Հանկարծ չթողնես՝ ծերանամ

ՀԱՆԿԱՐԾ ՉԹՈՂՆԵՍ՝ ԾԵՐԱՆԱՄ


Կուզեմ հավաքել օրերս ապրած,
բայց ես չգիտեմ՝
                դա կհաջողվի՞։
Օրերից մեկը
անչափ կապույտ էր,
որովհետեւ ես հանդիպել եմ քեզ
ու երազել եմ քեզ հետ միասին
գարունքվա աստղոտ երկնքի ներքո։
Օրերից մեկը
եղեգան դող էր,
որովհետեւ մենք, երբ հովտից ելանք,
ոչ ոք չտեսավ, որ ջրից պոկված
ալիքներ ենք մենք՝ հավքի թեւերով։
Օրերից մեկը...
Ո՞ր օրը ասեմ,
վաղուց իրար են ձուլվել-միացել
իմ ու քո մեկտեղ ապրած օրերը,
ջոկելու ոչ մի հնար չի մնում։
Օրերից մեկն էլ...
Տարիքը ահա
թխսամոր նման թեւերը փռում,
թեքվող լույսերի շվաքում հողոտ
թեւերի տակ է օրերը առնում։
Դրսում ոչ մի օր չմնա՞ց, արդյոք...
Միմիայն սիրո օրերն են հիշվում։
Ես ու դու, սեր իմ, դեռ ճամփա ունենք,
դեռ արեգակը նոր է դուրս գալիս,
դեռ աքլորը իր թառից չի կանչել,
դեռ արոտի չեն նախիրը տարել,
դեռ պիտի գնանք...
Մեր դեմից, նայի՛ր,
գալիս է ջահել ու անմաշ մի օր,
                         իմ ու քո օրը,
գուցե մեր ապրած բոլոր օրերից
ամենալավը
ու՝
թեւավորը...
Չթողնես, սեր իմ, հանկարծ... ծերանամ։
Շարունակում են օրերը իրար,
իսկ մեզ՝ սերերը թող շարունակեն...