Հարուստները զվարճանում են

Հարուստները զվարճանում են

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հանգված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներ—կոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:

«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստների, կամ գոնե հարուս երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական, մրցումից չէին վախենում:

Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի երեք նորատի կարողուհիները։ Սրանք բոլորն էլ հայուհիներ էին, խեղճ ընտանյաց աղջիկներ, որոնք կարանոցում հենց նոր էին ավարտել մի մեծ աշխատանք և Բերնարն արձակել էր նրանց մի փոքր ժամանակով այգում զբոսնելու համար:

Հեղինեն, որին յուր ընկերուհիները Ելենա էին կանչում, յուր ընկերուհիների մեջ փայլում էր յուր արտաքո կարգի գեղեցկությամբ: Նրա բարձր հասակը, շնորհալի քայլվածքը, և մանավանդ երկարատեգ արտևունքներով եզերված կախարդող հայացքը գրավել էին զբոսնողների ուշադրությունը:

Նրա դեմքի յուրաքանչյուր շարժվածքը, նրա նրբաձայն ծիծաղը, նրա խոսակցությունը, դիտում և զննում էին հարյուրավոր աչքեր: Հեղինեի ընկերուհիները, որոնք ավելի զարգացած էին այդ բաները նկատելու համար, հասկացնում էին նրան, և սա ընդ ակամբ զննում էր այդ բոլորը և հրճվում կատարյալ երեխայական անմեղությամբ: Բայց նա չէր տեսնում, թե ինչպիսի նախանձոտ հայացքներ էին գցում իր վրա շքեղ հանգված, բայց ոչ գեղեցիկ տիկինները և օրիորդները, մանավանդ երբ սրանց երիտասարդ ասպետները հիացմունքով մատնացույց էին անում յուր վրա և ցանկություն էին հայտնում յուր ո՞վ լիելն իմանալու համար:

— Ո՞վ պետք է լինի, մի անառակ աղջիկ,— պատասխանում էին նրանց օրիորդ—տիկինները, արհամարհական հայացք ձգելով Հեղինեի վրա:

— «Մի անառակ աղջիկ»,— և ինչպե՜ս շուտ և սահուն կերպով արտասանում է այդ բառերը կնոջ քնքուշ բերանը. ինչպե՜ս պատրաստ է նա առանց խղճահարվելու ցեխոտել յուր ցեղի ամենաանարատ հոգին, եթե սա հանդգնում է, յուր խեղճության մեջ, մի բանով գերազանցել իրենց, եթե նրա ճշմարիտ արժանիքը ճնշում է զգայուն սրտերը և խլում է իրենց զոռով վաստակած երկրպագուներին: Բայց Հեղինեն «անառակ աղջիկ» չէր. նրա արտաքին գեղեցկության չափ գեղեցիկ էր և նրա հոգին: Նա բարի էր ինչպես հրեշտակ և առաքինի, ինչպես անապատի միանձնուհին:

Դուք կարող եք կարծել, որ ես չափազանցնում եմ, որովհետև այս քաղաքի մեջ մեր օրով հազվագյուտ են այդ հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում։ Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն թիֆլիսեցի չէր։ Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին։ Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու։ Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու։

Հասարակությունը որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում։ Բայց նա կարողանում էր տիրել իրեն։ Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը։ Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ:

Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՛ բնավորությամբ և թե՛ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն։ Նրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը, որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:

Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճակատով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին։ Յուրաքանչուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկները դեմ առ դեմ պատահելու համար․ և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր։ Ամբողջ զբսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից։ Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրան հետ կատակներ էին անում։

— Ելենան, այս երիտասարդները շատ են գրավվել քեզմով, նրանցից մեկը անպաճառ քեզ ուզելու է,— ասում էր նրան Շուշանը ծիծաղելով։

— Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, — պատասխանեց Ելենան շառագունելով։

— Ի՞նչ հարկ այդ հարցնելու, որոհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, — շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին։ Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել։

— Ա՜խ, Նինոն, ես չե՞, խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք,— նեղացած տրտնջաց Ելենան։

— Ի սեր ասծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները։ մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է,— կշտամբեց նրան Շուշանը։

— Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ։ Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների։

— Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, — պատասխանեց նրան Շուշանը և լռեց։

— Բայց իրավ, Ելենա՛, տե՛ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը,— կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց։

— Ա՜խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ,— բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ։

Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան։

Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ։ Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին։ Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու։ Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը։

Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին։

Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին։ Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին։

— Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը,— հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը։

— Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ։

— Զարմանք, ի՛նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում։

— Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:

— Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:

—Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասնել, այդ ինձ համար չէ ասված. եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:

—Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:

—Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:

—Մի ամիս:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

—Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, հեգնելով ավելացրեց Մարգարը:

—Մի փոք սպասիր, բարեկամ, թո՛ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ,—ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց։ Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներն։

Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզոծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»։ Սա տիկին Բերնարի կարանոցն էր։

Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալավ դեպի ընկերը հարցրեց․

—Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արե՞լ։

—Մի ամիս,— պատասխանեց Մարգարը։

—Այդ շատ է․ կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու։ — Ճշմարի՞տ ես ասում,— ծիծաղելով հարցրավ Մարգարը։

— Դու այդ կտեսնես,— հակրիճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ։


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ

Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դության մեջ։ Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար։ Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու։ Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ։ Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը․ և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով։ Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին։

Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ։ Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով։ Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության։ Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում։ Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ։ Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձիք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար։

Երեկոյան ութ ժամն էր։ Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելու հույս չկար։ Այս ժամին, երբ Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան։

Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին։ Իրենից մի փոքր հեռու, երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվազ լույս, դա ստվերի կացարանն էր։ Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:

Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը։ Մեզ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը։ Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք։ Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ։ Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը։ Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց։

Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը։ Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր։ Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու։ Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին։

— Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի՜ օր է էլ քո Սալոմեին չես հարցնում,– խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը։

–Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ։

–Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի,– վախենալով հարցրեց Սալոմեն։

–Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր։

–Տիկին Բերդարի՞․․․ այդ կարանոցը ես․․․

–Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում։

–Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում։

–Հիմա՛ր թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ։

–Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ․ մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ։

–Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա։

—Հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ։

–Վաղը ամեն բան վերաջավ պետք է լինի։

–Այժմ իսկ կարող ես վերջացած համարել, միայն պատմիր, թե բանն ինչումն է։

Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով։ Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը։ Սա մի փոքիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից։ Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ։ Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց։ Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրյուգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը։ Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը մառանը, և փայտատունն էր։ Նրա բաց դռներից փչում էր մի տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ։

Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախթի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:

— Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս... փողոցի վրա, — շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը:— Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտամբ կես դյուժին շապիկներ պավիրեցի:

Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց. ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես հիացած եմ...

— Հասկանում եմ, որդի հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են...

— Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, — նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես...

— Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, — ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:

— Այդպես. նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:

— Մի՞թե թիֆլիսեցի չէ:

— Ո՛չ, նա գավառական քաղաքներից է:

— Օ՜, օ՜, ասա կռո՜ է էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, — հուսհատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:

— Դժվար — մժվար չգիտեմ: Այսօր հինգիշաբթի է, կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ։

Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ։

— Սալոմե՛, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, — գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:

— Չեմ քնում, որդի, մտածում եմ։

— Ի՞նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի։

— Լսեցի, որդի, լսեցի։

— Լսելը բավական չէ. դու ինձ ասա՛, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ։

— Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար…

— Լռի՛ր, լռի՛ր,— ընդհատեց Սալոմեին երիտասարդը,— ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր։ Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:

Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից։

— Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել,— հեզությամբ պատասխանեց պառավը, — միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞։

— Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ։

Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից։

Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը: Կյուրակե օ՛րը, չմոռանաս,- կրկին հիշեցրեց նա պառավին իր պստվերը և կառքը նստելով հեռացավ:

Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվեն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:

Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը:

ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ

Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը. խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի կարմություն:

Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրուն էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփոսններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երևացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմենի մարգարեության շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն։

Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար։

Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՛յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:

Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին։

Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան. ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե։

Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: — «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը...»։ Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը...

Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ,— ո՛չ. ամենապարզ եղանակով։ Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ, հայտնում էր նրան տիկնոջ խոսածները և գործը կարգադրում էր այնպես, ինչպես ինքն էր գուշակել։ Հարկ չկա ասելու, որ երիտասարդն էլ իր կողմից մեծ հաճությամբ կատարում էր Սալոմեի պատվերը թե՛ նրա գուշակությունը սուտ չհանելու և թե յուր բախտը լիովին վայելելու համար։ Իսկ Սալոմեն պարզ է, որ երկու կողմից էլ առատ վարձատրություն էր ստանում:

Այսպիսի հրաշագործություններով քիչ ժամանակի մեջ նա այնպիսի հռչակ ստացավ, որ քաղաքի ամեն անկյուններից կանայք, աղջիկներ և նախապաշարյալ մարդիկ բազմությամբ դիմում էին նրա մոտ իրենց ցավերին դեղ ու դարման անելու համար։ Իսկ ավելի բարձր ընտանիքները նրան պատվով հրավիրում էին իրենց տունը, և ամենայն տեղ էլ առատ վարձատրությամբ վարձատրում նրան։

Նախապաշարմունքը, կախարդության և հմայության հավատալը՝ միայն աղքատ և տգետ կանանց բաժինը չէ. մեր մեջ այդ ախտով տոգորված են նույնիսկ զարգացածները» դպրոցներ և վարժարաններ ավարտած կանայք, արիստոկրատ տիկնայք և մեծանուն օրիորդներ։ Փիլիսոփայական խորհրդածություններ կարդացող և հասկացող աղջիկը նույնչափ հավատով և հաճությամբ է նայում գրբացությանը, հմայական հռութներին և նոր կախարդական խաբեություններին, որչափ հավլաբարցի մի տգետ կալատոզի աղջիկը։ Պարզ է, ուրեմն, որ Սալոմեի նման մի խաբեբա պառավը մեծ ժողովրդականություն պիտի վաստակեր այս քաղաքի մեջ։ Բայց այդ դեռ բոլորը չէ:

Սալոմեն յուր այդ արհեստի շնորհիվ հետզհետե ծանոթանալով քաղաքի ամեն անկյունների հետ, յուր համար մի այլ եկամտի աղբյուր էլ հնարեց, այն է— գտնել հարուստ և շռայլող երիտասարդների համար զվարճության նորանոր առարկաներ, այսինքն՝ բարեկամուհիներ, տարփածուներ... Նա այնքան հնարագետ և ճարպիկ էր, որ այդ տեսակ գործերից ամենադժվարին անգամ աներկյուղ ձեռնարկում էր և հաջողությամբ գլուխ հանում։ Յուր արհեստը այդ բանում օգնում էր նրան։ Ծանոթ լինելով ամեն տեսակ ընտանիքների հետ, նա յուր առաջ փակ դուռ չուներ։ Նա թափանցում էր անմատչելի գաղտնարանները, մտնում էր սկեսրարներով և տագրներով շրջապատված հարսի առանձնարարը, խոսակցում էր հոր բռնության տակ ապրող աղջկա հետ, հիմարացնում էր հարուստ և աղքատ, բայց միշտ գեղեցիկ այրիներին, խաբում էր չքավոր մայրերին և հրապուրում թեթևսոլիկ աղջիկներին․․․

Ահա այսպիսի մի ծարայության համար էլ նա ծանոթացավ քաղաքի մի շատ հարուստ մարդու, այն է՝ Աղաբաբ Փուլշատյանի որդու Սամվելի հեՏ; Վերջին մի քանի դեպքերում տեսնելով Սալոմեի արտաքո կարգի խորամանկությունը և ճարպկությունը— յուր սիրած գործերում, ընտրեց նրան յուր համար մշտական զվաչճությանց մատակարար ամսական որոշ թոշակ կապելով նրա համար: Այսպիսով Սալոմեն պարտավոր էր քաղաքի մեջ լույս ընկնող ամեն մի գեղեցկուհու մասին տեղեկություններ տալ երիտասարդ Փուլշատյանին, թե արդյոք ո՞վ և ո՞ր տեղացի է այդ գեղեցկուհին, ի՞նչ պաշտպաներ ունի, ինչո՞վ կարելի է նրան ձեռք բերել—ոսկո՞վ, թե ուրիշ միջոցներով, և այս ամենը ստուգելուց հետո ծանոթացնելով և բարեկամացնել նրան Սամվելի հետ…

Գրբացությունը և զանազան հմայություններ, որոնք մինչև այն Սալոմեի համար միակ ապրուստի միջոցներն էին, այժմ ծառայում էին նրան իբր մի ուռկան, որի մեջ անխտիր բռնվում էին թե՚ խեղճ ծնողաց աղջիկները, թե՚ անպաշտպան որբուկները թե՛ նույնիսկ, և՛ հարստություն, և՛ պաշտպանություն վայելող գեղանիները: Հարկ չկա ասել, որ զվարճասեր Փուլշատյանն այս բավականության համար ոչինչ չէր խնայում այն մեծ հարստությունից, որը դիզել էր յուր հայրը ճակատի քրտինքով, ինչպես նա միշտ սովոր էր ասել: Եվ Սալոմեն յուր սկսած գործերի մեջ երևան եկող դժվարություններն և արգելքները հաղթելու համար ամեն միջոց առձեռն ուներ․ որովհետև յուր երիտասարդը պարոնի մոտ վայելում էր անսահման վարկ և հվատարմություն:

Զվարճության մի «առարկան» ձեռք բերելուց ետ, խորամանկ պառավը իսկույն ևեթ սկսում էր որոնել մի ուրիշը, որովհետև այնպես էր հրամայված յուր երիտասարդ պարոնից, որը շատ սիրում էր փոփոխությունները… Իսկ այդ «ուրիշը» գրավելուց հետո նա պարտավոր էր հետամուտ լինել «երրորդին» և այնպես շարունակ:

Նախընթաց գլխում Սալոմեի մոտ գիշերով այցելող երիտասարդի հանձնարարությունը նույնպես վերաբերում էր այս «ուրիշներից» կամ «երրորդներից» մինին:


ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Ա՛յն խանութները, որոնց մեջ զետեղված էր տիկին Բերնարի կարանոցը, բաղկացած էին մի քանի մասերից: Առաջին բաժման մեջ, որը նայում էր մեծ փողոցի վրա, բանում էին նրա կարողուհիները, իսկ նրա ետքի սենյակներում բնակվում էր ինքը՝ տիկին Բերնարը և յուր գիշերօթիկ բանողները:

Չնայելով, որ դեռ առավոտյան ժամը յոթն էր, Բերնարի կարանոցում արդեն աշխատանքները սկսված էին: Մոտ քսանևհինգ աղջիկները, ոմանք խմբակներով, ոմանք երկ—երկու և այլք առանձին—առանձին նստած, գլխակոր և անխոս կարում էին: Նրանց մեջ լուռ և մունջ անցուդարձ էր անում ինքը՝ տիկին Բերնարը: Սա մի հաստլիկ, միջահասակ և համակրական դեմքով կնիկ էր: Թեպետ տեսնողը նրան հազիվ քառասուն տարեկան կկարծեր, բայց, իրոք, հիսունից անց էր: Տիկին Բերնարի անյցալի մասին շատ քչերը միայն տեղեկություններ ունեին, և այդ քչերը պատկանում էին վաթսունական թվակաների այն երիտասարդական խմբին, որ յուր կյանքի ամենաթանկ րոպեներն անցուցել է Օրթաճալայի այգիներում, անուշ գինիների և գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ: Պատմում են, որ տիկին Բերնարն այդ միջոցներում արտասահմանից դեռ նոր էր եկել Կովկաս: Նա նշանավոր էր յուր գեղեցկությամբ, այդ պատճառով էլ իսկույն գնահատվեցավ զարգացած ճաշակ ունեցող երիտասարդությունից: Այդ ժամանակ ամենակատարյալ քեֆերը սարքվում էին միայն տիկին Բերնարի համար. ամենագեղեցիկ երգերը երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը։

Ինչպես պատմում են՝ լոգարանը(вanna) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը՝ առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը։ Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.

— «Իզուր են կարծում թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ…»:

Այո՛, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան… Այդ շատ անախորժ բան է, որ հարմարվում է ժամանակի հետ:

Ահա՛ թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:

Դառնանք այժմ մեր պատմության:

Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից: Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել։ Տիկին Բերնարը դուրս գնաց։ Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը։

Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է։

Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ։

Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը։ Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր։

— Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց,— կամացուկ խոսում էր Շուշանը։

— Զարմանալի բան ես հարցնում․ այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ։ Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ։

— Ուրիշ աղջիկներ էլ կան, տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց։

—Ձեզ հետ էլ խոսեց։

— Ո՛չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց։

—Դուք էլի՞ սկսեցիք վիճել, — մեջ մտավ Նինոն։

—Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, կես բարկությամբ հարեց Ելենան, — չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել։

— է՜հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, — հարցրեց Նինոն։

Ելենան ոչինչ չպատասխանեց։

— Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, — կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա։ — Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է,— պատասխանեց նա։

— Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս։

— Ինչու չէ, — կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:

— Ա՜, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:

— Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ,— նկատեց Շուշանը:

—Ճշմարի՞տ չէ, սկսել ես սիրել,— կրկին հարցրեց Նինոն։

— Այո՛, այո՛, սկսել եմ սիրել,— իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը։

Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար։ Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ։ Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը։ Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին։ Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար։ Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա։

Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ տրոփել, այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին։ Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից։

Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին...

Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ։ Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կարելի էր եզրակացնել, որ մի ինչ֊որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա։

— Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող,— համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին,— ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ։

— Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ. բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ։ Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է։ Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս։ Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը։

Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց։ Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում։ Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:

— Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող,— վճռաբար խոսաց տիկին Բերնարը,— ես, մի գին ասացի, վերջացրի. Կամենո՛ւմ եք, տվեք` չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ չունիմ։

— Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք,— վստահությամբ հարցրավ Սալոմեն։

— Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչո՞ւ համար իզուր տեղը ժամանակ եք վատնում։ Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը։

Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար, Սալոմեն մնացել էր շվարած։

— Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ,— գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության։ Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ։

— Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան,— հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին։

— Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու,— հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ։

Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց։

— Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը։ — Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի֊մի հատ։

Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները։ Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում։

— Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, — կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ։

— Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես,— ավելացնում էր մյուս կողմից Շուշանը։ Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար։ Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը։ Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան։


Ի՞նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը։ Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին։ Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ինչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում։

Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել։ Իսկ այսօր.․․այսօր նա ամեն ել ու մուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է։ Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերեր... և այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:

ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանը անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին։ Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ։ «Քարարողները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանվանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում։ Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության։ Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է. հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է։ Իսկ բարոյական հարստությունը..․ ավա՜ղ նա մեր ձեռքում չէ. նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա։ Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության. և հենց այն րոպեին (երբ մենք պաշտպանում ենք նրան` կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում...

Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. միայն մի բան գիտե. նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինք... Իսկ ճշմարտությունը «Օ՜հ, նա ամենից երկչոտ արարածն է։ Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա. նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած` գլորված ենք գետնի վրա..

Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ...

Մութը կոխել էր. կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր։ Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ։ Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ այդտեղ դադարում էին աշխատանքները։ Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին։ Ելենան նրանց մեջ չէր․ այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում։

—Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, — հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ։

—Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի մեջ. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել։

—Շատ լավ, շատ լավ,— մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա։

—Արի նստի՛ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, – ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ։

Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին։

–Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա՛,– հարցրեց տիկինը։

–Ի՞նչ երիտասարդ։

–Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց։

–Այո՛․․․ի՞նչ կա։

–Դու նրան հավանո՞մ ես։

–Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում,– հարցրեց Ելենան շառագունելով։

–Այնպե՛ս էլի, չե՞ս հասկանում․ ուզում եմ ասել, հավանո՞մ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա․․․

—Ա՜խ տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են,– դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:

—Սպասի՛ր, ո՞ւր ես գնում. ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար,– նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր — Այդ երիտասարդը, — շարունակեց տիկին Բերնարը,— մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ։ Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից աոաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե։

— Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ։

— Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե դու ավելի շուտ մեզ կհասկանաս։

— Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ։

— Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու։

— Ներեցեք, տիկին, ոչ, ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ։

— Լսի՛ր, Ելենա՛, ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին։ Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով. առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը։

— Ես չեմ մերժում նրա առաջարկությունը տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը։

—Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում։ Նա խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կեռթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնեմ, հետդ կխոսա և լի կվերաադառնաս ինձ մոտ:

—Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է` «եկել եմ ինձ տեսնե՞ս…»:

——Ո՛չ, ո՛չ հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՞նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:

Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:

—Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՞նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ւմ հետ:

—Պատրվա՞կը, ա՛յ այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը. երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք կխմեք և կրկին կվերադառնանք:

—Բայց այդ ի՞նչ կին է, որ ինձ հետ պիտի գա,—կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:

—Օ՞, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում. բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շատ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր ուղղիր հագուստներդ,— ավելացրեց տիկինը,— որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ, քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում։

Ելենան գնաց։ Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը։ Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր…

Եվ նա գնաց լվացվելու։

Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում։

— Հա՛, ամեն բան պատրաստ է,— խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով,— բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք։

Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով` «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»։

Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին։ Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ։

— Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, — ավելացրեց տիկինը,— նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա. նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ։

Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը։

ՍՊԱՆԴԱՆՈՑ

Քաղաքի մի հետ ընկած մասում, բայց գեղեցիկ և մաքուր փողոցի վրա, գտնվում էր մի փոքրիկ երկհարկյան տուն, երեք կողմից շրջապատված պարսպապատ այգիով: Նրա դրացիները, որոնք գլխավորապես օտարազգիներ էին, գրեթե տեղեկություն չունեին, թե իսկապես ո՞ւմ էր պատկանում այդ շինությունը։ Ցերեկով այդտեղ ոչ ոք չէր լինում, բացի մի ծառայից և աղախնուց, որոնք շատ հազիվ էին երևվում փողոցի մեջ և դրացիներից ոչ ոքի հետ հարաբերություն կամ խոսակցություն չունեին։ Գիշեր ժամանակ այդ տան բոլոր պատուհանները, որոնք նայում էին գեղեցիկ փողոցի վերա, փակվում էին տախտակյա փեղկերով, մինչդեռ դեպի այգին բացվողները միշտ լուսավորված էին լինում։ Փողոցի վրա բացվող մուտքը նույնպես ցերեկով միշտ փակ էր, և երթևեկությունը կատարվում էր պարտեզի մի գաղտնի դռնով, որ բացվում էր նեղ և մութ փողոցի մեջ։ Մերձակա դրացիների համար դա մի խորհրդավոր բնակարան էր։ Շատ անգամ նրանք այդ տունը երթևեկողների մասին հարց ու փորձ էին անում այն կառապաններից, որոնք գիշերվա ժամերում կանգնած էին լինում տան գլխավոր մուտքի առաջ բայց դրանք իրենք էլ չգիտեին, թե ո՞ւմն են բերել այստեղ ո՞ւմ պիտի տանեն։


Այս տունը Սամվել Փուլշատյանի առանձնարանն էր, որի անունը քանիցս առիթ ունեցա հիշելու։ Նրա գոյության մասին տեղեկություն չուներ մինչև անգամ յուր հայրը։ Նա կառուցվել էր Սամվելի անվամբ և սեփական փողերով։ (Չմոռանանք հիշել, որ երիտասարդը սեփական էր անվանում այն փողերը, որ նա ճարպկությամբ և հաշիվներ խարդախելով գողանում էր յուր հորից)։ Այս փոքրիկ տան մեջ ամեն բան նախատեսված և պատրաստված էր գեղեցիկ ճաշակով և այստեղ երիտասարդ Փուլշատյանն անցուցանում էր գիշերային ժամերի մեծ մասը յուր գեղեցիկ սիրուհիների և երբեմն էլ քեֆ սիրող մտերիմների հետ։

Երեկոյան ժամը ութն էր և մութը տիրել էր ամեն կողմ: Սամվելը լուռ և մտախոհ ճեմում էր գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված թանկագին ջահը յուր հինգ փառավոր կանթեղներով աչք կուրացնելու չափ լուսավորում էր սենյակը: Ամեն կողմը փայլում էր հարստություն և ճոխություն: Իսկ երիտասարդ տանուտերը՝ յուր բարեկազմ հասակով, գեղեցիկ դեմքով և գանգրահեր ճակատով լրացնում էր այդ սենյակի զարդարանքը:

Բայց նրա քայլվածքն անհանգիստ էր: Նա անհամբերությամբ սպասում էր մեկին և ստեպ-ստեպ ժամացույցը հանելով նայում էր նրան: Փողոցի մեջ անցնող յուրաքանչյուր կառքի դղրդյունը նրա սիրտը թունդ էր հանում. նա ականջը կախում էր դեպի այդ ձայնը և հուսով սպանում, որ ահա՛ մի, կամ երկու րոպեից այդ կառքը կկանգի յուր տան առաջ. բայց դղրդյունը շարունակվում էր, կառքն անցնում էր և նա հուսահատաբար կրկին առաջ էր շարժում յուր քայլերը: Վերջապես մյուս սենյակում պատի ժամացույցը զարկեց ութ և կեսը. Սամվելը չէր հավատում նրան. հանեց իսկույն և յուրը, նայեց, սխալ չկար: Նա համբերությունից դուրս եկավ և վազելով դեպի դուռը, հենց կամենում էր ծառային կանչել, և ահա գլխավոր դռան հնչակը ամուր - ամուր քաշեցին: «Նա է. եկավ…», — շշնջաց ինքն իրեն Սամվելը և գնաց նստեց թավշապատ բազկաթոռի վրա և ձեռքն առնելով օրվան լրագիրը սկսեց մեքենայաբար կարդալ նրան:

Մի քանի րեպեից հետո ընդունարանի դուռը բացվեցավ և ներս մտավ Սալոմեն:

— Միայնա՞կ ես, ի՞նչ է, ո՞ւր է Ելենան… — անհամբերությամբ վեր թռավ բազկաթոռից Սամվելը և այս խոսքերով դիմեց Սալոմեին:

— Միանյակ չեմ, նա այստեղ նախասենյակում է, բայց ամաչում է գալ:

— Ի՞նչ հիմարություն, և դու թողել ես նրան այնտեղ միանյակ: — Այս ասելով Սամվելը դուրս թռավ նախասենյակ և տեսնելով Ելենային, որ կողովը ձեռքին կանգնած էր այստեղ, իսկույն բացականչեց՝ «Ա՜, բարյավ ձեզ, օրիորդ, ինչո՞ւ համար եք այդտեղ կանգնել. խնդրեմ ներս հրամայեցեք»: Ելենան ոչինչ չպատասխանեց, բայց երիտասարդին տեսնելով սաստիկ շառագունեց։

— Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք. բայց խնդրում եմ ձեզ։

— Ներս գալու ոչինչ կարիք չկա, պարոն, ես տիկին Բերնարի կողմից բերի այս շապիկները ձեզ ցույց տալու համար խնդրեմ նայեցեք և եթե մի որևէ պակասություն նշմարեք, ասացեք, որ ուղղենք։ — Այս ասելով նա վայր դրավ ձեռքի կողովը պատուհանի վրա։

—Խնդրեմ ներս բերեք, ես այնտեղ կնայեմ, — ասաց Սամվելը և ակնարկելով Սալոմեին, ինքը ներս մտավ։

Սալոմեն վերցրեց կողովը և Ելենայի ձեռքից բռնելով, գրեթե զոռով, ներս քաշեց նրան դեպի երիտասարդի ընդունարանը։

— Ասացեք խնդրեմ, ինչ կա քաշվելու, մի քանի րոպե նստեցեք այստեղ, իսկ ես կնայեմ շապիկները,— այս խոսքերով նա աթոռ առաջարկեց Ելենային։ Նրանք նստեցին։

Մի քանի վայրկյան Սամվելը տնտղեց շապիկները, նայեց աջ, ձախ և ապա «շատ լավ է, շատ գեղեցիկ է» ասելով. կանչեց աղախնին և հանձնեց նրան, միևնույն ժամանակ պատվիրելով թեյ բերել հյուրերի համար։

Իսկույն հայտնվեցավ գեղեցիկ և մաքուր հագնված ծառան և արծաթյա ափսեով թեյ առաջարկեց յուր տիրոջը և նրա հյուրերին, թեյի հետ էլ բերելով կաթ և շաքարահաց։

Ելենան դժվարանում էր մինչև անգամ այդ հասարակ հյուրասիրությունն ընդունելու, բայց Սամվելն այնքան շատ ստիպեց նրան, որ նա հակառակել չկարողացավ։

— Այժմ մենք կարող ենք գնալ, — ցած ձայնով շշնջաց Սալոմեի ականջում Ելենան յուր բաժակը դատարկելուց հետո և վեր կացավ աթոռից։

— Ո՛չ, դեռ ձեզ հետ մի փոքր խոսելիք ունիմ. օրիորդ, մի շտապեք,— նկատեց Սամվելը նույնպես տեղից բարձրանալով։

