Մահը/Երկրորդ մաս
Օրերն օրերի, շաբաթները շաբաթների ետևից անցնում էին Շահյանի համար դանդաղ, միակերպ, տաղտկալի։ Իսկապես ոչ մի պատկեր չունեցող իր կյանքը նա պատկերավորում էր այնպես, որ կարծես ինքը խրված լիներ անշարժ, կպչուն ճահճի մեջ և քանի գնում, այնքան խորն էր խրվում, մինչև որ բոլորովին կանհետանար, և ճահճի մակերեսը կհավասարվեր, ոչ մի նշան չթողնելով, թե այնտեղ, խորքում, մարդ կա թաղված։ Իր անպետքության և ապիկարության մասին ունեցած գիտակցությունն այժմ այլևս առաջվա ուժով չէր հալածում նրան։ Այդ գիտակցությունը կամաց-կամաց բթանում և փոխվում էր մի տեսակ ապատիայի, որի մեջ բանավոր արարածի կյանքը ստորանում է մինչև անբան կենդանու կյանքի աստիճանը, որի մեջ մարդը դառնում է զուտ կենդանական մի մարմին՝ առանց մտածումների, առանց հույզերի, առանց նպատակների։
Այն գիշերը, երբ Շահյանը, Մինասյանին և Աշխենին ճանապարհ ձգելուց հետո, երկաթուղու կայարանից տուն դարձավ, հորը մեռած գտավ կաթվածից։
Կես ժամ առաջ աղա Կարապետի սառած դիակը բարձրացրել և դրել էին մահճակալի վրա։ Խալաթը դեռևս հագին էր. թրքական կարմիր ֆեսն ընկած էր հատակի վրա. ձախ ձեռքը բռունցք կազմած կախ էր ընկել մահճակալից, դեմքը սառած էր ջղաձգական կծկումների մեջ։ Գլուխը բարձի վրա չէր, այլ ներքև և կուրծքն ու փորը սարի նման բարձրացել էին դեմքի և ոտների մակերեսից։
Շահյանը նայեց և ետ քաշվեց սարսափահար։ «Ահա մահը»,— մտածեց նա և, ազատվելով վշտահար հեծկլտող մոր գրկից, քաշվեց իր ննջարանը։ Ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Զարմանալի համառությամբ նրա մտքից չէր հեռանում մի բան — հոր՝ մահճակալից կախ ընկած ձեռքը։ Նա մտածում էր, թե բռունցքը սեղմած այդ ձեռքն այնքան ծանր պիտի լիներ, որ եթե մեկը փորձեր բարձրացնել, չպիտի կարողանար։
Հոր մահը նրան խիստ ազդել էր իբրև շարժվող, մտածող, զգացող արարածից մնացած անշունչ, սառած մի մարմին, որը գերանի կտորից ոչնչով չէր տարբերվում։ Մարդը մոտ վաթսուն տարի ապրում, հուզվում, չարչարվում, մերթ ուրախանում, մերթ տխրում էր, անդադար ինչ-որ ծրագրեր էր կազմում, հետամուտ էր լինում ինչ-որ նպատակների, հանկարծ այդ բոլորից հետո ոչինչ չկա այլևս. կա միայն գերանի կտորից ոչնչով չտարբերվող, մսից և ոսկորներից բաղկացած անկենդան մի մարմին, որը թեկուզ մաս-մաս արա և ձգիր կրակի բոցերի մեջ,— ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ չի հանիլ։ Մինչդեռ որպիսի՜ սոսկալի աղաղակ կբարձրացներ այդ մարդը կենդանի ժամանակ, եթե կտրեիր նրա տասն մատներից մի ճկույթը... Ահա ուրեմն ինչ է մահը.— ո՛չ մի զգացողություն, հետևաբար՝ ո՛չ մի տանջանք, ո՛չ մի բողոք. կատարյալ հաշտություն և անդորրություն...
Հորն այնպես թաղեցին, որ Շահյանը մի կաթիլ արտասուք անգամ չթափեց։ Նրան հուզում էր միայն մոր ծանր վիշտը, սակայն այդ վիշտն էլ չտեսնելու համար փակվում էր իր սենյակում։
Այժմ նա բոլորովին կտրել էր իրեն արտաքին աշխարհից։ Հորից ժառանգություն մնացած կալվածների կառավարությունը հանձնել էր իրենց հեռավոր ազգական Ստեփան անունով մի մարդու, որը փառավորապես խաբում էր նրան և եկամտի մի մասն իր գրպանը կոխում։ Շահյանը գիտեր այդ, բայց ամենևին չէր հուզվում։ Նա միանգամայն գոհ էր, որ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում իր հանգիստը: Իսկ նրա հանգիստը այն էր, որ ամբողջ օրը կամ չափում էր տաք սենյակի մի ծայրից մյուսը, կամ կարդում էր մաղձով լի հոռետես-փիլիսոփաների երկերը, կամ պառկում ու քնում էր օրվա որ ժամին էլ պատահեր։
Մինչդեռ այդ ժամանակներումն էր, որ Թուրքա-Հայաստանում հանկարծ երևան եկած շարժումները խլրտումն էին ձգել հասարակության մեջ և զբաղեցնում էին մտքերն ավելի ու ավելի։ Երբեմն լրագրերի մեջ սպրդած մի չնչին լուր ձեռքից ձեռք էր խլվում, մասնավոր տեղեկությունները շրջում էին բերնե-բերան. ամեն տեղ խոսում, դատում, վիճում էին. մեկը տասն էին շինում, տասը — հարյուր։ Ինչ-որ քնած հսկայական մի բան շարժվել էր հանկարծ և իր հուժկու հոսանքի հետ քշում էր ամենքին ուր-որ... Մեռած հայության մեռած հույսերը կենդանացել էին, թեև ապագան ծածկված էր անթափանցելի մռայլ քողով...
Մի անգամ, կեսօրին մոտ, երբ Շահյանը, իր սովորության համաձայն, չափում էր սենյակի երկարությունը, հաճելի խտղտանք զգալով ոտներին թույլ կերպով հագած փափուկ մաշիկների շլպ-շլպոցից, ծառան մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան։ Նա պատվիրեց, որ այդ պարոնին ներս հրավիրե հյուրասենյակ, իսկ ինքը, զարմանալով, թե ո՞վ կարող է իրեն տեսնել ուզենալ, քանի որ ոչ ոքի հետ հարաբերություն չուներ, դեն ձգեց մաշիկները, հագավ կոշիկները, շտապով հանեց խալաթը, որ հոր մահից հետո սովորություն էր արել հագնելու, հագնվեց, մի քիչ կոկվեց և դուրս գնաց հյուրին ընդունելու։
Հյուրասենյակում նրան դիմավորեց Բազենյանը, որին նա բոլորովին մոռացել էր։
— Այս էլ ես, իմ սիրելի վաղեմի բարեկամ,— մտերմական շինծու քաղաքավարությամբ ասաց Բազենյանը, երկու ձեռքով սեղմելով Շահյանի ձեռքը։ Նա հագնված էր վերջին մոդով, մաքուր, գեղեցիկ և հոտավետ օծանելիքով սրսկված։— Հավատարիմ մնացի խոստմանս և, երկար տարիների բացակայությունից հետո, վերադառնալով այս օրհնյալ քաղաքը, նորից բախտ ունեցա քաղցր տեսությանդ արժանանալու։ Եվ ի նկատի ունեցիր, սիրելիդ իմ Լևոն, որ այստեղի հին բարեկամներիցս դու ես առաջինը, որին այցելում եմ, չնայելով որ այս կողմերի գավառական մի քանի քաղաքներն արած էքսկուրսիայիցս մի ամսից ավելի է, որ վերադարձել եմ։
— Երկաթուղու կայարանում, կարծեմ, քեզ տեսա։
— «Միխայլովո» կայարանում։
— Ոչ, Թիֆլիս մտած օրդ։
— Չեմ կարող ասել՝ տեսա՞ր, թե ոչ, որովհետև ես քեզ չեմ տեսել։ Է՛հ, ուրիշ ինչ բարիդ հարցնենք։ Ծնողներդ ո՞ղջ են, առողջ են։
Շահյանը հիշեց, որ հայրը մեռել է, և դեմքին տխուր արտահայտություն տվեց։
— Հայրս մեռավ,— ասաց նա։
Բազենյանն աչքերը չռեց անակնկալ լուր լսողի պես։
— Մեռա՞վ... ե՞րբ, ի՞նչ ես ասում։ Նստիր տեսնենք։
Եվ, վերին աստիճանի նուրբ կեղծ ցավակցության հետաքրքրություն ցույց տալով, Բազենյանը վարվեց այնպես, որ կարծես ինքը չէր հյուրը, այլ — Շահյանը։ Շահյանի ձեռքից բռնած՝ նստեցրեց նրան և ինքը նստեց նրա մոտ։ Շահյանը համառոտ կերպով պատմեց հոր մահը։
— Շատ, շատ ցավում եմ,— լրջությամբ լսելուց հետո ասաց Բազենյանը, պինդ սեղմելով նրա ձեռքը։— Ափսոս, չեմ իմացել, որ կատարեի ընկերական պարտքս և ներկա լինեի թաղմանը։ Խնդրում եմ, ներիր։ Այդ օրերին ես նոր էի եկել և այնքան խառնված էի, որ ժամանակ չունեի մինչև անգամ լրագիր առնելու ձեռքս։ Համենայն դեպս, դու էլի բախտավոր ես, Լևոն,— ավելացրեց նա հառաչելով։— Գոնե տուն ունիս, տեղ ունիս, վերջապես, մայր ունիս։ Իսկ ե՞ս... Մանկությունից արդեն դատապարտված էի որբության և անտերության, և զարմանալի չէ, որ այնքան փչացած էի։ Նրանից հետո ավելի փչացա։ Երկու անգամ բանտ եմ նստել գողության համար։ Մի անգամ էլ մարդ սպանեցի և փախա արդարադատության ձեռքից, և այդ բանը փրկեց ինձ վերջնական անկումից։ Բացի դրանից, ես ընկա այնպիսի շրջաններ, ուր ինձ կատարելապես կերպարանափոխեցին, այո՛, կատարելապես, այնպես որ շատ անգամ, երբ համեմատում եմ անցյալս ներկայիս հետ, ինքս էլ ապշած եմ մնում, թե ինչպես կարող էի այսպես փոխվել։ Լինում են մարդիկ, որոնք բնավորության մի ծայրահեղությունից ընկնում են մյուս ծայրահեղության մեջ։ Այդպիսիներից մեկն ես եմ, երևի։ Գիտես, թե ինչ էի առաջ, բայց այժմ... Է՛հ, ես իմ մասին սկսեցի խոսել։ Չեմ սիրում,— կանչեց Բազենյանը և, վեր կենալով, մի ծխախոտ վառեց։— Ավելի լավ է քո մասին պատմես։ Ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում։
— Իմ մասին խոսելն ամենևին հետաքրքրական չէ,— ասաց Շահյանը շփոթվելով։— Ես, այ, այսպես անգործ և անպետք ընկած եմ տանը։ Դու քո՛ մասին պատմիր։ Որտեղ էիր այսքան ժամանակ, ի՞նչ էիր անում, այդ ի՞նչ փոփոխություն է, որ կատարվել է քո մեջ։
— Է՜, այդ մասին, որ խոսեմ, օրերով պետք է նստեմ քեզ մոտ. դա ձեռաց պատմելու բան չէ։ Բայց այժմ...
Բազենյանը զգուշորեն նայեց հարևան սենյակի դռանը և հարցրեց ձայնը ցածրացնելով.
— Այնտեղ խո մեզ ոչ ոք չի՞ լսում։
Շահյանը զարմացած նայեց նրա խորհրդավոր դեմքին։
— Չէ։ Ի՞նչ է որ։
Բազենյանը, շարունակելով նայել հարևան սենյակի դռան կողմը, նստեց Շահյանին մոտիկ և ձայնն ավելի ևս ցածրացրեց.
— Ես քեզ, իբրև վաղեմի մտերիմ ընկերոջս, մի բան պիտի հայտնեմ, որը հույս ունիմ մեր մեջ կմնա։
Եվ Բազենյանը խորհրդավոր եղանակով ու մութ ակնարկներով սկսեց պատմել արտասահմանում կազմակերպված հայկական մի ինչ-որ կոմիտեի մասին, որի նպատակն է հեղափոխություն առաջ բերել Թուրքիայի հայկական գավառներում։ Հայտնեց, որ ինքն այդ կոմիտեի գործոն անդամներից մեկն է և եկել էր Կովկաս հատուկ այն նպատակով, որ տեղական մասնաճյուղեր կազմե, դրամ հավաքե և զենք ուղարկե։ Ասաց, որ գործն արդեն սկսված է, ապացույց բերեց վերջին անցքերը, բացատրեց այդ անեցքրի նշանակությունն ապագայի համար, մտավ նույնիսկ պետությունների դիվանագիտության նրբությունների մեջ և, վերջ ի վերջո, ազատ և անկախ հայրենիքի մի սիրուն պատկեր դրեց ապշած Շահյանի առաջ:
Բազենյանը ճարպիկ լեզու ուներ. խոսում էր կենդանի և ազդու կերպով. գիտեր իր պատմածներին խորհրդավոր գույն տալ։ Ընդսմին իր շարժումները, արտասանությունը, հետաքրքրություն զարթեցնելու և լսողին գրավելու բոլոր ձևերն արտիստական կատարելության էր հասցրել։
Շահյանը սկզբում սկսել էր վախենալ նրանից։ Բազենյանի պատմածները վերին աստիճանի համարձակ բաներ էին թվում նրան, և իր նախկին ընկերն ամեն մի խոսքի վրա աճում, բարձրանում էր նրա աչքում։ Բայց հետո կամաց-կամաց գրավվեց, իսկ վերջը լսում էր նրան ամենայն հաճությամբ, նույնիսկ ագահորեն։ Նրա ինքնասիրության համար խիստ հաճելի էր, որ այդպիսի մեծ գործի նվիրված մի երիտասարդ հավատ էր ընծայում իրեն և իր տան մեջ բոլորովին մտերմորեն պատմում էր իրեն իրենց գաղտնիքները։
Նա խնդրեց, որ Բազենյանը ճաշի մնա իր մոտ։ Բազենյանը սկզբում հրաժարվեց, բայց վերջը, զիջելով Շահյանի թախանձանքին, մնաց: Ճաշին հեղափոխականի գլուխը բավական տաքացավ և լեզուն ավելի բացվեց։ Շահյանն էլ այդ օր սովորականից շատ ավելի խմեց Կախեթի ընտիր գինուց։ Երբեք այդ օրվա պես լավ տրամադրության մեջ չէր զգացել իրեն։ Նրան թվում էր, թե այդ օր, ճաշի ժամանակ, երբ գինին արդեն գլուխն էր ընկել, վերածնության մի օր էր իր համար։ Մի առանձին եռանդ, երակների մեջ մի առանձին տաքություն էր զգում, որոնք առաջ բոլորովին անծանոթ էին նրան, և նա էլ սկսել էր խոսել։ Բանն այնտեղ հասավ, որ երբ Բազենյանը բաժակը կրկին բարձրացրեց «սուրբ գործի» կենացը, Շահյանը բաժակը ձեռքին վեր թռավ տեղից և համբուրեց ընկերոջ փոքրիկ ձիգ բեղերը։
— Այդ գործի օգտին հինգ հարյուր ռուբլի ես եմ նվիրում,— բացականչեց նա։
Այստեղ արդեն Շահյանն այն աստիճան զգացվեց, որ սկսեց ամենայն անկեղծությամբ խոստովանել իր ոչնչությունը — մի բան, որ դեռ ոչ ոքի առաջ չէր արել: Էլ ցեխ ու մուր չմնաց, որ չթափեր իր վրա։
— Ասա, խնդրեմ, ինչացո՞ւ եմ ես,— ասում էր նա տաքացած, ռուսերեն լեզվով, որպեսզի մայրը, որ ներկա էր ճաշին, չհասկանա իրենց խոսակցությունը։— Հը՞, քեզ եմ հարցնում, ինչացո՞ւ եմ ես կամ ինչացո՞ւ են ինձ նմանները, եթե միայն ուրիշներն էլ կան ինձ նման։ Ես չեմ ընդունում, թե ինձ նման մեկ ուրիշն էլ լինի, որովհետև չգիտես, ախր, թե ինչ եմ ես։ Ես... ինչպե՞ս ասեմ... ես հասարակության, ազգի համար մի մինուս եմ, մի զրո, որն իր մեջ պարունակում է տորիչելյան դատարկությունից էլ մեծ դատարկություն։ Ողորմածիկ հայրս թեև,— ի՞նչ ծածկեմ մեղքս,— վախենում էր ինձնից, որովհետև իմ բոլոր մաղձը նրա վրա էի թափում, բայց երբեմն էլի ուղղակի կամ անուղղակի երեսովս էր տալիս իմ անպետքությունը։ Այդ ինձ կատաղեցնում էր։ Ինչո՞ւ։ Որովհետև ճշմարտություն էր ասում, և ես օգուտ էի քաղում այն հանգամանքից, որ իր միակ զավակն էի, և նա սիրում էր ինձ։ Մի անգամ էլ երկու օրիորդի, երկու զարմանալի օրիորդի հետ խոսակցություն ունեցա կյանքի և մարդու գոյության նպատակի մասին։ Թե ինչպես նրանք ցամաք-ցամաք ցեխը կոխեցին ինձ ու հանեցին իմ հոռետեսական հայացքներիս համար,— չեմ կարող ասել։ Նրանք պարզապես հասկացրին ինձ, որ ես հոռետես եմ ձևանում նրա համար միայն, որ ծածկեմ իմ ոչնչությունը։ Երբ նրանցից հեռացա, ինձ թվաց, թե փողոց եմ դուրս եկել կաշիս մաշկած, անատոմիական ծանոթ նկարի պես։ Մինչև հիմա էլ, որ մտաբերում եմ, ուզում եմ գետինը մտնել ամոթից։ Հիմա համեմատենք ինձ ու քեզ։ Ի՞նչ ես դու և ի՞նչ եմ ես։ Դու կրակ ես, ես — սառույց. դու հեղեղ ես, ես — ճահիճ. մինչդեռ դու տարին տասներկու ամիս՝ հանգստությունդ, անձնական վայելներդ մոռացած թափառում ես երկրից երկիր անմահ գործի համար և մութ բանտը, տաժանելի կապանքներն ամեն րոպե աչքիդ առաջն են, ես ի՞նչ եմ անում, ես, ա՛յ, այս չորս պատերի մեջ առանձնացած, քնում եմ՝ երբ ուզում եմ, քնում եմ՝ երբ ձանձրանում եմ արթուն մնալուց, ապահով միանգամայն այն բանից, որ փողոցի մուրացիկն անգամ չի հալածում ինձ իր աղիողորմ աղերսներով։ Այս ի՞նչ կյանք է։ Այսպես վերջին մրջյունն անգամ չի ապրում։ Հավատա, Բազենյան, եթե մայրս չլիներ, ես վաղուց արդեն անձնասպանություն կլինեի գործած, որովհետև չգիտես, ախր, թե ի՛նչ զարհուրելի, ի՛նչ անտանելի կյանք է այս, որ ես եմ վարում։ Գիտակցություն ունիմ, գուցե, ավելի, քան պետք է ունենան ինձ նման ողորմելի արարածները, բայց կամք չունիմ, բնավորություն չունիմ, մի խոսքով՝ փալաս եմ, ամոթ է ասել, նույնիսկ աղտոտությունը սրբելու անարժան մի փալաս...
Բազենյանը սկսեց հանգստացնել նրան, լրջորեն համոզելով, որ իզուր է այդպես վատաբանում իրեն, որ նրա պես ազնիվ հոգու և ձգտումների տեր երիտասարդներն, ընդհակառակը, շատ պիտանի են ազգին, իսկ այդպիսի երիտասարդներ շատ չես գտնիլ: Նա ասաց, որ Թիֆլիսում, փոքրիշատե ունևոր դասակարգի մեջ, միայն Շահյանին է հանդիպում, որ խոշոր նվիրաբերություն է անում «սուրբ գործի» օգտին — մի բան, որի համար հայրենիքի թշվառ զավակները երախտապարտ պիտի մնան նրան։ Ինքը, Բազենյանը, փող չունի՝ գործով է օգնում, Շահյանը փող ունի՝ փողով է ուզում օգտակար լինել, մի՞թե այդ միևնույն չէ. օգնությունը օգնություն է՝ փողով թե գործով. մեկը մյուսից ավելի է և մեկը մյուսին լրացնում է։ Այստեղ Բազենյանն երկար ու բարակ փիլիսոփայության մեջ մտավ, բացատրելով փողի և գործի փոխադարձ ուժն ու նշանակությունը։
Չնայելով որ գինին արդեն բավական կպել էր երկսին էլ, խոսակցությունն ամենևին թեթև բնավորություն չէր ստանում. ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի խոր փիլիսոփայությունների մեջ էին մտնում, մանավանդ Շահյանը, որի հիվանդությունն էր վերացական դատողություններով զբաղվելը։
Խոսակցությունը զուտ նեղ, մտերմական բնույթ ստացավ ճաշից հետո, երբ նրանք, փափուկ բազկաթոռների վրա իրար դեմուդեմ նստած, թանկագին սիգարների ծուխը դեպի առաստաղն էին բարձրացնում։ Շահյանն ամենայն անկեղծությամբ ասում էր այն բոլորը, ինչ որ սրտում ուներ, և համոզված էր, թե Բազենյանն էլ ինչ որ ասում էր, իր սրտինն էր ասում։ Մինչև անգամ ամենևին կասկած չտարավ այն մասին, որ երբ նորից հարցրեց, թե ինչպես է եղել, որ նա այդպես փոխվել և իրեն «սուրբ գործին» է նվիրել,— Բազենյանը հառաչելով պատասխանեց, թե պատճառը գլխավորապես էլզասցի մի աղջիկ էր, զարմանալի, նմանը չունեցող մի աղջիկ, որը գրեթե խելագարված էր «ռըվանշի» վրա։
— Նա կարող էր երկրորդ Ժանն դ’Արք լինել, եթե հիվանդ չլիներ,— շարունակեց Բազենյանը։— Նրա հետ ծանոթացա Ցյուրիխում։ Ասում էր, թե փախել է Ստրասբուրգից պարզապես նրա՛ համար, որ այլևս չտեսնե «գարեջրի հոտած տակառների» երեսը։ Այդպես էր անվանում գերմանացիներին, որոնք, հիրավի, հոտած ազգ են և սարսափելի բռնակալ։ Ինքը հասարակ ծնողների զավակ էր, բայց բավական զարգացած։ Եղբայրը ծառայում էր գերմանական զորքի մեջ, և դու տես բախտի խաղը — թունդ գերմանոֆիլ էր։ Դրա համար եղբորն ավելի էր ատում, քան թե իրեն՝ երկաթե կանցլերին։ Եղբոր անունն անգամ չէր ուզում լսել, իսկ երբ խոսակցություն էր բացվում նրա մասին, ուղղակի դավաճան էր անվանում նրան և դառնությամբ գանգատվում էր, որ իր պես թշվառ քույր չկա աշխարհիս երեսին։ Ես չեմ պատմիլ, թե ինչպես ծանոթացա նրա հետ, ինչպես մոտեցանք իրար,— դա մի ամբողջ ռոմանի նյութ կարող է լինել,— այսքանս միայն կասեմ, որ... գժվածի պես սիրահարվեցի նրա վրա։ Այո, գժվածի պես, Լևոն... Ի դեպ. դու երբևիցե սիրահարվե՞լ ես։
Այդ հարցի վրա Շահյանի աչքի առաջ իսկույն պատկերացավ Եվան և նրա սիրտը լցվեց դառն անձկությամբ։
— Ոչ,— պատասխանեց նա երկար տատանումից հետո։
— Ուրեմն երջանիկ ես։ Այո՛, երջանիկ ես, Լևոն, որովհետև սիրո պատճառած դառնությունն ավելի է, քան քաղցրությունը։ Գոնե իմ սերն ինձ մեծ տանջանք պատճառեց: Նա մեռավ, Լևոն, մեռավ՝ ինչպես մեռնում է ազատություն սիրող թռչունը վանդակի մեջ, մեռավ, ինչպես մեռնում է մայր հողից կտրված ծաղիկն օտար հողի մեջ... Հարկավո՞ր է արդյոք պատմեմ, թե նրա մահն ի՛նչ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Այսքանս բավական է ասեմ, որ մի անգամ նույնիսկ փորձեցի անձնասպանություն գործել, բայց դարձյալ նրա հիշատակն եղավ, որ ինձ փրկեց: Մի անգամ, մի հրաշալի գիշեր,— ա՜խ, այդ սիրո գիշերները, երբ լուսնի ծիծաղկոտ լույսը չես իմանում տանջո՞ւմ է քեզ, թե փաղաքշում,— այդպիսի մի գիշեր դուրս եկանք զբոսանքի: Նա ասաց, որ իր հայրենիքի վիճակն երբեք չի տանջում իրեն այնպես, ինչպես այդպիսի հրաշալի գիշերներին, և հանկարծ հարցրեց իմ հայրենիքի մասին։ Ինձ թվաց, թե հանկարծ ինքս էլ համակվեցի նույն վշտով, ինչ որ նա։ Սկսեցի պատմել մեր հայրենիքի աղետալի վիճակը և ասացի, որ երկուսս էլ միևնույն վիճակի մեջ ենք։ «Ա՜խ, դուք երջանիկ եք ինձնից,— բացականչեց նա,— որովհետև դուք տղամարդ եք»։ Այդ խոսքերն այնպիսի զորեղ տպավորություն գործեցին ինձ վրա, Լևոն, որ հետո, անձնասպանության միտքը հղանալիս, երբ հանկարծ միտս ընկան, ինքս ինձնից ամաչեցի։ Հիրավի, մի՞թե ամոթալի բան չէ անձնասպանություն գործելը,— մտածեցի ինքս ինձ։— Մի՞թե տղամարդուն վայել բան է անձնասպանությունը։ Չէ՞ որ նա ինձ երջանիկ էր համարում հենց նրա համար, որ ես տղամարդ էի, այսինքն՝ մի ուժ, որ ավելի, քան կինը, միջոցներ ունի հայրենիքին օգտակար լինելու։ Մահը մահ է. «Մարդ մի անգամ պիտի մեռնի». բայց ավելի լավ չէ՞ ազնիվ, խելացի, օգտակար մահը, այնպիսի մի մահ, որով կարելի է կյանք տալ ուրիշներին — ավետարանական ցորենի այն հատիկի նման, որ «եթե մեռանիցե, բազում արդյունս առնե»։ Եվ, ահա, այդ օրվանից ուխտեցի և գլխովին նվիրեցի ինձ սուրբ գործին, այսինքն այնպիսի մի գործի, որի համար, թեև ապարդյուն, բայց ինքն իր մեջ տանջվելով մեռավ նա։ Նրա մահից անցել է մոտ հինգ տարի, և ես... է՛հ, ինչ հարկավոր է հին խոցերը փորփրել։
Բազենյանը զորեղ շեշտով թափ տվեց ձեռքը, վեր կացավ և սկսեց մտազբաղ ու տխուր անցուդարձ անել հյուրասենյակի փափուկ գորգի վրա։
Նրա պատմությունը խիստ ազդել էր Շահյանին։ Շահյանին թվում էր, թե Բազենյանի վիշտն այնքան մեծ է, որ մեղք է նրան իր դժբախտ սիրո մասին երկար հարցուփորձ անել։ Բազենյանի սիրած աղջկան, ինքն էլ չէր իմանում ինչու, համեմատում էր Եվայի հետ, և նրան թվում էր, թե էլզասցի այդ աղջիկը ճիշտ Եվայի հասակն ու գեղեցկությունը պիտի ունենար և պետք է որ Եվայի պես վառվռուն մի աղջիկ լիներ։
Եվ Եվայի, ըստ երևույթին մոռացված, պատկերը նորից կենդանություն առավ նրա գրգռված երևակայության մեջ, տանջող անձկություն ու տխրություն պատճառելով նրան։
2
Շահյանն անկեղծորեն սիրեց Բազենյանին, որին, հիրավի, բոլորովին փոխված էր տեսնում։ Հենց առաջին օրվանից մտերմական այնպիսի մի սերտ կապ հաստատվեց նրանց միջև, որ Բազենյանին ամեն օր իր տան մեջ տեսնելը կատարյալ մի պահանջ դարձավ Շահյանի համար։ Նա վաղուց ի վեր ձգտում էր ունենալ այդպիսի մի մտերիմ ընկեր, որի առաջ կարող լիներ վստահորեն թափել իր սրտի բոլոր դառնությունը, անկեղծորեն դատափետել իրեն, իր վարած կյանքը և երկյուղ չունենալ, թե ինքը կնվաստանա այդպես անելով։ Եվ նա աներկյուղ այդ բանն անում էր Բազենյանի առաջ։ Իսկ Բազենյանը կարճ ժամանակում արդեն ուսումնասիրել էր նրա բնավորությունը, գտել էր նրա թույլ երակը և մեծ ճարպկությամբ շոյում էր անդադար նրա ինքնասիրությունը։
Ամեն անգամ, Բազենյանին ճանապարհ դնելիս, Շահյանն անկեղծ շնորհակալություն էր հայտնում նրան, որ ջերմություն էր տալիս իր սառած կյանքին, և խնդրում էր, որ ամեն օր գա իր մոտ. խնդրեց նույնիսկ, որ հյուրանոցից տեղափոխվի իր տունը։ Բազենյանը հյուրասիրությունից վճռապես հրաժարվեց, բայց ամեն օր գալիս էր Շահյանի մոտ, փառավոր ճաշ էր վայելում նրա տանը, շարժում էր իր ճարպիկ լեզուն, ծխում էր նրա թանկագին սիգարները և վերջը, այդ բոլորի համար շնորհակալություն ստանալով, հեռանում էր, որ հետևյալ օրը դարձյալ գա նույն պաշտոնը կատարելու։
Մի անգամ երկու օր շարունակ չերևաց Բազենյանը։ Այդ երկու օրը Շահյանի համար անցավ շատ տխուր։ Երրորդ օրն առավոտյան պատրաստվում էր գնալու Բազենյանի մոտ, երբ ստացավ նրա այցետոմսը, որի վրա խիստ անճոռնի տառերով գրված էր մատիտով հետևյալը.
«Սիրելի Լևոն, անշուշտ չգիտես, որ անցյալ օր ինձ մի փոքրիկ դժբախտություն պատահեց, որի շնորհիվ այժմ չեմ կարողանում սենյակից դուրս գալ։ Արի, մենակությունից սիրտս ճաքում է։ Էլի հին տեղումն եմ— «Լոնդոն»։ Գրում եմ ձախ ձեռքով»։
Շահյանը շտապեց։
Երբ նա «Լոնդոն» հյուրանոցում բաց արեց Բազենյանի սենյակի դուռը և ներս մտավ, Բազենյանը պառկած էր մահճակալի վրա, անկողնի մեջ, և լրագիր էր կարդում ձախ ձեռքին բռնած։ Նրա գեղեցիկ դեմքը դժգույն էր և թվում էր, թե բավական նիհարել է, Շահյանին տեսնելով, ժպտաց և լրագիրը կամաց դրեց կողքին։
— Ա՞յս ինչ է, դու պառկա՞ծ ես,— զարմացած բացականչեց Շահյանը։
— Էլ ասում ե՞ս,— ասաց Բազենյանը թույլ ձայնով և ձախ ձեռքը պառկած տեղից մեկնեց նրան։— Աթոռը մոտ բեր՝ նստիր։
Շահյանն անհամբերությամբ մի աթոռ առավ և նստեց նրա մահճակալի վրա։
— Հենց նոր պատրաստվում էի քեզ մոտ գալու, որ նամակդ բերեցին։ Ի՞նչ է պատահել։
— Ա՛յ, կարդա,— ասաց Բազենյանը ժպտալով և լրագիրը տվեց նրան։— Կարդա ահա այս լուրը,— ձախ ձեռքի ցուցամատով ցույց տվեց նա։
Շահյանը կարդաց.
«Կիրակի օր, ժամը 12-ին մոտ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա մի կառքի ձիերը հայտնի չէ ինչ բանից խրտնեցին և գլուխներն առան թռան դեպի Բարյաթինսկայա զառիվայր փողոցը։ Կառապանը չկարողացավ զսպել ձիերը և ցած ընկավ կառքի ուժգին ցնցումից. մի կողմ շպրտվեց նաև կառքի մեջ նստած մի պարոն, սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ թեթև խեղումներ միայն ստացան։ Այնինչ ձիերը, բոլորովին ազատ զգալով իրենց, ցած էին վազում ավելի ևս կատաղած։ Այդ միջոցին մի օրիորդ չորս-հինգ տարեկան մի երեխայի հետ մի մայթից մյուսն էր անցնում։ Օրիորդը կարողացավ ազատվել, բայց երեխան անշուշտ պիտի ճխլվեր կատաղած ձիերի ոտների և կառքի անիվների տակ, եթե մի պարոն, որ այդ րոպեին անցնում էր այդ կողմով, իսկույն օգնության չհասներ. նա վազեց, խտտեց երեխային և ետ էր վազում, որ մոտեցող կատաղած ձիերից ազատվի, բայց դժբախտաբար, կառքը վրա հասավ, շուռ եկավ և մի կողքով դիպչելով պարոնին՝ մի կողմ շպրտեց նրան երեխայի հետ միասին։ Երեխան ոչ մի վնաս չստացավ, մինչդեռ անձնազոհության այսպիսի գեղեցիկ օրինակ ցույց տվող պարոնը ծանր վերք ստացավ, և նրան ուշագնաց տարան հիվանդանոց։ Նրա կյանքը վտանգի մեջ է։ Նրա ազգը Բազենյան է»։
Շահյանը կարդաց վերջացրեց և զարմացած նայեց Բազենյանի ժպտացող աչքերին։
— Այդ դո՞ւ ես։
— Ինչպես տեսնում ես։ Բոլորը ճիշտ է նկարագրված, միայն մի տեղ գլուխը քարովն է տվել լրատուն. կրծքիս վրա ոչ մի վերք չեմ ստացել, այլապես հարվածն այնքան սաստիկ էր, որ տեղնուտեղը բան-հոգի կլինեի։ Թևս է միայն վնասվել. ահա,— Բազենյանը վերմակը կամաց ետ քաշեց և ցույց տվեց աջ թևը, որ ուսից սկսած մինչև արմունկը պինդ փաթաթված էր սպիտակ շորով, շապիկի թևն ուսին հավաքված։— Կյանքիս էլ, ինչպես տեսնում ես, ոչ մի վտանգ չի սպառնում։
— Փառք աստծո, որ այդպես թեթև ես պրծել։ Ես էլ ասում եմ՝ ինչու այս երկու օրս չես երևում։ Հետո՞, պատմիր տեսնեմ։
— Հետո ինչ։ Հետո երբ ուշքի եկա, տեսա, որ փառավորապես պառկած եմ հիվանդանոցում և ձեռքս պատում ու փաթաթում են ինչ-որ տաշեղներով։ Զարմանալի է. ուրիշ ոչ մի տեղ վերք չեմ ստացել և չեմ հասկանում ինչու պետք է ուշագնաց լինեի։ Բայց ո՞վ գիտե, գուցե լրատուի ասելով, կառքն իսկապես կրծքիս կամ մի ուրիշ վտանգավոր տեղիս է դիպել, թե չէ ձեռքից չեմ կարծում թե մարդ ուշաթափվի։ Այս էլ կա, որ ոչ մի տեղս ցավ չեմ զգում։ Ձեռքս էր միայն, որ սկզբում սաստիկ ցավում էր, իսկ այժմ ցավը բավական մեղմացել է։
— Բաս ինչո՞ւ ես պառկած։
— Չեմ կարողանում շորս հագնել։ Եվ վեր կենամ, ինչ անեմ։ Բժիշկն ասաց, որ մի քանի օր սենյակից դուրս չգամ, ցուրտ է, ասաց, կարող ես ձեռքդ մրսեցնել։
— Ա՛յ թե օյին է եկել գլխիդ։
— Օյին ասիր ու պրծա՞ր։ Նոր էի դուրս եկել հյուրանոցից և բարձրանում էի դեպի Գոլովինսկի պրոսպեկտ, որ տեսա, թե ինչպես ձիերը սարսափելի կատաղությամբ վերևից ներքև էին վազում։ Այն էլ տեսա, թե ինչպես կառքի մեջ նստած պարոնը և կառապանը գնդակի պես շպրտվեցին մեկն այս, մյուսն այն կողմը։ Խեղճ երխան այնպես շշկլվել էր փողոցի մեջտեղ վերևից մարդկանց բարձրացրած աղաղակների վրա, մյուս կողմից էլ քույրն այնպիսի հուսահատական ճիչեր էր արձակում, որ ես չէ՝ ով ուզում է լիներ, անկարելի էր, որ օգնության չհասներ։ Չէ՛, լավ պրծա։ Բայց ինձ խիստ ուրախացնում է այն հանգամանքը, որ երեխան անվնաս մնաց։ Նույն օրն երեխայի հայրն այցելեց ինձ հիվանդանոցում։ Ինչպիսի՜ շնորհակալություններ, երախտագիտական զգացման ինչպիսի՜ արտահայտումներ... Բայց ճիշտ ասեմ, ես ինքս չափազանց շնորհակալ կլինեի նրանից, եթե ամենևին նեղություն չկրեր ինձ այցելելու, որովհետև ձեռքիս կսկծից չգիտեի ինչ անեմ, իսկ նա կատարելապես զահլա տարավ իր շնորհակալություններով։
— Ո՞վ էր, ի՞նչ մարդ էր։
— Ազգանունն ասաց, տան հասցեն էլ հայտնեց, բայց գլխումս խելք կա՞ր, որ միտս մնար։ Թաթուլյան ասաց, Թումանյան ասաց, չեմ հիշում, ճշմարիտ։ Աշնանային ճանճն տեսել ես՞, որ ականջիցդ քշում ես՝ ճակատիդ է նստում, ճակատիցդ քշում՝ քթիդ է նստում։ Այդպիսի մի ճանճի տպավորություն թողեց ինձ վրա։
Միջանցքից շտապ քայլերի մի ձայն և կնոջ հագուստի շխշխոց լսվեց։ Դուռն ուժգնորեն բացվեց, և շտապ ներս մտավ մի հաղթանդամ կին՝ մոխրագույն ծանր մուշտակով, որ իջնում էր մինչև ոտների ծայրերը, և նույն գույնի մորթե գլխարկով, որ չափազանց փոքր էր թվում ծոծրակի վրա շքեղորեն հավաքված սաստիկ հարուստ մազերի հետ համեմատած։ Ըստ երևույթին, նա բուռն անհանգստությամբ ուզում էր վազել դեպի Բազենյանը, բայց տեսնելով, որ նա մենակ չէ, հանկարծ կանգ առավ և շփոթվեց կարծես։
Շահյանը իսկույն ճանաչեց նրան. դա այն կինն էր, որին տեսել էր «Միխայլովո» կայարանում Բազենյանին ուղեկցելիս։ Նա բոլորովին մոռացել էր այդ կնոջը, և դրա՝ այդ սենյակում այդպես անակնկալ հայտնվելը խիստ շփոթեց նրան։ Նա մեքենայաբար վեր կացավ տեղից և չտեսավ ոչ այդ կնոջ շփոթմունքը, ոչ ինչ-որ անհաճո զգացումից առաջացած այն այլայլումը, որ արտահայտեց Բազենյանի դեմքը այդ կնոջ հայտնվելուն պես։ Սակայն այդ բոլորը մի քանի վայրկյան միայն տևեց։
— Պանի Զդանևիչ... դուք այստե՞ղ,— կանչեց Բազենյանը ռուսերեն, շտապով վեր կենալով և նստելով անկողնի մեջ։
— Պարդոն, ես առանց իմաց տալու մտա,— ասաց պանի Զդանևիչը ախորժալուր, կրծքային ձայնով և արագ մոտեցավ նրան։— Բայց ես այնքա՜ն անհանգիստ էի...
— Ներեցեք... ես...— արտասանեց Բազենյանը, ըստ երևույթին, ամոթխածորեն ծածկելով շապկի կուրծքը ձախ ձեռքով։
— Ա՛խ, խնդրում եմ, խնդրում եմ մի նեղանաք։ Այդ ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ. ես այսօր կարդացի լրագրերում։
— Դատարկ բան է, պանի Զդանևիչ։ Կուռս միայն փոքր-ինչ վնասվել է, ուրիշ ոչինչ չկա։ Խնդրում եմ դարձյալ, որ ներեք ինձ։ Արդյոք չէի՞ք հաճիլ նստել։
Պանի Զդանևիչը արագորեն նստեց այն աթոռի վրա, որի վրա առաջ Շահյանն էր նստել, և մուշտակը ետ ձգեց աթոռի մեջքին, երևան հանելով սև ատլասի հագուստի մեջ պինդ սեղմված երկայն շքեղ իրանն իր փարթամ կրծքով։
— Ե՞րբ եք եկել,— հարցրեց Բազենյանը։
— Մի շաբաթ է, որ Թիֆլիսումն եմ։
— Մենա՞կ եք եկել։
— Ոչ... ամուսինս էլ հետս է... և, երևի... շուտով կվերադառնանք,— պատասխանեց պանի Զդանևիչը տարօրինակ հապաղումով և Շահյանի կողմը անհանգիստ մի հայացք ձգելով։— Բայց դուք ձե՛րը պատմեցեք։ Ա՜հ, ինչքա՜ն ցավեցի և վախեցա... մանավանդ որ գրված էր, թե ձեր կյանքին վտանգ է սպառնում։
— Լրագրերի մեջ չափազանցրել են, պանի Զդանևիչ։
— Այո, տեսնում եմ, որ դուք լավ եք։ Եվ փառք աստծո։ Բայց դուք իսկապես որ օրինակելի անձնազոհություն եք ցույց տվել։ Չեք կարող երևակայել, որքա՜ն հիացած եմ... Պարդոն,— հանկարծ դարձավ պանի Զդանևիչը Շահյանին,— ես ձեր տեղն եմ նստել, կարծեմ, և դուք կանգնած եք մնացել։
— Խնդրեմ, խնդրեմ,— արագ վրա բերեց Շահյանը, մինչև ականջները կարմրելով, ու մեքենայաբար նստեց մի ուրիշ աթոռի վրա։
Բազենյանը շտապեց Շահյանին ներկայացնելու պանի Զդանևիչին։
— Այնպես չէ՞, ձեր ընկերն անօրինակ անձնազոհություն է ցույց տվել,— ասաց պանի Չդանևիչը, դառնալով Շահյանին։— Երևակայեցեք, որ եթե պարոն Բազենյանը օգնության չհասներ, այն խեղճ, այն փոքրիկ երեխան պիտի ջարդվեր մեռներ, և ի՞նչ սոսկալի թշվառության մեջ պիտի ընկնեին նրա ծնողները... Ա՛խ, պարոն Բազենյան, չգիտեմ, ճշմարիտ, ինչպես արտահայտեմ իմ հիացմունքը։
— Պանի Զդանևիչ...
— Լավ, լավ, դուք համեստ եք, ես այդ հասկանում եմ, բայց և այնպես, կարծում եմ, այդ բանն արգելք չպիտի լինի ձեզ մանրամասնությունները պատմելու։ Ես չափից դուրս հետաքրքրվում եմ։ Ա՜խ, ինչքան նիհարել եք։ Այստեղ, կարծեմ, ցուրտ պիտի լինի ձեզ համար։ Մի՞թե վառարան չեն վառում։ Խնդրում եմ, լավ ծածկվեցեք։ Սպասեցեք...
Պանի Զդանևիչը շտապով վեր կացավ, առավ Բազենյանի ոտների մոտ, մահճակալի վրա ձգված պլետը և ծածկեց նրա ուսերը։
— Ահա այսպես։ Ներեցեք, որ ես այսպես տնավարի եմ վարվում,— ասաց նա նորից նստելով իր տեղը,— բայց որովհետև այն երեխային փրկելով ապացուցել եք, որ ուրիշի կյանքն ավելի թանկ եք գնահատում, քան թե ձերը, ուստի ուրիշներն էլ պարտավոր են հոգալ ձեր առողջության համար։ Այնպես չէ՞,— հրաշալի ժպիտով դիմեց նա Շահյանին։
— Անշուշտ,— վրա բերեց Շահյանը` հափշտակված այդ գեղեցիկ կնոջ անսեթևեթ վարմունքից, և դարձյալ կարմրեց։
— Դուք շատ բարի եք, պանի Զդանևիչ,— արտասանեց Բազենյանը։
— Իմ բարությունը մի կողմ թողեք և պատմեցեք մանրամասնությունները։
Բազենյանը սկսեց պատմելը։ Նրա պատմությունը չոր էր։
Շահյանը արդեն փոքր-ինչ ընտելացել էր պանի Զդանևիչի ներկայությանը և, լուռ նստած, հետաքրքրությամբ դիտում էր նրան իր պարզ ակնոցների միջից, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ այդ կնոջ ամբողջ ուշադրությունը Բազենյանի կողմն էր։ Չափից դուրս գեղեցիկ էր թվում նրան այդ հսկա կինը, ավելի գեղեցիկ, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ նրան «Միխայլովո» կայարանում։ Սև ատլասի մեջ ամուր սեղմված այդ շքեղ իրանը, այդ բարձր կուրծքը, այդ փարթամ ուսերը և հպարտորեն բարձրացած այդ գլուխն իր չափազանց հարուստ մազերով, իր ազնիվ, պլաստիկական դիմագծերով, որոնց մեջ, չնայելով տարիքին, դեռևս նկատելի էր խնամքով պահպանված երիտասարդական թարմությունը,— այդ բոլորը երկյուղ ազդելու չափ վեհություն և, միևնույն ժամանակ, անդիմադրելի հմայքի ուժ էին տալիս նրան։ «Սա կարող է թագուհի լինել»,— մտածում էր Շահյանը և զարմանում էր, թե ինչպես այդպիսի մի կին մինչև անգամ լայեղ էր արել մտնել այդ սենյակը։
Բազենյանի պատմությունը լսելիս պանի Զդանևիչը ջերմ հետաքրքրություն էր ցույց տալիս։ Այնտեղ, ուր կարեկցություն էր հարկավոր, նրա դեմքն արտահայտում էր ավելի, քան կարեկցություն, և այդ բանից Շահյանը եզրակացնում էր, որ նա խիստ բարի կին է։
Մինչդեռ Բազենյանը պատմում էր, կարծես, ակամա և ամենևին չէր նայում պանի Զդանևիչին։ Առհասարակ ինչ-որ օտարոտի ինքնազսպումն, նույնիսկ սառնություն էր նկատվում նրա վարվեցողության մեջ պանի Զդանևիչի վերաբերմամբ։ Շահյանը տեսնում էր այդ, և ընկերոջ այդ վարմունքն ավելի քան կոպիտ էր երևում նրան։ Ճնշված այդ բանից, նա նայում էր պանի Զդանևիչին և զարմանքով տեսնում էր, որ այդ կինը կամ չի նկատում Բազենյանի այդ կոպիտ վարմունքը, կամ այնքան կրթված կին է, որ չտեսնելուն է տալիս։
Պանի Զդանևիչը մոտ մի ժամ մնաց Բազենյանի մոտ. կարծես չէր ուզում հեռանալ այդ սենյակից։ Ի միջի այլոց, ասաց Շահյանին, որ ինքն առհասարակ համակրում է հայերին, որոնց մեջ կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին Բազենյանն է, որի հայրենասիրական նպատակներին ու գործունեությանն առիթ է ունեցել մասամբ ծանոթ լինելու։ Հետո նուրբ հետաքրքրությամբ սկսեց հարցուփորձ անել իրեն՝ Շահյանին, առաջուց ներողություն խնդրելով իր հետաքրքրության համար։ Եվ Շահյանը, զարմանալի է, ամենայն անկեղծությամբ սկսեց պատմել ինչ որ հարկավոր էր, ինչ որ ճիշտ էր։ Այդ կինը, որի գեղեցկությունը սկզբում գրեթե սարսափեցնում էր նրան, այնքան բարի, կարեկից ու բարեկիրթ կին էր երևում և իր պարզ ու փոքր-ինչ հովանավորող վարվեցողությամբ այնպիսի մի պատկառանք էր ներշնչում նրան, որ նա ամաչում էր դիմել իր սովորական զենքին — ստախոսության։ Եվ պանի Զդանևիչը լսում էր նրան այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես մինչև անգամ շնորհակալ էր, որ խոսում էր այդքան անկեղծորեն։
— Եթե համեստությունից չէ, որ դուք այդքան դատափետում եք ձեզ,— ասաց նա ժպտալով,— ապա ես ձեզ կասեմ հետևյալը. նա, ով զգում է իր պակասությունները, կորած չէ, պետք է միայն կամքի ուժ ունենալ զգացած պակասություններն ուղղելու։ Համենայն դեպս, դուք այնքան բարի եք, որ այսպիսի դեպքերում չեք մոռանում ձեր ընկերոջը։ Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ։ Հույս ունիմ, մենք էլի առիթ կունենանք իրար տեսնելու։ Իսկ այժմ,— նա վեր կացավ տեղից,— ներեցեք։ Պարոն Բազենյան, թո՞ւյլ կտաք, որ դարձյալ այցելեմ ձեզ։
— Պանի Զդանևիչ... չգիտեմ, ճշմարիտ, ինչո՞վ եմ արժանացել ձեր...
— Դուք թույլ եք տալիս, ուրեմն դարձյալ կգամ,— ծիծաղելով ընդհատեց պանի Զդանևիչը, արագորեն առնելով մուշտակը, ծածկեց, որի ժամանակ Շահյանը մինչև անգամ համարձակություն ունեցավ նրան օգնելու։— Մերսի, հրաշալի ժպիտով շնորհակալություն հայտնեց նա Շահյանին և ամուր սեղմեց նրա ձեռքը:— Ցտեսություն, պարոն Բազենյան։ Զգույշ կացեք, չմրսեք։ Ցտեսություն,— նույն հրաշալի ժպիտով վերջին անգամ դիմեց նա Շահյանին և դուրս գնաց արագ։
Կարճ ժամանակ խիստ անհարմար լռություն տիրեց երկու ընկերների մեջ։
— Կարծեմ, մի քիչ... սառն ընդունեցիր,— նկատեց Շահյանը։
Բազենյանը նայեց ընկերոջը, հայտնի չէ՝ զարմացա՞ծ, թե փորձող հայացքով։
— Սառը՞... Մի՞թե... Հավատացնում եմ քեզ, երբեք այնպես անհարմար դրության մեջ չէի զգացած ինձ, ինչպես այժմ... Ո՜րտեղից որտեղ... Ամենևին չէի սպասում... այնքա՜ն պատվական կին է...
Շահյանը ժպտաց, բայց իսկույն էլ զսպեց ժպիտը։
— Այո՛, պատվական կին է,— ասաց նա լրջությամբ և, կարճ լռությունից հետո, ավելացրեց։— Գիտե՞ս ինչ։ «Միխայլովո» կայարանում քեզ որ տեսա նրա հետ, ճիշտ քեզ ասեմ, կասկած տարա ձեր հարաբերությունների մասին։ Բայց այժմ իմ այդ կասկածն արդարացնող ոչ մի նշան չտեսա, գոնե քո կողմից։ Դու մինչև անգամ կոպիտ լինելու չափ սառն էիր դեպի նա։
Բազենյանը տխրությամբ հառաչեց։
— Է՜, բարեկամ, դեռ չգիտես, թե որքան խորտակված է սիրտս։ Նրա մահից հետո, որին առաջին անգամ սիրեցի և որին աչքիս առաջ գերեզման դրին, աստված է վկա, Լևոն, այլևս ոչ մի կին չի գալիս։ Իմ տեղ, որ ուրիշը լիներ, առանց ի չարը գործ դնելու չէր թողնիլ այս կնոջ բարեկամությունը, բայց ես... Քեզնից ծածկելու ոչինչ չունիմ, Լևոն։ Պանի Զդանևիչի հետ ծանոթացել եմ Ղրիմում և ամբողջ ճանապարհը միասին ենք եկել։ Ճանապարհին հետզհետե տեսնում էի, որ նրա համակրանքն ավելի է, քան մի պարզ համակրանք, և գրեթե ոչ մի դժվարության չպիտի հանդիպեմ նրան տիրանալու։ Բայց ո՛չ, ասացի. վերածնությունը պետք է կատարյալ լինի, այլապես նորից նախկին ցեխի մեջ խրվելու վտանգի մեջ կգտնվեմ։ Բացի դրանից, ես չէի կարող անարգել իմ առաջին մաքուր սիրո հիշատակը և, որ գլխավորն է, ես ինձ արդեն սուրբ երդումով նվիրել էի այնպիսի մի վեհ գործի, որի առաջ անձնական վայելքը, այսպես ասած, մի պրոֆանացիա պիտի լիներ։ Եվ զսպեցի ինձ, և մինչև այժմ, էլ զսպում եմ։ Եվ այդ է պատճառը, որ քեզ թվացել է, թե ես կոպիտ լինելու չափ սառն վարվեցի նրա հետ։
Դուռը դրսից կամաց ծեծեցին։
— Ո՞վ է,— կանչեց Բազենյանը։
— Կարելի՞ է մտնել,— լսվեց դրսից։
— Լևոն, խնդրեմ՝ մի տես ով է։
Շահյանը դեռ դռանը չհասած, դուռը կամաց բացվեց, և երևաց Մարությանի գլուխը:
— Պարոն Շահյա՞ն,— բացականչեց Մարությանը և շտապով ներս մտավ։— Այստեղ ի՞նչ եք շինում։ Այստեղ չէ՞ ապրում Բազենյանը։
— Ահա Բազենյանը,— ցույց տվեց Շահյանը, զարմանալով, թե ի՞նչ գործ ունի նա Բազենյանի հետ։
Մարությանն արագ դարձավ դեպի Բազենյանի մահճակալը։
— Ա՛հ, պարոն Բազենյան... Դուք այստեղ ե՞ք պառկած։ Ես գնացի հիվանդանոց, ասացին, որ դուրս եք եկել։ Կարծեցի, թե բոլորովին առողջացել եք և շատ ուրախացա, մինչդեռ եկել այստեղ եք պառկել։ Ինչպե՞ս եք, մի՞թե հիմա լավ չեք։
— Փառք աստծո, հիմա բավական լավ եմ։
— Ի սեր աստծո, շուտով առողջացեք, թե չէ՝ այդ բանի նման չէ։ Պարոն Շահյա՛ն... դո՞ւք այստեղ ինչ եք շինում։
— Ընկերս է, եկել եմ տեսության։
— Հա-հա՞, մի՞թե... Դուք այդպիսի պատվական ընկերներ եք ունեցել,— մեկը Մինասյանը, մյուսը սա,— և ես այդ պատահմունքո՞վ պիտի իմանամ։ Դուք գիտե՞ք, որ պարոն Բազենյանն իմ երեխիս է փրկել։
Շահյանը զարմացավ: Այդ հայտնությունը բոլորովին անակնկալ էր նրա համար։
— Հապա՛, իմ Սուրենին։
— Ճի՞շտ:
— Բաս ի՞նչ ունիմ հիմա այստեղ։ Չէ՞ որ երախտապարտ եմ, անչափ երախտապարտ եմ պարոնին, որի հետ այդ ցավալի դեպքն է ինձ առիթ տվել ծանոթանալու։ Պարոն Բազենյան, դարձյալ և բյուր անգամ շնորհակալ եմ ձեզնից, և չեք կարող երևակայել, թե ինչքա՛ն ցավում եմ, որ ա՛յդ գնով եք որդուս կյանքը փրկել։ Որ իմանաք ինչ կպատահեր մերոնց, եթե... ո՛չ, ես սարսափում եմ անգամ այդ մասին մտածելուց։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։
Եվ Մարությանն ամուր-ամուր սեղմեց Բազենյանի ձախ ձեռքը։
Բազենյանը ժպտաց և ասաց, որ չարժե շնորհակալ լինել, որովհետև յուրաքանչյուր մարդու բարոյական պարտականությունն է վտանգ եղած դեպքերում օգնության հասնել ուրիշներին, մանավանդ անզոր երեխաներին։ Հետո խնդրեց, որ նստի, և հարցրեց, թե երեխան իսկապե՞ս բոլորովին անվտանգ է մնացել։
— Մի մազի չափ անգամ չի վնասվել,— ասաց Մարությանը։— Այդ կատարյալ հրաշք է։ Աղջիկս միայն փոքր-ինչ վախեցել է, բայց այդ դատարկ բան է։ Հիմա գիտե՞ք ինչու եմ եկել, պարոն Բազենյան։ Եկել եմ, որ նախ տեղեկանամ ձեր թանկագին առողջության մասին և հետո՝ խնդրեմ, որ շնորհ բերեք մեր տուն։ Մերոնք այնպե՜ս ցանկանում են ծանոթանալ ձեզ հետ...
— Ամենայն ուրախությամբ կգամ, իհարկե, երբ առողջանամ։
— Մի՞թե հիմա առողջ չեք։
— Առողջ եմ, իհարկե, բայց բժիշկն արգելել է, որ սենյակից դուրս չգամ. ձեռքս կմրսեցնեմ։ Բացի դրանից, չեմ կարողանում առայժմս շորս հագնել։ Եվ դրա համար է, որ պառկած եմ։
— Հա՛, երբ որ այդպես է, իհարկե, լավ է, որ զգույշ մնաք։ Բայց որ վտանգն անցնի բոլորովին, խո կգա՞ք։
— Շատ եմ ուզում և կաշխատեմ։
— Չէ, ի սեր աստծո։ Կիսաբերան խոսքեր չեմ սիրում։ Վճռական պատասխան տվեք՝ կգա՞ք, թե ոչ։ Թե չէ, միևնույն է, ձեզ հանգիստ չեմ թողնիլ:
— Կգամ։ Անպատճառ կգամ,— ասաց Բազենյանը ժպտալով։
— Այդպես։ Ա՛յ, պարոն Շահյանը գիտե մեր տունը. միասին վեր կկենաք կգաք։ Հա՛, պարոն Շահյան. դուք շարունակում եք մեզնից շատ հեռու ման գալ: Լավ չեք անում։ Է՛հ, ի՞նչ անենք, աստծո կամքն էր, որ ձեր ողորմածիկ հայրը վախճանվեց, բայց խո չի՞ կարելի այդքան երկար սուգ պահել:
— Չէ, ի՞նչ սուգի բան կա,— ասաց Շահյանը փոքր-ինչ շփոթվելով և ուզեց արդարացնել իրեն, բայց չիմացավ ինչ ասի։
— Դե, երբ որ սուգի բան չկա, եկեք, էլի, առաջվա պես։ Երիտասարդ եք, պետք է գնաք, գաք, խոսեք։ Տանը նստելով բան չի դառնալ: Մինասյանից նամակ ունի՞ք։
— Մինասյանի՞ց։ Չէ։ Առհասարակ մեր միջև նամակագրություն չկա։ Վերջերս միայն ցավակցական մի նամակ էր գրել հորս մահվան առթիվ։ Իսկ դուք նամակ ստանո՞ւմ եք ձեր օրիորդից։
— Աշխենի՞ց։ Ինչպե՜ս չէ, համարյա ամեն շաբաթ։ Թեև ինքը, իհարկե, համեստությունից աշխատում է իր գործունեությունն իր համար աննպաստ գույներով նկարագրել, բայց ես համոզված եմ, որ նա արդեն ամբողջ գյուղի սիրելին է դարձել: Օ՜, ես գիտեմ ի՛նչ աղջիկ է։ Նա...
Մարությանը ձեռքով մի բազմախորհուրդ նշան արավ և թեթև հառաչեց։
— Մի բան միայն ինձ անհանգստացնում է. աղջիկս շատ է դարդ անում նրա համար։ Բայց վնաս չունի, կսովորի։ Եղբոր համար էլ սկզբում շատ էր դարդ անում, բայց հետո սովորեց։ Այդպես ուրեմն, պարոն Բազենյան, դուք խոստանում եք, որ պետք է գաք մեր տուն։
— Խոստանում եմ։
— Ե՞րբ կգաք։
— Հենց առաջին օրը, երբ հնարավորություն ունենամ սենյակից դուրս գալու։
— Լավ:— Մարությանը վեր կացավ։— Հույս ունիմ այդ առաջին օրը շատ չի ուշանալ։ Ուզեք-չուզեք, մենք այսուհետև բարեկամներ պետք է լինենք։ Եվ, հավատացնում եմ ձեզ, չեք զղջալ մեր բարեկամությունից։ Պարոն Շահյանը կարող է վկայել այդ մասին։ Առայժմ ցտեսություն։ Ցանկանում եմ ձեզ շուտափույթ առողջություն,— այսինքն՝ ձեզ չէ, ձեր ձեռքին, որովհետև դուք հիվանդ չեք և — փառք աստծո։ Կգաք պարոն Շահյանի հետ։ Պարոն Շահյան, խնդրում եմ մի մերժեք խնդիրքս. բերեք ձեր ընկերոջը և, առհասարակ, ինքներդ էլ եկեք, գնացեք, առանց քաշվելու։ Ձմեռ է, գիշերները երկար են, կնստենք, կասենք, կխոսենք։ Ցտեսություն։ Անհամբեր կսպասեմ երկուսիդ էլ։ Ցտեսություն։
Երբ Մարությանը դուրս գնաց, Բազենյանը նայեց Շահյանին, ժպտաց և կամաց ետ պառկեց բարձի վրա։
— Տեսնում ես, մարդը գրեթե ծերունի, և ինչքան կենդանություն կա մեջը։ Այժմ համակրեցի, և արժե մոտիկ ծանոթանալ։
Շահյանը լուռ էր. ինչ-որ օտարոտի սառնություն էր տիրել նրան։
— Այսօր բժիշկս գալու է. եթե իրավունք տվավ և կարողացա, վաղը կգնանք։ Հը՞, ի՞նչ ես կարծում։
— Ինչպես ուզում ես,— պատասխանեց Շահյանը։
— Հա, վաղը կգնանք։ Զգում եմ, որ վաղը շատ լավ կլինեմ։ Ձեռքիս ցավը կարծես թե արդեն անցել է։ Համենայն դեպս, վաղն անցիր իմ կողմը։ Չէ, ավելի լավ է, ես կգամ քեզ մոտ և միասին կգնանք։ Ի դեպ մորդ էլ կտեսնեմ. կարոտել եմ։ Դու չգիտես գնահատել մորդ, բայց ես խիստ սիրեցի նրան։ Այնքա՜ն բարի պառավ է...
Շահյանը շարունակ լուռ էր և ինքն էլ էր զարմանում, թե ինչ է պատահում իրեն։ Նա երկար չմնաց ընկերոջ մոտ։ Ճանապարհին ավելի ու ավելի զգում էր, որ իր հոգու խաղաղ տրամադրությունը սաստիկ խանգարվել է։ Դեպի Բազենյանը տածած նրա զգացումը ենթարկվել էր հանկարծական մի հեղաշրջման, ընկերական նախկին անկեղծ սիրո տեղ նրա մեջ սկսել էր գլուխ բարձրացնել մի նոր, անծանոթ և ճնշող զգացում։ Նախա՞նձ էր այդ, չկամությո՞ւն, թե՞ մի ուրիշ բան,— աստված գիտե. բայց կարծես, այնքան էլ նրա սրտովը չէր, որ Բազենյանի ձեռքով ազատված երեխան Մարությանի որդին էր։ Եվ, զարմանալի է, ամենևին չէր ուզում, որ Բազենյանը գնա Մարությանների տուն...
— Բարև ձեզ, պարոն Շահյան,— հանկարծ ինչ-որ կանանցի ձայն դիպավ նրա ականջին, և նա մեքենայաբար կանգ առավ։
Նրա առաջ կանգնած էր օր. Սահակյանը աշակերտական մի կույտ տետրակներ կռան տակին։
— Չճանաչեցի՞ք,— հարցրեց օր. Սահակյանը՝ ժպտալով իր համարձակ ժպիտով։
Շահյանը շփոթվեց։
— Ինչպես չէ... ներողություն...
— Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացել ենք երկաթուղու կայարանում, երբ ճանապարհ էինք ձգում մեր բարեկամներին՝ Աշխենին և Մինասյանին։
— Այո, այո... ներողություն... Ես... ինչպես չէ, ինչպես չէ...
Եվ Շահյանը սաստկացած շփոթմունքից մինչև անգամ կարմրեց։
— Ասենք ներելի է, որ ինձ իսկույն չհիշեիք, որովհետև մենք ծանոթացել ենք այնպիսի պարագաներում, երբ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր ամենալավ բարեկամների վրա,— ասաց օր. Սահակյանր շարունակելով ժպտալ։— Ինչևիցե։ Ես այժմ,— ներողություն, որ ձեզ անհանգստացնում եմ,— ես այժմ ուզում եմ մի տոմսակ սաղացնել ձեզ վրա։
— Ի՞նչ տոմսակ։
— Կիրակի օր, այս կիրակի, մի աղքատիկ գյուղի ուսումնարանի օգտին պարահանդես ունինք, պետք է գաք։
— Պարահանդե՞ս...
Օր. Սահակյանը նայեց Շահյանի՝ մի քիչ ապուշի տպավորություն գործող դեմքին և ծիծաղեց։
— Կարող եք չպարել, բայց տոմսակ, կարծում եմ, կարող եք վերցնել։ Հա, տա՞մ։
— Տոմսա՞կ... Ինչու չէ։ Խնդրեմ։
Օր. Սահակյանը տետրակների կույտն արագորեն մյուս թևի տակն առավ, շտապով հանեց հուշատետրը և սկսեց թերթել, որ մի տոմսակ հանի։
— Գիտեք, ուզում էինք ներկայացում տալ, չհաջողվեց։ Ներկայացումն, ասենք ղալմաղալ բան էլ է և ծախսեր շատ է պահանջում։ Ավելի լավ համարեցինք բանը պարահանդեսով վերջացնել: Համեցեք, երկու ռուբլի արժե։
Շահյանն առավ տոմսակը և գինը վճարեց։
— Շնորհակալություն։ Տեսնո՞ւմ եք, մինչև անգամ շնորհակալություն ենք հայտնում տոմսակ գնողներին,— ասաց օր. Սահակյանը ծիծաղելով։— Ի՞նչ արած, բանն այդտեղ է հասել։ Երևակայեցեք, քսան հատ տոմսակ են տվել ինձ վաճառելու, և այդ ութերորդն է միայն, որ վաճառում եմ, չնայելով, որ էլ ծանոթ ու բարեկամ չեմ թողել, որին առաջարկած չլինեմ։ Հայերիս մեջ բանը այդպես է առաջ գնում։ Բայց, երևի, մի երկու-երեք հատ էլ կվաճառեմ։ Դեռ Մարությաններին չեմ տեսել. չեմ շտապում, որովհետև նրանք ամեն բանում նաղդ են։ Հա՛, իմացա՞ք, ինչ է պատահել Մարությանի որդուն ու աղջկան։
— Որ կառքի տակ ընկնելուց ազատվե՞լ են։
— Այո։
— Ինչպես չէ։
Եվ Շահյանն ուզեց ավելացնել, թե ով է ազատողը, բայց ոչինչ չասաց, ինքն էլ չիմացավ՝ ինչու։
— Չգիտեմ, ով է այդ երիտասարդը,— ասաց օր. Սահակյանը,— բայց ասում են, որ շատ հետաքրքրական մի անձնավորություն է և նոր է եկել արտասահմանից իբր թե ինչ-որ խորհրդավոր հանձնարարությամբ։
Շահյանը դարձյալ լռություն պահեց։ Այժմ նա զգում էր, որ չէր ուզում խոսել Բազենյանի մասին պարզապես նախանձից։
Դարձյալ մի քանի խոսք փոխանակելուց հետո նրանք սեղմեցին իրար ձեռք և բաժանվեցին իրարից։
Հետևյալ օրը Շահյանը չհանդիպեց Բազենյանին: Նա սպասում էր, որ Բազենյանն ինքը կգա միասին Մարությանների տուն գնալու համար, և առաջուց վճռել էր հրաժարվել այդ բանից: Բայց այդ օրը Բազենյանը չերևաց: Նա եկավ երկրորդ օրը, երեկոյան դեմ:
— Զարմանալի մարդ ես,— ասաց նա,— խնդրեցի, որ հանդիպես ինձ, չեկար ոչ երեկ, ոչ այսօր: Բժիշկս այսօր միայն իրավունք տվեց սենյակիցս դուրս գալու: Ինչո՞ւ չեկար:
— Ճշմարիտն ասած, ինքս մի քիչ տկար էի,— դիմեց Շահյանն իր սովորական ստախոսության:
— Է՛հ, դու էլ... Ճիշտ որ քնքուշ մեծացած աղջիկ ես եղել:
Այն միջոցին, երբ Բազենյանը Թամարին պատմում էր Մարությանի որդուն ազատելու դեպքը, Շահյանը դիտում էր ընկերոջը: Նրան թվում էր, թե Բազենյանի մեջ մի նոր բան է տեսնում, որ առաջ չէր նկատել, և այդ «նոր բանը» չափից դուրս գեղեցիկ ու գրավիչ էր, բայց և, միևնույն ժամանակ, համակրելի: Աչք ծակելու չափ աչքի էր ընկնում Բազենյանի վնասված ձեռքը, որը խնամքով փաթաթած՝ պահում էր շքանշանի ժապավենի պես վզից կախ արած սև շորի մեջ: Նրա արտաքինին առանձին գրավչություն էր տալիս ազնիվ մահուդից մեծ ճաշակով կարված հագուստը, որի սև ֆոնի մեջ ձյունի մաքրությամբ պլպլում էր փղոսկրի պես օսլայած նոր շապիկը չափազանց բարձր օձիքով: Փոքր-ինչ նիհարած դեմքը դեռևս դժգույն էր, իսկ աչքերի նախկին համարձակ հայացքը մեղմացել և ժպտում էր նոր առողջացած մարդու կենսուրախ քնքշությամբ: Շահյանը մի րոպե շունչը պահեց, որ չզգա նրանից սուր կերպով բուրող օծանելիքի հոտը — այնքան այդ հոտը գարշելի թվաց նրան: Սակայն Շահյանին ոչինչ այնքան ատելի չէր թվում, որքան սև շորի մեջ լիրբ համեստությամբ հանգչող այդ ձեռքը, որ կարծես աղաղակում էր՝ «Գիտե՞ք ինչու եմ վնասված...»:
— Դե, Լևոն, ի՞նչ ես նստել,— դիմեց նրան Բազենյանը։— Ես ախր եկել եմ, որ գնանք Մարությանի տուն։ Վեր կաց հագնվիր։
— Ես որ չգամ, լավ կլինի,— ասաց Շահյանն անվճռականությամբ։
— Ինչո՞ւ։
— Չգիտեմ, ճշմարիտ... Ինչ-որ վատ տրամադրության մեջ եմ։
— Ավելի լավ, կգնանք, տրամադրությունդ կբացվի։ Վեր կաց։ Ամոթ է, մարդը սպասում է։ Վերջապես, տունը չգիտեմ, ախր։
Մի ժամից երկու ընկերները բարձրանում էին Մարությանների տան սանդուղքով։ Նախասենյակը լուսավորված էր առաստաղից կախված կապույտ լապտերով։ Հեռավոր սենյակներից աղջկանց տաք խոսակցության և բարձրաձայն ծիծաղի ձայներ էին լսվում։ Աղախինը ներս հրավիրեց հյուրերին հյուրասենյակ։ Այնտեղ ոչ ոք չկար։ Սեղանի վրա վառվում էր բրոնզյա ջլոտ մարդու ուսին դրած հսկայական լամպը։ Մի րոպե չանցած, բացվեց հյուրասենյակի խորքում դռներից մեկը, և արագ քայլերով ներս մտավ Մարությանը։
— Ա՜, վերջապես,— ուրախ բացականչեց նա և երկար ու պինդ սկսեց սեղմել իր երկու ձեռքով Բազենյանի ձեռքը։— Ինչքա՛ն ցավում եմ, որ ստիպված եմ ձեր ձախ ձեռքը սեղմել։ Ինչպե՞ս եք հիմա, լա՞վ եք։
— Փառք աստծո։
— Օ՜, որ գիտենաք օրական քանի անգամ եմ փառք տալիս աստծուն, որ այդպես հեշտ եք պրծել։ Համեցեք, համեցեք այստեղ։ Չեք կարող երևակայել, թե ինչքան ուրախացրիք ինձ ձեր այցելությամբ։ Պարոն Շահյան, բարև ձեզ։ Դուք էլ վերջապես եկաք։ Դուք էլ այստեղ համեցեք։ Սակայն ազատ եք, պարոններ, ուր կամենում եք՝ նստեցեք։ Սուրե՛ն, Սուրեն, արի այստեղ, տես ով է եկել,— կանչեց Մարությանը, վազելով դեպի այն դուռը, որտեղից ինքը ներս մտավ։
Սակայն այդ դռնից, Սուրենի տեղ, դուրս եկավ Թեկլեն։
— Արի, արի, դու արի,— կնոջ առաջն ընկավ Մարությանը:— Ահա ներկայացնում եմ քեզ մեր Սուրենի ազատչին, որին այնքան ցանկանում էիր տեսնել։ Իմ կինս է,— դարձավ նա Բազենյանին։
Բազենյանն այդ աղմկալի ընդունելությունից չգիտեր ինչ աներ և շարունակ ժպտում էր ինքնավստահ համտեսությամբ։
— Ներեցեք, տիկին, ես ստիպված եմ ձեզ իմ ձախ ձեռքը տալ,— ասաց նա, թեթև խոնարհվելով։
— Ա՜խ, ձեր ա՞ջ ձեռքն է վնասվել,— մեղմորեն և ցավագին բացականչեց Թեկլեն։— Ինչքա՛ն ցավում եմ, ինչքա՛ն ցավում եմ։
— Բան չկա,— նկատեց Մարությանը,— շուտով բախտ կունենանք աջ ձեռքը սեղմելու։ Ա՜, արի՛ այստեղ, չարաճճի,— հանկարծ կանչեց նա և վազեց դեպի Սուրենը, որ կանգնել էր դռան շեմքում և երեխայական մտառու հետաքրքրությամբ նայում էր հյուրերին։ Հայրը բռնեց երեխայի ձեռքից և առաջ բերեց։— Տես ով է եկել։ Ճանաչո՞ւմ ես այս պարոնին։
Երեխան լուրջ հայացքով և փոքր-ինչ քաշվելով դիտում էր Բազենյանի ժպտող դեմքը։
— Չե՞ս ճանաչում։ Սա ա՛յն պարոնն է, չարաճճի, որ քեզ ազատեց կառքի տակ ընկնելուց։ Դե, շնորհակալություն հայտնիր։
Սուրենն այս անգամ նայեց Բազենյանին հոնքերի տակից, ժպտաց մանկական ամոթխածությամբ և սիրուն աչքերը վայր թողեց։
— Սնոլակալ եմ,— շշնջաց նա, հագուստի փեշը մատի վրա փաթաթելով։
— Է՜, լավ ասա, է՛։ Ասա, շատ շնորհակալ եմ, պարոն, որ ինձ ազատեցիք։
— Սատ սնոլակալ եմ, պալոն, ոլ ինձ ազատեցիք,— կրկնեց Սուրենը։
— Այ այդպես, ապրիս,— բացականչեց Մարությանը և կամաց կմշտեց որդու թուշը։
— Ես քեզ ազատեցի, որովհետև այդքան խելոք տղա ես,— շոյեց երեխային Բազենյանը։— Եկ ինձ մոտ. մենք այսուհետև բարեկամներ ենք։ Իմ անունն էլ Սուրեն է։
Ամենքը նստեցին։ Բազենյանը երեխային առավ իր ծնկների մեջ և սկսեց ձախ ձեռքով փաղաքշել նրա բուկը։
— Շուտով աղջիկս էլ բախտ կունենա ծանոթանալու ձեզ հետ,— ասաց Մարությանը։
— Հա՛, ինչպե՞ս է օրիորդը,— վրա բերեց Բազենյանը։— Վախն անցե՞լ է։
— Է՛հ, դատարկ բան է, ի՛նչ վախ։
— Չէ, այդպես մի ասիր,— նկատեց կինն ամուսնուն։— Նա բավական վախեցել է. չե՞ս նկատում ինչպես ամեն մի հասարակ բանից հանկարծ ցնցվում է։
— Բան չկա. վախը չափել կտանք` կանցնի,— ասաց ամուսինը ծիծաղելով։— Տե՛ս ինչ աղմուկ է սարքել այնտեղ։
Մարությանն այդ նկատողությունն արեց այդ րոպեին հանկարծ բռնկած ուրախ քրքջոցի ձայների վրա, որոնք լսվեցին հեռավոր սենյակներից։ Այնուհետև քրքջոցից և խառնաշփոթ խոսակցության հետ նախասենյակում լսվեցին ոտների ձայներ։
Բազենյանն ու Շահյանը հետաքրքրությամբ ականջ դրին, մինչև որ ձայները, հետզհետե խլանալով, լռեցին։
— Գնացին,— ասաց Մարությանը։— Այս գիշեր շուտ է վերջացրել դասախոսությունները։ Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան։ Այդ աղջիկս է։ Այդպես շաբաթը մի երկու անգամ հավաքում է ընկերուհիներին և հայերեն խոսել-կարդալ է սովորեցնում։ Պետք է իմանաք, որ այդ ընկերուհիները բոլորն էլ հայ են, բայց ամեն լեզու գիտեն, բացի հայերենից։ Գիտեք, էլի՛, մեր այսպես կոչված բարձր դասակարգի աղջիկներն ինչ կլինին...
Դուռն ուժգնորեն բացվեց, և աղմկալի քայլերով ներս մտավ Եվան։ Իրանին պինդ սեղմված մոխրագույն շրջազգեստը, որի ծանր փեշերը հազիվ էին ծածկում ոտների ծայրերը, շատ շնորհալի կերպարանք էր տալիս նրա համարձակ հասակին։ Նա մի քանի քայլ առաջ շտապեց իր փութկոտ քայլերով, բայց հանկարծ կանգ առավ և զարմացած նայեց Բազենյանին։
Շահյանի սիրտը սաստիկ թրթռաց և հանկարծ, կարծես, դադարեց այլևս բաբախելուց։
Բազենյանը երեխային կամաց հեռացրեց իրենից և վեր կացավ։
— Ի՞նչ կանգնեցիր, առաջ արի,— ասաց Մարությանն աղջկան։— Արի ծանոթացիր պարոն Բազենյանի հետ, որին դու էլ ես պարտական։
— Ա՛խ, եղբորս փրկի՜չը,— բացականչեց Եվան սաստիկ ուրախացած և վազեց դեպի Բազենյանը, թույլ չտալով, որ նա մոտենա իրեն։— Չգիտեմ ինչպես պիտի արտահայտեմ ձեզ իմ շնորհակալությունը, պարոն Բազենյան։ Դուք որ օգնության չհասնեիք, եղբայրս խո հիմա չպետք է լիներ։ Երևակայեցեք, սարսափից այն աստիճան կորցրել էի ինձ, որ բոլորովին չեմ հիշում ձեր դեմքը։ Մինչև անգամ չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ եղբայրս անվտանգ մնաց, իսկ դուք... Ա՛խ, ի՛նչ դժբախտություն... Ահա, ձեր ձեռքը դեռ կապած ունիք։
— Ի՞նչ վնաս, օրիորդ. թող մի-երկու ամիս կապած մնա։
— Մի-երկու ամի՜ս...
— Գոնե բժիշկն այդպես է ասում։
— Չէ՛, չէ՛, դա չափազանց շատ է։ Ինչպե՞ս կարելի է... չեմ ուզում։
— Տեսնում եք, պարոն Բազենյան, չի ուզում,— լուրջ կատակով ասաց Մարությանը,— ուրեմն ձեր ձեռքն իրավունք չունի մի-երկու ամիս կապած մնալու։ Շատ-շատ` մի-երկու շաբաթ։
— Իհարկե,— պնդեց Եվան։
— Ավելի լավ չէ՞ մի-երկու օր,— իր հերթին նկատեց Թեկլեն։
— Ո՜ւու, մայրիկս ավելի լավ ասաց. շատ-շատ՝ մի-երկու օր, այսինքն դարձյալ մի-երկու օր, որովհետև մի շաբաթ է արդեն, որ կապած ունիք ձեր ձեռքը... Ա՛խ, պարոն Շահյան,— հանկարծ բացականչեց Եվան, նոր տեսնելով Շահյանին, և արագ մոտեցավ նրան։— Դուք այնքան հեռու եք նստել, որ ձեզ չնկատեցի։ Բարև ձեզ։ Ինչո՞ւ մեզ մոռացել եք։ Համեցեք, մոտիկ նստեցեք, խնդրում եմ։
Շահյանը հենց սկզբից այնպիսի դրության մեջ էր զգում իրեն, որ կարծես ինքն առանձնապես ոչ մի նշանակություն չունի այդ տան մեջ կամ եթե ունի, այդ էլ նրա՛ համար միայն, որ Բազենյանի ընկերն է։ Նրա ինքնասիրությունը սաստիկ վիրավորվեց մանավանդ այն բանից, որ Եվան, Բազենյանով ոգևորված, չնկատեց իրեն սկզբում։ Եվ չար, անզոր նախանձը, որ երկու օրից ի վեր ծագել էր նրա մեջ դեպի ընկերը, այժմ արդեն զգալի արագությամբ պաշարում էր նրա ամբողջ էությունը։ Չէ՞ որ վնասված ձեռքը փաթաթանի մեջ դրած, արտիստական ճաշակով հագնված այդ վայելչահասակ, գեղեցիկ երիտասարդն արդեն կուռք էր դարձած Մարությանների համար, որոնց երեխային փրկել էր մահից անօրինակ անձնազոհությամբ։ Մինչդեռ Եվան այնքա՜ն շնորհալի, այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն հրապուրիչ էր և այնպիսի՜ եռանդուն ուշադրություն էր ընծայում Բազենյանին...
Շահյանի դրությունը հետզհետե ծանրանում էր։ Նա բոլորովին չէր խոսում, և ըստ երևույթին ուշադրություն դարձնող չկար նրան։ Երբ Մարությաններն երբեմնակի մի-մի խոսք էին ուղղում նրան, այդ էլ, Շահյանը կարծում էր, քաղաքավարության համար միայն։
Ամենքի ուշադրությունը կենտրոնացած էր Բազենյանի վրա։ Հարցեր էին, որ այս ու այն կողմից տալիս էին նրան, և նա ամենքին էլ գոհացում էր տալիս պարզ, ազատ և ինքնավստահորեն։
Խոսակցությունն ինքնաբերաբար անցավ Կ. Պոլսի անցքերին և՝ առհասարակ Թրքական-Հայաստանում սկսված գործին։ Այստեղ Բազենյանը, ինչպես ասում են, մտավ իր դերի մեջ, և «սուրբ գործն» սկսեց հոլովվել նրա բերանում ամեն կերպ:
Շահյանին թվում էր, թե նա բառ առ բառ կրկնում է նույնը, ինչ որ իր մոտ էր ասել. կարծես բերան էր արել այդ բոլորը, ինչպես մի լավ դերասան իր բազմիցս խաղացած դերը։
Մարությանները լսում էին նրան առանձին հետաքրքրությամբ։ Այդ բանը ոգևորում էր Բազենյանին ավելի խորը գնալու։ Արդեն այն հանգամանքը, որ մինչև անգամ շատախոս Մարությանը լռել էր, պարզ ապացույց էր Շահյանի համար, որ Բազենյանը կատարելապես տիրել էր ունկնդիրներին։
Շահյանը գաղտագողի դիտում էր Եվային։ Եվան կռթնել էր բազկաթոռի թիկունքին և, հայացքը Բազենյանի աչքերին հառած, լսում էր նրան ամենայն մտառությամբ։ Նրա հոնքերի միջև գոյացել էր մի կնճիռ, որ վերին աստիճանի խելացի արտահայտություն էր տալիս նրա խոշոր աչքերին:
Եվ որքան Շահյանը շատ էր դիտում Եվային, այնքան ավելի թվում էր նրան, թե Բազենյանի ճառախոսությունը սուտ է, խաբեբայություն է, անամոթ լրբություն է։ Մի ինչ-որ քննադատական և թերահավատության ոգի էր զարթել նրա մեջ. նրան խիստ հակասական էին թվում Բազենյանի վառվռուն խոսքերը նրա շիկ հագուստին և հոտավետ օծանելիքին։ Եվ Շահյանի սիրտն առաջին անգամ կասկած մտավ նրան տված իր գումարի նպատակի մասին։ Այդ կասկածն առանձին ուժ ստացավ այն միջոցին, որ երբ Մարությանը խոսք բաց արեց իր հեռացած որդու մասին և ասաց, որ նա ևս ծառայում է նույն նպատակին, ինչ որ Բազենյանը, վերջինս հանկարծ զսպեց իրեն և այնուհետև սկսեց խոսել զգուշորեն...
5
Այդ երեկո Մարությանները մի ուրիշ հյուր էլ ունեցան։ Դա օր. Սահակյանն էր։ Ըստ երևույթին, նա բոլորովին չէր սպասում, որ Բազենյանը, որի հետ մտնելուն պես ծանոթացրին նրան, այդքան ֆրանտ երիտասարդ կարող էր լինել։ Կողմնակի կերպով նա շատ խորհրդավոր բաներ էր լսել Բազենյանի մասին. ասել էին, թե Բազենյանը հայրենիքի ազատության գործին նվիրված մի երիտասարդ է, թե նա եկել է արտասահմանից այդ գործի հետ կապ ունեցող նվիրական նպատակներով և այլն, և այլն, և այդ ամենը նրա մեջ բոլորովին ուրիշ և ուրույն մտապատկեր էր ստեղծել Բազենյանի արտաքինի մասին։ Հուժկու մարմին, հսկայական հասակ, առնական կերպարանք, անճոռնի, աղքատ հագուստ — ահա այդ մտապատկերը։ Բայց այժմ այդ մտապատկերի բոլորովին հակապատկերն էր տեսնում իր աչքի առաջ։ Այդ պատճառով հենց սկզբից փոքր-ինչ կասկածանքով և բավական սառն վերաբերվեց դեպի Բազենյանը։ Քաղաքավարության համար միայն թեթև կերպով գովաբանեց նրա քաջությունը, որով ազատել էր երեխային և նստեց Մարությանի բազկաթոռի վրա, որ տանտերն իր սովորական աղմկալի ընդունելությամբ առաջարկել էր նոր հյուրին։
— Ներեցեք,— որ այս կեսգիշերին անհանգստացնում եմ ձեզ,— ասաց օր. Սահակյանը:— Բայց դուք գիտեք, որ ցերեկն ես ամենևին ժամանակ չունիմ։ Ես եկել եմ երկու բանի համար։
— Նա՞խ,— հարցրեց Մարությանը, շտապով նստելով նրան մոտիկ։
— Եկել եմ նախ՝ բողոքելու, որ Աշխենից միայն այսօր եմ նամակ ստանում։
— Միայն այսօ՞ր,— զարմացավ Մարությանը։
— Միայն այսօր։ Երկու ամսից ավելի է, որ գնացել է և այժմ է միայն բարեհաճում մտաբերել ինձ։ Սա վարմո՞ւնք է. սա արդարությո՞ւն է, ձեզ եմ հարցնում, հատկապես ձե՛զ, պարոն Մարության։
— Ինչո՞ւ հատկապես ինձ։
— Որովհետև ձեր եղբոր աղջիկն է։
— Ա՛յ քեզ բան։
— Ասացեք, խնդրեմ, ձե՞զ էլ այդպես ուշ է գրել, թե՞ ամեն շաբաթ հեղեղում է ձեզ նամակներով, ինչպես պատվիրեցիք մեկնելու գիշերը։
— Ամեն շաբաթ չէ, բայց մինչև այժմ վեց-յոթ նամակ կլինենք ստացած նրանից։
— Վեց-յոթ նամա՞կ... Դե, միևնույն է, էլի, թե ամեն շաբաթ ստացել եք։ Ուրեմն իրավո՞ւնք ունիմ բողոքելու, թե ոչ։
— Կատարելապես։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հատկապես ինձ եք բողոքում։ Ա՛յ, բողոքեցեք։
Եվ Մարությանը ծիծաղելով մատնանիշ արավ աղջկան։
— Եվայի՞ն։— Օր. Սահակյանն ամբողջ մարմնով արագորեն դարձավ դեպի Եվան, ժպտաց և ցուցամատով կամաց խփեց նրա կզակին։— Հա-ա՞, Եվա, քեզ բողոքե՞մ։
Եվան գլուխը փոքր-ինչ ետ գցեց, որ ազատվի նրա անտեղի փաղաքշանքից, բայց ծիծաղեց։
— Ում ուզում ես բողոքիր,— նկատեց նա,— բայց ավելի լավ չի՞ լինի ասես՝ ինչ է գրում։
— Կուզե՞ք կարդամ նամակը։
— Եթե մասնավոր ոչինչ չկա,— նկատեց Մարությանը։
— Ներողություն. կուզեք, որ մասնավորն է՞լ կարդայի։ Տեսեք ինչ է գրում։
Օր. Սահակյանը շտապով հանեց Աշխենի նամակը, բաց արեց, պատրաստվեց կարդալու, բայց հանկարծ նայեց Բազենյանին ու Շահյանին, որոնք նրա գալուց հետո նստած էին բոլորովին լուռ, նամակը նորից ծալեց և պահեց։
— Ներողություն, պարոններ,— ասաց նա.— ես լավ չհասկացա տանտիրոջ այս րոպեին արած նկատողության իմաստը և այնքան անքաղաքավարի գտնվեցա, որ ուզում էի մասնավոր գործերով զբաղեցնել ձեզ։
— Խնդրում եմ, օրիորդ,— եռանդով վրա բերեց Բազենյանը։— Մեր ներկայությունը թող ամենևին արգելք չլինի ձեզ նամակը կարդալու։
«Իմ տեղ էլ սա է խոսում։ Սա երևելի նշան է»,— մտածեց Շահյանը։
— Դուք թո՞ւյլ եք տալիս։
— Խնդրում եմ, օրիորդ։ Դա ի՞նչ խոսք է։
— Իսկ դո՞ւք, պարոն Շահյան։
— Է՜, թողեք, թե աստված կսիրեք, այդ անտեղի քաղաքավարությունները,— նկատեց Մարությանը։— Ինչի՞ց եզրակացրիք, չեմ հասկանում, թե նկատողությունս արի նրա համար, որ պատվական հյուրերիս չզբաղեցնեք մասնավոր բաներով։ Եթե չճանաչեի իմ Աշխենին, ուղղակի կարգելեի ձեզ նրա գրածը կարդալ։ Բայց գիտեմ, թե ինչ է նա և ինչ կլինի գրած, ուստի ամենևին երկյուղ չունեմ, թե հյուրերս պիտի ձանձրանան նրա նամակը լսելով։ Խնդրում եմ, կարդացեք։
Օր. Սահակյանը նորից հանեց նամակը։
— Պարոն Մարությանը ճիշտ է ասում, պարոններ, այն, ինչ որ այժմ պիտի կարդամ, անհետաքրքրական չէ և կարող է ընդհանուր խոսակցության նյութ դառնալ։ Պարոն Շահյանը ճանաչում է Աշխենին, բայց չգիտեմ՝ դուք լսե՞լ եք նրա մասին, պարոն...
— Բազենյան,— վրա գցեց օր. Սահակյանին Մարությանը։
— Պարոն Բազենյան։ Չգիտեմ՝ դուք լսե՞լ եք օր. Աշխենի մասին։
— Եթե չեմ սխալվում, նա ձեր...— դիմեց Բազենյանը Մարությանին։
— Եղբորս աղջիկն է։
— Որը վարժուհու համեստ պաշտոնով գյուղն է գնացել,— վրա բերեց օր. Սահակյանը։— Տեսնո՞ւմ եք այս տունը. նա ապրել է այս տան մեջ երկար տարիներ,— նա որբ է,— խաղաղ, հանգիստ կյանք է վարել իր հարգելի հորեղբոր և նրա հարգելի ամուսնու խնամքի տակ, որոնք իրենց հարազատ աղջկանից ոչնչով չեն զանազանել նրան։ Բայց և այնպես թողել է իր ամենայնիվ ապահովված կյանքը և զրկանքներով լի գյուղն է գնացել խավար ժողովրդի մեջ լույս տարածելու համար։ Նա սիրված և մանավանդ հարգված է եղել ամենքից։ Հարգված բառը շեշտում եմ նրա համար, որ, իմ կարծիքով, հարգանքի զգացում թելադրելու համար ավելի մեծ ուժ է հարկավոր, քան թե սիրո զգացում, որովհետև հարգանքն ավելի ճշմարիտ, ավելի դիմացկուն և ավելի ազնիվ զգացում է, քան թե սերը, որը միշտ պատահական և անցողակի է լինում և հազիվ թե առաջանում է մարդու ներքին արժանիքի գնահատումից։ Սիրվում են հարյուրից իննսունուինն, բայց հարյուրից մեկը հազիվ է հարգվում։ Ասելս այն է, թե, ուրեմն, որպիսի անսովոր աղջիկ է Աշխենը, որ կարողացել է հարգել տալ իրեն ամենքին։ Կարող եմ ձեզ հավատացնել, պարոններ, որ ես չափազանց թերահավատ և, մանավանդ մարդկային արժանիքները գնահատելու գործում, խիստ հոռետես եմ. ուստի կարծում եմ, այս բանն արդեն բավական պիտի լինի համոզելու ձեզ, թե ի՛նչ է օր. Աշխենը, որի մասին այդպես ոգևորված եմ խոսում։
— Ես կատարելապես հավատում եմ ձեզ, օրիորդ,— ասաց Բազենյանը։— Մի օրիորդ, որ դաստիարակվել է պարոն Մարությանի և նրա հարգելի ամուսնու ձեռքի տակ, իհարկե, ուրիշ կերպ չէր կարող լինել։
— Ինչո՞ւ «իհարկե»,— նկատեց Մարությանը ծիծաղելով։— Կամ ես ու իմ ամուսինս ի՞նչ գործ ունինք այստեղ, որ մեզ խառնում եք մեջը։ Եղբորս աղջիկը, ճիշտ է, մեր ձեռքի տակ է մեծացել,— ավելացրեց նա լրջությամբ,— բայց իրեն դաստիարակողն, այսպես ասած, ինքն է եղել։
— Թողեք, որ այդ մենք գիտենանք, պարոն Մարության,— ընդհատեց նրան Բազենյանը։— Ես շատ լավ ծանոթ եմ մեր ընտանիքներին և այդ ընտանիքների մեջ մեծացած աղջիկներին, և եթե ձեր ընտանիքն էլ նման լիներ իմ ճանաչած ընտանիքներին, ապա շատ պիտի զարմանայի հարգելի օրիորդի՝ ձեր եղբոր աղջկա մասին ասած խոսքերի վրա։
— Ինչո՞ւ։
— Որովհետև հայ աղջկանց և մի որևէ վեհ իդեալի միջև, որպես իդեալի ծառայում է ձեր եղբոր աղջիկը, այնքան նմանություն կա, որքան դատարկ տակառների և ցորենով լի հասկերի միջև։
Եվան, որ առանձին հետաքրքրությամբ լսում էր Բազենյանին, ուզեց բան ասել, բայց լռեց։
— Հայ աղջիկները,— շարունակեց Բազենյանը,— ընդհանրապես առած, անգույն, չնչին, դատարկ արարածներ են, հեռու ամեն իդեալից։
Օր. Սահակյանը հոնքերը սաստիկ բարձրացրեց և նայեց կողքին նստած Եվային կոմիկական տարակուսանքով։ Հետո շատ նուրբ ժպիտով և վերին աստիճանի մեղմորեն դիմեց Բազենյանին.
— Ներողություն, հարգելի պարոն, ինձ թվում է, թե ձեր նկատողությունը փոքր-ինչ... Ինչպե՞ս ասեմ, որ անքաղաքավարի չնկատվեմ... փոքր-ինչ, այսպես ասած, քաղաքավարի չէր, եթե ոչ իմ, գոնե այս օրիորդի վերաբերմամբ, որ նույնպես հայ աղջիկ է և նստած է ձեր առաջ։
Բազենյանն ամենևին չշփոթվեց օր. Սահակյանի այդ նկատողության վրա և առանձին եռանդով դարձավ Եվային.
— Խնդրում եմ, ներեցեք ինձ, օրիորդ։ Ես այնպես եմ ընդունում, որ մեր խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է և, բացի դրանից,— ավելացրեց Բազենյանը ժպտալով,— ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի այն կանոնը, որ ներկա եղողները միշտ բացառություն են կազմում։ Իմ նկատողությունը վերաբերում էր...
Եվան արագությամբ ընդհատեց նրան.
— Խնդրում եմ, պարոն Բազենյան, բոլորովին ապահով եղեք. ես այնքան բծախնդիր չեմ։ Օր. Սահակյանը կատակ է անում։
Օր. Սահակյանը կոմիկական ապշությամբ նայեց նախ Եվայի լուրջ դեմքին, հետո՝ Մարությանին և նրա կնոջը։
— Դե արի ու սրապեսների պատիվը պաշտպանիր,— ասաց նա։— Շատ լավ։ Երբ որ ես կատակ եմ անում, այժմ լուրջ կերպով կխոսեմ, մանավանդ որ պարոն Բազենյանն ասում է, թե խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է։ Շատ բարի, պարոն Բազենյան։ Երբ որ դուք կարծում եք, թե լուրջ բաների մասին խոսելիս շատ էլ բծախնդիր չպետք է լինինք քաղաքավարական կանոնները պահպանելու համար, ուստի ես էլ ծալում մի կողմ եմ դնում քաղաքավարական կանոնները և ասում եմ. եթե, ձեր ասելով, հայ աղջիկներն անգույն, չնչին, դատարկ արարածներ են ընդհանրապես, երիտասարդներդ էլ մի բանի նման չեք։ Խնդրում եմ, մի՛ նեղանաք, մենք բոլորովին լուրջ բանի մասին ենք խոսում։
— Ես չեմ նեղանում։
— Ճի՞շտ։
— Ամենևին։
— Ուրեմն ճի՞շտ եմ ասում։
— Բոլորովին ճիշտ չեք ասում։
Բազենյանը իր պատասխանները տալիս էր շատ հանգիստ, ամենևին ուշադրություն չդարձնելով օր. Սահակյանի հեգնական տոնին։ Այդ բանը գրգռեց օր. Սահակյանին։
— Զարմանալի է,— ասաց նա,— և դուք կարողանում եք այդքան հանգիստ մնալ, երբ անարդարությո՞ւն եք լսում։
— Ես հանգիստ եմ մնում հենց նրա՛ համար, որ անարդարություն եմ լսում։
— Ուրեմն ես չարախոսում եմ։
— Ես այդպիսի բան չասացի։ Եվ, կարծեմ, հաշիվ էլ չպետք է ունենաք չարախոսելու մեր երիտասարդների վրա,— ավելացրեց Բազենյանը իր հանգիստ-հանդուգն հայացքով դիտելով օր. Սահակյանի տգեղ արտաքինը։
Այդ երկմիտ խոսքերը և մանավանդ այդ հանդուգն հայացքը ավելի ևս վառեցին օր. Սահակյանին, բայց և այնպես նա չկորցրեց իրեն։
— Ես շատ եմ հավանում, պարոն, ձեր այդ սիրուն պատասխանները,— ասաց նա իր նախկին հեգնական տոնով։— Բայց կարելի չէ՞ արդյոք իմանալ, թե ի՞նչ ունիք դուք երիտասարդներիդ պաշտպանելու համար։
— Ես ոչինչ չունիմ, օրիորդ, մեր երիտասարդներին պաշտպանելու համար, որովհետև նրանք կարոտ չեն իմ պաշտպանությանը։ Նրանց կատարած մեծ գործերը հրապարակի վրա են. պետք է միայն ընդունակություն ունենալ տեսնելու։
— Խոստովանում եմ ձեզ, որ ես այդ ընդունակությունը չունիմ և դրա համար խնդրում եմ, որ գեթ մի օրինակ ցույց տայիք:
— Օրինակ՝ հենց մեր վերջին շարժումները։
— Ես գիտեի, որ այդ պիտի ասեք, որովհետև ուրիշ օրինակ չեք կարող բերել։
— Մի՞թե այդ քիչ է։
— Մինչև անգամ չափազանց շատ է, ո՞վ է ասում։ Բայց դուք ասացիք կատարած գործերը, իսկ ձեր ասած շարժումները նոր են սկսված, և դեռ չգիտենք՝ երկունքի մեջ եղած լեռն ի՛նչ կծնի — փի՞ղ, թե մուկ։
— Իհարկե, փիղ:
— Ինչո՞ւ անպատճառ իհարկե և ինչո՞ւ անպատճառ փիղ:
— Շատ պարզ պատճառով. որովհետև այդ մասին կասկած չի կարող լինել։
— Բայց տեսնում եք, որ ես կասկածում եմ։ Ինչո՞վ կարող եք երաշխավորել, որ լեռն անպատճառ փիղ կծնի և ոչ մուկ։ Ուզում եմ իմանալ՝ ինչո՞վ են մեծ երիտասարդներիդ հարուցած այդ շարժումները։
Բազենյանը զարմանքով նայեց իր շրջապատողներին, հետո նույն զարմանքով դարձավ օր. Սահակյանին։
— Օրիորդ, մի՞թե այդ մասին դեռևս կարիք կա խոսելու։
— Փոքր-ինչ առաջ գայիք, պարոնը հենց այդ մասին էր խոսում,— միամտաբար մեջ ընկավ Թեկլեն, դառնալով օր. Սահակյանին։
— Ահա՛, տեսնո՞ւմ եք,— վրա բերեց օր. Սահակյանը,— ուրեմն կարիք եղել է, որ փոքր-ինչ առաջ խոսելիս եք եղել այդ մասին։
Ամենքի դեմքի վրայով մի թեթև ժպիտ անցավ ակամա։ Ժպտաց և Բազենյանը։ Նա տեսավ, որ այդ մարմնեղ աղջիկը բավական ճարպիկ լեզու ունի և շատ բանում կարող է այդպես հանկարծակիի բերել իրեն, ուստի վճռեց զգույշ լինել։ Ժպտալով նա փոքր-ինչ առաջ խոնարհվեց դեպի օր. Սահակյանը և ասաց վերին աստիճանի քաղաքավարությամբ.
