ՀԱՎԱՏԻՍ ԳՈՒՅՆԸ


Ես իմ սենյակի լույսը վառում եմ
Ու շշնջում ինձ՝
Խավարը սո՛ւտ է։
Հետո ես երկա՜ր, անհա՜գ նայում եմ
Մայթին լույս ցրող իմ լուսամուտին.
Գիշերը սուտ է։ -
Խոհերս ինձ հետ հեռու են գնում
Ու աչքերիս մեջ
Մի պարզ ու անսուտ երգ է նկարվում.
Երգ, որ ճամփորդի՛,
Ճամփի՛ մասին է,
Երգ, որ ցուպի պես վաղուց մաշվում է
Աշխարհի անմաշ ճանապարհներին,
Երգ, որ գիշերվա ճամփորդի հե՛ւք է,
                        Գո՛ւյն է հավատի.
Լույսից պայծառ է հույսն առավոտի
Եվ հաղթանակը լույսի՛ն, բարո՛ւն է։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Շնորհակալ եմ՝ լույսս վառվում է։