ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄ


Հողից ճաքճքած ձեռքերով ասես
Ջերմությունն եմ ես զգում մայր հողի,
Հաղորդ եմ լինում
Ծաղիկ առ ծաղիկ երգերը հյուսող
Այս բացվող գարնան ամեն մի տողին:
Բյուրեղանում է մեկեն իմ հոգին՝
Արեգակների պատկերը իր մեջ,
Իր մեջ պատկերը անխոնջ տքնության,
Մաքրությամբ օծվում գարունքվա ցողի...
                Հողագործ ձեռքեր,
Երջանիկ եմ ես ձեր ջերմությունը
Իմ ափերի մեջ զգալու համար.
Ես երջանիկ եմ,
Որ դուք ավելի շատ եք աշխարհում,
                Քան ձեռքերը այն,
Որ հեռու, հեռու ինչ-որ մի վայրում
Դեպի ձգանն են նորից երկարվում...
Ես հավատում եմ, հողագո՛րծ ձեռքեր,
Հավատում եմ ես,
Որ ուր էլ բացվի, ինչպես էլ բացվի,
Ամեն մի գարուն ծիլեր է ձգում
                Առաջին անգամ,
Հողոտ, հողաբույր ճաքերի մեջ ձեր...