Ա

Մութն արդեն կոխել էր, երբ Գուստավի արհեստանոցի մեջ շոգեմեքենան սուլեց։ Դա նշան էր, որ աշխատանքը դադարում Է: Մի քանի րոպեի մեջ գործավորներն իրենց գործիքները տեղավորեցին և խառնաշփոթ աղաղակներով դուրս թափվեցան արհեստանոցի բակը։ Նոցանից մաքրասերներն իսկույն զբաղվեցան իրենց հագուստների փոշին մաքրելով, ուրիշներն սկսան լվացվիլ արհեստանոցի բակում շինված ավազանի մեջ, իսկ մի քանի անհոգներ դեռ շարունակում էին իրենց տաք վիճաբանությունը, որն սկսվել էր արհեստանոցի մեջ։

Շառլ Գուստավի գործարանում անխտիր բանում էին թե՛ ռուս, թե՛ հայ և թե՛ վրացի երիտասարդներ։ Նոքա, ճշմարիտը խոստովանած, վարվում էին միմյանց հետ հաշտ և բարեկամաբար։ Բայց այդ, իհարկե, ծերունի Գուստավի շնորհիվն էր, որը աշխատանքները բաժանելու մեջ երբեք հավասարակշռությունը ձեռքից չէր թողնում։ Իսկ եթե նա երբեմն, իրենից անկախ պատճառներով, սխալներ էր գործում, այդ ժամանակ, իհարկե, յուր գործավորների միմյանց հետ ունեցած հարաբերությունը շատ էլ գովելի չէր լինում։ Եվ շատ բնական էր, որ փոքրիկ վիճաբանություններին հաջորդեին փոքրիկ հայհոյանքներ, իսկ այս վերջիններին` փոքրիկ կռիվներ։ Որքան այդ բանն անհաճո լիներ ծերունի Գուստավին, այսուամենայնիվ նա չէր կարող յուր գործարանը բարոյականության դպրոց դարձնել կովկասցի կիսավայրենիների համար։ Հենց այս երեկո էլ քիչ էր մնացել որ ծերուհի Գուստավը մի մեծ կռիվ գցեր յուր գործավորների մեջ, եթե յուր դուստրը օգնության չհասներ իրեն։

Պատճառը ես իսկույն կասեմ։

Գործարանի մեջ աշխատանքը դադարելուց ետ, երբ գործավորները բակը ժողովվեցան, պարոն Գուստավը հայտնեց նորանց, որ գործարանի մեջ նույն օրն ավարտած չորս հատ երկաթե վանդակները պետք է հասցնվի պատվիրող պարոն Սոմարյանցի տունը։ Այս հայտնությունից ետ մի քանի րոպե լռություն տիրեց ամբողջ բակի մեջ և ոչ ոք չէր կամենում ձայն հանել, որովհետև վախենում էր, որ այդ ծանրությունը յուր վերա կբարձեն։


— Ինչո՞ւ եք լռում, — վերջապես ձայն տվավ Գուստավը,— ձեզանից մեկն անպատճառ պետք է այդ վանդակները հասցնե պատվիրողի տունը, որովհետև խոստացել եմ։

— Թող Վալուշկինը տանե, հերթը նորանն է,— խմբի միջից ձայն տվավ մի գործավոր։


— Ինչու՞ համար դու ինքդ չես տանում, հիմար,— գոռաց բարկությամբ Վալուշկինը։

— Հիմարը դուն ես, ես շաբաթ օրը իմ հերթը վերջացրի։

— Մի՛ կռվեք. հերթը Կոլլակովինն է,— ձայն տվավ մի ուրիշը։

— Կուլակովը գործարանի մշակ չէ՞ խո,— խռպոտ ձայնով գոչեց վերջինս։ — Երեկ չէր, որ ես ձողերը երկաթուղին տարա։ Շաբաթը խո տասն անգամ չպետք է իմ հերթը հասնի։

— Ուրեմն Կամարիձեն պետք է տանի, — լսելի արավ յուր ձայնը մի ուրիշը:

— Իմ ոտքը ցավում է, ես չեմ կարող, — պատասխանեց Կամարիձեն և ապա՝ «Ինչո՞ւ այս հայերը չեն տանում, իրենց հայն է պատվիրողն» ասելով հեռացավ դեպի բակի մի խավար անկյունը։

— Այո՛, այո՛, այս հայերը պետք է տանեն, իրենց հայն է պատվիրողը,— աղաղակեցին իսկույն մի քանի հոգի։ Այդ ի՞նչ հիմարություն է,— խոսեց խմբի միջից մի առողջակազմ հայ երիտաասարդ, — եթե հայի պատվիրածն անպատճառ հայ գործավորը տանե, դուք` ռուս և վրացի գործավորներդ պետք է երբեք ոչինչ չտանեք, որովհետև ձեր ազգակիցնները մեր գորածարանին գրեթե պատվերներ չեն տալիս, ըստ որում ո՛չ փող ունին, ո՛չ կարիք:

—Պարթոննե՛ր, ինչու՞ համար եք վիճում, թողեք ինձ ես այդ խնդիրը կլուծեմ, — լսվեցավ մի կանացի ձայն գործարանի վերնահարկի պատշկամբից:

Դա պարոն Գուստավի աղջկա ձայնն էր:

—Այ՛ո, այո՛, օրիորդ, ի սեր աստուծո, դուք վճռեցեք, — ձայն տվին ամեն կողմերից գործավորները և հավաքվեցան պատշգամբի տակը:

—Խոստանո՞մ եք, որ կկատարեք իմ վճիռը, պարոններ, — հարցվեցավ նրանց Շառլոտան:

—Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, — ձայն տվին բոլորը միաբերան:

—Խոստանու՞մ եք, որ կկատարենք իմ վճիռը, պարոններ, — հարցրավ նրանց Շառլոտան:

—Այո՛, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, — ձայն տվին բոլորը միաբերան:

—Շատ լավ, լսեցեք։ Ես չեմ ճանաչում, թե ո՞րտեղ է գտնվում պարոն Սոմարյանցի տունը և չեմ էլ ճանաչում ձեր, գործավորներիդ տները. ուրեմն ինչ որ առաջակեմ, իմացեք, որ բոլորովին անկողմնապահությամբ եմ առաջարկում: Ահա իմ առաջարկությունը. թ՛ող այդ վանդակները տանե նա, որի տունն ավելի մոտ է Սոմարյանցի տանը:

—Կեցջի՛ք, կեցջի՛ք, օրիորդ, լավ վճիռ կայացրիք, — ուրախությամբ գոչեցին մի քանիսը, — ուրեմն մեր երգիչ Գևորգը կտանե, որովհետև նա Սոմարյանցի դրացին է:

—Մի՞թե,— զարմացմամբ և շփոթված հարցրավ Շառլոտան:

—Այո՛,այո՛, Գևորգը Սոմարյանցի ամենամոտ դրացին է, — կրկնեցին գործավորները և հարցը վճռված համարելով, սկսեցին ցրվել յուրաքանչյուրը դեպի յուր տունը:

Ծերունի Գուստավն էլ բավական յուր դստեր վճռից, մտավ տուն: Իսկ խեղճ Գևորգը, որ մի տասն և ինն տարեկան պատանի էր, անցավ դեպի գործարանը՝ վանդակները վերցնելու համար:

Շառլոտան շատ զղջացավ յուր այդպիսի առաջարկություն անելուն համար։ Նա շատ սիրում ու հարգում էր Գևորգին, իբրև բոլոր գործավորների մեջ ամենից համեստ տղային։ Բացի այդ, Գևորգը, որ գեղեցիկ ձայն ուներ, շատ անգամ աշխատանքից դառնալուց ետ, յուր սիրուն երգերով զվարճություն էր պատճառում Շառլոտային, երբ սա զբոսնում էր տան այգիում լուսնկա գիշերներով։ Գևորգի բարության փոխարեն Շառլոտան այս տեսակ վարձատրություն, իհարկե, չէր ցանկանալ անել նրան, բայց սխալն ուղղելու հնար չկար:

Երբ Գևորգը նորից երևեցավ բակի մեջ յուր ծանր բեռով, Շառլոտան իսկույն իջավ սանդուղքից և վազելով դեպի նորան` Ների'ր ինձ, Գևորգ,— ասաց նրան,— ես բոլորովին չէի կարծում, թե վիճակը քեզ պետք է դուրս գար, ապա թե ոչ, երբեք այդպիսի առաջարկություն չէի անիլ գործավորներին։ Այդ վանդակները շատ ծանր են, թո'ղ որ հորս խնդրեմ որպեսզի մեր ծառային քեզ հետ դնե, բեռանդ կեսը նա կարող է վերցնել.»։

— Շնորհակա՛լ եմ, օրիորդ, — հեզությամբ պատասխանեց Գևորգը,— դուք շատ բարի եք. այս բեռը որովհետև ձնր առաջարկությամբ եմ կրում, ինձ համար ծանր չէ, մանավանդ թե շատ թեթև է.. — այս ասելով նա դուրս գնաց բակի մեծ դռնից։

Շառլոտան մի քանի վայրկյան մնաց կանգնած բակի մեջ. նորան սաստիկ վշտացնում էր իր գործած սխալը, վերջապես նա վերադարձավ տուն:

Բ

Հուշիկ և ծանր քայլերով Գևորգը գնում էր երկար և ուղղաձիգ փողոցով։ Չնայելով որ նորա բեռը չափազանց շատ ծանր էր, այսուամենայնիվ նա շունչ առնելու համար ոչ մի տեղ չէր կանգնում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում ա՛յն մեծ շարժողության վրա, որը երեկոյան այդ պահուն, ինչպես միշտ, կար այդ փողոցում։ Անդադար անցուդարձ անող կառքերի դղրդյունը, ձիաքարշի հաճախակի զանգահարությունը, երթևեկ ամբոխի շշուկը, գործից դարձող բանվորների ուրախ և բարձրաձայն խոսակցությունները, այս բոլորն անլսելի և անտեսանելի էին նորա համար։ Նա մտածմունքների մեջ խորասուզված անընդհատ շարունակում էր յուր ճանապարհը և հուսահատված խոսում էր ինքն իրեն. «Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը։ Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՛, դիտմամբ։ Նա ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը, գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը... Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ... Ա՜խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի...»։ Այս խոսքերի հետ նա մի խորը հառաչ արձակեց և իտալացու ջարդված գլխարկը գլխից հանելով և ճակատի վրա վազող քրտինքը սրբելով շարունակեց յուր ճանապարհը։

Մի քառորդ ժամից նա հասավ Սոմարյանցի տունը, որն այդ երեկո փայլում էր արտաքո կարգի լուսավորությամբ։ Յուր ծանր բեռը բակի մեջ գետին ձգելով՝ Գևորգն ուղղվեց ամբողջ թիկունքով, հանգիստ շունչ քաշեց և սկսավ նայել դեպի վեր, տան դստիկոնը:

Սոմարյանցի տան այդ մասը լուսավորված էր աչք շլացնելու չափ։ Դահլիճի ահագին պատուհաններից երևում էին բյուրեղյա ջահերը՝ կրակված հարյուրավոր ճրագներով։ Բազմաթիվ հյուրեր անցուդարձ էին անում այդտեղ, և նոցա ուրախ խոսակցության ձայները, խառնվելով թնդացող երաժշտության հետ, մի կախարդական կերպարանք էին տալիս այդ հոյակապ տանը։

Գևորգը երկար նայում էր հարուստ մարդիկների ուրախությանը և ինքն իրեն շշնջում էր. «Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ։ Եվ ես հարյուր տարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող։ Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին ծառայելու համար։ Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի։ Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստ հոր հյուրերի հետ։ Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները։ Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է ..»։ Այս պես խոսելով նա մոտեցավ սանդուղքի լուսավորված մուտքին և հնչակը քաշեց։ Իսկույն երևեցավ ֆրակով և սպիտակ փողպատով մի սպասավոր։ Գևորգը նորան հայտնեց, որ Գուստավի գործարանից բերել է յուր տիրոջ պատվիրած վանդակները և խնդրում էր, որ կարգադրեն ծառաներին ներս տանելու։

Ֆրակով սպասավորը, ինչպես սպասելի էր, սաստիկ բարկացավ Գևորգի համարձակության վրա «Թշվառակա՛ն, գոչեց նա կոպիտ ձայնով,— չէի՞ր կարող այդ մասին դռնապանին հայտնել, որ ինձ էիր անհանգստացնում»։ Այս խոսքերով նա արագությամբ փակեց սանդուղքի մուտքը և անհետացավ։

Գևորգը մի քանի րոպե մնաց շվարած կանգնած. ծառայի հանդգնությունը վերջին աստիճանի վիրավորեց նորան, բայց ինչ կարող էր անել։ Նա լուռ ու մունջ ետ դարձավ և գտնելով դռնապանին, որ բակի դռան ետքում խռմփալով քնում էր, զարթեցրավ նորան և իրեն այդքան նեղություն պատճառող վանդակները նորան հանձնելով՝ գնաց տուն։

Գ

Գևորգենց տունը իսկապես մի հողե կտուրով աղքատիկ տնակ էր, բաղկացած մի մեծ սենյակից և մի խոհանոցից։ Դարբին Ղազարը հազիվ էր կարողացել այդ փոքրիկ կալվածը ձեռք բերել յուր ճակատի քրտինքով։ Ինքը երեխայությունից լինելով որբ և ամեն տեսակ պաշտպաններից զուրկ, դեռ տղա հասակում մուրալով էր ապրել։ Հետո յուր մի բարի դրացուհու միջնորդությամբ մի դարբնի մոտ աշակերտ մտնելով, սովորել էր դարբնությունը։ Մինչև քսանհինդ տարեկան հասակը, նա կարողացել էր այնքան գումար վաստակել, որ գնել էր այդ փոքրիկ տնակը և ամուսնացել Սարաջ-Օհանի աղջկա՝ Թամարի հետ։

Դարբին Ղազարը գուցե կարող կլիներ շատ առաջ գնալ, կարող կլիներ և մի փոքր հարստություն ձեռք բերել. այս աշխարհում մի՞թե այդ բանն անկարելի է, բայց մի անակնկալ հիվանդություն, դեռ երիտասարդ հասակում, խլեց նորան յուր սիրելի կնոջ գրկից, նորա համար միակ մխիթարություն թողնելով երկու տարեկան Գևորգին։

Խեղճ Թամարը շատ երկար սգաց յուր ամուսնի մահը, նա մերվեց յուր ազգականների թախանձանքը՝ կրկին ամուսնանալու համար, և յուր բոլոր խանդաղատանքը փոքրիկ Գեվորգի մեջ ամփոփելով, սկսավ ապրել միմիայն նրա համար։

Թամարն ամուսնու մահից հետո յուր և որդու ապրելու հոգսը յուր վերա տեսնելով հանձն առավ մերձակա լվացարանում լվացարարի պաշտոն և ամսական 25 ռուբլի ստանալով, ապրում էր ինքը և ապրեցնում էր որդուն։

Երբ Գևորգը տասներեք տարեկան դարձավ, նա տվավ նորան հայոց դպրոցը, որտեղ նորան ձրի ընդունեցին։ Գևորգը շատ ուշիմ տղա էր. նա լավ էր սովորում և բոլոր վարժապետները նորանից գոհ էին։ Ինչ վերաբերում էր դպրոցի վերակացուին, նա պատրաստ էր ամսական 50 ռուբլոլ փոխարեն 25-ով ծառայել, եթե միայն դպրոցի բոլոր աշակերտները Գևորգի նման համեստ և խոնարհ տղաներ լինեին։

