Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Մասն չորրորդ

ՄԱՍՆ ՉՈՐՈՐԴ
ՏԵՂԵԿԱԳՐԵՐ ԵՎ ՆԱՄԱԿՆԵՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ա
ԱՆԻԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ


ՆԱՄԱԿՆԵՐ ԱՆԻԻՑ
1905 թ. հունիսի 16-ին

Կանոնավոր կերպով առաջ կերթան պրոֆեսոր Մառի պեղումները։ Շատ բան պարզված է։ Զվարթնոցի նմանությամբ, Գագիկի շինած եկեղեցին ըլլալուն մասին ոչ մի կասկած չմնաց։ Կիսով չափ դուրս եկավ արտաքին բոլորակ պատը ներսեն և դուրսեն սյունազարդ, սյուները կկրեն քանդակազարդ կամարներ, բայց ոչ Զվարթնոցի նման նուռ և խաղողի քանդակներով, այլ անեցվոց իրենց սիրած ոճով, մանվածո քանդակներով զարդարված են կամարները։ Ներսի խաչաձևի մեծ սյուները խոյակներով սկսեցին երևալ բոլորովին անաղարտ մնացած, ընդհանուր գծերն այս խոյակներուն նույնպես բոլորովին նման են Զվարթնոցի խոյակներուն, միայն քանդակներու թեթև տարբերություններ կան․ չորս մետրեն ավելի կանգուն, թե՛ դուրսի պատերը և թե՛ ներսի սյուները։ Առայժմ շատ բան մնացած կերևի և հուսալի է, որ դյուրությամբ կարելի ըլլա վերակազմել։

Պ. Մառ անհամբեր կսպասե արձանագրություններ դուրս գալուն, որ մինչև այսօր դեռ չեն երևացեր, սակայն հուսալի չէ, որ դուրս գան կարևոր արձանագրություններ, քանի որ բավական բարձր պատեր թե՛ կանգուն կան և թե՛ պատերի խոշոր կտորներ պառկած են հողին վրա։

Պ. Մառ վերին աստիճան ուրախ է և գոհ այս կողմերը գտնված հեթանոսական հնություններու մասին, զորս շատ մեծ գյուտ և նորություն կհամարի պատմության համար։ Պարիսպեն դուրս թուրքի դյուզին մեջ, թուրքերը սկսեր են բանալ շատ մը գերեզմաններ, և մեջեն դուրս բերել են զանազան հեթանոսական առարկաներ, խեցեղեններ, ապարանջաններ, ոսկեղեն զարդերու բեկորներ։ Պ. Մառ գնեց Անիի թանգարանի համար։ Պ․ Մառ բոլորը անձամբ այցելեց այդ գերեզմաններու տեղը, և մտադիր է այս տարի հարմար առթիվ բանալ այդ գերեզմաններն ալ։

Ամսույս 12-ին, կիրակի օրը, պ. Մառ, Անիի կաթուղիկե Մայր եկեղեցվո մեջ հոգեհանգիստ կատարել տվավ հանգուցյալ Եզյանի հիշատակին։ Ներկա էին բավական բազմություն գյուղացիներեն, շատ զարմանալի է, որ այս տարի տակավին մինչև այսօր քաղաքներե եկող ոչ մի այցելուի երես չտեսանք։ Հոգեհանգստի արարողությունեն հետո պ. Մառ քահանաներն և դպրաց դասը վարձատրելեն զատ, կարևոր գումար մ’ ալ բաժանեց աղքատներուն։ Քաղաքացի այցելուներու փոխարեն այս տարի ուինք տարբեր տեսակ այցելուներու մեծ բազմություն մը, շրջակա բոլոր գյուղացիներեն ամեն ազգե խառն։ Ասոնք հիվանդներ են, որ կուգան տիկին Մառին մոտ, որ կատարյալ անձնվիրությամբ կհոգա անոնց ամեն բժշկական կարիքները, դեղ ու դարման կբաժանե անխնա, իսկ ինչ որ իր կարողութենեն վեր է, նախնական դարմաններեն հետո խորհուրդ կուտա բժշկի դիմել։ Բավականին գոհ մնացած են հիվանդները, և այդ պատճառով ալ գրեթե սկսեր են ամեն կողմե շարան շարան գալ և վայրկյան մը հանգիստ չեն տար տիկին Մառին։ Իսկ նա անտրտունջ կտանի ամեն անհանգստություն։

«Մշակ», 1905 թ․, հունիս 18
Հունիսի 24-ին

Օրըստօրե հետաքրքրական դառնալ սկսեր են պեղումները։ Այս շաբթու ալ ունեցանք կարևոր նորություններ։ Արտաքին կամարներե զարդաքանդակ պատուհաններե և մեծ խոյակներե զատ բացվեցան եկեղեցիին հարավային և արևմտյան դռները։ Արևմտյան դուռն այժմեն փոխարինեց ըլլալիք բոլոր ապագա զոհողությունները այս պեղման համար, դուռ մը, որուն նմանը մինչև այսօր չէ տեսնված ուրիշ հնություններու մեջ։


Շատ քիչ կբացատրեն Աստղիկի «տարփատենչ տեսողաց» կամ «սքանչատես տեսլեամբ» տողերը։ Մարդ ակամա կապշի, տեսնելով բիրտ ապառաժին մարդկային ձեռքի տակ այսչափ կենդանություն ստանալը։ Կարծես բնությունն ինքնին ստեղծեր է այն զմայլելի ներդաշնակությամբ իրարու խառնված նրբին քանդակները, որոնցմով զարդարված էին դռան ճակատը, քարի վրա քանդակ ըսելեն ավելի, կարելի է ասեղնագործություն անվանել. այնպիսի բարակ, մանր գրեր կան ոլորված, հյուսված, որոնք մեկ նայվածքով անկարելի է տեսնել։

Ի տես այս չքնաղ բեկորներուն մեկ կողմանե կուրախանար հարգելի գիտնական պ. Մառ, որ վերջապես ազատվեց ան հողին տակեն այս արվեստի գեղանի նմուշները, սակայն մյուս կողմանե կտխրեր, այժմեն գուշակելով անոնց ապագա ճակատագիրը, անխնամ փչանալ ժամանակի ընթացքին մեջ, ինչպես որ փչացեր են ասոնց նման շատ բաներ։ Ցավելով ըսավ, որ եթե ուրիշ ազգեր ու սեփականություն ըլլաին այս հազվագյուտ գանձերը, անոնք բյուրեղյա ծածկույթի տակ կպահեին։ Շատ խորհեցավ, որ եթե հնար է վերստին կանգնել տա տեղին վրա, նորոգել տալով փչացած մասերը, սակայն ի նկատի ունենալով ատոր պատճառելիք մեծամեծ ծախքերը և երկար ժամանակի կորուստը, ետ կեցավ այդ խորհուրդեն առայժմ։ Արդեն եկեղեցիին պեղման գործն ըստ ինքյան այնչափ մեծ է, որ հազիվ թե մինչև իր մեկնելու ժամանակ կարողանա ամբողջացնել, հետևաբար նյութական միջոցների զատ ժամանակի անհարմարություն ալ կա։ Պ․ Մառ չարաչար զբաղված է իր գործով, ո՛չ միայն գիտնականի լուրջ դերը կկատարե գործին գլուխը, այլ նաև, հսկողի, գործավորապետի և շատ անգամ գործավորի ալ գործ կկատարե։ Առավոտ կանուխ դուրս կուգա բնակարանեն և կերթա գործին գլուխը արհամարհելով օրվան մերթ անձրևն ու քամին, մերթ շոգն ու փոշին, իսկ վերադարձին անկարելի է զանազանել զինքն իր հողաթաթախ կերպարանքով, այնտեղ աշխատող բանվորներեն։ Բայց նա դարձին ուրախ ու զվարթ է, և մոռացած բոլոր կրած նեղությունները, կըլլած փոշիները, երբ ձեռքին մեջ ունի քանի մը կտոր նորագյուտ առարկաներ իր սիրելի Անիի թանգարանը ճոխացնելու համար։ Կիրակի օրն ալ հանգիստ չունի։ Ամբողջ օրը կանցնե թանգարանին մեջ, կնկարագրե, կարձանագրե, գտած առարկաներն իր ձեռքով կմաքրե, և իրենց պատշաճ տեղերը կշարե։ Ասոնց վրա ավելացուցեք երբեմն ալ հետաքրքիր այցելուներու անվերջ հարցումներուն տված երկար պատմական ու գրական բացատրությունները, այն ատեն կարելի է հասկանալ թե պ. Մառը հաց ուտելու ժամանակ երբ կգտնե։

Հարավային դուռը թեև ոչ այնքան ճոխ, ինչպես արևմտյան դուռը, սակայն կարելի է ըսել արևմտյան դռան մանրանկարն է, նույն ձևով նույն քանդակներով գրեթե զարդարված է, դեռ չէ երևացեր հյուսիսային դուռը և կամ մյուս դռները, եթե Զվարթնոցի նման անոնք հինգ հատ էին։

Եկեղեցիի արևմտյան դռան հյուսի-արևմտյան կողմը հազիվ 5—6 մետր հեռու եկեղեցիի պատեն դիպվածով դուրս եկավ, քարեղեն վեցթևյա աստղաձև մոդայիկներով զարդարված դուռ մը. թեև ամբողջ ճակատն ընկած ու ջախջախված էր, սակայն բարեբախտաբար շատ քիչ վնասված էին այդ նրբաքանդակ աստղերը և անոնց լրացուցիչ տարրանկյունի փոքրիկ մասերը։ Մեծ քանակությամբ հավաքել տվավ պ. Մառ այս բեկորներեն և փոխադրել տվավ անմիջապես թանգարան, վախնալով, որ մի գուցե անչափ երկար ժամանակ հողին տակ անարատ մնալեն հետո զոհ չերթան հետաքրքիր անցուդարձ ընողներու վայրենի քմահաճույքին։

Տակավին արձանագրություն չգտնվեցավ, սակայն այս դռան ճակատը գարդարող վեցթևյա աստղերեն մեկնուն յուրաքանչյուր ծայրերուն վրա, քանդակներու մեջ, բարձրաքանդակ գրված էին մեյմեկ գիր, որ կկարդացվեին Սարգիս անունը։ Դռան արվեստին համեմտաբար եկեղեցին նոր ըլլալեն, պ. Մառ կհետևցնե, թե սա գուցե լինի Անիի առաջնորդ Սարգիս եպիսպոկոսի անունը, ինչպես նաև շենքին եկեղեցիի շատ մոտ ըլլալեն կհետևցնե անոր առաջնորդարան մը ըլլալը։

Տարօրինակ երևույթ մը ալ բացվեցավ դռներուն առջևները. Զվարթնոցի նման չորս մեծ մայր-սյուներեն զատ, ուղիղ դռներուն դիմաց երևան եկան նմանապես նույն մեծությամբ հաստահեղույս մայր սյուներու մնացորդներ, որոնք ոչ միայն անսպասելի էին, այլ նաև ակամա մտածել կուտան, թե ինչու ուղղակի դռան դիմաց հազիվ տունեն մեկ մետր ներս հաստատված են։ Թեև այժմեն չէ կարելի ոչինչ վճռել, մոտ ժամանակի մեջ պիտի պարզվի, սակայն այժմեն կարելի է ենթադրել, որ այս եկեղեցու շինող ճարտարապետը կամ չունեցավ Զվարթնոցը շինող ճարտարապետի խիզախ հանդգնությունը նույն ձևով գմբեթը կազմելու համար և դիմեց օժանդակ մայր սյուներու, և կամ նույն ձևով շինելե հետո վերահաս վտանգի մը աոջևն առնելու համար հետո շինվեցան այս մեծ մայր սյուները, շուտով կպարզվի։

«Մշակ», 1905 թ., հունիս 30
Օգոստոս 1

Մայիսի 31-ին մեկնեցանք դեպի Անի պրոֆեսորի Մառի հետ, որ Պետերբուգեն եկած էր իր ընտանիքով։ Հունիս երկուսին գործի սկսեցինք այստեղ։ Երեք տարի առաջ պ. Վրույր կարծիք հայտնած էր պալատեն դեպի հարավ արևելք գտնվող մեծ բլուրի մասին թե թերևս Գագիկի Զվարթնոց եկեղեցիի նմանությամբ շինած եկեղեցին այդ ավերակին տակն ըլլա, որովհետև անոր վրա կնշմարվեին Զվարթնոցի մեծ սյուներու խոյակներուն նմանով խոյակներ։ Պրոֆեսոր Մառն ալ հետաքրքրացավ ատով, և այս տարի ուզեց այդ տեղն ալ բանալ և 60—70 գործավորով սկսեց աշխատել։ Պ․ Վրուրին կարծիքը իրականության փոխվեցավ։ Ճիշտ նույն ձևով նույն մանրամասնություններով սկսեց դուրս գալ հսկա եկեղեցին, որ ավելի մեծ է քան Մայր եկեղեցին։ Շենքը դրսեն զարդարված է եղել շուրջանակի զույգ սյուներով և վրաները գեղեցիկ քանդակազարդ կամարներով, ու այս կամարներուն մեջ պատուհաններ, կամարներեն վեր դարձյալ կլոր պատուհաններ՝ մանվածո ամենանուրբ քանդակներով շրջանակված։ Մեծ սյուներու խոյակները նման են Զվարթնոցի խոյակներուն։ Բացվեցան հարավային և արևմտյան դռները, սակայն, աչք պետք է տեսնելու արևմտյան դուռը, մարդ կշվարի կմնա, և չի կարող արտասուքը զսպել այդ հիանալի և կախարդիչ կերտվածքին առջև, այնպես գեղեցիկ և նուրբ, միանգամայն այնպիսի վայելուչ պատշաճությամբ քանդակված է դռան ճակատը՝ որ կարծես մարդկային ձեռք չէ դպեր, և բնությունն է որ ստեղծեր է։ Երևակայեցեք, որ ես գրեթե անհնար կտեսնեմ նույնությամբ ընդօրինակել, եթե չափերս բնական մեծությամբ չբռնեմ, այնքան մանր մունր հյուսվածքներ և զարդախաչեր կան քանդակված՝ քարերուն վրա։ Պրոֆեսոր Մառ երբ առաջին անգամ տեսավ չկարողացավ յուր զայրութը զսպել, և ցավելով ըսավ որ, «եթե այս տեսակ թանկագին բեկորներ ռուսները ունենային, ապակիի մեջ կառնեին և կպահեին, հայտնի է, որ հայերը, ինչպես ասոր նման ուրիշ շատ բաներ, նույնպես այս թանկագին գանձն ալ պիտի փչացնեն»։ Այդպես ալ պիտի ըլլա. ինչ կարելի է ընել, և ով պիտի ընե։ Կիկլոպյան ուժ պետք է այդ դռան ահագին քարերը փոխագրելու համար։ Մնաց որ, ահագին ծախքի ալ դուռ է։ Դռան վերնասյամի քարը միակտուր հսկա մեկ ամբողջ բռնված՝ զանազան քանդակներով։ Նմանապես այսպես հսկա քարերով են կողքերը, վերը դրված մասերը, նույնպես և պատերում քարերը։

«Լուսաբեր», 1905 թ․, սեպտեմբեր 9, № 117

1907 թիվ

Անցյալ տարվա պեղումներից հետո մինչև հիմա նորություններ չկային հաղորդելիք, հիմա ալ նույնն է գրեթե,— մեծ դահլիճը, բաղնիքը և մտից արևմտյան գլխավոր դուռը, միայն թե ավելի մանրամասն պարզվեցան։ Դահլիճին երկայնությունը մոտ 20 մետր է բացի անկյուններեն, երկայնության կոզմերան վրա 4-ական շքեղ որմասյուներով, որոնց վրայեն կամարներ ձգված են զանազան կողմեր։ Բաղնիքին մեկ մասն էլ դուրս եկած բոլորովին անջատ և անկախ մյուսեն, առանձին դռնով և առանձին նախագավիթով, որ ենթադրել կուտա, թե մեկը արանց և մյուսը կանանց հատուկ էր, ըստ հարեմական դրության, թեև մեկ վառարանով տաքացեր են երկուսն ալ։

Պալատի արևմտյան մտից դուռը մոտ 3 մ. լայնության ունի, մնացեր է բարավորներու ստորին մասը միայն քանդակված հայոց մեջ ամենահին գրեթե 5-րդ դարու քանդակներով։

Սկսված է պեղում Կարուց դռան առջև, մեկ երկու շաբաթեն բոլորովին կբացվի այդ դուռը, որը ծածկված էր փլատակներու տակ. այդ տեղեն կսպասվի նորություններ։

Երկու օր ի վեր նամակս գրված էր. բերող չըլլալուն պատճառով մնաց, ուստի այս երկու օրվան մեջ պարզվող նորություններն իմացնեմ։ Պալատի հյուսիս արևելյան կողմը բացվեցավ մի ուրիշ մեծ դահլիճ սյունազարդ բազիլիկ ձևով, հանդիպակաց արևմտյան կողմինեն քիչ փոքր։ Հյուսիսային անկյունը երևաց մի ուրիշ սրահ, բոլորովին համաչափ նույնպես արևմտյան կողմինին։ Արվեստագործական առարկաներ չերևցան, եղածներն ալ հատուկտոր, սակայն այդ փշրված վիճակին մեջ ուշադրություն հրավիրող շատ գեղեցիկ նմուշներ կան. գտնվեցան մի արծաթյա մատանի, որուն ակը թափանցիկ ճերմակ քար մ' է, բավական խոշոր և վրան գրված է երկու տող խիստ մաքուր արաբերեն, բայց կարծեմ անընթեռնելի մնաց, առայժմ։ Այսօր սկսեցին արտաքին կողմերն ալ մաքրել, ուր կհուսացվի թափած ըլլալ ճարտարապետական զարդաքանդակներ և արձանագրություններ, ըլլալուն անպատճառ կգրեմ։ «Ախուրյան», 1907 թ., № 44.

Երկու շաբաթեն կարելի է լիովին բացվի պալատին ներսի կողմերն իր բոլոր բաժանմունքներով, քանի մը սենյակներ միայն մնացած են մաքրելու։ Այժմ պալատը ոչ միայն պարզ է իր վիթխարի հատակագծով, այլև մեջեն դուրս եկած բոլոր առարկաներով, որոնք պարզ կապացուցանեն, թե այնտեղ մի ժամանակ ապրեր են սովորական շատ մեծ և ճաշակավոր մարդիկ։ Ամեն մի կտոր, որ չափ որ փչացած և այլանդակված լինեն, դարձյալ իրենց վրա կկրեն գեղեցկության և շքեղության կնիքը։ Խեցեղեններու բազմաթիվ բեկորները, ամենը զանազան տեսակի, հիանալի կերպով գունավորված, զարդարված և երբեմն մաքուր ոսկեզօծված, որոնց նմանը հազիվ պատահել էին ուրիշ տեղեր։

Ճարտարապետական բեկորներու մեջ շատ ուշագրավ են գաճե ձուլված բարձրաքանդակ զարդերը, որոնցմով պալատի կանգուն ժամանակ ծածկված են եղեր սրահներու պատերն ու առաստաղները։ Այս զարդանկարներեն մեկ մասը 5-6 ս՚մ. լայնությամբ քանդակազարդ ժապավեններ են, որոնք հյուսված են եկել արաբական ձևերով, որոնց զանազան ուղղությանց վրա ճյուղավորվելեն գոյացած քառակուսի, եռանկյուն կամ տարանկյուն մասերուն վրա քանդակված են նույնպես բարձրաքանդակ և սիրուն գծերով կենդանիներու և թռչուններու պատկերներ։ Գաճե զարդարանքներուն մեկ մասին ֆոնը կապույտ գույնով ներկված է, թերևս ամենուն ալ վրա կային գույներ, բայց փչացած են այժմ։

Սենյակներուն ոմանց ալ առաստաղները զարդարված են եղեր գեղանկար որնըմաններով։ Սրահի մը մեջեն բացի փոքր կտորներե գտնվեցան մեկ արշինի չափ երկայնությամբ տախտակ մը, որուն վրա գրեթե ամբողջ պահված են զարդաքանդակներու գույները, հակառակ տախտակին բոլորովին փտած ըլլալուն՝ նկարը կներկայացնե բացի ոլորուն տերևներե զանազան ծաղիկներ։

Գտնվեցավ մի մատանի առանց քարի, ակին վրա փորագրված է թռչուն մը։ Դժվար է ամբողջովին նկարագրել վերջին երկու շաբթվան պեղումներու արդյունավորությունը, այնպես որ հիմա արդեն թանգարանի մեջ տեղ չէ մնացած առարկաները դասավորելու, եթե այսպես շարունակվեն պեղումները և հետազոտությունները, գալ տարի անհրաժեշտ պետք է մի նոր թանգարան ունենալ, թեև հարգելի պրոֆեսոր Մառ այժմյան թանգարանին շուրջը մաքրել կուտա, շատ մը դուրսը մնացած ճարտարապետական զարդաքանդակներ և խաչարձաններ դուրսը զետեղելու համար, բայց սա բավական չէ։ «Ախուրյան», 1907 թ., № 45.

Թիֆլիսի Ազգագրական ընկերությունը մտադրված է շինել Անիի կամուրջը, հյուրատունը, և մի թանգարան, ուստի այս գործերուն ուսումնասիրության համար երկու շաբաթ առաջ եկավ պ. Ե. Լալայանը և դիմեց իմ խորհուրդներուս ալ, հայտարարելով, որ ունի հինգ հազար ռուբլի պատրաստի դրամ և կուզեն ծախսել Անիի բարեզարդության և հնությանց պահպանությանց համար։

Ես խորհուրդ չտվի այժմեն ծախսել հազարներ կամուրջի մը համար, որը ոչ մի ակնկալված նյութական և բարոյական օգուտներ չպիտի տա, նույնպես և թանգարան և հյուրատուն միաժամանակ շինելու համար տասնյակ հազարներու պետք կա. 5000 ռուբլիս ողորմելի գումարով (թեև հետևյալ օրը իմացանք, որ ոչ թե 5000 ռուբլի այլ 500 է եղել), այդ բոլոր բաները իրագործել անհնար էր։ Հետևաբար ես առաջարկեցի, որ Ազգ. ընկերությունը փոխանակ ահագին գումարներ ծախսելու, ծրագիրներ հղանալով կես ճամփան մնալու, լավ կըլլա, որ օգտվին Հոռոմոս վանքին ընդարձակ սրահներեն և այնտեղի վաղուց քանդված մի կամուրջեն, նույնպես նաև առայժմ այնտեղ գտնվող 10-15 սենյակներե։ Նախ որ այդ կամուրջը ամենեն շատ 1500 ռուբլիով վերականգնելով, ճանապարհը կդյուրանա այցելողներու համար, երկրորդ այնտեղի յոթը զանազան դարերու ճարտարապետական և գեղարվեստական շքեղ նմուշները կպահպանվին և կնորոգվին նույն սրահները, թանգարանի վերածելով թեթև ծախքերով, երրորդ այցելուները լիովին կօգտվին, այն տեղի բնություններեն առայժմ, մինչև մի մեծ և ընդարձակ հյուրատան շինվիլը։ Այս առաջարկս խիստ հարմար և գործնական գտավ պ. Ե. Լալայանը և խնդրեց ինձմե անձամբ ընկերակցել իրեն դեպի Հոռոմոսի վանքը տեղուն վրա իմ ցուցումներս տալու համար։ Ես սիրով ընդունեցի, որովհետև ինձի մեծ ուրախություն պատճառեց որ տարիներե ի վեր երազած խորհուրդներս իրականության կմոտենային, այն է, պահել Հոռոմոսի վանքի գիտական և պատմական աննման հարստությունները։

Հետևյալ առավոտ կանուխ կառքով մեկնեցինք դեպի Հոռոմոսի վանքը, այնտեղ ցույց տվի ամեն բան, որով ավելի ուրախություն զգաց պ․ Լալայանը և մտադրվեցավ ամեն ջանք ի գործ դնել այն ծրագրին հաջողության։ Ղոշավանքի գյուղացիք լսելով կամուրջի շինության լուրը, իրենք ալ ինքնակամ խոստացան հարյուր մշակ և քսան սայլ ձրի տալ օժանդակելու համար այս օգտակար գործին։ Երբ վերադարձանք Անի, պ. Լալայանց դիմեց պրոֆ. Մառին և հայտնեց այս խորհուրդները, անոր ալ կարծիքն իմանալու համար, նա ևս համակրեցավ լիովին և խոստացավ նույն իսկ բարոյապես օգնել կրցածին չափ։

Լալայանց մեծամեծ հույսերով և չափազանց ոգևորված մեկնեցավ այս տեղեն, հավատալով որ ի մոտո սկսեցի շինությանց ալ ձեռնարկել։

