ՔԻՐՍԸ


Լեռը ուզում է իմ տունը լինել,
ՈՒզում է, որ ես իր կածաններով
Ամեն օր քայլեմ՝
Շուշանների հետ ու կակաչների,
Որ իր անունով կնքված ջրիկը՝
                Քարաղբյուրը մեր,
Ստվերս առնի ու մաքրաջրի,
Որ իր լանջերին տնկեմ թթենի,
Նռնենի տնկեմ,
Վարեմ-ցանեմ արտ,
Որ լանջով իմ ձին ջրելու տանեմ.
Եվ ծառ ու ծաղիկ զուգեն լեռը այդ,
Եվ ձին լեռանը սիրի ինձ նման։
Լեռը ուզում է իմ տունը լինել։
Լեզու է առնում ու ինձ ասում է՝
Երբ դու ես անցնում իմ շավիղներով,
Քո Դավիթ պապը, որ վաղուց չկա,
Քեզ հետ քայլում է...
Դու լավն ես, լեռս,
Եվ ինձ թվում է,
        Այնպես է թվում՝
Քո սրտից բխած ճանապարհներով
Գնում եմ դեպի ակունքները իմ...
Իմ տնից ելնող ծուխը՝ կապույտ սյուն,
Բարձր է, վրան երկինքն է հենված.
Կընկնի երկինքը, փուլ կգա իսկույն,
Թե իմ երդիկից ծուխ չելնի հանկարծ...
Լեռը ուզում է իմ լեռը լինել,
ՈՒր էլ որ գնամ՝ հանդիպում է ինձ
                  իր ճանապարհին։
Ու միշտ քայլում ենք մենք դեպի իրար։
Լեռը ուզում է միշտ իր հետ լինեմ,
Լեռը ուզում է երգի լեռ լինել,
Կանչս, շարժումս
Իր թավիշներում երբեք չմեռնեն,
Սիրո չմարող աստղերի նման
Շողշողան կրծքին, թեւերին, սրտում...
Լեռը ուզում է աստղահայր լինեմ.
Աստղ՝ խնդության, աստղ՝ երգերի
Ու երջանկության,
Աստղ աստղերի...
Լեռը ուզում է իմ տունը լինել,
Լեռը ուզում է լինել աստղատուն։