Հարցազրույց «Օգոնյոկ» ամսագրին




ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕԳՈՆՅՈԿ» ԱՄՍԱԳՐԻՆ

խմբագրել
(4 ապրիլի, 1992 թ.)

Լսելով մեր առաջին հարցը՝ Նախագահը մեղմ ժպտաց, հասկացնելով, որ դրան հեշտ չէ պատասխանել եւ որ՝ կանխատեսումներն իր տարերքը չեն։ Սակայն մենք համառորեն պատասխանի էինք սպասում։ Հարցը ձեւակերպված էր այսպես.

― Ժողովրդի մեջ Դուք անկեղծ եւ սթափ քաղաքական գործչի վարկ ունեք։ Մենք կցանկանայինք Ձեզանից լսել կանխատեսումն այն մասին, թե ինչպե՞ս կարող է զարգանալ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ։

― Ես համոզված եմ, եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, ապա հանրապետությունում մեծ հիմնախնդիրներ չէին լինի. Հայաստանը կոմպակտ, միատարր հանրապետություն է՝ անկախության հասած համախմբված ժողովրդով։

Թվում էր, մենք ամեն ինչ ունենք տնտեսությունը վերափոխելու, արտաքին քաղաքական կապեր հաստատելու եւ մեր կյանքը նորմալացնելու համար։ Սակայն Ղարաբաղը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Իսկ երբ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն, այդ հիմնահարցը դարձավ միջազգային։ Այնպես որ, մենք պետք է ենթարկվեինք նոր՝ միջազգային խաղի կանոններին։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք պահպանում ենք այդ խաղի կանոնները։ Դա նաեւ որոշակի առաջընթաց է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ միջազգային հանրությունը, քանի դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, դա համարում էր ԽՍՀՄ ներքին գործը եւ ոչ մի ձեւով չէր միջամտում։ Այժմ, սակայն, նա կարծես զգացել է իր պատասխանատվությունը, այդ հակամարտությունը կարգավորելու իր պարտա կանությունը։ Կարծում եմ, այժմ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող, միջազգային իրավունքով երաշխավորված մեխանիզմների ստեղծման հնարավորություններն առկա են, մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հակամարտ կողմերի միջեւ կառուցողական բանակցություններ սկսել։ Այդ հնարավորությունը կա, եւ այն, բարեբախտաբար, կենսագործվում է։ Ղարաբաղյան հակամարտությամբ լրջորեն զբաղվում է ԵԱՀԽ-ն։ Այս ուղղությամբ նշանակալից ջանքեր են գործադրում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը։ Մասնավորապես, Իրանի միջնորդական առաքելության փորձը ցույց տվեց, որ հնարավոր է հասնել ժամանակավոր զինադադարի, կրակի դադարեցման։

― Ո՞ր խաղաղարար մոդելներն են Ձեզ ավելի մոտ՝ իրանակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն…

― Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ երկրի առաջարկած այս կամ այն պլանը։ Ամեն դեպքում տարբերակներից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել առանց այլ երկրների ջանքերի։ Խաղաղ կարգավորման յուրաքանչյուր պլանում կա ռացիոնալ առաջարկություն։ Այժմ, իմ կարծիքով, տեղի է ունենում ջանքերի որոշակի մասնատում։ Անհրաժեշտ է բոլոր առաջարկությունները մեկտեղել։

Մեր պլանն այսպիսին է. կրակի դադարեցում եւ դրա պահպանությունը վերահսկող մեխանիզմի ստեղծում։ Այդ մեխանիզմի առանցքը միջազգային դիտորդների ներկայությունն է։ Սա առաջին փուլն է։

Երկրորդ փուլը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծումն է։ Առայժմ անվտանգության միակ համակարգն ինքն ապաշտպանությունն է, ուրիշը դեռեւս գոյություն չունի։ Ա՛յս է վտանգը, քանզի նման համակարգը պատերազմ է ենթադրում։ Մենք կողմնակից ենք կրակի դադարեցման, խաղաղության հաստատման, սակայն երկար սպասված խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ ինքնապաշտպանության համակարգը կփոխարինվի այդ հողում խաղաղությունը երաշխավորող այլ հուսալի համակարգով։

― Սակայն, հնարավո՞ր է արդյոք այդ հիմնահարցը լուծել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով։

― Նման հարցադրումը սխալ էր հակամարտության հենց սկզբից։ Միջազգային հանրությունն արդեն ընդունում է, որ Ղարաբաղը ինքնու րույն քաղաքական գործոն է։ Այնպես որ, ինչ-որ համաձայնության գալ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կարծիքը, նշանակում է հենց սկզբից վիժեցնել այդ համաձայնությունների արդյունքները։

Լեռնային Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ներկայացվի իբրեւ իրավահավասար սուբյեկտ։ ԵԱՀԽ-ի վերջին որոշմամբ դա ընդունվում է։

― Այսինքն, ըստ էության, դա նշանակում է արդեն եռակողմ բանակցություններ վարել՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։

― Եռակողմ կամ՝ բազմակողմ։ Եւ դա արդեն որոշակի նվաճում է։ Ահա թե ինչու ես այժմ առավել լավատեսորեն եմ մոտենում այդ հիմնահարցի լուծմանը։ Արդեն կան այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք խաղաղության հասնել մեր տարածաշրջանում։ Գլխավորն է՝ հասնել խաղաղության։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նրա հետագա ճակատագրին, ապա դրանք բանակցությունների առարկա են։

― Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործում։

― Դա բարդ հարց է։ Ես իմ տեսակետն ունեմ։ Ռուսաստանն այնքան է զբաղված իր ներքին հիմնախնդիրներով, որ հնարավորություն չունի մեր տարածաշրջանում երկարատեւ քաղաքականություն իրականացնել։ Սակայն վաղ թե ուշ Ռուսաստանի ներքին հիմնախնդիրները կլուծվեն, եւ նա կվերադառնա իր ռազմավարական շահերին։

Ռուսաստանը կվերադառնա, սակայն կվերադառնա մշակութային, տնտեսական ազդեցության ոլորտներ։ Ռուսաստանը թույլ չի տա, որ ձեւավորված վակուումն ուրիշները լրացնեն։ Այժմ, սակայն, Ռուսաստանը ձգտում է պատասխանատվության մի մասը հանձնել միջազգային կազմակերպություններին։ Կարծում եմ, պետք է նույնիսկ ողջունել այդ ջանքերը։ Չէ՞ որ նշանակալի չափով նրա շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հիմնահարցին։

Այսինքն՝ Ռուսաստանը չի հրաժարվել ղարաբաղյան հիմնահարցի լուծումից, այլ հրաժարվել է այն միայնակ լուծելուց։ Ես կարծում եմ, որ դա ավելի արդյունավետ է, քան, օրինակ, առանձին վերցրած Նազարբաեւ – Ելցին միջնորդական առաքելությունը։

― Կա՞ն, արդյոք, Հայաստանում ընդդիմադիր ուժեր, որոնք համարում են, թե հակամարտությունը կարելի է լուծել այլ ճանապարհով։

― Կան։ Եւ ես ամենից ավելի վախենում եմ քաղաքական ամբոխավարությունից։ Ինչքան էլ տարօրինակ լինի, ես նույնիսկ պատրաստ եմ համաձայնել, որ իշխանության գան կոմունիստները, քան այն զավթեն քաղաքական բախտախնդիրները, ինչ ուժեր էլ որ նրանք ներկայացնեն։

Ընդդիմությունը մեր դեմ ոչ թե մեկ, այլ մի քանի խաղաքարտ ունի։ Դրանք մեր դժվարություններն են՝ Ղարաբաղ, աղետի գոտի, փախստականներ, քայքայվող տնտեսություն, շրջափակում… Ինչքան դժվարություն ունենք մենք, այդքան էլ խաղաքարտ ունեն նրանք։ Սակայն մենք բոլոր հիմնահարցերը ավելի արդյունավետ կլուծեինք, եթե հաղթահարվեր ղարաբաղյան ճգնաժամը։

― Եւ Դուք այդ հարցում լավատե՞ս եք։

― Շրջահայացության հետ ոչ մի ընդհանրություն չունեցող հոռետեսությունը քաղաքականության մեջ վնասակար է եւ բերում է հուսահատության, որը չի օգնում հիմնահարցի լուծմանը։ Ես, սակայն, ելնում եմ կյանքից[1]։

«Հայաստանի Հանրապետություն», 14 ապրիլի, 1992 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Օգոնյոկ» ("Огонек"), 4-18 ապրիլի, 1992 թ.։
Հարցազրույցը՝ Գ. Ժուկովետի եւ Գ. Մարտիրոսյանի , «Օգոնյոկի» հատուկ թղթակիցներ։
Հրատարակված՝ Լեւոն Տեր-Պետրոսյան. «Գլխավորն է հասնել խաղաղության» վերնագրով։


  1. Հարցազրույցն ավարտվում է վարողի հետգրությամբ. «Գտնվելով Բաքվում՝ «Օգոնյոկի» թղթակիցը խնդրեց Ադրբեջանի Նախագահ Ա. Մութալիբովին՝ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Ցավոք, հանրապետության նախկին ղեկավարը հրաժարվեց հարցազրույցից»։