբ։ Բլուրի երկարությունը գագաթի վրայից 122 մ. է, լայնությունը 47-48 մետր։ Պարիսպների համար գործածված են առանց բացառության մեծազանգված որձաքարեր, առանց շաղախի, և իսկական հիմքերը գտնվում են թերևս բլուրի ութ մետր բարձրությունից ցած դաշտի հողերի վրա։ Լանջերը թեքված են դեպի դուրս և վրաները երևում են, բացի շրջապատող պարսպից, շառավիղաձև պատեր՝ դեպի ցած նույնպես անտաշ որձաքարերով։ Շրջապատող պարսպի մեջ տեղ տեղ երևում են շինությանց հետքեր, որոնց ինչ տեսակ շինություններ և ինչ ժամանակի լինելը ստուգելու համար որոշ չափով պեղման կկարոտի։ Արևելյան ծայրին վրա երևում են անհեթեթ մեծությամբ որձաքար ժայռեր, որոնք բնական ժայռի տպավորություն են թողնում, սակայն նույն մեծությամբ ժայռեր տեղափոխելու և ուզած տեղերը զետեղելու օրինակներ շատ են տվել նախնադարյան շրջանի մարդիկ։ Հավանական եմ կարծում, որ բլուրի ամբողջ երկարությամբ նախ մեծամեծ ժայռերով կազմած են բարձրությունը և հետո վրան հող լցրած։ Արևմտյան ծայրին բացված էր մի փոքր ծակ, որուն մեջ մտցնում էին երկար գավազաններ կամ ձողեր, սակայն մինչև հատակ չէին հասնում։ Թերևս բլուրի ներքև գտնվում են առանձին բաժանումներ գերեզմանների կամ դամբարանի համար։ Առանց այդ դիտավորության միտք չէր ունենալ այս մեծ բլուրը կազմելու։ Բլուրի շրջապարիսպին դուռը հայտնի է հյուսիսային կողմի վրա, իսկ ուրիշ կողմերում դուռ ունեցել է թե՞ ոչ, առայժմ տեղի վրա հայտնի չէ։
Հետևյալ օրը (սեպտեմբեր 11) գյուղից երեք կիլոմետրի չափ դեպի հարավ, այցելեցի այն սարը, որուն գյուղացիք Բերդ անունն են տալիս։ Նախորդ տարիների այցելություններիս ժամանակ թեև լսել էի այս բերդի մասին, սակայն անձամբ չէի գնացել մինչև գագաթը։ Դաշտային մասը անցնելուց հետո, երբ մոտենում ենք սարալանջին, այստեղից արդեն հայտնի է Բերդ բարձրանալու հին ճանապարհը, մոտավորապես հինգ մետր լայնությամբ, իր ժամանակին շատ լավ հարթված և եզերքները քարերով պահպանված է եղել մինչև գագաթ բարձրանալով՝ հարավային մեծ դռան առջև հասնելը։ Հարավային դուռն այժմ քայքայված է, սակայն տեղը հայտնի է երկու բուրգերու միջև, այժմ ևս ուրիշ տեղից բերդի մեջ մտնելու անցք չկա հարավային կողմից, բացի այդ փլատակ դուռը։ Բերդին միջի տարածությունը բավական րնդարձակ է, կան մի շարք շինությանց հետքեր, կրոմլեխներ՝ շատ նման նախնական տիպերին, այս կրոմլեխներեն մեկը լուսանկարեցի կողքին ընկած մի հաստ մենաքարով միասին։ Այս մենաքարին մի կողմը հաստ է, իսկ մյուս կողմը՝ բարակ, այս բարակ կողմից քարը կոտրած է, որով երկարության նախկին չափը մնում է անորոշ․ մոտավորապես քառակուսի է մենաքարը անհավասար կողմերով, լայն կողմը 53 սմ. է, իսկ նեղ կողմը՝ 39 սմ., քարի երկարությունն է 1,73 մ. մինչև կոտրած գլուխը։ Այս բերդի շինությունը իր շինվածակերպով անվրեպ ժամանակակից է Ադիամանի մոտակա բարձունքների վրա շինված վարի Բերդին և Ղըրխ Դակիրմանի մոտի մեծ բերդին։ Այս շինությանց ոճը նախապատմական երկրորդ շրջանի բերդաշինության ոճն է, քարերը անտաշ, բայց համեմատաբար փոքր են, և ունին հորիզոնական լարաձիգ ուղղությամբ շարքեր միմյանց վրա։ Հարավային և արևելյան կողմերը, որոնք փոքր ի շատե մատչելի են, ամրացված են քառակուսի բուրգերով. հարավային կողմը ունի հինգ բուրգ, իսկ արևելյան կողմը՝ չորս բուրգ։ Արևելյան կողմեն ևս թեև դուռ ունեցել է, սակայն փլուզմամբ փոխվել է մի քարակույտի, որով հայտնի չի լինում թե ի՞նչ մեծություն և չափ ուներ։ Բերդի մեջը տեղ տեղ, մասնավորապես ընկած մենաքարի մոտերը, զանազան քարերի վրա փորագրված են 5 սմ. տրամագծից մինչև 12 սմ. տրամագիծ ունեցող կլոր փոսիկներ, ինչպես որ տեսանք Մարմաշենի բևեռագրի մոտի ժայռի վրա (նաև Աղցում մի ամբողջ մեծ ժայռի ճակատին փորագրված են այս խորհրդավոր բոլորակ փոսիկները)։ Բերդի շրջապատից դուրս ևս զանազան քարերի վրա կան այս բոլորակ փոսիկներից և ասոնցմե ոմանց տրամագիծը կհասնի 20-25 սմ.։
Բերդից դեպի արևմուտք կա մի ուրիշ բարձրություն, գրեթե բերդի հավասար բարձրությամբ, որուն ամենաբարձր կետին վրա կա անտաշ մեծ քարերով շարված մի բոլորակ, որուն գյուղացիք միտուռ անունն են տալիս։ Այս մնացորդի նախնական վիճակը չէ մնացած, պարբերաբար ավերումների պատճառով։ Վերջին ժամանակները, թերևս հին մի ավանդության հիման վրա, քրիստոնեական մատուռի են վերածել։ Շինվածքները հետնագույն կարկատաններով թեև այլայլված, սակայն երևում է, որ նախապես եղած է մի դոլմեն Օշականում և այլ տեղերում գտնված դոլմենների նման, նախնական ժամանակի վրայի ծածկույթ մեծ սալաքարերն ընկած են մեջը և այսօր ևս կերևին հատակին վրա կիսով չափ թաղված հողին մեջ։
Սեպտեմբեր 11-ին, երեկոյան մոտ, Ղափըլուից հեռացա և ուղևորվեցի դեպի մոտակա Սոնգուրլու գյուղը։ Այս գյուղի մեջ հնությանց հետքեր չեն երևում, սակայն գյուղի կողքին գտնված ձորի մյուս ափին գյուղացիք շիներ են փոքր շինություններ, որպես ուխտատեղի կամ մատուռներ՝ հետևելով անշուշտ հին ավանդություններին։ Մատուռներ կանգնված հողամասը, որ այժմ գյուղական գերեզմանատուն է, եղել է նաև ի հնումն գերեզմանատուն։ Հին գերեզմանատան տապանաքարերի մեծ մասը թաղված են հողի տակ՝ հազիվ նշմարելի է նրանց ոևէ մասը։ Այժմյան գյուղացիք իրենց ննջեցյալի վրա քար ձգելու համար, օգտվում են հին տապանաքարերից։ Բացի հին տապանաքարերից ներկա գյուղացիք իբրև տապանաքար գործածել են 10-11-րդ դարու գեղաքանդակ խաչքարերի բեկորներ, խարիսխներ, խոյակներ և ուրիշ շինությանց սրբատաշ քարեր։ Այս քանդակագործական և ճարտարապետական գեղեցիկ բեկորները ցույց են տալիս, որ ի հնումն այս տեղերում եղել է խիտ բնակչություն, նաև եկեղեցի։ Ճարտարապետական մնացորդ խոյակները շատ նման են Խծկոնքի սբ. Սարգիս եկեղեցիի ներքին որմնասյուների խոյակներին, որ նմանապես 10-11 դարերու շենք է և քանդակագործության այդ ոճը հետագայում գրեթե փոխված և մոռացված է, տեղի տալով նորագույն ձևերի։ Գյուղի պաշտոնական անձանց խնդրեցի, որ իբրև մատուռ շինված շենքերից մեկը հատկացնեն թանգարանի կամ գեղարվեստական բեկորների հատուկ ժամանակավոր պահեստի։ Մասնավորապես հանձնարարեցի, որ հնար եղածին չափ շուտով վերցնեն և պահպանեն մի մեծ խաչքարի կտոր, որ գործածել են իբրև տապանաքար, որուն նման ճոխ և ճարտար փորվածք ունեցող և իր առանձնահատուկ ոճով, գրեթե ես առաջին անգամն էի տեսնում 10-11-րդ դարերի քանդակագործության մեջ։
Երկրորդ անգամն էր, որ այցելեցի Հոռոմ գյուղը, սեպտեմբեր 12-ին գյուղի շրջակայքի նախնադարյան ավերակներն ու ամրոցները հետազոտելու համար։ Գյուղը ներկայիս շինված է մի շարք բարձր բլուրների ստորոտին, իսկ բարձրը, բլուրների վրա, գտնվում է նախնադարյան մի մեծ քաղաքի և ամրոցների ավերակներ, որոնք հոռոմցիները անվանում են Ղալաիչի։
Սոնգուրլիից դեպի Հոռոմ տանող ճանապարհը դեռ Հոռոմ չհասած, կես կիլոմետր մնալով, սկսում են երևնալ ճանապարհի աջ և ձախ կողմերի վրա կրոմլեխներ, որոնք թեև ճանապարհին անցուդարձ անող սայլերի, մարդկանց և անասունների ոտատակ տրորվել ու մաշվել են, այնուամենայնիվ դեռ բոլորովին չեն կորած հետքերը։ Այստեղ ես չափեցի երկու անսովոր մեծությամբ կրոմլեխներ, որոնց մեկուն տրամագիծն է 7 մ. 50 սմ., մյուսինը՝ 5 մ. 20 սմ.։ Այս կետից սկսած մի ճանապարհ ձախ կողմից բարձրանում է դեպի բլրագագաթները, իսկ աջ կողմեն երկար տարիներե ի վեր մշակել և արտերի ու բանջարանոցների են վերածել, որով կորսվեր են բոլոր հնությանց հետքերը։ Այս արտերը ու բանջարանոցները մոտավորապես մեկ մետր ցած են ճանապարհից, որուն պատճառը շատ պարզ է, տարիների ընթացքում շարունակ մաքրել են այդ կողմի վրա գտնված նախնադարյան շրջանի պատերի մնացորդներ, գերեզմաններ և այլն, որով հողը այդքան ցածրացել է մեջը գտնված քարերը մաքրելու հետևանքով։
Այս անգամ Հոռոմ այցելությունս խիստ տխուր տպավորություն թողեց իմ վրա. 1911 թվականին այցելությանս ժամանակ, ինչ որ տեսել և լուսանկարել էի ավերակներից, կիկլոպյան պարիսպներից, ոչ մեկը նույն վիճակի մեջ չէր մնացած։ Գյուղացիք անդադար քանդում են պատերն ու գերեզմանները և քարերը տանում են գյուղ իրենց այժմյան պետքերու համար։ Մի քանի պարսպամասեր գրեթե բոլորովին անհայտացել են, իսկ մնացածներն ևս անհետանալու և այլափոխվելու վրա են։ Եթե վաղօրոք աոջևը չառնվի այս ավերածության, շուտով կկորչին պատմական կարևոր հուշարձանների հազվագյուտ նմուշներ։
Հոռոմ գյուղի մոտի նախնադարյան քաղաքը (այժմ Ղալաիչի) շինված է եղել գյուղին կից բարձր բլուրի վրա, որուն նիստը սկսում է նույնիսկ գյուղից և զառիվեր թեք բարձրանալով հասնում է գագաթին։ Գագաթը շատ ընդարձակ է, թեև խորդուբորդ, ունի իր ընդարձակ տարածության մեջ բլրակներ, փոսեր, զառիվայրեր և հարթ մակերևույթով մասեր, սակայն այս անհավասար մակերևույթով ընդարձակ տարածության վրա մի ժամանակ խտացած է եղել բնակիչների մի հոծ բազմություն։ Գրեթե ազատ տեղ չէ մնացած, բնակարանների հիմերը միմյանց այնքան մոտիկ են, որ տեղ տեղ հազիվ մեկ կամ երկու մետր տեղ մնացած է փողոցների լայնության համար։ Թեև տեղ տեղ մինչև 5 մետր լայնության փողոցներ ևս կան, բայց այս լայն փողոցները խիստ կարճ են և խաոնվում են նեղ փողոցների հետ։ Բնակարանների խտությունը սկսվում է Հոռոմ գյուղի մոտից և շարունակվում է մինչև գագաթ. այս բլրի գագաթը բարձրացող բնակարանների խտության մեջ երևում են նաև ձեռագործ ստորերկրյա այրեր, որոնց մուտքերը այժմ խափանված են։ Բլուրի բարձրության վրա ընդարձակ քաղաքը ամբողջովին շրջապատված է եղել մեծազանգված որձաքար պարիսպներով՝ առանց շաղախի։ Իսկ քաղաքին մեջը, զանազան պարիսպներով բաժանված է քաղաքամասերի, որոնց պատերը նույնպես շինված են որձաքարի մեծամեծ զանգվածներով։
Արտաքին շրջապատի պարիսպները ունեցեր են հսկա քառակուսի բուրգեր, բոլորովին նախնական ձևով շարված, գրեթե քարերի կուտակումներ են քան թե շարք, ամենայն հավանականությամբ այս բուրգերը բրգաշինության առաջին շրջանին կպատկանին, որովհետև հետագայում զինված բուրգեր շատ կան, որոնք ավելի կանոնավոր շարքի են ենթարկված։ Ընդարձակ քաղաքը պարիսպից դուրս շրջապատված է միմյանցից բարձր ու ցածր մեծամեծ բլուրներով։ Այս քաղաքատեղի դիրքը կարծեք հատկապես ընտրված է ամրության համար. արևելքից և հարավից կիսալուսնաձև կշրջապատեին քաղաքը մեծամեծ բլուրները, իսկ մյուս կողմերի վրա քաղաքատեղը ինքը բարձր դիրքի վրա էր և գրեթե անմատչելի այն ժամանակ։ Այս բլուրներեն ամենաբարձրը հարավային կողմի բլուրն էր, շրջապատված վիթխարի կիկլոպյան պատերով, իսկ մյուս բլուրները, թեև համեմատաբար ցած քան այս հարավային բլուրը՝ սակայն բոլորն էլ շրջապատված են հաստակառույց պարիսպներով և խիստ շատ ուսումնասիրելի շինությանց մնացորդներով։
