Հիմա հիշում եմ բոլոր...

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան—
Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։

Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։

Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց —
Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած։

Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։

Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։