Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան

բնագիր
Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան

Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան,
Ամէն մէկն ասում էր.«Մազէն յիս իմ,
Քու մէջըն ի՞նչ ղըվաթ կա, ի՞նչ իս դուս տալի,
Մարդու ղըվաթ տըվողն ու փազէն յի՛ս իմ»:

Մախուխն ասաց. «Օխտըն շաբաթ պաս ունիմ,
Գըլխիս ծառայ օխտըն նուրահարս ունիմ.
Համիմ, սըխտուր, պիտնա ու պըռաս ունիմ.
Աթամորդու սըրտի մուրազըն յի՛ս իմ»:

Ոխչըրի միսն ասաց. «Իմ մէջն է համըն.
Կու դընին փըլաւումըն՝ կու քաշին դամըն.
Ինձ մաթլաբէն կ’օծին «քիզ կ’օծին ջամըն.
Ջիգրու կու պատռեցնիմ, քու ջազէն յի՛ս իմ»:

Մախուխն ասաց. «Քանի փըքվիս, պատըռվիս,
Պիտի վուր պաս պահիս, հազար փըշըրվիս,
Միղքիրէդ դարձ գաս ու պիտի հաղուրդվիս.
Դըժուխքի ու դըրախտի ղազէն յի՛ս իմ»:

Ոխչըրի միսն ասաց. «Պակսիլ է օրըն,
Դիփունն ինձ ին գովում՝ քաչալն ու քօռըն.
Քիզ կու քօռացընէ իմ մատղի զօրըն,
Լաւաշում փաթաթած թավազէն յի՛ս իմ»:

Սայաթ-Նովէն ասաց. «Խօմ գի՛դիք՝ օձ իմ.
Գ’ուզիք էրկսիդ մէտի մէբաշ սըղոցիմ,
Կու վիկալնիմ ձիզ՝ մութըն տիղը կ’օծիմ,
Կողպեքըն կու դընիմ՝ ձիր ռազէն յի՛ս իմ»:

թարգմանություն
Մախուխն ու ոչխարի միսը կռվեցին

Մախուխն[1] ու ոչխարի միսը կռվեցին,
Ամեն մեկը թե՝ «Աղանդերը ես եմ,
Քո մեջն ի՞նչ ուժ կա, ի՞նչ ես դուրս տալիս,
Մարդուն ուժ ու կորով տվողն ե՛ս եմ»:

Մախուխն ասաց. «Յոթ շաբաթ ես պաս ունեմ,
Գլխիս ծառա յոթը նորահարս ունեմ,
Համեմ, սխտոր, դաղձ ու պրաս[2] ես ունեմ,
Ադամորդու սրտի տենչանքը ե՛ս եմ»:

Ոչխարի միսն ասաց. «Համն է իմ մեջ,
Փլավի հետ մեկդի կքաշեն փռի մեջ,
Ինձ սինու մեջ են լցնում, քեզ՝ թասի մեջ,
Հոգիդ կհանեմ, քո պատիժն ե՛ս եմ»:

Մախուխն ասաց. «Էնքան փքվես, պատռվես,
Դու պիտի պաս պահես, հազար մաս լինես,
Մեղքերից դարձի գաս, պիտի հաղորդվես,
Դժոխքի ու դրախտի դատողն ե՛ս եմ»:

Ոչխարի միսն ասաց. «Պակսել է օրըն,
Ամենքն ինձ են գովում՝ ճաղատն ու քոռն,
Քեզ կկուրացնի մատաղիս զօրն,
Լավաշում փաթաթված բրդուճը ե՛ս եմ»:

Սայաթ-Նովեն ասաց. «Գիտեք որ օձ եմ,
Կուզեք երկուսիդ մեկտեղ հանկարծ սղոցեմ,
Կվերցնեմ ձեզ՝ մութ տեղն կածեմ,
Կողպեքը կդնեմ, ձեր փակը ե՛ս եմ»:


  1. Մախուխ - պասուց կերակուր
  2. պրաս - վայրի սոխ