Հարցազրույց «Յառաջ» շաբաթաթերին








ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՅԱՌԱՋ» ՇԱ ԲԱԹԱԹԵՐԹԻՆ
[1]

խմբագրել
(21 մարտի, 1990 թ.)

― Թէեւ «Յառաջ»֊ի մէջ գրեցինք, բայց, աւելորդ չէ հաւանաբար, որ մեզի պարզէիք Ձեր այցելութեան բուն նպատակը։

― Ներկայ այցելութեան առիթը ֆրանսիական ընկերվարական կուսակցութեան հրաւէրն էր՝ մասնակցելու Ռէննի համագումարին, որը տեղի ունեցաւ Մարտի 15–19-ին։ Հայոց համազգային շարժման վարչութեան որոշմամբ մեր պատուիրակութեան կազմում ընդգրկուեցինք ես եւ Բաբգէն Արարքցեանը։ Գոհունակութեամբ պէտք է նշեմ, որ համագումարում պատկառելի պատուիրակութեամբ ներկայացուած էր նաեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը։

Ես չեմ ուզում անդրադառնալ համագումարում տիրող իրօք հետաքրքրական մթնոլորտին կամ նրա բացառիկ արդիւնքներին, քանի որ դրանք յայտնի պէտք է լինեն «Յառաջ»-ի ընթերցողներին։ Կը ցանկանայի կանգ առնել միայն համագում արի ընթացքում մեր ունեցած մի քանի կարեւոր հանդիպումների վրայ։ Հետաքրքրական էր, օրինակ, հանդիպումը եւրոպական Խորհուրդի նախագահ Տիկին Քաթրին Լալիւմիէրի հետ։ Խօսակցութիւնն ընթացաւ հիմնականում Արեւմուտքի եւ Խորհրդային Միութեան քաղաքական յարաբերութիւնների շուրջ։ Տիկին Լալիւմիէրը մասնաւորապէս լուրջ ուշադրութիւն դարձրեց մեր հետեւեալ հարցապնդման վրայ. Արեւմուտքի անվերապահ աջակցութիւնը Կորբաջովին՝ Խորհ. Միութեան կայունացմանը նպաստելու նպատակով, կարող է յետագայում Եւրոպային կանգնեցնել շատ աւելի վտանգաւոր կացութեան առջեւ, եթէ շարունակուեն անտեսուել Կորբաջովի քաղաքականութեան բացասական կողմերը եւ հաշուի չառնուեն խորհրդային երկրում ժողովրդավարական հիմքի վրայ առաջացած նոր քաղաքական ուժերը։

Կարեւոր էր նաեւ սոցիալիստական ինթերնացիոնալի գլխաւոր քարտուղար Լուիս Այալայի հետ մեր ունեցած հանդիպումը, որի ընթացքում քննարկուեցին Հայոց համազգային շարժման հնարաւորութիւնները՝ միջազգային այդ կազմակերպութեանը անդամակցելու ուղղութեամբ։ Մեր զրուցակիցը ծանօթացաւ ՀՀՇ-ի ծրագրին եւ դրական շահագրգռութիւն ցուցաբերեց արծարծուած հարցի առընչութեամբ, մասնաւորապէս, որպէս առաջին քայլ, առաջարկելով մասնակցել ընկերվարական Միջազգայնականի խորհրդի յառաջիկայ նիստին, որը կայանալու է Մայիսի 22-ին, Գահիրէում։ Նոյն նիւթի շուրջ գործնական մի խօսակցութիւն տեղի ունեցաւ նաեւ ֆրանսիական ընկերվարական կուսակցութեան քարտուղար Փիէռ Կիտոնիի հետ։

― Դուք եղաք նաեւ Սթրազպուրկ։ Հոն ի՞նչ հանդիպումներ ունեցաք։

― Ռէննի համագումարից առաջ, Մարտ 13–14-ին, Սոլիտառիթէ Ֆրանքօ-Արմէնիէն կազմակերպութեան նախաձեռնութեամբ, մենք հնարաւորութիւն ունեցանք լինելու Սթրազպուրկում եւ հանդիպելու եւրոպական Խորհրդարանի մի շարք կարեւոր քաղաքական անձնաւորութիւնների հետ։ Կ’առանձնացնէի մանաւանդ մեր ունեցած հանդիպումը ֆրանսիական քաղաքականութեան յայտնի դէմքերից մէկի՝ Քլոտ Շէսոնի հետ, որը տեսակցութեան ավարտին խոստացավ բառացիօրէն հետեւեալը. ա. Եւրոպական Խորհրդարանի ֆրանսիացի ընկերվարականների խումբը մշտապէս իր ուշադրութեան կենտրոնում պէտք է պահի Հայաստանի իրադարձութիւնները՝ ապահովելով նրանց լայն լուսաբանու թիւնը մամուլի էջերում, բ. Հայաստանին վերաբերող խնդիրները պէտք է շօշափուեն խորհրդային քաղաքական գործիչների հետ տեղի ունեցող բոլոր հանդիպումներում, գ. Արեւմուտքը պէտք է հետեւողականօրէն պահանջի Արցախի հայութեան ինքնոր ոշման իրաւունքի կենսագործումը։

Տիկին Սիմոնն Վէյլի եւ Պ. Վանտըմելպրուքի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնաւոր ապէս քննարկուեց Եւրոպական Խորհրդարանի պատուիրակութեան Հայաստան այցելելու հարցը։ Ի գիտութիւն «Յառաջ»-ի ընթերցողների, կարող եմ հաղորդել, որ հարցն արդէն կարգաւորուած է, եւ պատուիրակութիւնն օրերս կը ժամանի Երեւան։ Պատուիրակութեան կազմում են՝ Խորհրդարանի անդամներ Սիմոնն Վէյլը (ամուսնու ընկերակցութեամբ), Պ. Վանտըմելպրուքը եւ Տիկին Նիքոլ Փէրին, որոնց ուղեկցելու են Սոլիտառիթէի նախագահ Քրիսթիան Տէր-Ստեփանեանը եւ Փրոֆ. Ժան-Փիէռ Մահէն։

Բացի նշուած հանդիպումներից լուրջ խօսակցութիւններ ունեցանք նաեւ եւրոպական Խորհրդարանի անդամներ Քէն Քորսի եւ Ճիովաննի Սորիայի հետ, որոնցից առաջինն զբաղւում է մարդու իրաւունքների պաշտպանութեան, իսկ երկրորդը՝ Արեւելեան Եւրոպայի երկրների խնդիրներով։ Քաղաքական հանդիպումներից դուրս մասնակցեցինք նաեւ Սթրազպուրկի քաղաքապետարանի կազմակերպած ընդունելութեանը եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների ջերմ երեկոյթին։

― Ի՞նչ ակնկալութիւններ ունէիք այս հանդիպումներէն եւ ինչպէ՞ս կը գնահատէք անոնց արդիւնքը։

― Չպէտք է, անշուշտ, այն տպաւորութիւնն ստեղծուի, որ մենք մեծ ակնկալիքներ ունենք նման հանդիպումներից, քանի որ քաղաքական ծրագրեր մշակելիս մենք յենւում ենք նախ եւ առաջ մեր ժողովրդի սեփական ուժերի վրայ։ Սրանով ես չեմ ուզում բոլորովին թերագնահատել միջազգային հասարակական կարծիքի նշանակութիւնը, որն այսօր կարծես հաշուի է առնւում Խորհրդային Միութեան կողմից եւ այդ պատճառով կարող է որոշ չափով երաշխիք ծառայել մեր պայքարին։ Հանդիպումների բուն նպատակն է ներկայացնել մեր տեսակէտը Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ, քանի որ խորհրդային պաշտօնական մամուլը եւ արեւմտեան լրատուական միջոցները յաճախ թիւր, եթէ չասենք աղաւաղուած պատկերացում են տալիս դրանց մասին։ Իսկ երկրորդ, աւելի հեռաւոր նպատակն է՝ ճեղքել Հայաստանի քաղաքական մեկուսացումը եւ աս տիճանաբար ուղղակի յարաբերութիւններ հաստատել օտար երկրների, միջազգային հասարակական կազմակերպութիւնների, մարդասիրական հաստատութիւնների հետ։

― Վերադառնանք Հայաստան։ Ի՞նչ պատկեր կը պարզէ, այսօր, Հայաստանի քաղաքական կացութիւնը։

― Նախքան Հայաստանի կացութեանն անդրադառնալը, ինձ թւում է, անհրաժեշտ է մի քանի խօսքով գնահատել Խորհրդային Միութեան ընդհանուր քաղաքական իրադրութիւնը, այլապէս շատ հարցեր կարող են անհասկանալի մնալ։ Խորհրդային Միութեան մէջ այսօր շարունակւում է տնտեսական, ընկերային եւ քաղաքական ճգնաժամի սրընթաց խորացումը։ Բոլոր ասպարէզներում, մանաւանդ ազգամիջեան հարցերում եւ Կենտրոնի ու հանրապետութիւնների փոխյարաբերութիւններում նկատւում է ապակայունացման մտահոգիչ դրսեւորում, որն օգտագործւում է երկրի պահպանողական ուժերի կողմից իշխանութեան խստացման անհրաժեշտութիւնը հիմնաւորելու նպատակով։ Մասնաւորապէս դրա արդիւնքը պէտք է համարել պրեզիտենդական իշխանութեան օրերս հաստատուած կարգավիճակը, որով երկրի ղեկավարին գործնականօրէն տրւում են անսահմանափակ լիազօրութիւններ։

Դրա հետ մէկտեղ չի կարելի չնկատել երկրի դեմոկրատական ուժերի համախմբումն ու հզօրացումը, որ այսօր արդէն զգալի եղանակ է ստեղծում ներքին քաղաքական կեանքում։ Գնալով աւելի ու աւելի լայն զանգուածների կողմից գիտակցւում է արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման, խորհրդային դաշնութեան կատարելագործման անհրաժեշտութիւնը՝ որպէս երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ պայման։ Առայժմ ահա սա է այն եզակի գործօնը, որ որոշ լաւատեսութիւն է ներշնչում ապագայի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի կացութեանը, ապա Միութեան ճգնաժամը բնորոշող բոլոր երեւոյթները, բնականաբար, առկայ են նաեւ այստեղ։ Բայց, նոյնքան բնականաբար, կան նաեւ որոշ իւրայատկութիւններ, որոնք մեր Հանրապետութիւնը առանձնացնում են միւսներից (Արցախի խնդիր, աղէտի գօտի, գաղթականութիւն եւ այլն)։ Ամենակարեւոր քաղաքական գործօնը, որն այսօր դրսեւորւում է Հայաստանում, իշխանութեան համար մղուող պայքարն է Կենտրոնին ծառայող ապազգային նոմենկլատուրայի եւ ազգային-դեմոկրատական ուժերի միջեւ։ Հայաստանի պաշտօնական իշխանութիւնները, ապիկար գտնուելով պաշտպանելու մեր ազգային շահերը եւ լուծելու հանրապետութեան առջեւ կանգնած տնտեսական ու ընկերային խնդիրները, ժողովրդի աչքում վերջնականապէս կորցրել են իրենց քաղաքական վարկը՝ ապացուցելով իրենց լիակատար սնանկութիւնը։ Ամենամեծ հարուածը, որ նրանք հասցրել են մեր ժողովրդին՝ նրա կենսական ուժերի ջլատումն է, նրա հոգեկան անդորրի խանգարումը, որ կարող է յանգեցնել լուրջ հետեւանքների։ Տեսնելով, որ պաշտօնական իշխանութիւնները չեն պաշտպանում իր շահերը ո՛չ Կենտրոնի, ո՛չ էլ Ադրբեջանի ոտնձգութիւնների առջեւ եւ յամառօրէն դիմադրում են ազգային խնդիրների լուծմանն ուղղուած բոլոր միջոցառումներին, ժողովուրդն ստիպուած, երկու տարի շարունակ, ահռելի ջանքերի ու զոհողութիւնների գնով ինքն է լուծում այդ խնդիրները՝ ճնշում գործադրելով հանրապետութեան խորհրդարանի վրայ։

Պարզ է, սակայն, որ այս վիճակը երկար չի կարող տեւել, եւ մինչեւ որ ժողովուրդը չհամոզուի, որ գոյութիւն ունի մի ազգային իշխանութիւն, որն ի վիճակի է արտայայտելու իր շահերն ու իրագործելու իր իղձերը, չի կարող լծուել խաղաղ ստեղծագործական աշխատանքի, առանց որի անհնար է որեւէ երկրի բնականոն զարգացումը։ Ուստի հայ ժողովրդի գերխնդիրն այսօր իրօք ազգային Խորհրդարանի ստեղծումն է, որ լուծուելու է Մայիսի 20-ին կայանալիք ընտրութիւններում։

― Խօսինք, ուրեմն, ընտրութիւններու մասին եւ, ի մասնաւորի, ՀՀՇ – ի դիրքորոշման այդ առընչութեամբ, այլ խօսքով՝ ընտրապայքարը աթոռամա՞րտ է ձեր Շարժումին համար։

― Կարծում եմ, նախորդ արտայայտութիւններից պէտք է պարզ դառնայ, որ Հայոց համազգային շարժումը չափազանց մեծ, կարելի է ասել՝ բախտորոշ կարեւորութիւն է տալիս յառաջիկայ ընտրութիւններին։ Ուստի հասկանալի է այն ծաւալուն նախապատրաստական աշխատանքը, որ ՀՀՇ-ն վարում է այդ ուղղութեամբ։ Միայն ընտրարշաւի մասին չէ խօսքը, այլ նաեւ այն ահռելի ճիգերի, որ Շարժումը գործադրեց Հայաս տանի Գերագոյն խորհրդի վերջին նիստերում՝ համեմատաբար դեմոկրատական ընտրական օրէնքների ընդունման համար։ Մեզ ի վերջոյ յաջողուեց ընդունել այնպիսի օրէնքներ, որոնք, կամայականութիւնների բացակայութեան դէպքում, կարող են ապահովել ազատ ընտրութիւնների անցկացումը։ Սակայն կամայականութիւնները, դժբախտաբար, բացառուած չեն, եւ իշխանութիւնները կը դիմեն ամէն միջոցի՝ իրենց դիրքերը չզիջելու համար։ Նոյնիսկ ընտրարշաւի ներկայ փուլում՝ թեկնածուների առաջադրման ընթացքում արդէն արձանագրուել են օրէնքի խախտման բազմաթիւ դէպքեր։ Մենք լուրջ մտավախութիւն ունենք, որ իշխանութիւնները կանգ չեն առնի նոյնիսկ գրգռութիւններ հրահրելու գնով Հայաստանում արտակարգ դրութիւն հաստատելու մտքի առջեւ, միայն թէ կարողանան ապահովել իրենց յաղթանակը, ինչպէս դա արուեց 1989 թուականի մարտի ընտրութիւններում, որոնք տեղի ունեցան յատուկ դրութեան պայմաններում։ ՀՀՇ-ի խնդիրն է՝ խուսափել նման պատրուակներ ստեղծելուն նպաստող գրգռիչ գործողութիւններից եւ ապահովել ընտրութիւնների խաղաղ ընթացքը։

Ինչ վերաբերում է բուն ընտրարշաւին, ապա ՀՀՇ-ն դրան մասնակցում է ոչ թէ կուսակցական մօտեցմամբ, այլ համազգային շահերի գիտակցութեամբ։ Մենք պէտք է ձգտենք ոչ թէ ապագայ Խորհրդարանում առաւելագոյն տեղեր զբաղեցնել, այլ պայքարել միայն ու միայն յանուն այն բանի, որ այդ խորհրդարանը լինի իսկապէս ազգային մի իշխանութիւն, որտեղ ներկայացուած լինեն մեր ժողովրդի արժանի ընտրեալները։ Մեզնից անխտիր կերպով գործօն աջակցութիւն կը ստանան բոլոր այն թեկնածուները, որոնք վայելում են ժողովրդի անվերապահ յարգանքը՝ անկախ այն բանից, թէ նրանք ՀՀՇ-ի անդամ են, թէ ոչ։

― Մեր վերջին հարցումը, անշուշտ, կը վերաբերի Ղարաբաղին։ Ի՞նչ է այսօր Արցախի կացութիւնը, երբ ամիսներէ ի վեր կը տիրէ արտակարգ վիճակ։