«Ախուրյան», 1907 թ. № 46.
18-ին հուլիսի

Անցյալ շաբթու գրեցի, որ սրահի մի մեջեն գտնվեցան գեղանկար զարդարված տախտակի կտորներ։ Նույն սրահին մեջ, որը կգտնվի պալատին հարավարևմտյան և միջնաբերդի գագաթի կիսականգուն հնագույն եկեղեցիի ուղիղ արևմտյան կողմը, սալատակին տակ նշմարվեցավ, դեռ երկու շաբաթ առաջ, աղյուսով կամարակապված ստորերկրյա շինության մը հետքերը։ Հակառակ Անիի մեջ աղյուսի տարօրինակ և հետաքրքրական երևույթին, պ․ Մառ չշտապեց անմիջապես բանալու այդ մասը՝ նախքան անոր վրան և շուրջը խուզարկու պեղումներ կատարելը, և հիրավի նույն կամարի և վրայի սարատակի մեջտեղը պահված էին գրեթե նույնչափ հետաքրքրական բաներ, որոնք կարող էին փչանալ բրիչի անզգուշ հարվածներու տակ։ Կամարեն հազիվ կես մետր բարձրության վրա հայտնվեցան ջրաբաշխ խողովակներու ճյուղավորումներ ոմանք երկաթե, ոմանք մաքուր կավե պատրաստված, իրարմե տարբեր տրամագծերով։ Այս խողովակները հատուկ էին պալատի զանազան մասերուն վրա գտնվող աղբյուրներուն ջուր մատակարարելու, որովհետև մեկ ու կես սանտիմեն մինչև երեք սանտիմ տրամագիծ ունին անցքերը։ Շատ ավելի մեծ խողովակներ երևցան ուրիշ տեղեր, մասնավորապես բաղնիքին մոտերը, բայց դեռ հայտնի չէ թե ինչ կապ ունին այս տեղի հետ, որովհետև այլևս կասկած չմնաց որ այս աղյուսաշեն ստորերկրյա կամարակապը ամրոցի ջրամբարն էր։ Պեղումները շարունակվելով մեկ մասին վրա մինչև հատակը տեսնվեցավ, որ պատերը և հատակն ալ շինված էին աղյուսով և խնամքով ծեփված կրով, ավազով՝ հատակն ալ միասին։ Աղյուսներուն խոշոր քառակուսի տափակ ձևը և շարվածքը խիստ հնության կատարյալ դրոշմը կկրեն, գուցե Կամսարականներու ժամանակեն է մնացած։ Դեռ կշարունակվի ջրամբարի պեղումը, երբ վերջանա կարելի է որ գտնվի նաև այն ճանապարհը, ուրկեց կուգար ջուրն այնտեղ լեցվելու համար։ Առայժմ մի տարօրինակ երևույթ կա ջրամբարին մեջ, մեկ մասին վրա հատակեն մեկ մետր դեպի վեր, բոլորակ հորի նմանող տակեն աղյուսով և վրայեն քարով հյուսված բարձրություն մը ցցված է, ոչինչ ենթադրել չէ կարելի մինչև լավ մը մաքրվելը։ Արտաքուստ շրջապատի վրա դեռ լուրջ պեղումներ չեն սկսված, հազիվ թե կարելի ըլլա երկու շաբաթ հետո լեռնակուտակ թափված քարերն ու բեկորները մաքրել, խումբ մը գործավորներ զբաղված են միայն քարերը և բեկորները տեղափոխելու։ Այս քարակույտերուն մեջ սկսեր են գտնվել հետզհետե առնվազն 15 սմ. մեծությամբ խոշոր տառերով հունարեն արձանագրության մը բեկորները, որոնք ըստ երևույթին շարված են եղեր շինության դրսի ճակատին, ամբողջ երկայնության վրա թե՛ արևելյան և թե՛ հյուսիսային կողմեն։ Արձանագրության դեռ հազիվ սկզբի մասերն են ձեռք անցած, որոնց մեջ կարդաց հարգելի պրոֆեսորն ինքնակալ, հաղթական և այլն և այլն, անկապ բառերը և մի տառը, որմե կհետևցնե թե պետք է լինի Կոստանդին Մոնոմախոսի ներկայացուցիչներու կողմանե գրված, Անին գրավելեն հետո։ Արդեն շինությունով և քարերի տեսակներով շատ տարբեր է այն պատը, որուն վրայեն թափեր է այս արձանագրությունը, հետնագույն հավելված մը կկազմե իսկական պալատի շինության կցված, անկասկած Բագրատունի թագավորաց անկումեն հետո հույն կառավարիչներ այս գեղատեսիլ բարձրության վրա հաստատեցին իրենց բնակությունը և նորոգեցին հավելվածներով իրենց ճաշակին համաձայն։

Պրոֆեսոր Մառ մտադիր է առաջիկա շաբթուն մեջ, մ՛ի օր զբաղվել Անի գյուղին մեջ գտնվող հեթանոսական գերեզմաններու պեղումներով, որոնց մեկ մասը արդեն բավականին հարուստ նյութ ընծայեց Անիի թանգարանին։

«Ախուրյան», 1907 թ., հուլիս 19. № 47
24-ին հուլիսի

Ամրոցի ջրամբարի պեղումները շարունակվելով անցյալ շաբթու, ամբողջ ծավալը հասեր էր 3 մետր լայնության, 7 մետր երկարության և 5 մետր խորության. թեև տարօրինակ էին անոր փոքր ծավալը և հարավային պատին վրա երևցող սրածայր կամարակապ երկու դռնակները, որոնք մինչև իսկ կասկածելի կդարձնեին ջրամբար իսկ լինելն, բայց հետո այդ կասկածը լիովին փարատեցավ, երբ պեղման շարունակությամբ պարզվեցավ, որ հարավային պատը պարզ միջնորմ մ' էր ջրամբարի ամբողջության մեջ։ Շինությունը շարունակված էր դեպի հարավ և կար բաժանում մը ևս նույնանման ծավալով, նույնպես աղյուսաշեն, կամարակապ․ ատկեց անդին դեռ երրորդ մը կա թե ոչ, առայժմ հայտնի չէ, միայն թե այժմ պարզ է, որ շինության հաստությունը և տոկունությունը ի նկատի ունենալով բաժանված էր փոքր մասերու, և առանձին կամարակապված, իսկ դռները անհրաժեշտ պահանջ էին մաքրելու ժամանակ մեկեն մյուսը անցնելու համար․ ջրամբարի բուն մուտքը կգտնվի բարձր, կամարի կորության տակ․ գալով մեջը շինված հորին, շատ հետնագույն ժամանակի անխնամ հավելված մ' է, նույն բանը կրկնված է հարավային բաժանման արևելյան կողմը ջրամբարի պատին դրսի երեսին որ կհաղորդակցի նեղ խողովականման անցքում մը անոր հետ: Ըստ երևույթին այս հորերը շինված էին այն ժամանակ, երբ ամրոցին մեջ կբնակեին հասարակ դասի մարդիկ, որ թեև ջուրը դրսեն գալով կլցվեր ջրամբարին մեջ, սակայն արդեն ավրված ու փչացած էին ջրաբաշխ խողովակները, ուստի դյուրավ և խնայողական միջոցներով այդ ջուրեն օգտվելու համար, հավանական էր որ շինեցին կողքերուն վրա նույն հորերը և հաղորդակցության մեջ դնելով ջրամբարի հետ բարձրեն, ջուրը կքաշեին հորերուն բերանեն, այս կերպով նաև միանգամայն ազատ կմնար ջրամբարին ջուրը պատահական ապականություններե։

Ինչպես կերևի հարգելի պրոֆեսորը ժամանակին և գլխավորաբար նյութականի սղության պատճառով գեթ այս տարի չպիտի կրնա հետախուզել այս մասն իր բոլոր մանրամասնություններով, թեև ըստինքյան խիստ կարևոր է գիտենալ թե ինչ ճամփաներով կմտներ ջուրը ամրոցին մեջ և ինչ կերպով կբաժանվեր զանազան կողմեր, քանի աղբյուրներ կգտնվեին ամրոցի մեջ և որ կետերու վրա։ Անցյալ շաբթվան պեղումներու մեջ աչքի ընկնող երևույթներեն մեկն ալ ամրոցին արևմտյան դռան բացումն է, որ կգտնվի Ծաղկոցաձորին բոլորովին կից։ Այս դուռը երկու երեք տարի առաջ նկատված էր արդեն, բայց հարգելի պրոֆեսորը հարմար առիթի կսպասեր բանալու համար։ Այս մասն ալ սպասվածեն ավելի արդյունք տվավ, ո՛չ միայն բարավորներով խարիսխները, ինչպես կկարծվեր, այլև բարավորներն իսկ կիսով չափ կանգուն են տեղին վրա. բարավորներուն վրա քանդակված են լայն ժապավեններ տեղ տեղ ոլորվելով և անցնելով մեկմեկու մեջև՝ կրկին շարունակված են դեպի վեր, կամարը կամ վերնասյամը ընկած է թեև, բայց գտնվեցան քարերու մեջեն բարձրաքանդակ առյուծ մը բավական խոշոր և արաբերեն արձանագրություններ, որոնք զետեղված են եղել դրան վերևը։ Առյուծը թեև մաքուր պահված է, բայց համեմատելով ավագ դռան առյուծին, սա անճաշակ շինված է, արաբերեն արձանագրությունը որ երկու քարի վրա է առայժմ, մեկը բոլորովին փչացած է գրեթե, հազիվ տեղ տեղ նշմարելի են տառերը, մյուս կտորը լավ պահված է և շատ նման Եպուսայիդի Մզկիթի վրա թողած արձանագրության տառերու ոճին։ Պրոֆեսորը դեռ ժամանակ չունեցավ կարդալու, հետևաբար առայժմ անհայտ է թե ինչ ժամանակի կպատկանի և ով է գրողը։

Վերջին կիրակի օրվան Անի գյուղի մեջ կատարված հեթանոսական գերեզմաններու պեղումները բացի շահեկանությունե, ուներ խիստ հետաքրքրական երևույթ, այստեղ պրոֆեսորի աշխատակից-ուսանողներն ալ բահ ու բրիչ ձեոքերնին, ցրված ընդարձակ կալերու մեջ, իրենց հատուկ մշակների խմբով եռանդուն կերպով կաշխատեն կասկածելի տեղերը փորելով, իսկ ինքը հակառակ սաստիկ փչող քամիին և խեղդող փոշիին շարունակ մեկեն մյուս կվազեր ղեկավարելու համար, որ մի գուցե անզգույշ հարվածներ տան իրենց անփորձությունով։ Դժբախտաբար հակառակ ամբողջ օրվան եռանդուն աշխատության պատահեցան չորս գերեզման միայն, որոնք նախապես պրպտված ու թալանված չըլլային։ Բայց դարձյալ մխիթարական էր, որ բոլորովին ապարդյուն չանցավ։

Չորս գերեզմաններեն երկուքը մեծ էին և երկուքը փոքր, մեծերը՝ որոնք ուղղված էին արևելքեն արևմուտք, մոտավորապես ունեին մեկ մետրեն քիչ ավելի երկայնություն և վաթսուն սմ. լայնություն, որոնց առաջինին մեջեն դուրս եկավ բացի տասնևհինգե ավելի աճյունով և այրած ոսկրներով լեցուն զանազան մեծության և ձևերով կավե ամաններե, նաև 50 սմ. երկայնությամբ երկաթե սուր մը բոլորովին ժանգոտած ու փտած, բայց կոթին վրա տակավին նշմարելի էին փայտե ելախակալին մնացորդները։ Երկրորդին մեջեն նույնպես դուրս եկան կավե ամաններ, աճյունով լեցված, թվով պակաս քան նախորդը, և մի երկաթի կտոր, որը դանակի նմանություն ուներ, փոքր գերեզմանները ուղղված էին հյուսիսեն հարավ, կպարուրակեին մի քանի հատ միայն հողե ամաններ։

Պրոֆեսորը գտնված իրեղենները նույն օրը թանգարան փոխադրելեն հետո, հետևյալ օրը գերեզմաններեն մեկուն քարերն ալ փոխադրել տվավ և թանգարանին մեջ հարմար տեղի մը վրա նույն գերեզմանը վերակազմելով, մեջեն գտնվածներն ալ դասավորեց ճիշտ այնպես ինչպես որ եղեր էր իր բուն տեղին վրա, որպեսզի այցելուներով ճշգրիտ գաղափարը ներկայացնե հեթանոսական գերեզմանները։

«Ախուրյան», 1907 թ․, հուլիս 24, № 49․
1908 թիվ

Ճակատագրապես մշտնջենական տխուր ամայության դատապարտված Անին, նախընթաց 3—4 տարիներու նման, այս տարի ալ կրկին գործունյա ու կենդանի շրջանի մը մեջ մտավ, ըստ ամենայնի շեն քաղաքի մը տպավորություն կը թողու մեր փոքրիկ գաղթականության վրա. թեև ֆիզիկական զրկանքներ խիստ շատ կան, սակայն կազմված գիտնական և մասնագիտական ընկերային շրջանի եռանդով գործունեությունը և օր ըստ օրե ակնախտիղ նորություններու հայտնագործությունները մոռացնելով ամեն զրկանք անխառն բերկրությամբ կհամակեն մեր փոքրիկ հասարակությունը։

Հունիսի 3-ին ձեռնարկվեցավ պեղման նախնական գործողությանց 40—50 մշակներով, հետևյալ շաբթուն՝ անոնց թիվը արդեն հարյուրի մոտ էր։ Երկու երեք տարիներե ի վեր բնության աղետներե տառապող հուսահատ գյուղացի մշակները, ուրախ զվարթ աղաղակներով բահ ու բրիչը շալակած կվազեն իրենց նախընթաց տարիներու սիրելի ու հարգելի պրոֆեսորի գործին, այն պրոֆեսորի, որ առատորեն պիտի տար իրենց սփոփանք ու մխիթարություն, ինչ որ չէին ստացած անձրևի կաթիլներեն, պիտի ստանային քրտինքի կաթիլներով։ Բարեսիրտ ու վեհանձն պրոֆեսորի ներկայութենեն ոգևորված, մշակներու ցրված խումբերը երկու երեք շաբաթվան մեջ պատառ պատառ ըրին միջնաբերդ կոչված բլրին ընդարձակածավալ լանջերը, առանց խնայելու անոր ծաղկալից ու կանաչազարդ պատմուճանին, որը գարունը ծածկել էր դարավոր ցավերու ու տառապանքներս աղեկեզ հիշատակաց ցավագին տպավորությունները մեղմելու համար։ Ուրիշ բան կփնտրեին այնտեղ ավելի գեղեցիկ, ավելի վսեմ քան ծաղիկն ու մարգագետինը, ամեն բրչի հարվածի սրտատրոփ կհետևեին մշակներ և անոնց գլխուն վերև սաստիկ քամիին ու փոշիին դեմ անվեհեր կուրծք տվող բարեխիղճ գիտնականը։ Արդյոք ինչ նոր բան դուրս պիտի գար, որ մշակը ձոնելով իր պրոֆեսորին իրական հաճույք պատճառեր անոր, և փոխարեն ստանար զվարթ ու գոհունակ դեմքով տրված նվերը, թեև ամեն մշակի չէ վիճակված գյուտեր ըրած ըլլալու հպարտ բավականությունը, սակայն իրենց պրոֆեսորը շաբաթ երկու անգամ հավասարապես կվարձատրե, բացի նորություններ ներկայացնողներե, նաև բարեխիղճ աշխատողները բացառիկ նվերներով։

Այս տարի ալ անսպասելի կերպով արդյունավետ եղան մեծահարգ գիտնական պ․ Մառի պեղումները, և վերին աստիճանի շահեկան ու հետաքրքրական նորություններով լեցուցին մեր փոքրիկ թանգարանը։

Ամեն բան գրել, ամեն բան նկարագրել գրեթե անհնար է, սրտանց հետաքրքրվողներու համար, անձամբ տեսնելե և իրենց սեփական աչքերով վայելելե զատ, ոչինչ հնար չկա։ Ես հազիվ կարող եմ աղոտ կերպով նկարագրել քանի մը գլխավոր առարկաներ, որոնք ըստ ինքյան նշանավոր գյուտեր կարող են համարվել։

Միջնաբերդի պալատի արևմտյան մուտքի դռան առջև փորվելով, մոտ 4 մետր խորության վրա գտնվեցավ պալատի նախկին հիմքը, որ ամենայն հավանականությամբ Կամսարականներու հիմնարկածն էր, այս հիմքը, որ որձաքարի հսկա կտորներով շինված է, կվերաբերի մի միայն պալատի հյուսիսային բաժնին, որով կարելի է ենթադրել թե, Կամսարականներե հետո, Բագրատունիք ավելցուցեր են, այժմյան պասաժին հարավային կողմը երևցած ընդարձակ մասը։ Այստեղի պեղման միջոցին գտնվեցավ բյուզանդական գոգավոր ոսկե դրամ մը հնագույն տիպի։

Ամրոցի հյուսիս արևմտյան դռան պեղումը վերստին շարունակվեցավ անցյալ տարվան ընդհատված տեղեն, այստեղ ոչ միայն գտնվեցավ հին Կամսարականաց ժամանակի դրամ մնացորդները, այլև անոր ժամանակակից խոշոր որձաքարերով հյուսված ամրոցի պարիսպի շարքը, որ երկնցած է մինչև պալատի արևմտյան ճակատը, որուն կցված կերևին այժմ քառակուսի բուրգեր բոլորովին տարբեր շինվածանյութերով և շինվածքի կերպով, որոնք կզանազանվին մինչև այժմ տեսնվածներեն։ Այս բուրգերու շինությանց կերպը կհիշեցնե Աղջկաբերդի հսկա ժայռը, Ախուրյանի կողմեն շրջապատող պարիսպները, որոնց մնացորդները դեռ այժմ կան իբրև վկա Անիի մեջ տասնևհինգ դար առաջ գոյություն ունեցող քաղաքակրթության։

Պալատի ուղիղ հյուսիսային կողմը միջնաբերդի լանջի միջին բարձրության վրա գտնվեց մի հնագույն շիրիմ, որուն խաչի պատվանդանը շուրջանակի արձանագրված է. թեև թվականը մաշված, բայց թե հիշված անունները և թե փորագրված ոճը կցուցանեն, որ այդ շիրիմը կանգնված է 11-րդ դարեն ոչ ուշ։ Շիրիմը կվերաբերի Ապուղամրի որդի վաղամեռիկ Գայլի և նրա կողակից Մենիկի։ Պ. Մառ զմայլմամբ կդրվատե այս արձանագրության լեզվի գեղարվեստականությունը։ Այս գերեզմանին կից կա մի մատուռի ավերակ ևս։

Անցյալ տարի պալատի հյուսիս արևելյան կողմը բացվեցավ ընդարձակ սրահ մը, որուն պատերը ու առաստաղները զարդարված էին գաճե ձուլված արաբիկ զարդարանքներով, որոնցմե մնացած բեկորները թանգարանի գլխավոր զարդերեն մեկն եղան։ Այս տարի նույն սրահին անմիջապես կից ճակատը դեպի արևելք իջնող սյունազարդ դահլիճի պեղման շարունակությամբ մեր թանգարանը օժտվեցավ ոչ միայն գերազանցորեն գեղարվեստական իրերու ճոխ բազմազանությամբ, այլև մեր առջև պարզվեցան նույն պալատին մեջ ապրողներու արտակարգ հարստության, շռայլության և փափկաճաշակ վայելչասիրության անվիճելի փաստեր։

Այստեղ միայն գաճը չէ որ դահլիճը գեզազարդող արվեստագետին տաղանդն ու ճարտարությունը արտացոլեցնելու միջոց եղած է, այլև գրչի ու դանակի առջև հաճախ ըմբոստանալու տրամադիր վայրի կաղնիներ ու մայրի փայտերն ալ հնազանդվելով գեղարվեստի քմահաճույքներուն, այնպիսի զգլխիչ վայելչությամբ հագվեր են, որոնց արտադրողին առջև այսօրվան մեր քաղաքակրթյալ Եվրոպայի արվեստագետներն ալ, հարգանքով խոնարհվելու կստիպվին։ Մարդ կվարանի պահ մը և պատրանք կկարծե յուր տեսածները, միթե կարելի էր, որ տասը դար առաջ անընդհատ գազանաբարո բարբարոսներու սրածության և թալաններու ենթարկված Շիրակի դժբախտ փոքրիկ ժողովուրդը, այսպիսի հրաշալիքներ ստեղծելու չափ զարգանալու վրա կարենար մտածել։ Բայց փաստերն անհերքելի են, կատարյալ հերոս ժողովուրդի մը թողած հիշատակներուն առջև կգտնվինք։ Ժողովուրդ մը, որ ոչ միայն արյան գնով արտաքին բազմատեսակ թշնամիներու դեմ իր գոյությունը պահպանելու ջանալեն զատ, ներքին խավարի և տգիտության դեմ ալ դյուցազնաբար կռվել, և դյուցազնաբար ալ մեռեր է իր ուժերեն գերիվեր անհավասար կռվի մեջ։ Այս տխուր իրողությանց առջև, անկարելի է ակամա չմտածել, թե արդյոք մենք այս անզուգական ժողովրդի հարազատ սերունդներն ենք, և միթե մենք անոնց գործերով պարծենալու իրավունք ունինք առանց մերն ալ անոնց քով դնելու։

Խոսքերը բավական չեն այդ բարոյապես հսկա ժողովուրդի արտադրությունները ներբողելու համար։ Մտնենք պահ մը թանգարան և մանրազնին աչքով դիտենք այն առարկաները, որոնք դուրս եկած են միմիայն սյունազարդ դահլիճի փլատակներուն տակեն, այրած, փտած, ժանգոտած և բոլորովին փչանալու մոտեցած վիճակի մը մեջ։

Ապակե դարաններուն մեկուն մեջ, խնամքով դասավորված են այն բազմաթիվ ծեփի կտորները, որոնց վրա վառ գույներով նկարված են ծառեր, ծաղիկներ, թռչուններ և ճարտար գծերով մարդկանց պատկերներ։ Անոնց մեջ կա 5-6 սմ. մեծությամբ մարդու մը դեմք, թեև հազիվ գծերն են մնացած, բայց այնպիսի արտահայտիչ, որուն տիրական գոռոզ նայվածքի առջև մարդ աչքերը ակամա կխոնարհեցնե։ Ուրիշ կտորի մը վրա կտեսնվի մարդու մը բազուկը, որուն վրա կա իշխանական բազկակապ, ուստի կարելի է հետևցնել, թե այդ պատերու վրա նկարված դեմքերը կպատկանեն թագավորներուն և իշխանազուններուն։

Պատերեն վեր առաստաղները, ճակատները և սյուները կապող փայտյա կամարները զարդարված են եղեր բազմապիսի նյութերով։ Գաճե ձուլված զարդաքանդակներն իրենց կարևոր տեղն ունեցեր են այս դահլիճի մեջ ալ․ բազմաթիվ մեծ ու փոքր վարդաձևներ, ոմանք ուռուցիկ և ոմանք գոգավոր թերթերով, դասավորված են եղեր երկրաչափական մանվածոներե գոյացած զանազան ձևի մեծ ու փոքր խորշերու մեջ և փայտյա հատակի վրա երկաթի գամով գամված։

Բացի հինգեն մինչև ութ տերևանի վարդաձևերե կան բավական թվով քանդակազարդ կիսագունդեր, որոնք ուռուցիկ կերպով կկախվեին առաստաղի մակերևույթեն վար, և ինչ որ ուշագրավ է, ասոնց մեծ մասը, թերևս ամենն ալ մաքուր ոսկով պատված են եղել, հակառակ երկար դարեր խոնավ հողին տակ մնալուն, դեռ շատ մը կտորներու վրա կփալփլան թանձր ոսկեզօծման զորեղ հետքերը։ Որպեսզի պատկերը կատարյալ ըլլա, երևակայեցեք, ասոնց հետ խառնված նույնպես ձուլված տերևազարդ մանվածոներ, անասնոց, վայրի գազաններու և թռչուններու պատկերներ, այն ատեն կարելի է ըմբռնել, թե ի՜նչ արտակարգ շքեղություն կտիրեր այս դահլիճին մեջ։

Մոտենանք պահ մը ուրիշ ապակե դարանի մեջ դրված ածխացած անկերպարան զանգվածի մը, որուն վրա տեղ տեղ անաղարտ մնացած զարդաքանդակներու վեհությունն ու շքեղությունը պարզապես կապշեցնե. սա ոչ քար է և ոչ ալ գաճ. հասարակ կաղնի փայտի կտոր, որ սահմանված էր դահլիճի քարե սյուները միացնելու։ Որչափ որ ածխացած են կամարի կիսաբոլորակ զանազան գծերը, սակայն յուրաքանչյուր կամարամեջի եռանկյունի մասերուն մեջ մեզ ծանոթ 13-րդ դարու ոճով փորագրված ոստերու շնորհալի ոլորումներուն խառնված թռչուններու և կենդանիներու հետքերը դեռ պարզ կերևան։ Այսօր մենք բարեբախտություն ունինք այդ կամարամեջերուն գոնե մեկ հատը մասամբ անաղարտ տեսնել այնպիսի ճարտարությամբ և նրբությամբ փորագրված, որպիսին դեռ ոչ մի տեղ չենք տեսած։ Ոստերին հրապուրիչ ճկումները, տերևներուն ու ծաղիկներուն արտաքո կարգի փափկությունը, տեսնողները միանգաման կդադարին հիանալե հին Հռոմին ու Բյուզանդիոնին, Արաբիային ու Սպանիային վրա։ Մի ուրիշ գերան, որուն երկարությունը հինգ մետրե ավելի է, ամբողջ նկարազարդված է երկրաչափական զարդերով ու տեղ տեղ ոսկեզօծված գծերով, անշուշտ այս ալ մեկ մասը կկազմեր շքեղ առաստաղին։ Դահլիճին վրա ծածկված է եղեր հաստ գերաններով, որոնց մնացորդներեն մեկուն տրամագիծը 55 սմ․ կհասնի։

Բազմաթիվ են այս դահլիճին մեջ գտնված գունագեղ նկարներով ոսկեզօծ գծերով ճոխ ամաններու կտորներ, և ուրիշ զանազան մետաղյա առարկաներ, որոնք հետզհետե կփոխադրվեն թանգարան, կդասավորվեն և կցուցակագրվեն պ․ Մառի օգնական աշխատակիցներու կողմանե։ Ես կնկարագրեմ մի սուր,որ հարգելի գիտնական պ. Մառի կարծիքով այս կողմերու ամենահին օրինակ է։ Սուրին երկարությունը 95 սմ. է, լայնությունը՝ 6 սմ․, վերեն ի վար ուղիղ մեկ լայնության վրա հազիվ վարի ծայրը քիչ մը նեղցած, պատյանը փտած և խառնվելով սուրի երկաթի ժանգին հետ կպած է բոլորովին այնպես, որ անհնար է դուրս քաշել առանց մեկին կամ մյուսին վնասելու։ Բնականաբար հայտնի չէ, թե սուրը քանդակազարդված էր թե ոչ, բայց հայտնի հետքեր կան, որ պատյանը բավական ճոխ զարդարանք ունեցեր է վրան, նկատելի են մետաղյա ժապավեններու թողած ակոսներ, որ փաթթված է եղել պատյանին շուրջը տեղ տեղ ուղիղ հորիզոնական և տեղ տեղ ալ շեղակի ոլորումներով, երախակալը գրեթե չունի սովորաբար ընդունված խաչաձևը, իսկ վերի ծայրը վերջացած է չափավոր գունդով մը, վարի ծայրը ագուցված է եղեր մետաղյա կարճ պատյան մը, որուն անկյունները հազիվ նշմարելի կերպով կլորացած են։

