Բարդացնում ես դու քո կյանքը
Եվ չգիտես ինչի համար,
Երբ կարող ես շատերի պես՝
Դու էլ «անհոգ զվարճանալ»:
Երբ կարող ես շատերի պես՝
Դու էլ ոչինչ չնկատել,
Բայց կույր աչքով ու կույր հոգով՝
Ամեն մեկին քննադատել:
Խնջույքներում բաժակ պարզել,
Կենաց ասել, կենաց լսել,
Շաբլոն դարձած հին խոսքերով՝
Իրար գովել ու բամբասել:
Հարբել կյանքի լիությունից,
Երբ որ պետք է՝ երես ծռել,
Մեծ-մեծ խոսել մարդկությունից,
Իսկ երբ շահն է խոսում՝ լռել:
Քամելիոնի պես գույն փոխել,
Թացի հետ թաց, չորի հետ չոր,
Հազար տիրոջ ծառա լինել,
Ունենալ հազար մեկ քավոր:
Ողջ կյանքը շվաքում ապրել,
Շվաքում քնել, արթնանալ,
Իսկ շվաքը, երբ նոսրանա՝
Նորը գտնել ու հեռանալ:
Ու ճոճվելով, օրորվելով
Կյանքի պարանով մագլցել,
Թե մեկն էլ խոչընդոտ դառնա՝
Դեմքին ժպտալ ու վայր գցել:
Հասնելով ամեն բարձունքի՝
Հաղթական բոլորին նայել,
Բայց վեր նայելով՝ մտածել.
«Արդյոք այս տե՞ղն է ինձ վայել»:
Ու շարունակել բարձրանալ,
Ձգտել հասնել ավելի վեր,
Մոռանալով, որ վերևում
Պետք կգան թռիչքի թևեր...
Գոհար Պողոսյան