ՀՅՈՒԾԱԽՏԱՎՈՐԸ
Ա

Երբ խռպոտ ձայնով գիշեր բարի ընելեն ետք գինետունեն դուրս կելլեր նավավար Պետիկը, ժամը գիշերվան երեքն էր և անձրևը կը տեղար հուսահատեցուցիչ սաստկությամբ։

— Բե՛հ, ի՛նչ ըսեմ ասանկ խաֆային, մռլտաց կթոտ քայլեր առնել սկսելով և գլուխը ծռած անձրևին ուժգնաբախ կայլակներուն տակ, շեմշիեն խայըխը մոռցա… հը, մեր գործը ասանկ եկեր է ասանկ կերթա։

Քայլ մը հեռուն չտեսնելու աստիճան մութ կը տիրեր, մութ՝ որուն ահարկությունն ավելի կը սաստկանար տեղատարափին համատարած սարսռալի շառաչեն և փողոցներուն քարահատակներէն վազող հեղեղներուն խուլ աղմուկեն։

Այդ խոսքեն ետք ա՜լ բառ մը չարտասանեց հեք նավավարը, որ ջուրի վրա մեծցած և անով սնած ըլլալով՝ տեսակ մո հարգանք կը տածեր անոր նկատմամբ, թեև այս անգամ անձրևի ոչ շատ ախորժելի երևույթին տակ ներկայանար իրեն ջուրը։

Քառորդեն ավելի շարունակ քալեց՝ օխա մր հաց բազուկին տակ, աչվրներր քսկռտելով թաց, ցեխոտ սալարկին վրա, տքալով խժալով։ Վերջապես կեցավ, սփոփանքի հևոտ չայն հառաչանք մը դուրս թռավ անոր տանջվող կուրծքեն, և ձեռքը երկոնցնելով բոնեց դրան մը ուռնակը, պահ մը կրթնեցավ անոր վրա խոնջենքի անհնարին թափով մը և հետո զարկավ։

Տունը՝ որուն դուռը կը զարներ նավավար Պետիկ, ցած, շատ ցած տուն մըն էր, այնքան ցած, որ պիտի կարծվեր որ այդ սաստկավազ անձրևին տակ պիտի կքեր, գետնին փակեր, կաթվածահար մարդու մը պես որ կը տապալի հանկարծ անշշուկ, անշշունչ։ Օհ, ինչ հանգիստ էր Պետիկ այնտեղ, բարերար ուռնակին կրթնած, անոր վրա թափելով այն օրվան, թերևս իր կյանքի բոլոր օրերուն բովանդակ խոնջենքը, հավաքված հոգնությունը բոլոր։ Իր ամեն քաշածներեն ետքը անհունապես սփոփարար էր այդ ուռնակը, որուն սառուցիկ հպումը մխիթարության պես բան մը կը ներշնչեր Պետիկին․ միտքեն կանցներ որ մինչև առտու չբանային դուռը, ու ինքը մնար հոն, օխա մը հացն անութին տակ, ճակատը դրան տախտակին կրթնցուցած, երկու ձեռքով ուռնակը բռնած, անձրևն ուտելով կռնակին, անոր պաղ պարուրանքին մեջ անզգա, չքացյալ, ցնորական անուրջի մը հեշտանքովը երջանիկ, միսի և զգացումի բրտացումով մը անշնչացած։

Իր այս մոլորագին մտածումները մեկեն ի մեկ ցնդեցան, անհայտացան ներսեն եկող տկար, թույլ, հիվանդոտ ձայնե մը որ կը պոռար․

— Աղապա՜, դո՞ւն էս։

Հեշտաբույր երազե մը ետքն ինչ ազդեցություն որ կընե ուժգին ապտակ մը մարդուս այտին վրա, նույն ազդեցությունն ըթավ այս ձայնն հեք Պետիկին վրա։ Հեղ մը հազաց, վասնզի կոկորդն հանկարծ ուռած էր, խոշոր շունչ մը առավ։

Եվ հետո ըսավ.

— էս եմ, Աննիկ, էս եմ, պա՜ց։

Ոտքի ձայն մը լսվեցավ ներսեն, որուն կը խառնվեր տաքացում մը։ Քիչ հետո դուռը բացվեցավ, ներս մտավ Պետիկ քիչ մը ծռելով գլուխն, ու դուռը գոցեց։ Մխացող կանթեղ մը տարտամ դողդոջ լույս մը կը տարածեր ցած ձեղունին վրա, որուն սև մգլոտ հեցակները սարդի ոստայններով ծածկված էին, փլփլկած պատին վրա, ուր անձրևին ջուրը առվակներ կազմած էր։ Բան, մը որոշ չէր տեսնվեր հոն․ տրտմություն մը, տխրություն մը կը տիրեր, որ ավելի կը շեշտվեր վտիտ, չորցած, ծուռիկ մուռիկ մարմնի մը երերուն սարսրփացող ստվերեն։ — Աղապա՛, ուշ մնացիր աս գիշեր։

— Գործ ունեի, աղջիկս, ա՛ռ սա հացը․ խըյախ թրջած էմ,մարըդ վո՞ւր է։ Աննիկ պիտի պատասխաներ, բայց չոր, խուլ հազ մը կոկորդին մեջ բռնեց խոսքը․ օհ, տխուր, մահաշշուկ հազ մըն էր այդ որ կը չարչրկեր խեղճին նիհար հատած կուրծքը, հազաց ու հազաց, հետո հեծյուն մը արձակեց։

— Մարըս քյոշեի պախալին գնաց քսան փարայի պանիր առնելու։

Նավավար Պետիկ, որուն դեմքը հիմակ կերևեր լույսին մեջ կծկված թնթռկած, հիսուն տարեկանին մոտ մարդ մըն էր կունդ կռնակով, վտիտ ուսերով, անփայլ կլոր՝ աչվըներով,որուն մեջ կարծես միշտ արցունքի մը թացություն կար։ Ծռեցավ, ոտնամաններն հանեց որք լխպիկ եղած էին, ու երևան ելան առանց գուլպայի անոր կարմրած ոտքերը։ Նույն պահուն դուռը զարնվելով Պետիկը բացավ։ Գլուխը սև փետրված շալ մը,ծվիկ ծվիկ չփակ մը, բաց գույն շրջազգեստ մը, մեկ ոտքը լաստիկ մյուս ոտքը հին կոշիկ․ այս կերպարանքով ներս մտավ Հոռոփ հանըմը , Աննիկին մայրը ու Պետիկին ամուսինը։

— Աննի՚կ, խանտիլը առ տե ներս էրթանք, ըսավ, լալու մոտ ձայնով մը։

Երեքն ի միասին մութ անկյուն մը դարձան, դուռ մը հրեցին․ բայց սաստիկ, ավելի աղիողորմ բոլոր մարմնովը դողդողաց, կանթեղն ընկավ ձեոքեն տախտակամածի վրա ու մարեցավ։

— Վա՜յ, աչքդ չելլա հեմեն, աղջիկ, ի՞նչ ըրիր։

Աննիկը կը հազար։

— Պաշխա յաղ ունի՞նք, Հոռոփ, հարցուց Պետիկ։

— Չէ, հատավ։

— Անանկ է նե, հեմեն պառկինք։

— Հաց չկերա՞ծ։

— Ես անոթի չեմ, դուք կերեք։

Մութին մեջ նստեցան, անձրևը կը շարունակեր իո մոլեգին էջքը, կը ծակեր պատուհանի ապակիները իր վայրենի ժխորին մեջ անհետացնելով Հոռոփ հանըմին մեկ անեծքը, Պետիկին մեկ հիշոցն ու Աննիկին մեկ հեծյունը։

— Պանիրը առի՞ր, տուտու։

— էրկու լուսը քյոռնա, վերեսիե չտվավ։

— Անանկ է նե սա ցամաք հացեն կուտենք քիչ մը։

Խավարին մեջ շարժում մը տեղի ունեցավ․ Հոռոփ հանըմին չոր մատները թրջված հացին մեջ մխվեցան զայրույթի ջղաձգությամբ մը, բզկտեցին զայն և հետո քանի մը կտորներ կարկառեցին Աննիկին որ սկսավ սովալլուկի պես ծամել այդ անմարսելի խմորը, ի ներքուստ ուրախանալով տիրող մութին վրա, որ կը ծածկեր իրենց սրտակտոր թշվառությունը և այն մոլեգնությունը որով հացին բերկորները կը ծամեր ու կը կլլեր։