— Հրամայեցեք, ես լսում եմ,— համեստությամբ պատասխանեց Ելենան։

— Ես առանձին պետք է խոսեմ ձեզ հետ։ — Ուրեմն ես դրսումը կսպասեմ, — ասաց Սալոմեն և արագ դուրս գնաց սենյակից։

— Սպասի՛ր, ո՞ւր ես գնում — բացականչեց Ելենան Սալոմեի ետևից և պատրաստվեցավ ինքը ևս դուրս գնալու:

— Դուք ո՞ւր եք գնում, օրիորդ, սպասեցեք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսելիք ունեմ,— այս ասելով բռնեց երիտասարդը Ելենայի ձեռքից և զոռով նստեցրեց թավշապատ դիվանի վրա։

— Ասացեք խնդրեմ, ինչ որ կամենում եք. ես շատ ուշանալ չեմ կարող, տիկին Բերնարն ինձ սպասում է։

— Ես ձեզ չեմ ուշացնիլ. բնավ մի անհանգստանաք, — միամտացրեց նրան Սամվելը և սկսավ յուր «կարևոր խոսելիքը»:

Ի՞նչ էր իսկապես նրա «կարևոր խոսելիքը», ես այդ մի առ մի չեմ կրկնիլ այստեղ՝ ձեզ չձանձրացնելու համար։ Այսքանը միայն կասեմ, որ դա շատ նման էր ա՛յն սիրալիր և սրտառուչ խոսակցության, որ տեղի է ունենում առաջին անգամ միայնության մեջ միմյանց պատահած երկու սիրող սրտերի, երկու միմյանց անկեղծ պաշտող հոգիների մեջ։

Սամվելր գեղեցիկ խոսելու ձիրք ուներ, նա գիտեր գրավել, գիտեր հրապուրել։ Նույնիսկ յուր մարմնական գեղեցկությունն օգնում էր նրան այդ բանում։ Նա ճանաչում էր յուր ուԺը, ճանաչում էր և գեղեցիկ սեռի թուլությունը։

Եվ ահա բոլոր այդ զենքերով նա զինվել էր տկար և անմեղ աղջկա դեմ, մի աղջկա, որ լռիկ, յուր սրտում, սիրում էր նրան։

Կկամենա՞ք լսել մի քանի կտոր երիտասարդի խոսակցությունից. ահա՛ նրանք' Օ՜, եթե գիտենաս, Ելենա, թե ինչպես սիրում ու պաշտում եմ քեզ... այն օրից, որ առաջին անգամ քեզ այգիում տեսի, ես այլևս հանգստություն չունեի, ես խելագարի նման թափառում էի փողոցներում, ամեն տեղ պտրում էի քեզ, ամեն տեղ որոնում էի քո հետքերը, քո քաղցր հայացքը, քո անուշ ձայնը... Առանց քեզ ես չեմ կամենում ապրել. առանց քեզ աշխարհը ինձ համար մութն է և կյանքը տանջանք... և եթե դու այսօր եկած չլինեիր ինձ մոտ, ես ուղղակի դեպի Քուռը կվազեի և պիտի խեղդեի ինձ նրա մեջ․․․»

Այս և սրա նման գողտրիկ խոսքեր անընդհատ շռայլում էր նա յուր սիրուհու առաջ։ Ելենան, որ յուր ամբողջ կյանքում այսպիսի քնքուշ խոսքեր լսած չուներ, զմայլած նայում էր նրա, նա հափշտակվել էր, և բնավ չէր հիշում ոչ տիկին Բերնարի կարանոցը և ոչ յուր ծնողները։

—Իսկ դու, Ելենա, մի՞թե դու չես սիրում։

—Ե՜ս, ես էլ քեզ շատ եմ սիրում, շատ, շատ․․․— այսքանը միայն կարողացավ արտասանել անմեղ աղջիկը և շառագունելով գլուխը կախեց ցած:

—Օ՜, քեզ կարելի է միայն պաշտել, — բացականչեց երիտասարդը և յուր հափշտակության մեջ ամուր գրկելով նրան, համբուրեց նրա շրթունքները:

Այդ համբույրից Ելենան ցնցվեցավ ամբողջ մարմնով և խլվելով երիտասարդի գրկից շառագունված ետ քաշվեցավ:

—Ա՜խ, ի՞նչ անում դուք, —շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և ապա տեղից վեր բարձրանալով՝ «Ես պիտի գնամ, ուշանում եմ»,—ասաց նա և ուղղվեցավ դեպի դուռը։

—Ոչ, սիրելիս, ես քեզ այդպես շուտ չեմ թողնիլ, — խոսեց Սանվելը նույնպես տեղից վեր բարձրանալով և Ելենայի ձեռքից բռնելով,— դու դեռ ինձ մոտ պիտի ընթրես. մենք դեռ մի քանի ժամ էլ միասին կանցկացնենք, և հետո կերթաս։

—Ո՛չ խնդրում եմ, ինձ բաց թողոցեք, ես կամենում եմ գնալ։

—Այդ անկարելի է, Ելենա, դու պիտի մնաս, ես խնդրում եմ։ Եվ մի՞թե դու կկամենայիր իմ խնդիրը մերժել։

—Բայց տիկին Բերնարը․․․ ա՜խ, նա ինձ կսպասե․․․ գիտե՞ք, մեր այնտեղի աղջիկները շատ վատ աղջիկներ են, նրանք հազար մի բաներ գիտեն կխոսեն․․․

—Ո՛չինչ, ո՛ինչ, հոգյակս, նրանք ովք՞եր են, որ դու նրացը խոսելու վրա ուշադրություն ես դարձնում․ մի շաբաթից հետո մենք պսակված կլինենք, դու ամենից հարուստ մարդու ամուսինը կդառնաս և նրանք հեռվից միայն մտիկ կտան քեզ վերա և չեն համարձակվիլ անգամ քեզ բարևել։ Այո՛, դու այդ տեսակ աղջիկներին քեզ աղախին պիտի ունենաս, արժե՞ ուրեմն նրանց վերա մտածել: Այսպիսի հուսալի խոսքերով Սամվելը դեռ հանգստացնում էր Ելենային, երբ ծառան մտավ և հայտնեց՝ որ սեղանը պատրաստ է:

Երիտասարդը Ելենային յուր թևն առավ և ուղղվեցավ դեպի սեղանատունը:

—Բայց խնդրում եմ, այն կնոջն էլ կանչեցեք, և եթե մենք ընթրում ենք, թող նա էլ մեզ հետ ընթրի, նա երևի ինձ սպասում է այնտեղ, — ասաց Ելենան, չկամենալով միայնակ սեղանի վերա գտնվիլ օտար երիտասարդի հետ:

—Ա՜, ինչպես կարելի է, Ելենա: էգուց մենք պետք է ամուսիններ լինենք, և այսօր ուզում ես, որ մեր սեղանի վերա մեզ հետ ընկերացնենք մի ողորմելի աղքատ պառավի: Դու անփորձ ես, դու հարուստների շրջաններում չես գտնվել, դա շատ ամոթ բան է մեզ համար: Այն կինը կարող է ներքև մեր ծառայի և աղախնի հետ ընթրել. նրա համար ամեն բան կհոգացվի, դու միամիտ եղիր:

Ելենան ոչինչ չուներ պատասխանելու. նա լռեց, որովհետև կարծում էր, թե երիտասարդի խոսածներն այնպիսի ճշմարտություններ էին, որ ինքը չէր կարող հասկանալ:

Երբ նրանք մտան սեղանատունը, օրիորդի աչքերը շլացան: Գեղեցիկ կահավորված, մանավանդ գեղեցիկ լուսավորված սենյակում բացված էր մի շքեղ սեղան, որի վերա կարգով շարված էին բազմաթիվ և բազմատեսակ ուտելիքներ, հախճապակյա և ոսկեզօծ ամանների և սկուտեղների մեջ: Շամպայնի շշերը և մի քանի ուրիշ ըմպելիքներ արծաթապատ պնակների վրա փայլում էին ինչպես բյուրեղ, նրանց մոտ շարված էին մի քանի տեսակ ոսկեզօծ բաժակներ, որոնցից յուրաքանչյուրը հատկացված էր մի տեսակ ըմպելիքի համար: Սեղանի երկու կողմերում դրված մի—մի արծաթի բարձրադիր աշտարակներ հնգական ճուղերով և նրանց մեջտեղում բարձրաանում էր բյուրեղյա, աստիճանավոր ափսեներից կազմված մրգերի շաքարաղենների մի կոթող. իսկ նրա գլխին տնկված էր թարմ ծաղիկներից և վարդերից շինած մի քաղցրաբույր և գեղեցիկ փունջ: Սեղանի մոտ դրված էր մի նորաձև բազկաթոռ, որ երկու իրար կից նստատեղիներ ուներ․ նրանցից մեկի վրա նստեց երիտասարդ տանուտերը և յուր կողքին էլ քնքշաբար նստեցրեց Ելենյին։ Եվ նրանք սկսեցին ընթրել։

Ծառան հետզհետե ներս էր բերում զանազան համեղ խորտիկներ և Սամվելն ամեն մեկից յուր ձեռքովն էր բաժին վերցնում յուր գեղեցիկ հյուրի համար։ Ելենան սկզբում ամաչում էր և քաշվելով էր ուտում․ բայց մի երկու բաժակ շամպանիան, որ երիտասարդ տանուտերը զոռով խմացրեց նրան, բացավ նրա երեսը։ Նա մինչև անգամ սկսավ ազատ խոսել և ծիծաղել յուր ապագա ամուսնու հետ։

Գինին ընդհանրապես բարերար ազդեցություն է անում ամաչկոտ և մանավանդ տխրազգաց մարդիկների վրա։ Նա համր լեզուների և անխոս շրթունքների հրաշալի բանալին է։ Նրա շնորհիվ կարելի է կարդալ սրտերի մեջ այն ամենն, ինչ որ լրջությունը ծածկում, թաքցնում է։ Նույնիսկ ամենագործնական մարդիկը, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար միշտ շողոքորթում և կեղծավորում են, դարձյալ չեն կարողանում մի քանի ժամ անկեղծ չլինել՝ այս հրաշալի նեկտարը որոշ չափով իրենց մեջ հյուրընկալելուց հետո։ Գինու համար առանձին աստված չստեղծելով, աստվածաբանական մի մեծ սխալ գործած կլիներ հին դիցապաշտ աշխարհը․ բայց Բաքոսի անունը և նրա երբեմն գոյություն ունեցող հոյակապ տաճարները, ապացուցանում են, որ մարդկությունը դեռ շատ հեռու անցյալում ճանաչում և պաշտում էր գինվո անմահ զորությունը։

Ահա՛ այս ամենակարող զորությունն էլ իրեն օգնության էր հրավիրել երիտասարդ Փուլշատյանը։ Նա հետզհետե լցնում էր Ելենայի բաժակը քաղցր և անուշահամ գինիով և զանազան ոգելից օշարակներով։ Օրիորդի կողմից ամենզորեղ ընդիմությունն էլ ապարդյուն էր անցնում․ Սամվելը նրան մերթ ստիպում, մերթ թախանձում էր և վերջ ի վերջո նա ստիպված էր լինում դատարկել բաժակը։

Ընթրիքը վերջանալու մոտ Սամվելը սկսեց երգել։ Նա շատ քաղցր և դուրեկան ձայն ուներ։ Այս վերջաբանը այնքան շատ դուր եկավ Ելենային, որ նա ինքը մինչև անգամ սկսեց ձայնակցել գեղեցիկ երիտասարդին, յուր թևը նրա վզով բերելով և կրակվող ճակատը նրա կրծքին հանգչեցնելով: Անուշ գինիներ, գողտրիկ երգեր, սիրալիր գրկախառնություն և կաթոգին համբույրներ... Այս բոլորը միախառնված ո՞ւր պիտի տանեին երկու երիտասարդներին ... Իհարկե հանգստյան կայանը...

—Ա՜խ, ես ուշացա, ես պիտի գնամ, — նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնում էր իրան գրկող բազուկների վրա:

—Ա՜խ, ես ուշացա, ես պիտի դնամ, — նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնուն էր իրեն ղրկող բազուկների վրա:

—Դու կերթաս, միամիտ եղիր... դու կերթաս, — մեքենայաբար կրկնում էր Սամվելը: Ելենան հավատում էր յուր ապագա ամուսնուն և չէր ընդդիմանում նրան:

ՀԵՂԻՆԵԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Արեգակը դեռ նոր էր բարձրանում Մախաթի ետևից, և նրա բեկբեկուն ճառագայթները ծիրանի գույնով խաղում էին քաղաքի հին բերդի ավերակների վրա: Քարափի թաղում հարուստ մարդիկ դեռ հանգիստ քնում էին, բայց մեր ծանոթ Ելենայի հայրը — հյուսն Անտոնը վաղուց արդեն զարթել, լվացվել և շտապել էր եկեղեցի` կյուրակե օրվա պատարագին ներկա գտնվելու: Նրա կինը` Հռիփսիմեն, տուն տեղը սրբել, մաքրել ու կարգավորել էր և այժմ զբաղված էր կեսօրվան ճաշի համար մի քանի պատրաստություններով:

Առավոտները նա եկեղեցի չեր գնում, որովհետև իրենից հետո տանը ոչ ոք չեր մնում, ուստի և բավականանում էր մի քանի անգամ երեսը խաչակնքելով, երբ լսում էր Բեթխայինի զանգակների ձայնը: Իսկ կեսօրին, Ելենայի գալուց ետ, իհարկե, նա պիտի ներկա գտնվեր պատարագին մի որևէ, եկեղեցում, ուր առավոտյան ժամասացությունը կեսից չէր եղած: Ելենան սովորություն ուներ կյուրակե օրերը շատ վաղ յուր ծնողաց մոտ գալու. և այդ էր պատճառը, որ Անտոնը մինչև պատարագի վերջը եկեղեցում սպասել չէր կարողանում: Սուրբ-սուրբը լսելուց ետ նա դուրս էր գալիս: Եվ որքա՜ն մեծ էր լինում նրա ուրախությունը, երբ մի ամբողջ շաբաթ յուր սիրելի Ելենային չտեսնելուց հետո պատահում էր նրան բակի դռան մոտ՝ իրեն սպասելիս, կամ մաքուր-պսպղան ինքնաեռի մոտ՝ թեյ շինելիս:

Անտոնը կրթված քաղաքացիների նման ջերմությամբ չէր ողջագուրված յուր աղջկան, նա միայն մի քաղցր ժիպիտով էր դիմավորում նրան, բայց այդ ամաչկոտ ժպիտի մեջ որքա՛ն բուռն սեր, որքա՜ն հայկական խանդ և գորով էին պարունակում... Ամբողջ շաբաթվա մեջ, յուր տաժանակիր աշխատությանց ժամանակ կրած նեղությունները նա իսկույն մոռանում էր, հենց որ տեսնում էր նրան: Այդ միամոր աղջկա մեջ նա ամփոփել էր յուր բոլոր բախտը, կյանքը և հարուստությունը: Ելենան նրա համար մի ամբողջ աշխարհք էր...

Իսկ Հռիփսիմեն, իհարկե, Անտոնի նման չէր: Մայրական սիրտը ամենայն տեղ միևնույն է. նա նույնչափ քնքուշ, նույնչափ՝ գթոտ է աղքատի խրճիթում, որչափ և մեծատան սրահներում։ Դեռ մի քանի տասնյակ քայլ իրենց տնից հեռու, երբ նա նկատում էր Ելենային, իսկույն վազում, փաթաթվում էր նրան, սեղմում էր կրծքին, համբուրում էր, կարծես թե երկար տարիներ էին անցել, ինչ որ նա չէր տեսել Ելենային, և ապա ձեռքիցը բռնած բերում էր տուն։ Յուրաքանչյուր կյուրակե հյուսն Անտոնի տունը կերպարանափոխվում էր. Ելենայի ներկայությունը լցնում էր ամեն դատարկություն․ տան թե՛ ներսը և թե՛ դուրս մի առանձին կենդանություն էին ստանում։ Շաբաթվա մեջ խնայծներն այդ օրը սեղանի վրա էին հանվում։ Ելենայի ուրախությունը կատարյալ անելու համար հրավիրում էին դրանց աղջիկներից մի քանիսը, որոնք ճաշից հետո դահիրա էին ածում և Ելենայի հետ միասին երգում և պարում էին։

Միով բանիվ այդ օրն Անտոնի և Հռիփսիմեի աղքատիկ տնակը կատարյալ երջանկության մեջ էր լինում։

—Մեր ուրախությունը ոչնչով պակաս չէ մեր հարուստ դրացիների ուրախությունից, — հաճախ կրկնում էին մարդ ու կին երախտագետ սրտով փառք տալիս աստծուն։

Ահա՛ այս երջանիկ օրը վայելելու համար էր, որ Անտոնը եկեղեցուց շտապով վերադառնում էր տուն։

—Ու՞ր է Ելենան, դեռ չէ՞ եկել, — հարցեց Անտոնը կնոջը՝ տուն մտնելով և «ողորմի աստված» ասելով։ — Չէ, դեռ չէ եկել. չգիտեմ ինչո՞ւ այսօր ալսքան ուշացավ։

— Զարմանալի է, նա այս ժամին միշտ այստեղ է լինում։

—Ի՞նչ զարմանալու բան կա. երևի այն անպիտան վարպետուհին էլի գործ է տվել շինելու։ Խեղճ երեխաս ամբողջ շաբաթը տանջվում է բավական չէ, և դեռ կյուրակե օրն էլ հանգիստ չեն թողնում։

— Չէ՛, ա՛յ կին, ես պետք է Ելենայիս հանեմ այդ կնոջ մոտից. նա նրան բոլորովին կմաշե։

— Ես խո սկզբից էի ասում, թե Բերնարի համար լավ չեն խոսում. ասում էին, որ նա աղջկերանց միսն ուտում է, բայց դու ինձ չսեցիր և աղջիկդ տվիր նրան:

— Ոչինչ, թող այս ամիսն էլ անցնի, այն ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ,— ասաց Անտոնն սպառնացող եղանակով և ապա դուրս եկավ բակը՝ տեսնելու համար. թե արդյոք հեռվից չէ՞ երևում Ելենան։

Նա երկար նայեց այստեղից դեպի ներքևի փողոցը. և ոչինչ չնշմարեց։ Վերջապես կամաց-կամաց բարձրացավ դեպի քարափի բարձրությունը, այնտեղից ավելի լավ դիտելու համար։ Երկար ժամանակ նա այդտեղ արձանացած կանգնած էր. բայց Ելենան չէր երևում։ Անհանգստությունը սկսեց նրան տանջել, նա իջավ տուն։

— Ա՛յ կին, ես գնում եմ դեպի կարանոցը, տեսնեմ երեխային ինչ պատճառով են այսքան ուշացնում — ասաց նա Հռիփսիմեին, գլուխը սենյակի պատուհանից ներս մտցնելով։

— Գնա՛, գնա՛, գուցե այն անզգամ կինը քեզ տեսնելով ամաչե,— պատասխանեց Հռիփսիմեն,— գնա և խնդրիր, որ երկրորդ անգամ այսքան երկար չպահե երեխային. թող միշտ առավոտը ղրկե։

Անտոնր շտապ֊շտապ դիմեց դեպի տիկին Բերնարի կարանոցը:

Բակը մտնելով նա առաջին անգամ պատահեց Շուշանին։

— Ինչո՞ւ քո տիկինը Ելենային այսքան ուշացնում է. ամոթ չէ՞, — ասաց նա նրան, ամբողջ շաբաթ խեղճը տանջվում էր բավական չէ, դեռ կյուրակե օրերն էլ է բանեցնում։

—Ի՞նչ եք խոսում դուք, – զամացմամբ հարցրավ Շուշանը, – Ելենան երեկ երեկոյան է եկել ձեզ մոտ։

Գժվե՞լ ես, ի՞նչ է․ ի՞նչպես թե երեկ երեկոյան է եկել մեզ մոտ․ նա այստեղ է նա․․․ ո՞ւր է տիկինդ, ո՞ւր է Ելենան — այս խոսքերով նա խելագարվածի նման վազեց դեպի տիկին Բերնարի առանձնարանը։ Տիկինն այդ ժամանակ կանգած հայելու առաջ սանդրվում էր, նա հայելու մեջ տեսավ, թե ինչպես Անտոնը շփոթված ներս ընկավ յուր սենյակը․ բայց նա այդ բանից բնավ չվրդովվեցավ։

—Հա, ի՞նչ կա, Անտոն, բա՞ն ունիս ասելու, — հարցրեց նա նրան կատարյալ հանգստությանբ և առանց երեսը շուռ տալու։

—Տիկի՛ն, ո՞ւր է Ելենան, մինչև այժմ պահել եք նրան։

—Ելենա՞ն — զարմացմամբ հարցրեց նա։

—Այո՛, այո՛, Ելենան, ուր է, ինչո՞ւ է ուշանում:

— Ի՞նչ եք ասում: Ելենան երեկ երեկոյան եկավ ձեզ մոտ:

— Տիկին դուք կատակ եք անում, — վայրենի ձայնով գոչեց Անտոնը, և նրա դեմքը կտավի գույն ստացավ…

— Ինչ կատակ, ինչ բան ձեզ ասում են որ երեկ երեկոյան նա եկել է ձեզ մոտ: Ինչ անեմ շատ խնդրեց, ես էլ չկարողացա բացասել. միթե վատություն եմ արել:

Անտոնի ոտքերը թուլացան: Նա երերվեցավ և քիչ էր մնում, որ գետին ընկնի, բայց իսկույն հենվեցավ պատուհանին:

— Տիկին դուք ինձ խելագարեցնում եք. նա մեզ մոտ չի եկել, ասեցեք, ի սեր աստծո, ուր է նա ուր է գնացել…

— Ձեր հայերը միշտ այդպես կոպիտ են, պարոն, — կեղծ բակությամբ նկատեց տիկին Բերնարը, — ես ձեզ սուտ չեմ ասում խո. ինչ է, ինձ մոտ է և ես ծածկում եմ: — Բայց նա մեզ մոտ չի եկել տիկին, ո՞րտեղ է ուրեմն...

—Գուցե ձեր բարեկամներից մեկի տանն է՝, ես ի՞նչ գիտեմ, ո՞րտեղ է․ ես խո փողոցում էլ նրա պահապանը չեմ։ Անտոնը ոչինչ չպատասխանեց, նա երերվելով դուրս գնաց։

—Աղջկերք, գուցե դուք գիտեց, ասացեք, ո՞ւր է Ելենան, — գրեթե շնչասպառ մոտեցավ նա մի քանի կարողուհիների, որոնք հավաքված էին պատշգամբի մի անկյունը։

—Ի՞նչ է, չէ՞ եկել ձեզ մոտ, — զարմացմամբ հարցրեց նրանցից մինը։

—Նա երեկ երեկոյան դուրս գնաց այստեղից, — հարեց մի ուրիշը։

—Ի՞նչ է պատահել, մի՞թե իրենց տուն չէ գնացել,— մի երրորդը հարցնում էր իր ընկերուհուն։

—Այ, չե՞ս տեսնում, հայրն ասում է, որ չէ գնացել,—պատասխանում էր նա։

—Աստված իմ, ի՞նչ եք ասում, ուրեմն ո՞ւր պետք է գնացած լինի,— բացականչում էր Նինոն։

—Գուցե ձեր քրոջ տանն է, պարոն, այնտեղ հանդիպեցեք...— վերջապես խորհուրդ էր տալիս Շուշանը:

Անտոնն այս բոլոր հարց ու պատասխաններից ոչինչ նոր բան չհասկացավ, նրա համար միայն այն տխուր լուրը հաստատվեցավ, որ Ելենան երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել, բայց թե ո՞ւր է գանացել, նա չեր կարողանում հասկանալ: Վերջապես նա շվարած դիմեց դեպի իր քրոջ՝ Եղիսաբեթի տունը, որը Բերնարի կարանոցի մոտ էր գտնվում:

Ճնապարհին մի նվազ հյուս պահում էր նրան, նա ուզում էր հավատալ, որ Ելենան երևի իր քրոջ տունն է գնացել, որովհետև քաղաքի մեջ նա էր իրենց միակ ազգականը, թեպետ այդ բանը նա առանց ծնողներին իմացնելու չէր անիլ: Բայց չէ՞ որ խեղդվող մարդն ամեն անզոր շյուղից էլ բռնում է, որ նա կազատե իրեն...

—Այստե՞ղ է Ելենան,— հարցրեց Անտոնը քրոջից բակի մեջ նրան պատահելով:

—Ելենա՞ն, — զարմացմամբ հարցրավ քույրը: — Այո', ուրեմն այստե՞ղ չէ․․․ կոր՞լ է․․․ — էլ ոչինչ չկարողացավ շարունակել Անտոնը և սկսեց գլուխը ծեծել:

—Ի՞նչ է պատահել, Անոտոն, ոչինչ չեմ հասկանում. ասա, ի սեր աստծո, ի՞նչ է պատահել...

—Ելենա՛ն... Ելնա՛ն կորել է.. երեկ երեկոյան դուրս է գնացել կարանոցից և այժմ չկա...— դողալով մրմնջում էր Անտոնը և գլուխն ու ծնկները հարվածում...

—Ի՞նչ ասացիր այդ, Անտոն, — սրսափով բացականչեց Եղիսաբեթը և սկսավ բարձրաձայն հեկեկալ:

—Գնանք, գնանք մոր մոտ, գնաք ասենք, որ Ելենան չկա... մեռել է...— խելագարի նման մրմնջում էր Անտոնը,— գնաք, նա սպասում է ինձ...

Եվ հեկեկալով ու վայ տալով քույր և եղբայր ճանապարհ ընկան դեպի տուն:

Հռիփսիմեն դեռ կանգնած բակի ծայրում անթարթ աչքերով նայում էր հեռու, դեպի փողոցը. նա սպասում էր իր գեղեցիկ Ելենային... Եվ ահա՛ նկատեց փողոցի ծայրում Անտոնին. նրա հետ մի կին էլ կար. բայց հագուստները Ելենայի հագուստների նման չէին. նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց. վերջապես ճանաչեց Եղիսաբեթին: Իսկ Ելենան ինչու՞ չկար, Եղիսաբեթը ու՞ր էր գնալիս, նա ոչինչ չեր կարողանում հասկանալ:

Նրանք մոտեցան: Հռիփսիմեն նկատեց նրանց հուսահատ շարժումները. նա վերջապես տեսավ, որ Եղիսաբեթը լաց էր լինում, և ծնկները դողդողացին...

—Ի՞նչ է պատահել, ո՞ւր է Ելենան, ինչո՞ւ առանց նրան եք եկել...— իրար ետևից հարցրեց Հռիփսիմեն, առանց մի քայլ անգամ առաջ գնալ կրողանալու:

—Ելենան... երեկ երեկոյան..— կակազեց Անտոնը և հեկեկանքը խեղդեցին նրան ձայնը:

—Ի՞նչ, երեկ երեկոյան մեռա՞վ... — սարսափով գոչեց Հռիփսիմեն:

—Ո՜ւր էր թե մեռներ... երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել և էլ չկա...— դառն կսկիծով հարեց Եղիսաբեթը: — Ա՜հ Ելենաս — սուրբ ձայնով ճչաց Հռիփսիմեն և ուշափափ գլորվեցավ գետին:

— Ի՞նչ արի՛ր դու, Եղիսաբեթ, ինչո՞ւ սրան էլ ես սպանում, — սոսկալով գոչեց Անտոնը և շտապով գրկեց դալկահար և ուշաթափ ամուսնուն:

Եղիսաբեթը դողալով վազեց տուն և ջրի սափորը քարշ տալով բերավ և սկսեց ջուր սրսկել Հռիփսիմեի վրա: Անտոնը որքան ուժ ուներ ձեռքերում, սկսավ շփել նրա մարմինը, քաշել ականջներից և կամ մատներն ատամների մեջ խրելով աշխատում էր զոռով բաժանել նրա միմյանց հետ կպած ծնոտները:

Անցան մի քանի վայրկյաններ, և Հռիփսիմեն աչքերը բացավ «Ելենաս, ո՞ւր է Ելենաս…», նվաղած ձայնով մրմնջաց նա, և կրկին թուլացավ:

Անտոնը և Եղիսաբեթը կրկնապատկեցին իրենց ջանքերը և մի քառորդ ժամից հետո հազիվ հաջողեցան ուշքի բերել Հռիփսիմեին, որն այժմ սկսել էր դառնապես լալ և մազերը փետել:

— Անտոն ու՞ր է Ելենաս, նրան տարել են, նրան սպանել են… ինչու՞ համար ես կանգնել, գնա՛, գնա՛ գտիր նրան… — անդադար հեծեծում էր խեղճ կինը և անխնայաբար գլուխը և ծնկները հարվածում:

Թշվառ ընտանիքի լաց ու կոծի վրա հավաքվել էին դրացիներից և դրացուհիներից մի քանիսը. նրանք սիրտ էին տալիս Հռիփսիմեն, հուսադրում էին նրան, բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն էին անցնում. Հռիփսիմեն ոչինչ չէր ուզում լսել, նա անդադար յուր անձը կոծում էր: Վերջապես խառատ Օսեպը որ նրանց դրացիներից մինն էր, առաջարկեց Անտոնին յուր հետ միասին գնալ և ոստիկանության հայտնել, խուզարկություն անելու համար:

Խեղճ Անտոնը մինչև այն արձանացած էր. արտասվաց կաթիլները սառել մնացել էին յուր ծնոտների վրա: Դրացու առաջարկությունը լսելուն պես կարծես նա նորից արթնացավ, յուր կորուստի սոսկալի ծանրությունն զգալով սկսավ դառնապես լալ: Հետո գլխակոր առաջ անցավ ուստիկանատունը գնալու համար: —Ո՞ւր ես գնում, ինձ էլ տար հետդ,— ճչաց Հռիփսիմեն նրա ետևից,— տար, ես չեմ կարող այստեղ մնալ. ես էլ եմ ուզում որոնել իմ Ելենային...

Շրջապատող կանայք շատ աշխատեցին պահել նրան, բայց հնար չեղավ. «Ես չեմ մնալ, ես կմեռնեմ...,» — շարունակ կրկնում էր խեղճ կինը: Բայց նա չկարողացավ մի քանի քայլ անգամ փոխել, նրա ծնկներում ուժ չէր մնացել: Վերջապես կառք բերել տվին և նրանով չորս հոգի ուղղվեցան դեպի ոստիկանատունը՝ Անտոնը, Հռիփսիմեն, Եղիսաբեթը և խառատ Օսեփը:

Բայց դեռ ճանապահի կեսը չանցած, Հռիփսիմեն կանգներեց կառքը և պահանջեց, որ գնան առաջ Բերնարի կարանոցը. «Գնանք այնտեղ, Ելենան այնտեղ է, ես գիտեմ...— խելագարի նման խոսում էր նա, — գնաք. ես ինքս ուզում եմ ստուգել ամեն բան...»:

Կառքը ուղղվեցավ դեպի Բերնարի կարանոցը:

ԿԻԿԻՆ ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈւՄ

Ժամը 12—ի մոտ էր. տիկին Բերնարը վաղուց արդեն հանգվել պատրաստվել էր: Այժմ նա հենված փափուկ բազկաթոռին՝ լրագիր էր կարդում, իսկ առջևը գտնվող կլորիկ սեղանի վերա դրված էր կաթով սուրճ և պաքսիմատ: Նրա դեմքը ոչինչ անհանգստություն չէր արտահայտում. նա նույնն էր, ինչ որ երեկ կամ անցյալ օրը: Յուր ամբողջ ընթերցանության ժամանակ նրա ճակատի կնճիռները միահավասար և անշարժ դրություն էին պահպանում. ամենահետաքրքիր գրվածքն անգամ նրա ուշադրությունը չէր լարում, ամենասրտաշարժ նկարագիրն անգամ նա կարդում էր անտարբերությամբ: Տիկինի Բերնարը նմանում էր ա՛յն անձիքներից մինին, որ անցնելով աշխարհային կյանքի ամենաքաղցր և ամենադառն փորձերից, կանգնել է գործնական հողի վերա և յուր բոլոր առած դասերով հասել ա՛յն թշվառ եզրակացության, որ զգալը և կարեկցիլը առաջնորդում են մարդուն միմիայն դեպի թշառություն, մինչդեռ անտարբերությունը բերում է նրան հանգիստ և խաղաղություն: Տիկին Բերնարը յուր գեղեցկությամբ հանդերձ մի ամենօրյա կին էր, և կյանքի փորձերից պիտի հաներ այդ եզրակացությունը... մի բան, որ անում են ներքին արժանավորությունից և հոգվո մեծությունից զուրկ բոլոր մարդիկը:

Հազիվ նա վայր դրավ թերթը և պարզեց ձեռքը սուրճը առնելու, ահա կարողուհիներից մեկը ներս մտավ և հայտնեց. որ. Ելենայի ծնողները և բարեկամները եկել են իրեն տեսնելու:

— Ի՞նչ է պատահել, ի՞նչ ունին նրանք ինձ հետ, — դժգոհությամբ հարցրեց տիկին Բերնարը, — չեն կամենում մի օր հանգիստ տալ մեզ: — Բայց նա խոսքը դեռ չէր վերջացրել, երբ խելացնորի նման ներս ընկավ Հռիփսիմեն:

— Տիկին, ու՞ր է Ելենա, — գոչեց նա Բերնարին դիմելով, — ինչո՞ւ նա մեզ մոտ չէ այսօր, ո՞րտեղ ես ղրկել նրան...

—Ձեր աղջիկը երեկ ես ղրկեցի ձեր տունը, սառնությամբ պատասխանեց տիկին Բերանը — ես միևնույնն ասացի այսօր առավոտ ձեր մարդուն որեմն էլ ի՞նչ հարկ կար կրկին հարցուփորձի գալ այստեղ:

Տիկի՛ն, իմ աղջիկը, իմ Ելենաս... նա մեզ մոտ չէ եկել... ես նրան ձեզ եմ տվել ես պահանջում եմ իմ աղջիկը...

Ի սեր աստծո, ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունեմ ձեզ լոսելու, ձեր աղջիկը ինքը խնդրել և դուրս է գնացել իմ կարանոցից. ի՞նչ մեղավոր եմ ես այստեղ, հանգիստ թողեցեք ինձ ասաց տիկին Բերնարը և կրկին թերթը ձեռքն առնելով սկսավ կարդալ:

Օ՜հ, տիկի՛ն, աղաչում եմ ձեզ, անգութ մի՛ լինեք խղճացեք ինձ վրա... այս խեսքերով նա ընկավ տիկին Բերնարի ոտքերը և նրա ծնկներին փարելով աղիողորմ ձայնով շարունակեց,— իմ Ելենան, տիկի՛ն, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա, ի՞նչպես հեռացավ նա ձեզանից. ո՞վ գողացավ նրան, տիկին, այս բոլորը դուք կարող եք գիտենալ. դուք կարող եք նրան գտնել. դուք փորձվածք եք… օ՜հ ես խելագարվում եմ, տիկին, օգնեցեք ինձ․ տվեք ինձ իմ աղջիկը… իմ Ելենան…

— Դուք կարծես թե դիտմամբ ինձանի՞ց եք պահանջում ձեր աղջիկը, — բարկացած վեր թռավ սեղանից տիկին Բերնարը և մի կողմ հրեց Հռիփսիմեին:

—Այո՛, տիկի՛ն, իմ աղջիկը ես ձեզանից եմ պահանջում, —հաստատ ձայնով գոչեց Հռիփսիմեն,— ես նրան ձեզ հանձնեցի, և դուք պիտի նրան իմ ձեռքը տաք… ես ոչ ոքին չեմ ճանաչում:

Այս միջոցին գրեթե բոլոր կարողները հավաքվել էին տիկին Բերնարի սենյակը. վերջինս բարկացած անցուդարձ էր անում նրանց մեջ: Հռիփսիմեի վերջին խոսքերը լսելով` «Կարոլի՛նա,—դարձավ նա աղջիկներից մինին,—կանչիր այստեղ ծառային, այս մարդկանցը ես խոսք չպիտի կարողանամ հասկացնել, թող ուրիշները այդ անեն»:

Կարոլինան իսկույն դուրս գնաց: Մի րոպեից հետո ծառան ներս մտավ:

—Ա՛յ տղա, գնա՛ այս րոպեին կանչիր այստեղ ոստիկանական վերակացուին,—ասաց նրան տիկին Բերնարը,— թող նա գա և արձանագրություն կազմե մի փախստական աղջկա համար, որի պատճառով մեզ զրպարտում են այստեղ:

Ծառան դուրս գնաց։

—Փախստակա՞ն… ուրեմն իմ Ելենան մի փախստական է… — կսկծալով խոսեց Հռիփսիմեն,— ինչպես հեշտության անպատվում են նրան։ օ՜հ, ո՛չ, ես չեմ հավատում․ այնպես չէ՞, Անտո՛ն, չէ՞ որ մեր Ելանան մի անմեղ, մի սուրբ աղջիկ էր․ իմ սիրտս վկայում է, որ նրան գողացել են, որ նրան ծախել են… նա ինքը չէր փախչիլ…

Այդ միջոցին Հռիփսիմեի աչքն ընկավ Նինոյի և Շուշանի վերա, նա իսկույն վեր թռավ տեղից և դիմեց նրանց․

—Նինո՛, Շուշա՛ն, դուք այստե՞ղ եք․ ի՜նչպես ես ձեզ չտեսի, ա՜խ ինչպես ես ուրախ եմ, դուք կասեք ինձ, թե ու՞ է գնացել Ելենան, այնպես չէ՞․ դուք նրա ընկերուհիներն եք․ նա ձեզ սիրում էր․․․ դուք անպատճառ կգիտենաք նրա տեղը ձեր տիկինը խաբում է. ասացեք սիրելիներս, ասացեք ու՞ր է ձեր ընկերուհին... ուր է Ելենա, ասացեք, ես խելագարվում եմ ուր է իմ աղջիկը... — և նա բարձր ձայնով սկսեց հեկեկալ: Շուշանը և Նիմոն չդիմացան այս աղիողողորմ տեսարանին և փղձկալով ընկան Հռիփսիմեի գիրկը և սկսան լաց լինել: Բոլոր ներկա գտնվողները հետևեցին նրանց: Անտոնը սրտի կսկծից մորմոքելով կոտրատում է յուր մատները և խառատ Օսեփը սենյակի անկյունում կծկված լռիկ արտասվում էր…

Այս բոլորի մեջ անտարբեր և անողոք երեսով անց ու դարձ էր անում տիկին Բերնարը, լացի, և մորոքվելովւ ձայները ոչինչ չէին ազդում նրա կարծրացած սրտի վերա...

Մի քառորդ ժամից հետոո ներս մտավ ոստիկանական վերակացուն:

Ի՞նչ եք հրամայում տիկին դարձավ նա Բերնարին:

— Երեկ երեկոյան իմ գիշերօթիկ կարողուհիներից մինը, Ելենա անունով, այս պարոնի և այս տիկնոջ աղջիկը, — այս խոսքերով նա մատնացույց արավ Անտոնին և Հռիփսիմեին,— խնդրեց ինձանից, որ թույլ տամ իրեն գնալ յուր հոր տունը, ինչպես միշտ սվորություն ուներ տոն օրերին գնալու և ես արձակեցի: Այդ աղջիկը դուրս գալով իմ կարանոցից չգիտեմ ու՞ր է գնացել որովհետև ինչպես սրանք ասում են իրենց տանը չէ. այժմ նրա այս հարգելի ծնողները եկել և ինձանից են պահանջում իրենց դուստրը, հազար մի տեսակ զրպարտող ակնարկություններ անելով ինձ դեմ: Խնդրում եմ այդ բանի մասին հարցուփորձեցենք բոլոր իմ կարողներին և հարկ եղած արձանագրությունը կազմելով, ազատեցեք ինձ այս մարդիկների անիրավ և ձանձրացուցիչ պահանջներից:

Այս փաստաբանական ճառից ետ տիկին Բերնարը բարկացած գնաց և նստեց բազկաթոոռի վերա և յուր փղոսկրյա հովհարը վերցնելով, երեսը շուռ տվավ դեպի պատուհանը և սկսավ արագ - արագ հովհարել երեսը, որը, իբրև թե այրվում էր բարկության սաստկությունից:

Ոստիկանական վերակացուն ինչպես որ սպասելի էր օտարոտի գտավ Ելենայի ծնողների պահանջը: Նա երկար հարցուփորձեց թե՛ նրանց, թե՛ ներկա գտնվող աղջիկներին, և թե՛ տան ծառային, և ապա ստանալով մանրամասն ցուցումներ տիկին Բերնարի կողմից, կազմեց կարևոր արձանագրությունը: Հետո դառնալով որդեկորույս ծնողներին ասաց.

—Ձեր աղջկա կորուստի կամ փախստյան համար ամենից առաջ դուք պարտավոր էիք դիմել ոստիկանությանը. տիկին Բերնարին անհանգստացնելը բոլորովին անիրավացի է ձեր կողմից: Այսուամենայնիվ հույս ունեմ, որ նա կարեկցելով ձեր դրությանը կներե և ձեր այդ սխալմանցը, որը օրենքը կարող էր դատապարտել իբր զրպարտություն: Ինչ վերաբերում է ձեր աղջկա մասին լինեք հետախուզությանը, այդ կկատարե ոստիկանությունը ամենայն աչալրջությամբ և եռանդով: Կարող եք հուսալ, որ նա շուտով կգտնե և կհանձե ձեզ ձեր աղջիկը կամ գոնե կարելին եղած տեղեկություները կհաղորդե ձեզ նրա ուր գտնվելու վերաբերությամբ: Այժմ դուք կարող եք հանգիստ թողնել տիկնոջը:

Անտոնը և Եղիսաբեթը վերցրին Հռիփսիմեին, որը ուժաստառ ընկած էր դեռ հատակի վրա, և նրա թևի տակը մտնելով, դուրս հանեցին սենյակից: Խառատ Օսեսը և ապա ոստիկանական վերակացուն հետևից նրանց:

ՍԹԱՓՈւԹՅՈւՆԻՑ ՀԵՏՈ

Առավոտյան ա՛յն ժամին, երբ Ելենայի ծնողներն անհամբերությամբ սպասում էին նրա գալստյանը, Ելենան զարթեցավ Փուլաշատյանի առանձնարանում։ Առաջին անգամ հենց որ աչքերը բացավ, վեր թռավ բաչականչելով՝ «Աստվա՛ծ իմ, այս ո՞րտեղ եմ ես, այս ո՞ւմ տունն է․․․երազի մեջ եմ, թե՞ արթուն»։ Եվ նա սկսավ ուշադրությամբ դիտել յուր չորս կողմը։ Նա գտնվում էր մի գեղեցիկ ննջարանի մեջ, այդ տեղ ոչ ոք չկար, ինքը միայնակ էր․․․

—«Ճշմարիտ որ սա երազ է․․»— կամացուկ շշնջում էր նա ինքն իրեն, — ես ինչու՞ համար պետք է այս տան մեջ լինիմ... ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ հավատում… ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ, ես չեմ հավատում… ես չեմ եկել այստեղ…»: Եվ յուր սևորակ, մեծ—մեծ աչքերը նա ծանր և մտախոհ դարձնում էր այս ու այն կողմը, կես ապշության և կես զարմացման մեջ։ Մի քառորդ ժամ այս թմրած դրության մեջ մնալուց հետո, նա հանկարծ բացականչեց.

— Ա՜հ, հասկանում եմ, հասկանում եմ...— և ապա կարծես ինքը յուր ձայնից սարսափելով, սկսավ կծել շրթունքները, խփել ճակատին և քաշել մազերը o՜, o՜, այս ի՞նչ արի ես… ի՜նչ արի… և մի՞թե ճշմարիտ է... մի՞թե այս բոլորը երազ չէ... մի՞թե ես անպատված եմ...— շարունակ հեծեծում էր խեղճ աղջիկը: Վերջապես նա դողալով ոտքի կանգնեց, մի քանի քայլ առաջ գնաց և կրկին կանգ առնելով, սկսավ ապուշ֊ապուշ յուր շուրջը դիտել։ Հետո հանկարծ աչքերը հառեց մի կետի վերա, որի մեջ կարծես որոնում էր մի բան, որ կորցրել էր… և մի րոպեից ետ սարսափահար շուռ տվավ երեսը, ճչաց և ուշաթափ փռվեցավ հատակի վրա։

Երևում էր, որ այդ տան մեջ ոչ ոք չլսեց խեղճ աղջկա ճիչը, որովհետև ոչ ոք էլ չմտավ նրա մոտ։

Թշվառ զոհը երկար Ժամանակ զգայազուրկ ընկած էր հատակի վրա։ Վերջապես նա կամաց֊կամաց սթափվեցավ, բացավ աչքերը և բարձրացավ նստեց աթոռի վրա։ Մի քանի վայրկյան ոգի առնելուց հետո նա արագ վեր թռավ տեղից, հագնվեցավ և դիմեց դեպի դուռը։ Նա այնքան շփոթված էր, որ դռան փեղկը բանալու համար շարունակ դեպի հակառակ կողմն էր ձգում և հետո կարծելով, որ կողպված է, սկսավ ոտքերով հարվածել նրան։ Այդ ձայնի վրա միայն երևեցավ տան աղախինը և բացավ դուռը։ Երկու անծանոթ հայացքներ պատահեցին միմյանց և մի քանի րոպե սևեռվեցան դեպի իրար։ Աղախնվո հայացքի մեջ պարզ կարդացվում էր կարեկցություն և խղճահարություն՝ անմեղ աղջկա դրության վրա, մինչդեռ Ելենայինը արտահայտում էր կատարյալ ապշություն։

— Դուք կամենո՞ւմ եք լվացվել,— հարցրեց առաջին անգամ աղախինը։

— Այո՛, կամենում եմ,— մեքենայաբար պատասխանեց Ելենան և հետևեց աղախնին, որը առաջնորդեց նրան դեպի ննջարանին կից լվացարանը։ Այդտեղ լվացվելուց և վերիվերո պատրաստվելուց հետո Ելենան կիսաձայն հարցրեց աղախնուց։

— Ո՞ւր է նա...

— Ո՞վ, աղա Սամվե՞լը։

— Այո՛։

— Նա մյուս սենյակումն է և սպասում է ձեզ հետ միասին թեյ առնելու։

Ելենան լռեց։

— Դուք կամենում եք գնալ նրա մոտ, այնպես չէ՞, գնանք, ես ձեզ ցույց կտամ նրա սենյակը։ — Ելենան դարձյալ անխոս հետևեց աղախնուն։

— Ահավասիկ, այստեղ է աղա Սամվելը, կարող եք մտնել։ — Այս ասելով աղախինը հեռացավ։

Ելենան չհամարձակվեցավ դուռը բանալու. նա անշարժ կանգնել էր նրա մոտ։ Բայց աղախնու խոսակցությունը լսել էր Սամվելը, ուստի և շտապով սենյակից դուրս եկավ։

— Դու արդեն զարթնել ե՞ս, դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչու՞ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, — և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը։

— Հեռու, հեռու ինձանից, — ետ֊ետ քաշվելով բացականչեց Ելենան, — ես սարսափում եմ ձեզանից...

— Ելենա, հոգյակս, ի՞նչ է պատահել քեզ. մի՞թե դու տխուր ես, մի՛թե դու ինձ ատում ես...

— Այո՛, ես ձեզ ատում եմ, ես ի՞նչ ունիմ այստեղ, ո՞վ եք դուք, ինչու՞ համար ես ձեր տան մեջ եմ, ինչու համար ինձ խաբեցիք... ի՞նչ պիտի անեմ ես այսուհետև...— իրար ետևից հարցրեց Ելենան և սկսեց հեկեկալ։ Նրա՝ ամոթից, երկյուղից և հոգեկան տանջանաց սաստկությունից կապված արտասուքներն սկսան առվի պես հոսել։

— Ելենա՛, հոգյա՛կս, ինչու՞ համար ես այդպես նեղսրտում, ինչու՞ համար ես արտասվում, մի՞թե ես քեզ խաբել եմ, և մի՞թե ես կարող եմ խաբել։ Ամոթ չէ՞, որ այդպես խոսք ես ասում ինձ։ Գնա՛նք, գնա՛նք, հոգյակս։ Այդպես հիմար մտածմունքներով մի նեղացնիլ քեզ. մի՞թե դու մոռացար այն ամենն, ինչ որ ես քեզ հետ երեկ խոսեցի: Դու իմ նշանածն ես, մի քանի օրից հետո մենք կպսակվենք, մենք բախտավոր կլինենք… Եվ այս խոսքերի հետ նա Ելենային զոռով յուր թևն առավ և մտավ սենյակը:

— Բայց ո՞ւր եք քաշար տալիս ինձ. ես պետք է իմ ծնողաց մոտ գնամ. նրանք այժմ ինձ սպասում են, նրանք կգան իմ ետևից և ինձ կարանոցում չգտնելով կշվարեն, կխելագարվեն... թողեք ինձ, որ ես գնամ նրանց մոտ. գոնե նրանցից կարողանամ ծածկել առայժմ իմ ամոթալի արարքը... իմ խայտառակությունը...

Բայց Սամվելը չէր կարող նրան թողնել. Ելենան դեռ մի քանի ժամ էլ հարկավոր էր իրեն,— նա պետք է յուր խոստումը կատարեր. այսինքն յուր ընկեր Մարգարին պիտի ծանոթացներ Ելենայի հետ և երեքը միասին պիտի ճաշեին այսօր, ինչպես Սամվելը խոստացավ էր այդ Մարգարին մի քանի օր առաջ:

— Դու այժմ չես կարող գնալ, Ելենա, դու այսօր պիտի ճաշես այստեղ,— ասաց Սանվելը,— որոհետև...

— Ո՛չ, ո՛չ, մի՛ ասեք, ես չեմ կարող մնալ,— լալով ընդհատեց նրան Ելենան,— իմ ծնողներն այժմ ինձ պտրտում են, նրանք ցավից կմեռնեմ, ես պետք է գնամ նրանց մոտ:

— Լսի՛ր, սիրելի Ելենա, ես այսօր հրավրել եմ այստեղ իմ բարեկամ և ընկեր Մարգարին, որը պետք է իմ և քո խաչեղբայրը լինի: Մեր պսակի մասին մենք այսօր միմյանց հետ կարևոր խոսելիք ունինք, և դու էլ անպատճառ ներկա պիտի լինիս այդ խոսակցությունը․ ուրեմն քո ծնողներդ մի քանի ժամ առաջ տեսնելու պատճառով այդ կարևոր գործը մի խանգարիր․ Մարգարը գուցե երկրորդ անգամ քեզ տեսնել չկարողացավ․ իսկ ես կամենում եմ, որ մեր պսակը շատ շուտ կատարվի․ հասկանո՞ւմ ես․ բայց եթե դու թողնես գնաս, այն ժամանակ ամիսներով կուշանա մմեր ամուսնության գործը։Դու ինքդ է ցանկանաս այդ բանը, որովհետև դրանով կդժբախտանես թե՛ ինձ և թե՛ քեզ․․․

Ի՞նչ աներ Ելենան, այն խեղջ, անմեղ աղջիկը։ Կամուրջն արդեն ետևից վերցված էր, ճանապարհին կիսից ետ դառնալն անհնարին էր․․․ Բացի այդ, նա սիրում էր Սամվելին․ նա հավատում էր նրան․․ և մի՞թե կարող էր ընդդիմանալ, մանավանդ, երբ հարցը օրինավոր ամուսնության էր վերաբերում։

Եվ նա համաձայնվեցավ մնալ։

ԽՈՍՏՈԻՄՍ ԿԱՏԱՐԵՑԻ

Կեսօրից երկու ժամ արդեն անցել էր։ Սամվելը Ելենային յուր թևն առած զբոսնում էր առանձնարանի հովանավոր այգիում և զանազան խոսակցություններով ու սիրալիր կատակներով զբաղեցնում էր նրան, աշխատելով միառժամանակ ցրել նրա տխրությունը։ Նրանք դեռ չէին ճաշել և սպասում էին իրենց ապագա խաչեղբայր Մարգարին։ Վերջինս շատ էլ սպասեցնել չտվավ։ Հազիվ երկու զույգերը մի փոքր հանգստանալու համար նստեցին շատրվանի մոտ գտնվող նստարանի վերա և, ահա, պարտիզի կանաչ վանդակադռան մեջ երևեցավ Մարգարը։ Մոտենալով շատ քաղաքավարությամբ ողջունեց նա Ելենային և Սամվելին։ Վերջինս ծանոթացրեց նրան յուր սիրուհվո հետ, յուր «ապագա հարսնացուն» անվանելով նրան։

— Ամենից առաջ պատիվ ունեմ ձեր թանկագին առողջության մասին հարցնել, օրիորդ։ Ես ինձ բախտավոր եմ համարում այս րոպեին ձեր ընկերության մեջ գտնվելուս համար,— այս բերան արած հաճոյախոսությամբ դիմեց Մարգարը Ելենային։

— Շնորհակալ եմ, պարոն, շատ լավ եմ, —ամաչկոտ ձայնով պատասխանեց Ելենան և աչքերը գցեց գետնին։

— Իսկ հետո սրբազան պարտք եմ համարում խոստովանել ձեր առաջ,— դարձավ նա Սամվելին,— որ դուք մի շատ քաջ երիտասարդ եք, և արժե ձեզ հարգել, որովհետև ինչ որ խոստացաք, այն էլ կատարեցիք։ Այսուհետև ես ձեզ կանվանեմ «ամենակարող»․․․

— Դուք ա՛յն առևտրական գործի վերաբերությամբ եք խոսում, — ընդհատեց նրան Սամվելը (տեսնելով, որ յուր բարեկամը քիչ է մնում, թե յուր հիմարությամբ ամեն գաղտնիք լույս աշխարհ հանե).— այո՛, այդ գործում ես շատ ճարպիկ շարժվեցա:

Մարգարն իսկույն հասկացավ յուր սխալը և խոսքը շուռ տվեց:

—Այդ բոլորը թողնենք մյուս կողմը. դուք ա՛յն ասացեք, թե ե՞րբ եք հանձնում ինձ իմ պաշտոնը:

—Խաչեղբայրությո՞ւն, — հարցրեց Սամվելը:

—Իհարկե. ես այսօր հենց այդ բանն իմանալու համար եկա:

—Շատ շուտ, մինչև երկու շաբաթը:

—Օ՜, օ՜, ոչ, ես համաձայն չեմ. այդ շատ է հեռի. միայն մի շաբաթ կարող եմ ես ժամանակ տալ ձեզ:

—Դո՞ւք ինչ կասեք սրա համար, օրիորդ, արդյոք ես ավելի լավ չե՞մ խոսում:

Ելենան ոչինչ չպատասխանեց, այլ շառագունվելով աչքերը դարձրեց մյուս կողմ:

Սանվելը նրա շփոթությունը տեսնելով, նկատեց.

—Այդ բանի համար մենք այսօր առանձին կխոսենք. օրիորդը երևի չէ ուզում մասնակցել մեր այդ զրույցին: Առայժմ երթանք ճաշելու, — հարեց նա, — ծառան ահա՛ մեզ հրավիրելու է գալիս:

Եվ նրանք ուղղվեցան դեպի տուն:

Այսօր ճաշը փառավոր և բազմախորտիկ էր. և սակավաթիվ հյուրերին ծառայում էին երկու մաքուր հագնված սպասվորներ: Թանկագին գինիների և օշարակների թիվը նույնպես կատարյալ էր: Կենացներից առաջինը նվիրվեցավ Ելենային. երկրորդը Սանվելին և երրորդն ապագա խաչեղբայր Մարգարին. այնուհետև առաջ անցան ապագա նշանադրության, հարսանյաց, ծննդյան և այլ կենացներ, որոնք բոլորն էլ համեմվում էին ախորժելի երգերով: Այդ բոլորը մի փոքր ուրախացնում էր Ելենայի սրիտը և մոտալուտ երջանկությունը մի հույս պարուրում էր նրա ճնշված և կոտրված սիրտը...

Բայց ճաշից հետո երբ Սամվելը Մարգարի հետ առանձնացավ դահլիճը, իբր թե իրենց ամուսնության մասին նրա հետ խորհրդածելու համար, և Ելենան մնար միայն, դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան։

«Այս ո՞րտեղ եմ ես, այս ի՞նչ եմ անում… — մտածում էր նա ինքն իրեն,— փախստական իմ ընկերուհիների միջից, ես նստել եմ մի օտարի տանը, օտար տղաների հետ, և քեֆ եմ անում… գինի եմ խմում, կենացներ եմ դատարկում… բայց իմ մայրը, իմ հայրը... ո՞ւր են նրանք, ո՞րտեղ են, չէ՞ որ ինձ են պտրտում… Եվ մի՞թե ես խելագարվել եմ, ո՞ւր եմ մնում այստեղ և մինչև ե՞րբ պիտի մնամ…»: Այս մտածմունքները նրան շատ վրդովեցին։ Նա վեր կացավ տեղից և դիմեց դեպի դահլիճի դուռը՝ դուրս գնալու դիտավորությամբ։ Հանկարծ նրա ականջին զարկեց Մարգարի ձայնը. նա այնպես բարձր էր խոսում, որ Ելենան որոշ կերպով լսեց հետևյաչ խոսքերը.

— Բայց գիտես ի՞նչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը։

Տիկին Բերնարը նրանց հետ կռվել է. վերջը ոստիկանությունը հրավիրելով արձանագրություն է կազմել տվել՝ իբր թե նրանց պատժելու համար, որովհետև իրեն զրպարտել են։ Հենց այն ժամին, երբ ես անցնում էի կարանոցի առջևից, Ելենայի ծնողները նոր էին դուրս եկել տիկին Բերնարի մոտից. խեղճ մայրը այնպես էր լաց լինում, այնպես էր կոծում իրեն, որ ամբողջ փողոցը թափվել էր գլխին…—Ելենան այլևս սպասել չկարողացավ, նա արագությամբ բացավ դուռը և խելագարի նման ներս ընկավ դահլիճը։

— Այդ ինչե՞ր եք պատմում, այդ ինչե՞ր են պատահել, իմ ծնողները պտրտում են ինձ, նրանք լաց են լինում, նրանք ծեծում են իրենց… իսկ այդ բոլորը դուք թաքցում եք ինձանից… ա՜խ անգութներ, ինչու քնացրիք ինձ, ինչու՞ սպանում եք մեզ…

— Ի՞նչ է պատահել, Ելենա, հոգյակս․ ինչ բանից ես վրդովվել,— փաղաքշում էր նրան Սամվելը, իբր ոչինչ չիմանալով։

— Ինչ բանից… դեռ նո՞ր եք հարցնում, բայց ես բոլորը լսեցի... ի սեր աստծո, պարոն, ազատեցեք ինձ այստեղից, տարեք ինձ իմ ծնողների մոտ. ես չեմ կարող ուշանալ, իմ շունչը կտրվում է, ես խելագարվում եմ... տարեք ինձ...

— Բայց ես այսպես ցերեկով քեզ հետ գնալ չեմ կարող, դա ամոթ բան է ինձ համար, սպասիր մութը մի փոքր կկոխե, այն ժամանակ ես կուղեկցեմ քեզ։

Ամոթ բան է... օ՜ o՜, ամոթ բան է ինձ հետ ման գալ, շատ լավ. ուրեմն ես միայնակ կերթամ. գոնե ցույց տվեք ինձ ձեր տանից դուրս գալու ճանապարհը։

— Բայց այժմ ո՞ւր ես գնում դու, գոնե մի երկու ժամ էլ սպասիր...

Ելենան թողեց Սամվելի խոսքը յուր բերանում և ինքը դուրս պրծավ դեպի պատշգամբը. այդտեղից այծյամի արագությամբ վար իջավ պարտեզը: Զբոսանքի ժամանակ նա այդտեղ նկատել էր մի գաղտնի դուռ, որ և յուր բախտից բաց գտավ:

Այդ դռնից նա դուրս փախավ և այլայլված սկսավ վազել մենավոր մի նեղ փողոցի մեջ:

— Ինչո՞ւ համար ծառաներից մեկին չես հրամայում ետ դարձնել նրան, — հարցրավ Մարգարը Սամվելից, երբ Ելենան իջավ պարտեզ։

— Ինչո՞ւ հարկ կա. թող ուր ուզում է գնա, — պատասխանեց Սամվելը, — այդպիսով նա իմ գործը դյուրացրավ. Իմ միակ ցանկությունն այն էր, որ այսօր քեզ նրա հետ ճաշ տայի իմ տանս, խոստումս կատարեցի և այժմ հանգիստ եմ։

ՃԳՆԱԺԱՄ

Հասնելով մի մեծ փողոց, Ելենան, դանդաղեցրավ յուր քայլերը, որպեսզի երագելով անցորդների ուշադրությունը չգրավե; Եվ թեպետ նրա վրա ոչ ոք մի առանձին ուշադրություն չէր դարձնում, բայց ինքն անդադար աջ, ձախ և ետ էր նայում: Նա կարծում էր, որ բոլորը գիտեն յուր արածը, որ բոլորը յուր վերա են խոսում... Նա մինչև անգամ յուր երևակայության մեջ լսում էր, թե ինչպես յուր ետևից ծաղրում են իրեն: Եթե մեկը ճանապարհին դեմուդեմ պատահում էր նրան և աչքերն ուղղում էր յուր վերա, ինքը երեսը շուռ էր տալիս, վախենալով թե` իսկույն մի նախատինք պիտի լսի այդ անցորդից: Նա մինչև անգամ ամաչում էր օրը ցերեկով փողոցի մեջ, բայց երկնքի տակ գտնվելու համար և անհանգրստությամբ շտապում էր մի գաղտնարանի մեջ ծածկվելու: Փուլշատյանի առանձնարանից դուրս գալու րոպերին նա միայն մի բան էր մտածում` դիմել յուր ծնողաց մոտ, հայտնել, որ ինքը կորած չէ, որ ինքը կենդանի է, և այսպիսով ուրախացնել նրանց... իսկ այժմ նա այդ մտքից անգամ սարսափում էր: Ի՞նչ երեսով գնալ յուր ծնողաց մոտ, ինչո՞վ արդարացնել յուր անհայտանալը...

Վերջապես նա վճռեց դեռ գնալ տիկին Բերնարի մոտ, այն կնոջ, որ յուր համար պատրաստեց այս հոգեկան տագնապը... Գուցե նա նրան մի ելք կսովորեցներ... ուստի և ուղղեց յուր քայլերը դեպի կարանոցը:

Կյուրակե լինելով՝ օրվան այդ ժամին կարանոցի մեջ ոչ ոք չկար: Թե՛ կարողուհիները և թե՛ ինքը՝ տիկին Բերնարը դուրս էին եկել զբսնելու. միայն պառավ աղախինն էր, որ յուր տիկնոջ առանձնարանի դռան առաջ պառկած քնած էր: Ելենան առանց նրան զարթնեցնելու, անցավ նախասենյակից և մտավ ա՛յն փոքրիկ սենյակը, ուր սովորաբար իրենց կարերով առանձնանում էին ինքը, Նինոն և Շուշանը կարողուհիների շաղակրատությունից և ափեղցփեղ խոսակցություններից ազատվելու համար: Նա տխուր և լռիկ նստեց յուր սիրելի անկյունում և ընկավ մտածողության մեջ:

Կարանոցի ամայությունն այժմ ավելի և ավելի զգալի էր դարձնում նրան յուր դրության ծանրությունը: «Անցյալ կյուրակե այս միևնույն ժամին ես էլ զբոսնում էի նրանց հետ», —մտածում էր խեղճ աղջիկիը. —«այն օրը ես ուրախ և անհոգ էի իմ ընկերուհիների նման, ոչ մի միտք ինձ չէր տանջում... իսկ այսօր... օ՜հ, ինչպես ծանր է. ինչպես անտանելի է... և այս բոլորը փոխվեցան միմիայն մի շաբաթվա մեջ … այսօր ես վախենում եմ մինչև անգամ մարդու երես դուրս գալու մարդու հետ խոսակցելու... իսկ իմ ծնողները... աստված իմ, ես սարսափում եմ, թե ի՞նչպես կարող եմ երևալ նրանց աչքին…»։

Այս և սրա նման մտքերով բավական երկար տանջվեցավ խեղճ աղջիկը։ Ապա կես տխրությունից և կես հոգնածությունից նրա աչքերը ծանրացան և նա քնեց հենց այն փոքրիկ թախտի վերա, ուր նստած էր։

Երեկոյան դեմ բոլորը վերադարձան տուն, բայց Ելենայի բախտից ոչ ոք չմտավ այն սենյակը, ուր նա պառկած էր: Ամբողջ գիշեր նա հանգիստ քնեց այնտեղ։

Առավոտը մի ինչ որ գործի համար Նինոն մտավ այդտեղ և որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ Ելենային քնած-գտավ այգ սենյակի մեջ։— Ելենա, մի՞թե դու այստեղ ես...— ուրախությամբ բացականչեց նա և վազեց փաթաթվեց յուր ընկերուհուն, որ դռան ճռնչալուց արդեն զարթնել էր:

— Ա՜խ, այդ դո՜ւ ես, Նինո...— մրմնջաց Ելենան և գրկեց նրան։

— Ո՜րտեղ էիր դու, ասա, հոգիս, ուր էիր գնացել, ամբողջ քաղաքում քեզ պտրտում են։ Ո՜րքան մենք տխրեցինք, ո՜րքան լացինք. եթե գիտենայիր... ասա, խնդրում եմ, ո՞րտեղ էիր, երբ եկար այստեղ։

— Ինձանից ոչինչ մի հարցնիլ, Նինո, հոգյակս, ես այժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ...

— Ի՜նչպես թե ոչինչ չես կարող ասել, մի՞թե մի դժբախտություն է պատահել քեզ հետ։

— Ոչինչ, դժբախտություն չէ պատահել, միամիտ եղիր, միայն թե այժմ ես ոչինչ չեմ կարող խոսել, ես հիվանդ եմ...

— Ուրեմն սպասիր, որ տիկնոջն ու Շուշանին հայտնեմ` քո գալդ, նրանք էլ շատ անհանգիստ են։

— Ո՛չ, դեռ ոչ ոքին ոչինչ մի՛ հայտնիր, ամենից առաջ, խնդրում եմ պատմի՛ր ինձ, թե ի՞նչ է պատահել ինձանից հետո։ Դրանով դու ինձ շատ կպարտավորեցնես. իսկ հետո ես քեզ իմ ուր գնացած լինելս կասեմ:

Եվ Նինոն սկսավ մանրամասնաբար պատմել բոլորը, ինչ-որ երեկ անցել էր կարանոցի մեջ. նա շատ սրտաշարժ ձևով նկարագրեց և Ելենայի ծնողաց դրությունը, նա պատմեց մինչև անգամ կարողուհիների մեջ յուր մասին տեղի ունեցած կեղտոտ խոսակցությունները...

Այդ բոլորը Ելենան լսեց մերթ ապշությամբ, մերթ կսկիծով և մերթ սարսափելով։ Երբ Նինոն վերջացրավ յուր պատմությունը — «այժմ կարող ես իմ մասին հայտնել տիկնոջը»,— ասաց նա ընկերուհուն,— «ես այստեղ սպասում եմ նրան։

— Եվ միայն տիկնո՞ջը։

— Այո՛, առայժմ նրան. Շուշանին անգամ ոչինչ չասես, աղաչում եմ։

— Բայց դու խոստացար ասել ինձ, թե ուր էիր գնացել։

— Հետո, հետո՛, աղաչում եմ, այժմ մի՛ հարցնիր այդ, նախանձեց նա Նինոյին և վերջինս դուրս գնաց։

Մի քառորդ ժամից հետո տիկին Բերնարը մտավ Ելենայի մոտ։

— Այս ո՞րտեղ էիք դուք, Ելենա, ձեզ չարաչար ցպտրտում էին ձեր ծնողները։

— Մի՞թե չգիտեք, թե որտեղ էի։

— Ճշմարիտ, որ չգիտեմ։

— Կատա՞կ եք անում, տիկին...

— Ոչինչ կատակ չեմ անում։

— Ես այնտեղ էի, ուր որ դուք ղրկել էիք, — կոշտ ձայնով նկատեց Ելենան, այս դուք պետք է որ գիտենաք…

— Երիտասարդ Փոլշատյանի տա՞նը։

— Այո՛։

— Բայց ես չէի ղրկել ձեզ, որ այսքան ժամանակ այնտեղ մնայիք և ձեր անքաղաքավար ծնողները ինձ վերա կատաղեցնեիք։

— Անկե՞ղծ եք խոսում, տիկին։ — Այս ասելով Ելենան յուր հայացքը սևեռեց ուղղակի տիկնոջ աչքերին։

Տիկին Բերնարն ուշադրություն անգամ չդարձրավ նրա խորհրդավոր հայացքին, և սառնասրտությամբ շարունակեց։

— Օրիորդ, ես ձեզ այդպես չէի ճանաչել. այժմ դուք մի շատ վտանգավոր աղջիկ եք երևում իմ աչքում, ձեր այդ ակնարկություններն ինձ համար անտանելի են. և ես կկամենայի, որ իմ կարանոցը օր առաջ ազատ լիներ մի զրպարտողից. դուք կարող եք մինչև անգամ արատավորել նրա անունը։

Հեղինեն մնաց ընդարմացած. այս նրա սրտին կայծակի հարված իջեցրեց, և նա առաջին անգամ զգաց պատվի կործանման ծանրությունը...

Բայց տիկին Բերնարի այս տեսակ անողոք վարմունքն ուներ իր բնական պատճառները։ Զգալով յուր գործած հանցանքի մեծությունը, նա աշխատում էր Ելենայի ամենափոքր ակնարկություններն անգամ, որոնք վերաբերում էին իրեն, պատմել սպառնալիքներով և նրա ամոթխած ու երկչոտ բնավորությունն այս ճանապարհով բռնաբարելուց ետ, չքացնել միանգամայն յուր անձին սպառնացող վտանգները։ Եվ նա յուր հաշվի մեջ չէր սխալվում։ Ելենան այժմ մի ծծկեր երեխայից է՛լ ավելի անզոր էր դարձել, ամեն մի ծանր խոսք նրան շփոթում էր. և տիկին Բերնարը վտանգներից իրեն ապահովեցնելու համար կարող էր անել նրա հետ ինչ որ կամենար:

— Դուք պետք է գնաք ձեր ծնողաց մոտ,— խոսեց նա կրկին, երբ տեսավ, թե Ելենայի լռությունը շարունակվում է, — գոնե ձեր տան մեջ դուք պաշտպանված կլինիք, մինչ դեռ այստեղ մեր աղջիկները ձեզ շատ նեղություն կպատճառեն. ձեր վարմունքն առիթ կտա նրանց ձեզ ծաղրելու, իսկ ես չեմ կարող միշտ զսպել նրանց։

Այս նոր հարվածի վերա Ելենան ամբողջ մարմնով դողգողաց. նա ըմբռնեց տիկնոջ խոսքերի բոլոր ճշմարտությունը... Եվ իրավ, չէ որ նա այժմ մի անպատված աղջիկ էր և նրան ամեն մարդ կարող էր և իրավունք ուներ ծաղրել... Այո՛, ամեն մարդ, մինչև անգամ փողոցի կանայք...

— Շնորհակալ եմ, տիկին. դուք ինձ լավ խորհուրդ եք տալիս,— վերջապես խոսեց Ելենան նվազած ձայնով,— ես կերթամ, կհեռանամ այս տեղից, միայն մինչև երեկո թույյ պիտի տաք մնալ այստեղ, ես օրը ցերեկով չեմ կամենում ոչ ոքի երևալ:

23—Մուրացան, հատոր I – Շատ լավ, ինչպես կամենում եք, – ասաց տիկին Բերնարը և դուրս գնաց սենյակից։

Ելենան մնաց միայնակ․ նա գլուխը կախեց և ընկղմվեցավ տխուր մտածմունքների և հոգեկան տանջանաց անհատակ ծովի մեջ:

— Այո՛, ես մի անպատված աղջիկ եմ, և տիկին Բերնարն իրավունք ունի ինձ յուր կարանոցից արտաքսելու. ես կարող եմ արատավորել նրա անունը… նա մինչև անգամ ինձ խղճում է, նա չէ կամենում, որ յուր աղջիկները ծաղրեն ինձ… Աստված իմ, աստված իմ, և մի՞թե ես անարգության մինչև այս աստիճանը պետք է հասնեի, մի՞թե ես այնքան պիտի ստորանայի, որ տիկին Բերնարի կարողներն անգամ ծաղրեին ինձ: Եվ տիկին Բերնարը, որ թշվառության այս արկածը յուր ձեռքով իմ գլխի վերա փաթաթեց, չէ կամենում մի օր անգամ պատսպարել ինձ յուր տան մեջ. նա վախենում է հասարակության բերանից, նա պատվավոր կին է… Իսկ ես ո՞ւր գնամ, աստված իմ, ո՞ւմ դիմեմ, մի՞թե իմ ծնողաց մոտ. բայց ի՞նչ երեսով, ինչու՞ համար. որպեսզի նրանց էլ ընկեր հարևանի մոտ ծաղրի և խայտառակության առարկա շինե՞մ… խեղճ իմ բարի ծնողներ. և դուք երբեք չէիք կարծիլ, թե ձեր Ելենան, ձեր համեստ և ամոթխած աղջիկը, որին այնքան փայփայում, սիրում և պաշտում էիք, մի օր պիտի կորցներ ձեր և միակ և թանկագին հարստությունը՝ ձեր անարատ անունը և պատիվը… Օ՜հ ո՛չ, ես չեմ ապրիլ, որ ձեզ անպատվություն բերեմ. ես կմեռնեմ. ավելի լավ է ինձ կորցնեք, քան թե ձեր բարի անունը…

Այս խոսքերից ետ նա վեր կացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հանկարծ մի լուսավոր միտք ծագեց նրա գլխում և նրա երեսը փայլեց մի անսովոր ուրախությամբ:

— Ինչո՞ւ համար այս աստիճան ես կորցրել եմ ինձ,— բացականչեց նա,— ինչո՞ւ համար սպանեմ ինձ, մի՞թե ես այլևս պաշտպան չունեմ. իսկ իմ Սամվե՞լը, ինչո՞ւ համար ես մոռացել եմ նրան, չէ՞ որ նա ինձ սիրում է. չէ՞ որ նա իմ նշանածն է: Այո՛, ես կերթամ նրա մոտ, նա ինձ կպաշտպանե. նա չի թողնիլ, որ ուրիշները ծաղրեն յուր Ելենային… Ես կխնդրեմ, որ հենց վաղը նա դիմե իմ ծնողներին, խնդրե իմ ձեռքը իսկույն պսակվի ինձ հետ։ Նա իմ խնդիրը չի մերժիլ․ նա ինձ սիրում է, նա գիտե, որ ես էլ յուր սիրո համար զոհեցի ինձ․․․ Այո՛, նա կկատարե իմ խնդիրը և այդպիսով կփակե բոլոր խոսող բերանները և այն ժամանակ ես չեմ քաշվիլ բոլոր եղելությունը պատմել իմ ծնողներին. նրանք չեն դատապարտիլ ինձ, որ ես սիրել եմ և կհամոզվեն, որ իզուր չեմ սիրել...

Այս մտքով ոգևորված, Ելենան անհամբերությամբ սպասում էր ցանկալի երեկոյին: Նա տիկին Բերնարի միջոցով կանչեց յուր մոտ Նինոկին և կրկին անգամ թախանձանոք պատվիրեց նրան, որ ոչ ոքի հետ ոչինչ չխոսե յուր մասին մինչև մյուս առավոտ: Նինոն խոստացավ ճշտությամբ կատարել յուր սիրելի ընկերուհվո խնդիրը:

ՏԽՈւՐ ՎԵՐՋԱԲԱՆ

Մթին և աստղազարդ գիշեր էր: Լուսին չկար: Ելենան յուր շղարշին մեջ երեսուն փաթաթած շտապ—շտապ դիմում էր յուր փեսացուի տունը: Միայն մի ուրիշ միտք, որի մասին նա առաջ չէր մտածել, նրան տանջելու չափ անհանգստացնում էր: «Գուցե տանը չգիտեմ նրան, ո՞ւր պիտի դիմեմ այն ժամանակ», —ասում էր նա: Բայց որքան մեծ եղավ յուր ուրախությունը, երբ հասնելով Փուլշատյանի առանձնարանը պատող պարսպապատ այգուն, ծառերի միջից նշմարեց. որ տան դեպի այգին նայող բոլոր պատուհանները պայծառ լուսավորված էին: Նա ուրախությամբ սկսեց քաշել այգով փոքրիկ դռան հնչակը: Իսկուկն ծառան հայտնվեցավ և բացավ դուռը:

—Ո՞ւմ եք կամենում, տիկին, — հարցրեց նա Ելենային:

—Սամվելին. տա՞նն է նա:

—Այո՛, տանն է, բայց ձեզ ընդունել չէ կարող:

—Դուք ինձ երևի չեք ճանաչում, — ասաց Ելենան,— բայց հոգ չէ, ես նրան կտեսնեմ: — Այս ասելով նա մտավ պարտեզը և իրեն ծանոթ ծառուղիով դիմեց դեպի տան կողմը: — Ես ձեզ ճանաչում եմ, տիկին, — նրան հետևելով ասաց ծառան, — բայց նա ձեզ էլ չէ կարող ընդունել. նա հյուր ունի յուր մոտ:

—Հոգ չէ. ես առանձին կտեսնվեմ նրա հետ, — պատասխանեց Ելենան առանց յուր քայլերի արագությունը նվազեցնելու: Մի քանի րոպեից ետ նա իր ապագա փեսացուի ընդունարանւոմ էր: Բայց որքա՜ն շփոթվեցավ նա, երբ Սամվելին կանչելու համար գնացող ծառան ետ դարձավ և հայտնեց նրան, որ յուր աղան այս երեկո իրեն հետ տեսնվել չէ կարող:

—Ի՞նչպես թե տեսնվել չէ կարող. ո՞վ է այժմ նրա մոտ,— դողացող ձայնով հարցրեց ծառային Ելենան:

—Մի մեծ և պատվավոր տիկին է։

—Մի կի՞ն, հոգ չէ․ ես կմտնեմ։— Այս ասելով նա արագությամբ մեր կացավ տեղից և առանց ծառայի թախանձանաց ուշադրություն դարձնելու, մտավ շքեղ կերպով լուսավորված դահլիճը, ուր գտնվում էր Սամվելը։

Առաջին անգամ նրա ծնկները դողացին, երբ տեսավ յուր փեսացուին։ Նա թևն առած մի բարձրահասակ և գեղեցիկ կին, անցուդրաձ էր անում դահլիճի մեջ. տիկնոջ կարմիր թավիշից կարած հրուստ շրջազգեստը, նրա ձեռքերի, կրծքի և ճակատի վերա փայլող շքեղ ադամանդներ, նրա մեծավայելուչ հայացքն ու շարժվածքը ցույց էին տալիս, որ նա մի հասարակ կին չէր. թեպետ բարոյական և պատվավոր մի տիկին լինելու էլ ապացույց չուներ վրան: Նա Սամվել Փուլշատյանի նշանավոր և հայտնի սիրուհին էր, մի սիրուհի, որ միևնույն ժամանակ գեղեցիկ երիտասարդի բռանկալուհին էր, որ խոնարեցնում էր յուր ոտքերի առաջ նրա բոլոր ուժը, հարստությունը և ծնողաց անսասան կամքը...Նա իտալուհի էր:

— Ի՞նչ ունիք այստեղ, ինչ՞ եք կամանում,— շփոթված հարցրեց երիտասարդը, երբ Ելենային տեսավ:

— Ես եկա քո պաշտպանությունը խնդելու, Սամվել, ես...

—Խնդրում եմ, խնդրում եմ գնացեք. հետո կարող եք ինձ տեսնել, այս տիկնոջ հետ կարևոր գործ ունեմ, դուք ինձ կխանգարեք, — շտապով ընդհատեց նրան երիտասարդը:

—Բայց ես կարոտ եմ քո օգնությանը, ես տանջվում եմ, ի սեր աստծո, մի քանի րոպե լսի՛ր ինձ...

—Ո՞վ է այդ աղջիկը, ի՞նչ է ասում, — բարեհաճեց հետաքրքրվել գեղեցիկ տիկինը:

—Մեր աղքատ հարևանուհիներից մինն է. օգնություն է խնդրում, չգիտեմ ո՞ւմ համար, նա մի փոքր խելագար է, — պատասխանեց նրան երիտասարդը տիկնոջ մայրենի լեզվով և ապա Ելենային դառնալով — «Գնացեք, հեռացեք, — ասաց նա մի փոքր այլայլված, — դուք ինձ ամաչացնում եք այս բարձրաստիճան տիկնոջ մոտ. գնացեք, վաղը կարող եք գալ»:

Գնա՞մ, բայց ո՞ւմ մոտ գնամ, — դողացող ձայնով խոսեց Ելենան, — ինձ ամեն տեղից արտաքսում են, ես ձեզ մոտ եմ եկել. դուք եք իմ միակ հույսը, իմ ապավենը, գթացեք ինձ վերա, աղաչում եմ. գթացեք ինձ վերա, Սամվել, դուք ինձ սիրում եք, դուք այդ ինձ ասել եք:

Երիտասարդը տեսնելով, որ գործը ծանր կերպարանք է առնում, ընդհատեց Ելենային և ծառային կանչելով բարկությամբ հրամայեց.

Դուրս տար այս աղջկան, ես քեզ կանխավ պատվիրեցի, որ ոչ ոքին չթողնես:

—Ես չէի.. ես չթողեցի... — կակազեց ծառան և մոտեցավ Ելենային:

—Հեռու ինձանից, — կանչեց նա դեպի ծառան, — չհանդգնես քայլ անգամ փոխել. — և ապա դառնալով Սամվելին, զայրացած շարունակեց. — պարո՛ն, դուք է՞լ եք արտաքսում ինձ ձեր տանից. դուք, որ այնքան բարի և ազնիվ էիք երևում իմ աչքում, դո՞ւք, որ նենգությամբ մոտեցաք ինձ ամուսնություն խոստացաք և իմ անմեղությունից օգտվելով, իմ միակ հարստությունը, իմ միակ պատիվը գողացաք... պարո՛ն, դուք ցած և ստոր մարդ եք. դուք անբախտացրիք ինձ և ինձմով իմ խեղճ և աղքատ ընտանիքը. դուք մարդկանց աչքում ինձ խաղք ու խայտառակ շինեցիք և այսօր անամոթաբար դուրս եք քշում ինձ փողոց... Ասացեք ինձ, պարոն, ո՞ւր դիմեմ, ո՞ւր գնամ ես այսուհետև:

—Ի՞նչ եք սառել դուք, պարոն, ո՞վ է այս աղջիկը և ի՞նչ է ուզում ձեզանից, — կրկին հարցրավ գեղեցիկ տիկինը Սամվելից, որ հիմարացած և լուռ կռթնել էր սեղանին: Տիկնոջ ձայնը կարծես նրան սթափեցրավ և յուր տկար ախոյանին հաղթահարելու համար մի նոր ուժ տվավ իրեն. «Դո՛ւրս, դո՛ւրս գնա, քեզ ասացի», — դիմեց նա Ելենային և ձեռքից քաշելով կամենում էր զոռով արտաքսել նրան:

Ելենան կատաղությամբ խլվեցավ նրա ձեռքից և սուր ձայնով գոչեց․ «Ինձ զոռո՞վ ես կամենում դուրս անել, գարշելի արարած, բայց ետ դարձրու ինձ առաջ իմ պատիվը, որ գողացար, իմ անունը, որ անարգեցիր․․․», — և այս ասելով կատաղաբար խլեց նա սեղանի վրայից արծաթի հինգճյուղան աշտանակը և բոլոր ուժով զարկեց Սամվելի երեսին ու ագահությամբ դուրս թռավ դահլիճից:

Ես այլևս չեմ կարող հետևել նրան. ինձ համար շատ ծանր է այդ...

Բայց իմ ընթերցողներն անշուշտ կհետաքրքրվին իմանալ, թե ի՞նչ պատահեց իմ հերոսների հետ: — Ի՞նչ պետք է պատահեր. մի՞թե այդ հայտնի չէ:

Ելենան սովորական անձնավորություն չէր, եթե նա այդպիսին լիներ, այն ժամանակ նա կերթար այն ճանապարհով, որով իրենից առաջ գնացել են հազար հազարավորները... Բայց նրա ազնիվ և հպարտ հոգին չէր կարող տանել ամոթը և վիրավորանքը, նրա սիրտը թունավորված էր, և կյանքը կորցրել էր նրա համար յուր նշանակությունը... ամեն բարիք այժմ նրա աչքում երևում էր իբրև մի խաբուսիկ ստվեր... հուզված հոգին հանգիստ էր որոնում... նա այդ հանգիստը գտավ Քուռ գետի ալիքների մեջ...

Իսկ պարոն Սամվել Փուլշատյան՞նը... Նա այժմ էլ ապրում էլ դարձյալ ուրախ, դարձյալ զվարթ: Նա հաճախում է պատվավոր հասարակություններ. նրան ամենքը հարգանքով ողջունում են. նրա հայտնած կարծիքները ծափահարում են: Աղջիկներ ունեցող ընտանիքնեը մեծ պատիվներով հյուրասիրում են նրան. մանկամարդ երիտասարդուհիները հիանում են նրա գեղեցկությամբ նրա շարժվածքով նրա խոսակցությամբ. «он просто душка» շշնջում են ամեն անկյուններում... Իսկ նրա ամոթալի գործերը... մի թե ոչ ոք չգիտե. ի՞նչպես չէ. «զինչ իցէ ծածուկ, որ ոչ յայտնեսցի» բայց նա փող ունի. «կապեր» ունի. և բարեկամներ, որոնք հասարակաց կարծիք են կառավարում ահա այդ է պատճառը որ «Ձայն բազմացը» նրանց չէ դատապարտում…