Գևորգը 17 տարեկան հասակում յուր ուսման ընթացքն ավարտեց և այնքան բան գիտեր, որքան նորան սովորեցրել էին դպրոցում։ Այժմ հարկավոր էր, որ նա յուր համար մի պարապմունք գտներ։ Գևորգը հավատարիմ մնալով այդ ժամանակներում դպրոցում տիրապետող ոգուն, կամենում էր անպատճառ գործակատար դառնալ և շուտով հարստանալ: Բայց հանգուցյալ տեր-Օհանեսը, որ շատ սիրահար էր արհեստներին, կարողացավ համոզել նորան, որ յուր մոր ցանկության համեմատ շարունակեր յուր հոր՝ Ղազարի արհեստը, այն է՝ դարբնություն։ Բայց, իհարկե, Գևորգը հայոց դպրոցն ավարտած և յուր վարժապետների ասելով զարգացած տղա, խո չէր կարող հասարակ դարբին լինել՝ արդեն մեծ զիջում էր անում նա մորը և տեր—Օհանեսին, որ գործակատար լինելու դիտավորությունը թողնում էր, ուստի նա ընտրեց փականագործությունը և մտավ գործարանատեր Շառլ Գուստավի մոտ:

Այստեղ երկու տարվա մեջ Գևորգը բավական առաջ գնաց յուր արհեստի մեջ, և ծերունի Գուստավը հատկացրավ նորան ամսական 15 ռուբլի:

Այժմ նա կամաց—կամաց մոտենում էր ցանկացած նպատակի, այն է՝ ազատել մորը լվացարանում օրն ի բուն չարաչար աշխատելուց:

Բայց մեկը, որ Գևորգին ավելի կապեց Գուստավի գործարանի հետ, այն նորա դուստրը՝ գեղեցիկ Շառլոտան էր: Նորա գեղեթյունը առաջին անգամից իսկ գրավեց Գևորգի ուշադրությունը, և նա հետզհետե գործարանը գնալով և հաճախ Շառլոտային տեսնելով, զգաց, որ այլևս անտարբեր չէ դեպի նորան։ Մինչև այժմ իրեն անծանոթ մի զգացմունք սկսեց անհանգստացնել նորան։ Նա ամենից վաղ շտապում էր Գուստավի գործարանը և ամենից ուշ հեռանում էր այնտեղից և այս միայն նորա համար, որ ավելի շատ ժամանակ ունենա Շառլոտային տեսնելու։ Խեղճ երիտասարդը սիրում էր նորան…

Բայց Գուստավի աղջիկը, իհարկե, նրա զգացմունքը չէր բաժանում և այդ երազել անգամ չէր կարող նա։ Միայն թե բոլոր գործավորներից ավելի նորան էր համակրում։ Գևորգը շատ համեստ և համակրական դեմք ուներ․ և Շառլոտան սիրում էր նորան, իբրև յուր հոր գործարանի մի բարի, աշխատասեր և պարկետ գործավորին։ Բայց յուր քաղցր վարմունքը դեպի Գևորգը՝ վերջինիս մեջ բոլոր երիտասարդներին հատուկ մի սխալ կարծիք էր ծնեցրել, այսինքն թե նա սիրում է իրեն։ Այս սխալ կարծիքի մեջ ավելի հաստատվեցավ Գևորգն այն օրից, երբ Շառլոտան պատահմամբ նորա երգելը լսելով, հրավիրեց նորան իրենց տան այգին և մի քանի նվագ յուր ծնողաց առաջ երգել տվավ նորան։ Իսկ այնուհետև յուրաքանչյուր երեկո, երբ գեղեցիկ եղանակ կամ լուսին էր լինում ինքը միայնակ զբոսնում էր այգիում և Գևորգին խնդրում էր նստել մեծ ականթենու տակ և երգել։ Գևորգը երգում էր նորա համար շատ քաղցր և գողտրիկ երգեր… Նա երգում էր մինչև անգամ այնպիսի կտորներ, որոնց մեջ յուր սրտի խանդն զգացմունքներն էին արտահայտվում։

Շառլոտան, իհարկե, հայերեն չգիտենալով, չէր էլ հասկանում Գևորգի երգերի միտքը, բայց երբ սա մի օր կամեցավ թարգմանել նորան յուր շատ սիրած երգի մի կտորը, նա թողեց Գևորգին այգիում և անխոս հեռացավ նորանից…

Գևորգի մեջ մի կասկած զարթեցավ։

Նա զգաց, որ սխալված է, որ Շառլոտան նրան երբեք շի սիրել… Եվ այս տխուր ճշմարտությունն օրից օր ավելի հասկանալի էր գառնում նորա համար։ Իսկ այս երեկո արդեն ամեն բան պարզվել էր։ «Գուստավի աղջիկը,— մտածում էր ինքն իրեն Գևորգը,— ոչ միայն անկարող եղավ իմ զգացմունքը բաժանել, այլև ծիծաղեց ինձ վերա երկաթե վանդակները դիտմամբ շալակել տալով ինձ, որպեսզի զգալ տա ինձ նման թշվառականին յուր և մի խեղճ գործավորի մեջ եղած անհամեմատելի անհավասարությունը…»։

Այս խորհրդածություններն ալեկոծում էին դարձյալ խեղճ Գևորգի գլուխը, երբ նա հասավ տուն։

Խեղճ Թամարը երկար դրսում կանգնած` սպասում էր յուր որդուն, որովհետև նա այս երեկո սովորականից ավելի ուշացավ։ Երբ Գևորգը մոտեցավ բակի դռանը, մայրը վազեց նորա առաջ։ «Հոգյակս, ինչու՞ այսքան ուշացար»,— հարցրավ նորան մայրական խանդաղատանոք։ Գևորգը այնքան վրդովված էր, որ մոր հարցին ոչինչ չպատասխանեց։ Թամարը սաստիկ այլայլվեց։ Ի՞նչ է պատահել արդյոք նորան» — շշնջաց ինքն իրեն խեղճ մայրը և վազեց որդվո ետևից դեպի տուն։

Այստեղ Գևորգը պատմեց նորան յուր տխրության պատճառը։ Մայրն, իհարկե, մեծ նշանակություն չտվավ որդու պատմածներին, բայց աշխատեց մխիթարել նրան. «Դու քո գործը շինիր, որդի,— ասում էր նորան, — աշխատիր որքան կարող ես մի քանի շահի ետ գցել, և երբ ժամանակը կհասնի, Ես քեզ համար այնպես լավ աղջիկ կուզեմ, որ դու իրեն կսիրես, ինքը քեզ։ Ի՞նչ ունիս դու գերմանացու աղջկա հետ. դու հայ ես, օտարի հետ խո չե՞ս պսակվելու»։ Թամարը շատ լավ էր ասում, բայց որդու սրտից չէր խոսում։

— Մայրիկ, կարծում ես, թե ես նորա համար եմ մտածում,— պատասխանում է Գևորգը,— թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրում, բնա՛վ, ինձ տանջում է միայն այն բանր, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա։ Ահա այս է ինձ սպանողը։ Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջ։ Եվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինել... Այստեղ Գևորգն այլևս չկարողացավ իրեն պահել և ըսկսավ լալ։

— Դատարկ բաների վերա ես մտածում, որդի,— շարունակեց մայրը,— արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս։ Տեսնո՞ւմ ես, այն ծերունի Գուստավը քեզ օրինակ։ Չէ՞ որ նա էլ առաջ քեզ պես մի խեղճ գործավոր է եղել, իսկ այսօր մի ամբողջ գործարան ունի։ Այս ասելով Թամարը վեր կացավ և բերավ որդու համար վաղուց արդեն պատրաստ ընթրիքը, որը բաղկանում էր մի կտոր սառած մսից, պանրից և սև հացից։

Գևորգը, չնայելով իր ներքին վրդովմանցը, շատ ախորժակով ընթրեց։ Եվ երբ վերջացրավ, վեր առավ յուր սրինգը և դուրս գնաց բակը:

Գեղեցիկ և լուսնկա գիշեր էր։

Գևորգի դրացուհիները` կանայք և աղջիկներ, դուրս էին եկել կտուրների վերա և թամաշա էին անում Սոմարյանցի տան մեջ եռացող խնջույքին։ Բայց Գևորգին Սոմարյանցի տունը չէր գրավում, նրա սիրտն ուրիշ ցավ էր տանջում։ Նա նստավ բակի մեծ տանձենու տակ, մի կոճղի վրա, որ նայում էր ուղիղ Սոմարյանցի տան լուսավորված դահլիճին և սկսավ մեղմ և քաղցր ձայնով երգել «Զրկված սիրահարի» տխուր երգը:

Ա՜խ, երանի տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր.
Երանի՜ թե աղքատ մարգին
Սիրուց բաժին չտրվեր։

Նոր մանկության հովտեն ելած
Մտի սիրո բուրաստան,
Ուր հոյլ ի հոյլ դեռ թերաբաց
Փայլում են վարդն ու շուշան:

Ուր սոխակը ոլորում է:
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Եվ զեփյուռը գուրգուրում է
Առվին ալիք գեղեցիկ։

Ինձ պատում են բյուր հրապույրներ
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչում են թովիչ ձայներ
Իմ փափկալուր ականջին։

Իմ սառ սիրտը ջերմանում է,
Ներսս վառվում նոր կրակ,
Եվ վարդենին ինձ դյութում է
Յուր աչքերովն անուշակ։

Աղբերակունք վճիտ, մաքուր,
Խաղացնում եմ նորա շուրջ,
Հովհարներով բերում զեփյուռ
Յուր վարդերին փչել շունչ։

Սպասում եմ, որ տար ծաղիկ
Ինձ իմ գողտրիկ վարդենին.
Փնջիկներով հանգչեր իմ գիրկ
Մեղմիկ բուրեր իմ սրտին...

Ափսոս, դաժան էր պարտիզպան,
Նա իմ հույսը կործանեց.
Աղքատների բաժին չէ սա»,
Ասաց և ինձ դուրս հանեց։

Եվ ցողեցին աչքերս առատ,
Կյանքս դարձավ սգալից.
Եվ ոչ մի ձայն իմ հուսահատ
Սրտին եղավ կարեկից:

Բայց երանի՜ տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր,
Երանի՜ թե աղքատ մարգին
Սիրուց բաժին չտրվեր...:


Եվ երգի յուրաքանչյուր տունը ավարտելուց հետո Գևորգը հնչեցնում էր յուր տխուր և մելամաղձիկ սրինգը, որի բեկբեկուն ձայնը գիշերային լռության մեջ թռչում, հասնում էր թաղի հեռավոր անկյունները։

Այս միջոցին Սոմարյանցի տան մեջ հրավիրյալների ուրախությունը հասել էր յուր գագաթնակետին։ Մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից բազմականների խառնաշփոթ աղաղակը դղրդեցնում էին ամբողջ տունը։ Սեղանի վերա արդեն պտտվում էր 3֊րդ խորտիկը, գինով շշերը վաղուց արդեն կորցրել էին իրենց կանոնավոր դիրքը, կենացները և էքստրաներն անդադար հաջորդում էին միմյանց։

Սոմարյանցի հրավերքը հասարակ մարդկանց հրավերքին չէր նմանվում։ Նրա հյուրերը բոլորն էլ զարգացած մարզիկներ էին։ Բոլորն էլ զուտ հայեր և «անխառն ազգասերներ»։ Այդ էր պատճառը, որ հրավերքն ընդունել էր մի տեսակ ազգային հանդեսի կերպարանք։ Այստեղ առաջարկվում էին և հայ գործիչների ու բարերարների կենացները, որոնց արժանավոր գույնը պսակվում էր պարոն սեսղանապետի գեղեցիկ ատենաբանությամբ և բազմականների անվերջ ծափահարություններով։ Այսպիսի պատվի արժանացավ, իհարկե, հայոց ապագա կաթողիկոսի և ապա, ինչպես որ մոդա էր,Կ.Պոլսի Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և այլոց կենացները։

Բազմականներից մեկը, որ ըստ երևույթին թեմական տեսուչ էր, առաջարկեց խմել հայոց դպրոցների կենացն այնպիսի եռանդուն նախանձախնդրությամբ, որ կարծես այդ կենացից կախված լիներ հայոց դպրոցների ներկան ու ապագան։ Պարոն սեղանապետը հարգեց, իհարկե, այս առաջարկությունը, և դահլիճը թնդաց կեցցեների աղաղակներով։

Մի ուրիշ պարոն, որ բավական նուրբ ճաշակով հագնված էր և որ յուր շարժմունքների մեջ ոչնչով ետ չէր մնալ մի ամենակոկետ կնոջից, առաջարկեց խմել հայոց թատրոնի կենացը։

— Այո', այո՛, հայոց թատրոնի կենացը,— գոչեցին մի խումբ նրբաճաշակ և ըստ երևույթին գեղարվեստը պաշտող երիտասարդներ, որոնք առանձին ժողովված էին սեղանի մի անկյունում։

Սեղանապետը հարգեց և այդ առաջարկությունը և դարձյալ մի ատենաբանությամբ առաջարկեց նորան հյուրերին, վերջիններս, իհարկե, ընդդիմություն ցույց չտվին բաժակները դատարկելու մեջ։

Բայց սեղանի մի անկյունում հավաքված նրբաճաշակ երիտասարդների խումբը, անկախ սեղանապետի բարեհաճությունից, խմեց և հայոց գեղեցիկ դերասանուհիների կենացը։ Իմ ընթերցողներն, իհարկե, ինձ հետ միասին, այս վերջինը ամենից արժանավորն են գտնում։

Այս բոլոր կենացներին մի մարդ միայն չէր մասնակցում։ Դա հայոց լավ հեղինակներից մինն էր, որ կանգնած դահլիճի պատուհանում, երկար նայում էր դեպի դուրսը։ Թատրոնի կենացից հետո միայն սեղանապետը նշմարեց նորան և բավական ծանր նկատողություն արավ նորան յուր այդ անկարգ վարմանց համար։

— Ներեցե՛ք ինձ, պարոն սեղանապետ,— դարձավ նորան հեղինակը,— այստեղ մի երգչի չնաշխարհիկ ձայնը գրավել է ինձ ավելի, քան ձեր բոլոր կենացները (սեղանի շուրջը հավաքված երիտասարդների մեջ անբավականության նշաններ), լսեցեք նորան մի փոքր և տեսեք արդյոք իրավունք չունեի՞ ես ուշադիր լինելու ավելի այս երգչին, քան թե ձեր կենացներին։

— Ե՞նչ երգիչ է, հապա՛' տեսնենք։ — Այս ասելով տեղից վեր կացավ սեղանապետը և մոտեցավ պատուհանին։ Սեղանապետի օրինակին հետևեցին և հրավիրյալներից շատերը և մի ակնթարթում ժողովվեցան դահլիճի պատուհանների մոտ։

Երաժշտությունր լռեց. Սոմարյանցի հյուրերն ամենայն ուշադրությամբ լսում էին դրացի տան բակում երգող երգչին։ Դա Գևորգն էր, որ հնչեցնում էր յուր սրինգը և երգում էր… Հրավիրյալները որոշ լսեցին նորա երգի հետևյալ կտորը.

