Մահը կուգա․․․


Հևքը կուրծքիս տակավ տակավ կը շատնա.
Մա՜հը կուգա իր արծաթե մանգաղով.
Եկո՛ւր, քընար, դեմ գանք անոր նո՛ր տաղով,
Նա արքա՛ն է արքաներուն, մե՛ծ է նա...

Տե՛ս, իմ քընար, ոսկին շուտով կը հալի
Սա իրիկվան երանգներուն․ ահ, արդեն,
Տե՛ս, գիշերը կ’առաջանա համրորեն՝
Հանդերձանքը հագած իր է՛ն թախձալի...

Եկո՛ւր, նստինք սա ծառին տակ քեզի հետ.
Աս այն ճամբան է ուրկե Սե՛րը կ’անցնի՝
Երբ արշալույսը նո՛ր է որ կը ծնի
Ու Մահը՝ երբ կ’ըլլա Երազը անհետ...

Ու երգե՛ երգ մը բառերով սառույցե.
Ցուրտ ու խորո՛ւնկ, ինչպես երկինք մը ձմռան՝
Ուր լոկ քանի մը սև թռչուն կը սուրան.
Կ’ըսեն թե Մահը չ’ախորժիր շատ ցույցե...

Ահ, լոկ երգե Արհամարհա՛նքը շըքեղ,
Զոր ունեցանք ցավին համար այս կյանքին,
Եվ թե ինչպե՜ս չհավտացինք երկընքին՝
Ուր կարդացինք Սո՛ւտը ոսկի և ահեղ...