Այժմ անցնինք քիչ մ' ալ ուրիշ տեղերու տված արդյունքներու, որոնք ոչ նվազ հետաքրքրական են քան սյունազարդ դահլիճը։

Բլուրի հյուսիսային լանջի վրա մի սենյակի պատի մեջ որպես խաթիլ հյուսված գտնվեցան երկու հատ 6 մետր երկարությամբ փայտեր, որոնց յուրաքանչյուրին մեկ ծայրը փորագրված է տարբեր տեսակի քանդակներով․ այս փայտերը, որոնք կարող են մրցել արվեստի տեսակետով սյունազարդ սրահի փորագրության հետ, անպայման կվերաբերեն 10-11-րդ դարու արվեստագիտության, երկուքն ալ փորագրված են երկրաչափական զարդաքանդակներով խիստ խոր և մաքուր, միայն մեկուն մեջ խառնված են բաց տերևներ համաչափորեն դասավորված երկրաչափական ձևերու հետ խառն։ Մյուսը գրեթե բոլորովին նմանն է մայր եկեղեցիի արևմտյան ճակատի հարավակողման պատուհանի շրջանակին և կամ արևելյան կողմի խորշի կամարին քանդակներուն։ Գեղարվեստի վերջին վերածնության շրջանի մարդիկ անպետք համարելով այդ հնացած օրինակները, հյուսեր են նույնիսկ պալատի կից սենյակներու պատերու մեջ և տեղը նոր ոճով և նոր արվեստով քանդակեր են։

Անցյալ տարի գտնված հունարեն արձանագրության մասերեն այս տարի ալ գտնվեցան կտորներ, որոնց մեկուն վրա էր 1058 թվականը, բայց դեռ չէ ամբողջացած, փնտրվելու վրա է մյուս մասերը։ Պատի մը տակե գտնվեցավ մի տեղի վրա լեցված 500-ե ավելի զանազան տեսակի երկաթյա նետեր, որ անշուշտ տանտերը իբրև պաշար պահած էր սենյակին մեջ։ Գտնվեցավ շատ հետաքրքրական ձևով թանաքաման մը, սև թանաքը մեջը չորացած և տակավին փայլուն։

Ընդհատելով առայժմ պալատի պեղումներու մասը անցնինք քիչ մ' ալ ուրիշ տեղերու վրա եղած մասնավոր պեղումներու և խուզարկություններու արդյունքներուն։

Միջնաբերդի պեղումներու հետ միաժամանակ սկսվեցավ քաղաքին հյուսիսային կողմը, քաղկեդոնական եկեղեցիեն քիչ դեպի հարավ, շատ հետաքրքրական մնացորդի մը պեղումներ, որ դեռ նախորդ տարին նշմարված էր. այս շինությունը խիստ հետաքրքրական է նախ, եթե ոչ նախաբագրատունի, գոնե Բագրատունյաց սկզբնական շրջանի պատկանելուն, երկրորդ, շինության ոճն այնքան տարօրինակ է, որ մինչև այժմ անոր ինչ նպատակի համար շինված ըլլալուն մասին ոչ մի գաղափար չկազմվեցավ։ Իրարմե համաչափ հեռավորության վրա, չորս հաստահեղույս պատվանդաններ կանգնված են ամենահին օրինակի պսակներով շրջապատված վերի կողմեն, հետքեր կան որ այս պատվանդաններուն վրա կանգնված են եղեր սյուներ։ Հետագա ժամանակի մեջ, հավանաբար նույնպես Բագրատունիներու օրով, օգտվելով այս վիթխարի պատվանդաններու ներկայութենեն, անոնց չորս կողմերեն ավելցնելով կիսաբոլորակ պատեր, կազմել են մի խաչաձև փոքրիկ մատուռ։ Մեջեն գտնվեցան գեղաքանդակ խաչքարեր առհասարակ 11-12-րդ դարերու ճաշակով, հարավային դռան առջև կային գերեզմաններ, արևելյան կողմը սենյակի մը մեջ գտնվեցան հինգ զանազան մեծությամբ գինիի խոշոր կարասներ, որոնց մեկուն մեջ կար գինիի փոքրիկ փարչ մը բոլորովին անվնաս. այս կարասներեն երկուքը միայն անվնաս հանվելով փոխադրվեցան թանգարան։ Բացի զանազան մեծ ու փոքր առարկաներե այստեղ գտնվեցավ մի պղնձյա չափավոր մեծությամբ աման, որուն ներքև ամրացած են երեք պղնձյա ոտքեր, արտաքին շուրթերը եզերված են փոքրիկ կիսաբոլորակ ատամներով, որոնց յուրաքանչյուրին վրա փորագրված են զանազան տեսակի վարդիկներ, մեջտեղը կա մի կենդանիի նկար, որուն ինչ ըլլալը ճշտիվ որոշել դժվար եղավ ժանգոտությունե մասամբ մաշված ըլլալուն պատճառով։

Արևմտահայ բժ. Պալաքյան գանգերու ուսումնասիրության համար, պրոֆ․ Մառի արտոնությամբ, Հոնենց Տիգրանի քարափոր դամբարանի մեջ փորեց մի գերեզման, ուրկեց դուրս եկավ 4-5 տարեկան փոքրիկ աղջկան մը դագաղը։ Աղջկան մարմինը բոլորովին փտած էր, սակայն, բարեբախտաբար, գրեթե անփուտ մնացած էր զգեստը, մարմնույն վրա հագած էր խիստ նուրբ թույլ շապիկ, որուն հազիվ հետքերը մնացեր են, իսկ վրայեն հագած շապիկը, որուն երկարությունը, ինչպես կերևի, ծունկերեն ավելի վար իջած է, բոլորովին անփուտ մնացած է։ Գույնը սպիտակ, կերպասը մաքուր մետաքս, թևին բերանը և ուրիշ զանազան եզերքներ ասեղնագործված են այտուցիկ ատամնաշար ձևերով. թևերին եզերքները ասեղնագործված է նաև ոսկեթել ծաղկանկարներով, բազուկներուն վրա կարված են երկու մատ լայնությամբ իշխանական տոհմի հատուկ բազկակապեր ամբողջովին մետաքսով և ոսկեթելով ասեզնագործված, Անիի մեջ հաճախ քարերու վրա քանդակված մանվածոներու ձևերով։ Մարմնույն վրայեն մեջքին շնորհալի հանգույցով մը կապված էր մետաքսյա բարակ չվան մը։

Դագաղը հանվելեն մեկ օր հետո, Գարեգին վարդապետ Հովսեփյան, որ այստեղ կգտնվեր վերջին տարիներու պեղման արդյունքը ուսումնասիրելու համար, կմտնե դագաղը հանված քարայրը և կգտնե մի շորի կտոր, որ անուշադրությամբ նետված էր մեկ կողմ դագաղը հանելու ժամանակ, լվացվելեն հետո երևաց, որ ցանցակերպ հյուսված ասեղնագործ ծածկոց և կամ մի ուրիշ բան էր, որուն վրա խիտ ասեղնագործված էին երկու վագրեր կանգնած դեմ դիմաց, մեկը մեծ և մյուսը՝ փոքր, մեծին գլուխը փոքրին կռնակեն քիչ բարձր, իսկ փոքրին գլուխը՝ մեծին կուրծքին վրա. վագրներու մարմնույն վրայի խատուտիկ գծերն ու բիծերը երկու գույնի մետաքսով և ոսկե թելերով բանված են։ Գալով նկարին գեղեցկության և բնականության, նկարագրութենե ավելի բանաստեղծական ներբողներու արժանի է անոր հեղինակը, այդ փոքրիկ պատկերին վրա ոչ մի կետ մոռացված չէ անոնց ջիղերեն, հոդվածներն և բոլոր կազմական հատվածներեն։ Ամեն ինչ բնական, ամեն ինչ նուրբ ու ճարտար նկարչական ճաշակով, բոլորովին անկախ մեզ ծանոթ ոճերե, հեռու բոլորովին պարսկական, բյուզանդական շաբլոններե, զուտ տեղական ճաշակի արտադրություն կներկայացնե. ահա փաստ մը ևս փշրելու համար այն ընդհանուր կարծիքը, թե հին հայերը, ըստ ամենայնի, ենթարկված են եղել բյուզանդական ազդեցության կամ անոնց ընդօրինակողները եղած են և կամ ուղղակի անոնց արվեստագործության արդյունքով պճնազարդեր են ինքնզինքնին, բնակարանները և այլ ամեն ինչ։

Մոտ երեք շաբաթ է, կփորվի մզկիթի (այժմյան թանգարան) առջևեն դեպի Միջնաբերդ տանող ճանապարհը, որուն ծայրը կսկսվի ավագ դռնեն․ այնտեղեն շարունակվելով կուգա կհասնի մինչև կործանած աշտարակին տակը և անկեց ալ շեղվելով կհասնի մզկիթ ու հետո մինչև Միջնաբերդ, այս գծին վրա կգտնվի այժմս պեղվող այն մեծ ապարանքները, որոնց դռան առջևեն գտնվեցավ Զաքարե սպասալարի սիմպոլ մարդ-առյուծ սփինքսը։ Մզկիթի առջև ճանապարհը բավական լայն է, երկու կողմին վրա կբացվին հետզհետե տներու դռներ։ Աշոտի պարիսպին այստեղի եղած դռան հետքը գետին կողմեն միայն հայտնի է, դիմացի կողմը անհետացած էր։

Մզկիթի արտաքին դուռն ալ գրեթե բոլորովին քանդված է, հազիվ կան բարավորները բնորոշող հետքեր․ սակայն մինարեին կից արևելյան կողմեն գտնվեցավ մի դուռ, որուն քանդակազարդ շքեղ բարավորներն ու շրջակաները ոչինչով պակաս չեն մնար Առաքելոց եկեղեցիի գավթին քանդակազարդ ճակատեն, նույնքան գեղեցիկ և նույնքան ճոխ։ Այստեղեն ոչ միայն հանվեցան բոլորովին անաղարտ, մեզ ծանոթ Էպուստայիտ Պեհադուր խանի արձանագրությունը, այլ և ուրիշ արաբերեն արձանագրությանց կտորներ, գտնվեցավ կտոր մը հայերեն արձանագրություն, որուն վրա մնացեր է միայն ի թագաւորութեանն Գագ(կայ) բառերը։

Նախընթաց շաբաթ օր սկսվեցավ Զաքարե սպասալարի հատուկ կարծված ապարանքի պեղումը. հյուսիսային կողմի դահլիճը այժմ բաց է կիսով չափ. հայտնվեցան բոլոր շքեղ որմասյուները և անոնց մեջ տեղերը գտնված անհավասար չափերով փոքր ու մեծ սենյակներ, որոնք 1817 թվին անգլիացի ճանապարհորդ Քեր-Բորթը կանգուն տեսած է և նկարագրած է մասամբ։ Ինչպես կերևի, մոտ ժամանակներս կանգուն մնացած ըլլալուն պատճառով, միշտ թալանված է, հազիվ թե պատահի տնական և այլ տնտեսական պետքերու հատուկ առարկաներ, սակայն անթիվ ու անհամար են ճարտարապետական շքեղ քանդակազարդ դռների, առաստաղներու, գմբեթներու մնացորդներ, որոնց նկարագրությունը կուտամ հաջորդ անգամին։

«Ախուրյան», 1908 թ., № № 49, 51, 53.
ԱՆԻ
Հուլիսի 9-ին

Շտապում եմ հաղորդել այն նորագույն արդյունքները՝ որ հայտնվեցան այս տարվա պեղումներից։ Միջնաբերդի հյուսիսային լանջը բարձրից մինչև ստորոտ բացվեց, և մի հնագույն գերեզման գտնվեց արձանագրությամբ։ Պալատի արևմտյան դռան առաջից գտնվեց գոգավոր մի հին բյուզանդական ոսկի դրամ։ Նույն պալատի բազիլիկ սրահի տակից դուրս եկան բազմատեսակ գաճե ձուլված զարդարանքներ և գեղարվեստով փորագրված փայտի քանդակներ։ Գտնվեց մի սուր 95 սանտիմետր երկար. և 6սմ լայն․ երախակալի ծայրը վերջանում է մի գնդով, պատյանը և երկաթը փտած են։ Գտնվեցան նաև բազմաթիվ որմանկարներ, որոնց ծեփի վրա կան ճարտարորեն գծված մարդոց գլուխներ, թռչուններ և ծաղիկներ։ Դարձյալ նույն տեղից մի կտավե քսակ 55 հատ պղնձյա դրամներով, մի թանաքաման՝ թանաքը մեջը չորացած։ Տիգրան Հոնենցի քարափոր դամբարանում գտնվեց 5—6 տարեկան մի աղջկա փտած դիակը, բայց հագուստը գրեթե անփուտ մնացած, հագած է մի սպիտակ մետաքսե շապիկ, մեաքսե թոկով մեջքեն կապված, թևերին կարված են ոսկեթել բանված իշխանական տոհմի բազկակապեր։ Այդ դագաղի մոտից գտնվեց ցանցակերպ ասեղնագործված մի կտոր, որի վրա ոսկի թելերով և մետաքսով բանված է ամենագեղեցիկ և խիստ բնական գծերով մի զույգ վագր, մեկը մեծ և մյուսը փոքր։ Զաքարե սպասալարի պալատի պեղումները դեռ չեն սկսված։

Դարձյալ պալատից գտնվեց երկու կտոր փայտ՝ 6 մետր երկարությամբ և 20 սմ. լայնությամբ, ամբողջապես շքեղ կերպով քանդակված։

Ճանապարհը մզկիթի մոտ հարթելու համար վերցվեց գետնից Աբուսայիդ Բեհատուր խանի հրովարտակ-արձանագրությունը, որ փորագրված էր արևմտյան պատի վրա և կործանված էր 1897 թ.։ Նրա մոտից գտնվեցին ուրիշ մի քանի շքեղ արաբական քադակներ և արձանագրություն, մեկն էլ հայերեն արձանագրության կտոր, որից մնում են «ի թագաւորութեան Գագկայ» բառերը։

Օրերումս կձեռնարկվի նոր ընդարձակ թանգարանի շինության։

«Հուշարար», 1908 թ., N 6—7.
ՄԱՄՈՆՏԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԳՅՈՒՏԵՐ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՄՈՏ
ա. ՀՍԽՀ ՀՆՈԻԹՅԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մամոնտի ժանիքի մասին Ձեր հարցին շտապում եմ պատասխանել։ Ներկա տարվա սեպտեմբերի 5-ին, հնագիտական ճանապարհորդությանս ժամանակ, երբ հասա Լենինական, դիմեցի Գավգործկոմ պաշտոնական հանձնարարական խնդրելու, շրջանում կատարելիք ճանապարհորդությանս ժամանակ տեղական իշխանություններից դյուրություն և աջակցություն գտնելու համար։ Սիրով և շտապով կատարվեց խնդիրս միևնույն ժամանակ ցույց տվին ինձ մի բրածոյի կտոր, որուն ինչ լինելուն մասին անորոշ կարծիք ունեին իրենք։ Ես ճանաչեցի և հայտնեցի, որ նույն բրածոն մի մամոնտի ժանիքի կտորն էր և երրորդ օրինակն էր այս վերջինը Լենինականի շրջանում գտնվածների․ (նախորդ երկու օրինակները գտել էր հանգուցյալ Հակոբ Կարենյանցը, որոնց մասերը գտնվում են այժմ Պետական թանգարանում)։ Իհարկե ինքս խիստ հետաքրքրված հարցրի թե ո՞ր գյուղում և ո՞ր կետում գտնվել էր այս կտորը և ինչ միջոցներ ձեռք առնված են սույն հետաքրքրական առարկայի պահպանության համար։ Ինձ պատասխանեցին, որ բրածոյի բեկորը բերողն իրենց հայտնի է, սակայն տեղն իրենք էլ չգիտեն, որովհետև բերողը չէ ուզեցել հայտնել, միայն նյութական աջակցություն է խնդրել, ամբողջ բրածոն անվնաս հանելու և փոխադրելու համար։ Այժմ ինձ մնում էր դիտողություն անել, որ խոհեմություն չի լինիր անփորձ մարդոց ձեռքով բրածոներ հանելու փափուկ և խիստ զգուշություն պահանջող գործը, ուստի խորհուրդ տվի, որ անպայման նախապես իմանան իսկական տեղը և հսկողության ներքև առնեն, իսկ եթե բեկորը բերողը չուզենա հայտնել, պետք է դիմել օրինական միջոցների և պարտավորեցնել ցույց տալ տեղը։ Իսկ բրածո հանելու համար պետք է հայտնել պատշաճավոր հիմնարկության։

Էջմիածին

26 դեկտեմբերի, 1924 թ.

ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԵՆԻՆԱԿԱՆՈԻՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԱՄՈՆՏԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՏԵՎԱՓՈԽԵԼՈԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆՍ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Ներկա 1927 թվի հոկտեմբերի 28-ին մեկնեցի Լենինական, անակնկալ կերպով, Լենինականի ավազահանքի մեջ գտնված մամոնտի ոսկորները հավաքելով Երևան տեղափոխելու և ոսկորները գտնված տեղերը հետազոտելու համար։

Լենինականի շրջանում ավազահանքեր շատ կան, սակայն մամոնտի քարացած ոսկրները գտնված են քաղաքի հարավային կողմը 2—3 կիլոմետր հեռավորության վրա, Կազաչի սլոստ անվանված նախկին զորանոցի գտնված բարձունքի շուրջը փորված ավազահանքի մեջ չորս զանազան կետերու վրա, որոնք միմյանցից հեռու են 50-ից մինչև 150 մետր։ Ոսկրները գտնված են բարձունքի այն կետի շուրջը, ուր կանգնված է մի էլեկտրական տրանսֆորմատոր և մի փոքր հուշարձան։ Ուստի տեղեկագրիս մեջ առայժմ քանի որ քարտեզ չունինք տեղերը բնորոշելու․ ես նշանակում եմ ցուցակիս մեջ 1. 2. 3. … ավազնոց անունով։

Ավազնոցները փորվում են առհասարակ փոքր տարածության վրա ընդարձակ և հեռու միմյանցից։ Դարեվանդի ստորին մասից փորումն սկսելով հետզհետե առաջանում են միշտ ետևի մասը ուղղահայաց կերպով, կտրելով, այս ձևով փորվելով հետզհետե երևան են գալիս բոլորովին պարզ կերպով հողի և ավազի մի քանի շերտեր միմյանց հաջորդող և ընդհանրապես հորիզոնական ձևով, միայն թե տեղ-տեղ շերտերը հաստանում և բարականում են։

Մամոնտի ոսկորները դուրս եկած ավազնոցների շերտերը հետևյալ կերպով դասավորված են (վերևից հաշված).

1-ին շերտ՝ սևագույն հող, ավելի քան 1,20 մ․ հաստությամբ։

2-րդ շերտ՝ խճախառն գորշ ավազ, ավելի քան 1,0 մ. հաստությամբ։

3-րդ շերտ՝ կավային կարծրացած հող մետրից քիչ պակաս հաստությամբ։

4-րդ շերտ՝ շիկագույն բարակ ավազ, սույն շերտին մեջ կա տեղ-տեղ մուրի նման սև ավազի մի կամ երկու սմ. բարակ շերտ։

5-րդ շերտ՝ կավային շերտ անհավասար բարձրությամբ։

6-րդ շերտ՝ շիկագույն նուրբ ավազ մոտ 1,5 մ. թանձրությամբ։

Բոլորովին ներքևի, 6-րդ շերտի մեջ կգտնվեին մամոնտի ոսկորները, այս խորությունից մինչև վերևի հողի շերտին երեսը գրեթե 7 մետր է բարձրությունը։

Բացի իմ հավաքած ոսկրները, բանվորների պատմելով, փորողները գտել են ուրիշ շատ ոսկորներ, սակայն անգիտակցաբար փշրել և խառնել են հողի և ավազի հետ։ Առաջին ավազնոցի մեջ երևացել է մի երկար ոսկր (ըստ բանվորների նկարագրության՝ ողնաշար), որը թեև ընդհատ ընդհատ, սակայն մեկ գծի վրա էին կտորները, ինձ ցույց տված տեղի երկայնությունը չափեցի՝ ավելի քան վեց մետր է։

Տեղական իշխանության միջոցով ևս արգելք է դրված ոսկորներ գտնված ավազահանքերի մեջ աշխատության, մինչև որ հնարավոր կլինի Կոմիտեի ուսումնասիրության համար մասնագետներ ուղարկել։

Էջմիածին

11 նոյեմբերի 1927 թ.

Գ
ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԶՎԱՐԹՆՈ8Ի ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
ա. ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
(Զվարթնոցի մոտ բացված հնությունների մասին)

Զվարթնոցի սահմաններեն մի քիչ տարակա, Չոբան Քյարայի ճանապարհի մոտ, մի արտի մեջ գտնվել են հին շենքերի մնացորդներ։ Արտը գտնվում է ավելի մոտ Գայանեի վանքին, Չոբան Քյարայի ճանապարհի կողքին և հազիվ կես կիլոմետր հեռու Զվարթնոցի համար որոշված սահմանից։

Գտնվածը մի հնձան է քառակուսի, մեկ մետր 80 սմ. կողմերով, նախապես արդեն կիսավեր, այժմ էլ փորփրելով բոլորովին քայքայվել է, բայց բարեբախտաբար քիչ մասն են փորել։ Մնացած մասերը փորելն արգելեցի, թեև մեծ բան չեմ հուսար գտնել բացի հնձանի մանրամասնություններեն, արդեն երևում է, որ նախապես այդ ավերակը մի փոքր բլրակի տակ էր ամփոփված, սակայն տեղը և շրջակա ուրիշ մնացորդներ ցույց են տալիս, որ մի ժամանակ այդ տեղերը ներկայից տարբեր մի եռուն կյանք է եղել և թերևս նոր ապացույց հին Վաղարշապատի շատ մոտ լինելուն։

Սույն հնձանից դեպի արևելք (դեպի Զվարթնոց) նկատեցի մի արհեստական բլուր, հարցրի ընկերիս նրա մասին, ուղղվելով դեպի բլուրը, պատմեց հետևյալը։ Մի օր արտի պարարտացման համար հող փորելիս կը գտնե մի պատ, ինք չի համարձակվիր ձեռք տալ, տեղեկություն կուտա վանքի այն ժամանակվան դիպլոմավոր վարդապետներից մեկին (Խրիմյանի օրով է պատահած)։[1] Իմանալով իրողությունը վարդապետներ և վարժապետներ, ճեմարանական աշակերտները հավաքվելով և բահ ու բրչով զինվելով կգնան կսկսեն անկարգ կերպով բյուրի գլխից քանդել։ Բանից դուրս կուգա, որ եղել է բլուրի տակ մի շենք արևելյան կողմից մի դռնով, վրան կամարակապ, հաստատուն գաճ ու կիր շաղախով շինված, դեռ այն ժամանակ անշնորհ պեղիչներ վրայի կամարը ծակել էին։ Այժմ կամարը ամբողջովին փլած է։ Պատերը որոշ չափով մնում են, շենքը քառակուսի է. մոտավորապես 6 մետր կողմերով, կամարակապ դուռը 90 սանտիմետր լայնություն ունի, բարձրությունը թաղված է հողի ներքև. պատերից և կամարից քանդված քարերը տարված են և տարվում են հետզհետե, ինչպես նաև բլուրի հողը կրում են արտերը պարարտացնելու համար։ Թե ինչ շենք է այս, թերևս պարզեն պեղումները, համենայն դեպս կապ ունի տասը քայլ հեռու գտնվող մի աղյուս թրծելու փուռին հետ։ Չափազանց հետաքրքրական և հատուկ մասնագիտական քննության արժանի գտա այս աղյուսի փուռի մնացորդը։ 5 մետր տրամագծով բոլորակ շինված շենք է, բայց մինչ հողին հավասար քանդված, կենտրոնին վրա մեկ մետր խորանարդի չափ կանոնավորապես դարսված աղյուսների կույտը մնում է գրեթե անաղարտ։ Աղյուսները քառակուսի են 17-են մինչև 20 սմ. լայնությամբ և 5 սմ. հաստությամբ, ինչ ժամանակ են դարսվեր այդ աղյուսները փուռին մեջ, ի՞նչպես մնացել են մինչև այսօր, այդ այնքան զարմանալի չէ, որովհետև ինչպես մոտի շենքը, նույնպես և այս փուռը մնացել են հողի տակ, վանական-ճեմարանականների խումբն է որ միաժամանակ բացել են նաև այս բլուրը։ Բայց բացվելեն ի վեր մինչև այսօր ինչո՞ւ չեն տարել այդ աղյուսները, ահա այդ է զարմանալին։ Փորձեցեք վերցնել մեկ հատ այդ կույտի վրայից, դուք ապշած կմնաք տեսնելով, որ այդ մոտավորապես մեկ խորանարդ մետրի չափ կանոնավոր շարքերով միմյանց վրա զանազան ձևերով դարսված կույտը դարձել է ապառաժ քարից ավելի կարծր, մի զանգված:

Այս կողմերու համար ինչքան ինձ հայտնի է, դարերով անծանոթ է եփած աղյուսի գործածությունը։ Բոլոր հին հիշատակարանները շինված են քարով։ Արդյոք հավանական չէ՞ կարծել, որ Զվարթնոց եկեղեցվո մեջ գործածված աղյուսներն ու կղմինդրները եփված լինին նույնիսկ այս փուռին մեջ։

Էջմիածին

6 հունիս 1924 թ.

բ. ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻՆ

Այսօր ժամը 12-ին ինձ լուր հասցրին, որ Զվարթնոցի սահմանում Զանգուի առուի նորոգության համար սկսել են հող փորել, որի ժամանակ բանվորները գտել են մի կավե դագաղ: Բանվորներից մեկը, ծերունի Մանուկ Ավետիսյանը աշխատում է փորելը դադարեցնել, որպեսզի դա ինձ իմացնի, սակայն մինչև ինձ իմացնելը և իմ հասնելը նրանք շարունակել են փորել, և անզգուշությամբ թե դագաղին խուփն են փշրել և թե մեկ մեկ պռունկը կոտրել են:

Դագաղի ձևը մոտավորապես այստեղ գծածիս նման է. 1,85 մետր երկարություն ունի, գլխի կողմը 45 սմ., իսկ ոտների կողմը 15 սմ․։ Տարօրինակ կերպով դագաղը ուղղված է արևելքից արևմուտք, սակայն անսովոր կերպով գլուխն արևելյան կողմն է։ Կավի հաստությունը հազիվ հասնի 2 սմ., իսկ խորությունն առաավելն 20 սմ.։ Կավյա խուփը ծածկել են նաև սալաքարերով։ Այս դագաղը հազիվ հեռու է քառասուն քայլ հունարեն արձանագրության գտնված տեղից։ Ինչպես երևում է, այս դագաղը մենակ չէ, կան թերևս ուրիշներ ևս։

Ես արգելեցի աշխատանքը, կոտրված խուփի կտորները դագաղին մեջ լեցնել տվի, սալաքարերով կրկին ծածկելով, ժամանակավորապես հողով ծածկել տվի։

Երևույթը ըստ ինքյան շատ հետաքրքրական է, ես պիտի սպասեմ շուտափույթ կոմիտեի և որ ավելին է, նախագահի կարգադրության, այդ վիճակին մեջ երկար թողել կարելի չէ, թեև դագաղը տեղից շարժված չէ։

Չմոռանամ ասելու, որ դագաղի մեջ մնացած է միայն մի գանգ, հողի մեջեն գտա երեք հատ ատամներ։

Էջմիածին

9 հունիսի, 1926 թ.

գ. ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻՆ

Դեպի Այղր լիճ տարվող էլեկտրական թելերու համար մի սահմանում փորում էին խոր հորեր՝ սյուներ տնկելու համար։ Այդ հորերից մեկում, որուն լայնությունն ու երկայնությանն է (յուրաքանչյուր կողմը) 2,30 մ., խորությունն է 1,76։ Հորի բացվածքը ճշտիվ համապատասխան է երկրի չորս կողմերուն: Հյուսիսային կողմին վրա հանկարծ, 85 սմ. խորության վրա երևացեր է մի կարաս։ Անմիջապես ինձ լուր հասցրին մերինները, որոնք հսկում էին այդ գործերուն վրա։ Լսելուս պես գնացի, բայց այստեղ էլ մինչև հասա բանվորներ արդեն կարասը հողից հաներ էին։ Մեջը լիքն է եղեր հողով մինչև բերանը, բայց հողի հետ խառն գտել են մի քանի մարդկային ատամներ։

Կարասի բարձրությունն է 58 սմ., բերանի տրամագիծը 23 սմ., փորի տրամագիծը՝ 49—50 սմ., ներքևի մասը՝ 15 սմ., ունի երկու ունկ, երկու կողմի վրա և մի երիզ բոլորված կեսից վերև։ Ներքևն ամբողջովին ծակ է։ Կարասը ուրիշ կոտրվածք չունի, ինչպես երևում է ներկված էլ է եղել։ Տարա և պահեցի Զվարթնոցում։ Սակայն ինչ որ հետաքրքրական է, այն է, որ այս քառակուսի հորին հարավ արևելյան անկյունում 1,42 սմ. խորության վրա երևում են մեծ քարերու ծայրեր, որոնք ինձ ենթադրել են տալիս մի փլատակ շենքի քարեր։ Ճիշտ նույն կողմին վրա կա մի բլուր, ամենայն հավանականությամբ այդ բլուրի տակ թաղված կա շենքի փլատակ, որուն քարերեն պիտի լինին այդ երևացածնները:

Էջմիածին

9 հունիսի 1925թ.
դ. ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՅՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՓՈՐՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամեն օր դիտում եմ փորումները։ Մինչև օրս հազիվ 70—80 սմ. խորության փորված է, և ուշադրության արժանի մի բան դուրս եկած չէ բացի երկու կտոր սալաքարերից, որոնք գրեթե նման են կավե դագաղի վրա ծածկված սալաքարերին:

Փորվածքի արևելյան կողմը, ուղիղ ճանապարհի և հիմնվելիք շենքի միջև, բացվել են տարօրինակ ձևով երկու գերեզմանների ծայրերը, ինչպես կերևին (պատկ 256) A և В կետերի ներքևները:

Գերեզմանների գտնված կողմը (արևելյան կողմ): Հողը ամբողջովին մի տարօրինակ լիցք է ամբողջ շերտը մինչև այսօր բացված խորության վրա լիցքը կաղմված ավազախառն գետեր ու մեջ գտնվող հղկված և մասամբ կլորացած խիճերով, որոնց մեծությունը գրեթե հավկիթի չափ, քիչ ավելի մեծ կամ փոքր. ուստի այս շերտը այնքան անհաստատ էր, որ հետզհետե ինքնին փչչում էր։ Տեսա որ այսպես ինքնին փլչելով անակնկալ կերպով պիտի թափվին առանց գերեզմանների բնույթը որոշելու, ստիպված եղա վերևից բարակ շերտեր վերցնելով մինչև գերեզմանին հասնել այնուամենայնիվ դարձյալ առջևեն մի մաս փլավ, մնաց միայն վերջին մասը: Վերևի խիճն ու ավազը մաքրելուց հետո, պարզվեց, որ գերեզմանը շինված է դագազաձև մի արկղ. կողքերին դրված անթուրծ աղյուսներ. աղյուսների երկայնությունը 37-ից մինչև 42 սմ. իսկ բարձրությունը՝ առ առավելն 10 սմ, ինչպես կտեսնինք չափադրված գծագրության մեջ A նշանակված: Աղյուսների բարձրությունը կամ արկղի խորությունը 28 սմ. է։ Արկղը արևելյան կողմից նեղ է, մեջը զուտ դատարկություն, 34 սմ. լայնություն ունի, իսկ գնալով դեպի արևմուտք լայնանում է և հասնում 50 սանտիմետրի։ A Գերեզմանի վրա անշարժ մնացած: քարերի չափը նշանակված է, իսկ առջևի քարերի վրա, որ բացի բարձրությունից երկարության չափ չէ նշանակված, պատճառն այն է, որ ինքնին փլելով փշրված են արկղը ձևացնող կողերի անթուրծ աղյուսները, կտորների վրա հազիվ հնարավոր եղավ բարձրություն և հաստություն չափել։

Գերեզմանի հատակին, բացի մի քանի փտած ոսկորներից ուրիշ ոչ մի առարկա չգտնվեց։ Գտնված ոսկորները միմիայն ոտքերի մատների և սրունքի մասերն էին, սրանից հայտնի եղավ, որ մեռելը թաղված էր արևմուտքից դեպի արևելք։ Գերեզմանին կեսին հետքը չերևաց, որով անհայտ մնացին կողերը, գլուխը և այլ մասերը։ Սրանից ևս հետևցնում եմ, որ մի ժամանակ այս գերեզմանները պրպրտվել են և վրայի կափարիչ սալաքարերը օգտագործվել են ուրիշ հետնագույն մեռելների համար։

В գերեզմանից հազիվ ազատվեցին արկղի երկու կողմի երկու քարերն առանց տեղից շարժվելու. արևելյան մասում արկղը փակող քար չկար, իսկ արևմտյան մասում А գերեզմանի նման արկղը ձևացնող աղյուսները կորած էին։ Մնացորդ մասի մեջ, ինչպես երևում է В լուսանկարին մեջ կան միայն սրունքների ոսկորները և ոտի մատերի ոսկորները բոլորովին փտած։ Գերեզմանին մեջ ոչ մի օտար առարկա չգտնվեց։ А և В գերեզմանները մեկ գծի գրա միմյանցից հեռու են 5,1 մետր, միայն В գերեզմանը մի քիչ բարձր է։ Արկղները դրված են մի ավազի շերտի վրա ինչպես կտեսնվի իմ չափագրության մեջ։ Ավազի հորիզոնական շերտը հավասար բարձրություն չունի, 30 սանտիմից մինչև 80 սմ թանձր տեղեր կան, իսկ այս ավազի շերտից ցած նույն ավազախառն լիցքն է, ինչպես վերևն էր։ Մինչև այժմ արևելյան կողմից փորված են 3,20 մետր մոտավորապես, չի վերջանում ավազախառն խիճերի լիցքը, իսկ հյուսիսային կողմը ամբողջ փորվածքի երկարության, 50-ից մինչև 80 սմ. ամենավերևի խճախառն շերտից ցած, միմիայն խտացած մաքուր ավազ է և խիստ անհաստատ, հետզհետե փլչում է, և մեջերը ոչինչ չի երևում։ Հարավային և արևմտյան կողմերը խիստ կարծր բնական հող է, միատեսակ շերտեր են և երբեք սպասելի էլ չէ, որ մեջը մի բան գտնվի։ Այնուամենայնիվ պիտի հսկեմ մինչև վերջ։

Էջմիածին
8 սեպտեմբեր 1921

ե. ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՈՎ 1928 ԹՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 23-ԻՑ ՄԻՆ2ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը ԶՎԱՐԹՆՈ8Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾՍ ՊԵՂՈԻՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Երևանից դեպի Վաղարշապատ հասող Զանգու գետի առվից մի ճյուղ Զվարթնոցի հնագիտական սահմանի հյուսիսային եզերքից ծռվելով մտնում է հնագիտական սահմանի մեջ և բավական երկար հյուսիս-արևլեքից դեպի հարավ-արևմտուք հոսելուց հետո դարձյալ ծռվում է հարավարևելքից դեպի հյուսիս-արևմուտք և հետա զանազան ուղղություններ ստանալով գնում է մինչև Ալիբեկլուու գյուղը։

Առվի այս հարավ արևելքից դեպի հյուսիս արևմուտք հոսող մասի վրա, երկարատև հոսումից գոյացել էր մի հեղեղատ և ջրի մեծ մասը գնում էր առվից դուրս՝ հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք։ Առվի պատառումից գոյացած հեղեղատը մոտավորապես երկու մետր լայնություն ուներ, իսկ մշտահոս ջուրը հատակը հետզհետե քերելով խորացրել էր մինչև 35—40 սմ, Որովհետև այս պատռվածքը վնաս էր տալիս մայր առվին և մեծ քանակությամբ ջուր անօգուտ կորչում էր, այս անտեղության առջևն առնելու համար Ջրային վարչությունը 1927 թ. բանվորներ էր ուղարկել պատռվածքին դեմ հողաթումբ կազմելու համար։ Վարչությունից ուղարկված բանվորներն առվի պատռվածքը լեցնելու համար, որտեղ որ կավային հող կար փորել և տարել էին լեցնելու պատռվածքին մեջ։ Ահա այդ աշխատանքների ժամանակ, առուից 35—40 մետր հեռավորության վրա, հեղեղատի աջ եզերքին, երևան է գալիս մի խեցեղեն դագաղ։ Առուի շրջակայքում հող փորելու և փոխագրելու աշխատանքները դադարեցնելու համար, Ջրային ընկերության պաշտոնապես հայտնելուց հետո, անմիջապես տեղեկություն տրվեց Երևան, ՊՀՊ Կոմիտեին։ Կոմիտեն, անմիջապես իր ներկայացուցիչներն ուղարկեց դագաղը գտնված հողամասը կանոնավորապես պեղելու, և շրջակայքը ուսումնասիրելու համար։ Այս միջոցին խեցեղեն դագաղը չափագրվելուց և լուսանկարվելուց հետո, ղրկվեց Էջմիածնի հնագիտական թանգարանը։

Սակայն, որովհետև դագաղը հանված ժամանակ նկատվել էին նաև ուրիշ կետեր մոտիկ հողամասերի մեջ, որոնք ցույց էին տալիս նույնանման գերեզմաններ գտնվելու հավանականություն, ուստի Ջրային վարչության հատուկ դիմումներ կատարվեցին, որպեսզի ընդմիշտ ազատեն այդ մասը ողողումներից, որով փչանում էին հողի տակ գտնված պատմական արժեքները։

Պետք է խոստովանել, որ Ջրային ընկերությունը հեղեղատը ամրացնելու համար բավական աշխատանք կատարելեն հետո, երբ անօգուտ եղավ, առվին ուղղությունը փոխել տվեց, որով ընդմիշտ ազատվեց այդ ողողումներից։

Նախապես հանված դագաղը շատ խոր հնության հատկանիշներ ցույց տվեց և գրեթե աոաջին օրինակը թվեցավ հնագիտության մեջ իր ձևով, ուստի Կոմիտեն որոշեց, որ որչափ կարելի է, շուտով պեղվի այդ հողամասը և կորուստից ու փչացումից ազատվեն այնտեղ ենթադրյալ պատմական և գիտական արժեքները։ Կոմիտեի այդ որոշման իրագործումը ինձ հանձնարարված լինելով, 1928 թվի սեպտեմբերի 23-ին ես սկսեցի աշխատանք ույդ ուղղությամբ։

Նախապատրաստական աշխատանքը կատարելուց հետո սեպտեմբեր 20-ին ձեռնարկեցի պեղման։

Թեև ծածկված հնագույն գերեզմանների հայտնի նշաններ ցույց տվող հողամասը գտնվում էր հեղեղատի աջ կողմը՝ Զանգուի առուից դեպի հարավ արևմուտք, սակայն ես սկսեցի պեղել հեղեղատի ձախ եզրից, որպեսզի, ըստ պեղման կանոնի, հեռվից մոտենամ դեպի նպատակակետ՝ լավ քննելու համար շրջապատը, հողային շերտերը, և որ ավելին է, հեղեղատն ևս կասկածելի էր և հարկ է քննել ներքևը, որովհետև 1927 թվին գտնված դագաղը հանված էր նույն իսկ հեղեղատի աջ ափին։

Ենթադրությանս մեջ սխալված չէի, հեղեղատը ավազներից մաքրելու և խորացնելու աշխատանքի երկրորդ օրն իսկ, նախորդ տարվան գտնված գերեզմանի օրինակով, երևաց դագաղի վրա ծածկված մեծամեծ սալաքարերի շարքը։ Այլևս կասկած չկար, որ գտնված էր առաջին գերեզմանը, միայն հարկ էր զգուշությամբ մոտենալ և մանրամասն քննել գերեզմանի դիրքն ու կազմությունը։ Առանց մեծ սալաքարերը տեղից շարժելու, սկսեցի մաքրել տալ քարերի շուրջը և խորացնել լիովին համոզվելու համար, նախ իսկապես մի հնադարյան գերեզման լինելուն, հետո պարզել նրա ձևը և արևելադրությունը։ Այս գործողության շնորհիվ, շուտով հայտնի եղավ, որ իսկապես, հայտնագործվածը մի հնադարյան գերեզման էր հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք դրված և սալաքարերի ներքև երևում էր խեցեղեն դագաղի շրթունքի մի մասը և դագաղի խեցեղեն կափարիչներից մեկ հատին ծայրը։

Գերեզմանը ծածկող սալաքարերի շուրջը մաքրելուց հետո, վերցնել տվի քարերը և զգուշությամբ բանալ տվի դագաղը։

Դագաղը, հատկապես շինված խեցեղեն թրծված 2 սմ․ հաստությամբ տախտակներով ծածկվելուց հետո, մոտավորապես 15-20 սմ. հաստությամբ ավազախառն հող լեցվելուց հետո, վրան շարված էին անտաշ սալաքարեր։ Դագաղի վրա իբրև ծածկույթ դրված խեցեղեն թրծուն չորս տախտակների միայն երկու հատը կային, մյուս երկուքը անհայտացած էին։ Տեղում մնացած կափարիչներից մեկին մեկ եզերքն ընկած էր դագաղին մեջ, իսկ մյուսը, որ գլխի կողմն էր, հաստատուն և անվնաս մնացած էր տեղի վրա։

Դագաղի վրա ոչ մի նշանագիր գոյություն չուներ, իսկ կափարիչների վրա խազված էին Л այս նշանը, որոնք հավանորեն բրուտի նշաններն էին։ Միայն դագաղի շրթունքները շինված էին կոկիկ մուլյուրներով և եզերված էին կիսաբոլորակի նմանող մանր ցցուն վարդերով, որոնք հավանորեն դագաղը տակավին չթրծված, բրուտի մատերի եզերքի վրա սեղմումով ձևացած էին շուրջանակի։ Դագաղին մեջ դատարկելով տեսա, որ ոչ կմախք կար և ոչ ուրիշ առարկաներ, մինչև բերանը լեցված էր ավազախառն հողով։ Այս երևույթը կարծել տվեց ինձ, որ շատ վաղ ժամանակ, այս գերեզմանը փորված և գուցե կողոպտված էր։

Խեցեղեն դագաղի երկարությունն էր 1,75 մտ., գլխի կողմի լայնությունն էր՝ 47 սմ․, ոտների կողմը 35 սմ., իսկ խորությունը 28 սմ․, ոտների կողմը, հատակի մոտ դագաղն ուներ մի ծակ մեկ սանտիմետր տրամագծով:

Սույն առաջին գերեզմանը մաքրելուց հետո, աշխատեցի դագաղը անվնաս հանել, սակայն հնար չեղավ, թե՛ հնությունից և թև՛ հեղեղատից ծծած խոնավությունից այնքան խխմել էր, որ տեղից շարժելիս մի քանի կտորի բաժանվեց, այնուամենայնիվ կտորները զգուշությամբ կառքով փոխադրեցի Էջմիածնի հնագիտական թանգարանը։

Առաջին գերեզմանից փոքր ինչ հարավ արևմուտք, մոտ երկու մետր հեռավորության վրա, երևում էր մի ուրիշ գերեզմանի վրա ծածկված սալաքարի մի ծայրը. այս մասի վրա ևս շարունակեցի պեղումը, հողը մաքրելուց հետո ամբողջապես երևաց 2 գերեզմանը երեք անտաշ մեծ քարերով ծածկված, որուն ամբողջ երկարությունն էր 2,40 մետր։ Ուստի փորումները շարունակելով, քարերի շուրջ հողը մաքրելուց և մեծ քարերը հեռացնելուց հետո, որչափ որ խորացնել տվի, խեցեղեն դագաղի հետքը չերևաց։

Այս գերեզմանում թեև խեցեղեն դագաղ գոյություն չուներ, այնուամենայնիվ որոշվեց որ, մեռելը թաղված էր գրեթե արևելքից արևմուտք։ Գլխի կողմը մնացել էր գանգի մի մասը, որը բացվելուն պես փոշիացավ, ուրիշ կմախքների հետքեր գրեթե չերևացին, գտնվեցին միայն երեք հատ սեղանատամ և մի քանի ատամների փշրանքներ։ Թեև խեցեղեն դագաղ չերևաց, սակայն շատ հավանական նշաններ երևացին, որ մեռելը դրված էր փայտե դագաղի մեջ և դագաղը գամված էր երկաթի գամերով, որովհետև գերեզմանի եզերքների ամբողջ երկարությամբ գտնվեցին 25-26 հատ երկաթի գամերի նմանող կարճ և ժանգոտած փշրանքներ, որոնց վրա, ըստ երևույթին դեռ կպած կային փայտի փտած հետքերը։ Գերեզմանի հողը քիչ ավազախառն սև գույն ուներ ամբողջովին և նուրբ փոշիացած։

Այս № № 1 և 2 գերեզմանները, որոնք անակնկալ կերպով բացվեցին, 8,40 մետր երկարությամբ և 2 մտ. լայնությամբ հեղեղատի տակ արտաքին մակերևույթից 90-95 սմ. խորության մեջ էին. եթե ենթադրենք, որ նախապես հեղեղատի ջուրը քերած էր մոտավորապես 30-35 սմ. հաստությամբ մի հողի շերտ վերևից, ուրեմն այստեղ մեռելները թաղված ՛էին 1,20-1,30 մ. խորության մեջ։

Այս 8,40 մտ. երկարությամբ, 2 մտ. լայնությամբ երկար փոսը գրեթե մի մետր խորության վրա կազմում էր հետևյալ շերտերից։

Ավազի անմիջապես ներքև 18 սմ. հաստությամբ կավային հող։

Կավային հողի ներքև 20 սմ. հաստությամբ սևագույն բարակ ավազի շերտ։

Ավազի շերտի տակ անհավասար չափով մոտավորապես 28-ից մինչև 32 սմ․ հաստությամբ կավային բնական կարծր հող։

Բնական հոդի ներքև 15-20 սմ. հաստությամբ շիկագույն ավազի շերտ։

Ավազի շերտի տակ կավային կարծր հող, որուն մեջ գրված էին դագաղները։

Թերևս այս ավազուտ հեղեղատին մեջ կային նաև ուրիշ հետաքրքրական գերեզմաններ (ինչպես հետո հաստատվեց), սակայն, որպեսզի գործը չընդհատվի և շուտով հասնենք մեր ծրագրած հողամասին, սկսեցի փորել տալ դեպի հյուսիս սկսելով № 2 գերեզմանի կողմից։ Այստեղ աշխատավորներս երկու մասի բաժանելով, երկու կետի վրա առաջ էի տանում պեղումները։ Վերին շերտին վրա 30-40 սմ. խորության մեջ երևաց մի կարասի փշրված բերան։ Ամեն հնարավոր միջոց գործ դրի, որ գեթ այդ կարասը, եթե ոչ ամբողջ, գոնե վերակազմելու հնարավոր վիճակի մեջ հողից հանեմ, սակայն անկարելի եղավ, միջի հողը դատարկելիս արդեն ինքնին փշրվում էր։ Մեջը ոչինչ չգտնվեց, բացի հողից։ Կճուճը հողից չհանած ըստ հնարավորության չափագրեցի և թողի իր տեղում՝ վերստին հողով ծածկելով։ Կճուճի չափերը հետևյալներն են. բերանի տրամագիծն է 16 սմ․, փորի տրամագիծը՝ 40 սմ., իսկ բարձրությունը 48 սմ․։

Կճուճը գտնված տեղից առաջ տանելով պեղումը, գրեթե մոտավորապես նույն շերտի մեջ (40-60 սմ. խորության վրա) երևացին միմյանց կպած զույգ գերեզմաններ. գլխի կողմերը թեև միմյանց կպած էին, սակայն ուղղությունները միանգամայն տարբեր։ № 3 գերեզմանը ուղղված էր արևելահյուսիսից դեպի արևմտահարավ, իսկ № 4 գերեզմանը ուղղված էր դեպի հյուսիս, փոքր ինչ դեպի արևմուտք շեղումով։ Խեցեղեն դագաղներից ավելի բարձր շերտի վրա այս № №3 և 4 գերեզմանների գոյությունը բնականաբար ինձ ենթադրել տվեց, որ այս երկու գերեզմանները ժամանակակից չեն խեցեղեն դագաղներին և ավելի ուշ ժամանակի թաղվածներ են։

Նախապես բաց արի № 3 գերեզմանը՝ վրան ծածկված մեծ քարերը վերցնելով, որոնք շատ նման էին կավեղեն դագաղի վրա ծածկված մեծ սալաքարերին, թե՛ տեսակով և թե՛ ձևով։ Մեծ քարերի տակ, փոխանակ դագաղ գտնելու, մեծ սալաքարերով շինված մի արկղ էր կազմված մոտավորապես 90 սմ. խորությամբ։ Արկղը ձևացուցեր էին գլխի և ոտի կողմերեն մեկական սալաքարերով, աջ և ձախ կողմեր երեք և չորս անհավասար լայնությամբ սալաքարերով։ Արկղի միջի կողմից երկարությունն է 1,93 մտ., իսկ լայնությանը՝ 63 սմ.։ Որովհետև չուզեցի այս արկղը քանդել, սկսեցի զգուշությամբ շերտ առ շերտ միջի հողը դուրս հանել։ Արկղի մեջ հատակից մինչև բերանը ավազախառն հող լեցված էր։ Սակայն հակառակ իմ մանրակրկիտ խուզարկության արկղի միջից ոչ մի առարկա չգտնվեց, բացի մութ կանաչագույն մի շիշի կտորն և մի կաղինի մեծությամբ կապտագույն ուլունքն։ Կային նաև մի երկաթյա սլաքի մաս և մի քանի հատ կլորացած պեմզայի կտորները։ Արկղի մեջ լեցված ավազախառն հողի մեջ չէր երևում նաև կմախքի աճունացած բարակ փոշին, որ նախորդ գերեզմանների մեջ հայտնի էին իրենց սևագույն նուրբ փոշիով։ Սույն գերեզմանը մինչև ներքևը քննելուց հետո, հողը կրկին լեցնել տվի տեղը և իրեն սալաքարերը շարել տվի վրան. ամբողջ գերեզմանը վերստին հողով ծածկեցի, այնպես որ, այսօր իսկ կարելի է տեսնել անվթար վիճակի մեջ։

№ 3 գերեզմանին կից № 4 գերեզմանը վրան ծածկույթ ուներ անհավասար երկարությամբ և լայնությամբ անտաշ մեծ սալաքարեր և անկանոն շարված։ Ծածկույթի քարերը վերցնելուց հետո ներքևը ոչ քարաշեն արկղ գտա, ոչ կմախքներ և, ոչ ուրիշ առարկաներ։

Մինչ բանվորներիս մի մասը բաց էին անում № 3 և 4 գերեզմանները, մյուս բանվորներս բաց արին № 5-րդ և 6-րդ գերեզմանները, որոնք կգտնվեին քիչ դեպի հյուսիս արևելք, ավելի մոտ Զանգուի առուին։ № 5 գերեզմանը ուղղված էր հարավից դեպի հյուսիս. վրան ծածկված էր չորս անտաշ երկարավուն քարերով։ Ծածկույթի քարերը հեռացնելուց հետո, երբ հողերից մաքրվեց և փորվեց, մեջը ոչինչ չգտնվեց․ ոչ կմախք գոյություն ուներ այնտեղ և ոչ էլ ուրիշ իրեր։ Ուստի ձեռնարկեցի № 6 գերեզմանի բացմանը, որը կգտնվեր № 5 գերեզմանից քիչ դեպի հյուսիս։