Գյուղի արևելյան կողմին անմիջապես կից բլուրի գագաթին, որ շրջապատված է առանձին պարիսպով, մեջտեղի հարթության վրա կա մի շատ հետաքրքրական շինության մնացորդ։ Ամեն անգամ այցելությանս միջոցին երկար կանգ եմ առել այստեղ հասկանալու համար, թե ինչ շենքի մնացորդ է, սակայն վերջնականապես այն եզրակացության եմ եկել, որ առանց մասնավոր պեղումների անհնար է որոշել այս տարօրինակ շենքի հատկանիշը, որը թեև շինված է նախնադարյան շենքերի բոլորովին նման կաոուցմամբ, սակայն ձևով միանգամայն եզակի հատկություններ ունի։
Շենքը գրավում է պարիսպով շրջապատված մասի մեջտեղը և հետաքրքրական է մի քանի տեսակետներով։ Հատակագիծը շրջապատված է կիսաբոլորակ աբսիդներով և բոլորաձև կամ վարդաձև է (տրամագիծը չափել հնար չէ, որովհետև մեծ մասամբ թաղված է հողի մեջ)։ Պատերը շարված են նախնական ձևի կիկլոպյան քարերով, արտաքուստ առանց նկատելի լինելու, ներքին երեսների վրա երևում է կրաշաղախ կիսաբոլորակ աբսիդներ ու թիվը անորոշ է, թեև մինչև ութ հատը երևում են, բայց ամբողջը քանի հատ լինելը մասնավոր պեղումով միայն հայտնի կլինի։ Աբսիդների արևելյան կողմինը մի քիչ ավելի մեծ է երևում, քան մյուսները, սակայն այս երևույթը կարծեմ փաստ չի կարող լինել, որ մի քրիստոնեական շինություն համարենք. գուցե հողի տակ եղածների մեջ ևս կան տարբեր մեծությամբ աբսիդներ, արևմտյան կողմը գրեթե ամբողջովին հողի տակ է տակավին։ Շենքը ավելի աշտարակի տպավորություն է թողնում քան մի ուրիշ նպատակի համար շինված շենքի։
Սույն հետաքրքրական հատակագիծը պարունակող պարսպապատի մասի արևելյան կողմը, պարիսպից դուրս երևում է մի ընդարձակ հրապարակ, այս հրապարակին մի մասի գետինը երևում է մեծամեծ քարերով սալած, և ամենևին շինությանց հետքեր չկան հրապարակին վրա միայն կան մեծամեծ ժայռեր, ոմանք բնական և ոմանք շարժական, որոնց վրա փորագրված են խորհրդավոր նշանագրեր այս ձևերով ---յուրաքանչյուր փորագրված նշանագրին երկարությանը կհասնի մինչև հիսուն սմ․, իսկ խորությունը 4-5 սմ․, նույնքան լայնությունով։ Սույն հրապարակին կից դեպի հարավ արևելյան կողմը կան մի քանի հատ անհեթեթ մեծությամբ քարեր, որոնց վրա երևում են բոլորովին նախնական ձևով տաշվածքի հետքեր, շատ պարզ երևում, է, որ այդ անհեթեթ մեծությամբ քարի զանգվածները շինված են իբրև խարիսխ սյուների, որովհետև վրաները շատ որոշ են սյուների բոլորակ հանգիստները, ինչպես երևում է, ինչպես ուրիշ տեղեր, նույնպես այստեղ ևս ազատ չէ մնացած շրջակա գյուղացիների ավերումներից։ Հայտնի բան է որ այստեղ եղել է մի մեծ հասարակական շինություն, առջևը հրապարակով, սակայն այդ շենքի փլատակի քարերը ամբողջովին անհետացած են, եթե դիպվածով մնացել են հսկայական խարիսխներ, պատճառն այն է, որ տեղերից շարժել անհնարին է առանց ջարդելու, իսկ ջարդելն էլ որոշ դժվարությունների հետ է կապված։
Սալահատակված հրապարակի արևելյան կողմը և անհեթեթ մեծությամբ խարիսխների հյուսիսային կողմը կա մի ձորանման խորություն, որը հասնում է զառիվայր ձևով մինչև դաշտ։ Զննությանը ցույց տվեց, որ այս ձորանման տեղը մասամբ արվեստական է։ Ժամանակին քաղաքի դիրքին համեմատ այդ տեղից շիներ են մի ձեռագործ ճանապարհ, և այդ ճանապարհի ծայրը դաշտին մոտ եղեր է քաղաքի դուռը։ Անշուշտ այդ ընդարձակ քաղաքը մի դռնով չէր բավականանար, սակայն ուրիշ տեղերի վրա դռների հայտնի նշաններ չկան։
Հրապարակից և խորհրդավոր շենքի հիմունքը պարունակող բլուրից առաջանալով դեպի հարավ կհանդիպենք մի ուրիշ պարիսպի, որը եղել է մի առանձին քաղաքամաս։ Այս քաղաքամասից ևս դարձյալ ուղիղ դեպի հարավ առաջանալով կգտնինք մի հարթավոյր, որուն արևմտյան կողմը դարձյալ քաղաքամաս է՝ քիչ առաջ գրածս հնագույն մեծ ամրոցի ստարոտին շուրջը փռված, իսկ արևելյան մասին վրա բավական ընդարձակ տարածությամբ մի գերեզմանատուն է՝ կրոմլեխներով խտացած։ Այս կրոմլեխներից է, որ պ․ Բագրատ Խալաթյանը բացել է երեսուն հատի չափ, ըստ հոռոմցիներու վկայության, բավական շատ առարկաներ հանել է, սակայն ո՞ւր կամ ո՞ր թանգարանը տարել է հանածները, ինձ հայտնի չէ։ Այս ընդարձակ գերեզմանատունը երկարավուն ձև ունի։ Խալաթյանի փորած տեղերեն քիչ ՛էլ առաջանալով դեպի հարավ կհասնինք քաղաքի ամենաբարձր տեղին, այս բարձրությունից այլևս կսկսի ցած իջնել ճանապարհը երկու կողմին խտացած կրոմլեխներով և կհասնի այն ճանապարհին, որ կտանի դեպի Սոնգուբլի, որուն մասին գրեցի հոդվածիս սկիզբը։ Պետք է նկատել, որ այս զառիվայրին կամ լանջին վրա եղող կրոմլեխները, որոշ չափով տարբեր են քաղաքին անմիջապես կից եղող կրոմլեխներից, այս գերեզմանների շուրջը սովորական ձևով բոլորակ անտաշ քարեր շարվելեն հետո, մեջտեղը հող լեցվելով, ուռուցիկ կերպով բարձրացած են և այդ բարձրության վրա՝ շրջապատի քարերից համեմատաբար փոքր քարեր լեցնելով ծածկած են ներքևը լեցված հողը։
Հոռոմի նախնադարյան ավերակ քաղաքը թերևս միակն է, որ իր մեջ հնագույն քաղաքակրթության ամեն մի նմուշ պահած լինելե զատ, քաղաքատեղը տակավին այնպիսի վիճակի մեջ է, որուն հատակագիծը կարելի է հանել աննշան վրիպումներով։ Այսօր էլ դեռ պարզ են լայն ու նեղ փողոցները, հրապարակները, մեծ և փոքր շենքերը, մանավանդ հասարակաց բնակությանց հատուկ տների բաժանումները՝ իրենց մի քանի հարամասունքներով։ Թեև ես պաշտոնապես պատվիրեցի այլևս դադարեցնել ավերումները և խրատել ժողովրդին, որ այլևս զգուշանան վնասել պատմական և գիտական մեծ արժեք ներկայացնող ավերակներին, սակայն իմ պատվերը այնքան էլ մեծ ազդեցություն ունենալուն մասին վստահ չեմ։ Իմ կարծիքով վերին իշխանությունն է, որ վճռական միջոցների պետք է դիմե և միանգամայն արգելե այնտեղ պեղումներ կատարել, քարեր տանելը և վար ու ցանք անելը։ Գյուղացիներեն ոմանք ամենայն սառնասրտությամբ պատմում էին, թե իրենց գութանը ինչեր է դուրս բերում այդ ավերակի մեջ, բայց դժբախտաբար տասնյակ տարիներե ի վեր գյուղացու գութանի միջոցով հայտնագործված իրեղեններ միանգամայն կորել են և պատմագիտությունը ոչնչով չէ օգտվել այդ թանկագին գյուտերից։
Արմուտլու գյուղի ծայրին նշմարեցի գյուղացիների ձեռքով շինված մատուռանման մի շինություն, որուն գյուղացիք Թուխ-Մանուկ անունն են տալիս, այս շրջափակը իբրև մատուռ շինել են այժմյան գյուղացիք՝ օգտվելով այն տեղերը գտնված քրիստոնեական հին հուշարձանների բեկորներից։
Հավաքել են մեջը 10-11-րդ դարերու հատուկ քանդակազարդ քարեր, խոյակներ, պսակների բեկորներ, նույնպես նույն դարաշրջանների հատուկ խաչքարերի բեկորներ, նաև կա մի մեծ պատվանդան հավանորեն 7-րդ դարու, որուն վրա կանգնված է եղել քառակուսի մի կոթող։ Այս ամենը հարմար նյութեր են եղել քահանաների համար, միամիտ հավատացյալ ժողովրդին շահագործելու։ Այս երևույթը միշտ պատահում է խուզարկու շրջիկին գրեթե բոլոր հայ գյուղերում, և զարմանալի կերպով ամեն տեղ միևնույն Թուխ Մանուկ անունով։ Գյուղի մեջ ինձ շահագրգռող ուրիշ ոչինչ չգտա, ինչքան որ հարցաքննեցի գյուղացիներին հնագիտական մնացորդների մասին, երբեք դրական պատասխան չստացա։ Ճանապարհս շարունակելու սլահուն նկատեցի գյուղին գրեթե կից մի բարձր բլուրի վրա ձեռագործ պատերու մնացորդներ։ Այս բլուրի գագաթին վրա եղել է նախնադարյան մի մեծ ամրոց, որուն շրջապարիսպի հիմերը միայն երևում են այժմ։ Ինչպես ամեն տեղ, նույնպես էլ այստեղ բազմաթիվ տարիներ շրջակա գյուղացիք օգտվել են այս ամրոցի պարիսպի քարերից, և հիմա մնացել են միայն հիմնաքարերը և ամրոցին շրջապատը որոշող սահմանը։ Ճանապարհս շարունակեցի դեպի Մահմուտճուք գյուղ, ուր եղել եմ արդեն մի քանի անգամ, հնություններով հարուստ այս գյուղը։
Արագածի շուրջը ընդարձակ շրջաններ կան, որոնք ամբողջովին հնագիտական թանգարաններ են. ամեն մի քայլափոխի կգտնվին նախաքրիստոնեական հին ժամանակներից սկսած մինչև քրիստոնեական 14-15-րդ դարաշրջանների հոյակապ և ուշագրավ հուշարձաններ։ Այսպես է Մահմուտճուք գյուղը յուր հեռավոր և մոտավոր շրջաններով։ Սկսած Արխվալիից, Հառիճից և Արթիկից մինչև Ադիաման, Մաստարա և Մազարճուք գյուղերը եղած հնագիտական մնացորդների հետազոտությունն ու ուսումնասիրությունը ստվար հատորներ կարող են լեցնել։ Այս ընդարձակ շրջանին գրեթե կենտրոնին մոտ կգտնվի այժմյան Մահմուտճուք գյուղը, ուր գյուղի անմիջական շրջակայքում կարելի է առանց մանրակրկիտ հետազոտության տեսնել նախնադարյան ժամանակներից սկսած մինչև քրիստոնեության 12-13-րդ դարերի հուշարձաններ՝ կանգուն, կիսավեր և ավերակ վիճակի մեջ, որոնց գոնե կանգուն եղածները ճարտարապետական և գեղարվեստական տեսակետով հիացում կպատճառեն։ Իսկ ավերվածները և անթիվ գերեզմանները թե՛ քրիստոնեական և թե՛ նախաքրիստոնեական շրջանների, ցույց կտան, թե այս տեղերը ո՛չ միայն անթիվ բազմություն է եղած, այլև շինարարական մեծագործություններ են կատարված։
Գյուղի մեջ չափավոր մեծությամբ կա մի 7-րդ դարու գողտրիկ եկեղեցի, որը հետզհետե ավերվելու վրա է։ Այս եկեղեցին 7-րդ դարու եկեղեցիներեն ամենեն ավելի համաչափ և ներդաշնակ կազմություն ունի․ կտուրին վրա գմբեթի երկու կողմերում ունի սենյականման հատկապես շինված խորշեր՝ կամարակապ, որոնք փոքրիկ մատուռներու հատկությունը չունին, անպատճառ շինված են մի այլ նպատակի համար, որն առայժմ գուշակել դժվար է։ Գմբեթի միայն կոնաձև մասն ընկած է, որուն տեղ գյուղացիները շինել են մի փայտեղեն զանգակատուն։ Կտուրները միանգամայն քանդված են, եթե ժամանակին չապահովվի՝ կարող է շատ շուտով կամարներն էլ ներքից քանդվին և գմբեթին հետ միասին կործանվի։ Ներսից և դրսից թեև պատերը հաստատուն են, սակայն երեսների քարերը սկսել են քանդվել, մանավանդ հարավային կողմը վտանգված է։ Արտաքին քարերը բավականին խոշոր ծավալով սրբատաշ են՝ վարդագույն և կարմրորակ գույնով, հյուսիսային պատին վրա տեղ-տեղ արաբերեն գրեր են գրված, ինչպես կերևի մի ժամանակ այս տեղն էլ մտեր է արաբների իշխանության տակ։ Որովհետև այս եկեղեցին փոքր էր, գյուղի բազմացած հասարակության չէր կարող բավարարել, ուստի արևմտյան կողմին շինել են վերջերս մի ընդարձակ եկեղեցի, որով ոչ միայն փակվել է արևմտյան դուռը, նաև ծածկվել է արևմտյան դռան վրայի մեծ ու գեղեցիկ քանդակագործությունը։ Քանդակը ներկայացնում է Մարիամը Հիսուսը գրկած, և մի մարդ առջևը աղոթում է, թերևս եկեղեցին շինողը։ Երևում են ուրիշ քանդակներ ևս, սակայն ժամանակի ընթացքում մաշվեր և կորցրել են իրենց ձևն ու կազմությունը։ Նորոգության հետքեր գրեթե չեն երևում թե՛ ներսը, թե՛ դուրսը, սակայն ոչ մի տեղ արձանագրություն չգտա, գուցե արևմտյան կողմը եղել է, սակայն նորագույն եկեղեցիի շինությամբ ծածկվել է։ Նորագույն եկեղեցին շինելու ժամանակ զանազան հին դարերու հատուկ քանդակագործ քարեր հավաքել են և շարել բեմի ճակատին։
Գյուղին անմիջապես կից, արևելյան կողմը, կան գերեզմանատներ զանազան տիպերի և զանազան ժամանակների։ Մեկ մասը շատ խոր հնություն կներկայացնե, գետնի միապաղաղ ապառաժը փորելով դագաղանման փոսեր են պատրաստած զանազան ուղղությամբ. ոևէ արևելադրություն գոյություն չէ ունեցեր այն ժամանակ, ամեն ուղղությամբ թաղեր են իրենց մեռելները։ Այս ժայռափոր գերեզմանների մեջ կան թե՛ մեծերի համար և թե՛ մանուկների համար փորվածներ։[15] Սույն նախաքրիստոնեական գերեզմաններին գրեթե կից է գյուղի նոր գերեզմանատունը՝ բավական երկար տարածության վրա դեպի հյուսիս։ Սակայն այս գերեզմանատունը ևս բոլորովին նոր չէ. այնտեղ կան մինչ 12-13-րդ դարու տապանաքարեր՝ վրաները մամռապատ և եղծված արձանագրություններով։
Այս գերեզմանատների արևելյան կողմը բարձրաբերձ բլուրի ստորոտին նորերս շինել են գյուղի դպրոցը, հիմքերը փորելիս դուրս են եկել այլ տիպի գերեզմաններ՝ նախաքրիստոնեական շրջանի, այս գերեզմանները շինված են արկղաձև սալաքարերով այս ձևով, որոնց մեջ բացի կմախքներից ուրիշ բան չեն գտնվել, բայց այս տիպի գերեզմանների հետ խառն են քարաշեն դագաղներ և ընդարձակ տարածության վրա շրջապատում են հիշածս բարձրաբերձ բլուրը։ Այս քարափոր դագաղներից այնքան շատ են գտնվել և հանվել այս տեղերից այս տարի, որ շատերն իրենց տան դուռը անասունները ջրելու համար իբրև գուռ զետեղելե զատ, երեսուն և հինգ հատ ևս տարել են իրենց յայլաղը, նույնպես անասուններ ջրելու ջրի գուռ շինելու համար։
Գյուղի հարավ արևմտյան կողմը, մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա, կա մի այլ գեղեցիկ, չափավոր մեծությամբ եկեղեցի, հավանորեն 11-րդ դարու, որը հետզհետե քայքայվելու վրա է. վրան ունի մի քանի կիսաեղծ արձանագրություններ, որոնք ինձ չհաջողվեց կարդալ. թերևս այդ արձանագրությանց մեջ գտնվեր շինողի անունը։ Եկեղեցվո հյուսիս արևելյան կողմը մի փլատակ կա, որուն ինչ լինելը գրեթե անորոշ է, սակայն նայելով իր դիրքին և չափին, մի աշտարակի է նմանում, թերևս մի զանգակատուն եղած լինի կանգնված եկեղեցուց 20-25 քայլ հեռավորության վրա։
Այս եկեղեցվո արևմտյան կողմը մոտավորապես 200-ից 300 քայլ հեռավորության վրա կգտնվի մի հոյակապ գերեզմանի փլատակը՝ գեղաքանդակ հսկա խաչքարով և մի երկար արձանագրությամբ՝ միակտուր քարի վրա։ Խաչքարին կեսը կոտրած և անհայտացած է, իսկ արձանագրության մեկ մասը վնասված է, այնուամենայնիվ բավականին տառերը մաքուր պահված և արձանագրությունը ընթեռնելի է։
Ըստ այս մեծ արձանագրության, այս հոյակապ խաչարձանը կանգնողն է ոմն Հայր Սարգիս ի հիշատակ մի Ապլղարիպ իշխանի հիշատակին ՆՁԵ (1036) թվականին։ Անշուշտ այս Ապլղարիպը Անիի Փրկիչ եկեղեցին շինող Պահլավունի Գրիգոր իշխանի որդի Ապլղարիպ իշխանն է, որ այս կողմերում ունեցել է իր բնակությունը, կալվածները և կառուցել է եկեղեցիներ (ըստ մեծ արձանագրության)։ Թերևս մոտակա եկեղեցին ևս այս Ապլղարիպի շինածն է։ Նախորդ այցելությանս ժամանակ լուսանկարել եմ այս գերեզմանի մեծ արձանագրությունը և խաչքարը։ Վերջին այցելության ժամանակ, այդ արձանագրությունը հայտնաբերող արտատերը մեռած էր, սակայն այս անգամ հանգուցյալի Արտաշ անունով եղբոր որդին պատմեց, որ մի օր արտը ջրելիս, հանկարծ խաչարձանի փլատակների մոտ մի ծակ է բացվել և արտը ջրելու համար վազող առվի առատ ջուրը թափվելով այդ ծակեն ներս, անհայտանում էր երկար ժամեր, վերջապես, ճարահատված առվի ընթացքը փոխել ՛են, որով հնար եղել է արտը ջրել։ Այս պատմությունը ինձ ենթադրել է տալիս, որ անպատճառ կա մի ստորերկրյա դամբարան հաստատուն շինված, որ այդ ջրերը գնում էին դամբարանի մեջ։ Գետնի տակ կամարակապ դամբարաններ շինելու սովորությունը շատ հին էր և մենք բազմաթիվ օրինակներ ունինք այս տիպի դամբարանների և հիշյալ Արտաշի ասելով տեսել են կամարակապի նշանները։ Չափազանց կարևոր է այդ անտերության մատնված կարևոր արձանագրությունը ապահովել և մի փոքր պեղումով ստուգել ստորերկրյա դամբարանի գոյությունը, թերևս ավելի կարևոր հայտնություններ կլինին այդ մասնսւկի պեղումով։ Չմոռանամ ըսելու, որ այս անգամ այցելությանս տեսա, որ Ապլզարիպի արձանագրությանը սկսեր էր մամռոտել, եթե այսպես գնա կամ ամբողջովին կմամռոտի և անընթեռնելի կլինի, և կամ գյուղացիք կջարդեն և կգործածեն իրենց շենքերի մեջ։
Այս գյուղում, խուզարկությանս պահուն, գյուղացիներեն մեկը հայտնեց, որ իրենց դարմաննոցի պատին մեջ մի արձանագրություն կա հյուսված։ Գնացի անձամբ տեսա արձանագրությունը։ Խիստ մեծատառ մի արձանագրության բեկոր է և գրված է կտուրի տակ իբրև պատվանդան սյունի. հնար չկար քարը տեղից հանելու հեշտությամբ առանց կտուրին վնասելու, ուստի այդ վիճակին մեջ թողի միայն խնդրելով անաղարտ պահեն։
Մահմուտճուքի հարավակողմը երկու կիլոմետր հեռավորության վրա բարձր տեղում գտնվում են գյուղի ջրաղացները։ Այս ջրաղացների դիմաց կա մի եկեղեցի բավականին վնասված, մի ժամանակ ունեցեր է արևմտյան կողմին վրա մի գավիթ, որուն հյուսիսային պատն է միայն մնացել, մնացած մասերը ամբողջովին քանդված են։ Այս եկեղեցին 11-րդ դարու սկզբին է կանգնված Մակարավանք անունով և շեն է եղած գրեթե մինչև 19-րդ դարու սկիզբը։ Վրան ունի ամբողջ և թերի արձանագրություններ, ներսը խորանի աջ կողմի որմասյան վերևը ևս կա մի արձանագրություն մասամբ եղծված, ամբողջովին անաղարտ մնացել է արևմտյան դրան վրայի արձանագրությունը։
Եկեղեցու արևմտյան կողմը մի քանի քայլի վրա կա մի խոր ձոր, ձորին մեջ կա մի փոքր մատուռ և ուրիշ շինության մնացորդներ։ Երբ Մակարավանքը վտանգվեր է, մի քանի տարի առաջ վանահայրը բնակել է ձորի մեջ գտնված վանքում և ուխտավորներ կընդունե եղեր այդ մատուռի մեջ հանուն Մակարավանքի։ Այժմ այդ մատուռը ևս ամայի է։
Շիրվանճուք գյուղը հազիվ թե երկու կիլոմետր հեռավորություն ունենա Մահմուտճուք գյուղից, և կարծեք շարունակությունն է Մահմուտճուքի նախապատմական շրջանին գոյություն ունեցող բազմամարդ ու շեն երկրին։ Մահմուտճուքից դեպի Շիրվանճուք հետզհետե բարձրանում է ճանապարհը քարքարուտ և ապառաժուտ ժայռերով լի սարը, որ կողմը որ նայիք անպայման կտեսնեք կիկլոպյան պատերու մնացորդներ զանազան բլրացած բարձրությունների վրա։ Կան տեղեր, ուր որոշ են մարդկային ձեռքի աշխատանքը՝ քարքարուտ տեղերի վրա ճանապարհներ բաց անելու և գետինը որոշ լայնությամբ հարթելու համար։ Դեպի սար վերելքի կես ճանապարհին կամ քիչ ավելի վերև հիմնված է Շիրվանճուք գյուղը։ Գյուղին մեջ ուշագրավ մի հնություն չի երևում, երկարատև բնակչության շինարար աշխատանքի պատճառով հնությունների ամեն հետք կորել է, մնացել է միայն մի եկեղեցի։ Շիրվանճուքի եկեղեցին 5-րդ դարուց այս կողմ բերել հնար չէ՝ իր ունեցած ճարտարապետական հատկանիշներով։ Հատակագծի նեղ և անհամեմատ երկար ձևը հայոց նախնական եկեղեցիների հատկությունն ունի, խորանի կամարաղեղը կատարյալ պայտաձև է, ներքին որմասյուների խարիսխները բոլորովին նման քանդակագործություն ունին, ինչպես ուրիշ փաստացի 5-րդ դարուն պատկանող խարիսխներին։ Եկեղեցու վրան ծածկված է եղել քարեղեն կամարով, որուն հետքը մնացել է ներսի կողմից արևմտյան պատի վրա։ Բացի 7-րդ դարու նորոգության վերագրելի մի քանի մասերից, ունի նաև այնպիսի հատկանիշներ, որոնք այս շենքը ավելի հեռու կտանին քան 5-րդ դարը։ Կարելի է ըսել որ շենքն սկզբից պատուհան չէ ունեցեր։ Արևելյան խորանին մեկ պատուհան ունի անճաշակ կերպով բացված, այն էլ այժմ փակված է, արևմտյան կողմի պատուհանը զույգ է եղած, մեջտեղեն մեկ սյունով բաժանված, ինչպես որ կա Երերույքի եկեղեցիին արևմտյան կողմը։ Հարավային կողմը միայն մեկ պատուհան ունի, որի հետո բացված լինելը շատ որոշ է, բայց հետո այդ պատուհանը ևս փակել են։ Վերջապես այս շենքի հարամասունքները շատ դժվար է ներդաշնակորեն պատշաճեցնել ընդհանուր կերպով կառուցման ճաշակին։ Մանավանդ որ ամենեն կարևորն է, շենքի հիմը դրված է նախնադարյան շրջանին մեջ գոյություն ունեցող որմնադրական ոճով, մեծազանգված սև որձաքարերով դրված է շենքի հիմը, որը այժմ ևս երևում է։ Հյուսիսային պատին վրա երևում են մի քանի հունարեն տառեր, իսկ հարավային կողմը՝ մի հայերեն հետնագույն արձանագրություն կա մի քարի վրա, որով փակեր են հետին ժամանակ այդ պատուհանը։ Վերջապես այս եկեղեցվո հիմքը եթե նախաքրիստոնեական ծագում չունի, այնուամենայնիվ առնվազն 5-րդ դարու շենք է։
