Ձեռներին Ձեր մարմարյա…
* * *
Ձեռներին Ձեր մարմարյա,
Ոսկեցոլք Ձեր աչքերին —
Ես գերի եմ հնօրյա։
Ես գիտեի՝ Դուք լռին
Ժպտում եք ինձ ամեն օր —
Օրհնություն Ձեր ձեռներին։
Եվ օրհնություն մեղմօրոր
Քայլվածքին Ձեր նվագուն,
Որ դյութում է նորից նոր,
Որ անգութ է և տոկուն,
Որպես արեգ մի կիզող —
Իսկ ես խենթ եմ, ես նկուն —
Խոնարհ եմ ես, որպես հող։