Արտաքին երևույթով № 6 գերեզմանը կգտնվեր միևնույն հողաշերտին վրա, ինչպես № 5 գերեզմանը, (40-60 սմ. խորության մեջ), ինչպես № 3 և 4 գերեզմանները, միայն թաղման ուղղությունը տարբեր էր, գրեթե նման էր № 3 գերեզմանի ուղղության, այսինքն արևելքից դեպի արևմուտք։ Նմանապես թաղման ձևը գրեթե նման էր № 3 գերեզմանին։ Վրան ծածկված անհավասար մեծությամբ երկարավուն անտաշ քարերը հեռացնելուց հետո, երբ հեռացվեց նաև 15-20 սմ. հաստությամբ հողաշերտը, երևաց որ այս գերեզմանը ևս շինված էր մեծադիր բարակ սալերով արկղաձև, և անկախ վերև ծածկված անտաշ քարերից, առանձնապես արկղը ևս փակված էր 90-ից մինչև 115 սմ. երկարությամբ, 45-ից մինչև 78 սմ. լայնությամբ սալաքարերով։ Այսքան խնամքով շինված այս գերեզմանը ինձ հույս տվեց, որ անձեռնմխելի մնացած է և այնտեղ կգտնիմ գեթ հնագիտական հետաքրքրական առարկաներ։ Սակայն այստեղ ևս հույսս պարապ եղավ, երեսից մինչև հատակը շերտ առ շերտ խնամքով խուզարկելուց հետո, ոչինչ չգտնվեց, բացի մի քանի ոսկրի փշրանքներից և կլորացած մանր պեմզայի կտորներից։

Ինչպես քիչ առաջ գրեցի, որ այս չորս գերեզմանները և կճուճը դուրս կգան այժմյան հողի մակերևույթից 48-ից մինչև 60 սմ. խորության մեջ, սակայն ի նկատի ունենալով առվի պատռվածքը ծածկելու համար այս մասից հանված, 15-ից 20 սմ. հաստությամբ հողը, նաև տեղի փոքր ինչ զառիվայր լինելուն պատճառով անձրևների մաշեցումը, պետք է որ ի սկզբան այս գերեզմանները լինեին առնվազն 80 սմ. մինչև 1 մետր խորության մեջ. ուրեմն ավելի բարձր շերտի մեջ քան № 1 և 2 գերեզմանները, որոնց խորությունը կհասներ առնվազն 1,30 սմ.։

Առուի պատռվածքի մոտ, ձախ ափի վրա, վաղուց երևում էր հողի մեջ թաղված մի քարի ծայրը, որը շատ նման էր մյուս գերեզմանների վրա ծածկված քարերին։ Ուստի 6-րդ գերեզմանից հետո ձեռնարկեցի այդտեղի պեղման, ուր իսկապես դուրս եկավ № 7 գերեզմանը։ Սովորական սալաքարերը հավաքելուց հետո, դուրս եկավ № 2 կավե դագաղը։ Սակայն № 7 գերեզմանի այս № 2 կավե դագաղը շատ վնասված էր․ վրայից մշտապես հոսող ջրի խոնավությունը չափազանց խխմեցրել էր, այնպես որ ամենայն զգուշությամբ անգամ շուրջը փորելիս թափվում էին կտորներ։ Առաջին դագաղի նման վրան ևս չուներ թրծուն կավից կափարիչներ, անտարակույս հին ժամանակ այս գերեզմանը ևս կողոպուտի ենթարկված էր, որովհետև կափարիչի կտորներ երևում էին դագաղից բավական հեռու՝ հողերի մեջ խառնված։ Դագաղի մեջ, բացի մասամբ ավազախառն հողից, ոչինչ չկար, սակայն դագաղի չափը և արվեստագործությունն այնքան նման էր № 1 դագաղին, որ, հավանորեն միևնույն բրուտ վարպետի գործն էին։ Նույնիսկ գոյություն ուներ ոտի կողմի փոքրիկ ծակը։

№ 2 դագաղը (թեև կոտրտված) հանելով Էջմիածնի թանգարանը ուղարկելուց հետո, ձեռնարկեցի հեղեղատի աջ ափին վրա դագաղի գոյության նշաններ ցույց տվող մի տեղի պեղման, ուր նախորդ տարին Կոմիտեի ներկայացուցիչները հավաքել էին ոսկրների փշրանքներ և կափարիչի կտորներ։ Թեև ճիշտ միևնույն տեղում չգտնվեց դագաղ, այլ մեկ և կես մետր դեպի հարավ, այնուամենայնիվ 50-60 սմ. խորությունից դուրս եկան դագաղը վերևից ծածկող մեծ քարերը։

Այս № 3 դագաղը գրեթե նույն ճակատագիրն էր ունեցել ինչ որ № 2 դագաղը։ Հեղեղատից անդադար հոսող ջրերի խոնավությունը խորապես ազդել էր։ Դագաղի վերին երեսը ծածկող մեծ քարերը դուրս եկան 50-ից 60 սմ. խորության վրա. դագաղի խեցեղեն կափարիչներն ևս ամբողջ չէին, ինչպես նկատվում էր, այս դագաղը ևս ազատ չէր մնացել գերեզմանակրկիտների խուզարկությունից։ Դագաղի շինության արվեստը նույնն էր ինչ որ նախորդներինը. եզերքը շուրջանակի մուլյուրազարդ, մուլյուրներին ցցուն կերպով եզերված էին փոքրիկ կիսաբոլորակներ, որոնք դեռ կավը թաց եղած ժամանակ ձևացված էին երկու մատների սեղմումով։ Թեև ամբողջ հնար չեղավ հանել հողից, այնուամենայնիվ ավելի արդյունավոր եղավ քան մյուս իր նախորդները։ Թեև աննշան քանակությամբ, այնուամենայնիվ գտնվեցին հատուկտոր այնպիսի առարկաներ, որոնք պարզեցին թե թաղվողի սեռը և թե անոր տնտեսական բարեկեցիկ վիճակը։ Անպայման մի կնոջ գերեզման էր այս № 8 գերեզմանը, որ դագաղի կարգով 3-րդն էր։ Դիակը բնականաբար աճյունացած էր, ոսկորների բնավ հետք չկար, սակայն մոտավորապես կուրծքի տեղից գտնվեցին գունավոր և սպիտակ մեծ ու փոքր ուլունքներ։ Ուլունքներից երկուքը մեծկակ էին բյուրեղանման և կարմրագույն, ձևով երկար և բազմադիմի հղկված ձև ունեին․ հանգուցյալին կուրծքը զարդարված էին քարերով։

Կային նաև միմյանցից մեծ ու փոքր մարգարտանման, ծածկված ուլունքներ, մի հատ 5-6 միլիմետր երկարությամբ ծածկված տափակ ուլունք գտնվեց, որուն մի երեսին վրա կար 8 սույն նշանը, իսկ մյուս երեսին վրա խազված էին գծեր միմյանց վրա հակառակ ուղղությամբ։ Դարձյալ դագաղի մեջտեղի մասում գտնվեց մատանիի նմանող՝ ժանգակալած մի բեկոր, որուն վրա կարծեք այժմ ևս երևում էին հագցված մանր ուլունքներ. թերևս մեծ ակներ կային կենտրոնում, սակայն այժմ ոչինչ չի երևում։ Մարդու մնացորդներից գտնվեցին միայն երկու հատ սեղանատամներ։ Դագաղը ուղղված էր հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք, այսինքն գլխի կողմը հյուսիս արևելք, իսկ ոտների կողմը՝ հարավ արևմուտք։ Դագաղի մեջի կողմը, գլխի լայն կողմից մինչև մեջտեղ, գրեթե կեսը, սևացած մի գույն ուներ, կարծեք մրոտած լիներ, ոտի կողմը հատակի մոտ, ըստ սովորականի կար մի ծակ՝ մոտավորապես մեկ և կես սմ․ մեծությամբ կամ տրամագծով։

4-րդ գերեզմանի ծայրին, գրեթե նրա ուղղությամբ, երևում էր կավեղեն դագաղը ծածկող քարերի ծայրը, ուստի վերջին անգամ լինելով ուզեցի բաց անել այս գերեզմանը ևս և վերջացնել աշխատանքս։ Ուստի երբ 8-րդ գերեզմանի 3-րդ դագաղը ուղարկեցի Էջմիածնի թանգարանը, ձեռնարկեցի այս 9-րդ գերեզմանի պեղման։

Այս 9-րդ գերեզմանի վրա ծածկված սալաքարերը ավելի խորն էին քան 3-րդ և 4-րդ գերեզմանների հատակը (մոտավորապես նախորդ կավեղեն դագաղների հավասար խորության վրա), հետևաբար վերևն առանց դագաղի գտնված գերեզմաններից տարբեր շերտի տակ։

Սկզբից, դագաղի շրջապատն ամբողջ երևում էր, հույս ունեի, որ այս 9-րդ գերեզմանի 4-րդ դագաղը կարողանամ առանց կոտրտելու անվնաս հանեմ։ Ուստի, նախ սկսեցի շերտ առ շերտ երեսի հողը հանել և մեջը խուզարկել։ Բայց զարմանալի էր, որ վրան ծածկված խեցեղեն թրծուն կափարիչներն ամբողջ չկային, եղածներին էլ մի մի եզերքն ընկած էին դագաղի մեջ։ Բայց, որ ավելի տարօրինակ թվեց ինձ, այն է, որ դագաղի հատակի միջին մասը ևս պակաս էր, և այդ հատակի բաց մնացած տեղին համապատասխանող չափով կտոր բնավ գոյություն չուներ։ Թե ինչ պատճառով այդ վիճակին էր ենթարկված, այդ մասին մի եզրակացության չկարողացա գալ։ Դագաղին մեջ ոչ մի իրեղեն գոյություն չուներ, միայն գլխի կողմը, դիակի թերևս թիակի մի ոսկրն էր կպած մնացել դագաղի հատակին։ Առանց պոկելու այդ կպած ոսկրը, աշխատեցի ամբողջ հանել հողից այս 4-րդ դագաղը, սակայն ցավոք սրտի, այս ևս հազիվ երեք կտորով փոխադրել տվի մինչև կառք, և ուղարկեցի Էջմիածնի թանգարան։ Նշանակելի պարագա էր դագաղի գլխի կողմից ներքին մասի մրոտվածի նման սևացած լինելը։ Ոտների կողմը, հատակի մոտ մեկ և կես սմ. տրամագծով գոյություն ուներ մի ծակ։

Այս 9-րդ գերեզմանի 4-րդ դագաղը, որ ըստ արվեստագործության ձևով նման, սակայն իր չափերով տարբեր էր մյուս երեք դագաղներից. նա հետևյալ չափերն ուներ.

1,70 մ. երկարություն՝ միջի կողմից։

0,43 մ. լայնություն՝ գլխի կողմից։

0,32 մ. լայնության՝ ոտի կողմից։

0,26 մ. խորություն։

0. 03.մ. հաստություն։

50x40 սմ ամբողջ մնացած մի հատ խեցեղեն կափարչի չափը։

Այստեղ վերջացնելով աշխատանքս, դագաղն ուղարկեցի Էջմիածնի թանգարանը, իսկ մյուս առարկաները կներկայացնեմ Կոմիտեին։

Սույն պեղումների ընթացքում, առանց կանխահաս ենթադրություններ անելու տեղի և դիրքի մասին, հետևյալ տպավորությունները կարձանագրեմ այստեղ։

1. Իմ պեղած ինը գերեզմանով չի սահմանափակվում այս գերեզմանատունը, դեռ շատ կան ուրիշ գերեզմաններ հեղեղատի աջ և ձախ կողմերում ընդարձակ հարթ տարածության վրա։

2. Բոլոր գերեզմաններն անձեռնմխելի չեն մնացած, ինչպես երևում է, շատ հին ժամանակ բացված և կողոպտված են։

3. Վերևի և ներքևի շերտերուն մեջ թաղվածներ թեև տարբեր ժամանակի են, սակայն ոչ շատ հեռու։ միմյանցից, որովհետև վերևի ծածկույթները միևնույն տեսակի քարերով և միևնույն ոճով են։

4. Նկատի ունենալով 2-րդ գերեզմանին անդագաղ կամ փայտյա դագաղ լինելու հանգամանքը, կարծում եմ, որ կավե դագաղը հանգուցյալին տնտեսական բարեկեցիկ վիճակին հետ կապ ունի, գուցե ամեն դասակարգի համար մատչելի չէին թրծված խեցեղեն դագաղները։

զ. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՋ 1929 ԹՎԻՆ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՀՆԱԳՈԻՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս նոր գերեզմանը գտնվում է անցյալ տարվա իմ պեղումներից արևելք մոտավորապես 150 մետրի վրա, և շատ մոտ է հունարեն արձանագրությունը գտնված տեգին։ Մեր պահակ Ասատուր Հովհաննիսյանը գյուղ գնալիս տեսել էր, որ այստեղից դեպի Վարմազյար գնացող տրակտորների գութանը հանել էր ծածկույթի մի մեծ քարը, որտեղ և պեղում կատարվեց և հանվեց մի կավե դագաղ։ Այս դագաղը չափազանց հետաքրքրական է այն տեսակետով, որ իմ անցյալ տարվա հանած դագաղներց բոլորովին տարբեր է իր ձևով։

Էջմիածին

17 ապրիլ 1929

Դ
ՀԱՃԻ-ՂԱՐԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈԻԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Մի շատ կարևոր նորություն։

Վերջին ճանապարհորդութենես վերադարձիս հանդիպեցա Հաջի Ղարա գյուղը նախապատմական գերեզմանները անգամ մը ևս մանրամասն քննելու համար, այդ միջոցին ինձ լուր տվին, որ գյուղի մոտակա քարահանքին մեջ քարի 2—3 մետր շերտի տակից գտնվել են խեցեղեն անոթներ, անմիջապես գնացի քարհանքը, բայց արդեն ուշ էր, խեցեղենները բոլորովին ջարդվել էին և գտնված տեղին վրա քարի մանրուքների մի ահագին կույտ էին կազմել, որ ինձ համար անհնար էր այդ մեծ քարակույտը հեռացնել և ներքևը քննության ենթարկել։ Ուստի բավականացա նույն քարհատ վարպետին հորդորելով, որ ուրիշ անգամ պատահելիս, առանց ձեռք տալու և իրեղենները տեղից շարժելու մեզ իմացնեն և տեղին վրա աշխատանքները դադարեցնեն։


Մի քանի օր առաջ կրկին պատահել է նույն քարահանքին մեջ նույնօրինակ մի դեպք (1910 թվականին ևս գտնվեց նույն տեղը եկեղեցվո շինության համար քար կտրելիս). սակայն փոխանակ իրենց եղած պատվերը հիշելու, խեցեղեն ամաններից երկուքը, որ անվնաս հանել են, բաժանել են իրենց մեջ. իսկ մյուս կոտրվածները թապլել։

Ինչպես կտեսնեք, չափազանց կարևոր մի հարց է թե երկրաբանական և թե պատմական տեսակետով այս ավելի քան երեք մետր, հաստությամբ քարե շերտի ներքևից այն խեցեղենների գտնվելը (1910 թվականին գտնվել են մանր ու խոշոր ամաններ ևս), ուստի հարցը ներկայացրեք Ալեքսանդր Իվանիչի (Թամանյան) ուշադրության, և ինչ փութանակի կարգագրություն որ կանե անմիջապես հաղորդեցեք մեզ, որպեսզի հարկ եղածը անենք։ Իմ կարծիքով, այստեղ թե երկրաբանական թե հնագիտական լուրջ քննություն է հարկավոր։

Էջմիածին

5 նոյեմբեր 1924

Ե
ԳԵՂԱՐԴԱՁՈՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐԱԾՍ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ[2]

Ներկա տարվա հոկտեմբեր ամսի մեջ էր, որ Կուլտուրայի Պատմության Ինստիտուտն ինձ հրավիրեց մասնակցելու և ղեկավարելու պեղումներն այն հողաթմբի վրա, որը Գեղարդաձորի լեռնալանջին վրա նախապես Ինստիտուտը ստուգողական պեղում էր կատարել:

Երևանից մեկնեցինք հոկտեմբերի 20-ին և պեղման գործողություններն սկսեցինք 22-ին։

Պեղման վային այնպիսի մի թեք զառիվայրի վրա էր. որ նույնիսկ առողջ մարդու համար գլխապտույտ էր առաջուցնում։ Նախապե թեք դարևանդը, որի վրա հազիվ թե բանվորին հանգիստ տեղ կար աշխատելու, հետզհետե ընդարձակվեց, որ թե բանվորին համար աշխատելու տեղ բացվեց և թե ինձ համար, որպեսզի կարողանում ամեն կողմ ման գալ և հետազոտության ենթարկել։

Լուսանկարը միայն ուղիղ գաղափար կուտա պեղման տեղի թեք զառիվայր դիրքի մասին։ (Տես նկար 258):

Այսօրինակ լանջի վրա երևան եկած էր մի փլվածքի ծակ, որ հազիվ մուտք կուտար մի մարդու և այս ծակից ներս երևցածը մի որմնակամարի մասն էր և մի քանի ստալակտիտ քանդակներ։ Բայց որմնակամարն և ստալակտիտ քանդակագործությունն այնքան մաքուր սրբատաշ էին, որ չէր կարելի ենթադրությունների մեջ առաջ չգնալ և կարծել, որ սա մի կարևոր շինություն է, որ անակնկալ փլուզումով փլատակների տակ պահած կլինի հնադարյան կուլտուրական մնացորդներ։ Իհարկե փլատակը նկատվում է, ըստ հին դարաշրջանների ընդհանրացած սովորության մի եկեղեցի, որուն մեջ բացի եկեղեցիի հատուկ պիտույքներից, ենթադրվում էր ձեռագրերի մի հավաքածու, որ ամենակարևորը և ամենացանկալին էր։

Զանազան հույսերով և ենթադրություններով սկսեցինք պեղումներն այդ դժվարին ափափայից մեջ։ Ընկ. Տարագրոսը կոչված էր պեղումներից հետզհետե դուրս եկած ճարտարապետական մասերը չափագրելու և գծագրելու։

Փլատակների հարավային ծայրից, ուր տեսնվել էր բացված ծակը, առաջ տարվեցին պեղումները դեպի հյուսիս։ Այս ձևով ոչ միայն հարավային ճակատը, այլև արևելքն ու արևմուտքը ենթարկվեցին մասնակի պեղման։

Հարավային ճակատում ամբողջովին դուրս եկան երկու որմնակամարներ և մի երրորդ որմնակամարի սկիզբը, որուն մնացած մասերը քանդված էին։ Երկու որմնակամարների մեջ տեղավորված էր մի գեղեցիկ խորշ, որուն վերևի մասին կիսագմբեթի ձև էր տրված և ստալակտիտ քանդակված, իսկ կիսագմբեթի ստորին մասում, կենտրոնից ցած, նույնպես մի ստալակտիտ գոտիով ճոխազարդված էր։

Արևմտյան ճակատի վրա մնացել էր մի որմնակամար, որը փոխանակ շենքի հատակագծի հետ ուղղանկյուն կազմելու, ավելի լայն էր քան 90 սանտիմ։ Անշուշտ այդ անկանոնությունը առաջ եկել է փորված քարայրի քարերի բնական անկանոնութենեն, հավանական է, որ այդ մասում փորված քարայրն ընդունակ չէր մաքուր սրբատաշ որմնակամարներ քանդակելու ինչպես մյուսները, հետևաբար մի քիչ առաջ են ծռել պատը քանդակելու ավելի հաստատուն ժայռ գտնելու համար։ Արևմտյան կողմի այս որմնակամարի շարունակությունը փլատակների ներքև ջախջախված է. միայն գոյություն ունեցող որմնակամարի վերջում գտնվեց մի որմակից անկյունավոր սյուն, որ ըստ ինքյան շենքի ամբողջության մասին մի հատկանշական երևույթ պետք է լինի, այսինքն քարայրի գեղարվեստական լինելուն մի ապացույց, եթե իհարկե պեղումները շարունակվին, և իսկապես այդ մասում մի կանոնավոր որմասյուն երբեք աննպատակ չէր կարող լինել, բացի շենքի ներքին ճոխազարդության ապացույց լինելուց։ Այս գեղեցիկ որմասյան հանդիպակաց արևելյան պատը եթե գոյություն ունենար, ի հարկե ավելի շուտ պիտի պարզվեր արևմտյան մասի վրա գոյություն ունեցող որմասյան նպատակը․ սակայն դժբախտաբար, արևելյան պատը ամբողջությամբ ջախջախվել է, հազիվ 15-20 սանտ. բարձրության հետք թողնելով հատակի մեկ մասին վրա։

Քարայր-շենքի բարձրությունը համարյա ճիշտ չափվում է։ Հատակից մինչև առաստաղ 5 մետր բարձրություն ունի։ Առայժմ թափված քարերից երևում է, որ առաստաղը եղել է հարթ հորիզոնական, միայն արևմտյան որմասյան գոյությունը կասկած է տալիս, որ թերևս ունեցել է նաև գմբեթ և վերևից ևս լույս, բայց այս մասին խոսել առայժմ վաղաժամ եմ համարում, որովհետև պեղման շարունակությունը միայն կարող է հերքել կամ հաստատել այս կարծիքը։

Ինչպես առաստաղը, նույնպես հատակը հորիզոնական մաքուր հղկված է, այս մաքրությունը երևում է հատակի վրա, երբ մաքրում են մեծ ու փոքր բեկորները։ Արևմտյան կողմը 6-7 մետր տեղ գրեթե մաքրված է, իսկ արևելյան կողմն ավելի քան տասն և հինգ մետր տեղ առաջ տարված է պեղումը, բայց դեռ չէ գտնված հյուսիսային պատը։ Այսպես երկու թևով դեպի հյուսիս պեղումն առաջ տանելու պատճառը սրահին մեջ ընկած հսկայական զանգվածներն են, սրանց մասին քիչ հետո պիտի խոսեմ։ Ուստի առայժմ կարող ենք պատկերացնել, որ մեր պեղած վայրը 5 մետր բարձրությամբ, 9 մետր լայնությամբ, և ավելի քան 15 մետր երկարությամբ մի մեծ սրահ է՝ փորված ժայռի մեջ։

Եթե այս մեծ սրահը միանգամից փլած և ավերակը հողի ներքև ծածկված լիներ, այն ատեն, բնականաբար, փլատակների տակ պիտի գտնվեին այն ժամանակվա կուլտուրայի արտադրություններ՝ այսինքն պիտույքներ, կարասիքներ և որ ամենակարևորն է՝ ձեռագրեր։ Բայց դժբախտաբար միանգամից փլած չէ։ Առջևի արևելյան մասը շատ վաղ ժամանակ փլել է, սակայն ծածկույթը երկար ժամանակ մնացել է անվնաս:

Որմնակամարների տակի աստիճանը ծակել են և այնտեղ ձի են կապել, ինչպես արել են Անիում մայր եկեղեցիի և այլ հուշարձանների մեջ: Բայց թեև մեզնից շատ ժամանակ առաջ, նախկին փլուզումից երկար տարիներ հետո առաստաղը ևս փուլ գալուն ապացույց ոչ միայն ներքևի աստիճանին վրա ձի կապելու համար բացված ծակը, այլև փլատակների մեջ գտնված երկաթյա նետի ծայրը և ուրիշ մի հին առարկա: Փլատակների մեջ գտնված երկու գանգերը ես համարում եմ վերջին ժամանակների ոճիր, որովհետև թե՛ բեկորների վերին շերտին մեջ թաղված էին և թե՛ բացի գանգից ուրիշ ոսկորներ չգտնվեցին:

Այժմ անհրաժեշտ է գտնված շենքի ճարտարապետական արժեքի մասին խոսել: Շենքը բնավ կրոնական հատկանիշ չունի, բայց նկատի ունենալով, որ ամբողջ ձորը վանական վարչության իրավասության տակ էր, բնականաբար այս մեծ սրահը ևս կրոնական իշխանության ներքո աշխարհիկ շենք էր՝ ինչպես Հոռոմոսի վանքի մատենադարանը, որը չափազանց մեծ նմանություն է բերում այս նորագյուտ շենքին, նաև նմանները կան Հաղպատում, Սանահնում և ուրիշ տեղեր: Բայց այս աստիճան խնամքով շինված շինությունը, Հոռոմոսի վանքից հետո, միայն այս քարափոր սրահն է: Անշուշտ որոշ նպատակի համար փորված է այս սրահը. թե ինչի՞ համար, առայժմ հարցական է, սակայն մի բան պարզ է, որ այո քարափորը սովորական շենքերից բարձր կանգնած և բարձրագույն մի նպատակի համար շինված է, լինի մատենադարան, ժողովասրահ և կամ հին առումով մի տաճար (սրահ), ուր կկատարվեին մեծամեծ խրախճանություններ իշխանների կամ վանահայրերի հովանավորության տակ։ Ինչպես երևում է մաքրված մասի մեջ վերին աստիճան խնամք տարված է շինության, ոչ միայն ժայռի մեջ փորագրված են աղեղներ, որմնակամարներ, խորշեր, այլ նաև ճոխազարդվեր են ժամանակակից ոճի ստալակտիտներով։ (Տես նկ. 259—262)։

