ԲԱՐԵՆԻՇ ՄԸ

ԵՐԿՈՒՔԵՆ Ո՞Ր ՄԵԿԸ

Կըսես ամմա․․․

— Աղա Գրիգոր, քանի օր է, որ միտքս կուգաս, շատերուն հանդիպած էի, կուզեի քեզի հետ ալ սանկ քիթ-քիթի տեսակցություն մը, բարի լույս մը հիմա։

— Աստծու բարին, աստծու բա… հրամեցեք։

— Տխուր ես բայց։

— Տխուր, տրտում, ախր վիճակնիս որ չի փոխվիր, ինչ ընել, երկու օր է գլխու ցավ մ’ալ։ — Կանցնի կհուսամ, մ’ընեք հոգ, բժիշկ բարեկամներ ունիք։

— Մինչ բժիշկ, մինչև բարեկամ, բարեկամություն, էոմիր ըսածդ ալ կանցնի, ա՜յ աղբար, ձգե, որ բժիշկին ու անոր բարեկամության ալ չի՛ վստահցվիր հիմա։

— Իրավ է, որ մարդ նախ մեյ մը իր նախահոգ միջոցներուն վստահելու է, առողջությունը ձեռքե չի հանելու համար։

— Բժիշկն երկրորդական միջոց մըն էր, բայց դուք ալ ինչո՞ւ շատ մտմտաք։

— Չեմ գիտեր վերջապես, չեմ գիտեր։

— Դուք քիչ մըն ալ աշխարհի մարդ, չե՞ք ընդունիր թե՝ ամեն հիվանդություն չի բերեր, հիմա կներեիք, որ ես մեկ-երկու խոսք մը․․․

— Հրամե, նորեն ի՛նչ․․․

— Աս էր ըսելիքս, թե աշխարհ կարկանդակ ալ ուտե, կերևա մեր ալ կերած մարսածը սա փտտած կաղամբը պիտի մնա միշտ որ․․․

— Ըսել կուզեմ, քիչ մը մենք ալ ճանկռտվինք, թող պահ մը մեր ճաշակը բարեշրջում իրավցներ։ Մենք ալ մարդ էինք։

— Մա՞րդ, է՛հ, հելպեթտե մարդ։

— Տե՛ս, ինչպես պիտի բացատրեմ միտքս, աղա եղբայր, մարդ եղողը, երկու աչքով, երկու ականջով մարդ եղողը, բան կտեսնա, բաներ մը կլսե ինչ-որ գիտեք, թե մարդերու ըրածները պիտի ըլլան, օրինակ, քեզի հիմա ի՛նչ չէիր կրնար ըսել, որ մեզի պես մարդերով վերջացուցած են, ու՝ այս կերպով անոնք երկրի վրա՝ երկինքի աստծուն պես պաշտված։

— Հե՛լպեթ, հելպե՛թ, որդիք մարդկան իմաստուն, ըսված է, քանի հրեշտակս երկնքի։

— Ես հիմա ան հրեշտակներն ալ չպիտի ըսեմ, եղբա՛յր, որովհետև մարդ չեն անոնք ու երկրի վրա ալ չեն բնակիր, ես ավելի երկրի վրա ապրողներուն գործերեն պատմեմ։ Մենք ալ բան մը՝ քիչ մը մենք ալ այն մեծություններուն նմանինք, մարդիկ ամեն բանե առաջ նմանիլ կսիրեն։

— Է՜, ի՛նչ ուրեմն ըսելիքդ․․․ խոսքը կարճ կապողն ալ հաջողեր է․․․

— Խնդրեմ, հանդարտ լսեցեք։

— Հանդարտ ամմա, էֆենտիմ, հրամանքս ալ բերաննիս շեքեր մը դնելու համար, մեզ մինչև Շամուշշաղ տանելու ձևեր մը կընես, աղեկ ա։ — Նոր տարին ալ սկսանք, գիտեք։

— Նոր տարին, պելիհ։

— Նոր տարին, նոր բան մը։

— Նոր բա՜ն, չի հասկցա միտքդ։

— Նոր ըսելով մեր քիչ մը սա աշխած աշխարհիկությունը մերկացած՝ բարեսիրական ձեռնարկ մը… որ թաղն ու քաղաքը արդյունք մը ծափահարեն։

— Եկեղեցին շինվեցավ, ա՛լ ինչ։

— Ուրիշ բան, ուրիշ բան։

— Ետևե ահա քահանա մը։

— Ուրիշ բան։

— Աս տարի նոր դասարան մ’ալ։

— Ատ մեկն ալ շիտակ, բայց ուրիշ բան մը…

— Ըսե, ի՞նչ ուրիշ…

― Ըսեմ, պիտի ըսեմ, սիրելի՛ս, մենք սա քաղքցիներս ամեն բան ու ջաղացին շխշխկոցն ալ ջուրին տված իսկապես գորտազգիներ կապրինք։

Ամոթ էր, որ մենք չունենալով առանձին մեր բարձր կրթական հաստատությունը, այսպես միշտ ուրիշներուն հանձնված՝ անոնց ըրածներուն զարմացողը մնանք բերանբաց։

Այն դպրոցն ալ, որ կա, կերևա դպրոցը ս. Հակոբի մեջ, ոչ դուն քուկդ, ոչ ալ ես իմս սեպեի, այդ դպրոցը եգիպտահայ բարերարին է հայտնապես, ըսե՜, դուն ալ այսպես չէի՞ր ընդուներ։

― Պելիհ, պելիհ, սրտանց կըսեմ, թե աստված մեկ օրն հազար ընե այն տեսակ խոչաղ մարդուն։

— Բայց ան օրհնյալ մարդը իրավ որ ատ գովանքներուն ալ չսպասեր, փափաքն է միայն, որ իր մինչև հոս կարկառած ձեռքն ու ձեռքինովը բուն տեղացիին ինքնօգնության ու պարտաճանաչի թելադրիչ առաջնորդողը ըլլա. ու այս կերպով կրթական շնորհքով գործ մը տևականանա սա գետնին վրա, ուր կտեսնվի թե՝ ուրիշներ աշխարհի անդիի ծայրերեն հոս կոլոլված ու կլորված մեր ընելիքը անոնք կընեն, բայց անոնք մեր ուզածը կամ մեզի անմիջապես պետք եղածը չէ որ կընեն, է՛հ, հասկցա՞ր մի իմ աղբար, հիմա կարգն է, որ քեզի ալ, ինչպես ուրիշներուն, կարևոր առաջարկներ մը ընեմ, որոնք դուն կրնաս հատուկ մեր կողմեն հայտնված խնդրանքներ ալ հասկնալ։

— Ես զաթի կկռահեի, որ բերնիդ մեջ քար կա ամմա, ալ արթխկ մայրն ու խոշորը չէի կրնար զանազանիլ, գիտեի արդեն, բայց…

— Բայց քար մի՛ ըսեր գոնե, սիրելի՛ս, շաքար ըսե, մեղր ըսե, ըսէ ինչ որ համ ունի քաղցր։

— Փեք աճայիպ մարդ, շա՛տ թոաֆ, ասոր անանկ կերևնա, թե շատ ուռեցուցեր ես, ե՞րբ քեզի հետ խոսքի բռնվողը շունչ կրցեր է առնել։

— Մտիկ ըրե։

Աս նոր տարիեն սկսած դպրոցի պյուտճեն լայնցնելու ձեռնարկ մը ընենք կրթական տարեվճար մը ինչ չափով ալ ըլլա, մենք գիտենք թե՝ տարիին մեջ շատ մը ավելորդ ծախքեր ունինք, կընենք, որոնց ետևեն ապա երկնցուցած ախ ու վախերնիս պատուհանին ապակիները կոտրտող հովերը շիներ են։ Իսկ ան, որ հիմա օգտակարին համար կառաջարկեի, հոգիի համար ալ անբացատրելի հաճույքը պիտի ապահովե։ Ուրիշներե լսած եմ բավական, հիմա ձեզ ալ ցանկին մեջ, սիրելի՛ս։

— Աղեկ կըսես, ամմա՜, աղբար…

— Աղեկ, աղեկ, իմ խորհածներուս ոչ մեկը վատ, ոչ մեկը ջուր նետելիք, բարի կամեցողություն մը ու բավական կլլար։ Դպրոցին համար աս նոր տարին նոր ծախքեր մը կգուշակվին։

— Բարով կըսես, ամմա՜, խուզում…

— Դպրոցին շենքը նեղնալ սկսեր է, լայնցնելու անհրաժեշտ պետք մը… Մյուս կողմեն անանկ կլսվի, թե դասատուներն ալ ֆիզիկայի ու կարգ մը ուրիշ դասերու գործնական փորձերուն համար օտար դպրոցներու դուռները մուրացիկի ստվեր մը կքաշեն ետևնին, գործիք կմուրան, ան օտարներն ալ շատ դեգ խոսքերով կմերժեն մերիները, ասոնք ալ լսա՞ծ էիր։

— Կըսես, ամմա՜, էֆենտիս…

— Էֆենտիս, աղաս ալ դուն պիտի ըլլաս, քրիստոնյա եղբայր, պայմանով, որ ամոթի կարմիր մը բաժնենք մեջերնիս։ Աստծու սիրուն, կուզես սա վայրկյանին դուն ալ քու ուզած ծանրությունդ, քարդ իմ կռնակս բեռցիր։

Հիմա կանդրադառնայի՞ր թե՝ ես քարը ո՛ւր կսիրեմ պահել։ Սա ըսել կուզեի, թե դուն քու հինգ տալու ատենդ, հրաման ընեիր, որ ես ալ իմ տասս տայի։

— Աղեկ շեքքեր կծամես, ամմա՜, ա՜ պապամ… — Ինչե՜ր, ինչե՜ր, աղա Գրիգոր, էֆենտիս, ի՛նչ պետքեր, ի՛նչ պակասներ, քաղաք մը, ամբողջ հասարակություն մը՝ մենք տակավին աղջիկներու դպրոց ալ չունինք։

Մեր աղջկները, մեր մանչերը, մենք ամենքս ամեն պարագայի տակ գիտեի՞ր, թե ի՛նչ լեցուցեր գավաթը ու կխմենք ամեն օր, դուն թերթ կառնե՞ս ձեռքդ, երբեք լսելու կըլլա՞ս այն խոսքերը, որ մեզի ուղղակի մեր հասցեին կնետեն, այդ գավառը այլասերված մըն է կըսեն, եկեղեցիին ինչպես անոր դպրոցին մեջ, մնացածը ոչնչության հավասար մռայլ պարապը կերևա հետզհետե։

Ու անանկ ալ չէ՞ մի, լուս. ժողովուրդը ո՛ւր կվազե կիրակեի առավոտը, հայ պզտիկներն ալ լուր օրերուն դեպի ո՛ր դպրոցներու կողմ «հորդան կուտան»։ Առաջքն առնեինք սա վիճակին, մերիններին տեր մնալու համերաշխ համաջան փորձն ընենք, աս տեսակ փորձ մըն ալ դրամով կըլլար, եղբայր, դրա՛մ, դրա՛մ, դրա՛մ։

— Ա՛խ, աղա դրացի էֆենտիս, իրավ, որ շատ շիտակ կըսես, շատ բարով կճառես, ամմա, գառնուկս, պոյիդ խուրպան…

— Խոսքն երկար, քիչ մը երկար ձգե, եղբա՛յր. ատ ամման, ատ կըսեսները անանկ գռեհիկ հանգեր մըն են, որ բնավ չեն հարմարիր մեր սա երգածին, լայն բաց բերանդ, սանկ ոգևորող պատասխան մը դուն ալ։

— Շնորհիվդ բերան ալ ունիմ, պատասխան ալ, ամմա՛, պապուկս, դուն չես հասկնար — Դուն միայն ըսելու եղիր, վստահ եղիր։

— Վստահ ինչի՞։

— Վստահ եղիր կըսեմ, որ դուն եթե ձուկ ըսես միայն, ես գետն ու ամբողջ օվկիանոսը հասկնամ։ Խոսք ըսե, երկար ըսե, ինչպես կխնդրեի, քիչ մըն ալ ժիր հանե ձայնդ, հնչուն սոլո մըն ալ դուն լսցուր։

— Սոլո՜… ատ ինչ (բռնազբոս քրքիջ մը) էյի էա, որ ան ատենն ալ ըսեմ բամբասես թե՝ էֆենտին, Գրիգորը, թախըմ մը լոլոներ կարդաց գլխուս, իրավ որ, լավ ճարպկություն։

— Հիմա, եղբա՛յր, անանկ կըմբռնվի թե՝ դուն մեզ ափաշկարա հիմարի, ախմախի տեղ կդնես, է՛հ…

— Չէ՜, քավ լիցի ըսե, մեղա ըսե, մենք ալ մարդ ենք զահար, խուզո՛ւմ։

— Մարդ եք, մարդ ենք, հրամեր եք, ես ատ խոսքը առաջ ըսի, ուրիշ ի՞նչ, տես թե՝ ուրիշներ ինչպես կծախսեն. ինտոր կփռվին, ու մեր տեղերը կնեղցնեն։ Տալու պես կամեություն մը, առաքինություն մըն է, որ միշտ կախում պետք չէ ունենա հարստության չափե․ հերիք որ զգացումը կա ու հոն կա ամեն բան, որուն պետը ունինք։

Դուն քուկինովդ, ես իմինովս, կլմմնար, կերթար։

— Նորեն չի հասկցաք միտքս։

— Մինչև ծուծդ ալ հասկցա, ինչպես չէ, պարզապես գեշ երազ մը ամբողջությունդ։ Քեզնե շատ պակաս ունեցողն ալ մեզ չի խաղցուց, չի խոսեցուց այսչափ։ Կճանչնայի՞ր Մինասյան Աստուր, տարին մեկ անգամեն 25 ղրշ․ խոստացավ վճարել։

— Ո՞վ, ո՞վ, ան Աստո՞ւրը, ան Մինասյան աղա՞ն — հելպեթ, ինչու չի տա, հինգ տղա ունի դուրսը, որ իրեն համար կբանին։

— Տասնհինգ դահեկան ալ Սարգիսին տղան՝ Զաքարը խոսք տվավ։

— Այդչափ ես ալ կխոստանայի, անոր քեռին ողջ մնա, հելպեթ, Համբարձում աղային հարստությունը աս ավուր օրս տեվեի քերվանով ալ չի վերցվիր։

— Երկու արծաթ ալ Հմայակ էֆենտի։

— Անցած ամառ անոր զարկած փիանգոյին չափն ալ պահե՞ր ես միտքդ, սրտանց կըսեմ, թե քիչ պիլե տվեր է։

— Երկուք ալ հաճի Սողոմոնին տղան Կարապետ էֆենտին։

— Կուտար եա, երբ ես իմ ալ եկենս մեր տունը բերեի, մեր տունը տար հոգին, ու բոլոր ունեցածը ես ամփոփեի տախխային, ես ճշմարիտ որ լիրա մը կուտայի, լիրա մը, լիրա մը, լեն բաց աչքդ։

— Մարգար Պողոսյան էֆենտի, երկու որբերու մեյ մեկ ձեռք զգեստ։

— Օրթըխեն գողցողը ինդո՛ր պիտի ընե, որ արդարանա, էոյլե յա, հերիֆին հետ երկու-երեք տարի օրթախ եղավ, տունն ավրեց, կըլլա յա։

— Դեռ լսելու եղիր, Արշակ Հովհաննեսյան երկու թոփ չըթարա։

— Էտ ճանավարը, էտ քեփազե հերիֆն ալ թող հեմի այնթապցուն պարտքը տա տե, վերջը սապոնե երեսը։

Աստվածդ սիրես նե, դուն ալ քիչ մի ինծի հախ տուր, գողցիր, փախցուր, ողորմող թասլամիշ եղիր, սա ալ եղա՞վ մի, էֆենտիմ, մարդ մի ճաթեցնեք։

— Ըսե ինչ որ կրնաս, բայց քիչ մըն ալ լսե, Գրիգորյան Սարգիս տարվետարի դպրոցին կոտրած ապակիները պիտի տա։ — Է, հիմա ես լռեմ, դուն խոսիր, պեոյլետե խալթ էթմեք օլուր մի ա՜, խուզում, էտ փե…նկը իր կոտրած ճամերուն ալ ճեռեմեն պիտի տա՞ արդյոք, որ գիշերները վար կառնե հերքեսին պատուհաններեն։

— Հինգ ղրշ. Մկրտիչ աղան։

— Խոսք չունիմ ատոր, քրտինքովը ապրող պարկեշտուկ մարդ մի, վկա գրե զիս, որ ատ մեկը իր միսեն, ոսկորեն կտրեր տվեր է, աֆերի՛մ։

— Արթին Ժամկոչյան, երկու բեռ փայտ պիտի տա ամեն ձմեռ։

— Սը փսխո՞ւնքը, շան լակո՞տը, վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, աստված պելատ տա, հերիֆ. բայց դուն ալ լսե՞ր ես կըսեմ… ձգե, աղբարս, ձգե, ձգե, նե էսիրտե գալտըք…

— Եըլխովանենց Դավիթը երկու ջեյրեկ։

— Երեք տարի է, որ հինգ ղրշ. յուղագին խոստացեր է, չի տար, հիմա ալ նոր քեփազեություն մը թեզելեթմիշ կըսե, պու տե պեոյլե եազարըզ։

— Մեկ ոսկի անանուն ոմն։

— Մի՛ ծածկեր, ես ատ մեկն ալ կռահեցի, ատիկա ան հերիֆը չէ՞, որ յոթը տարին անգամ մը ատ տեսակ իկիտություն մը կընե, որ իր յոթը պորտերուն իֆլազությունը քավվի զահար, էֆերիմ վալլահա, իր պապը մեյմեկ խալիպ սապոն ալ չի տվեց պարտկնտերերուն։

— Հինգ զույգ կոշիկ Աճեմյան Համբարձը։

— Աստծու սիրուն ըլլի, սըվոր ալ հասկցնեիք, որ տարին անգամ մը գոնե գոգ մը փափուճ առներ կնկան համար, վերջը ուրիշներուն…

— Հովակիմ Թախթախյան սնտուկ մը քարյուղ։

— Աֆերիմ մարդ, լեզուս առվի, որ սը մարդուն մահանա մը գտնեմ, չէ՜. շատ ազնիվ մարդ, խնամուս աղբարն է, բայց ես չէ թե աս բանին համար է, որ կգովեմ, ինք զաթի էօթետեն պերու ազնիվ մարդ է, ձեռքի տակե ալ շատ բարիքներ կընե, որ իր կնիկը պիլե չի գիտեր։

— Կես ոսկի Սյումպյուլ Նազարը։

— Ան բամպակի գողը, անանկ չէ՞ մի, մեկ-մեկ հարցուր հասկցիր, թե սա քրիստոնյա թյուճճարը ամեն օր ամեն մեկ գյուղացիե քանիական օխա բամպակ կքռթե ու կուրանա անամոթաբար, ատ ռեզիլ մարդը տասն անգամ բռնվեր է ալ, ու ինք նորեն տասնմեկերորդ ռեզիլութենեն վազ չէ եկած։

Աշխարհքն այսպես է, դրացի՜, մեր գեղացիները գոնե ես այսպես գտեր եմ, բարիք կընեն, իրենց չարիքները պարտըկելու համար քսան դահեկանով քսան լիրայի գողության մը քավությանը կսպասեն։

Դպրոցին կտան, որ թալլված դրացիին մը բողոք լեզուն խեղճին կոկորդին մեջ կծկեն, կիրակի օր մը եկեղեցիին կուտան, որ լուր օրերու ամբողջ շարք մը՝ աղքատ քաղաքացիներե այն տվածնուն տասնապատիկը շորթեն ու մեղա չգըտնեն, իմ խորհելու կերպս ահա որ դուն ինչ ալ ըսես, աշխարհքին անունն ալ համրես, իմս պիտի մնա։

— Բայց դուն ալ բան մը, որ վերջ մը բերեմ, գիտեմ թե՝ իրավ որ երկար խոսեցա, դուն զատվե ուրիշներեն, դուն քանի որ այսչափ բծախնդիր քննադատ մը կերևաս, այնպես մը դուրս եկուր, ու խոստացիր, որ… դուն ալ, է՛հ, վաճառական մը, քու բաժինդ տուր, որ վրան սանկ երկաթագիր բարերարություն մը գրելու ատենս, տակն ալ քու պատկերդ քաշեմ։

— Էհ, իրավ որ, գեշ չես ըսեր, գեշ չես թելադրեր, ամմա, սիրելի՛ս։

— Զիս պարապ մի ձգեր վերջապես, ա ճանըս, տուր ինչպես որ կուզես, ինչ չափով որ կուզես, կամ շարժառիթդ ինչ որ ալ ըլլար։

— Օ՛ֆ, օ՛ֆ…

— Դեռ շիտակն ըսելու համար, ինչ հարկ այն ճռպոտ ակնարկներուն, որ ըրիր ասոր-անոր հասցեին։ Մարդիկ ինչ որ են, կամ մարդը ջուրե՞ն բերված արդյոք թե՝ հողեն ծնված ըլլալնուն համար է, որ ոտնվորված են, քալել գիտեն, սահմանները կանցնին, որ ուրիշինն են, կամ ձեռքեր ունին, որ հափշտակելու վարժած են, քեզի ինչ փույթ ասոնք, աղա Գրիգոր, հոգի՛ս, խոսքին վերջ մը։

— Ա՛խ, ա՛խ, կհասկնան եղեր, որ նորեն ժամ մըն է, որ նույն խոսքը…

— Շատ զոռ ընելու ալ չի գար, բարեկամ, քիչ մը երկար փախավ։

— Կհավատա՞ս, որ ըսեմ, թե սա արալըխ՝ տասնոցին անգամ կարոտը կքաշենք, տասնոցին, տասնոցին։ Շաբթվա մեջ տասն ոսկիի փալիչա մը նետվեր է առջևս, վերցնեմ ձեռքս առնեմ, մեկ տերտ, չի վերցնեմ ուրիշ տերտ։ Զիս մենամարտի ստիպող ձեռնոց մը ըլլի ան կարծես, կըլլա՞, որ գետին թողնեմ: Մարդու մը տերտը հասկընալե վերջն է, որ կփորձեն անոր գոտին քակել:

Աս ալ այսպես է, եղբայր։

― Վերջապե՛ս։ ― Ինծի մտիկ կընես, վաղը մյուս օր եկուր, ավելի շիտակը գալ շաբթուն երևցիր, ավելի իմաստուն կերպը, հիչ չի գաս նը բանը տահա արդյունավոր տըլլի ճանս։

Մենք ալ մարդ էինք զահար, էֆենտիմ, շայետ եկեր հիչ բան մը չի կրցեր էինք տալ նը, խոսք քեզի, որ դպրոցին աղքատ տղոց պունտան պեոյլե մենք մեր ունեցած ջիթեն, ջըթարաններեն վերեսիյե տալու համաձայնության մը գանք։ Ասոր ալ անունը ազնվություն, մարդավարություն, դուն կուզես սանկ խաբուխարճի բարերարություն մը դիր։


Դուք ալ, սիրելի ընթերցողներս, ձեր մեջ, ձեր կուշտին, ձեր գեղը կամ քաղաքը, ունեիք եթե սա տեսակ քար տանձի տեսակներե, աստծու սիրուն ըլլար, մեկ տեղ ժողովեինք, մենք ալ մերինները կմիացնեինք, որ մեկ անգամեն անոնց մեր ուզած անունը տայինք։ Դուք արդեն հիմակվընե չե՞ք գուշակեր թե՝ ես անոնց յուրաքանչյուրին համար ինչեր ունեի շրթունքիս ծայրը։

Սա «կըսես ամմաճիներ»-ը ո՞ւր չի կային։

1907