ԴԱՆԱԿՈՎ

Փոքրիկ Հրանտը նոր զարթել էր քնից, և լաց էր լինում հեկեկալով։

— Հրանտ ջան, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցնում է նրան մայրը:

— Դանակս, մայրիկ, դանակս չկա։

— Ի՞նչ դանակ, որտեղի՜ց է քեզ դանակ...

— Օ՜... գտա՜, մայրիկ, գտա՜... ձեռքումս պինդ պահած ունեի, բայց հենց որ զարթեցի, մեկ էլ տեսնեմ, էլ ոչինչ չկա՜...

— Հա՜... հասկացա, երազումդ ես գտել։ Դե լավ, լաց մի լինիր, երբ որ կմեծանաս, ես քեզ համար մի սիրուն դանակ կառնեմ, հիմա դեռ փոքր ես, ձեռքդ կկտրես։

— Ես արդեն մեծ եմ, մայրիկ, մեծ. տես, արդեն սեղանից բարձր եմ... ես ուզում եմ դանակ ունենամ։

Արփիկը ինձանից փոքր է, բայց մկրատ ունի... — Դու շատ բան կուզես, եթե քեզ դանակ տան, հետո էլ դաշույն կուզես։

— Հետո էլ, ատրճանա՜կ, մայրիկ...

— Օհո՜, է՜դ էր պակաս...

— Ոչ, մենակ էդ չէ պակաս, բա հրացա՞ն...

Տիգրանը մի մեծ հրացան ունի, ես էլ կուզեմ ունենալ։

— Այդ բոլորը քեզ համար դեռ շատ վաղ է, հոգիս, դու պետք է գրել կարդալ սովորես...

— Գրել կարդալը թող Լուսիկը սովորի, ես պետք է զինվոր դառնամ։

— Լուսիկը իր համար կսովորի, իսկ դու՝ քեզ համար։

— Ո՛չ, թող Լուսիկը իր համար էլ սովորի, ինձ համար էլ։

— Ուրեմն դու էլ հաց չուտես, թող Լուսիկը իր համար էլ ուտի, քեզ համար էլ։

— Ո՛չ, մայրիկ, այդ ինչպես կարելի է։

— Իհարկե, չի կարելի։ Ուտողն ինքը կկշտանա, իսկ չուտողը կմնա քաղցած։ Այսպես, սովորողը ինքը կսովորի, կխելոքանա, իսկ չսովորողը կմնա անուսում, անգետ ու անխելք։ Ով աշխատի, նա կուտի։

— Հասկացա, մայրիկ։ Ով աշխատի, նա կուտի, իսկ ով որ չաշխատի, նրան հաց չեն տալ, որ ուտի։ Բայց որ զոռով խլե՞ն, մայրիկ, էն ժամանակ ի՞նչ կարող ենք անել։

— Այն ժամանակ կպաշտպանվենք։

— Ինչո՞վ, ինչպե՞ս։

— Ձեռքով, ոտքով, քարով, փայտով...

— Իսկ ես, մայրիկ, դանակո՜վ։

1907