Հրեան, դյոնմեն և Մուստաֆա Քեմալը
Նախորդ հոդվածս,[1] որը Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) անձնական կյանքի մասին էր, մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շատ հարցեր եմ ստացել նրա ծագման մասին: Հետևաբար որոշել եմ անդրադառնալ այդ հարցին:
Աթաթուրքը դյոնմե էր՝ հավատափոխ, իսլամացած հրեա: Դեռևս 1920-ականներից մշտապես շրջանառվել է Աթաթուրքի դյոնմե լինելու վարկածը: Այս վարկածի օգտին խոսող անհերքելի փաստարկներ և բազմաթիվ փաստեր կան: Սակայն մինչև բուն նյութին անցնելն ուզում եմ երկու հստակեցում անել:
Առաջինը՝ անկախ Միություն և առաջադիմություն կոմիտեի [Ittihad ve Terakki Cemiyeti, Committee of Union and Progress] ղեկավարության և անդամներից շատերի, ներառյալ Աթաթուրքի, ծագումից, նրանք բոլորը թուրքական պետության պաշտոնյաներ էին և գործում ու հանցագործություններ էին անում այդ պետության անունից և համար: Հետևաբար, միակ պատասխանատուն եղել և այսօր էլ մնում է թուրքական պետությունը՝ ներկայումս Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը: Բոլոր փորձերը հրեաներին դիտարկել որպես պատասխանատուներ Հայոց ցեղասպանության համար՝ լոկ այն պատճառով, որ հիշյալ կուսակցության ղեկավարության մի զգալի մասը դյոնմե է եղել ոչ միայն արդար չէ, այլև ճիշտ չէ: Նման մոտեցումը Թուրքիային հնարավորություն է տալիս հրեաներին ներկայացնել որպես Հայոց ցեղասպանության մտահղացողներ, իսկ քրդերին՝ կատարողներ: Ազգային կամ կրոնական ծագումը քաղաքականության մեջ որևէ դեր չունի: Բագրատունյաց փառքը չի դադարում հայկականը լինել զուտ այն պատճառով, որ Բագրատունիները ծագումով հրեա էին, կամ Աբդուլ Համիդ սուլթանը չի դառնում հայոց ազգային հերոսը, որովհետև նրա մայրը հայ էր:
Երկրորդ հստակեցումը վերաբերում է դյոնմե համայնքի իրավական կարգավիճակին և հասարակական ըմբռնմանը: Սխալ է դյոնմեի և հրեայի նույնականացումը: Դյոնմեն ծագումով հրեա է, սակայն արդեն հրեա չէ: Թուրքական պետությունների մեջ (Օսմանյան կայսրություն և Թուրքիայի Հանրապետություն) դյոնմեն թեև չի դիտարկվել որպես լիիրավ մուսուլման, այնուհանդերձ չի դիտարկվել նաև որպես հրեա: Դա ամրագրված է ոչ միայն սովորույթի ուժով, այլև օրենսդրորեն: Օրինակ, երբ 1942թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայում ընդունվեց #4305 օրենքը, որն ավելի շատ հայտնի է Ունեցվածքի հարկման մասին օրենք (Varlik Vergisi Kanunu) անունով, ապա Թուրքիայում բնակվող բնակչությունը հարկման համար բաժանվեց 4 խմբի: Թուրքահպատակները բաժանվեցին 3 խմբի՝ «M» մուսուլմաններ, «G» ոչ մուսուլմաններ և «D» դյոնմեներ: Առանձին խումբ էին կազմում Թուրքիայում մշտապես բնակվող օտարահպատակները՝ «E»: Ոչ մուսուլմանները՝ ներառյալ նաև հրեաները, մուսուլմաններից 4 անգամ ավել հարկ էին վճարում, իսկ դյոնմեները՝ 2 անգամ: Սա ակնառու կերպով ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները դյոնմեներին չէին դիտարկում որպես հրեա: Ի դեպ, թեև դյոնմեներն իրավական տեսանկյունից հրեաների և քրիսոնյաների նկատմամբ որոշ առավելություն ունեին, սակայն թուրք հասարակական գիտակցության մեջ նրանց նկատմամբ ատելությունը միշտ ավելի խորն է եղել և է: Ահա ինչպես է բացատրում այդ երևույթը Անկարայում Բրիտանիայի դեսպանի փոխանորդ Ջ.Ք. Ստերնդըլ Բեննեթը (J.C. Sterndale Bennett) իր 1942թ. դեկտեմբերի 12-ի գաղտնի զեկուցագրի մեջ. «Նշանակալի է, որ վերջերս կայացած մասնավոր մի զրույցի ժամանակ երեք երևելի թուրք սաստիկ կերպով պախարակում էին դյոնմեներին և հատկապես Մ. Յալմանին. [ասում էին]. “Դյոնմեներն ավելի վատն են, քան հրեաները, քանի որ նրանք ձևացնում են, որ թուրք են և [այդպիսով] ուզում են ունենալ երկու աշխարհի լավագույնը”»: Իհարկե, այս մտածողությունը նոր չէր թուրքական քաղաքական մշակույթի համար: Դեռևս 1923թ. Ռիզա Նուրը (Riza Nur)՝ Լոզանի կոնֆերանսում թուրքական պատվիրակության երկրորդ դեմքը, հայտարարում էր. «Հույներն ու հայերն ավելի լավ են սրանցից, եթե այլ պատճառ էլ չլինի, գոնե մենք գիտենք, որ նրանք հույներ ու հայեր են: Այս օտար տարրը, այս մակաբույծը, թաքնվում է մեր արյան մեջ»:
Շատ հետաքրքիր է դիտարկել թուրքական հասարակական գիտակցության մեջ վերաբերմունքի փոփոխությունը դյոնմեների նկատմամբ: Այլատյացությունը խորն արմատներ ունի թուրքական հասարակության մեջ: Թուրքերը մշտապես Օսմանյան կայսրության բոլոր հաջողությունների շնորհքն իրենց են վերագրում, իսկ բոլոր անհաջողությունների մեղքը բարդում են ուրիշների վրա: Երբ կային հայերն ու հույները, ապա բոլոր ձախողումները կարելի էր նրանց վրա բարդել, միաժամանակ նրանց թալանելն օգտագործել սեփական հարստացման համար: Դարեր շարունակ այս դերը վերապահված է եղել հայերին և հույներին: Մեղավորների բոլոր աթոռները զբաղեցված էին, ուստի թուրք հասարակությունն այս դերի համար դյոնմեների կարիքը չուներ: Ըստ այդմ, դեռևս 1920-ականների դյոնմեներն ավելի շատ մուսուլման էին համարվում, քան՝ հրեա: Օրինակ, երբ 23.01.1923թ. համաձայնագրի հիման վրա Հունաստանի և Թուրքիայի միջև սկսվեց բնակչության փոխանակումը, ապա դյոնմեները ներառված էին մուսուլմանների մեջ և ենթակա էին փոխանակման, թեև հրեաները զերծ էին փոխանակումից: 1940-ականներին, ինչպես վերը տեսանք, նրանք արդեն դիտարկվում էին, որպես միջանկյալ խումբ մուսուլմանների և ոչ-մուսուլմանների (հրեաների) միջև: Պատերազմի վտանգը հնարավորինս շատ դրամ շորթելու խնդիր էր առաջ բերել, իսկ դա կարելի էր ավելի հաջող անել, երբ հասարակությունը բաժանվում է մերոնքականների և ոչ մերոնքականների: ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն՝ արտաքին վտանգի բացակայության պայմաններում, Թուրքիան, ինչպես իրեն հարգող ամեն մի տոտալիտար երկիր, կարիք ունի նոր թշնամու: Արտաքին թշնամու տարազը միշտ էլ կարելի է հագցնել հայերին և հույներին: Սակայն ակնհայտ է, որ դա բավարար լինել չի կարող, քանզի այդ երկրները չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել Թուրքիայի համար: Ահա այստեղ օգնության է գալիս նենգ դյոնմեի՝ շուռ տված հրեայի, կերպարի կարիքը: Եւ քանի որ թուրքական մտածողության մեջ առ այսօր իշխում է տոհմացեղային մտածողությունը, այսինքն՝ ոչ թե անհատն է պատասխանատու իր արարքների համար, այլ նրա ողջ ցեղը, ապա Իսրայելի քաղաքականության համար պատասխանատու են ընկալվում բոլոր հրեաները, անգամ նրանք, ովքեր վաղուց հրեա չեն: Ի դեպ, այս իսկ պատճառով առ այսօր անգամ Թուրքիայի բարձրագույն իշխանավորները չեն կարողանում հասկանալ, որ Վանում ենթադրյալ ապստամբության համար, եթե մինչևիսկ այս հիմնազուրկ վարկածն ընդունենք, պատասխանատու էին միայն ապստամբները և ոչ թե նրանց ցեղակիցները Կեսարիայում, Սեբաստիայում, Խարբերդում կամ Տրապիզոնում:
Թշնամու կերպարի որոնման ճանապարհին և այդ իսկ պատճառով ներկայումս թուրք հասարակությունը ավելի շատ հակված է դյոնմեներին դիտարկել որպես հրեա: Հասարակական ընկալման այս փոփոխությունն իր արտացոլումն է գտնում նաև դատական որոշումներում: Օրինակ, 2001թ. Ստամբուլի 9-րդ շրջանի առաջին աստիճանի դատարանը, քննելով դյոնմե Իլգազ Զորլուի (Ilgaz Zorlu) հայցը՝ ինքնության փաստաթղթերում կրոնի տողում “իսլամ”-ի փոխարեն “հրեա” գրելու պահանջով, շատ արագ բավարարեց այն: Այսինքն, դատարանը հարցը չդիտարկեց որպես կրոնափոխության հարց, որն ընդհանրապես շատ երկար է տևում, այլ զուտ կրոնական պատկանելության ձևակերպման հստակեցում: Ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք այս երևույթը, խորքի մեջ, թուրք հասարակության համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել և ավելի խորացնել այդ հասարակության մեջ արդեն իսկ առկա ինքնության ճգնաժամը: Դյոնմեների հարցում հասարակական գիտակցության մեջ այս փոփոխությունը ոչ այնքան անհատի կողմից սեփական ինքնության որոնման արտացոլումն է, որքան հասարակական վարքի մեջ երևան եկած նոր դրսևորումների հետևանք: Ներկայումս ոչ այնքան դյոնմեն է որոնում իր ինքնությունը, որքան թուրք ազգային և կրոնական ծայրահեղականներն են սկսել դյոնմեների փնտրտուք: Կարծում եմ՝ դա պայմանավորված է Թուրքիայի քաղաքական կյանքում հայերի և հույների իսպառ բացակայությամբ: Այլևս նրանց չի կարելի մեղադրել երկրում առկա խնդիրների համար, որովհետև նրանք պարզապես չկան այդ կյանքի մեջ: Թուրքիայի քաղաքական կյանքում չկան նաև հրեաներ: Հետևաբար, այս իրավիճակում թուրք հասարակությունը կարիք ունի գտնելու նոր, արժանի մեղավորների: Այդ դերը ներկայումս վերապահվում է դյոնմեներին, երբ նրանց դարձնում են, ինչպես անվանել է հարցի լավագույն մասնագետ Ռիֆաթ Բալին (Rifat Bali), «քավության նոխազ բոլոր տոների համար» (A Scapegoat for All Seasons): Դյոնմեների նկատմամբ նման ատելության պարագայում, իհարկե թուրքական հասարակության համար ցավագին պիտի լինի այն փաստի ընդունումը, որ իրենց նոր պետության հիմնադիրը և պատմության նոր փուլի աստված Աթաթուրքը՝ բոլոր թուրքերի հայրը, թուրք չէ: Ավելին, նա հրեաների շառավիղ հանդիսացող դյոնմե է: Նման պնդման համար կան բազում փաստեր ու փաստարկներ, որոնց մասին կխոսենք հաջորդ հոդվածում:
Ծանոթագրություն
17 դեկտեմբերի, 2010թ.