ՄԱԹՈՅԻ ՔԻԹԸ

Մաթոյի քիթը խփվել է ծառին,
Դե ինչ, հետո ինչ...
Մաթոյի քեֆը այսօր տեղն էր-
Մաթոյի կինը մի քիչ նեղել էր,
Նա էլ վերցրել,
Խմել է մի լավ,
         քո ասած՝ կոնծել։
Մաթոյի քիթը խփվել է ծառին,
Սակայն հրաշքով դեմքը չի ջարդվել,
Ախր մեր Մաթոն վաղուց դեմք չունի,
Ունի հինգ երես,
        որոնք հարթակ են դիք քթի համար,
եւ ամեն երես իր կերպը ունի։
Մաթոյի քիթը խփվել է ծառին։
Թե հանկարծ ինչ-որ մի բան տեղում չի՝
Երեսի կաշին փոտ-փոտ է ընկնում,
Ինչպես որ գինու լցված բաժակում
Գինին կնճռվի
Մաթոյի շնչից...
Մաթոն անկործան... Այնքան է կոնծել,
Դարձել է այնքան, այնքան զգայուն,
                որ քաշված մեկդի,
Իր սովորական աչքերով մաքուր
Տեսնում է ասես
Շրջապտույտը երկրագնդի։
Եվ դրանից են քայլերը երեր։
Շուրթերից կախված քմծիծաղը մեծ
այնպես ծամածուռ
եւ այնպես հորդ է։
Մաթոյի քիթը խփվել է ծառին,
Դե ինչ, հետո ինչ...
Ծառն ավելորդ է։