բնագիր
Տղէն ու աղջիկըն մէկմէկու դէմ ելան
Տղէն ու աղջիկըն մէկմէկու դէմ ելան.
Տըղէն ասաց. «Բա՛րով տեսանք, ի՛մ սիրած,
Թէվուր գովքըդ ասիմ, լիզուս չէ պատում.
Բօյըդ սալբու-չինար՝ ղարարին բերած,
յի՛ս քիզմէն էրած»:
Աղջիկն ասաց. «Գըլխէս ռա՛դ’լի, տո գա՛դա,
Նըհախ տիղըն գըլուխըդ մի՛ տայ բադա,
Շատ քիզ պէս իմ տեսի շահ ու շահզադա.
Բօյըդ սալբու-չինար՝ ղարարին բերած.
(դո՛ւն ինձմէն էրած)»:
Տըղէն ասաց. «Սիրտըս սըրտիդ կեսըն է.
Քու ճանփէն դէտը չէ, քու ճանփէն դէսն է.
Ա՛րի հէնց բան բըռնինք՝ օ՛չով չըտեսնէ.
Թամամ էս աշխարհքիս մինք կու’լինք գոված.
յի՛ս քիզմէն էրած»:
Աղջիկն ասաց. «Ա՛րի մինք չանինք շըփոթ.
Վախում իմ խաբարըն գընայ հօրըս մօդ,
Թէ հէրըս իմացաւ, (կու’լի միզ ամօթ),
Կ’օնէ քիզ մէջդ ի կէս, խանջալըն ձեռաց.
դուն կու’լիս միռած»:
Տըղէն ասաց. «Ա՜փսուս, ինչի՞ նազ արիր,
Շուտով շուռ էկար դուն, իլթիմազ արիր,
Նընգայ վուտիդ տակըն, փիանդազ արիր.
Ա՛խչի, հէնց գիդէիր յի՛ս իմ քու ասած.
ասկդ էր անիծած»:
Աղջիկն ասաց. «Սիրտըս խօսքով լըցրեցիր,
Յիս իմն էի ասում, դուն աւելցրեցիր,
Քու ղուլըն կու’լիմ, թէվուր ինձ պըրծեցրիր.
Թամամ էս աշխարհքիս մինք կու’լինք գոված,
(յիս քեզմէն էրած)»:
Սայաթ-Նովէն խաղիր կ’օսէր հանգիրով,
Էրկու եարըն կու խաղէին նարդիրով,
Մէկ-մէկու հիդ շանց կու տէին վարդիրով,
Թաք նըրաց մէջըն յիս էի էլած,
չը’լէի էրած:
|
թարգմանություն
Տղան ու աղջիկը մեկմեկու դեմ ելան
Տղան ու աղջիկը մեկմեկու դեմ ելան.
Տղան ասաց. «Բա՛րով տեսանք, ի՛մ սիրած,
Թե որ գովքդ ասեմ, լեզուս չի պատում,
Բոյդ նոճի - չինար՝ ներդաշնակ արած,
Ե՛ս քեզնից վառված»:
Աղջիկն ասաց. «Կորի գնա՛, ա՛յ տղա,
Անտեղի գլուխդ մատաղ մի՛ արա,
Քեզ պես շատ թագավոր, իշխան եմ տեսել,
Բոյդ նոճի - չինար՝ ներդաշնակ արած
Դո՛ւ ինձնից վառված»:
Տղան ասաց. «Սիրտդ սրտիս կեսն է,
Քո ճամփեն ա՛յնտեղ չէ, քո ճամփեն է՛ս է,
Այնպիսի գործ բռնենք՝ ո՛չ ոք չտեսնե,
Լրիվ էս աշխարհից մենք կլնենք գոված
Ե՛ս քեզնից վառված»:
Աղջիկն ասաց. «Ա՛րի մենք չանենք շփոթ,
Վախում եմ թե լուրը գնա հորս մոտ,
Թե հայրս իմացավ կլնի մեզ ամոթ,
Մեջիցդ կես կանի խանչալը ձեռաց.
Կդա՛ռնաս մեռած»:
Տղան ասաց. «Ա՜փսոս, ինչի՞ նազ արիր,
Փութով ետ դարձար դու, աղաչանք արիր,
Ընկա ոտքիդ տակը, ուղեգորգ արիր,
Ա՛ղջի, գիտեիր թե ե՛ս եմ քո ասած,
Ազգդ է անիծված»:
Աղջիկն ասաց. «Սիրտս խոսքով լցրեցիր,
Ես իմն էի ասում, դու ավելացրիր,
Ստրուկդ կդառնամ, թե ինձ ազատիր,
Լրիվ էս աշխարհից մենք կլնենք գոված,
Ես քեզնից վառված»:
Սայաթ-Նովեն խաղեր կասեր հանգերով,
Երկու յարն խաղ կանեին նարդիով,
Մեկ-մեկու հետ նշան կտային վարդերով,
Թաք նրանց մեջ ես էի եղած
Չլինեի վառված»:
|