Եկեղեցու վրա կատարած քննությունս ավարտելուց հետո գնացի գյուղից դուրս նախապատմական հնությունները տեսնելու, որոնց մասին նախապես տեղեկություն ստացել էի։ Գյուղխորհրդի քարտուղարը ամենայն սիրալիրությամբ ուղեկցեց ինձ ցույց տալու համար պետք եղած վայրերը։ Գյուղից մոտավորապես մեկ ու կես կիլոմետր դեպի արևմուտք հեռանալուց հետո հասանք մի հսկայական բլուրի կամ ավելի ճիշտ մի սարի, որուն գյուղացիք անվանում են Վարի Բերդ։ Տարօրինակ տպավորություն գործեց վրաս այս գրեթե արվեստական սարը, օգտվելով սարի դիրքից, մարդկային հսկայական աշխատանք էր գործ դրված այս սարի շուրջը, սարը երկայնաձև դիրք ունի, ստորոտը լայնանիստ, իսկ գագաթը համեմատաբար նեղ, այս սարալանջին վրա անօրինակ մեծությամբ որձաքարերով չորս կարգ պարիսպներ են շիներ մինչև գագաթը, բոլորովին նախնական ձևով կանգնված են պատերը, ինչպես Հաջի Խալիլի ամրոցին մեջ. կանոնավոր շարքեր գոյություն չունին, անհավասար վիթխարի մեծությամբ քարեր միմյանց վրա կուտակվելով ձևացած են պարիսպները, յուրաքանչյուր պարսպամեջ, որոնք 8—10 մետր լայնություն ունին միանգամայն հարթված են, այնպես որ մի քիչ հեռվից ամբողջ սարը մի եգիպտական աստիճանավոր բուրգի կամ ասորա-քաղդեական զիկկուռայի կնմանի։ Սարը հյուսիսային կողմից գրեթե անմատչելի է, այդ պատճառով այն կողմը միայն մի պարիսպ շրջապատված է գագաթի շուրջը և մի երկրորդը՝ մի քանի մետր ցածից։ Իսկ հարավային և արևելյան կողմերը չորս շարք են, և այս կողմերիցն է, որ սարը ամբողջովին մի հիանալի երևույթ է ստանում։ Արևմտյան կողմից, որ կցված է ուրիշ մի լեռնամասի, այն կողմից ունի մի մտից դուռ, և մի մտից դուռ էլ հարավային կողմից, վերելքի ոլորապտույտ ճանապարհը որոշ է տակավին պարսպամեջերի վրայով։ Պարսպամեջերը այնպես հարթ հորիզոնական երևույթ ունին, որ այժմյան գյուղացիք ամենայն հեշտությամբ վար ու ցանք են անում այնտեղ։ Գագաթը միանգամայն ժայռուտ է և երևում է, որ ջանք ի գործ դրել են ժայռերը փշրելու և հարթ մակերևույթ առաջ բերելու համար․ շինությանց հետքեր ամենևին չկան, բացի արևելյան կողմի մի փոքր սենյականման տեղի հատակագծից։ Այս պարագան ինձ ենթադրել է տալիս, որ կամ դեռ բոլորովին չէր վերջացած այս հսկայական բուրգի շինությունը և կամ գագաթը հատուկ էր միմիայն կրոնական արարողությունների, ու շինությունների համար կարիք չէր զգացվել․ այս վերջինս ինձ հավանական կթվի նախնադարյան շրջանի մարդկանց հավատալիքները և բացօթյա սարերի գլխին կատարված կրոնական արարողությունները ի նկատի ունենալով։ Համենայն դեպս այս տեղը արժանի է մանրազնին հետազոտության բնորոշելու և նմաններից զանազանելու համար։
Վարի բերդից դեպի հարավ մոտավորապես մի կիլոմետր հեռավորության վրա կգտնվի մի ուրիշ պարսպապատ սար, որուն գյուղացիք Վերի Բերդ անունը կուտան։ Վերի Բերդի շուրջը և մեջը գյուղացիք մաքրել են, միայն արևելյան կողմի վրա մնացել է մի պարսպամաս կիկլոպյան քարերով, իսկ գագաթը, որ եռապատիկ ընդարձակ է քան Վարի Բերդը, բոլորովին մաքրված է քարերից և վերածված արտի։ Գագաթի շրջապատի հին պարիսպները անհետանալուց հետո, հավանորեն նոր արտատերը յուր ցանքսերը անասուններից պաշտպանելու համար, ամբողջովին շրջապատել է մանր քարերով 70-80 սանտիմետր բարձրությամբ։
Մահմուտճուքից ճանապարհվեցի դեպի Բաշգյուղ, ճանապարհի վրա այցելեցի Արթիկ գյուղը և աչքե անցնելով այս գյուղի մեջ գտնված 5-րդ և 7-րդ դարու հուշարձանները, երեկոյան մոտ հասա Բաշգյուղ։ Այսօր (սեպտեմբերի 16-ին) շրջեցի Բաշգյուղի շրջակայքը, այստեղ կանգուն կամ կիսականգռւն հուշարձաններ չկան, սակայն ի հնումն այս տեղերու վրա հոծ բազմություն որ եղել է, կասկած չեն թողնում նախաքրիստոնեական գերեզմանները, որոնք տարածված են գյուղից դուրս արտերի և ղըռաճների մեջ, ընդհանրապես շատ են գտնվում սալաքարերով արկղաձև շինած գերեզմաններ։ Իսկ գյուղից բավական հեռու, դեպի հյուսիս և հյուսիս արևելք, երևում են բազմաթիվ հին քրիստոնեական գերեզմաններ, որոնք այժմ վերածվում են արտի և քարերը տարվում են շինությունների համար։ Տապանաքարերը առհասարակ 13-14-րդ դարերի գերեզմանների տիպն ունին, գտա մի քար էլ արձանագրված։ Նշանավոր կարելի է համարել գյուղի հյուսիս արևելյան կողմը ձորի մեջ ընդարձակ բնական քարայրը, որը հետզհետե քանդվելու վրա է. վերևի շերտերից մեծամեծ քարեր թափվել են հատակի վրա և արգելում են մեջը ման գալ։ Քարայրի բերանը ազատ է և կարելի է մտնել ներս մի քանի քայլ և տեսնել խորությունն ու ընդարձակությունը, իսկ մանրամասն ուսումնասիրել այս քարայրը որոշ դժվարությունների հետ է կապված և երկար ժամանակի կարոտ է։
Այսօր, առավոտյան հեռանալով Բաշգյուղից հասա Ղըրխ Դակիրման գյուղը։ Կես օրին մոտ էր, երբ փոքր ինչ հանգստացել էի ճանապարհորդության հոգնությունից, շրջեցի գյուղի անմիջական շուրջը գտնվող վայրերը, ուր կգտնվեին քրիստոնեական հնագույն շրջանի մնացորդներ։ Գյուղի արևելյան կողմը մի բարձրադիր տեղում, գյուղացիք շինել են մի եկեղեցի երկարավուն ձևով, հասարակ պատերով և փայտաշեն ծածկով։
Ինչպես երևում է, այս եկեղեցին շինել են շատ վաղ ժամանակ միևնույն տեղի վրա գոյություն, ունեցող մի եկեղեցիի տեղ, որուն մի քանի բնորոշ հետքերը միայն մնացել են։ Եկեղեցիի արևելյան կողմը կա մի ընդարձակ հին գերեզմանատուն, որուն մեջ բացի հնագույն ձևի տապանաքարերից, մեռելների շատերին վրա իբրև տապանաքար դրված են հնագույն մի բազիլիկ եկեղեցիի շենքի բեկորներ։ Մի գերեզմանի վրա դրված է մի սյունի բեկոր, մի ուրիշի վրա՝ մի լայն ներքին որմասյան խոյակ վրան 5-րդ դարու ոճով քանդակված հավասարաթև խաչեր բոլորակ շրջանակի մեջ առնված, մի քանի տեղ նույնպես ներքին որմասյան մեծ խոյակներ, որոնց ոմանց վրա քանդակված են ձիթենիի տերևներ, ոմանց վրա արջմագիլներ 7-րդ դարու ոճով, կան նաև առանց քանդակի բազմաթիվ սրբատաշ քարեր, որոնք վաղեմի կանգուն մի մեծ շինության գոյությունը կապացուցանեն։ Այս բեկորներու հետ միասին ընդարձակ հին գերեզմանատունը ցույց կուտա, որ շատ հին ժամանակ խիտ բնակչությունով, եթե ոչ քաղաքի գեթ մի մեծ բնակավայր էր։ Նորաշեն եկեղեցիին մտից դռան կողքը, իբրև բարավոր, կանգնեցրել են 7-րդ դարու հատուկ քառակուսի մի կոթող, որուն երեսներին վրա քանդակված են բարձրաքանդակ պատկերներ։ Սակայն, նկատելի է մի բան, որ այս շրջանում գրեթե չի տեսնվում 11-րդ և 12-րդ կամ ավելի ուշ ժամանակի հուշարձանների մնացորդներ կամ բեկորներ, բացի մի խաչքարից, որուն մասին կգրեմ իր տեղում։
Բարձրանալով հետզհետե դեպի հարավ, նախապատմական մեծ քաղաքի սահմանին վրա, գյուղացիների ձեռքով շինված է մի փոքր մատուռանման շենք, որի անունը դրել են Թուխ Մանուկ, ինչպես բոլոր հայաբնակ գյուղերում, ուր շինված են այդպիսի փոքր մատուռներ, գրեթե առանց բացառության, Թուխ Մանուկ անունն ունին։ Շատ եմ հետաքրքրվել հասկանալու համար թե ի՞նչ է նշանակում Թուխ Մանուկ և ո՞վ է այս Թուխ Մանուկը, ոչ ոք չէ կարողացած ինձ բավարարումթյուն տալ, ինչպես երևում է կա մի ավանդական նշանակություն, գուցե հեթանոսական շրջանից մնացած մի պաշտամունքի առարկա ոգի կամ սրբություն, որ անցնելով քրիստոնեության, սրբագործվել է և շարունակել պաշտամունքը, ինչպես կան ուրիշ հեթանոսական պաշտամունքներ մինչև այսօր առանց լիովին գիտնալու անոնց ծագումը և շանակությունը։ Այս Թուխ Մանուկի մատուռին մեջ դրված են մի 7-րդ դարու քառակուսի կոթող և մի խաչքար։ Քառակուսի կոթողին չորս կողմը քանդակված են զանազան բարձրաքանդակ պատկերներ բավականին ճարտար և գեղեցիկ, սակայն տգետ գյուղացիք վրան վառած մոմեր կպցնելով, ձեթի ճրագներ առջևը վառելով այնպես մրոտեր և ապականել են, որ նույնիսկ գուցե մաքրելը եթե ոչ անկարելի, գոնե շատ դժվար լինի առանց գեղեցիկ քանդակագործության վնասելու։ Իսկ գալով կոթողի մոտ կանգնեցրած խաչքարին, այնպիսի սովորականից տարբեր և ուշագրավ քանդակ ունի, որուն ոճը և քանդակագործական ճարտարությունը չէ կարելի համեմատել խաչքարեր կանգնելը սովորություն եղած դարարջանների խաչքարերուն։ Բազմաթիվ ապացույցներով գիտենք, որ մեծ ու փոքր քարե տախտակների վրա գեղազարդ խաչքարեր քանդակելով և խորանարդ պատվանդանի վրա կանգնեցնելու սովորությունը 10-րդ դարից այն կողմ չանցներ, և առհասարակ այն բոլոր խաչքարերը, որոնք 10-րդ դարից մինչև 15-րդ դար կանգնված են, մի ընդհանուր հատկանիշ ունին, հորիզոնական թևերը ավելի կարճ քան թևերից վերև եղած մասը, իսկ թևերից ցած եղած մասը, թևերի վերև եղած մասի մինչև մեկ և կեսը կամ երկու անդամից քիչ պակաս։ Ներքևները ունին Ահուրամազդայի թևերի նման թևեր, որոնք փոխանակ հորիզոնաձև ձգվելու, ծռվելով բարձրանում են դեպի վերև։ Խաչքարերի այս նշանը 10-րդ, 11-րդ և 12-րդ դարերին քանդակվելու այնպիսի մի ձև ունի, որ մարդ անկարելի է, որ համանմանություն չտեսնի հին ասորական և սասանական խորհրդանշանների ձևին։ Սկսած 12-րդ դարու կեսից այս թևերի ավանդական քանդակագործության ձևերը թեև փոխված են, սակայն ուրվագիծը միշտ պահված է բոլորովին ճոխ քանդակներով զարդարված, առանց փետրազարդ թևեր լինելը բնորոշելու։ Ղըրխ Դակիրմանի խաչքարը բոլորովին տարբեր է մի քանի դար հայոց մեջ սովորություն և նույնիսկ անհրաժեշտ պահանջ եղող ձևերից և համաչափություններից։ Քանդակագործության ոճը հին է, ներքևի թևերը չունի, քանդակված է միայն շրջանակը և ինքը խաչը՝ միայն գեղեցիկ վարդաձևերով խառն քանդակներով։ Խաչի բոլոր թևերը ունին խիստ ներդաշնակ մի նրբություն։ Վերջապես ես չկարողացա որոշել սույն եզակի խաչքարի քանդակման ժամանակը։
Թուխ Մանուկի հարավ արևելքից քիչ բարձրանալով դեպի սարը, սկսվում են անհիշատակ ժամանակի բնակությանց հիմքեր՝ մեծամեծ որձաքարերով առանց շաղախի դրված, այս տեղից մինչև բերդի ստորոտը, որուն վրա շինված է նախնադարյան մեծ ամրոցը, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորություն ունի։ Բարձրանալու ճանապարհի աջ կողմը, մինչև բերդակիր սարի ստորոտը, կմնան դեռ նախնադարյան շրջանի բնակարանների որոշ հիմքերը, իսկ ձախ կողմը՝ ժրաջան և չարքաշ գյուղացիք հետզհետե մաքրում են քարերից և վերածում արտերի, այնպես որ հազիվ թե մի քանի տեղ նշմարելի են բնակությանց հիմքեր այս կողմերի վրա։ Սակայն այս կողմին վրա կա մի ուրիշ հետաքրքրական մնացորդ, որը արժանի է ուշադրության։ Ճանապարհին ձախ կողմը կա մի հեղեղատ կամ ձորանման մի տեղ, ուր անվիճելի է մի ժամանակ մեծ քանակությամբ ջրի հոսանքը։ Այժմ այդ ջուրը չկա, շատ վերևից այդ հեղեղատից հոսող ջուրն իր ճանապարհը փոխելով անցնում է աջ կողմից և գյուղի միջից։ Ավանդաբար գիտեն գյուղացիք, որ բերդի ճանապարհի ձախ կողմի հեղեղատը երբ ջրառատ էր, այնտեղ կային բազմաթիվ ջրաղացներ և ցույց են տալիս այն տեղերը, ուր զետեղված էին մեծ քարե նավերը, որոնք վերջերս ծառայել են գյուղացիների կարիքներին։ Ըստ գյուղացի բանիմաց ծերերի, այս գյուղը Ղըրխ Դակիբման (քառասուն ջրաղաց) անունը ստացել է այդ հեղեղատի վրա գտնված բազմաթիվ ջրաղացների պատճառով։ Ես հետաքրքրվեցի այս վտակի աղբյուրով, ուզեցի մինչև ակունք բարձրանալ և տեսնել տեղնուտեղը, թեև մոտ էր, որովհետև Արագածի գագաթի հյուսիս արևմտյան բարձունքի ներքևից էր դուրս գալիս, սակայն Ղափըլիում ստացած հիվանդությունս հետզհետե ծանրանալով ծունկերս կթոտում էին, այնուամենայնիվ բավականին բարձրացա դեպի վերև ջրաղացների հեղեղատի ուղղությամբ, նաև տեսա այն ճյուղավորումները, որոնց մեկը գալիս է այս գյուղի մեջ շինված հնագույն ժամանակի արվեստական լճերը լցնելու, և մյուսը գնում էր անհայտ ուղղությամբ և հավանորեն ըստ իմ կարծյաց դեպի Հաճի Խալիլ, որու մասին պիտի խոսիմ իր կարգին։