Բայց ափսո՜ս, որ միշտ կր մնամ հուսահատ.
Քեզ ժառանգելու չեմ ունենար բախտ.
քեզ փեսա կընտրես հարուստ և իշխան.
Բայց ես սիրուց զատ՝ չունիմ ուրիշ բան։


— Ո՞վ է այս տղան, Սերգեյ Յագորիչ,— հիացած ձայն տվավ սեղանապետը։

— Մեր դրացի դարբին Ղազարի որդին է— այս խոսքերով մոտեցավ սեղանապետին պարոն Սոմարյանցը և հարցրեց, — հավանո՞ւմ եք նորան։

— Նա ինձ հիացնում է, խնդրում եմ, կանչել տվեք նորան այստեղ։

— Այո՛, այո՛, նա մեզ հիացնում է, բերել տվեք նորան այստեղ,— գոչեցին բոլոր հյուրերը գրեթե միաբերան։

— Իսկույն,— պատասխանեց Սերգեյ Յագորիչը և ներկա եղող ծառաներից մեկին հրամայեց գնալ և կանչել Գևորգին։

Ներկա գտնվողը միևնույն ծառան էր, որ կոպտությամբ վիրավորել էր խեղճ Գևորգին, նա չհամարձակվեցավ անձամբ գնալ նրա մոտ, որ մի գուցե նրա զայրույթը գրգռելով, առիթ տար յուր վատ վարմանց երևան հանելուն, այլ յուր կողմից մի ուրիշին ուղարկեց Գևորգի մոտ։

— Աղան ձեզ խնդրում է, որ գաք մեզ մոտ,— ասաց Սոմարյանցի ծառան, մոտենալով Գևորգին։

— Ի՞նձ,— հարցրեց զարմացմամբ Գևորգը։

— Այո՛, ձեզ,— պատասխանեց ծառան։

Գևորգի համար բոլորովին անսպասելի չէր այդ հրավերը, ուստի նա շփոթվելով հարցրեց. «Ի՞նչ ունի ինձ հետ ձեր աղան այս ժամին, վանդակների համար չէ՞ ուզում խոսել»։

— Ի՞նչ վանդակների համար։

— Այն վանդակների, որ ես այսօր բերի ձեր տուն:

—Ո՛չ, կարծեմ մեր հյուրերը լսել են ձեր երգելը և կամենում են, որ գաս իրենց մոտ էլ երգես։

Գևորգի շփոթությունն անցավ. և մի գաղտնի ուրախություն, որ առաջանում է անմեղ փառասիրությունը գգված լինելուց, պատեց նորա սիրտը:

— Լա՛վ, կգամ, դուք գնացեք, — ասաց նա ծառային և ինքը մտավ տուն, մորը իմացնելու: Բայց մայրն արդեն Օրփեոսի գրկումն էր, և չկամենալով նորան զարթեցնել լվացվեցավ, մաքրվեցավ և դուրս գնաց։

Հասնելով Սոմարյանցի տան այն մուտքին, որ հանում էր խնջույքի հարկը, նա կանգ առավ և չէր վստահանում միայնակ բարձրանալ։ Նա հնչակը քաշեց։

Իսկույն երևեցավ միևնույն ծառան, որ Գևորգին հրավիրելու էր գնացել։

— Պարոն Գևորգ, ինչու՞ չեք գալիս, հրամեցե՛ք։

— Գալիս եմ, բայց…

— Բայց ի՞նչ, ամաչո՞ւմ եք։

— Ոչ... բայց ասացեք խնդրեմ, շա՞տ մարդ կա այդտեղ։

— Իհարկե շատ մարդ կա. բայց ձեզ ի՞նչ. շատ մարդիկ ձեզ խո չե՞ն ուտելու, հրամեցեք։

Գևորգը յուր բոլոր արիությունը ժողովելով` բարձրացավ սանդուղքից. հասնելով գեղեցիկ լուսավորված նախագավիթը, նորեն կանգ առավ։

— Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք, իսկ ձեզ սպասում են նկատեց ծառան։

Գևորգը տեղից շարժվեց, նա ամբողջ մարմնով դողում էր։

Սպասավորը երկար չսպասեց, նա շտապ մտավ դահլիճը և հայտնեց աղային, որ Գևորգը եկել է, բայց ամաչում է մտնել։

— Ի՞նչ հիմարություն, ո՞ւր է,— բացականչելով դուրս եկավ պարոն Սոմարյանցը նախագավիթը և տեսնելով Գևորգին, որ կծկվել էր դռան մոտ` «Վա՛յ, արի՛ է, ինչու՞ համար ես ամաչում, ձեր հարևանի տունն է, օտարի տուն խո չէ», — այս խոսքերով բռնեց նա Գևորգի ձեռքից և խնամակալի իշխանությամբ ներս քաշեց նրան դեպի դահլիճը։

Դ

Սոմարյանցի հյուրերը Գևորգին տեսնելով ուրախության աղաղակ բարձրացրին։ Նրանցից մի մասը ուռա՜ էր կանչում, մյուսները գժանոցից փախած խելագարների նման բացականչություններ էին անում, ուրիշները հրավիրում էին նրան իրենց մոտ նստել, իսկ երաժիշտները, որ այդ միջոցին լուռ էին, սկսան ի պատիվ Գևորգի մի տուշ ածել։

Գևորգն առաջին անգամ մի այսպիսի տեղ մտնելով, մնացել էր ապշած.

Դահլիճի հրաշալի լուսավորությունը, նորա շլացնող զարդարանքները, հարուստ և շքեղ սեղանը, փայլուն հյուրերի բազմությունը, երաժշտության որոտը, այդ բոլորը մի րոպեում այնպիսի կախարդական ազդեցություն արին նրա վերա, որ խեղճն իրեն երազի մեջ էր կարծում։ Հենց առաջին րոպեներից սկսած մի տեսակ թմրություն կամաց-կամաց պատեց նրա ամբողջ մարմինը: Նա կարծես հետզհետե խլանում էր, նրա աչքերը սկսում էին մթագնել, դահլիճի մեջ որոտացող երաժշտության ձայնը, հարբած հյուրերի աղաղակն այլևս լսելի չէին լինում նրան, դահլիճի հարյուրավոր ճրագները, յուր չորս կողմը պտտվող բազմությունը, կամաց-կամաց անհետանում էին նորա աչքից և ստանում էին հյուլեների կերպարանք, որոնք արեգակի շողերի առաջ լողում են օդի մեջ։ Նա սկսում է թուլանալ։

— Գևո՛րգ, ի՞նչ պատահեց քեզ, — վրդովված ձայնով գոչեց տանուտերը, տեսնելով, որ պատանին երերվում է ոտքի վրա,— դու հիվա՞նդ ես, հա՞, գու հիվա՞նդ ես։

Գևորգը ոչինչ չպատասխանեց։

— Աթոռ, աթոռ տվե՛ք տղային, որ նստե,— ձայն տվին մի քանիսը։

— Նա ուշաթափվում է, ջո՛ւր հասցրեք,— աղաղակում էր մի ուրիշը։

— Ջո՛ւր, ջուր սրսկեցեք — հրամայեց սեղանապետը։ Եվ իսկույն ծառաներից մի ամենաշնորհալին ջրի շիշը կըլթ կըլթ, կըլթ, թափեց խեղճ Գևորգի գլխին և շորերի վերա։

— Կամա՛ց, հիմա՛ր, խեղճ տղայի շորերը բոլորովին թրջեցիր, — բարկությամբ գոշեց Սոմարյանցը և սեղանից անձեռոցը վերցնելով, սրբեց Գևորգի շորերը։

Սպասավորի շնորհալի բարերարությունը և Սոմարյանցի ու հյուրերի աղաղակը սթափեցրին Գևորգին թմրությունից։ Նա իսկույն բարձրացավ աթոռից և շփոթված սկսեց ուղղել յուր հագուստները։

— Ի՞նչ պատահեց քեզ, ո՛րդի,— հարցրեց նրան Սոմարյանցը,— ինչո՞ւ այդպես դարձար։

— Ոչի՛նչ, գլուխս մի փոքր պտույտ եկավ,— աչքերը գետնին գցած պատասխանեց Գևորգը։

— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կա՛նցնե, շուտով կանցնե, — գոչեց մյուս կողմից սեղանապետը, և մոտենալով բռնեց նրա ձեռքից և նստեցրեց յուր կողքին։

— Այժմ դեռ պետք է մեր սեղանից մի բան վայելես, հետո մեր հյուրերի կենացը կխմես, և հետո մեզ համար կերգես. այնպես չէ՞։ Դե, սկսիր առաջին գործդ, — ասաց նրան սեղանապետը և հրամեցրեց նրան հատկապես սեղանապետի համար պատրաստված կարկանդակը։

Գևորգը սաստիկ ամաչում էր։ Յուր կյանքում նա առաջին անգամն էր արժանանում այսպիսի բարձրաստիճան հյուրերի ուշադրության։ Ուստի և նա ոչինչ չկարողացավ ճաշակել. ամոթից քրտինքը վազում էր նրա ճակատի վերա։

—Պարոն սեղանապե՛տ, դուք շատ քնքշաբար եք վարվում իմ դրացու հետ, — նկատեց Սոմարյանցը, — ինձ թողեք նորա մտերմությունը վաստակել: — Այ» ասելով նա մոտեցավ Գևորգին, կտրեց կարկանդակից մի մեծ կտոր և սկսավ զոռով խրել Գևորգի բերանը: էլ այժմ ազատում չկար, պետք էր վայելել այդ անիծյալ կարկանդակը։ Եվ Գևորգը հնազանդվեցավ յուր ճակատագրին։ Բայց դեռ վերջին պատառը չեր անցել նրա կոկորդից, և ահա՛ սեղանապետը մոտեցրեց նրան գինվո ահագին բաժակը։

— Ես գինի չեմ խմում, պարոն սեղանապետ, — համենտությամբ նկատեց պատանին և բաժակը հեռացրեց իրենից է:

— Այդ անկարելի է,— գոչեց սեղանապետը յուր բոլոր սեղանապետական արժանավորությամբ,— դու պետք է մեր հյուրերի կենացը խմես։ — Այո՛, այո՛ անկարելի է, պետք է, որ մեր կենացը խմեք — աղաղակեցին միաբերան մի քանիսը։

— Իսկ եթե չի խմիլ, ես գինու բաժակը կթափեմ նրան գլխին,— ավելացրեց Սոմարյանցը:

Գևորգն այս վերջին սպառնալիքից վախեցավ։ նա ձեռքն առավ բաժակը և աչքերը գետին խոնարհած ձեր կենացը, — շշնջաց հազիվ լսելի ձայնով և խմեց մի քանի կաթիլ։

— Չեղա՛վ, չեղա՛վ, բոլորը պետք է խմել, — աղաղակեց սեղանապետը։

— Բաժակի հատակը պետք է չորացնել, — գոչեց մի ուրիշը, որ ըստ երևույթին առանձին հմտություն ուներ արբեցության արհեստի մեջ։ Գևորգը այս անգամ կես ամոթից և կես բարկությունից ստիպված մի կողմ թողեց յուր ծայրահեղ ամոթխածությունը և բաժակը դատարկեց փառավորապես։

— Կեցցե՛ս, կեցցե՛ս, — աղաղակեցին հյուրերը և երաժշտությունը սկսավ նրանց ձայնակցել։

Մի փոքր ժամանակից հետո սեղանապետը նշան տվավ, և երաժշտությունը լռեց։

— Այժմ դու պետք է մեզ համար երգես, — ասաց նա Գևորգին և դառնալով դեպի հյուրերը, հրամայեց, որ բոլորն էլ լռեն։

— Ի՞նչ երգ եք կամենում, որ ես երգեմ, — հարցրեց Գևորգը ոտի կանգնելով։

— Որը որ դու ավելի լավն ես համարում։

— Այո՛, որը որ դու ավելի լավն ես համարում, — արձագանք տվին սեղանապետի խոսքերին մի ուրիշ անկյունից։ Բայց, ո՞ր երգն էր ավելի լավ յուր գիտեցածներից, այդ մեկը նույն րոպեին Գևորգը չէր կարողանում որոշել, ուստի մի քանի րոպե մնաց լուռ կանգնած և բոլոր դահլիճն ուշադրությրւնը լարած` սպասում էր նրան։

«Ես կերգեմ ա՛յն երգը, որ Շառլոտան ավելի էր սիրում»,— վերջապես մտածեց ինքն իրեն պատանին, — «երևի դա է ամենից լավը իմ երգերից։ Եվ նա սկսեց քաղցր և մեղմ ձայնով երգել «Սիրահարի բաղձանքը»։

Տխուր գիշեր, աղոտ լուսին ։
Թե լինեին ինձ ընկեր,
Շունչ զեփյուռին, մրմունջ առվին
Շշնջեին ինձ երգեր:

Մայրյաց թավուտ, մարմանդ դալար,
Մարդկան ոտից անկոխ հովիտ,
Ուր սուրբ սիրույն ձխի բուրվառ
Թե իրենց մեջ տային հանգիստ:

Այդ սրբազան միայնության
Մեջ կերգեի իմ Սիրուհին,
Եվ իմ դողդոջ երգերի ձայն
Կավանդեի գողտրիկ հովին:

Որ նա տաներ, մեղմիկ հնչեր
Այնտեղ, ուր նա կննջե լռին,
Եվ նորա սիրտն առներ, բերեր
Իմ սիրալիր սեղմեր սրտին:


Վերջին տունը հազիվ թե վերջացրեց երգիչը և ահա դահլիճի մեջ որոտացին ծափահարությունների և կեցցեների ձայները։ Բոլոր հրավիրյալներն անխտիր հիացան պատանու գողտրիկ և ոլորուն ձայնի վերա, բոլորն էլ միաբերան գովում էին նրան։

Բայց այդ միակ երգով չբավականացան, իհարկե, Սոմարյանցի հյուրերը։ Նրանք խնդրեցին սեղանապետին, որ կրկին երգել տա Գևորգին։

Գևորգն այժմ այլևս չէր ամաչում, նա սկսեց երգել, և երգեց մոտ տասը հատ երգեր, մեկը մյուսից հաջողակ։

Ծափահարություններին և կեցցեներին վերջ չկար:

Այժմ մեր հրավիրյալներն սկսան խորը կերպով հետաքրքրվել պատանու գրությամբ, հարցնում էին Սոմարյանցից նրա հոր, մոր և մինչև անգամ ազգականների անունները։ Տեղեկություններ էին պահանջում նրա կեցության և պարապմանց մասին և այլն, և այլն։

Պարոն Սոմարյանցը, պետք է խոստովանել, շատ քիչ բան գիտեր յուր դրացու մասին, և նրա նման մի հարուստին այդ բանում մեղադրել անկարելի էր. ուստի նա հազիվ թե կարողանում էր գոհացնել յուր հյուրերի հարցասիրությունը։

Բայց դահլիճի մի ուրիշ անկյունում, մի խումբ հյուրեր բոլորովին ուրիշ կարծիքներ էին հայտնում Գևորգի մասին: Նրանցից մի քանիսը պնդում էին, որ նա հայոց դպրոցներից մեկի աշակերտն է դեռ. մյուսները հաստատում էին, որ նա նոտայի վարժապետ է. յուր քթի մեծությամբ նշանավոր մի պարոն հիշում էր, որ այդ տղային տեսել էր Թիֆլիսի երաժշտական դպրոցում. մի ուրիշը հաստատում էր, որ նա մասնակցում էր Հայոց բարեգործական ընկերության վերջին անգամ տված նվագահանդիսին իսկ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող երիտասարդներից մեկն ասում էր և փաստերով հաստատում, որ ինքն այդ տղային անցյալ տարի տեսել էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում և զարմանում էր, թե նա այժմ ի՞նչ էր շինում Թիֆլիսում և կամ ինչո՞ւ այդպես աղքատ է հագնված։

Այս տարաձայն խոսակցությունները, որոնք հակասում էին միմյանց, շատ անհանգստություն պատճառեցին երիտասարդ բժիշկ Դուդուկջյանին, որը գեղեցիկ սովորություն ուներ ամեն տեսակ ժողովների մեջ բոլորից առաջ խոսելու։ Նա բարձրացավ յուր տեղից և գինվո բաժակը ձեռքում բռնած (մոռանալով, որ կենաց առաջարկելու համար չէր կանգնել), ամենին լսելի ձայնով հարցրեց.

— Պարոն սեղանապե՛տ, մեր հարգելի հյուրերը ցանկանում են իմանալ, թե արդյոք մեր այդ տաղանդավոր և շնորհալի երգիչը ո՞րտեղ և ինչո՞վ է պարապում։ Արդյոք կարո՞ղ եք հրամայել, որ նա բավարարություն տա նրանց հետաքրրքրությանը։

— Ինչո՞ւ չէ,— պատասխանեց սեղանապետը և ապա դառնալով դեպի Գևորգը հարցրեց.

