Մոռացվում էր արահետը,
Բայց եղնիկը ելավ հանկարծ
Թավուտներից,
Սաղարթներից թափվող լույսի,
Փշուր-փշուր ստվերների
Խաղով գերվեց,
Զարդեր հագավ հմայքների։
Եվ քայլ-քայլի կենդանացա՛վ,
Շքեղացա՛վ։
Կարոտից թաց աչքերի մեջ
Արահետի
Փայլեց հուրը երջանկության։
Անտառն այնպես հմայո՜ւն էր։
Ես այդ պահին դարձել էի
Պայծա՜ռ, պայծա՜ռ մի արահետ,
Եվ ինձանով
Քայլ էր անում
Բարությունը ողջ աշխարհի։