ՄՈՐՍ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ


Դու, որ առել ես սիրտը տղայիս,
երեւի շատ լավ, շատ լավ աղջիկ ես -
երեւի ճերմակ
երազներ ունես
եւ թեւեր ունի սերդ երեւի...
Իմ տղան՝ արդեն քսան տարեկան,
                շնչում է քեզնով,
անապական օդ եղիր, աղջիկս,
եւ շատ եմ խնդրում՝
նրա համար սեր լինելուց առաջ,
սրտիդ անկյունում մի քիչ, իմ սրտից,
գորովանք պահիր,
անշահ, մայրական հոգատարություն։
Թեպետ իմ տղան՝ քսան տարեկան,
բայց շատ է փոքրիկ՝
գիշերները բաց լինելու համար,
դեռ շատ է փոքրիկ՝
ինքն իրեն ցրտից փրկելու համար,
դեռ շատ է փոքրիկ
ինքն իր մասին հոգալու համար,
իմ աչքով նրան տիրություն արա...
Դու, որ նրան ես սիրում, աղջիկս,
նշանակում է՝ լույս կա աչքիդ մեջ,
այդ լույսին մեռնեմ,
փռած պահիր այն տղայիս ճամփին։
Նրա հարկի տակ, սրտի մեջ նրա
լույսը շատ արա
եւ նրա համար ծնիր զավակներ՝
որդուս պես խելոք, որդուս պես անուշ,
որդուս պես հզոր, պարզ ու հաղթական...
Դու, որ նրան ես սիրում, աղջիկս,
նշանակում է՝ լույս կա սրտիդ մեջ,
թող անմար լինի...
Խնդրում եմ միայն՝
որդուս համար սեր լինելուց առաջ,
քիչ էլ, աղջիկս, ախպեր կլինես...
Ես էլ քեզ նման երբ դեռ նոր էի
հարս եկել տունն այս,
թող այդ օրերը ոչ ոք չտեսնի,
տան տղամարդիկ մեկ-մեկ մեկնեցին
ճակատը ռազմի,
տան տղամարդը ինքս մնացի,
նամուսը այս տան, այս տան պատիվը
պահեցի նրանց օջախին վայել...
Երջանկություն է՝ հարս լինել տանն այս։
Պարզասիրտ եղիր... քո պարզությունն էլ՝
սերը իմ որդու,
եղիր գոտեպինդ... քո գոտիներն էլ՝
                      ձեռքերը որդուս,
մայրացիր ու թող զավակներդ յոթ,
յոթ սյուներ դառնան Զառունց հարկի տակ։
Երջանկացրու տղայիս այնպես,
որ նա արեւի,
         արեւը ի՞նչ է,
սիրո թեւերին պահի կյանքում քեզ։
Բայց թե պատահի... թող լալկվի լեզուս,
                        դա չի պատահի...
Դեռ չեմ տեսել քեզ,
բայց որ իմ տղան սիրահարվել է,
ուրեմն՝ ամենից սիրուն աղջիկն ես,
քեզ համար ճերմակ հարսնաշորեր եմ
                        առել շատ վաղուց՝
քո մաքրությանը վայել թովչանքով
եւ ափսեն անգամ՝
իմ ընտրած-պահած,
ճամփադ պահում է անհամբերությամբ,
որ ոտքդ մեր տան շեմին դնելիս՝
քո ոտքերի տակ խինդով փշրվի...
Որդիս սիրո մեջ չափ-սահման չունի,
թե սիրեց՝ սերը սար ու ձորով է,
թող ծլի-ծաղկի ու ծիր-ծիրանի
                դառնա կյանքը ձեր։
Ես էլ ուրիշ բան ձեզնից չեմ ուզում.-
ձեր սերը միայն պահեցեք այնպես
եւ այնքան բարձր,
որ ով էլ նայի՝ կյանքը ջերմանա,
հատնող աչքերիս վերջին շողն էլ
ձեզնով լիանա...
Դու, որ որդուս ես սիրում, աղջիկս,
նշանակում է՝ լույս կա սիրուդ մեջ...
Լույսն այդ, որդիներ, անսպա՜ռ լինի։