Հասկանում եմ, ասում եմ՝ ոչինչ,
Չհասկանալով։
Եվ դու դու չէիր լինի, եթե
Քեզ հնարավոր լիներ հասկանալ։
Բռնում եմ ծաղկի ցողունից,
Մոտեցնում, երկարում եմ դեպի քեզ
Եվ թերթերը
Համբուրում են քո քաղցր շուրթը։
Իմ ձեռքը ծաղկով շարունակվում է։
Իմ ձեռքը դառնում է փոքրիկ ճյուղ,
Ուզում եմ
Նվիրել քեզ, պոկել ու նվիրել։
Բայց մի հավք գալիս ու կանգնում է
Այդ ճյուղի վրա։
Հասկանում եմ, ասում ես՝ ոչինչ,
Չհասկանալով, իհարկե։
Եվ ես չգիտեմ, թե ինչով,
Բայց շատ ամուր
Կապում է Աստված մեզ իրար հետ։