Հավատ


(Երկու պատկեր)

1

Շանթ, որոտ, կայծակ... Փչում է ուժգին դառնաշունչ մրրիկ
Եվ ահեղագոչ գալար եռում է փրփրադեզ ալիք...
Երկինք ու օվկիան խառնված են իրար... տարերք բնության
Կարծես դեռ առ դեմ կանչված են մարտի։ Ահե՜ղ տեսարան...
Բայց, ո՛վ զարհուրանք... ո՛հ, նայի՛ր այնտեղ — փրփրան օվկիանում,
Ահեղ ալյաց մեջ այն ի՞նչ, տե՛ս, սպիտակ բան է երևում.
Արդյոք կռվում է, թե խաղում է նա ջրի հետ ահեղ,
Որ մերթ կլանում, մերթ վեր է նետում նրան ինչպես մի ծեղ...
Դա գեղեցկության հրաշալի տիպն է,— մի կույս օրիորդ.
Սքանչելի՜ մազեր, մազեր ցիրուցան... Եվ ոչ մի լուղորդ
Այդպես համարձակ, այդպես անվեհեր չէ՛ կարող երբեք
Համառ դեմ կենալ օվկիանի ալյաց փրփրան ահաբեկ...

2

Օվկիանի մեջ մի ժայռ է բարձրանում, իսկ ժայռի գլխին
Սրբազան մի խաչ։ Եվ այդ սուրբ խաչը կպցրած յուր կուրծքին
Վեհ լուղորդ կույսը հոգնախոնջ սաստիկ գրկած է ամուր
Եվ լի հավատով հեզ հայացքը նրան հառել է անլուր...
Եվ սև, մութ, խավար, աղջամղջային ամպերի միջից
Սրբազան մի լույս ընկել է նորա դեմքի վրա անբիծ...
Շանթ, որոտ, կայծակ... ոռնում է, մնչում և ահեղ օվկիան,
Բայց կույսին երբեք զատել չեն կարող խաչից սրբազան։

8 դեկտեմբ. 1886.