Հսկայական սարի գլխին շինված մեծ ամրոցը մարդկային արտակարգ ուժի և չարատանջ աշխատության մեջ ունեցած տոկունության մի պերճախոս ապացույց է։ Այն բերդակիր մեծ սարը արևելքից, հյուսիսից և հարավից շրջապատված է եղեր չորս կարգ կիկլոպյան քարերով, անշաղախ շինված պարիսպներով. հյուսիս արևելյան սարալանջերուն վրա նույնիսկ մի հինգերորդ պարիսպի հետքերը կան ստորոտի մոտ։ Արևմտյան կողմը կգտնվի խոր ձորը, որտեղից կհոսի այժմ վտակը և սարալանջը այնքան թեք է, որ չի կարելի չզարմանալ թե այդ թեքության վրա ի՞նչպես կարողացան շինել գրեթե չորս կարգ պարիսպ։ Հարավային և մասամբ արևելյան կողմը տակավին մոտավորապես երկու մետր բարձրությամբ պատերը կանգուն կմնան։ Այս պարիսպի պատերը շատ մոտ են միմյանց և հավանորեն բավականին բարձր են եղած քան մյուսները, որովհետև բերդին միակ մատչելի կողմն էր այս մասը։ Այս երեք ամրակառույց պարիսպներն արտաքին երկուքին դոները քանդված են, որով չափելը անհնար է, սակայն ներքին պարիսպին դռան բացվածքը չորս և կես մետր լայնություն ունի, և դռան երկու կողմը պարիսպը 2,80 մ. լայնություն կամ թանձրություն ունի։ Այս ներքին պարիսպի դռնից ներս մտնելով կտեսնվի գրեթե ամբողջությամբ միջնաբերդի ընդարձակ տարածությունը, որուն երկայնությունը ավելի է քան 400 մետր, իսկ լայնությունը՝ քիչ պակաս։ Միջնաբերդի ընդարձակ տարածությունը ծածկված է վաղեմի բնակարանների հիմքերով. բոլոր հիմքերը դրված են ժամանակակից սովորության համաձայն, առանց շաղախի, սևագույն որձաքարով։ Ներքին տարածության գրեթե կեսին վրա երևում են մի մեծ շենքի հիմքերը՝ բազմաթիվ բաժանումներով, որուն տեսքը ցույց կուտա թե այս շենքը անպայման իշխանական կամ ցեղապետական մի բնակարան էր և մյուս շրջապատող շենքերից ավելի խնամքով շինված։ Այս շենքից քիչ հեռու դեպի արևմուտք կա մի ստորերկրյա շենք կամ քարայր, որուն մուտքը այժմ փլուզումներով խափանված է։ Այստեղ ընդհանուր առմամբ պարիսպներ և պատեր շինված են մի քիչ ավելի փոքր քարերով քան Հոռոմի և այլ տեղերի նախապատմական ամրոցների պատերը, և որոշ չափով լարաձիգ ուղղություն ունին և քարերի շարքերը կանոնավոր միմյանց վրա են։ Երևում է, որ այս բերդին վրա ուրարտական շրջանում մեծ չափով նորոգություններ և հավելումներ եղել են։
Բերդից հյուսիս արևելք կգտնվի մի մեծ արվեստական լիճ, որու շուրջը պատնեշավորված է մեծամեծ անտաշ քարերով և մինչև այսօր դեռ կմնա գրեթե անվնաս. թեև այժմ հոսող ջուր չկա, սակայն հավաստում են, որ երբեմն հորդ անձրևների ջրերը լեցվում են այս լճի մեջ և ջուրը երկար ժամանակ մնում է և օգտվում են ջրից սարում արածող անասունները։ Ավելի ցածը, գրեթե գյուղի ուղիղ արևելյան կողմը, կա մի ուրիշ արվեստական լիճ, որուն թե ջուրը գալիս է մի մասնավոր առվով և գրեթե ամբողջ տարին ջուր կա մեջը։ Այս արվեստական լճի ջրից օգտվում են այս գյուղի բոլոր նախիրները, և պետք է ասել որ գյուղացիք ևս հոգածու են միշտ այս լճի մասին, միշտ նորոգում և կարկատում են մշտնջենապես լճում ջուր պահելու և անասունները ջրելու համար։
Ղըրխ Դակիրման գյուղի հետախուզություններից հետո անցա մոտակա Հաճի Խալիլ գյուղը, այցելեցի երկրորդ անգամ նախնադարյան հնագույն մեծ ամրոցը, որուն մասին գրել եմ գիտական ինստիտուտի «Բանբեր»-ի մեջ, սակայն այստեղ ևս ավելորդ չեմ համարում մի քանի խոսք ասել և լրացուցիչ տեղեկություններ տալ։
Նախքան ամրոց բարձրանալը, ընդարձակ տարածության վրա կտեսնվին հասարակ ժողովրդի բնակարանների հիմերը և ամրոցը շինված բարձր սարի շուրջը։ Բացի բնակարանների հիմքերից նաև տեղ տեղ երևում են քաղաքի փողոցները։ Ուրիշ նախնադարյան ամրոցների նման, այս ամրոցը ևս սարի լանջին վրա շրջապատված է տեղ տեղ երեք և տեղ տեղ չորս շարք պարիսպներով։ Պարիսպները շինված են բոլորովին նախնական ձևով, այսինքն այն ժամանակ, երբ ոչ գործիք ունեին քարերը տաշելով փոքր ի շատն կանոնավոր ձև տալու համար և ոչ էլ գիտեին ուղիղ գծի վրա մի պատ կազմելու քարերը կանոնավոր շարքերով միմյանց վրա դնելու արհեստը։ Այստեղ ևս հսկայական ժայռերի կուտակումներով կազմված են պարիսպները, որոնք պարիսպ ըսվելե ավելի վերելքը խափանող արգելափակեր էին. ո՛չ հորիզոնական շարք ունին քարերը և ո՛չ լարաձիգ ուղղություն։ Ամրոց բարձրանալու ճանապարհը արևելյան կողմի վրա է, սարի ստորոտեն սկսելով ճանապարհը շեղակի կբարձրանա և կհասնի գագաթին մոտ հյուսիսային կողմը։ Դռան տեղը միանգամայն որոշ է, միայն քանդված են բարավորները։ Բերդի միջի տարածությունը թեև փոքր է, սակայն մեծ մասը շինություններով խտացած է երևում. միայն հարավային ծայրին վրա երևում է, որ դեռ բոլորովին չէ մաքրված ժայռերից և առանց շինության մնացել է այդ բերդամասը։ Հարավային կողմն էլ պարիսպի վրա երևում է մի տեղ, որ դռան նմանություն է բերում, այդ դռնից դուրս պարսպամեջի ուղղությունը տանում է դեպի արևմտյան լանջը, ուր քայքայումները շատ են և իսկական դրությունն անորոշ։ Ինչպես ուրիշ տեղերում, «Բանբեր»-ում կարծիք հայտնել եմ, թե Ղըրխ Դակիրմանի մեծ ամրոցը շինվելե հետո, այստեղ լքվեր է թե՛ ամրոցը և թե՛ շրջակա բնակավայրերը։ Այս անգամվա այցելությանս միջոցին ավելի հաստատվեց կարծիքս։ Երբ գյուղացիներից ոմանց առաջնորդությամբ բարձրացա մոտակա փոքր ամրոցներն այստեղի արվեստական լիճը տեսնելու, նկատեցի, որ խիստ մոտ է այստեղից դեպի Ղըրխ Դակիրման և մարդկային ձեռքի աշխատանքների մնացորդներ հաճախ պատահում է այդ ճանապարհի վրա։ Արվեստական լիճը, որ մինչև այժմ կա և ջրով լիքն է, ջրի առվի ուղղությունը գնում է դեպի Ղըրխ Դակիրմանից վերև Արագած սարի ստորոտները։ Մեծ ամրոցը կիսաբոլոր է և հեռվից շրջապատող բլուրների գագաթները ևս շրջապատված են նույնպես նախնական ձևով մի մի պարիսպով, վերևից շատ որոշակի երևում է, որ քաղաքը շրջապատված է եղել արևելքից և հարավից փոքր ամրոցներով։ Արևմտյան կողմից մի ձոր կա, որուն ծայրին է եղեր մի դուռ, նախապես քաղաք մտնելու համար պետք էր մտնվեր այդ դռնից և առաջանալ քաղաք և հետո քաղաքից անցնելով պիտի մոտենային մեծ ամրոցի վերելքին։ Ձորի դռնից մտնելուց և որոշ չափով առաջանալուց հետո, աջ կողմին վրա, կա մի պարսպապատ բլուր, որը ամենայն հավանականոթյամբ քաղաքի մուտքն էր պաշտպանում։
Հաճի Խալիլի հյուսիսային կողմի սարին ետևի կողմը չորս հատ քարայրեր կան, որոնք ուսումնասիրության կարոտ են. բնական քարայրեր են, սակայն մեջերը երևում է նաև մարդկային ձեռագործ աշխատանք. մի ժամանակ ապրել են մարդիկ այս քարայրերին մեջ. ներկայիս միանգամայն լքված է, միայն՝ երբեմն իբրև ոչխարների ապաստանարան է ծառայում։ Սեպտեմբեր 19-ին մեկնեցի Հաճի Խալիլից դեպի Սենկեր եզտիաբնակ գյուղը, ճանապարհին Հաճի Խալիլի և Սենկերի արանքը հարթ դաշտավայրի վրա մի արոտատեղի մեջ երևում է մի գծի վրա շարված տասը հատ կրոմլեխներ, որոնց քարերը թեև տարված են մեծ մասամբ, սակայն դիրքերն ու ձևերը տակավին որոշ են։ Եթե այսպես, առանց հսկողության թողվի, ինչպես եղել է մինչև այժմ, ամբողջովին պիտի անհայտանան մաշվելով գյուղացու գութանի տակ Հաճի Խալիլ գյուղին այս կրոմլեխների մոտ լինելեն կարելի է հետևցնել, որ այս գերեզմանները կպատկանին այնտեղի նախապատմական քաղաքին։ Ուղեկիցներիս տված տեղեկություններին նայելով, այս տեղերում միշտ գտնվում են նախապատմական շրջանի իրեղեններ՝ մասնավորապես գերեզմանների հատուկ, ինչպես ուլունքներ, կճուճներ, բրոնզյա ապարանջաններ։
Սենկեր գյուղի մեջ կարևոր հնագիտական հետքեր չկան, ուստի առանց երկար կանգ առնելու, ճանապարհս շարունակեցի դեպի Ղունդախսազ։ Այս ճանապարհին, մինչև Ղունդախսազ գյուղը հասնելը աջ կողմի վրա մշակված արտեր են, իսկ ձախ կողմի վրա անվերջ քարքարուտ բլուրներ են և կարծեք շարունակությունն են Հաճի Խալիլի բլուրների շղթային և անոր ստորին փեշերի բլուրներն են։ Բլուրների արանքում, Քոր Բուչաղի սահմանին մեջ, կան երեք հատ անսովոր մեծությամբ կրոմլեխներ, որոնք գրեթե շատ քիչ չափով ավերման ենթարկվեր են։ Այս կրոմլեխները հետևյալ չափերն ունին՝
1. Կրոմլեխ, 9,6O մետր տրամագիծ. անտաշ քարերով կազմված, շրջանակի մեջ ձգված են չորս հսկայական անտաշ որձաքարեր, որոնց մեկուն երկարությունն է 2,00 մ․, իսկ լայնությունը 80 սմ․, թանձրությունը 60—65 սմ։
2. Կրոմլեխ, տրամագիծը՝ 7,20 մ․, մեջը ձգված անտաշ քարի մեկուն երկարությունն է 2,00 մ., լայնությունը 1,00 և հաստությունը 70 սմ.։ Մյուս քարին երկարությունը 1,95 մ․, լայնությունը՝ 40 սմ․, և հաստությունը՝ 70 սմ.։ Մյուսներն ևս համեմատաբար նույն չափերին են։ Ըստ գյուղացի եզտիների, այս կրոմլեխների ներքևը դատարկություն կա, որուն մեջ իրենք որպես թե մի ժամանալ մտնում ելնում էին։ Այս կրոմլեխներից քիչ հեռու, մի արտի մեջ, որ պատկանում է Հըսսո Բուտկ անունով մեկին, կան երեք մեծ կրոմլեխներ՝ գրեթե նախորդ նկարագրածի չափերով, սակայն այս վերջիններին մոտակա կորուստը հավանական է, որովհետև արտի տերը շարունակ մաքրում է արտի քարերը մշակման դյուրության համար։
Այս կրոմլեխները գրեթե շրջապատված են քարքարուտ սարերով, որոնց մեջ տեղ տեղ երևում են մարդկային ձեռագործ աշխատանքի մնացորդներ։ Այս բլուրներեն դուրս գալով ճանապարհի եզերքը, դաշտային մասի վրա դարձյալ խտացած երևում են մեծամեծ չափերի հասնող տրամագծով կրոմլեխներ։ Ասոնց մեջ կան մինչև 10,50 մետր տրամագծով կրոմլեխներ. նույնպես մեջը ձգված միակտուր քարերը, թերևս իբրև տապանաքար, նույնպես անսովոր մեծություն ունին։ Մինչև Ղունդախսազ գյուղ հասնելը, արտերի մեջ միշտ կտեսնվին այս գերեզմանները ցրված, որոնք հետզհետե կորչելու վրա են։
Ղունդախսաա: Ղունդախսազ գյուղը գտնվում է քարքարուտ մի երկարավուն սարի հարավային ստորոտում, որուն վրա տեղ տեղ երևում են հնագույն մարդկային ձեռագործ աշխատանքի հետքեր։ Ինչպես երևում է, գյուղատեղը ևս հնագույն մի բնակավայր է եղած, որուն վրա շինել են նոր մարդիկ այս նոր գյուղը, այդ հին ժամանակից գյուղին մեջ տակավին գոյություն ունի ուրարտական շրջանի պատի կտոր, որուն վիթխարի քարերը հնար չէ եղել տեղափոխել և թողել են նախկին վիճակին մեջ։
