Հոգու ալերգիա կամ կորուսյալ նշանների գեղագիտություն

ՀՈԳՈՒ ԱԼԵՐԳԻԱ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՆՇԱՆՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ինչպեսներից թեպետ ալերգիա ունեմ հոգու
սակայն նրանք
չեն դադարում երբեմն-երբեմն ինձ հիշելուց մի քանի օրինակ
ինչպես
նոր վերքից չէ որ վախենում է հին կաշին այլ նորի մեջ հին ցավերի արթնացումից
ինչպես
դահիճն ինքն է փողային նվագախմբով կանգնեցնում շողշողուն արձանը Եսենինի
ինչպես
Լոսում երեւանցու հայացքից Արարատի հարկադիր բացակայություն որ դեմք է փոխում
ինչպես
սիրած աղջկա աչքերն են գորովանքով կախում տոնածառից Ամանորյա
ինչպես
օգոստոսի 11-ն է փուլ գալիս Փաունդի, Էլիոթի տողերի վրա եւ երկնքի տարածքներում անհուն
ինչպես
ջուրը տարած կամուրջ է հիշեցնում հաճախ կիսակամար ծիածանը
ինչպես
գեղագետն է օրենքներ ստեղծում եւ ոչ թե օրենսդիրը գեղագիտություն
ինչպես
եթե անհայտ կորածները չեն անհայտ կորածները ուրեմն կորած է երկիրը
ինչպես
անփակագիծ ժպիտների զոհյալ ասպետ Ավոն է մարտավարում ընթացքը Տրտու գետի
ինչպես
ուղտի լեռնասապատներով անսահման անապատների ճանապարհն է սնվում
ինչպես
մենք Սեւակին տխուր-հպարտ ամփոփում ենք Չարենցի կողքին եւ ասում անհայտ է շիրիմը Չարենցի
ինչպես
գործող թաղապետի բարեգործական մարդասիրություն նոր ընտրության շեմին
ինչպես
Հայաստանում անվերջ փախստական հայորդիները Մաշտոցի արձանի առաջ
ինչպես
գեշ արարքներն են խցանված ու անտես կոյուղիներ դառնում սակայն ոչ գետնի տակ
ինչպես
անտաղանդ գրիչն է շինելու փոխարեն թվաբանում հեշտոցամերձ վարսերը պոռնիկի
ինչպես
ոչխարն է մայունով վազում գայլի ետեւից դեպի իր լուսավոր ապագան
ինչպես
առյուծն է Արցախի խոր կիրճերում իր թաթը ծանր դնում յոթնասեւ օձի գլխին
ինչպես
սիրամարգի բոլոր գույներն են արթնանում մերկության մեջ հարսի առաջին վայելքագիշերում
ինչպես
Շիլլերի շիրմից հանված գանգն է ընկերաբար մարգարեանում Գյոթեի գրասեղանին
ինչպես
ինչպեսներն այն չասվող որ հրդեհներ են դառնում եւ իմ հոգին լափում ներսից

ինչպեսների առաջ թեպետ դուռս փակել եմ վաղուց
սակայն նրանք
մեկ-մեկ գալիս ներս են խցկվում ճեղքերով բաց նյարդերիս