Տպարանի «պապաշան»
ՏՊԱՐԱՆԻ «ՊԱՊԱՇԱՆ»
1
Ամենքն էլ ճանաչում էին գրաշար Դանելին կամ, ինչպես ասում էին՝ «տպարանի պապաշային»: Քսան տարուց ավելի բանվորություն էր արել, միշտ տառերի արկղի վրա կռացած, երկաթե վերստակը ձեռքին:
Շարել էր գրքեր, անհամար կոչեր, լրագիր ու ամսաթերթեր: Տարիների աշխատանքից մի քիչ կռացել էր, գլուխը կրծքին խոնարհել: Տառերի արճիճը, տպարանի մուրը ծծվել էին մաշկի տակ, և նրա երեսը, ձեռքերը արճիճի գույն էին ստացել:
— Մինչև մահս էսպես մրոտ եմ մնալու...որ մեռա, կսիպտակեմ, — կատակով ասում էր նա տպարանի նոր բանվորներին, ցույց տալով ոսկրոտ մատները:
Պապաշան քիչ էր խոսում: Նրանից կարգապահը և աշխատասերը տպարանում չկար: Նույնիսկ տան կենվորները գիտեին նրա կարգապահ լինելը. հենց որ Դանելը տնից դուրս էր գալիս տպարան գնալու, բակի երեխաներն էլ գիտեին, որ ժամի 8-ից պակաս է 15 րոպե:
Ծեր գրաշարը երբեմն ուրախ տրամադրությամբ էր ներս մտնում տպարանի ընդարձակ դահլիճը, ուր շարվեշար տեղավորված էին տառերի արկղները:
— Էսօր պապաշան զվարթ է, -ասում էին գրաշարներն իրար:
Նրա զվարթ լինելը հայտնի էր և նրանից, որ այդ ժամերին ծեր գրաշարը և՛ շարում էր, և՛ ինքն իրեն դնդնում միալար, շատերին անծանոթ մի երգ:
Իսկ եթե պապաշան զվարթ էր, ապա ուրեմն ընդմիջումի ժամանակ, երբ գրաշարները հավաքվում են նախաճաշի, նա պատմելու էր հետաքրքիր մի արկած հին «խազեինի» կյանքից, իր երիտասարդության օրերի «խաղերից և օյիններից»:
Բայց ամենից հետաքրքիրը և ծիծաղելին նրա շարած գրքերի վերնագրերի անգիր ասելն էր: Ինչքան գիրք էր շարել, ինչքան բրոշյուր, — բոլորի վերնագրերն էլ հիշում էր և կապում իրար այնպես, որ ստացվում էր խառնաշփոթ, բայց և ծիծաղելի նախադասություն:
Այսպես էր տպարանի պապաշան, ընկերասեր, երբեմն լռակյաց, երբեմն զվարթ, բայց առավոտ ութից մինչև ճաշ տառերի արկղի վրա կռացած:
2
Երեկոյան տպարանի կարմիր անկյունը լեփ լեցուն էր:
Ժողովը դեռ չէր սկսվել: Գրաշարները, տպագրիչները, նրանց կանայք խումբ-խումբ խռնվել էին միջանցքում, և դահլիճում, պատերի տակ: Մի մեծ խումբ էլ, երկար սեղանի շուրջը հավաքված, տաք-տաք վիճում էր:
Նրանց վեճի առարկան տպարանի նոր շենքի առաջ եղած ավազի և խիճի կույտերն էին, որ մնացել էին շենքերը շինելուց հետո: Մի թեթև քամի լինելուց փոշին բաց պատուհանով ներս էր լցվում: Գանգատվում էին մանավանդ առաջին հարկում տեղավորված տպագրիչները:
— Թող փոքրիկ պարտեզ տնկեն, օդը մաքուր կլինի, փոշուց էլ կազատվենք, — կանչում էր տպագրիչներից մեկը, որի կարճահասակ լինելը խանգարում էր նրան սեղանի մոտ նստած ընկերոջը տեսնելու:
— Պետք է մանկապարտեզ էլ բաց անել, — վրա բերեց մի կին, — երեխաները փողոցում են ամբողջ օրը:
Արդեն բավական բազմություն էր հավաքվել: Տեղկոմի նախագահը հայտարարեց, որ «հարյուր տոկոսով» ներկա են, եթե չհաշվենք հանգստյան տուն գնացածներին և հիվանդներին:
— Ուրեմն ժողովը բաց արա, — ձայն տվին մի քանի հոգի:
Տեղկոմի նախագահը զանգ տվեց:
— Շուտ արեք, ընկերներ, նստեք...Մի քիչ նեղվածք է, ոչինչ, Սեդրակ...տեղ տուր՝ պապաշան նստի...
— Արի՛, պապաշա:
— Մեզ մոտ արի... — կանչեցին այս ու այն կողմից: Դանելը ժպիտն երեսին կուչ եկավ նստարանի ծայրին: Նա այդ երեկո էլ զվարթ տրամադրություն ուներ:
— Ընկերներ, ընդհանուր ժողովը հայտարարում ենք բացված...խոսքը ընկեր Խաչիկյանինն է, որն որ ձեզ մանրամասն կհասկացնի բանի հանգամանքը: Ուրեմն լսողություն:
Ընկեր Խաչիկյանը հանձնաժողովի կողմից ուղարկված էր քաղխորհրդի համար տպարանի կոլեկտիվից պատգամավոր ընտրելու:
Նա պարզ և հասկանալի սկսեց պատմել, թե ինչո՞ւ համար է քաղխորհուրդը, ո՞վքեր են մասնակցում նրա ընտրության:
Ընկերոջ զեկուցումից պարզվեց, որ քաղխորհրդի անդամը պիտի աշխատի խորհրդի սեկցիաներից մեկն ու մեկում: Նա պարտավոր է հաշիվ տալու իր ընտրողներին, լսելու նրանց պահանջները:
— Չէ՛, մանկապարտեզն ստացանք, — ընդհատեց մեկը:
— Քաղխորհուրդն ունի առողջապահական, կրթական, կոմունալ, ֆինանսական և նման սեկցիաներ: Պետք է ընտրել աշխատասեր, գիտակից և բանվորների շահը պաշտպանող ընկերոջ:
Մի ժամից զեկուցումը վերջացավ: Մոտ կես ժամ էլ տևեց հարցերը: Նախագահը վերջում հայտարարեց.
— Այժմս, ընկերներ, տվեք համապատասխան թեկնածու...Ըստ օրենքի մենք պետք է տանք երկու պատգամավոր...Առարկություն չկա՞, որ մեկը կին լինի...
— Չէ՜, չէ՜...Չկա:
— Ուրեմն տվեք անունները...
— Պապաշայից լավը չկա… — կանչեց մի տպագրիչ:
— Պապաշան, պապաշան... — ձայնակցեցին մյուսները:
Բարձրացավ աղմուկ: Ծափահարեցին: Մի քանի հոգի ծեր գրաշարի թևերից բռնած մոտեցրին սեղանին:
Պապաշան մի բերան կանչում էր.
— Ուրիշին, ուրիշին...Ես հե՛չ...
— Ուրիշին չենք ուզում, — բղավեցին երիտասարդ գրաշարները:
Դանելը ինչքան հակառակեց՝ չեղավ ու չեղավ:
— Ընկերներ, ես լավ խոսալ չգիտեմ...
— Մեզ գործ անող է պետք... — կանչեցին տպագրիչները:
Եվ միաձայն պապաշան ու կազմատան հավաքարար Մարիամն ընտրվեցին քաղխորհրդի պատգամավոր...
3
Տպարանի շրջապատը երկու տարում անճանաչելի դարձավ:
Ընտրությունից մի ամիս չանցած, քաղաքի գումակը մաքրեց ավազի ու խիճի կույտը: Երիտասարդները մի տոն օր բարակ լորենիներ տնկեցին շենքի չորս բոլորը: Քաղխորհրդի ծաղկանոցից տունկեր բերին և զարդարեցին փոքրիկ պարտեզը:
Պապաշան օրն ի բուն աշխատում էր: Նրա պահանջով էլեկտրական լույսերը հասցրին խուլ փողոցներից մեկի ծայրը: Նոր շենքի առաջ քաղխորհուրդը ջրի ծորակ սարքեց:
Այժմ գարունը բացվելուց տերևակալում են լորենիները, ծաղկանոցի ծաղիկները բույր են տալիս բաց պատուհանների ետևն աշխատող հարյուրավոր մարդկանց, որոնք շարում են գրքեր, թերթեր, շարում են, տպում, կազմում:
Գարնան հետ գալիս են սարյակները, ճռվողյունով ներս մտնում, պտույտներ անում կտուրի տակ: Ծառերի տակ ուրախ վազվզում են տպարանի մանկապարտեզի երեխաները:
Փայտե նստարաններ կան ծառերի տակ: Նրանց վրա ընդմիջումի ժամերին հանգստանում են գրաշարները: Նրանց հետ հանգստանում է և ծերունի Դանելը, որ արդեն կենսաթոշակ է ստանում երկարամյա աշխատանքի համար, էլ չի շարում գիրք ու լրագրեր, սակայն ամեն օր գալիս է տպարանի պարտեզը:
Գալիս է, նստում փայտե նստարանին, լսում սարյակների ճռվողյունը, մանուկների ուրախ կանչերը և զվարթ երգում է՝ մեղմ, դողդոջ ձայնով...
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԱԿՈՒՄԲԻ ՍՐԱՀԸ
Շչակը սուլեց հանգստի ժամը:
Գործարանի բաժանմունքներից, ցեխերից և արհեստանոցներից բանվորների խմբերը դիմեցին դեպի ակումբի սրահը, որի բաց պատուհաններից մեղմ զովը ներս էր մտնում և ճոճում սրահի լայնքով կախած կարմիր պլակատները:
Մինչև կես գիշեր կոմերիտականների մի խումբ աշխատել էր ներսը: Նրանք պատերից կախել էին հարվածային բրիգադիրների նկարները, պատրաստել էին բազմաթիվ լոզունգներ արդֆինպլանի կատարման, գործալքումների, սոցիալիստական մրցության և հարվածայինների մասին:
Զարդարել էին բեմը, որի ճակատին խոշոր տառերով գրել էին՝ «Փառքի և արիության հերոսները»: Ապա թվել էին այն բրիգադները, որոնք կատարել և գերակատարել էին պլանը:
Բեմի դիմացը, մուտքի ամբողջ պատը սև շրջանակի մեջ էր առնված: Այստեղ կախված էին նրանց նկարները, որոնք ավելի շատ բրակ էին տալիս, որոնք կեղծ հարվածային էին: Չէին խնայել հարբեցողներին, գործը լքողներին, ծույլերին:
Դռան վերևը «կոմերիտական» Բալոյի նկարն էր: Նա մեքենան թողել է անտեր և վազում է ծտի հետևից, որ ներս է մտել բաց պատուհանից: Նրա կողքին վարպետ Անդրեյի նկարն է. Անդրեյը լողում է օղու վիթխարի շշի մեջ:
— Համա՛ կկատաղի հա՛ վարպետը, — ասաց կոմերիտներից մեկը, որ նստել էր պատուհանին և անքնությունից հոգնած աչքերով նայում էր դուրս, ակումբին մոտեցող խմբերին:
— Տեղն է. թող չխմի, — պատասխանեց մյուսը:
— Ա՛յ Անդրեյը, — մատը մեկնեց պատուհանին նստած երիտասարդը: Նրանք մոտեցան պատուհանին: Բայց այդ րոպեին դուռը բացվեց և մանարանի ցեխից մի խումբ երիտասարդ բանվորներ ներս մտան:
Հինգ րոպեից հետո դահլիճում նստելու տեղ չկար: Ուշացողները կանգնում էին դռների մոտ, պատուհանների տակ: Բաց դռնից երևում էին բազմաթիվ գլուխներ: Այդ՝ դուրսը տախտակների կույտի վրա տեղավորվածներն էին:
Մինչև ժողովի սկսվելը բանվորները դիտում էին պատերից քաշ արած նկարները և պլակատները:
— Այ թե լա՛վ են նախշել հա՛...
— Թամամ Մոսկվա է, — ասաց մի բանվոր, որ նոր էր վերադարձել Մոսկվայից: Նա մասնակցել էր տեքստիլ բանվորների խորհրդակցության:
— Էն մռութը տես, էն մռութը, — ծիծաղելով մատը մեկնեց մի ուրիշ բանվոր: Պատից կախել էին մի դիմանկար. երևում էր, որ մարդը գիշերը թունդ հարբել էր, ընկել ցեխի մեջ: Նկարի վրա մարդու երեսին դեռ մնում էին ցեխի հետքերը: Մազերը գզգզված էին, գդակը ծուռ: Ձախ աչքի տակ նկարել էին ընկույզի չափ ուռուցք:
— Մեր վարպետին են լա՛վ թրջել, — վրա բերեց մի ուրիշը, որ տառերը կապելով վերջացրել էր լոզունգի ընթերցումը:
ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ է ՊԱՏՎԻ ԵՎ
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ
Նախագահի զանգը ընդհատեց սկսված խոսակցությունը վարպետ Անդրեյի մասին: Տիրեց խոր լռություն: Դուրսը եղածները ավելի մոտեցան պատուհանին:
Ժողովն սկսվեց:
2. ԶԵԿՈԻՑՈԻՄԸ
Զեկուցում էր մանարանի ցեխի վարիչը:
— Ուրեմն, ընկերներ, այսպիսով հարվածային բրիգադներից դուրս են մնացել միայն 6 հոգի, որ ամբողջ բանվորության չնչին տոկոսն է կազմում, կարող ենք ասել, ընկերներ, որ մեր ցեխը հարյուր տոկոսով հարվածային է...
Բուռն ծափահարություններն ընդհատեցին նրան:
Վերջին շարքերից մի խումբ երիտասարդներ բղավեցին «հուռռա՛...», այդ հուժկու կանչը ալիքի նման հասավ մինչև առաջին շարքերը, մինչև բեմը, որի վրա էլ խիտ նստոտել էին: Առաստաղից կախված կարմիր կտորները, որոնց վրա լոզունգներ էին, մեղմ ծփացին ծափահարությունների որոտից: Կարծես վերևը ճոճվում էին բազմաթիվ կարմիր դրոշներ:
— Բրակի տոկոսը այսպիսով իջել է. ևս բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը: Առաջ ունենում էինք պարապ դազգյահներ, այժմ քսան դազգյահից մեկը պարապ չի մնում: Թույլ տվեք, ընկերներ, բերեմ մի օրինակ մեր գործարանի հարվածայինների աշխատանքից...Խոսքի օրինակ մեր կոմերիտների հարվածային բրիգադները: Ձեզ հայտնի է, որ նրանք կոմուն են կազմել և աշխատում են կոմունայի հիմունքով, փոխադարձաբար միմյանց օգնում են, աշխատավարձը բաժանում են հավասար: Եվ ահա, ընկերներ, նրանք արտադրությունը բարձրացրել են 40 տոկոսով...
— Կեցց՜ն հարվածային կոմերիտները,— բացականչեցին այս ու այն կողմից:
— Բայց, ընկերներ, նրանք սոցմրցման պայմանագիր են կապել Ալավերդու № 1 հանքի կոմերիտների հարվածային արտելի հետ: Նրանք մեզ ուղարկել են իրենց հաջողությունները: Արտելը 3 հերթի է աշխատում, մերոնք էլ հունվար և փետրվար ամիսների պլանը նրանք կատարել են 150 տոկոսով, մերոնք այստեղ մի քիչ նահանջել են...
Առաջին շարքում ժպտացին, Կոմերիտներից մեկը, որ հարվածյին կոմունի անդամ էր, տեղրից բղավեց, թե սխալ են հաշվել իրենց տոկոսը:
— Շուտով, շուտով, — մեղմ առաջարկեց նախագահը, — սպասի էդ հարցն էլ կքննենք...
— Ընկերներ, ես դեռ չվերջացրի...Մարտ ամսում նահանջել է Ալավերդու հարվածային արտելը, իսկ մերոնք նորից են առաջ անցել...
Ծափահարությունների և բացականչությունների հորդ աղմուկը նորից ընդհատեց զեկուցողի խոսքը:
— Նրանք մարտ ամսվա պլանը վերջացրել են ամսի 25-ին, իսկ մերոնք 15-ին...
— Այ թե հա՛, — ուրախ բացականչեց մի ծեր բանվոր: Նրա սիրտը կոտրվել էր, երբ լսել էր զեկուցողի խոսքը մերոնց «նահանջի» մասին.
— Ախր լինելու բան չի, որ Ալավերդին մերոնց առաջը կտրի: Մերոնք ուրիշ են, ուրիշ... — շշնջաց նա հարևանի ականջին:
Ապա նա գլուխը դարձրեց դեպի ետ: Նրա աչքն ընկավ իր որդու կոմերիտ Վաղոյի քրտինքից և աշխատանքից կարմրած դեմքին: Վաղոն էլ էր հարվածային կոմունի մեջ: Որդին չնկատեց հոր հայացքը, նրա լարված ուշադրությունը բեմի կողմն էր:
Ինչպիսի՛ հպարտությամբ և ջերմ գորովով էր նայում ծերունի հայրը կոմերիտ որդուն: Ո՛վ գիտի, ինչ մտքեր զարթնեցին նրա հիշողության խորքում: 3. ԼՍԱՐԱՆԸ
Դահլիճի խորքում պատի տակ կուչ էր եկել վարպետ Անդրեյը: Նա միայն մի անգամ իր գլուխը բարձրացրել և նայել էր ծաղրանկարին:
— Անպիտաններ, ո՜նց էլ սարքել ե՛ն, — մրթմրթաց քթի տակ:
Մինչև նախագահի զանգահարելը՝ կողքին նստողները ուրախ կատակներ էին անում նրա հետ:
— Գիշերը ոնց պիտի մնա բոթլի մեջ...
— Դու ասա էս աժդահա ջամդաքը ոնց են մտցրել բոթուլը:
— Խմողի մաշտաբ ուրիշ է:
Սակայն վարպետը ոչ մի ուշադրություն չէր դարձնում այդ սրախոսություններին: Գլուխը ղժժում էր երեկվա խմած օղուց:
Երբ զեկուցումն սկսվեց, խոսակցությունները դադարեցին, հանգիստ թողին Վարպետ Անդրեյին:
Եվ գլուխը դարձրեց դեպի ծաղրանկարը: Նա աչքի պոչով էր դիտում, որպեսզի կողքին նստողները չնկատեն, թե ինքը հետաքրքրվում է պատից կախած նկարով:
Հենց այդ րոպեին նրա ականջին հասավ մանարանի ցեխի վարիչի խոսքը, թե բոլորը հարվածային են հայտարարել իրանց, բացի վեց հոգուց...Նրանք չնչին տոկոս են կազմում...
Ծափահարություններից խառնվել էին նրա մտքերը:
Երբ զեկուցողը շարունակեց իր խոսքը, վարպետը էլի նույն միտքն էր անում. «Չնչին տոկոս են...Ես քսան տարվա վարպետ չնչին եմ, անպետք թելի կտոր»: Նա մտքում մի քանի անգամ կրկնեց «չնչին» խոսքը. և ամեն անգամ կարծես այդ բառը նոր իմաստ էր ստանում:
— Էդպես են ասում, որ ես էլ հարբում եմ...Թե չէ ի՞նչու պտի խմեմ, — արդարացրեց ինքն իրեն:
Սակայն մի ներքին ձայն հակառակը պնդեց և գնալով, այդ ներքին ձայնը հաղթեց: Նա մտաբերեց իր բոլոր ընկերներին: Ահա նրանց մի մասը բեմ է բարձրանում: Նրանք աշխատանքի հերոսներ են, այսօր պիտի պարգևատրեն նրանց:
Ահա Ջանոն, ալեխառն, ինչպես ինքը: Ամիսներ շարունակ դազգյահի վրա կռացած դիտում էր, ուսումնասիրում, կարծես առաջին անգամն էր տեսնում դազգյահը: Ցեխում լուր էին տարածել, որ Ջանոն նոր մաշին է հնարում. առաջինը դարձյալ ինքը ծիծաղեց:
— Քեզանից ինջիներ չի դուրս գա...Արի, արի գնանք. — և ցուցամատը խփեց կոկորդին, — մենք հե՛չ, մեր բանը պրծել է...
Իսկ Ջանոն լուռ նայեց, ապա գլուխը քարշ արեց:
Այդ հայացքի մեջ և՛ հանդիմանություն կար, և՛ զայրույթ:
Եվ Անդրեյը ոտները քարշ տալով գնաց դեպի օղու խանութը:
Իսկապես Ջանոն հնարեց մի նոր դաղգյահ, ավելի ճիշտ, եղածը փոփոխեց, ավելի լավացրեց: Գյուտարար Ջանոյի և նրա դազգյահի մասին թերթերը գրեցին, ինժեներներ եկան, կազմվեց հանձնաժողով, քննեցին և որոշեցին, որ Ջանոյի գյուտը շատ արժեքավոր է:
Ահա Ջանոն նստել է բեմի վրա, մի անկյունում, գլուխը քարշ, կարծես դարձյալ մտածում է դազգյահի մասին:
— Որտեղից որտե՛ղ... — դառնությամբ մտածեց Անդրեյը, — միասին եկանք գործարան...Այժմ նա աշխատանքի հերոս է, իսկ ես՝ չնչին տոկոս...
4. ՎԱՐՊԵՏ ԱՆԴՐԵՅԸ
Զեկուցումը վերջացել էր:
Նախագահը կարդում էր առաջին հարվածային բրիգադի կատարած աշխատանքը և ֆաբկոմի որոշումը նրանց պարգևատրելու մասին:
— Կեցցեն առաջին հարվածայինները, — աղմուկից և ծափահարություններից թնդաց դահլիճը: Բեմի վրա պատի նման կանգնել են առաջին բրիգադի հարվածայինները, դահլիճը ծափահարում էր, իսկ նրանք գլխարկները թևի տակ, կանգնել էին. ոմանք հուզմունքից կարմրել էին, ոմանք գլուխները մի կողմի վրա դարձրել: Նախկին կարմիր բանակային Սեթը ուղիղ ձգվել էր, ինչպես զորահանդեսի ժամանակ:
Վարպետ Անդրեյի հետ մի զարմանալի բան կատարվեց: Երբ առաջին ծափերը պայթեցին, նա տեղից կիսով չափ բարձրացավ, ինքն էլ սկսեց ծափահարել նախ թույլ, ապա ուժգին: Ծափի աղմուկը մեղմանում էր, բայց նրա բազուկները չէին հոգնում: Նրա ծափից վարակվում էին և մյուսները, նորից էր թնդում աղմուկը:
Ապա հոգնած տեղը նստեց: Ձեռքերը կարմրել էին ու դողում էին:
Կարդացին գյուտարար Ջանոյի անունը: Նորից ծափեր, նորից աղմուկ:
Վարպետ Անդրեյը ոգևորված գդակը վեր շպրտեց: Մի քանիսը հետևեցին նրա օրինակին:
Այդ էլ դուր եկավ վարպետ Անդրեյին: Ինքը շարունակում էր ծափահարելը, և ծափերի մեղմացած թափը նորից էր թնդում: Ինքը գլխարկը ճոճեց, մյուսները հետևեցին: Մի մեղմ ուրախություն ծփաց ներսը, ինչպես ծովի թեթև կոհակները:
Չէ՜, նա էլ չպիտի խմի. նա չի ուզում, որ իրեն համարեն «չնչին տոկոս»: Նա պտի գնա մյուսների հետ հավասար քայլերով, նա հետ չի մնա իր ընկերներից:
Վարպետ Անդրեյը աչքերը կիսախուփ արեց. կարծես ննջում էր: Նա մտքի առաջ հետ էր տալիս իր անցած տարիների գիրքը, կարծես փնտրում նշանավոր մի էջ, մի գլուխ, մի դեպք, որից հետո տարիները գնացին ուրիշ ճանապարհով:
Գտավ: Այդ դեպքը գտավ:
Սիրտը դառնությամբ էր լցված, զայրույթը նրան մղեց դեպի օղու խանութը: Հետո ավելի հաճախ էր գնում: Եվ վարժվեց: Վարպետը գլուխը վեր հանեց: Արդեն ցրվում էին, ժողովը վերջացել էր:
Վարպետը գլխարկը թևի տակ դուրս եկավ: Դռան մոտ նա հանդիպեց Ջանոյին: Վարպետը մի րոպե կանգնեց. Ջանոն ժպտաց:
Եվ հին ընկերները լուռ սեղմեցին իրար ձեռք:
Վարպետ Անդրեյը տեսավ մանարանի ցեխի վարիչին: Քայլերը արագացրեց, հասավ նրան: Վարիչը բարևեց.
— Հը, վարպե՞տ...
— Ես...ինձ էլ գրեք հարվածային... Ես չեմ ուզում, — բայց նրա ձայնը դողաց և չկարողացավ խոսքը շարունակել և ասել, որ չի ուզում դուրս մնալ շարքերից:
— Ես այդպես էլ գիտեի, վարպե՛տ...
Գործարանի սուլիչները ճչացին, աշխատանքն սկսվեց: