Թե ինչպես ստեղծվեց Նոյյան տապանը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ


Տարիքը մոռանում է գետը, երբ ձուկը խելագար խայտում է
ջրերի մեջ, իսկ ափի ծաղիկները դա նրան
հիշեցնելու ժամանակ այլեւս չեն էլ ունե-
նում։ Ո՞վ է սեղմում անձրեւի ստեղները։

Ծառը նավարկում է իր կեղեւից դուրս։ Եվ, մտածում եմ, եթե
դու չլինեիր, գուցե թե ես աչքերի կարիք,
ով գիտե, չունենայի։ Աչքերիս մեջ ամեն օր
մութի ընդդիմությունն է հասունանում։

Ջրհեղեղից մնացած մի կաթիլ կա արյանս մեջ, ուր անընդհատ
բարձրանում եմ լյառն Արարատ եւ, բոլորովին
վերջերս նկատեցի, որ ճիշտ ու ճիշտ քո աչքերի
ձեւով է Նոյ նահապետն իր տապանը շինել։

Մի ամբողջ գիշեր լիալուսնի հետ թավալվել ենք
կանաչ դաշտի մեջ եւ ոչ մի ծեղ, ծաղիկ կամ
խոտ չի տրորվել, չի թեքվել անգամ, կարծում եմ,
դա նրանից է, որ ես քեզ սիրում եմ։

Եվ համոզված եմ վերջնականապես, եթե Ադամն ու Եվան
չհանդիպեին, հազիվ թե պտուղն արգելվեր։ Ուրեմն,
բյուր հազար անգամ դառնամ ու «կեցցե» ասեմ
այն ատամներին, որ խածնում են խնձորը։

Մենք ինչքան էլ մոտենանք իրար, այնուամենայնիվ, միշտ էլ
տարածքներ կան ավելի մոտենալու։ Հեռուն
հավք է, որին կուտ եմ տալիս իմ ափից՝ երբ որ իմ
աչքերը հանկարծ հանդիպում են քո աչքերին։

Սարը, իր կրծքին բացվող արահետն ի վեր, բարձրանում է
երկինք։ Իսկ ես սիրում եմ քայլել միմիայն
այն ուղղությամբ, որտեղից դեպի ինձ անընդհատ
գլորում են ժայռեր, կարեւոր չէ, թե՝ ով։