ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔ

                Ստեփանակերտի շինարարներին

1
Խիզախություն են հուշում լեռները.
իսկ աղբյուրները
ե՞րբ են վարարել հորդ անձրեւներից -
Նրանց ակունքը մաքուր ու խորն է՝
եթե ծարավ ես։
Երազիս որթը ձորերից եկել
ու մագլցում է երկինքներն ի վեր,
որ նորից ծաղկած մնա երազը
հորիզոնիս մեջ՝ նոր Ավոկադո։
Քանի՜ տարի է՝ վարպետ Սիմոնը
քարերում պահված
ձայները դուրս է հանում զարկից զարկ։
Գեղեցկանում է քարը մեսրոպյան
        անուշ գրերով,
        նախշազարդերով՝
նուռ ու խաղողի։
Ջրերում հավերժ ջահել ոգի կա,
քարերը այստեղ չեն ծերանալու։
Ես հավերժորեն հոսող ջրի հետ՝
գրերի մեջ սուրբ,
պիտի համբուրեմ աջը Մաշտոցի,
որ բռնեց մի օր ձեռքը արեւի
եւ իմ մթամած լեռները բերեց։

2
Լեռները այնքան մոտիկ են թեքվել
քաղաքի վրա,
որ նրանց լանջին զանգակող առվի
ղողանջներն ասես ունկերիդ մեջ են -
մաքո՜ւր, թարմաշունչ։
Իսկ աղջիկները, որ սիրահար են,
շատ են սիրելի,
եւ ավելի է իմ սիրտը դողում
մաքրության համար նրանց մեծ սիրո,
քան մեր քաղաքի
բարդիներն ամեն՝ միասին վերցրած.
ճարտարապետի
նախագծերում երբեք չնշված
անկյուն են նրանք միշտ ապահովում,
որ սիրո անմահ պահն առանձնանա։
Ես հավերժորեն կամ իմ քաղաքում։
Ես փողոցներով միշտ էլ անցնում եմ՝
ոչ թե քայլելով,
այլ որպես առու-ծծվելով հողը,
այլ որպես ծառի շյուղը այն հրաշք՝
թե հողին կպավ՝ արմատ է ձգում։
Ծաղիկներն ասես այդ մենք չենք դնում
նահատակների պատվանդաններին,
իրենք են ելնում հուշաքարերից,
                որ հայրենի են,
նվիրաբերման կրակներ ունեն։
Եվ սուրբ են, սուրբ են քարերը բոլոր,
աղբյուրներ ու ծառ,
շենք ու փողոցներ,
քանզի... սիրում են բոլորը այստեղ,
քանզի բոլորը... սիրահարներ են։
Սիրում են որդո՛ւն,
մո՛րը,
թոռա՛նը,
                  սիրած աղջկա՛ն,
վեհացող ծառը,
       օր՛ը, ապագա՛ն։
Ստեփանակերտը այս ամենն է հենց։
Միակ քաղաքն է Ստեփանակերտը,
որտեղ որ հիմա (եւ հավերժորեն)
                ապրում է մայրս՝
թոռ ու ծոռան հետ ու երազների։

3
Դու իմ ներսում էլ նստած ես այդպես՝
կանաչությունդ
երկնքին պարզած լեռների վրա։
Եվ զորեղ է քո սերը ավելի,
քան վերջին ձյունով պարուրված հողում
արթնացող գարնան
հղացումը տաք։
Ես միշտ քնում եմ դեմքս դեպի քեզ։
Իսկ երբ նայում եմ (շատ եմ նայում քեզ),
Իմ հայացքի մեջ երեւում են պարզ
         երկու սեղմված ձեռք՝
           զավակի ու հոր.
եւ ջերմանում եմ - որպես սեղմված ձեռք,
որպես սեղմող ձեռք
ջերմանում ես դու՝ ջերմացնելուց...
        Հայրենի քաղաք
        իմ Ստեփանակերտ։
Մայթեզրին ահա բարի մի ծերուկ
խոնարհված հողն է համբուրում ասես...
Ես մոտենում եմ՝
        ինչպիսի՝ համբույր,
խաղողի որթ է տնկվում պարզապես։
Ես չեմ մեռնելու, որ քո մայթերով՝
փողոցի ծայրին արդեն ոտք դրած
լեռների հետ քո
քայլեմ միշտ այսպես՝ ախպերավարի։