Շինության ժամանակ զարմանալի կերպով մաքուր հղկված են բոլոր որմնակամարները, խորշերը, որմնասյուները և վերջապես ամբողջ քարայրը առաստաղով և հատակով: Վանքին կից կան ուրիշ քարափորներ, որոնք իսկապես մեծ զարմանք են պատճառում տեսնող արվեստագետին և շատ իրավամբ ճարտարապետական գլուխ գործոցներ են համարվում, սակայն այս նոր պեղված քարափորը մաքրության և կանոնավորության կողմանե կմրցի վանքի ուրիշ քարափորների հետ։ Նույնիսկ մինչև այժմ Գեղարդա վանքին մեջ գոյություն ունեցող քարափոր հուշարձաններին մեջ կան այնպիսի մասեր, որոնք չեն հավասարեր նոր պեղված քարայրին կանոնավորության և մաքրության: Ընկ. Տարագրոսը չափագրելով և գծագրելով հիացած էր տիրող համաչափության վրա, որ նույնիսկ մի սանտիմ իսկ տարբերություն չունեին զանազան որմնակամարներ, որոնց մեջ միօրինակություն և համաչափություն կպահանջվեր։ Ուրեմն այս բոլորը կուգան վկայելու, որ ոչ միայն քարայրի մեջ աշխատող քարտաշ վարպետները կատարելապես որակյալ էին, այլև այդ քարտաշ վարպետները աշխատել են մի հմուտ և բարեխիղճ ճարտարապետի հսկողության ներքո։

Փորված քարայր-սրահի շքեղության անվրեպ նշան է նաև ներկվածը, որ քարաբեկորների վրա երևում են տակավին. մասնավորապես ստալակտիտ քանդակները, որոնք կարմիր և դեղին գույներով ներկված են եղել։

Շենքի երկարությունը շտապ որոշելու համար անհրաժեշտ համարվեց արևելյան ճակատի որոշ լայնությամբ դեպի հյուսիս առաջ տանել պեղումները, բայց անցավ 15 մետր երկարություն և տակավին չերևաց սրահի հյուսիսային պատի սահմանը, սակայն այդ մասում երևան եկան որմնակամարների, որմնասյուների ստալակտիտ բեկորներ, որոնք նույնպես հղկված էին։ Այս մասին մեջ գտնված քանդակազարդ բեկորներն ապացուցանում են, որ ինչպես հարավային կողմի, նույնպես հյուսիսային և այլ ճակատներ զարդարված էին ոչ միայն որմնակամարներով և ներկված ստալակտիտներով, այլև հանդիպակաց հարավային կողմի նման քանդակազարդ խորշերով։

Հակառակ մեր ջանքերին, որ գոնե սրահի հյուսիսային պատը գտնենք, մեզ չհաջողվեց պեղումները շարունակել, որովհետև ոչ միայն մեզ շրջապատող սարերը անակնկալ կերպով մշուշտպատվեցին, այլև տեղացող մշտատև ձյունը և անձրևը բոլորովին արգելք էին նպատակահարմար աշխատանքի, ուստի ստիպված էինք աշխատության դադար տալ, շարունակությունն ապագային թողելով։

Թե ինչ վիճակի մեջ ընդհատեցինք պեղումները, երկու խոսքով բացատրեմ։ Բացի ձյունից և անձրևից, սոսկալի դժվարություններ եղան մեր առջև: Ի բաց առյալ այն մեծազանգված ժայռի բեկորները, որ թափված էին բուն շենքի մեջ, երկու մեծ և ահռելի բեկորներ ևս ընկած էին սրահի հատակին վրա, որոնց յուրաքանչյուրը 25—30 խոր. մետր ծավալ ունեին: Այդ բեկորները միայն սեպով կարելի էր փշրել ու թափել դուրս։ Թեև հետերնիս դինամիտ տարած էինք, այնուամենայնիվ այդ վայրում խիստ վտանգավար էր դինամիտ պայթեցնելը, որովհետև ուրիշ ճեղքվածք ու առաջակարկառ ժայռեր կարող էին պոկ գալ և մեծ վտանգ առաջացնել նույնիսկ բանվորների մեջ։ Ուստի երբ մեծամեծ բեկորները մաքրում էինք, որպեսզի սկսենք սեպերի գործողության՝ հսկա ժայռերի փշրման համար, ահա բնությունն ստիպեց դադար տալ աշխատանքին։ Քարափոր սրահի ժամանակն է 13-րդ դարը՝ Պռոշ իշխանի օրով, որ նոր տերն էր թե՛ վանքին և թե՛ ամբողջ ձորին։ Արևմտյան պատին վրա գեղեցիկ տառերով գոյություն է ունեցել 6 տող արձանագրություն, որուն երեք տողը ջնջված է մեզ անհայտ պատճառով, իսկ մնացյալ 3 տողին մեջ գրված է հետևյալը. «Ի տէրութեան բարեպաշտ իշխանին Պռոշա ես Մկր(տ)իչ սնեալ ի սուրբ ուխտիս ետու». այսքանը ամփոփված է երեք տողի մեջ, իսկ մնացյալ երեք տողը քերված ու ջնջված է։

Եզրակացություն․− Պեղված վայրում գոյություն ունեցել է մի մեծ սրահ, որուն նմանները թեև զանազան տեղերում տեսնված են քար ու կրով սրբատաշ շինված, բայց այսքան մեծ սրահ ամբողջովին քարափոր, առաջին անգամն է երևում Գեղարդաձորին մեջ։

Արվեստագործության մաքրության տեսակետով ըստ ամենայնի կատարյալ է մանավանդ ներքին համաչափությունների նկատմամբ։ Թեև փլուզումներով շատ ջախջախված է քարափոր սրահը, սակայն ամենակարևոր նյութերեն մեկը պետք է որ լինի ճարտարապետության և գեղարվեստի պատմության մեջ։

Քրիստոնեական շրջանի Այրիվանքի պատմությունն ըստ մեր հայ մատենագրության, մինչև 4-րդ դարը կհասցնենք։ Սակայն Գեղարդաձորի բազմաթիվ այրերին մեջ թե՛ բնական և թե՛ ձեռագործ այրեր շատ կան, ուստի անհրաժեշտ է այդ ձորը հետազոտության ենթարկել նաև նախաքրիստոնեական շրջանների տեսակետով և գրել մանրամասն ուսումնասիրություն, որը մեր գրականության մեջ գոյություն չունի։

Այրի վանքի ձորը և քարայրերը կապ պետք է ունենան նախաքրիստոնեական պաշտամունքների հետ, ինչպես Բագնայրը իր քարայրերով և աշտարակաձև մնացորդով, ինչպես Բագարանն իր քարայրերով, Աղավնատուն գյուղը, Հաջի Ղարայի գերեզմանատան զույգ աշտարակների և «Արդար Դավիթ» անվանված աշտարակի մնացորդները։

Անպայման քննության առնել ձորի հանդիպակաց լանջին վրա գտնված ստորերկրյա սանդուխը, որը թեև ես չեմ տեսել, այնուամենայնիվ վերջերս շատ է խոսվում այդ մասին ժողովուրդի մեջ։

Զ
ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՊՀՊ ԿՈՄԻՏԵԻՆ
Զեկուցում

Զվարթնոց եկեղեցու ավերակները և նրա շուրջը եղող ամբողջ հնագիտական սամանները ՊՀՊ Կոմիտեն իր անմիջական հսկողության տակ առած լինելով, նախորդ նիստում (1925 հունվար 4) հանձնարարեց ինձ, ավերակների խնամքով պահպանության համար, հարկ եղած անմիջական կարիքները քննելով զեկուցել Կոմիտեին։

Այժմ ներկայացնում եմ ժողովի քննության իմ կողմանե հարմար դատված անմիջական անհետաձգելի կարիքները։

Զվարթնոցի ավերակներն իրենց գեղարվեստա-պատմական բարձր արժեքի համապատասխան հոգածությունից մինչև այսօր զուրկ մնացած լինելով, օր ըստ օրե ոչնչանալու վրա են։

Բացի անխնամ և անպատսպար մնալուց, հուշարձանի արժեքը գիտականորեն ըմբռնելու անընդունակ հսկիչներ ու ձեռքին տակ (Խաչիկ վրդ.) ավելի ևս ապականվել են, նրա անմիջական շուրջը տգեղ և աննպատակ շինությունների խտացումով։

Այժմ, մնացորդ պատերի վերևներից և կողքերից անձրևի ջրերը ծծվելով, առաջանում են ճեղքվածքներ, փոշիանում է կրաշաղախը և դուրս են պրծնում քարերը։ Վերջերս փլավ արևելյան կողմի հնձաններից մեկուն հյուսիսային պատը։ Հնձաններու հատակները մաքուր կրաշաղախով ծեփված էին պեղման ժամանակ, այժմ մաքուր հատակի ծեփերի փշրանքները միայն կտեսնվին։ Փլչելու անմիջական վտանգի տակ են տաճարի կենտրոնին վրա շինված բոլորակ ավազանին հյուսիս-արևմտյան մասը և սեղանի մնացրդը։ Նույնպես մոտալուտ ավերման ենթակա են տաճարն արևմտյան կողմից շրջապատող և ներկայիս պահապանների բնակարանի վերածված բուրգերը և ուրիշ որմնամասեր։ Բացօթյա բոլոր գեղաքանդակ քարեր, անձրևի և արեգակի ազդեցության տակ ոչ միայն հալվում ու մաշվում են, այլև մեծ մասամբ նրանց վրայի գեղարվեստական քանդակագործությունները թանձր մամուռով ծածկվում են։

Վաղօրոք ցուցակագրած թանգարանի իրեղենների մեծ մասն անհայտացած լինելեն զատ, այսօրվա մնացած մասը նույնպես անխնամ թափված է միմյանց վրա, առանց մի հարմար շենքում դասավորելու և ցուցակագրելու։ Անգիտակից հսկողների անուշադրության պատճառով բացօթյա թողված անգնահատելի հիշատակարան բևեռագիրը մի քանի տեղ քարով ծեծվելով փչացված են նշանագրեր։

Այսօրինակ ավերումներ և կորուստներ շատ կարելի է ցույց տալ, սակայն ես առանց ավելի երկար ծանրանալու այս հանգամանքի վրա, պիտի հայտնեմ իմ կարծիքով հարմար դատված անմիջտկան միջոցները, որոնք անհրաժեշտ են նպատակահարմար կերպով հուշարձանի պահպանության։

1. Նշանակել փոքր ի շատե գիտակից և աչալուրջ հսկիչ, որ ոչ միայն հսկե ավերակների պահպանության, հսկե նաև պահապանների և աշխատավոր բանվորների գործունեության վրա։ Պարտ ու պատշաճ ընդունելություն ցույց տալով բազմաթիվ այցելուներին առաջնորդե և որոշ չափով ծանոթացնե ավերակների անցյալի և ներկայի հետ։

2. Առաջիկա գարնան սկզբին անմիջապես հատկացնել բանվոր վարպետ և պատրաստել շինվածանյութ, խախտված մասերն ամրացնելու համար. ծեփել պատերի այն բոլոր մասերը, որոնք ընդունակ են դարձել անձրևի ջրերը ծծելու։

3. Մշտապես ավերակների մոտ բնակվող պահապանների համար անմիջապես բնակարան ավերակներից հեռու շինել երկու սենյակից և մի խոհանոցից բաղկացած շինություն, որպեսզի ազատվին հնագիտական մեծ արժեք ունեցող այն մասերը, որոնց մեջ նեիկայիս բնակվելով պահակները սաստիկ վնասում են։ Պահակների բնակարանների կից պետք է անպայման երկու բաժանումներից բաղկացած մի պատսպարան նրանց տնտեսական պիտույքների համար՝ ինչպես գոմ, փայտանոց, մթերանոց և այլն և այլն։

4․ Ամբողջովին վերացնել ավերակների շուրջը կուտակված հողերը և աղբերը, որոնք գոյացել են պեղումներից և ուրիշ զանազան պատճառներից։ Հիմնահատակ վերացնել անհրաժեշտ է Խաչիկ վարդապետի շինած բնակարանները, որոնք այժմ վեր են ածվել ավերակների, և մաքրելով իսկական հնագիտական ավերակների շուրջը, վերածել մաքուր հարթավայրի շուրջանտկի որոշ լայնության վրա։

5. Կանոնավորել անձրևի ջրերի և ոռոգման առուների հոսանքները, որոնց պատճառած մշտական խոնավությունը վնասակար ազդեցություն է ունենում ոչ միայն հողից դուրս եղածներին, այլև հողի տակ եղածներին։

6. Կառուցել մի թանգարան թե՛ մինչև այժմ հավաքված և թե' այսուհետև հավաքվելիք թանգարանային իրերը դասավորելու համար։ Թանգարանին հարակից հարկ է պատսպարված սրահներ կամ բացօթյա ծածկույթներ ճարտարապետական գեղարվեստական մեծածավալ գեղաքանդակ քարերը զետեղելու և անձրևի ու արևի ավերիչ ազդեցությունից ազատելու համար։

7. Թանգարանին կից կարևոր եմ համարում շինել պատշաճավոր մեծությամբ երկու սենյակներ, որոնց մեկը լինի մշտական հսկող պաշտոնյայի բնակության հատուկ, իսկ մյուսը հուշարձանի ուսումնասիրոթյան համար թե՛ կոմիտեի կողմից և թե՛ դրսից եկող գիտական և գրական աշխատանքներ կատարելու հատուկ։

8. Միջոցներ տրվին թանգարանի շինության ձեռնարկված դեպքում, լիակատար ցուցակագրոթյուն կատարելու թե՛ թանգարանային իրերի և թե՛ ճարտարապետական գեղաքանդակ բեկորների։

9. Պատրաստվին ընդհանուր հնագիտական շրջանի և մասնավորապես ավերակների հատակագծերը, չափագրությունները, ձեռագիր և լուսանկար պատկերները, բոլոր գեղարվեստական և գիտական արժեք ունեցող բեկորների համար։

10. Վճռական որոշում կայացնել բևեռագիր արձանագրության մասին, մինչև թանգարանի շինոթյունը թողել տեղում թե՞ փոխադրել ժամանակավորապես Էջմիածնի թանգարանը, տեղում թողվելու դեպքում արդյոք հարկ չէ՞ առանձնապես մի ծածկույթի մեջ պահպանել։

11. Ի նկատի ունենալով զանազան հանգամանքներ, ձուլել բևեռագիր արձանագրությունից մի քանի օրինակներ, և այդ ընդօրինակություններից տալ Էջմիածնի և Երևանի թանգարանի մեջ պահվելու համար։[3]

17 հունվար

1925 թ․
Է
ՀՍԽՀ ԼՈՒՍԺՈՂԿՈՄ ԸՆԿ․ ՄՌԱՎՅԱՆԻՆ
Զեկուցում թանգարանում հայ ճարտարապետության բաժին կազմելու մասին

Ձեր հանձնարարությամբ ներկայացնում եմ իմ հողմից հետևյալ նկատումները հայ ճարտարապետության թանգարան կազմելու մասին։

Ի նկատի ունենալով, որ վերջին 25—50 տարիների ընթացքում պատմական հայ ճարտարապետությունը և նրա ուսումնասիրությունը մեծ հետաքրքրական նյութ է եղած ինչպես հայ, ռուս, և նույնիսկ եվրոպացի մեծ գիտնականների և գեղարվեստագետների համար, այդ իսկ պատճառով, թանգարանում անհրաժեշտ է կազմակերպել հայ ճարտարապետության և գեղարվեստի բաժին, որի համար չափազանց առատ նյութ կա Հայաստանում։

Հայ ճարտարապետությունը ուսումնասիրող մեծ գիտնականներ մի պատկառելի գրականություն են լույս ընծայած, որոնցից մի քանիսն իրենց աշխատության մեջ խոստովանում են ոչ միայն հայ ճարտարապետության բարձրագույն կատարելության հասած լինելը, այլև այդ զարգացման ժամանակակից ժողովուրդի բարձրագույն քաղաքակրթության հասած լինելը։ Նույնիսկ նրանցից ոմանք վճռականապես եզրակացնում են, որ առանց պատմական հայ ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրության, գրեթե հնար չէ հասկանալ ուրիշ երկրննրի պատմական գեղարվեստի առեղծվածային մասերը կամ որոշել նրանց ծագումն ու փոխանցման ճանապարհները։ Որովհետև հայ ճարտարապետության սկիզբը մեր թվականեն շատ առաջ է, զարգացման բարձր աստիճանի հասնում է 7-րդ դարուն և նույն կատարելությամբ շարունակվում մինչև 14−15-րդ դարերը։ Ուստի կատարելության հասած նախնական դարերի մեջ դեռ արևմուտքում շարունակվում էր հնադարյան մեծ գեղարվեստի անկումը։

Ավելորդ չեմ համարում այստեղ հիշատակել այն ականավոր գիտնականներից մի քանիսի անունները, որոնք հոյակապ մեծ ու փոքր երկասիրություններ լույս են ընծայել հայ գեղարվեստի շուրջը և տակավին շարունակում են։ Ինչպես ի հնումն Շարլ Տեքսիե, Տյուպուա դե Մոնպերե, Կոնդակով, Գրիմմ, Ն. Մառ, Սարժիգովսկի, Պախման, Լեման Հաուպտ, Օգյուստ Շուազի, Շ. Տիլ և այլն։

Այս գիտնական արվեստագետները ոչ միայն քննել են հայ ճարտարապետության և գեղարվեստի ոճերը և աշխատել են գտնել նրանց փոխանցման ճանապարհները, այլև ուշադրության են առել հին հայերի շինարարական կանոնները, որոնք իրենց մեջ պատկանում են ձևերի և շինելակերպերի բազմատեսակ հարստություն։

Ուրեմն թանգարանն իր մեջ բովանդակելու է ամեն տեսակի ճարտարապետական գեղարվեստական և շինարարական բազմակողմանի նյութեր, որոնք բնորոշ հատկանիշը կկազմեն պատմական հայ արվեստին:

Հայոց ճարտարապետությունը չի սահմանափակվում տաճարներով։ Գոյություն ունին դեռ ներկայիս բազմաթիվ աշխարհիկ շենքեր, ինչպես բերդեր, ամրոցներ, քաղաքապարիսպներ, պալատներ, դղյակներ, հյուրանոցներ, ջրանցքներ, կամուրջներ, ձեռագործ ճանապարհներ և այլն և այլն, որոնք անխտիր հավաքվելու են թանգարանի մեջ նկարված և մանրամասն չափագրված։

Վերոգրյալ շարքին մեջ չպիտի մոռանալ նաև հին հայերի ընտանեկան բնակարանների վերին աստիճան հետաքրքրական ձևերն ու շինելակերպերը, որոնք թեև մեծ քաղաքների մեջ գրեթե անհետացել են, սակայն դարերե ի վեր շարունակվելով տակավին պահվել են գյուղական շենքերի մեջ։ Կարող է պատահել, որ շուտով անհետանան մեր գյուղերից այս հետաքրքրական և ուսանելի ձևերը։ Ուստի այդ ոճերը և շինվածակերպերը վերջնական կորուստից փրկելու համար, պետք է շուտափույթ հավաքել սույն կարգի նյութերը և առանձին մի բաժին կազմել մյուս նյութերի շարքում։

Ահա այս տեսակետներից մոտենալով հարցին, թանգարանի ճարտարապետական բաժինը պետք է կազմել հետևյալ կերպով:

1. Բաժինը պիտի ունենա ընդարձակ սրահներ, որոնց մեջ հնարավոր լինի զետեղել հայկական ճարտարապետության հատուկ բազմակողմանի նյութեր, լինին այդ նյութերը գծագրական, չափագրական, նկարչական, քանդակագործական և լուսանկարչական։

2. Բաժնի մեջ առաջին և ընդարձակ տեղը պետք է տալ զուտ ճարտարապետական նկարներին և գծագրություններին, որոնք չափագրված և գծագրված են հմուտ ճարտարապետների ձեռքով իսկական հուշարձանների վրայից և վերջացրած մաքուր աշխատություններեն. երկրորդ բաժինը պետք է կազմեն միայն չափագրություններ և սևագրություններ, որոնք թեև մանրամասն չափագրված են տեղին վրա, սակայն վերջնականապես մաքուր նկարված չեն, ուստի թերի աշխատությունները մասնագիտորեն վերջացնելուց հետո պետք է փոխագրել առաջին բաժին։ Երրորդ բաժնում պետք է զետեղվեն այն նկարները, որոնք կարող նկարիչների ձեռքով նկարված են ուղղակի հուշարձանների վրայից: Չորրորդ բաժինը պետք է հատկացվի հուշարձանների քանդակագործ աշխատանքներին՝ իսկականներին և իսկականից հավատարմորեն ընդօրինակվածներին։ Հինգերորդ բաժինը պետք է հատկացվի հուշարձանների լուսանկարներին, նեգատիվներին և էստամբաժիններին։

3. Վերոգրյալ բաժիններից անկախ թանգարանի սրահները պիտի ունենան մի մատենադարան, ուր պիտի հավաքվեն այն բոլոր հայ և օտար լեզվով գրված հատորները, որոնք բովանդակում են տեսություններ և ուսումնասիրություններ հայ ճարտարապետության մասին։

4. Թանգարանի համար պետք է նշանակվի մասնագետներից բաղկացած մի հանձնաժողով, որը մշտապես խորհրդածությամբ վարի գործը թանգարանն իր նպատակին ծառայեցնելու և իր կոչման բարձրության մեջ պահելու համար։

5. Թանգարանի համար պետք է նշանակել մի վարիչ, ճարտարապետներ և օգնական գծագրիչներ։ Վարիչը լինելով նաև հանձնաժողովի անդամ, բացի ներքին ղեկավարությունից, պարտավոր լինի ամբողջացնել կիսատ մնացած կամ հում նյութերը։

6. Թանգարանի վարիչի պարտականությունն է միշտ հավաքել նորանոր նյութեր և ճոխացնել նորանոր նյութերով, հանձնաժողովի խորհրդակցությամբ։

7. Թանգարանի վարչությունը պետք է պարտավոր լինի, թանգարանից օգտվելու համար դիմող մասնագետներին ըստ ամենայնի բավարարություն տալ, տրամադրելով նրանց ամեն տեսակի նյութեր սովետական հայ ճարտարապետության վերելքի աշխատանքներին նպաստած շինելու համար։

8. Ցանկալի է, որ սովետական իշխանության օրով հայ ճարտարապետության ոճով կառուցված շենքերի նկարներ կամ լուսանկարներ հավաքվին և պահվին թանգարանում հանձնաժողովի քննությամբ հարմար համարվելու դեպքում։

9. Թանգարանի կազմակերպման սկզբնական շրջանին մեջ աշխատել անմիջապես ձեռք բերելու և թանգարանին սեփականություն դարձնելու համար այն բոլոր նյութերը, որոնք գտնվում են թե՛ պետական հիմնարկություններում և թե՛ մասնավոր անհատների մոտ, որոնք կբաղկանան հետևյալներից․

Ա. Մաքուր գծված նկարված պատկերներ։

Բ. Ճիշտ չափագրված գծագրություններ։

Գ. Լոսանկարներ։

Դ. Լուսանկարչական սևապակիներ։

Ե. Լուսանկարների հավաքածո ալբոմներ։

Զ. Էստամբաժներ։

Է. Զանազան հուշարձաններից ձուլածո մոդելներ։

Ը. Գունավոր նկարներ։[4]
Ը
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԺ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ[5]

Ներկա 1909 տարվա «Արարատ» ամսագրի հունվար ամսաթվի մեջ, պատասխանելով հարգելի գիտնական պրոֆ. Մառի «Շարք Անվո» № 2 գրքույկի միջոցով ձեզ ուղղված հարցումին, համոզում կհայտնենք որ պրոֆ. Մառ, մեքենաբար ենթարկվելով արտաքին ազդեցություններու, փսփսուքներու, և որ ավելին է իմ հեղինակությանս համար, Ձեզ վիրավորեր է։ Որպես թե պրոֆ. Մառ այնքան միամիտ և դյուրահավատ մարդ է, որ առանց որևէ գործնական փաստերու ընդունակ է մեղադրանքներ թափելու ուրիշներու վրա։

Ձեր շոշափած խնդիրներուն մի առ մի պատասխանելե առաջ, հարկ կտեսնեմ շատ համառոտ կերպով պատմել մի իրողություն, որուն միակ վկան դուք եք և ձեր վկայությունները մասամբ հրատարակված է «Ազգագրական հանդեսի» 1907, 16 գրքի մեջ։

1906 թվականի աշնան, հոկտեմբեր ամսո մեջ, Անիեն դարձիս, երբ գնացի Էջմիածին դարմանվելու, նույն ատեն եկավ նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանն ալ։ Ի սկզբան ես, ծանոթ չըլլալով այդ ճարտարապետին հետ, ձեր միջոցով իմացա, որ նա ևս եկած է Զվարթնոցով զբաղվելու և թե նա չի ընդունում իմ կարծիքները Զվարթնոցի վերակազմության մասին։

Քանի մը օր հետո, երբ ես հանգուցյալ Հաջիի սենյակը կգտնվեի, եկավ ձեր ծառան զիս կանչեց՝ «վարպետ, հայր սուրբը քեզ կանչում է» ըսելով։ Շտապեցի անմիջապես գալ, և ձեր սենյակին մեջ գտա նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանին, որուն հետ զիս ծանոթացնելու փութացիք։

Ընդհանրապես սովորական դարձած քանի մը քաղաքավարական խոսակցություններե հետո երկուքդ մեկանց չուշացաք նաև Զվարթնոցի կազմության մասին իմ կարծիքս հարցնելու, որն արդեն ըստ իմ հայացողության ամբողջովին վերակազմեր էի նույն տարվան գարնան մեջ։ Բայց որովհետև այդ վերակազմության պատկերները Խաչիկ վարդապետը ամիսներ առաջ միասին տարած էր Ռուսաստան, ստիպված եղա բերանացի բացատրել որչափ որ հնար էր։

Երբ պարզեի տեսություններս, հենվելով իմ գտած փաստերու վրա, թե ինչպես արտաքին պատերու զուգահեռական ուղղությամբ ձգված էին ութ աղեղներ, որոնց մեկ մեկ ծայրերը հանգչած էին մույթերու ետև գտնված արծվե քանդակ կրող սյուներու խոյակների վրա, և մյուս ծայրերն իրենց հենակետ ունեցած էին միջին կիսաբոլորակ թևերու մեջտեղի երկու սյուները, որով հնարավոր եղեր էր արտաքին պատերու զուգահեռական կլորությամբ խարիսխ մը ստեղծել ներքին խաչաձևի և արտաքին պատերու միջև գտնված շրջանակի միջոցը ծածկելու սահմանված կամարին համար և այսպիսով նաև մի կախյալ հարկ կազմված էր բոլորովին անկախ մույթերու վրա հանգչող գմբեթեն։

Հազիվ վերջացած էր բացատրությունս, պ. Տեր-Սարգսյան շտապեց նախապես ձեզ հայտնած կարծիքը ինձի ալ կրկնելու, թե միանգամայն գիտության անհամապատասխան է տված բացատրությունս և մինչև իսկ անկարելի։ Սակայն երբ ես պնդեցի իմ համոզմանս վրա, պ. Տեր-Սարգսյան ավելի սուր շեշտերով պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով․ «Ինձի նայեցեք, պարոն, ես Պետերբուրգ եմ ուսել, արտասահման եմ եղել, գիտությունը չի ընդունի, այդպես բան չի կարող լինել»։

Այս խոսքին մեջ՝ անմիջապես զգացի այն սուր հեգնություններու և արհամարհանքների արմատը, որ հետզհետե մեծանալով պիտի փոխվեր երկար ժամանակ կրած կարգ մը ստորացուցիչ պատվանուններուս։ Ուստի ես ալ վիրավորված պատասխանեցի․ «Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք, թերևս ես ալ ունենամ ձեզ պես պարծենալու առիթներ։ Բայց պահ մը ենթադրենք, թե ես ոչ ուսում ստացած եմ և ոչ ալ արտասահման տեսած։ Երբ տեղին վրա գոյություն ունին իրական փաստեր և ըսածներս ապացուցանող որոշ բեկորներ, ինչպես կարող եմ ձեր ուզածին պես մտածել։ Ես ալ ձեզ նման գուցե չհավատայի, եթե երկար ատեն Զվարթնոցի ավերակները ուսումնասիրելես առաջ մեկը պատմեր ինձի այս տարօրինակ իրողությունը, ես ոչ թե ենթադրության, այլ իրողության առջև ստիպված եմ խոնարհիլ»։

Այս միջոցին դուք տեսնելով մեր սուր վեճի կերպարանք ստանալու խոսակցությունը, միջամտեցիք ըսելով․ «Եղբայր, ինչու եք միմյանց վիրավորում, լավ չէ՞ որ շուտով մի կառք կանչենք, գնանք Զվարթնոց, այնտեղ ցույց տվեք ձեր փաստերը»։

Այդպես ալ եղավ, հրամայեցիք, կառքը եկավ, և չորս հոգի (դժբախտաբար չեմ հիշեր թե ով էր մ՛եր չորրորդ ընկերը) գնացինք Զվարթնոցի ավերակները, այնտեղ ձեր ներկայության նախ ցույց տվի պ. Տեր-Սարգսյանի անկարելի համարած կոր աղեղներու մնացորդները։

Պերճախոս իրականության առջև պ. Տեր-Սարգսյան ոչ միայն զարմացմամբ ընդունեց այս հետաքրքրական իրողությունը, այլ և վաղածանոթ բարեկամի մը նման թևս մտած խնդրեց ինձի ցույց տալ իրեն այն բոլոր մասերը, որոնք ավերակի վերակազմության լրացուցիչները կկազմեին։ Ես սիրով կատարեցի անոր անկեղծ ցանկությունը ոչ միայն նույն օրը, այլ և հետևյալ օրն ալ, ցույց տալով բոլոր կարևոր բեկորներն ու քարերը և անոնց պատկանած տեղերը, որչափ որ կարողացած էի ճշտել գարնան չորս ամսվան հետազոտությանս միջոցին։

Չմոռանամ ըսելու, որ պ. Տեր-Սարգսյան լիովին ընդունելով ներքին հարկերու վերաբերյալ բոլոր ցուցմունքներս՝ միայն անհամաձայն մնաց ինձ հետ գմբեթի կազմության մասին։

Այս պատմության ճշտությունը գրեթե կետ առ կետ հաստատություն կուտաք, երբ «Ազգագրական հանդես։ 1907 թ. 16 գրքի 132-րդ երեսի վրա, հիմնվելով իմ վկայության վրա, կնկարագրեք մանրամասնորեն Զվարթնոցի կանգուն վիճակը։ Ես չեմ կարծեր, որ պ․ Տեր-Սարգսյանն ալ, իբրև պատվազգաց մարդ, զիջանի այլ կերպ պատմելու այս իրողությունները:

Ուրեմն հիմա հայտնի է, որ դեռ պ․ Տեր-Սարգսյան Զվարթնոցի ավերակները չտեսած, ես արդեն հատակագծի և աոաջին հարկի բոլոր մասերն ամբողջացնելով այն վիճելի կերպով կազմել էի:

Արդ, երբ դուք կգրեք թե «ճարտարապետ Տեր-Սարգսյանը պատրաստեց բուն եկեղեցու մանրազնին հատակագիծը» («Ազգագրական հանդես 1907 թ․ 15 գիրք, երես 90), ով որ ըլլա ընթերցող այդ տեղերուն ուրիշ կերպ չէ կարող հասկնալ, բայց եթե այդ աշխատության բոլոր մանրամասնությունը պ. քրիստափոր Տեր-Սարգսյանին նվիրված, քանի որ բարեխղճորեն բացատրված և զանազանված չէ յուրաքանչյուրիս կողմանե եղած աշխատանքին տեսակները, ուստի բնական է, որ այդ անորոշ գրվածքը տեղի տար թյուրիմացություններու և ծնունդ ծանոթ հարցումին։

Հիմա ի հարկե պարզ կտեսնեք, թե պրոֆ. Մառի հարցման գլխավոր շեշտը կկայանա ոչ թե համալսարանական ճարտարապետի մը հատակագիծ կազմելու կարողության կամ անկարողության վրա, այլ Ձեր «մանրազնին» բառին վրա, որուն միմիայն իմ արդար սեփականությունս ըլլալուն բացի ձեզմե ուրիշ շատ վկաներ ալ կան։

Ինչպես ինձմե առաջ աշխատողներու, նույնպես ալ պ. Տեր-Սարգսյանի կազմած հատակագծի արտաքին բոլորակ պատը սև շրջանակ մը միայն կներկայացներ վրան բացված դռներով և ներքին բարակ որմնասյուներով։ 1904 թվականին մարտ ամիսեն մինչև հունիսի վերջը իմ աշխատանքի գլխավոր մասերեն մեկն եղավ առաջին անգամ դասավորել արտաքին որմնասյուները և պատուհանները, որոնց ճիշտ դասավորության համոզվիլ ուզողները թող տեսնեն Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Զվարթնոցի իսկական պատկեր Բանայի եկեղեցին։

Ուստի, երբ պ. Տեր-Սարգսյանի հետ գնացինք Զվարթնոց, ձեր ներկայության ցույց տվի նաև սյուներուն և պատուհաններուն դասավորությունները, որն ընդունելի համարելով, նույն ճարտարապետին կողմանե, ավելցվեցան ձեզ համար նորոգ կազմված հատակագծին վրա, ինչպես ութ կոր կամարներու շրջագիծը ներկայացնող բոլորակները արծվեքանդակ կլոր սյուներու վրայեն անցած:

Այլևս կասկած չի մնար կարծեմ պ. Տեր-Սարգսյանի ինձմե օգտված ըլլալուն և «մանրազնին» բառին իմ աշխատությանս վերաբերելուն, ուստի ավելի ուղիղ կըլլար, որ փոխանակ գրելու «երբեմն խոսակցելով նրա հետ գուցե սրա մտքերից ընդունել կամ յուրացրել է» («Արարատ», 1909 թ. հունվար, երես 66), գրեիք առանց «գուցե»-ի։ Իսկ գալով «յուրացրել» բառին, ձեզի կվերադարձնեմ, անոր պարզապես գրգռիչ իմաստ պարունակելու համար, որովհետև մինչև այսօր պ. Տեր-Սարգսյան, պաշտոնական շրջանակի մեջ, կամ մամուլի միջոցով փաստացի կերպով, դեռ ձեռնամուխ չէ եղած իմ սեփականություններուս, ձեր գրվածքներն են միայն հրապարակի վրա և անոնց մեջ շփոթված մեկին կամ մյուսին իրավունքները։

Ուրեմն եզրակացությունը պարզ է, որ ես եմ մանրազնին հատակագիծը պատրաստողը և Տեր Սարգսյան ինձմե ընդօրինակող եղած է տեղին վրա անհետացած մասերու, նաև բացի հատակագծեն աոաջին հարկի ամբողջ բարձրության մեջ։ Իսկ ինչ կվերաբերի գմբեթի կազմության մասին ինձմե տարբեր կարծիք ունենալուն, ցանկալի էր, որ մինչև այսօր իր կարծիքը հրապարակի վրա դրված ըլլար և ենթարկվեր կարող մասնագետներու անաչառ քննադատության։

«Ենթադրյալ գաղտնիքների մեջ ինչ մասնակցություն կարող էի և պետք ունենայի, խոսքերնիդ անարդար խուսափում մը ցույց կուտա, ընդհակառակը դուք իրավամբ պետք է պարծենաք, որ եթե օր մը Զվարթնոց եկեղեցվու վերակազմության խնդիրն իր ցանկալի լուծումը ստանա, այն ալ ձեր ջանքերուն պիտի պարտինք, որովհետև միայն դուք եք ի սկզբան այդ խնդիրը հուզող, անոր մասին վիճող և զանազան կարող ճարտարապետներու քննության ենթարկողը. կհավատամ նաև որ մինչև վերջը պիտի տանիք, ինչու ուրեմն խույս տալ այդ արդար փառասիրությունեն։ Միայն կցավիմ, որ հաճախ պատահեր եմ Էջմիածին, երբ դուք կարող ճարտարապետներու ընկերակցությամբ գնացել եք Զվարթնոցն ուսումնասիրելու և չեք բարեհաճեր զիս ալ անոնց մեջ տեսնել կարծիքներու փոխանակության համար, և կամ գոնե այդ գործին վրա իբրև ամենեն շատ աշխատող մարդ ուսումնասիրությանց դյուրություն տալու համար։ Չգիտեմ իմ «վարպետի» աստիճանս էր արգելք թե մի ուրիշ ավելի զորեղ պատճառ այդ պատվեն զրկվելուս, ձեզ միտյն հայտնի է:

Կամա թե ակամա կրկնակի սխալեցաք այն ատեն, երբ ձեր ներկայացրած հատակագիծը ճարտարապետ՝ պ. Տեր Սարգսյանի անվան հետ կապելով հանդերձ բացի ուրիշ անկանոնություններե, փոխանակ հինգ դռան՝ երեք դռնով հրապարակ հանեցիք, որուն մասին պ․ Տեր Սարգսյան, իբրև համալսարանական ճարտարապետ, իրավունք ուներ բողոքելու, քանի որ համալսարանական արվեստագետի մը անունով եղած գործը «ճեմարանի աշակերտի մը» գործեն ավելի ստորին աստիճանի վրա կմնար։ Գոնե ծանոթություն ալ չավելցուցիք այդ մասին արվեստագետին պատիվը խնայած ըլլալու համար։ Ոչ միայն այդ բանը չըրիք, այլ և չորս տարի հետո նույն աններելի վարմունքը կրկնեցիք՝ «Ազգագրական հանդեսի» մեջ տպելով միևնույն հատակագծերը աննշմարելի կերպով քերթված պակաս դռների տեղերը։

Ոչ ոք պատասխանատու չէ կարծեմ ձեր դժբախտ կլիշեի գլխեն անցած արկածալից պատմություններուն, և ոչ ոք ալ մեղավոր չէ ձեր անճշտությաններուն համար զձեզ քննադատելով, փաստը վերին աստիճան տգեղ և աններելի է. գիտնականի մը պատվուն։ Արդարանալու համար բավական չէր մեղքը Պետերբուրգի ճարտարապետ պ. Թումանյանի վիզը փաթաթելը. ենթադրենք, որ պ. Թամանյանն իբրև մարդ սխալեցավ և մոռացավ երկու դռները, միթե ներելի էր ձեզ՝ ըսել թե «խուսափել էր իմ ուշադրությունից»։ Պ․ Թամանյան եթե մի սխալ հատակագիծ տվավ, իր դիմաց ուներ անհատ մը միայն, իսկ ինչ եղավ ձեր գիտակցության` որ չքննեցիք մանրամասն կերպով, քանի որ դուք այդ սխալը պիտի ներկայացնեիք ամբողջ գիտնական աշխարհին և պիտի հավերժացնեիք պատմության մեջ։ Ընդունենք, որ իբրև մարդ դուք ալ սխալեցաք 1904 թվականին. չէ՞ր կարելի արդյոք նորը պատրաստել տալ 1907 թվին «Ազգագրական հանդեսի» համար, փոխանակ կլիշեին վրա քերթելու։

Բավական չէ մարդու մը համար ամեն մասնագիտության մեջ հմտություն ունեցած ըլլալու նախանձելի ձգտումը, պետք է քիչ մ’ ալ մշակված ըլլա այն մասնագիտության մեջ, որուն մասին մեկը ցույց տալ կուզե իր հմտությունը։ Ահա այս իրավացի պատճառով է որ շփոթություններու և հակասություններու մեջ կգլորվիք, երբ ձեր մասնագիտությունե դուրս ալ քննադատության մեջ կմտնեք։ Արդար չէ արդյոք այստեղ հիշել «կոշկակարն մինչ ցկոշիկ» առածը։

Ճարտարապետական գծերու և անոնց պաշտոններու մասին ձեր բոլորովին անտեղյակ ըլլալեն է որ մտքերնուդ մեջ կարգ մը երևակայական սխալներ ստեղծեր եք իմ հատակագծիս վրա, և ձեր ներկայացվածը անհամեմատ առավելություններով օժտված։

Երբ ես արվեստով ճարտարապետ ըլլալով, իմ կազմածս հատակագիծը քննադատության ենթարկվի աստվածաբան վարդապետի մը կողմանե, որչափ ավելի կասկածելի պետք է որ համարվի աստվածաբան վարդապետի մը ներկայացված ճարտարապետական հատակագիծը, որուն սխալները կրկնված են բացի Զվարթնոցեն, նաև ուրիշ հատակագծերու մեջ ալ։ «Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ» 11 երեսի վրա Ձեր ներկայացված Էջմիածնի հատակագիծը եթե բաղդատենք իսկականին հետ, անմիջապես կհամոզվիք ասածիս ճշմարտության։ Այդ հատակագծին վրա, որտեղեն է առաջ եկած, ներքին կողմեն, հյուսիս և հարավ կողմի աբսիդներեն մինչև արևելյան ավանդատունները եղած միջոցին մեկ մետրեն ավելի երկայնությունը քան հակառակ կողմը, մինչդեռ իրականության մեջ ընդհակառակը, ձեր հատակագծի վրա երկայն եղող մասերը քանի մը սանտիմով ալ ավելի կարճ են քան աբսիդներեն մինչև արևմտյան պատը գտնված երկարությունը։ Ավելորդ համարելով ուրիշ մասերու վրա խոսիլ առայժմ, կվերադառնամ նյութիս։ Պատասխանատվության ամեն տեսակ ծանրություններ հանձն առնելով, վստահ կերպով հրապարակավ կհայտարարեմ, թե իմ Զվարթնոցի հատակագիծս միանգամայն ճիշտ է և իրականին լիովին համապատասխան, և պատրաստ եմ Ձեր իսկ ընտրած մասնագետներու ներկայության փորձի ենթարկել երբ կկամենաք։

Այն սխալները, որոնք ցույց կտրվին իմ հատակագծիս վրա ձեր կողմանե, խծբծանքե ավելի նշանակություն չունին։ («Արարատ», 1909 թ․, հունվար, երես 69)։

ա) Եկեղեցու շուրջ բոլոր տարածված աստիճանները բուն եկեղեցվո մասը չեն կազմեր. ամեն ոք ազատ է զանոնք ներկայացնել կամ ոչ։ Արդարև ներկայացնելով առավելություն մը տրված կհամարվի, բայց չներկայացնելով ալ եկեղեցվո հատակագիծն իր ամբողջութենեն ոչինչ չի կորսնցներ։

բ) Գլխավոր սեղանի աջ կողմի մասանց գզրոցը շենք կամ շինության մաս չէ. «գզրոց» անունը բավական է ապացուցանելու, որ նա կահ-կարասիքի արժեք միայն ունի։

գ) Սեղանից դեպի ներքև իջնող երկու աստիճանները բոլորովին ճիշտ են, տարաբախտաբար դուք եք սխալած և չեք կարողացած հասկնալ որ այդ՝ կեղեցիի նախկին սեղանն է, որուն մասին խոսեր եք «Ազգագրական հանդեսի» 16 գիրք 137 երեսի վրա. յուրաքանչյուր կողմի զույգ սանդուղներուն մեկը վար իջնելու կծառայե, և մյուսը սեղան բարձրանալու։ 1904 թվականին ես նույն ձևը մասնավորապես գծեր եմ նաև Պետերբուրգի Հնագիտական կայս. մասնաժողովի համար և, որը ղրկվեցավ Խաչիկ վարդապետի ձեռքով։

դ) Պիլաստրների—եկեղեցու ներսից, հատակում շուրջ բոլոր տարածված մայթ անվանածնիդ մայթ չէ, այլ մի ուրիշ նշանակություն ունեցող գիծ, որն ըստ ինքյան շատ հետաքրքրական երևույթ է հայ ճարտարապետության մեջ, ինչպես նաև ձեր քիչ մը վարը, «երկրորդ շրջագիծ միացնում են բոլոր սյուները» ըսածը, որ գրեթե նույնն է ձեր մայթ անվանածին հետ։ Ես նպատակավոր կերպով լռության տված էի այս մասերուն վրա բացատրություն տալ առանձին հոդվածով խոսելու համար, բայց եթե կփափագիք մասնագիտական ժողովի մը առջև պատրաստ եմ բացատրելու այդ ձեզ համար անհասկանալի գծերուն նշանակությունը։

«Չունի արևելյան քառանկյունի շինության արտաքին կողմի երեք աստիճանները» ըսածնիդ ալ դարձյալ արդյունք է ձեր անուշադրության. եթե անգամ մը ևս երթաք տեղին վրա մասնավորապես քննելու համար, պիտի տեսնեք, որ ունի այդ երեք աստիճանները։

Իսկ գալով ամենագլխավոր հարցին, ձեր հատակագծի առավելություններում և անոր իմ հատակագծես ունեցած կարծեցյալ տարբերություններում, զարմանքնիդ շատ բնական պիտի ըլլար, եթե դուք կարողանայիք բացատրել ինձի ձեր ցույց տված առավելություններուն իրականին մեջ ինչ ներկայացնելը։

Գմբեթի մասին խոսած ատեննիդ «կրկնակի քառակուսի գիծ» ըսելով ինչ ըսել ուզեր եք և ի՞նչ եք հաս֊կցեր քառակուսի գծերեն։ Իմ հատակագծես զանազանվող այդ քառակուսի գծերուն դեպի սյունազարդ թևերուն կողմը եղած (ձեր հատակագծի մեջ) երրորդ սուր գծին իրականին մեջ գոյության ի՞նչ ապպցույց ունիք։ Ես պարզապես կմերժեմ այդ գծի գոյությունը:

Ինչու համար ձեր շուրջ բոլոր աստիճանները եկեղեցին ամեն կողմեն շրջապատած են, քանի որ իրականության մեջ սկսյալ արևմտյան դռնեն ամբողջ հարավային կողմը՝ բնավ գոյություն չունին։ Ինչ ապացույց գոնե ի հնումն անոր գոյության, երբ դուք պատմության միջոցով ալ գիտեք թե «եկեղեցուց առաջ Ներսեսը հիմք ձգեց» կաթողիկոսարանին («Ազգագրական հանդես», 1907 թ․, 15 գիրք, երես 105), և աստիճաններու ընդհատումն ալ առաջ եկած է կաթողիկոսական շինությանց տաճարին անմիջապես մոտը գտնվելուն պատճառով («Ազգագրական հանդես», 1907 թ., գիրք 16, երես 152, հատակագիծ կաթողիկոսական տան)։

Ինչու համար եկեղեցիին այդ շուրջ բոլոր աստիճաններուն կեդրոնին վրա չէ ձեր բուն եկեղեցիի հատակագիծը, այլ եկեղեցիի և շուրջ բոլոր աստիճաններուն միջոցը՝ արևելյան կողմեն լայն է և արևմտյան կողմեն նեղ, մինչդեռ իրականության մեջ կեդրոնին վրա է եկեղեցին։

Որպեսզի ձեր ըրածին նման իմ քննադատությունս ալ խծբծանքի արժեքը չստանա, ես կթողում շատ մը ուրիշ մանր մունր իրականին համապատասխան գծեր և անձկանոք կսպասեմ ծեր նախաձեռնությամբ կազմվելիք մասնագիտական ժողովի մը, որուն առջև պատրաստ եմ ապացուցանելու իմ աշխատությանը ճշտությունը, բարեխղճությունը և ձեր հատակագծի մեջ եղած բազմաթիվ մանրամասնությանց սխալները:

Արդյոք որչափ արդար է ձեր բողոքը, կենսագրականիս միջոցով պրոֆ. Մառի ձեզ ուղղած մեղադրանքին համար, որուն դեմ պաշտպանվիլ փորձելով Էջմիածնի ամբողջ միաբանութենեն օգնություն կաղաղակեք:

Պրոֆ. Մառի մեղադրանքն իմ արդար բողոքիս արձագանքն է, որ շատ անախորժ հնչեր է ձեր ականջին։ Այդ բողոքը բխած է այն երբեմնի ստորացուցիչ արհամարհանքեն, որուն դառնությունը երկար ատեն ճաշակեցի Էջմիածնի պարիսպներու մեջ։

Երբեք թույլ չեմ տար ինձի զիս ճարտարապետ անվանելու պատիվը բռնի պահանջել այն մարդոցմեն, որոնք ոչ կճանչնան զիս և ոչ ալ տեսած են մասնագիտությանս վերաբերյալ օրինական փաստաթղթեր։ Բայց մի վկայալ մագիստրոսի ալ՝ երբեք չէի ներեր, որ այդքան ոտնակոխ ըներ պատվավոր վկայականի մը արժանապատվությունը, որով ստացման համար ամեն մարդ ձեզ նման երկար տարիներ գիշեր ցերեկ կուրծքը կմաշեցնե գրասեղանի առջև, և ես իմ վկայականով կարծեմ դեռ ոչ մի անպատվություն չբերի թե՛ իմ անձիս և թե՛ իմ պատկանած հասարակության։

Կ. Պոլսո գեղարվեստից ճեմարանի վկայականս դուք անձամք կարդացեր եք ձեզ ընկերացող երեք վարղապետներու հետ 1904 թվականին գարնան սկիզբը, Զվարթնոց աշխատելու գնալես առաջ, երբ այցելեցիք հյուրատուն աշխատանքներս տեսնելու համար։ Եվ որովհետև բնագրի թյուրքերեն լեզուն ձեզ անծանոթ էր, ես միասին ներկայացուցի Բուլղարիո մայրաքաղաք Սոֆիայի մեջ կատարված պաշտոնական թարգմանությունը, որ տեղի ունեցած էր 1899 թվականին և վավերացված, ինձ իրավունք տրվելով ընդհանուր Բուլղարիո մեջ ազատ գործելու, և այդ պաշտոնական արտոնությունս հրատարակվեցավ բուլղար կառավարության սեփական օրգան «Տրժավնի Վեստանիկի» 1900 թվականի հունվար ամսի առաջին պրակին մեջ, ուրկեց արտատպված են նաև տեղական քանի մի թերթեր:

Ձեզ ընկերացող երեք վարդապետներն էին՝ Խաչիկ վրդ., Կորյուն վրդ. և մի ուրիշ երիտասարդ վարդապետ, որուն անունը դժբախտաբար մոռցած եմ, սակայն որչափ որ կհիշեմ, ինքը բնիկ վանեցի էր և նույն տարին մեկնած արտասահման կաթողիկոսի հովանավորության տակ կատարելագործվելու:

Տարաբախտաբար, այսքան ապացույց տեսնելով քովես մեկնելեդ հետո, չվարանեցաք ձեռքս գտնված բոլոր աշխատանքիս մասին ալ կասկածելու հավանական համարելով որ ես ուրիշ արվեստագետներու ձեռքի աշխատությունները սեփականած եմ կամ տիրացած անոնց որևէ թագուն նպատակով։[6]

Ի լրումն ամենեցում, երբ ավելորդ ըլլալով ձեր կողմանե վարպետ տիտղոսով ալ կմկրտվիմ, միթե իրավունք չունիմ դառնապես վշտանալու և բողոքելու նվաստացուցիչ ընդհանրացման մը դեմ։

Ըսեք խնդրեմ, միթե ձեզ հաճելի կթվեր և լուռ կմնայիք՝ երբ տեսնեիք, որ մի բարձրագույն կրթություն ստացած մարդ, արհամարհելով ձեր իրական արժանիքը վավերացնող մագիստրոսի պատվավոր վկայականը, ձեզ տիրացու անվաներ։

Նույնպես նաև թույլ չեմ տար ինքզինքիս հենվելով վկայականի մը գոյության, պահանջել որ ամենագետ համարվիմ քավ լիցի, ես գիտեմ շատ համեստ արժանավորությանս իսկական չափը, սակայն իրավունք ունիմ գոնե տարրական քաղաքավարություն մը սպասելու ձեզմե իբրև կրթված մարդ և ականատես պաշտոնական փաստաթղթերու։

Թե որու հեղինակությամբ Էջմիածնի մեջ ճակտիս դրոշմեցավ այդ «վարպետ» պատվանունը, ինձմե ավելի լավ գիտեք, որ միակ աղբյուրը դուք եք։

Հայտնի է, որ Էջմիածին ոտք կոխած օրերս երկու վարդապետի հետ միայն ծանոթացա, Խաչիկ վարդապետին իր Զվարթնոցի ավերակներուն միջոցով և ձեզ՝ ի պատիվ պրոֆ․ Մեյեի տրված ճաշով, որուն անարժանաբար ներկա գտնվելու պատիվն ունեցա։ Եվ այդ ծանոթության սահմանափակ շրջանը տևեց գրեթե մինչև Զվարթնոցի մեջ ավելի քան մի ամիս աշխատելես հետո։

