ՀԵՐՈՍ ՆՈՔԱՐԸ

Ուրախ աղմուկով թափվում էր գարնան առաջին անձրևը: Ծանր կաթիլները պատուհանի ապակիներին էին զարկում, թմբկահարում թիթեղյա կտուրները, կարծես ավետում էին, որ դաշտերի համար բերել են առատություն և հարուստ բերք:

Տաք ու խոնավ քամին մերթ փրցնում էր կաթիլների մի խուրձ և շպրտում մինչև պատշգամբի խորքը, մերթ ծառս լինում դեպի մթնկա երկինքը և թափով խփում էլեկտրական լամպերին:

— Չե՞ս մրսի, Դանե՛լ, — ասացի ընկերոջս, — ուզում ես ներս մտնենք...

Հանկարծ շողշողաց արծաթագույն կայծակը, կարծես մեկը լախտ նետեց մթնի մեջ, և ապա ամեհի գոռոցով ամպերը պայթեցին: Առաջին որոտից զրնգացին պատուհանի ապակիները: Կայծակը փայլատակեց մի անգամ էլ, բոցն ընկավ պատուհանի ապակիներին, ես տեսա իմ ընկերոջ գունատ դեմքը: Նա աչքերը փակել էր, կարծես նիրհում էր:

— Լավ է, — ասաց ու մեղմ ժպտաց:

Համառ մարդ է իմ ընկերը: Ինձ մնում էր վերարկուն նրա ուսերին քցել և պատուհանի փեղկը կիսախուփ անել, որպեսզի քամին չհասներ նրան:

— Գիտե՞ս առաջին անձրևը ինձ ինչ է հիշեցնում, — և չսպասելով պատասխանիս, շարունակեց.

— Մի թուրք ընկերոջ: Էսօր ցերեկով էլ մտաբերեցի նրան...Դու էն ասա, թեյը հո չի՞ սառել...

Ձեռքս մեկնեցի թեյամանին:

— Լցնե՞մ:

— Լցրու: Գրող մարդ ես, էս պատմությունը լավ լսիր, որ կարողանաս պատմածիս նման գրել, թե չէ...

Նա չշարունակեց իր «թե չէ»-ն, որովհետև հայտնի էր ինձ նրա վերաբերմունքն ու պահանջը գրքի հանդեպ: Ընկերս մեկն է նրանցից, որոնք գրքից պահանջում են մերկ ճշմարտություն հասարակ մարդկանց հոգսերի, նրանց առօրյայի և մղած պայքարի մասին:

Մի ժամանակ ես նրան գրքեր էի մատակարարում, ինչպես ինքն էր ասում՝ «շեֆություն էի վերցրել»: Բայց իմ առաջարկած գրքերի մեծ մասը հետ էր վերադարձնում անբավական դժգոհությամբ: Միակ գիրքը որ երկու անգամ կարդացել էր և նույնիսկ եղունգով նշան արել լուսանցքների վրա՝ Ջոն Ռիդի «Տասը օրն» էր…

— Էլի էսպես նստել էինք դուրսը…Անձրև էր … էս ոնց շուտ թռան է՛ էն տարիները: Բայց սպասի գլխից պատմեմ: Նորաշենցի Դավիթին ճանաչում ես, չէ՞:

— Ջրային բաժնի…

— Հա՛: Էն հիմա է էնպես լցվել: Էսօր տեսա, ասացի՝ մեր տղա, փորիդ մակարդակը բարձրանում է...Հա՜: Էն ժամանակ լղա՛ր, կարճիկ մարդ էր, ճղոտված, մի ոտքին տրեխ, մեկինը տելեֆոնի թելով կապված սապոգ:

Խոր աշունք էր: Արև էր անում ցերեկը, իսկ գիշերները ջրերը սառչում էին: Մի առավոտ ինձ գավհեղկոմից շտապ պահանջեցին: Էն ժամանակ հիմիկվա պես չէր, որ մի տեղ ուղարկելուց դիսկուսիա բաց անեն: Հրամանը հրաման էր: Մենք էլ էնպես էինք վարժվել էդ դիսցիպլինին, որ ասես հենց քսան տարվա զինվոր էինք:

Մի ժամ չանցած ճանապաիհ ընկա: Գավառն էլ երեք— չորս ամսվա խորհրդայնացած էր: Բայց ծմակներում թաքնված մնում էին մի քանի վաշտապետ մավզերիստներ: Նժդեհը թառել էր Խուստուփի գլխին: Ղափանի կողմը ֆրոնտը դեռ մնում էր:

Որտեղ էլ գնայինք, գիշեր լիներ թե ցերեկ, հրացանը կար հո՛ կար: Էնպես էլ վարժվել էինք էն անտերին, որ քնաթաթախ էլ զարթեցնեին, ձեռքներս մեկնում էինք հրացանին:

Եկա հեղկոմ: Արամն էր նախագահը: Մի կարտուզ գլխին, ճղոտված շինելը ուսերին քցած, կռացել էր թղթերի վրա: Նա հենց սեղանի վրա էլ քնում էր: Ինձ որ տեսավ, թե Դանել, գիտե՞ս ես քեզ ինչու եմ կանչել:

— Որ ասես, կիմանամ...

— Այ էս թռուցիկները պիտի նրանց գյուղերում ցրես: Դու գիտես...էս էլ քեզ մանդատ, որ ֆրոնտն անց կենաս...Նորաշենցի Դավիթն էլ քեզ հետ կգա, նա էն կողմերին ծանոթ է:

Աչքս քցեցի թռուցիկների կապոցին:

— Հը՞, ճակատդ քորեցիր է՞, — հարցրեց Արամը:

— Էս ո՞նց տանեմ, որ չփչանա:

— Սումկաների մեջ լցրեք...Դե շուտ: Քեզանից բացի էլ հարմարը չկա:

Մարդ ինչքան էլ ասի, թե գովասանք չի սիրում, չհավատաս: Էդ խոսքն ասեց թե չէ, մանդատը ստացա: Երկու ժամից հետո ես ու Դավիթը ճանապարհ ընկանք, ամեն մեկիս շալակին փութ ու կես ծանրություն, չհաշված մեր հրացանները, հացն ու շաքարը, որ ստացել էինք բրիգադի չխաուզից:

Հիմա բարձրանում ենք կարճ ճանապարհով: Էնպես ենք որոշել, որ ճանապարհին մեզ ոչ ոք չտեսնի:

Պլանը էդպես էինք քաշել: Դու Ջուխտակ քարի ճանապարհով անցած կա՛ս...

— Ո՛չ: — Օգտվելով նրա հարցից ես ուզում էի հիշեցնել, որ թեյը սառել է, բայց նա շարունակեց:

— Էդ մի դժվար ճանապարհ է, անասելի դժվար: Էն որ հեքիաթի մեջ ասում են յոթ սար ու ձոր, — իսկը մեր ճանապարհն էր: Էն էլ ի՞նչ սա՛ր, ինչ ձոր...Արևը թեք էր ընկել, երբ բարձրացանք Բոլոր խութի կատարը: Քարի տակ նստեցինք: Դավիթը թութունի ամանը հանեց: — Թուղթ չունե՞ս...

— Չէ...

— Բա ո՞նց պիտի լինի մեր հալը...— Երկու օրվա ճանապարհ կա... — հարցրեց նա:

Իրար երեսի նայեցինք: Շատ էլ ծխել ենք ուզում, թոքերս քերվում են:

Այս ասելուց իմ ընկերը բնազդաբար ձեռքը մեկնեց սեղանի ծխախոտին, վառեց և խոր ծծեց: Լուցկու լույսի տակ մի վայրկյան փայլփլեց նրա նշաձև աչքերը:

Ու շարունակեց:

— Մի քիչ մնացել էինք, մեկ էլ թե՝ Դանե՛լ:

— Հը՞...

— Ի՞նչ կլինի որ…

— Ի՞նչը:

— Ղրաղից մի քիչ կտրենք...Հո վաժնի թուղթ չի որ, անգրած տեղից եմ ասում է՛...

— Ա, հաշված կլինե՛ն...Պատասխանատուր ենք:

— Էլի հաշիվը թող մնա, հո գրածը չեմ ասում...Ղրաղից, մի մատը տեղ:

— Մինը քո սումկից, մինը իմ, — որոշեցի ես: Էն րոպեին թռուցիկի կողքերից բարակ զոլով պոկեցինք սպիտակ թուղթը...

Ծխախոտը բերանիս, մեկ էլ աչքս ընկավ Դավիթի ոտքին: Բութ մատի արանքից արյունը կաթում էր, ճանապարհի սուր քարերը քերծել էին նրա բաց մատները:

— Ասեիր, կարկատել տայինք, էլի՛...

— Էնպես վռազեցի, տնաշեն, բանկան էլ մնաց հեղկոմի հայաթը...Ուզում էի մի գրվանքա նավթ տանեի տունը:

Վեր կացանք: Ձորում երևացին Քարափորի մարագները, մի քիչ հետո ներքևից լսվեց շան հաչոցի ձայն: Խոր աշնան կարճ օրը մթնում էր, սարի ստվերը հասել էր ձորի մյուս կողմը:

— Դավիթ:

— Հե՛...

— Գիշերս ո՞րտեղ մնա՛նք, — հարցրի նրան:

— Տավարածի տղի մոտ չգնա՛նք...

Տավարածի տղան Քարափորի լիազորն էր: Նա մեզ հետ մասնակցել էր կռվին, բայց իրենց գյուղի սահմանին հասել էինք թե չէ, մնացել էր գյուղում:

Երկուսով խորհրդակցեցինք և որոշեցինք մթնով մտնել գյուղը և ծեգը չբացված ճանապարհը շարունակել: Որպեսզի տավարածի տղան էլ չիմանար մեր նպատակը, որոշեցինք գյուղի ծայրի մարագներից մեկում թռուցիկները պահել և էնպես գյուղ մտնել:

Մութը կոխած մոտեցանք գյուղին: Թռուցիկները խոր թաղեցինք դարմանի մեջ, տավարածի տղան կաշի և փոկ բերեց Դավիթի տրեխը կարկատելու, բայց դեպքերն էնպես իրարով անցան, որ մեր թռուցիկները մինչև վերջ էլ մնացին մարագում:

— Անձրևը բարակում է...հը՞, — հարցրեց ընկերս:

— Հանդարտ է գալիս:

— Փակի՛ր, ցրտում է, — խնդրեց նա և ձայնը ցածրացնելով շարունակեց:

— Լուսադեմին տրաքոցը սկսվեց...Դուրս թռանք փողոցը, տեսանք հարայն ընկել է: Դիմացի քարափից գնդակները կարկուտի նման թափվում են: Մի սպիտակ ձիավոր դուրս եկավ անտառից, ձին քշեց դեպի ձորը: Մեղրեցի Սմբատի խումբը ձորի բերանը կտրել էր: Դավիթ, թռի մարագների կողմը: Էն նեղ մաջալին էլ մարագի կապոցը միտքս ընկավ: Տավարածի տղան գլուխը չկորցրեց: Գերեզմանուտը բռնեք, — էնպես գոռաց, որ ես ասեմ՝ նրանք էլ լսեցին: Վեց-յոթ հոգով վազեցինք դեպի գերեզմանուտը: Հենց էդ րոպեին թոփը սարի հետևից տրաքեց, գվվալով անցկացավ մեր գլխով ու ա՛ռ հա՝ քարափի դոշին: Էնպես պայթեց, որ ասես էն քարափները փուլ եկան, ձորը լցրին: Մի կես սահաթ դաշնակները կորան: Որ թնդանոթը չտրաքեց, ձորում որոտաց, էնպես մի «ջա՛ն» ասինք, կասես սնարյադը մեր սրտիցը թռավ:

Սիրտ արինք: Հիմա Դավիթը կանգնել է, թե՝ եկեք վրա քշենք...Հենց էդ խոսքին, տեսնենք գյուղի վերևից մերոնք կուզեկուզ քաշանում են, որը ոտով, որը ձիու վրա, որն էլ ձին հետևից քաշելով: Դու մի ասա, մենք նահանջում ենք...Հետո իմացանք, որ երեկոյան դեմ դաշնակները մի քանի տեղից հանկարծ վրա են տվել: Սմբատի խումբն էլ կտրել է նահանջի ճանապարհը:

Ի՞նչ երկարացնեմ, նահանջեցինք: Եվ էն էլ անկանոն...Առհասարակ նահանջը լավ չի, բայց մերը վատից էլ վատ էր: Քարափորից դուրս եկանք թե չէ, տրաքոցը նորից սկսվեց:

Մեր ձիավորների ատրյադը նրանց հետ կռվի է բռնվում, երկու անգամ նրանց գյուղը ձեռքե ձեռք է անցնում:

Երեկոյան դեմ գետն անցանք: Մութ, ցուրտ, ցեխ: Հակառակի պես մի անձրև էլ սկսվել է, թրջվել ենք, ջուր դառել: Կես գիշերին շտաբից հրաման եկավ, որ շարունակենք ճանապարհը, մինչև Բարկուշատի գետերը, այսինքն անցնենք Ադրբեջան:

Հենց էն գիշեր էլ տեղեկացանք, որ նահանջել ենք ամբողջ ճակատով, թողել ենք և քաղաքը: Բայց էդ եղավ մեր վերջին նահանջը:

Ընկերս վերարկուի մեջ ամուր փաթաթվեց, երեսը դարձրեց դեպի փողոցը: Էլեկտրական լամպերը քամուց մեղմ օրորվում էին, և նրանց ցոլքը տարուբեր էր լինում գուբերում հավաքված անձրևաջրի մեջ: Մի քիչ շունչ առնելուց հետո շարունակեց, երեսը դարձյալ դեպի մութը, կարծես մի ուրիշի հետ էր խոսում:

— Ամբողջ ձմեռ մնացինք գետերում: Համարյա ամեն օր սպասում էինք հարձակման հրամանին: Բայց հրամանը ուշանում էր: Երբեմն կցկտուր տեղեկություններ Էինք ստանում մեր գյուղերից, գավառից: Մեր ընկերների մի մասը մնացել էին թշնամու թիկունքում: Ոմանք չէին ուզեցել նահանջել, ոմանց էլ կարգադրված էր մնալու գյուղերում: Եղան վախկոտներ, որոնք հրացանը շպրտեցին բիլեթի հետ միասին:

Գարնան դեմ մի քանի անգամ խաբար ստացանք, որ մեր ընկերներից մի քանիսին սպանել են, ոմանց աքսորել: Մեզանից շատերի ընտանիքներին էին նեղում: Դավիթը հանգիստ չուներ: Քանի՛ անգամ խնդրեց, որ թույլ տան ֆրոնտով անցնի գյուղ գնա և էլի գա: Շատ էր մտածում տանեցիների մասին:

Ես էլ էի անհանգիստ: Մեր գյուղի բջիջի կեսից ավելին չէր կարողացել դուրս գա: Ամեն օր ընկերներս աչքիս առաջն էին:

Վերջապես մի օր մեր շտաբը հրաման ստացավ կազմ ու պատրաստ լինելու: Տեղեկացրին, որ հարձակումը շուտով պիտի լինի:

Մեր ռոտան տեղավորվել էր Սարվանլար գյուղում: Էնպես էլ մեզ ընդունում ու պահում էին, որ չեմ կարող ասեղ: Թուրքերն էլ էին սոված, բայց շատերը, ինչպես ասում են, եղբոր նման իրենց բաժինը մեզ հետ կիսում էին:

Ես ու Դավիթը մի թուրքի տան էինք ապրում՝ Թեմուրի տանը: Աղքատ, որ անասելի: Տունը վառեիր խանձահոտ չէր լինի: Մեր ձորերում քանի տարի նոքարություն էր արել, հայերեն էնպես էր խոսում, որ լսողը հայից չէր ջոկի:

Մենք որ Սարվանլար գնացինք, տեսավ թե չէ, ճանաչեց, փաթաթվեց մեր վզով, լաց եղավ: Հետո էլ աչքերը սրբելով, թե՝ ես էլ եմ բայլշևիկ, ասենք՝ բիլեթ չունիմ: Ճիշտն ասած մենք էլ շատ էինք օգնում նրան: Պայոկն ստանում էինք, կինը մի բան էր եփում, ամբողջ տնով միասին ուտում էինք:

Մեր ձորերի շատ մարդկանց ճանաչում էր: Առաջին օրից արդեն նա տեղեկացավ, թե մեր բջիջում ո՞վ կա, ովքեր են մնացել, գյուղում, ո՞վ է դաշնակցականների հետ: Ես մինչև այժմ էլ հիշում եմ նրա խոսքը. երբ մեկ-մեկ թվեցի մեր տղաների անունները, Բեգարանց Սիմոնի անունը տալիս Թեմուրը թե՝ նա կեղծ բայլշևիկ է, չհավատաս: Զարմանալին էն է, որ էդ մարդու ասածը ճիշտ դուրս եկավ, թեև նա Սիմոնին կուսակցության մեջ եղած ժամանակ չէր տեսել: Էդ էն Սիմոնն է, որ 25 թ. պարզվեց, թե նա դաշնակների ագենտն է:

Հա, գանք մեր պատմության: Էդ օրը ես տեղեկացել էի, որ շտաբից հրաման կա հարձակվելու: Ուրախ-ուրախ եկա տուն, տեսնեմ Դավիթն ու Թեմուրը բոստանում աշխատում են: Էս Դավիթն էլ ինչպես էր ոգևորվաձ Թեմուրի բոստանով, կարծես իր ցանածը ինքը պիտի ուտեր:

Խաբարը երբ նրանց հայտնեցի, Դավիթն ուրախացած լոք-լոք արեց, գիժի նման բահը մի կողմը քցեց, Թեմուրին խտտեց ու վեր-վեր հանեց: Թեմուրը թե՝ ես էլ եմ ձեր հետ գալու: Մենք նրան կանուխ էինք խոսք տվել, մի քանի անգամ էլ մեզ հետ գնացել էր բջիջի ժոզովների: Ինչքա՛ն ուրախացավ, երբ խոսք տվինք նրան կուսակցության մեջ անցկացնելու:

— Ես ձեզ հասցնեմ ձեր գյուղը, ինձ էնտեղ ընդունեք, որ իմ ճանանչ մարդիկ լսեն նոքար Թեմուրի բայլշևիկ դառնալը:

Եվ ոգևորված շարունակում էր.

— Բիլեթը դնեմ ծոցս, գնամ էն Սիմոն բիձի կտրին կանգնեմ, մի բերան ասեմ նաինսաֆ հարամզադա, հախվերան էիր հա՞, մի տես ո՞վ է դեմդ...Էդքանն ասեի, աշխարհքի հարստության վրա չէի թքիլ...

Սիմոն բեյը վերին գյուղի քյոխվան էր, հարուստ և ազդեցիկ մարդ: Վերջին տարին Թեմուրը նրա ոչխարն էր պահել, և բեյը վարձը լրիվ չտալով նրան ձմեռվա ցրտին դուրս էր շպրտել:

— Էնքան ժամանակ, ինչքան քեզ պատմում եմ, — հանկարծ երեսն իմ կողմը դարձրեց ընկերս, — այ էսքան ժամանակ չի քաշել խաբարը բերելուց, երբ մեզ կանչեցին մոտակա գյուղը, որտեղ գտնվում էր շտաբը, մեր պատասխանատու ընկերները, մի խոսքով մեր կենտրոնը:

Բոլորս գնացինք: Թեմուրն էլ եկավ: Ճանապարհին հանաքներ էինք անում, Թեմուրին նշանակում ռևտրիբունալի նախագահ, Դավիթն էլ կանվոյով բերում է Սիմոն բեյին, տավարածի տղան «կամանդիր» էր, ինչպես ինքն էր ասում այդ օրերին, երբ մենք ժամանակ անցկացնելու համար խոսում էինք վերադարձից հետո մեր անելիքների մասին:

Ժողով եղավ: Ընկեր Արամը խոսեց միջազգային դրության մասին, մեզ ոգևորեց: Խոսեց մի ռուս աղջիկ, նա էլ ղազախի շորեր էր հագնում: Ես էլ ռուսերենից բոբիկ եմ, բայց էն ժամանակ բոլորովին խեղճ էի: Լավ չէինք հասկանում, բայց մեր սրտիցն էր խոսում, համ էլ աչք-ունքից երևում էր, որ կրակոտ հեղափոխական է:

Մեր մի մասին կանչեցին առանձին, շտաբից մեկը եկավ, թե հարկավոր է, որ մի քանի հոգի էդ գիշեր կամ էգուց անց կենան մեր ու դաշնակների գծով, մտնեն նրանց թիկունքը: Գնացողներին հանձնարարվում էր նախ՝ եթե կարողանային հետ գալ, տեղեկություններ բերել թշնամու ուժի մասին և ապա մեր պադպոլնի ընկերներին տեղեկացնել, որ շուտով հարձակման ենք անցնելու, պատրաստվեն գոնե իրենց փրկելու նահանջող դաշնակների գազանություններից:

Պահանջվում էր երեք հոգի: Երեքն էլ տարբեր ուղղությամբ պիտի գնային, զանազան շրջաններ: Նրանցից մեկը պիտի գնար ձորերը և պիտի աշխատեր մեր գյուղի ընկերներից մեկնումեկին հանձնելու գաղտնի նամակը: Այդքանն անելուց նա, եթե հաջողացներ, պիտի վերադառնար, եթե ոչ՝ պիտի միանար մերոնց և կամ աշխատեր գլուխը մի կերպ պրծացներ:

Գնացողը գնում էր դեպի մահ: Եթե նրան հաջողվեր թշնամու ֆրոնտից անցնելը, ապա նա իրեն վտանգից դեռ ազատված չէր կարող համարել:

Հայտարարությունից հետո մի քանի րոպե տիրեց խոր լռություն: Ապա զանազան տեղերից վեր կացան, մոտեցան սեղանին: Ես տեսա Դավիթի ոգևորված աչքերը ու ձեռքը վեր բարձրացրած. սրան-նրան բոթելով, բարձր բղավելով՝ «մեկը ես, ես» առաջ անցավ: Ես էլ մոտեցա սեղանին, տեսնեմ Թեմուրը բոլորից առաջ է կանգնել, գլուխը բաց, վիզը ձգել և աշխատում է նախագահի աչքն ընկնել:

— Թեմուր...

— Ես եմ գնալու, ես... — ասաց և բռունցքը զարկեց կրծքին:

— Չէ, դու մնա, տունդ...

— Թեմուր բայլշևիկ չի՞, Թեմուր փափախ չի ծածկո՞ւմ...

Ցանկություն էին հայտնել ութ հոգի: Այդ ութին էլ հավաքեցին առանձին, որպեսզի մեզանից երեքը ջոկեն և գնացողներին բացատրեն անելիքը:

Ինչե՛ր արեց, ինչե՛ր արեց Թեմուրը...Նա մի գլուխ կրկնում էր ասածը.

— Թեմուր բայլշևիկ չի՞...Հայ-թուրք մեկ չի՞ ...

Էն ընկերը, որին շտաբից հանձնարարել էին էդ գործը, փորձեց Թեմուրին հետ ուղարկել: Կհավատա՞ս, եթե ասեմ, որ ոտքերին փաթաթվեց և աղաչեց, աղաչեց, որ իրեն ուղարկեն:

— Թեմուրն ի՞նչ ունի...Մի բոստան, ցանել պրծել եմ: Մի օղլուշաղ, մի տղա...Թեմուր լավ ինկեր ունի: Թեմուր ղոչաղ սիրտ ունի: Էնպես հայերեն խոսի Թեմուր, որ հայի տերտեր չի խոսի...Մի շաբաթ տանեմ իմ քիրվա Գալուստին տամ թուղթ, էլի էստեղ եմ:

Գալուստը մեր գյուղի պադպոլնի բջիջի ղեկավարն էր: Թեմուրը նրան առանձնապես ճանաչում էր իր նոքար ժամանակից: Մինչև էդ շատ անգամ ենք նրա բերանից լսել, որ Գալուստի հերը՝ ջաղացպան Անդրին Թեմուրի համար հալալ հորից ավելի հարազատ է եղել:

Եվ ի՞նչ կասես...Երեքից մեկը Թեմուլրն եղավ, մյուսը Դավիթը, երրորդն էլ ոտը կաղ մի ընկեր: Նա էս վերջի տարիներս մահացավ:

Վերադարձին ես ու Դավիթն ինչքան փորձեցինք նրան հետ պահել, չեղավ: Պատմում էինք, թե ի՞նչ դրության մեջ են գյուղերը, դաշնակներն ամեն տեղ լրտեսներ ունեն, կիմանան, որ թուրք է, ավելի կկասկածեն: Վերջապես կինն ու տղան կմնային անօգնական, եթե մի փորձանք պատահեր: Սակայն ոչինչ չազդեց նրա վրա, ո՛չ խնդիր, ո՛չ բացատրություն:

— Ես իմ քիրվաների մոտ ղոնաղ եմ գնում...Դժվարը ֆրոնտ անցնի Թեմուր...ոչխարի հետ շատ եմ ման եկել ձորեր: Շներն էլ գիտեն, ճանաչում են Թեմուրին:

— Անց կացած պատմություն է, — տեղը շտկվելով ասաց ընկերս, — կարող եմ քեզ ասել: Իմ մտքինս ուրիշ էր: Ես ուրիշ բանից վախ ունեի: Մտածում էի, որ գաղտնի գրությունը նա չի կարող հասցնի, կկորցնի և կամ թե մերոնք կկասկածեն և չեն մոտենա նրան, — մի խոսքով ինքն անփորձանք կմնա, որովհետև եթե ֆրոնտն անցներ, մեր ձորի գյուղերում նրան ձեռ տվող չէր լինի, թե դրսից եկած մավզերիստ -բանի ձեռք չընկներ, — ինքն անփորձ կմնար, բայց մերոնք ժամանակին տեղյակ չէին լինի և ո՞վ գիտե...

Սրա համար էր կասկածս: Մերոնցից թաքուն մյուս օրը եկա Արամին պատմեցի, նա էլ թե՝ ով որ էլ գնա, ենթակա է նույնպիսի վտանգի ու փորձանքի:

Թեմուրը գնալու էր ձորերը, Դավիթը՝ Ղափանի կողմերը: Նրանք հենց մեր առաջին դիրքերում արդեն պիտի բաժանվեին, մեկը դեպի հարավ, մյուսը հյուսիս-արևմուտք:

Թեմուրը ճանապարհին մեզ խնդրել էր, որ տանը ոչ ոքի չասենք իրենց հեռանալը: Նա և՛ չէր ուզում, որ կինն արտասվի, և՛ ուզում էր գաղտնապահ լինի հենց առաջին օրը, ինչպես պատվիրել էին շտաբում:

Մի օր հետո հեռացան Սարվանլարից: Թեմուրը տնեցոց ասել էր, որ գնում է Բարկուշատի կողմն աշխատանքի: Շտաբում խնդրել էինք, և չէին մերժել մի քիչ կրուպա, շաքար, ձեթ, մի հին շինել և ուրիշ մանր իրեր տալու Թեմուրին, որով ընտանիքը պիտի կառավարվի մինչև նրա վերադարձը:

Ես ոչ Դավիթի գնալը տեսա, ոչ մյուս ընկերոջ: Չգիտեմ էլ, թե նրանք ի՞նչ շորով, ի՞նչ պատրվակով անցան սահմանը: Մեզանից էլ գաղտնի պահեցին նրանց գնալը:

Թեմուրը գնալուց առաջ տեսնվեց ինձ հետ: Մի փոքրիկ խուրջին էին տվել ուսը, մեջը մի քանի կտոր սապոն, ասեղ, թել, կոճակ և չարչու մանրուք: Նա ձորի գյուղերում հարկ եղած դեպքում երևալու էր իբրև չարչի:

Ճիշտն ասած, իր փոխած հագուստով, ուրիշ փափախով, որ ներս մտավ, մի րոպե ես էլ նրան չճանաչեցի: Մի բան, որ շատ ուրախացրեց Թեմուրին: Ես ուզեցի իմանամ, թե որտեղ է պահել գաղտնի նամակը, որ պիտի հանձներ Գալուստին, բայց Թեմուրը ժպտալով գլուխը թափահարեց:

— Կբախշես ինձ, որ էդ չասեմ...ինձ էդպես է հրամայել ինկեր կամանդիրը...

Ես էլ՜ չփորձեցի տեղեկանամ, միայն մի քանի անհրաժեշտ խորհուրդներ տվի, թե ո՜ր ճանապարհով կարող է մոտենալ մեր գյուղին, ումնի՛ց շատ կասկածի, որի՜ տանը կարող է գիշերել: Հրաժեշտ տալով խնդրեցի, որ եթե մորս տեսնի, մի կերպ հասկացնի, որ ողջ եմ:

Դռան մոտ փաթաթվեց վզովս: Ա՛յ էսպես անձրև էր եկել, ինչպես էսօր...Աստղալուս էր: Էնտեղ գարունը շուտ է բացվում, տաք երկիր է, ինչպես որ մայիսը մտնելուց արդեն գարիները դեղնում են:

— Արխային կաց...Տասը օր չի քաշի, Թեմուր էստեղ թազա խաբարի հետ...

— Ուրեմն, տասը օր էստեղ ենք...

— Վա՛յ, — ասաց ու բերանը փակեց: Երևի այդ մասին նրան շտաբում ասել էին:

— Ուրիշներին չեմ ասի, — սիրտ տվի նրան, — սալամաթ գաս...

Էսպես անձրև էր դալիս էն գիշերը, երբ Թեմուրը գնաց խուրջինը ուսին, մի երկա՛ր, չոբանի մահակ ձեռքին:

Տասն օրից ավելի տևեց, մինչև սկսվեց հարձակումը: Մեր զորամասը սպասում էր 84-րդ բրիգադայի առաջ շարժվելուն: Նրանք մեզնից հյուսիս էին և ամբողջ ճակատով պիտի խփեին թշնամու գլխավոր ուժին, որպեսզի մենք նահանջի ճանապարհը կտրենք:

Գնացողներից ոչ մի լուր: Առանց էդ էլ վերջին ամիսն, ինչպես ասում են՝ թռչունն իր թևով էլ չէր կարող անցնի նրանց ու մեր գծերի վյրայով: Մեր ռազվեդչիկները տեղեկություն էին բերում, որ նոր ուժեր են հավաքվում, ձիավոր խմբեր են երևացել: Մի քանի տեղ խոր խրամատներ են սարքում: Մի խոսքով վերջին կռվին էինք պատրաստվում մենք էլ, նրանք էլ:

Մի երեկո հանկարծ հրաման ստացանք, որ մութը, չընկած դուրս ենք գալու ուղիղ դեպի ճակատ: Ճաշի մոտերքը Թեմուրի կինը տղայի ձեռքից բռնած եկել էր ինձ մոտ: Չգիտեմ նրան ասող էր եղել, թե ինքն էր կասկածում, — բայց չէր հավատում, որ Թեմուրը գնացել է Բարկուշատ վաստակի: Չէր հավատում, բայց չգիտեր էլ, թե ո՞ւր է գնացել: Նա ինձ մոտ մի անգամ էլ էր եկել, ես նրան հանգստացրել էի, տղային կարտուզ էի տվել, մի մահրամա, մի քիչ շաքար, ալյուր: Թեմուրը գնալուց ինձ հանձնել էր մի կտոր սապոն այն մանրուքից, որ զորամասի պահեստից էին տվել նրան: Հանձնել էր սապոնը, որ իրենց տուն ուղարկեի:

— Սիմոն բեյից որ հախս առնեմ, գինը կտամ, — ծիծաղելով ասաց նա:

Այդ օրն էլ միամտացրի կնոջը, խոսք տվի անմիջապես Թեմուրից խաբար եթե առնեմ, իմաց տամ: Եվ ես իմ խոստումս կատարեցի:

Մութը չընկած մեր զորամասը ճանապարհվեց: Ձիավորները առաջ էին գնացել: Կես գիշերին մեր թնդանոթները որոտացին մի անգամ: Որոտացին թշնամուն սարսափեցնելու համար, և ինչպես արձագանքը ձորից ձոր դրնգաց, էնպես էլ սարսափը գնաց հասավ մինչև նրանց վերջին զինվորը:

Լուսը մութից չէր բաժանվել, երբ մենք առաջին գրոհին գնացինք: Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը: Մթնով էինք գետն անցել, թրջվել էինք, անձրև էր գալիս, ինչպես նահանջի գիշերը, Բայց էս արդեն գարնան տաք անձրև էր: Մեր ոտները խոտերի շաղից թացացել էր, մասրենու թփերը մեզ վրա ցող էին կաթեցնում, իսկ մենք կուզեկուզ, էս թփի տակ կուչ գալով, էն քարի տակ պառկելով հա բարձրանում էինք բլուրները, իջնում, նորից բարձրանում ավելի մեծ բլուր, մինչև լուսաբացին հասանք համարյա թշնամու առաջին դիրքերին: Էդտեղ էր, որ թնդանոթները կրակ թափեցին, և մենք առաջին գրոհին դիմեցինք:

Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը...Ու մեկ էլ էստեղ հիշողությունս կտրվում է, ինչպես թրով ճեղքած, էդպես էլ եղել էր իսկականում: Ես աչքս բաց եմ անում, նայում եմ, նայում եմ, էս մեր հին տան օճորքն է, մեր երդիկը, երկնքի կապույտ կտորը և արևի սյունը էդ կապույտ կտորից մինչև մեր թոնրի քարը: Ես աչքերս ավելի եմ մեծացնում և տեսնում եմ երդիկի պենձիկը, կոտրած կարասի կարմիր պռունգը, որ պղնձի նման արևի տակ շողշողում է:

Ուժ եմ անում և հիշում եմ ձիու կարմիր մռութը համարյա կրծքիս և սուր ցավ գլխիս: Էլ ուրիշ ոչինչ: Ես մինչև հիմա էլ հիշում եմ այդ ձիու մռութը: Երեի ձին էլ չկա, բայց եթե լիներ, հազար ձիու մեջ ես կջոկեի էն ձիուն, որ քշում էր ինձ վրա:

Էն նույն առավոտ առաջին գրոհին վիրավորվել էի գլխից: Թրի հարված էի ստացել, ոտնակոխ էի եղել: Մենք վաղուց էինք հաղթել, երբ ես ուշքի եկա, և աչքիս ընկավ մեր հին տան կարմիր պենձիկը:

Ինձ ուշաթափ վիճակում բերել էին մեր գյուղը, մեր տունը: Դուռը ճռռում է ... Մայրս կռանում է ճակատիս վրա, ես ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում: Հետո մի ուրիշն է գալիս, մի տղամարդ շինելն ուսին: Նա ինձ է նայում: Ես լսում եմ նրա հարցը.

— Ո՞նց է, նանի...

Իմ նանը նայում է ինձ: Թևս ծանր է, բայց ես մի քիչ բարձրացնում եմ, և Գալուստը, մեր պադպոլնի բջջի ղեկավարը, սեղմում է իմ ձեռքը:

Իսկ Դավիթը, հետո նա...Թեմուրը, Սարվանլարի փոքրիկ տնակը, տղան՝ զինվորական կարտուզը գլխին:

— Թեմուրը, — շշնջում եմ ես, ձեռքով հարցնում, թե ի՞նչ եղավ:

— Ի՞նչ ասաց, — իրար են հարցնում Գալուստն ու նանը:

Եվ էլ չեմ կարողանում իմ հարցը կրկնել:

Ընկերս լռում է: Նա ձեռքը մոտեցնում է ծխատուփին, տրորում է պապիրոսը, տրորում է մատների ծայրով:

— Իսկ Թեմո՞ւրը, — անհամբեր հարցնում եմ ես:

— Թեմուրը...Ես քեզ Անդրի ամու պատմածն ասեմ, լսիր...Երկու օրից հետո ես արդեն կարողանում էի ավելի հանգիստ խոսել, այսինքն՝ առանց հոգնելու մի քանի խոսք իրար կապել: Անդրի ամին ներս մտավ, էլի առաջվա նման ալրաթաթախ, պատառոտած քուրքն ուսին:

Ջաղացպանը ծոր տալով, թե լուսադեմին մի պարկ գարի էի վրա քցել, շեմքին նստած չախմախը քարին էի տալիս, մեկ էլ տեյնեմ մասրոցի տակից մեկը կուզեկուզ իրեն քցեց ջաղացը: Թութունի քիսան ձեռքիցս ընկավ...Թե՝ Անդրի ամի, վախենաս ոչ, Թեմուրն եմ..Ա Թեմուր, դու ըստե՛ղ...Թե` էլ վախտ չի, ինձ մատնող է եղել...Էս տրեխի տակի կարկատանը պոկի միջինը շուտ հասցրու Գալուստին: Ասելն ու տրեխի հանելը մին եղավ...

Տրեխը քցեց թե չէ, տեսնեմ կամուրջի գլխից մեկը կանչեց՝ կանգնի, շան որդի ...Սիմոն բեյի փոքր ախպերը մավզերը ձեռքին վրա քշեց դեպի ջաղացի դուռը: Այ քե մատաղ, անմեղ է. խեղճ է...Թե՝ ասա, ինչ էր անում ըստեղ...Ես էլ վախլությունից ասի բերել էր տրեխը կարկատեմ, այ հրես, թե հավատում չես՝ օբիսկություն արա...Էս, ես, էս էլ նրա տրեխը, էս էլ ինքը:

Տրեխը մեկնեցի իրեն, յումրուղով տվեց քցեց ջաղացի պուճախը: Էն խեղճին թե՝ առաջ ընկի: Էն էլ սփրթնել էր, ալրից սիպտակել: Բեղի տակին ծիծաղեց, թե՝ էնքան տարի դու առուտուր ևս արել, հիմա էլ ես եմ չարչի: Աչքերը ոլորեց իմ կողմը, ունքերին ձիգ տվեց, ես նոր գլխի ընկա տրեխի հանգամանքը:

Թեմուրին տարան: Կամուրջը անց չէին կացրել, տեսնեմ մեր պառավը քաշանում է դեպի աղբյուրը: Տրեխի թայը առա վազ տվի: Հիմա մնացել եմ երկու կրակի մեջ: Չեմ իմանում տրեխը Գալուստին հասցնեմ, թե էն բեչարի հետեվից գնամ:

Պառավը տեսավ: Էն խեղճն էլ մնում է կամուրջի գլխին կանգնած: Թեմուրը բարով է տալիս, թե նանի, բա չե՞ս ճանաչում, խեղճը վախլությունից, թե ամաչելուց ձայն չի հանում: Տրեխը տվի պառավին, թե հասցրու մարագը, Գալուստը օխտն օր էր դարմանի մեջ էր քնում, ասա կարկատանը քանդի, տակը ամանաթ կա: Ես վազ տվի գյուղամեջ, դես ընկա, դեն ընկա, մի քանի ինձ նման հալ ու ոտից ընկածը հավաքվեցին, գնացինք նրանց մեծավորի մոտ, թե էսպես, էսպես, դա մեր տանը մեծացած, մեր աղ ու հացը կերած տղա է, խեղճ, անշառ, վերջապես գլուխներովս պատասխանատու ենք, թե դրանում մի մեղք կա,,— չէ՜ հո չէ: Չլսեց. թե սրան ես կուղարկեմ ամենամեծի մոտ, թող դազ նանի անի:

Տարան: Էն խեղճն էլ թե՝ Անդրի ամի դարդ մի անի, թող տանեն: Ջուր ուզեց մի գավաթ, պառավն էլ հացը մացը շինեց ճանապարհի համար: Երկու ձիավորն առաջն արած տարան...

Էն էր, որ տարան: Ձիավորները տեղացի չէին, որպեսզի նրանցից իմանային եղելությունը: Նրանք նույն երեկոյան վերադարձել էին և Անդրի ամուն պատասխանել, որ բանտարկյալին հանձնել են քաղաքի կամենդանտին:

Տասն օրից հետո մերոնք մտել էին գյուղը: Պադպոլնի բջիջն ահագին գործ էր կատարել դաշնակներին թիկունքից խփելու: Գյուղը գրավելուց հետո Գալուստը հարցուփորձ էր արել Թեմուրի մասին, եղել էր քաղաքում, — չկար ու չկար: Լուր էր տարածվել, թե ձիավորները նրա խուրջինն ու մանրուքը վերցրել են, նրան բաց թողել:

Մի խոսք՝ ես արդեն ոտքի վրա էի, ֆրոնտս արդեն վերջացել էր, երբ Գալուստը բերեց Թեմուրի պատառոտված տրեխը, գաղտնի նամակը, որ խնամքով կարված էր եղել կարկատանի տակ:

Նամակն էինք կարդում, երբ մեր գյուղացի որսորդ Սամսոնը մոտեցավ մեզ: Նրա գոտուց երկու աղավնի էր կախված, մի կաքավ:

— Վեր ես կացե՞լ...Նանի, աչքդ լույս, — կանչեց մորս: — Էս կաքավը խորովի, թող ջանը պնդանա:

Ասաց և կաքավը քցեց մորս գոգնոցը:

— Դանել, մի բան եմ տեսել էսօր ախր...

— Ի՞նչ:

— Մեր էն թղկի ծմակում մի մեյիդ կա, ամա ցրիվ տված է, համ էլ կանուխվա բան է... — և չսպասելով մեր հարցին, տրեխը խլեց Գալուստի ձեռքից:

— Վա՛յ...էս նրանն է, Գալուստ...Սենց մինն էլ հրեն հագին, մի ոտն էլ բոբիկ...Կարմիր էլ կապեր են, իսկը սրա նման...Ջանավարը ցրիվ է տվել, բայց տրեխը դեռ ոտին է...

Գալուստը նայեց աչքերիս:

Ընկերս լռեց: Ապա նայեց ինձ այնպես, ինչպես տարիներ առաջ Գալուստն է նայել նրա աչքերին:

Քիչ հետո պատշգամբից ես տեսա նրա բարձր, մի քիչ կորացած սիլուետը: Նա գնում էր ծանրախոհ մարդու հաստատ քայլերով, և նրա քայլերի ձայնը արձագանքում էր լուռ փողոցում: Իսկ էլեկտրական լամպերը ասես իրենց ցոլքով հիացած, ճոճվում էին առվակների զվարթ ջրերում: