Ձեր խելքին չի պառկիր
ՁԵՐ ԽԵԼՔԻՆ ՉԻ ՊԱՌԿԻՐ

Ան օրվան պես հիմա ալ միտքս է տակավին։ Գեղը աղվոր, ալեհեր ծերուկ մը ունեինք, սուրբ Աստուր, լման ութսունամենի մը, իրավ, շատ տարօրինակ, շատ հին մագաղաթ, որ ով շփեր, շրջշրջեր, միշտ անոր վրա, անոր բերանին մեջ նույն միատեսակ խոսքերը պիտի գտներ, որ սակայն շատ չէին հասկցվիր։ Խոսքեր ինքնատիպ կամ խորհրդավոր, ան ատեն ով մտածեր, որ անոնց իմաստին թափանցելու համար երեսունհինգ-քառասուն տարիներու երկար սպասանք մը պետք է։

Աս աշխարհքը, տղաքս, կըսեր, ան ատեն շենք շնորհք բանի պիտի գա, պիտի բարեկարգվի, երբ ան վարդապետները պսակված կնիկ ունենան, երբ կնիկ, աղջիկ կարդալ գիտնան, երբ ան դեմի ծովակեն ալ մեր դաշտեցիները օգտվելու կերպ մը հնարավորեն։ Ծերուկը, որու հետաքրքրող կենսագրությունեն մաս մը գրած պիտի ըլլամ կարծեմ երբեմն իմ «Գեղի նամակներուս» կարգին, միամիտ մենամոլությունով մը գիշերը կեսին ալ երբ իրեն ձայն հասցնող, իր անունը տվող մը ըլլար, ինք պատրաստ նույն խոսքերը պիտի կրկներ, վարդապետները… կնիկները… ծովակը…

Վերջինը գուցե հասկցվեր քիչ մը։ Ծովքին կողմեն դեպի դաշտ ջրանցք մը բացվելու կարելիությունով, գյուղացին իրավ է, որ անհունապես նպաստավորված կըլլար իր անջրդիներուն համար առատ պատրաստ ջուր գտնելով, իսկ ան առջիներուն ինչ ըսել — ինչ խոսքեր անոր, այն մեկուն ժոռատ ու շողինքոտ ծամույքին տակ: Աղջիկ կրթել, վարդապետը կարգել, ծովքը ծակել, խենթի շաղակրատություններ պարզապես, ուրիշներ ցնդած մըն Է կըսեին անոր, դեռ ինչե՜ր, որոնց կարգին մենք գեղի դպրոցին հովկուլներս ալ քիչ խաղ, խեղկտուքներ չէինք ըներ անոր ամեն անգամ որ զինք առանձին կգտնեինք կծկտած կամ նստած պատի մը տակ, իր մերկ թավամազ կուրծքը արևելու դիրքի մը մեջ։

Է՛, սուրբ Աստուր, կըսեր մեզմե մէկը, այսօր ինչպես, այսօր քանի ծունկ, քանի խաչ, մեր տեղն ալ ըրի՞ր բան մը: Ես էն վերջը ու կեղծ լրջություն մը զսպած մեջս, կուզեի հասկնալ, թե Աստուր ամուն ո՞ւր կպառկի գիշերները. իրա՞վ է լսածնիս, մեզի որովհետև այնպես հավատցուցեր էին թե՝ այն ճերմակ գերեզմանամերձ ծերուկը տարին ի բուն ժամը կպառկի ու սուրբերուն հետ կլուսցնե։ Գիշերները եկեղեցին ու սուրբերուն հե՜տ, բայց ի՛նչպես չի վախնար, ի՜նչ զարմանալի, մինչ մենք ու մեր հասակը ունեցող գեղին տղաք բոլոր ու մեծերն ալ կարելի է, հենց եկեղեցիին բակը գդակ կամ կոշիկ ալ մոռցած ըլլայինք, իրիկվա աղոթքներեն վերջը, մութին, ալ մեզի անկարելի կըլլար ետ դառնալ ու փնտռտուք փորձել: Սուրբ Աստուր դեռ կրնա, կըսեին, գերեզմանը՝ մութին ու առանձնության մեջ, մեռելներուն ալ հետ երես երեսի խոր քուն քնանալ ու առտուն ալ Երուսաղեմե դարձողի մը պես պարծիլ։ Այդ պատճառներով էլ ահա սուրբ ըսեր էին անոր ալ, որ իր դեմքով ու դրսերևույթովն ալ ժամուն սուրբերեն չէր տարբերվեր։

Գլխուն առատ ու համակ ճերմակ մազերը ուսերուն վրա ու մինչև կռնակը կախ ձգած՝ ետևի կողմեն սուրբե մը ավելի մազեղ պատառ մը կերևար շատ հեղ մազերու այն խուրձը կրնա ճաշակով հյուսկեններու վերածած ըլալով։

Գոտին կարկտնուկ սև զպունի մը վրա հանկուրցած՝ կաշիե պարզ փոկ մըն էր, գուլպա չուներ ոտքը, մաշած տրեխ մը, որ տարիներ ու տարիներ առաջ ճամփան գտած պիտի ըլլար կարծես, վերեն վար հին, ոտքեն գլուխը խեղճ հագուստ մը ու ամբողջությամբը սուրբ մը կամ բարիա վերջապէս։

Ան ատեն հեքիաթունակ բաներ կպատմեին մեզի անոր նկատմամբ, Երուսաղեմ, Էջմիածին գացեր է հետի ու բոկոտն, շատ վանք, շատ վարդապետներ ճանչցած, ան տեղերը, անոնց մոտ երկար տարիներ ծառայություններ ըրեր է: Իր տարիքին ու մազերուն վրա խոսք բացվելու ատեն, խորունկ ախեր մը քաշելով, զիս անոնք ծերացուցին կըսեր, թե ոչ՝ քարը կմաշեր ու Աստուր իր քնարը քնճիկը չէր փոխեր:

Անոնք ո՛վ ըլլային, ո՛վ ակնարկել կուզեր.— մեյ մը գեղին քահանաները, մեյ մըն ալ ապահովապես այն անկին քահանաները, որ ինք անձամբ ու այնքան մոտեն տեսած ճանչցած ու անոնց մինչև քիթերնուն շուքը չափած ըլլալը կըսեր, ու ամենևին սուտ ալ չէր խոսեր, նույնիսկ եթե բութ զմելիով մը իր քիթն ու ականջները կտրեին։

Սուրբ Աստուր իր զույգ չուներ գեղ, քաղաք։ Առաջին ամուսնութենե մը հետո, ալ երբեք կին, կնկա փեշ չէր տեսած:

Հայ կրոնքեն ու միշտ եկեղեցիեն կբերե եղեր իր վկայությունները, ամեն անգամ, որ զինք մտիկ ընող գյուղացին իր աշխարհայեցողություններուն մեջ վարանած իր կողմեն իբր լեցուն գիտցողե մը, միջամտող ձայնի մըն է սպասեր։

Ու այսպես գեղը մտնող ելլող հյուր կղերներու հետ ինք բանիմաց ու համարձակ խոսողն ըլլալով, իր իսկ գեղին քահանաներուն մոլորանքները քննադատելե չէ քաշված։

Վայը կբերեր անոր գլխուն, որ քենով պատարագի կկայնի, կամ որ իրենը չեղող ծուխ մը կհետապնդե, կամ ծխատեր մըն ալ իր այցելած տունեն արբած՝ քեռոխենտիլ դուրս կսողոսկի ու եկեղեցին պաշտամունքի կմասնակցի։

Ծերուկ տետեն այդ երևույթներուն հանդեպ թեմակալ առաջնորդի մը սաստող տիրական ձայնին չափ աղմուկ կշինե ան անբարո մոլորածին շուրջը ու իրեն ալ ոչ մեկը կըլլա մեղադրող։ Բայց, ինչպես կըսեինք, սուրբ Աստուր իր այնքանի ահարկություններովը անանկներու մասին մեզի դեմ հակառակ ճնճղուկի անհարկիություններուն, ամեն անգամ ալ բարի կերևնար կամ մենք գոնե այնպես կըմբռնեինք։

Երբ զինք շատ կնեղեինք, երբ քիչ մը շատ համառ հարցասերներ երևայինք, «ի միջի այլոց» միայն այն մեկը հասկնալու համար թե՝ վարդապետներն ինչո՛ւ կկարգվին, կամ ի՛նչպես կրնան կարգվիլ, քանի որ մեր գեղին վարժապետը մեզի անոնց նկատմամբ շատ մը սրբազնիկ բաներ ըսեր է. «Ձեր խելքին չի պառկիր կըսեր, տղա՛քս, գործերնուդ գացեք, Աստուր ամուն այդքան մը մի՛ նեղեք, ես ձեր պապերուն պապուն ընկոզ խաղալը գիտեմ»։

Մենք իրավ է, որ գործերնուս կերթայինք, չէինք ուշանար, բայց ի՛նչ ըսել է կըսեինք, որ մեզի հետ այնքան կարճ կխոսի, մենք դպրոց կերթանք, մենք թեև տղա, բայց եթե ոչ իրեն չափ, իրմե գոնե պակաս չէ մեր ունեցած ու գիտցածն ալ եկեղեցիի կամ եկեղեցականի խնդիրով։

Ես դեռ իմ մորմես ալ շատ մը նախապաշարումներ քաղեր պահեր էի մեջս։ Անգամ մը, երբ մայրս մեր տունէն դիմացի տանիքեն հյուր վարդապետի մը փռնգտալը լսելով ինք ասդիեն խաչ հանելու ձև մը ըրավ, ես հետաքրքիր՝ բացատրություն պահանջեցի, ա՛տ ինչ, մայր, ըսի, վարդապետին հազալ փռնգալո՛ւն ալ խաչ կհանես, «ինչո՛ւ չէ, տղաս, պատասխանեց, վարդապետ մը մեզի պես մի՛ հասկնար, սուրբ մարդիկ են վարդապետները, անոնց ամեն բանն ալ սուրբ է, անոնց զորքին ու հավատքին ղուրպան, անոնք աշխարհք կուգան կերթան, բայց աշխարհք չեն գիտնար, չեն կարգվիր, կնկա երես չեն տեսնար, ան սև սուր բանը որ գլխնուն վրա կպահեն, մինչ աչքերնին չերևցնելու աստիճան, անոր համար է, որ արև, աշխարհք չերևնա աչվընուն, իրենք սուրբ են ու սուրբ մնան մինչև վերջը»։ Ան ատեն ո՛վ խելք ըներ, որ ես քիչ մը երկար քրքրեի մորս հավատքը, անոր մաքուր ու միամիտ հայացքները։

Բանին լուսաբանությունը մեր Աստուրին կմնար վիճակված, երբ ասկե կուզեինք ու նույնիսկ կաղաչեինք ալ, որ մեզի քիչ մը պարզելու ըլլա, թե վարդապետ մը ինչո՞ւ պետք է ամուսնանա, ինք ինչ ունի արդյոք լեզվին տակ, որ մեզիպեսներեն ծածկելը խոհեմություն կսեպե։ Այս նկատմամբ ինչ որ ալ ըլլար մեր ըսել ստիպելու կերպը, ինք նորեն իր մեղմուկ շեշտովը նույն բանաձևը կկրկներ. «Ձեր խելքին չի պառկեր, տղա՛քս, դուք ձեր ընկոզին ու վեգերուն խաղը խաղցեք»։

«Ինծի, գոնե ինծի հետ քիչ մը երկար խոսիր, առանձին միայն ինծի հասկցուր, Աստուր ամու, երդում քեզի, որ միայն իմ մեջս պիտի մնան ըսածներդ, վարդապետ մը կըլլա՞, որ կնիկ ունենա․ ասի ե՞րբ պիտի մոռնաս, քեզի ի՞նչ որ ամեն օր ու կըսեն կյանքիդ բոլոր օրերը աս երգը հնչեցուցեր ես ականջներու»։

Ծերուկը իր հին մարդու համառությանը տեր մնալ պաշտպանելու համար խոսք չունե՞ր, ինքզինք պահելու կե՞րպ չէր գիտեր, թեև կըսեին մեծերուն առջև երբեմն ինքզինք կբանա ու կբացատրե եղեր իր հայացքները ակնարկված հարցին նկատմամբ, անոնցմե ուրիշի մը չլսելու համար խոսք առնելե հետո։ Մեզի երբեք չբացվեցավ օր մը։ Ան վանքերն ինչ տեսած ըլլար, ան մութ մեկուսացված անկյուններուն մեջ որու հանդիպած ու ինչերու ականատես եղած արդյոք, որ գեղջուկ ծերուկի մը մինչև հոգիին խորերը այնքան ցավոտ ու ցնցող տպավորություն մը թողած ըլլար անոր ամեն օր ըսել ու ըսել տալու համար մենամոլ խենթի արտահայտությունով «մինչև աս չըլլա, մինչև ան չի կատարվի, մինչև մանավանդ կուսակրոն վարդապետը չամուսնանա, աշխարհքը չի շիտկիր, չի բարեկարգվիր»։

Թե ծերուկին աշխարհքը իր գեղն ու քաղաքն եղած ըլլար միայն, ասոր համար ալ զինք, իր հիշատակը չէիք ծաղրեր կհուսամ։

Օր մը Մովսեսի ու Համիտի աշխարհքն ալ այսչափ հիմակվանին պես լայն չէր կկարծեմ։

Անկե վերջ, քանի տարիներ անցած ըլլան կմտածեք, որ հիմա քիչ մը հասկցած ըլլայի, հիմա խելքիս պառկած ըլլար թե՝ վարդապետ մը ինչո՛ւ պետք է ամուսնանա, ինչո՛ւ անպատճառ պետք է ամուսնացած ըլլա իր պսակված օրինավոր կինը ունենալով իր կուշտին։ Բա՞ն է ան, որ քահանայի մը վերամուսնությունը առեր անցեր եք ու կուրծքերնիդ կճաթեցնեք։ Դուք հայ եկեղեցիին համար մեծագույն ծառայությունը ըրած պիտի ըլլաք, ան ատեն միայն, երբ ան կուսակրոն ըսածներուն ամուսնանալու հարցին վրա պահեք, հաստատեք ձեր վրանին ավանդականները։ Երեսունհինգ-քառասուն տարի անցավ, որ ես ալ այնչափ բան գիտնայի, համոզում ոսկորներուս ծուծին հետ խառնված ըլլար թե՝ վարդապետ մը ինչո՞ւ պետք է ամուսնացած ըլլա, ու որքա՛ն հույժ շահեկան խնդիր մըն է ասի մեկ օրեն մյուսը մեկդի չլքվելու համար։ Մենք ու մեզի պես հարյուրներ, հազարներ, ալ պետք չունեինք այն խոսքին, որ կըսեր մեր գեղին սուրբ Աստուրը ու կըսեն տակավին գեղեն դուրս ան հեռուները ապրող սուրբերը թե՝ «Ձեր խելքին չի պառկիր, տղա՛քս, դուք լռել գիտցեք»։ Բայց արդյոք պիտի ներկայանա՞ լայնկեկ, թույլտու առիթ մը, որ մեջտեղ գամ համարձակ ու խոստովանիմ հայտնապես, թե ինչո՞ւ պիտի չի կրնամ լռել։

1907