ՁԱՅՆԸ՝ ՑՈՂՈՒՆԻ ՎՐԱ


Օրը ամպի ծոցը մտավ, -
Մտածումը հագավ ծաղիկ,
Արահետը կորցրեց իրեն,
Թանձրությունից մութը ճաքեց,
Եվ լերդացավ առուն հանդում։

Գմբեթներին իջավ երկինք, -
Շուրթս մնաց կրծքի խաչին,
Սիրտը կաթեց լույսի վրա,
Ճամփի ծայրին կանգնեց վանքը,
Եվ ցողունին դողաց մի ձայն։

Արթնացում է կանչն Աստծո, -
Ճանապարհի վրա լեռն է,
Արմատվել է տունն ափի մեջ,
Դաշտն աղբյուրի վարգում մնաց,
Եվ քո ցավից կերտում եմ ինձ։

Սարին կանգնիր՝ որպես կանթեղ, -
Մշուշ չեղնի Մշո դաշտում,
Քառսուն ջրիկ բխեն լույսից։
Առ բարեւս ձեռքերիդ մեջ
Եվ ձեռքերդ տուր հավերժին։