Մայր ու որդի
ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ
Ամառվա տապին մայրն ու իր որդին գնացին այգին։
Որդին՝ Սուրիկը՝ դեռ փոքր մանկիկ, բայց սիրուն, աշխույժ, կայտառ ու ճարպիկ, որսում էր այգում նախշուն թիթեռնիկ, իսկ նրա մայրը, բանվոր ժրաջան, քաղում էր կանաչ, վարունգ, բադրիջան:
Մեկ էլ մանկիկը հանկարծ լալիս է, ողբում, հառաչում և իր մայրիկին խնդրում, աղաչում, որ թիթեռնիկի պոկված թևերը կարի, կարկատի։
— Ես չգիտեի,— ասում է լալով,— որ սրա թևերն այսքան բարակ են. հենց որ բռնեցի, թևերի մեկը ձեռքումս մնաց, մյուսն էլ կտրվեց, մնաց վայր ընկած։ Մայրիկ ջան, մայրիկ, շուտ արա կարի։
— Այդ չի կարելի, Սուրիկ ջան, հոգիս, էլ զուր մի սգալ, դա չի սաղանալ,— ասաց մայրիկը և ավելացրեց.
— Երանի դրանք բոլորն էլ ջնջվեն... Դու դեռ չգիտես, թե դրանք առաջ ինչ բան են եղել, մեր բոլոր այգին, տանձն ու խնձորը դեռ կոկոնի մեջ դրանք են կերել։ Դեռ թիթեռ չեղած, դրանք լինում են իրիցի շներ[1], սև ու մազմզոտ և խիստ շա- տակեր, տգեղ ճիճուներ...
— Իսկ սա այդպես չէ, մայրիկ, այդպես չէ. տես ի՜նչ սիրուն է, ինչպե՜ս խատուտիկ, ես դեռ չեմ տեսել ոչ մի թիթեռնիկ այսքան գեղեցիկ։ Ախ, ափսո՜ս, ափսո՜ս... Մայրիկ ջան, մայրիկ, ինչպես էլ լինի... ի՞նչ վնաս ունի... բա սրանք մեղք չե՞ն...
— Դե, բավական է, զահլես մի՛ տանի.— մայրը բարկացավ, բայց ուրախացավ, որ իր Սուրիկը գիտե ցավակցել, գթալ ու խղճալ։ «Ուղիղ է ասում,— ասաց ինքն իրան,— չէ՞ որ սրանց էլ աստված է ստեղծել։ Նա որ մեզ այսքան բարիք է տվել, անշուշտ սրանց էլ փայ է հասցրել»։
1907
- ↑ Թրթուրներին շատ տեղերում անվանում են «իրիցի շուն»․․․