Ճաշեն ետքը, մայր ու աղջիկ երկնցան տափակ անկողնի մը վրա որ միշտ փռված կը մնար՝ իբր բազմոց ծառայելով ցերեկները։

Պետիկ արդեն կը, քնանար՝ կուրծքին տակ անհուն խժոցով մը։

Աննիկ մինչև առտու հազաց անձրևին հետ որ մինչև առտու տեղաց անդուլ, անդադրում։

Բ.

Ամեն առտու, լույսը ճեղքվելեն առաջ կը ելներ Պետիկ. բայց որովհետև այն առտու կանթեղ չիկար լուսավորելու համար մութն որ կը տիրեր սենյակին մեջ, ստիպվեցավ երկնքին լուսապայծառ վիթխարի կանթեղին սպասել, որ չուշացավ իր աներևույթ ճառագայթներր հեղուլ թաքնձրակուռ ամպերու կռնակին վրա, մութ-գորշագույնեն սպիտակ-գորշագույնի փոխելով անոնց լայնատարած զանգվածը, ուսկից կը քաշվեին ջուրի անվերջ անսպառ թելեր։

Պետիկ չորս կողմը նայեցավ. կինը անկողնեն դուրս նետած էր իր ոտքերը, կարմիր և վտիտ, մինչև ծունգը ցուցնելով իր ողորմելի սրունքները, գլուխը բարձեն վար ինկած էր՝ սպիտակախառն մազերու խռվացյալ փունջի մը տակ կիսովին կորսված, կիսախուփ շուրթերուն մեջեն երևցնելով սև կոտրած ակռաներ՝ թանձր լորձունքով տոգորուն։ Ատկից ավելի այլայլած և ավերյալ դեմք կարելի չէր երևակայել. եթե շնչառությունը չըլլար, մեռել մը պիտի կարծվեր. չարչըկված, խոշտանգված մարմին մըն էր թշվառության և անոթության սուր մագիլներուն մեջ, որոնք երթալով կը պրկվեին ավելի անողորմ, ավելի արյունանուրբ։ Եվ խեղճ կինն հազիվ երեսուն հինգ տարու կար։ Ծերացած էր։

Աղջիկը՝ տասնվեց տարում մանկամարդուհի մը, ուսերը բարձին վրա հենած էր՝ կուրծքն ուր բնավ ուռեցք մը չէր երևար, դեպի ներս քաշված՝ կարծես բռունցքի սոսկալի հարվածով մը. գլուխը դեպի ետ ինկած էր։ Աչվըներուն շուրջը սև ծիր մը, ճակտին մեջտեղեն հույժ թեթև խորշոմ մը, ռնգունքներուն ծայրահեղ բարկությունն ու քունքերուն նրբին մորթն որուն տակեն երակները կերևեին կապույտ գիծերով, կը հայտնեին որ այդ հեք արարածն ա՛լ ինկած էր մութ ու կենսավեր անծանոթին գիրկը:Աղնիվ սիրուն դեմք մըն էր որ սակայն հրապույրե ավելի արդահատանք կը ներշնչեր։ Շնչառությունը շուտ շուտ էր. հատնումի պես բան մը։ Պետիկին ակնարկը կանգ առած էր իր աղջկանը դեմքին վրա. սիրտին խորունկէն երկար հառաչանք մը ելավ, որ անհուն կսկիծի մը արտահայտությունն էր։

Զավալլը Աննիկս, մրմնջեց աչքը սրբելով ձեռքին ետնա. կողմովը, ի՞նչ ունի, հիվանդ է, կեշ կեշ կը հազա... աճա՞ պ...

Հանկարծ վեր ցատկեց, չուզելով հրաշէկ սլաքի պես ուղեղեն անցնող մտածումը բարձրաձայն ըսել. առ ահիվ թե կիմացվի։

Գետնեն վերցուց հացին կտորները, ու փշրանքները ժողվեց փայտե աթոռակի մը վրա դրավ։ Այս միջոցին Հոռոփ հանըմ աչվըները բացավ, ահաբեկյալ մանկիկի մը երկչոտ արտահայտությամբը նայեցավ էրկանն երեսը։

— Տահա հո՞ս ես, Պետիկ։

— Հիմակ էլա, խանտիլը կոտրեր է այս գիշեր ի՞նչ պիտի ընենք։

— Ասված ողորմած է, մռլտաց Հոռոփ հանըմ... Ալիքսանին կըսենք, անիկա ճար մը կընե։

Խոսքն հազիվ ավարտած էր, դուռը զարնվեցավ։ Պետիկ դուրս վազեց և պահ մը ետքը ներս մտավ երիտասարդի մը հետ։

Կորովի կազմով տղա մըն էր, դեռաբույս պեխերով, խռիվ խռիվ մազերով որք ծոծրակեն վեր կը բարձրանային համաչափորեն թուխ ֆես մը բռնելով դեպի ձախ ականջը ծռած։ Չուխայե լայն տափատ մը հագած էր որուն ճերմակ գոտին կերևար ծալ ծալ քիչ մը մեջքն ի վար ձգված, բան մը որ ավելի մարտական ձև մը կուտար անոր։ Բաճկոնը կարճ էր՝ թևին ու կռնակին վրա գեղեցկագույն բանվածքներով։

Այս երիտասարդը Ալիքսանն էր որ երկու երեք ամիսե ի վեր կը հաճախեր Պետիկին տունը իր դարպասն ընելու համար Աննիկին, զոր առնելու խոսք տված էր անոր ծնողքին։ Աղջիկը հաճությամբ կը տեսներ երիտասարդին այցերն ու անկեղծ սեր մը կապած էր անոր վրա։ Ալիքսանին արհեստը ձկնորսություն էր, որին մեջ կանխահաս ճարպիկություն մը ցույց տված էր։ Ծովին վրա չեղած ատեն ամեն առտու կամ իրիկուն կայցելեր «իրեն»֊ին տունը, ամեն անդամուն բան մը տանելով հետը, վասնզի դիտեր անոնց խեղճությունը։ Ծովին բիրտ կյանքովը սնած մեծցած այդ կոշտ ու անհարթ երիտասարդը զարամանալի հեզությամբ կը վարվեր Աննիկին հետ, և անոր պզտիկ քմահաճույքները կատարելու մեծ փութկոտություն ցույտ կուտար։

Ներս մտնելուն պես, ձկնորսը ակնարկ մը նետեց Աննիկին, վրա, և սոսկալի կերպով գունատվեցավ։

— Բարի լուս ձեզ, ըսավ ցած ձայնով։

Հետո հարցուր․

— Աննիկը հիվա՞նդ է։

— Չէ, պան մը չունի, փութաց ըսել Հոռոփ հանըմ, գիշերը քիչ մը կը հազար կոր։

— Նորե՞ն կը հազար կոր։

— Հա՛, իր ամեն հեղվան հազը։

Մանկամարդ աղջիկն հանկարծ ցնցվեցավ անկողնին մեջ, գլուխը վեր առավ աշխուժով ու աչվըները բանալով երբ Ալիքսանը տեսավ հոն, ամոթխածության շարժումով մը վերմակը վրան քաշեց։ — Բարի լուս, Աննիկ, ըսավ երիտասարդը։

— Ասծու բարին, մրմնջեց աղջիկը անմիջապես սկսելով բարակ և չոր հազը որ կարմրություն մը բերավ անոր տժգույն այտերուն վրա։

Ալիքսանը պիշ-պիշ անոր երեսը կը նայեր` քիչ մը գունաթափ, հասկնալ ուզելով, թե ուսկից առաջ կուգար այդ գեշ հազը։

— Մսեցուցած ըլլալու է, մրմռաց։

— Է՛լ, Աննիկ, ըսավ մայրը։

— Չէ՛ ասօր չպիտի էլլամ, տուտու, ըռահաթսզ եմ։

Ալիքսան անկողնին մոտեցած էր և գորովազեղ աչվըներով կը զններ իր նշանածին դեմքը, որուն վրա մահվան տխուր թալուկ մըն էր պատած։

— Աննիկ, քեֆսի՞զ ես։

— Սանկ, քիչ մը։

Երիտասարդն ոտքի ելավ և աչք մը ընելով Պետիկին երկուքը մեկտեղ դուրս ելան։

— Սա չերյեկով քիչ մը միս առ Աննիկին, ըսավ քառորդ մը դնելով Պետիկին ձեռքը։

— Օղջ ըլլաս, զավակս, մեկ օրդ հազար ըլլա։

Ալիքսան ուսերը թոթվեց, եմենիներն հագավ ու դուրս ելավ դռնեն մրմռալով.

— Ա՜խ, աս հազը...

Պետիկ ճամբան կը մտածեր.

— Աննիկին հազը կեշ է, կիտեմ... ան հազը մեր կիտցած հազերէն չէ. մինչև առտու քյութուրքյութուր հազաց... վերե՞մ է աճապ. ան ի՞նչ երեսի ըռենկ է, խուվեթ տերման չունի, զավալլը ջոճուխս, քանի ամիս է քի միսի երես տեսած չէ. անճախ հացի մը, թյությունի մը, գիշերե գիշեր երկու թեք ըռախիի բարա կը հանեմ կոր։ Իմ վրաս ալ խուվեթ չէ մնացեր քի առջի պես աշխատիմ... ի՞նչ կըլլար էյեր հիչ աշխարք եկած չըլլայի նե... որո՞ւն բապուճն է իմ ապրիլս... հայտե էս ինչ է նե ըսենք, հապա զավա՞կս, կնի՞կս քի առջի օրեն մեկ աղեկ օրս չի տեսեր... իրավ որ ինծի անանկ կուգա կոր քի մեռնելեն աղեկ պան չիկա...

Եվ գլուխը կախած, ճորճորալեն երերտկալեն կը քալեր Պետիկ, արցունք մը սրբելով որ այտն ի վար երկար ակոս մը գծեց։

Դ.

Իրիկվան ժամը մեկին կամ երկուքին ատենները երբեք հետաքրքրություն ունեցա՞ծ եք նայիլ ձկնորսներու, նավավարներու կամ ջրկիրներու գինետունե մը ներս։ Ուսումնասիրության ամենամեծ նյութ մը կրնա ըլլալ ժողովրդային ստորին դասուն այդ երեկոյան հավաքատեղին կյանքի բանաստեղծության ամենեն վսեմ պատկերներն ու ամենեն սոսկալի երևույթները ի հանդես կուգան հոն:

Ձմրան սկիզբն է։

Հյուսիսային պաղ, անհամ հով մը կը փչե՝ քանի մը օր առաջ անձրևեն թրջած գետինները չորցնելով իր ուռուցիկ շուն չովը:

Գինետունին ներսր—ցած ձեղունով և հողե գետինով քառակուսի տեղ մը,—երկու աղոտափայլ լամպարներու արձակած տարտամ լույսի մեջ, փայտե սեղաններու առջև նստած կերևին հինգ վեց ձկնորսներ կամ նավավարներ, ամենուն ալ երեսը մռայլոտ, ամենուն ալ աչվըները աղետալի փայլով մը շողշողուն, երբեմն ամենքն ի միասին կը լռեն՝ խորունկ մտածումով համակված, երբեմն ամենքն ի միասին կը խոսակցին, հոգնատանջ կուրծքերե ելնող խռպոտ ձայներու խառնիխուռն աղմուկ մը և ժողովրդային գողտրիկ առածներով զարդարուն կամ սոսկալի հայհոյանքներով համեմյալ խոսակցություն մը որ դուրսեն լսողին համար բան մը չի նշանակեր, այլ որ գերազանց կարեվորություն ունի աչս այդ մարդոց։

Մեկը միայն չի մասնակցիր ընդհանուր խոսակցության։ Ամենեն մութ անկյունը քաշված Է, քիչ մը օղի ունենալով իր առջևի սեղանին վրա, ֆեսը մինչև հոնքերն իջեցուցած, տխուր և կսկծոտ դեմքով։ Ալիքսանն է։

Հինգ վայրկյանն անգամ մը ձեռքի հուսահատական շարժումով մը օղիին գավաթը բերնին կը տանէ և պարունակությունն անհագորեն կը կլլե՝ առանց դեմքը փոքր ինչ ծռմռտկելու։

Երբեմն կը բանա բերանը, կարծես մեծագոչ աղաղակ մը արձակելու համար, սակայն երեք խուլ խորդյուններ միայն կելնեն անկից․

— Ա՛խ, ա՛խ, ա՛խ։

Հետո նորեն կը թաղվի մտածումներու օվկիանին մեջ, աչքը գոց, ձեռքը ծնոտին դրած։

Խե՜ղճ տղա։

Նիհարցած է, այտերը տժգունած են, աչվըները փոսցած, մազերը երկւծյն են և, փոքր ֆեսին տակեն դուրս կը թափթփին խոշոր ոլորքներով։ Զգեստները նույն խնամքով հարդարված չեն ալ հիմակ, օձիքը յուղոտած է, շապիկն աղտոտ է, գոտին անանոն կերպով փաթթված մեջքին։

Ու կը խմե, ու կը խմե, երբեմն միայն սա երեք հառաչներն արձակելով որք հոգիին մեջ գոռացող փոթորիկին հեռավոր արձ՜ագանքն են։

— Ա՛խ, ա՛խ, ա՜խ։

Օղին հատած էր․ սեղանին զարկավ իր խոշոր կարչնեղ ձեռքը և լցնել տվավ շիշը։

— Ալիքսանը աս գիշեր ի՞նչ ունի, կը փսփսային քանի մը ձկնորսներ, որք դիտեին թե անիկա ուրախ զվարթ կատակախոս տղա մըն էր։

Եթե գիտնային թե ինչ ուներ…

— Ի՞նչ ունիմ մի՜, կը մտածեր հեք երիտասարդը, ի՞նչ ունիմ մի՜ հը՜, էյեր քի կիտնայիք՜ իմին ինչ ունենալս, կուլայիք պե, քարը պիլե տեղեն կերերար․ ախ, Աննիկս, աղվոր Աննիկս զավալլը Աննիկս, ես քենե նա՞սլ պիտի զատվիմ… ճիյերս պիտի քաշեն հանեն տանին թաղեն… ճիյերես ալ էվել, հոգիս բե... իրավ որ օսանմիշ էղա աս աշխարքեն… ասված աս աշխարքը շիներ է քի մեզիպեսները չարչարվին... որի՞ն հոգն է հատեր քի ես Աննիկին հետ նշանված եմ, խրյախ կը սիրեմ անիկա, անիկա ինծի կը սիրե, ամա ծանր հիվանդ է. որի՞ն հոգն է հատեր քի փարա չիկա, հեքիմ չիկա, իլաճ չիկա, որի՞ն փապուճն է... հիմա ճար մը... պելքի հեքիմ մը բերենք նե իլաճ մը կուտա տե պաշխա թյուրլու պան մը կըլլա, է՜հ, ի՞նչ գիտենք, պելքի մեր ըսածը չէ... ամա անտար փարա վո՞ւրկե կտնալու է...

Հեք երիտասարդը՝ ճակատը ձեռքին մեջ առած կանճըռեր, կը շփեր, արյունացայտ աչվըները կատաղորեն հառած օղիի շիշին վրա։ Մոլեգին կռիվ մը տեղի կունենար անոր բորբոքած ուղեղին մեջ, հոգեվարքի մը ճգնաժամին պես մահահամբույր բան մը որ եթե գոհացուցիչ ելքի մը չը հանգեր, հիմարությունն անխուսափելի պիտի ըլլար։

Հանկարծ ձեռքն ասդին առավ ճակտեն, ուրախության փայլակ մը շողաց աչվըներուն մեջ, ժպիտ մը սահեցավ հաստ շուրթերուն վրայեն. և, օղիին շիշը, որ տակավին լեցուն էր, բերնին դնելուն պես, վայրագ շունչով մը կծու հեղուկն ի մի ումպ կուլ տվավ։ Արյան ալիք մը խուժեց անոր դեմքին վրա, քունքերուն երակներն ընդլայնեցան պայթելու աստիճան, ելավ կայնեցավ հախուռն թափով մը և գինետունին մեջ գտնվողները զարմացումով տեսան անոր խոշոր իրանին կայծակի արագությամբ անցնիլն ու դուրսի մութին մեջ անհետիլն ի քթթել ական։

Ո՞ւր կերթար Ալիքսան. անողորմաբար խթված ձիու մը մոլեշունչ արշավով, իր երկար սրունքներովը լափելով փողոցներն, ուր հովը կը սուլեր կը թնդար մահաշշուկ։

Հինգ վայրկյան ետքը երիտասարդ ձկնորսը ծովեզրը կը գտնվեր, խարխուլ տնակի մը առջև, ուր առաջին անգամ պահ մը կանգ առավ շնչասպառ, խոնջ, ձեռքը ճակտին տարավ, ինքզինքը ծովը նետելու պատրաստվող մարդու մը պես որ վերջին վայրկյանին գերագույն վարանում մը կունենա։

― Չէ՛, չըլլար, մրմռաց, Աննիկը ազատելու է։

Եվ ուսի հարվածով մը տեղեն հանեց դուռը, ներս մտավ, լուցկիով մը վառեց հոն գտնված լապտեր մը, որուն լույսով երևան ելավ այդ հյուղակին ներքին կողմը։ Տախտակորմերուն վրա շուրջանակի կախված էին ուռկաններ, ցանցեր և խոշոր կարթեր։ Ալիքսան տենդոտ ձեռքով վար առավ ուռկանները, որք ահագին կույտ մը կազմեցին, չվանով մը կապեց զանոնք, դուրս հանեց, դուռը գոցեց և հետո կռնակը զարնելով ուռկաններու խոշոր կապոցը, ճամբա ելավ` գողի մը պես պատերուն ու տուներուն տակեն երթալով։

Դ.

Կանթեղն աթոռակին վրա կը պլպլար խցին անկյունը, հազիվ երևան հանելով ապակիներուն փակչած ձյունն, որ սկսած էր առատորեն տեղալ։ Գետնատարած անկողնին վրա պառկած էր Աննիկ, հիմակ ալ կմախք մը դարձած բոլորովին, վերմակին ծալերուն տակեն հազիվ հազ զգացնելով մարմնին գոյությունը. աչվըները գոց էին, բերանը կիսաբաց, ուսկից թեթև շունչ մը դուրս կելներ` հոգևարի մը հևքին պես շուտ շուտ և անկանոն։ Անկողնին ոտքը կծկված բան մը կերևար. Հոռոփ հանրմն էր, որ գլուխն երկու ուսերուն մեջ խրած, դեմքը ձեռներուն մեջ, շարժում մը չէր ըներ, կարծես անշնչացած։ Անգին, անկյունը նրստած էր Ալիքսանը, որուն դեմքին վրա հանդարտություն մը, խղճի անդորրություն մը կը նշմարվեր, սակայն ծալապատիկ նստած էր և շարունակ պեխը կը խածոտեր, մերթ գլուխը վեր առնելով կը նայեր հիվանդին, և անլսելի հառաչ մը արձակելով նորեն պեխը ձեռք կառներ։

Հոռոփ հանըմ գլուխը ցցեց մեկեն ի մեկ. Ալիքսանին նայելով.

— Իլաճին վախտը եկա՞վ աճապ հարցուր նվաղկոտ ձայնով։

— Եկած ըլլալու է, պատասխանեց երիտասարդը հուսահատ շարժումով մը։

Հոռոփ հանըմ տքալով ոտքի ելավ աթոռակին վրայեն շիշ մը և գդալ մը առավ և հիվանդին քով մոտեցավ զգույշ քայլերով։

— Աննիկ, Աննիկ, կանչեց։

Հիվանդը ձայն ձուն չհանեց. թարթիչներն երերցուց, ալքը քթթելով, և բերանը քիչ մըն ալ բացավ։ Վշտակոծ մայրո՝ շիշին միջի հեղուկեն գդալ մը լեցուր անոր բերնեն վար։ Աննիկ սարսռաց, պահ մը բացավ աչվըները՝ խոշոր ու տարտամ, և երկար շունչ մը առնելով նորեն գոցեց զանոնք։

Այդ օրը Ալիքսան բժիշկ մը բերած էր հետը. անոր այցելագինը վճարած էր և դեղերն ալ գնած։

Ա՛լ խիղճին վրա բեռ չուներ խեղճ տղան։

— Պետի՞կը վուր մնաց, մրմնջեց Հոռոփ հանըմ, ակնարկ մը նետելով պատուհանեն դուրս։

Լռություն տիրեց։ Ապակիին վրան ձյունին հատիկներուն թափռտուքը կր լսվեր միայն։ Պատուհանին փեղկերեն մին որ ամուր չէր գոցված, կամաց մը բացվեցավ կիսովին և ձյունին ճերմակ հատիկներն սկսեցին ներս ցատքել և անկողնին վրա իյնալ։

Աննիկ, որ նվաղած կերևեր մեկեն ի մեկ բացավ աչվըները խոշոր խոշոր, թևերն ու սրունքները երերցուց անկողնին մեջ ջղաձգորեն, բերանը մեկ քանի անգամ բացավ գոցեց, մարմինը ցնցվեցավ ուժգնորեն ու թեթև հեծյուն մը արձակելե ետք աչվըները փակեց։ Աննիկ մեռած էր։

Հոռոփ հանըմ վեր ցատկեց նստած տեղեն, վասնզի տեսած էր աղջկանը սաստիկ տագնապը և հեղակարծ անշարժությունը, բազուկները բացավ և անկողնին վրա վազեց.

― Օրտտիս[1], գոչելով աղիողորմ ձայնով։

Ու անկողնին վրա ինկավ։

Ալիքսան ոտքի ելած Էր, դալկադեմ, բերանը կծկված, աչվըները սոսկումե և անբացատրելի կսկիծե դուրս ցցված, քայլ մը պիտի առներ դեպի առաջ, երբ փողոցին դուռը զարնվեցավ ուժգնությամբ, կրկին և կրկին անգամ զարնվեցավ. երիտասարդն, իր անհուն վշտին մեջ խելահեղ երկու ձեռքով գլուխը բռնեց, դուրս ելավ խցիկեն ու փողոցին դուռը բացավ։ Մարդ մը դիմացն ելավ հարցուց իրեն.

— Ալիքսանը տո՛ւն էս։

— Էս եմ, հազիվ կրցավ ըսել խեղճ տղան։ — Անանկ է նե առջևս ինկիր, կո՛ղ շուն, աղերը կողծողը տուն էս էղեր, տուրս նայե։

Ալիքսան, ափիբերան, դուրս նայելով` քանի մը համազգեստավոր մարդեր տեսավ որք դրան քովը կր սպասեին։

— Պիտի պռնե՞ք ինծի, հարցուց։

— Հիմակ, հատե քալե։

Ալիքսան ներս վազեց՝ մոլորուն քայլերով, խցիկը մտավ, ասդին քշեց խեղճ մայրը, որ կը հեծեծեր, մեկդի նետեց անկողնին վերմակը, բռնեց Աննիկին փայտացած մարմինը ուսերեն, երկու անգամ համբուրեց անոր սառեցած նիհար այտերն, հետո վար դրավ։

— Հիմա՛կ, ըսավ խուլ և հանդիսավոր ձայնով մը և մեջքին գոտիեն երկար դաշույն մը դուրս հանեց, բացավ շապիկն որուն տակեն երևան ելավ անոր մազոտ լայն կուրծքը, զենքը բռնեց երկու ձեռքովն ու բոլոր ուժովը ներս հրեց. դաշույնը` մինչև կոթն անհետ եղավ կուրծքին մեջ։

Ալիքսան անկողնին մեջ փռվեցավ ինկավ մեռելին քով` երկար հեծյուն մը բառնալով կոկորդեն մինչև Հոռոփ հանըմ սոսկալի աղաղակ մը կարձակեր և ձյունին հատիկներն ալ հովեն մղվելով կը ծածկեին Աննիկին ու Ալիքսանին ալ մեռելատիպ դեմքերը` կանթեղին աղոտ ու տարտամ լույսին մեջ։

  1. Օրտտիս—որդիս բառի ռամկական ձևն է՝ աղջիկ։