Լեռնավարդերից թերթեր են պոկվել,
Ձեռք մի՛ տուր, քամի՛,
Նրանց պահում եմ երգերիս համար։
Եվ այս աղբյուրի
Կարկաչը պե՛տք չէ
ցրել անխնա,
Գուցե անտառի կուսական լանջին
Ուլունքներ դառնա։
Խելո՛ք կաց, քամի՛,
Թող հանգիստ դիտե՜մ, հասկանա՜մ,
մարսե՜մ,
Թե ո՞նց է լեռը հալվում առվի մեջ
Ու կորչում անհետ։
Բայց չէ՛, չի կորչում.
Երբ արշավի են հողմերը ելնում,
Առուն ծովի մեջ՝ այդ դժվար պահին,
Լեռան ձեռքով է ելնում, ալիքվում։