— ներեցեք, օրիորդ. չե՞ք նեղանալ, եթե մի բան ասեմ։
— Նայելով թե ինչ կասեք։
— Ինչպես երևում է, դուք սիրում եք կատակ անել։
Օր. Սահակյանը բարձրաձայն ծիծաղեց։
— Ես էլ ասացի, թե ինչ եք ուզում ասել։ Իհարկե, ես շատ եմ սիրում կատակ անել, այնպես որ դուք կարող էիք համարձակ ձեր նկատողությունն անել։ Բայց այսպիսի խնդիրներում,— ավելացրեց նա լրջորեն,— ներեցեք, ես սիրում եմ լուրջ կերպով խոսել։ Ես, ախր, բոլորովին ուրիշ կարծիք ունիմ ձեր ասած շարժումների մասին։
— Շատ հետաքրքրական է իմանալ, օրիորդ, ձեր կարծիքը,— այս անգամ արդեն հեգնանքի հասցրած ծայրահեղ քաղաքավարությամբ նկատեց Բազենյանը։
— Անշուշտ հետաքրքրական է և շա՛տ հետաքրքրական, պարո՛ն,— նրա հեգնական տոնից առնվելով առանձին շեշտ տվեց իր ձայնին օր. Սահակյանը։— Բայց մի մոռանաք, որ խոսքը նախ ձե՛զ է պատկանում, դեռ դուք ապացուցեցեք ինձ, թե ինչո՞ւ լեռն անպատճառ փիղ պիտի ծնի և ոչ մուկ, այնուհետև ես իմը կասեմ։ Ես, տեսնում եք, չեմ փախչում։
Բազենյանը ծիծաղեց։
— Ուզում եք ասել՝ ես փախչո՞ւմ եմ։
Օր. Սահակյանն արագությամբ դարձավ Մարությանին.
— Պարոն Մարության, դուք ասացեք, ես մեղավո՞ր եմ, որ պարոնն այդ եզրակացությունը հանեց իմ խոսքերից։
— Լավ, լավ,— մեջ ընկավ Մարությանը, տեսնելով, որ բանը շատ հեռու է գնում։— Դա այնպիսի խմոր է, որ շատ ջուր կվերցնի, ուստի խնդրում եմ, վերջ դնեք ձեր վիճաբանությանը և կարդաք այս նամակը:
Այդ միջամտությունը դուր չեկավ Բազենյանին. Մարությանը դրանով կարծես թե ստիպում էր նրան խոստովանել իր հակառակորդի գերակշիռ ուժը վիճաբանության մեջ և փախուստ տալ օր. Սահակյանի առաջ։ Դա վիրավորական էր նրա ինքնասիրության համար, մանավանդ այդ ընտանիքի մեջ, ուր կարճ միջոցում ահագին հեղինակություն էր ձեռք բերել։ Վախկոտությամբ փախուստ տալ ո՛ւմ առաջ ուզում է լիներ, մանավանդ այդ գեր, այդ անճոռնի աղջկանից, որին պարզապես արհամարհում էր,— այդ բանը չէր հարմարում նրա բնավորությանը։ Բացի դրանից, փախուստ տալ, նշանակում էր ընկնել այն բարձրությունից, ուր ելել էր նա այդ սիրելի ընտանիքի աչքում։ Եվ Բազենյանը հավաքեց իր բնածին բոլոր հանդուգն համարձակությունը, պատրաստվեց դիմադրելու, բայց օր. Սահակյանը ժամանակ չտվեց նրան։
— Ձեր ասած հայ աղջիկներին ես էլ լավ եմ ճանաչում, պարոն Բազենյան, և, իհարկե, շատ ավելի լավ, քան թե դուք. բայց իմ ասած հայ երիտասարդներին էլ ճանաչում եմ՝ ինչպես հարկն է։ Ուրեմն, ավելի լավ է, լռենք այս մասին և կարդանք այս նամակը, որի գրողը...
— Ոչ, ինչո՞ւ լռենք, օրիորդ,— ընդհատեց նրան Բազենյանը։— Լռությունը միշտ կասկած է հարուցանում... Մենք կարող ենք խոսել բացարձակ, եթե ոչ հիմա, դոնե ուրիշ ժամանակ. հույս ունիմ, առիթ կունենանք։
— Անշո՛ւշտ. ես միշտ պատրաստ եմ։ Բայց առաջուց պիտի ասեմ ձեզ, որ իմ համոզմունքը ոչ մի պայմանով չեք կարող փոխել։
— Ուրեմն ավելորդ կլինի մեր վիճաբանությունը:
— Ո՛չ, ինչո՞ւ. գուցե ես եմ փոխում ձեր համոզմունքը,— բացականչեց օր. Սահակյանը և բարձրաձայն ծիծաղեց:
Բազենյանը շատ սառն, պարզապես ատելությամբ լի հայացքով նայեց նրա կախ ընկած չաղ կզակին, որ դողդողում էր ծիծաղից, և նկատեց առանց մի մազի չափ անգամ շփոթվելու.
— Ինչո՞ւ եք կարծում, թե իմ համոզմունքը նույնքան, եթե ոչ ավելի հաստատ չէ, որքան ձերը։
— Իսկ դուք ինչի՞ց եք կարծում, թե ես այդպես եմ կարծում:
— Ձեր խոսքերից։
— Թեև ես այդպիսի բան չեմ ասել, բայց համեցեք, ընդունում եմ, որ ձեր համոզմունքն ավելի հաստատ է, քան թե իմը։ Համենայն դեպս, այդ չի արգելում, կարծեմ, որ մենք դիսպուտի դուրս գանք — ես իմ փաստերով, դուք ձեր փաստերով: Իսկ այժմ, որպեսզի ավելորդ ժամավաճառությամբ չզբաղվենք, պարոն Բազենյան, կարդանք այս նամակը։
Եվ որպեսզի Բազենյանը շատ չվիրավորվի, օր. Սահակյանը ժպտաց հաղթանակը տարած մեծահոգի մարդու մեղմությամբ։
Բազենյանը կծեց ներքին շրթունքը և այդպես էլ մնաց — լուռ, մռայլ։
Երկու հյուրերի միջև տեղի ունեցած այդ ընդհարումը շատ ճնշող տպավորություն էր գործել տանտերերի վրա։ Մարությանն ու կինն անհանգստությամբ շարժվում էին անդադար իրենց տեղերում, գրեթե հուսահատված՝ չիմանալով ինչպես վերջ տան այդ անախորժ վիճաբանությանը, որ նկատելի չլինի, թե այդ բանն անում են նրա համար միայն, որ Բազենյանին ազատեն նեղ դրությունից, ուստի ավելի լավ էին համարում լռել։
Բոլորովին լուռ էր և Եվան։ Շատ լավ ծանոթ լինելով օր. Սահակյանի բնավորությանը, գիտեր, որ նա կոպիտ լինելու չափ համարձակ էր և վիճաբանության ժամանակ ոչ տեղին էր նայում և ոչ նրան, ում հետ որ վիճաբանում էր։ Այս անգամ Բազենյանի վերաբերմամբ նրա ցույց տված հակառակությունը կոպտության, անքաղաքավարության և դիմացինին զոռով գրգռելու և վիրավորելու տգեղ ցանկության վերին ծայրն էր թվում Եվային, և նա մի քանի անգամ ուզեց միջամտել, բայց վախեցավ, թե միգուցե օր. Սահակյանն ավելի ևս կոպտաբար վարվի։
Այնինչ Շահյանը չարախնդությամբ դիտում էր ընկերոջ անզոր այլայլումը և մտքումը «բռավո» էր ասում օր. Սահակյանին, որ միանգամից կարողացել էր կոտրել Բազենյանի անամոթ անձնապաստանությունը։
«Հենց առաջին օրից, երբ ոտք կոխեցի այս գյուղը, հուսահատվելու չափ հիասթափվեցի,— սկսեց կարդալ օր. Սահակյանն Աշխենի բավական երկար նամակի այն տողերից, որտեղից հարմար էր համարել կարդալ:— Մարդիկ տեսա, որոնք ապրում են նրա՛ համար միայն, որ ստիպված են ապրել: Մարդիկ տեսա, որոնց անասուններից զանազանել կարելի է նրանով միայն, որ խոսում են: Անծա՜յր չքավորություն՝ միացած մտքի խուլ խավարի հետ... Անսովոր մարդը զարհուրում, վիարավորվում է անգամ իրեն նման արարածների այս պատկերը տեսնելով: Ա՜խ, այդ աղքատությունը... Դու սովոր ես աշակերտուհիներիդ մազերը միշտ կարգին սանրած, մաքուր հագնված տեսնել, և եթե մեկը մի օր մաքուր թաշկինակ չի ունենում, առանց ճաշի ես թողնում: Բայց իմ աշակերտուհիները շոր անգամ չունին իրենց խեղճ մարմինը ցրտից պատսպարելու համար: Ամեն տեղ կան վաշխառուներ, բայց այդ ցեցերի ավերածությունը գյուղերում արդեն չափից դուրս զգալի է: Սակայն, եթե ընդհանուրի աղքատության պատճառները որոնելու լինենք միմիայն վաշխառուների գործունեության մեջ, դրությունն էլի այնքան ցավալի չէր լինիլ: Այդ պատճառները, որքան ես կարողացա նկատել, բազմաթիվ են և բազմադիմի և գտնվում են գյուղական-հասարակական ամբողջ կազմակերպության մեջ: Մի և ամենազորավոր պատճառն էլ այն է, որ գյուղացու վիճակը բարելավելու համարարտաքին կողմից ամենևին փորձ չկա: Ընդհակառակը՝ արտաքին կողմից եղած միջոցները, կարծես, ձգտում են էլ ավելի ծանրացնելու նրա կացությունը: Գյուղացին ձգված է երեսի վրա: Նա թողնված է, որ ինքն իր ուժերին ապավինե: Բայց նա տգետ է, կրթություն չունի, ուրեմն և անընդունակ է իր ուժերը մշակելու, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնել, չճնշվել տիրապետող կարգերի տակ: Ժամանակն արագորեն առաջ է գնում. կարգերն, ավելի ու ավելի ծանրանալով, փոխվում են անդադար, բայց գյուղացին կանգնած է միևնույն տեղը, ուր որ գտնվում էր տասնյակ, հարյուր տարիներ առաջ: Հարկավոր է նրան էլ առաջ մղել, որպեսզի կարողանա հարմարվել ժամանակի անողոք պահանջներին: Դրա համար հարկավոր է լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս։ Պ. Մինասյանը...»:
— Դուք ճանաչո՞ւմ եք Մինասյանին, պարոն Բազենյան,— հանկարծ հարցրեց օր. Սահակյանը, նամակի ընթերցումը ընդհատելով։
— Մինասյանի՞ն... ոչ։ Ո՞վ է։
— Մեր սակավաթիվ մասնագետ գյուղատնտեսներից մեկը և ժողովրդական բանահավաք։ Դուք նրան գոնե մեր գրականությունից պիտի ծանոթ լինեիք։
— Մինասյա՞ն... Այդպիսի գրող չեմ ճանաչում։
— Ուրեմն չեք հետևում գրականությանը,— նկատեց օր. Սահակյանը և պատրաստվեց նամակի ընթերցումը շարունակելու:
Բազենյանը զգաց, որ կարմրում է դեպի իր հակառակորդը տածած չարությունից։
— Ներեցեք, գուցե նա մի անհայտ...
— Ո՛չ, մեր ժողովրդական գրականության մեջ նա բավական հայտնի է, և հայտնիներ էլ շատ չունինք,— կտրեց նրա խոսքն օր. Սահակյանը և շարունակեց նամակի ընթերցումը։
«Պ. Մինասյանը կրթության մեջ ոչ թե միայն ընդհանրապես մարդկային առաջադիմության միջոց է տեսնում, այլև — ամենակարճ ճանապարհը, որով գյուղացին կարող է տնտեսական փոքրիշատե բարվոք վիճակի հասնել։ Տուր գյուղացուն հող էլ, փող էլ, կարճ ժամանակից հետո նա նույն հացակարոտ աղքատը կմնա, եթե կրթություն չես տալ նրան, որ այդ հողն ու փողը կառավարել կարողանա։ Ահա այս հիմնական միտքն իրեն առաջնորդ ունենալով, պ. Մինասյանը նվիրվել է ուսումնարանի գործին արտասովոր եռանդով: Այս կատարյալ հերոսություն է, եթե ի նկատի առնենք այն ահագին դժվարությունները, որոնց դեմ ստիպված է նա մաքառել։ Այս երիտասարդն իր հաստատուն բնավորությամբ, իր անհանգիստ աշխատասիրությամբ, նպատակին ձգտող իր համառ գործունեությամբ կատարելապես զարմացնում է ինձ։ Աշխատում է գիշեր-ցերեկ, անում է ամեն բան, չեղած տեղը գործ է ստեղծում, որ պարապ չմնա։ Գյուղատնտեսության մեջ մանավանդ նրա կատարած գործերն ահագին են։ Գյուղացիները կատարյալ հավատ են ընծայում նրան, որովհետև գիտե նրանց բան հասկացնելու կերպը. իսկ գյուղացիներին բան հասկացնելու համար ուղղակի տաղանդ է հարկավոր ինտելիգենտ մարդուն։ Ասենք, Մինասյանին այս գործում մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ նա, շատերի պես, երբեք չի կտրել իր կապը գյուղի հետ։ Անցած ամսին այստեղ էր եկել, քսան տարվա բացակայությունից հետո, գյուղիս համփա բնակիչներից մեկի ինժեներ որդին ժառանգական կալվածական մի վեճի համար։ Երբ ինձ ասացին, թե այսինչ տան զավակն է, ուղղակի ապշեցի,— այն աստիճան օտար էր նա գյուղին իր լեզվով, սովորություններով, նիստուկացով, էլ չեմ ասում տարազով։ Ես ու Մինասյանը ներկա էինք համագյուղացիների հետ նրա ունեցած վեճին։ Մարդն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց իր խելացի հայացքներով, բարի զգացումներով և հակառակորդներին ըստ ամենայնի զիջում անելու ցանկություններով. բայց արի տես, որ ամբողջ երկու ժամ խոսում էր գյուղացիների հետ և ոչինչ չէր կարողանում հասկացնել նրանց։ Գյուղացիները բան հասկացան միայն այն ժամանակ, երբ միջամտեց Մինասյանը և մի քանի խոսքով բացատրեց նրանց բանի էությունը նրանց լեզվով և զարմանալի պարզ օրինակներով։ Եթե ասեմ, որ Մինասյանը գյուղի կուռքն է և ամբողջ գավառում մեծ հեղինակություն է վայելում, չափազանցություն արած չեմ լինիլ: Բայց նա ունի և զորեղ թշնամիներ։ Դրանք, գլխավորապես, վաշխառուներն են, որոնցից մեկն այս օրերս գանգատ է տվել նրա դեմ նահանգական դատարանին՝ օրագրի մեջ իր մասին նրա արած մի մերկացման համար։
Ես գրում եմ իմ առաջին տպավորությունները, սիրելի Վարո։ Չգիտեմ, գյուղն ու գյուղական կյանքն ինձ համար նորություն է — դրա՞ համար է ինձ այստեղ ամեն բան մռայլ թվում, թե՞ այդ իսկապես այդպես է։ Գոնե մխիթարական ես ոչինչ չեմ գտնում այստեղ։ Միակ մխիթարականը և հուսատուն, որ լուսատու մենավոր աստղի պես պայծառ փայլում է այս թխպոտ հորիզոնի վրա, դա պ. Մինասյանն է։ Չայց մի ծաղկով գարո՞ւն կգա...»։
— Դու էլ մեկ — երկու, երկուսով խո կգա,— ասաց օր. Սահակյանն Աշխենի հասցեին և նամակը ծալեց։— Ահա, այս էր, պարաններ, ինչ որ կարող էի կարդալ այս նամակից։ Մի քանի կտորներ էլ կարելի էր կարդալ, բայց վախենում եմ, որ պարոն Բազենյանը կարծի, թե նա ինքնագովությամբ է պարապում:
Եվ օր. Սահակյանր, նայելով Բազենյանին, ժպտաց:
— Ես պարոն Բազենյանի տեղ բողոքում եմ ձեր դեմ, օրիորդ,— բացականչեց Մարությանը։— Եթե պարոնը հայ աղջիկների մասին աննպաստ կարծիք ունի, այդ չի նշանակում, թե նա բացառություններ չի ճանաչում։ Այդպես չէ՞, պարոն Բազենյան։
— Չեմ հասկանում,— խիստ հանգիստ արտասանեց Բազենյանը, ուսերը վեր քաշելով։ Նա արդեն ատում էր օր. Սահակյանին։
— Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մարության, որ պարոն Բազենյանը չի կարող չճանաչել բացառությունները, բայց մի՞թե այսպիսի բացառություններն ավելի քիչ են արժանի ուշադրության, քան ընդհանրությունը։ Ի՞նչ եք կարծում, տիկին,— դարձավ օր. Սահակյանը Թեկլեին.— Աշխենը դատա՞րկ աղջիկ է։
— Ո՞վ է ասում... Երանի չէ՞ր լինիլ, որ բոլոր աղջիկները նրա պես խելոք լինեին,— ասաց Թեկլեն տխուր մտախոհությամբ։
— Տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք, պարոն Շահյան. ձե՞ր կարծիքն ինչ է. դուք ճանաչում եք նրան։
— Ես համաձայն եմ ձեզ հետ,— ասաց Շահյանը, առանց մտածելու, թե ինչ է ասում և, ինքն էլ չհասկացավ ինչու ժպտաց։
Օր. Սահակյանն արագորեն դարձավ դեպի Եվան, որ նստած էր իր կողքին.
— Իսկ դո՞ւ, Եվա։
Եվան իսկույն չպատասխանեց։ Նրա անսովոր-լուրջ հայացքը մտքի ինչ-որ տխուր, խորհրդավոր կենտրոնացում էր արտահայտում։
— Այդպիսի մի նամակ էլ մեզ է գրել,— ասաց նա, առանց պատասխանելու օր. Սահակյանի հարցմունքին։
— Հա-ա՞։
— Բաս ի՞նչ էիք կարծում,— ասաց Մարությանը։
— Դե որ այդպես է, ինչո՞ւ առաջուց չէիք ասում, որ իզուր ժամավաճառ չլինեի կարդալով... Ասենք, վնաս չունի. այդ հարկավոր էր պարոն Բազենյանի համար, որպեսզի պարոնը համոզվի, որ հայ աղջիկների մեջ ևս կան այնպիսիները, որոնց մոտ շատ հայ երիտասարդներ զրո են։
Բազենյանը ետ էր ընկել բազկաթոռի մեջքին և աշխատում էր կատարյալ լռությամբ արտահայտել իր արհամարհանքը։
— Ներեցեք, պարոն Բազենյան, որ ձեր հայտնած կարծիքի մասին այսքան շատ եմ խոսում,— ավելացրեց օր. Սահակյանն այս անգամ զիջողաբար ժպտալով։— Ես ինքս համաձայն եմ ձեզ հետ, որ հայ աղջիկները, խիստ մեծամասնությամբ, դատարկ և չնչին արարածներ են, ինչպես դուք ասացիք, բայց դուք մի դատապարտեք այդ աղջիկներին, այլ դատապարտեցեք ընտանեկան, թեկուզև հասարակական այն պայմանները, որոնց մեջ մեծանում են նրանք, որովհետև, ամեն երևույթ իր պատճառներն ունենալով, այս տխուր երևույթի մեջ էլ քննության առարկան և դատապարտելին ոչ թե ինքն՝ երևույթը պիտի լինի, այլ պատճառը։ Բայց, մյուս կողմից, թույլ տվեք նկատեմ, որ հայ երիտասարդներն արդեն իրենք են դատապարտելին, որովհետև նրանք անհամեմատ թե՛ ավելի ազատ են մեծանում և թե՛ ավելի լավ կրթություն են ստանում, քան հայ աղջիկները. մինչդեռ նրանք ի՞նչ են անում.— կամ քնում են, կամ իրենց փորի համար միայն աշխատում։ Ասացեք խնդրեմ, ո՞ր երիտասարդը, քաղաքում հանգիստ ու ապահով կյանք վարող երիտասարդն եմ ասում, սիրտ կանե կորած տեղեր գնալ աչքից ընկած, մտքից մոռացված ժողովրդի բարօրության գործին ծառայելու համար։ Ասացեք, կա՞ այդպիսի երիտասարդ։
— Իմ եղբա՜յրը,— դուրս թռավ Եվայի բերնից, և նրա մտախոհ հայացքի մեջ հանկարծ ինչ-որ կայծ վառվեց, բայց իսկույն էլ հանգավ։
Այն աստիճան ազդու էր նրա ձայնը, որ ամենքն էլ ակամա նայեցին նրան։
Եվան վեր կացավ տեղից, և կայծը նորից վառվեց նրա գեղեցիկ աչքերի մեջ։
— Իմ եղբա ՜յրը,— կրկնեց նա։— Ես կերդվեմ, որ ոչ ոք չի կարող նրան հասնել... Ա՜խ, ինչպես ուզում եմ, որ այս րոպեիս այստեղ լինի նա...
Օր. Սահակյանը սիրով ու կարեկցությամբ նայեց նրան և այլևս չշարունակեց վիճաբանությունը։ Թեկլեի աչքերը լցվեցին մայրական սիրո կարոտակեզ արտասուքներով։ Իսկ Մարությանը, որի հայրական սիրտը նույնպես սաստիկ շարժվել էր դեպի իր հեռացած որդին, իրեն սրտապնդելու համար սկսեց բարձրաձայն հազալ։
— Ի դեպ, պարոն Բազենյան, դուք չե՞ք ճանաչում օրիորդի եղբորը՝ Արմենակին։
— Ոչ:
— Զարմանալի է։ Որքան իմացել եմ, դուք ևս ծառայում եք միևնույն գործին, ինչ որ նա, և ինչպե՞ս է, որ չեք ճանաչում նրան...
— Ոլրիշ ի՞նչ է գրում,— շտապով դարձավ Մարությանն օր. Սահակյանին, վախենալով, թե միգուցե նա մի նոր հարձակում սկսի Բազենյանի դեմ։— Չի՞ տխրում, գո՞հ է իր վիճակից։ Մեզ գրած նամակների մեջ իր կյանքի մասին ընդհանրապես ոչ մի դժգոհություն չի հայտնում, բայց ես հասկանում եմ, որ մեզ ուրիշ կերպ չի գրիլ, իոկ ձեզ, կարծում եմ, ճշմարտությունը պիտի լինի հայտնելիս։
— Ահա, ուզո՞ւմ եք, այդ կտորն էլ կարդամ։
— Խնդրում եմ։
Եվան, մի-երկու անգամ սենյակում անցուդարձ անելուց հետո, կամաց նստեց իր առաջվա տեղը, օր. Սահակյանի մոտ։
«Գյուղն ինձ վրա, ինչպես ասացի, խիստ ճնշող տպավորություն գործեց,— կարդաց օր. Սահակյանը։— Աղքատությանը զուգակից է տգեղությունը, և այդ տգեղությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում այստեղ։ Հենց միմիայն գյուղի արտաքին տեսքը — նրա ծուռումուռ, անասունների մշտական աղբով ծածկված, ցեխոտ փողոցները, անճոռնի, շատ տեղ գետնափոր տները, վտիտ անասունները, ճռճռան ծանրաշարժ սայլերը, ահագին փափախների տակ ճնշված մարդիկ, բերանն ու քթները կալած կանայք, կեղտոտ ու գզգզված երեխաները, անհամար քոսոտ շները,— ամեն, ամեն բան ինձ վերին աստիճանի տգեղ և հակակրելի էր թվում։ Կարծում էի, թե հանկարծ ընկել եմ վայրենի մի աշխարհ, ուր ամեն ինչ խորթ ու անծանոթ էր ինձ։ Ինձ վրա նայում էին զարմանքով և կասկածով։ Կանայք մանավանդ ավելի էին խրտնում ինձնից,— չեմ հասկանում ինչու։ Շատ անգամ, երբ հարևանի կովը ցեխոտ պոչը տատանելով անցնում էր առաջովս, ինձ թվում էր, թե այդ անասունն անգամ իր հիմար աչքերով ուրիշ կերպ էր նայում ինձ,— ոչ այնպես, ինչպես սովորական գյուղացիներին։
Առաջին իսկ օրից դառնությամբ, գրեթե տանջվելով զգացի, որ ոչինչ չպիտի կարողանամ շինել այստեղ։ Իմ և ինձ շրջապատող մարդկանց միջև ոչ մի առնչություն չէի տեսնում։ Ոչ ես էի հասկանում սրանց, ոչ սրանք էին հասկանում ինձ։ Այդ քիչ է. ինձ թվում էր, թե երբեք չպիտի կարողանամ անկեղծորեն համակրել և սիրել այս բիրտ, կասկածոտ և տգեղ մարդկանց, որոնց բարօրության գործին վճռել էի նվիրել ինձ այդտեղ իմ մաքուր սենյակում նստած։ Այս կետը մանավանդ մեծ մտահոգություն էր պատճառում ինձ և երևան էր հանում իմ մեջ այնպիսի անծանոթ գծեր, որ ուղղակի ապշած էի մնում և չէի ճանաչում ինքս ինձ։ Ի՞նչ էր նշանակում այս խորթությունը, այս օտարությունը, այս զզվանքը, վերջապես։ Ես արիստոկրատ չէի ծնվել, ընդհակառակը՝ պատկանում էի ժողովրդի նույն ստորին խավին, ինչ որ սրանք, այս կոշտ ու կոպիտ, այս անմաքուր ու տգեղ գյուղացիները, և մեր ծագման միջև եթե մի տարբերություն կար, այդ էլ զուտ աշխարհագրական էր. ես ծնվել էի քաղաքում, սրանք — գյուղում։ Ուրեմն ո՞րտեղից էր այս «արիստոկրատիզմը», որի գոյությունն իմ մեջ մինչև այստեղ գալս երևակայել անգամ չէի կարող... Այս ու այսպիսի հազարավոր մտքերի ճնշման տակ, հանկարծ հիմարություն և, որ ավելի վատ է, կեղծիք թվաց ինձ իմ «անձնուրացությունը»։ Այս էր ամենաանտանելին, որովհետև այս միտքն ինձ նվաստացրեց իմ աչքում վերին աստիճանի, ինքս ինձնից ամաչելու չափ...
Այսպիսով առաջին օրերն ու շաբաթներն անցան հուզող կասկածների, ծանր անձնաքննության և վերին աստիճանի տաղտկության մեջ, որի ժամանակ խենթանալու չափ սկսեցի կարոտել քաղաքի կյանքը, ինձ ծանոթ սիրելի դեմքերը, մանավանդ քեզ և մանավանդ Եվային, իմ սիրուն, իմ քնքուշ, իմ պաշտելի Եվային...»։
Այստեղ ամենքի հայացքը մեքենայաբար դարձավ դեպի Եվան, որի աչքերի մեջ հանկարծ արտասուքի կաթիլներ ցոլացին։ Նա գլուխը խոնարհեց և մատներով պինդ ծածկեց աչքերը։ Մինչդեռ օր. Սահակյանը, ըստ երևույթին ոգևորված նամակից, ուշադրություն չդարձրեց այդ բանին և շարունակեց կարդալ.
«Բայց ոչինչ չշինած՝ վերադառնալ, այդ միևնույնը կլիներ, թե զինվորը փախչում է պատերազմի դաշտից՝ մի գնդակ անգամ չարձակած։ Այդպիսի դեպքում ավելի լավ չէ՞ր լինիլ, որ ուղղակի գետն ընկնեի խեղդվեի, քան թե վերադառնայի հարազատներիս մոտ այդպիսի խայտառակությամբ։ Այդ միտքն էր, որ պահպանեց ինձ անկումից և միևնույն ժամանակ քաջություն տվեց։ Մյուս կողմից, գիտեի, որ ժամանակն ամենալավ հաշտեցնողն է։ Հարկավոր էր միայն համբերություն և բարոյական ուժ։ Այդ համբերությունն ու բարոյական ուժը...»։
Օր. Սահակյանը հանկարծ դադարեցրեց ընթերցումը և նամակը շտապով ծալեց։
— Ներեցեք, այլևս չեմ շարունակիլ,— ասաց նա։
Եվան մատները հեռացրեց աչքերից և հետաքրքրությամբ նայեց նրա դեմքին։
— Ինչո՞ւ,— հարցրեց Մարությանը զարմացած։
— Որովհետև...— օր. Սահակյանը հազիվ նկատելի կերպով շփոթվեց,— որովհետև... շարունակությունն արդեն ինքնագովություն է, որ... պարոն Բազենյանը կարող է խիստ կրիտիկայի ենթարկել,— շփոթմունքը զսպելով վրա բերեց նա և ժպտալով նայեց Բազենյանին։
Բազենյանը ոչինչ չասաց, միայն հանգիստ զարմանքով նայեց Մարությանին, կարծես հարցնում լիներ, ի՞նչ է պատահել սրան։
— Է՜էհ,— կարդացեք,— ասաց Մարությանը, դժգոհելով, որ օր. Սահակյանն այդպես հաճախ ընդհատում է նամակի ընթերցումը և ամեն անգամ անտեղի կերպով ուզում է խայթել Բազենյանին։
— Բացի ինքնագովությունից,— վրա բերեց օր. Սահակյանը հեգնորեն,— շարունակությունն այսպես ասած աշակերտական բարոյախոսություն է, որը կարող է ձանձրալի լինել, ինչպես ամեն մի բարոյախոսություն։
— Տե՛ր իմ աստվա՛ծ... ձեր ի՞նչ գործն է. դուք կարդացեք։
Օր. Սահակյանը ծիծաղեց Մարությանի զայրացկոտության վրա և դարձավ Եվային.
— Կարդա՞մ, Եվա։
— Ինչո՞ւ չպետք է կարդաս,— ասաց Եվան կամաց։
Նրա դեմքը սառնություն էր արտահայտում։
Օր. Սահակյանը նորից բաց արեց նամակը։
«Այդ համբերությունն ու բարոյական ուժն ես արդեն առիթ եմ ունեցել զարգացնելու իմ մեջ»— կարդաց նա կիսատ թողած նախադասությունը և լռեց։
Ամենքն էլ տեսան, որ նա շարունակությունը մտքումն է կարդում։ Եվան կամաց թեքվեց դեպի նա, սկսեց նայել նամակին և տեսավ, որ նա մի շարք տողեր բաց թողեց։
Օր. Uահակյանը շտապով դարձրեց թերթը և շարունակեց.
«Ահա հենց այդ համբերությամբն ու բարոյական ուժովս էր, որ կարողացա դիմանալ սկզբնական դժվարություններին, որոնք գուցե շատ չնչին բաներ էին, բայց ինձ, որովհետև խամ էի, ծանր էին թվում։ Ծանր էին թվում մանավանդ այն պատճառով, որ կարծում էի, թե բավական է, որ մարդ ոգևորված լինի այս կամ այն գաղափարով, մնացածը հեշտ է։ Մինչդեռ փորձն ինձ ցույց էր տալիս, որ գեղեցիկ գաղափարների իրագործումը շրջապատված է տգեղ պայմաններով, այնքան ավելի տգեղ, որքան մարդ շատ է լինում ոգևորված։ Կրկնում եմ. այդ ես փորձով տեսնում ու զգում էի, ուրեմն և հասկանում, որ այդ այդպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել։ Մյուս կողմից, ինչպես ասացի, ինձ ուժ էր տալիս այն գիտակցությունը, թե դժվարություններից փախչելն առհասարակ ամոթալի բան է, երբ այդ դժվարություններն ինքդ ես կամովին հանձն առել կրելու։ Բացի այդ, ինձ ուսուցել և օրինակ էին տվել անձնականը զոհելու ընդհանրությանը, ապրելու ուրիշների համար, և ես չէի կարող, չպետք է դավաճանեի այդ գաղափարին, մանավանդ այն ժամանակ, երբ ոտք էի կոխել այդ գաղափարին գործով ծառայելու ճանապարհի վրա։ Այժմ, երբ սկսել եմ ընտելանալ գյուղական մռայլ կյանքին, այդ գաղափարն ավելի ևս ոգևորում է ինձ, և ես կարողանում եմ զսպել մարդկային թուլություններս։ Նույնիսկ պատահում են ոգևորության օրեր, երբ ամեն բան մոռանում եմ և բուռն ձգտումով անձնատուր եմ լինում այս թշվառ մանուկների կրթության գործին — մանուկների, որոնց լոկ տեսքն անգամ անհուն կարեկցություն է շարժում։ Սարսափում եմ, որ մտածում եմ, թե ապագա այս գեղջուկներն ու գեղջկուհիներն էլ առանց կրթության կարող են, նույն խավարով շրջապատված, փտել անասնական նույն կյանքի մեջ, ինչպես փտել ու փտում են սրանց պապերն ու տատերը, սրանց հայրերն ու մայրերը։ Չէ՞ որ սրանք էլ մեզ պես մարդիկ են. չէ՞ որ սրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Ի՞նչ խղճով պետք է տեսնենք սրանց այս ողբալի դրությունը և օգնության ձեռք չկարկառենք, երբ կարող ենք և քանի որ կարող ենք՝ ամոթալի և վիրավորական չէ՞ միթե մեզ համար, որ մեզ նման աստծո պատկերը կրող այս արարածները զրկված են աստվածային լույսից։ Խավարի այս սոսկալի թագավորությունը տեսնելով, մի՞թե այլևս հնարավոր պիտի լինի անհատի համար եսական կյանքը։
Ես չեմ ուրանում, որ մարդիկ իրար չեն օգնում։ Մարդկային կյանքն իր բոլոր ասպարեզներում փոխադարձ օգնության վրա է հիմնված։ Բայց, ավա՜ղ, այդ օգնությունը դեռ լոկ բնազդական, անգիտակցական և անուղղակի է, որպեսզի ցանկալի պտուղներ տար։ Ես կուզեի, որ մարդիկ իրար օգնեին գիտակցաբար։ Այդ քիչ է. կուզեի, որ մարդիկ ուրիշին օգնելու գործում դնեին իրենց սիրտը, հոգին, ամբողջ էությունը։ Անպայման անձնուրացություն և անձնազոհություն եմ պահանջում ես, որովհետև մարդու գոյության բուն նպատակը, հետևաբար և նրա իսկական երջանկության գրավականն, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ։ Այդպես է քարոզում բոլոր խելոք գրքերից ամենախելոք գիրքը — Ավետարանը, և դրանով միայն մարդը կարող է աստվածանալ, որին ճգնում է նա հասնել։ Քանի՜ դար է ահա, որ քարոզվում է այդ գաղափարը, որը, սակայն, դեռևս լոկ մեռած տառ է հանդիսանում և եթե անցել է գործադրության, անցել է չափից դուրս սահմանափակ և չոր մտքով։ Ինչո՞ւ։ Այդ նրանից չէ՞ արդյոք, որ մարդիկ հոգին համաչափ կերպով չեն զարգացնում մտքի հետ։ Պատճառն այն չէ՞ արդյոք, որ միտքն առաջ է սլացել, հոգին ետ է մնացել։ Միտքը հսկայական թռիչքներ է գործում երկրի անդունդներից մինչև երկնքի անհունությունը, իսկ հոգին դեռևս խարխափում է խավարի մեջ և շարժվում է կրիայի քայլերով։ Ես հավատում եմ մտքի հաղթանակին։ Բայց ավելի ևս հավատում եմ հոգու հաղթանակին։ Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված...»:
— Ես վերջացրի,— ասաց օր. Սահակյանը և դանդաղորեն ծալեց նամակը։
Սենյակում կարճ ժամանակ խոր լռություն տիրեց։ Այդպես է լինում միշտ, երբ որևէ գրվածքի ընթերցումը գրողի համար կամ աննպաստ, կամ խիստ նպաստավոր տպավորություն է թողնում ունկնդիրների վրա։
— Բռա՜վո,— հանկարծ բացականչեց Մարությանը խիստ ոգևորված։— Բռա՜վո, Աշխե՛ն, բռա՜վո։ Ամեն մի բառը մի ոսկի արժե։ Օ՜, խելոք է, շատ խելոք։ Գիտե մտածել։ Այդպիսի մտքեր... Հիանալի՜ է, հիանալի՜։ Զարմանալի է. դուք հենց ամենահետաքրքրական կտորը չէիք ուզում կարդալ։
— Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք։ Ի՜նչ հետաքրքրական, ձանձրալի ասացեք,— հեգնորեն նկատեց օր. Սահակյանը և հարևանցի նայեց Բազենյանին։— Խելքին զոռ է տվել, էլի։ Փոխանակ բան գրելու, ինչ-որ անգիր արած ճռճռան ֆրազներ է շարել իրար ետևից։
— Բա՜ն ասացիք։ Իմ ի՞նչ գործն է, թե խելքին զոռ է տվել։ Դուք հայտնած մտքերն ասացեք։ Հետո, ինչպե՞ս թե անգիր արած։ Ներողություն։ Այդպե՞ս եք ճանաչում ձեր ընկերուհուն։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված»։ Հրաշալի չէ՞ միթե։ Ճիշտ չէ՞ արդյոք, որ մարդիկ մտքի կրթության վրա ավելի են ուշք դարձնում, քան թե հոգու։ Ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Բազենյան, ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Շահյան, ձեզ եմ հարցնում։
— Բոլորովին իրավացի է,— ասաց Բազենյանը և նույնը մեքենաբար կրկնեց Շահյանը։
— Ոչ թե բոլորովին, այլ դեռ մի բան էլ ավելի է,— բացականչեց Մարությանն ավելի ու ավելի ոգևորվելով։— Ասում են, մեծ մարդիկ մեծ էլ պակասություններ են ունենում։ Ինչո՞ւ: Ինչո՞ւ այնպես չպետք է լինի, որ մեծ մարդիկ ոչ թե միայն մեծ, այլև առհասարակ ոչ մի պակասություն չունենան։ Ինչո՞ւ այդպես է, հարցնում եմ ձեզ։ Որովհետև մեծ մարդկանց, ինչպես և ամեն մի սովորական փոքր մարդու հոգին, այսինքն բարոյական ընդունակությունները համաչափ կերպով չեն զարգացվում մտավոր ընդունակությունների հետ։ Ասացեք, խնդրեմ. եթե մենք կարողանում ենք մեր միտքն այնպես զարգացնել, որ կարող ենք հնարել երկաթուղի, հեռագիր, հեռախոս-ձայնախոս, մահաբեր հրացան ու թնդանոթ, մի՞թե չենք կարող մեր հոգին էլ այնպես զարգացնել, որ թշվառների արտասուքը տեսնելիս անտարբեր չմնանք, նեղացածներին օգնենք, տնանկին պատսպարենք, քաղցածին հաց տանք։ Մի՞թե հոգին ավելի պակաս ընդունակ է կրթվելու և զարգանալու, քան թե միտքը։ Չեմ կարծում։ Սիստեմը, այժմյան կրթության ամբողջ սիստեմն է մեղավոր այս ափաշքարա հակասության մեջ։ Ես հավատացած եմ, որ մեծ մարդիկ կրկին չափով մեծ գործեր կլինեին կատարած, եթե նրանց հոգին զայրացած լիներ ուղեղի հետ համաչափ կերպով։ Այդպիսով մենք մի տասնևինն դար էլ առաջ կլինեինք գնացած, որովհետև շատ անգամ մի բան, որ անկարելի է լոկ ուղեղով, մտքով ըմբռնել, կարելի է հասկանալ հոգու աջակցությամբ։ Հոգին մտքի ամենալավ խորհրդատուն է. միտքն առանց հոգու — զրո, բայց միտքն ու հոգին միասին — ամեն բան։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքը առաջ կընթանան ձեռք ձեռքի տված, մի հավասար գծով»։ Պարոններ, մի՞թե սա ճիշտ չէ, մի՞թե սրանք կլասիկական խոսքեր չեն։
— Եվ ասողն ո՞վ, ա՛յդ ասացեք.— մի հայ աղջիկ,— նորից հեգնեց օր. Սահակյանը և դարձյալ նայեց Բազենյանին։
Բազենյանն այլևս չկարողացավ համբերել։
— Օրիորդ, իզուր դուք հեգնում եք,— ասաց նա շատ սառը կերպով։— Ես կարող եմ հիանալ այդ նամակի մեջ հայտնված մտքերից և զարմանալ այն օրիորդի ընդունակության վրա, որ կարողացել է գրել այդպիսի մի նամակ, բայց և այնպես այդ չի խանգարում ինձ դարձյալ պնդելու, որ հայ աղջիկներն ընդհանրապես — ուսում առած, թե չառած — շատ չնչին և դատարկ արարածներ են, որ նրանք...
— Զարմանում եմ ձեզ վրա...
— Ներողություն, թողեք խոսքս վերջացնեմ... Որ նրանք ոչ թե չեն կարող այդպիսի նամակներ գրել, այլև երկու տող հասարակ բարովագիր գրելն անգամ մեծ դժվարություն է պատճառում նրանց։ Բացառությունները...
— Պարոն Բա...
— Ներողություն։ Բացառությունները շատ ուրախալի են այդպիսի դեպքերում, բայց հենց նրա՛ համար, որ բացառություններ են, կորցնում են, իրենց նշանակությունը։ Ընդհանրությունն է, որ իշխում է, ուրեմն և մեծ ցավ պիտի պատճառե։
Օր. Սահակյանը ծիծաղեց։
— Ախր, ո՞վ է հակառակը պնդում, պարոն Բազենյան, որ դուք առանց ներողությունների չեք շարունակում ձեր խոսքը։ Եթե մեր միջև մի թյուրիմացություն կա, այդ, կարծեմ, ոչ թե աղջիկների մասին է, այլ — երիտասարդների։
— Գիտեմ։ Բայց ձեր կարծիքը մեր երիտասարդների մասին հերքվում է ամենից առաջ այդ նամակով։
— Ինչպե՞ս։
— Խնդրեմ նորից կարդացեք Մինասյանի մասին գրված տողերը...
— Ա՜, հասկանում եմ ինչ եք ուզում ասել։
— Հետո պարոն Մարությանի որդին, որի մասին...
— Հետո, երևի դուք... հետո, երևի, պարոն Շահյանը,— վրա բերեց օր․ Սահակյանը և սկսեց կուշտ-կուշտ ծիծաղել։ Բայց, երևի ինքն էլ զգալով, որ չափն անցավ, հանկարծ զսպեց ծիծաղը և ուզեց ինչ-որ ասել, սակայն Եվան թույլ չտվեց։
Եվայի համբերությունն արդեն հատել էր։ Նա խիստ անհանգիստ մի շարժում գործեց և դժգոհությունից հոնքերը կիտած, առանց նայելու օր. Սահակյանին, ակամա ձեռքով արեց նրան, կարծես հասկացնելու համար, թե բավական էր, վերջապես, որ նա այդքան հեգնորեն և կոպտությամբ խոսեց իրենց հյուրի հետ. ապա դարձավ Բազենյանին և շատ լուրջ կերպով նկատեց.
— Իմ կարծիքով, սխալվում եք, պարոն Բազենյան, որ ասում եք, թե բացառություններն ընդհանրության մեջ կորցնում են իրենց նշանակությունը։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ լավ բացառություններն են հենց, որ առանձին նշանակություն են ստանում, այլապես ումի՞ց պիտի օրինակ առնեինք։ Երկնքի վրա աստղեր շատ կան, բայց լուսինն է միայն, որ պայծառ լուսավորում է։
— Ներեցեք, օրիորդ. երևի չկարողացա միտքս պարզ արտահայտել։ Եթե ասացի, որ բացառությունները կորցնում են իրենց նշանակությունը, այդ ասացի ա՛յն մտքով, որ ընդհանուրի իշխանության մեջ ոչնչանում է բացառությունների կատարած դերը։ Դուք օրինակ բերիք լուսինն աստղերի մեջ, ես էլ օրինակ կարող եմ բերել մոմի ճրագը գիշերվա խավարի մեջ:
— Թո՛ղ հենց մոմի, թեկուզ մեղրամոմի ճրագը լինի,— վրա բերեց օր. Սահակյանը.— չէ՞ որ մոմի ճրագն էլ լույս է տարածում իր շուրջը:
Եվան դեմքը ջղային տհաճությամբ դարձրեց օր. Սահակյանից։ «Տե՛ր իմ աստված, ինչքա՜ն անտանելի արարած է եղել»,— մտածեց նա։
— Ինչի՞ վրա եք վիճում,— բացականչեց Մարությանը։— Մի հատ լավ խնձորը տասը փտած խնձորի մեջ փտում է, տասը լավ խնձորի մեջ մի հատ փտած խնձորը բոլորին էլ փտեցնում է։
— Հա՛ հա՛-հա՛-հա՛, ի՜նչ օրինակ բերիք,— կանչեց օր. Սահակյանը ծիծաղելով և շտապով վեր կացավ տեղից։
— Եվա, դե հիմա պաշտպանվիր հորդ դեմ։
Եվան արագությամբ դարձավ դեպի հայրը։
— Այդ օրինակ չի՛ կարող լինել, հայրիկ, որ դու բերիր,— գրեթե աղաղակեց նա զայրագին։ Օր. Սահակյանի դեմ զգացած բոլոր բարկությունը, կարծես, հոր վրա էր ուզում թափել։
— Զարմանալի է. դուք լուսինն ու ճրագը օրինակ բերիք, ես էլ փտած խնձորներն եմ բերում, ինշո՞ւ չի կարելի։
— Չի կարելի, որովհետև... մենք լուրջ բանի մասին ենք խոսում, իսկ դու... կատակ ես անում։
— Կարելի է, կարելի է, պարոն Մարության, դուք սրան մի՛ նայեք,— ասաց օր. Սահակյանը, շարունակելով ծիծաղել, և, միևնույն ժամանակ, աչքով արեց դեպի Եվան։— Մեր ժամանակում օրինակների մեջ խտրություն չեն դնում,— ավելացրեց նա բազմախորհուրդ կերպով։
— Բայց չէ՛, պարոններ,— ասաց Մարությանն այս անգամ լրջորեն։— Աղջիկս թեև մի քիչ բարկանում է, բայց ճիշտ է նկատում. այսպիսի բաների մասին պետք է լուրջ կերպով խոսել։ Ես այն համոզմունքն ունիմ, որ լավն առհասարակ անպտուղ չի անցնում, ինչքան էլ որ շրջապատը վատ լինի, որովհետև մարդիկ միշտ դեպի լավն են ձգտում։ Լավի գաղափարը...
— Ներեցեք, պարոն Մարության, ես ձեզ ընդհատում եմ,— ասաց օր. Սահակյանը, տեսնելով, որ նա տրամադիր է նորից ոգևորվել։— Այժմ ինչքան ուզում եք՝ փիլիսոփայություններ արեք, բայց իմ և պարոն Բազենյանի միջև ծագած թյուրիմացությունը չպարզվեց, իսկ ես գնում եմ:
— Գնում ե՞ք։ Է՜, ի՞նչ եք ասում։ Նստեցեք, թե աստված կսիրեք:
— Նստեցեք, ի՞նչ եք շտապում,— իր կողմից ասաց Թեկլեն:
— Չէ, չեմ կարող, արդեն ուշ է, իսկ տանն ահագին քանակությամբ տետրակներ ունիմ ուղղելու։ Ես, ախր, երկու բանի համար էի եկել. մեկը վերջացրի, մնաց մյուսը։ Իսկ այդ մյուսը — ահա՛, պարոն Մարության։
Եվ օր. Սահակյանն երեք տոմսակ դրեց Մարությանի առաջ:
— Կարծեմ, մի տոմսակ էլ որ ձեզ տամ, չեք մերժիլ, չէ՞, պարոն Բազենյան։ Բարեգործական նպատակով պարահանդես ունինք։ Պարոն Շահյանի վրա արդեն մի տոմսակ սաղացրել եմ երեկ չէ մեկել օրը։
Մարությանն ու Բազենյանն ընդունեցին տոմսակները, որից հետո օր. Սահակյանը ոտի վրա, դարձյալ մի թեթև վիճաբանության բռնվելով, իրեն հատուկ համարձակությամբ և կատակով էլի մի քանի բաներ ուտեցրեց Բազենյանին և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց հյուրասենյակից։
Նրա դուրս գնալուց հետո Եվան մեծ թեթևություն զգաց: Բայց հանկարծ նրան թվաց, թե իր վերջին զայրացկոտությամբ ինքն իրեն մատնել է մի բանի մեջ, որը չէր ուզում, որ օր. Սահակյանն իմանար. իսկ թե ի՛նչ բանի մեջ էր մատնել իրեն — ինքն էլ չգիտեր... Նա արագ վեր կացավ և դուրս գնաց օր. Սահակյանի ետևից։
Օր. Սահակյանը նախասենյակում շտապով և տնքտնքալով հագնում էր վերարկուն։
— Ինչո՞ւ էիր այդպես հարձակվում նրա վրա,— ասաց Եվան բոլորովին հանգիստ կերպով և շտապեց օգնել նրան վերարկուն հագնելու։
— Ո՞ւմ վրա։ Բազենյանի՞ վրա։ Որովհետև, սիրելիս, նա չափից դուրս մեծ բան է երևակայում իրեն, իսկ պարծենկոտներին ես չեմ սիրում։
Եվան ոչինչ չասաց։ Նա տեսավ, որ օր. Սահակյանը ամենևին ոչինչ չի կասկածել իր զայրացկոտության մասին, այլապես անկարելի էր, որ այդ մասին չխոսեր։
— Բայց զարմանալի է,— ասաց նա կարճ լռությունից հետո, երբ օր. Սահակյանը հագնում էր կրկնակոշիկները, հատակն իր ծանր ոտների տակ դրմբդրմբացնելով.— նրա մեջ մի գիծ կա, որ երբեմն զարմանալի կերպով հիշեցնում էր եղբորս...
— Հա՛, լավ միտս բերիր. եղբորիցդ նամակ չունի՞ք այս մոտիկ ժամանակներս:
— Անցած շաբաթ ստացանք մի նամակ, բայց շատ վաղ է գրված, մոտավորապես ամիս ու կես առաջ։ Ի՞նչ է որ։
— Աշխենն է խնդրել, որ եղբորդ մասին մանրամասն տեղեկություններ գրես իրեն։ Ներսն այդ մասին չասացի քեզ, որովհետև... հասկանում ես է՛լի... Շատ է գանգատվում, որ Արմենակի մասին ոչինչ չեք գրում։ Կգրես, չէ՞։
— Կգրեմ:
— Ուրեմն, բարի գիշեր, սիրելիս։ Աշակերտուհիներդ ինչպե՞ս են, լա՞վ են սովորում։
— Վատ չեն. գոնե առայժմ սիրով են կպած գործին։ Ինչո՞ւ մեկ-մեկ անգամ չես գալիս տեսնելու ինչ ենք անում, ինչ չենք անում։
— Սպասիր, մեկ այս պարահանդեսի գլխացավանքից պրծնեմ։ Աշխատիր, աշխատիր, սիրելիս, թե չէ՝ ձեր այդ նոր բարեկամը դարձյալ մի օրինակով առիթ կունենա պնդելու, թե հայ աղջիկները դատարկ և չնչին արարածներ են։ Ասենք, սուտ չէր ասում... Բայց, ի սեր աստծո, շատ էլ երես մի տաք նրան։ Նրա մասին շատ գովասանքներ եմ լսել, բայց ես իմ սեփական մեթոդն ունիմ — միշտ կրիտիկաբար վերաբերվել նրանց, ում մասին, որ շատ են խոսում։ Ինչևիցե։ Դարձյալ բարի գիշեր։ Չմոռանաս եղբորդ մասին տեղեկություններ հաղորդել Աշխենին. անհամբեր սպասում է, մեղք է։
Եվ օր. Սահակյանը ներքև վազեց սանդուղքներով, իսկ Եվան վերադարձավ հյուրասենյակ։
Գիշերը պարզ էր։ Երկինքը ծածկված էր ձյունաբեր մոխրագույն ամպերով։ Առատ ձյունի խոշոր կաթիլները ցած էին թափվում անշարժ օդի մեջ անձայն ու հանգիստ և ծածկում էին գետինը մաքուր սպիտակով։ Ամեն մի ձայն, առանց ցրվելու, կենտրոնանում, խլանում էր փափուկ ձյունով ծածկված շրջապատի մեջ։ Ամպով սքողված լուսնի լույսը, միախառնվելով ձյունի միապաղաղ սպիտակության հետ, գիշերվա մթությունը լուսավորում էր կաթնագույն փափուկ լուսով։
Երբ երկու ընկերները դուրս եկան Մարությանների տնից և դուռը փակվեց նրանց ետևից, Բազենյանը կանգ առավ ակամա, նայեց վերև և բացականչեց հիացած.
— Ի՜նչ հրաշալի գիշեր...
— Այո, լավ գիշեր է,— արձագանք տվեց Շահյանը, սակայն շատ մեռած ձայնով, և ինչ-որ անհասկանալի դառն անձկությամբ ճմլվեց նրա սիրտը։
— Ի սեր աստծո, Լևոն, սպասիր։ Մեկ այսպես վերև նայիր. տես ինչպիսի ախորժելի սառնությամբ ձյունի փաթիլները նստում են երեսիդ...
Շահյանը, վերև նայելու տեղ, միայն վերարկուի օձիքը բարձրացրեց և առաջ քայլեց։
— Գրո՜ղը տանի, այս րոպեիս պատրաստ եմ տասը բանաստեղծություն գրելու,— բացականչեց Բազենյանը և հետևեց ընկերոջը։— Սիրում եմ մեկ գարնանային խաղաղ լուսնկա, մեկ էլ ձմեռային այսպիսի սպիտակ գիշերները։
Շահյանը գնում էր գլուխը մինչև ականջները ներս կոխած վերարկուի օձիքի մեջ, և նրա մարմինը մերթ ընդ մերթ սարսռում էր օդի ցրտությունից։ Մինչդեռ Բազենյանը քայլում էր մորթե գլխարկը ճակատից ետ ձգած և մուշտակի ձախ թևը միայն հագած։ Օր. Սահակյանի հեռանալուդ հետո Մարությաններն երկու ընկերներին պահել էին ընթրիքի, որի ժամանակ Բազենյանի տրամադրությունը խիստ բացվել էր օր. Սահակյանի հետ ունեցած անախորժությունից հետո։ Այժմ նա քայլում էր ուրախ և երջանիկ, քայլում էր՝ շուտ-շուտ վերև նայելով և լեզվով որսում էր երեսին թափվող ձյունի փաթիլները։ Փողոցում արդեն բավական բարձրացած ձյունը կպչում էր նրա կոշիկներին, որից նա ախորժելի խոնավ սառնություն էր զգում տաքացած ոտների մեջ։
— Ո՞վ է այդ... օր. Սահակյա՞ն է, ինչ է,— հարցրեց նա իր կողքին մռայլ լռությամբ քայլող Շահյանին։
— Վարժուհի է,— պատասխանեց Շահյանը և կարճ լռությունից հետո հարցրեց.— Ի՞նչ է որ։
— Ինչ-որ հոպոպներ ունի։
Եվ Բազենյանն սկսեց ինչ-որ օպերայից մի կտոր շվշվացնել։
Շահյանն անձայն քմծիծաղ տվեց և ոչինչ չասաց։
— Չգիտեմ, նկատե՞լ ես, Լևոն. տգեղ աղջիկները միշտ ավելի համարձակ են լինում։
— Ո՞ւմ համար ես ասում այդ։
— Այդ հոպոպավոր օրիորդի համար։ Անունն էլ «օրիորդ» է դրել... Երևի, առնվազն քառասուն տարեկան կլինի: Մի քանի անգամ քիչ մնաց «տիկին» անվանեի։ Մեր ամբողջ վիճաբանության ժամանակ ես միայն մի եզրակացության եկա.— նա, երևի, շատ է ուզեցել ամուսնանալ, բայց ոչ ոք, գռեհկական լեզվով ասենք, ըռխին մտիկ չի տվել։ Եվ ահա խեղճին ուրիշ բան չի մնացել, բացի միայն քացախելուց իր օրիորդության մեջ և ատամները սրելուց մեր երիտասարդության դեմ։ Հը՞, դու ինչ ես կարծում, Լևոն։
— Ես կարծում եմ, որ դու... միայն քո ոխն ես ուզում հանել նրանից։
— Ի՞նչ... Ո՞խը... Հա՛, հա՛, հա՛, հա՛... Ա՛յ թե հիանալի հոգեբան ես եղել և լավ ես ճանաչում ինձ... Ես ոխ հանեմ մի պառավ օրիորդից իր անատամ հարձակումների համար և այն էլ նրա բացակայության ժամանակ... Չէ՛, Լևոն, այդ չեղավ. ուրիշ բան ասա, թե չէ՝ կպայթեմ ծիծաղելուց։
Բազենյանը ծիծաղում էր այնքան սրտանց և անկեղծ, որ Շահյանին թվաց, թե իր ասածը պետք է որ իսկապես հիմարություն լիներ։
— Ասա, խնդրեմ, ուրիշ ինչպե՞ս բացատրեմ քո այդ նազելի օրիորդի այն տխմար ծայրահեղությունը, որ ուրանում էր մինչև անգամ շարժումների նշանակությունը, այն շարժումների, որոնք բացառապես մեր երիտասարդների գործն են։ Նկատիր, սիրելիդ իմ Լևոն, որ նա հայ աղջիկներին էլ չէր պաշտպանում իմ կարծիքի դեմ, որովհետև մյուս աղջիկները, գոնե իրեն շրջապատողները, ինչպես, օրինակ, Մարությանի աղջիկը, ջահել և գեղեցիկ են իրենից։ Բայց ի՜նչ եմ ասում. ես ուղղակի սրբապղծություն եմ գործում, որ Մարությանի աղջկան համեմատում եմ նրա հետ։
— Հապա ինչո՞ւ այնպես եռանդով գովաբանում էր Աշխենին։
— Նրան, որի նամակը կարդո՞ւմ էր։
— Հենց նրան։
— Երևի նա էլ իր պես պառավ և տգեղ է։
— Ընդհակառակը, նա շատ ջահել է և բավական էլ գեղեցիկ։
— Կամ գովաբանում է նրա՛ համար, որ իր մտերիմն է։ Բայց այդ նշանակություն չունի։ Նա համաձայն էր ինձ հետ, որ հայ աղջիկներն ընդհանրապես դատարկ և չնչին արարածներ են։ Իսկ այն գյուղ գնացած աղջիկն էլ իր ճռճռան նամակով, ճիշտը քեզ ասեմ, ուրիշ տեսակ տպավորություն թողեց ինձ վրա։
— Ի՞նչ տպավորություն։
— Չգիտեմ, ճշմարիտ, ինչպես ասեմ, որ կարողանամ ճիշտ արտահայտել... Նա, երևի, բանաստեղծություններ էլ է գրում թաքուն... Խոսք չունիմ. գրիչը լավ, մինչև անգամ շատ լավ է շարժում, եթե միայն, իհարկե, չի արտագրում որևէ գրքից, բայց — գո՛րծ, գո՛րծ։ Ճռճռան ֆրազներով խելքահան կարելի է անել միայն Մարությանի պես միամիտներին, իսկ ինձ հարկավոր է, որ տեսնեմ, թե ինչ է շինել նա, կամ ինչ է շինում... Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել քեզ, Լևոն։ Այդ ի՜նչ հրաշալի աղջիկ է եղել Մարությանի աղջիկը...
— Շահյանն ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի քանի քայլ առաջ ընկավ ընկերոջից։
Բազենյանը հասավ նրան և առավ նրա թևը իր միակ առողջ, ձախ ձեռքով։
— Զարմանալի է, Լևոն,— շարունակեց նա մտերմարար,— հայ աղջիկներն առհասարակ շատ անճոռնի արտաքին են ունենում. մեջքները ծռած, գլուխները առաջ ձգած,— կարծես վզակոթներին տվել են,— դիմագծերն անկանոն, կոպիտ ու բութ, շարժումները տգեղ ու ստրկական, իսկ հագուստներն այնքան անճոռնի ու անճաշակ, որ չես ուզում նայել։ Բայց Մարությանի աղջիկը... Ես մինչև այժմ էլ ապշած եմ մնացել և հարցնում եմ ինքս ինձ՝ մի՞թե դա հայ ընտանիքի ծնունդ է։ Այդպիսի աղջիկներ ես տեսել եմ միայն Եվրոպայում։ Հայ աղջիկ և այդպիսի՜ գեղեցկություն, այդքա՜ն գրացիա... Իսկ դատողությունը, անբռնազբոսիկ վարվեցողությունը, հյուրին զբաղեցնելու ընդունակությունը, այսինքն ա՛յն բաները, որոնք ամենից ավելի պակասում են հայ աղջիկներին...
Եվ Բազենյանը որքան շատ էր խոսում Եվայի մասին, այնքան ավելի Շահյանը զգում էր, որ երկյուղի և ատելության նման մի բան էր շարժվում իր սրտի մեջ դեպի ընկերը։ Մի տարօրինակ եսական զգացում թելադրում էր նրան, թե Բազենյանն իրավունք չունի խոսելու Եվայի մասին այդպիսի հիացմունքով։ Եվ նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ զսպի այդ զգացումը, անտարբեր ձևանա և մի բան ասի իրեն չմատնելու համար, բայց չէր կարողանում։
— Այսքան ժամանակ ծանոթ ես այդ ընտանիքի հետ և ինչպե՞ս է եղել, որ չես սիրահարվել այդ հրաշալի աղջկա վրա,— նկատեց Բազենյանը և ծիծաղեց։— Քո տեղ որ ես լինեի, աստված է վկա, Լևոն, անպատճառ կսիրահարվեի։
Շահյանը քիչ մնաց, որ ետ դառնար և ապտակ տար նրա երեսին — այն աստիճան լիրբ և հանդուգն թվաց նրան Բազենյանի մեղմ, խորհրդավոր ծիծաղը: Նա միայն այնքան քաջություն ունեցավ, որ թևը խլեց ընկերոջ ձեռքից։ Հենց սկզբից անդիմադրելի մի նողկանք էր զգում Բազենյանի ձեռքի շոշափումից։
— Հիմարություններ որ դուրս չտաս, ավելի լավ կլինի,— ասաց և քայլերն արագացրեց։ Այդպիսի բառերով դեռ երբեք չէր խոսել Բազենյանի հետ։
Բազենյանը շարունակեց ծիծաղել։
— Լևո՛ն, դու մատնեցիր քեզ,— բացականչեց նա։
Շահյանը զգաց, որ հանկարծ զգացած բարկությունից արդեն խիստ ջղային է դառնում, բայց զսպեց իրեն և ոչինչ չասաց։
— Լավ, էլ ի՞նչ ես վազում,— կանչեց Բազենյանը։ — Այս ձյունի մեջ դեռ մի լավ էլ կդրմփաս։
Շահյանը նոր նկատեց, որ բավական առաջ է ընկել և իրավ որ կամա-ակամա մատնում է իրեն։ Նա կանգ առավ, մինչև որ ընկերը հավասարվեց իրեն։
— Այսօր ինչ-որ ուրիշ տեսակ ես երևում, Լևոն,— նկատեց Բազենյանն այս անգամ լրջորեն։— Մարությանների տանն էլ ամբողջ ժամանակ նստած էիր այնպես լուռ ու մռայլ, որ կարծես աշխարհիս բոլոր դարդերը քեզ են տվել։
Շահյանը մեքենայաբար թափ տվեց վերարկուի կրծքին և փեշին սպիտակ շերտով նստած ձյունը։
— Խո դեռ տանն ասացի քեզ, որ տրամադրությունս այսօր վատ է,— ասաց նա հանգիստ եղանակով,— այս անտեր մելամաղձությունից չկարողացա ազատվել:
— Այդ նրանից է, որ ճգնավորի կյանք ես վարում,— նկատեց Բազենյանը, նորից մտերմորեն առնելով նրա և նրա հետ առաջ քայլելով։— Իմացիր, որ բնությանը հակառակ գնալը, մանավանդ երիտասարդական կյանքում, առաքինություն չէ և վտանգավոր բան է... Ես կատակ չեմ անում, Լևոն։ Ուզո՞ւմ ես բժշկեմ քեզ։
— Ինչպե՞ս,— դեռևս լավ չհասկանալով նրա միտքը, հարցրեց Շահյանը։
— Այնպես որ ցույց կտամ քեզ, թե ի՞նչն է երիտասարդական մելամաղձության իսկական դեղը։ Թող այդ բանում քո մենտորը լինիմ, և դու շատ շնորհակալ կլինիս ինձնից: Ուզում ես հենց այս գիշեր սկսենք, հենց այս րոպեիս...
Այլևս հարկավոր չէր, որ Բազենյանն ավելի պարզ խոսեր: Շահյանը հասկացավ նրա միտքը և խիստ վախեցավ։ Վախեցավ և, միևնույն ժամանակ, զգաց, որ Բազենյանը հասկացավ իր վախը։
— Ոչ, այդպիսի բան երբեք չեմ արել, հիմա էլ չեմ անիլ,— ասաց նա կամաց և ամաչեց իր խոսքերից։
— Այդպիսի դեպքում խորհուրդ կտամ, որ շուտ ամուսնանաս։ Միակ փրկությունն այդ է, ուրիշ ելք չկա։ Հավատացնում եմ, Լևոն, ես շատ լուրջ կերպով եմ խոսում։ Քո տեղ որ ես լինիմ, ուղղակի կխնդրեմ Մարությանի աղջկա ձեռքը։ Նա հրաշալի բան է, ախր...
Այս անգամ Շահյանը վերին աստիճանի զզվանք զգաց դեպի ընկերը։ Այն հայացքը, որով Բազենյանը նայում էր Եվայի հետ ամուսնանալու վրա, սրբապղծության պես մի բան թվաց նրան։ Ճիշտ է, որքան նա իրեն հեռու էր պահում կանանցից, այնքան ավելի ցանկությամբ և շատ անգամ ուղղակի անասնական կրքով էր նայում նրանց վրա, բայց Եվայի վրա միշտ նայել և մտածել էր իբրև սրբության վրա, որին պիտի սիրել և պաշտել միայն ամենամաքուր զգացումներով։ Նա մեկ ուզեց, որ իր այդ զգացումը հայտնի ընկերոջը, բայց Բազենյանն արդեն այն աստիճան ատելի էր նրան և այնքան ուզում էր, որ ընկերն այլևս չխոսի Եվայի մասին, որ ավելի լավ համարեց բոլորովին լռել, քան թե այդ մասին խոսելով նոր նյութ տալ Բազենյանին իրեն գրգռելու։
Բայց և այնպես, երբ նա, հազիվհազ ազատվելով Բազենյանի ձեռքից, տուն գնաց, չկարողացավ հանգիստ քնել: Բազենյանի խոսքերը սաստիկ շփոթել, սաստիկ տանջում էին նրան...
Պարահանդեսի գիշերը, ժամը տասին մոտ, Շահյանը սյուրտուկը վերևից մինչև ներքև կոճկած, դեմքին կեղծ-անտարբեր արտահայտություն տված, բարձրանում էր Ժողովարանի սանդուղքներով։ Ահագին հայելու մեջ տեսավ իր պատկերը, ուզեց կանգ առնել, բայց ամաչեց, թե միգուցե տեսնող լինի, որ նայում է հայելու մեջ, և շարունակեց բարձրանալ։
Արդեն բավական թվով հասարակություն էր հավաքված, և դեռ գալիս էին։ Տղամարդկանց թիվն ավելի էր երևում, քան կանանց։ Բուն Թիֆլիսը բացակա էր, ինչպես լինում է հայկական ամեն մի հանդեսի ժամանակ։ Ներկա էր գավառը: Մեծ մասով աչքի էին ընկնում ղարաբաղցիք և զոկեր — առաջիններն իրենց խոշոր արտաքինով և ծիծեռնակի թևերի պես ահագին բեղերով, վերջիններն իրենց պստիկ, նիհար մարմնով և ճմշկած դեմքերով։ Շքեղորեն լուսավորված դահլիճի խորքում, այս ու այնտեղ, կենտ ու կունտ մարդիկ էին երևում։ Մեծ մասը հավաքված էր դուրսը, սրահում։ Դահլիճի դռան մոտ, սեղանի առաջ, նստած էր օր. Սահակյանը երկու կանանց հետ և տոմսակ էր վաճառում։ Շահյանը մոտեցավ նրան, ուղեց բարևել, բայց օր. Սահակյանն այնքան զբաղված էր, որ չնկատեց նրան։ Նա անցավ։ Սյան տակ տեսավ Մարությանին, որ հաստափոր մի պարոնի հետ դեմ առ դեմ կանգնած՝ խոսում էր ձեռքերի և հոնքերի արտահայտիչ շարժումներով։ Մարությանը նույնպես չնկատեց նրան։ Շահյանը մի շրջան արեց սրահում, մտավ դահլիճ, նայեց բազմաթիվ մոմերով հուրհրատին տվող ջահերին, դուրս եկավ այնտեղից, քաշվեց մի անկյուն, սկսեց նայել առջևը խռնվող բազմությանը, և արդեն տաղտկալի թվաց նրան այդ ժողովը։
Արդեն մտածում էր, որ տուն գնա, երբ հանկարծ նրա աչքովն ընկան Մարությանի կինն ու աղջիկը, որոնք առաջանում էին դեպի նա։ Մի բան, որ հենց սկզբից զարմացրեց Շահյանին, այդ Եվայի շատ պարզ, ոչ-պարահանդեսի հագուստն էր, որ գրեթե աննկատելի էր դարձնում նրան աչք ծակելու չափ պճնված-զարդարված շրջապատող տիկինների և օրիորդների մեջ։ Կարծես հենց այդ էր պատճառը, որ Եվան այդտեղ այնքան գեղեցիկ ու գրավիչ չերևաց Շահյանին, ինչպես տանը։ Հասակով նա, կարծես, փոքրացել էլ էր։ Բայց և այնպես, նրան տեսնելուն պես Շահյանի սիրտը թրթռաց վերին աստիճանի քաղցր ու քնքուշ մի զգացումով։ Այդ զգացումը նոր չէր Շահյանի համար։ Եվայի հանդիպումը միշտ միևնույն գգացումն էր հարուցել նրա մեջ։ Սակայն այս անգամ այդ զգացումը մի առանձին ուժ ուներ, անդիմադրելի մի ուժ, որ քաղցրության հետ միասին ինչ-որ անորակելի մի դառնություն պատճառեց նրան։ Նա լուռ բարևեց Թեկլեին ու Եվային և զգաց, որ այժմ դեպի նրանց ունեցած իր բարեկամությունն այնպես ազատ ու ինքնաբուխ չէ, ինչպես առաջ, երբ նոր էր ծանոթացել նրանց հետ։
— Դուք մենա՞կ եք եկել,— հարցրեց Թեկլեն։
— Այո։
— Հապա պարոն Բազենյա՞նը։ Չի՞ գալու։
Շահյանն առաջուց արդեն զգում էր, որ առաջին խոսքը Բազենյանի մասին պիտի լինի, և հանկարծ մի տարօրինակ սառնություն տիրեց նրան։
— Չգիտեմ,— պատասխանեց նա չոր-չոր։
— Ինչպե՞ս է այժմ նրա ձեռքը։ Հույս ունիմ, շատ լավ է։
— Չգիտեմ, չեմ տեսել նրան։
— Մի՞թե կարելի է, նրա ընկերն եք և չեք հետաքրքրվում նրա առողջությամբ։ Ա՜խ, որ իմանաք, պարոն Շահյան, որքա՜ն երախտապարտ ենք նրան... Ուղղակի որդուս պես սիրեցի։ Ինչքա՜ն բարի, ինչքա՜ն ազնիվ երիտասարդ է։
Շահյանը թույլ կերպով ժպտաց, բայց իսկույն, կարծես մի սուր ցավից, կծեց ներքին շրթունքը և նայեց Եվային։
— Ասացեք, պարոն Շահյան, վաղո՞ւց է, որ բարեկամ եք նրա հետ,— հարցրեց Եվան, նայելով նրան իր խոշոր աչքերով, տարօրինակ լրջությամբ։
— Վաղուց է։
— Չե՞ք կարող ասել, ի՛նչ գործի է նա իսկապես։
— Ո՛չ մի գործի— դուրս թռավ Շահյանի բերանից և նա թե՛ վախեցավ և թե՛ զարմացավ այն առանձին շեշտի վրա, որ տվեց այդ բառերին։
— Բայց անցած գիշեր, մեր տանը, նա պատմում էր... — նկատեց Եվան անմեղ տարակուսանքով։— Ես ա՛յդ գործի մասին եմ հարցնում։
— Հա՜,— երկարացրեց Շահյանը երկդիմի ու խորհրդավոր եղանակով և լռեց։
Եվան նայեց նրան ավելի մեծ տարակուսանքով։
— Ներեցեք հետաքրքրությանս,— արտասանեց նա իր մեղավորությունը զգացող մարդու ամոթխած անվստահությամբ։— Գուցե նրա գործերը գաղտնիք են, որոնք...
— Այո, նա այդպես է ասել,— ասաց Շահյանը մեքենայաբար և իսկույն էլ զղջաց, որ այդպես պատասխանեց, որովհետև զգաց, որ այդ պատասխանով, հակառակ իր ցանկության, ավելի ևս ուժ տվեց Բազենյանի անձի այն խորհրդավորությանը, որով, ինչպես երևում էր, առանձնապես հետաքրքրվում էր Եվան։
Եվան այլևս ոչինչ չհարցրեց։ Նրանք երեքով սկսեցին անցուդարձ անել սրահում։ Թեկլեն ինչ-որ բան էր պատմում Շահյանին, բայց Շահյանր չէր լսում. նրա ուշադրությունը Եվայի կողմն էր, թեև արտաքուստ ցույց էր տալիս, թե անտարբեր է դեպի նա։ Եվան ամենևին չէր խոսում։ Վերջին ժամանակները զարմանալի փոփոխություն էր կատարվել նրա մեջ. առաջվա շատախոսությունը մոռացել էր. թե շարժումների և թե խոսակցության մեջ զսպած էր պահում իրեն, դեմքի ծիծաղկոտությունը չքացել էր. այդ դեմքի և մանավանդ աչքերի մեջ երևացող առաջվա չարաճճի աշխույժի տեղ այժմ պարզ նկատվում էր մտքի մի առանձին լարումն և ինչ-որ անհանգիստ մի տխրություն։
Մարությանը թողեց հաստափոր պարոնին, որի հետ խոսում էր սյունի տակ, և մոտեցավ նրանց։ Շահյանին նա էլ իսկույն հարցրեց, թե մենա՞կ է եկել, որտե՞ղ է Բազենյանը: «Ի՞նչ դառավ այդ Բազենյանը սրանց համար»,— մտածեց Շահյանը նեղսիրտ վիրավորանքով, տեսնելով, որ այդ ընտանիքի բոլոր ուշքն ու միտքը Բազենյանով է զբաղված: Նա զգում էր, որ եթե այդ րոպեին Բազենյանը լիներ իր տեղ և ինքը լիներ չեկողը, նրան, Բազենյանին, այդպիսի հարցումներ չէին տալ իր մասին, թերևս ամենևին չհիշեին էլ, թե աշխարհիս երեսին գոյություն ունի Շահյան անունով մի երտասարդ։
— Ահա՛ պարոն Բազենյանը,— հանկարծ բացականչեց Եվան, և նրա փոքր-ինչ անհանգստություն արտահայտող դեմքի վրա մի ուրախ ժպիտ փայլեց։
Շահյանը գունատվեց։
Սրահի մեջ խռնվող հասարակության միջից, ոտները զգուշորեն հատակին քսմսելով, որպեսզի կոխ չտա կանանց շրջազգեստի փեշերը, ձեռքը դեռևս շորի մեջ կախ արած՝ առաջ եկավ Բազենյանը իր չափազանց գեղեցիկ կրակոտ աչքերով։ Ժպիտը դեմքին, ազատ քաղաքավարությամբ բարևեց ամենքին, առանց մեկին կամ մյուսին նախապատվություն տալու։
— Այս ի՞նչ է,— ասաց նա ուրախ.— ես կարծում էի, թե ուշացել եմ, բայց, ինչպես երևում է, պարերը դեռ չեն էլ սկսել։
— Ի՞նչ է, ուզում եք պարե՞լ,— հարցրեց Մարությանը։
— Այո, եթե միայն կարելի է մի ձեռքով պարել։
— Մի՞թե ձեռքերով են պարում. ես կարծում էի ոտներով,— բացականչեց Մարությանը և, շատ սրամիտ համարելով իր այդ կատակը, բարձրաձայն ծիծաղեց։
— Ի դեպ. ինչպե՞ս է այժմ ձեր ձեռքը, պարոն Բազենյան,— հարցրեց Թեկլեն։
— Փառք աստծո, տիկին, լավանում է կամաց-կամաց։
— Է՛հ, ի՞նչ կասի, որ չի լավանա,— նկատեց Մարությանը։— Մեր օրիորդն էլ դժբախտություն ունի այս գիշեր չպարելու։
Բազենյանը հետաքրքրված նայեց Եվային։
— Ինչո՞ւ։
Եվան թեթևակի շփոթվեց նրա թափանցող հայացքից։
— Սրտի թրթռոց է ստացել,— պատասխանեց Թեկլեն։
— Երևի ա՞յն օրվանից։
— Այո, այն չարաբաստիկ դեպքից հետո, որից ամենքից շատ տուժողը դուք եղաք,— ասաց Մարությանը։— Եվ օրիորդիս դժբախտությունը դուք լիովին կհասկանաք, երբ ձեզ ասեմ, որ չափազանց շատ է սիրում պարել։
— Ուրեմն կարող եմ երևակայել, թե որքան տխուր պիտի անցնի այս հանդեսը ձեզ համար, օրիորդ,— դիմեց Բազենյանը Եվային կես-կատակով, կես-լրջությամբ։
Եվան նայեց նրան, հետո հորը և կամաց ծիծաղեց։
— Դու միշտ չափազանցում ես, հայրիկ, ճշմարիտ է, պարոն Բազենյան, պարելիս ես բավական հաճույք եմ զգում, բայց ոչ չափազանց, ինչպես հայրս է ասում։
— Այ, հիմա կուրանա,— նկատեց Մարությանը։
— Հայրիկ, շատ որ պնդես, կպարեմ։
Մարությանը վեր թռավ կոմիկական անհանգստությամբ։
— Օ՛հ, չլինեմ-չիմանամ... Բժիշկը մինչև անգամ արգելել է, որ արագ ման գա, իսկ սա ասում է՝ պարեմ։ Ո՛չ, սիրելիս, պարն առայժմ պաս է քեզ համար,— ավելացրեց Մարությանը և, կամաց առնելով աղջկա ձեռքը, սկսեց շփել հայրական քնքշանքով։
Երաժշտությունը նվագեց։ Սրահն արագորեն դատարկվեց։ Ամենքը հավաքվեցին դահլիճում, ուր արդեն սկսվել էին պարերը։
Մարությանները Բազենյանի և Շահյանի հետ մտել էին այնտեղ և, դռան մոտ կանգնած, նայում էին նոր սկսված պարերին, որոնք դեռևս շատ սակավամարդ էին։ Վիզն երկարացրած, պարզ ակնոցների միջից Շահյանը մի քանի գլուխների արանքով մեքենայաբար նայում էր պարողներին, բայց նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի Եվան ու Բազենյանը, որոնք կանգնած էին նրա մոտ, մի քիչ ետև, և երաժշտության աղմկալի ձայների միջից հազիվ կարողանում էր լսել նրանց խոսակցությունը։ Անցավ մի քանի րոպե, և նա այլևս չլսեց Եվայի ու Բազենյանի ձայնը։ Ետ նայեց, տեսավ, որ նրանք չկան։ Տեսավ միայն Մարությանին ու նրա կնոջը, որոնք, պատի տակ քաշված, խոսում էին ինչ-որ մի պարոնի և մի տիկնոջ հետ։
Շահյանը դուրս գնաց դահլիճից։ Սրահում նրա աչքովն ընկան Եվան ու Բազենյանը բազմոցի վրա նստած իրար հետ զրույց անելիս։ Շահյանը ցույց տվեց, թե չտեսավ նրանց և անցավ օր. Սահակյանի կողմը, որ այս անգամ նստած էր մենակ և մատիտով ինչ-որ թվանշաններ էր գրում թղթի վրա։
— Բարև ձեզ, օրիորդ,— արտասանեց նա սովորականից ավելի բարձր ձայնով։
Օր. Սահակյանը արագ բարձրացրեց գլուխը։
— Ա՛խ, բարև ձեզ, պարոն Շահյան։ Ի սեր աստծո, մի նեղություն տամ ձեզ, հանձն առեք։
— Հրամայեցեք։
— Տեսնո՞ւմ եք այս թվերը, խնդրում եմ, գումարեցեք և տեսեք՝ իմ դուրս բերած այս վերջին գումարի հետ ճի՞շտ է, թե ոչ։ Գլուխս այնքան խառնվել է, որ մի քանի անգամ գումարեցի և ամեն անգամ տարբեր գումարներ ստացա։ Համեցեք, խնդրեմ, նստեցեք։
Շահյանը նստեց սեղանի մոտ, և, աշխատելով բոլոր ուշադրությունը կենտրոնացնել թվերի վրա, սկսեց գումարել։ Գումարը ճիշտ դուրս չեկավ օր. Սահակյանի ստացած վերջին գումարի հետ։ Կրկին գումարեց, և այս անգամ ուրիշ գումար ստացվեց։ Խնդիրը լուծել չկարողացող աշակերտի պես քրտինքը վրա տվեց նրան։ Որքան բռնի կերպով աշխատում էր ուշքն ու միտքը կենտրոնացնել թվանշանների վրա, այնքան շփոթվում էր և թղթի վրա, թվանշանների տեղ, տեսնում էր Եվային ու Բազենյանին՝ կողք կողքի նստած, իրար հետ քաղցր զրույց անելիս, ինչպես ահա այս 53 թիվը, որի 5-ը և 3-ը կտուց կտուցի տված՝ կարծես քչփչում են իրար հետ։ «Ի՞նչ են խոսում արդյոք»,— մտածում էր նա և միևնույն ժամանակ նրա շրթունքները կրկնում էին մեքենայաբար՝ «53 և 6...»։
— Չվերջացրի՞ք,— հարցրեց օր. Սահակյանը, գլուխը բարձրացնելով իր գործի վրայից։
— Չէ, դուրս չի գալիս, թվանշանները շատ են, համարիչով հեշտ կլինի... Հետո, այստեղ այնպիսի աղմուկ է տիրում, որ...
— Ինչևիցե, թողեք, սա վաղվա գործ է։
Շահյանը հանեց թաշկինակը և սկսեց սրբել ճակատի քրտինքը։
— Ինչպես երևում է, եկամուտը լավ պետք է լինի,— ասաց նա։
— Վատ չէ։ Բայց այնպե՜ս հոգնած եմ... Երևակայեցեք, առավոտից մինչև այժմ ամենևին հանգստություն չեմ ունեցել: Էգուց էլ ժամը ութին դասի պետք է գնամ։ Ամեն բան իմ վզին են գցել ու հեռացել: Այնպե՜ս զայրանում եմ...
— Միշտ այդպես է լինում, օրիորդ, երբ ընկերներից մեկը եռանդով է կպչում գործին, մյուսները ամեն բան նրա վրա են թողնում,— նկատեց Շահյանը չլռելու համար, բայց ինքը խիստ հավանեց իր այդ նկատողությունը։
— Դրա համար էլ գործին եռանդով կպչողները շատ շուտ են սառում,— վրա բերեց օր. Սահակյանը։— Հիմա աստված ուժ տա մեր պարողների ոտներին. մինչև լուսադեմ պետք է մաշեն հատակը։ Դուք չե՞ք պարում։
Շահյանը Ժպտաց։
— Ես պարել չգիտեմ:
— Մի՞թե։ Զարմանալի է։
Թև թևի տված, բարձրաձայն խոսելով ու ծիծաղելով, մոտեցան օր. Սահակյանին ծանոթ երկու օրիորդներ։ Օր. Սահակյանը զբաղվեց նրանցով, իսկ Շահյանը անմիջապես վեր կացավ և հեռացավ։ Եվան ու Բազենյանը նստած էին առաջվա տեղը։ Շահյանը դարձյալ ցույց տվեց, թե չտեսավ նրանց և, շեղակի անցնելով, մտավ սեղանատուն։
Եվան թեթևակի նայեց Շահյանի ետևից և դարձավ Բազենյանին ժպտալով.
— Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան։ Փոքր-ինչ առաջ, երբ դուք դեռ չէիք եկել, ես այնքան անզգույշ եղա, որ ուզեցի իմանալ Շահյանից, թե դուք ինչ գործի եք։ Երևակայեցեք, նա ինձ այնպիսի չոր պատասխան տվեց, որ սաստիկ զղջացի անզգույշ հետաքրքրությանս համար։ Ինձ թվում է, թե Շահյանը իրավունք ուներ ինձ ոչինչ չասելու, որովհետև...— Եվան, գլուխը թեթևակի ետ ու առաջ տանելով, մեքենայաբար սկսեց ուղղել շրջազգեստը ծնկների վրա,— որովհետև լավ չէ առհասարակ, որ մարդ անտեղի հետաքրքրվում է ուրիշի գործերով... Այնպես չէ՞,— հարցրեց նա և հանկարծ նայեց Բազենյանին համարձակ, մտերմական ժպիտով։
— Չէ, ինչո՞ւ։ Վատ բան ես այդտեղ ոչինչ չեմ գտնում։ Ընդհակառակը, շատ լավ է, նույնիսկ անպատճառ հարկավոր է, որ մարդ իմանա, թե ում հետ գործ ունի։
Եվան բավական կոտրվեց Բազենյանի այդ լուրջ պատասխանից։
— Այդ, իհարկե, այդպես է, բայց... ձեր վերաբերմամբ...
— Հա՜, իմ վերաբերմամբ,— երկարացրեց Բազենյանը։
Նրա ձայնը խիստ խորհրդավոր կերպով հնչեց Եվայի ականջին։ Եվան տեսավ, թե ինչպես իր հետ մինչև այդ ժամանակ ուրախ ու մտերմաբար խոսող այդ երիտասարդը հանկարծ սառեց, թե ինչպես մինչև այդ րոպեին նրա շարունակ ժպտող, անհոգ հայացքը վերին աստիճանի խորհրդավոր, նույնիսկ խիստ արտահայտություն ստացավ։ Եվ այդ առաջին անգամն էր, որ Եվան իրեն ճնշված դրության մեջ զգաց Բազենյանի առաջ, իսկ վերջն այդ դրությունը երկյուղի նման մի տեսակ զգացման փոխվեց, երբ տեսավ, որ Բազենյանը երկար ժամանակ, ինքն իր մեջ կենտրոնացած, լռություն է պահպանում, մեքենայաբար ուղղելով ձեռքի փաթաթանը։
— Ես կարծում եմ, օրիորդ,— վերջապես շատ լուրջ ձայնով և հատընդհատ խոսեց Բազենյանը, առանց նայելու Եվային և շարունակելով ուղղել ձեռքի փաթաթանը,— ես կարծում եմ, որ դուք պիտի ներեք ինձ, եթե ասեմ, որ Շահյանն իրավունք ուներ կամ, ավելի ճիշտը, պարտավոր էր գաղտնի պահելու իր պաշտոնն ինչպես ամենքից առհասարակ, նույնպես և ձեզնից, որովհետև... կան բաներ, որոնք խիստ գաղտնի պիտի պահվեն, և եթե ասվում են մեկին, կնշանակի ամենքին են ասվում։ Իմ պաշտոնի գաղտնիքն ես միայն Շահյանին եմ հայտնել, իբրև շատ մտերիմ և շատ հավատարիմ ընկերոջս, և վստահ եմ եղել, որ նա այդ գաղտնիքն ուրիշներին պատմելու անխոհեմությունը չի ունենալ։
— Տեսնո՞ւմ եք, ես էլ հենց ա՛յդ էի ուզում ասել, այսինքն... որ ձեր պաշտոնը... լավ չէ, որ ամեն մարդ իմանա։
— Ո՛չ, ամեն մարդ, օրիորդ, բայց ո՛չ ամեն մարդ։
Եվան մտառությամբ նայեց Բազենյանի աչքերին։ Ինչպես միշտ, երբ աշխատում էր ըմբռնել լսած մութ խոսքերի իմաստը, այս անգամ էլ նրա աչքերը մեծացել, կենտրոնացել և խիստ գեղեցկացել էին։
— Ներողություն, չկարողացա հասկանալ, թե ինչ եք ուզում ասել։
— Ես ուզում եմ ասել, օրիորդ, որ մեր գործերը լավ կլինի, որ ամեն մարդ իմանա, եթե միայն իմացողը մարդ է իսկապես, ազնիվ, գործի սիրով վառվող մարդ։ Բայց որովհետև աշխարհս լիքն է վատ, մութ մարդկանցով, որոնք անկաշառ գործչին մոտենում են Հուդայի համբույրով, ուստի մեր գաղտնիքը պետք է իմանա ո՛չ ամեն մարդ։ Մենք առհասարակ խիստ զգույշ ենք, որովհետև գործն ինքը չափազանց մեծ զգուշություն է պահանջում...
— Հասկացա... Այժմ հասկացա։ Հա, իհարկե, դուք իրավացի եք։ Բայց ես կարծում եմ, որ դուք միևնույն հայացքով չպետք է նայեք ամենքի վրա։
— Ես պարտավոր եմ, օրիորդ, թերահավատությամբ նայելու ամենքին, որովհետև կրկնում եմ, գործն ինքն է պահանջում այդ. այլապես՝ մի՞թե չեք հասկանում, որ ես վաղուց արդեն հրաժեշտ պիտի լինեի տված ազատությանս և գործին էլ մեծապես վնասած։
Եվան անմեղ հանդիմանությամբ նայեց Բազենյանի աչքերին։
— Մի՞թե կարծում եք, որ ինձ վրա էլ պետք է կասկածանքով նայել...
Բազենյանն իր հերթին նայեց Եվայի աչքերին և ակամա այնպիսի մի շարժում գործեց, որ կարծես թե ուզում էր բուռն ձգտումով առնել նրա ձեռքերը և ամուր-ամուր սեղմել։ Բայց նա զսպեց իրեն և նորից սկսեց ուղղել ձեռքի փաթաթանը։
— Քանի որ իմ խոսքերը ձեզ վրա ընդունեցիք, օրիորդ,— խոսեց նա մտախոհ հանգստությամբ,— ես արդեն ստիպված եմ համոզել ձեզ, որ դուք չարաչար սխալվում եք, կարծելով թե ձեզ վրա էլ կասկածանքով եմ նայում: Պետք է ասեմ ձեզ, որ ես...
Բազենյանը հանկարծ թողեց ձեռքի փաթաթանը և արագ, շատ լուրջ հայացքով նայեց Եվային։
— Լսեցեք, օրիորդ,— շարունակեց նա արագախոսությամբ։— Ես չեմ ուզում, որ մենք այդպիսի ոլորապտույտ ճանապարհներով մոտենանք բուն խնդրին։ Քանի որ մենք հասկանում ենք իրար, ուստի զուր ժամավաճառություն է այսպիսի խոսակցություններով զբաղվելը։ Գանք ուղղակի գործին։ Դուք հանդիմանությամբ նկատեցիք ինձ, թե ինչո՞ւ ձեզ վրա էլ, ձեր կարծիքով, թերահավատությամբ եմ նայում։ Կրկնում եմ, դուք շատ սխալվում եք։ Ես ավելի քան տեսնում եմ, որ ձեր հետաքրքրությունը բխում է բոլորովին ազնիվ, մաքուր աղբյուրից։ Տեսնում եմ, որ դուք լոկ հետաքրքրության համար չէ, որ հետաքրքրվում եք։ Ուստի ավելորդ է, որ ուրիշներից եք ուզում իմ մասին տեղեկություններ ստանալ։ Հրամայեցեք ուղղակի ինձ։ Ես ինքս անձամբ պատրաստ եմ ամենայն ուրախութամբ լի ու լի գոհացում տալ ձեր հետաքրքրությանը։
Եվան թեթևակի շառագունեց։
— Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ,— շշնջաց նա։
— Չի կարելի վստահել միայն նրան, ով այդպիսի գործերով հետաքրքրվում է չար դիտավորությամբ։
Եվան նայեց նրան և ժպտաց։ Նույնն արեց և Բազենյանը։ Այդ փոխադարձ հայացքից դրդված, ինչ-որ անմեղ չարաճճի մի զգացում հանկարծ թելադրեց նրանց, թե քաղաքավարական այդ խոսակցությունն արդեն չափից դուրս անհամ ու անհոտ է, որ իրենց համար ավելի լավ, ավելի հաճելի կլինի, եթե բոլորովին մտերմաբար խոսեն իրար հետ, և նույնիսկ վատ չի լինիլ, եթե մի քիչ էլ կատակ անեն։
— Ի՞նչ գիտեք, թե ես այդպիսի հետաքրքրվողներից չեմ,— առաջինն ինքը Եվան կատակի ձև տվեց խոսակցությանը։
— Որովհետև այդ միևնույնը կլիներ, թե մեղուն ծաղկից հյութ է քաղում, որ թույն շինի,— վրա բերեց Բազենյանը նույնպես կատակով։
— Ինչո՞ւ մեղուն վերցրիք և ոչ թե օձը, որ ծաղկի հյութից իսկապես թույն է շինում,— ասաց Եվան ծիծաղելով։— Դա ավելի հարմար կլիներ, քանի որ ձեր համեմատությունն ինձ է վերաբերում, իսկ օձ անունը հենց կանանց համար են գործածում։
— Այո, բայց հրեշտակ անունն էլ են գործածում,— նկատեց Բազենյանը նույնպես ծիծաղելով։— Օձը հակառակ ծայրն է։
— Ինչպես և հրեշտակը:
— Ուրեմն դարձյալ մեղուն է հարմարը, որ ես գործածեցի:
— Բայց դուք մեղր շինելու կողմից վերցրիք. մեղուն, ախր, սարսափելի խայթում էլ է։
— Այդ վնաս չունի, մեղուի խայթելը չի խանգարում նրա քաղցր մեղրը վայելելու:
Այդ այլաբանական խոսակցությունը բխում էր ինքնաբերաբար և մեծ հաճույք էր պատճառում երկուսին էլ։ Նրանք անկեղծ, ուրախ կերպով խնդում էին անդադար:
— Մենք, կարծեմ... շեղվեցինք,— առաջինը զսպելով իրեն, ասաց Եվան և լուրջ կերպարանք ընդունեց։— Ուրեմն դուք վստահում եք ինձ...
— Մինչև անգամ ավելի, քան դուք կարող եք երևակայել,— վրա բերեց Բազենյանը եռանդով։— Որովհետև... Թո՞ւյլ կտաք ինձ, օրիորդ, անկեղծ լինեմ ձեզ հետ:
Եվան զարմանքով նայեց նրա աչքերին:
— Մի՞թե անկեղծությունն ամենամեծ առաքինությունը չէ,— հարցրեց նա:
— Նայելով թե ով ինչպես է նայում,— հավատո՞վ, թե թերահավատությամբ:
Եվան այս անգամ ժպտաց:
— Մեր դերերը կարծես թե փոխվում են,— նկատեց նա,— այժմ դուք եք սկսել կասկածել, թե ես թերահավատությամբ պիտի նայեմ ձեզ վրա... Առհասարակ պիտի ասեմ ձեզ, պարոն Բազենյան,— լրջորեն ավելացրեց Եվան,— որ ես մեծ դժվարությամբ եմ ընդունում, թե մարդիկ կարող են անկեղծ չլինել, որովհետև չէ՞ որ այդ լավ չէ... լավ չէ ամենից առաջ հենց իրենց համար: Չէ՞:
— Շատ իրավացի է ձեր նկատողությունը, օրիորդ, և այդ միանգամայն պատիվ է բերում ձեր սրտի մաքրությանը: Դրանով դուք ավելի ևս խրախուսում եք ինձ, որ ձեզ հետ անկեղծ լինիմ։ Ձեզ վրա ունեցած վստահությունս այնքան մեծ է, որ ես ամենևին երկյուղ չունիմ ձեր առաջ բանալու մեր գործի այսպես ասած՝ սրբության սրբոցը: Ճիշտ է, անցած գիշեր ձեր տանն արդեն շատ բան պարզեցի, բայց ոչ այն, ինչ որ մեր գործի իսկական գաղտնիքն է կազմում: Ես ավելին կասեմ, մինչև անգամ Շահյանին չեմ վստահացել հայտնել այն, ինչ որ ձեզ պիտի հայտնեմ։ Այսքան ժամանակ ես թափառում եմ երկրից երկիր, քաղաքից քաղաք, անցել եմ համարյա բոլոր հայաբնակ վայրերը, շատ կանանց, շատ օրիորդների հետ եմ ծանոթացել, բայց ոչ ոք այնպիսի վստահություն և համակրանք չի ներշնչել ինձ, ինչպես դուք...
Եվան ամեն կերպ աշխատեց, որ հանգիստ մնա, բայց և այնպես նկատելի կերպով շփոթվեց,— շփոթվեց ոչ այնքան Բազենյանի խոսքերից, որքան այն տարօրինակ վառվող հայացքից, որ Բազենյանը հառել էր իր վրա։
Բազենյանը տեսավ նրա շփոթմունքը և իսկույն զսպեց իրեն:
— Ներեցեք, օրիորդ, ես, կարծեմ, արդեն չափից դուրս անկեղծ եղա,— ասաց նա ժպտալով։— Այս դեպքում անկեղծությունն արդեն առաքինություն չէ։ Ես խիստ տպավորվող եմ, և բնավորությանս այս գիծն ինձ միշտ վնասել է: Խնդրում եմ, ներեցեք:
Եվան բոլորովին շփոթվեց։ Այդ րոպեին նա սաստիկ ցանկանում էր, որ հայրը կամ մայրը, կամ որևէ ծանոթ մարդ գար և խանգարեր այդ խոսակցությունը:
Սակայն Բազենյանը ինքը վերջ տվեց այդ խոսակցությանը:
— Մենք պետք է խոսեինք ուղղակի գործի մասին, մինչդեռ ավելի հեռացանք գործից,— ասաց նա և շուրջը մի զգուշավոր հայացք ձգելուց հետո շարունակեց։— Ես չեմ կարող և չպետք է ծածկեմ ձեզնից մեր գործի գաղտնիքները և հենց թեկուզ նրա համար, որ դուք, ինչպես տեսնում եմ, ի սրտե համակրում եք այդ գործը, և համոզված եմ, որ լոկ համակրելով չեք բավականանալ, եթե ամեն բան բոլորովին պարզ լինի ձեզ համար: Ի դեպ պետք է ասեմ, որ հասարակության մեջ, դժբախտաբար, կանխակալ կարծիքներ շատ կան տարածված մեր մասին։ Այդ կարծիքները շատ անգամ ուղղակի հրեշավոր գույներով են ներկայացնում մեզ: Մարդիկ կան, որոնք նույնիսկ ուրանում և վնասակար են համարում մեր կատարած գործը: Ձեր բարեկամ օր. Սահակյանն օրինակ: Ինքներդ տեսաք, թե անցյալ օր ինչ աչքով էր նայում նա գործի վրա...
— Օ՜, նա շատ բարի է. դուք նրա լեզվին մի նայեք,— բացականչեց Եվան։
— Նրա բարության մասին ես տարակույս չունիմ, օրիորդ. բայց ես նրա աննպաստ հայացքն եմ ասում, որով նայում էր վերջին շարժումների վրա։ Դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող գործը հրապարակի վրա դնել, որպեսզի ամենքի համար պարզ լինի, որպեսզի ոչ ոք չկասկածի, թյուր կարծիքներ տանելու տեղիք չունենա։ Այդ, իհարկե, շատ ցավալի է և շատ է վնասում մեզ։ Բայց ո՞ւր կգնար, եթե այդպիսի բաներից հուսահատվեինք։ Մենք հավատում ենք մեր գործի սրբությանը և հանուն այդ գործի պատրաստ ենք ամեն հալածանք տանելու։ Զրպարտությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի. դա մի ժանգոտ զենք է, որ կեղտոտում է միայն, բայց ոչ սպանում։ Ե՞րբ և որտե՞ղ չեն հալածել հասարակական գործչին։ Եվ հալածանքն այնքան սաստիկ է լինում, որքան հասարակական գործիչը բարձր է լինում կանգնած ամբոխի հոգու և մտքի ըմբռնողությունից։ Մեզ էլ հալածում են։ Է՛հ, թող հալածեն։ Մենք խո մեր անձնական շահերի համար չենք գործում, որ վախենանք։ Մենք միայն ցավում ենք, որ մեզ հալածելով ազգի շահերն են հալածում, այսինքն այն շահերը, որոնց օգտին աշխատում ենք մենք, որոնց պաշտպանությանը նվիրել ենք մեր կյանքը։ Ո՞ւմ համար խաշվեց քրիստոսը.— հենց այն ամբոխի համար չխաչվե՞ց, որը խաչեց նրան։ Մեզ համար առանձնապես գործի դժվարությունն ա՛յն է, որ հալածանքը մեր դեմ երկու կողմից է — ներքին և արտաքին: Մենք աշխատում ենք խուսափել արտաքին հալածանքներից, բայց արի տես, որ ստիպված ենք ներքին հալածանքների դեմ էլ կռվելու։ Այս իսկապես խիստ տրագիկական դրություն է։ Այսպիսի դրության մեջ, իհարկե, մեծ ուրախություն և խրախուսանք է մեզ համար, որ մեր ներքին հալածողների դեմ գտնվում են անհատներ, որոնք համակրում են մեր վարած դատը և այդպիսով մի տեսակ գործակից են հանդիսանում մեզ այդ դատի պաշտպանության համար։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ հասարակության մեջ որքան կարելի է շատ գտնենք այդպիսի անհատներ, ինչպես օրինակ, գտնվեցաք դուք։ Կանանց համակրությունը մեզ համար առանձնապես մեծ նշանակություն ունի, որովհետև նրանց սիրտը մաքուր է, հետևաբար ավելի ընդունակ գործը բուռն սիրով սիրելու։ Ես ավելին կասեմ.— կանանցից մենք հերոսներ ենք սպասում։ Մի Ժանն դ՚Արք մի ամբողջ հայրնենիք փրկեց։ Հինգերորդ դարը... Ինչո՞ւ ամեն անգամ հրճվանքով ենք հիշում հինգերորդ դարը։ Նրա համար չէ՞ արդյոք, որ այդ դարում հայ կինը, թերևս ավելի քան տղամարդը, ցույց տվեց իր բուռն հայրենասիրությունը, իր հերոսական անզուգական անվեհերությունը...
Եվան անզգայաբար առավ Բազենյանի ձեռքը։
— Սպասեցեք, պարոն Բազենյան։ Այս աղմուկն անտանելի է։ Գնանք... այնտեղ... առանձին սենյակներ կան։
Եվ Եվան արագ վեր կացավ տեղից։ Նրա գեղեցիկ աչքերը վառվում էին մի տեսակ ինքնամոռացության կրակով։
Բազենյանը հետևեց նրան։
— Ներեցեք, օրիորդ. դուք եկել էիք այստեղ զվարճանալու, իսկ ես ձեզ զբաղեցնում եմ այսպիսի...
— Ո՛Ւֆ, չէ՛... եկե՛ք:
Շահյանը շատ շուտ թողեց պարահանդեսը և դիմեց դեպի տուն։ Այդ պարող երկսեռ հասարակությունը, երաժշտության այդ խլացուցիչ ձայները, շուրջը տիրող ուրախ խոսակցությունն ու քրքիջները, ժողովարանի պայծառ լուսավորությունը — ամեն ինչ ատելի էր թվում նրան, և նա այդ ամենի մեջ ճնշված, մենակ և տխուր էր զգում իրեն։ Առաջվա ծանոթ մելամաղձությունն իր ամբողջ ծանրությամբ նորից պաշարել էր նրան։ Նա շատ անգամ փորձել էր, որ հոգեկան այդ դրությունն առանձին ուժգնության էր հասնում միշտ այն ժամանակ, երբ ներկա էր լինում այդպիսի ուրախ հանդեսների:
Միքայելյան կամրջով անցնելիս նա մի-երկու րոպե կանգ առավ և նայեց ներքև։ Ձյունածածկ ափերի սպիտակին տվող զուգահեռական գծերի մեջ պարզորոշ աչքի էր ընկնում գետն՝ իր սևին տվող ժապավենով։ Հանդարտ ու դանդաղ շարժվում էր այդ ժապավենը։ Խուլ ու միահավասար լսվում էր գետի հոսանքի հետ առաջ ընթացող սառցաշերտերի ֆշշոցը։
Շահյանի աչքերը մխված էին մնացել գետի հոսանքի մի կետի վրա, ուր կամրջի բարձրությունից լապտերներից մեկի լույսը խավար կերպով անդրադառնում էր ջրի մեջ։ Գետի հոսանքն այդտեղ արագ, խորհրդավոր և սարսափելի էր թվում։ Շահյանի աչքերը կարծես մագնիսացել էին այդ տեղում։ Նա բռնել էր կամրջի վանդակապատից, և մատները ջղային ուժգնությամբ սեղմում էին սառը երկաթը։ Հանկարծ նրան թվաց, թե ոտներն իրենք իրենց բարձրանում, անցնում են վանդակապատի այն կողմը, մատներն ուղղակի ցցվում են երկաթի մեջ և... Նա ետ քաշվեց և աշխատեց կարելույն չափ շուտով անցնել կամուրջը։
Մայրը զարմացավ, որ որդին այդպես շուտ էր վերադարձել։
— Ինչո՞ւ այսպես վաղ եկար,— հարցրեց պառավը։
Շահյանը չպատասխանեց և ուղղակի անցավ իր ննջարանը։
Մայրը վախեցած հետևեց նրան։
— Լևոն ջա՞ն... ասա, է՛։
Շահյանը ուզեց պինդ գոռալ մոր վրա, բայց պատասխանեց հանգիստ ձայնով.
— Որովհետև ձանձրացա։
— Թե՞ հիվանդ ես,— չհավատալով հարցրեց մայրն անհանգստացած։
Շահյանը դարձյալ զսպեց իրեն, որ չգոռա։ Լուռ ու դանդաղորեն սկսեց շորերը հանել։
— Լևոն ջա՞ն... դու վախեցնում ես ինձ:
Շահյանը կատաղորեն սյուրտուկը հանկարծ շպրտեց աթոռի վրա։
— Հիմա շա՞տ պետք է զահլա տանես,— բռնկեց նա։— Հազար անգամ ասել եմ, որ, երբ վատ տրամադրության մեջ եմ լինում, մի՛ խոսիր ինձ հետ, հարցուփորձ մի՛ անիր, հանգիստ թող ինձ։ Երանի չէ՞ր լինի, որ միանգամից հիվանդանայի ու սատկեի, որ վերջապես պրծնեի քո ձեռքից...
— Աստված ոչ անի, որդի ջան, ինչե՞ր ես ասում, ես ի՞նչ եմ անում, որ...
— Ա՛յ, հիմա կշարունակի,— աչքերը ոլորելով մոր վրա արտասանեց Շահյանը զսպած կատաղությամբ։
Այն աստիճան սարսափելի էր նրա հայացքը, որ խեղճ մայրը, կուչ գալով, լռեց:
Շահյանը երեսն ի վեր ընկավ մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և մնաց անշարժ։ Երկար ժամանակ ծանր լռություն տիրեց։ Մոր վրա այդպիսի խստությամբ հարձակվելով՝ նա մի տեսակ վայրենի զվարճություն էր զգում։ Այդպիսի դեպքերում իրեն առհասարակ այնքան չէր կորցնում, որ շարունակ դիտում էր իրեն և, երբ տեսնում էր, որ լավ է բարկանում, հավանում էր։ Այս անգամ էլ հավանեց իր խիստ վարմունքը, որովհետև, տեսավ, որ լավ բարկացավ։ նա ուզում և սպասում էր, որ մայրը դարձյալ մի քանի խոսք ասի, որպեսզի ավելի լավ, այսինքն ավելի խիստ բառերով ու ձևերով արտահայտի իր բարկությունը:
Հիրավի, մայրը խոսեց, բայց ոչ այնպիսի բան, որ որդին պատճառ ունենար իր բարկությունը ցանկացած կերպով արտահայտելու:
— Լևոն ջան,— ասաց նա անհամարձակորեն։— Այս գիշեր Ստեփանն եկավ. ասաց, որ փակ խանութներից մեկի կտուրը փուլ է եկել ձյունից:
— Ջհաննամը,— արտասանեց Շահյանը:
— Էգուց գնա տես:
— Այդ ես գիտեմ, իսկ դու... գնա քնիր։
Մայրն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և սուս ու փուս դուրս գնաց։ Նույն րոպեին դռան ետևից ինչ-որ խուլ հեկեկանքի ձայներ լսվեցին։ Շահյանը փշաքաղվեց։ Գլուխը բարձրացրեց և շունչը իրեն քաշելով ականջ դրեց։ Մայրն էր լաց լինում։ Քիչ մնաց վեր թռչեր մոր մոտ ծնկաչոք ներողություն խնդրելու, բայց միայն ձեռքը ջղաձգաբար բռունցք սեղմեց և պինդ խփեց բարձին:
«Ո՛չ, հարկավոր չէ, այսպես ավելի լավ է»,— մտածեց նա և նորից պառկեց:
Հետևյալ օրն ավելի ևս վատ տրամադրության մեջ էր: Կարծես մեկը մահու չափ վիրավորել էր նրան, և նա երբեք չպետք է մոռանար այդ վիրավորանքը։
Թեյի ժամանակ եկավ կալվածների կառավարիչը — Ստեփանը։ Դա միջահասակ մի մարդ էր խիստ մազակալած երեսով. արխալուղի վրա հագած էր հնամաշ մի սյուրտուկ, որի օձիքը պլպլում էր քրտինքի կեղտից։ Բացի Շահյանի կալվածներին վերահսկելուց, նա դալալի բազմազան արհեստով էր պարապում։ Վերջին հանգամանքը նրան վերին աստիճանի լեզվանի, խորամանկ և հաճոյախոս էր դարձրել իր գրպանի օգտին։ Ում հետ էլ որ գործ ունենար, անկարելի էր, որ չխաբեր նրան. իսկ Շահյանին խաբում էր ամեն մի քայլափոխում։
Նա պատմեց փակ խանութներից մեկի կտրան փուլ գալը և ասաց, որ քաղաքային վարչության և ոստիկանության կողմից մարդիկ էին եկել, որոնք, բոլոր խանութները դիտելուց հետո, գտել էին, որ ամբողջ շենքը պետք է հիմքից քանդվի, այլապես, խիստ խարխուլ լինելով, վտանգ է սպառնում անցուդարձ անողներին տակովն անելու։
Շահյանին խիստ անհաճո թվաց այդ պատմությունը. տեսավ, որ այդ խանութների գործը պետք է բավական անհանգստություն պատճառի իրեն, ուստի առաջարկեց Ստեփանին, որ ծախի։
Ստեփանն ընդդիմացավ. ասաց, որ խանութները թեև շատ էլ բանուկ տեղ չեն, բայց նոր որ շինվեն, լավ եկամուտ կբերեն։
— Չէ, ծախիր, չեմ ուզում,— կարճ կտրեց Շահյանը։
Ստեփանը, հակառակ իր ցանկության, ստիպված էր հնազանդվել։
Նա նոր էր դուրս գնացել, որ Շահյանի մոտ մտավ Բազենյանը խիստ ուրախ տրամադրությամբ։
Այդ անսպասելի այցը վերին աստիճանի անհաճո թվաց Շահյանին։ Ընկերոջ անհոգ, ուրախ դեմքն ու գեղեցիկ արտաքինն երբեք այնպես ատելի չէին թվացել նրան, ինչպես այժմ։ Բայց նրան ամենից ավելի ատելի թվաց Բազենյանի՝ սև շորի մեջ կախ արած ձեռքը։
Շահյանը աշխատեց սառն ընդունելություն տալ Բազենյանին և մինչև անգամ այնպես անել, որ նա հասկանա, թե այժմ այլևս ամենևին հաճելի չեն իրեն նրա այցելությունները, բայց իր թույլ բնավորության շնորհիվ այդ բոլորն արտահայտեց այնքան անշնորհք կերպով, որ Բազենյանն ամենևին չնկատեց էլ, թե նրա տրամադրության մեջ որևէ փոփոխություն է կատարվել դեպի ինքը։
Շահյանը կարծեց, թե Բազենյանի առաջին խոսքը լինելու է այն մասին, թե ինչո՞ւ ինքը, Շահյանը, երեկ գիշեր այնպես շուտ էր հեռացել պարահանդեսից, բայց խիստ վիրավորվեց, որ Բազենյանը հարցրեց.
— Ինչո՞ւ երեկ գիշեր պարահանդես չէիր եկել։
— Երևի արդեն շատ մեծ մարդ ես դարձել, որ ինձ չես նկատել,— ասաց Շահյանը հանգիստ ձայնով։
Բազենյանը մի րոպե անկեղծ զարմացած նայեց Շահյանի դեմքին։
―Ա՛խ, իրավ,— հանկարծ բացականչեց նա.— դու խո Մարությանների հետ էիր, որ եկա։ ինչպե՞ս մոռացել եմ։ Բայց մեղավորը Մարությանի աղջիկն է, բռնեց և այլևս բաց չթողեց։ Նա հարցրել է քեզ իմ պարապմունքի մասին, և դու ոչինչ չես ասել։ Շնորհակալ եմ գաղտնապահությանդ համար. բայց ես ինքս ամեն բան պատմեցի նրան։ Նա պարզապես գերեց ինձ։ Որ ասեմ չիմացանք, թե ինչպես անցավ պարահանդեսը, չես հավատալ։ Ինքը մագնիսացել և ինձ էլ մագնիսացրել էր իր կողքին։ Պետք է տեսնեիր, թե ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ համակրությամբ էր լսում... Խոստացավ հորը խնդրել, որ մի որևէ գումարով նպաստի գործին։ Մինչև անգամ հասկացրեց, որ ինքն էլ իր կողմից պատրաստ է զոհաբերելու, ինչ որ կարող է... Մի խոսքով՝ գանձ, կատարյալ մի գանձ, որ ես ամենևին հույս չունեի տեսնելու մեր ներկա հայ աղջիկների մեջ։ Հը՞, ի՞նչ կասես, Լևոն։
Շահյանը կամաց, կարծես ուժասպառ, երեսն ի վեր պառկեց փափուկ օթոցի վրա և ձեռքերը դրեց գլխի տակ։ Նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ կարելույն չափ հանգիստ ու անտարբեր մնա։ Նա ոչինչ չպատասխանեց։
— Լսի՛ր, Լևոն, քեզ եմ հարցնում. գանձ չէ՞ այսպիսի մի աղջիկ։ Ի՞նչ անտարբեր և անքաղաքավարի մարդ ես,— բացականչեց Բազենյանը ծիծաղելով և, նրա ոտներից հանելով ծաղկանկար մաշիկներից մեկը, ձգեց հատակի վրա։
Այդ բանը խիստ գրգռեց Շահյանին, և նա այլևս չկարողացավ զսպել իրեն։
― Դե որ գանձ է, թող գանձ լինի, էլ ի՞նչ ես ինձ հարցնում,— շատ կոպիտ կերպով ասաց նա, նստեց և կռացավ, որ մաշիկը հագնի։
Բազենյանը նայեց նրա կարմրատակած ու ձգձգվող դեմքին և շարունակեց ծիծաղել։
— Լավ, էլ ինչո՞ւ ես բարկանում։
— Բարկանում եմ, որովհետև... ի՞նչ գործ ունիս մաշիկներիս հետ։
Եվ Շահյանը նորից պառկեց, բայց դեմքն այս անգամ պատի կողմն արեց։
Բազենյանը մատը կծեց։
Շահյանը, դեմքը պատի կողմն արած, թեև չէր տեսնում նրան, բայց իսկույն զգաց, որ նա հասկացավ, թե ինչ էր կատարվում իր ներսը, և շատ զղջաց, նույնիսկ ամաչեց, որ ակամա արտահայտեց իր ներքինը։ «Մաշիկները... ի՜նչ հիմար, ի՜նչ երեխայական պատճառաբանություն»,— մտածեց նա։
Բազենյանը կարճ ժամանակ լռեց և բեղի ծայրը ոլորելով, անթարթ նայում էր ընկերոջ ծոծրակին։
Շահյանը վախեցավ այդ խորհրդավոր լռությունից։ Այժմ նա բոլորովին համոզվեց, որ Բազենյանը լիովին հասկանում է իրեն։ Նա գրեթե սարսափով սպասում էր, թե Բազենյանն այդ մասին հարցումներ պիտի անի իրեն, և զգում էր, որ ինքը ոչ մի կերպով չպիտի կարողանա ծածկել նրանից, որ նախանձից ատում է նրան։
Սակայն Բազենյանը նստեց նրա մոտ, աթոռի վրա, և մեծ ճարպկությամբ փոխեց խոսակցությունը, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու Եվայի մասին։
Բայց դրանով Շահյանի դրությունը չթեթևացավ։ Նա ավելի ուրախ կլիներ, եթե Բազենյանը շարունակեր խոսել Եվայի մասին, քան թե խույս տալով Մարությանի աղջկա մասին խոսելուց, դրանով զգացնել տար, որ խղճում է իրեն։
Բազենյանն այժմ խոսում էր ոչ առաջվա մտերմական անկեղծությամբ։ Նոր մտած ժամանակ այնքան ուրախ և ոգևորված լինելով, այժմ խիստ զսպած, նույնիսկ սառն էր պահում իրեն։ Բայց նրա ձայնի մեջ հետզհետե և ավելի ու ավելի տիրապետում էր լսողին գերող այն տխուր լարը, որ հնչում է ուրիշի թշվառության համար անկեղծորեն ցավող մարդու ձայնի մեջ։ Նա խոսում էր ազգի թշվառության մասին։
Շահյանը պառկած էր, դեմքը շարունակ պատի կողմն արած։ Նա ուշի-ուշով լսում էր Բազենյանին և մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ էր խոսում ընկերը, այլ այն մասին, թե ինչպես էր խոսում նա, թե ինչպես էր հնչում նրա ձայնը։ Եվ Բազենյանն այդ կողմից կատարյալ կախարդ էր թվում նրան։ Նա զգում էր, որ այդ գեղեցիկ երիտասարդը եթե ամենքի հետ էլ այդպես է խոսում, անկարելի է, որ չգերե նրանց, մանավանդ Եվային, այդ անկեղծ բուռն զգացմունքներով ապրող անփորձ աղջկան։ «Եվ ես ուզում եմ սրա հետ մրցե՞լ»,— մտածեց նա խորին դառնությամբ։
Երբ Բազենյանը գնաց, Շահյանը դեռ երկար ժամանակ պառկած էր նույն դրության մեջ։ Նա ընկել էր խորը մտածմունքների մեջ։ Հետո կամաց վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ և մի նամակ գրեց։ Գրելուց հետո կարդաց, բայց չհավանեց, պատռեց և մի ուրիշը գրեց։ Այդ էլ չհավանեց։ Այդպիսով մի քանի թուղթ գրելուց հետո վերջ ի վերջո գրելիքը խմբագրեց հետևյալ կերպով.
«Սիրելի ընկեր.
Իհարկե, հասկացար, թե իսկապես ինչու այնպես հանկարծ գրգռվեցի այսօր... Եվ թերևս ինձ խղճալուդ համար էր, որ չհարցրիր պատճառը։ Բայց և այնպես, անկեղծորեն պիտի խոստովանեմ քեզ այդ պատճառը. միտք էլ չունի, որ ծածկեմ:— Ես սիրում եմ Եվային, սիրում եմ անհույս, անպատմելի տանջանքով, որովհետև զգում եմ և հավատացած եմ, որ նա երբեք չպիտի կարողանա սիրել ինձ նման մի ողորմելի արարածի...
Տեսնում ես, ես խոսում եմ անկեղծորեն։ Եկ դու էլ ոչինչ մի ծածկիր ինձնից. ասա ուղղակի, որ արդեն սիրում ես նրան։ Ես համոզված եմ, որ նա էլ անտարբեր չէ դեպի քեզ, որովհետև ձեր ծանոթանալու առաջին իսկ րոպեից տեսա, որ դու զորեղ տպավորություն ես գործել նրա վրա։ Ուրիշ կերպ անկարելի էր։ Նա այնքա՜ն զգայուն աղջիկ է... Թերևս ոչ ոք նրա հոգին այնպես չհասկանա, ինչպես ես։ Մի զարմանալ, որքան արտաքուստ մեռած եմ երևում, այնքան նուրբ է հոգուս ըմբռնությունը։
Լսիր, Բազենյան։ Այն օրից, որ իմ մեջ գիտակցություն է զարթել, ես միշտ թշվառ եմ զգացել ինձ։ Բայց այժմ իմ այդ թշվառությունը հասել է իր գագաթնակետին։ Ես տանջվում եմ, անասելի կերպով տանջվում։ Անհնար է, որ այլևս դիմանամ այդ տանջանքին։ Ի՞նչ արած, բնությունը զրկել է ինձ այդ քաջությունից։ Այս տանջանքին վերջ տալու համար մնում է երկու բան — կամ անձնասպանություն գործել, կամ վերջ դնել իմ ու քո միջև եղած բարեկամությանը։ Քեզ եմ թողնում —ընտրիր՝ որն ուզում ես... Այս մասին չեմ երկարացնում։ Հույս ունիմ, ինձ հասկանում ես... Ա՜խ, տուր ինձ հոգու անդորրություն, հոգու անդորրություն միայն, մնացածը,— աստված քեզ հետ,— մնացածը թող քեզ լինի. ես կհաշտվեմ դրությանս հետ...
Մնաս բարյավ, երջանիկ ընկեր, կրկին անգամ մնաս բարյավ։
Շահյանը խիստ հավանեց իր այդ նամակը, այնքան հավանեց, որ չծուլացավ մաքուր արտագրելու և արտագրածը մի քանի անգամ կարդալու։ Նամակը սպասածից ավելի հաջող էր դուրս եկել, թեև բոլորովին ուրիշ բնավորություն ուներ, քան մտադիր էր տալ սկզբում։ Ինչ-որ սրտաշարժ բան էր նկատում իր գրածի մեջ և հենց սրտաշարժ բանն էր, որ հավանում էր։
Նամակը փակելով ծրարի մեջ, տվեց ծառային, որ տանի հանձնի Բազենյանին «Լոնդոն» հյուրանոցում։
Ծառան վերադարձավ և հայտնեց, թե Բազենյանը տանը չէր, ուստի նամակը տվել է հյուրանոցի դռնապանին, որ նրան հանձնի։ Շահյանը համոզված էր, որ եթե ոչ այդ օրը, գոնե հետևյալ օրն անպատճառ պատասխան կստանա։ Բայց ոչ այդ և ոչ հետևյալ օրը ոչ պատասխան եկավ Բազենյանից և ոչ ինքն երևաց:
Շահյանը վախկոտ մտահոգության մեջ ընկավ։ Կարդաց նամակի սևագրությունը, թեև բառ առ բառ անգիր գիտեր, և այս անգամ խիստ դժգոհեց այն բանից, ինչ որ գրել էր։ Տեսավ, որ շատ բան կեղծել է և շատ բան չափազանցրել։ Գլխավորը, որ նա բոլորովին չհավանեց այս անգամ, այդ այն էր, որ նամակը սկզբից մինչև վերջը վիպական ինչ-որ ծիծաղելի սենտիմենտալ բնավորություն ուներ, այսինքն ա՛յն, ինչ որ նամակը գրած ժամանակ խիստ հավանել էր։ Եվ շատ զղջաց, որ այդպիսի նամակ էր գրել Բազենյանին։ Այդ նամակի մեջ նա ներկայանում էր իբրև վերին աստիճանի խղճալի արարած՝ զուրկ արժանապատվության զգացումից, սենտիմենտալ իր սիրո մեջ, վախկոտ իր ատելության մեջ։
Բայց նամակն արդեն գրված ուղարկված էր, և նա այս անգամ պատասխանին սպասում էր գրեթե սարսափով։ Պատասխանը ստացվեց երրորդ օրը քաղաքային փոստով։ Բազենյանը գրում էր.
«Անգին իմ Լևոն.
Թերես զարմացած ես, թե ինչո՞ւ այսպես ուշ եմ պատասխանում նամակիդ։ Զարմանքդ կփարատվի, եթե գեթ հարևանցի երևակայես դրությունս։ Նամակդ այնպես ցնցել է ինձ, որ մինչև այս րոպեիս էլ խելքս, կարծես, գլխիս չէ։ Հավատո՞ւմ ես, ոչ երեկ և ոչ այս գիշեր չեմ քնել կամ, ավելի ճիշտը, չեմ կարողացել քնել, որովհետև շարունակ մտածում էի, թե ինչ պատասխանեմ։
Հիրավի, ի՞նչ պատասխանեմ...
Սակայն փորձեմ պատասխանել։ Թերևս շատ էլ դժգոհ չմնաս իմ պատասխանից։
Դու ինձ անկեղծորեն խոստովանում ես բոլորը: Դա ինձ համար մեծ գին ունի։ Եվ ուզում ես, որ ես էլ ոչինչ չծածկեմ քեզնից։ Թույլ տուր միջանկյալ նկատեմ քեզ, սիրելիս, որ իզուր ես կարծում, թե ես որևէ բանում կարող եմ անկեղծ չլինել։ Եվ կեղծեմ ո՞ւմ առաջ։ Քո՞։ Ինչո՞ւ համար։ Եվ ի՞նչ միտք ունի կեղծիքն այս դեպքում։
Եթե դու այնքան սկեպտիկ չես, Լևոն, և խոսքերս որևէ նշանակություն ունին քեզ համար, ապա կարող եմ քեզ հավատացնել, որ ընկերներիցս ոչ ոքի, այո՛, ո՛չ ոքի, այնպես չեմ սիրել, ինչպես քեզ...
Սակայն այս մասին կարճ եմ կտրում, որովհետև ո՞վ գիտե ինչ բացատրություններ տաս խոսքերիս...
Գանք ուղղակի գործին։
Ինչպես տեսնում ես, սիրելիս, ես աշխատում եմ կարելույն չափ հանգիստ հոգով գրել։
Քո նամակովդ, Լևոն, իսկապես մեծ ծառայություն մատուցեցիր ինձ,— այնպիսի մի անգնահատելի ծառայություն, որի համար երբեք չպիտի դադարեմ քո անունն երախտագիտությամբ հիշելու, քանի շունչս բերանումս կլինի։ Ասեմ ինչու։
Դու չես սխալվում. ես անտարբեր չեմ դեպի Մարությանի աղջիկը։ Կարծեմ իմ այցելության առաջին գիշերն իսկ ասացի քեզ, որ այդ աղջիկը խիստ դուր է եկել ինձ։— Տեսնո՞ւմ ես, առանց քո ասելու էլ ես անկեղծ եմ եղել դեպի քեզ։— Ճշմարիտը խոստովանելով, պիտի ասեմ քեզ, որ Եվայի ինձ վրա թողած տպավորությունը եթե արդեն սեր չէ, գոնե շատ շուտով կարող է սիրո փոխվել։ Ես այդ ավելի քան նախազգում եմ։ Գիտեմ, թե ինչ է այն զգացումը, որ «սեր» է կոչվում։ Այդ մասին ես քեզ մի պատմություն արդեն արել եմ իմ կյանքից։ Այժմ կարող եմ ավելացնել հետևյալը։
Եթե այն Ժամանակ այն էլզասցի աղջկան սիրել եմ, որքան ընդունակ է մարդ արարածը սիրելու, այնուամենայնիվ զգացել եմ, որ այդ աղջիկն օտար է ինձ համար, այնքան օտար, որքան օտար կարող են լինել թեև միևնույն գաղափարով համակված, բայց տարբեր ազգությունների պատկանող և յուրաքանչյուրն իր հայրենիքի թշվառության մասին մտածող երկու սիրող սիրտ։ Բայց այժմ զգում եմ, որ եթե հազարավոր այդպիսի օտարուհիներ պատահեն ինձ, ես դրանց բոլորին էլ չեմ փոխիլ մի,— այո՛, մի,— հայ Եվայի հետ: Մի հարազատն ավելի սիրելի է, քան հազարավոր օտարներ միասին առած։ Դա բնական օրենք է։
Ներիր, սիրելիս, ինձ թվում է, թե տրամադիր եմ գործից հեռանալու։ Կարճ կտրեմ, ավելի լավ է։
Քանի որ ասում ես, թե սիրում ես Եվային, իսկ Եվան դեպի ինձ է հակված (այդ ես էլ եմ նկատում. պարզ խոսելը լավ է), և հոգիդ անդորր պահելու համար անհրաժեշտ ես գտնում, որ վերջ տրվի իմ ու քո միջև եղած բարեկամությանը,— համաձայն եմ, տուր ինձ ձեռքդ։ Հարկավ, դա շատ ծանր է ինձ համար, բայց ավելի լավ է՝ հեռու մնանք իրարից իբրև բարեկամ, քան մոտիկ լինենք իբրև թշնամի։ Անձնասպանության մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետև այդ, իհարկե, շատ հիմար մի միտք է, որ ծագել է գլխումդ։ Ե՛ս միայն զարմանում եմ, թե այդ ի՜նչ հրեշավոր գաղափար ունիս իմ մասին, որ բավական չէ այդ մասին գրում ես ինձ, այլև իմ ընտրությանս ես թողնում...
Ինչևիցե, այս թողնենք։ Ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել,— և նամակովդ ինձ մատուցած մեծ ծառայությունն այդ բանը համարիր։
Քո և իմ միջև եղած բարեկամությանը վերջ դնելով, ես միևնույն ժամանակ այսօրվանից վերջ եմ դնում իմ և Եվայի միջև եղած բարեկամությանը, համակրությանը, սիրույն,— ինչպես ուզում ես՝ անվանիր։
Այս բանը թերևս անսպասելի լինի քեզ համար։ Բայց մի զարմանար, Լևոն: Քեզ հայտնի է, որ իմ անձը սուրբ երդումով նվիրել եմ իմ թշվառ հայրենիքին, հետևաբար այդ անձը չի կարող, իրավունք չունի պատկանելու մի որևէ անհատի, թեկուզ այդ անհատը լիներ Եվայի պես մի աղջիկ, որի համար,— օ՜, սիրո հանցավոր պաշտելի աստված,— արժե մոռանալ հայրենիքն էլ, ամեն բան էլ... Մյուս կողմից, ի՞նչ խղճով ես կարող եմ վայելել մի սեր, երբ ինձ համար պարզ է, եթե ես չլինեի, կարող էր պատկանել իմ ընկերոջը։ Ո՛չ, այդպիսի սերն երջանկություն չէր բերիլ ինձ համար, այլ սոսկալի թշվառություն, որովհետև գիտակցությունս աչքիս առաջ շարունակ պիտի ներկայացներ այդ սիրո պատճառով թշվառացած թանկագին ընկերոջս տանջանքները...
Այդպես ուրեմն, անգին բարեկամ և ազնիվ ընկեր, այս օրվանից ամեն բան արդեն վճռված է։ Հավաքում եմ սրտիս բոլոր քաջությունը, մտքիս բոլոր խոհականությունը և հրաժեշտ եմ տալիս քեզ և քեզ հետ միասին — Եվային։ Եթե մի քանի կարևոր գործերս չլինեին, որոնց, սակայն, հույս ունիմ շուտով վերջացնելու,— կհեռանայի հենց այսօր ևեթ։ Սակայն այդ միևնույն է. այսօրվանից այլևս երբեք չեմ տեսնիլ Եվային և կաշխատեմ մտքիցս ու սրտիցս հանել նրա պատկերը:
Ի վերջո պարտավորությունս եմ համարում հատուկ շնորհակալությունս հայտնել քեզ, որ իր ժամանակին հանեցիր ինձ ինքնամոռացությունիցս և, թեև անուղղակի, հիշեցրիր ինձ վեհ նպատակը։ Ուրեմն մնաս բարյավ, իմ անգին ընկեր։ Մնաս բարյավ և դո՛ւ, Եվա։ Ես գնում եմ այնտեղ, ուր պարտավոր եմ գնալ... Թեև հույս չունիմ, թե կենդանի կմնամ այնտեղ, բայց այս անակնկալ դեպքից հետո մահն ավելի ևս քաղցր կլինի ինձ համար։
Կրկին անգամ մնաս բարյավ, իմ անգին, իմ ազնիվ, իմ անկեղծ ընկեր։
Շահյանը չկարողացավ միանգամից ըմբռնել այդ նամակի միտքը։ Կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ... և հետզհետե ազդվելով, ընկղմվեց ծանր մտատանջության մեջ։
Մի՞թե, հիրավի, Բազենյանն այդ աստիճան վեհանձն, անձնազոհ և հայրենիքին այդպես նվիրված երիտասարդ էր։ Մինչդեռ ինքը Շահյանը, իր համար անհաջող և անհույս սիրո մեջ նրա ախոյանը հանդիսանալով, լցվել է դեպի նա չար նախանձով ու ատելությամբ,— Բազենյանն, ընդհակառակը, քրիստոնեական ամենամեծ պատվերի հետևող էր հանդիսանում, իր բախտը, իր երջանկությունը զոհում էր ընկերոջ օգտին։
Այդ այնքան պարզ էր Բազենյանի նամակից, որ Շահյանը մինչև անգամ զզվանքով ամաչեց դեպի նա տածած իր փոքրոգի և նախանձոտ ատելությունից։
Սակայն այդ ատելությունն այժմ չքացավ միանգամից։ Շահյանը զգում էր այժմ, որ պատրաստ է առաջվանից է՛լ ավելի բուռն զգացումով սիրելու և հարգելու Բազենյանին, եթե նրա հոգին չդառնանար այն գիտակցությունից, թե՝ միևնույն է, Եվան Բազենյանի հեռանալով խո չի փոխիլ իր համակրությունը. ընդհակառակը, իբրև չափից դուրս զգայուն աղջիկ ավելի ևս կսիրե անձնազոհ և հայրենիքի ազատության գործին նվիրված Բազենյանին, իսկ իրեն, Շահյանին, ատելով կատի, երբ իմանա, որ իր սիրած երիտասարդին իրենից անջատողը այդ չնչին, ողորմելի Շահյանն է։
Վերջին միտքը խելագարեցնելու չափ անտանելի թվաց Շահյանին։ Նա ապշեց։ Ի՞նչ միտք ուներ, որ խառնում էր Եվայի և Բազենյանի միջև սկսված հարաբերություններին, քանի որ հենց սկզբից համոզված էր, որ նրանց սրտերն արդեն կապված են իրար հետ, և Եվան ոչ մի կերպ չի կարող սիրել իրեն։ Ճիշտ է, Բազենյանին իր նամակը գրեց այն մտադրությամբ միայն, որ նա հեռու մնա իրենից, որպեսզի ինքը կարողանար հոգու անդորրություն գտնել, բայց ինչպե՞ս չէր հասկանում, որ իր նամակն իսկապես օտար նախանձով լցված սրտի խուլ ու ապօրինի մի բողոք էր այն երջանկության մեջ, որ պիտի ունենային Եվան ու Բազենյանն իրար սիրելով։ Մեղավո՞ր էր Եվան, որ համակրում էր Բազենյանին. մեղավո՞ր էր Բազենյանը, որ համակրում էր Եվային։ Ինչո՞ւ նրանց թշվառության պատճառ է դառնում։ Ի՞նչ իրավունքով։ Եսասեր մարդու ստոր նախանձի արդյունք չէ՞ արդյոք իր վարմունքը։
Շահյանը քստմնեց իրենից։ Այս անգամ զգաց, որ իր հոգին անդորր կարող էր լինել այն դեպքում միայն, երբ ամենևին չգրեր իր նամակը Բազենյանին և շարունակեր նրա հետ իր առաջվա բարեկամությունը։ Այո՛, հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ ինքը տանջվի ուրիշի պատճառով, քան թե զգա, որ ինքն է պատճառն ուրիշի տանջանքի,— մտածում էր Շահյանը։
Շահյանի հանգիստը միանգամայն կորել էր, և նա որքան շատ էր մտածում իր վարմունքի մասին, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ արդարանալու ոչ մի կետ չունի։ Նրան թվում էր, թե մարդ է սպանել և ոչ մի զղջում չպիտի կարողանա քավել այդ հանցանքը։
Բազենյանի դրությունը նրան պարզապես տրագիկական էր թվում։ Եվ նա զգում էր, որ Բազենյանին ոչ թե միայն այլևս չի ատում և չի կասկածում նրա վեհ առաքելության մասին, այլ այդ երիտասարդը չափից դուրս բարձրացել է իր աչքում։
Չնայելով Բազենյանի պարզ ու հատու նամակին, Շահյանին թվում էր, թե իրենց հարաբերությունները չափազանց խճճվել են, թե այդ հարաբերությունները պարզելու համար անպատճառ հարկավոր է մի բան անել, բայց թե ինչ բան, չգիտեր։ Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ անձամբ տեսնվեր ու խոսեր Բազենյանի հետ, բայց այժմ ավելի, քան երբեք, վստահություն չուներ այդ բանն անելու։ Նա խիստ ամաչում էր իր նամակից հետո գնալ Բազենյանի մոտ և չգիտեր էլ, թե իսկապես ինչ պիտի խոսեր նրա հետ։
Անցավ մոտ մի ամիս։ Շահյանը դեռևս մտատանջվում էր, թե ինչպես տեսնվի Բազենյանի հետ, երբ մի օր հանկարծ ուրախացած կանգ առավ այն մտքի վրա, թե Բազենյանն այդ մի ամսվա ընթացքում անշուշտ արդեն հեռացած կլինի Թիֆլիսից, ուրեմն ավելորդ է այլևս այդքան մտատանջվել նրա հետ տեսնվելու և խոսելու մասին։ Այս միտքն անասելի մի թեթևություն պատճառեց նրան, որպիսի թեթևություն զգում են առհասարակ անվճռական մարդիկ, երբ իրենց որևէ մի ծանր պարտականությունն անկատար թողնելու համար հանկարծ բանավոր պատճառ են գտնում։
Բայց սխալվեց։
Մի երեկո, երբ Շահյանը, զբոսանքի դուրս եկած ժամանակ, անցնում էր Միքայելյան կամրջով, հանկարծ նրա դեմն ելավ Բազենյանը մուշտակի մեջ կոլոլված և մոխրագույն մորթե գլխարկով, որը, ծուռ ծածկած, չափազանց սազում էր նրան։ Այդ հանդիպումն այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ նա ակամա կանգ առավ, կարմրեց ու գունատվեց։
Բազենյանը նրան դիմավորեց բավական զսպված կերպով։ Նրա դեմքը լուրջ էր, աչքերը նայում էին մտահոգ հանգստությամբ։
— Մի՞թե, հիրավի, մենք պիտի բաժանվեինք իրարից այնպե՛ս, որ գեթ վերջին անգամ չպիտի տեսնեինք իրար,— ասաց նա սառն, հավասար ձայնով և ձախ ձեռը մեկնեց Շահյանին։ Աջ ձեռքը դեռևս կապած էր։
— Ես էլ այդ էի մտածում,— պատասխանեց Շահյանը, խիստ անհարմար դրության մեջ զգալով իրեն ընկերոջ սառն ընդունելությունից:
— Այդ մի փոքր տարօրինակ կլիներ,— ավելացրեց Բազենյանր։— Գոնե ինձ համար...
— Ինձ համար էլ,— մեքենայաբար վրա բերեց Շահյանը։
— Թողնենք մեր պատանեկությունը... այս վերջերս կարճ միջոցում այնքան մոտեցանք իրար, գոնե ես ինձ այնքան մոտ էի զգում քեզ, որ համոզված էի, թե ոչ մի բան չպիտի կարողանար արգելք լիներ մեզ անջատման ժամին եղբայրաբար սեղմելու իրար ձեռք և մնաս բարյավ ասել իրար վերջին անգամ։
Շահյանը զգացվեց։ Առանց հանդիմանության և թախծորեն արտասանված այդ խոսքերն այնպիսի ազդեցություն ունեցան նրա վրա, որ նա անկարող եղավ զսպել իրեն և բացականչեց ամենայն անկեղծությամբ.
— Այո՛, այո՛, մենք դարձյալ ընկերներ ենք... Պետք է ներես, Սուրեն... Զգում եմ, որ մեղավոր եմ քո առաջ, չպետք է գրեի քեզ այն նամակը...
Բազենյանը փորձող հայացքով նայեց նրա շփոթված դեմքին և հանգիստ վեր քաշեց ուսերը։
— Տեսնո՞ւմ ես, դու ուրիշ բան հասկացար,— ասաց նա։— Իսկ ես այդ չէի ուզում ասել։
— Գիտեմ, գիտեմ,— արագ, ավելի ևս անկեղծորեն վրա բերեց Շահյանը։— Եվ իզուր ես կարծում, թե խոսքերդ ակնարկություն եմ ընդունում իմ այն չարաբաստիկ նամակի համար։ Ընդհակառակը, Սուրեն. ես ավելի քան հավատում եմ քո ընկերական անկեղծությանը, և եթե ասացի, թե չպետք է գրեի քեզ այն նամակը, ասացի նրա համար, որ... խիղճս հանգիստ չէ։ Կարծես մի ծանր հանցանք եմ գործել, որ ոչ ես և ոչ ուրիշն երբեք չպետք է ների ինձ...
Բազենյանը իր սուր հայացքով մի րոպե վերին աստիճանի լրջորեն նայեց Շահյանի խեղճ, միամիտ աչքերին։
— Խղճիդ մի հավատար, Լևոն,— ասաց նա հանգիստ։— Չափազանց զգայուն լինելուց խիղճդ ծայրահեղության մեջ է ընկնում: Երկար չեմ ուզում խոսել այս մասին,— ավելացրեց նա կտրուկ կերպով։— Այսքանս միայն կասեմ, որ վատ բան արած կլինեիր, եթե այն նամակը չգրեիր ինձ։
— Ինչպե՞ս,— զարմացավ Շահյանը։
— Այնպես որ...— Բազենյանը բռնեց Շահյանի թևից և քաշեց կամրջի վանդակապատի կողմը, որպեսզի ազատ ճանապարհ լինի տված անցուդարձ անողներին։— Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Այնպիսի ընկերների մեջ, որպիսին ես ու դու ենք, գաղտնապահություն չպետք է լինի ամենևին։ Պարզ կերպով, առանց հետին մտքի, իրարու ամեն բան խոստովանելը միակ միջոցն է ընկերական հարաբերությունները հաստատ հիմքերի վրա դնելու։ Մինչև անգամ ես կարծում էի, որ երբ երկու ընկերների միջև ինչ-ինչ պատճառներով հակակրանք է ծագում, այդ դեպքումն էլ շատ լավ կլինի, որ նրանք իրենց այդ զգացումը չծածկեն իրարից։ Սիրում ես ընկերոջդ,— այդ ինքնըստինքյան կարտահայտվի. սկսել ես ատել,— այդ էլ մի աշխատիր ծածկել: Քաշվելն ավելի վատ է այդ դեպքում։ Խոսքն ուղղակի տուր ճակատին ու հեռացիր։ Այդ հանգստություն կտա քեզ, կամրացնե հոգիդ։
Շահյանը մնացել էր շփոթված և ապշած։ Նրան թվում էր, թե Բազենյանը թափանցել էր իր հոգու խորքը և գիծ առ գիծ երևան է հանում հակակրանքի այն զգացումը, որ ինքը սկսել էր տածել դեպի ընկերը։ Բայց այժմ այդ զգացումը այլևս չկար նրա մեջ։ Այս անգամ նա թե վախենում էր Բազենյանի թափանցողությունից և թե զգում էր, որ պատրաստ է առաջվանից ավելի սիրելու ընկերոջը, որի մեջ այժմ բոլորովին նոր ու սրտագրավ մի բան էր տեսնում։
— Ինչպես տեսնում եմ, Սուրեն, դու դարձյալ կասկածում ես դեպի քեզ տածած զգացումներիս վերաբերմամբ,— մեղմորեն կշտամբեց նա։
— Է՜էհ, ի՞նչ տեսակ մարդ ես,— նեղացավ Բազենյանը։— Ինչո՞ւ խոսքերս միշտ քեզ վրա ես ընդունում։ Ես խոսում եմ ընդհանրապես։ Դու ասացիր, թե մեղավոր ես իմ առաջ, թե չպետք է գրեիր ինձ այն նամակը, իսկ ես ուզում եմ ապացուցանել, որ դրանով վատ բան արած կլինեիր։ Եվ վատ բան արած կլինեիր նրանով, որ...
— Բայց, ախր, դու չհասկացար ինձ...
— Սպասիր։ Վատ բան արած կլինեիր նրանով, որ...: Ինչպե՞ս չհասկացա քեզ։ Ուզում եմ ասել, որ նամակովդ ակամա առիթ ես տվել ինձ հեռանալու Եվայից, որ դու ամենևին ի նկատի չես ունեցել, թե նամակդ ինձ համար, քո կարծիքով, այդպիսի ծանր հետևանք կունենա, որ հենց այդ բանի համար էլ խիղճդ տանջում է քեզ։ Այդպես չէ՞:
— Այո։
— Տեսնում ես, որ հասկացել եմ։ Ա՛յ, դու չես հասկացել քեզ գրած պատասխանիս միտքը... Դժբախտաբար, ժամանակ չունիմ, Լևոն, երկար խոսելու,— մի շատ կարևոր գործի համար շտապում եմ մի տեղ,— բայց որպեսզի քո գովելի բարեսրտությամբ շատ էլ չչափազանցնես դրութունս, ահա թե ինչ պետք է ասեմ քեզ։ Իրավ է, Եվան ինձ վրա մեծ տպավորություն է թողել. ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան, և նրա մոտ լինելը, նրա հետ խոսելը միշտ մեծ հաճույք է պատճառել ինձ, բայց միայն այդքան։ Այն զգացումը, որ ես տածում եմ դեպի նա, սեր չէ, ինչպես դու ես կարծում. հետևաբար այդ զգացումը մեռցնելու համար մի առանձին դժվարություն չկա։ Բավական է, որ հեռու մնամ, և ամեն բան կվերջանա ինքնըստինքյան։ Առանց այդ էլ շուտով պետք է հեռանայի այստեղից, և եթե մինչև այժմ մնում եմ այստեղ, պատճառը մեր գործի հետ կապ ունեցող մի քանի անակնկալ հանգամանքներ են։ Գուցե, քեզ գրած պատասխանիս մեջ, նամակիդ ազդեցության տակ, փոքր-ինչ չափազանցրել եմ դրությունս, բայց այժմ դեպի Եվան տածած զգացումս բոլորովին պարզ է ինձ համար։ Ծանոթանալուս առաջին օրերն էին... Եվան շնորհալի, հետաքրքրվող, ինքնուրույն, գեղեցիկ աղջիկ է, որպիսին առաջին անգամն եմ պատահում հայ աղջիկների մեջ... Վերջապես, ինքս խիստ տպավորվող եմ... Է՛հ, այդպիսի պայմաններում շատ հասկանալի է, որ փոքր-ինչ ինքնամոռացության մեջ ընկնեի։ Բայց, փառք աստծո, այժմ բանը չի կարող հեռու գնալ, որովհետև... շնորհակալ եմ, քո և միայն քո նամակի շնորհիվ ես, բարեբախտաբար, խոհեմություն ունեցա իր ժամանակին զսպելու ինձ և ետ քաշվելու: Այն գործը, որին նվիրված եմ ես, պահանջում է ամենից առաջ անձնուրացություն, իսկ սիրո մեջ իր շրջանակից դուրս չկա այդպիսի անձնուրացություն։ Ժողովրդական գործին նվիրված մարդը կատարելապես ազատ պիտի լինի անձնական զգացումներից, գոնե նա չպետք է թույլ տա, որ այդ զգացումները գերիշխող դեր կատարեն իր կյյանքի մեջ. իսկ սիրո զգացումն այն առանձնահատկությունն ունի, որ մարդուն ամենանեղ եսասեր է դարձնում։ Քիչ չի պատահել, որ մարդիկ հայրենիքի դավաճան են հանդիսացել նրա համար միայն, որ սիրել են: Այդ դավաճանությունն եղել է գիտակցաբար և անգիտակցաբար։ Անգիտակցաբար դավաճաններից մեկն էլ ես կարող էի հանդիսանալ. անձնատուր կլինեի սիրո հրապույրներին և... այդ հրապույրներից դուրս թեկուզ ամբողջ աշխարհը կործանվեր, այդ մասին ես ամենևին չէի հոգալ։ Մինչդեռ ես ընկերներ ունիմ... նրանք գործում են... հավատում են, որ ես էլ ցմահ իրենց հետ եմ... ես ինքս եմ խոսք տվել... մենք ուխտել ենք միասին, և ինչպե՞ս կարող եմ դրժել իմ խոսքը, իմ ուխտը... Ահա՛ թե ինչու համար եմ ասում, որ վատ բան արած կլինեիր, եթե չգրեիր ինձ այն նամակը,— մի նամակ, որը սթափեցուցիչ մի դեղ էր ինձ համար։
Բազենյանը խոսում էր հանգիստ և իր մտքերին անձնատուր եղած մարդու ոչինչ չտեսնող հայացքով նայում էր գետի խաղաղ ընթացքին։ Այդ միջոցին նրա ամբողջ արտաքինն այն աստիճան ազդու կերպարանք էր առել, նրա հանգիստ ձայնի մեջ այնպիսի վշտաբեկ մի լար էր հնչում, որ Շահյանը զգաց, թե նրան երջանկացնելու համար պատրաստ է զոհել ամեն բան, ինչ կարող է։
— Լսիր, Բազենյան,— ասաց նա կամաց, բռնելով նրա թևից։— Իմ կարծիքով, սերն արգելք չպիտի լինի քեզ, որ շարունակես գործել հայրենիքի համար, մանավանդ Եվայի պես մի աղջկա սերը...
Բազենյանը չպատասխանեց։ Նա շարունակ նայում էր գետի հոսանքին, բայց այս անգամ հոնքերը կիտեց, և նրա մտախոհ հայացքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ստացավ։
Շահյանը կարճ լռությունից հետո ավելացրեց.
— Ինձ թվում է, թե այդ զոհաբերությունն անում ես... ինձ համար։
Բազենյանը դառնությամբ ժպտաց և թեթևակի նայեց նրան։
— Ուզում ես ասել, թե ավելորդ է, որ հայրենի՞քն եմ մեջ բերում...
— Ո՛չ, աստված վկա, ոչ, Սուրեն,— եռանդուն անկեղծությամբ վրա բերեց Շահյանը և մինչև անգամ նեղացավ, որ նա այդպիսի մի անակնկալ բացատրություն տվեց իր խոսքերին։— Ասում եմ, զոհաբերությունդ ինձ համար ես անում, որովհետև... Եվան երբե՛ք չի կարող քեզ արգելք լինի, որ դու շարունակես գործել հայրենիքիդ համար։ Ընդհակառակը, ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ նա քեզ սիրում է հենց ա՛յդ բանի համար... Չէ՞ որ ես ճանաչում եմ նրան։
Բազենյանը մի խիստ շարժում գործեց։
— Ինչևիցե, այս մասին այլևս չխոսենք,— ասաց նա, կարծես ինքն իր դեմ զայրացած:— Գործի վրա ես ուրիշ տեսակետից եմ նայում։ Վճիռս անդարձ է։
Եվ նա պատրաստվեց, որ հեռանա։
— Այս մեր վերջի՞ն տեսակցությունն է, թե՞ էլի կտեսնվենք,— հարցրեց նա։
— Է՛լի, է՛լի,— արագ վրա բերեց Շահյանը։— Ե՞րբ ես գնում։
— Կարծեմ, դարձյալ մի շաբաթ կմնամ։
— Որ այդպես է, Սուրեն, վաղը ճաշին արի ինձ մոտ... առաջվա պես։ Կգա՞ս:
— Տեսնեմ... չափազանց զբաղված եմ։
— Չէ, անպատճառ արի. այլապես՝ կկարծեմ, որ նեղացած ես ինձնից։
— Լավ, կգամ,— ժպտաց Բազենյանը և ձախ ձեռքը մեկնեց նրան։
— Զարմանալի է. ձեռքդ դեռևս չի՞ առողջացել։
— Ինչպես տեսնում ես, աջ ձեռքս դեռևս դատապարտված է անգործության։
Նրանք բաժանվեցին իրարից խիստ սրտագին։
Հետևյալ օրը Շահյանն երկար ժամանակ սպասում էր Բազենյանին։ Այդ օրը հատկապես փառավոր ճաշ էր պատրաստել տվել նրա համար։ Բայց Բազենյանը չէր երևում։ Վերջապես մի նամակ ստացավ նրանից հետևյալ բովանդակությամբ.
«Սիրելի ընկեր.
Ներիր, որ խոստմանս հակառակ, այսօր չեմ կարող գալ։ Հենց այս րոպեիս մի խիստ կարևոր նամակ ստացա. անսպասելի նորություն են հայտնում. ամենաեռանդուն ընկերներիցս երկուսը սև մատնության զոհ են գնացել... Խիստ անհանգիստ դրության մեջ եմ։ Անհապաղ օգնություն է պահանջվում։ Մի խոշոր գումարի կարիք կա։ Ինձ մոտ այդ գումարը պակասում է։ Հարկավոր է դարձյալ հազար ռուբլի։ Պահանջը ստիպողական է։ Գնում եմ ճարելու։ Նամակս այրիր։
«Հ. Գ.— Պակաս գումարը ճարելուս պես անմիջապես ուղևորվելու եմ։ Թերևս այլևս չտեսնենք իրար։ Մնաս բարյավ։ Կրկնում եմ, նամակս այրիր»
Կարդալուց հետո Շահյանը նամակը ձգեց վառարանը։ Հետո արագ մոտեցավ գրասեղանին և դուրս քաշեց գզրոցներից մեկը։ Այնտեղ հազար և մի քանի հարյուր ռուբլի կար։ Այդ գումարից հազար ռուբլին ստացել էր նախորդ օրն իր կալվածների կառավարչից, որը ծախել էր փուլ եկած շենքը։ Նա վերցրեց ջոկ դրած այդ հազար ռուբլին, դրեց մի ծրարի մեջ, ծոցը կոխեց և անմիջապես գնաց Բազենյանի մոտ։
Բազենյանը տանը չէր։
Շահյանը վերադարձավ տուն այն մտադրությամբ, որ երեկոյան դարձյալ գնա ընկերոջ մոտ։ Բայց երեկոյան էլ նրան տանը չգտավ։ Իր անելիք զոհաբերությունը Շահյանին ազնիվ անհամբերություն էր ներշնչել։ Այդ օրը գիշերն էլ գնաց։
Դեռևս բավական վաղ էր։ Հյուրանոցի դռնապանից իմացավ, որ Բազենյանն այս անգամ տանն է։ Դռնապանն ավելացրեց, որ նա «մենակ չէ», սակայն Շահյանը չլսեց և արագ բարձրացավ վերև։ Նա բռնեց Բազենյանի սենյակի դռան փականքից և առաջ մղեց։ Դուռը փակ էր։ Նա ծեծեց։
— Ո՞վ է,— լսվեց նորից Բազենյանի ձայնը։
— Ես եմ։
— Լևո՞ն։
— Ես եմ։
— Իսկույն։
Մի րոպե Շահյանին թվաց, թե ներսից ինչ-որ քչփչոցի ձայներ լսեց, հետո սեղան էր, թե աթոռ թրխկաց, և կարծես մեկը բոբիկ ոտներով վազեց սենյակի մի ծայրից մյուսը։
Դուռը բացվեց։ Շեմքում երևաց Բազենյանը սյուրտուկն ու ժիլետը հանած։ Նրա վնասված ձեռքը կապած չէր։
Շահյանը մտավ։ Սանդուղքներով արագ վերև բարձրանալուց և այն գիտակցությունից, թե շուտով պետք է ուրախացնի ընկերոջը, նրա սիրտը թրթռում էր։
— Դու մենա՞կ ես,— հարցրեց նա կամաց, շնչասպառ, նայելով սենյակի չորս կողմը։
— Մենակ եմ։ Ներիր, որ քեզ այսպես եմ ընդունում։ Հենց նոր ուզում էի պառկել։
Շահյանը նոր նայեց ընկերոջ դեմքին։
— Այսպես վա՞ղ։
— Ի՞նչ անեմ, սիրելիս, սաստիկ հոգնած եմ. այսօր շան պես չարչարվել եմ... Ներողություն, այսօր երկու անգամ եկել ես, տանը չեմ եղել։
— Այո՛, ես... Նամակդ ստացա... Իզուր այդքան նեղություն ես կրել... Խնդրում եմ, ընդունիր այս իմ կողմից...
Եվ Շահյանը, ծոցից հանելով ծրարը, տվեց Բազենյանին։ Նա աշխատում էր կարելույն չափ հանգիստ մնալ և ցույց տալ, թե բոլորովին հասարակ մի գործ է կատարում։
Բազենյանը մեքենայաբար առավ ծրարը և մի րոպե նայեց Շահյանին լուռ ու զարմացած։
— Այս ի՞նչ է,— հարցրեց նա։
— Այդ... այն գումարն է, որ... պահանջել են քեզնից։
— Ի՞նչ գումար։
— Այսօր որ գրել էիր։
Բազենյանը ուրախությունից, կարծես հանկարծ, կորցրեց իրեն։
— Լևոն... Սպասիր... Չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Դու այնպիսի բարի, այնպիսի ազնիվ գործ ես կատարում, որ... ո՛չ, այդ մասին չեմ ուզում խոսել. ավելորդ է. ինքդ արդեն զգում ես, թե ի՛նչ արժե այս զոհաբերությունը... Եթե գեթ մի րոպե երևակայես, թե ինչ վիրավորանքներ եմ կրել, ինչքան ստորացրել են ինձ... Ամեն կողմից կասկածանք, ամեն կողմից երկդիմի հեգնություն... Բայց, որ ամենից ավելի սարսափելին է, վեհ զգացումների կատարյալ մեռելություն... Կարծես թե գործն իմ անձնական շահերին է վերաբերում, կարծես թե այդ գործը իրենցը չէ, ընդհանրությանը չէ... Կարծես թե ես մի եզվիտ, մի սրիկա, մի աֆերիստ եմ, որ ասպարեզ եմ եկել երեսիս դիմակ առած մարդկանց խաբելու... Քիչ է մնում, որ այս բանն ուղղակի երեսիս ասեն։ Այս սարսափելի է։ Քար, անզգա քար պետք է լինել այս բոլորը տեսնելու և տանելու համար։ Գործունեությանս ընթացքում ես այն համոզման եմ եկել, Լևոն, որ ամբողջ հայության, ամենաաննշան բացառությամբ, մի բան, մի ահագին բան է պակասում. դա հոգու այն լարն է, վերածնող այն ուժը, որ հիմն ի վեր ցնցում է մարդու ամբողջ էությունը, վառում, ոգևորում է նրան սրբազան գործի համար։ Ամեն տեղ անձնական նեղ սահմանափակումն. հեղափոխական գործի մեջ մկան վախկոտություն, քաղաքացիական զգացումների կատարյալ մեռելություն, նվիրաբերության մեջ չարչիական առևտուր. կոպեկի համար սատկում են, տալիս էլ կարծես թե իրենց մսից են կտրում։ Այսպիսի պայմաններում կարելի՞ է չհուսահատվել... Մանավանդ Թիֆլիսը, այս այլասերված, ապազգայնացած Թիֆլիսը... Ճիշտը քեզ ասեմ, Լևոն, այն նամակը գրեցի քեզ, բայց շատ զղջացի։ Մտածում էի, ո՞վ գիտե, գուցե կարծեիր, թե դա մի խաղ է իմ կողմից, թե դրանով ուզում եմ մի ավելորդ անգամ փող կորզել քեզնից...
Շահյանը խիստ անհանգիստ մի շարժում գործեց և նայեց նրան անկեղծ հանդիմանությամբ։
Բազենյանը նկատեց այդ և արագ առավ նրա ձեռքը։
— Խնդրում եմ, Լևոն, ներիր ինձ,— հուզված աղերսեց նա։— Կյանքի դառն փորձերն այն աստիճան հոռետես են դարձրել ինձ, որ ես տեսնո՞ւմ ես, թույլ եմ տալիս ինձ կասկածելու մինչև անգամ քո ազնիվ սրտի մաքրության վրա... Ա՜խ, Լևո՛ն, իմ պատվակա՛ն ընկեր, որքա՜ն շնորհակալ եմ քեզնից...
Եվ Բազենյանն ամուր-ամուր սեղմեց Շահյանի ձեռքը:
Շահյանը հազիվ ազատեց իր ձեռքը։ Այն աստիճան շփոթված և վերացած էր, որ չլսեց, թե ինչպես այդ միջոցին ինչ-որ, ըստ երևույթին կնոջ, հագուստի խշխշոց եկավ, և ոչ էլ տեսավ, թե ինչպես սենյակի անկյունում դրված պատվարի չթե պատերը թեթևակի շարժվեցին։ Մեքենայաբար բարի գիշեր մաղթեց Բազենյանին, ասաց, որ նա հոգնած է, չի ուզում անհանգստացնել նրան, դուրս եկավ, անցավ երկայն միջանցքով և սկսեց մանրիկ արագ քայլերով իջնել սանդուղքի ցածր աստիճաններով։ Դռնապանը շտապեց հարգական պատրաստակամությամբ բանալ նրա առաջ դուռը։ Շահյանը կանգ աոավ, վերարկուի գրպանից հանեց արծաթ մի դրամ, կոխեց դռնապանի բուռը, առանց նայելու նրան, կարծես ամաչելով, որ փող է տալիս նրան և շտապով դուրս գնաց փողոց։ Իր արած զոհաբերության գիտակցությունից, Բազենյանի խոստովանությունից և շնորհակալությունից շշմել էր նրա գլուխը։ Նա քայլում էր արագ և վստահորեն և ոչինչ չէր մտածում. զգում էր միայն, որ չափից դուրս երջանիկ է։ Դա հոգին ու միտքն ազնվացնող այն վեհ, այն հպարտ երջանկությունն էր, որ զգում է մարդ ինքնաբերաբար որևէ բարի գործ կատարած ժամանակ։
— Պարո՛ն Շահյան... պարո՛ն Շահյան,— լսեց նա իր ետևից։
Շահյանը կանգ առավ և արագ շուռ եկավ։ Խանութների վառ ճրագների լույսի մեջ տեսավ Մարությանին ու Եվային, որոնք գալիս էին իր ետևից։ Կանչողը Մարությանն էր։ Շահյանը շտապեց դեպի նրանց։
— Դուք անցաք ուղղակի մեր կողքով և չբարևեցիք մեզ։ Չլինի թե դարձյալ խռովել եք,— նկատեց Մարությանը ծիծաղելով։
Շահյանը սեղմեց հոր ու աղջկա ձեռքը։ Նա ժպտում էր։ Նրա դեմքը վառվում էր հոգեկան բերկրանքով։ Եվայի հանդիպումն այդ րոպեին մի կատարյալ երջանկություն էր նրա համար։
— Ներեցեք, չնկատեցի,— պատասխանեց նա Մարությանի նկատողությանը, և իսկապես որ չէր նկատել նրանց։
Մի րոպե կանգ առնելով, նրանք երեքը միասին շարունակեցին ճանապարհը։
— Ներելի է,— ասաց Մարությանը,— որովհետև շտապում էիք, երևի ցրտից շուտով պատսպարվելու համար։ Տեսնո՞ւմ եք, ի՛նչ փառավոր ցուրտ է։ Բայց լազաթ ունի, որ սառած գետնի վրա ման ես գալիս այսպես կտկտալի։ Ինձ որ հարցնեք, ձմեռն էլ ունի իր բանաստեղծական հրապույրները։ Օրինակի համար մեկ նայեցեք երկնքին, ո՞ր մի գարնանային գիշեր երկնքի կապուտակն այնպես ամուր է լինում, այնպես հաստատ, ինչպես այժմ. ե՞րբ եք տեսել, որ աստղերն այնպես մեծ երևան, այնպես հուրհրատին տան, ինչպես այս գիշեր...
Մարությանն աչքերը հեռացրեց երկնքից, նայեց Շահյանին և ծիծաղեց։
— Երևակայում եմ, թե ինչքա՛ն ծիծաղում եք ինձ վրա մտքներումդ,— բացականչեց նա։
— Ընդհակառակը, ես նախանձում եմ ձեր ոգևորությանը։
Մարությանը առավ նրա թևը։
— Որ այդպես է, երիտասարդ բարեկամ, դուք դեռ շատ բանում պիտի նախանձեք ինձ... Աղջիկս է միայն, որ,— չգիտեմ, ճշմարիտ, այս ի՞նչ փոփոխություն է,— ոչ ոգևորվում է, ոչ խոսում։ Ասացեք խնդրեմ, կարելի՞ է այսպիսի մի հրաշալի գիշեր ման գալ լուռ ու մունջ. իսկ մենք, ես ու աղջիկս, ահա մի ժամ է, որ դուրս ենք եկել մի քիչ սառն օդ կուլ տալու, և, բացի մի քանի կցկտուր խոսքերից ուրիշ ոչինչ չեմ լսել սրա բերանից։ Մտածում է, ինչ-որ խորին խորհուրդներ է խորհում, բայց թե ինչ բանի մասին,— այդ բարձրյալին է հայտնի։
Եվ Մարությանը, դեմքին ծաղրական արտահայտություն տված, ուսի վրայից նայեց աղջկա դեմքին. կարծես, ուզում էր գրգռել նրան, որ զայրանա, խոսի։
Բայց Եվան, կարծես, չէր լսում, թե ինչ է ասում հայրը։ Ձեռքերը մուֆթի մեջ դրած, մերթ առաջ ընկնելով, մերթ ետ մնալով, նա քայլում էր հոր կողքից և մեքենայաբար նայում էր ցրտից կուչ եկած անցուդարձ անողներին։ Նրա թե՛ քայլվածքի և թե՛ հայացքի մեջ նկատվում էր ինչ-որ զսպված անհանգստություն։ Երբեմն անհանգիստ հայացքն ուղղում էր Շահյանին, ըստ երևույթին ուզում էր բան հարցնել, բայց ոչինչ չէր ասում և դարձյալ կամ առաջ էր ընկնում հորից, կամ ետ մնում նրանից։
— Ձեզ մի բան եմ ուզում հարցնել, պարոն Շահյան,— ասաց Մարությանը, կատակով խոսելու եղանակը թողնելով:— Ո՞ւր է այս ձեր պարոն Բազենյանը։
Եվան առաջ ընկավ և շեշտակի նայեց Շահյանի աչքերին անհամբեր հայացքով։
Շահյանն իր կողմից նայեց նրան և զգաց, որ հանկարծ փոխվեց իր ուրախ տրամադրությունը։
— Բազենյա՞նը,— արտասանեց նա, հազիվ զսպելով իր մեջ հանկարծ բռնկած նախանձի կիրքը։ — Բազենյանը... Այս րոպեիս նրա մոտ էի։
— Հա-ա՞։ Այս ո՞րտեղ է, որ էլ չի երևում։ Անցյալները, սրանից մոտ մի ամիս առաջ, ճաշին մեր տանն էր։ Խոստացա մի գումար նվիրել գործի օգտին. բայց այն օրվանից է՛լ չերևաց. չգիտեմ ինչն է պատճառը։
«Պատճառը»,— մտածեց Շահյանը և դարձյալ նայեց Եվայի դեմքին։ Տեր աստված, ինչպիսի՜ զայրացնող անհամբեր հետաքրքրություն էր արտահայտում այդ չքնաղ դեմքը...
— Ինչ-որ նամակ էր ստացել,— ասաց նա, աշխատելով կարելույն չափ անտարբեր ձևանալ։— Գրում էին, որ ընկերներից երկսին ինչ-որ դժբախտություն է պատահել և փող էին պահանջում նրանց համար։ Երևի, այդ փողը գտնելու ետևից ընկնելով, ժամանակ չի ունեցել ձեզ այցելելու։
— Զարմանալի է։ Ես ձեզ ասում եմ, որ նրան փող էի խոստացել, ուրեմն ամենից առաջ, կարծում եմ, ինձ մոտ պետք է գար, եթե այդպիսի կարիք ուներ։
Շահյանը հիշեց իր նամակին Բազենյանի գրած պատասխանը, որի մեջ գրում էր, թե Եվայից հեռու մնալու համար վճռել է այդ օրվանից միանգամայն կտրել իր հարաբերությունները Մարությանների հետ, և նրա համար հասկանալի դարձավ, թե ինչու Բազենյանը փողի համար չէր դիմել Մարությանին։ Նա զարմացավ Բազենյանի այդ հաստատակամության վրա և զգաց, որ մի րոպե առաջ իր մեջ դեպի նա բռնկած նախանձի կիրքը չքացավ։
— Սպասեցեք: Ե՞րբ եք ստացել այդ նամակը, որի մեջ գրում են ընկերների դժբախտության մասին և փող են պահանջում,— հարցրեց Մարությանը:
— Այսօր։
— Այսօր։ Ուրեմն կարծում եմ գոնե վաղը կգա մեզ մոտ։
— Չեմ կարծում։
— Ինչո՞ւ։
— Որովհետև... փողն արդեն ճարել է (Շահյանն ուզեց ավելացնել՝ «ես տվի», բայց համեստությունից լռեց այդ մասին) և շուտով գնալու է։
— Հա-ա՞,— բացականչեց Մարությանը և հանկարծ կանգ առավ։— Ա՜յ, այդ վատ բան ասացիք։ Ես վախենում եմ, թե մի գուցե գնա առանց մեզ հանդիպելու։ Հը՞, ի՞նչ եք կարծում:
— Չգիտեմ... շատ կարելի է,— ասաց Շահյանը վարանելով և թեպետ չէր նայում Եվային, բայց զգում էր, որ նա աչքերով ուտում է իրեն։ «Կասկած չկա. սիրում է»,— մտածում էր նա մի տեսակ բութ հուսահատությամբ։
Մարությանը հանկարծ մոտեցավ մերձակա խանութի լուսավորված լուսամուտներին, հանեց ժամացույցը և նայեց։
— Ժամը 8½ է։ Չի՞ լինիլ, որ այս րոպեիս ինքներս գնանք նրա մոտ։ Հը՞, Եվա։
Եվան նայեց հորը։ Շահյանը տեսավ, որ նրա աչքերը վառվում են տարօրինակ վճռականությամբ։
— Գնանք,— ասաց աղջիկը հաստատուն ձայնով։
— Շատ լավ։ Գնանք։ Իսկ դուք, պարոն Շահյան, կգա՞ք մեզ հետ։
— Իզուր եք գնում,— ասաց Շահյանը.— նա այժմ քնած կլինի։
— Ի՞նչ եք ասում, այսպես վա՞ղ։
— Այո, ես, որ գնացի, արդեն պատրաստվում էր քնելու։ Ասաց, որ շատ հոգնած է։
— Է՜,— հուսահատորեն թափահարեց ձեռքը Մարությանը։— Ես զարմանում եմ, ճշմարիտ, ինչո՞ւ էլ չեկավ մեզ մոտ։ Ախր դուք չգիտեք, պարոն Շահյան, բանն ինչումն է։ Երկար ժամանակ է, որ մենք նամակ չունենք մեր որդուց։ Վերջին անգամ, որ Բազենյանը մեր տանն էր ճաշին, ասավ, որ գնալու է այն կողմերը։ Հիմա մենք մտածել ենք, որ նրա ձեռքով մի նամակ ուղարկենք մեր որդուն և ուզում ենք խնդրել, որ եթե աստված մի արասցե, որևէ բան է պատահել նրան, տեղեկություն տա մեզ։ Իսկ դուք ասում եք, թե շուտով գնալու է և հազիվ թե գա մեզ մոտ։ Հիմա ինչպե՞ս անենք, որ տեսնենք նրան։
— Վաղն առավոտ անցիր նրա մոտ, ի՞նչ կա որ,— ասաց Եվան։
— Բանն ա՛յն է, թարսի պես, որ հենց վաղն առավոտ ես ժամանակ չունիմ։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, որ հիմա գնայինք։ Սպասիր, գիտե՞ս ինչպես կանենք։ Պարոն Շահյան, դուք խո վաղը կտեսնե՞ք նրան։
— Չգիտեմ, ճշմարիտ...
— Չէ, անպատճառ տեսեք։ Հատուկ խնդրում եմ, պարոն Շահյան: Եվ ասեք նրան, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Խոստանո՞ւմ եք։
Թեև Շահյանը խոստացավ, որ այդպես կանի, բայց մտքումը վճռեց, որ այլևս երբեք չհանդիպի Բազենյանին։
Ինչքան էլ որ նա հենց սկզբից համոզված էր, և շատ բնական էր համարում, որ Բազենյանի՝ իր խոստման հավատարիմ մնալը, այսինքն՝ Եվայից ընդմիշտ հեռանալը ոչ թե չի թուլացնիլ Եվայի մեջ դեպի նա ծագած սերը, այլ ընդհակառակը, ավելի ուժ կտա այդ սիրույն, այնուամենայնիվ, այն ժամանակ նա գաղտնի, վախկոտ ուրախությամբ պարուրում էր իրեն այն հույսով, թե կարող է պատահել, որ Եվան, եթե ոչ շուտով, գոնե ժամանակի ընթացքում, բոլորովին մոռանա Բազենյանին, և այնուհետև ինքը, Շահյանը, եթե քաջություն ունենա խնդրելու նրա ձեռքը, գուցե նա չմերժի։ Բայց այժմ, տեսնելով Եվայի տենդային դրությունը, միանգամից կորցրեց այդ հույսը։ Նա զգաց առաջին անգամ, որ ինքը շատ կեղծ, նույնիսկ անպատվաբեր դրության մեջ է դրել իրեն Եվայի ու Բազենյանի միջև։ Եվ մինչդեռ մի կես ժամ առաջ հավատացած էր, թե հազար ռուբլին Բազենյանին հանձնելով մաքուր սրտից բխած զոհաբերություն է անում մի շատ բարի գործի համար, այժմ իր սրտի խորքում զազրանքով զգաց, որ այդ զոհաբերությունն իսկապես վարձատրության պես մի բան է եղել այն բանի համար միայն, որ Բազենյանը Եվային զիջել է իրեն։ Այդ միտքն այնքան ծանր եկավ նրան, որ նրան թվաց, թե ինքը վերին աստիճանի անբարոյական մի քայլ է արել, որի համար ամենքը, առավելապես Եվան, գարշանքով պետք է դեմքը շրջեն իրենից...
Շահյանն այլևս քաջություն չունեցավ մնալու Մարությանի և նրա աղջկա մոտ։ Նա օգուտ քաղեց առաջին հարմար դեպքից և կանգ առավ, որ բաժանվի նրանցից։
— Ուրեմն դուք խոստանում եք, որ վաղն անպատճառ կտեսնեք նրան և կասեք, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Հա՞,— հարցրեց Եվան, նայելով նրան այնպիսի հուսահատական-աղերսական հայացքով, որ Շահյանի բարի սիրտը ճմլվեց անհուն խղճահարությամբ։
Այս անգամ Շահյանը հաստատ խոսք տվեց, զգալով, որ անպատճառ պարտավոր է հոր ու աղջկա խնդիրը հայտնել Բազենյանին ոչ թե նրա համար, որ այդ կարևոր էր նրանց, այլ նրա՛ համար, որ այդ անհրաժեշտ էր իրեն, որովհետև զգում էր, որ Եվայի ու Բազենյանի միջև նոր սկսված և իր պատճառով խզված սրտագին հարաբերությունները նորոգելով միայն կարելի է սրբել այն գարշելի կեղտը, որ սպառնում էր առ միշտ ծանրանալ իր խղճի վրա Բազենյանին տված հազար ռուբլու բուն շարժառիթի գիտակցությունից...
Հետևյալ օրը Շահյանը գնաց Բազենյանի մոտ։
Այն միջոցին, երբ ուզում էր բանալ ընկերոջ սենյակի դուռը, ներսից ինչ-որ տաք խոսակցության ձայներ լսեց։ Լսվում էր իրեն՝ Բազենյանի ձայնը և մի ինչ-որ կանացի ձայն. առաջինը խոսում էր բարկացած, երկրորդը՝ հանդիմանությամբ և լացագին։ Շահյանն ականջ դրեց մի րոպե միայն և հեռացավ։ Նա անցավ հյուրանոցի միջանցքի ծայրը և շուռ եկավ, որ ետ դառնա, երբ նույն րոպեին Բազենյանի սենյակից դուրս եկավ մի հաղթանդամ կին։ Շահյանն իսկույն ճանաչեց նրան։ Դա պանի Զդանևիչն էր։ Շահյանը չկամեցավ, որ նա տեսնի իրեն, և ծռվեց անկյան միջանցքը։ Պատի ետևից ծածուկ նայելով տեսավ, թե ինչպես պանի Զդանևիչը, գլուխը հպարտորեն բարձր բռնած, անցավ գլխավոր միջանցքով և իջավ սանդուղքներով դեպի դուրս։ Շահյանը սպասում էր, որ Բազենյանն էլ դուրս կգա սենյակից, բայց Բազենյանը չերևաց։
Այդ դեպքը շատ տարօրինակ թվաց Շահյանին։ Նա ամենևին չէր սպասում, թե Բազենյանի մոտ եղած կինը պանի Զդանևիչը կլինի և նա այդ կնոջ հետ կլինի այնպես բարկացած խոսելիս։ Բայց ի՞նչ կապ կար նրանց միջև... Շահյանի մեջ նորից զարթնեց Բազենյանի և լեհացի կնոջ փոխադարձ հարաբերության վերաբերյալ այն կարծիքը, որ ծագել էր նրա մեջ դեռևս «Միխայլովո» կայարանում, ուր առաջին անգամ հանդիպել էր նրանց իրար հետ աշնան սկզբին, երբ ինքը Բաթումից վերադառնում էր Թիֆլիս։
Նա չէր իմանում, այդ դեպքից հետո հարմա՞ր էր արդյոք, որ մտնի Բազենյանի մոտ։ Համենայն դեպս երկար ժամանակ սպասեց, հետո դուրս եկավ թաքստի տեղից և դիմեց դեպի ընկերոջ սենյակը։
Երբ նա մտավ, Բազենյանը ջղային արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակում։ Բարկությունից նրա դեմքը ձգձգվում էր, աչքերը չար արտահայտություն էին ստացել։
Շահյանը վճռել էր ցույց տալ, թե ոչինչ չգիտեր և ոչինչ չի տեսնում. բայց Բազենյանի դրությունն այն աստիճան արտասովոր երևաց նրան, որ չկարողացավ չհարցնել.
— Ի՞նչ է պատահել. դու բարկացած ես երևում:
— Դատարկ բան է։ Անախորժ լուր ստացա դրանից է,— ասաց Բազենյանը, աշխատելով իրեն տիրապետել։— Նստիր, խնդրեմ: Լավ է, որ եկար։ Այս րոպեիս ինքս էի ուզում գալ քեզ մոտ մի շատ կարևոր գործի համար։
— Ի՞նչ կա,— հարցրեց Շահյանը, զարմացած նայելով նրա արտասովոր դեմքին։
Բազենյանը պատասխանելու տեղ ծոցից մի նամակ հանեց և տվեց նրան, որ կարդա։
Շահյանը կարդաց լուռ։ Նամակը Մարությանից էր, որը թախանձագին խնդրում էր Բազենյանին մեկնելուց առաջ հանդիպել իրենց և հիշեցնում էր իր խոստացած նվիրաբերությունը։ Ներքևը Եվան ավելացնում էր՝ «Ես ևս աղաչում եմ։ Չափազանց կպարտավորեցնեք»։
— Ես էլ հենց այս բանի համար եմ եկել,— ասաց Շահյանը, նամակը վերադարձնելով։
— Ինչպե՞ս թե այս բանի համար,— զարմացավ Բազենյանը:
— Երեկ գիշեր, որ քեզանից հեռացա, հայր ու աղջիկ հանդիպեցին ինձ փողոցում։ Մարությանը խնդրեց քեզ ասելու, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպես իրենց, որովհետև ուզում են նամակ տալ քեզ, որ տանես իր որդուն։ Եվան էլ շատ խնդրեց,— ավելացրեց Շահյանը միանգամայն անտարբեր եղանակով։
Բազենյանը ոչինչ չասաց։ Նա հոնքերը կիտեց և սկսեց նորից անցուդարձ անել սենյակում մտախոհ և մռայլ։ Հետո հանկարծ կանգ առավ Շահյանի առաջ և շատ լուրջ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին։
— Լսիր, Լևոն։ Ես, որ ուզում էի գալ քեզ մոտ, այդ բանի համար էի ուզում գալ, որ խոսեմ քեզ հետ։ Լսիր, ինչ եմ ասում և պատասխանիր ինձ անկեղծ կերպով։ Դու ինձ իրավունք տալի՞ս ես, որ գնամ Մարությանների մոտ։
Շահյանն ապշեց։
— Ինչպե՞ս թե՝ իրավունք...
— Ներողություն, այդ չէի ուզում ասել։ Ուղում էի ասել, թե անախորժ չի՞ լինի քեզ համար, որ գնամ...
— Ի սեր աստծո, Սուրեն, այդ մասին ավելորդ է խոսելը,— ընդհատեց նրան Շահյանը փոքր-ինչ նեղացած։— Եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրքը հայտնեմ քեզ։ Դու ազատ ես. ինչ ուզում ես և ինչպես ուզում ես՝ արա։ Ես ոչ իրավունք և ոչ ցանկություն ունիմ խառնվելու: Կարող եմ քեզ հավատացնել, որ ես վճռել եմ բոլորովին հեռու մնալ։ Իմ մասին ամենևին մի մտածիր, խնդրեմ։
Բազենյանը մի րոպե տխուր նայեց Շահյանի աչքերին։
— Բայց և այնպես, դու նեղանում ես, Լևոն։
Շահյանն ուսերը վեր քաշեց և հանգիստ հեռացավ նրանից։
— Այսօր կամ վաղը ես գնում եմ,— կարճ լռությունից հետո ասաց Բազենյանը,— և գուցե այլևս երբեք չտեսնենք իրար։ Ուզում եմ, որ ինչպես մտերմական անկեղծությամբ, եղբայրական սիրով մոտեցանք իրար, այնպես էլ բաժանվենք իրարից։ Դրա՛ համար է, որ հարցնում եմ, թե անախորժ չի՞ լինիլ քեզ համար, որ գնամ Մարությանների մոտ։ Եթե գիտենամ...
Շահյանն անհամբերությամբ մի խիստ շարժում գործեց։ Այս անգամ ընկերոջ ամեն մի խոսքը կեղծավորություն և քսություն էր թվում նրան։
— Դու դարձյալ ստիպում ես ինձ կրկնելու,— ասաց նա հանգիստ ձայնով, բայց ամեն մի բառը շեշտելով,— որ՝ եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս իմ ոտով չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրը հայտնեմ քեզ... մանավանդ որ առանձնապես խնդրողը... Եվան էր։
— Ա՛խ, այդ բանն ես վերագրում եմ քո չափազանց ազնվությանը, և,— ներիր խնդրում եմ,— քո թույլ կամքին, Լևոն,— բացականչեց Բազենյանը։— Հայր ու աղջիկ քեզ մի հանձնարարություն են արել, առանց հասկանալու, թե որքան ծանր պետք է լինի քեզ համար այդ հանձնարարության կատարումը, և դու քաջություն չես ունեցել մերժելու, և կատարել ես, բայց կատարել ես,— մի՞թե չեմ տեսնում,— սիրտդ սեղմելով... Լևո՛ն, ինձ գրած նամակիդ մեջ խնդրում էիր, որ անկեղծ լինեմ քեզ հետ։ Այժմ ես նույնը պետք է խնդրեմ քեզ։ Աղաչում եմ, ոչինչ մի ծածկիր ինձնից, ինչպես տեսնում ես, ինքս ոչինչ չեմ ծածկում քեզնից։ Եթե առանց քաշվելու, անկեղծորեն ասես ինձ, որ Մարությանների մոտ գնալս սրտովդ չի լինի, հավատացնում եմ քեզ, մեր եղրայրությունը վկա, Լևոն, հենց այսօր, հենց այս րոպեիս ես կհեռանամ, կգնամ, ինչքան էլ որ ծանր լինի ինձ համար այն գիտակցությունը, թե Մարությանները շատ դժգոհ և զարմացած պիտի մնան իմ վարմունքից, որը, իհարկե, անհասկանալի կմնա նրանց համար։ Տեսնում եմ, որ խոսքերս քեզ վրա բռնություն գործ դնելու տպավորություն են թողնում։ Բայց այս էլ ի նկատի ունեցիր, Լևոն, որ այս գործն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան թե քեզ համար։ Եթե ես այսպես, գրեթե բռնանալով, թախանձում եմ քեզ, որ անկեղծ լինես ինձ հետ, այդ անում եմ,— ինչու՞ ճիշտը չասեմ,— այդ անում եմ ոչ այնքան նրա համար, որ չեմ ուզում քեզ տհաճություն պատճառած լինել, որքան նրա՛ համար, որ... Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Դու, անշուշտ, ուշադրության առար այն մի քանի խոսքը, որ ավելացրել է. Եվան հոր նամակի տակ։ Այդ մի քանի խոսքն ինձ համար մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ տրագեդիա։ Նամակդ ստանալուցս հետո, գրեթե մի ամիս, ես խուսափել եմ Մարությաններից, որպեսզի չտեսնեմ Եվային քեզ հայտնի պատճառով։ Բայց այժմ նա ուղղակի ինքն է հրավիրում ինձ։ Ի՞նչ անեմ։ Գնա՞մ։ Ուզում եմ գնալ, սիրտս ձգտում է գնալ, բայց չպետք է գնամ, որովհետև զգում եմ, որ այս այցը ճակատագրական նշանակություն պիտի ունենա ինձ համար. զգում եմ, որ եթե մի անգամ էլ տեսնեմ Եվային, կամքս սաստիկ պիտի թուլանա, և այն ժամանակ ես կորած եմ, կորած այն գործի համար, որին ուխտել եմ ծառայել անձնական ամեն երջանկություն մոռացած... Ահա սրա՛ համար եմ ուզում, որ գոնե դու պատրվակ դառնաս, որպեսզի չտեսնեմ Եվային և հեռանամ, գնամ այստեղից։ Փրկիր ինձ այս գայթակղությունից, աղաչում եմ քեզ, Լևոն։ Ուղղակի արգելիր ինձ Մարությանների մոտ գնալ։ Արա այս բանը եթե ոչ նրա համար, որ դու ևս սիրում ես Եվային, գեթ ի սեր այն մեծ գործի, որին ես ծառայում եմ... Լսո՞ւմ ես, Լևոն, ի՛նչ եմ խնդրում քեզ։
Եվ Բազենյանը նայեց Շահյանին այնպիսի հուսահատական աղերսանքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը։
Սակայն Շահյանը կանգնած էր շատ սառն և անտարբեր և զարմանում էր, թե ինչպես նա չի նկատում, որ ինքը չի հավատում նրա խոսքերին և նրա վարմունքը համարում է պարզապես մի դերասանություն, որը ոչ մի նպատակ չունի, բացի միայն այն բանից, որ սիրաշահե իր սիրտն իրենից ստացած հազար ռուբլու փոխարեն։ Շահյանն առանց այդ էլ գարշում էր, երբ մտածում էր, որ այդ գումարը տվել էր Բազենյանին այն բանի համար, որ նա Եվային զիջել էր իրեն. իսկ այժմ ավելի ևս գարշեց, տեսնելով, որ Բազենյանն էլ ուրիշ նպատակով չէր ընդունել այդ փողը և այժմ սոփեստություններով աշխատում էր ծածկել այդ նպատակը։
— Դու ինքդ էլ գիտես, որ... անմիտ բան ես խնդրում ինձնից,— ասաց նա, ուրիշ ավելի մեղմ բառ չգտնելով «անմիտ» բառի տեղ։— Ինչպե՞ս կարող եմ արգելել, որ Մարությանների տուն չգնաս։ Ուզում ես՝ գնա, ուզում ես՝ չէ։ Իսկ ինձ, խնդրում եմ, ազատ պահիր այս բանից։
Սառն եղանակով արտասանված այդ հատու խոսքերն, ըստ երևույթին, անսպասելի էին Բազենյանի համար, որովհետև նա շատ զարմացավ։
— Սպասիր, Լևոն։ Այդ ինչպե՞ս ես խոսում։ Չլինի՞ թե որևէ վիրավորական բան ասացի։ Հա՞։
— Վիրավորական ոչինչ չես ասել ինձ, միայն թե... ես չեմ հասկանում քեզ,— ասաց Շահյանր, աշխատելով խուսափել Բազենյանի սրաթափանց հայացքից և զգալով, որ պատրաստ է ճշմարտությունը նետելու նրա երեսին։
— Այսինքն ի՞նչ չես հասկանում։
— Օրինակ... առաջ իրավունք էիր խնդրում ինձնից, որ գնաս Մարությանների մոտ, իսկ հիմա խնդրում ես, որ արգելեմ... Ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից հանկարծ այդպիսի մի իշխանություն ձեռք բերի քեզ համար...
— Ինչ ասացի՞ր... իշխանությո՞ւն,— արագորեն հարցրեց Բազենյանը, կարծես կայծակնահար եղած այն մտքից, որ հանկարծ ծագեց իր գլխում։— Ա՜, ուրեմն այն փողը, որ երեկ գիշեր...
Նա ձեռքը պինդ խփեց ճակատին, մատներով հուպ տվեց քունքերը և, կարծես ներքին մի սուր ցավի խայթոցից, աչքերը փակեց։ Մի րոպե այդպես մնալուց հետո ձեռքը հանկարծ հեռացրեց ճակատից, շտապով ետ արեց սյուրտուկի կոճակները, ծոցի գրպանից հանեց նախորդ գիշերը Շահյանի տված ծրարը և հաստատուն ձեռքով դրեց նրա առաջ, սեղանի վրա։
— Որպեսզի չկարծես, թե այդպիսի մի իշխանություն տվել եմ քեզ այս հազար ռուբլու փոխարեն, խնդրեմ, ետ վերցրու,— ասաց նա Շահյանի համար սպանիչ հանգստությամբ:
Շահյանը տեղնուտեղը ցամաքեց։
— Սուրեն,— շշնջաց նա։
— Չէ՛, չէ՛,— խնդրում եմ,— եռանդով ընդհատեց նրան Բազենյանը և ծրարը քշեց նրա կողմը։— Ես կատակ անել չեմ սիրում։
— Ախր ես... այդպիսի բան չասացի...
— Ա՛խ, այդ միևնույն է։ Ինձ համար մի բառն էլ, մի ամենաթեթև ակնարկն էլ բավական էր։ Իմ մասին ամեն բան կարող ես կարծել. բայց, որ կարծել ես, թե հիմար եմ, սխալվել ես։ Այս փողը, որ տվիր ինձ երեկ գիշեր, վերադարձնում եմ քեզ ամբողջությամբ։ Ուրիշ հնար չկա, ուրիշ հնար չեմ տեսնում վարվելու քո կասկածը լսելուց հետո...
— Սուրեն, մի՞թե չես նկատում, որ մորթում ես ինձ քո խոսքերով,— հառաչեց Շահյանը։
— Բայց դու ավելի առաջ մորթեցիր ինձ,— նկատեց Բազենյանը անողոք խստությամբ։— Ինչպե՞ս,— սկսեց տաքանալ նա։— Ուրեմն ես օգուտ եմ քաղել այն բանից, որ դու անտարբեր չես դեպի Եվան, իսկ Եվան անտարբեր չէ դեպի ինձ։ Ուրեմն ես կարողացել եմ շահագործել ձեր երկուսիդ զգացմունքներն էլ։ Ուրեմն, ավելի պարզ ասած, Եվային ես կամեցել եմ ծախե՜լ քեզ փողով... Գեթ մի րոպե, մի վայրկյան մտածե՞լ ես, թե ի՞նչ հրեշավոր կասկած է այդ... Այս փողը պիտի ուղարկեի այսօր, և ի՞նչ լավ է, որ դեռ չեմ ուղարկել, թե չէ՝ խո կգժվեի... Եթե դու այդպիսի մի հրեշավոր կասկած տարել ես իմ մասին, ուրեմն ի՞նչ զարմանք, որ այն էլ կարծած լինիս, թե ես քեզ խաբել եմ, թե ընկերներիս սև մատնության զոհ գնալը հնարել եմ, թե այս փողը նրանց փրկության համար չէ, այլ շորթել եմ քեզնից իմ անձիս համար... Օ՜, ինչպես հոգիս չէր խաբում ինձ, ինչպե՜ս չէր խաբում...
Եվ Բազենյանը նստեց, ըստ երևույթին, զորեղապես հուզված և գլուխն առավ ձեռքերի մեջ։
Շահյանը կանգնած էր գունատ ու կարմրած և նայում էր Բազենյանին սարսափով։
— Սուրեն,— թոթովեց նա,— ինչո՞վ կարող եմ համոզել քեզ, որ սխալվում ես...
— Ո՛չ մի բանով,— աղաղակեց Բազենյանը և վեր թռավ տեղից, աչքերը փայլեցնելով։ Նա վերցրեց սեղանի վրա դրված մի բաժակ, ուժգին թափով զարկեց հատակին և փշրեց։— Միացրու այս կտորտանքը, խնդրեմ, ամբողջացրու այս բաժակը, եթե կարող ես։ Այսպես փշրեցիր դու իմ սիրտը։ Ես քեզ այնքան սիրում, այնպիսի ջերմ փափագով ուզում էի վերադարձնել քեզ քո խնդրած հոգու անդորրությունը, որ պատրաստ էի զոհելու իմ ամենալավ, իմ ամենաքնքուշ զգացումները. մինչդեռ ի՜նչ արիր դու ինձ, ի՜նչ բացատրություն կամեցար տալ իմ այդ անկաշառ ձգտումին... Եվ այդ բոլորն այս չարաբաստիկ, այս ատելի փողի պատճառով։ Ե՛տ վերցրու, ե՛տ վերցրու, խնդրում եմ, այս փողը, և թող այլևս ոչ մի խոսք չլինի մեր միջև Եվայի մասին։ Ես այժմ գիտեմ, թե ինչ կանեմ, և կապացուցեմ քեզ, որ ես, այնուամենայնիվ, գիտեմ կատարել իմ ընկերական պարտքը...
Եվ, որովհետև Շահյանը մոտենալ անգամ չկամեցավ սեղանի վրա գրված փողի ծրարին, Բազենյանը վերցրեց այն և զոռով ուզեց դնել նրա ձեռքը։ Շահյանը ձեռքերը ետևը տարավ և ետուետ քաշվեց։ Ծրարն ընկավ հատակի վրա։
— Վերցրու, թե չէ՝ վառարանը կգցեմ,— սպառնաց Բազենյանը։
— Գցիր, բայց չեմ վերցնիլ։
— Որպեսզի ինձ միանգամա՞յն ստորացրած լինես,— հարցրեց Բազենյանը չարագուշակ հանգստությամբ, նայելով նրան հոնքերի տակից։
— Ո՛չ, որպեսզի ապացուցեմ, որ դու... անարդար ես,— եռանդով վրա բերեց Շահյանը:
Բազենյանն այլևս ոչինչ չասաց, նույն չարագուշակ հանգստությամբ կռացավ, վերցրեց փողի ծրարը և վճռական քայլերով դիմեց դեպի վառարանը, որի մեջ ճրթճրթում էր կրակը։
Նույն միջոցին Շահյանն առավ գլխարկը և դուրս փախավ սենյակից:
Երբ նա արդեն փողոցումն էր և քայլում էր սառած ձյունի վրա, նոր նկատեց, որ կրկնակոշիկները թողել է հյուրանոցում։ Բայց ուշադրություն չդարձրեց այդ բանին և շշմած շարունակ կրկնում էր մեքենայաբար. «Մի՞թե սխաչվեցի, մի՞թե սխալվեցի...»։ Այժմ չէր հիշում, թե ինչ ասաց իսկապես, որ Բազենյանն այնպիսի թափանցողությամբ հասկացավ իր ներքինը և ջախջախեց իրեն այնպիսի անողոք խստությամբ։ «Անկարելի է, որ այդ էլ դերասանություն լիներ»,— մտածում էր նա, մտապատկերելով փողի ծրարն այնպիսի համառությամբ վերադարձնելու տեսարանը։
Վերջին օրերը Եվան շատ անսիրտ և անկանոն կերպով էր պարապում ընկերուհիների հետ։ Մի-երկու անգամ նույնիսկ հիվանդ ձևացավ և չընդունեց նրանց։ Մինչդեռ գործին սկզբում կպել էր իր առաքինությանը հավատացող մոլեռանդ միսիոների եռանդով։ Անընդհատ զրույց ու ծիծաղ սիրող, մշտատև շարժունության ու աղմուկի պետք զգացող այդ աշխույժ, այդ անհանգիստ աղջիկն այժմ դարձել էր լռակյաց, մենակյաց, անհամբեր և ջղային։ Հոր սովորական կատակները նրան անտանելի էին թվում. իսկ երբ մայրը հոգացողությամբ հարցնում էր նրան, թե ինչ է պատահել, քիչ էր մնում լաց լիներ բարկությունից։ Ինչ-որ տենդային անհանգստություն էր տիրել նրան։ Տանը ոչ մի բանի վրա սիրտ չուներ. որևէ գործ կատարելիս ձգում էր կիսատ։ Աշխենին գրելիք մի նամակ մի երես չգրած՝ պատռեց դեն ձգեց։ Երեկոները նրա ականջը շարունակ դռան կողմն էր, և ամեն անգամ, երբ լսում էր դռան զանգի ձայնը, նրա սիրտը թրթռում էր ցնցողաբար։ Նրա մտքերը, հակալ-հակալ ընկած հավերի նման, թռչում էին առարկայից առարկա և ոչ մի բանի վրա չէին կարողանում կանգ առնել։
Չափից դուրս տպավորվող բնավորություն ունենալով, Եվայի վրա միշտ խոր ազդեցություն էր ունենում առհասարակ այն ամենը, ինչ որ այսպես թե այնպես, ավելի կամ պակաս հերոսության կնիք էր կրում։ Իր հեռացած եղբորը պաշտում էր ոչ այնքան նրա համար, որ նրա քույրն էր, որքան նրա համար, որ Արմենակի մեջ հերոս էր տեսնում։ Եթե այնքան սիրում էր հորեղբոր աղջկան, պատկառում էր նրանից, այդ միայն նրա՛ համար, որ Աշխենը կամքի այնպիսի ուժ, հոգու ամրություն և կատարյալ անձնուրացություն էր ցույց տալիս։ Իր չափազանց վառ երևակայությամբ Եվան արտասովոր իրականին միշտ իդեալական գույն էր տալիս։ Ամեն ինչ, որ վեհ էր, կրկնակի մեծություն էր ստանում նրա աչքում։ Բավական էր մի չնչին տպավորություն, այնուհետև երևակայությունն իր գործն էր տեսնում. ինչպես սերմը պարարտ հողի մեջ, այդ տպավորությունն աճում, զարգանում էր նրա հոգու մեջ արագորեն և կլանում նրա ամբողջ էությունը։
Այդ պատճառով, ահա, նա զերծ չէր մնացել Բազենյանի զորեղ ազդեցությունից։ Այդ ազդեցության սաղմն ընկել էր նրա հոգու մեջ, անշուշտ, այն օրից, երբ Բազենյանն ազատեց նրա փոքրիկ եղբորը կառքի կատաղած ձիերի ոտների տակ ջարդվելուց, և այնուհետև աճել, զարգացել էր այն օրից, երբ ծանոթացավ այդ անվեհեր երիտասարդի հետ։ Առաջին անգամն էր, որ նրա կուսական սիրտն սկսել էր բաբախել սիրո քաղցրատենչ զգացումով։ Եվ թեպետ, ինչպես առհասարակ լինում է անդրանիկ սիրո գիտակցության առաջին օրերին, նա մի կողմից բնազդական անհասկանալի վախկոտությամբ ուզում էր չճանաչել այդ նոր զգացումը, կարծես այդ մի հանցանք լիներ,— այնուամենայնիվ, մյուս կողմից, երջանիկ ինքնամոռացությամբ, գողունի քաղցրությամբ շոյում, փայփայում էր իր հոգու խորքում այդ նոր զգացումը, կարծես անգին մի գյուտ լիներ այդ, որի կորուստն անտանելի վիշտ պիտի պատճառեր իրեն։
Եվ այդ վիշտը, ավելի՝ քան կարծում էր, զգաց նա, երբ Շահյանից անսպասելի կերպով տեղեկացավ, որ Բազենյանը շուտով մեկնելու է։ Գրեթե մի ամիս էր, որ չէր տեսել Բազենյանին, և այդ բանը առանց այն էլ մեծ կարոտ էր հարցուցել նրա մեջ. իսկ այժմ նրան թվաց, թե այլևս երբե՛ք տեսնելու չէ իր սիրած երիտասարդին։
Այդ գիշեր քնել չկարողացավ և իսկապես այդ օրվանից զգաց, թե ո՛ր աստիճան գերել է Բազենյանն իր սիրտը։ Հետևյալ առավոտյան չկարողացավ զսպել իրեն և հոր կողմից Բազենյանին գրած հրավիրատոմսի տակ ավելացրեց այն մի քանի խոսքը, որ կարդաց Շահյանը Բազենյանի մոտ գնացած ժամանակ։ Բայց որքան մեծ եղավ նրա հուսահատությունը, երբ այդ օրը ոչ Բազենյանն եկավ և ոչ որևէ պատասխան ստացվեց նրանից։ Սակայն ճաշին տուն եկած ժամանակ հայրը լուր բերեց, թե փողոցում հանդիպել է Բազենյանին։ Բազենյանը շատ ներողություն է խնդրել, ասել է, որ մի շաբաթ դարձյալ Թիֆլիսումն է, որ չափազանց զբաղված է և անպատճառ կայցելի, հենց որ ազատ ժամանակ գտնի։
Այնուհետև անցավ դարձյալ մի երկու օր Եվայի համար անտանելի սպասողական դրության մեջ։
Բազենյանն այցելեց չորրորդ օրը, կեսօրից առաջ։ Մարության ամուսինները տանը չէին։ Փոքրիկ Սուրենը մանկապարտեզումն էր։ Եվան մնացել էր մենակ և փակված էր իր սենյակում։ Այդ ժամին նա ամենևին չէր սպասում Բազենյանին, այնպես որ, երբ աղախինը մտավ և հայտնեց հյուրի գալուստը, նա գունատվեց և սրտի հանկարծական ուժգին բաբախումից քիչ մնաց ուշագնաց լիներ։
Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ տիրապետել իրեն։ նա վճռեց բոլորովին հանգիստ պահել իրեն և նախապես զգաց, որ անկարող է։ Մինչև այժմ նրա բոլոր ցանկությունն այն էր, որ գեթ մի անգամ էլ տեսնի Բազենյանին, խոսի նրա հետ. այժմ գիտեր, որ այնտեղ, հյուրասենյակում, սպասում է իրեն իր ցանկալի երիտասարդը. սակայն ոչ մի ժամանակ այնպիսի անվստահություն, այնպիսի վախկոտություն չէր զգացել, ինչպես այժմ, երբ արդեն իր ցանկությունը կատարված տեսնելու համար մնում էր, որ մտնի հյուրասենյակ։ Համ ուզում էր մտնել, համ չէ։ Զգում էր, որ թե վախենում և թե ամաչում է Բազենյանից։ Թվում էր նրան, թե Բազենյանն արդեն ամեն բան գիտե կամ իրեն տեսնելուն պես ամեն բան պիտի հասկանա, և այդ կասկածը կաշկանդում էր նրան։ Նա փափագեց, որ հայրը կամ մայրը լինեին, որ ինքը մենակ չմնար Բազենյանի հետ։ Նրան թվում էր, թե այնտեղ, հյուրասենյակում, սպասողն իր ծանոթ Բազենյանը չէ, այն Բազենյանը, որի հետ խոսել, վիճաբանել, նույնիսկ կատակներ է արել, այլ — միանգամայն անծանոթ մի մարդ, ահարկու մի իշխանավոր, որի մի հատիկ խոսքից է կախված իր բախտը, իր ապագան, իր ամբողջ կյանքը։
Նա ձեռքերով կամաց շփեց դեմքը, մազերը շտկեց, կամաց, կարծես չկամենալով, վեր կացավ և դուրս գնաց, զգալով, որ սիրտը նորից սկսել է բաբախել արագորեն։
Հյուրասենյակում Բազենյանը կանգնած էր լուսամուտի առաջ և մտազբաղ հայացքով նայում էր դեպի դուրս։ Վնասված ձեռքը տրագիկական հանգստությամբ հանգչում էր վզովը կախ արած սև շորի մեջ։ Դռան բացվելու վրա, կարծես, հանկարծ սթափվեց իր մտահոգությունից և, արագ շուռ գալով, առաջ շտապեց դեպի Եվան։
Եվան կանգ առավ և ձեռքը լուռ մեկնեց նրան։
Բազենյանը սեղմեց ձախ ձեռքով։
— Ա՜խ, ինչ անհարմար է այսպես,— կամաց արտասանեց Եվան և թույլ կերպով ժպտաց.— ես աջ, դուք ձախ...
Բազենյանը ոչինչ չասաց և գլուխը, հայտնի չէ ինչու, թեթև խոնարհեց։ Լրջությունը չէր հեռանում նրա դեմքից։
Եվայի անձկալի հայացքն անվստահորեն թռավ նրա կարճ խուզած սևաթույր մազերի վրայով։
— Ներեցեք, գուցե ձեզ սպասեցնել տվի,— ասաց նա։— Բայց ես փոքր-ինչ տկար եմ...
— Այդ ես տեսնում եմ,— կամաց արտասանեց Բազենյանը, տխուր-մտախոհ հայաքցով նայելով նրա դժգույն և բավական նիհարած դեմքին։— Եվ, ներեցեք, գուցե ես անհարմար ժամանակ եմ եկել,— ավելացրեց նա։
— Ո՛չ, ո՛չ։ Ընդհակառակը։ Խնդրեմ նստեցեք։ Այսօր բոլորովին մենակ եմ մնացել տանը։ Լավ է, որ եկել եք։ Փոքր-ինչ կխոսենք,— իր համար անսպասելի ազատությամբ շարեց իրար ետևից Եվան և նստեց բազկաթոռի վրա։
Բազենյանը նույնպես նստեց, բայց նրանից բավական հեռու: Նրա բոլոր շարժումների մեջ տարօրինակ զգաստություն և լրջություն էր նկատվում։
— Քանի օր է, մենք ձեզ սպասում էինք։ Ինչո՞ւ չէիք գալիս,— հարցրեց Եվան։
— Անցյալ օր պատճառը հայտնեցի ձեր հորը։ Երկու ընկերներիս պատահած դժբախտությունն ինձ միանգամայն խառնել էր։ Բանն այն է, որ ես էլ վտանգից ազատ չէի... Բայց այժմ, փառք աստծո, վտանգն անցած կարելի է համարել։
Եվան ուզում էր հարցնել, թե այդ ինչ վտանգ էր, բայց զարմանքով տեսնում էր, որ այլևս չի տիրապետում իրեն այնպես ազատ, ինչպես պարահանդեսի գիշերը ժողովարանի սրահում Բազենյանի հետ խոսելիս։ Նրան շփոթում էր Բազենյանի աչքերի մեջ նկատվող տխուր մտահոգությունը և այն զգաստ-հանգարտ եղանակը, որով խոսում էր նա։ Եվայի ուշադրությունից չէր վրիպել և այն հանգամանքը, որ Բազենյանը նստել էր բավական հեռու։
— Դուք ուզում էիք նամակ տալ ինձ ձեր եղբորը տանելու,— ասաց Բազենյանը։— Այժմ եկել եմ դրա համար, որովհետև այս օրերս գնալու եմ։
— Գնալո՞ւ եք,— մեքենայաբար հարցրեց Եվան։
— Ինձ հրամայված է ճանապարհվել վաղը։ Բայց եթե վաղը չկարողացա,— մի գործ կա, որ դեռ չեմ վերջացրել,— մյուս օրն անպատճառ կճանապարհվեմ։ Նամակը պատրա՞ստ է։
— Նամա՞կ... Նամակը...— արտասանեց Եվան, զգալով, ոտ մտքերը խառնվում են գլխում, որ ինքն այդ միջոցին ամենևին չի հետաքրքրվում նամակով, որ ինքն ուրիշ բան ունի ասելու, որ այդ բանն ահագին կարևորություն ունի իր համար։ Նա գիտեր, թե ինչ բան էր այդ, բայց չգիտեր, թե ինչպես պիտի արտահայտեր։ Բազենյանի տարօրինակ լրջությունն ու վճռականությունը պարզապես շփոթել էին նրան։ Նրա սիրտը պատռվում էր, որ Բազենյանն իր հեռանալու մասին խոսում Էր այնքան անփույթ կերպով։ Նրան թվում էր, թե Բազենյանը, իր առաջ նստած, հետզհետե հեռանում, անմատչելի է դառնում իրեն և շրջապատվում է ինչ-որ վեհ, ինչ-որ խորհրդավոր մշուշով, որի մեջ հանկարծ պիտի չքանա անհետ, իր տեղ թողնելով իր սիրելի, իր անձկալի և անշոշափելի ուրվականը միայն...
Եվան հուսահատական մի շարժում գործեց և ձեռքով և սկսեց շփել ծնկները ջղաձգաբար։— Սպասեցեք,— ասաց նա, աշխատելով բռնի տիրապետել իրեն։— Մի՞թե դուք այլևս չեք հանդիպելու մեզ։
— Հազիվ թե կարողանամ, օրիորդ։
— Ուրեմն... Ուրեմն այս մեր վերջի՞ն տեսակցությունն է։
— Ես կարծում եմ։
Եվան այլևս չհասկացավ, թե ինչ է պատահում իրեն։ Նրա գլուխը կարծես պտտվում էր տենդով բռնվածի պես։ Մի բան ալեկոծում էր նրա ներսն ուժգնորեն և, կարծես, ուզում էր հանկարծ դուրս ժայթքել։ Սաստիկ անհանգիստ, վեր կացավ, նստեց մի ուրիշ աթոռի վրա, մեջքը լուսամուտի կողմն անելով, և սկսեց աջ ձեռքով պինդ շփել ծնկան վրա դրած ձախ ձեռքի երեսը։ Նրա դեմքն այժմ գտնվում էր ետևից ներս թափանցող լույսի հակառակ կողմը, կիսախավարի մեջ։ Մազերը սանրած էր դեպի վերև և հավաքած գագաթի վրա, որից արտաքուստ ավելի հասակավոր կնոջ էր նմանում, քան նորատի մի աղջկա։ Հրաշալի անբիծ սպիտակությամբ փայլում էր նրա երկայն վիզը, որ լիքը նստվածքով բարձրանում էր մոխրագույն հագուստի օձիքի միջից և այնտեղ, ուր մտնում էր մազերի մեջ, թուխ թավշի գույն ուներ։
— Իսկ այնտեղից... Ե՞րբ եք վերադառնալու,— հարցրեց նա, ահագին ջանք գործ դնելով, որ խոսքի թելը չկորցնի։
Բազենյանը ժպտաց։
— Դեռևս հարց է, օրիորդ, թե այլևս կվերադառնա՞մ արդյոք,— ասաց նա մելամաղձորեն։
— Ինչպե՞ս...
— Կրակի մեջ նետվողը կարո՞ղ է ասել, թե դուրս կգա այնտեղից ողջ և անվնաս...
Եվան ցնցվեց, և նրա հայացքը քարացավ Բազենյանի տխրորեն ժպտող աչքերի մեջ։
— Սպասեցեք... Ես ձեզ հասկանում եմ... Ուրեմն...
— Ուրեմն էլ ի՞նչ։ Նա, ով իր անձը նվիրում է այսպիսի մի գործի, չի կարող երաշխավորել իր վաղվա կյանքի համար,— վրա բերեց Բազենյանը շատ անփույթ կերպով, հետո հանկարծ վեր կացավ և ջղուտ քայլերով սկսեց անցուդարձ անել փափուկ գորգերի վրա։— Բայց մի բան ինձ սաստիկ զարմացնում է,— ասաց նա իրենից դժգոհ մարդու եղանակով։— Վերջին օրերս զարմանալի մելամաղձություն է տիրել ինձ, հակառակ կամքիս։ Ես նախապաշարումներ չեմ ճանաչում և առավել ևս հեռու եմ միստիկականությունից։ Բայց, չգիտեմ ինչու, վերջին օրերս, կարծես, համ նախապաշարված եմ դարձել, համ միստիկ։ Աջ աչքս շարունակ խաղում է. ասում են՝ դա մահվան նշան է... Երեկ էլ մի երազ տեսա. ինչ-որ սև ու տձև ոգիներ, ագռավների նման, իջել էին մի մարդու դիակի վրա և չգիտես՝ հոշոտո՞ւմ էին, թե զմռսում... Իսկ նրանց գլխին, վերևում, օդի մեջ սավառնում էին, միշտ միևնույն շրջանակի մեջ պտտվելով, ուրիշ ոգիներ փոքրիկ ձյունափայլ թևերով և երգում էին զարմանալի ներդաշնակ մի երգ, որից ես հիշում եմ այս խոսքերը միայն. «Արյունը կարմիր, արյունը կարմիր միշտ սրբանում է, երբ թափվում է»։
Բազենյանը նայեց Եվային և կամաց ծիծաղեց։
Եվան նայում էր Բազենյանին, և նրա հայացքը անմիտ սարսափ էր արտահայտում։
— Սրանք, իհարկե, գրգռված երևակայության արդյունք են,— շարունակեց Բազենյանը,— բայց զարմանալին այս է, որ մարդ որքան աշխատում է չհավատալ այդպիսի հիմար բաների, այնքան ավելի կաշկանդվում է դրանց ազդեցության տակ։ Առաջ ես ամենևին չէի մտածում, թե պիտի մեռնեմ. բայց այժմ ինչ-որ նախազգացում, կարծես, շարունակ փսփսում է ականջիս, որ իմ մահը շատ շուտ պիտի լինի... Է՜հ, ի՞նչ անենք,— կարճ մտախոհ լռությունից հետո ավելացրեց նա անփութորեն և տխուր ժպիտով նայեց Եվային։— Ոչ հայր ունիմ, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր,— ոչ ոք չունիմ, որ դարդ անի ինձ համար...
Եվան զգաց, որ մի բան հանկարծ վեր նետվեց սրտից դեպի կոկորդը և սկսեց խեղդել։ Անհուն ցանկություն զգաց վեր թռչելու տեղից, ուղղակի փարվելու Բազենյանի վզին և աղաղակելու. «Անաստված, մի՞թե չես զգում, որ ես քո քույրն եմ, ավելի՝ քան քույրը․․․ և չեմ թողնիլ, որ մեռնես...»։ Բայց նա միայն մատներով ցնցողաբար սեղմեց աթոռի ծայրերը, կարծես աշխատելով պահել իրեն, որ այդպիսի խելացնոր բան չանի։
— Վերջին ժամանակս հանկարծ ինձ շրջապատված եմ տեսնում այնպիսի անակնկալ և ծանր հանգամանքներով, որ մահը պարզապես ցանկալի է դարձել ինձ համար,— նորից խոսեց Բազենյանը մելամաղձորեն, շարունակելով անցուդարձ անել սենյակում, Եվայի առաջ։— Բայց մարդը զարմանալի եսասիրական մի զգացում ունի. ուզում է իր ետևից թողնել գեթ մեկը, գեթ մի մերձավոր, մի սրտակից, որին իր մահով վիշտ լինի պատճառած։ Եթե ես ունենայի այդպիսի մեկը, որ արտասուքի գեթ մի քանի կաթիլ թափեր գերեզմանիս վրա...
Բազենյանը լռեց, անցավ դեպի լուսամուտներից մեկը և ճակատը սեղմեց ապակուն:
Եվան զգում էր, որ եթե նա դարձյալ այդպիսի մի քանի խոսք արտասանի, այլևս չի կարող զսպել իրեն և անպատճառ կանի այն խելացնոր բանը, որը չանելու համար այնպես պինդ պահում էր իրեն աթոռի վրա, մատների մեջ ցնցողաբար սեղմելով աթոռի ծայրերը։ Նա վախենում էր շարժվել տեղից և նայել ետևը, ուր կանգնած էր Բազենյանը։ Նրան թվում էր, թե այնտեղից դարան մտած, կամաց-կամաց մոտենում է իրեն ահարկու մի բան, որ հանկարծ վրա պիտի ընկնի և պիտի խլի, փախցնի իրեն փոթորկի պես ուժգնորեն...
— Աշխարհիս երեսին երկու բան կա հզոր և ամենակարող՝ սերը և մահը,— հնչեց Եվայի ականջին Բազենյանի ձայնը ետևից այնքան հանգիստ և տխրագին, որ կարծես գերեզմանից էր հնչում։— Մի ամբողջ ամիս չէի գալիս ձեր տուն... և այսօր էլ չէի գալ, եթե... դուք չստիպեիք... և եթե չհամոզվեի վերջ ի վերջո, որ սիրո դեմ մաքառելը նույնքան անկարելի է, որքան և մահի դեմ։ Այժմ որ եկել եմ, այլևս չեմ կարող զսպել ինձ և պիտի ասեմ, որ... սիրում եմ ձեզ...
Եվան մեկ վեր կացավ, բայց նորից նստեց, կարծես ուժ չունենալով ոտքի վրա կանգնած մնալու։ Նրա ամբողջ մարմինը թրթռաց հրաշալի, խելագարեցնելու չափ հրաշալի մի ցնցումով։ Շունչն իրեն քաշելով, նա տեղն ու տեղը մարեց. կարծես մի հրաշալի երազ էր այն, որ իր ամենափոքր շարժումից անգամ կարող էր չքանալ։
Բազենյանը կամաց դարձավ Եվայի կողմը, մի րոպե ինչ-որ օտարոտի հայացքով նայեց պերճ վզին, հետո մի քանի քայլ արավ դեպի նա, բայց հանկարծ ճանապարհը ծռեց և անցավ դռան կողմը։
— Ներեցեք, ես... ես գնում եմ,— ասաց նա։
Եվան վեր թռավ տեղից և ձեռքերը տարածեց դեպի նա։
— Կացե՛ք...
Բազենյանն արագ ետ դարձավ։
Եվայի ձեռքերն ու գլուխն ընկան նրա ուսերի վրա։ Ահա՛, վերջապես, այն ահարկու բանը, որ եկավ և հափշտակեց նրան փոթորկի ուժգնությամբ... Հանկարծ նա ցնցվեց և դուրս խլվեց Բազենյանի գրկից։ Կարծես տենդի մեջ առավ Բազենյանի ձեռքը և դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նա զգում էր Եվայի տաք շնչառությունը։
— Դու չես մեռնիլ,— շշնջաց Եվան, խիստ արագ շնչելով։
Բազենյանը փորձեց նորից գրկել նրան, բայց նա թույլ չտվեց։
— Դու չես մեռնիլ... Ասա՝ չէ։
— Կմեռնեմ երջանկությունից...
֊ Չե՛մ ուզում... Ասա՝ չէ՛։
— Չէ։
— Ինձ էլ կտանես հետդ...
— Եվա։
— Ասա՝ այո՛։
— Այո։
Եվան շուռ եկավ, մեջքով կպավ Բազենյանի կրծքին և վիզը ձգեց նրա ուսի վրա։ Անհուն երջանկության հրաշալի մի ժպիտ հալվում էր նրա կիսաբաց շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ, որոնք նայում էին Բազենյանի աչքերին։
Բազենյանը էլեկտրականացել էր։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես ետևից գրկեց Եվայի իրանն և, գլուխը կամաց-կամաց առաջ տանելով, շրթունքները պինդ սեղմեց նրա ծնոտի տակ...
...Հանկարծ Եվան ճչաց և դուրս պրծավ նրա գրկից այնպիսի սաստկությամբ, որ Բազենյանը մի երկու քայլ ետ մղվեց։ Նա կանգ առավ դողալով և նայեց Բազենյանի աչքերին չռած աչքերով։ Եվ նկատեց այնտեղ ինչ-որ անծանոթ, ինչ-որ սարսափելի մի բան, որ կարծես խլել էր նրանից այն ամենը, ինչ որ մարդկային է... Եվային թվաց, թե իր աչքերի առաջ մի րոպեի մեջ հրաշք կատարվեց, ահավոր մի հրաշք, որով կրթված մարդը հանկարծ իջել էր մինչև վայրենու աստիճանը, որով բնական արարածը գազան էր դարձել... Բնազդական սոսկումով նա ետուետ գնաց անգիտակցաբար և քիչ մնաց, որ նորից ճչա, որովհետև նրան թվաց, թե այդ գազանն ուզում է հարձակվել իր վրա և, եթե հարձակվի, այլևս փրկություն չկա...
Նա շուռ եկավ և խելագարի պես դուրս վազեց սենյակից։
Բազենյանն ուշքի եկավ և վախեցած նայեց չորս կողմը. կարծես մեկը դարան լիներ մտած սենյակում և, հանկարծ դուրս պրծնելով պիտի հարձակվեր իր վրա։ Հետո հանգստությամբ ուղղեց փողկապը և դիմեց դեպի դուրս։ «Շտապեցի... շատ շտապեցի...»,— մտածում էր նա մեքենայաբար, նախասենյակում վերարկուն և կրկնակոշիկները հագնելիս։
Դուրսը, փողոցում, հենց դռան մոտ հանդիպեց Թեկլեն, որը տուն էր գալիս։
— Ա՛խ, դուք եկել եք, վերջապես,— բացականչեց նա ուրախացած։
— Ես գնում եմ, տիկին,— վրա բերեց Բազենյանը ժպտալով։
— Գնում ե՞ք... ի՞նչ եք ասում։
— Օրիորդը տկար է, չուզեցի անհանգստացնել և բացի դրանից, ժամը երկուսին անպատճառ պետք է լինիմ մի տեղ, իսկ այժմ (Բազենյանը նայեց ժամացույցին) երկուսից քառորդ պակաս է։
— Դե, ներս եկեք, լավ։ Ամուսինս էլ շուտով կգա։ Ճաշին կմնաք մեզ մոտ։
— Հավատացնում եմ, տիկին, չեմ կարող։ Այժմ չեմ կարող, ոչ մի պայմանով։ Կաշխատեմ գալ երեկոյան, իսկ եթե երեկոյան չկարողացա գալ, կգամ վաղն անպատճառ։ Մի քանի օր դարձյալ այստեղ եմ։
Թեկլեն թախանձեց, որ անպատճառ գա, ասաց, որ իրենց որդուն տանելիք նամակն ահագին կարևորություն ունի իրենց համար, և մեծ անհանգստությամբ սկսեց գանգատվել, որ երկար ժամանակ է նրանից ոչ մի տեղեկություն չունին։
Բազենյանը նորից խոստացավ, որ անպատճառ կգա և, բաժանվելով տիկին Մարությանից, շտապով հեռացավ։ «Շտապեցի... շատ շտապեցի»,— շարունակ կրկնում էր նա մտքումը Եվայի հետ ունեցած իր վարմունքի մասին։
Թեկլեն աղջկան գտավ իր սենյակում չափազանց տարօրինակ դրության մեջ։ Եվան նստած էր աթոռի վրա և, կարծես, սառել էր նստած տեղը։ Դեմքը սպիտակել էր քաթանի պես։ Չռած աչքերի մեջ դեռևս նկատելի էին սարսափի հետքերը։ Կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, կարծես վազել էր երկար տեղ ու այժմ հազիվ էր շունչը ետ բերում։ Դռան բացումը երկյուղի զորեղ ցնցում պատճառեց նրան։
— Ե՛վա, ի՞նչ է պատահել քեզ,— կանչեց մայրը վախեցած։
Եվան իր չռած աչքերով նայեց մորը, մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել, հետո շատ հանգիստ ձայնով պատասխանեց.
— Մի վախենար, մայրիկ, ոչինչ չկա. հանկարծ վատ դառա։
Նրա խաղաղ ձայնը բավական հանգստացրեց մորը։ Մայրը նկատեց սակայն, որ նրան առանց լուրջ բժշկության թողնել անկարելի է, որ այդ բոլորը կառքի կատաղած ձիերից վախեցած լինելու հետևանքն է և, վերջ ի վերջո, ստիպեց աղջկան, որ պառկի։ Եվան անխոս հնազանդվեց մորը և պառկեց։ Նա ուզում էր, որ մայրը շուտով հանգիստ թողնի իրեն, որպեսզի կարողանա կարգի դնել իր մտքերն ու զգացումները, որոնք մի կատարյալ քաոս էին կազմում նրա մեջ։
Բայց և այնպես, մոր դուրս գնալուց հետո էլ, Եվան երկար, շատ երկար ժամանակ չէր կարողանում կատարելապես ուշքը գլուխը ժողովել։ Այնտեղ՝ հյուրասենյակում կատարված իրողությունն իր վերջաբանով հիմն ի վեր ցնցել էր նրա հոգեկան աշխարհը։ Այդ բոլորն այնքա՛ն անսպասելի էր նրա համար, նրա մտքից այնքա՛ն հեռու էր Բազենյանի հետ ունեցած խոսակցության վերջաբանը, որ նա կասկածում էր, թե չլինի՞ այդ բոլորը երազի պես մի բան էր միայն, այլ ոչ կատարված իրողություն։ Այդ կասկածն այնքան ավելի բնական էր թվում նրան, որքան երազ համարած իրողությունը, անսպասելի լինելով հանդերձ, կատարվել էր արագ, գրեթե վայրկենաբար։ Մինչև այժմ էլ նա, կարծես, զգում էր Բազենյանի ծանր, սարսափ ազդող տաք շնչառությունն իր ծնոտի տակ... Նա ձեռքը քսեց ծնոտի տակ և նոր զգաց, որ ցավում է այդտեղ։ Վեր կացավ, նայեց հայելու մեջ և տեսավ, որ ծնոտի տակ, Բազենյանի շրթունքների կպած տեղը կարմրել էր և նույնիսկ ատամների հետքեր է կրում ։ Սակայն Եվայի վրա ամենից ավելի սարսափ էին բերել Բազենյանի աչքերը, առաջվա այն գեղեցիկ, մտախոհ, թախծալի աչքերը... Եվային թվաց, որ երբ շները կատաղում են, նրանց աչքերն էլ այդպես են փոխվում...
Սիրո, մանավանդ իր սիրո մասին Եվան չափից դուրս վեհ և անպայման մաքուր գաղափար ուներ, որպեսզի կարողանար հաշտվել Բազենյանի աչքերի մեջ նկատված փոփոխության հետ,— մի փոփոխություն, որ ամեն անգամ մտապատկերելիս բնազդական դող էր զգում մարմնի մեջ... Եթե նա սիրել էր Բազենյանին, եթե իր անարատ սիրտը նվիրել էր նրան, դրա պատճառն ա՛յն էր միայն, որ Բազենյանի մեջ մսից և արյունից կազմված մարդ չէր տեսել, այլ գերբնական մի արարած, մի իդեալ, որի մեջ տեղ չպիտի ունենար ախտաբանական մարդը... Եվան նոր էր մտածում, որ այդ թերևս շատ անհեթեթ մի պահանջ էր իր կողմից, թերևս այդպիսի մարդ չկա աշխարհիս երեսին, որովհետև չի կարող լինել, որովհետև մարդը, ինչքան էլ որ այս կամ այն կերպ իդեալ ներկայանա, էլի նույն մսից ու արյունից կազմված մարդն է, բայց սիրո սրբագործող աշխարհում, որ նույնքան անիմանալի է, որքան և աստվածային էությունը, մարդու մեջ, Եվայի կարծիքով, իսպառ պիտի ոչնչանար անասնականը և շնայինը, կամ գոնե այդ անասնականն ու շնայինը պիտի ստանար աստվածային պատկերը կրող արարածին վայել ամենաբարձր, խելացի արտահայտումն։ Իր միամիտ անմեղությամբ Եվան հավատում էր սիրո սրբագործող այդ զորությանը, և որքան մեծ էր այդ հավատը, այնքան սարսափելի — հիասթափությունը։ Նա տեսավ, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդը սիրո, թերևս ավելի՝ քան ուրիշ բանի մեջ նույնն է, ինչ որ նախատիպ մարդն իր ամենակոպիտ բնազդով... Եվան փշաքաղվում էր, արյունը սառում էր նրա երակների մեջ, երբ մտածում էր, թե որքան զզվելի և սոսկալի էր այդ նախատիպ մարդը։ Նա ավելի շուտ կհամաձայներ մեռնել, քան թույլ տալ, որ այդ գազանացած մարդը վիրավորեր ու անարգեր այն սրբությունը, որ կրում ու փայփայում էր իր սրտի մեջ սիրո անունով...
Սակայն դրանք ծանր տպավորության առաջին ծանր րոպեներն էին,— րոպեներ, երբ նրա ուղեղը գործում էր գրգռված ջղերի ազդեցության տակ, գործում էր ուժգնապես լարված մեքենայի նման և միշտ միևնույն ուղղությամբ։ Այնուհետև, երբ նա կամաց-կամաց հանգստացավ և սկսեց մտածել սառն ուղեղով, տեսավ, որ իր վարմունքն իսկապես շատ օտարոտի, շատ զարմանալի էր։ Բազենյանը իր սիրելին էր, իր անձկալին. ամբողջ օրերով միմիայն նրա մասին էր մտածում, միմիայն նրան էր ցանկանում, նույնիսկ պատրաստ էի թողնել ծնողներին, թողնել տունը, ամենքին և ամեն բան և գնալ նրա հետ՝ ուր որ կտաներ,— և այդ բոլորից հետո հանկարծ...
Եվան դեմքը ծածկեց ձեռքերով. կարծես մեկը ներկա լիներ, որ կարող էր տեսնել իր ամոթը...
Բազենյանը, հակառակ Թեկլեին արած իր խոստմանը, չեկավ ոչ այդ օրն երեկոյան և ոչ հետևյալ օրը։ Այնուհետև անցավ դարձյալ երկու օր, և նա դարձյալ չերևաց։ Այդ բանը շատ տարօրինակ էր թվում Մարության ամուսիններին։ Ուրիշ պատճառ չգտնելով իրենց բարեկամի այդ վարմունքը բացատրող, նրանց մնում էր ընդունել, որ Բազենյանն իսկապես ժամանակ չի գտնում իրենց այցելելու։
— Կամ, գուցե, արդեն գնացե՞լ է,— հարցրեց Մարությանն աղջկան։— Անցյալ օր որ եկավ, ի՞նչ ասաց, ե՞րբ էր գնալու։
— Ասաց, որ եթե հետևյալ օրը չէ, երրորդ օրն անպատճառ պետք է ճանապարհ ընկներ,— պատասխանեց Եվան բոլորովին հանգիստ կերպով։
— Իսկ ինձ ասաց, թե մի քանի օր դարձյալ մնալու է այստեղ,— ասաց Թեկլեն։
— Սպասիր։ Երրորդ օրն երեկ էր, ուրեմն արդեն գնացել է,— բացականչեց Մարությանը։— Այս բանից ես ոչինչ չեմ հասկանում, ճշմարիտ։ Ուրիշ ոչինչ չլինի, գոնե մեր խոստացած փողը պետք է ընդուներ. դրա համար էլ չեկավ։ Ասենք, այդ կողմից ես անքաղաքավարի եղա. պետք է փողն անմիջապես ուղարկեի իրեն։ Բայց ախր... Չէ՛, անկարելի է. դեռ գնացած չի լինիլ։ Պետք է ինքս անձամբ գնամ նրա մոտ։ Նամակն, երկու օր է, մնում է գրպանումս։ Փողն էլ ինքս անձամբ կտանեմ կտամ։
— Ա՜խ, նամակը,— արտասանեց Թեկլեն հուսահատորեն։— Երանի գոնե այդ նամակը հասնի Արմենակիս, և մի պատասխան ստանանք նրանից...
— Ես իսկույն գնում եմ Բազենյանի մոտ,— ասաց Մարությանը, վճռապես վեր կենալով տեղից։— Եվա, ուզո՞ւմ ես, դու էլ արի։
— Ոչ, ես չեմ գալ։
— Զբոսնելով կգնանք, ի՞նչ կա որ։
— Չէ, հայրիկ, չեմ կարող։
— Դե, գնա, է՛լի,— ասաց մայրն աղջկան։— Մի քիչ պարզ օդ կծծես։ Քանի՜ օր է, տանից դուրս չես գնացել։
— Ի՞նչ անենք որ։
— Ա՛յն անես, որ տե՛ս ինչ ես դարձել,— զայրացած վրա բերեց Թեկլեն։— Չեմ հասկանում, այս վերջին օրերն ինչ է պատահել քեզ։ Մեկ նայիր հայելում, տես ինչ ես դարձել։ Եղբորդ հոգսը բավական չէ, մի հոգս էլ դու դարձիր գլխիս։
Եվան ոչինչ չպատասխանեց մոր այդ հանդիմանական խոսքերին։
Այն հանգամանքը, որ Բազենյանը վերջին տեսակցությունից հետո խոստացել էր գալ և չէր գալիս և, գուցե արդեն հեռացել էր Թիֆլիսից, սաստիկ մտատանջում էր Եվային։ Նրա մեջ բոլորովին չքացել էր այն սարսափը, որ ազդել էր նրան Բազենյանի աչքերի մեջ նկատած փոփոխությունը. կարծես մի ծանր երազ լիներ այդ, որի ազդեցությունն անցել էր ժամանակի հետ։ Այժմ Բազենյանը ներկայանում էր նրան դարձյալ առաջվա նման իր անդիմադրելի գրավչությամբ. այժմ այդ երիտասարդն ավելի ևս անձկալի էր, թերևս այն պատճառով, որ Եվան հույս չուներ, թե երբևիցե այլևս պիտի տեսնի նրան: Եվ այդ բանում Եվան մեղքը լիովին իր վրա էր առնում. իր անփորձության մեջ, լոկ րոպեի ազդեցության տակ դեն հրեց իրենից այն երիտասարդին, որին սիրում էր և որը նրան էր սիրում. իր օտարոտի վարմունքով սիրած երիտասարդին կորցրեց ընդմիշտ իր համար, միևնույն ժամանակ կորցնելով իրեն նրա համար։ Եվան երևակայում էր, թե ինչքան զարմացած պիտի լիներ Բազենյանն իր վարմունքից, որ այժմ իր համար անհասկանալի էր մնում։ Բազենյանն անշուշտ վիրավորվեց և հենց այդ պատճառով չեկավ, որ նրան գեթ իր վերջին հրաժեշտը տա։
Որքան շատ էր մտածում Եվան այս մասին, այնքան ավելի անկեղծ զղջմունքը կրծում էր նրա սիրտը։ Այդ զղջմունքն երբեմն այն աստիճան էր հասնում, որ իրեն պատրաստ էր զգում ընկնելու Բազենյանի ոտները և ներողություն խնդրելու նրանից, եթե միայն Բազենյանին մի անգամ էլ տեսնելու լիներ։
Բայց ո՞րտեղ էր Բազենյանը։ Եվան գրեթե համոզված էր, որ նա անպատճառ արդեն հեռացել էր։ Եվ այժմ, երբ մերժում էր հոր հետ Բազենյանի մոտ գնալ, մերժում էր ոչ թե այն պատճառով, որ վերջին անցքից հետո ամաչում էր Բազենյանի աչքին երևալուց, այլ նրա՛ համար միայն, որ իր մեջ քաջություն չէր զգում անձամբ համոզվելու, որ նա իսկապես հեռացել է։ Այդ արդեն խիստ մեծ հարված կլիներ նրա համար, դրանով իսպառ պիտի փշրվեր հուսո այն վերջին նշույլը, որ դեռևս առկայծում էր այնտեղ, սրտի խորքում թաքնված: Սակայն միևնույնը չէ՞ր, խո արդեն համոզված էր, որ Բազենյանն այլևս Թիֆլիսում չէ. սխալն արդեն գործված էր և այլևս ոչ մի կերպ չէր կարելի ուղղել. ավելի լավ չէ՞ր, որ միանգամից վերջ դներ իր անտանելի դրությանը։ Եվ Եվան հանկարծ հուսահատական մի քաջություն զգաց իր մեջ, այնպես, որ երբ հայրը նորից առաջարկեց, որ միասին գնան Բազենյանի մոտ, նա համաձայնեց։
«Միանգամից, միանգամից... ինչի՞ց եմ վախենում...»,— մտածում էր նա, երբ հոր հետ անցնում էր սառած ձյունով ծածկված փողոցներով։
Նոր երեկոյանում էր։ Ձմեռային կարճատև օրվա անզոր արևը դժգույն երկնքի վրա արդեն բոլորովին թեքվել էր դեպի արևմուտք և անփայլ, թառամած ճառագայթներով ներկում էր բարձր շենքերի կտուրներն ու տերևաթափ ծառերի կատարները։ Օդը շարժվում էր անախորժ սառնությամբ։ Ցուրտը կրծում էր մարդու ականջներն ու քիթը։
— Ուզո՞ւմ ես սահնակ նստենք, Եվա,— հարցրեց հայրը։
— Ոչ, ոտով ավելի լավ է,— ասաց Եվան, չնայելով, որ եղանակը սաստիկ անախորժ էր թվում նրան։ Նրա ծնոտները թեթև դողդողում էին։
— Գրազ կգամ, որ Բազենյանը դեռ այստեղ է,— բացականչեց Մարությանը, երկար տեղ լուռ քայլելուց հետո։— Առանց ինձ տեսնելու անկարելի է, որ գնար։
Եվան ոչինչ չպատասխանեց։ Հիրավի, եթե Բազենյանն իսկապես դեռ գնացած չլիներ և այդ րոպեին էլ տանը լիներ, ինչպե՞ս պիտի հանդիպեր նրան, ի՞նչ երեսով պիտի ներկայանար նրան։ Եվան նոր մտածեց այդ մասին և զգաց, որ այդ հանդիպումը չափազանց ծանր պիտի լիներ իր համար։ Մի րոպե նա կանգ առավ սաստիկ տատանման մեջ և ուզեց հորն ասել, որ ուզում է տուն դառնալ, բայց ոչինչ չասաց և հոր հետ շարունակեց ճանապարհը։ «Ավելի լավ,— մտածեց նա.— կհասկանա, որ ես զղջացել եմ վարմունքիս համար, և այլևս չի նեղանալ ինձնից»։
Հիրավի, երբ հայր ու աղջիկ հասան «Լոնդոն» հյուրանոց, և Մարությանը դռնապանին հարցրեց, թե Բազենյանն արդեն հեռացե՞լ է Թիֆլիսից, դռնապանը պատասխանեց, որ Բազենյանը դեռևս բնակվում է հյուրանոցում, բայց այդ րոպեին տանը չէ։
— Չասացի՞, չասացի՞,— բացականչեց Մարությանն ուրախացած, դառնալով աղջկան։— Գիտեի, ախր, որ առանց ինձ տեսնելու չէր գնալ։ Բայց այս լավ չէ, որ հիմա տանը չէ։ Ի՞նչ անենք։
Այն միջոցին, երբ Մարությանը փոփոխակի նայում էր մերթ դռնապանին, մերթ աղջկան, մտածելով, թե ինչ անի, մի կառք դղրդալով մոտեցավ և կանգ առավ հյուրանոցի դռան առաջ։
Եվան դռան ապակու միջից դուրս նայեց և դողաց։
Կառքի մեջ նստած էր Բազենյանը։ Նա արագ իջավ կառքից և շտապ քայլերով դիմեց դեպի դուռը։
— Ահա՛ ինքը,— բացականչեց դռնապանը և շտապեց դուռը բանալ նրա առաջ։
Բազենյանը մտավ մուշտակի կոճակները բաց և մոխրագույն մորթե գլխարկը ճակատից փոքր-ինչ ետ գցած։ Դռների մոտ տեսնելով Մարությանին ու Եվային, հանկարծ կանգ առավ, ըստ երևույթին, խիստ ապշած։ Պարզ երևում էր, որ այդ հանդիպումը միանգամայն անսպասելի էր նրա համար։
— Ա՜, պարոն Բազենյան,— բացականչեց Մարությանը խիստ ուրախացած։— Տեսնում եք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, իսկ դուք տանը չեք։ Ի՜նչ լավ արիք, որ եկաք, թե չէ՝ մտածում էի, թե ինչպես անենք, որ ձեզ գտնենք։
— Մի՞թե ես արժանի եմ այդ պատվին,— արտասանեց Բազենյանը փոքր-ինչ խանձված ձայնով և սեղմեց Մարությանի ձեռքը վերին աստիճանի զսպած քաղաքավարությամբ։ Այնուհետև առանձին հարգանքով դարձավ դեպի Եվան, առանց նայելու նրան, խոնարհ գլուխ իջեցրեց՝ գլխարկը ձեռքին։
Եվան անհամարձակությամբ նայեց նրա վայր թողած աչքերին և մեքենայաբար ձեռքը մեկնեց նրան։
Բազենյանն արագ մի քայլ առաջ դրեց և նույն զսպած քաղաքավարությամբ սեղմեց նրա ձեռքն էլ։ Այդ միջոցին Եվան ակամա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, րր Բազենյանն իր ձեռքը սեղմեց վնասված աջ ձեռքով, թեև սև շորը դեռևս կախված էր վզից։ Այս անգամ Բազենյանն այնքան մոտ էր Եվային և գլուխն այն աստիճան խոնարհել էր ուղղակի նրա քթի տակ, որ Եվային թվաց, թե ինչ-որ քացախած հոտ առավ նրա բերանից։
Մարությանն սկզբից զարմացած էր մնացել նրա զսպած ընդունելության վրա և հետաքրքրությամբ դիտում էր նրան, հետո նրա ծանր շնչառությունից տեսավ, որ նա արբած է և աշխատում է այդ բանը ծածկել։
— Եղբայր, այս ի՞նչ եք անում,— ասաց նա ժպտալով.— խոստանում եք, թե կգաք և չեք գալիս։ Կարծում էինք, թե արդեն գնացել եք։
— Լիովին զգում եմ հանցանքս և հազար ներողություն եմ խնդրում,— ասաց Բազենյանը նույն խանձված ձայնով։— Պատճառ ունեի, իհարկե, մի շատ հարգելի պատճառ, որ խոստումս չկատարեցի... չկարողացա կատարել... և չէի կարող կատարել...
— Եվ ի՞նչ էր այդ պատճառը։
— Այդ պատճառը,— արտասանեց Բազենյանը և առաջին անգամ, բայց մի վայրկյան միայն, նայեց Եվային, որը իսկույն հասկացավ նրա միտքը և աչքերը վայր թողեց շփոթված։— Պատճառը... Շատ ցավում եմ, պարոն Մարության, որ պատճառը չպիտի կարողանամ հայտնել...
— Ուրեմն, ներողություն անտեղի հետաքրքրությանս համար,— արագ վրա բերեց Մարությանը։— Ես, իհարկե, այն մտքով չհարցրի պատճառը, որ ձեր գաղտնիքներն իմանամ, բայց... Մենք շատ սպասեցինք ձեզ։ Երկու օր է, որ նամակը փտում է գրպանումս։ Եվ եթե գիտենայիք, թե որքան երախտապարտ պիտի լինինք ձեզ, եթե այդ նամակը հասցնեք մեր որդուն։
— Ես միշտ պատրաստ եմ, պարոն Մարության, իմ ծառայությունը մատուցանելու ձեզ։ Անցյալ օր հենց այդ նամակի համար էլ եկա էլի ձեր տուն, բայց դուք, դժբախտաբար, տանը չէիք։ Ես երեկ պիտի ճանապարհվեի, բայց մի քանի անակնկալ հանգամանքներ պահեցին ինձ այստեղ։ Ամենայն հավանականությամբ, կմեկնեմ վաղը չէ մյուս օրը, և իմ պարտքս կլինի ամենից առաջ տեղ հասցնել ձեր նամակը։ Բայց ի՞նչ ենք կանգնել այստեղ։ Խնդրում եմ, պատվեցեք թափառաշրջիկիս ժամանակավոր օթևանը ձեր ներկայությամբ։
— Գնանք, Եվա,— ասաց Մարությանը դիմելով դեպի վեր։
Եվան մի վայրկյան տատանվեց և հետևեց հորը։
Իսկ Բազենյանը ձեռաց հանեց կառքի փողը, տվեց դռնապանին, որ կառքը ճանապարհ ձգի, և վազեց նրանց ետևից: Սանդուղքի առաջին աստիճանների վրա հասավ Եվային և սկսեց բարձրանալ նրա հետ կողք֊կողքի։ Երկուսն էլ ոչ մի խոսք չարտասանեցին։ Եվան դարձյալ զգաց նրա բերնից փչող քացախած հոտը և այդ հոտն այս անգամ այնքան անախորժ թվաց նրան, որ նա մի քանի վայրկյան ակամա պահեց շնչառությունը։ Բազենյանը բաց արեց իր սենյակի դուռը և Մարությանին ու Եվային ներս հրավիրեց։
— Ուրեմն վաղը չէ մյուս օրն եք գնում,— ասաց Մարությանը, կողք-կողքի նստելով աղջկա հետ։
— Այո։ Վաղը չէ մյուս օրն անպատճառ,— արտասանեց Բազենյանը, ծանր շնչելով։
Նա հանեց մուշտակը և ձգեց աթոռի մեջքին։ Մուշտակի ծոցի գրպանից դուրս պրծավ մի ինչ-որ լրագիր, նամակի ծրարի չափ ծալված և, բացվելով, ընկավ հատակի վրա։ Եվան նստած տեղից կարդաց վերնագիրը և տեսավ, որ արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերից մեկն է։
— Դուք ստանո՞ւմ եք այդ թերթը,— հարցրեց նա, հարմար առիթ գտնելով խոսելու, որովհետև զգում էր, որ իր ակամա լռությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում։
— Այո, օրիորդ։ Ես էլ որ չստանամ, հապա էլ ո՞վ պիտի ստանա,— ասաց Բազենյանը և թերթը վերցրեց հատակից։— Եթե հետաքրքրվում եք, կարող եք վերցնել կարդալու։ Վերջին համարն է, նոր ստացա։
— Եթե դուք արդեն կարդացել եք...
— Ոչ, դեռևս ժամանակ չեմ ունեցել կարդալու։ Բայց այդ միևնույն է. ինձ համար այստեղ հազիվ թե որևէ նորություն լինի, որովհետև բոլոր տեղեկություններն ես ստանում եմ, այսպես ասած, առաջին ձեռքից և ավելի մանրամասնորեն, խնդրում եմ, վերցրեք։
Եվան առավ թերթը, ծալեց և վերարկուի գրպանը դրեց։
— Հա՛, մոռացա, այդ համարից երկու օրինակ ունեի,— ասաց Բազենյանը և սկսեց քրքրել գրպանները։— Ո՞րտեղ դրի... Ահա գտա։
Նա հանեց նույնչափ ծալված մի ուրիշ թերթ, ձգեց սեղանի վրա և նստեց։
— Ուրեմն, առանց մեզ այցելելու էլ պիտի գնայիք,— դարձավ առաջվա խոսակցությանը Մարությանը։
— Մի՞թե այդ կարելի էր, երբ խոսք էի տվել, որ ձեր հանձնարարությունը պիտի կատարեմ ամենայն պատրաստակամությամբ,— ասաց Բազենյանը։— Ձեզ մոտ պիտի գայի այս երեկո, բայց դուք կանխել եք և ինքներդ եք եկել ինձ մոտ, որով մեծ պատիվ եք արել ինձ։
— Մենք, դժբախտաբար, ոչ ոքի պատվել չգիտենք, բացի նեղություն տալուց,— վրա բերեց Մարությանը բարեսիրտ կատակով։— Ահա այս այն նամակը, որ պիտի հանձնեի ձեզ։ Այս էլ, ահա, այն գումարը, որ խոստացել էի նվիրաբերել ձեր և մեր ամենիս սիրած գործին...
Եվ Մարությանը նամակի ծրարի հետ սեղանի վրա դրեց մի ուրիշ հաստ ծրար։
Զարմանալի ներգործություն ունեցավ այդ հաստ ծրարը Բազենյանի վրա։ Մինչև այժմ նա իրեն պահում էր բավական զգաստ և, եթե ծանր շնչառությունն ու բերնից փչող գինու անտանելի հոտը չլիներ, դժվար կարելի էր իմանալ, թե նա խմած է։ Բայց այժմ, սեղանի վրա տեսնելով փողի հաստ ծրարը, նրա աչքերը վառվեցին տարօրինակ կրակով, և այդ կրակը, կարծես, հանկարծ լուսավորեց նրա ներսը մի մութ աշխարհ...
Եվան նայեց նրա աչքերին և աթոռն ակամա մոտ քաշեց հորը։ Նրան թվաց, թե իր առաջ նորից տեսնում է այն Բազենյանին, որին տեսավ իրենց վերջին տեսակցության վերջին րոպեին։ Նա շրջեց դեմքը, որպեսզի չտեսնի Բազենյանի աչքերը։ Այդ սևաթույր ու կրակոտ աչքերը, որոնք զարմանալի ընդունակություն ունեին վայրկենաբար ամենածայրահեղ հակադիր զգացումներ արտահայտելու, փոփոխի, շատ օտարոտի տպավորություն էին թողնում Եվայի վրա. դրանք թե գրավում էին նրան վերին աստիճանի և թե սարսափեցնում։ Այդ աչքերը պարզապես տանջում էին Եվային, մանավանդ այն ժամանակ, երբ Բազենյանը նայում էր նրան լուռ ու անթարթ, հիպնոսահարողի պես։
Փողի հաստ ծրարը տեսնելուց հետո Բազենյանն այլևս չկարողացավ զսպել իր մեջ գինու եռացող շոգու ուժը, և այդ ուժն այժմ, ազատ զգալով իրեն, սկսեց դուրս ժայթքել մի երկար շարք ճռճռան ֆրազների մեջ հայրենիքի աղետների մասին... Երբեք Բազենյանը չէր խոսել այնպես ազատ, համարձակ և ոգևորված, ինչպես այժմ, թեև նրա ձայնը հետզհետե ավելի ու ավելի խանձվում էր, այնպես որ երբեմն ինչ-որ անորոշ խռպոտ հնչյուններ էին լսվում միայն։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պլպլում էին անմիտ, անախորժ փայլով և նրանց տակը ծածկել էին քրտինքի մանրիկ կաթիլներ։ Այն հանգամանքից, որ իր երկար ճառախոսության ժամանակ Մարությանն ու Եվան լռել էին ակամա և լսում էին նրան, նա, ըստ երևույթին, կարծում էր, թե կատարելապես տիրել է նրանց ուշադրությանն ու զգացումներին, ուստի ավելի ևս ազատություն էր տալիս իր խոսքերին, թեև այլևս հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է ասում...
Այնինչ հայր ու աղջիկ, ապուշ-ապուշ նայելով նրա այլանդակված դեմքին, այդ ժամանակ ճնշվում էին միևնույն անախորժ զգացման տակ։ Այդ այն զգացումն էր, որ պաշարում է լուրջ մարդկանց, երբ նրանք ստիպված են լինում լսել արբած մարդու անկապ, համառ շատախոսությունը, օդի մեջ շնչել նրա բերնից արտադրվող գինու անտանելի քացախած հոտը, և, շարունակ լռելով, ա՛յն են մտածում միայն, թե ինչպես անեն, որ հեռանան նրանից, հեռանան այնպես, որ նա չհասկանա (արբած մարդիկ խիստ կասկածոտ են լինում), թե իրենք փախչում են նրանից։
Երբ Բազենյանը, կարծես հոգնելով, փոքր-ինչ խաղաղեց, Մարությանը շտապեց վեր կենալ։ Նրա հետ վեր կացավ և Եվան, որին հասկանալի և անդիմադրելի մի նոր զգացում թելադրում էր շուտով դուրս փախչել այդտեղից դեպի ազատ օդ։
— Շատ ցավում եմ, պարոն Բազենյան, որ մենք երկար չպիտի կարողանանք մնալ ձեզ մոտ,— ասաց (Բարությանը և, որպեսզի նա չկարծի, թե իրենք փախչում են նրանից, որովհետև նա արբած է, շտապեց ավելացնել:— Մենք այս րոպեիս մի տեղ պիտի գնանք մի շատ հարկավոր գործի համար... Բայց հատկապես խնդրում ենք, որ մեկնելուց առաջ մի անգամ ևս հանդիպեք մեզ։ Կգա՞ք։
— Կգամ,— արտասանեց Բազենյանը բոլորովին հոգնած ձայնով և կանգնած տեղը երերվեց։ Նա ինքն արդեն զգում էր, որ արդեն չի կարող զբաղեցնել հյուրերին, ուստի գոնե քաղաքավարության համար ամենևին փորձ էլ չարեց նրանց երկար պահելու իր մոտ։ Նա հավաքեց վերջին ուժերը և այցելուներին ճանապարհ դրեց մինչև հյուրանոցի սանդուղքի գլուխը։
— Ուրեմն սպասե՞նք,— վերջին անգամ հարցրեց Մարությանը։
— Կգամ, կգամ,— արտասանեց Բազենյանը բոլորովին խանձված ձայնով և սպասեց սանդուղքի գլխին, մինչև որ հայր ու աղջիկ իջան և չքացան աչքից։ Այնուհետև անհաստատ քայլերով վերադարձավ իր սենյակը, նստեց սեղանի մոտ, վերցրեց Մարությանի թողած փողի ծրարը, միջից հանեց չորս հատ հարյուր ռուբլիանոց թղթադրամ, նորից մեջը կոխեց և ծրարը դրեց ծոցի գրպանը դանդաղորեն և ժպտալով։ Հետո կամաց ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը դրեց սեղանի վրա և սկսեց թրխկթրխկացնել մատներով։
Սպասավորը ներս բերեց վառած լամպը, դրեց սեղանի վրա և հարցրեց՝ հեշտաեռ դնի՞։
Բազենյանր գլխով բացասական շարժում արավ։ Հետո, երբ սպասավորը դուրս էր գնում, կանչեց հանկարծ.
— Կա՛ց։
Սպասավորը կանգ առավ և ետ նայեց։
— Մոտ արի։
Սպասավորը մոտեցավ և կանգնեց նրա ետևը։
Բազենյանը, առանց դիրքը փոխելու, երկու մատը կոխեց ժիլետի գրպանը, հանեց մի հատ արծաթ դրամ և տվեց նրան ուսի վրայից։
Սպասավորը փողն առավ և սպասում էր նրա պատվերին, բայց տեսնելով, որ ոչինչ չի ասում, հարցրեց.
— Ի՞նչ կհրամայեք բերեմ։
— Ի՞նչ պիտի բերես, հիմար,— ասաց Բազենյանը։— Քեզ եմ բաշխում։
Սպասավորը սկզբում նայեց նրան զարմացած, չհասկանալով, թե ինչ էր նշանակում այդ անառիթ վարձատրությունը, հետո շնորհակալություն հայտնեց, առանց քծնելու, և դուրս գնաց հանդիստ։
Բազենյանի աչքն ընկավ սեղանի վրա ընկած հեղափոխական լրագրի վրա։ Լամպը մոտ քաշեց, կուրծքը հենեց սեղանի ծայրին և սկսեց թերթել լրագիրը։ Նրա արբած աչքերի առաջ տողերն ու տառերը թվում էր, թե շարժվում ու խաղում են լամպի լույսի տակ, և նա կարդում էր անուշադիր ու հորանջելով։ Մի տեղ նրա աչքովն ընկավ իր ազգանվան պես ինչ-որ մի բառ. լավ նայեց և տեսավ, որ այդ իսկապես իր ազգանունն է։ Նրա արբածությունը կարծես միանգամից անցավ, և նա, զարմացած ու հետաքրքրված, սկսեց կարդալ այն տողերը, որոնց մեջ նկատեց իր ազգանունը։ Կարդալիս նրա դեմքն արագապես փոխվեց, իսկ երբ վերջացրեց, հենց այնպես էլ խոնարհված մնաց կարդացած տողերի վրա լայն բացած աչքերով։ Հանկարծ հիշեց, որ լրագրի մի օրինակը տվել էր Եվային, և վեր թռավ տեղից կարիճից խայթվածի պես։ Աթոռը, որի վրա նստած էր, ետ թռավ և գլորվեց հատակի վրա։
— Ա՜, այս ի՜նչ հիմարություն եմ արել,— արտասանեց նա, ձեռքն ուժզին խփելով ճակատին, և մնաց քարացած։
Երբ հայր ու աղջիկ դուրս եկան հյուրանոցից, արևն արդեն մայր էր մտել։ Երկնքի անփայլ կապուտակը մթնում էր արագորեն։ Օդը, որ արև եղած ժամանակ շարժվում էր անախորժ սառնությամբ, այժմ ուղղակի խանձում էր մարդու դեմքը։ Սառած գետինը քարի կարծրություն էր ստացել։
Եվան վազում էր՝ հոր առաջն ընկած. կարծես փախչում էր մի բանից և, միևնույն ժամանակ, ուզում էր ցույց տալ, թե ոչ մի բանից չի փախչում։ Հայրը հազիվ էր հասնում աղջկա ետևից, թեև նա էլ չէր հասկանում ինչու, քայլերը սովորականից ավելի արագացրել էր։
— Կամաց գնա, Եվա, ի՞նչ ես վազում,— կանչեց Մարությանը:
Եվան կանգ առավ, մինչև որ հայրը հասավ նրան։ Նրանք չնայեցին իրար երեսի։ Բայց նրանցից ամեն մեկը հասկացավ, որ երկուսն էլ ճնշված են Բազենյանի թողած անախորժ տպավորության տակ։ Նրանք շարունակեցին ճանապարհն այս անգամ կողք-կողքի և հանդարտ քայլերով։
— Է՜, դա խմում է՞լ է,— խոսեց Մարությանը, կարծես ինքն իրեն։— Չհավանեցի... Թեև խմելն, իհարկե, սովորական բան է,— ավելացրեց նա կարճ, մտախոհ լռությունից հետո.— մարդը ուրախ տրամադրության մեջ մի քիչ խմել է. այդ բանը մեզնից ո՞վ չի անում. բայց չգիտեմ ինչու, ինձ վրա անախորժ տպավորություն թողեց։ Ափսո՜ս: Իլյուզիաս կորավ։
Եվան ցնցվեց և ակամա նայեց հոր մտախոհ դեմքին։ Նա տեսավ, որ հայրը նույն հիասթափությունն է զգում, ինչ որ ինքը, թեև, իհարկե, ոչ այնքան զորեղ կերպով, ինչպես ինքը։
Մարությանն այլևս ոչինչ չխոսեց Բազենյանի մասին։ Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում։ Նա գնում էր և չէր իմ անում՝ ուր. մտածում էր և չէր իմանում՝ ինչ: Երբեմն վայրկենաբար նրա դեռևս թարմ հիշողության մեջ վերակենդանանում էին այն օրերը, երբ ինքը տանջող կարոտով սպասում էր Բազենյանին. հիշում էր իրենց սիրային առաջին և վերջին տեսակցությունը, այդ տեսակցությունից հետո իր զգացած սարսափը, դարձյալ իր հուսահատական դրությունը, Բազենյանին տեսնելու տենչը... Հիշում էր այդ բոլորը և տեսնում էր, որ բոլորովին հանգիստ, անկարեկից է. կարծես թե այդ բոլորն երեկ-մեկել օրը չէր, որ կատարվել էր, այլ շատ տարիներ առաջ, կարծես թե այդ բոլորն ինքը չէր զգացողը, այլ մի ուրիշը, բոլորովին մի այլ աղջիկ, որին չէր ճանաչում և որի հետ ինքը ոչ մի առնչություն չուներ։
— Պարո՛ն Մարության, Եվա,— հանկարծ լսեցին հայր ու աղջիկ իրենց ետևից կանացի մի ձայն։
Նրանք դարձան և տեսան օր. Սահակյանին, որ իր գեր մարմնով բադի պես օրորվելով՝ շտապում էր հասնել նրանց։ Չնայելով սառնամանիքին, նրա լիք այտերն այրվում էին տաքացած: Նա հասավ Մարությաններին և անցավ հոր ու աղջկա մեջտեղը։
— Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք,— ասաց նա իր աշխույժ, կայտառ ձայնով, և առնելով Եվայի թևը, առաջ անցավ նրա և Մարությանի հետ։— Այսօր դարձյալ նամակ ստացա Աշխենից։ Այս երկրորդ նամակն է, որ գրում է։ Այսպես շուտ-շուտ է հիշում ինձ։ Բայց, փառք աստծո, այս անգամ գոհ է և ուրախ։ Միայն խիստ գանգատվում է, Եվա, որ դու վերջերս կամ ոչինչ չես գրում իրեն, կամ միայն չոր ու ցամաք բարևներ ես գրում։ Լավ չես անում։ Մի մոռանար, որ կարոտը միայն քո նամակներից է առնում։ Երևակայիր, որ մինչև անգամ կասկածում է, թե միգուցե հիվանդ ես, որ ոչինչ չես գրում, կգժվեմ, ասում է, եթե...
Օր. Սահակյանը հանկարծ լռեց և զարմացած նայեց նախ Եվայի, ապա Մարությանի դեմքին։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նա անհանգստությամբ։— Ինչ-որ... տխուր եք երևում։
Մարությանը, զարմանք կեղծելով, նայեց օր. Սահակյանի փորձող աչքերին։
— Տխո՞ւր... Ինչի՞ց պիտի տխրեինք։
— Ես ի՞նչ գիտեմ։ Ձեզ դեռ երբեք այդպես չեմ տեսել... Որտեղի՞ց եք գալիս։
— Բազենյանի մոտից։
Օր. Սահակյանը հանկարծ կանգ առավ, թողեց Եվայի թևը և բերանը բաց, աչքերը չռած՝ մնաց նայելիս Մարությանի դեմքին։
Ակամա կանգ առան և հայր ու աղջիկ և գրեթե սարսափած միաժամանակ նայեցին նրան, կանխազգալով, որ նա ինչ-որ բան պիտի ասի, կայծակի պես շանթող անսպասելի մի բան, որը կուզեին և՛ իմանալ, և՛ չիմանալ։
— Բազենյանի մոտի՞ց, ասում եք... ի՞նչ ունեիք նրա մոտ։
— Նամակ հանձնեցինք, որ տանի Արմենակին։ Վաղը չէ մյուս օրը նա գնում է այն կողմերը,— ասաց Մարությանը։
Օր. Սահակյանը գլուխը ետ ձգեց և խիստ բարձրաձայն ծիծաղեց։ Շատ տարօրինակ էր նրա ծիծաղը։
Հայր ու աղջիկ ապշած նայում էին, թե ինչպես ծիծաղից դողդողում էր նրա կախ ընկած կզակը։
— Եվ միայն նամա՞կ հանձնեցիք,— հարցրեց օր. Սահակյանը։
Մարությանը այլևս քաջություն չունեցավ ծածկելու։
— Փող էլ,— ասաց նա։
— Այսինքն ի՞նչ փող. Արմենակին տանելո՞ւ, թե...
—Ոչ, իբրև նվիրաբերություն...
— Սուրբ գործի օգտին,— լրացրեց օր. Սահակյանը, և նրա ծիծաղը սաստկացավ։ Նա ծիծաղում էր երկար, և նրա ամբողջ մարմինն ուժգին ցնցվում էր այդ տարօրինակ ծիծաղից։ Բայց հանկարծ զսպեց իրեն, իր ուժեղ ձեռքով արագորեն բռնեց Մարությանի թևից և անհանգիստ մի շարժում արեց, որով ուզում էր հասկացնել, որ նա իսկույն ետ դառնա։
— Այս րոպեիս գնացեք և ետ առեք նամակն էլ, փողն էլ,— ասաց նա շատ լուրջ և հաստատուն ձայնով։— Շտապեցե՛ք, մի նայեք ինձ այդպես զարմացած... Դե, գնացե՛ք շուտով, ձեզ ասում եմ,— աղաղակեց ուղղակի հրամայողաբար, տեսնելով, որ Մարությանն ապուշ կտրված միայն նայում է իր դեմքին։
Մարությանը պարզապես վիրավորվեց նրա այդ վարմունքից։
— Սպասեցեք,— ասաց նա և թևը կամաց խլեց օր. Սահակյանի ձեռքից։— Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում։
— Ա՛յն եմ ասում, պարոն Մարության, որ դուք սրիկայի ձեռք եք ընկել, և նա փառավորապես խաբել է ձեզ, ինչպես խաբել է ձեզ նման շատերին։ Այժմ հասկացա՞ք։ Դե, գնացեք շուտով, այս րոպեիս գնացեք, թե չէ՝ ձեր փողերը կորած են... Տե՛ր աստված, ի՜նչ տեսակ մարդ եք։ Մի՞թե չեք հավատում ինձ։
— Իհարկե, չեմ հավատում,— աղաղակեց Մարությանը գրեթե կոպտաբար։— Ի՞նչպես թե սրիկա, ի՞նչ եք ասում։ Նրա մասին բան գիտեք, այնպես եք խոսո՞ւմ, թե հենց այնպես, որովհետև... Նրա քիթը դուր չի եկել ձեզ։
— Իհարկե, բան գիտեմ, որ այդպես եմ խոսում, թե չէ՝ ես ի՞նչ գործ ունիմ նրա քթի հետ։
— Ի՞նչ գիտեք։
— Ա՛յն գիտեմ, պարոն Մարության, որ նա Հայաստանի մասին այնքան է մտածում ու հոգում, որքան ես ու դուք — Չինաստանի մասին։ Ձեր այդ պարոն Բազենյանը, որին քիչ է մնում աստվածացնեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կատարյալ խաբեբա, որ հանգամանքներից օգուտ քաղելով, գեղեցիկ դիմակի տակ, պարապում է նվիրական զգացումներ շահագործելով։ Այդ պարոնի իսկական անձնավորության հետ ինձ ծանոթացրեց շատ հարգելի, շատ պատվական մի տիկին, որ հենց ինքը զոհ է գնացել այդ աֆերիստի ճարպիկ խաբեբայությանը։ Այդ տիկինը Ղրիմից է։ Նրա հետ ծանոթ եմ Ղրիմում եղած վարժուհությանս ժամանակից և շատ լավ ծանոթ եմ։ Անձնական գործերի համար այս օրերս Թիֆլիս է եկել և անցյալ օր մեր տանն էր։ Հենց այդ օր փողոցում հանդիպել էր Բազենյանին, և տեսնեիք, թե ինչքան հուզված էր... Եվ, իսկապես, կարելի՞ է միթե խաղաղ հոգով տեսնել, թե ինչպես ամենասուրբ, ամենանվիրական զգացումներդ շահագործության առարկա են դարձած մի մութ անձնավորության ձեռքի, որին սկզբում հավատում էիր կուրորեն և համոզված էիր, թե նա քո ամենալավ, ամենաբարձր բաղձանքների իրագործողն է... Հենց դուք. այս րոպեիս դուք միևնույնը չե՞ք զգում, ինչ-որ զգացել է այն պատվական կինը. դուք ևս միևնույն ծանր հիասթափության տակ չե՞ք այս րոպեիս...
Եվ օր. Սահակյանը, լռելով, փոխեփոխ նայեց Մարությանի և Եվայի դեմքին։ Մարությանը վերին աստիճանի ապշած էր, ինչպես մի մարդ, որի մտքի առաջ հանկարծ սարսափելի և անհավատալի մի գաղտնիք է բացվում։ Իսկ Եվան կանգնած էր անշարժ և, հոնքերը կիտած, անթարթ նայում էր գետնին։ Վերին աստիճանի խիստ հանգստություն էր արտահայտում նրա ամբողջ արտաքինը։ Նրա անշարժացած դեմքը գունատվել էր և աչքերի վայր թողած կոպերը դողդողում էին իրենց երկայն թերթերունքներով։
— Օ՜, իսկապես որ սարսափելի է, սարսափելի,— հառաչեց Մարությանը ծանր երազից արթնացողի պես և առաջ անցավ։
Եվան և օր. Սահակյանը հետևեցին նրան։
— Ա՜, վերջապես հասկացաք և հավատացիք.— բացականչեց օր. Սահակյանը։— Ես զարմանում եմ, պարոն Մարության, որ դուք երբեք չեք հարցրել ինքներդ ձեզ, թե՝ լավ, եթե մեր այս պարոն Բազենյանը, որ այսքան շատ է խոսում հայրենիքի թշվառության մասին, իսկապես գործիչ է, հապա այս ինչպե՞ս է հագնվում սա, այս ինչպե՞ս է ապրում սա։ Հայրենիքի թշվառության համար մտածողն ու գործողն ո՜վ, առաջնակարգ հյուրանոցում ապրողն ով, վերջին մոդով հագնվո՞ղն ով, անդադար կառքով ու սահնակով զբոսնո՞ղն ով։ Ախր, այս բաներն ինչ-որ չեն բռնում իրար։ Հենց առաջին օրը, հենց առաջին րոպեին, որ տեսա նրան ձեր տանը, մեծ թերահավատությամբ նայեցի նրա վրա։ Նրա հագուստից այնպիսի հոտ էր բուրում, որ ամենակոկետ կնոջից անգամ չեմ առել։ Ախր սրանք ուշադրության արժանի բաներ են, պարոն Մարության, իսկ դուք, ինչպես երևում է, ամենևին ուշադրություն չեք դարձրել։
— Է՛հ, ո՞վ էր հետևում այդ մանրամասնություններին,— նկատեց Մարությանը դառնությամբ։— Նա մեզ այնպե՜ս կաշկանդել էր...
— Ասացեք՝ կաշառել էր։
— Ինչպե՞ս թե կաշառել։
— Չէ՞ որ փրկել էր ձեր Սուրենի կյանքը։
— Դուք էլ բան ասացիք. նա ի՞նչ էր իմանում, թե ով ենք մենք, որ մեր երեխայի կյանքը փրկելով կաշառեր մեզ։
— Որ այդպես է, դուք չեք հասկանում այդ պարոնների հոգեբանությունը։ Ձեզ չկաշառեր, հասարակությանը խո կկաշառեր։ Չէ՞ որ Բազենյանի պես մարդկանց ամենամեծ ջանքն այն է, որ հասարակության աչքերը որքան կարելի է պինդ կապեն, և Բազենյանը դրա համար ավելի լավ առիթ չէր կարող գտնել, քան մի փոքրիկ երեխայի՝ կառքի տակ չարաչար մեռնելուց ազատելը։ Կարծում եք Բազենյանի համար քիչ բա՞ն է, որ լրագրության մեջ գրվում և հասարակության մեջ խոսվում է, թե այսինչ պարոնն այսինչ անձնազոհության օրինակ է ցույց տվել։ Եվ ինչպե՞ս նա մինչև այժմ էլ ձեռքը կապած է պահում... Ե՛ս մեռնեմ, թե նրա ձեռքն իմ ձեռքից էլ առողջ չլինի, բայց կապած է պահում, որովհետև չէ՞ որ նրա անօրինակ անձնազոհության նշանն է այդ, և, վերջապես, դրանով նա, ախր, ավելի գրավիչ է երևում... Է՜, պարոն Մարության, ինչպես տեսնում եմ, դուք դեռևս շատ միամիտ մարդ եք։ Դուք չգիտեք, թե որոշ ժամանակներ լավ մարդկանց հետ ինչպես վատ մարդիկ էլ են ստեղծում։ Մեր այժմյան ժամանակը ստեղծել է ձեր որդուն — Արմենակին, բայց և ստեղծել է Բազենյանին։ Գուցե, Ժամանակն ու հանգամանքները շատ ժլատ են ձեր որդու նմաններին ստեղծելում, բայց երևում է, որ շատ շռայլ են բազենյաններ արտադրելում։ Մի րոպե թողեք տղամարդուն ոչ-վայել ձեր այդ պարզամտությունն ու դյուրահավատությունը, իրերի վրա նայեցեք առողջ, քննական հայացքով, և կտեսնեք, թե ովքեր են բազենյանները. կտեսնեք, որ այդ գարշելիները ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես մեր այժմյան կյանքի նշանավոր երևույթների զազրելի վիժմունքը: Դրանք ծույլ և անբարոյական արարածներ են, որոնք լավ ապրել են ուզում։ Ազնիվ գործը, չարքաշ աշխատանքն անմատչելի է դրանց։ Դրանք փող աշխատելու դյուրին ասպարեզ են հոտոտում, և ահա պատրաստ է մեր ներկա ժամանակի հասարակական նվիրական զգացումների շահագործության ասպարեզը,— մի ասպարեզ, ուր, ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում։ Խավարի ծնունդ լինելով, խավարի մեջ էլ գործում են դրանք։ Զգացողներ և ձգտումներ կեղծելու բնատուր ճարպկությունը դրանց ամենամեծ զենքն է։ Այդ զենքով զինված թափառում են քաղաքից քաղաք, երկրից երկիր և ձեզ նման միամիտ հավատացողների գրպանից փողեր են կորզում։ Սուրբ գործի անունով հավաքած այդ փողերը ցրում են անձնական զազրելի կրքերի, ապականության ճանապարհի վրա։ Հասարակական ամենանվիրական գործն այդպիսով պատվանդան են դարձրել ցոփության հաղթանակի համար։ Սուրբ գործի այդ պարազիտները բախտավոր են նրանով, որ խառնաշփոթությունն ընդհանուր է և այդ խառնաշփոթության մեջ ոչ իսկական գործիչն է երևում, ոչ իսկական կորզիչը։ Այդ պատճառով էլ հաղթանակում են խավարի ծնունդները, իսկ մեծ գործը կործանվում է...
Մարությանի և Եվայի մեջտեղ ծանր քայլելով, օր. Սահակյանը խոսում էր ազնիվ բարկությամբ վառված։
— Շատ ճիշտ է, շատ ճիշտ է,— մեջ ընդ մեջ արտասանում էր Մարությանը դառն մտախոհությամբ։
— Ցավալին այն է, որ չարիքը ոչ կարող ես ծածկել, ոչ կարող ես հրապարակ հանել,— շարունակեց օր. Սահակյանը:— Ծածկես — Բազենյանի պես մութ անձերի վնասակար գործունեությանը պիտի ազատ ասպարեզ տաս. հրապարակ հանես — ամենքը ետ պիտի փախչեն գործից հիասթափված և այլևս չպիտի հավատան ոչ ոքի։ Ո՞րն անես — մնացել ես տարակուսած։ Իմ կարծիքով պետք է չարիքը չծածկել։ Իսկ այդ չարիքը չափից դուրս մեծ է և անկարելի է անուշադիր թողնել։ Պետք է բանալ հասարակության աչքերը, պետք է հասկացնել նրան, որ չհավատա ամեն մի բախտախնդրի...
— Հեշտ եք ասում։ Համեցեք, խոսեցրեք Բազենյանին և կասկածեցեք, թե նա բախտախնդիր է։ Նշանավորն այս է, որ նա ոչ թե միայն ուղղակի չի առաջարկել մեզ, որ նվիրաբերություն անենք, այլև մի խոսք, մի ակնարկ անգամ չի արել այդ մասին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ասել էի նրան, որ գա ստանա իմ խոստացած գումարը և նամակով էլ հրավիրեցի, չեկավ, և ես իմ ձեռքովս տարա տուն, տվի ինքնաբերաբար։
— Ճարպկությունն էլ հենց այդ է, է՜։ Կնշանակի՝ ցանցն այնպես լարել է, որ ինքներդ եք գնացել մեջն ընկել։
— Հենց այդ պատճառով էլ չեմ կարող գնալ և տված գումարս ետ պահանջել։ Ետ տալով ետ կտա,— այդքան ազնվության ու պատվասիրություն կունենա, ես կարծում եմ,— բայց... ի՞նչ փաստ կա ձեռիս, որ ես կարող լինեմ համարձակ ասել նրան, թե՝ պարո՛ն, իմ տված փողը ետ եմ պահանջում նրա համար, որ ձեզ չեմ հավատում այլևս, որովհետև դուք խաբեբա եք, աֆերիստ եք, սրիկա եք...
— Փաստը — իմ ասած տիկինը։ Ուզում եք, իմ անունս էլ տվեք։ Ես նրանից չեմ վախենում։
— Ա՛յդ է, ձեր ասած տիկնոջ և ձեր անունը որ տվի — փաստ դառավ, և Բազենյանը խոտ է կերել, ոչինչ չի գտնիլ ասելու։
— Ոպում եք, տիկնոջ երես առ երես կկանգնեցնեմ նրա հետ։ Ուզո՞ւմ եք։ Ասացեք, ուզո՞ւմ եք։
— Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք,— արտասանեց Մարությանը գրգռված։— Լեզուն հեշտ է շարժվում։ Մեկ էլ կտեսնեք, այնպիսի օյին կհանի ձեր տիկնոջ և իմ ու ձեր գլխին, որ մի բան էլ դեռ մենք պարտական կմնանք նրան. ինքներդ եք ասում, թե բազենյանները ճարպիկ են և միևնույն ժամանակ այդպես եք խոսում։
Նա հանկարծ կանգ առավ և զսպած զայրույթով նայեք օր. Սահակյանի դեմքին։
— Կուզե՞ք ուղիղն ասեմ, օրիորդ,— նկատեց նա սրտանց։— Մեղավորը դո՛ւք եք։ Այո՛, դո՛ւք, որովհետև ձեզ վաղուց հայտնի է եղել, թե ինչ մարդ է Բազենյանը, և մեզ այժմ եք հայտնում այդ, այն էլ պատահաբար։
Եվ Մարությանը նորից առաջ անցավ գրգռված։
— Դուք ճշմարիտ եք ասում, պարոն Մարության,— կարճ լռությունից հետո ասաց օր. Սահակյանը Եվայի հետ քայլելով նրա ետևից։— Ես կատարելապես արժանի եմ ձեր հանդիմանությանը և ցավում եմ, որ անմիջապես չեմ շտապել հայտնելու ձեզ, թե ինչ մարդ է ձեր այդ Բազենյան կոչվածը։ Բայց այս էլ նկատի պիտի ունենաք, պարոն Մարության, որ ես երբեք չէի կարող կարծել, թե դուք, Արմենակի պես որդի ունենալով, կարող էիք ոգևորվել մի որևէ բախտախնդիր Բազենյանով։
Մարությանը ոչինչ չասավ, օր. Սահակյանի վերջին նկատողությունն, ըստ երևույթին, միանգամից զինաթափ արեց նրան:
Կարճ ժամանակ երեքն էլ քայլում էին լուռ։
— Եվ դուք նամակ եք հանձնել նրան, որ ձեր որդո՞ւն տանի,— նկատեց օր. Սահակյանը, գլուխը շարժելով դառնությամբ։
Եվայի դեմքը, օր. Սահակյանի այդ խոսքերի վրա, կարծես ներքին մի սուր կսկծից, ծամածռվեց, բայց նրա ամբողջ արտաքինը առաջվա պես պահանջում էր իր խրոխտ հանգստությունը։
— Ամենակ Մարության և Բազենյան... ինչպիսի հեգնություն,— ավելացրեց օր. Սահակյանը։
Մարությանը զայրագին պինդ թքեց մի կողմ և քայլերն արագեցրեց։
— Այսպես թե այնպես, վերջապես,— ասաց օր. Սահակյանը։— Պարոն Մարության, ցտեսություն, ես այս կողմն եմ գնում։ Հավատցնում եմ ձեզ, լավ կանեիք, որ ձեր փողերը մի կերպ ետ առնեիք, և ավելի լավ կանեիք, որ այդ փողերն ուղարկեիք Աշխենին իրենց աղքատ ուսումնարանի համար գործադրելու։ Բայց այդ դուք գիտեք։ Ցտեսություն։ Ցտեսություն, Եվա։ Այդ ի՞նչ է, մրսո՞ւմ ես,— հարցրեց նա զարմանալով Եվայի դեմքի տարօրինակ գունատությունից։
Եվան հազիվ նկատելի կերպով շփոթվեց նրա թափանցող հայացքից։
— Այո, ցուրտ է,— կամաց արտասանեց նա և ավելացրեց։— Այս քանի օրս մի քիչ տկար եմ զգում ինձ։
— Որ այդպես է, ինչո՞ւ էիր այս սառնամանիքին դուրս գալիս տնից։ Հիշո՞ւմ ես, Եվա, որ ձեր տանը Բազենյանի հետ վիճաբանության բռնվելուցս հետո, երբ գնում էի, նախասենյակում հարցրիր ինձ, թե ինչո՞ւ էի այնպես հարձակվում նրա վրա, և մինչև անգամ ասացիր, թե նրա մեջ մի գիծ կա, որ զարմանալի կերպով հիշեցնում է քեզ եղբորդ։ Այժմ գնա տուն և լավ մտածիր, թե բնազդը խաբո՞ւմ էր ինձ, որ այնպես հարձակվում էի նրա վրա, և կա՞ արդյոք որևէ նման գիծ եղբորդ և այդ խաբեբայի միջև... Է՜, մարդիկ, մարդիկ, ինչպես հեշտ եք խաբվում։ Բայց — այսպես, թե այնպես, վերջապես։ Այս իմ սովորական երգն է, որ կրկնում եմ միշտ, երբ տեսնում եմ, որ բանը բանից անցած է արդեն։ Դե՛հ, գնացեք, ցտեսություն։
Աղջկա հետ որ տուն գնաց, Մարությանը պատմեց կնոջը, թե ով է եղել Բազենյանը և թե ինչպիսի խաբեբայության զոհ են դարձել իրենք նրա ձեռքին։ Այդ բանն այնքան անսպասելի էր Թեկլեի համար, այնքան ապշեց նա, որ երկար ժամանակ չէր կարողանում լավ ըմբռնել, թե ինչ է ասում ամուսինը։ Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ ամուսինը, սաստիկ գրգռված, պատմում էր կցկտուր բառերով, կարծես աշխատում էր շուտ վերջացնել այդ ծանր բացատրությունը։ Կինն իր չհասկանալովն այնքան չարչարեց ամուսնուն, որ Մարությանը, վերջապես, դուրս եկավ համբերությունից։
— Օ՛հ, ի՜նչ բթամիտն ես եղել,— հանկարծ բռնկեց նա և, ավելի զայրացած այն բանից, որ այդպիսի կոպիտ բառ թռցրեց բերանից, հեռացավ իր առանձնասենյակը։
Թեկլեն այս անդամ ձեռքն առավ աղջկան և նրան էլ բավական կչարչարեր, եթե Եվան կատարյալ հանգստությամբ, թեև համառոտ, բայց շատ պարզ կերպով չպատմեր նրան այն բոլորը, ինչ որ իմացել էր օր. Սահակյանից Բազենյանի մասին։
— Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ ճշմարիտ է,— կրկնում էր Թեկլեն ապշած։— Այնպես խոսողը — խաբեբա՞... Սուրենիս ազատողը — խաբեբա՞։ Այդ անկարելի է, այդ անհավատալի է։ Ուրեմն մեր փողերը մի ավազակի ձեռք են ընկել, ուրեմն նամակն էլ իզուր ենք հանձնել նրան։ Տեր աստված, մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարելի է։
«Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարելի է»,— մտքումն կրկնում էր Եվան մոր բացականչություններն այդ գիշեր անկողնում պառկած։ Նրա դեմքի վրա հիվանդոտ, դառն մի ժպիտ էր խաղում շարունակ, և այդ ժպիտը, կարծես, ասում էր՝ մի՞թե այլևս տարակուսելու տեղիք կա. ամեն բան պարզ է հայելու նման, դիմակը վերևից մինչև ներքև պատռվել, և Բազենյանը կանգնած էր իր այլանդակ հոգու ամբողջ մերկությամբ։ Եվ Բազենյանի այդ պատկերն այնքան ավելի գարշելի էր, որքան գրավիչ էր գաղտնիքը բացվելուց առաջ։ Զարմանալի հանգստությամբ Եվան դիտում էր իր հոգու աչքերով այդ գարշելի պատկերը, և զգում էր, որ իրեն այնքան տանջող սիրո նշույլն անգամ չի մնացել իր սրտի մեջ։ Նրան թվում էր այժմ, թե այդ սերը ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ անտանելի մի կեղտ, որ բարերար մի ձեռքով հանկարծ ջնջվել, անհետացել է, անհուն թեթևություն պատճառելով իրեն։ Այլևս չեն կարող լինել անհանգիստ սպասումներ, անքուն գիշերներ, հարատև լարված դրություն, սարսափ ու զղջում. վերջացավ, անցավ այդ բոլորն իբրև ծանր մի պատրանք։ «Օ՜, որքան բախտավոր եմ, որքան շնորհակալ եմ օր. Սահակյանից, որ այսպես թեթևացրեց հոգիս»,— շշնջում էր նա։
Վերջին օրերից հետո այդ առաջին գիշերն էր, որ Եվան քնեց շատ հանգիստ, իսկ առավոտյան այնքան աոողջ ու զվարթ էր զգում իրեն, որ նրա հոգին, կարծես, ոչ մի ծանր հուզման չէր ենթարկվել: Նա բոլորովին անտարբեր մնաց մինչև անգամ այն ժամանակ, երբ թեյ խմելու համար դուրս գալով սեղանատուն, տեսավ, որ հայրն ու մայրը շատ վատ տրամադրության մեջ են։ «Խեղճե՜ր,— մտածեց նա անկարեկից կերպով,— ի՞նչ եք զգացել դուք՝ համեմատած իմ զգացումների հետ»։ Եվ, մինչև անգամ ժպտալով, նստեց իր սովորական տեղը, հոր մոտ։
Մարոլթյանը, չնայելով իր վատ տրամադրության, հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը — թեյի ժամանակ լրագիր կարդալուն։ Թեկլեն նորից սկսեց երկար ու բարակ բացականչությունները Բազենյանի մասին։ Ամուսինը համառորեն լռում էր, աչքը լրագրին տնկած, բայց վերջը, համբերությունից դուրս գալով, լրագիրը հանկարծ մի կողմ շպրտեց և այնպես պինդ գոռաց կնոջ վրա, որ Թեկլեի բերնից դուրս թռչող բացականչություններից մեկը կիսատ մնաց, իսկ փոքրիկ Սուրենը, որ, մոր կողքին նստած, հանգիստ վայելում էր իր հացը մեղր ու կարագով, վախից վեր թռավ տեղից։
— Դարդդ այն փողի համա՞ր է, որ տվի նրան,— բացականչեց Մարությանը։— Ջհաննամը. թող այդ փողը մի վարձատրություն լինի նրան, որ մեր երեխայի կյանքը փրկեց վտանգից։
— Հայրիկ, ի՞նչ հարկավոր է, որ այդպես գրգռվում ես,— ասաց Եվան հանդարտ, հաշտեցնող եղանակով։— Ավելի լավ չէ՞ որ այդ մասին ամենևին չխոսենք։
— Այո՛, այլևս ոչ մի խոսք այդ ավազակի մասին։ Վաղը նա գալու է, եթե միայն արդեն չի ծլկել այստեղից, և ես շան պես դուրս կանեմ նրան մեր տնից։
— Ինչո՞ւ այդպես խիստ, հայրիկ. ավելի լավ չէ՞ քաղաքավարի կերպով հասկացնես նրան, որ այլևս չի կարող տեղ ունենալ մեր տանը։ Այդպես ավելի ազդու կլինի։
— Ո՛չ, շա՛ն պես, շա՛ն պես.— կրկնեց Մարությանը։— Ոչինչ ինձ այնքան չի զայրացնում, որքան նրա անամոթ լրբությունը, որ մեզնից առավ Արմենակին գրած նամակը՝ իբր թե նրան տանելու, մինչդեռ այդ նամակը պետք է պատռեր և դեն շպրտեր, ինչպես արդեն արել է, իհարկե։
— Ահա ա՛յդ է, որ ինձ այսպես այրում է, և ոչ թե քո՝ նրան տված փողը,— նկատեց Թեկլեն ամուսնուց սաստիկ նեղացած։
— Տեսնո՞ւմ եք, դուք դարձյալ սկսեցիք,— ասաց Եվան նույն հանդարտ, նույն հաշտեցնող եղանակով։— Ի՜նչ մեծ ցավ է այդ նամակը. ուրիշը կգրենք, ի՞նչ կա որ։
— Հարյուրը կգրես, բայց տանո՞ղն ով է,— բարկացած կանչեց մայրն աղջկա վրա։
— Միևնույն է, Բազենյանն էլ խո չպետք է տաներ։
— Բաս ինչո՞ւ էր առնում, որ չպետք է տաներ, այն անաստվածը, այն անխիղճը...
— Թիո՜ւ,— թքեց Մարությանը զայրագին և նորից ձեռքն առավ լրագիրը։
Եվան տեսավ, որ իր միջամտությունը, հանգստացնելու փոխարեն, ավելի ևս գրգռում է հորն ու մորը, ուստի ավելի լավ համարեց լռել։
— Դուք ամենևին ուշադրության չեք առնում իմ դրությունը,— շարունակեց Թեկլեն լացակումած ձայնով, և նրա աչքերը լցվեցին առատ արցունքով։— Քանի ժամանակ է նամակ չունինք, իսկ այնտեղ այնպիսի բաներ են կատարվում... Գիշերները քուն չունիմ... Աստված գիտե, թե ինչեր եմ մտածում... Իսկ դուք ամենքդ էլ դեռ ինձ վրա եք հարձակվում:
Եվ Թեկլեն թաշկինակը պինդ սեղմեց աչքերին, հազիվ կարողանալով զսպել հեկեկանքը։
Եվան իր մեծ-մեծ աչքերով նայեց մորն անհուն կարեկցությամբ և ուզում էր քաջալերական խոսքեր ասել, բայց տեսավ, որ սաստիկ զգացվել է մոր սրտաճմլիկ խոսքերից և ինչ-որ մի բան, հակառակ իր կամքին, եկել դեմ է առել բկին։
Մարությանը դարձյալ լռում էր համառորեն. լրագիրը ոչ թե կարդում, այլ ուղղակի ճմռում էր ձեռքին, բայց ցույց էր տալիս, թե կարդում է։
Եվան արմունկներով հենվեց սեղանին և դեմքն առավ ձեռքերի մեջ։ Բազենյանի հմայքից ազատվելուց հետո այս առաջին անգամ էր, որ նա սկսեց լրջորեն մտածել իր հեռացած եղբոր վիճակի վասին, մոր խոսքերի ազդեցության տակ: Հիրավի, ի՞նչ է պատահել Արմենակին. ինչո՞ւ այսքան ժամանակ ոչ մի տեղեկություն չի տալիս իր մասին. ժամանակ չունի՞ արդյոք նամակ գրելու, թե հիվանդ է։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում արդյոք այնտեղ։
Եվան հանկարծ հիշեց Բազենյանից առած հեղափոխական թերթը։ Եվ հիշելուն պես վեր կացավ, անցավ իր սենյակը և վերարկուի գրպանից հանեց թերթը։ Ձեռքը թերթին կպչելուն պես նրան թվաց, թե քթին դիպավ ճիշտ միևնույն անտանելի քացախած հոտը, որ փչում էր Բազենյանի բերնից երեկ երեկո հյուրանոցում նրան այցելած ժամանակ։ Այդ հոտի հետ միասին Եվայի մեջ մի ակնթարթում վերարտադրվեց Բազենյանի պատկերն իր բարոյական բոլոր տգեղությամբ, այնպես, ինչպես ներկայացրել էր նրան օր. Սահակյանը։ Եվ Եվան, որ մինչև այժմ այնքան հանգիստ էր, հանկարծ գրգռվեց այնպիսի մի անզուսպ գարշանքով, որ քիչ մնաց թերթն ուղղակի շպրտի վառարանի մեջ ճրթճրթացող կրակը։ Սակայն զսպեց իրեն, և հիվանդոտ, դառն ժպիտը նորից ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը։ «Ինչո՞ւ,— մտածեց նա։— Մեղավո՞ր է այս խեղճ լրագիրը, որ նա իր բազմաթիվ զենքերից մեկն է շինել՝ միամիտներին խաբելու համար»։ Առաջվա հանդարտությամբ վերադարձավ ծնողների մոտ, նստեց լուսամուտի առաջ և սկսեց թերթել լրագիրը։
Նախ կարդաց մանր լուրերը, ուր մի առ մի հիշատակվում էին զանազան տեղերից ստացված նվերները, հայտնվում էին տեռորի ենթարկված մի քանի մատնիչների անուններ, հաղորդվում էին հալածանքի և բռնության նորանոր դեպքեր։ Այդ լուրերի շարքում Եվան սկզբում զարմացած, հետո անհուն գոհունակությամբ կարդաց մի լուր, ուր մերկացվում էր Բազենյանի իսկական անձնավորությունը։ Կուսակցության օրգանը, բացեիբաց մերժելով Բազենյանի մասնակցությունն այն գործին, որի անունով փողեր է հավաքում, հասարակությանը զգուշացնում էր այդ «խաչագողից» և «սուրբ գործի պարազիտից»։ Քիլ մնաց, որ Եվան վեր թռչեր ուրախությունից և այդ հայտարարությունը բարձրաձայն կարդար ծնողների առաջ, բայց խելացի համարեց առժամանակ պահել այդ բանը, մինչև որ հայրն ու մայրը բոլորովին կհանգստանային։ Նա անցավ առաջնորդող հոդվածին, որի մեջ խմբագրությունը խիստ հարձակումներ էր գործում ազատ-կծու լեզվի ամենազորավոր արտահայտություններով։
Այնուհետև Եվան աչքի անցկացրեց մի քանի ուրիշ հոդվածներ և թղթակցություններ։ Թղթակցությունների մեջ նրա առանձին ուշադրությունը գրավեց մի նամակ, որ, ինչպես երևում էր, վերջին դեպքերի ընդհանուր մի տեսություն էր պարզ ու հատու լեզվով գրված։ Եվան ագահորեն սկսեց կարդալ այդ նամակը։ Ընթերցման միջոցին նրա սիրտը հանկարծ սկսեց արագորեն բաբախել և դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ...
Մեկ էլ հայրն ու մայրը լսեցին սարսափելի մի ճիչ, այնքան սարսափելի, որ Թեկլեի ձեռքից վայր ընկավ թեյի բաժակը և շրխկալով փշրվեց հատակի վրա։ Հայրն ու մայրն իսկույն վեր թռան տեղից և վազեցին դեպի աղջիկը։
Եվան քարացել էր աթոռի վրա և անմիտ չռած աչքերով նայում էր ձեռքին բռնած լրագրի տողերին, կարծես այդ տողերը զարհուրելի օձեր լինեին, որոնք շարժվում էին իրենց լպրծուն մարմնի ահաբեկող-ճկուն գալարումներով, և նա չէր կարողանում աչքերը հեռացնել դրանցից։
— Ի՞նչ պատահեց, Եվա, ի՞նչ պատահեց,— կանչեցին Մարությանն ու Թեկլեն սաստիկ վախեցած։
— Տեսե՛ք, տեսե՛ք... Արմենակը...— խելագարի նման արտասանեց Եվան, մատը դնելով կարդացած վերջին տողերի վրա։ Նրա ձեռքը սաստիկ դողում էր։
Մարությանը լրագիրը խլեց նրա ձեռքից։
— Ի՞նչ կա այստեղ... ի՞նչ կարդացիր... Արմենա՞կն, ասում ես... Այս ի՞նչ թերթ է... Հա՛... Ո՞րտեղ կարդացիր Արմենակի մասին...
Եվան վեր կացավ տեղից։
— Տեսե՛ք, տեսե՛ք,— կրկնեց նա։— Արմենակը... Ա՜յ, այստեղ... Չէ՛, այստեղ չէ... Ա՛յ... Չէ՛, սպառեցեք, այդ էլ չէ... ո՞րտեղ է... Ա՛յ... Ո՜ւֆ, չէ։— Նա աչքերը պինդ տրորեց ձեռքերով և դողացող մատը նորից սկսեց շարժել լրագրի տողերի վրա։— Ա՛յ, ա՛յ,— սարսափելի շարժումներով արտասանեց նա, վերջապես գտնելով կարդացած վերջին տողերը։
Մարությանն ագահ աչքերով սկսեց լափել այդ տողերը։ Սկզբում կարդում էր ցածր, բայց հետո նրա ձայնն սկսեց հետզհետե բարձրանալ և վերջն արդեն կարծես խելագարի ճիչեր էին դուրս թռչում նրա բերանից։
Լրագիրը դուրս պրծավ Մարությանի ձեռքից, և բարակ, խշխշուն թերթիկները, բաժան-բաժան եղած, թրթռալով օդի մեջ, թեթև ցրիվ եկան հատակի վրա։ Նրա ծնկները, սաստիկ դողդողալով, թուլացան, և նա, ձեռքով հենվելով լուսամուտի տախտակին, կամաց, կարծես խիստ հոգնած, նստեց աթոռի վրա, զգալով, որ աչքերը մթնում են։
Նրան ուշքի բերեց ինչ-որ փափուկ և ահագին մարմնի ուժգին մի հարված, որ հանկարծ դիպավ նրա ծնկներին և վայր ընկավ։ Նա բաց արեց աչքերը և կարծես երազի մեջ տեսավ կնոջն իր ոտների առաջ, հատակի վրա տարածված...
Լրագրի մեջ հիշատակվում էր Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքական ահարկու բանտի մեջ...