ՀԵՌԱՑՈՂ ՍԱՐԵՐ


Սիրում եմ ջուրը խմել միայն ակունքից,
ուր, ինձնից առաջ,
իր ոսկեծեղ կտուցն էր թաթախել
մասրավարդենուց թռած հավքը։

Կապույտը սրտի հիշողություն է։ Իսկ ավելի սերը,
սեր չէ։ Աղբյուրը
լցվում է իր երգի մեջ։
Աղբյուրի կարկաչը նրա միակ գիշերաշորն է ձորի կիսախավարում։

Ջրերի իմաստը մանկություն է, ուր ես կամ՝ որպես
անջնջելի համբույրս աչքերիդ վրա,
որն ամեն անգամ դու տեսնում ես, անգամ
առանց հայելու առաջ կանգնելու։

Ես օխտը լեռան ետեւում, Պերոժի դժոխքում փակված
                             հայոց Վաչագան արքան եմ,
քանի՜ դար է, ծաղկագրեր եմ առաքում։
Ո՞վ է բոլորին օտարել բոլորից։

Աշխարհն աշխարհի վրիպակն է։ Շատ դարտակ բան է
մարդն ընդհանրապես։ Եվ չի կարելի քանոնը դնել
ու չափել, թե որքանով է առվակի ճամփան ուղիղ ընթանում։
Մեկևմեկ ուզում եմ հաղորդվել,
ներեցեք Շեքսպիր, Ուիթմեն ու Չարենց, բանաստեղծություն չկա։

Ես ոչ միայն աչքով, հաճախ նաեւ ձեռքերով եմ կարդում՝
մագաղաթին թողնելով մատներիս գորովը.
ջրերի ընթացքն ընթեռնում է հանդ ու ձոր, հեռացող սարեր,
իսկ ես առվախոսում եմ իմ մեջ,
որքան խորն՝ ինքս իմ ներսում, այնքան՝
                               ամենքին լսելի ու մաքուր։