Դող Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մի բուռ ճերմակ)

Վարդան Հակոբյան

Հանկարծ չթողնես՝ ծերանամ
ՄԻ ԲՈՒՌ ՃԵՐՄԱԿ


Քնեց աղջիկը սեւսաթ վարսերով,
ու երազի մեջ այցելեց նրան
ասպետը սիրո։
Աղջիկը նրան ընդառաջ վազեց
եւ շունչը նրա գնում-գալիս էր
մրրկված ծովի ալյաց հանգունակ,
եւ հողմը նրա վարսերը այնպես
                 ձգել-պրկել էր,
ասես թեւեր էր ձեւում նրանցից,
կամ, առնվազն՝ բազմալար... ջութակ։
Կուրացնելու չափ
ճերմակ-ճերմակ էր իրանն աղջկա,
անչափ նրբին էր, պարզ ու գեղանի,
անչափ սրբազան ու համբուրելի,
                անչափ չափավոր.
եւ մարմրուն էր՝
որպես լույս կրակ-
                հույժ երեւելի։
Գերված ասպետը փորձեց մոտենալ-
հուրը այրում էր ձեռքերը նրա,
գերված ասպետը փորձեց մոտենալ -
հուրը այրում էր հայացքը նրա,
գերված ասպետը փորձեց մոտենալ -
հուրը այրում էր թեւերը նրա,
բայց եւ դիմանալ չկարողացավ,
քանզի պոետ էր ասպետը մի քիչ,
սկսեց բոբիկ ոտքերով քայլել
պողերի վրա,
կրակի միջով մոտենալ նրան։
Հասնում էր արդեն... Աղջիկը, ավա՜ղ,
ոստնեց ու փախավ,
ասպետից միայն մի համբույր մնաց
մանուշակաբույր վարսերի վրա։
Զարթնեց աղջիկը սեւսաթ վարսերով
եւ հայելու մոտ վազեց նա իսկույն,
տեսնի՝ երա՞զ էր երազն, իսկապես,
ի՞նչ տեսավ սակայն.
գիշերվա պես սեւ վարսափնջերում
                մի բուռ ճերմակ կա՝
հետքը համբույրի,
որ պիտի լիներ, սակայն դեռ չկա...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ասում են թե, ասում՝ այն օրից
որպես սուրբ նշան,
ձյունի չհալվող մի բուռ ճերմակ կա,
ավա՜ղ, ուրիշին արդեն հասրնացած
այն լավ աղջկա աջ քունքի վրա։