Հարցազրույց «Հայք» թերթին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ
խմբագրել
― Անձամբ ձեզ ի՞նչ տվեց Ղարաբաղյան շարժումը։
― Ծուռ, նվիրված, զոհողության պատրաստ ընկերներ, որոնց միավորում է հանրային շահի գիտակցությունը եւ պարտքի ու պատասխանատվության զգացումը։ Ընդ որում, ընկերներ ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի կամ ՀՀՇ-ի վարչության անդամներին, այլեւ Շարժման հարյուրավոր այն մարտիկներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել շփվել։
― Ի՞նչ կորցրիք Ղարաբաղյան շարժման մեջ։
― Եթե ասեմ՝ հանգիստ, առողջություն կամ հոգեկան անդորր, ապա թերեւս ոչինչ ասած չլինեմ, քանի որ այդ շնորհներից զրկվել է մեր ողջ ժողովուրդը։ Ցավում եմ, որ կտրվել եմ (հուսամ՝ ժամանակավորապես) իմ մասնագիտական զբաղմունքից՝ հայ-ասորական հարաբերությունների հետազոտման աշխատանքից, որն այնքա ՜ն ստեղծագործական հաճույք է ինձ պարգեւել։
― Ի՞նչ տվեց երկու տարվա ազատագրական պայքարը մեր ժողովրդին։
― Հոգեբանական առումով՝ վստահություն իր ուժերի նկատմամբ, ազատագրում անցյալի նախապաշարումներից եւ ստրկամտությունից, սեփական բախտը կռելու վճռականություն։ Բարոյական առումով՝ անհանդուրժողականություն ստի, կեղծիքի անարդարության նկատմամբ։ Քաղաքական առումով՝ նկատելի կշիռ միջազգային հասարակական կարծիքի առջեւ։ Եւ վերջապես, պատմական առումով՝ միատարր հայրենիք, անհեռանկար գաղութներից ներգաղթած ու ազգային կյանքի մեջ― Ո՞րն է միասնության Ձեր ըմբռնումը։
― Միասնության գաղափարը մեր ժողովրդին հուզող ամենացավոտ խնդիրն է թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում։ Շատ-շատերին անկեղծորեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ երկու տարվա ընթացքում Հայաստանում առաջացել են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք միաբանության հրամայականին ենթարկվելու փոխարեն զբաղված են անիմաստ գաղափարական վեճերով ու փոխադարձ կշտամբանքներով։ Շատ-շատերին էլ անկեղծորեն թվում է, որ բավական է այդ կազմակերպությունները միաձուլվեն կամ համատեղ հռչակագրեր ստորագրեն, ապա միասնությունն ապահովված կլինի։ Միասնությունն իդեալ է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները, բայց ոչ մեկին դեռեւս չի հաջողվել հասնել։ Առանց արձանագրելու մարդկային հասարակությանը հատուկ այս իրողությունը, անհնար է բացահայտել նրա էությունը։ Իմ կարծիքով՝ միասնության միակ չափանիշը կարող է լինել հասարակական շահի գիտակցությունը։ Մինչեւ հասարակությունը չկարողանա պարզել այդ չափանիշը, միասնության նրա ըմբռնումը կմնա անիրականանալի։ Երբ գերադասվում են կուսակցական, դասակարգային եւ անձնական շահերը կամ երբ տիրապետում է քաղքենիական մտածողությունը, ապա միասնության մասին ավելորդ է խոսել։
―Ազգայի՞ն, թե՞ դեմոկրատական է մեր Շարժումը։
― Ինձ թվում է, սխալ կլինի մեկ բառով բնորոշել մեր Շարժումը։ Ես կնախընտրեի հետեւյալ բանաձեւը. մեր Շարժումը բովանդակությամբ ազգային է, ձեւով՝ դեմոկրատական։ Ընդ որում, այս հասկացությունները տվյալ դեպքում գտնվում են ոչ թե ստորադասական կապի, այլ փիլիսոփայական փոխկապակցության մեջ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի ինքնին արժեք։ Առանց դեմոկրատիայի ազգայինը կվերածվի ազգայնականի, որն անհարիր է մեր ժողովրդի նկարագրին, իսկ առանց ազգայինի՝ դեմոկրատիան կվերածվի կոսմոպոլիտիզմի, որից ավելի մեծ չարիք դժվար է պատկերացնել մեր ժողովրդի համար։
― Ձեր դերը անկախ Հայաստանի կյանքում։― Ես չեմ կարող պատասխանել այս հարցին՝ մինչեւ չասեմ, թե ինչպես եմ գնահատում իմ եւ ընկերներիս դերը Ղարաբաղյան շարժման մեջ։ Մեզ, ինչպես մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներին, Շարժման մեջ է ներքաշել զինվորի պարտքի զգացումը։ Եթե բախտի քմահաճույքով մենք հայտնվել ենք պայքարի առաջին շարքերում, ապա դա չի նշանակում, որ մենք անփոխարինելի ենք։ Վեց ամիս «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտարկված էին, բայց Շարժումը դրանից ոչ միայն չմարեց, այլեւ ավելի լայն ծավալ ստացավ։ Ամենաուրախալին հենց այն է, որ Շարժումն այնքան խորն ու համաժողովրդական է, որ կախված չէ անհատներից։ Ես բոլորովին չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Շարժման գլուխ հայտնվեն նոր, ավելի ունակ գործիչներ, քան մենք։ Բայց դա մեզ չի կարող ետ կանգնեցնել զինվորի մեր պարտքը կատարելու գիտակցությունից։ Ահա նման դեր էլ ես պատկերացնում եմ անկախության պայմաններում։ Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի։
- «Հայք», 4 մարտի, 1990 թ.։