Հասունանում է օրը սիրո պես,
Եվ արեգակը ուր-որ է ահա
մայրամուտի բարկ ճյուղերից կընկնի
արդեն վարարող հոսքի մեջ մթան։
Ես ճամփորդում եմ մթնշաղի մեջ
եւ արարում եմ...
Իմ ճանապարհը
Եղավ ավելի երկար ու տոկուն,
քան ինձ թվում է։
Գիշերաշրջիկ մի քամի գալիս,
փաթաթվում է ինձ
եւ շատ է ուրախ,
որ զրուցընկեր գտավ վերջապես։
Ես ինչ գործ ունեմ քամիների հետ,
Ինձ վստահում եմ իմ հույսի թփին,
Մինչեւ բացվի լույս։
Թուփը կքել է ձյուների տակ խիտ.
Նեղվածք է, սակայն, կարգն է սարերի,
պատվավոր տեղ է բացում ինձ համար.
- Շնորհակա՜լ եմ։
Ես իմ տաք շնչից բաժին եմ հանում
հյուրասեր թփին,
Որ թեթեւ տանի բեռը ձմեռվա։
Լույսի հետ նորից ելնում է ճամփաս՝
մի գիշեր եւս ծալած ոտքի տակ,
մի գիշեր եւս դարձրած աստիճան։
Ինչքան էլ ճամփան դժվարին լինի՝
երանություն է ճամփա գնալը,
երբ գիտես, որ քեզ միշտ սպասում է
ժպիտը քո մոր՝
որպես լեռներիդ շեմին բացված դուռ։
Եվ հավատում ես, որ պիտի հասնես,
քանզի մայրիկն է ճանապարհ դրել...