Ձորը մտա ես օրվա հետ:
Արեւ ուներ օրն, արեւեց
Ու բարեւվեց
Ճամփաներում:
Խենթ էր, խենթ էր առավոտը,
Իմ հեռավոր մանկության պես.
Արեգակից առաջ ընկել,
Թավալվում էր հովիտներում,
Թփուտների մեջով վազում
Եվ վրաս էր թափվում անհոգ
Շաղն ու շողը,
Գետը մտնում
Ու մրցում էր ալիքի հետ`
Մարտնչելով հոսանքի դեմ,
Խա՞ղ էր դա էլ,
Երազների տուտը բռնում
Ու թռչում էր դարերն ի վեր:
Խենթ էր, խենթ էր առավոտը
Իմ հեռավոր մանկության պես:
Հետո… Ոչինչ չեմ հիշում ես,
Տեսա հանկարծ`
Մայրամուտ է,
Լեռներից դեն գլորվում է
Արեգակը,
Եվ ետեւից
Չի կարենում օրը հասնել,
Չի՜ կարենում օրը հասնել…