Գյուղի հյուսիսային արևելյան ծայրում մոխրագույն տաշածո քարերով մի մատուռ կա, որը թեև ո՛չ թվական ունի և ո՛չ արձանագրություն, սակայն համեմայն դեպս, իր շինվածակերպեն և ճարտարապետական ոճեն հայտնի է, որ 15-րդ դարեն այն կողմ չի կարող լինել անոր շինությունը։ Հարավային կողմի վրա գերեզմաններ կան, որոնց տապանաքարերի ոճը ավելի վաղ քան 15-րդ դար լինելը հավանական է թվում ինձ։ Հարավային տապանաքարերեն մեկուն վրա առանց արձանագրության զարդարված է մանվածո քանդակներով։
Ճարճարիս (ըստ թաքարիա պատմիչի՝ Ճարճակես): Այս գյուղին մեջ այժմ բնակվում են եզտի քուրդեր և սակավաթիվ գաղթական հայեր, գրեթե բոլոր գյուղացիք պատմում են այս գյուղի շրջանում հաճախ գտնված նախաքրիստոնեական գերեզմանների և ուրիշ իրեղենների մասին, սակայն ես ոչինչ չտեսա, բացի մի քանի մեծ կարասներից մի գյուղացու տան մեջ, որոնք վերջերս հանված էին հողի տակից, սակայն այդ կարասները ինձ չերևացին այնքան խոր հնություն ունեցող, առ առավելն 200 տարվան կարասներ պիտի լինեին։
Այս գյուղում առայժմ ամենակարևոր հնությունն է 5-րդ դարու մի եկեղեցիի ավերակ, որու հյուսիսային և արևելյան պատերը կանգուն են։ Խորանի կամար աղեղները և որմասյանց աղեղները շեշտված պայտաձև են դարաշրջանի ոճին հատուկ, շենքը շինված է գորշագույն հրաբխային սրբատաշ քարերով։
Գյուղի արևելյան կողմը երկուք ու կես կիլոմետր հեռավորության վրա, հրաբխային քարքարուտ սարերի ստորոտին, մի հեղեղատային տեղի վրա, կան նախնադարյան կրոմլեխներ, որոնք թե հեղեղատների և թե երկրագործական աշխատանքների պատճառով թեև քայքայվելու և անհայտանալու վիճակի մեջ են, այնուամենայնիվ տակավին ուշ չէ այդ կրոմլեխներից օգտվելու համար, եթե թեթև պեղումներ կատարվին և պարունակած իրնղենները հավաքվին ու պահվին հնագիտական թանգարանների մեջ։
Ղուրի Բողազ: Այս գյուղում ևս հնագիտական ամեն մի հետք ջնջված է, միայն վաղեմի շինության ապացույց են, որ հնագույն գերեզմանատներ և տապանաքարեր կան գյուղին մոտիկ։ Այդ հին գերեզմանատունն այժմ ևս գերեզմանատուն է գյուղաբնակ եզտիներին։ Այս գերեզմանատան մեջ պաշտամունքի առարկա է դարձել 7-րդ դարու մի քառակուսի կոթողի պատվանդան. այս պատվանդանի վրա խիստ նախնական ձևով քանդակված է մի առյուծ, որը բռնում է պատվանդանին երեք կողմը։ Առյուծ փորագրված պատվանդաններից կան այլ օրինակներ, մեկը Հառիճի վանքում, մի ուրիշը Խաչաքիլիսա գյուղում։ Ինչպես կերեվի, եղել է մի ժամանակ, որ սովորություն է եղել այս քանդակը։ Հառիճի վանքում եղածի քանդակները շատ պարզ են և ներկայացնում է Դանիել մարգարեն առյուծների գուբին մեջ, առյուծները լիզում են Դանիելի ոտները։ Այս գյուղից դեպի Մելիք Քենդ գնալու ճանապարհին ևս կա մի անտաշ կոպիտ քար, որը նույնպես եզտիների պաշտամունքի առարկա է եղած. քարին անվանում են Կեվրե Նեվե. իսկ ինչ ավանդության հիման վրա այդ քարին պաշտում են, ոչ ոք չկարողացավ բացատրել ինձ։
Այսօր առավոտյան ուղևորվեցի Միրաք եզտիաբնակ գյուղը, որը ճանապարհիս վրա էր Ապարանով Վաղարշապատ դառնալու համար։ Դեռ գյուղը չմտած կան քարքարուտ բլուրների մի շղթա շրջապատված հյուսիսային և արևելյան կողմերի վրա, այս քարքարուտների մեջ կան որձաքարով առանց շաղախի շինված պատեր, որոնք հատուկ են նախաքրիստոնեական հին դարերին։
Գյուղ իջնելու զառիվայրին վրա կա մի փոքր հնագույն եկեղեցիի ավերակ, որուն արևելյան խորանի մի մասը կա և քիչ բարձրությամբ կողմնակի պատերը։ Մեջը թափված ճարտարապետական բեկորները ցույց են տալիս, որ այս եկեղեցին կանգնված է 5-6-րդ դարերում։ Քանդակված հավասարաթև խաչերի քանդակներ կան, որոնք միայն 6-րդ դարու հատուկ են, իսկ պճղակավոր և ատամնաշարերով պսակի բեկորներ կան, որոնք հատուկ են 6-րդ դարուն կամ առ առավելն 6-րդ դարու վերջերին միայն։ Այս գյուղում այլևս նշանակելի ոչինչ չգտա և ճանապարհս շարունակեցի մինչև Վաղարշապատի մոտ Հաճի Ղարա գյուղը։
Այսօր (սեպտեմբեր 21) ամբողջ օրը ճանապարհորդությամբ անցուցի, իսկ հետևյալ օրերը (սեպտեմբեր 22 և 23) անցրի այս գյուղում, որովհետև այս շրջանում շատ կան հետաքրքրական նյութեր ուսումնասիրելու։
Նախապես գնացի գյուղի արևելյան կողմում գտնված կիսավեր եկեղեցին, որուն արևելյան կողմը մինչև գմբեթի թմբուկի պսակը դեռ կանգուն է։ (Վերջերս այս գմբեթը ամբողջովին ընկել է)։ Հատակագիծը չափագրեցի, որչափ որ գոյություն ուներ, սա շատ նման է հատակագծով Էջմիածնի մոտի Հռիփսիմեի վանքին, ամենայն հավանականությամբ այս ևս 7-րդ դարու շինության է։ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունը կուտա եղեր այս ավերակին, բայց ինչ ապացույցների վրա հիմնված, ինձ հայտնի չէ։
Եկեղեցու ավերակի քննությունը վերջացնելուց հետո, անցա գյուղի հյուսիսային կողմը գտնված սարի ետևը, որուն գագաթին և լանջերին վրա, մինչև Քասախ գետի ափը նախապատմական խիտ հնություններ և գերեզմաններ են։
Աղավնատան մոտ Օյուղ անվանված նախնադարյան աշտարակի, Օշականի ճանապարհի վրա գտնված Արդար Դավիթ անուն նախնադարյան աշտարակի նման երկու աշտարակի մնացորդներ կան այս ավերակների և կրոմլեխների մեջ։ Կան անհասկանալի պատերի մնացորդներ՝ անշաղախ որձաքարերով շինված։
Բազմաթիվ կրոմլեխներն այստեղ երեք տեսակ են, որոնց երկու տեսակը անջատված են մի պատով և պատի արևելյան կողմը կգտնվին։ Այս պատը ձգված է գետեզերքից դեպի հարավ, իր մեջ առնելով աշտարակների մնացորդ փլատակները։
1-ին տեսակ կրոմլեխները անտաշ կոպիտ քարերով շրջապատված են բոլորակ ձևով։ Բոլորակ շրջանակներին մեջ լեցված են համեմատաբար փոքր անտաշ քարերով և այնքան են բարձրացած այս լիցքերը, որ ձևացեր են բուրգեր։ Այս բուրգերի քարերն են, որ մոտակա գյուղացիք տանում էին իրենց շենքերի համար, որով կորչում է գերեզմանի նախնական ձևը։
2-րդ տեսակը նույնպես անտաշ կոպիտ քարերով շինված շրջանակներ են, որոնց մեջ փոխանակ քարեր լեցնելով բուրգեր ձևացնելու, հսկայական սալաքարեր են ձգված՝ երբեմն մեկ հատ և երբեմն երկու հատ։
3-րդ տեսակը կգտնվին միջնորմից դեպի արևմուտք, որը շատ ընդարձակ է և կարծեք կապ ունի Աղավնատան և Օյուղի մոտ եղող բազմաթիվ կրոմլեխների հետ և կամ անոր մի մասն է՝ Քասախ գետով անջատված։ Այս կրոմլեխները նույնպես թեև անտաշ քարերով բոլորակ շրջանակված են, սակայն բոլորակի մեջ ո՛չ քարակույտեր կան և ո՛չ ալ սալաքարեր, այլ մեջտեղը շինված է կրկին մի բոլորակ շրջանակ՝ փոքր տրամագծով։ Այս հանգամանքի վրա իմ ուշադրությունս հրավիրեց գիտնական Մեշչանինովը, երբ ուրիշ մի առիթով միասին գնացել էինք այս նախապատմական վայրերը տեսնելու։ Այս երեք տեսակի կրոմլեխների գոյությունը թերևս ապացույց է, որ այդ գերեզմանների մեջ թաղված են տարբեր ցեղի կամ տարբեր դավանանքի պատկանող մեռյալներ։ Անկախ գերեզմանները բաժանող պատից, աշտարակներ և բուրգեր պարունակող մասի արևելյան կողմից, մի հնագույն անշաղախ պատ ևս քաշված է հյուսիսից դեպի հարավ, որուն երբեմն թեև ընդհատված, շարունակությունը գրեթե հասնում է դեպի Վաղարշապատի այգիները Մոլլադուրսուն գյուղի արևելյան կողմից անցնելով։ Գերեզմանների և աշտարակների մասից դեպի հարավ, հիշածս երկար պատի կողքին, կան դամբարաններ, որոնք կազմված են քարակույտերով, ինչպես կան Շամիրանի ճանապարհի աջ և ձախ կողմում, նաև Սարդարապատի գծով Փոքր Թալին գնալու ճանապարհի վրա։ Երկար պատի անմիջապես արևմտյան կողմն է Հաճի Ղարայի քարհանքը, որ նույնպես շրջապատված է նախապատմական գերեզմաններով։ Քարհանքերի մեջ աշխատող բանվորները գտել էին մի քանի խեցեղեն ամաններ գերեզմաններին հատուկ, որոնք այժմ հանձնված են ՀՀՊ կոմիտեին։
Սեպտեմբերի 24-ին վերադարձա Վաղարշապատ։
1926 թ. հոկտեմբերի 7-ին Էջմիածնից ճանապարհվեցի դեպի Թալին։ Դեռ Թալինի զառիվերի ներքև չհասած, լեռնալանջերու փեշերու տակ, դաշտավայրի վրա, 6֊7 կիլոմետր տարածության վրա, շարված էին հսկայական tumulus-ներ միմյանցից երբեմն հեռու մինչև 100-150 մետր հեռավորության վերա և երբեմն իրար շատ մոտիկ։ Ասոնք ամբողջովին քարակույտեր էին, ինչպես որ կան Աղավնատնից դեպի Շամիրան գնալու ճանապարհի վրա և ավելի մեծ քան այս վերջինները։ Բոլորը միօրինակ երկարած են գրեթե հյուսիսից հարավ։ Թեև չկարողացա ճշտիվ համրել, այնուամենայնիվ քառասուն հատից պակաս չէին։
Այս առավոտ մինչ կառապանս հիվանդագին վիճակի մեջ զբաղված էր քարքարուտ ճանապարհների մեջ կառքի ստացած ջարդվածները մի քիչ կարկատելու, ինքս տանտիրոջս ընկերակցությամբ գնացի բերդի մեջը տեսնելու։ Նախքան բերդը մտնելս անցա ճանապարհի վրա եղող, թուրքաց գերեզմանատան մեջ, գմբեթավոր շիրիմը տեսնելու, որն արդեն քայքայվելու վրա է․ վրան ոչ մի արձանագրություն չկա, հայտնի չէ թե ումն է։ Շրջապատ գերեզմանատան մեջ կան թուրքերեն արձանագրված քարեր և ոչխարներու ձև տրված գերեզմանաքարեր, խիստ կոպիտ կերպով շինված, կային տեղ տեղ տապանաքարեր, որոնք բերված էին հայկական գերնզմանատներից, բայց ո՞ր տեղերից, հայտնի չէ։
Նախընթաց 1913 թվականին այնքան էլ մանրամասն չէի շրջած բերդին մեջ արյունարբու թուրքերի դաժան նայվածքներից խուսափելու համար, գնացել էի միայն դղյակը և մոտերը եղած մնացորդները տեսնելու։ Այս անգամ համեմատաբար ավելի ման եկա, որովհետև կային այնպիսի մարդիկ ինձ շրջապատողների մեջ, որոնք չափազանց հետաքրքրություն էին ցույց տալիս և նորանոր տեղեկություններ էին տալիս ինձ, հետևաբար կարողանում էի նույնիսկ մտնել տներու և ընտանիքներու մեջ, քարեր կամ արձանագրություններ փնտրելու համար։
Դղյակին վրա մեծ փոփոխություն չկար, միայն թե բուրգերեն երկուքը, որ առաջ ճաքած էին, մեկին ճեղքվածքը ավելի շատացել էր և մոտալուտ փլուզման վտանգ էր ներկայացնում։ Դղյակին ներսը որ առաջ ծառայում էր իբրև շտեմարան թուրք բեկին, այժմ ևս հայ գյուղացիք գործածում են միևնույն նպատակով։ Իմ կարծիքով այս դղյակը ևս պետք է ազատել գյուղացիների քմահաճույքեն, պետք է դատարկել և մաքրել տալ և ծառայեցնել ժամանակավորապես իբրև թանգարան։ Դղյակի մտից դռան հանդիպակաց, դեռ 1913 թվականին, կար շրջապարիսպի ավերակ դուռը, որուն կամարի ստորին աղեղը միայն մնացած էր, այժմ ևս նույն վիճակին մեջ է։
Դղյակի մտից դռան վրա կա մի ընդարձակ արձանագրություն ՉԾԶ (1307) թվականին գրված։
Դղյակը շրջապատված է կրկին պարիսպներով, թեև մինչ հողին հավասար փլած են, սակայն քարերու տաշվածքեն և շինելու կերպեն հայտնի է, որ ժամանակակից է դղյակին։ Պարիսպի թափված քարերի վրա կան քարտաշ վարպետների նշաններ, որոնք սովորական են նաև նույն դարերուն Անիի մեջ շինված շենքերու քարերին վրա։
Դղյակը անմիջապես շրջապատող պարիսպին մեջ կա մի եկեղեցվո ավերակ, որն ինչպես կերևի, հատուկ էր դղյակի բնակիչներուն։ Այս եկեղեցվո հյուսիսային պատին կից պարիսպի բուրգին վրա, կա մի փոքր արձանագրություն այսպես, «Զովաննես՝ քարգործս յիշեցեք ի ՔՍ»։
Դղյակը անմիջապես շրջապատող երկու պարիսպների մեջ կա նաև ուրիշ մի փոքր եկեղեցի, որուն արևմտյան մասին վրա փլած է, իսկ արևելյան մասը − խորանը կանգուն է։ Բավական խնամքով շինված է այս եկեղեցին, խորանին անմիջապես կից ունի երկու հարթ որմասյուն, այս մուլյուրով արևմտյան քանդված մասին վրա ծածկված է եղեգներով․ գյուղացիներե մեկն այս եկեղեցին բնակարանի է վերածել։ Դուռը հարավային կողմեն է. նույն կողմին վրա կա նաև մի փոքր պատուհան։ Դռան և պատուհանին վրա քանդակված պսակները, որոնք շատ սուր սրակամար են, ցույց կուտան, որ վերջին ժամանակներ շինված են, թերևս 14֊15 դարերու մեջ։ Ներսից և դրսից արձանագրության հետք չի երևում։ Հարավային և արևմտյան կողմերը, դուրսը խիտ տապանաքարեր են առանց արձանագրության։ Մի ուրիշ եկեղեցի, որը տեսեր է Շահխաթունյան (էջ 55) և ինչպես կերևի նրանից օգտվեր է հ․ Ղ․ Ալիշան (Այրարատ, էջ 141), որուն վրա եղեր է հետևյալ արձանագրության կտորը «ՆԿԷ թուականիս (1018) ես Մարիամ որ ետու զիմ գիրքս ի սուրբ Սարգիսս․․․․․․» այս եկեղեցիի ոչ հետքը գտա և ոչ արձանագրության բեկորներ գետին թափած․ ինձ կթվի թե, ինչպես շատ մասեր, այնպես ալ այս ավերակը և արձանագրությունը ոչնչացել են։ Եթե արձանագրության բեկորներ գետին թափած լինեին, գյուղի մեջ գտնվող մի քանի հետաքրքրվող անձինք անպատճառ տեսած կլինեին, որովհետև իմ շրջագայությանս ժամանակ ինձ շրջապատեցին մի քանի հետաքրքիր և բանիմաց մարդիկ և տեղեկություններ կուտային գյուղի մեջ կամ շրջակայքում գտնված հնություններու և բեկորներու մասին, որոնց մեկը, Քերիմ Գասպարյան, մատնանշում էր ինձ գերեզմանների, խաչքարերի և այլ ուշագրավ մնացորդների տեղերը, դժբախտաբար նրանց ինձ ցույց տված հեռավոր տեղերը ես գնալու հնարավորություն չունեի, միայն արտագրեցի վերապահությամբ՝ իր մոտ գտնված մի արձանագրություն, որ հետևյալն է «Ի յաւերումն Գոշայ Ամիր որդի Էլիզպարին գերի տարան Արազպուրուն»․ թե ո՞րչափ ճիշտ կարդացված է այս արձանագրությունը, ցույց կուտա ապագան։ Հայր Ալիշանի ցույց տված թուրքերեն արձանագրությունը չեմ տեսած, որը իրեն կարծիքով գրված պետք է լինի 1583 թվականին, Ֆարհատ փաշայի ձեռքով (Այրարատ, էջ՝ 149)։ Բայց ես հավանական եմ համարում, որ Ֆարհատ փաշայի շինածը պետք է որ լինի արտաքին երրորդ պարիսպը։
Բոլորովին դրսի պարիսպը, որով շրջապատվում է գյուղը, հայտնի է, որ նոր շինված պարիսպ է, շինված է հասարակ քարերով և կարելի է ասել, միանգամայն անարվեստ։ Ըստ Շահխաթունյանի, այս պարիսպը շինել տվել է 1812 թվականին Հյուսեին խան Սարդար, շինելով նաև պետական պետքերու հատուկ ուրիշ շինություններ, ամբարանոցներ և այլն և այլն, և այնտեղ դրել է մի պաշտոնյա Բեկ անունով, իբրև բերդապահ կամ կառավարիչ։ (Շահխաթունյան, բ․, էջ 55)։
Ռուսաց տիրապետության սկզբի տարիներում Կարսի բնակիչներից, 50 ընտանիքի չափ, բնակություն հաստատել են այստեղ, սակայն քիչ հետո բոլորովին լքել ու գնացել են ուրիշ տեղեր, այնպես որ Շահխաթունյանի ժամանակ միանգամայն ամայի է եղած։ Ինչպես կերևի, վերջին ժամանակ այնտեղ բնակություն հաստատող թուրքերը բոլորովին նոր բնակիչներ էին, ռուսաց տիրապետության ժամանակ կարսեցի հայերի մեջ տեղը լքելե հետո։
Արտաքին երրորդ պարսպի մեջ, արևելյան կողմը, 1913 թվականի ճանապարհորդությանս ժամանակ, անձամբ տեսա մի ավերակ քարակույտ, և այդ քարակույտի մեջ երևում էր մի ստորերկրյա անցքի մուտքը, այս անգամ իզուր փնտրեցի այդ ավերակի քարակույտը և մուտքը։ Միանգամայն անհետացեր էր. ինչպես կերևի, նախորդ թուրք բնակչության օրով ոչնչացված էր։
Տեղի նոր բնակիչները, հետաքրքրական մեզ համար, նորություններ շատ են պատմում, ցույց են տալիս զանազան հեռու կամ մոտ տեղերում հետաքրքրական մնացորդներ, պետք է որ հատկապես ժամանակ որոշվի, հնություններով հարուստ այդ վայրը, ընդարձակորեն հետազոտվի, մի քիչ ավելի երկար ժամանակով։
Փոքր Թալինը թողելե առաջ, գնացի նաև շտապ կերպով թուրքերի ժամանակ Ղարավանք կոչված 7-րդ դարու եկեղեցին, որ նույն վիճակին մեջ էր, ինչպես տեսել էի 1913 թվականին։
Այսօր կես օրը քիչ անց, թողի Փոքր Թալին և ուղևորվեցի դեպի Մեծ (կամ Հին) Թալին։ Ճանապարհի կեսին վրա հանդիպեցի այն մեծ իջևանը, որուն ավերակները այսօր անգամ սքանչացում կպատճառեն այցելուին։
Իջևանը բաղկացած է երեք ընդարձակ մասերից, ամեն մի մասի կամ բաժանման մեջ, կան մեծ հրապարակներ, որոնց շուրջը շարված են կամարակապ սենյակներ, որոնք այժմ փլած են և քարակույտերու վերածված, միայն մնացել են կամարակապերի հետքերը, և սենյակների լայնության չափերը։ Արտաքին պատերի հյուսիսային և հարավային պատերն ունին երեքական բուրգեր, որոնց երկուքը շինված են երկու ծայրերուն վրա, անկյուններում, և մյուսը՝ մեջտեղի վրա։ Բոլոր պատերն առանց բացառության շինված են կրաշաղախով և սրբատաշ միջակ մեծությամբ քարերով․ միջին բաժանման մեջ, այժմ ևս որոշ են, որ եղել են քսանից ավելի սենյակներ։ Շատ դյուրին կլինի այս կարևոր և մեծածավալ իջևանի հատակագիծը հանել, նույնիսկ ամբողջովին վերակազմել քանի դեռ բոլորովին չէ ոչնչացած, բավական է, որ մի քանի օր մշակներ աշխատին, և փլատակներու տակ ծածկված հիմերն ու պատերն երևան կբերեն։ Այս իջևանը քանդել և այս վիճակին են հասցրել Փոքր և Մեծ Թալինի բնակիչները, որոնք իբր քարահանք գործածեր են այս ավերակը, և շարունակ կրել են սրբատաշ քարերն իրենց պետքերուն գործածելու համար։ (Ինչպես երևում է շինելակերպից, այս իջևանը 14֊15 դարերու գործ պետք է լինի)։
1914 թվականին, եկեղեցվո արևելյան կողմի ընդարձակ բակին մեջ հավաքել էի զանազան տեսակ կոթողաձև քանդակազարդ տապանաքարեր և պատվանդաններ, նաև երեք հատ հնագույն տապանաքարեր, վրան արձանագրություններով: Մինչև երեկո, ուշ ժամանակ, այս հավաքված քարերը բանվորներ փոխադրեցին եկեղեցվո մեջը և ժամանակավորապես առայժմ դասավորեցի, հետագային ըստ արժանվույն կանոնավոր թանգարանի վերածելու համար, երբ արդեն հնարավոր կլինի կատարել հարկ եղած փոքրիկ նորոգությունները։ Ներսը դարսված քարերից տասն և հինգը 5-7-րդ դարու քառակուսի կոթողներ են. չորս երեսներու վրա հետաքրքրական պատկերներ քանդակված, որոնց երեքին վրա, քանդակները կներկայացնեն խոզագլուխ մարդիկ, իսկ մյուս մասերուն վրա, կրոնական պատկերներ և զարդաքանդակներ։ Երկու հատ գեղաքանդակ խաչքարի կտորներ և երեք հատ վրաները արձանագրված տապանաքարեր։
Տապանաքարերից մեկը, որ բերել եմ մեծ եկեղեցին հյուսիսային կողմը՝ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կյուլեկ Թեփե անվանված սարի ետևը գտնվող ձորի մեջեն, ունի ՅԻԴ (875 թ.) հայկական թվականը և կվերաբերի մի նահատակի։ Երկրորդ տապանաքարը, որ նույն տեղից է բերված, թվական չունի և մասամբ եղծված է, արձանագրությունը պատկանում է ոմն Դանիել որդւոյ Կարբեցի։ Երրորդը, որ ամենայն հավանականությամբ, նախքան 10-րդ դարու մի տապանաքար է և կեսը կոտրած ու կորած, տաշված և վրայի կիսաբոլորակ մասի վրա տրված է հետևյալ արձանագրության մասը։ + Յիշես ՏՐ Ա Նաթանալա Չարու ՏԻ
Բանվորների հանգստյան ժամերից օգուտ քաղելով, գնացի գյուղի մեջ (հայրը) Մեսրոպ և (որդին) Հմայակ Մելիքյաններուն տունը, տեսնելու համար այն կարասը՝ որուն մասին, տեղեկություն էին տվել նախօրոք կոմիտեին։ Կարասին մեջ լեցուցեր էին կտավատ և տան մի անկյունում զետեղել. քննելով տեսա, որ մի ճեղքվածք ունի վերևից դեպի ներքև։ Նայելով ձևին և չափին, նաև կավի բաղադրության, հազիվ թե լինի 17—18-րդ դարերու մի գործ։ Կարասը գտնվել է պարտեզում բանջարանոցը փորելիս. բարձրությունը, մոտավորապես 80 սմ․ է այժմ եթե կոմիտեն հարմար կտեսնե թանգարան փոխադրել, պաշտոնապես պետք է գրել Կոմիտեի ներկայացուցչին և Մելիքյանները պատրաստ են Կոմիտեի կարգադրության հնազանդելու։
Մինչև երեկոյան արևի մտնելը, բանվորները հազիվ կարողացան բոլոր քարերը փոխադրել ներս, որովհետև քարերի մի քանի հատը շատ խոշոր էին, և միանգամայն զգուշություն կպահանջեին վրայի քանդակները չվնասվելու համար։ Միայն մի հատ քար, որ կոթողի պատվանդան է եղած, մնաց դուրսը դռան մոտ, որովհետև հետնագույնս, չոր քարով կոպիտ կերպով իբրև նախագավիթ շինված մասին դռնեն ներս մտցնել անհնար եղավ, նաև քանդվելու վտանգ է սպառնում։
Դեռ 1913 թվականին, այս թանգարանի վերածված եկեղեցիի հատակագիծը և լուսանկարները հաներ եմ, որոնք այժմ Կոմիտեի սեփականություն են նաև այժմ՝ եկեղեցվո մեջ զետեղված բոլոր քարերի լուսանկարները, ուստի այս անգամ ավելորդ էի համարել կրկին լուսանկտրել, բայց որովհետև հնագիտական դիտողություններս ու հուշագրերս կորած էին և նոր մանրամասն հուշագրեր կազմելու հնարավորություն չունեի, ժամանակիս կարճության պատճառով՝ բավականացա միայն պատերի վրա քարտաշ վարպետների քարերի վրա գրած նշանները հավաքելով, որ հետևյալներն են. A այս նշանը փորագրված է բոլոր կամարաքարերի և արտաքին նիշի կողմնակի տափակ որմասյանց խոյակների վրա: Այս ոճով և կամ ավելի ճիշտը՝ այս նշանների շատ նման նշաններ կան Ագիամանի, Բյուրականի մոտ ձորի միջի ավերակ եկեղեցիի, Հաճի Ղարայի ավերակ եկեղեցվո պատերու քարերուն վրա. այս պարագան ինձ ենթադրել կուտա, որ այս բոլոր եկեղեցիները միաժամանակ շինված են և մասնավորապես կան վարպետներ անոնց մեջ, որ այս բոլոր շենքերի մեջ՝ իրենց աշխատանքի բաժինն ունեցած են և իրենց նշանները ամեն տեղ միօրինակ դրած են։
Անմխիթար է մեծ կաթողիկեի դրությունը, հետզհետե քանդվելու վրա է. կան մասեր որ ճակատագրապես դատապարտված են քանդվելու, այդ մասերն ապահովելու ոչ մի հնար չկա, իսկ այն մասերը, որոնք կարող են քանդումից ազատվել, նրանց վրա էլ մեծամեծ ծախքեր են հարկավոր, որ այժմ հնարավոր չէ։ Միայն թե կարևոր է, ըստ իս, մեջը բոլորովին մաքրել թափված բեկորներից և ուրիշ ապականություններից և այս տեղն էլ վերածել մի առժամանակ թանգարանի, անոր մեջ տեղավորելով այդ շրջանում աստանդական ցրված գեղարվեստական քանդակներ և շինությանց գեղաքանդակ մասեր։
Առայժմ քանի Թալինում թանգարան կազմելու սկիզբն է, և բարեբախտաբար Ներսեհ Կամսարականի շինած եկեղեցին գրեթե անվնաս մնացել է, որն այժմ վերածվեց թանգարանի, ուստի անհրաժեշտ են մի քանի կարևոր աշխատանքներ այս շենքի շուրջը՝ եթե Կոմիտեն կհամաձայնի։
Նախ և առաջ, փութով պետք է ծածկել գմբեթի թմբուկին վերևի մասի ծածկը, որ առաջ եկել է կոնաձև մասի քանդվել են։ Այդ ծածկը թեև մի ժամանակ փայտով և հոգով ծածկված է եղել, այնուամենայնիվ 1920 թվականին Թալինում ժամանակավորապես բնակություն հաստատող զինվորները քանդել են և վառել են ծածկի փայտերը։ Նմանապես շուտով արևմտյան կողմը ֆրոնտոնի ներքև բացված մի ծակը, որ առաջ է եկել Ներսեհ Կամսարականի արձանագրության միջին քարի վար ընկնելեն։ Ուստի կամ պետք է փնտրել և գտնել այդ արձանագրության ընկած մասը և տեղը, դնել, և կամ մի ուրիշ քարով փակել և կրաշաղախով ամրացնել։ Եթե այդ մասը բաց մնա, անպայման ձմեռվան ձյունն ու անձրևները կթափվին ներս։ Եթե այս երկու կարևոր մասերու նորոգությունով շենքը ապահովվի, կարելի է հաստատապես վստահ լինել, որ այս շենքը շատ երկար ժամանակ անվնաս կմնա բնության ամեն մի պատահարների հանդեպ։
Կմնա մի ուրիշ անտեղություն, որ առաջ եկել է գյուղացիների ձեռքով և շատ հեշտությամբ կարելի է այդ անտեղությունը չեզոքացնել։ Մի ժամանակ, երբ այս եկեղեցին իբրև եկեղեցի կամ ուխտատեղի գործածական է եղել, հարավային դռան առջև շինել են նախագավթի նման մի բան բոլորովին չոր և կոշտ ու կոպիտ քարերով, որուն լայնությունն է առանց պատերի հաստության 2,45, իսկ երկարությունը՝ նույնպես առանց պատերի հաստության՝ 4,00 մետր։ Այս կտորը միանգամայն անտեղի կերպով շինված է, մանավանդ որ վրայի ծածկն ևս փլված է և փայտերը վառել են, նույնպես 1920 թվականին Թալինում բնակվող զինվորները։
Ըստ իս, պետք է որ այս մասը միանգամայն քանդվի և վերցվի, ներքևը որ հողը ևս բարձրացել է, բերել և թափել, հարկ է ջրերու ընթացք տալու համար, որով շենքը չորս կողմից միանգամայն կապահովվի անձրևներից և ձյուներից առաջացած խոնավություններից։
Բացի վերև հիշված անհրաժեշտ նորոգումներից, անհրաժեշտ է, վարչական միջոցով կատարել հետևյալ կարգադրությունները շենքի ապահովության համար։ Հողաբաժանության ժամանակ, մինչև եկեղեցվո պատերուն տակ տրվեր են իբրև վարելահող. այդ հողերը մշտապես վարվելով և ցանված արտերը ջրվելով, անվրեպ վնասում են հիմքերուն հյուսիսային և հարավային կողմից։ Հետևաբար պետք է այդ հողերը հատկացնել թանգարանին, որոշ քանակությամբ և վերածել անմշակ հրապարակի թանգարանին շուրջը։ Իսկ արևելյան կողմեն, Արմենակ Գրիգորյան անուն մեկուն տվեր են, իբրև կալատեղ, մի ընդարձակ տեղ, որ անվրեպ եղել է հնումն եկեղեցվո հատուկ շինություններու տեղ։ Կալի այժմյան տերը, անցյալները փորելով այս հողի մի մասը, ներքևը դուրս է եկել մաքուր սալահատակված, սալահատակի քարերը, այնքան մաքուր և անվնաս մնացած են եղել, որ օրինակ Գրիգորյանը քանդել և տարել է ուրիշ տեղ գործածելու։ Այս կալատեղը ևս պետք է ազատել մասնավոր քմահաճույքներից և հատկացնել թանգարանին։ Արևմտյան կողմը ևս, մի քանի քայլի վրա, կա մի ուրիշ ավերակ, որուն անմիջապես կից դարձյալ արտ է և քարեր ու բեկորներ արտատիրոջ քմահաճույքին ենթակա, ուստի այս կողմից ևս, արտերը որոշ չափով պիտի հեռացնել և թանգարանը թողնել առանձնացած շրջապատող մի հրապարակի վրա, որն այն ժամանակ կստանա թանգարանի վայելուչ դիրք: Կալի տերը հետզհետե իր կալը ընդարձակելու համար, գրեթե փորելով հասել է եկեղեցու արևելյան պատին։ Ուստի այս ինքնակամ ավերումներից ազատվելու համար, պետք է միանգամայն հեռացնել շրջակա հողատերերը և այդ հողերի փոխարեն տալ ուրիշ տեղից:
Մեծ կաթողիկեն, որուն այժմյան, փլվածքները առաջ են եկել 1840 թվականին Մասիսի մեծ երկրաշարժի ժամանակ, որուն հարավ արևմտյան պատի առջև 25 բեռնամբարձ եզներ մնացել են փլատակների տակ, այժմ թեև նույն վիճակի մեջ կգտնվի, այնուամենայնիվ որոշ մասեր ավելի խարխլած և փլուզման ենթակա են։ Մի քանի փոքր մասեր արդեն այս գարնան փլեր են։
Թանգարան եկեղեցվո արևելյան կողմը, որ կից է ճանապարհին, հանդեպ կալատեղին, ցարդ կմնան հին շինության մեծ բեկորներ, առ այժմ հայտնի չէ թե ի՞նչ շինության ավերակ է այդ տեղը, բայց ամենայն հավանականությամբ, կամ երկու եկեղեցիներու այդքան մոտիկ կամ եկեղեցական իշխանության պատկանող մի շինություն էր և կամ իշխանական բնակարան։
Եթե երկու օր ևս հնար լիներ ինձ մնալ Թալինում, խիստ օգտակար պիտի լիներ, որովհետև թե՛ շատ նորություններ պիտի լինեին արձանագրելու և թե՛ բեկորներ պիտի հավաքեի։ Սակայն կառապանիս խիստ լուրջ հիվանդության պատճառով, ստիպված եղա ժամ առաջ հեռանալ Թալինից։
Այսօր առավոտյան, վերստին այցելելով թանգարան, գերեզմանատուն և կիսավեր մեծ կաթուղիկեն, ներկայացուցչի և գյուղխորհրդի ընկերակցությամբ, տվի իմ վերջին հրահանգներս և խնդրեցի, որ հոգածու լինին և սպասեն Կոմիտեի պաշտոնական կարգադրություններին։
Վարպետների ցերեկվա հանգստյան դադարից օգտվելով, գնացի մեծ Կաթողիկեի հյուսիսային կողմի մեկ կամ մեկ և կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կյուլեկ Թեփե անվանված սարը, որ մի ժամանակ եղել է ուրարտական բերդ և բերդաքաղաք։ Մեջը կան հին բնակությանց մնացորդներ և բերդի ժամանակակից գերեզմաններ, որոնք տեսել էի 1913 թվականին։ Այժմ այնտեղ ամեն ինչ միայն կարոտ է մանրազնին հետազոտության և ուսումնասիրության։
1. Մեծ Կաթողիկեի ներքին հարավ արևելյան սյունի վրա եղած արձանագրության թվականն է ՄԼԲ (783):
2. Բ դարուն Թալինի անունը ծանոթ էր Պտղոմեոս աշխարհագրին- Թալինա անունով, «Այրարատ», էջ 137:
3. Դիոսկորոս կաթուղիկոսի օրով եղած արձանագրության թվականն է ՆՁԹ (1040)։
4. Է դարուն, ինչպես կերևի, Կամսարականների սեփականություն էր և Ներսեհ կբնակեր Թալինում։ (Անանիա Շիրակացի)։
5. Արաբացիների Թալինում արած կոտորածն ու կողոպուտը 774 թվին։ Այս կոտորածի ժամանակ սպանվեր են 700 հոգի և գերվել են 1200 հոգի («Այրարատ», էջ 139)։
6. ԹԺ և ԺԱ դարերուն Բագրատունիների իշխանության տակ եղած է Թալինը։
7. Երկրորդ անգամ Թալինում կոտորած եղել է Ելտկուզ Ամիրայի ձեռքով՝ 1161-1162 թվականին, այս անգամ ևս, բազմաթիվ արք, կանայք և մանկտիք կոտորվել են։
8. Երրորդ անգամ, Սուլթան Սելիմ 1514 թվականին Պարսից դեմ ունեցած պատերազմից հաղթական դառնալու պահուն, մեծ կոտորած է կատարել Թալինում։
- ↑ Եղվարդի մեծ կաթողիկեն ըստ Խ. ծ. վ․-ի շինած է Մովսես կաթողիկոս ժամանակակից Կյուրոնը, տեսնել Հով․ կաթ. մեջ։
- ↑ Պատկերները խիստ մաշված են, ուստի և չեմ դնում։ Կազմող
- ↑ Ծոցատետրերի մեջ հեղինակն իր այցելության ժամանակագրական կարգը շատ դեպքերում չի պահպանել։ Երբեմն մի որևէ վայրի նկարագիրը կազմելիս սկիզբը դրել է ծոցատետրի մի մասում, շարունակությունը մի այլ մասում և հանդիպելով արդեն նկարված կամ դրված թղթերի, այնուհետև շարունակել է մի այլ տեղում։ Նույն նյութն ինչքան հնարավոր էր համախմբեցինք մի տեղում, բայց այդ միշտ հնարավոր չեղավ, որովհետև երբեմն հուշարձանների մի ամբողջ խումբ նա նկարագրել և գծագրել է առանց հուշարձանի կամ վայրի անունը տալու։ Այդպիսի դեպքերում պարզել ենք վայրը և հուշարձանը և դրել այդ կտորն իբրև առանձին հատված, ուստի և դասավորության մեջ անհարթությունները խիստ զգալի են այս բաժնում։ Կազմող
- ↑ Այս շինության ամբողջ նկարագիրը պետք է առնել մանրամասն կերպով շինված հատակագծեն և պատկերներեն, այստեղ կնշանակեմ միայն ինչ որ չէ կարելի ցույց տալ հատակագծերուն և պատկերներուն վրա։
- ↑ Այս ճանապարհը ի հնումն ալ քաղաքին իսկական ճանապարհն է դեպի ավագ դուռը տանող, լայնությունը կհասնի մոտավորապես․․․ մետրի, տակավին կմնան երկու կողմին վրա առանձին սեփականատերերու(?) և կամ այլ նպատակով շինված որձաքարե հաստ պատերի հետքերը։
- ↑ Այս է հանգիստ հայրապետ Քեյին։ Քէյիա բառը թուրքերեն հետնագույն գործածական բառ կկարծեմ (գյուղապետ)։
- ↑ Աշոտի ընտրած մասը, որ մի քիչ տեղ միայն պարիսպ ուներ, այդքան էլ բավական էր, որովհետև այդ մասը իսկապես բոլորովին անառիկ է, մինչև իսկ առանց կողմնակի պարիսպներու ալ ոևէ կերպով անհնար է եղած թշնամուն մոտենալ, բացի այն մասեն, որ արդեն պարսպափակ ըրած է։
- ↑ Շատ մոտ հավանականություն կա սույն երեք պատուհանի բացառության ս. Սոֆիայեն ազդված ըլլալուն, որովհետև բյուզանդական եկեղեցիներու մեջ ալ միայն ս. Սոֆիան է, որ երեք պատուհանով է խորանը։
- ↑ Հաճի Խաիլեն դուրս գալու պահուս նկատեցի արևելյան կողմի սուր քարքարոտ բլուրի գլխին ուրարտական պատի մը բավական երկար մնացորդ։
- ↑ Պահպանել ենք բնագրում նշված ամիսը և ամսաթիվը նույնությամբ, թեև հունիսի փոխարեն հուլիս պետք է լինի։ Կազմող
- ↑ Այս հատվածը մի զեկուցագիր է իր՝ Թորամանյանի 1913 թվականի երկրորդ կիսամյակում կատարած գիտական ճամփորդությունների մասին, որ նույն տարվա վերջերին ուղարկել է Պետերբուրգ Ն. Մառին։ Հատվածի հետ ուղարկել է նաև 67 համարակալված լուսանկարներ, որոնք հիշատակված են բնագրի մեջ, սակայն Թորամանյանի արխիվում եղած այս զեկուցագրի օրինակը (գրված հեղինակի ձեռքով), որից և տպագրում ենք այստեղ, լուսանկարներ չուներ, այդ պատճառով էլ, հնարավորության չափով, այդ բացը մասամբ լրացրինք մեր թանգարանի լուսանկարչական արխիվից, աշխատելով ընտրել բնագրում նշվածների նմանները։ Կազմող
- ↑ Այդ լուսանկարը չկարողացանք գտնել, այդ պատճառով էլ տեղը բաց է մնում։ Կազմող
- ↑ * Ալդ արձանգրությունը կազմել են եկեղեցին կառուցող աշխատավորները ուռուցիկ զարդագրերով, որի բովանդակությունն է. Տէր Աստուած ողորմեա աշխատաւորաց. Ամէն: Կազմող
- ↑ Այս զեկուցագիրը Թորամանյանը գրել է Հայաստանում Հնությունների Պահպանության Կոմիտե կազմվելուց հետո, երբ Խաչիկ վարդապետը Զվարթնոցը պետք է հանձներ Կոմիտեի կողմից նշանակված Թորամանյանին։
Կազմող
- ↑ Այս գերեզմանները անշուշտ կափարիչներ ունեցել են, սակայն միանգամայն անհետացած են և ներկայիս վրաները բաց կմնան։