Խաչիկ վարդապետ գործերս տեսած օրեն այնքան հրապուրված և Զվարթնոցի վերակազմության հույսով հափշտակված էր, որ եթե ոչ անկեղծությամբ, գոնե մարդահաճության համար, եթե գիտնար ավելի գերագույն նշանակություն ունեցող մի բառ քան ճարտարապետ բառը, սիրով պիտի շռայլեր իմ անվան, գեթ առ ժամանակ զիս խրախուսելու և քաջալերելու համար և ես ի սկզբանե շատ պատվաբեր վարմունք տեսած եմ Խաչիկ վարդապետի կողմանե։

Բայց Խաչիկ վարդապետ, միանգամայն զուրկ ձեր ստացած բարձրագույն կրթութենեն և ամեն բանի մեջ ունեցած խոր հմտութենեն, բնականաբար չկարողացավ ըմբռնել իմ արվեստիս մեջ ունեցած հմտությանս չափը, մտքեն անգամ պիտի չանցներ, իմ՝ «վարպետի» արժանիք միայն ունենալս և պիտի մնար ընդմիշտ խաբված՝ եթե վրա չհասներ ձեզ նման ներհուն և խորաթափանց մի անձնավորություն, ընկած մոլորութենեն զայն դուրս բերելու համար:

Արդարև հազիվ 15—20 օր անցած, ոչ միայն Խաչիկ վարդապետ, այլ և ձեր միջոցով ինձի ծանոթացող ամեն ոք, մեծ և փոքր, սկսեցին ձեզ նման անխտիր «վարպետ» անվանել զիս։ Իսկապես շնորհակալ եմ և միանգամայն երախտապարտ, որ ձեր հանձնարարականով ծանոթացուցիր զիս մեծանուն գիտնական պրոֆ. Մառի հետ, որուն հովանավորության տակ՝ խաղաղ ու ապահով կատարեցի ոչ միայն ինձի, այլ և համայն գիտական աշխարհի համար շահեկան մի մեծ գործ։

Շատ ուրախ եմ, որ պ. Բասմաջյանի դատն ալ ձեզ նման արժանավոր պաշտպանի հովանավորությունը կվայելե, բայց ցանկալի էր, որ ինքը հրապարակ գար այդ խնդիրով ինձ համար ևս շահեկան ձեր ակնարկած հարցերուն վրա լույս սփռելու։ Ես դեռ 1905 թվականին առաջարկեր եմ հրապարակ իջնել կամ իր կողմանե փոխանորդներ ընտրելով, սակայն նա իրեն հատուկ պատճառներով լռել է։

Մի հոդվածով Էջմիածինը, դժոխք անվանելուն պատճառով պ․ Բասմաջյանի երեսը երկար տարիներ անարգ թուքերով ծեփելե հետո, երբ անցյալ տարի սիրալիր գրկախառնությամբ զիրար ջերմապես համբուրեցիք, իմ նամակներս պ. Բասմաջյանը ձեզ ցույց տալե հետո ինչո՞ւ այնքան բարի չեղավ, որ ձեզ հանձնարարական մը ալ տար, որպեսզի ինձ մոտ գալով իր գրած նամակներն ալ անգամ մը աչքե անցնեինք, որոնց մեջ դուք շատ հակառակ նորություններ պիտի տեսնեիք։ Դարձյալ պատրաստ եմ ցույց տալու զանոնք ամեն անոնց, որոնք բացարձակ հրաման կբերեն ինձ Բասմաջյանի ստորագրությամբ, այլապես չեմ զիջանիր անարգ կիրքերե առաջնորդված, բարեկամական նամակներ, որոնք սրբություններ են գիտակից մարդկանց համար, անխտիր թափել ամեն մարդու առջև, առանց ի նկատի ունենալու անկից ծագելիք խղճի և պատվո ահեղ պատասխանատվությունները։

Դուք չեք կարող այնքան անկեղծ ու ճշմարիտ բարեկամ եղած ըլլաք պ․ Բասմաջյանին, որչափ ես էի մի ժամանակ, երկրպագու «անոր ստացած ուսումնականի հռչակին» որչափ, որ ես եմ մինչև այսօր, թեև նա շատ անարժան և վիրավորական կերպով վարվեցավ ինձ հետ։ Ես Բասմաջյանի այն բարեկամն եմ, որ Կ․ Պոլսո մեջ բանտարկված ժամանակ գլուխս կախաղանի վտանգի ենթարկած՝ ոչ միայն ազատեցի զինքը մշտնջենական աքսորի վտանգեն, այլ և փրկեցի իր հետ ուրիշներու ալ անարգաբար ոտնակոխ ըլլալու վտանգեն ենթարկված պատիվը։ Եվ ի վերջո, երբ իր ձեռնարկած գործին օգտակար ըլլալու համար Կովկասի ճանապարհորդության ընկերացա առանց ոևէ փոխարինության, բարեկամական սիրույս և հարգանքիս ապացույցն էր որ տվի:

Եվ որովհետև ձեր պ․ Բասմաջյանի անունով անորոշ գրվածքը կարող է հասարակության մտքին մեջ խոշոր երևակայություններու առիթ տալ, ուստի քանի մը խոսքով ալ կուզեմ այդ ճանապարհորդության համառոտ պատմությունը մեջ բերել։

Նախապես գոյություն ունեցող որոշման մը համաձայն եկա Կովկաս պ. Բասմաջյանի համար Անիի մեջ աշխատելու միայն չորս ամիս ժամանակով, պայմանով, որ նա պիտի վճարեր իմ երթևադարձիս ճանապարհածախսը և պիտի հոգար սնունդս։

Արդեն մեր Անի գնալեն առաջ, Էջմիածնի մեջ, պարզվեցավ, որ պ. Բասմաջյանի տրամադրության տակ գտնված գումարը շատ քիչ էր չորս ամիս առաջադրված գիտական նպատակով աշխատելու համար, այդ պատճառով ալ, առանձնապես պ․ Բասմաջյանի խորհուրդով, դիմեցի հանգուցյալ կաթուղիկոսին և խնդրեցի, որ մի քիչ աջակցություն ցույց տա այս օգտաշատ աշխատության նյութապես օգնելով պ. Բասմաջյանին։

Կաթողիկոսը շատ սիրալիր կերպով խոստացավ օգնել և շուտափույթ կարգադրել հարկ եղածը։

Մեր Էջմիածնեն դեպի Անի մեկնելու պահուն վեհարանեն հանձնվեցավ մեզի գոց նամակ մը՝ ուղղված Անիի վանահայր Միքայել վարդապետին, հայտարարելով որ մեզ համար հարկ եղածը գրված է նամակին մեջ։ Բայց ի՞նչ զարմանք, երբ Անի հասանք, Մռտոի տոպրակին պես՝ նապաստակի տեղ կատու դուրս եկավ։ Ոչ մի օգնության խոսք չըլլալեն զատ, հազիվ իրեն համար պատառ մը հաց ճարող Միքայել վարդապետին կխնդրեին այդ նամակով, որ մեզի օգնե։ Այդ նամակն ալ մինչև այսօր իբրև հազվագյուտ հանձնարարական Էջմիածնի վեհարանի՝ պահված կմնա Միքայել վարդապետի քով։

Բնական էր, որ այս առեղծվածը լուծելու կաշխատեինք, գիտնալու համար թե ի՞նչ հրաշքով փոխված էր նամակի բովանդակությունը։ Հարկ համարված տեղեր անմիջապես գրվեցան նամակներ, և ստույգ աղբյուրներե տեղեկացանք, որ այսօրվան՝ Բասմաջյանի դիմաց հարգանքի դիմակով ծածկվող մեկ քանի սրբասուն միաբաններ հարմար առիթը գտեր էին զայն պատմելու, զիրենք դժոխքի միաբան անվանած ըլլալուն համար, և բուռն թափով բողոքելով արգիլեր էին տյդ նպաստը։

Թե որքան էին այդ լուրի աղբյուրները, և Բասմաջյանի դեմ գտնվող ախոյան վարդապետները, այդ կթողում իրեն պ. Բասմաջյանին, որովհետև ինձ հետ բնավ կապ չունին։

Անիի մեջ աշխատանքի սկսելես հետո երբ պարզվեցավ, որ այդ աշխատանքը տարիներու գործ է, ոչ թե ամիսներու, մանավանդ պ. Բասմաջյանի ունեցած նեղ միջոցներով սաստիկ դժվար, ուստի երկար խորհրդակցելե հետո, պ․ Բասմաջյանը խոստացավ ինձի միջոցներ ճարել գործը շարունակելու համար։

Դեռ Անիեն չմեկնած, պատահաբար, ձեր ակնարկած Թիֆլիսի վաճառականը եկավ Անի և խոստացավ Բասմաջյանի մեկնելեն հետո ամեն ամիս 30 ռուբլի վճարել ինձի։ Բայց որովհետև 30 ռուբլին շատ աննշան գումար էր այդ բազմապահանջ գործին համար, տասնևհինգ ռուբլիեն ավելի ամեն ամիս միմիայն ծառայի և մշակներու վարձքը կվճարվեր, հետևաբար հարկ էր ուրիշ աղբյուրներ ևս ունենալ։ Պ. Բասմաջյան մեծ հույսեր ուներ, որ Ալեքսանդրապոլ և Թիֆլիս գնալուն, իրեն կհաջողվի նոր աղբյուրներ ճարել։ Նաև պատրաստելու էր առանձին գումար մը ևս առաջիկա ձմեռային շորերու և այլ անհրաժեշտ պիտույքներու համար։

Մեկնեցավ պ. Բասմաջյան Ալեքսանդրապոլի վրայով Թիֆլիս. ինչ ըրավ այդ անցած տեղերուն մեջ՝ ինձ հայտնի չէ, միայն Թիֆլիսեն մեկնելուն պահուն ինձ գրած է նամակ մը, որով կհայտներ, թե նոր աղբյուր չէ կարողացած գտնելու, բայց ձմեռային հոգսերու համար խումբ մը երիտասարդներ շատ շուտով պիտի խրկեն հասցեիս պետք եղած գումարը։

Բասմաջյանը վաղուց հասեր էր Փարիզ, ես երկու ամիս ևս Անիի մեջ աշխատանք շարունակելես հետո, խոստացվածներեն ոչինչ չստանալով, Անիի մեջ պարտքեր ալ թողած գնացի Թիֆլիս, որպեսզի թե 30 ռուբլի առկա ամսականներս ստանամ և թե գտնեմ խումբ մը երիտասարդները, որոնց մասին գրված էր ինձ։ Ամսականներս ստացա, սակայն այդ երիտասարդաց խումբեն մեկ հատ ալ դեռ չեմ տեսած մինչև այսօր։

Ասկեց հետո, այլևս սկսավ մեր անընդհատ թղթակցությունը պ. Բասմաջյանի հետ. իմ կողմանե գանգատ, անոր կողմանե խոստում. ցուրտ են դողալով, կարևոր պիտույքներե զրկվելով, ծանոթներու հյուրասիրության ապաստանած՝ ձմեռը անցուցի, և դեռ հույս չկար լրացուցիչ գումարի՝ գարնանային աշխատանքներս վերստին սկսելու համար։

Ապագայի խոստումներով քաջալերված՝ մարտ ամսո մեջ դարձյալ ուղևորվեցա Անի, աշխատանքս շարունակելու համար։ Այս ուղևորութենես հետո թե ինչ տխուր ու չարաշուք պատահարներ գլխիս թափվեցան, ես անոնց մասին կլռեմ առայժմ և որոնց ամենեն վերջինին մի տխուր հետևանքն է այսօրվան մի վերին աստիճան զզվելի մեր բանակռիվը։

Օգոստոս ամսվա մեջ Թիֆլիսի վաճառականեն նամակ մը ստացա, որով ինձ կհայտներ, թե այլևս բավական կհամարի մինչև հուլիս վճարած 30 ռուբլի ամսականը, հետևաբար իր վրա հույս չդնեմ։

Ուրեմն, սկսյալ սեպտեմբեր ամիսեն մինչև հուլիսի վերջը, ընդամենը տասն և մեկ ամիս (ոչ թե տարուց ավելի) ստացեր եմ ամսական երեսուն ռուբլիով (330) երեք հարյուր երեսուն ռուբլի գումար մը. եթե այս գումարին զեղչենք բացառիկ պետքերու համար Աբովյանի վճարված մոտ վաթսուն ռուբլի գումարը, որուն՝ Աբովյանցի ստորագրությամբ ֆաքթյուրը հանձնեցի թիֆլիսեցի վաճառականին, մնաց 270 ռուբլի զուտ գումար ամբողջ տասն և մեկ ամսվան համար։ Այս գումարեն զատ ուրիշ ոչինչ չեմ ստացած բացի վերոհիշյալ աղայի հին շորերեն, որ վեհանձնաբար բարեհաճեր էր խրկել, զիս ցնցոտիներես ազատելու համար, և ես ալ այդ շորերը Բասմաջյանի գործին հաջողության աղոթելու համար Էջմիածնի մեջ բաժանեցի գաղթական աղքատներուն։

Այս ստացած գումարիս փոխարեն, նույն տարին խրկեցի հինգ օրինակ կատարելագործված նկարներ, որոնք գրեթե այն տարվան բոլոր աշխատությունս էին։

«Մշակ», 1909. № № 52, 53, 54, 57, 58, 60.

ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ[7]

Առաջին անգամ 1903 թվականին, Էջմիածին այցելությանս միջոցին, լսեցի Խաչիկ վարդապետի ղեկավարությամբ կատարվող Զվարթնոց եկեղեցիի հոյակապ ավերակների պեղումների մասին։ Բնական էր, որ հետաքրքրությունս մեծ լիներ և փութացի տեսնելու այդ հուշարձանի պեղումները, որուն մասին մեծամեծ գովեստներ էին շռայլում տեսնողները։

Երբ այցելեցի, իսկապես ի տես այդ ավերակում երևացող ինքնատիպ հատակագծին և դուրս եկած սքանչելի քանդակազարդ բեկորներին, ինքս ևս հիացմամբ գրավվելով, վճռականապես որոշեցի, որ հարմար առիթ ստեղծեմ այդ մեծ հուշարձանի ուսումնասիրությամբ զբաղվելու։

Հետևյալ 1904 թ. տարին, հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մի առ ժամանակ Էջմիածին մնալս հարկ եղավ, ուստի մեկ կողմանե Խաչիկ վարդապետի հրավիրանոք, մյուս կողմից Խրիմյան կաթողիկոսի և գիտնական միաբան Գալուստ Տեր Մկրտչյան ի խրախուսանոք գնացի Զվարթնոց շենքի վերակազմությամբ և ուսումնսաիրությամբ զբաղվելու համար, և այնտեղ մնացի չորս ամիս։

Այս չորս ամիսները բավական չեղան ինձ համար հաջողությամբ գործ ավարտելու համար հետևյալ պատճառներով։ Նախ, որ պեղումները չէին ամբողջացած. տաճարի մեջ ամբողջովին մաքրված էր, սակայն դուրսը ամբողջովին կմնար առանց պեղման։ Երկրորդ, որ կատարված պեղումները միանգամայն աննպատակահարմար և պարզապես հակագիտական կերպով կատարված էին։

Անվիճելի օրենք է, որ պեղման ժամանակ, երբ խնդիրը այսպիսի մեծ և հոյակապ հուշարձանի վրա է, պետք է որ պեղումները կատարվին մի ճարտարապետի հսկողության ներքո, որպեսզի ճարտարապետը հնար ունենա մեծազանգված բեկորների ընկած տեղը, դիրքը ի նկատի առնելու և նրանց կարևոր մասերը չափագրելու և գծագրելու։ Այս չափագրությունները և գծագրություններն են, որ ճարտարապետին սեղանին վրա պիտի դյուրացնեն վերակազմության պատասխանատու գործը։ Գուցե Խաչիկ վարդապետի մտքից անգամ չէր անցած մի ճարտարապետ հրավիրել, և իրեն սովորական եղող ջղագրգիռ ոգևորությամբ, տաճարին մեջը օր առաջ մաքրելու համար, մեջր թափված քարերն ու շաղախի փշրանքները դուրս թափելուց հետո մնացած մեծազանգված փուլքերը, որոնք պիտի բնորոշեին շենքին ներքին կազմությունը և գմբեթի մանրամասն ձևն ու նկարագիրը, վառոդով պայթեցրել և փոշիի վերածել էր, որովհետև այդ զանգվածները անհնար է եղել բրչով կամ լինգով մանրացնել։ Ահա այս իսկ պատճառով է, որ այդ հոյակապ տաճարին ներքին կազմությունը. թեև բավական ճշտված է շենքից դուրս թափված մեծ բեկորների միջոցով, սակայն ուրիշ ճարտարապետական մանրամասնություններ ընդմիշտ կորած են հուշարձանի պատմության համար։

Գրեթե երկու ամիս տևեց մինչև շենքին հատակագիծը կազմելս՝ ստեղծված քաոսային դրության պատճառով, այն ևս ոչ բոլորովին կատարյալ, իսկ շենքի ձևը կամ կաոուցվածքը որոշել անհնար եղավ։ Ինչպես երևում էր, Խաչիկ վարդապետ վերջ ի վերջո, նախքան իմ այնտեղ գնալս, ինքն ևս զգացեր էր ոչ միայն հատակագծի ճշտիվ չափագրության, այլև վերակազմության կարևորությունը. ուստի հրավիրել էր անփորձ ուսանողներ և գծագրիչներ, իր հասկացողությամբ, որոշ ենթադրությունների վրա հիմնված, ներշնչել էր այս կամ այն ձևը տալ շենքին, որոնք ոչ միայն թերի էին, այլև հիմնովին սխալ։

Ամբողջական վերակազմության համար հուսահատական էր դրությունը, հույսս մնացել էր արտաքին պեղումների վրա, ուստի առաջարկիցի դրսի մասերը պեղել իմ ներկայությամբ, որով թերևս կարելի լիներ դրական ապացույցներ գտնել շենքի ընդհանուր կազմության մասին։ Նամանավանդ որ, ինչպես շենքի մեջը, այնպես էլ դուրսը ընկած էին մեծազանգված բեկորներ, որոնց վառոդով պայթեցնելու ժամանակը նոր էր հասել՝ ըստ պեղման ղեկավարի։ Պետք է ասել, որ Խաչիկ վարդապետ սիրով ընդունեց առաջարկս պեղման ձեռնարկելու մասին և խոստացավ դուրսն ընկած մեծ բեկորները ևս պահել ընդմիշտ, իբրև հաստատուն ապացույցներ վերակազմության, որովհետև նույն բեկորների վրա դեռ այսօր ևս կարելի է տեսնել ներքին կազմության խիստ բնորոշ հետքեր։

Մեծ չափով արդարացան հույսերս։ Շենքից դուրս ընկած մեծ բեկորների վրա գտա, գմբեթակիր սյուների մեջ եղած բաժանումները, երկրորդ հարկին իբրև խայրիսխ ծառայող բոլորակ պատը և այս խարիսխները կրող առագաստները։ Իսկ իմ ներկայությամբ արտաքին պեղումների ժամանակ կարգավ դուրս եկան ամբողջ ճակատների, սյուների, պատուհանների, որմաղեղների և այլ զանազան մանրամասնսւթյուններ, որոնց մանրամասն չափագրությունները ո՛չ միայն ճշտեցին արտաքին երեսների ճիշտ կազմությունը, այլև գրեթե անվիճելի կերպով տվին բարձրությանց չափերը, որով հնար եղավ կազմել ամբողջ վերակազմությունը։ Վերակազմությանս ճշտության իբրև ապացույց, տարիներ հետո, երևան եկան պր․ Ն․ Մառի ջանքերով, Անիի գագկաշեն ս․ Գրիգորի և Բանայի եկեղեցիները։

Հետևաբար, եթե պատահաբար ես վրա չհասնեի, և ըստ կանոնի չհետևեի յուրաքանչյուր բեկորի ընկած տեղին, դիրքին և չափերին և մնար Խաչիկ վարդապետի հասկացողության և ամեն ինչ ոչնչացնելու ուղղությամբ առաջ տարվեին մնացած պեղումները, պարզապես պետք է միանգամայն կորած լիներ Զվարթնոցի ընդհանուր կառուցվածքն ու ներքին և արտաքին ձևերը։

Արտաքին կողմից, վստահ եմ որ անթերի վերակազմված է Զվարթնոցը, սակայն ի ներքուստ կան այնպիսի կորուստներ, որոնք միանգամայն անդառնալի են։

Օրինակի համար ըստ դարաշրջանի ոճերու գմբեթի նիստը սլանտանտիվների վրա էր թե՞ տրոմբների վրա, ինչ բնորոշ կազմություն ուներ գմբեթի գդակը և ուրիշ ինչ մանրամասնություններ կային արտաքուստ այդքան շքեղ տաճարի մեջ՝ ներքին կողմից դարաշրջանի ճաշակը և ոճը արտահայտող։

Միմիայն բոլորակ տաճարը չէ, որ այս այլանդակության մատնված է իր ներքին կողմից, այլև Զվարթնոցի շինարարական պատմության համար անդարձ կորած են հարավային կողմից ընդարձակ շինությունների կառուցվածքը, նրանց ծածկի ձևերը, լուսամուտների դասավորությունները և ուրիշ բազմաթիվ մանրամասնություններ, որոնք այլևս անհնարին են որևէ կերպով վերակազմել և գաղափար կազմել ժամանակակից շինարարական ոճերի վրա։ Մանավանդ այդ շինություններից երկու մասեր, որոնք վերին աստիճան հետաքրքրական են մեր այսօրվան շինարարական արվեստի տեսակետով իսկ։ Այս մասերեն մեկն է այն բաժինը, որուն մասին Խաչիկ վարդապետ երկար դասախոսություններ է կարդում այցելուներին անհեթեթ կերպով, համարելով հայոց հին կրակապաշտական տաճար լինելու՝ առանց գրական ապացույցների, երկրորդը՝ կաթողիկոսական մեծ դահլիճը, որուն կազմությունը գեղարվեստի և ճարտարապետության և պատմության համար անգնահատելի պիտի լինեին։ Այժմ այս բոլոր շենքերից անհետացել են շինարարական ապացույցներ և քարեր, իսկ տեղում մնացած մասերը լոկ հատակագծի միայն արժեք ունին։

Միայն Զվարթնոցը չէ, որ Խաչիկ վարդապետի բրչի տակ կորցրել է իր բոլոր ցանկալի առանձնահատկություններն ի վնաս գեղարվեստի պատմության․ կան նաև ուրիշ տեղեր, որոնք ավերված ու ոչնչացած են անկարգ և անգիտակից փորումների պատճառով։ Միևնույն ձևով պեղվել է Գառնին, Դվինը, Եղվարդը և ուրիշ կարևոր վայրեր։

Գառնիի մասին ցանկալի էր, որ պր. Ն. Մառ իր հեղինակավոր խոսքն ասեր այնտեղ կատարված ավերումների մասին. Զվարթնոցի մասին Հ․ Ստրչիգովսկիի արտահայտությունը բավական է թե՛ իր երկհատոր մեծ գրքին մեջ և թե՛ 1913 թվին Լենինգրադ գնալիս այնտեղի գիտնականների շրջանում։ Իսկ գալով 6-րդ դարու Եղվարդի հոյակապ տաճարին, ոչինչ չէ մնացած այնտեղ բացի հատակագծից։ Որովհետև պեղելուց հետո եղած քարերն ևս թողած ճակատագրին ամեն տեղ և խաղաղ սրտով, հեռանում է պեղած վայրերից, և այդպիսով պեղման վայրը շրջակա բնակչության համար ծառայում է իբրև շինության քարերի մի շտեմարան, և ամեն ոք տանում է իր գոմն ու մարագները շինելու համար։ Ավելի քան քառասուն տարիներն ի վեր Խաչիկ վարդապե մեծ համբավ է վայելում իբրև պեղումներ անող։ Բայց մինչև այսօր ոչ ոք չէ տեսել նրա պեղման օրագրությունները, տեղեկագրերը, և կամ գոնե մի փոքր ուսումնասիրություն։ Իր պեղած բազմաթիվ վայրերեն ի՞նչ թանգարանային առարկաներ է հանել, որոնք արժեքավոր լինին, ինչե՞ր էին նրանք և ո՞ւր են պահած, այդ միայն ինքը գիտե։ Իսկ Էջմիածնի թանգարանում երբեմն երևում էին պահարաններ, որոնց վրա գրված էր. «Ժողովածու Խաչիկ վարդապետի», բայց դրանք ևս իսպառ զուրկ էին գիտական արժեքից, որովհետև պեղման մասին չունեին որևէ փաստական տեղեկություն։

  1. Հեղինակն ակնարկում է Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանին, որն այնտեղ «պեղել է» 1893 թվին։ Կազմող
  2. Արտատապում ենք Կուրտուրայի Պատմության Ինստիտուտի հրատարակած Նյութեր Հին Հայաստանի պատմության» ժողովածուից, Երևան, 1935 թ. փոքրիկ կրճատումով
  3. Զվարթնոցում շինված է մի փոքրիկ թանգարան, հողերի մեծ մասը և Խաչիկ վարդապետի ավերակների մեջ շենքերի մեծ մասը քանդված են, բեկորները կարգի են բերված 1936−1937 թ․ թ․ ընթացքում։ Կազմող
  4. Զեկուցագրի պատճեն, որից տպագրում ենք, չունի թվական և ամիս ամսաթիվ։ Կազմող
  5. Այս նամակը որոշ կրճատումներով արտատպում ենք «Մշակ» լրագրի 1909 թվականի 52-60 համարներից։ Կազմող
  6. Այս կասկածը չեմ կարող ընդհանրացնել և կամ մասնավորել որևէ մեկուն վրա, ինձի հաղորդած է Խաչիկ վրդ․, անոր կթողում ճշտել թե այս չորս վարդապետներեն որուն կվերաբերի այդ կարծիքը։
  7. Այս կարևոր փաստաթուղթը տպագրում ենք Հնությունների Պահպանության Կոմիտեի գործերից, որտեղ թվագրված է մտ․ 855, 1927 թ․, ապրիլի 20։ Կազմող