Թեթեւ, բերանի անկյունով ասված
բարեւ է ասես աշնան կանաչը։
Իմ աչքերի մեջ
հեռացած գարնան պատրանքն է ճերմակ,
բայց վախենում եմ առերես հանել՝
հանկարծ փշրվի ու դառնա փոշի,
անանուխի չոր
թերթերի նման։
Շարունակում ես դու ինձ մոտ մնալ,
ճիշտ այնպես, ինչպես
դու կարող էիր նաեւ չմնալ։
Ծանծաղուտներում եղեգն է խշշում
մի տարօրինակ բովանդակությամբ։
Մի թեթեւ խոսքից վիրավորվում եմ
ու լուռ հեռանում։
Նորից ետ կգամ,
թե սպասես դու։
Ես հեռանում եմ
ու ետ չեմ նայում,
սակայն զգում եմ, տեսնում թիկունքով՝
աշնան արեւը
ինձ ուղեկցում է իր աչքի պոչով
ու մի անկյունով բերանի... ժպտում։