Մաշված, գունաթափ խաշամի միջից
Ժպտում է հողը ջերմությամբ անուժ
Եվ սրտի ինչ-որ տաք անկյուններից
Կանաչ է ելնում
Վերհուշի նման քաղցր ու անուշ:
Սա խա՞ղ է արդյոք,
Կատա՞կ է սա, թե ճիգ է մի վերջին…
Ու մի ծերունի ժպտաց խորամանկ,
Ժպիտի միջից պոկվեց մի հառաչ.
- Հողը պարզապես հուշերի մեջ է,
Գարնան օրերն է
Վերապրում հողը` ձյուներից առաջ: