Եզովպոսը՝ մի քանի կտոր քար մաղախի մեջ, որոնցով նա
սնվում է, վերջերս հաճախ է իմ դուռը ծեծում։ Կան
հասցեներ, որոնք, առանց հարցնելու,
բոլորն իմանում են։ Աչքի
վերջին սահմանը, դա անվերջությունն է անսահմանի։
Չեմ սիրում ես «գայլերի պես ոռնալ
քաղաքական միտինգներում»,
բայց հայրենիքում ամեն ինչ ինձ ստիպում է, որ լինեմ ոչ
հայրենիքում։ Օտարություն են
ստեղծում հայրենիքում, որ մար-
դիկ օտարությանը կարոտելիս, այլեւս չլքեն հայրենիքը։
Դեւերն արեւի վրա սիրաբանում են։ Հույսն
առանց հավատի խաբեբա է դառ-
նում ի վերջո։ Եվ ես պատուհաններ եմ
պատվիրում պատերի
համար, որ ձգվում են մարդկանց միջեւ,
փակուղիների համար
ելքի դռներ եմ սարքում։ Մոլեգնում է
քաղաքական թռչնագրիպը։
Ես միշտ վերադառնում եմ այնտեղ, ուր վառած
մոմս չի մարում։ Առուն
հուշ է տանում հեռվին եւ դա կապ չունի
քաղաքականության հետ։ Ոչ մի զինվոր
չէր ուզում հայրենիքի համար մեռնել,
բոլոր զինվորներն էլ ուզում էին
հայրենիքի համար ապրել։ Բառը, ի վերջո, հիշատակի
հոգնած ծաղիկ է։
Ասում են՝ աղն է ծովի կանաչը փոխում կապույտի։
Սերը հնչում է որպես
զավեշտ։ Ընդառաջելով սեղանիս աքլորին,
նրա փոխարեն
մեկ-մեկ «ծուղրուղու» եմ կանչում,
որովհետեւ ինքը թեեւ քա-
րից է, բայց արեւածագի նկատմամբ
խիստ գերզգայուն է։