— Դու ի՞նչ գործով ես պարապում, մեր հյուրերը կամենում են իմանալ։

— Ես լինում եմ գերմանացի Գուստավի գործարանում և պարապում են փականագործությամբ,— համեստությամբ պատասխանեց Գևորգը։ — Փականագործությա՞մբ,— զարմացմամբ հարցրին մի քանի տեղերից։

— Այո՛, փականագործությամբ,— կրկնեց պատանին։

— Ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է, որ ձեզ պես շնորհալի երիտասարդը փականագործությամբ է պարապում, — տաքացած մոտեցավ նրան բժիշկը, ձեռքի բաժակը սեղանի վրա դնելով։

— Ի՞նչ պետք է անել, պարոն բժիշկ. ղրանից ավելի լավ պարապմունք ինձ ո՞վ պիտի տար։

— Ա՜ , ինչ եք ասում, պարոն, դուք ձեզ կորցրել եք անհայտության մեջ։

— Բայց ես շեմ կարող հավատալ մեր երգչի խոսքերին, նա երևի կատակ է անում, — ձայնը լսելի արավ հայոց գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող և Գևորգին Պետերբուրգի երաժշտական դպրոցում տեսնող պարոնը։

— Ես կատակ չեմ անում, հարգելի պարոն, ես փականագործությամբ եմ պարապում պարոն Գուստավի գործարանում։

— Ցավալի է, շատ ցավալի է,— հարեց սեղանի ձախ կողմից երդվյալ հավատարմատար Մաստակյանը, խիստ կարեկցական արտահայտություն տալով յուր դեմքին, բայց և այնպես շամպանիայի բաժակը ձեռքից չթողնելով։

— Իսկ ես պիտի ասեմ, որ ոչ միայն ցավալի, այլև ամոթ է ձեզ, ռուսաստանցիներուդ համար ասանկ շնորհալի երիտասարդ մը ունենալ և զանի, ինչպես հարկն է, խնամել չկամենալ։ — Այս փոքրիկ հառաջաբանով խառնվեցավ խոսողների հետ պարոն Դեմուրջյանը, մի պոլսեցի նորեկ երիտասարդ, որ բավական խնամքով սրել էր յուր ընչացքի ծայրերը և «Մասիսի» մի համարը ծալած դրել էր րեդինգոտի գրպանը рour chigue, — եթե ասանկ տաղանդավոր պատանի մը մեր Պոլիսը գտնվեր,— շարունակում էր նա, — կտեսնեք, թե մեր հոնտեղի ազգայինք ի՜նչ մեծ զոհաբերություններով զանի առաջ պիտի քաշեին գեղարվեստից տաճարներուն մեջ։

— Բայց դուք, հարգելի պարոն, մի Դուրյան ունեիք, երիտասարդ, բայց իրոք տաղանդավոր բանաստեղծ, որ մեծ ապադա էր խոստանում և նա քսան և երկու տարեկան հասակում, մեռավ Պոլսում, վերջին աղքատության մեջ, — նկատեց նրան պարոն Սլաքյանը, որ մի կողմը քաշված մեծ զվարճությամբ լսում էր հափշտակված հյուրերի ճառախոսությունները։

— Եթե ամեն բանի մեջ ատանկ ծուռը դատելու ըլլանքնե, պարոն, — հարեց Դեմուրջյանը, — գիտե՞ք ուր կհանգի ձեր ճանապարհը — Կրետեի հին լաբյուրինթոսին մեջ, որը, ինչպես գիտեք, Մենովսի հրամանավ Դեդալոս անդրիագործը շինեց...

— Լաբյուրինթոսների պատմությունն անել ավելորդ է, շարունակեցեք բուն խնդրի վրա խոսել,— ընդհատեց նորան պարոն Սլաքյանը։

— Դարձյալ ծուռը կդատիք, պարոն. լաբյուրինթոսներու պատմությունն անանկ հետաքրքիր նյութ մ՚է հնագիտության համար, որ մեր դարու բոլոր հնախոսք մեծամեծ հատորներ հրատարակած են ցարդ անոնց վրայոք։ Եթե ինձ չեք հավատար, շնորհ ըրեք մեր Պոլսո-գրավաճառանոցներն այցելելու ու հոն պիտի տեսնեք, թե ի՜նչ ահագին հատորներ կվաճառվեն, բոլորն ալ հնագիտության և գլխավորապես լաբյուրինթոսներու մասին հարուստ տեղեկությամբք լի...

— Պարո՛ն, դուք դարձյալ բուն խնդիրը մոռացաք, — նորեն ընդմիջեց նրան պարոն Սլաքյանր,— ես Դուրյանի մասին էի խոսում, որ Պոլսում աղքատության մեջ մեռավ, դուք ի՞նչ էիք կամենում սրա մասին ասել։

— Հա, մոռցա, ես ալ ադոր համար պիտի խոսեի։ Դուք. հարգելի պարոն, Դուրյանի անուն տալով խնդիրը կշփոթեք։ Վասնզի այլ է բանաստեղծ, այլ է երգիչ։ Բանաստեղծը չկրնար երգիչ ըլլալ և ոչ ալ երգիչը բանաստեղծ։ Սա անանկ ճշմարտություն մ՚է, որ մեր Պոլսո բոլոր ազգայինք գիտեն, և ձեզի պես նշանավոր ազգասերի մ՚ալ չը գիտնալը պատիվ չի բերեր...

— Մենք, պարո՛ն, գիտենք ըստ հարկին պատվել զԼիթռե զՎիկթոր Հուկո, դուք Կովկասու հայքդ հազիվ կրցաք Դյուլոռեի մը հոգեհանգիստը կատարել։

— Բայց բուն խնդիրը, պարո՛ն, բուն խնդիրը, — անհամբերությամբ ընդհատեց նրան պարոն Սլաքյանը։ —Բուն խնդիրն այն է, որ Դուրյան իբրև սոսկ բանաստեղծ կրնար աղքատության մեջ մեռնիլ, ըստ որում բանաստեղծությունը մեր պոլսեցվոց մոտ գին չունի, մինչ երգիչ մը կրնա դյուրավ հաճո ըլլալ անոնց, մանավանդ, ա՛յն մեծ խնջույքներուն մեջ, որք հաճախ տեղի կունենան մեր Պոլիսը հարուստներու քով։ Եվ ասանկով այդ երգիչը կրնա յուր համար ապահով ապագա մը պատրաստել, ինչպես խել մը եվրոպացի նշանավոր երգիչը… — Պարոն Դեմուրջյանը դեռ չէր ավարտել յուր ճառը, որ ծիծաղն ու քրքիջը լցվեցավ դահլիճը։ Պարոն ճառախոսը զգաց, որ յուր իմաստալից խոսքերն ըմբռնողներ չգտնվեցան յուր սեղանակիցների մեջ, ուստի «անհասկացողներու առաջ խոսելը հիմարություն մ՚է» փնթփնթալով անցավ և յուր տեղը բռնեց։

Պարոն Դեմուրջյանին հաջորդեց մեզ ծանոթ երիտասարդ բժիշկը հետևյալ ճառով.

Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարզիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք։ Որովհետև, ոչ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարզիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում։ Մեր մեջ շատերը կան, որոնք ի րնե կանչված են մեծ մարզիկներ լինելու համար, բայց այդպիսիներն անխնամ մնալով չեն զարգանում, չեն ուռճանում, այլ վայրի բույսերի նման մի աննշան հասակ առնելով՝ գոսանում, անհետանում են: Այդ տեսակ ծնունդներ, այդ տեսակ ուժեր մեր մեջ շատ կան. մնում է միայն հետամուտ լինել նրանց գտնելու համար, և գտնելուց հետո ըստ պատշաճին խնամել նրանց։ Մի որոշ ժամանակից հետո մենք մեծ մարդիկներ կունենանք, այնքան մեծ, որ մենք նրանցով կկարողանանք պարծենալ... (կեցցեներ և ծափահարություններ)։

«Այս երիտասարդը, — շարունակեց ճառախոսը, — որ այսօր մեզ հոգեկան զվարճություն պատճառեց յուր գեղեցիկ երգերով և գրավեց մեր բոլորի ուշադրությունը, իմ հիշած ուժերից մեկն է. նա կարող է ապագայում մի նշանավոր երգիչ լինել, նա կարող է և օտարների ուշադրությունը գրավել յուր երկնատուր շնորհքների կատարելագործությամբը, բայց նա կարող է և կորչիլ անհայտության մեջ, որովհետև մի կտոր

17—Մուրացան, հատոր I հացի համար ծառայում է փականագործի գծուծ արհեստով։ Ուրեմն, մենք պետք է օգնենք նրան յուր կոչմանը ծառայելու։

(Համաձայնության աղաղակներ)։

«Ես տեսնում եմ, որ դուք համակրում եք իմ խոսածներին. ինձ մնում է առաջարկել այն միջոցը, որով կարելի կլինի օգնել այդ երիտասարդին բարձրացնելու ա՛յն աստիճանների վերա, որի համար օժտված է նա բնությունից»։

— Առաջարկեցե՛ք, առաջարկեցե՛ք,— ձայն տվին մի քանի տեղերից։

— Ահա՛ իմ առաջարկությունը, պարոններ։ Ես կարևոր եմ համարում հենց այստեղ ստորագրություն բանալ այդ երիտասարդի օգտին, որին մենք բոլորս անխտիր կմասնակցենք։ Յուրաքանչյուրը մեզանից, յուր կարողության համաձայն, թող մի գումար ստորագրե, և այդ ժողովված փողով մենք կղրկենք այս երիտասարդին Պետերբուրգի կամ եվրոպական մի ուրիշ նշանավոր քաղաքի երաժշտական դպրոցը, ուր նա յուր ձայնը կմշակե և երգելու արհեստի մեջ կկատարելագործվի։

— Կեցցե՜, կեցցե՜, պարոն բժիշկ, — գոռացին հրավիրյալները և ծափահարություններով թնդացրին դահլիճը։

Իսկ սեղանապետը իբրև վարձատրություն նորա գեղեցիկ ճառին, առաջարկեց խմել պարոն բժշկի կենացը։

Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները։ Սակայն մեր նախածանոթ պարոն Դեմուրջյանը ռուսահայոց նման լռությամբ կենացներ խմելն անվայել համարելով, առաջ անցավ և ձախ ձեռքում բաժակը բռնած, իսկ աջով յուր ընչացքը ոլորելով, խոսեց, «Ձեր թանկագին կենացը կպարպեմ սա բաժակը, պարոն բժիշկ։ Մեր ամենուս մեջ, եթե չասեմ խելոքը, գեթ ամենեն ազգասերը գտնվեցաք։ Ձեր ըրած առաջարկությունը մեր երգչին քոնսերվատոր խրկելու համար անանկ խելացի առաջարկություն մ՚է, որ պատիվ կբերե թե՛ առաջարկողին և թե՛ ընդունողներուն։ Քաջահույս եմ, թե մեծարգո հրավիրյալք, որքան հնարավոր է առատագույնս պիտի նվիրաբերին սա հանրօգուտ գործին համար։ Չեր ճառի ալ պիտի ըսեմ, պարոն բժիշկ, որ հրաշալի բան մ՚էր: Մատուց ի վեր է, որ Պոլսեն հեռի գտնվելու ապաբախտություն ունենալուս համար, ասանկ շենք ու շնորհքով ատենապանություն մը լսած չունեի։ Կցավեմ միայն, որ համառոտ անցաք։ Գիտե՞ք, ասանկ փափուկ նյութը մեր ազգային ժողովի մեջ երկար վիճաբանությանց առարկա կըլլա. ան ատեն տեսնելու է, թե մեր պատվելի երեցփոխանք ի՛նչ գովության արժանի ճիգեր կթափին ատենաբանությանց մեջ զիրար գերազանցելու։ Գեղեցիկ խոսելն ալ առանձին ձիրք մ՚է, զոր աստված ի վերուստ շնորհած է մեզ մահկանացուներոոուս։

Դժբախտաբար մեր Ռուսիո ազգայինք սա շնորհքե'ն զուրկ ըլլալուն համար, անոր հարգը, ինչպես որ կվայելի, չեն ճանչնար։ Մինչդեռ անգին պոլսեցի մը յուր կյանքը կտա գեղեցիկ ատենաբանություն մը լսելու համար…

— Փառավոր լինեք, պարոն Դեմուրջյան, շատ գեղեցիկ եք խոսում,— ընդհատեց նրան սեղանապետը, տեսնելով, որ պարոն ճառախոսի ախորժակը հետզհետե բացվում է խոսելու համար,— դուք այնքան բարի կլինեք, որ թույլ կտաք ինձ իսկույն ևեթ գործին ձեռնարկել, որովհետև ինչպես որ դուք, պոլսեցիներդ խոսելն եք սիրում, այնպես էլ մենք` ռուսաստանցիներս` գործելը,

— Շնորհ ըրեք, կաղաչեմ, կրնա՞մ մի ձեզ ընդդիմանալ,— այս ասելով պարոն Դեմուրջյանը կրկին դիմեց բժշկին և «Զեր թանկագին կենացը» ասելով բաժակը դատարկեց։

Երիտասարդ բժիշկ Դուդուկջյանը չկամենալով հարմար րոպեն ձեռքից թողնել, իսկույն թուղթ պահանջեց և սովորական վերտառությունը նրա վրա գրելով, առաջարկեց սեղանապետին ստորագրելու։

— Որովհետև առաջարկությունը ձերն է, առաջ դուք ստորագրեցե՚ք,— դարձավ սեղանապետը բժշկին։

— Ո՛չ, պարոն սեղանապետ. դուք եք այժմ մեր մեծն ու կառավարիչը, ձեզ է վայել առաջնորդ լինել մեզ և այս գեղեցիկ գործի մեջ։

Այս խոսքերը սեղանապետի ինքնասիրությունը գգվեցին, և նա գրիչը ձեռքն առնելով և բարձրաձայն արտասանելով, ստորագրեց` «Բանկիր Աբրահամ Տանպետյանց 500 ռուբլի»։ «Կեցջի՛ք, կեցջի՛ք», — գոչեցին միաբերան հրավիրյալները և տեղերից բարձրանալով իրենք էլ միաբերան ոգևորված առաջ անցան և սկսան կարգով ստորագրել։

— Ի՞նչ ըսավ. 500 ռո՞ւբլ, — բացականչեց զարմացմամբ պարոն Դեմուրջյանը և մոտենալով Դուրյանի մասին իրեն նկատողություն անող պարոն Սլաքյանին, նրա ականջում շշնջաց․ «Լսա՞ք ինչ ըսավ պարոն սեղանապետը»:

— Այո՛, ի՞նչ կա,— սառնությամբ հարցրավ Սլաքյանը:

— 500 ռուբլ ըսավ, եղբայր, ասանկ առատաձեռնություն կըլլա՞ մի:

— Ինչու՞ չէ. դուք ինքներդ չէիք, որ ձեր ճառի մեջ հույս էիք հայտնում, թե «առատագույնս պիտի նվիրաբերեն»:

—Կսխալիք, բարեկամս. եթե բոլորս ալ 500-ական ռուբլ ստորագրելու ըլլանք նե, գիտե՞ք ծայրը ո՞ւր կհանգի։

—Կրետեի լաբյուրինթոսին մեջ, զոր Մինովսի հրամանավ Դեդալիոս անդրիագործը շինեց, — ծիծաղելով պատասխանեց պարոն Սլաքյանը։

—Դուք զիս կծաղրե՞ք, հա՞․ բայց ես առանց կատակի կխոսեմ, — տաքացած շարունակեց Դեմուրջյանը: —Ասանկով դուք ժաղովուրդը կանբարոյականացնեք։ Ի՞նչ հարկ կա այս աստիճան առատությամբ վարձատրիլ ողորմելի երգիչ մը, մինչդեռ անդեն Երուսաղեմ յուր լեռնակուտակ պարտքերուն տակ կհեծե…

Պարոն Սլաքյանը,որ յուրայինների ինչ պտուղ լինելը լավ էր ճանաչում, ծիծաղեց Դեմուրջյանի միամիտության վերա, և «Երուսաղեմի պարտքն էլ պոլսեցիներդ կհոգաք» ասելով հեռացավ:

Մինչդեռ այստեղ Դեմուրջյանն ու Սլաքյանը խոսում էին, մյուս հրավիրյալները սեղանապետի գլխին թափված՝ եռանդով ստորագրում էին: Սեղանապետից հետո ստորագրեց Սոմարյանցը՝ դարձյալ նրա օրինակին հետևելով, 500 ռուբլ: Իսկ մյուս հյուրերը ոչ ավելի քանի 200, 150,100 և 50 ռ.: Վերջին գումարից պակաս ստորագրող չեղավ: Կես ժամվա մեջ ամբողջ թերթը ծածկվեցավ ստորագրություններով:

երբ բոլորը վերջացրին, երիտասարդ բժիշկը հաշվեց, և, ի մեծ ուրախություն հրավիրյալների, հայտնեց, որ ստորգրվածների գումարը հասնում է 4550 ռուբիու։

Դահլիճը դարձյալ թնդաց ուրախության աղաղակներով և ծափահարություններով։ Գևորգը մնացել էր ապշած։ Մի քանի րոպե նա կարծեց թե ինքը երազի մեջ է։ Նա մինչև անգամ մտաբերեց իրենց հարևան պառավ Սալոմեի պատմությունը, թե ինչպես մի գիշեր քաջքերը նրան տարել էին հարսանիք, ի՛նչպես նրան պատիվներ և ընծաներ էին տվել, ոսկե զարդեր էին հագցրել․ մինչևի լույս իր հետ խաղացել, պարել և քեֆ էին արել, իսկ հետո լուսաբացին տարել էին, որ սարից ներքև գլորեն, բայց նա իսկույն երեսին խաչակնքել էր և քաջքերն աներևութացել էին, իսկ ինքը ողջ և առողջ վերադարձել էր տուն։

Այս պատմությունը մտաբերելով, Գևորգը կամեցավ մինչև անգամ երեսին խաչակնքել, կասկածելով թե գուցե յուր տեսած բարի մարդիկներն էլ քաջքեր էին, ապա թե ոչ, ի՞նչ տարօրինակ երևույթ էր այս, որ երեկ Գուստավի գործարանում մշակի պես բանող գործավորը, որին երեկոյան ինչպես մի գրաստի շալակել էին տվել երկաթե վանդակները, մի քանի ժամից հետո հանկարծ մի այդպիսի շքեղ դահլիճում գտնվելր, այդքան մեծ պատիվներ ու գովությունների արժանանար, հարուստ մարդիկ իրենով հետաքրքրվեին, մի կետ ժամում 4550 ռուբլ փող ժողովեին իրեն համար, Պետերբուրգ ղրկելու խոստումներ անեին և այլն, և այլն։

«Չէ՛, չէ՛, սա երազ է», —շշնջաց ինքն իրեն պատանին և ձեռքի պատառաքաղը սեղանի տակով գաղտուկ դեպի ազդրը տանելով պինդ հրեց մարմնի վրա, որ տեսնե՝ եթե միսը ծակում է և ինքը ցավ է զգում, ուրեմն երազ չէ, իսկ եթե ոչինչ չէ զգում, ուրեմն ճիշտ որ քաջքերի մեջ է գտնվում։

Հարկ չկա ասել, որ հարուստի պատառաքաղը նոր և սուր լինելով, կատակներ չէ անում, այդ պատճառով էլ խեղճ Գևորգի բարակ վարտիքն ու ազդրը նրա սուր ծայրին չդիմադրեցին, և ծակվելով բավական կսկիծ պատճառեցին իրենց, տիրոջը։

Այսուամենայնիվ, Գևորգը շուտով զվարթացավ, երբ յուր հետ պատահածների երազ չլինելն ստուգեց։ Պարոն Դուդուկջյանը ստորագրված փողերի հաշիվն անելուց հետո թուղթը ծալեց և հանձնեց սեղանապետին:

— Ի՞նչ պետք է անեմ այս թուղթը,— հարցրեց նրանից սեղանապետը:

— Այդտեղ ստորագրված փողերը կժողովեք և հարկ եղած հոգացողությունն անելուց հետո, մեր երգչին կուղարկեք Պետերբուրգի երաժշտական դպրոցը:

— Անպատճառ Պետերբուրգի՞:

— Այո՛, իմ կարծիքով։

— Պարոննե՛ր, դուք ո՞րտեղ ավելի հարմար կդատեք, — հարցրեց սեղանապետը հրավիրյալներին։

— Վիեննա,— գոչեց մեկը սեղանի ծայրից:

— Ո՛չ, Փարիզ,— կրկնեց մի ուրիշը։

— Ավելի լավ չէ՞, որ Լոնդոն ղրկենք,— հարցրեց մի երրորդը։

— Ինչո՞ւ Իտալիա չուղարկենք, մուսաների աշխարհը։

— Իմ կարծիքով, թե փողը կբավականանա, ղրկենք Նյու֊Յորք, այդ ամենից նպատակահարմարն է։

— Ինձի լսեիք նե, Փարիզ կղրկեիք,— մեջ մտավ պարոն Դեմուրջյանը,— վասնզի հոն...

— Ո՛չ, ո՛չ, Լայպցիգ ղրկենք, այդ քաղաքը նշանավոր է իր երաժշտական դպրոցով, — ընդհատեց պոլսեցուն մի ուրիշ երիտասարդ։

Իսկ մի հաղթանդամ կապալառու, որ մի անգամ կարդացել էր Բազմավեպիս մեջ Եվդոկիա քաղաքի նկարագրությունը, մի գլուխ գոչում էր` «Եվդոկիա ղրկենք, Եվդոկիա, պարոն սեղանապետ»։

Պարոն Դեմուրջյանը, որ լավ ծանոթ էր Եվդոկիային, խիստ բարկացավ կապալառուի վրա և առաջ նետվելով գոչեց. «Պարո՛ն, ինչու՞ այդ աստիճան տգետ եք, չգիտեք, որ Եվդոկիայում քոնսերվատոր չկա ու հոն պղինձ շինելեն զատ ուրիշ ոչինչ չգիտեն»:

— Վնաս չունի, կարելի է, կարելի է,— անտարբերումթյամբ կրկնում էր հաղթանդամ կապալառուն։

Սեղանապետը տեսնելով, որ խոսողները շատացան, հրամայեց, որ բոլորն էլ լռեն։ «Ես ինքս կկարգադրեմ, ուր որ ղրկելու է. միայն թե դուր ձեր ստորագրած փողերը վաղվանից սկսեցեք վճարել»,— ավելացրեց նա։

— Շատ լավ, շատ լավ, դուք կարգադրեցեք,— կրկնեցին ամեն կողմից հրավիրյալները։ Եվ սեղանապետը շնորհակալություն հայտնելով նրանց շարունակեց կենացների ընդհատված գործը։

Այժմ Գևորգի բարեկամները շատացան։ Երիտասարդ, հասակավոր, ուսումնական, վաճառական, բոլորն էլ խնդակացում էին նորան, սեղմում էին նորա կոշտ ձեռքերը, հետաքրրվում էին նորա անցյալով և ներկա դրությամբ։ Մինչև անգամ Գևորգին Եվդոկիա ղրկելու համար խորհուրդ տվող կապալառուն խոստացավ յուր աղջիկը տալ նորան, երբ նա Եվդոկիայից ուսումն ավարտած կվերադառնար։ Իսկ հայոց թատրոնին ծառայող մի հին դերասան շշնջում էր Գևորգի ականջին, Գիտես, պարոն, եթե ես այստեղ չլինեի, դու այդպես մեծ ընդունելություն չէիր գտնիր Ես ինքս առաջին անգամ ճառախոս բժշկին խորհուրդ տվի հրավիրյալների ուշադրությունը դարձնել քեզ վրա և ստորագրություն բանաք երաժշտական դպրոցը ղրկելու համար»։

Գևորգը բոլորովին զգացվել և ուրախությունից շփոթվել էր, նա չգիտեր, որին արդյոք պատասխաներ, և ճարահատալ գլուխ էր իջեցնում աջ ու ձախ ի նշան շնորհակալության:

Վերջապես ճառախոս բժիշկը մոտեցավ նորան և պատվիրեց, որ հենց վաղվանից թողնե յուր պաշտոնը Գուստավի գործարանում և ապա ներկայանա պարոն Տանպետյանցին, որը նույնպես յուր կողմից հարկավոր հոգացողությունները վաղվանից կանե` նորան Պետերբուրգ ղրկելու համար:

Գևորգը խոնարհությամբ գլուխ տվավ և խոստացավ, բժշկի պատվերի համաձայն, վաղվանից թողնել յուր պաշտոնը Գուստավի գործարանում։

Առավոտյան չորս ժամին Սոմարյանցի տան մեջ ընթրիքը և հրավիրյալների ուրախությունները վերջացան։ Հյուրերից յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը, նոցա հետ էլ մեր երգիչ Գևորգը։

Առավոտյան շատ վաղ Թամարը զարթելով որդու անկողինը պարապ գտավ։ Այդ բանն առաջին անգամ նորան չանհանգստացրեց, որովհետև Գևորգը սովորություն ուներ շատ անգամ դեռ լուսաբացին տանից դուրս գալու։ Նա գնում էր Քուռի ափին լվացվելու և ապա մոտակա այգիները պտտում էր, մինչև Գուստավի գործարանում աշխատանքը կսկսվեր։ Բայց մի փոքր հետո Թամարը նկատեց, որ երեկոյան յուր ձեռքով պատրաստած անկողնին գրեթե ձեռք դիպած չէր։ Եթե Գևորգը այստեղ քնած լիներ, նա ամեն ավուր պես խառն ու անկարգ դրության մեջ կլիներ։ Թամարն սկսեց անհանգստանալ․ նա շտապավ անկողնից ելնելով հագնվեցավ և դուրս թռավ բակը։

Բակի դուռը նույնպես բաց էր։ «Անպատճառ երեխաս մի չարիք է բերել յուր գլխին, նա երեկոյան տխուր էր»,— շշնջաց ինքն իրեն Թամարը։ Նա պատրաստվում էր փողոց դուրս գալու և ահա բակը մտավ Գևորգը։ Նա ուրախությունից բոլորովին այլայլվել էր։

— Ո՞րտեղ էիր, որդի՛․ ի՞նչ է պատահել քեզ, ինչու՞ այդպես այլայլված ես… — իրար ետևից հարցնում էր մայրը։

— Այս րոպեիս կասեմ, մայրիկ․ դու տուն արի։ — Այս ասելով նա մոր ձեռքից բռնած շտապեց դեպի տուն։

Երբ նոքա ներս մտան, Գևորգը գրկեց մորը և բացականչեց․

— Ուրախացի՛ր, մայրիկ, ուրախացի՛ր, մենք բախտավոր ենք…

— Բայց ի՞նչ է պատահել քեզ, որդի, ես ոչինչ չեմ հասկանում, — անհանգստությամբ ընդհատեց նորան մայրը։

— Այս րոպեիս մայրիկ, այս րոպեիս, կպատմեմ քեզ բոլորը, և դու կտեսնես, որ մենք բախտավորվել ենք։

Այս ասելով Գևորգը նստեց մահճակալի ծայրին և մի փոքր շունչ առնելուց ետ, սկսեց պատմել բոլորը, ինչ որ երեկ երեկոյանից մինչև այն րոպեն անցել էր յուր գլխով։

Այսպես նա պատմեց Սոմարյանցի տանից յուր հրավիրվելը, նրա պատվարժան հյուրերի առաջ երգելը, յուր գտած ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն։

Թամարը մնացել էր ապշած. նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ։ «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ։ Ոչինչ չեմ հասկանում ... — շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը։ Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և այդ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ։ Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան։

Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. — «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:

—Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:

—Բայց մի՞թե այդպես շտապավ:

Իհարկե, մայրիկ։ Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար։ Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:

—Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ...

— Հա՜, հա՜, հա՜ , հա՜, ի՞նչ միամիտ ես, մայրիկ,— լիքը բերանով ծիծաղեց Գևորգը,— Սոմարյանցին, Տանպետյանից կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՜, հա՜, հա՜ , հա՜ ,— և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել:

— Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի։ Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:

— է՜, է՜, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես։ Դու մեծ մարդիկներին չես ճանաչում, նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է։ Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել տվողը փողը չէ՞: Փողն արդեն պատրաստ է, ուրեմն իմ Պետերբուրգ գնալս էլ վերջացած գործ է:

—Աստված տա, որ այդպես լինի, որդի: Միայն թե պիտի գիտենաս, որ Գուստավի գործարարը թողնելը հեշտ է. ոչ ոք զոռով քեզ չի կարող կապել նորա հետ: Ավելի լավ է առայժմ շարունակես գնալ քո առաջվան գործին, և երբ այդ քո բարերարներն ամեն բան կկարգադրեն ու կպատրաստեն, այն ժամանակ կթողնես Գուստավի գործարանը և ուղղակի կճանապարհվես Պետերբուրգ:

—Սխալվում ես, մայրիկ, ես խոսք եմ տվել պարոն բժշկին, և եթե հենց այսօրվանից չթողնեմ իմ պաշտոնը, նա ինձ վերա վատ գաղափար կկազմե: Նա մինչև անգամ իմ Պետերբուրգ գնալուն էր արգելք կդառնա:

— Դու գիտես, որդի: Ինքդ չափահաս տղա ես. չպետք է քեզ խելք սովորեցնեմ: Եթե գիտես, որ հաստատ քեզ տերություն անեն այդ մարդիկը և եթե դու վստահ ես նրանց վրա, կատարիր քո տված խոսքը և հենց այսօրվանից թողիր պաշտոնդ: Իսկ եթե մի փոքր կասկածելի տեղ ունես, իզուր մի դժբախտացնիր քեզ և քեզ հետ էլ քո մորը: Աչքիս մեջ մազ է բուսել, մինչև որ քեզ այդ հասակին եմ հասցրել և մի արհեստի տիրացրել: Այնպես չանես, որ կրկին ինձ ստիպես լվացարանում աշխատելու: Արդեն ուժից ընկել եմ ես, և դու պետք է այսուհետև հոգաս ինձ և քո ապագայիդ համար:

— Միամիտ կաց, սիրելի մայրիկ. ես պետք է մեռնեմ, որ դու կրկին լվացարան գնաս. բայց քանի որ կենդանի եմ, այդ բանը քեզ հետ չի պատահիլ:

Իսկ ինչ կվերաբերի իմ բարերարների վրա վստահ լինելուն, ես շատ եմ վստահ: Եթե դու ինքդ լինեիր Սոմարյանցի տանը և տեսնեիր, թե ինչե՜ր էին անում ինձ համար այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեիր, որ թողնեմ այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեի, որ թողնեմ իմ պաշտոնը: Վերջապես այդ մարդիկն ինձ իրենց որդեգիրն են ընդունել: Մի՞թե մի ամբողջ հասարակություն չի կարողանալ մի որդեգիր պահել:

— Դու գիտես, որդի, ես էլ ոչինչ ընդդիմանալու չունեմ, երբ դու ինքդ վստահ ես այդ մարդկանց վրա, ես ի՞նչ կարող կարող եմ ասել, դու խո քո թշնամին չես։ Արա՛, ինչպես կամենում ես։

— Ուրեմն հենց այս րոպեից կերթամ Գուստավին հայտնելու, որ թողնում եմ ծառայությունս։

— Ո՛չ դեռ քնիր մի փոքր, հանգստացիր, և հետո կերթաս։ Անքնությունդ քեզ կարող է հիվանդացնել։ ՚

Գևորգը չընդդիմացավ։ Նա հանվեցավ պառկեց և չնայելով որ չափից դուրս ուրախ էր, այսուամենայնիվ, քունը շուտով ծանրացավ նորա արտևանունքների վերա։

Կես օրը արդեն անցել էր, երբ Գևորգը զարթեցավ։

— Ա՜խ, մայրիկ. ինչու՞ համար ինձ ժամանակին չզարթեցրիր, ես ուշացա, — տրտնջաց Գևորգը և ցատկելով անկողնից սկսավ շտապ֊շտապ հագուստները հագնել:

— Չես ուշացել, որդի. Գուստավին մինչև երեկո կարող ես տեսել,— հանգստացրեց նրան մայրը։

— Գուստավը չէ իմ ցավը։ Պարոն Տանպետյանցին և բժշկին պիտի տեսնեի։

— Իզուր է, մի՛ շտապիր։ Այդ մարդիկն ամբողջ գիշերը քեֆ են արել. նրանք աղքատների պես չեն ապրում, ամբողջ օրը քնում կլինեն։

— Ճշմարի՞տ ես ասում, մայրիկ։

— Իհարկե, որդի, նրանք դեռ քնած կլինեն։ Մինչև անգամ հարմար էլ չէ, որ հենց այսօր գնաս այդ մարդկանց մոտ և նրանց անհանգստացնես։

— Ինչպե՞ս թե հարմար չէ. բայց ե՞րբ պիտի գնամ։

— Վաղը: Այդ ավելի քաղաքավարություն կլինի քո կողմից:

— Ճշմարիտ որ այդպես է, մայրիկ։ Իսկույն ևեթ այդ մարդկանց անհանգստացնելը լավ չէ։ Ուրեմն վաղր կերթամ նրանց մոտ։ Իսկ այժմ կշտապեմ Գուստավի գործարանը, այնպես չէ՞։

— Բայց էլի մի բան եմ ուզում հարցնել քեզ, որդի, — խոսեց Թամարը երկչոտ ձայնով։

— Ի՞նչ բան, ի՞նչ բան,— շտապով ընդհատեց նրան Գևորգը։ — Ուզում էի հարցնել թե արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզված ես որ նրանք քեզ չեն խաբիլ:

— Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:

— Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:

— Չե՛, մայրիկ չեմ զղջալ միամիտ եղիր: — Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:

Այսուամենայիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:

Փողոցը դուրս գալով Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու. այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից. բայց այժմ նա ուրախ է ինչու համար պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե Գուստավից և թե նրա աղջկանից:

Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա... բայց թողնենք որ ինքը խոսի յուր համար: Այո ես մի հասարակ բանավոր չեմ մտածում էր Գևորգը արագ արագ յուր քայլերը փոխելով — ես ունեմ արժանավորներ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի պատվարժան հյուրերի կարծիքն է սա։ Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում։ Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն անհայտության մեջ թաղել այդ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի... Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, — տաքացած շարունակում էր Գևորգը։ — Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարեցի՞ր ինձ։ Հոգ չէ։ Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ։ Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով։ Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը։ Իսկ դուք, ողորմելի հիմարներ, — ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին,— դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով։ Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք…»։

Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը։ Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին․ —

«Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներին անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»։ Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով։—«Բայց ինչպես պիտի զարմանան, — շարունակում էր նա, երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս։ Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր

                                     » 

հայրը կարծեն, թե հենց երեկվա ինձ հասցրած վիրավորանքի համար եմ թողնում իմ ծառայությունը: Այդ ավելի կտաջե նրանց»:

Գևորգը դեռ չէր հասել գործարանի դռանը, և ահա ծերունի Գուստավը դիմավորեց նրան. բահը ուսին դրած նա գալիս էր պարտիզից Բայց նա յուր դեմքը չխոժոռեց, ինչպես Գևորգը գուշակել էր: Ընդհակառակը, շատ բարեսրտությամբ խոսեց նրա հետ:

—Գևորգ դու շատ ես ուշացել: Տեսնում ես, ծեր մարդ, վաղ առավոտվանից սկսած բանում եմ պարտիզի մեջ, իսկ դու կես օրը անցկացրել ես և հետո ես գալիս: Երիտասարդ մարդը ծերից ավելի պիտի գործ շինե, իսկ դու ընդհակառակն ես անում, մի՞թե այդ լավ է:

—Ես ուշացա նրա համար, պարոն Գուստավ, որ այսօրվանից վճռեցի թողնել իմ ծառայությունը ձեզ մոտ:

—Ինչպե՞ս թե վճռեցիք թողնել ձեր ծառայությունը,— զարմացմամբ հարցրեց Գուստավը:

—Այնպես էլի. վճռեցի, որ այսուհետև փականագործությամբ չպարապեմ:

—Դուք կատա՞կ եք անում:

—Բնավ. շատ լրջությամբ եմ խոսում:

—Ուրեմն գործարանատերերից մեկը ձեզ ավելի ռոճիկ է խոստացել հա՞,— հարցրեց Գուստավը, ձեռքի բահը տան պատի վերա հենելով:

—Ոչ պարոն Գուստավ: Ինձ ոչ ոք գործարանատերերից ոչինչ չէ խոստացել, այլ երեկվանից ես վճռեցի, որ ձեզ մոտ այլևս չծառայեմ:

—Ինչո՞ւ համար անպատճառ երեկվանից:

—Անուշտ նրա համար, որ երեկ վանդակներն իրեն շալակել տվինք, — այս խոքերով իջավ սանդուղքից Շառլոտան, որ մինչև այդ պատշգամբի վերա կանգնած լսում էր յուր հոր և Գևորգի խոսակցությունը:

Գևորգը Շառլոտային տեսնելուց մի տեսակ վրդովմունք զգաց սրտի մեջ և մի քանի քայլ անզգայաբար ետ քաշվեցավ: Օրիորդը կանգնեց Գևորգի հանդեպ:

—Ճշմարի՞տ, որ դուք թողնում եք մեր գործարանը, — հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:

— Այո՛… ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:

— Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞:

Գևորգը ոչինչ չպատասխանեց:

— Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ,— հարցրեց նորեն Շառլոտան:

— Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:

— Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ,— ասաց նրան Գուստավը:

— Նույնը ես էի ուզում ասել Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք,— ավելացրեց Շառլոտան:

— Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:

— Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ,— հարցրեց Գուստավը:

— Ո՛չ չեմ կարող:

— Հետո ինչո՞վ պիտի պարապեք…

— Ա՜խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, — բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, — եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան:

Յուր հաշիվը վերջացրեք և հետո՝ բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա:— Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:


Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց Գևորգի բախտը բանեց։ Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային…

— Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, — դարձավ դեպի նրան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ։

— Սպասեցեք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, — այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռռւբլ համարելով առաջարկեց Գևորգին, — տասը ռուբլի ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, — ասաց նրան, — իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք։

— Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը... կարծեմ ես նրան արժանի չեմ...

— Վերցրեք,— ընդհատեց նրան Գուստավը, — դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են։

— Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը։

— Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ,— այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ։

Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը։

— Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՜,— գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը։ Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ։ Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան։

— Տո, ո՞ւր ես կորչում,— հարցնում էր մեկը։

— Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, — հարցնում էր մի ուրիշը։

— Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե,— ավելացնում է մի երրորդը։

— Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ` մնա՛ք բարև։— Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ։ Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.

—Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:

—Ի՞նչ հիմարն ես,— վրա բերավ մի ռուս գործավոր,— չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար։

— Ինչպես և ռուսն ազատ արբելու համար,— ավելացրեց մի հայ երիտասարդ։

— Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ։— Ասաց Գևորգը և շտապով հեռացավ։

Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:

Զ

Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուսավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը։

Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթություներց էր վերադառնում։ Նա այժմ ազատ մարդ էր։ Նա բանվոր չէր։ Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր աշխարհ։ 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին։ Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ… բայց ո՞ր մեկը հիշել։ Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՜նչ նախանձելի բարձրության է հասնում նա։

Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնությունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գոլստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ։

— Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը...— նկատեց նրան մայրը։

— Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին,— շուտով ընդհատեց նրան Գևորգը,— այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածել, թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:

Թամարը լռեց:

— Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, — շարունակեց Գևորգը, — պետք է մի ձեռք նոր հագուստ գնել։

— Արա՛, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է։ Ես քեզ չեմ խանգարում։

— Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի։

Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր որդու խնայողություններից գոյացած բոլոր հարստությանը տասը ռուբլին, բերավ և տվավ նրան։

— Երկու ժամից ետ ես կվերադառնամ,— ասաց Գևորգը և փողը գրպանը դնելով դուրս պրծավ։

Կարճ միջոցի մեջ նա հանդիպեց բոլոր հագուստ վաճառողների խանութները։

«Լավը, գեղեցիկը և աժանը»,— կրկնում էր նա ամեն տեղ, բայց և ոչ մի տեղ այդ երեք հատկություններով հագուստ չէր գտնվում։

Ինչպես հայտնի է, դեռ մինչև այսօր աղքատի այդ երեք համառոտ պահանջները` «լավը, գեղեցիկը և աժանը» ոչ մի դերձակ կամ հագուստներ վաճառող չէ գոհացրել։ Բայց ի մեծ զարմացումն բոլորիդ, պիտի ասեմ, որ մի անմորուս հրեա այդ բավականությունը տվեց Գևորգին։ Մի րեդինգոտ, մի ժիլետ և մի վարտիք. շատ լավը, շատ գեղեցիկը և շատ աժանը նա յուր պահեստում գտավ Գևորգի համար, և միայն նրա համար: Գևորգը վճարեց քսան և հինգ ռուբլին և նոր հագուստների սեփականատեր դարձավ։ Հենց դրացի խանութում էլ նա գնեց մի նոր գլխարկ։ Այժմ ամեն բան պատրաստ էր:

Տուն վերադառնալով` Գևորգը յուր սրբազան պարտքը համարեց յուր նոր հագուստները հագնել և մի լավ դիտել յուր շնորհքը նոր սեփականության մեջ։

— Ի՞նչ սիրուն սազ է գալիս քեզ այդ տեսակ հագուստը, Գևորգ,— հիացմունքով բացականչեց Թամարը սենյակը մտնելով:

— Իրա՞վ, մայրիկ։

— Այո՛, շատ սազ է գալիս։ Կարծես հենց քեզ վրա ձևած է եղել։

— Գեղեցիկ է կարված, այնպես չէ՞։

— Շատ գեղեցիկ է. իրավ որ շատ գեղեցիկ է, բայց քանիսո՞վ գնեցիր։

—Քսան և հինգ մանեթով։

— Քսան և հի՜նգ, այդքան թա՞նկ։

— Մի՞թե թանկ է, մայրիկ. ընդհակառակը, շատ աժան է։

— Իհարկե, մեզ համար թանկ է: Ի՞նչ է մեր աշպատանքը, որ քսան ու հինգ մանեթանոց շորը մեզ համար թանկ չերևա:

—Ա՜խ, մայրիկ ճշմարիտ, որ դու մոռացել ես Սոմարյանցի տան անցքը: Ախր չէ՞ որ մենք այժմ հարուստ ենք, չէ որ 4500 ռուբլոց ավելի փողը մեզ կտա՞ն, թե՞ ոչ:

-Է՜հ, մայրիկ, դու միշտ միևնույնն ես կրկնում: Չէ՞ որ քեզ հարյուր անգամ ասացի, թե այդ մարդիկը խաբեբաներ չեն: Ախար ինչու՞ համար ես կասկածում նրանց վերա: Դու խո անձամբ նրանց չես ճանաչում, նրանց վերա մի վատ բան լսած չունիս:

-Ես ինքս չգիտեմ որդի, թե ինչու համար եմ կասկաում, միյն թե սիրտս վկայում է, որ այդ մարդիկ մեզ դժբախտացնելու են. պետք է, որ դու չհեռանայիր Գուստվից:

-Ա՜խ, մայրիկ, միշտ վատ բաներ ես մտածում: Ուրեմն աշխարքի մեջ ոչ ոքի չպետք է հավատալ, քանի որ Սոմարյանցի տան մեջ գտնվող պատվելի և զարգացած հյուրերն էլ խաբաբաներ են եղել: Եվ վերջապես, նրանք ինչ շահ ունեին ինձ խաբելուց. ո՞վ էր նրանց ստիպում ինձ համար այդ տեսակ խոստմունքներ անել, փողեր ստորագրել. ոչինչ չեմ հասկանում: Սխալվում ես, շատ ես սխալվում, մայրիկ:

Թամար ոչինչ չպատասխանեց. նա գնաց ընթրիք պատրաստելու:


Է

Առավոտյան շատ վաղ էր զարթել Գևորգը: Պետք է, որքնա կարելի էր, շենք ու շնորհքով պատրաստվեր նա յուր բարերարների այցելելու համար: Այդ պատճառով և ջուր ու սապոն չխնայեց: Առաջին անգամ նա յուր կյանքում սապունով երեսը լվացավ: Այդ բանը մ քանի օր առաջ նա դարձյալ կանացիություն կանվաներ. բայց այժմ հանգամանքները փոխվել էին, չէր կարելի նրանց չհարմարվել:

Նոր հագուստներն այս առավոտ ավելի գեղեցիկ էին: —Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին. եթե այս պատրասությամբ այցելեմ նրանց, — խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:

—Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, — հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:

—Այո՛, գնում են. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:

—Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:

Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ում մոտ պետք է գնար:

«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», — վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:

Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:

Եեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:

— Ու՞մն եք կամենում, պարոն:

— Պարոն բժշկին, տա՞նն է նա:

— Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:

— Ո՞ր ժամին կարող եմ տեսնել՞:

— Տասին, — պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:

«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու, նա անշուշտ զարթած կլինի», — խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:

Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:

— Ու՞մն եք կամենում, — հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցին ծառան այս հարցով:

— Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:

— Ոչ նա դեռ քնած է,— եղավ ծառավ պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ: «Դարձյա՞լ քնած։ Հաջողությամբ չէ սկսվում գործս. մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա։ Տեսնենք»:

Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին։

Մի ժամից հետո տասը լրացավ։ Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը։ Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր։

— Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան,— պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը» հարցին։

Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ յուր բնական մթին կերպարանքն առավ։

— Ի՞նչ եք հրամայում,— դարձավ նա Գևորգին:

— Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին,— ակնածությամբ պատասխանեց Գևորգը:

— Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում,— հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով։

— Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար։

— Այո, հիշում եմ: Դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ։ Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը,— ավելացրավ բժիշկը:

— Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի։

— Ի՞նչ եք ասում,— կես զարմացած գոչեց Դուդուջկյանը: —Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:

—Զեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:

—Բայց ես ձեր պատվերը կատարեցի:

—Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:

—Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիկ, — հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:

—Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի տունը: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավքե և հարկավոր հագացողությունը անե ձեզ համար։ Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար։

—Մեծապատիվ շնորհակալ եմ ձեզանից, պարոն բժիշկ․ միայն թե դուք բարեհաճեիք…

—Ո՛չ, ո՛չ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անելու, դուք դիմեցեք պարոն Տանպետյանցին, նա ամեն բան կհոգա,—այս խոսքերով ընդհատեց բժիշկը Գևորգին և մտավ յուր առանձնարանը:

Գևորգը նույնպես դուրս գնաց: Սանդուղքներով իջնելիս քիչ էր մնում, որ նա գլխի վերա ցած գլորվեր, այնքան նա վրդովված և շփոթված էր: Վերջապես նա դուրս գնաց փողոց:

Դրսի օդը նրան մի փոքր օգնեց: Նա կանգնեց բժշկի տան մուտքի մոտ և ընկավ խորը մտածության մեջ: «Եթե գործն այսպես շարունակվի, ի՞նչ կլինի իմ ապագա վիճակը,— շշնջաց նա, բայց մի քանի րոպեից հետո սիրտ առնելով, քայլերը շտապեցրեց դեպի Տանպետյանցի տունը:

—Ուշացաք, պարոն, իմ աղան արդեն դուրս գնաց և նա ժամը երկուսին կվերադառնա, — եղավ Տանպետյանցի ծառայի պատասխանը:

Գևորգը մնաց շվարած:

«Այժմ ի՞նչ պատասխան տանեմ մորս, նա սպասում է ինձ, — մտածեց ինքն իրեն Գևորգը, — առաջին քայլափոխում իսկ ես անհաջողության եմ հանդիպում… Եվ եթե այսպես շարունակվի՞ … եթե իմ մոր գուշակությունները կատարվեն... Օ՜հ ես այն ժամանակ ինձ ջուրը կձգեմ...— Բայց ի՞նչ հիմարն եմ ես,— նորեն սիրտ էր տալիս իրեն Գևորգը,— դեռ ինչ է պատահել, որ ես այսպես հուսահատվում եմ: Բժիշկն ինձ այնպես մի մերժողական բան չասաց: Նա կրկնեց այն ինչ որ ինձ ասել էր խնջույքի երեկոյին. նա խորհուրդ տվավ Տանպետյանցին տեսնել: է՜հ սրան էլ չկարողացա տեսնել որովհետև ուշացա. ինչ վնաս. հիմա չլնի երկու ժամեն լինի: Կտեսնվենք կխոսենք դեռ ժամանակ ունինք:

Այս մտածմունքներով քաջալերում էր իրեն Գևորգը և աշխատում էր զոռով ցրել այն անձուկը որ յուր կամաց հակառակը գալիս ծանրանում էր իր սրտի վերա: Այս պատճառով իսկ նա յուր քայլերը դարձյալ ուղղեց դեպի այգին: Ա«յնտեղ կզբոսնեմ մինչև որ երկու ժամը կլրանա» — մտածեց նա և խառնվեցավ այգու ճեմելիքները լցնող ամբոխի մեջ:

Ը

Չնայելով որ այդ օրվա տոնի պատճառով այգին շատ զվարթ կերպարանք էր առելլ որ նրա բոլորը ճեմելիքները լցված էին բազմությամբ որ երաժշտական խումբը գրավիչ եղանակներով նվագում էր, այսուամենայնիվ, այն երեք ժամերը, որ Գևորգն ստիպված էր այստեղ անցկացնել չափազանաց երկարեցան: Գևորգին թվում էր թե այդ երեք ժամվա միջոցում նա մի քանի հարյուր անգամ պտտել ամբողջ այգին:

Վերջապես, զինվորանոցի ժամացույցը զարկեց ցանկալի երկու ժամը:

Մի քառորդ ժամից Գևորգն արդեն բազմած էր պարոն Տանպետյանցի շքեղ ընդունարանում:

-Ա՜, այս դո՞ւք եք բարով. հիշում եմ. այն երեկոյան դուք մեզ մեծ հաճություն պատճառեցիք ձեր գեղեցիկ երգերով: Նստեցեք խնդրեմ: Այս սիրալիր խոսքերով ընդունեց տանուտերը Գևորգին և ապա բազկաթոռի մեջ խրվելով հարցրեց.

— Ինչո՞ւ համար եք շնորհ բերել:

— Ինձ ուղարկեց ձեզ մոտ պարոն Դուդուկջյանը:

— Ա՜, մեր բժի՞շկը:

— Այո՛, պարոն բժիշկը։

— Շատ գեղեցիկ. հրամայեցե՛ք, լսում եմ։

— Պարոն բժիշկն ասաց, որ իմ մասին ձեզ հետ խոսեցած է պարոն Սոմարյանցի տանը...

— Ի՞նչ, չեմ հիշում։

— Այն, որ ինձ համար ստորագրություն բացվեցավ և ինձ Պետերբուրգ.․.

— Այո՛, այո՛, այդպիսի մի բան հիշում եմ, շարունակեցեք խնդրեմ։

— ...Եվ ինձ Պետերբուրգ ղրկելու համար փող ստորագրեցին պ. պ. հրավիրյալները։

— Այո՛, հիշում եմ, հետո՞։

— Այժմ պարոն բժիշկն ասում է, որ ստորագրության թերթը ձեզ մոտ է գտնվում... — Այո՛, կարծեմ ինձ մոտ է։

— Ես եկա ձեզ խնդրելու, որ բարեհաճեք փողերը ժողովել, որպեսզի կարողանամ...

— Որ կարողանաք գնալ Պետերբո՞ւրգ։

— Այո՛։ — Ա՛, սիրելի բարեկամ, այդպես հեշտությամբ կարծում եք կարելի՞ է մեր մարդիկներից փող ժողովել, որ դեռ դուք էլ Պետերբուրգ գնաք։

— Բայց ես ձեր և պարոն բժշկի հրամանով արդեն թողել եմ իմ պաշտոնը, ինձ համար դժվար է երկար պարապ մնալը։

— Ի՛նչ պաշտոն եք թողել։ Դուք պաշտո՞ն ունեիք:

— Դուք, ինչպես երևում է, իմ մասին ամեն բան մոռացել եք, ես փականագործի մոտ էի. դուք այս մասին ինձանից տեղեկություններ ստացաք պարոն Սոմարյանցի տանը։

— Այո՛, այո՛, այժմ հիշում եմ. դուք պատմեցիք, որ փականագործի մոտ եք լինում: Եվ. դուք թողե՞լ եք արդեն այդ պաշտոնը:

—Այո՛:

—Շատ լավ եք արել: Այդ տեսակ գծուծ պաշտոնը ձեզ վայել չէ, դուք շնորհալի տղա եք և կարող եք ուրիշ լավ գործերում առաջ գնալ:

Գևորգը, որ մինչև այն սաստիկ տագնապի մեջ էր, այս խոսքերից հետո մի փոքր շունչ առավ:

— Այժմ ի՞նչ ենք հրամայում, որ անեմ, — դարձավ նա Տանպետյանցին:

— Մի փոքր ինձ ժամանակ տվեք: Այս քանի օրը ես խառնված եմ սեփական գործերով: Ազատ գործեր գտնելուց ամիջապես ձեր մասին հարկավոր հոգացողություն կանեմ:

— Ուրեմն եր՞բ կհրամայեք, որ կրկին ներկայանամ ձեզ:

— Երկու շաբաթից հետո:

—Բայց այդ շատ երկար ժամանակ է ինձ համար, պարոն Տանպետյան:

— Ուրիշ կերպ անկարելի է, սիրելի բարեկամ, երկու շաբաթում էլ հազիվ կարելի է տեսնել ստորագրվող պարոների հետ:

Գոնե, կարո՞ղ եմ հուսալ, որ այդ փողերը կժողովվի և ես կերթամ Պետերբուրգ մի բան սովորելու:

— Իհարկե, բարեկամ, իհարկե: Դուք դեռ երիտասարդ եք, դուք շատ բան կարող եք սովորել այսուհետև:

— Ուրեմն երկու շաբաթից հետո ներկայանա՞մ ձեզ, — տեղից բարձրանալով հարցրեց կրկին Գևորգը:

— Այո՛, այս կյուրակե չէ, մյուս կյուրակե: Այս երկու շաբաթում դուք կարող եք մի բանով պարապել, օրինակ հենց. ռուսերեն լեզվով:

— Եվ մինչև այն դուք կհոգա՞ք իմ մասին...

— Այո՛, այո՛, միամիտ եղեք. կաշխատեմ, որքան կարող եմ:

— Մեծապես շնորհակալ եմ, պարոն Տանպետյան, դուք մեծ բարերարություն եք անում ինձ և իմ խեղճ մորը, մենք երկուսս էլ անպաշտպան ենք և կարոտ ձեր նման բարի մարդիկների օգնությանը:

— Այո՛, մեր պարտքն է, կաշխատենք:

— Ուրեմն…

— Գնացե՛ք, միամիտ եղեք, անպատճառ կաշխատենք:

Գևորգը շատ խոնարհ գլուխ տալով դուրս եկավ սենյակից:

— Ավռաամ, ո՞վ էր այդ երիտասարդն, — ընդունարանը մտնելով հարցրեց ամուսնուց տիկին Ելիզավետա Սերգեևնան, այդպես էր կոչում դրան պարոն Տանպետյանցը:

— Մի խեղճ տղա է, լավ երգում է: Անցյալ երեկոյան Սոմարյանցի տանն էր:

— Իսկ քեզ մոտ ինչու՞ համար էր եկել:

—Դրա համար այնտեղ ստորագրություն էինք բացել Պետերբուրգ ղրկելու նպատակով: Ստորագրության թուղթը ինձ մոտ էր, եկել էր խնդրելու, որ սկսենք փողերը ժողովել:

—Շա՞տ ստորագրեցին:

—Ոչինչ չեմ հիշում: A՚propos, Ելիզավետա, հանիր խնդրեմ իմ այն ավուր հագած րետինգոտի գրպանից այդ թուղթը և բե՛ր ինձ: — Ելիզավետա Սերգեևնան հնազանդվեցավ:

— Տեսնենք, դու ո՞րքան ես ստորագրվել, — դարձավ նա ամուսնուն, թուղթը ձեռքին սենյակը մտնելով:

—Տո՛ւր տեսնեմ, չգիտեմ:

—Տե՛ս, եթե տասը ռուբլուց ավել ստորագրած լինիս, ականջդ պիտի քաշեմ, — ասաց նա քնքշաբար և թուղթը հանձնեց մարդուն:

—Ա՞յս ինչ է, — վախեցած վեր թռավ Տանպետյանցը, թղթին նայելուց հետո:

—Ի՞նչ պատահեցավ, անհանգստությամբ հարցրեց նրան տիկինը:

—Վա՜, վա՜, գժվա՞ծ եմ եղել, — բացականչեց Տանպետյանցը, — առանց կնոջ հարցին ուղղակի պատասխանելու:

—Ի՞նչ պատահեց քեզ, Ավռաամ, ասա՛ է՜, տասը ռուբլուց ավել ես ստորագրվել, հա՞, — Ի՞նչ տասը, ի՞նչ քսան, ի՞նչ հիսուն…

— Բա ո՞րքան:

— Հինգ հարյուր, տո՜, հինգ հարյու՜ր:

— Ասա ճիշտ գժված ես եղել էլի՜:

— Գժվածն էլ խո պոզեր չի՞ ունենա:

Դե լավ, ստորագրվել ես, ստորագրվել. խո այդքան փողը չե՞ս վճարելու:

—Իհարկե չեմ վճարելու: Արբած մարդիկ ենք եղել, գինին ինչ որ հրամայել է, արել ենք էլի. չ՞ես տեսնում մեր Սոմարյանցն էլ հինգ հարյուր ռուբլ է ստորագրել:

—Բրավո՜, բրավո՜, մեծ գործ եք կատարել, լավ է, որ չեք ամաչում, — այժմ խստությամբ նկատեց տիկինը:

—Բայց, Ելիզավետա, տե՛ս, աստծո ողորմությունը ինչպես է հասել, որ թուղթը մնացել է ինձ մոտ, թե չէ այն անպիտան Սլաքյանի ձեռքն ընկներ, բոլորովին էլ կխայտառակեր:

—Նա ի՞նչ ունի ձեզ հետ:

—Օ՜, օ՜, նա վատ մարդ է. այսպիսի դեպքերում նա սատանայից էլ չար է: Նրա կարծիքով թե արբած և թե լուրջ ժամանակ, միշտ միևնույն մարդը պիտի լինիս. ինչ խոստացել ես, պիտի կատարես:

—Որովհետև աշխարհում այդ տեսակ մարդիկներ էլ կան, ես նրանց աչքը, ա՜յ, այսպես կհանեմ, —այս ասելով տիկին Տանպետյանցը խլեց մարդու ձեռքից ստորագրության թուղթը և պատռեց:

—Օ՜, օ՜, այդ լավ չարիր, Ելիզավետա, այդ լավ չարիր,—արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ բացականչեց Տանպետյանցը:

—Շատ լավ արի: Թող այդ տեսակ թղթերը ոչ մնան, ոչ էլ ընկնեն Սլաքյանի նման չար մարդկանց ձեռքը: Այս ասելով դուրս գնաց տիկինը, պատռոտած թղթի կտորտանքը դուրս թափելու համար:

Ամուսինը հետևեց նրան:

—Ելիզավետա, թո՛ղ գոնե այդտեղ ստորագրվողներից մի քանիսի անունները նշանակեմ իմ հիշողության տետրակում, նա ինձ կհարկավորվի:

Թ

Գևորգը բոլորովին գոհ դուրս գնաց Տանպետյանցի տնից: Վերջինս իրեն արած խոստումը այս անգամ ավելի վստահության արժանի համարեց նա:

Տուն հասնելով՝ նա ուրախությամբ հայտնեց մորը, որ երկու շաբաթից հետո անպատճառ ամեն բան վերջացած կլինի, փողերը կհավաքվին և ինքը կճանապարհվի Պետերբուրգ:

Այս անգամ Թամարն էլ մի փոքր ավելի հավատաց, որովհետև նոր խոստումը խնջույքի մեջ չէր արված, այլ սեփական տանը և սառը գլխով: Իսկ հավատալուց հետո, իհարկե, չէր կարող չխնդակցել որդուն:

Այժմ մնում էր Գևորգին այս երկու շաբաթվա մեջ մի բանով զբաղվիլ: Նա սովոր չէր պարապ ժամանակ անցնելուն:

Նա միանգամայն մոռացության տվեց այն ամենն, ինչ որ վերաբերվում էր յուր փականագործական արհեստին, և սկսեց ամենայն օր հաճախել գրադարանները, տեսնվում էր յուր դպրոցական ընկերների հետ, ներկա էր գտնվում նրանց ժողովներին, ուսումնական վիճաբանություներին: Վերջինների շնորհիվ նա ծանոթացավ և նոր ուսանողների հետ:

Նա մինչև անգամ սկսեց այցելեց և հայոց հոգևարք թատրոնը, յուր համար տոմսակ առնելով, իհարկե, առայժմ գալերեայում:

Միով բանիվ նա դարձավ անդամ երիտասարդական այն շրջանների, որոնք բախկացած են հայոց դպրոցների և գիմնազիոնների ուսանողներից, դերասանությունը սովորող տղաներից, լուսավորության բարեկամ գործակատարններից, հեղինակներ լինելու համար պատրաստվող երեխաներից, տղայական խմբագրության անդամներից և այլն, և այլն, որոնց գլխավոր և սրտին ամենամոտիկ պարապմունքը ոչ թե մի բան սովորելն էր լինում, այլ ընդհանրապես սովորեցնելը դատելը, վճռելը, չգիտցած և չսովորած բաների վրա վիճաբանելը, արժանավոր մարդիկների վրա հանդգնությամբ վայրահաչելը և այլն, և այլն:

Գևորգի ժամանակն այս շրջաններում տխուր չէր անցնում: Նա կարողացել էր նրանց մեջ յուր համար առանձին տեղ գրավել:

Բոլորը գիտեին, որ նա պատրաստվում է Պետերբուրգ գնալու, որովհետև հասարակությունը որդեգրել է նրան և մեծ գումար է հավաքել նրա համար. այս պատճառով և մի առանձին համակրությամբ էին վերաբերվում դեպի նրա անձնավորությունը: Մինչև անգամ երիտասարդների մի որոշ խումբ աշխատում էր մի առանձին մտերմություն հաստատել նրա հետ, յուր այս կամ այն նպատակներին նրան գործիք դարձնելու համար:

Իհարկե, բոլորն էլ լավ էին անում, բոլորն էլ իրավունք ունեին, բայց մենք կդառնանք մեր պատմության:

Ժ

Վերջապես երկու շաբաթը լրացավ: Նշանակված կյուրակե օրը Գևորգն ըստ պատշաճի հագնվեցավ և դիմեց պարոն Տանպետյանցի տունը: Հասնելով նրա մուտքին՝ Գևորգի սիրտն սկսավ անհանգստությամբ տրոփել:

— Արդյոք ի՞նչ պատասխան առներ նա Տանպետյանցից: Կարողացե՞լ էր նա փողերը ժողովել կամ իրեն Պետերբուրգ ղրկելու համար հոգացե՞լ էր մի բան: Այս հարցերը սաստիկ անհանգստացնում էին նրան:

Պարոն Աբրահամ Տանպետյանցն այսօր տանն էր: Նա առանց ուշացնելու ընդունեց Գևորգին դարձյալ յուր շքեղ ընդունարանում:

—Ցավալի լուր պետք է հաղորդեմ ձեզ, սիրելի բարեկամ,— այս խոսքերով դարձավ նա Գևորգին, — իմ այսքան օրվա անխոնջ աշխատությունս իզուր անցավ, ոչ ոք չկամեցավ յուր ստորագրած գումարը վճարել:

— Ի՞նչպես թե չկամեցավց … — երկյուղից դողալով հարցրեց Գևորգը,— ուրեմն ինչու՞ էին ստորագրում … ինչու՞ իզուր տեղից ինձ…

—Այո՛, այո՛, իրավունք ունիք, — ընդմիջեց նրան Տանպետյանցը,— դուք կամենում եք ասել՝ ինչո՞ւ, ուրեմն, խոստացան ձեզ, այնպես չէ՞:

—Ոչ, հարգելի պարոն, ո՛չ, խոստանալ և չտալն իրենց կամքից է կախված, ես կամենում եմ ասել՝ ինչու, ուրեմն, ինձ ստիպեցին իմ պաշտոնը թողնել, իմ մի կտոր հացից զրկվել:

—է՜հ, այդտեղ դուք անարդար եք խոսում, բարեկամ, ձեզ շատ բան կարող են ասել, մի՞թե բոլոր ասածներին պարտավոր եք լսել: Ձեր պաշտոնը մանավանդ, դուք իրավունք չունեիք թողնելու, քանի որ խոստացվածը դեռ առձեռն պատրաստ չէր. այստեղ դուք եք մեղավոր:

Գևորգը չափազանց զայրույթից գունաթափվեցավ. նա ամբողջ մարմնով դողում էր:

—Հարգելի պարոն, ես ոչինչ մեղք չունիմ այստեղ: Ձեր պարոն բժիշկը պատվիրեց ինձ անպատճառ թողնել իմ գծուծ պաշտոնը, որովհետև դուք բոլորդ ապահովացրիք ինձ ձեր պատվավոր ստորագրություններով, և ես ձեզ լսելով, իբրև պատվավոր մարդիկների, թողեցի իմ պաշտոնը…

—Դուք, պարո՛ն, արդեն սկսում եք անքաղաքավարի խոսել, ես շատ չեմ համբերում այդ տեսակ վարմունքին,— երեսը խոժոռելով նկատեց Տանպետյանցը:

Գևորգը զգաց իսկույն յուր թշվառ և անզոր դրությունը, և նա սկսավ աղաչավոր ձայնով.

—Ներեցե՛ք ինձ, հարգելի պարոն, եթե ես համարձակվեցա անքաղաքավար գտնվել ձեր առաջ. բայց հավատացեք, որ ես արժանի եմ ձեր կարեքցության: Ես թողել եմ իմ պաշտոնը, որի միակ արդյունքովը կերակրում էի ինձ և իմ խեղճ մորը, ես թողել եմ նրան ձեր հույսով, ձեր բարերարության վրա վստահանալով. դուք չպիտի կամենաք թշվառացնել մեզ, մենք աղքատ ենք, հավատացեք, մենք անպաշտպան ենք… — և այս խոսքերի հետ նա սկսավ դառնապես լալ:


—Իզուր եք լաց լինում բարեկամ, — մի փոքր մեղմությամբ պատասխանեց Տանպետյանցը, - ես ինչ որ հարկավորն էր արել եմ, խնդրել եմ, ստիպել եմ, մինչև անգամ աղաչել եմ։ Բայց երբ մարդիկ չեն կամենում զոռով խո նրանցից փող խլել չէի կարող։ Ավելի լավ է, դարձյալ դուք գնաք ձեր պաշտոնը խնդրեք, և միառժամանակ պարապեք նրանով, մինչև որ մենք տեսնենք, թե այս մեր ժլատ հայերի հետ ինչ ենք անում։

—Օ՜հ, այդ մի ասեք պարո՛ն, ես ավելի շուտ ինձ ջուրը կձգեմ…

—Ինչու՞ համար, — զարմացմամբ հարցրեց Տանպետյանցը:

—Այո՛, չեմ կարող. Գուստավը քանի՜-քանի՜ անգամ խնդրեց, որ ես իմ պաշտոնը չթողնեի, ես նրա խնդիրքը մերժեցի, այժմ ի՞նչ երեսով կարող եմ գնալ նորեն նրա մոտ:

Այդ երեխայություն է. ուրիշ ոչինչ:

— Ո՛չ պարո՛ն, ես իմ խոսքի տերն եմ, թեպետ աղքատ։

— Էհ, ուրեմն, ազատ եք, արեք ինչ ուզում եք. ես սրանից ավելի ոչինչ չեմ կարող անել ձեզ համար:

Գևորգը մնաց շվարծ, և չգիտեր ի՞նչ ասեր:

— Շնորհեցեք ինձ այն ստորագրության թուղթը,— խոսեց նա վերջապես,— գուցե ես կկարողանամ մի բան ստանալ ստորագրող պարոններից:

— Բոլորովին իզուր կաշխատեք, ես՝ ումնից որ պահանջել էր՝ պահանջեցի. դուք ինձանով ավելի ազդել չեք կարող:

Այսուամենայնիվ,— ավելացրեց նա, — ես ձեզ կտամ մի տասը մարդկանց անունները, նրանք ամենից հուսալի անձիքներն են, փորձեք, դիմեցեք նրանց, գուցե ձեզ կհաջողվի մի բան ստանալ:

Եվ նա յուր հիշողության տետրեկը հանալով գրեց մի թղթի վերա ա՛յն անունները, որը ստորագրության պատռտած թերթից հանել էր, տվավ Գևորգին: Այնտեղ Սոմարյանցի անունն էլ կար յուր 500 ռուբլի հետ միասին: Գևորգն այն նկատելով մի փոքր ուրախացավ։ «Եթե Պետերբուրգ չգնամ, գոնե միառժամանակ կառավարվելու համար փող կունենամ»,— մտածում էր նա։

— Իսկ դուք պիտի վճարե՞ք ձեր ստորագրած 500 ռուբլին, այնպես չէ՞,— հարցրեց Գևորգը Տանպետյանցին։

— Ի՞նչ 500 ռուբլ։

— Դուք այդչափ չստորագրեցի՞ք, միթե։

— Հա՜, հա՜, հա՜,հա՜,— բարձրաձայն սկսավ կարկաչել պարոն Տանպետյանցը, Գևորգի ուսը քնքշաբար ծեծելով։— Ի՜նչ միամիտ եք, ի՜նչ բարի եք. ո՞վ ասաց ձեզ, թե ես 500 ռուբլ եմ ստորագրել:

— Ես ինքս լսեցի, երբ դուք բարձրաձայն արտասանելով ստորագրեցիք։

— Հա՜, հա՜, հա՜,— նորեն ծիծաղեց Տանպետյանցը,— ես այնպես բարձրաձայն արտասանեցի կատակի համար, բայց ստորագրածս իսկապես քսան և հինգ ռուբլ էր. դա էլ քիչ փող չէր, իհարկե։ Բայց դեռ գնացեք, հեշտ է, թե մյուս ստորագրողները փող կտան, ես էլ մի բան կտամ։— Այս ասելով ողջունեց նա Գևորգին, և առանց նորա ողջույնն առնելու, մտավ մյուս սենյակը։

Գևորգը նույնպես դուրս գնաց։

ԺԱ

Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած. յուր ինչ անելիքը չգիտեր։

«Աստվա՜ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ,— մտածում էր նա,— մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր։— Բայց... ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն 19—Մուրացան, հատոր l բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի... ես թշվառացրի նրան և ինձ...»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:

Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձերքում: — «Այդպիսով ոչինչ չի դառնալ,-մտածում էր նա, -ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ. պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ... այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմ... այն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:

Այս խորհուրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել՝ «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին լսելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրար դատապարտեց յուր պաշտոնը թողնելու համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ։ Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից։ Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարղ այդպիսի ժամանակ այցելու ընդուներ։ Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը է 10-11-ը։

Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում․ նա չգիտեր ո՞ւմ է գնում, ո՞ւմ է պտռում։ «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» — այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե։ Արդեն ութ անձինքներից և ոչ մեկի մոտ ցանկացած ընդունելություն չգտավ. բայց նա դեռ հույս ուներ, թե մնացած երկուսը անպատճառ ավելի բարի և մարդասեր պիտի գտնվեին: Անցավ մի երկու ժամ: Վերջապես նա դիմեց իններորդին, նա քնած էր, տեսնել անկարելի է: Դիմեց տասներորդին, նա նույնպես քնած էր:

Վերջապես: Ի՞նչ պետք էր անել այժմ: Գևորգը ոչինչ չգիտեր: Նա այժմ մտածելու էլ անընդունակ էր դարձել: Ամբողջ օրը մի պատառ չէր դրել բերանը, բայց նա քաղցածություն անգամ չէր զգում: Նա այժմ մի բան էր միայն ցանկանում, հեռանալ, հեռանալ որքան կարելի է մարդիկներից, ընկնել մի ամայի, մի անբնակ տեղ… Եվ նա գնում էր առանց մտածելու, առանց աջ ու ձախ նայելու…

Թողենք նրան հանգիստ. և ես ձեզ կպատմեմ, թե ինչու՞ համար բոլոր այս տասը մարդիկներից գեթ մեկի մոտ նա ոչինչ հաջողություն չգտավ:

Գևորգը Տանպենտյանցի այցելելու առաջին օրից երկու օր հետո, պարոն Տանպետյանցն ընտանեկան երեկույթի ժամանակ գտնվում էր կլուբում: Նա այդտեղ պատահեց շատերին ա՛յն պարոններից, որոնք իրեն հետ միասին հրավիրված էին եղել Սոմարյանցի տանը: Միջերնին խոսք բացվելով, նա հիշեցրեց նրանց այն ստորագրության մասին, որով նոքա փող էին խոստացել մեր երգչին Պետերբուրգ ղրկելու համար: Այդ հիշեցնելը ներկա եղողներին շատ դուր չեկավ: Տանպետյանցը նկատեց, թե ինչպես նրանցից մի քանիսը երեսները թթվացրին, մյուսները կամանց-կամանց պատրաստվում էին հեռանալ, իսկ մի երկու տաք-գլուխները բարկացած զարմանք հայտնեցին, որ Տանպետյանցը թույլ է տալիս իրեն հիշեցնել նրանց մի խոստման և ստորագրության մասին, որը նրանք արել են արբած և հիմարացած ժամանակ: Պարոններից մեկը մինչև անգամ հայհոյեց բժիշկ Դուդուկջյանին, որ նա քաջ իմանալով հյուրերի արբած լինելը, դարձյալ հանդգնել էր մի այդպիսի ստորագրության թուղթ բանալ նոցա առաջ և այսօրվա համար մի խայտառակության գործ պատրաստել:

Տանպենտյանցի ուզած էլ հենց այդ էր: Տեսնելով յուր բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց, նրանց թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել արբած ժամանակի խոստումը կատարելուց:

—Կեցցե՜, կեցցե՜ Ելիզվետա Սերգեևնան, — գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:

Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորը արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան:

Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:

Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար, բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:

Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար. ահա՛ իմ տեղը,—և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը,— բայց ի՞նչ եմ անում ես»—գոչեց նա հանկարծ և սոսկալով հետ դարձավ:

«Հիմար, հիմար,—խոսում էր նա ինքն իրեն—, ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլելով դիմեց դեպի քաղաքը:

Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն:

ԺԲ

Թամարը շատ չէր անհանգստացել յուր որդու ուշանակու վերա: Նա կարծել էր, թե հարուստ բարերարներից մեկն այդ օրը հյուրասիրել էր յուր Գևորգին: Բայց նա ամբողջ մարմնով սոսկաց, երբ Գևորգը յուր գլխով անցածը բոլորը պատմեց: Նա չսոսկաց նրա համար, որ բարերարները մերժել էին յուր որդուն խոստացած օգնությունը, այլ սոսկաց նրա համար, որ նոցա շնորհիվ պիտի հավիտյան կորցներ յուր որդուն:

—Դու ոչ մի բանի վերա մի մտածիր, Գևորգ, հոգյակս, ես դարձյալ լվացքարանը կմտնեմ, ես կաշխատեմ և կպահեմ քեզ, քանի ուժ ունեմ. միայն թե դու ողջ—առողջ ման գաս իմ աչքերի առաջ, մինչև որ ես գերեզման կմտնեմ…— Ասում էր նրան Թամարը, աշխատելով սփոփել յուր որդու հուսահատությունը:

Այս անգամ նա չէր հիշում մինչև անգամ այն գուշակությունները, որ նա արել էր օրերով առաջ. նրա միակ մտածությունը յուր որդու տխրությունը փարատելն էր:

Գևորգը հետզհետե սիրտ էր առնում. նրան սպանող հուսահատությունն անցնում էր:

—Ես դեռ կստիպեմ այդ մարդկանց իրենց ստորագրությունը հարգել, — ասում էր նա, քաջալերվելով մոր գորովալիր խոսքերով,— ես այդ մարդիկներից այդպես շուտով ձեռք չեմ վերցնիլ:

Բայց իսկապես ի՞նչ կարողացավ անել նա. ոչի՛նչ:

Անցան օրեր, անցան շաբաթներ: Եվ Գևորգն անընդհատ դիմում էր մերթ սրան, մերթ նրան, խնդրում էր, աղաչում էր, բայց իզուր, ոչ ոք նրան խնդիրն ուշադրության չառավ:

Եվ նա սովորեց միայն փողոցներում այդ պատրվակով թափառել:

Մի ամիս անցավ: Թամարի բոլոր խնայողությունը ըսպառվեցա. մի քանի օր շարունակ մայր և որդի ցամաք հաց էին ուտում. մի օր մինչև անգամ նրանք քաղցած անցրին:

Թամարի բոլոր աշխատությունը Գևորգին նորեն Գուստավի մոտ ղրկելու համար՝ ապարդյուն անցավ: Նա ավելի նախապատիվ էր համարում մեռնիլ, կան Քռի մեջ խեղդվիլ, քան նորեն Գուստավին դիմել, նրա աղջկա արհամարհանքը տանել և յուր ընկեր-բանվորների մոտ ծիծաղի առարկա դառնալ:

Ուրիշ գարծարար էլ նա մտնել չհամաձայնվեցավ, որովհետև Սոմարյանցի տանը հասկացրել էին, որ ինքը մեծ մարդ է, և այդ գիտեին յուր նոր բարեկամները, դպրոցական աշակերտները, լուսավորության բարեկամ գործակատարները, դատելու ու վճռելու վարդապետ տղաները, և նա նրանցից ամաչում էր:

Ի՞նչ պետք էր անել, ուտելու հաց չկար:

Վերջապես խեղճ Թամարը նորեն մտավ լվացքարան, բայց այս անգամ 20 ռուբլով, որովհետև նա առաջվան ուժը չուներ և նրան ավելի չվճարեցին:




Եվ դուք ի՞նչպես վարվեցիք խեղճ փականագոծի և նրա մոր հետ, դո՛ւք, փայլուն հասարակության զարգացած անդամներ: Դուք ձեր ոգևորության մեջ ճառեր խոսացիք, խոստումներ արիք, ձեր անտեղի գովեստներով խեղճ երիտասարդին փչացրիք, զրկեցիկ նրան յուր պաշտոնից, թշվառեցրիք նրա ապագան, ուժասպառ մորը նորեն լվացքարան ղրկեցիք... և հե՞տո — ոչինչ. դուք ավելացրիք մեկն ա՛յն դատարկապորտ տղաներից, որոնք բուլվարների վերա օրն ի բուն շրջում են պարապ, անգործ, որոնք դատում են, վճռում են, դատապարտում են և առանց մի բան գիտենալու, առանց մի բան սովորած լինելու, ամենակար և ամենագետ են:

Ահա՛ ձեր գործը: