Հեռուն ծնում է թախիծ,
Հեռուն ծնում է երազներ։
Իսկ առանց արյուն
ոչ մի ճամփա չի հոսում։
Ես աշխարհում ամենուր կարող եմ
հասնել, միայն թե իմ ուղին դուրս չգա ինձանից։
Ծանր սպասման արցունքներ են
քարերը,
եւ բոլոր ծաղիկների տակ քնած պոետներ կան,
մի՛ պոկեք։
(Եթե բառերը չլինեին, համոզված եմ,
մենք ավելի լավ կհասկանայինք իրար)։
Մենությունը չի փարատվում անգամ ոչ մենությամբ։
Աստղերը կանչում են։
Իսկ լռությամբ բառը խորանում է։
Տխուր եղանակ՝ անհատակ անցյալ,
ծառերի ծանոթ մտերմաշրշյունև
քո ձեռքը մթության մեջ ինձ միշտ տեսնում է։ Եվ
առվի հետհասցեն ծաղիկներն են դարձյալ։
Թիթեռներ,
ծառերի բներին, եղեգներին, խոտերին
կառչեցեք,
քամին ձեզ չտանի։
«Կրիան ոչ մի տեղից, ոչ մի ժամանակ չի ուշանում»,-
տիեզերական հրթիռի ետեւից
Աղանց աղբյուրից առած զուլալ ջուր է շպրտում
Սարինյանը։ Ողջույն՝ Նոստրադամուս։ Կանտ։ Պըլը-Պուղի։
Հեռուն ծնում է թախիծ,
քամին բացում է անթիվ ծրարները կապույտի եւ ամպի եւ
ամեն մեկի մեջ միայն մի բառ է՝ Արցախ։
Եվ բոլոր ծաղիկների տակ քնած զինվորներ կան։