Մորս վարսերը
մեր սար ու ձորով, մեր հին հանդերով
անցած ու անցնող ճանապարհներ են...
Ահա, մի ճամփա. -
ձգվում է Դերին աղբյուրի ափով
եւ Ջրաղացի ձորում ծեծկվում
անդուռ անձրեւի
ծանր տարափով,
ջաղացի ջուրը սելավից խլում
եւ արցունքներ է նվիրում նրան,
մինչեւ հրաշքի նման երեւամ,
դուրս գամ անձրեւի,
մութի,
երկնքի,
որոտի միջից
Ու կանչեմ՝ մամա՜...
Եվ լացի միջից ծիծաղեն հանկարծ,
խինդով վարարեն արցունքներն իմ մոր։
Ահա, մի ճամփա. -
համառության պես ելնում է Մեծ սար՝
իմ կամքովն ի վեր,
եւ, որքան փոքր, ես՝ հպարտ այնքան
ու մեծավարի
մայրիկիս ձեռքից գերանդին առնում,
ինքս եմ դառնում գերանդիավոր,
պրկվում եմ, ձգվում,
բայց հոգնությունս ես վիզ չեմ առնի...
- Մի քանի օր էլ՝ հայրիկը կգա...
Մորս խոսքերը դողում շուրթերին,
թախիծ են մաղում հանդերի վրա։
Իսկ իմ ընկերոջ՝ անհոգ ծղրիդի
երգը վառվում է ամռան շոգից թեժ։
Ահա, մի ճամփա. -
Մեր Եխծուն տակի բոստանում փշոտ
բոբիկ ոտքերով ջուր է բաժանում
մայրս մարգերին,
վռազում ապա՝
կամը լծելու,
կալը կալսելու,
ուշ երեկոյան՝ հեռու քաղաքից
հորս առաքած քաղցր կարոտը
իր բալիկների
դեմքին համբույրով լուսագործելու...
Դեռ լուսամութին զարթնում այդ ճամփան
ու հանդ է գնում՝
մեր հազար ու մի հոգսում լուծվելու։
Ահա մի ճամփա...
Մի ուրիշն, ահա...
Ինչքան ճամփաներ - խոնարհ, խնկավառ...
Մորս վարսերը
մեր սար ու ձորով, մեր հին հանդերով
անցած եւ անցնող ճանապարհներ են...
Ճերմակ մազերը ճամփեքն են անցած,
չանցած ճամփեքը
ախ, այնքան քիչ են մորս վարսերում։