Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Հայրենիք


Անշո՜ւք բնություն հայրենի երկրի,
Դու սիրելի ես հեգ սըրտիս համար.
Բայց կա՛ր ժամանակ—ես դեռ պատանի—
Ինձ գըրավում էր օտա՜ր մի աշխարհ։

Եվ վառ անուրջներ աչքիս շարունակ
Նըկարում էին փայլո՜ւն պատկերներ—

Երկնային կամար վըճիտ, կապուտակ,
Հըսկա լեռների սուր-սուր գագաթներ։

Եվ միջօրեի շոգով ոսկեվառ՝
Թըվում էր, թե ինձ սոսիք, ձիթենիք
Կոչում են դեպի ստվերներ զովարար,
Եվ ինձ ողջունում վարդերը լըռիկ…

Եվ անխոհ մըտքիս, դեռ այդ օրերին
Ծանոթ չէր կյանքի նըպատակ, կոչում…
Ես դեռ անձնատուր մեղկ պատրանքներին,
Լոկ վայելք էի կյանքից պահանջում։

Բայց արագ, անհետ անցան այդ օրեր.
Ինձ վիշտն այցելեց անսպասելի՜.
Եվ շա՜տ բան, ինչին խորթ էի ես դեռ,
Հանկարծ իմ սըրտին եղավ սիրելի։

Եվ թողի այլևս երազել օտար
Հեռավոր աշխարհն հըմայի՜չ, սիրո՜ւն.
Ես տեսա՝ նանիր աչքին աննշմար
Ե՛վ հայրենիքումս շա՜տ գեղեցկություն։

Ակոսա՜ծ դաշտեր, ոսկեհա՜սկ արտեր,
Վըսե՜մ ծավալումն տափաստանների,
Թաքուն շըրշյունով թավո՜ւտ անտառներ,
Եվ հո՜րդ հեղեղներ գարնան գետերի։

Անշուք գյուղերի անդո՜րր սրբազան,
Ուր չարքաշ կյանքի ծանըր բեռի տակ
Սուրբ ազատության մի նորոգ օրվան
Աղոթքն է անում շինական մըշակ…

Տեսա՜, հասկացա՜—և սըրտիս այնքան
Մըտերիմ թըվաց երգն հայրենիքի.
Սիրեցի՜ անչար և՜ խինդ, և՛ խրախճան.
Ե՛վ խորին վիշտը հարազատ երգի։

Հայրենի՛ք, թո՛ղ դու չունենաս թովչանք
Օտարի աչքում։ Բայց ո՛վ քեզ նըման,
Եվ ի՛նքն է ճընշված՝ երազել լո՜ւյս կյանք—
Դու նրա համար թա՜նկ ես, աննըմա՜ն…