Հարցազրույց «Նեզավիսիմայա Գազետա» թերթին 2




ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ՇԱ ԲԱԹԱԹԵՐԹԻՆ

խմբագրել
(13 օգոստոսի, 1992 թ.)

― Պարոն Նախագահ, ինչպե՞ս են Հայաստանում ընթանալու իշխանության կառույցների բարեփոխումները։ Եւ ինչո՞ւ խորհրդարանական հանրապետության մոդելը հարմար չեկավ ետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին։ Հայաստանում արդեն անցյալ տարվա սեպտեմբերին խորհրդարանի (որը՝ Դուք այն ժամանակ գլխավորում էիք) եւ կառավարության հարաբերությունները ճգնաժամային էին, ինչը հանգեցրեց առաջին վարչապետի հրաժարականին։ Այսօր ինքներդ եք գործադիր իշխանության ղեկավարը, իսկ խորհրդարանն ու կառավարությունն, առաջվա պես, հակասությունների մեջ են։

― Երբ մենք սկսեցինք քաղաքական բարեփոխումները, դրանց միակ ընդունելի, սահմանադրական ուղին «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին» կարգախոսն էր։ Բոլոր ժողովրդավարները, այդ թվում նաեւ մենք, անկեղծորեն հավատում էինք, որ այդ կարգախոսն օրինաչափ է, եւ, իրոք, «պարտոկրատիային» իշխանությունից զրկելու այլ միջոց չկար։

Սակայն խորհուրդները, պարզվեց, ոչ թե օրենսդիր, այլ քաղաքական մարմիններ են, մի տեսակ քաղբյուրո, որ իշխանության այլ մարմիններ չի ընդունում։ Այդպես եղավ եւ մյուս հանրապետություններում եւ, բնականաբար, Հայաստանում։ Այդ պատճառով, առաջ եկավ նախագահական կառավարման անցնելու գաղափարը։ Նախագահի մասին օրենքը ծնվեց բուռն քաղաքական պայքարում, որը շարունակվում է մինչեւ այսօր։ Խորհրդարանն առայժմ չի կարողանում հաշտվել այն մտքին, որ ինքը միայն մեկ՝ օրենսդիր գործառույթ ունի։ Մեր պատգամավորները հին իներցիայով իրենց գերագույն իշխանություն են պատկերացնում, ցանկանում են վերահսկել ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Նախագահին, հավակնում են երկրի քաղաքական ղեկավարմանը։ Հիմնախնդրի էությունը պետական կառույցների անկատարությունն է։ Մեզ մոտ, օրինակ, կառավարությունը զրկված է օրենսդրական նախաձեռնության իրավունքից։ Բոլորը՝ պատգամավորները, խորհրդարանական խմբակցությունները, կուսակցությունները, այդ իրավունքն ունեն, իսկ կառավարությունը՝ ոչ։

― Բայց Դուք՝ իբրեւ այդ կառավարության գլխավոր, ունե՞ք։

― Իսկ դա ի՞նչ հետեւանքների է բերում։ Խորհրդարանի ՀՀՇ խմբակցության՝ կառավարությանն օրենսդրական նախաձեռնության իրավունք տալու առաջարկությունը մերժվեց ընդդիմության կողմից։ Եւ այժմ խորհրդարանի եւ կառավարության միջեւ ցանկացած հակասություն ինքնաբերաբար վերածվում է խորհրդարանի ու Նախագահի միջեւ հակասության։ Նախագահն անմիջականորեն բախվում է ընդդիմությանը։ Սրանով է բացատրվում վերջին ժամանակների իմ ելույթների կտրականությունը։ Ես ստիպված եմ դրան գնալ, քանզի մեղադրում են ի՛նձ, եւ ոչ թե կառավարությանն են խորհրդարան հրավիրում, այլ՝ Նախագահին, որը զրկվում է խորհրդարանի ու կառավարության վեճում միջնորդ դատավորի իր դերից։ Ահա թե որն է խոչընդոտը։

― Բավարարո՞ւմ է Ձեզ նախարարների ներկա կաբինետը։ Վերջին կադրային տեղափոխություններն ու նոր վարչապետի նշանակումը ինչ-որ կոալիցիոն կառավարության ուրվագծե՞ր են, թե՞ Դուք առաջվա պես նախընտրում եք ունենալ սեփական թիմը եւ ինքներդ պատասխան տալ նրա գործողությունների համար։

― Ոչ, ներկա կաբինետն իմ թիմը չէ, եւ ոչ էլ կոալիցիոն է։ Կոալիցիոն կառավարություն ես չեմ ընդունում. դրա գոյությունը կապված է որոշակի սահմանադրական կարգավիճակի հետ, որն այսօր չկա։ Մեր կուսակցությունն էլ դեռեւս այն վիճակում չէ, որպեսզի ստեղծի այնպիսի կոալիցիա, որն ընդունակ լինի ձեւավորել ավելի լավ կաբինետ, քան պրոֆեսիոնալիզմի հիման վրա ստեղծվածը։ Մեր գլխավոր մոտեցումն անձնական պրոֆեսիոնալ որակներն ու կազմակերպական ընդունա կություններն են։ Եթե ինձ առաջարկեն մի նախարար, որն այս պահանջները բավարարի, ես միայն ուրախ կլինեմ։ Այսօր 30 նախարարներից միայն 6-ն են Հայոց համազգային շարժման անդամ, մյուսներից շատերին նախկինում ես անձամբ չեմ էլ ճանաչել։

― Իսկ ի՞նչ «գույնի» են Ձեր սեփական քաղաքական հայացքները։

― Ասածս կարող է, թերեւս, ցինիկ թվալ, սակայն քաղաքական գործչի գլխավոր հատկությունն իրատեսությունն է, նույնիսկ՝ պրագմատիզմը։ Բոլոր հնարավորությունները պետք է ուղղել ժողովրդի ու պետության բարօրությանը։ Իմ իդեալը ժողովրդավարությունն է, համընդհանուր արժեքները, սակայն այսօրվա գլխավոր գործոնը իրական քաղաքականությունն է։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր նախկին հանրապետություններում ելնում են նույն նկատառումներից, բոլորն էլ հրաժարվել են գաղափարախոսական սկզբունքներից։ Այսօր նախկին կոմունիստները «շատ ավելի կաթոլիկ» են դարձել, քան ես, եւ փորձում են ազգայնականներ ներկայանալ։ Եւ պետք չէ նրանց կասկածել երեսպաշտության մեջ, ո՛չ։ Եւ դատապարտել էլ չարժե։ Պարզապես այդպիսին է այսօրվա իրողությունը։

― Դուք ասել եք, թե իսկական մտավորական է նա, ով ազատ է եւ «չի ծառայում ոչ մեկին»։ Ինչպե՞ս են համատեղվում ազատության իդեալներն ու իշխանությունը, նրա սահմանափակող մեխանիզմներն օգտագործելու անհրաժեշտությունը։

― Իմ ընտրությունը նույնպես ազատ է եղել։ Եւ հետո՝ ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։ Իրավական պետության մեջ սահմանափակումները նույնպես անհրաժեշտ են։ Անթույլատրելի է, որ ժողովրդավարության ճակատագիրը կախված լինի անհատի կամքից, լավ կամ վատ Նախագահից։ Այսօր Նախագահի իշխանությունն, իրոք, շատ մեծ է հենց նրա՝ ժողովրդավարական սահմանափակումների բացակայության պատճառով։

― Տարօրինակ չէ՞, արդյոք, որ մտավորականությունը կոմունիստական վարչակարգի օրոք քաղաքական կյանքում ավելի նկատելի էր, քան Ձեր կառավարման ժամանակաշրջանում։
― Իհարկե, մտավորականությունը շփոթվեց, շատերը կորցրին կողմնորոշումը, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, մտավորականությունն էլ կգտնի իր տեղը նոր հասարակության մեջ…

― Մի՞թե նախկին տոտալիտար վարչակարգի արժեքները նրա արժեքներն էին։

― Նրանց համար, ովքեր նոմենկլատուրային մտավորականության շարքում էին՝ այո՛։ Ի դեպ, այսօր մտավորականության դերի անկման մասին հենց նրանք են աղմկում։

― Դրանով հակամարտությունն ընդդիմության հետ չի սահմանափակվում, չի ավարտվում այն նաեւ խորհրդարանում։ Խնդիրն աշխարհայացքների՞ տարբերությունն է։

― Համաձայն եմ, կուսակցությունների միջեւ կան աշխարհայացքային տարբերություններ, սակայն դրանք երկրորդական են։ Առաջին տեղում քաղաքական դրդապատճառներն են, միայն դրանք։ Իշխանության համար պայքարն իր կանոններն ունի։ Եթե նույնիսկ ես ամբողջովին ընդունեմ ընդդիմության գաղափարախոսությունը, նրանք չեն դադարեցնի իրենց պայքարը։ Նրանք պատրաստ են (եւ դա անում են պոպուլիստական նկատառումներով) իրենց հայացքներն ու կարգախոսները փոխել յուրաքանչյուր ամիս։

― Դուք պատրա՞ստ եք անհատապես նշել։ Դաշնակցության մասին, օրինակ։

― Դաշնակցությունը վերջին 70 տարում իրեն համարում էր ազգի առաջնորդը եւ բոլոր ազգային իդեալների՝ անկախության, պատմական սահմաններում Հայաստանի վերականգնման, 1915 թվականի Ցեղասպանության դատապարտման մարմնավորումը։ 70 տարի նրանք ժողովրդի մեջ տպավորություն էին ստեղծում, թե իբր հենց դաշնակներն են պահպանում հայ ժողովրդի ու Հայաստանի ազգային շահերը։ Սակայն, երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, դաշնակցական կուսակցությունը, մեղմ ասած՝ շփոթվեց. հայտնվել էին նոր մարդիկ, որոնք իր բացակայությամբ Հայաստանն իրենց ետեւից էին տանում։ Նրանց առաջին բնազդային ռեակցիան սառն էր։ Զգալով, որ այդ պահից կորսված է առաջնորդությունը, ինչն, իրենց թվում էր, թե կուսակցությունն ունի, նրանք չէին կարողանում հաշտվել իրենց նոր դերին։ Հետո պարզվեց, որ կային նաեւ այլ շարժառիթներ՝ դաշնակցության ղեկավարության կապերը ՊԱԿ-ի եւ այն ժամանակվա հայկական կոմունիստական ղեկավարության հետ։ ՊԱԿ-ի ղեկավարության եւ Սուրեն Հարությունյանի (ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար՝ 1988–1990 թթ. – «Ն. Գ.») հետ նրանց ղեկավար Մարուխյանի հանդիպումներից հետո, 1988 թվականի հոկտեմբերին հայտնվեց մեր Շարժումը, մեր մեթոդները դատապարտող եւ Հայաստանի կոմունիստական ղեկավարության շուրջ համախմբելու կոչող հայտարարությունը։ Գոյություն ունեն գաղտնի շրջաբերականներ, որոնցում հանձնարարվում է (ավելի ճիշտ, ոչ թե հանձնարարվում, նրանց մոտ այլ մեթոդներ են՝ հրահանգավորում է) ընդհանրապես չհիշատակել «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի մասին, իսկ եթե անգամ հիշատակեն, ապա միայն բացասական համատեքստով։ Եւ կոմունիստներն էլ յուրացրին դաշնակցության գաղափարախոսությունը, սկսեցին ընդդեմ Թուրքիայի, հանուն Մեծ Հայաստանի ագիտացիան։ Դա հասկանալի է։

Իսկ դաշնակների հետ մեր գաղափարական տարբերությունն այն էր, որ նոր շարժումը Հայոց պատմության մեջ առաջին անգամ, իրոք, որոշել էր իրատեսորեն նայել իրականությանը. մենք մեզնից ի՞նչ ենք ներկայացնում, ո՞ւմ հետ գործ ունենք , ինչպիսի՞ն են մեր ուժերը եւ ովքե՞ր են մեր հարեւանները։ Մենք եկանք այն եզրակացության, որ կայսրությունը դատապարտված է, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը չմնա նրա փլատակների տակ։ Շարժումը մեզ մոտ ավելի վաղ սկսվեց, քան մյուս հանրապետություններում, ինչն օգնեց պատրաստ լինել ցնցումներին։ Կայսրության կործանումը միշտ էլ ցավագին է, ինչն առաջին հերթին ազդում է փոքրաթիվ ժողովուրդների ճակատագրի վրա։ Մենք նման պատմական փորձ ունեինք եւ, որպեսզի Հայաստանը դառնար անկախ պետություն, անհրաժեշտ էին ազգային գոյատեւման սեփական երաշխիքներ։ Մինչ այժմ այն երաշխավորված էր ԽՍՀՄ սահմաններով։ Մենք ուղղակի կապեր չունեինք արտաքին աշխարհի հետ, մեր ճակատագիրն ամբողջովին կախված էր կայսրության կամքից։ Իսկ մեր պլանների մեջ չէր մտնում ընկնել որեւէ երրորդ ուժի լծի տակ, երբ այն դադարեր գոյություն ունենալ։ Մենք հրաժարվեցինք «օրիենտացիայի» գաղափարից (որի վրա համարյա 300 տարի հիմնված էր Հայաստանի ողջ քաղաքական միտքը), քանզի սեփական պատմական փորձով տեսնում էինք նրա սխալականությունը։ Դրա համար, իհարկե, մեզ հայհոյում են՝ մինչ այժմ էլ դեռեւս չհասկանալով, թե այդ ինչպես կարող ենք մենք առանց ռուս քեռու, առանց ամերիկացիների, առանց Եւրոպայի գոյատեւել։ Մինչդեռ Հայաստանի անվտանգ գոյության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Այս սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում։

― Բայց չէ՞ որ գոյություն ունի «հավերժական թշնամու» եւ «հավերժական զոհի»՝ բազմադարյան, պատմական ողբերգությամբ խորացած բարդույթը։

― Դա կա, եւ ժամանակ է պետք այդ բարդույթները հաղթահարելու եւ նոր գաղափարները յուրացնելու համար։ Ի պատիվ մեր ժողովրդի՝ «սրբապիղծ» թվացող մեր գաղափարներին մենք դիմադրություն չենք զգացել, թեեւ դրանց, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին միշտ էլ խոսել ենք, նույնիսկ ընտրությունների նախօրյակին[1]։ Մենք հիշում ենք պատմական հակասությունները, սակայն, ելնելով երկրի իրական շահերից, հաղթահարելով վիրավորանքները, պետք է ձեւավորենք նորմալ միջպետական հարաբերություններ։ Իհարկե, ընդդիմությունը մինչեւ այժմ էլ մեզ մեղադրում է ազգային դավաճանության մեջ, սակայն, ինձ թվում է, հոգեբանական արգելքները հաղթահարված են։ Ես դա համարում եմ մեր Շարժման ամենամեծ նվաճումը, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, ուր շատերն են պաշտպանում մեր իրատեսական դիրքորոշումը։

― Հայաստանը ոչ սլավոնական երկրներից առաջինը պաշտպանեց Համագործակցության ստեղծումը, չնայած վերջինիս ներկա տեսքը հեռու է եւրոպական նախատիպից։ Որքանո՞վ է Հայաստանի ապագան անխուսափելիորեն կապված ԱՊՀ-ին։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը չի փորձում զուգահեռ դաշնություններ ստեղծել եւ, շատերի կարծիքով, ապագայում նրա կապերն Արեւմուտքի հետ որքան ցանկալի, այնքան էլ պրոբլեմատիկ են լինելու, իսկ մերձակա հարեւանների հետ հարաբերությունները բարդանում են տարածաշրջանային հակամարտություններով եւ մրցակցությամբ։

― Իրոք, ԱՊՀ ստեղծումը ապագայի անորոշության տագնապներում կողմնորոշվելու ձգտում է։ Այս շարժառիթն առ այսօր գոյություն ունի։ Սակայն գերակշռեց ապաինտեգրացման գործընթացը, ընթացավ անկախության ամրապնդումը, եւ յուրաքանչյուր պետություն փնտրում էր անվտանգության իր երաշխիքները, այլ դաշինքներ ու համագործակցության ձեւեր։ Հայաստանն էլ բացառություն չէ, ես համաձայն չեմ։ Մենք մասնակցում ենք Սեւծովյան ծրագրին, Հայաստանն ակտիվորեն զարգացնում է կապերն Իրանի հետ։ Հեռանկարում մենք տեսնում ենք մեր տեղը մերձավորարեւելյան համագործակցության մեջ եւ անվտանգության մերձավորարեւելյան համակարգում։ Սակայն դա հեռանկարում. այն պետք է ստեղծել դանդաղ, փուլ առ փուլ, ինչին կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների հաստատումը։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Սիրիայի հետ, առկա են Եգիպտոսի հետ կապերը զարգացնելու բոլոր հնարավորությունները (եթե նույնիսկ խոչընդոտներ էլ կան, ապա միայն արտաքին՝ մենք չենք լուծել կոմունիկացիաների խնդիրը. այլ արգելք չկա)։ Ես հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կկարգավորվեն նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հեռանկարում մենք սերտ համագործակցության հնարավորություններ ենք տեսնում նաեւ Անդրկովկասում։ Վրաստանի հետ՝ արդեն այսօր։ Այնտեղ կես միլիոն հայ է ապրում, նրանք Վրաստանի քաղաքացիներ են, նրանք ազգային կամ քաղաքական խնդիրներ չունեն, իսկ եթե կան էլ՝ ապա միայն կապված քաղաքացիական իրավունքների հետ։

― Ի դեպ, Հայաստանում, ի տարբերություն մյուս հետխորհրդային պետությունների, չկա ազգային փոքրամասնությունների խնդիր, դրա փոխարեն առկա է մեկ ուրիշը՝ ազգի մեծ մասն ապրում է իր պետության սահմաններից դուրս։ Ի՞նչ սկզբունքների վրա են կառուցվելու հանրապետության եւ Սփյուռքի հարաբերությունները։ Ինչպե՞ս են այդ սկզբունքներն արտահայտվելու քաղաքացիության մասին օրենքում։
― Մենք քաղաքացիություն կտանք ամեն մի հայի, եթե դրանով չենք խախտի այն երկրի օրենքները, որում նա ապրում է։ Եթե այդ երկրներում երկքաղաքացիությունը թույլատրվում է՝ խնդիր չի լինի։

― Ռուս զինծառայողների հետ միջադեպերը Հայաստանում քաղաքական արձագանքներ ունեցան։ Ո՞ւմ խնդիրն է դա. գեներալների, թե՞ քաղաքական գործիչների։ Կմնա՞, արդյոք, ռուսական բանակը Հայաստանում։

― Նման միջադեպեր այժմ ամենուր են լինում, եւ ես նույնիսկ կարող եմ թվեր նշել. վերջին 8 ամսում Հայաստանում զոհվել է 8 զինվորական, Ադրբեջանում՝ 77։ Սակայն այս վերջինների շուրջ ոչ ոք աղմուկ չի բարձրացնում։ Նշանակում է՝ կան որոշակի քաղաքական ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանում, որոնք Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրում են Հայաստանին միակողմանի աջակցելու մեջ։ Ցավոք, այս պարագան իրական հետեւանքներ է ունենում, դրանով են թելադրված ռուսական զինվորական ղեկավարության համապատասխան քայլերը։ Բոլորը տեսնում են հայ-ռուսական հարաբերությունների արտաքին կողմը միայն՝ մեր լավ հարաբերությունները Ելցինի հետ, այն, որ մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք կնքել։ Իրականում, իհարկե, Ադրբեջանն ավելի շատ ռազմական աջակցություն է ստանում, քան մենք, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում…

Մենք այժմ մեր բանակն ենք ստեղծում, սակայն երկկողմանի հիմունքներով պայմանագրեր ենք ստորագրել նաեւ մեր տարածքում ռուսական զորքերի ներկայության մասին։ Այժմ բանակցություններ են վարվում, որոնք կպարզեն նրանց կարգավիճակը։ Հնարավոր է՝ դրանք ռազմական բազաներ լինեն…

― Ներկա Հայաստանի դրոշը, գերբը եւ հիմնը նույնն են, ինչ-որ 1918–20թթ. առաջին հանրապետությունում էր։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ այսօրվա Հայաստանը նրա ժառանգորդն է։ Եւ ինչպե՞ս եք Դուք այդժամ գնահատում այն, ինչ եղել է 1920–1989թթ. միջեւ։

― Կային պատգամավորներ, կուսակցություններ, որոնք պահանջում էին, որ 1990 թվականին ընդունած մեր Անկախության հռչակագրում ներկա հանրապետությունն իրեն հայտարարի առաջին հայկական հանրապետության իրավահաջորդը։ Մենք հրաժարվեցինք դրանից։ Մեզ, ի տարբերություն լուրջ իրավական հիմք ունեցող Մերձբալթիկայի, շատ դժվար կլիներ ապացուցել, թե Հայաստանն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, չէ՞ որ կան ե՛ւ դաշնակցական հանրապետության, ե՛ւ Խորհրդային Հայաստանի ստորագրած պայմանագրերը։ Մեր դոկտրինայի հիմքում մենք դրեցինք միջազգային իրավունքի այլ սկզբունք՝ ինքնորոշման իրավունքը, եւ հետեւողականորեն էլ այն առաջ մղեցինք։ Մենք այն ժամանակ Գորբաչովին, հավանաբար, ամենածանր վիճակի մեջ դրինք, քանզի չէինք խախտել իր իսկ՝ սովետական օրենքները։

― Սակայն Հայաստանում տարածված է առաջին հանրապետության (որը գոյատեւեց երեք տարի) հետ անալոգիաներ անելը։

― Ի՞նչ անալոգիա։ Առաջին հանրապետությունը պատերազմում էր երեք հարեւանների հետ, մենք ստիպված ենք դիմակայել միայն մեկին, այն էլ ոչ թե մենք, այլ ղարաբաղցիները։

― Դուք հաճախ եք կրկնում, թե կպաշտպանեք այն բոլոր համաձայնությունները, որոնց կհանգեն Ղարաբաղն ու Ադրբեջանը։ Հաշվի առե՞լ եք արդյոք Ղարաբաղի իշխանությունների մաքսիմալիզմը եւ այն, որ ցանկացած բանակցության սկիզբ նրանք կապում են ԼՂՀ ճանաչման հետ։

― Նախ, Լեռնային Ղարաբաղի մաքսիմալիզմը արձագանք է Ադրբեջանի մաքսիմալիզմի։ Դա կուսակցական մաքսիմալիզմ չէ, ո՛չ, յուրաքանչյուր ոք, ով իշխանության գլուխ կլինի Ղարաբաղում, նույն առավելագույն պահանջները կդնի։ Սակայն, երբ ղարաբաղցիների ամենահամեստ պահանջները բախվեցին Ադրբեջանի (որը փոխզիջման հակում չի ցուցաբերում) կոշտ դիրքորոշմանը, դա նրանց բերեց այն համոզման, որ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու մարդու իրավունքները վտանգի տակ են։ Այստեղից կատարվեց պարզագույն եզրակացություն՝ դուրս գալ Ադրբեջանի կազմից։ Սակայն նույնիսկ հիմա, վստահ եմ, ուշ չէ. եթե Ադրբեջանը հանդես գա ռեալ առաջարկություններով, ուր կնշի երաշխիքներն ու իրական փոխզիջման մեխանիզմները, թե՛ մենք, թե՛ ղարաբաղցիները, կարծում եմ, ընդառաջ կգնանք։ Հայաստանը տասնյակ անգամներ է հանդես եկել նման նախաձեռնություններով, սակայն ես հիմա նույնիսկ ձեւականորեն նման իրավունք չունեմ։ Ցանկացած նախաձեռնությամբ պետք է հանդես գա Ղարաբաղը, իսկ մենք նրան գործնականում կպաշտպանենք։ Եւ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի որպես հակամարտության անկախ կողմ, դա ամեն դեպքում օգտակար կլինի Ղարաբաղին առնչվող խնդիրների ողջ համալիրը լուծելու համար։

― Ադրբեջանի ներկա իշխանությունների հետ այդ մասին Դուք խոսակցություն ունեցե՞լ եք։

― Ոչ, մենք շփումներ չենք ունեցել։ Չնայած ընտրություններից հետո ես զանգահարեցի նրան (Էլչիբեյին – «ՆԳ»), որպեսզի շնորհավորեմ հաղթանակի առթիվ։ Ծիծաղելի բան ստացվեց։ Նրա օգնականը շփոթվեց, հետո զանգահարեց իմ օգնականին, հարցնելով, թե ինչի՞ մասին եմ ուզում խոսել իրենց Նախագահի հետ։ Հարկ եղավ բացատրել, որ նման բաների մասին հարցնելն ընդունված չէ, ամեն ինչ պարզ կլինի հենց խոսակցության ընթացքում։ Այդպես էլ չխոսեցինք։ Իսկ Մութալիբովի հետ հարաբերությունները նորմալ էին, բայց հենց սկզբից ինձ համար պարզ էր, որ նրա հետ զրույցները ոչինչ չէին պարտադրում, նա իրական իշխանություն չուներ եւ պայմանավորվածություններն իմաստ չունեին։

― Իսկ հանուն ինչի՞ եք Դուք պատրաստ պայքարել իշխանության համար։

― Հանուն մեր պետության անվտանգության, հանուն նրա ապագայի։ Դրա համար արժե պայքարել։ Իսկ հանուն իշխանության՝ ոչ։ Եթե գտնվեն մարդիկ, որ ընդունակ կլինեն ավելի լավ ղեկավարել եւ Հայաստանի ժողովրդին առավել օգուտ բերել՝ առանց երկմտելու կզիջեմ տեղս։ Չէ՞ որ ես զրկվել եմ իմ ունեցած գլխավորից՝ գիտությունից, որն ինձ հսկայական երջանկություն է պարգեւել։

― Ափսոսո՞ւմ եք։

― Շա՜տ եմ ափսոսում։ Բայց չէ՞ որ նաեւ շատ բան եմ ձեռք բերել։

«Հայաստանի Հանրապետություն», 25 օգոստոսի, 1992 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Նեզավիսիմայա Գազետա» ("Независимая Газета"), 13 օգոստոսի, 1992 թ.։
Հարցազրույցը՝ Լիանա Մինասյանի, Արմեն Խանբաբյանի։
Հրատարակված՝ Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հայոց պատմության մեջ առաջին անգամ մենք որոշեցինք իրականությանը նայել իրատեսորեն» վերնագրով։


  1. Հայերեն հրապարակման մեջ «Ի պատիվ մեր ժողովրդի․․․ նույնիսկ ընտրությունների նախօրյակին»հատվածը դուրս է մնացել։ Լրացնում ենք ըստ ռուսերենի։