― Արցախն այսօր ապրում է իր դժուարագոյն ժամանակաշրջաններից մէկը։ Ինչպէս յայտնի է, այստեղ հաստատուած է արտակարգ դրութիւն, եւ մարզի ողջ իշխանութիւնը փաստօրէն գտնւում է զինուորականների ձեռքում։ Ոտնահարելով խորհրդային Սահմանադրութիւնը՝ զինուորական իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են ոչ միայն ոստիկանական, այլ նաեւ զուտ քաղաքական գործառնութիւններ, որ ըստ օրէնքի դուրս է նրանց իրաւասութիւնների սահմաններից։ Կենտրոնի չթաքցուող նպատակն է՝ զինուորական ուժով հարկադրել արցախահայութեանը ընդունելու 1989 թուականի նոյեմբերի 28-ի խայտառակ որոշումը, որով մարզը կրկին յանձնւում է Ադրբեջանի լիակատար գերիշխանութեանը։ Դրանով են բացատրւում զինուորականնների սանձազերծած կամայական գործողութիւնները, բռնութիւնները, ձերբակալութիւնները, օդային հաղորդակցութեան դժուարացումը Արցախի եւ Հայաստանի միջեւ։ Արցախահայութիւնն այսօր, դիմելով համընդհանուր գործադուլի եւ փաստօրէն յայտարարելով լիակատար քաղաքացիական անհնազանդութիւն, յաջողութեամբ վիժեցնում է նշուած որոշման իրականացումը։ Առայժմ սա է նրանց պայքարի միակ տեսանելի միջոցը, քանի որ ակնյայտ է, որ միայն նոյեմբերի 28-ի որոշման ձախողումից յետոյ Մոսկուան ստիպուած կը լինի փնտռել նոր քաղաքական լուծումներ։

Հայոց համազգային շարժումը, ինչպէս դրանից առաջ Ղարաբաղեան շարժման Հայաստանի կոմիտէն, հետեւողականօրէն հետապնդում է Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման խնդիրը, այն դիտելով որպէս մեր ազգի առջեւ ծառացած ամենահրատապ խնդիր։ Այդ ուղղութեամբ մինչ այժմ ձեռնարկուած բոլոր միջոցառումները՝ ցոյցերը, միթինկները, գործադուլները եւ քաղաքական վճիռները, այդ թւում նաեւ Հայաստանի Գերագոյն խորհրդի 1988 թուականի յունիսի 15-ի եւ 1989 թուականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումները կայացուել են ՀՀՇ-ի անմիջական նախաձեռնութեամբ եւ ժողովրդական զանգուածների վճռական պայքարով։ Ծրագրելով եւ իրականացնելով Հայաստանի եւ Արցախի վերամիաւորումը հռչակող շրջադարձային որոշման կայացումը, Հայոց համազգային շարժումը մտադիր է այն հասցնել իր տրամաբանական վախճանին՝ քայլ առ քայլ կենսագործելով փաստացի միաւորման գործնական ծրագիրը։ Այդ ծրագրի կարեւորագոյն օղակն այսօր Հայաստանի Գերագոյն խորհրդի տասներկու երեսփոխանների ընտրութիւնն է Լեռնային Ղարաբաղում, որ նախատեսուած է անցկացնել նոյն մայիսի 20-ին։ Այստեղ մեզ անշուշտ սպասում է դժուարին պայքար, բայց, ինչպէս պարզուեց վերջին երկու տարիներին, մեր ժողովուրդը պայքարից չի խուսափում։

«Հայք», 15 ապրիլի, 1990 թ.։ Արտատպված «Յառաջից»։ Հրատարակված՝ «Յառաջի» տեսակցութիւնը Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ» վերնագրով։

  1. Թերթը ծանուցում է. «Յառաջ»-ի խմբագրութեան երրորդ հարցազրոյցն է, զոր կ’ունենար «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, ՀՀՇ-ի վարչական անդամ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ։ Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցած էր Երեւան, 1988 Նոյեմբեր 16-ին, ոչ իսկ ամիս մը առաջ «Ղարաբաղ» կոմիտէի անդամներու ձերբակալութենէն («Յառաջ», 1988, Նոյ. 24, 25)։ Ապա՝ 1989 Յուլիսին, երբ Լեւոն Տէր-Պետրոսեան Փարիզ կը գտնուէր առողջական պատճառներով («Յառաջ», 1989, Յուլիս 8/9 եւ 11)։ Այս անգամ, կրկին Փարիզ է որ կ’ունենանք մեր հարցազրոյցը, Հայաստան վերադարձի իրնախօրեակին»։ Հարցազրույցը թողնում ենք դասական ուղղագրությամբ, ինչպես տպագրված է «Յառաջ» թերթում եւ արտատպված «Հայք»-ում։