Պատանեկան սեր
Հազիվ տասնևհինգ տարու կար Տիրան, Թափանցիկ մորթով, բարակ հասակով երազային պատանյակ մը, որուն մանկության տարիներն հիվանդությամբ անցած էին շարունակ։ Այդ վտիտ ճղճիմ իրանը մեկ բժշկեն մյուս բժիշկին գիտական հաճույքովը տրորված, չարչրկված էր մինչև որ եկած հասած էր այն տարիքն որում մարմնական ուժերը մեկեն ի մեկ կը զարթնուն, ատաղի ուռճացումով կը վանեն կը հեռացնեն տկար տարիներն, որք բուն դրած կըլլան մատղաշ ազմվածքի մը մանվածապատ հյուսքներուն ու խորշիկներուն մեջ։
Ծնողքն իսկ զարմացած էին թե ինչ տարօրինակ ու խորհրդավոր զորությամբ մը հիմակ տիրան կը բազմանար, կաճեր, երեսին անոսր ու տժգույն մորթին վրա կարմիր մը երևան կուդար, անմեղունակ աղջիկի մը ճակտի հեղակարծ շիկնումին պես անհաճո։ Տիրան իր ծնողքին այս գիրգ պարուրանքեն, խանդաաթ այս շրջապատումեն բնավ չէր շփանար․ ընդհակառակն ավելի համեստ ու հեզաբարո կըլլար, բնական գտնելով անոնց այս ընթացքը։
Խասգյուղ, Պատեմլիքի գեղազվարճ բլրակին վրա կը բնակեին, Զիլիֆտարի և Քեատհանեի ծաղկավետ և անուշաբույր հովիտներուն մեջեն անցնող կենսավետ սյուքը ծծելով հարաժամ, և վայելելով Քարտաղաճի ծովակին մեղմածուփ ալակներն ու գալարավետ կղզյակներուն բարերար տեսքը։ Տիրան աչքին առջևն ունենալով միշտ այս հողի զվարճացնող, սիրտ փայփայող ու միտք զբաղեցնող տեսարանը, երազող եղած, անիրական երևակայություններու ետևե վազող ու ծաղիկի մը թոթափումեն ու թռչունի մը գեղգեղեն կը դողդղար, կը սարսռար, կարծես էլեկտրական հոսանուտե մը ազդվելով սաստկապես։
Կյանքին մեջ տակավին դպրոցի երես չէր տեսած. ծնողքը կը վախնային իրենց փափկամաբմին զավակը զրկել այդ գոռ ու աղմկալից տուները, ուր անպատճառ կը մեռներ, կը մտածեին, Տիրան։ Չէ՛, անկարելի բան էր, դպրոց չպիտի ղրկեին երբեք Տիրանը· հապա եթե չարչրկեի՞ն զայն ստամբակներն որոց չարաճճի վազվռտուքներն ու անողորմ կզվըռտուքները կը տեսնեին ամեն օր լերան ցից ու դերբուկ կողերուն վրա. խենդանալիք բան էր:
— Տարիքը լենա նե, կըսեր մայրը շոյելով իր զավակին սև տաթի նման մազերը, դասատու մը կը բռնենք, թող կամաց կամաց սորվի Տիրանս։
— Հա՞րկավ, կը հավելուր հայրը, անուշ նայվածքով մը։
Եվ Տիրան տարի մը ետքը պիտի ունենար իր դասատուն։
Բայց քանի զարգանար այդ դյուրաբեկ բնավորությունը, քանի զորանար անոր զգայությունը, ձանձրույթի պես բան մը ծնունդ կառներ անոր մեջ, կյանքի միօրինակության ձանձրույթը որ կամաց կամաց կը սպրդի սրտին մեջ, հետզհետե կը ծավալի, անզգալաբար կը համակե էությունն համբուն և ի վերջո հանկարծ երևան կուգա, կը բռնկի, հրաբուխի մը պոռթկումին պես որ աստիճանական բորբոքումե մը առաջ կուգա։
Բայց պարագա մը եկավ վերջ դնել իրեն սպառնացող այս ձանձրույթին։
Տիրանին մորեղբայրը, հարուստ արհեստավոր մը, բարեբաստ գաղափար մը հղացած էր․ ագարակ մը դնել ի Ջիլիֆտար, Ալիպեյքոյ ուր ընդարձակ արոտատեղիներ կան կանաչագեղ և ջրոռոգ։ Պատանեակը ուրախությունեն ոստոստաց երբ այս լուրն առավ և անվերջ թախանձանքներ սկսավ ընել իր մորեղբոր։
Մարդը, որ նմանապես սաստիկ կը սիրեր տեղի տվավ անոր ստիպումներուն և ապրիլ ամսվան մեջ գնեց փոքր ագարակ մը որ կը գտնվեր լերան մը ստորոտը. քեոլի ծայրը, քանի մը խոշոր ախոռներով և անոնցմե զատված փոքր տունով մը որ երկու խուցեր կը պարունակեր։ Տիրան և իր մայրը անմիջապես փոխադրվեցան այդ տունը մինչև օգոստոսի վերջը հոն անցնելու դիտավորությամբ։
Պատանյակը երբ տեսավ իր ըղձանքին կատարվիլը, գոհունակության լանկեկ հառաչ մը արձակեց ու ագարակին ետևի ժայռերեն միուն վրա կեցած գոռոզագին, անհագորեն իր աչվըներովը կը լափեր ակնապարար տեսարանը որ կամփոփվեր բլրակներու զուգընթաց շարքին մեջտեղ։
Արևն արդեն իջած էր ագարակին ետևի լեռնեն վար և քանի մը հետամնաց ճառագայթներ միայն կը սարսռային հանդիպակաց բլրակներուն կանաչ կատարին վրա, ծիրանի պսակ մը ձևացնելով կարծես։ Անոնցմե վար թույլ մթություն մը կը սկսեր, հետզհետե սաստկանալով մինջև բլրակներուն ստորոտն ուր խիտ թավուտներու խուժանը սև գոտիի պես կը փաթթվեր լերան ոտքերուն: Սակայն լույսի երկար շարք մը հանկարծ կը կտրեր մթությունը հոն. գետակն է որ հանդարտ վազքով կը սահի կը թավալի անշշուկ, գերազանցապես ավելցնելով հրապույրն այդ չքնաղ հովտին, ուր Տիրան պիտի գտներ անշուշտ իր պահանջոտ հոգիին պետքն ու սփոփանքը և որ պիտի հագեցներ իր բանաստեղծի խանդը։
Անուշ հափշտակումով կը դիտեր հիմակ սքանչելի հատկությունները բնության այդ փոքր պատառին, ուր իրեն նման անգիտակցորեն տառապող հոգիներ տարիներով կրնային սնունդ և սփոփանք գտնել։ Եվ գետակեն ասդին ալ կը տարածվեր ընդարձակ մարգագետինը, բազմազան գեղեցիկ գարնանածաղիկներով պիսակավոր, իրիկվան հեզիկ սյուքի մը շոյանքին տակ մեղմորեն ալեծուփ։
Վերջալույսի տխրությունն սկսած էր տիթել հովտին մեջ, տրտմաթախիծ հոգիի մը մելամաղձությանը պես համրածավալ բայց հարաճուն։
Տիրան խորին երազանքով համակված էր ժայռին վրա, անուշ թմրություն մը զգալով իր անդամներուն մեջ, հեշտ երանություն մը՝ զոր չէր ուզեր ընդհատել։ Գուցե ժամերով մնար այդպես, հեք պատանյակը, եթե ոտքի հանկարծական շշուկ մը չի գար չարթնցներ զէնքը։ Թոթվեցավ, գլուխն հտին դարձաք աշխուժով և կատարյալ եղավ իր հմայքը։
Դեղձան մազեր ուսերուն վրան ցանուցիր, կապույտ ժպտուն փոքր աչվըներ, պզտիկ կարմրուկ բերան, բարակ, շատ բարակ հոնքեր ուներ այն գլուխն որ մեկեն ի մեկ երևցավ Տիրանի աչքին. կարծես կանանչության միջեն ծնած էր հանկարծ այդ աղջիկը բնության մեկ անհասկնալի քմայքովը, որ թերևս կուզեր լիապես դյութել մեր երազուն պատանին։ Փոքր աղջիկը որ վերեն վար միաձև և միագույն շրջազգեստ մրն էր հագած և ոտվըներն ալ կոշտ ոտնամաններու մեջ անցած էին, անմիջապես հասկցավ որ զարմանք պատճառած էր այդ աղվորիկ տղուն, ուստի համարձակությամբ անոր մոտեցավ և փոքր ձեռքն անոր ուսին զարնելով ըսավ—թուրքերէն լեզվով, վասնզի հույն էր—թե իրենց բռնած ագարակին քարի փոքր տունը կը բնակեր ինք էր մորն ու մեծ եղբոր հետ։ Հայտնեց թե մայրն իրենց փոքր արտին մեջ կաշխատեր, իսկ եղբայրն ալ սայլավարություն կըներ նույն և շրջակա գյուղերուն մեջ իսկ ինք ազատ է, անունն է Էլենա, ուզած գործը կընե, դաշտերն ու լեռները կըպատի, ծաղիկներ կը ժողվե, խոտեր կը փրցնե չորցնելու և օգտակար բաներու գործածելու համար։
Տիրան, որուն հմայքը դեռ փարատած չէր, մեքենաբար մըտիկ կըներ այս ինքնահորդ շաղփաղփումը, լուռու մունջ, վայելքի մը պես ըմբոշխնելով զայն, պատանեկան անծանոթ կրակով մը վառված։
Երբ փոքր աղջիկը—հազիվ տասնևչորս տարու—իր պատմությունն ավարտեց, Տիրան հմայված, հափշտակված, անգիտակցօրեն ձեռքը տարավ անոր դեղձան մազերուն և փայփայելովզայնս, հարցուց թե ինչո՞ւ այդպես ուսերուն վրա սփռած էր։էլենայի այտերը թեթև մը կարմրեցանյ աչվըներն անգին դարձուց խպնոտ շարժումով մը և հետո մեկեն ի մեկ պատանիին երեսը նայելով պչրող համարձակությամբ մը ըսավ.
― Ասանկ ավելի աղվոր կըլլամ։
― Իրավ է, մրմնջեց Տիրան սրտի սեղմում մը զգալով։ Իրարու երես կը նայեին, աղջիկը միշտ ժպտուն, գողտրիկ երգ մը մրմռալով, երիտասարդն ակնապիշ և երազուն, անզգալաբար թանձրացող մութին մեջ, որ համատարած աներևույթ մուրի պես կը սևցներ այդ գեղեցիկ շրջապատկերին ամեն խորշիկներն ալ։
— Երթանք, մութցավ, մրմնջեց մանկամարդ հելենուհին հանկարծ բռնելով Տիրանին ձեռքն իր մանտրտիկ մատներուն մեջ, ու սկսավ բլրակն ի վար վազել՝ այծյամի պես ոստոստելով և ետևեն քաշելով պատանին, որ հանկամս կը հնազանդեր այդ հեշտագին քարշումին, առանց գիտնալու թե՝ ինչ Էր իր ըրածը, երազ տեսնողի մը տարակուսանքով, որ չուզեր արթնանալ, վախնալով որ կը ցնդի հեշտավոր տեսիլքը։
Վերջապես ագարակին դուռն հասան, ուր կը սպասեր Տիրանին մայրը, որ ի տես զավակին, անոր վիզը փաթթվեցավ ու գորովանքով համբուրեց երկու այտերեն։ Պատանին կը հևար, իսկ հելլենուհին կոկորդալիր կը խնդար, այդ զվարճալի վազքըն ընել տալու համար։
Ագարակին պատին երկայնությամբը շինված երկու պատուհանով ցածուկ տունի մը դուռնեն ձայն մը լսվեցավ մեկեն ի մեկ.
— էլենա՛, էլենա՛։
— Քալինիքթա, գոչեց մանկամարդ աղջիկը ձեռքի աշխուժ շարժումով մը բարևելով մայրն ու որդին և թռավ գնաց՝ մտացածին հուրիի պես անհետ ըլլալով Տիրանին աչքեն, որ կարծես թե քայքայում մը տեղի ունեցավ հանկարծ, սարսռալի պարապության մը մեջ զգաց ինքզինքը երբ տեսավ այդ տեսիլքին անհետիլը վերջապես։ Պիշ պիշ կը նայեր այն կողմը, լալու պոռթկալու անսանձ տենչ մը զգալով. իր տեսողության առջև փնտռել ջանալով դեղձան վարսերը, կապույտ ծավի աչվըներն ու ժպտագեղ շուրթերը էլենային։
Մայրը ուշի ուշով կը դիտեր իր որդուն այդ հայեցողական կեցվածքը, ու կը սպասեր որ սթափի այդ տեսակ մը թմրութենեն։
— Ներս երթանք մա՛յր, ըսավ Տիրան տխուր շեշտով մը։ Այն գիշերը, պատանին, կես քուն կես արթուն վիճակ մը ունեցավ, թագուն տառապանք մը զգալով սիրտին մեջ, անդիմադրելի ըղձանք մը՝ իրիկնամուտին այն ակնկալ հավերժահարսը տեսնելու ժամ առաջ։
Առտուն, լույսին հետ արթնցավ Տիրան՝ ու պատուհանը վազեց։
Առջի իրիկվան տեսարանն էր, սա տարբերությամբ որ բլրակներուն կատարին ծիրանեգույն պսակը երթաով կը լայննար հիմակ, լույսը կողողեր կը լեցներ հովիտն համակ ու մինչև մարգագետին իջնելով կը սփռվեր հոն շռայլորեն, վառվռելով գիշերվան շողն որ կը դողդղար խոտերուն ու ծաղիկներուն վրա։ Ոչխարներ լերան կողին վրա հոս հոն ցանցնված, կը վազվռտեին ու կը ճարակէին, գառնուկներուն ողորմագին մայունը կը խառնվեր մացառներուն վրա թառող սոխակին հոգեշունչ գեղգեղեն։ Տիրան կը զմայլեր, անճառ հեշտությամբ կը ծծեր բնության այս զեղխ արտաբերումը, արևին ու կանաչին այս կենսավետ հորդումը։ Ու աչքը կը պտտցներ ամեն կողմ և հանկարծ կը կանչեր, կը մնար գետակին եզրին վրա, ուր բան մը նշմարած էր։ Մանկամարդ աղջիկ մը, մարմանդին վրա կը վազվռտեր բոբիկ ոտներով, գառնուկի մը ետևեն որ տեսակ տեսակ նազանքներով կը դառնար, կը պտուտքեր իր փոքրիկ տիրուհիին շուրջը։
Էլենան էր։
Հետո, երկարորեն վազելեն ետք, կանգ առավ նորատի հելլենուհին ու գետեզրը գնաց, վար իջավ, ջուրին մոտ, նստավ ու բոբիկ ոտներովը սկսավ ջուրը խռովել մեծախորժ ճողփյունով։ Տիրան կը դիտեր զայն աչվրները սքանչացումով լի, սիրտը բաբախուն։ Հեռացավ պատուհանեն, հապճեպով հագվեցավ, և առանց մորն իմացնելու որ հանդարտիկ կը քնանար, դուրս եկավ ագարակէն և դեպի գետ եզրն սկսավ վազել։ Պատանին տեսնելուն պես, Էլենա ամաչկոտ շարժումով մը, ոտքերը դուրս հանեց ջուրեն և մարմանդին վրա գուլպաներն հագավ․ փեշերը շուրջը փռեց ու նստավ։ Բարևեցին զիրար։
Տիրան անոր քովը ընկողմանեցավ և սկսան խոսակցիլ. միամիտ ու ոստոստուն խոսակցություն մը, որուն մեջ երիտասարդին շփոթությունն և հելլենուհիին պարզամտությունը կը մատնվեին։ էլենա որ հանդարտ չէր կրնար կենալ, առաջարկեց բռնվուք խաղալ։ Պատանյակը վարանումով ընդունեց, և խոլական վազք մը սկսավ հոն, որում Տիրան չկրցավ թռնել արագասլաց էլենան, որ, երբ իր կարգն եկավ, անմիջապես բռնեց զայն։
Ձանձրացան վազելեն։ Հանգիստ առին և տուն դարձան։ Մայրիկը նորեն կը սպասեր դրան վրա իր որդուն։ Տիրան հևալով խնդալով պատմեց իրենց զբոսանքն և խնդրեց որ շատ մնան այդ աղվոր տեղը։
Մայրը հավանություն տվավ, բայց պատվիրեց որ շատ չվազվռտեն։
Ա՛լ անկից ետք ամեն օր, Տիրան ու էլենա, առտըվընե մինչև իրիկուն միատեղ կը զբոսնեին, լեռներն ու անտառները կը պտտեին, անհուն երջանկություն զգալով իրարու ընկերակցութենե։
Զավակասեր մայրն, որ կույր վստահություն մը ուներ իր որդուն վրա, բնավ միտքեն չէր անցըներ արգելք ըլլալ անոր այդ երանագեղ կենցաղին, որ արդեն վճիտ ու մաքուր կերևեր իրեն։ Կը թողուր որ այդ հույնին զվարթ աղջկան հետ անցնե անիկա իր օրերը, քանի որ կը տեսներ անոր՝ հետզհետե առույգանալը, բազմանալն զգալապես։
Իրենց ուտեստին համար պետք եղածները Տիրան ամեն օր կերթար կը գներ տեղվույն հույն նպարավաճառեն, խոշոր գեր մարդ մը, թթված դեմքով ու խեռ բնավորությամբ, իր հետ ունենալով միշտ էլենան, որուն ի տես նպարավաճառին աչվըները աղետալի փայլով մը կը վառեին։ Աղջիկն անոր հետ կիյնար, և զարմանալի բան, որ նպարավաճառը բնավ ձայն ձուն չէր հաներ, ընդհակառակը կարծես հաճույք կը զգար էլենային այդ պչրական խաղերեն։ Եթե Տիրան ուշադրությամբ նայեր «պախալ»–ին—ինչպես կը կոչեին իրենք—երեսը՝ ատելության դառն արտահայտություն մը պիտի նշմարեր հոն։
Հունիսն, հուլիսն, օգոստոսն անցան այսպես զվարթ ու խնծղալից, պայծառ արևին տակ ու կենսաբույր կանաչին վրա։ Բայց երկնքին վճիտ կապույտին վրա սկսած Էին երևիլ ամպերու սև ծրարներ, զորս կը քշեր, կը տարուբերեր մեղմ սյուքին հաջորդող հովը։ Գեղածիծաղ հովիտն սկսած էր մերկանալ իր զվարթ թարմությունեն, սոխակին ձայնն ալ չէր լսվեր ու կանաչազարդ գետիններն ալ հիմակ տժգունած էին։ Առտուները սաստիկ զով կըներ։ Ձմեռը մոտ էր։
Տիրանին հայրն, որ ամեն կիրակի կուգար Ալիպեյքեոյ, որոշեց ալ մեկնիլ հոնկից ու տուն փոխադրվիլ։ Հեք պատանյակին համար անհուն անակնկալ կսկիծ մը եղավ այս։ Անիկա հարատև կը կարծեր երանությունն որուն մեջ կը լողար։ Բայց կրցավ ինքզինքը զսպել, սրտին խորը թաղել իր անսահման վիշտը և, հրաժեշտի ողջույնը տվավ իր Էլենային, որ նույնպես շատ տխրեցավ այս ցավագին բաժանումեն։
Ա՛լ հիմա Պատեմլիքի տունն էր Տիրան, ավեչի երազուն, ավելի տրտմաթախիծ քան երբեք։ Երբ հովը կը սուլեր դուրսը, ձյունը կը հորձանապատուտքեր օդին մեջ, խեղճ տղան, ճակատը պատուհանին կռթնցուցած, իր հուրիին բնակավայրին հեռապատկերը կը դիտեր, խնդալիր հիշատակներու լուսահեղձ շարք մը ունենալով հար մտքին, մեջ, որոնցմով կապրեր, կը սնաներ։ Ո՞ւր էին այն առույգ, կարմիր այտերը, բոցավառ աչքերն ու ծիծղուն շուրթերը։ Օրերը, ժամերն ու վայրկյանները կը համրեր․ կանիծեր ձմեռը որ պատճառ եղած էր իր երջանկության անհաճո խզումին։
Բայց ձմեռն ալ անցավ, ճերմակ ձյունին տակեն կանաչ ծիլեր դուրս ելան, լեռները նորից հագվեցան իրենց պերճափառ հանդերձանքն ու արևը նորեն սկսավ պսպղալ երկնակամարին վրա։ Եղանակին այս աստիճանական կերպարանափոխողին հետ կերպարանափոխվեցավ Տիրանն ալ որ ապրիլին կը սպասեր անհամբեր՝ Ալիպեյքեոյ երթալու համար նորեն։
Կիրակի առտու մըն էր երբ մայր ու զավակ գացին սույն հեշտավայրը։
Տիրան ուղղակի էլենային տունը վազեց անոր անունը տալով։
Դուռը զարկավ․ ձայն չիկա․ նորեն զարկավ։ Այս անգամ խռպոտ ձայն մը ելավ ներսեն, հետո խոշոր ոտնաձայն մը և դուռը բացվեցավ։
Տիրան կը սպասեր որ էլենային ծիծաղկոտ վառ դեմքը տեսնե։
Ո՜վ պատրանք։
Դիմացը կը գտնվեր պախալը , գեր խոշոր հույնը, որ՝ թևերը վեր սոթտած, հավի մը փետուրները կը փետեր։
— Ո՞վ կուզես, հարցուր Տիրանին։
— Բայց… կակազեց երիտասարդը, էլենան հոս չէ՞։
Պախալը հեգնորեն խնդաց։
— Ի՞նչ պիտի ընես, հարցուց։
Պատանին վարանեցավ։
— Անգամ մը տեսնել կուզեի։
Ա՛լ անիկա չես կրնար տեսնել, ըսավ նպարավաճառը հեգնական շեշտով։
— Ինչո՞ւ։
— Կարգվեցավ։
— Որի՞ հետ։
— Որի՞ հետ պիտի ըլլա․ ինծի հետ։
Այս խոսքին վրա Տիրան խորին հեծյուն մը արձակեց, վազելով հեռացավ խենդի պես և սկսավ դաշտերուն մեջեն արշավել ատեն ատեն աղեկտուր հեծկլտանքի մը մեջ պոռալով․
— Պախ՛ալը, պախա՛լը: