Ձմռան իրիկուն Հին օրեր են...

Մատթեոս Զարիֆյան

Լեռներն իմ երազիս


Հին օրեր


Հին օրեր են, բայց հըստակ
Կը հիշեմ դեռ ամեն բան.
Աշունով լի էր ճամբան,
Ու մութ էր մեծ ծառին տակ.

Մինչև այդ օր, դողալով,
«Կը սիրե՛մ քեզ»-ը մըթին
Ըսած չէինք տակավին,
Դեռ կ’ապրեինք աղոթքով.

Բայց մո՛ւթ էր մեծ ծառին տակ...
Ալ քիչ–քիչ պետք էր հոսեր
Մռայլ ակեն հըստակ սեր.
Ա՜հ, գիշեր մ’էր անհատակ...

Ու հոսեցա՛վ վերջապես...
«Կը սիրե՛մ քեզ»-ը մըթին՝
Իր շրթները հծծեցին,
Աղոթքի մը հևքին պես...

Ճիշտ նույն պահուն իմ հոգին
— Հուշերըս հոս տկա՛ր են —
Սիրո մեկ մութ կատարեն
Կարտասվեր լուռ, անձկագին...

Մեռա՜ծ օրեր. բայց հստակ
Կը հիշեմ դեռ ամեն բան,
Աշունով լի էր ճամբան,
Ու մութ էր, մութ, ծառին տակ...