Հառաչանք (հատվածներ)
Աղբյուր. ԵԼԺ հ3, էջ 65
տ. ― էջ 239, ծ. ― էջ 506

Հառաչանք


(Հատվածներ)

ՆԱԽԵՐԳԱՆՔ

   Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։

   Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր։

   Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
10 Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...

   Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,—
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ։

   Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
20 Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ։

   Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման․
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել։

   Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...

ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ

   Մի քանի տարի սըրանից առաջ,
30 Երբ որ հայրենիք էի ես գնում,
Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ
Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,

   Ժայռերի գլխին, ուր բազկատարած
Աղոթք են անում Հաղպատ-Սանահին,
Գիշերը հասավ, ու ես դադարած
«Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին։

   Նա տրտնջալով ծերության ընդդեմ
Քըթքթում էր յուր ծառերի տակին.
«Բարի օր, պապի», ու խոժոռադեմ
40 Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին։

   Մի կասկածավոր ու խիստ հայացքով
Զննելուց հետո հոնքերը կիտեց,
Սաստիկ սառնությամբ պատասխան տալով
Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց։

   Նրա ետևից անխոս գընացի,
Փընթփնթացնում էր նա իմ առաջին—
«Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի
Մըտերը սրանք էլ եկան սովրեցին։

   Սա էր մնացել, սա էլ անպատճառ
50 Մեր գլխին մի նոր կրակ է բերում,—
Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,
Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում։

   Եկած կըլինի, որ խաբար տանի,
Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,
Ով յուր դռանը անասուն ունի,
Կամ որի կնգա աչքերում յուղ կա։

   Կամ հին գերեզման քանդող կըլինի,
Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,
Կամ նրա համար, թե օրը քանի՞
60 Ձու են ածում մեր գյուղի հավերը...

   Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում
Գլխին էս տեսակ գդակ է դնում...»
Լռեց ծերունին ծանըր տնքալով
Ու առաջ գնաց թին դիմհար տալով։

   Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝
Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած
Շորի կտորը փռեց իմ տակին,
Ինքը առաջիս մնաց լուռ կանգնած։

   Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,
70 Հոնքերի տակից ազդու նայելով,
Որոտող ձայնով այսպես հարցըրեց,
Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով։

   — Աղա՛, հարցնելը ամոթ չըլինի,
Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր...
Եվ չըսպասելով մի պատասխանի՝
Ինքը շարունակ խոսեց կցկտուր.

— Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,
Անփորձանք լինի քո ճանապարհը,
Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
80 Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը։

   Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքը—միայն տերը։

   Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
Քո բարի աչքով տեսնում ես էլի,
Տկլոր ու սոված էսպես տարին բուն
Քարի-հողի հետ կռիվ ենք տալի։

   Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
90 Չենք կարողանում բերան հասցընենք...
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...

— Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
Ւնչպես ասում ես, դժվար եք ապրում,
Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
Թե՞ նեղություն է գալիս մի տեղից։

— Մեր նեղությունը... քեզ ինչպե՞ս հայտնեմ,
Թող հաստատ լինի մեր թագավորը.
Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
100 Բայց աստված կտրի մեր քաշած օրը...

   Ի՞նչ անես, ախպե՛ր, ումի՞ց խռովես,
Պետք է համբերել, թե լավ թե օսալ...
Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ։

— Ես քաղաքումը կարդում եմ, պապի։
«Հա՜, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր...»
Կանչեց ծերունին ու իրեն դափի
Դռնից հեռացավ․ «մի քիչ սպասիր»։

ՀԱՏՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

   Մըթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
110 Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորից բարևեց իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին։

   Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստությամբ վառվող կրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում ձորերի շունչը։

   Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
Ծըվում, ծըկլթում խավարի միջում,
«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
120 Բուն է իր դաժան վայր կռընչում։

   Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
Մի մութ զարզանդ են գիշերին տալի...
Ահա տարածվեց հեռու ծըմակից
Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի։

* * *

   Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,
Երկար կոթավոր չիբուխը լըցրեց․
Գիշերվա նըման կիտած նոթերը
Խուլ որոտալով էսպես հարցըրեց․

— Ի՞նչ կա քաղաքում, դե՛ պատմիր տեսնեմ,
130 Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.
Մեռնող-ապրողից, թանգ ու էժանից,
Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից...

   Երեք թագավոր, ասում են, իբրև,
Խելքս չի կտրում, որ էսպես լինի,
Խորհուրդ են արել, որ այսուհետև
Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի։

   Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան։
Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիվ չանի, ուրիշին չըտիրի,
140 Մարդ չըկոտորի, երկիր չավերի...

— Է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,
Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,
Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,
Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից։

— Ի՞նչ ես կորցըրել— ընչի ման գալի,
Խոսեց ծերունին դառը խնդալով,
Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
Ամեն մեռնողի երանի տալով։

   Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց,
150 Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված։
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...

   Ես քեզ օրինակ։ Էս խոր ձորերում
Էս է չորս քսան տարիս լըրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ։

   Ամբողջ ամառը առանց տաքիլեթ
Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
160 Ու չեմ կարենում—չեմ հասնում վերջին։

   Վազներից էնքան օգուտ չի գալի,
Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ։

   Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,
Սրա համար էլ փող եմ վըճարում։
Էս դափեն ի՞նչ է—մի երկու լատան,
Հինգ ու վեց անգամ տարան դատաստան։

   Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին։
170 Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,
Մինչև չըտեսնես մեծին, պիսերին.
Հիմի տես նրանք ինչքան են ուզում։

   Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես։

   Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
180 Համեցե՛ք դիվան ուզիր սըրանից։

   Նստեցնում է քեզ մի երկու բաժակ
Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.
   — Դու գնա, պա՛պի, միամիտ քընիր,
Ես աչքի լուսը կըհանեմ գողի...

   Դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրը—արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին։

   Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
190 Կախ էին արած երեք հըրացան.
Տղեք են՝ փախած տանից, դիվանից,
Եկան ու ծեքին էլ ետ հեռացան։

   Ո՞վ է մեղավոր... Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր։
Հենց էն եմ տեսնում—մութն, անգետ մարդիկ,
Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...

   Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,
Մենք լեզու չունենք—ուժեղը աստված։
Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,
200 Նորն էլ չըգիտենք թե ինչ է եկել։

   Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,
Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած։

   Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին։

   Գնում է ուրշի ապրանքը տանում,
210 Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից։

   Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում։

   Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.
220 — Թող գա մի տեսնենք—էդ ո՞վ է տեսել։

   Աղաչանք արի, պաղատանք արի.
— Ա՛յ տղա, ասի, ետ քա՛շվի, հեռի՛,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին...
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին։

— Չէ՜ որ չէ՛, ասավ, էն լեռ սարի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում։

   Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,
230 Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբոր կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում։

   Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկելի տակին,
Եկավ տաքացած, ճիպոտը ձեռքին։

   Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,
Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,
Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,
240 Որ էլ չըտեսնես արևը Լոռու։

   Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչքան որ տվինք, ավել խընդրեցինք—
Բանը վերջացնի գեղական կարգով։

   Ախպե՛ր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք։

   Սա ոտը դրեց վերի թարեքին.
250 — Էսքան ու էսքան բերեք, որ ներենք...
— Էս է ունեցածն աստըծու տակին,
Էլ չըկա, ա՛խպեր, ո՞րտեղից բերենք։

   Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,
Գընաց ավելի բարձըր գանգատվեց,
Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,
Ու չոբան Չատին ինձ ուշունց տըվեց...

   Վերևից մի մարդ եկավ քննություն,
Միրուքը հաչա, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,
260 — Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին...

   Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն։

   Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե՝ ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում։

   Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
270 Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով։

   Ա՛խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք։

   — Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
280 Պետք է որ գըցի տեղը էս աղի...

 Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի...

   Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան։
Քանի՜-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի՜-քանի մարդ դառավ մարդասպան...

   Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք,
290 Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում—
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։

   Մինը իր կամքին՝ ինչ ասես անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...

   Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նըրա արինը կարմի՞ր է մերից,
300 Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից։

   Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,
Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ...
Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ...

   Լռեց ծերունին։ Իրար դեմ ու դեմ
Թիկնած էինք թեժ կըրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում գիշերվան շունչը։

ՎԵՐՋԵՐԳ

Այստեղ, բարեկամ, ծերունու տրտում
310 Պատմության մասին խոսքս լրացավ.
Միառժամանակ գուցե քո սրտում
Օրվան խնջույքի ձայնը խլացավ.

Եվ քո հայացքը փայլից շլացած
Ակամա ընկավ այն մթին ձորը,
Ուր որ, տակավին բախտից հալածված։
Քաղցած ու վշտոտ վռչում է ծերը.

Թերևս և քեզ յուր աղքատ դափում
Ներկայանում է մռայլ ծերունին,
Գուցե մի րոպե նաև քո հոգում
320 Նրա խոսքերը արձագանք տվին.

Գուցե ծերունու երգը ցավալի
Տրտմություն ազդեց նաև քո սրտին,
Բայց այդ դեռ այն չէ, որ այսքան տարի
Տանջեց այցելու երիտասարդին...

1890-ական թվականներ


Տողատակեր

խմբագրել